ԿԱՐԴԱԼԻՔ

Քաղաքապետարանում կոռուպցիոն հանցագործությունների դեպքերով հարուցված 31 քրգործերից 17-ի համար առիթ են հանդիսացել քաղաքապետարանից ստացված հաղորդումները

Քաղաքապետարանում կոռուպցիոն հանցագործությունների դեպքերով հարուցված 31 քրգործերից 17-ի համար առիթ են հանդիսացել քաղաքապետարանից ստացված հաղորդումները

2018թ. հոկտեմբերից սկսած՝ առ այսօր ՀՀ քննչական տարբեր մարմիններում Երեւանի քաղաքապետարանի համապատասխան աշխատակիցների կողմից առերեւույթ կոռուպցիոն բնույթի ենթադրյալ հանցագործություններ կատարելու դեպքերով հարուցվել է ընդհանուր 31 քրեական գործ: Այս մասին Infocom-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից՝ նշելով, որ հարուցված, քննված կամ քննվող քրեական գործերից 17-ի համար օրինական առիթ են հանդիսացել Երեւանի քաղաքապետարանից, մյուսների համար՝ այլ սուբյեկտիներից ստացված հաղորդումները կամ ահազանգերը։  Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացի ֆոնին նախորդ տարվա դեկտեմբերի 15-ի ուշ երեկոյան տարբեր կայքեր մի նյութ տարածեցին, որտեղ թվարկված էին հնարավոր պատճառներ, թե ինչու է ավագանին Մարությանի հրաժարականը պահանջում։ Մասնավորապես, վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի հետ փոխկապակցված Armenianews.net կայքն իր տեղեկություններով ութ պատճառ էր թվարկել (armdaily.am, araratnews.am կայքերն էլ արտատպել են տեքստը), որոնց իսկությանն ու հավաստիությանն արդեն անդրադարձել ենք։ Այդ պնդումների շարքում կայքը նաեւ գրել էր, թե վաղուց արդեն մամուլում կան տեղեկություններ քաղաքապետարանում չարաշահումների մասին, անգամ կան հարուցված բազմաթիվ քրեական գործեր։ Infocom-ը դիմել էր ՀՀ գլխավոր դատախազությանը՝ հասկանալու, թե Հայկ Մարությանի պաշտոնավարման ընթացքում ինչ չարաշահումներ են եղել, դրանց վերաբերյալ հարուցված ինչ քրեական գործեր կան եւ ովքեր են ներգրավված դրանցում։ Դատախազությունից ստացած պատասխանի համաձայն՝ 31 քրեական գործերը հարուցվել են ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ (խարդախություն), 179-րդ (յուրացնելն ու վատնելը), 214-րդ (առեւտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը), 308-րդ (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը), 38-308-րդ (հանցակիցների տեսակները), 309-րդ (պաշտոնեական լիազորություններն անցնելը), 311-րդ (կաշառք ստանալը), 34-311-րդ (հանցափորձը), 314-րդ (պաշտոնեական կեղծիքը), 315-րդ (պաշտոնեական անփութությունը), 315.2-րդ (պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը, ինչպես նաեւ շենքերի եւ շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելը), 325-րդ (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը), 353-րդ (դատական ակտը դիտավորությամբ չկատարելը) հոդվածների տարբեր մասերի հատկանիշներով կամ դրանց տարբեր համակցություններով: Առանձին քրեական գործերով որպես մեղադրյալ է ներգրավվել ընդհանուր 10 անձ, որոնցից 8-ին մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ)  եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը), 1-ին՝ ՀՀ քրեական օրենսգոքի 38-178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (խոշոր չափերով խարդախություն՝ հանցակցությամբ), 1ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու համար (խոշոր չափերով խարդախություն): Բոլոր 10 մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Քրեական գործերից չորսով կայացվել են հանցակազմի բացակայության հիմքով վարույթը կարճելու, 1-ով՝ վարույթը կասեցնելու մասին որոշումներ, 2 անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է: Մյուս քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է: Վերոնշյալ քրեական գործերով, ինչպես հայտնել են Դատախազությունից, Հայկ Մարությանը դատավարական կարգավիճակ չունի, որոշ գործերով նա հարցաքննվել է վկայի կարգավիճակով:  Ավագանու նիստի ժամանակ, երբ քննարկվում էր քաղաքապետին անվստահություն հայտնելու հարցը, Մարությանն իր ելույթում անդրադարձավ այդ գործընթացի հիմքերին՝ խոսելով նաեւ քաղաքապետարանում կոռուպցիայի դեմ պայքարի տեմպերի մասին։ Նա ասել էր, որ իր պաշտոնավարման երեք տարիների ընթացքում քաղաքապետարանի վերահսկողության վարչությունը հարյուրավոր ստուգումներ է իրականացրել համակարգի ներսում, որոնց արդյունքում 64 գործ ուղարկվել է իրավապահներին․ «Բացի դրանից՝ իրականացվել է 59 աուդիտորական ստուգում, որոնց արդյունքում տասը գործ ուղարկվել է իրավապահներին, բացի դրանից՝ վարչական շրջանների ղեկավարները տասնյակ դեպքեր են բացահայտել եւ ուղարկել իրավապահներին»,- մանրամասնել էր Մարությանը։ Այսպիսով, ստացվում է, որ քաղաքապետարանում չարաշահումների վերաբերյալ իսկապես բազմաթիվ քրեական գործեր են հարուցվել, ավելի կոնկրետ՝ 31 քրեական գործ, որից 17-ի՝ մեծամասնության համար առիթ են հանդիսացել հենց Երեւանի քաղաքապետարանից ուղարկված հաղորդումները։  Հայարփի Բաղդասարյան
16:21 - 18 հունվարի, 2022
2021թ․ հոկտեմբերի դրությամբ թրաֆիքինգի դեպքերի առթիվ հարուցված գործերով 13 անձ է տուժող ճանաչել, 4-ն` անչափահաս․ ամփոփ տվյալներ

2021թ․ հոկտեմբերի դրությամբ թրաֆիքինգի դեպքերի առթիվ հարուցված գործերով 13 անձ է տուժող ճանաչել, 4-ն` անչափահաս․ ամփոփ տվյալներ

2021 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներն ընդգրկող ժամանակահատվածում ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը 25 անձի է նույնականացրել որպես մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման զոհ, նրանցից 8-ն անչափահաս են։ ՀՀ ոստիկանությունը նույն ժամանակահատվածում ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործերի շրջանակներում (մարդու թրաֆիքինգը կամ շահագործումը) 13 անձի է տուժող ճանաչել, 4-ն՝ անչափահաս։ Այս մասին Infocom-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնել են նախարարությունց եւ Ոստիկանությունից։ Նույնացման հանձնաժողովի կողմից անձին թրաֆիքինգի զոհ ճանաչելը եւ իրավապահ մարմինների կողմից քրեական գործի շրջանակում տուժող ճանաչելն իրարից անկախ գործընթացներ են, չեն պայմանավորում մեկը մյուսին, այդ իսկ պատճառով, տրամադրված թվերի միջեւ առկա է որոշակի տարբերություն։ ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի համաձայն՝ մարդու թրաֆիքինգը շահագործման նպատակով մարդուն հավաքագրելը, տեղափոխելը, փոխանցելը, թաքցնելը կամ ստանալն են, ինչպես նաեւ մարդուն շահագործելը կամ շահագործման վիճակի մեջ դնելը կամ պահելը՝ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով կամ հարկադրանքի այլ ձեւերով, առեւանգման, խաբեության կամ վստահությունը չարաշահելու, իշխանությունը կամ վիճակի խոցելիությունը օգտագործելու կամ նրան վերահսկող անձի հետ համաձայնություն ձեռք բերելու նպատակով նյութական կամ այլ օգուտ տալու կամ ստանալու կամ այդպիսիք խոստանալու միջոցով։ Մարդու թրաֆիքինգը կամ շահագործումը պատժվում է 5-14 տարի ազատազրկմամբ՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա։ Վերջին տասնամյակում չափահաս անձանց թրաֆիքինգի ամենաշատ դեպքերը Ոստիկանությունն արձանագրել է 2012-ին, 2013-ին, 2014-ին եւ անցյալ՝ 2021 թվականին։ 2012-ի համեմատ, այդուհանդերձ, դեպքերը նվազել են։  Ինֆոգրաֆիկայում ցուցադրված է, թե չափահասների թրաֆիքինգի դեպքերի առթիվ 2012-2021թ․ հոկտեմբերը քանի քրեական գործեր են հարուցվել 2012-ին հարուցված 13 քրեական գործերից մեկը մինչ օրս նախաքննության փուլում է, եւս մեկը՝ 2019-ին հարուցված քրեական գործերից։ Նախաքննության փուլում են նաեւ 2020-ին հարուցված վեց քրեական գործերից հինգը, մինչեւ այս տարվա հոկտեմբերը հարուցված յոթ քրգործերից 4-ը։ Ինֆոգրաֆիկայում ցուցադրված է, թե չափահասների թրաֆիքինգի դեպքերի առնչությամբ հարուցված քրեական գործերն ինչ ճակատագրի են արժանացել 2012-ին Ոստիկանությունը տուժող է ճանաչել 14 չափահաս անձի, 2013-ին՝ յոթ, 2014-ին՝ յոթ, 2015-ին՝ չորս անձի, 2016-ին՝ տասնմեկ անձի, 2017-ին՝ 3 անձի, 2018-ին՝ մեկ անձի, 2019-ին՝ չորս անձի, 2020-ին՝ վեց անձի, 2021-ի հունվարից հոկտեմբերը՝ ինն անձի։  Ինֆոգրաֆիկայում ցուցադրված է, թե թրաֆիքինգի դեպքերի առնչությամբ հարուցված քրեական գործերով տուժող ճանաչված չափահասներից քանիսն են իգական, քանիսը՝ արական սեռի ներկայացուցիչ ՀՀ ոստիկանությունը վերջին տասնամյակում անչափահասների թրաֆիքինգի ամենաշատ դեպքեր արձանագրել է 2013 թվականին։ Նման դեպքերը, Ոստիկանության տվյալների համաձայն, 2013-ի համեմատ չեն աճել։ Ինֆոգրաֆիկայում ցուցադրված է, թե անչափահասների թրաֆիքինգի դեպքերի առթիվ 2012-2021թ․ հոկտեմբերը քանի քրեական գործեր են հարուցվել   2012-ին եւ 2013-ին հարուցված քրգործերն ուղարկվել են դատարան։ Դատարան են ուղարկվել նաեւ 2015-ին, 2017-ին, 2018-ին հարուցված գործերը, իսկ 2019-ին, 2020-ին, 2021-ին հարուցված քրեական գործերը հոկտեմբերի դրությամբ դեռեւս նախաքննության փուլում են գտնվել։ Կարճված եւ կասեցված գործեր չկան։   Ինֆոգրաֆիկայում ցուցադրված է, թե անչփահասների թրաֆիքինգի դեպքերի առնչությամբ հարուցված քրեական գործերն ինչ ճակատագրի են արժանացել 2012-ին Ոստիկանությունը տուժող է ճանաչել 4 անչափահաս անձի, 2013-ին՝ դարձյալ 4, 2015-ին՝ մեկ անչափահասի, 2017-ին՝ դարձյալ մեկ անչափահասի, 2018-ին՝ երկու, 2019-ին՝ չորս անձի։ Թեեւ 2020-ին երեք քրգործ է հարուցվել, որեւէ անչափահաս հոկտեմբերի դրությամբ չի ունեցել տուժողի կարգավիճակ, 2021-ին տուժող է ճանաչվել չորս անչափահաս։ Ինֆոգրաֆիկայում ցուցադրված է, թե թրաֆիքինգի դեպքերի առնչությամբ հարուցված քրգործերով տուժող ճանաչված չափահասներից քանիսն են իգական, քանիսը՝ արական սեռի ներկայացուցիչ Հայաստանի Հանրապետությունում 2014 թվականին ընդունվել է «Մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման ենթարկված անձանց նույնացման եւ աջակցության մասին» օրենքը։ Այն նպատակ ունի հայտնաբերել թրաֆիքինգի եւ (կամ) շահագործման ենթարկված անձանց, պատշաճ նույնացնել նրանց, արդյունավետ ապահովել աջակցությամբ, պաշտպանությամբ եւ հասարակությանը սոցիալական վերաինտեգրմամբ՝ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների միջեւ, ինչպես նաեւ հասարակական, միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության հետ ռազմավարական համագործակցության ընթացակարգերի ձեւավորմամբ:  Օրենքը սահմանում է, որ մարդկանց թրաֆիքինգի եւ (կամ) շահագործման ենթարկված է համարվում այն անձը, որն այդպիսին է ճանաչվել Մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովի որոշմամբ։ Իսկ հավանական զոհի նույնացման համար հարկավոր է մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված լինելը հավաստող կամ հերքող տեղեկությունները, փաստերը, ապացույցները եւ այլ նյութեր ներկայացնել Մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման զոհերի նույնացման հանձնաժողով: Նույնացման հանձնաժողովը կազմավորվում է մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման զոհերին նույնացնելու գործում փորձառու հասարակական կազմակերպությունների, ՀՀ գլխավոր դատախազության, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության, ՀՀ ոստիկանության ներկայացուցիչներից, որոնք նույնացման հանձնաժողովում հանդես են գալիս հավասար իրավունքներով: Հասարակական կազմակերպությունները եւ պետական մարմինները նույնացման հանձնաժողովում ներկայացված են անդամների հավասար քանակով: Նույնացման հանձնաժողովի նախագահն է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչը:  Քանի որ «Մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման ենթարկված անձանց նույնացման եւ աջակցության մասին» օրենքն ընդունվել է 2014-ին, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն, օրենսդրությամբ նախատեսված կարգով, մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման զոհերի նույնացման գործընթացն իրականացրել է 2015 թվականից սկսած՝ ինչպես տեղեկանում ենք նախարարություն ուղարկած մեր հարցման պատասխանից։ Ըստ նախարարության տրամադրած տեղեկության՝ 2015 թվականին նույնացվել է 7 անձ, 2016թ․-ին՝ 17 անձ, 2017թ․-ին՝ 11 անձ, որից 2-ն՝ անչափահաս, 2018 թ․-ին՝ 9 անձ, որից 2-ն՝ անչափահաս, 2019թ․-ին՝ 8 անձ, որից 2-ն՝ անչափահաս, 2020թ․-ին՝ 9 անձ, որից 5-ն՝ անչափահաս, եւ նախորդ տարվա սկզբից մինչեւ հոկտեմբերը, ինչպես նշեցինք, 25 անձ, որից 8-ն՝ անչափահաս։ Նախարարությունը մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման զոհերին, այդ թվում՝ հատուկ կատեգորիայի զոհ* հանդիսացող անչափահասներին տրամադրում է հիմնական աջակցության տեսակները, այդ թվում՝ կացարանի ապահովում, բնաիրային օգնություն, հոգեբանական, իրավաբանական խորհրդատվություն, օժանդակում՝ անհրաժեշտ փաստաթղթերի վերականգնման գործընթացում, թարգմանչական ծառայությունների մատուցում, օժանդակում աշխատանքի տեղավորման եւ հիմնական կրթության ապահովման հարցում։ Աջակցության այս տեսակների մատուցումն ապահովվում է պետական բյուջեի ֆինանսավորմամբ՝ Մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման, սեռական բռնության ենթարկված անձանց սոցիալ-հոգեբանական վերականգնում ծրագրի շրջանակում, որն իրականցվում է դրամաշնորհային մրցույթում հաղթող ճանաչված հասարակական կազմակերպության կողմից։ Գերատեսչությունից մեր հարցմանն ի պատասխան՝ հայտնել են, որ նախարարության կողմից իրականացվող մյուս ծրագրի շրջանակում առաջնային կարիքները հոգալու համար միանվագ դրամական աջակցություն է տրամադրվում թրաֆիքինգի եւ շահագործման զոհերին (այդ թվում՝ հատուկ կատեգորիա հանդիսացող զոհերին)՝ 250,000 դրամի չափով։ «Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից 2019 -2020թ. մշակվել եւ շրջանառության մեջ է դրվել «Թրաֆիքինգի եւ մարդկանց շահագործման դեմ պայքարի վեցերորդ՝ 2020-2022 թթ. ազգային ծրագիրը», որն ընդունվել է ՀՀ կառավարության 2020 թվականի N 909-Լ որոշմամբ։ Թրաֆիքինգի եւ մարդկանց շահագործման դեմ պայքարի վեցերորդ ծրագրով ներկայացված գործողություններն ուղղված են մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման դեմ պայքարի արդյունավետ կազմակերպմանը եւ ներառված են 6 հիմնական բաժնում`  մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման դեմ պայքարի օրենսդրության կատարելագործում,  մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման կանխարգելում, երեխաների թրաֆիքինգի եւ շահագործման կանխարգելում,  մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման ենթարկված անձանց հայտնաբերում,  պաշտպանություն եւ աջակցություն,  միջազգային համագործակցություն,  ուսումնասիրությունների կատարում, մշտադիտարկում եւ գնահատում»: Նախարարությունից հարցման պատասխանում նշել են, որ Ազգային ծրագրով առանձնացված գործողություններով նախատեսվում է առավել ընդգրկուն ու համապարփակ դարձնել մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման դեմ պայքարը, համախմբել ներգրավված կողմերի ուժերը, նպաստել մասնագետների կարողությունների հզորացմանն ու որակավորման բարձրացմանը, երեւույթի առավել արդյունավետ կանխարգելմանը, զոհերի նույնացմանը, բարելավել աջակցությունը եւ հստակեցնել պաշտպանության մեխանիզմները՝ հաշվի առնելով նաեւ երեխայի լավագույն շահը: Ինչ վերաբերում է Մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդին, նախարարությունն ընդգծել է, որ այն ՀՀ-ում մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման դեմ պայքարի գործընթացում կարեւոր դերակատարում ունի։ «Այն ղեկավարում է ՀՀ փոխվարչապետը․ պարբերաբար հրավիրվող նիստերում քննարկվում են ոլորտի խնդիրները, քաղաքականության առաջնահերթ ուղղությունները»։  Գերատեսչությունից ընդգծել են, որ 2021 թվականի հուլիսի 30-ից մինչեւ դեկտեմբերի 2-ը հայտարարվել է Մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման դեմ պայքարին ուղղված տեղեկատվական եւ կանխարգելման արշավ, որի շրջանակում կազմակերպվել են բազմաթիիվ քննարկումներ, իրականացվել են մարզային այցելություններ, կազմակերպել վերապատրաստման դասընթացներ։ Ինչ վերաբերում է ՀՀ ոստիկանության եւ նախարարության տրամադրած տվյալների որոշակի տարբերությանը, ապա նախարարությունից մեր հարցին ի պատասխան հայտնել են, որ, օրինակ, դեպքը կարող է բացահայտված լինել ավելի շուտ, բայց նույնացման գործընթացը տեղի ունենա ավելի ուշ։  * Հատուկ կատեգորիայի զոհ - մարդկանց թրաֆիքինգի եւ (կամ) շահագործման ենթարկված անձ, որը հայտնաբերման պահին եղել է երեխա կամ հոգեկան խանգարման հետեւանքով իր արարքի բնույթն ու նշանակությունն ամբողջությամբ կամ մասամբ գիտակցելու կամ դա ղեկավարելու հնարավորությունից զրկված անձ եւ այդպիսին է ճանաչվել Մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովի որոշմամբ։ Ի հավելումն նշենք, որ ՀՀ ոստիկանությունը կենտրոնացված հաշվառում չի իրականացնում, թե չափահաս կամ անչափահաս անձանց թրաֆիքինգի համար քանի անձ է դատապարտվել։ Հայարփի Բաղդասարյան
15:01 - 13 հունվարի, 2022
Եղիպատրուշցիների չլսվող ձայնը․ հանրային գերակա շահի ճանաչման որոշում՝ մեկ ընկերության տրամադրած տվյալների հիման վրա

Եղիպատրուշցիների չլսվող ձայնը․ հանրային գերակա շահի ճանաչման որոշում՝ մեկ ընկերության տրամադրած տվյալների հիման վրա

Այս տարվա հուլիսի 29-ին ՀՀ կառավարությունը 1246-Ա որոշմամբ հավանություն տվեց «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» փակ բաժնետիրական ընկերության ներկայացրած ներդրումային ծրագրին, որ պետք է իրականացվի Արագածոտնի մարզի Ապարան համայնքի տարածքում՝ 2080 հեկտար ընդհանուր մակերեսով հողամասում։ Հետագայում՝ հոկտեմբերի 7-ին, կառավարությունը մեկ այլ որոշմամբ այդ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչեց։  ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան համայնքի վարչական սահմաններում գտնվող այն հողամասերի սխեման, որոնց նկատմամբ ճանաչվել է հանրության գերակա շահ (≈ 580 հա, կանաչ նշումով) Կանաչով ընդգծված հողամասերը Ապարան համայնքի Եղիպատրուշ բնակավայրի վարչական սահմաններում են։ Այս համայնքի բնակիչները, սակայն, անհամաձայնություն ունեն կառավարության որոշումների հետ։ Հողամասերը հանրային գերակա շահ ճանաչելուց հետո՝ հոկտեմբեր ամսին, գյուղի բնակիչները ստորագրահավաքով դիմում են ուղարկել ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին՝ նշելով, որ հանրային գերակա շահ են ճանաչվել նաեւ համայնքի բնակիչների սեփականություն հանդիսացող տնամերձ հողամասեր եւ վարելահողեր։ Նրանք մտահոգություն ունեն, որ այդ որոշման ընդունման եւ հետագայում իրագործման հետեւանքով բազմաթիվ ընտանիքներ ունեզրկվելու են՝ կորցնելով իրենց հողատարածքների ծանրակշիռ մասը, իսկ որոշ դեպքերում նաեւ ամբողջ անշարժ գույքից՝ բացառությամբ բնակելի տների:    «ՄԱՅԼԵՌ» լեռնային հանգստավայրի կառուցման ներդրումային ծրագիրը «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» փակ բաժնետիրական ընկերությունը, ինչպես վերը նշեցինք, նախատեսում է Ապարանում կառուցել լեռնային հանգստավայր։ Տեղանքի՝ Ընկերության ներկայացրած քարտեզը Ընկերության ներկայացրած նախագծից, որը կառավարության հավանությանն է արժանացել, տեղեկանում ենք, որ «Մայլեռ Մաունթայն Ռեզորթը» վստահեցրել է՝ կազմակերպությունն իր վրա է վերցնելու ենթակառուցվածքային այնպիսի ներդրումներ, ինչպիսիք են՝ ճոպանուղու, սահուղիների կառուցումը, արհեստական ձնագոյացման համակարգի ձեռքբերումը եւ տեղադրումը, որոնք, Ընկերության պնդմամբ, առհասարակ իրականացվում են պետության կամ համայնքի կողմից՝ փոխարենը ակնկալելով պետական աջակցություն կոնկրետ ուղղություններով․ «Ծրագրի շրջանակներում նախատեսված ենթակառուցվածքներն իրենց շուրջ են կենտրոնացնելու հյուրանոցային եւ ժամանցային ոլորտներում այլ ներդրողների, որոնք, ներդրումներ կատարելով, նպաստելու են ոլորտի շարունակական զարգացմանը՝ ապահովելով լրացուցիչ աշխատատեղեր տվյալ համայնքի բնակիչների եւ ՀՀ այլ քաղաքացիների համար»,- գրել է ընկերությունը՝ վստահեցնելով, որ այդպիսի ենթակառուցվածքներից ամենակարեւորը ճոպանուղին է: Ընկերության հավաստիացմամբ՝ ճոպանուղիները լինելու են եվրոպական ամենաարդիական տեխնոլոգիաներով հագեցած՝ փակ հոնդոլային տիպի ու արագընթաց։ Ծրագրով նախատեսված ճոպանուղու նախանշված տեսքը Ծրագրի առավելություններ բաժնում «Մայլեռ Մաունթայն Ռեզորթը» գրել է, որ լեռնային համալիրի կառուցման ընթացքում ներգրավված կլինեն շինարարության ոլորտի շուրջ 250 աշխատողներ, իսկ ծրագիրն իրականացնելուց հետո կստեղծվի շուրջ 1500 հիմնական աշխատատեղ՝ միջինը 180,000 դրամ աշխատավարձով։  Նշված է, որ կառուցվող համալիրը հնարավորություն է ունենալու սպասարկելու օրական 6000 հաճախորդի։ Ծրագրի իրականացման համար տարեկան միջին ծանրաբեռնվածությունը գնահատվում է շուրջ 200 հազ. հաճախորդ։ Կանխատեսվում է, որ համալիրի շահագործմամբ կստեղծվի տարեկան 12.6 մլրդ դրամ լրացուցիչ ավելացված արժեք, որը կնպաստի ՀՆԱ-ի աճին մոտ 0.2 տոկոսային կետով։ Ծրագիրն իրականացնող կազմակերպությունը պատրաստվում է շուրջ 15 միլիարդ ՀՀ դրամ ներդնել ճոպանուղու եւ սահուղիների կառուցման համար, 15 միլիարդ դրամի ներդրումներ էլ՝ հյուրանոցային հատվածում։ Ընդհանուր առմամբ 30 մլրդ ՀՀ դրամի ծրագիրն իրականացնելու համար Ընկերությունը ՀՀ կառավարությունից աջակցություն է ակնկալում մի շարք հարցերում, մասնավորապես՝  ճանապարհի եւ ավտոկայանատեղիի կառուցում,  կոմունիկացիաների (գազ, ջուր, հոսանք) անցկացում,  գյուղատնտեսական նշանակության հողերի տարածքում գերակա հանրային շահի ճանաչում (Ընկերությունը նշել է, թե բոլոր հողերը դեռ 90-ականներին անվճար հիմունքներով տրամադրվել են գյուղացիներին եւ ներկայումս չեն օգտագործվում), ազատ տնտեսական գոտու կարգավիճակի տրամադրում,  Զբոսաշրջային կենտրոնի սահմանում եւ պետական ֆինասավորմամբ ծրագրերում եւ գովազդներում ներառում, Խաղատան լիցենզիայի տրամադրում, 580 հա տարածքի տրամադրում` հողատարածքի նպատակային նշանակության փոփոխությունն անհրաժեշտության դեպքում ըստ հատվածների իրականացմամբ։ Մասնավորապես, Ընկերկությունը գրել է, որ, օրինակ, եթե գյուղատնտեսական նշանակության հողատարածքում իրականացվելու է հյուրանոցի կառուցում, համապատասխան փոփոխությունը կատարել միայն այդ հատվածում, եւ այսպես շարունակ։ Ընկերությունը նախատեսում է համապատասխան վճարումներն իրականացնել ծրագրով նշված հողատարածքի կամ դրա հատվածների օտարման դեպքում։  Նշված 580 հա-ին կից 1500 հա տարածքի վարձակալություն (ցանկացած պահի եւ ցանկացած հատված գնելու իրավունքով (նշված 1500 հա տարածքից այն հատվածները, որոնք կհանդիսանան ճոպանուղիների ենթակառուցվածքների եւ շինությունների տեղակայման հողամասեր, ընկերությունը դրանք ձեռք կբերի, իսկ մնացած հատվածները կօգտագործի վարձակալական հիմունքներով), Ծրագիրն իրականացնողի մասնակցությունը քաղաքաշինական փաստաթղթերի հաստատմանը։ Ծրագրի շրջանակում անտառահատումներ են նախատեսվում հետաքրքրություն ներկայացնող հատվածներում (մասնավորապես՝ սահուղու եւ ճոպանուղու համար)։ Փոխարենն ընկերությունը խոստացել է վերականգնել նոր անտառներ։ Ընկերությունը նշել է, որ քանի որ ծրագիրն ունի շարունակական բնույթ, հնարավոր չէ նախօրոք հաշվարկել անտառահատումների ծավալը: Այնուամենայնիվ, կազմակերպությունը պարտավորվում է ապահովել անտառահատման ծավալից մի քանի անգամ ավելի ծավալով անտառի տնկման ֆինանսավորում՝ անկախ վերջինիս ծավալից:  Տարածքը, որ պետք է անտառահատվի (10 հա)  Նախագծի քննարկման ընթացքում «Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզում լեռնային հանգստավայրի կառուցման «Մայլեռ» ներդրումային ծրագրին հավանություն տալու մասին» նախագծի վերաբերյալ կարծիք հայտնելով՝ Արագածոտնի մարզպետարանն իր պատրաստակամությունն է հայտնել՝ իր լիազորությունների եւ իրավասությունների շրջանակներում աջակցելու նշված ներդրումային ծրագրի իրականացմանը մարզի տարածքում։ Միաժամանակ, մարզպետարանը նշել է, որ Ծրագրի նկատմամբ հստակ դիրքորոշում ձեւավորելու նպատակով անհրաժեշտ է ծրագրի ներկայացում եւ քննարկումներ կազմակերպել ինչպես մարզպետարանում, այնպես էլ այն համայնքի բնակչության հետ, որի վարչական տարածքում ենթադրվում է ծրագրի իրականացումը։ Այս առաջարկը մասամբ է ընդունվել՝ նշումով, որ նախագծի քննարկման փուլում նախատեսվում է Կառավարության կողմից հաստատել ներդրումային նախագիծը, որը ներկայացնում է հիմնական ծրագրի հայեցակարգային մոտեցումները։ Վստահեցրել են, որ հետագայում օրենքով սահմանված կարգով իրականացվելու անհրաժեշտ բոլոր քննարկումները եւ հանրային լսումները։  Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը նշել է, որ ներկայացված Ծրագիրը բոլորովին չի համապատասխանում ներդրումային ծրագրերին առաջադրվող պահանջներին՝ ոչ բովանդակային հագեցվածության, ոչ էլ կառուցվածքի առումով։ Ներկայացված փաստաթուղթն, ըստ նախարարության, ընդամենը արտացոլում է Ընկերության մտադրությունները եւ ցանկությունները, եւ բավականին լուրջ ակնկալիքները կառավարությունից։ Այս համատեքստում նախարարությունն առաջարկել է հիմնովին վերանայել Ծրագիրը եւ այն համապատասխանեցնել ներդրումային ծրագրերին առաջադրվող պահանջներին։ Առաջարկը մասամբ է ընդունվել՝ մեկնաբանությամբ, որ Ծրագրում ամրագրվել է ընկերության կողմից իրականացվելիք ներդրումային ծրագրի մասով անհրաժեշտ տեղեկատվությունը։ Չի բացառվել ծրագրում փոփոխություններ անելու հնարավորությունը։ ՀՀ ֆինանսների նախարարությունը, նշելով, որ Ծրագրով նախատեսվում է խաղատան լիցենզիաների տրամադրում՝ Ջերմուկ քաղաքի համար սահմանված սակագնով, կարծիք է հայտնել, որ ենթադրվում է՝ ՀՀ կառավարությունը պետք է հրաժարվի խաղային բնագավառում արդեն իսկ որդեգրած եւ շարունակաբար իրականացվող քաղաքականությունից: Այն է՝ նախ գործունեությունը պետք է իրականացնել օրենքով նախատեսված 4 վայրերում՝ Ծաղկաձոր, Ջերմուկ, Սեւան, Մեղրի համայնքների վարչական սահմաններում, ինչը նաեւ օրենսդրական շարունակական փոփոխությունների արդյունքում աստիճանաբար իրականացվելու է նաեւ շահումով խաղերի եւ վիճակախաղերի դեպքում, եւ երկրորդ մասնավորի սեփական նախընտրությամբ այլ վայրերում գործունեության գրավչությունը նվազեցնելու համար նախատեսվել է բարձր պետական տուրք եւ 40 մլրդ դրամ ներդրումների պահանջ: Ելնելով վերոշարադրյալից՝ նախարարությունը հայտնել է, որ գրությամբ ներկայացված առաջարկությունը չի համապատասխանում նշված բնագավառի քաղաքականությանը։ Ավելին, ըստ նախարարության, այն հակասում է ոլորտի քաղաքականության տրամաբանությունը, հետեւաբար նման աջակցության տրամադրումը համարում են ոչ նպատակահարմար: Խաղատան լիցենզիա, այդուհանդերձ, տրամադրվել է։  Ի դեպ՝ նախարարությունը նշել է նաեւ, որ Նախատեսվում է Ծրագրի իրականացման շրջանակներում տարածքի նկատմամբ հանրային շահի ճանաչում, սակայն պարզ չէ, թե ով է հանդիսանալու բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչվող տարածքների ձեռքբերող` Հայաստանի Հանրապետությունը, թե՞ ներդրող կազմակերպությունը: Եթե ձեռքբերողը, ըստ նախարարության, հանդիսանալու է Հայաստանի Հանրապետությունը, ապա այն պետության համար կարող է առաջացնել լրացուցիչ ֆինանսական պարտավորություն։ Պատասխան է ստացվել, որ հանրային շահ ճանաչվող տարածքների ձեռքբերող հանդիսանալու է ներդրող կազմակերպությունը (ինչի մասով վերջինիս կողմից լրացում է կատարվել ներկայացված ծրագրում), հետեւաբար պետության համար լրացուցիչ ֆինանսական պարտավորությունների առաջացման ռիսկը բացակայում է։  Գերատեսչությունների կարծիքների առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։ «ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան համայնքում գտնվող որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» որոշման նախագծի քննարկումների ընթացքում ՀՀ ֆինանսների նախարարությունը հայտնել էր, որ մինչ տվյալ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելն անհրաժեշտ է քննարկել «Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզում լեռնային հանգստավայրի կառուցման «Մայլեռ» ներդրումային ծրագրին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որի վերաբերյալ նախարարությունը վերը ներկայացված դիրքորոշումն էր հայտնել։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունն այս նախագծի վերաբերյալ առարկություններ եւ առաջարկություններ չի ունեցել։  Գերատեսչությունների կարծիքների առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։ Բնակիչները մտահոգ են՝ զրկվելու են իրենց հողատարածքներից Եղիպատրուշ համայնքի բնակիչները գրավոր դիմել են Էկոնոմիկայի նախարարին՝ տեղեկացնելով, որ որոշումը կայացնելուց առաջ հանրային լսումներ չեն եղել, նրանք իրենց մտահոգությունն են հայտնել նաեւ, որ իրենց կամքին հակառակ եւ դեռ անհայտ գումարի դիմաց զրկվելու են իրենց հողատարածքներից ու դրանք մշակելու հնարավորությունից։ Բնակիչները նախարարին տեղեկացրել են, որ համայնքի այն բնակիչները, որոնք նշված տարածքներում ունեն սեփական հողատարածքներ, արդեն ստացել են ծանուցագրերը, որտեղ առկա է նաեւ արբանայակային նկար. դրա վրա արված նշումների համաձայն՝ հանրության գերակա շահ են ճանաչվել նաեւ այնպիսի վայրեր, որտեղ գտնվում են Եղիպատրուշ գյուղը սնուցող խմելու եւ ոռոգման ջրերի ակունքները, ինչպես նաեւ դրանց գյուղ մտնող ուղիները:  Նրանք նախարարից պահանջել են իրենց տրամադրել տեղեկություն հանրային լսումների ձեւաչափի, անցկացման ժամանակահատվածի, ինչպես նաեւ հանձնաժողովի կազմի վերաբերյալ, եթե այդպիսին եղել է: Բացի դրանից՝ կառավարության որոշման մեջ նախաձեռնել փոփոխություն, որի համաձայն հանրության գերակա շահ ճանաչված հողատարծքների ցանկից բացարձակապես կհանվեն տնամերձ հողամասերն ու այն վայրերը, որտեղ գտնվում են խմելու եւ ոռոգման ջրի ակունքները, ինչպես նաեւ դրանց՝ գյուղ մտնող ուղիները: «Պահանջում ենք հանրային գերակա շահ ճանաչված վարելահողերի վերաբերյալ կատարել որոշակի վերապահումներ՝ հաշվի առնելով, որ դրանց մի մասը բազմաթիվ տնային տնտեսությունների համար եկամտի հիմնական կամ միակ աղբյուրն է, ինչպես նաեւ վարելահողերի օտարման գների վերաբերյալ տրամադրել հստակ տեղեկատվություն, եւ դա ի վերջո համաձայնեցնել համայնքի բնակիչների հետ` սահմանելով այնպիսի գներ, որոնք կկոմպենսացնեն տնային տնտեսությունների հետագա տարիների կորուստները»,- ասված է բնակիչների դիմումի մեջ՝ նշումով, որ վերոհիշյալ պահանջները քննարկելու նպատակով անհրաժեշտ է Եղիպատրուշ գյուղում ՀՀ կառավարության ներկայացուցիչների եւ գյուղի բնակչության հետ հրատապ կերպով հանդիպում կազմակերպել: Բնակիչներն իրենց դիմումի մեջ նշել են, որ եթե նշված հարցերի շուրջ ՀՀ կառավարությունը ցուցաբերի անտարբեր վերաբերմունք, ապա համայնքի բնակչությունն իր իրավունքների պաշտպանության նպատակով կկատարի բողոքի ակցիաներ, եւ կառավարության որոշումը կբողոքարկի տարբեր ատյանների դատարաններում՝ ընդհուպ մինչեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարան:   Նախարարության անորոշ պատասխանն՝ Infocom-ին Infocom-ն այս տարվա նոյեմբերի 15-ին գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը՝ խնդրելով տեղեկություններ տրամադրել այն մասին, թե արդյոք ՀՀ կառավարությունը համապատասխան որոշման ընդունումից առաջ Եղիպատրուշ գյուղի բնակիչների հետ հանդիպումներ եղե՞լ են, հանրային լսումներ կազմակերպվե՞լ են, նրանց կարծիքները որոշումն ընդունելուց առաջ քննարկվե՞լ են։ Ի թիվս այլնի՝ խնդրել էինք նշել, թե Եղիպատրուշ գյուղի քանի՞ բնակիչ «Հանրային գերակա շահ» ճանաչված տարածքում ունի սեփական հողատարածքներ, եւ թե «Հանրային գերակա շահ» ճանաչված հողատարածքների ո՞ր մասն է հանդիսանում վարելահող՝ մասնավորապես Եղիպատրուշ գյուղի վարչական տարածքում։ Նախարարությունը մեր հարցմանը պատասխանեց օրենքով սահմանված ժամկետների խախտումով՝ դեկտեմբերի 6-ին։ Հարցման պատասխանում նախարարությունը վստահեցրել է, որ մինչ որոշման ընդունումը՝ եղել են բազմաթիվ քնարկումներ շահագրգիռ մարմինների, այդ թվում' Ապարան համայնքի ներկայացուցիչների հետ, սակայն չի նշել, թե որ ներկայացուցիչների մասին է խոսքը․ «Միաժամանակ, ներդրող ընկերության կողմից իրականացվել են մի շարք հանդիպումներ Եղիպատրուշ գյուղի բնակիչների հետ: Որոշման ընդունումից հետո կազմակերպվել է առաջին հանրային լսումը սույն թվականի նոյեմբեր ամսին»,- գրել են նախարարությունից: Թե Եղիպատրուշ գյուղի քանի բնակիչ «Հանրային գերակա շահ» ճանաչված տարածքում ունի սեփական հողատարածքներ, եւ թե հողատարածքների ո՞ր մասն է հանդիսանում վարելահող, նախարարույթունից ըստ էության չեն պատասխանել՝ նշելով միայն, որ Արագածոտնի մարզի Ապարան համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերի ցանկը եւ սխեման, որոնց նկատմամբ ճանաչվել է հանրության գերակա շահ, հաստատված են հիշատակված որոշմամբ։ Գերատեսչությունից հավելել են նաեւ, որ այդ որոշման հավելված 1-ով հաստատվել են համայնքի վարչական սահմաններում գտնվող այն հողամասերի ցանկը եւ կադաստրային ծածկագրերը, որոնց նկատմամբ ճանաչվել է հանրության գերակա շահ: Այդ հողամասերի ծածկագրերն, ի դեպ, 745-ն են։ Առավել մանրամասն տեղեության ստացման նպատակով նախարարությունն առաջարկել է դիմել Կադաստրի կոմիտեին եւ/կամ ներդրող ընկերությանը: Ինչ վերաբերում է գներին, որոնցով օտարվելու են «Հանրային գերակա շահ» ճանաչված հողատարածքները, վարելահողերը, նախարարությունից այսպես են պատասխանել․  «Որոշմամբ հանրային գերակա շահ ճանաչված հողատարածքները օտարվելու են օրենսդրությամբ սահմանված դրույթներով: ՀՀ հողային օրենսգրքի 104-րդ հոդվածի 1- ին մասի համաձայն՝ հանրության գերակա շահերի ապահովման նպատակով հողամասի սեփականության օտարումն իրականացվում է օրենքով սահմանված բացառիկ դեպքերում եւ կարգով՝ միայն նախնական եւ համարժեք փոխհատուցմամբ:  Մասնավորապես, «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ օտարվող սեփականության դիմաց սեփականատիրոջը վճարվում է համարժեք փոխհատուցում:  Նույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերի համաձայն՝ օտարվող սեփականության շուկայական արժեքը բաց եւ մրցակցային շուկայում սեփականություն հանդիսացող գույքի վաճառողի եւ գնորդի գիտակցաբար, արդարացի առեւտրի պայմանների պահպանմամբ եւ օրինական գործողությունների արդյունքում ձեւավորվող, գույքի վաճառքի առավել հավանական գինն է: Եթե օտարվող սեփականության համար առկա չէ համապատասխան բաց եւ մրցակցային շուկա, ապա սեփականության շուկայական արժեքը որոշվում է այնպիսի հաշվարկման մեթոդով, որն արդարացի կհամարի դատարանը:  Անշարժ գույքի կամ անշարժ գույքի նկատմամբ գույքային իրավունքների շուկայական արժեքի գնահատումն իրականացվում է «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով: Հետեւաբար, որոշմամբ հանրության գերակա շահ ճանաչված տարածքներն օտարվելու են վերը նշված գնահատման գործընթացի արդյունքում ձեւավորված գնով»,- ասված է մեր հարցման պատասխանում: Ի հավելումն՝ նախարարությունից վստահեցրել են, որ Եղիպատրուշ գյուղի այն բնակիչները, որոնք նշված տարածքում ունեն սեփականություն հանդիսացող հողատարածք, օրենդրության համաձայն ստանալու են համարժեք փոխհատուցում՝ համաձայն հիշատակված՝ «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի․ այդ հոդվածը սահմանում է նաեւ, որ համարժեք է համարվում օտարվող գույքի շուկայական արժեքից տասնհինգ տոկոս ավելի գումարը:   Էկոնոմիկայի նախարարությունը ավելի քան մեկ ամիս հետո է պատասխանել բնակիչների դիմումին Էկոնոմիկայի նախարարությունից բնակիչների դիմումին արձագանքել են ավելի քան մեկ ամիս անց, ընդ որում՝ միայն մեր հարցադրումներից հետո։ Ի պատասխան եղիպատրուշցիների գրության՝ նախարարությունից մեկնաբանել են, որ կառավարության որոշմամբ հավանություն ստացած՝ «Մայլեռ» լեռնային հանգստավայրի կառուցման ներդրումային ծրագրի իրականացման շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատերերի շահերից, քանի որ՝ ա. ծրագրի իրականացման արդյունքում կներգրավվեն նոր ներդրումներ, կստեղծվեն նոր աշխատատեղեր, կբարձրանա մարզի նկատմամբ գրավչությունը, կբարելավվի զբոսաշրջությունը, ինչը բնականաբար կունենա սոցիալ-տնտեսական բարձր նշանակություն մարզի եւ ամբողջ Հանրապետության համար, բ. ծրագրի իրականացումը կունենա նաեւ բնապահպանական, առողջության, սպորտի, մշակույթի զարգացման նշանակություն։ Նախարարությունից շեշտել են, որ ծրագրի արդյունավետ իրագործումը չի կարող ապահովվել առանց հիշատակված անշարժ գույքի միավորների օտարման: Նախարարությունից բնակիչներին էլ են հայտնել, որ Որոշման նախագիծը բազմիցս քննարկվել է շահագրգիռ մարմինների, այդ թվում՝ Արագածոտնի մարզպետարանի հետ: Գերատեսչությունն իր պատասխանում նշել է, որ որոշման նախագծին հավանություն տալու հանձնաժողովի մասով տեղեկատվություն առկա չէ:  «Բացի դրանից՝ ըստ ներդրող «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» փակ բաժնետիրական ընկերության տրամադրած տեղեկատվության՝ մինչ որոշման ընդունումը եղել են բազմաթիվ հանդիպում-քննարկումներ Արագածոտնի մարզի Ապարան խոշորացված համայնքի Եղիպատրուշ վարչական բնակավայրի բնակիչների հետ, որոնց ընթացքում վերջիններս ներկայացրել են իրենց կարծիքները, ինչպես նաեւ ընդհանուր առմամբ դրական տրամադրվածությունը Ընկերության կողմից իրականացվելիք ներդրումային ծրագրի մասով՝ հաշվի առնելով, որ ծրագրի իրականացման արդյունքում կներգրավվեն նոր ներդրումներ, կստեղծվեն նոր աշխատատեղեր, կբարձրանա մարզի նկատմամբ գրավչությունը, կբարելավվի զբոսաշրջությունը, ինչը բնականաբար կունենա սոցիալ-տնտեսական բարձր նշանակություն մարզի եւ ամբողջ հանրապետության համար»,- գրել են նախարարությունից: Այսինքն՝ նախարարությունը միայն ՓԲԸ-ի տրամադրած տեղեկության վրա հիմնվելով է արձանագրել, որ բնակիչների հետ հանդիպումներ են եղել, իսկ ահա բնակիչներն իրենց դիմումի մեջ հակառակն են պնդել։ Պատմելով, թե ինչ է նախատեսվում ներդրումային ծրագրով, քանի աշխատատեղ է խոստացվել, որքան ներդրում է արվելու՝ նախարարությունը գրել է, թե որոշման ընդունման արդյունքում հիշյալ համայնքում բնակչության զբաղվածության մակարդակը ոչ միայն կտրուկ անկում չի ապրել եւ որեւէ ընտանիք չի զրկվել իր հողատարածք/ների ամբողջ մասից, այլեւ նախատեսվում է, որ առաջիկայում Ծրագրի իրականացման արդյունքում կբարելավվեն մարզի եւ տվյալ բնակավայրի սոցիալ-տնտեսական ցուցանիշները: Ի դեպ, նախարարությունը, դարձյալ հղում անելով միայն Ընկերությունից ստացած տեղեկությանը, բնակիչների դիմումին ի պատասխան նշել է, թե որոշմամբ հանրության գերակա շահ ճանաչված տարածքներում խմելու եւ ոռոգման ջրի ակունքներ առկա չեն: Ինչ վերաբերում է հողատարածները կորցնելու դեպքում ենթադրվող փոխհատուցման վերաբերյալ բնակիչների հարցադրումներին՝ նախարարությունը դիմումի պատասխանում հիշատակել է այն օրենսդրական կարգավորումները, որոնք նշել էր նաեւ մեր հարցման պատասխանում․ «ՀՀ Եղիպատրուշ գյուղի այն բնակիչները, որոնք նշված տարածքում ունեն սեփականություն հանդիսացող հողատարածք, օրենսդրության համաձայն ստանալու են համարժեք փոխհատուցում օտարվող գույքի շուկայական արժեքից տասնհինգ տոկոս ավելի գումարի չափով: Միաժամանակ, ըստ Ընկերությունից ստացված տեղեկատվության՝ որոշակի դեպքերում հողի օգտագործման տեսանկյունից կկատարվեն վերապահումներ՝ համաձայներված համայնքի բնակիչների հետ»,- գրել են նախարարությունից՝ պատրաստակամություն հայտնելով իրենց լիազորությունների շրջանակում հանդիպելու եւ աջակցելու Եղիպատրուշ վարչական բնակավայրի բնակիչներին: Վերջիններս, սակայն, նշում են, որ գուցե այդ փոխհատուցումները համարժեք են կառավարության եւ Ընկերության համար, բայց աղետալի են իրենց համար։ Բնակիչներին նախարարությունից տեղեկացրել են նաեւ, որ հաջորդ հանրային լսումը նախատեսված է իրականացնել եկող տարվա ընթացքում:   Բնակիչներն առարկություններով գրություն են ուղարկել ՄԻՊ գրասենյակ Նշենք, որ ՄԻՊ գրասենյակ կատարած մեր զանգից հետո միայն Եղիպատրուշի բնակիչներին Պաշտպանի աշխատակազմից տեղեկացրել են, որ իրենք գյուղացիների դիմումի վերաբերյալ նախարարությունից նույնաբովանդակ պատասխան են ստացել։ Գրասենյակից բնակիչներին առաջարկել են իրենց առարկությունները ներկայացնել, եթե այդպիսիք կան։ Առարկությունները ներկայացվել են։ ՄԻՊ ուղարկած իրենց գրության մեջ բնակիչներն առանձնացրել են Ընկերության ծրագրի այն կետերը, որոնք, իրենց պնդմամբ, կեղծիք են պարունակում։ Ընկերությունը նշել էր, որ տարածքի նկատմամբ գերակա հանրային շահ է ճանաչվում միայն գյուղատնտեսական նշանակության հողերի հատվածում, պնդումով, որ բոլոր հողերը դեռ 90-ականներին անվճար հիմունքներով տրամադրվել են գյուղացիներին եւ ներկայումս չեն օգտագործվում:  Բնակիչներն այս պնդումը կեղծիք են համարում՝ նշելով, որ ՀՀ Կառավարության 07.10.2021թ. թիվ 1661-Ա որոշմամբ գերակա շահ են ճանաչվում ոչ միայն գյուղատնտեսական նշանակության հողամասեր, այլեւ առնվազն 115 տնամերձ հողամասեր, որոնք ոչ միայն գյուղատնտեսական նշանակության հողամասեր չեն, այլեւ հանդիսանում են բնակավայրերի հողեր: Եղիպատրուշցիները բացահայտ սուտ են համարում նաեւ այն պնդումը, թե այդ հողերը ներկայում չեն օգտագործվում։ Նրանք իրենց առարկության մեջ նշել են, որ այդ հատվածում գտնվող, 90-ական թվականներին սեփականաշնորհված, սեփականության իրավունքով իրենց պատկանող, ինչպես նաեւ իրենց կողմից վարձակալված համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասերում տարիներ շարունակ ցանել են տարբեր հացահատիկային եւ կերային մշակաբույսեր ու հիմնականում լավ բերք են ստացել, վատագույն դեպքում, երբ որոշ տնտեսություններ ինչ-որ մի տարի կամ տարիներ ոչինչ չեն ցանել, այնուամենայնիվ այդ տարածքներից հնձել են խոտ, իսկ հնձելը եւ որոշակի քանակությամբ անասնակեր հայթաթելը, նրանց խոսքով, նույնպես նշանակում է մշակել: Բնակիչները շեշտել են, որ գերակա շահ ճանաչված այդ հողամասերն իրենց վարչական տարածքի ամենաբերքատու հողատարածքներն են: Նրանք վստահեցնում են, գերակա շահի մեջ հայտնված տնամերձ հողամասերը 90-ականներին չեն տրվել գյուղացիներին, դրանք' որպես տնամերձ հողամասեր, իրենց սեփականությունն են հանդիսացել դեռեւս խորհրդային տարիներից: Ընկերության ներկայացրած նախագծում նշված էր նաեւ, որ 1500 հա տարածքից այն հատվածները, որոնք կհանդիսանան ճոպանուղիների ենթակառուցվածքների եւ շինությունների տեղակայման հողամասեր, ընկերությունը դրանք ձեռք կբերի, իսկ մնացած հատվածները կօգտագործի վարձակալական հիմունքներով: Այս դրույթը բնակիչների համար անհասկանալի է։ Նրանք իրենց գրության մեջ մեկնաբանել են, որ 1500 հա մակերեսով տարածքի մեջ են մտնում իրենց վարչական տարածքի արոտավայրերի ծանրակշիռ մասը, անտառներն ամբողջությամբ, խմելու եւ ոռոգման ջրերի ակունքները ամբողջությամբ, ինչպես նաեւ դրանց գյուղ մտնող ուղիները գրեթե ամբողջությամբ, նշված տարածքի մեջ են մտնում նաեւ մոտ 100 հա ընդհանուր մակերեսով, սեփականության իրավունքով իրենց պատկանող գյուղատնեսական նշանակության հողամասեր: Նրանք հարցեր են բարձրացնում՝ Ծրագիրն իրականացնողներն օգտագործելո՞ւ են իրենց ջրային ռեսուրսները, թե՞ ոչ, իրենց հողամասերը պարտադրված վաճառելո՞ւ են, թե՞ ոչ, պարտադրված վարձակալությամբ տալո՞ւ են, թե՞ ոչ, իրենց արոտավայրերը օգտագործել կարողանալո՞ւ են, թե՞ ոչ։ Ինչ վերաբերում է ջրային ավազաններին՝ բնակիչները ենթադրում են, որ նշված տարածքներում սեփականատեր կամ վարձակալ դարձած ընկերությունը կամ ընկերությունները իրենց գործունեության ընթացքում հնարավոր է կուտակիչ ավազաններ կառուցեն եւ ջուրն օգտագործեն իրենց կարիքների համար' ջրազրկելով մի ամբողջ բնակավայր, որն աղետալի հետեւանքներ կունենա Եղիպատրուշ գյուղի համար: Ի դեպ, Եղիպատրուշ բնակավայրի ղեկավար Մարզպետ Գրիգորյանն Infocom-ի հետ զրույցից հետո չհամաձայնեց հրապարակել իր պատասխանները՝ առաջարկելով դիմել այլ մարմինների։   Ընկերության նախաձեռնություններից մեկը մի անգամ արդեն ձախողվել է Ինչպես նշեցինք, ներդրումային ծրագիրը «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» փակ բաժնետիրական ընկերությունն է ներկայացրել։ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրից տեղեկանում ենք, որ «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» փակ բաժնետիրական ընկերության տնօրենը Մհեր Բաղդասարյանն է։ Այս ներդրումային ծրագիրը, սակայն, «Մայլեռ Մաունթայն Ռեզորթի» համար առաջինը չէ։ Դեռեւս 2018-ին այս ընկերությունը կոչվում էր «Մայմեխ սկի ռեզորթ», այն նախատեսում էր Լոռու մարզում՝ Մայմեխ լեռան լանջին, լեռնադահուկային համալիր ստեղծել։ Այդ ժամանակ, ինչպես եւ այս անգամ, Ընկերությունը հայտարարում էր, որ Մայմեխի ծրագիրը նախադեպը չունի Հայաստանում։  2018 թվականի մարտի 6-ին գործադիրը «Մայմեխ սկի ռեզորթ» ՓԲԸ-ին թույլատրել էր 584 հեկտար մակերեսով տարածքում օտարման ենթակա սեփականության նախնական ուսումնասիրություն անել` չափագրումներ, նկարահանումներ կատարել ու կազմել օտարման ենթակա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրությունները: 2019թ․ հոկտեմբերի 10-ին՝ մեկուկես տարի անց, կառավարությունն ուժը կորցրած ճանաչեց վերոնշյալ որոշումը։ Բանն այն է, որ հողերի նախնական ուսումնասիրության ընթացքում պարզվել էր, որ օտարման ենթակա հողերի վրա գործում են հասարակության եւ պետության կարիքների համար նախատեսված սեփականութուններ, որոնց օտարումն օրենքով սահմանափակված է։ Ի դեպ, Անտառաշեն գյուղի բնակիչներից շատերը դեմ էին այդ ծրագրի իրականացմանը, քանի որ լեռնադահուկային սահուղին անցնելու էր համայնքի վարչական տարածքով, մարդկանց տների ու արոտավայրերի տեղով: Ի վերջո, Մայմեխի լանջին լեռնադահուկային համալիրի կառուցման ծրագիրը չիրականացավ։  Իրավաբանական անձանց պետական ռեգիստրից տեղեկանում ենք, որ «Մայմեխ սկի ռեզորթ» ՓԲԸ-ն ստեղծվել է 2017-ի դեկտեմբերի վերջին։ Հետք-ի մեր գործընկերներն այս տարվա մայիսին գրել էին, որ «Մայմեխ սկի ռեզորթ» ընկերության կանոնադրությունից պարզ է դառնում, որ ՓԲԸ-ի հիմնադիրը «Միկշին» ՍՊԸ-ն է, որի սեփականտերը Տիգրան Հարությունյանն է՝ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ՀՀԿ-ական Վահան Հարությունյանի եղբայրն է, ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանի քեռու՝ Միխաիլ Հարությունյանի որդին։   Եղիպատրուշցի Սամվելը վստահեցնում է՝ կգնա մինչեւ Եվրոդատարան Եղիպատրուշ համայնքի բնակիչ Սամվել Մաթեւոսյանն Infocom-ի հետ զրույցում պատմեց՝ իրենք են հանդիպումներ պահանջել, Ընկերությունը կամ նախարարությունն իրենց կամքով ոչ մի անգամ չեն հանդիպել բնակիչներին։ Մաթեւոսյանի խոսքով՝ միայն մի անգամ են Ընկերության ներկայացուցիչները լսել բնակիչներին, այն էլ միայն իրենց հարմար ժամանակ․ «Մոտ մի քսան օր իրենց էդ հանդիպումը չարեցին, մինչեւ հարմարացրեցին իրենց, ուրիշ հանդիպում չի եղել։ Մի անգամ են եկել՝ մեր՝ գյուղացիների պահանջով»։ Մաթեւոսյանի խոսքով՝ տեղացիները ծրագրին դեմ չեն, իրենց մտահոգությունն իրեն հողերի վերաբերյալ է․ «Մեր սեփականություն հանդիսացող հողերը, առանց ժողովրդի կարծիքը հաշվի առնելու, գերակա շահ են ճանաչել։ Էդտեղ մարդկանց տնամերձ հողամասերն են, անմիջապես տներին կպած, որոնով գյուղացին ապրում է։ Թե չէ դեմ չենք ծրագրին, ուղղակի մեզ ճիշտ չի հասկանում էս պետությունը, կառավարությունը»,- նշեց մեր զրուցակիցը։ Նրա խոսքով՝ իրականությանը չի համապատասխանում Ընկերության այն պնդումը, թե այդ հողերը տարիներով չեն օգտագործում։ Տեղացիներն Ընկերության ներկայացուցիչներին առաջարկել են գնալ ու իրենց աչքով տեսնել, որ այդ հողերը մշակվում են, սակայն առաջարկին չեն անսացել․ «Իմ տան հետեւը մենակ 35 ծառ կա, մեզ սնող էդ մի կտոր հողն է, դրանով է գյուղացին ապրում»։ Եղիպատրուշի բնակչի խոսքով՝ այդ ամբողջ հատվածում ոռոգման ցանց է քաշած, մոտ 800 հա։ «Ապարանի ջրամբարից ցանցը պատրաստ է, օգտագործվում է, մարդկանց սեփականությունից զրկեն, վրան բան կառուցե՞ն։ Խմելու ջրի, ոռոգման ջրի ակունքների հատվածն ընկնում է էդ գերակա շահ ճանաչված հատվածում։ Եթե ջուրը չկարողանան կտրեն, էսօր գյուղացուն հացից են կտրում»,- մտահոգություն հայտնեց մեր զրուցակիցը։ Նրա խոսքով՝ կառավարություն են գնացել՝ հանդիպելու վարչապետի հետ ու քննարկելու հարցը, սակայն իրենց հայտնել են, որ վարչապետն ընդունելություն չունի։ Մաթեւոսյանի խոսքով՝ ՄԻՊ գրասենյակից նույնպես պատասխան չեն ստացել, թեպետ Պաշտպանին նույնպես գրավոր դիմում են ներկայացրել։ «Ես մինչեւ վերջ գնալու եմ։ Անձամբ ես Վարչական դատարան եմ դիմել։ Մինչեւ Եվրոպական դատարան գնալու եմ։ Ես ասել եմ՝ հող չեմ զիջի»,- եզրափակեց Եղիպատրուշի բնակիչ Սամվել Մաթեւոսյանը։ Այսպիսով, ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել ներդրումային մի ծրագիր, որի վերաբերյալ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը որոշակի վերապահումներ ու նկատառումներ է ունեցել՝ նշելով, որ Ծրագիրը բոլորովին չի համապատասխանում ներդրումային ծրագրերին առաջադրվող պահանջներին՝ ոչ բովանդակային հագեցվածության, ոչ էլ կառուցվածքի առումով։ Բացի դրանից՝ կառավարության որոշման հիմքում դրվել են բացառապես կազմակերպության տրամադրած տեղեկությունները։ Եւ չնայած կառավարությունը նախագծի քննարկման ընթացքում խոստացել էր հանրային լսումներ ու քննարկումներ կամակերպել, Եղիպատրուշի բնակիչները պնդում են, որ այդպիսիք չեն եղել, այլ միայն մեկ հանդիպում է եղել Ընկերության որոշ ներկայացուցիչների հետ, որին գյուղապետն անգամ չի մասնակցել։  Հայարփի Բաղդասարյան
13:31 - 13 հունվարի, 2022
Բացակայող սկզբնաղբյուրներ․ Ղազախստանի դեպքերի լուսաբանումը հայկական մի քանի լրատվամիջոցներում

Բացակայող սկզբնաղբյուրներ․ Ղազախստանի դեպքերի լուսաբանումը հայկական մի քանի լրատվամիջոցներում

2022-ի առաջին օրերին Ղազախստանում գազի գնի թանկացման դեմ բողոքի ակցիաներ սկսվեցին։ Ցույցերը շարունակվեցին գազի գնի իջեցումից և կառավարության հրաժարականից հետո։ Երկրում արտակարգ դրություն հայտարարվեց, կան զոհեր, վիրավորներ և ձերբակալվածներ։ Ղազախստանի նախագահի՝ ՀԱՊԿ-ին դիմելուց հետո Հայաստանի վարչապետ, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ  Հավաքական անվտանգության խորհուրդը որոշել է Ղազախստան ուղարկել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր։ Խաղաղապահ ուժերն այս պահին Ղազախստանում են։ Ղազախստանի Ազգային անվտանգության կոմիտեի մամուլի ծառայությունն այսօր հայտնել է, որ երկրում իրավիճակը կայունացել է։ Այս օրերին հայաստանյան լրատվամիջոցները Ղազախստանում կատարվող իրադարձությունների մասին լուրերը հաղորդում են՝ հղում անելով մեծամասամբ ռուսական լրատվամիջոցներին, որոնց աղբյուրներն էլ Ղազախստանի պաշտոնական գերատեսչություններն են և ղազախական լրատվամիջոցները։ Սակայն երբեմն կարելի է հանդիպել դեպքերի, երբ հայաստանյան լրատվամիջոցները ներկայացնում են Ղազախստանում կատարված այս կամ այն դեպքը՝ առանց հստակ նշելու, թե որն է լուրի սկզբնաղբյուրը։ Այդպիսի դեպքերում դժվար է որոշել՝ հավաստի՞ է լուրը, թե՞ ոչ, կամ ինչ շրջանակներ են այն տարածել։ Infocom-ն ուսումնասիրել է հունվարի 5-ից 8-ը ներառյալ հայաստանյան մի քանի լրատվամիջոցներում (1lurer.am, armenpress.am, news.am, auroranews.am) Ղազախստանի դեպքերի վերաբերյալ բոլոր հրապարակումները և առանձնացրել նրանք, որտեղ բացակայում են կամ ոչ լիարժեք են ներկայացված լուրերի սկզբնաղբյուրները։ Հանրային հեռուստաընկերության 1lurer.am կայքը հունվարի 6-ին հրապարակել է «Աքթոբեի օդանավակայանի հսկողությունը վերականգնվել է» վերտառությամբ հոդված, որտեղ, հղում անելով ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությանը, նշում է․ «Աքթոբեի օդանավակայանն ազատել են հանցագործներից և վերադարձրել Ժամբիլի շրջանի ղեկավարության հսկողությանը»։ «ՏԱՍՍ»-ում Աքթոբեի օդանավակայանի վերաբերյալ լուրն իսկապես հրապարակված է, սակայն այլ ձևակերպմամբ։ Գործակալությունը հայտնում է, որ Ղազախստանում իրավապահ մարմինները ցուցարարներից ազատել են օդանավակայանը և նշում, որ այդ տեղեկությունը փոխանցում է ղազախական «Խաբար 24» հեռուստաալիքը՝ հղում անելով տեղի վարչակազմին։ Այնուհետև «ՏԱՍՍ»-ը մեջբերում է հեռուսաալիքի մեկնաբանի խոսքերը․ «Աքթոբեի օդանավակայանն ազատագրել են հանցագործներից»։  Փաստորեն, «ՏԱՍՍ»-ը չի տալիս «օդանավակայանն ազատագրվել է հանցագործներից» ձևակերպումը, այլ պարզապես նյութում մեջբերում է ղազախական հեռուսատնկերության մեկնաբանի խոսքերը։ 1lurer.am-ը, սակայն, այս ձևակերպումը ներկայացնում է որպես գործակալության ձևակերպում։ Նույն նյութում, կրկին հղում անելով «ՏԱՍՍ»-ին, նշվում է, որ Ալմաթիում ցուցարարները շրջափակել են երկու կլինիկական հիվանդանոց և թույլ չեն տալիս հիվանդներին ու բուժանձնակազմին ներս մտնել։ «Ավազակային կազմավորումները հարձակվում են բժիշկների վրա, ավելի քան 10 բուժաշխատող տուժել է հանցագործների գործողություններից, հաղորդում է գործակալությունը («ՏԱՍՍ»-ը- խմբ․)։ Հիմնականում ծանրաբեռնված են վիրաբուժական և վերակենդանացման բաժանմունքները»,- ասվում է 1lurer.am-ի հոդվածում։ «ՏԱՍՍ»-ում այս լուրը ևս հրապարակվել է։ Գործակալությունը նշում է, որ լուրը հաղորդվել է  «Խաբար 24»-ի ուղիղ եթերում՝ հղում անելով Ալմաթիի պարետատան տեղեկություններին։ 1lurer.am-ի հոդվածում նաև նշվում է, որ Ալմաթիում կողոպտիչները հարձակման են ենթարկվել «Միր», «Ղազախստան», «Խաբար», «Եվրասիա» և KTK հեռուստաընկերությունների գրասենյակները։  «ՏԱՍՍ» գործակալությունն, ինչպես նախորդ լուրերի դեպքում, այս լուրը ևս հրապարակել է՝ հղում անելով «Խաբար 24» հեռուստաընկերությանը։   Այսպիսով, Ղազախստանում կատարվող իրադարձությունների մասին լուրերը 1lurer.am-ի հոդվածում ներկայացնում են «ՏԱՍՍ» գործակալությանը վերագրվող որակումներով, սակայն գործակալությունը «ավազակային կազմավորումները հարձակվում են բժիշկների վրա», «օդանավակայանն ազատագրվել է հանցագործներից» ձևակերպումները մեջբերել է ղազախական «Խաբար 24» հեռուստաալիքի մեկնաբանից։ Հունվարի 7-ին auroranews.am-ը հրապարակել է «Ղազախստանի իշխանությունները դադարել են օգտագործել «Նուր-Սուլթան» անունը» վերտառությամբ հոդված՝ հղում չանելով որևէ աղբյուրի։ Նյութի սկզբնաղբյուրը «Դոժդն» է, որի եթերում  նման հայտարարություն է արել ղազախական լրատվամիջոցներից մեկի լրագրողը։ Ղազախստանի պաշտոնական հայտարարություններում, սակայն, Նուր-Սուլթան անունը կարելի է հանդիպել հունվարի 7-ին արված այս հայտարարությունից հետո (1, 2)։ Նշենք, որ Ղազախստանի գերատեսչությունների կայքերը երբեմն կարող են անհասանելի լինել։ Auroranews.am-ը հրապարակել է «Նազարբաևն ու իր դուստրերն ընտանիքներով լքել են երկիրը» վերտառությամբ նյութ՝  նշելով, որ այդ մասին հայտնում են տելեգրամյան ալիքները։ Իսկ սկզբնաղբյուրն, ամենայն հավանականությամբ, Orda.kz ալիքն է, որը տեղեկությունը հայտնել է՝ հղվելով իր աղբյուրներին։ Նազարբաևի խոսնակն, ի դեպ, հերքել է այս լուրը։  Կայքը հրապարակել է «ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ես ցուցարարներին հաց ու ջուր էի տարել, եկա ու խանութս թալանված գտա». ղազախ կինը ցուցադրել է ավերված խանութը» վետառությամբ հոդված և նշել, որ սկզբնաղբյուրը «Риа Новости»-ին է: «Риа Новости»-ի կայքում և տելեգրամյան ալիքում, սակայն, իր թալանված խանութի մասին պատմող ղազախ կնոջ մասին հրապարակում չկա: Սկզբնաղբյուրն, ամենայն հավանականությամբ, riafan.ru-ն է, որտեղ նման բովանդակությամբ լուր է հրապարակվել հունվարի 6-ին։ Ղազախստանում ոստիկանները նույնպես սկսել են կրակել ցուցարարների ուղղությամբ նյութում auroranews.am-ը կրկին սկզբնաղբյուր չի նշում: Այս դեպքում նյութի աղբյուրն, ամենայն հավանականությամբ, տելեգրամյան ալիքներից մեկն է։ Այսպիսով, մեր առանձնացրած հրապարակումներում լրատվամիջոցները ներկայացրել են Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին տեղեկություններ՝ առանց նշելու, թե կոնկրետ որ լրատվամիջոցը, պաշտոնյան կամ անձն է հայտնել լուրը։ Եղել են դեպքեր, երբ լուրը հաղորդվել է միջնորդավորված՝ առանց սկզբնաղբյուրին հղում տալու։ Այս ամենը տեղեկատվական մեծ հոսքի մեջ դժվարացնում է տարբերակել հավաստի և ոչ հավաստի տեղեկությունները։ Բացի այդ՝ ընթացող գործընթացներն ըմբռնելու համար կարևոր է ոչ միայն այն, թե ինչ է հաղորդվում, այլ նաև՝ թե ով է հաղորդում տվյալ լուրը և ինչ համատեքստում։  Գլխավոր լուսանկարը՝ ria.ru-իցԱննա Սահակյան
17:55 - 10 հունվարի, 2022
Խառնաշփոթ՝ ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնների անվանումների շուրջ․ ե՛ւ ԱԽ-ն, ե՛ւ Սուրեն Սարգսյանը սխալվում են

Խառնաշփոթ՝ ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնների անվանումների շուրջ․ ե՛ւ ԱԽ-ն, ե՛ւ Սուրեն Սարգսյանը սխալվում են

Հայաստանյան պաշտոնական հայտարարություններում եւ լրատվամիջոցներում տարբեր ժամանակահատվածներում տարբեր կերպ են ներկայացվում Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարության պաշտոնների անվանումները, ինչը տարընկալումների եւ շփոթության առիթ է դառնում։ Մասնավորապես, 2021 թվականի դեկտեմբերի 15-ին ՀՀ անվտանգության խորհուրդը մամուլի հաղորդագրությամբ տեղեկացրեց, որ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներում է։ Այցի շրջանակում, ըստ ԱԽ մեկ այլ հաղորդագրության, Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Դերեք Հոգանի հետ։ Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը, անդրադառնալով ԱԽ այս հաղորդագրությանը, ֆեյսբուքյան իր էջում ի թիվս այլնի գրեց․ «Արմեն Գրիգորյանը հանդիպել է ոչ թե Պետքարտուղարի ՏԵՂԱԿԱԼԻ պաշտոնակատարին, այլ պետքարտուղարի ՕԳՆԱԿԱՆԻ պաշտոնակատարին»։ Infocom-ը որոշեց պարզել, թե ինչ պաշտոն է զբաղեցնում ԱԽ հաղորդագրության մեջ հիշատակված Դերեք Հոգանը ԱՄՆ պետքարտուղարությունում, եւ առհասարակ, ինչպես է այն ներկայացվում հայաստանյան մամուլում և պաշտոնական հաղորդագրություններում։ Դա հասկանալու համար դիտարկենք ԱՄՆ պետքարտուղարության կառուցվածքի գծապատկերը, որը հասանելի է Պետքարտուղարության պաշտոնական կայքում։  Գծագրից ակնհայտ է, որ ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալները (Deputy Secretary of State, նշված են կարմիր գույնով) եւ Եվրոպական եւ Եվրասիական հարցերով բյուրոն (Bureau of European and Eurasian Affairs, նշված է կանաչ գույնով), որում աշխատում է Դ․ Հոգանը, տարբեր հարթություններում են, ընդ որում, գծագրում նշված է այդ բյուրոյի ղեկավարը (Assistant Secretary), այսինքն՝ Դ․ Հոգանը, պայմանականորեն ասած, դրանից մեկ աստիճանով էլ «ցածր» օղակում է։ ԱՄՆ կառավարության պաշտոնական կայքի համաձայն՝ նա զբաղեցնում է հետեւյալ պաշտոնը․ Principal Deputy Assistant Secretary Bureau of European and Eurasian Affairs։ Ուսումնասիրելով ՀՀ կառավարության, Արտաքին գործերի նախարարության, ինչպես նաեւ ԱԽ կայքերի արխիվը՝ պարզ է դառնում, որ այս պաշտոնը պաշտոնական հաղորդագրություններում տարբեր տարիներին տարբեր կերպ է ներկայացվել։  Մասնավորապես, 2009 թվականին, երբ այն զբաղեցնում էր Թինա Քեյդենաուն, ՀՀ կառավարությունը հաղորդագրություն է տարածել՝ նշելով հետեւյալը․ «ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է եվրոպական եւ եվրասիական հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Թինա Քեյդանաուին»։ Այսինքն՝ ներկայումս Դ․ Հոգանի զբաղեցրած պաշտոնը ՀՀ կառավարությունն այդ ժամանակ թարգմանել է որպես ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ։ Մինչդեռ ԱԽ-ն, ինչպես արդեն նշեցինք, վերջերս այն թարգմանել է որպես ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար։ Ի տարբերություն այս երկու թարգմանությունների՝ 2016, ապա նաեւ 2018 թվականներին Կառավարությունը նույն պաշտոնը թարգմանել է որպես ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով փոխտեղակալ։ Մասնավորապես, 2016 թվականի հաղորդագրությունում գրված է հետեւյալը․ «Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստան ժամանած Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքին», իսկ 2018 թվականի հաղորդագրությունում՝ «Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքին»։ Ստացվում է, որ Principal Deputy Assistant Secretary Bureau of European and Eurasian Affairs պաշտոնը հայաստանյան պաշտոնական մամուլում ներկայացվել է երեք տարբեր ձեւերով՝ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ, ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով փոխտեղակալ, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար։ Նույն կերպ չկա միասնական մոտեցում հիշյալ բյուրոյի ղեկավարի (Assistant Secretary Bureau of European and Eurasian Affairs) պաշտոնի թարգմանության հարցում։ Այդ պաշտոնը, ըստ ԱՄՆ կառավարության կայքի, այժմ զբաղեցնում է Քարեն Դոնֆրիդը։  Այսպես․ 2001 թվականին ՀՀ կառավարությունը տարածել է հաղորդագրություն, որում ասված է․ «Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունեց ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական եւ Եվրասիական երկրների հարցերով օգնական, դեսպան Էլիզաբեթ Ջոնսին եւ նրա գլխավորած պատվիրակությանը»:  Մինչդեռ 2020 թվականին ՀՀ արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ այն թարգմանված է որպես ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական եւ եվրասիական հարցերով տեղակալ։ Մասնավորապես, հաղորդագրության մեջ ասված է․ «Հոկտեմբերի 22-ին մեկնարկեց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի աշխատանքային այցը Միացյալ Նահանգներ։ Նույն օրը տեղի ունեցավ ԱԳ նախարարի եւ ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական եւ եվրասիական հարցերով տեղակալ Ֆիլիպ Ռիքերի հանդիպումը»։ Մամուլում առկա ոչ պաշտոնական տարբեր հրապարակումներում եւս այս պաշտոնը ներկայացվում է մեկ որպես ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպական եւ Եվրասիական հարցերով տեղակալ, մեկ՝ որպես նույն հարցերով օգնական։ Ավելին, միեւնույն լրատվամիջոցը, կախված սկզբնաղբյուրներից, նույն Քարեն Դոնֆրիդին կարող է ներկայացնել մեկ որպես օգնական, մեկ՝ որպես տեղակալ։ Պարզելու համար, թե իրականում որոնք են Assistant Secretary Bureau of European and Eurasian Affairs եւ Principal Deputy Assistant Secretary Bureau of European and Eurasian Affairs պաշտոնների հայերեն ճիշտ համարժեքները, գրավոր հարցմամբ դիմեցինք ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն։ ԱՄՆ դեսպանատնից ստացված պատասխանում, մասնավորապես, ասված է․ «ԱՄՆ պետքարտուղարության կազմակերպական կառուցվածքը դիտարկելիս նկատում ենք, որ ԱՄՆ պետքարտուղարն ունի երկու առաջին տեղակալ (Deputy Secretary), ապա հաջորդում են տեղակալների եւս երկու մակարդակ՝ Under Secretary եւ Assistant Secretary, որոնք դեսպանության լրահոսում թարգմանվում են համապատասխանաբար որպես պետքարտուղարի տեղակալ եւ փոխպետքարտուղար։ Փոխպետքարտուղարներն էլ իրենց հերթին ունեն մեկ առաջին տեղակալ (Principal Deputy Assistant Secretary) եւ տեղակալներ (Deputy Assistant Secretary)»։  Հետեւաբար, Դ․ Հոգանը ԱՄՆ փոխպետքարտուղարի առաջին տեղակալն է, ուստի ե՛ւ Անվտանգության խորհուրդը, ե՛ւ քաղաքագետ Սուրեն Սարգսյանը նրան սխալ կերպ էին ներկայացրել՝ նշելով, թե նա ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի կամ պետքարտուղարի օգնականի պաշտոնակատարն է։ «Պաշտոնակատար» եզրույթը, ըստ ամենայնի, շփոթության արդյունք է, քանի որ «deputy» բառը ունի երկու իմաստ․ այն նշանակում է եւ տեղակալ, եւ պաշտոնակատար։ Այդ մասին վկայում են lingvo live եւ cambridge dictionary առավել արժանահավատ օնլայն բառարանները։  Այս դեպքում հասկանալի է, որ Principal Deputy Assistant Secretary-ն հենց պաշտոնի ամբողջական անվանումն է, իսկ որեւէ պաշտոն չի կարող իր մեջ ներառել «պաշտոնակատար» բառը։ Ինչ վերաբերում է Քարեն Դոնֆրիդին (Assistant Secretary Bureau of European and Eurasian Affairs), նա, ըստ Դեսպանատան պատասխանի, ԱՄՆ փոխպետքարտուղարն է (Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով), ուստի շփոթությունից խուսափելու համար առավել նախընտրելի է կիրառել այս տարբերակը, քան մամուլում տարածված օգնական կամ տեղակալ տարբերակները։ Այս Փոխպետքարտուղարը ԱՄՆ պետքարտուղարի եւ Պետքարտուղարի գլխավոր տեղակալների (Deputy Secretary) համար ծառայում է որպես խորհրդական՝ իրականացնելով  Բյուրոյի առաքելությունը, ինչը ներառում է, օրինակ, Եվրոպայում եւ Եվրասիայում ԱՄՆ արտաքին քաղաքականության մշակումը, տարածաշրջանում ԱՄՆ շահերի խթանումը այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են միջազգային անվտանգությունը,  Եվրամիության եւ տարածաշրջանային այլ կազմակերպությունների հետ հարաբերությունների համակարգումը, աջակցությունը ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին եւ այլն։ Հաշվի առնելով, որ Դ․ Հոգանը Ք․ Դոնֆրիդի առաջին տեղակալն է՝ հասկանալի է, որ նրա գործառույթները եւս նույն շրջանակներում են։ Հավելենք, որ Դեսպանատնից նաեւ նշել են, որ ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնների հայերեն անվանումների միատեսակ կիրառումը ցանկալի է, սակայն դրանք ներկայացվում են թարգմանաբար եւ հնարավոր են զուգաձեւություններ․ «Օրինակ հայերենում կիրառում ենք «պետքարտուղարություն» կամ «պետդեպարտամենտ» բառերը, եւ երկու դեպքում էլ խոսքը ԱՄՆ արտաքին գործերի նախարարության՝ Department of State-ի մասին է։ Լեզուն մշտապես զարգացող երևույթ է եւ ժամանակի ընթացքում թերեւս կլինեն զտումներ ու գոյության իրավունք կստանա այն տարբերակը, որն առավել ճշգրիտ ու համարժեք է արտացոլում այս կամ այն  իրողությունը»,- ասված է պատասխանում։   Միլենա Խաչիկյան
20:01 - 07 հունվարի, 2022
Ալկոհոլի չարաշահումը չի նվազեցնում  COVID-19-ով վարակվելու ռիսկը․ medmedia.am-ը ոչ լիարժեք է ներկայացրել ամերիկացի գիտնականների հետազոտությունը

Ալկոհոլի չարաշահումը չի նվազեցնում COVID-19-ով վարակվելու ռիսկը․ medmedia.am-ը ոչ լիարժեք է ներկայացրել ամերիկացի գիտնականների հետազոտությունը

Հունվարի 2-ին medmedia.am կայքում հրապարակվել է «Ալկոհոլի չարաշահումը նվազեցնում է COVID վարակի ռիսկը» վերտառությամբ հոդված։ Հոդվածում ասվում է, որ Պիտսբուրգի (ԱՄՆ) համալսարանի գիտնականները  կապ են տեսնում ալկոհոլի չափավոր օգտագործման և COVID-19-ից առաջացած իմունիտետի մեջ։ Կայքը նշում է, որ ամերիկացի գիտնականների հետազոտության մասնակիցներից նրանք, ովքեր շփվել են վարակակիրների հետ, բայց չեն վարակվել COVID-19 առաջացնող վիրուսով, օրական միջինը մեկ չափաբաժին թունդ ըմպելիք են խմել, իսկ նրանք, ովքեր վարակվել են, գրեթե չեն խմել։ «Նաև, ըստ գիտական ​​ապացույցների, օրական մեկից երկու չափաբաժին ըմպելիքը նվազեցնում է տարբեր տեսակի շնչառական վիրուսներով վարակվելու հավանականությունը»,- ասվում է medmedia.am-ի նյութում, սակայն նշված չէ, թե ովքեր են մեջբերվող հետազոտության հեղինակները, որ ամսագրում է հրապարակված գիտական հոդվածը։ Medmedia.am-ի սկզբնաղբյուրն, ամենայն հավանականությամբ, iz.ru կայքն է, քանի որ medmedia.am-ի հոդվածի տեքստը համընկնում է iz.ru-ում դեպտեմբերի 30-ին հրապարակված հոդվածի տեքստին։ Ռուսական կայքի վերնագրում, սակայն, պնդում չի արվում այն մասին, որ ալկոհոլի չարաշահումը նվազեցնում է COVID-ով վարակվելու ռիսկը։ Medmedia.am-ը ոչ միայն փոխել է նյութի վերնագիրը, այլև թարգմանելիս բաց է թողել որոշ հատվածներ։ Iz.ru-ն ավելի շատ մանրամասներ է ներկայացրել ամերիկացի գիտնականների հոդվածի վերաբերյալ՝ նշելով, թե տարիքային որ խմբում է իրականացվել հետազոտությունը, քանի հոգի է մասնակցել դրան։ Ռուսական կայքը նաև տեղադրել է մեջբերվող հոդվածի հղումը։ Medmedia.am-ի նյութում բացակայում է Iz.ru-ի նյութի առաջին պարբերության հետևյալ նախադասությունը․ «Սակայն ռուս մասնագետները վստահ են, որ այդպիսի կանխարգելումը (ալկոհոլի օգնությամբ- խմբ․) ավելի շատ վնաս կտա, քան օգուտ»։ Ռուսական լրատվամիջոցը, ամերիկացի գիտնականների հետազոտության արդյունքները ներկայացնելուց բացի, հարցազրույցներ է անցկացրել ռուս մասնագետների հետ, որոնք խոսել են ալկոհոլի օգտագործման ռիսկերի մասին։ «Ես կասկածում եմ, որ ալկոհոլի որևէ տեսակ կարող է լավացնել իմունիտետը։ Այդպիսի հնարավորությունը դեռևս ապացուցված չէ։ Իմ փորձից ելնելով՝ կարող եմ հստակ նշել, որ ալկոհոլն, ընդհակառակը, խաթարում է վարակների դեմ բնական պաշտպանությունը»,- նշել է  Iz.ru-ի զրուցակից բժիշկը։ Ինչ վերաբերում է ամերկացի գիտնականների հետազոտությանը, ապա ո՛չ iz.ru-ն, ո՛չ medmedia.am-ը չեն նշել, որ հետազոտությունը գրախոսված չէ։ Բանն այն է, որ հոդվածը հրապարակված է medrxiv.org հարթակում, որտեղ գիտնականները հրապարակում են իրենց պատրաստի, սակայն չգրախոսված հոդվածները։ Գիտական գրախոսություն անցնելուց հետո միայն հոդվածները հրապարակվում են գիտական ամսագրերում, և կախված նրանից, թե ինչպիսի հեղինակություն ունեցող ամսագրում կհրապարակվի հոդվածը, կարող ենք եզրակացություններ անել այդ հոդվածի հավաստիության վերաբերյալ։ Բայց այդ՝ երբ ոլորտի այլ գիտնականներ գրախոսում են որևէ հոդված, կարող են հեղինակներին փոփոխություններ առաջարկել, այսինքն՝ մեջբերվող հոդվածի վերջնական տարբերակը դեռ առկա չէ։ Դեռևս չգրախոսված այս հոդվածում նշվում է, որ տարեցները COVID-19 առաջացնող վիրուսով վարակվելու տեսանկյունից խոցելի խումբ են, և վարակի վրա ազդող գործոնների, այդ թվում՝ ալկոհոլի օգտագործման, բացահայտումը կարող է լրացուցիչ միջոցներ տրամադրել այդպիսի անձանց պաշտպանելու համար։  Գիտնականները հետազոտության մասնակիցների հետ 2020-ի սեպտեմբերից մինչև 2021-ի նոյեմբերը հարցազրույցներ են անցկացրել, և ի թիվս այլնի՝ հարցրել են, թե արդյո՞ք նրանք օգտագործում են ալկոհոլ։ Հարցազրույցին մասնակցած 90 անձանցից 42-ը եղել են պատվաստված, մասնակիցների 11,1%-ը նշել է, որ վարակված է եղել կոնորավիրուսով։ «Մենք նախնական եզրահանգման ենք եկել, որ COVID-19-ի հաճախականության նվազումը կապված է ալկոհոլի որոշ տեսակների, մասնավորապես՝ սպիրտային խմիչքների օգտագործման հետ։ Սակայն քանակը ոչ մեծ է՝ միջինում օրական մեկ անգամ։ Այս արդյունքների հաստատման համար անհրաժեշտ են ընդլայնված նմուշներ»,- ասվում է հոդվածի եզրակացության մեջ։ Փաստորեն, հետազոտության ընթացքում գիտնականները հարցարույցներ են անցկացրել 90 մարդու հետ, և նրանցից ստացած պատասխաններից եկել են վերը նշված եզրահանգմանը։ Գիտնականներն իրենք էլ շեշտում են, որ սա նախնական եզրահագնում է։ Ռուսական ria.ru-ն, ի դեպ, նույնպես այս հետազոտության վերաբերյալ նյութ է հրապարակել, սակայն ի տարբերություն նախորդ երկու կայքերի՝ նշել է, որ հոդվածը դեռևս գրախոսված չէ։ Ինչ վերաբերում է medmedia.am-ի պնդմանը, թե ալկոհոլի օգտագործումը կարող է նվազեցնել COVID-ով վարակվելու ռիսկը, ապա այս մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ Եվրոպայի գրասենյակը դեռևս 2020-ին է հայտարարություն տարածել։ Գրասենյակը խոսել է ալկոհոլի օգտագործման և  COVID-19-ով վարակվելու վերաբերյալ տարածվող միֆերի և այդ միֆերը հերքող փաստերի մասին։ Այստեղ կնշենք գրասենյակի ներկայացրած հիմնական միֆերն ու փաստերը․ ՄԻֆ․ Ալկոհոլի օգտագործումը ոչնչացնում է COVID-19 առաջացնող վիրուսը։ՓԱՍՏ․ Ալկոհոլի օգտագործումը չի ոչնչացնում վիրուսը։ Դրա օգտագործումն, ամենայն հավանականությամբ, կարող է մեծացնել առողջական ռիկսերը, եթե վարակվեք վիրուսով։ Ալկոհոլը (առնվազն 60% կոնցենտրացիայով) գործում է որպես ախտահանող միջոց մաշկի վրա, բայց այն նման ազդեցություն չունի օրգանիզմի ներսում։ ՄԻֆ․ Թունդ ալկոհոլային խմիչքների օգտագործումը ոչնչացնում է վիրուսը օդը ներշնչելիս։ՓԱՍՏ․ Ալկոհոլի օգտագործումը չի սպանի վիրուսը օդը ներշնչելիս, այն չի ախտահանի ձեր բերանն ու կոկորդը և ձեզ  չի պաշտպանի COVID-19-ից։ ՄԻֆ․ Ալկոհոլը (գարեջուր, գինի, թորած սպիրտ կամ բուսական սպիրտ) խթանում է իմունիտետը և վիրուսի դեմ դիմադրողականությունը։ՓԱՍՏ․ Ալկոհոլը վնասակար ազդեցություն ունի իմունային համակարգի վրա և չի խթանի իմունիտետն ու վիրուսի դեմ դիմադրողականությունը։ ԱՀԿ-ն, փաստորեն, հերքում է, որ ալկոհոլի օգտագործումը կարող է սպանել կորոնավիրուսային հիվանդություն առաջացնող վիրուսը կամ խթանել իմունիտետը։ Ամփոփելով վերը նշվածները․ Medmedia.am-ն իր տեքստին հակասող վերնագրով նյութ է հրապարակել, որովհետև ո՛չ այս կայքի, ո՛չ նրա սկզբնաղբյուր կայքի նյութում նշված չէ, որ ակլոհոլի չարաշահումը նվազեցնում է COVID-19 առաջացնող վիրուսով վարակվելու ռիսկը․ խոսքը ալկոհոլի չափավոր օգտագործման մասին է, սակայն այս պնդումը ևս վիճելի է։ Կայքի նյութում բացակայում են սկզբնաղբյուր հոդվածի այն հատվածները, որտեղ խոսվում է ալկոհոլի օգտագործման ռիսկերի մասին։ Կայքը հղում է անում չգրախոսված գիտական հոդվածի՝ առանց նշելու այդ մասին։ Մեջբերվող հետազոտության հեղինակներն իրենք էլ նշում են, որ ալկոհոլի օգտագործման և COVID-19-ի հաճախանակության նվազման կապի մասին եզրակացությունը նախնական է։ ԱՀԿ-ն դեռևս 2020-ին է նշել, որ ալկոհոլի օգտագործումը չի սպանում COVID-19 առաջացնող վիրուսը և չի խթանում վիրուսի դեմ դիմադրողականությունը։ Աննա Սահակյան
14:09 - 06 հունվարի, 2022
Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքէջի տրանսպորտային ցանցի վերաբերյալ տվյալներում կան անճշտություններ և մանիպուլյատիվ տեղեկություններ

Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքէջի տրանսպորտային ցանցի վերաբերյալ տվյալներում կան անճշտություններ և մանիպուլյատիվ տեղեկություններ

Վերջին օրերին քննարկումների առիթ էր դարձել ինչպես քաղաքապետին անվստահություն հայտնելու գործընթացը, այնպես էլ քաղաքապետարանի ձեռք բերած և ձեռք բերվելիք ավտոբուսների խնդիրը։ Վերջինիս վերաբերյալ եղան տարատեսակ մեկնաբանություններ, մասնավորապես թե ինչ միջոցներով են ձեռք բերվում ավտոբուսները, քանի հատ պետք է ձեռք բերվեն, տրանսպորտային ցանցի քանի տոկոսն է թարմացվում և այլն։ Եղան նույնիսկ երկկողմանի մանիպուլյացիաներ, ինչին Ինֆոքոմն անդրադարձել է առանձին հրապարակմամբ։ Սակայն քաղաքապետարանի կայքի «Տրանսպորտ» բաժնում դեռևս շարունակում են մնալ տեղեկություններ, որոնք ճիշտ չեն կամ մասամբ են ճիշտ։ Այս բաժնի «Երթուղային ցանց» ենթաբաժնում նշված է․ ««Դաբլյու Վայ Ջի Ինտերնեյշնլ Լիմիթիդ» խորհրդատվական ընկերության կողմից մշակվել է Երևան քաղաքի հանրային տրանսպորտի նոր երթուղային ցանց, որի ներդրման գործընթացի շրջանակներում նախատեսվել է Երևան համայնքի միջոցներով ձեռք բերել և մայրաքաղաք ներկրել նոր փոքր և միջին դասի քաղաքային ավտոբուսներ: Փոքր դասի ավտոբուսների ողջ խմբաքանակը (100 հատ) ներկրվել է մայրաքաղաք»։ «Ավտոբուսային փոխադրումներ» ենթաբաժնում էլ նշված է․ «Ավտոբուսային հավաքակազմը համալրելու նպատակով 2012-2021 թթ․ մայրաքաղաք է ներկրվել տարբեր մակնիշների թվով 472 նոր ավտոբուս (վերջին խմբաքանակը 2020-2021թթ․՝ «Գազել Սիթի» մակնիշի՝ 100 հատ)»։ Այսպես, քաղաքապետարանի կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն՝ WYG ընկերության հետազոտության արդյունքում նախատեսվել է գնել փոքր և միջին չափի ավտոբուսներ, ինչն էլ, ըստ քաղաքապետարանի, արվում է։ Սակայն Ընկերության ներկայացրած հաշվետվություններից պարզ է դառնում, որ իրականում փոքր դասի ավտոբուսների մասին ոչ մի խոսք չկա։  Ըստ հաշվետվության՝ առաջարկվել է ձեռք բերել 3 տեսակի ավտոբուսներ։ Առաջինը միակցված ավտոբուսն է, որի երկարությունը 18 մետր է, տեղատարողությունը՝ 150 ուղևոր։ Սա նախատեսվել է բարձր թողունակությամբ հիմնական երթուղիների սպասարկման համար։ Երկրորդը մեծ չափի ավտոբուսն է, որի երկարությունը 12 մետր է, իսկ տեղատարողությունը՝ 90-100 ուղևոր։ Սա նախատեսված է հիմնական որոշ երթուղիների և ծանրաբեռնված սնուցող երթուղիների սպասարկման համար։ Երրորդը միջին չափի ավտոբուսն է, որի երկարությունը 7․5-8․5 մետր է, իսկ տեղատարողությունը՝ 45-55 ուղևոր։ Սա էլ նախատեսված է սնուցող երթուղիների սպասարկման համար։ Բրիտանական ընկերությունը հաշվի է առել նաև նեղ փողոցները․ այնուամենայնիվ, ընկերությունը խորհուրդ չի տալիս միկրոավտոբուսների շահագործումը։ Ըստ հետազոտության՝ որոշ դեպքերում կարող է օգտակար լինել նաև ավելի նեղ ավտոբուսների օգտագործումը: Նորմալ ավտոբուսի լայնությունը 2.5 կամ ավելի մետր է, բայց կան մոտավորապես 2.2 մետր լայնությամբ տրանսպորտային միջոցների ևս: Դրանք հասանելի են տարբեր երկարություններով: Նման տրանսպորտային միջոցների օգտագործումը ավելի նեղ երթուղիներում կարող է հեշտացնել աշխատանքը: WYG ընկերությունը չի առաջարկել փոքր չափի ավտոբուս, հետևաբար անհասկանալի է, թե ինչու է քաղաքապետարանի պաշտոնական կայքում նշված, թե ընկերության հետազոտության արդյունքում նախատեսվել է ձեռք բերել փոքր և միջին դասի ավտոբուսներ, որոնցից փոքրերը, ըստ իրենց, արդեն ձեռք են բերվել։ Սակայն քաղաքապետարանի նշած տեղեկության մեջ այլ անճշտություն էլ կա։ Համաձայն «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի՝ ավտոբուսը ավտոմոբիլ է, որի նստատեղերի քանակը՝ բացառությամբ վարորդի նստատեղի, գերազանցում է 18-ը։ 9-17 նստատեղ ունեցող ավտոբուսը՝ առանց վարորդի նստատեղի, համարվում է միկրոավտոբուս։ Քաղաքապետարանի պատվիրած ավտոբուսների նստատեղերի քանակը 17 է։ Այս մասին նշվում է նաև քաղաքապետարանի պատրաստած տեսանյութում։ Բացի դրանից, քաղաքապետարանի ներկայացրած չափորոշիչներով (կարող եք տեսնել հավելված 6-ում) ավտոբուսի երկարությունը 6․6 մետր է, սակայն բրիտանական ընկերության առաջարկում ամենափոքր չափի տրանսպորտային միջոցի երկարությունը նշված է 7․5-8․5 մետր։  Այսինքն՝ ՀՀ օրենսդրության համաձայն ձեռք են բերվել միկրոավտոբուսներ։ Քաղաքապետարանի կայքում հատուկ տեղ է հատկացված միկրոավտոբուսներին, որտեղ նշված է, որ մայրաքաղաքի բնակչության տրանսպորտային սպասարկման իրականացումը միկրոավտոբուսներով անընդունելի է, հետևաբար միկրոավտոբուսների փոխարինումը ավտոբուսներով այլընտրանք չունի։ WYG ընկերության վերջին հաշվետվությունը եղել է 2019 թվականի հունվարի 30-ին։ Այս հաշվետվությամբ տվյալներ են եղել նաև  Երևանի ավտոբուսների հավաքակազմի վերաբերյալ։ Սակայն հաշվետվությամբ նշված և քաղաքապետարանի կայքում առկա տվյալներում դարձյալ կան անճշտություններ։ Քաղաքապետարանի կայքի այժմյան տվյալներով՝ ավտոբուսային հավաքակազմում առկա է 525 ավտոբուս, սակայն սա կարող է չհամապատասխանել ընկերության ուսումնասիրության տվյալներին, քանի որ վերջին հաշվետվությունից հետո, գուցե, հավաքակազմում փոփոխված լինեն ավտոբուսների թվաքանակները։ Սակայն ինտերնետային արխիվի միջոցով դիտարկեցինք քաղաքապետարանի էջի տվյալները 2019 թվականի փետրվարի 3-ի դրությամբ՝ վերջին հաշվետվությունից 4 օր անց։ Դիտարկման արդյունքում պարզ դարձավ, որ այն ժամանակ էլ նշված տվյալները չեն համապատասխանել ընկերության հաշվետվության մեջ առկա տվյալներին։ Քաղաքապետարանի էջում նշված է եղել, որ մայրաքաղաքի ավտոբուսային հավաքակազմում եղել է 667 ավտոբուս, իսկ բրիտանական ընկերության վերջին հաշվետվությամբ՝ շահագործվող ավտոբուսները 522-ն են, իսկ ընդհանուր՝ 576։ Հետևաբար հնարավոր է, որ  կայքում նշված տվյալներում և իրականում հիմա էլ լինեն անհամապատասխանություններ։ Այսպիսով՝ քաղաքապետարանի պաշտոնական կայքէջի՝ Երևանի տրանսպորտային ցանցի վերաբերյալ տվյալներում կան անճշտություններ և մանիպուլյատիվ տեղեկություններ։ Նարեկ Մարտիրոսյան
21:43 - 25 դեկտեմբերի, 2021
Կիրանց-Ոսկեպար նոր ճանապարհի հնարավոր կառուցման մասին տեղեկությունները ոչ հաստատվում են, ոչ հերքվում

Կիրանց-Ոսկեպար նոր ճանապարհի հնարավոր կառուցման մասին տեղեկությունները ոչ հաստատվում են, ոչ հերքվում

Դեկտեմբերի 8-ին հայաստանյան մեդիադաշտում տեղեկություններ էին շրջանառվում, ըստ որոնց՝ դեկտեմբերի 7-ին ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի սահմանամերձ Ոսկեպար գյուղ է ժամանել Տավուշի մարզի ճանապարհաշինական ընկերություններից մեկի աշխղեկը եւ հայտնել Կիրանց-Ոսկեպար այլընտրանքային, սարերով ձգվող ճանապարհի կառուցման մասին։ Ոսկեպարի ղեկավար Սերոբ Մախսուդյանն Infocom-ի հետ զրույցում դեկտեմբերի 9-ին ասել էր, որ այս լուրերի մասին միայն բնակիչներից զրույցի մակարդակով է լսել, ավելի ոչինչ չգիտի ու տեղեկություն չունի այլընտրանքային ճանապարհի կառուցման մասին։ Մեր զրույցում նաեւ Նոյեմբերյանի փոխհամայնքապետ Խաչիկ Գիշյանն էր նշել, որ տեղեկություններ չունի շրջանառվող լուրերի մասին, նա առաջարկել էր դիմել Ճանապարհային դեպարտամենտին։ Գերատեսչությունից, սակայն, բանավոր որեւէ պատասխան չէին տվել՝ առաջարկելով բոլոր հարցերն ուղարկել գրավոր։ Ուստի դեկտեմբերի 9-ին «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ին գրավոր խնդրեցինք հայտնել՝ արդյոք ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Ոսկեպար բնակավայրում նախատեսվո՞ւմ է կառուցել նոր ճանապարհ, եւ եթե այո, ապա որտեղո՞վ է անցնելու ճանապարհը, ի՞նչ տարածքներ է շրջանցելու։ Խնդրել էինք նաեւ նշել՝ եթե նոր ճանապարհի կառուցում նախատեսվում է, ապա ինչով է պայմանավորված դրա անհրաժեշտությունը, ինչ նշանակության ճանապարհ է լինելու այն։ Բայց ոչ միայն այս հարցերին, այլեւ կոնկրետ Կիրանց-Ոսկեպար այլընտրանքային ճանապարհի հնարավոր կառուցման վերաբերյալ հայցած տեղեկություններին Դեպարտամենտը որեւէ հստակ պատասխան չի տվել։ Մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ գերատեսչությունից նշել են, որ ՀՀ ճանապարհային ոլորտն ակտիվորեն զարգանում է, եւ որ տարբեր քննարկումներ են իրականացվում միջպետական, հանրապետական եւ տեղական նշանակության ավտոճանապարհների վերականգնման ուղղությամբ։ Դեպարտամենտն ընդգծել է, որ հատկապես ուշադրություն է դարձվում այն հատվածներին, որտեղ ճանապարհային ցանցի խտության բարձրացման անհրաժեշտություն կա։ «Հաշվի առնելով այս հանգամանքը, ինչպես նաեւ ելնելով ճանապարհային ենթակառուցվածքների զարգացման անհրաժեշտությունից՝ հանրապետության տարբեր տարածաշրջաններում իրականացվում են ուսումնասիրություններ՝ առկա ճանապարհներից բացի նոր երթուղիներ ունենալու ուղղությամբ»,- գրել է Դեպարտամենտը՝ գեթ մեկ անգամ չհիշատակելով Ոսկեպար անունը՝ այդպիսով ոչ հերքելով, ոչ հաստատելով, որ նոր ճանապարհի կառուցում է նախատեսվում։ Ստորեւ ինտերակտիվ քարտեզի վրա ցուցադրում ենք, թե այս պահին որտեղով է անցնում Կիրանց-Ոսկեպար ճանապարհը, եւ թե ինչու են այլընտրանքային ճանապարհի մասին խոսակցություններ շրջանառվում։ Կիրանց-Ոսկեպար ավտոճանապարհը Մ16 միջպետական ավտոճանապարհի մի մասն է։ Այդ ավտոճանապարհի Կիրանց-Ոսկեպար հատվածը, ըստ Google քարտեզի, առնվազն չորս տեղ դուրս է գալիս ՀՀ տարածքից․ այդ հատվածները նշված են կարմիրով։ Ճանապարից ձախ ընկած է Վերին Ոսկեպարը, նշված է կարմիրով․ այն, դարձյալ ըստ Google քարտեզի, ՀՀ-ի տարածքում չէ, այլ Ադրբեջանի։ Ճանապարհից աջ ընկած են Ներիքն Ոսկեպարն ու Բաղանիս-Այրումը։ Մինչ 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության պաշտոնական տեքստը կհրապարակվեր, մամուլում այդ փաստաթղթի նախնական տարբերակն էր շրջանառվում, որը պահպանվել է ռուսական «Մեդուզա» լրատվական կայքում. դրանում նշված էր, որ Ադրբեջանին պետք է հանձնվեն նաեւ Ղազախի շրջանի յոթ գյուղերը՝ Յուխարը Աքսիպարա, Աշաղը Աքսիպարա, Բաղանիս-Այրում, Բարխուդարլու, Խեյրիմլի, Կըզըլ Հաջիլի, Սոֆուլու։ Հայտարարության վերջնական տեքստում այդ դրույթը բացակայում էր, չնայած հետագայում՝ այս տարվա հունիսին, վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձամբ հաստատեց, որ Ղազախի շրջանների գյուղերի թեման եղել է նաեւ նոյեմբերի 9-ին, սակայն հայկական կողմին հաջողվել էր այդ դրույթը հանել տեքստից։ Ավելի ուշ՝ հունիսի 11-ին, Բերդում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց․ «Մենք կարծում ենք, որ կան անկլավների ընդհանուր տրամաբանություն եւ անկլավների հետ կապված հարցերի միջազգային իրավունքով եւ պրակտիկայով սահմանված լուծման ձեւեր, որ էն իրավիճակը, որն արձանագրված է, այդ իրավիճակը ուղղակի թողնում են։ Ինչու, որովհետեւ մենք էլ անկլավ ունենք, մենք էլ Արծվաշեն ունենք Ադրբեջանի տիրապետության տակ։ Մեր տրամաբանությունն էն է, որ էդ անկլավը պետք է փոխանակվի անկլավի հետ եւ էն, ինչը իրենց հսկողության տակ է, մնա իրենց հսկողության տակ, էն, ինչը մեր հսկողության տակ է, մնա մեր հսկողության տակ»։ Այս տարվա դեկտեմբերի սկզբին Ազատություն ռ/կ-ին տված հարցազրույցում ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ի պատասխան հարցի՝ Երեւանը պատրա՞ստ է անկլավների փոխանակման հարց քննարկել, այս հարցը կա՞ օրակարգում, ասել էր, որ նախ պետք է պարզել՝ անկալվներ կա՞ն, թե՞ ոչ․ «Որովհետեւ մեր բոլոր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ իրավական հիմքով անկլավի հարց գոյություն չունի։ Մենք շարունակում ենք ուսումնասիրել այս հարցը, բայց այս պահին մեր ձեռքի տակ գտնվող ամբողջ ինֆորմացիոն փաթեթներով անկլավների հարցով որեւէ իրավական հիմք չկա»,- հայտնել էր ԱԽ քրատուղարը՝ նշելով, որ իրավական հիմք ունեն այն փաստաթղթերը, որոնք 1920-ականներից մինչեւ 70-ականներ են եղել, եւ իրենց ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նման հարց չկա։ Այդուհանդերձ, այս տարածքների թեման շարունակվում է քննարկվել նաեւ այսօր, դրանց ճակատագրի վերաբերյալ դեռեւս հստակություն չկա։։ Պաշտոնական մարմինների պատասխաններն էլ չեն հերքում տարածվող տեղեկությունները, որ Կիրանց-Ոսկեպար նոր ճանապարհի կառուցման հարց կա։ Հայարփի Բաղդասարյան
12:27 - 24 դեկտեմբերի, 2021
Մարությանին անվստահություն հայտնելու որոշման նախագիծը ստորագրած ավագանու անդամների ցանկը

Մարությանին անվստահություն հայտնելու որոշման նախագիծը ստորագրած ավագանու անդամների ցանկը

Infocom-ի տրամադրության տակ է հայտնվել Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու որոշման նախագիծը ստորագրած ավագանու անդամների ցանկը։ Ստորեւ ներկայացնում ենք նրանց անունները։ 1. Արմեն Գալջյան, «Իմ քայլը» խմբակցության ղեկավար2. Լևոն Հովհաննիսյան, «Իմ քայլը» խմբակցության քարտուղար3. Արմեն Կոտոլյան, «Իմ քայլը» խմբակցության անդամ4. Ավետիս Գասպարյան, «Իմ քայլը» խմբակցության անդամ5. Արթուր Մայիլյան, «Իմ քայլը» խմբակցության անդամ6. Նուարդ Վարդանյան, «Իմ քայլը» խմբակցության անդամ7. Վիլեն Գայֆեջյան, «Իմ քայլը» խմբակցության անդամ8. Վազգեն Դարբինյան, «Իմ քայլը» խմբակցության անդամ9. Արման Բաբաջանյան, «Իմ քայլը» խմբակցության անդամ10. Անահիտ Ասատրյան, «Իմ քայլը» խմբակցության անդամ11. Ասքանազ Աբրահամյան, «Իմ քայլը» խմբակցության անդամ12. Արման Անտոնյան, «Իմ քայլը» խմբակցության անդամ13. Կարինե Բաղդասարյան, «Իմ քայլը» խմբակցության անդամ14. Տիգրան Գալստյան, «Իմ քայլը» խմբակցության անդամ15. Զարուհի Աղաջանյան, «Իմ քայլը» խմբակցության անդամ16. Արմեն Սարգսյան, «Իմ քայլը» խմբակցության անդամ17. Ռուբեն Սիմոնյան, «Իմ քայլը» խմբակցության անդամ18. Գայանե Եղիազարյան, «Իմ քայլը» խմբակցության անդամ19. Մարատ Թոխյան, «Իմ քայլը» խմբակցության անդամ20. Տիգրան Խաչատրյան, «Իմ քայլը» խմբակցության անդամ21. Լիլիթ Կիրակոսյան, «Իմ քայլը» խմբակցության անդամ22. Արման Հարությունյան, «Իմ քայլը» խմբակցության անդամ23. Դավիթ Զախարյան, «Իմ քայլը» խմբակցության անդամ24. Սերգեյ Ապրեսյան, «Իմ քայլը» խմբակցության անդամ25. Աշոտ Սարգսյան, «Իմ քայլը» խմբակցության անդամ26. Արմեն Ղալեչյան, «Իմ քայլը» խմբակցության անդամ27. Դիանա Քերոբյան, «Իմ քայլը» խմբակցության անդամ28. Էդուարդ Ավետիսյան, «Իմ քայլը» խմբակցության անդամ29. Մարլենա Ստեփանյան, «Իմ քայլը» խմբակցության անդամ30. Լուսինե Գևորգյան, «Իմ քայլը» խմբակցության անդամ31. Աննա Պապյան, «Իմ քայլը» խմբակցության անդամ32. Վահե Օհանջանյան, «Իմ քայլը» խմբակցության անդամ33. Հայկ Միրզոյան, «Իմ քայլը» խմբակցության անդամ34. Աշոտ Մնացականյան, «Իմ քայլը» խմբակցության անդամ35. Անուշ Քլոյան, «Իմ քայլը» խմբակցության անդամ36. Ռաֆայել Ավետիսյան, «Իմ քայլը» խմբակցության անդամ37. Հասմիկ Խաչունց, «Իմ քայլը» խմբակցության անդամ38. Արմեն Ներսիսյան, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ39. Մարկոս Հարությունյան, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ40. Միքայել Մանրիկյան, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ41. Լյուդմիլա Սարգսյան, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ42. Անի Խաչատրյան, «Լույս» խմբակցության անդամ43. Հակոբ Մելիքյան «Իմ քայլը» խմբակցության անդամ44. Հրաչյա Սարգսյան, «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայարփի Բաղդասարյան
14:31 - 21 դեկտեմբերի, 2021
Ավտոբուսից 1 պակաս․  երկկողմանի մանիպուլյացիաներ ձեռքբերվող ավտոբուսների շուրջ

Ավտոբուսից 1 պակաս․ երկկողմանի մանիպուլյացիաներ ձեռքբերվող ավտոբուսների շուրջ

Դեկտեմբերի 15-ին Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսեց, ինչը հանրային բուռն քննարկումների առիթ դարձավ։ Նոյեմբերի 16-ի առավոտյան Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրառում կատարեց, որտեղ շնորհակալություն էր հայտնում արձագանքների և ջերմ խոսքերի համար։ «․․․ Ես էլ ձեր տրամադրությունը բարձրացնեմ։ Ստորագրել եմ ևս 100 նոր ավտոբուսի և 100 վերելակի գնման հայտերը։ Հաջորդ տարի կունենանք արդեն ընդհանուր 1000 հատ փոխարինված վերելակ, իսկ քաղաքային տրանսպորտի պարկը թարմացրած կլինենք ավելի քան 60 %-ով՝ ունենալով արդեն շուրջ 520 նոր ավտոբուս»,- նշված էր Հայկ Մարությանի գրառման մեջ։ Այս գրառմանն արձագանքեց Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լևոն Հովհաննիսյանը։ Վերջինս պնդում էր, որ Հայկ Մարությանի՝ 520 ավտոբուս ձեռք բերելու մասին հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը։ «Ըստ Բրիտանական WYG ընկերության ուղեցույցի, կապված Երևանի տրանսպորտային համակարգի արդիականացման հետ, քաղաքին անհրաժեշտ է մոտ 850-900 նոր ավտոբուսներ (խոսքը հենց ավտոբուսների մասին է)։ Համայնքային բյուջեի հաշվին 2021 թվականին , ձեռք է բերվել 211 չինական Ժոնգ Թոնգ մակնիշի ավտոբուսներ, իսկ դրանից որոշ ժամանակ առաջ ձեռք են բերվել 100 հատ Գազել մակնիշի միկրոավտոբուսներ։ Այսինքն այս պահի դրությամբ նոր ձեռքբերված ավտոբուսների քանակը կազմում է 211։ Ավագանու հավանությանը ներկայացրած բյուջեի նախագծում կա դրույթ նոր 100 հատ չինական ավտոբուսների ձեռքբերման մասին, ինչպես նաև վերջերս կառավարությունը հաստատեց դրամաշնորհային և վարկային համաձայնագիրը միջազգային գործընկերների հետ Երևան քաղաքի համար 100 նոր բարձրակարգ ստանդարտների ավտոբուսների ձեռքբերման նպատակով։ Այսպիսով,  զուտ համայնքային բյուջեի միջոցով և մասնակցությամբ հաջորդ տարի ձեռքբերված ավտոբուսների թիվը կազմելու է 311, այսինքն անհրաժեշտ քանակի 35% (ոչ թե 60%)»,- գրառման մեջ նշել է ավագանու անդամը։ Այս գրառմանն էլ ֆեյսբուքյան իր էջում արձագանքեց քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։ Վերջինս տարօրինակ համարեց ավագանու անդամ Լևոն Հովհաննիսյանի հաշվարկը՝ տրանսպորտային պարկի համալրման վերաբերյալ։ «1. 2020-ին համայնքի բյուջեով ձեռք է բերվել 100 կոմպակտ ավտոբուս (սա հենց ավտոբուս է, ոչ թե միկրոավտոբուս, ինչպես փորձում են ներկայացնել մեր ընդդիմախոս գործընկերները։ Ցանցում որոնեք «Գազել Նեքստ Սիթի» եւ ծանոթացեք տեխնիկական բնութագրին)։ 2․ 2021-ին կրկին համայնքի բյուջեով գնվել է 211 հատ 8,6-մետրանոց ավտոբուս։ 3․ Այսօր քաղաքապետ Մարությանը  հայտարարեց, որ համայնքի միջոցներով եւս 100 ավտոբուս գնելու հայտ է ներկայացվել։ 4․ Բացի դրանից, հայտնի է, որ վերջերս ՀՀ կառավարության, Երեւանի քաղաքապետարանի, ՎԶԵԲ-ի եւ «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ միջեւ ստորագրված վարկային եւ դրամաշնորհային համաձայնագրերով մեկնարկած գործընթացի արդյունքում քաղաքը կունենա 100 հատ 12 մետրանոց ավտոբուս։  Այսպիսով, 100 + 211 + 100 + 100 = 511 ավտոբուս։  Ըստ տրանսպորտային ռեֆորմի ծրագրի, քաղաքին անհրաժեշտ է 850 ավտոբուս։   511*100/850=60.11%»,- նշված էր Հակոբ Կարապետյանի գրառման մեջ։    Ի՞նչ չափանիշներ է առաջարկել Բրիտանական WYG ընկերությունը Բրիտանական WYG International ընկերությունն իրականացրել է «Նոր ավտոբուսային երթուղային ցանցի, ինտեգրված սակագնի և տոմսային համակարգի» մշակման ծրագիրը, որի աշխատանքների գործնական փուլը մեկնարկել է 2017 թվականին։ Ընկերությունը պարբերաբար ներկայացրել է աշխատանքի հաշվետվություն, վերջինը՝ 2019 թվականի հունվարի 30-ին։ Հաշվետվության 6-րդ կետի 3-րդ ենթակետում առաջարկվում են տրանսպորտային համակարգի փոխադրամիջոցների տեսակները։ Դրանք 3 տեսակի ավտոբուսներ են՝ 7․5-8․5 մետր, 12 մետր և 18 մետր(միակցված) երկարությամբ, որոնք պետք է ունենան համապատասխանաբար 45-55, 90-100 և 150 ուղևոր տեղատարություն։ Հետազոտություն իրականացրած ընկերությունը չի առաջարկել միկրոավտոբուսների շահագործում, քանի որ նրանց կարծիքով միկրոավտոբուսներն անհամատեղելի են ժամանակակից քաղաքային ցանցի սպասումների հետ: Հաշվետվության համաձայն՝ թեև կան բնակելի նեղ թաղամասեր, սակայն բրիտանական ընկերությունը երթուղիների ուսումնասիրությունների արդյունքում եկել է այն եզրակացության, որ բոլոր երթուղիները հնարավոր է սպասարկել առաջարկվող տրանսպորտային միջոցներով։ Ինչ վերաբերում է տրանսպորտային միջոցների անհրաժեշտ թվաքանակին, ապա ընկերության առաջարկով դրանց թիվը պետք է լինի 946, որտեղ ներառված են նաև տրոլեյբուսների թիվը։ Միայն  ավտոբուսների պահանջվող թվաքանակը 845 է։ Սակայն ներկա հավաքակազմի մեջ կան շահագործման ենթակա տրանսպորտային միջոցներ։ Ըստ ընկերության հաշվետվության՝ դրանց թիվը 283 է, որից 34-ը՝ տրոլեյբուս (հաշվետվությունը 2019 թվականի հունվարի 30-ի է, հետևաբար այս թվում ներառված չեն արդեն ձեռքբերված ավտոբուսները)։ Այսինքն՝ պահանջվող լրացուցիչ ավտոբուսների քանակը 2019 թվականի դրությամբ 596 է եղել։ Ավտոբու՞ս, թե՞ միկրոավտոբուս 2020 թվականի հուլիսի 16-ին Երևանի քաղաքապետարանը հաղորդագրություն տարածեց, համաձայն որի՝ համայնքի բյուջեի միջոցներով պետք է ևս 100 փոքր չափի ավտոբուս ձեռք բերվեր։ Հաղորդագրության մեջ հիշատակվում էր 12 մետրանոց 100 ավտոբուսների մրցույթի մասին, որը հայտարարվել էր ՎԶԵԲ ֆինանսավորմամբ, սակայն նշվում էր, որ բացի դրանցից ավելի կարճ ժամկետներում ավելի փոքր տարողությամբ 100 ավտոբուս ձեռք կբերվի։  Նույն ամսվա 21-ին քաղաքապետարանը հրապարակեց սեփական կարիքների համար ավտոբուսների ձեռքբերման գնման ընթացակարգի հայտարարությունը և հրավերը։ Հայտարարության հենց երկրորդ պարբերությունում ընդգծված է, որ գնման առարկան ավտոբուսն է, իսկ 6-րդ հավելվածում ներկայացված է գնման առարկայի տեխնիկական բնութագիրը։ Համաձայն այդ բնութագրի՝ ավտոբուսները պետք է լինեն փոքր տեղատարողությամբ, առավելագույնը 17 նստատեղով, կանգնած ուղևորների տեղափոխման և հաշմանդամության սայլակի տեղավորման հնարավորությամբ։ Արդեն գնման պայմանագրում նշվում է, որ ձեռքբերված գնման առարկան համապատասխանում է ներկայացվող պահանջներին։ Այս ավտոբուսների արտադրությամբ զբաղվող ընկերության պաշտոնական կայքում ձեռքբերված մեքենաների բնութագրին համապատասխան տվյալներով մեքենաները նշված են որպես ավտոբուս, ոչ թե միկրոավտոբուս։ Սակայն «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ ավտոբուսը ավտոմոբիլ է, որի նստատեղերի քանակը, բացառությամբ վարորդի նստատեղի, գերազանցում է 18-ը։ 9-17 նստատեղ ունեցող ավտոբուսը՝ առանց վարորդի նստատեղի, համարվում է միկրոավտոբուս։ Ինչպես արդեն նշեցինք, քաղաքապետարանի պատվիրած ավտոբուսների նստատեղերի քանակը 17 է։ Այս մասին նշվում է նաև քաղաքապետարանի պատրաստած տեսանյութում։ Այսինքն՝ համաձայն «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի, ձեռք են բերվել միկրոավտոբուսներ։ Բացի դրանից, քաղաքապետարանի ներկայացրած չափորոշիչներով ավտոբուսի երկարությունը 6․6 մետր է, սակայն բրիտանական ընկերության առաջարկում ամենափոքր չափի տրանսպորտային միջոցի երկարությունը նշված է 7․5-8․5 մետր։ Այսպիսով՝ քաղաքապետի խոսնակի պնդումը, թե 2020-ին ձեռքբերված 100 տրանսպորտային միջոցները ոչ թե միկրոավտոբուսներ են, այլ ավտոբուսներ, ճիշտ չէ։  Համայնքային բյուջեի և այլ միջոցներով ձեռբերումների մասին Ավագանու անդամ Լևոն Հովհաննիսյանը առանձնացնում է նաև համայնքային բյուջեի և վարկային ու դրամաշնորհային միջոցներով ձեռքբերված ավտոբուսները՝ տպավորություն ստեղծելով, թե Հայկ Մարությանը պնդում է, թե տրանսպորտի պարկը թարմացվում է բացառապես համայնքային միջոցներով։ Ճիշտ է, Մարությանի հայտարարության մեջ առանձնահատուկ նշում չկա ոչ համայնքային միջոցներով կատարվող ձեռքբերումների մասին, սակայն բացառապես համայնքային միջոցներով ցանցի թարմացման մասին էլ պնդում առկա չէ։  Ինչ վերաբերում է թվային տվյալներին, ապա ինչպես արդեն նշեցինք, ըստ հետազոտության, Երևանի տրանսպորտային պարկը արդիականացնելու համար անհրաժեշտ է 845 ավտոբուս (որից 249-ը առկա են ներկա հավաքակազմում և ենթակա են շահագործման)։ 2021 թվականին քաղաքապետարանը ձեռք է բերել 211 ավտոբուս, հաջորդ տարի պետք է ձեռք բերվի ևս 200 ավտոբուս, ընդհանուր՝ 411։ Այսինքն՝ եթե տրանսպորտային պարկի արդիականացման ծրագրում չհաշվենք 2020 թվականի ձեռքբերված 100 միկրոավտոբուսները, ապա 2022 թվականին պլանավորված ավտոբուսների ձեռքբերումից հետո տրանսպորտային պարկը թարմացված կլինի 48․63%-ով։ Այլ հարց է բրիտանական ընկերության ներկայացրած առաջարկը բավարարելը, քանի որ, եթե հաշվենք ոչ թե տրանսպորտային պարկի ընդհանուր թարմացումը, այլ ընկերության հետազոտության հաշվետվությունում նշված ձեռքբերվելիք ավտոբուսների անհրաժեշտ քանակը, ապա հաջորդ տարի կունենանք հաշվետվությունում նշված քանակի ավտոբուսների 68․95%-ի չափով ձեռքբերված նոր ավտոբուսներ։ Այսպիսով, Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանի պնդումը, թե 2020 թվականին ձեռք բերված տրանսպորտային միջոցները ավտոբուսներ են, ոչ թե միկրոավտոբուսներ, ճիշտ չէ, սակայն «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ Լևոն Հովհաննիսյանի իրականացրած հաշվարկը ևս մանիպուլյատիվ է։ Նարեկ Մարտիրոսյան
15:45 - 19 դեկտեմբերի, 2021
Միայն «Իմ քայլը» խմբակցության ապահոված ձայներով քվորում չէր կարող լինել ավտոբուսների գնման որոշումն ընդունելու համար

Միայն «Իմ քայլը» խմբակցության ապահոված ձայներով քվորում չէր կարող լինել ավտոբուսների գնման որոշումն ընդունելու համար

Այս տարվա փետրվարի 12-ին Երեւանի քաղաքապետարանն արտահերթ նիստով, ի թիվս այլնի, քննարկում էր նաեւ «Երեւան քաղաքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 23-ի N310-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշումը, որով նախատեսվում էր գումար հատկացնել նոր ավտուբուսների գնման համար։ Ի սկզբանե Երեւան քաղաքի 2021թ․ բյուջեով համայնքի բյուջեի միջոցների տարեսկզբի ազատ մնացորդը կանխատեսվել էր 7,940,000.0 հազ. դրամ, սակայն այն փաստացի կազմել էր 23,633,410.1 հազ. դրամ: Եւ հաշվի առնելով փաստացի կատարողականի արդյունքները՝ հիշյալ որոշման նախագծով նախատեսվել էր այդ գումարը բաշխել մի քանի ուղղություններով, որոնց թվում՝ ավտոբուսների գնմանը։ Ի վերջո, որոշման նախագծով առաջարկվել էր 11,988,460.0 հազ. դրամ ավելացնել «Տրանսպորտային համակարգի արդիականացում» ծրագրին։  Այդ գումարից 1,000,000.0 հազ. դրամը պետք է օգտագործվեր 2021 թվականի նշված ծրագրով ձեռք բերվող ավտոբուսների մաքսազերծման համար, 1,350,500.0 հազ. դրամը՝ 2020 թվականի բյուջեով նույն ծրագրի շրջանակներում պայմանագրային պարտավորությունների անցումն ապահովելու նպատակով, 3,200,000.0 հազ. դրամը՝ 2021 թվականի Երեւան համայնքի բյուջեի շրջանակներում թվով 161 միավոր ավտոբուսների ձեռք բերման՝ 7,200,000.0 հազ. դրամի ֆինանսական միջոցների առկայության ապահովման նպատակով, 6,421,260.0 հազ. դրամը՝ Տրանսպորտային համակարգի արդիականացման ծրագրի շարունակությունը ընթացիկ տարում ապահովելու նպատակով, իսկ 16,700.0 հազ. դրամը՝ տրանսպորտային հոսքերի մոդելավորման ծրագրի ձեռքբերման համար: Սակայն այս հարցի քննարկումն ու ընդունումն այնքան էլ հարթ չեն անցել։ Այսօր Երեւանի ավագանու անդամներ Վահե Գեւորգյանն ու Իզաբելլա Աբգարյանը, օրերս մանդատը վայր դրած Գրիգոր Երիցյանը ֆեյսբուքյան իրենց էջերում գրառումներ արեցին՝ նշելով, որ ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամներն այս հարցի քննարկումը տապալելու մտադրություն են ունեցել՝ նիստին չներկայանալու եւ քվորում չապահովելու միջոցով։ Որոշումն, այդուհանդերձ, ընդունվել է, Գեւորգյանի, Աբգարյանի ու Երիցյանի վստահեցմամբ՝ քաղաքապետ Հայկ Մարությանի ու որոշ ավագանիների մեծ ջանքերի շնորհիվ, իսկ «Իմ քայլը» խմբակցության հայտարարության համաձայն՝ իրենց քաղաքական որոշման արդյունքում։ Սակայն խմբակցության այդ վստահեցումն այնքան էլ միանշանակ չէ։ Այսպես, Երեւանի ավագանու արտահերթ այդ նիստին սկզբում Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարում է, որ նիստին մասնակցում է ավագանու 35 անդամ։ Օրակարգը ներկայացնելուց հետո, մինչ քաղաքապետի տեղակալ Սերգեյ Ներսիսյանը կներկայացներ վերը հիշատակված որոշումը, ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը ճշտող հարց է հնչեցնում՝ «ավագանու քանի՞ անդամ է գրանցվել»։ Մարությանի պատասխանից հետո՝ գրանցվել է 35 անդամ, Խաչատրյանը շեշտում է՝ «այսինքն՝ առանց ընդդիմության քվորում չկա, շնորհակալություն․․․ Եւ նաեւ առանց 3 անկախ ավագանիների»։ Խաչատրյանի հարցից հետո փոխքաղաքապետը ներկայացնում է քննարկվող հարցի բովանդակությունը՝ այդ թվում ավտոբուսների համար գումար հատկացնելու մասին։ Քննարկումից հետո կազմակերպվում է քվեարկությունը, որի համար գրանցվում է ավագանու 34 անդամ։ Քվեարկության արդյունքներով որոշումն ընդունվում է ձայների 32 կողմ, 2 դեմ, 0 ձեռնպահ հարաբերակցությամբ։  Անի Խաչատրյանը չի մասնակցում քվեարկությանը։  Որոշմանը կողմ են քվեարկում «Իմ քայլը» խմբակցությունից Անահիտ Ասատրյանը, Աննա Ջավախյանը, Անուշ Քլոյանը, Արթուր Իսպիրյանը, Արման Անտոնյանը, Արմեն Գալջյանը, Արմեն Սարգսյանը, Գայանե Վարդանյանը, Գրիգոր Երիցյանը, Դավիթ Խաչատրյանը, Էդուարդ Ավետիսյանը, Լեւոն Զաքարյանը, Լիլիթ Պիպոյանը, Լուսինե Գեւորգյանը, Հայկ Մարությանը, Հասմիկ Խաչունցը, Հրաչյա Սարգսյանը, Մարատ Թոխյանը, Պավել Մազմանյանը, Պավել Սարգսյանը, Ռաֆայել Ավետիսյանը, Սաթենիկ Մկրտչյանը, Սերգեյ Ապրեսյանը,Սերգեյ Սարգսյանը, Սիփան Ասատրյանը, Սուրեն Էյրամջյանը, Վահե Գեւորգյանը, Օվսաննա Հովսեփյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից Արմեն Ներսիսյանը, Մարկոս Հարությունյանը, ավագանու անկախ անդամներ Էռնեստ Ավանեսովը, Իզաբելլա Աբգարյանը։ Ավագանու անկախ անդամ Սերգեյ Գյոզալյանը եւ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արփենիկ Մարության ձեռնպահ են քվեարկում։ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքը սահմանում է, որ ավագանու նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է ավագանու անդամների՝ օրենքով սահմանված թվի կեսից ավելին: Ավագանին կազմված է 65 անդամից․ կեսից ավելին առնվազն 33-ն է։ Ուստի, թեեւ «Իմ քայլը» խմբակցությունն ապահովել է որոշման ընդունման համար ձայների նվազագույն քանակը, եւ դեռ ավելին, սակայն խմբակցության հայտարարությունը չի հերքում ավագանու անդամների պնդումը, քանի որ եթե ավագանու 2 անկախ անդամները եւ ավագանու ԲՀ խմբակցության 2 անդամները չգրանցվեին, քվորում չէր ապահովվի, եւ որոշումը չէր ընդունվի։ Հայարփի Բաղդասարյան
18:22 - 18 դեկտեմբերի, 2021
Ինչ կարող է սպասել Հայաստանը 3+2 ձևաչափից [Challenge 23.1 | Բենիամին Պողոսյան]

Ինչ կարող է սպասել Հայաստանը 3+2 ձևաչափից [Challenge 23.1 | Բենիամին Պողոսյան]

Քաղաքական և տնտեսական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն «Challenge» նախագիծն ուղղված է հանրային քննարկում խթանելու ներուժ ունեցող անհատների համար գրելու, ստեղծագործելու, փոփոխությունների միտք գեներացնելու ինչպես ֆինանսական, այնպես էլ հոգեբանական մոտիվացիա ստեղծելուն։ Յուրաքանչյուր հեղինակ հոդվածի վերջում «մարտահրավեր» է նետում այլ հրապարակախոսի, ոլորտային մասնագետի, փորձագետի կամ ցանկացած մարդու, որին համարում է թեմայի արժանի շարունակող։ Ներդրված է նվիրատվությունների համակարգ (հոդվածի վերջում), որի միջոցով ընթերցողը հնարավորություն ունի նվիրատվություն կատարելու հոդվածագրին։ infocom.am-ը հանդես է գալիս որպես միջնորդ ընթերցողի և հոդվածագրի միջև։ Ստեղծման պատմություն 2021 թ. դեկտեմբերի 10-ին Մոսկվայում տեղի ունեցավ Հարավային Կովկասում 3+2 ձևաչափով տարածաշրջանային նոր հարթակի առաջին հանդիպումը՝ Ադրբեջանի, Թուրքիայի, Իրանի, Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունների բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ։ Հարավային Կովկասում նմանատիպ հարթակի ստեղծման գաղափարը նոր չէ և այս կամ այն տարբերակով շրջանառվել է դեռևս 1990-ական թվականների վերջից։ 2008 թ. ռուս-վրացական պատերազմից անմիջապես հետո նմանատիպ հարթակի ստեղծման առաջարկով հանդես եկավ Թուրքիան, սակայն այն իրականություն չդարձավ՝ առաջին հերթին Ռուսաստանի սառը դիրքորոշման պատճառով։ Տարածաշրջանային համագործակցության գաղափարը վերստին շրջանառության մեջ դրվեց 2020 թ. արցախյան պատերազմից անմիջապես հետո։ Այդ մասին Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարեց 2020 թ. դեկտեմբերի 10-ին՝ Բաքվում կայացած «Հաղթանակի շքերթին» մասնակցելու նպատակով Ադրբեջան կատարած այցելության ընթացքում։ Գրեթե անմիջապես դրական արձագանքներ ստացվեցին Ադրբեջանից և Իրանից, իսկ որոշ ժամանակ անց այս գաղափարին իր աջակցությունը հայտնեց նաև Ռուսաստանը։ Հայաստանի և Վրաստանի արձագանքն ավելի սպասողական և խուսափողական էր։  Հայաստանի կառավարությունը հայտարարեց, որ, նախքան վերջնական դիքրորոշում հայտնելը, անհրաժեշտ է ավելի լավ հասկանալ հարթակի ստեղծման նպատակները։ Մի քանի հակասական հայտարարություններից հետո վրացական իշխանություններն ի վերջո հանդես եկան հստակ մերժմամբ։ Վրաստանն իր դիրքորոշումը հիմնավորում է Ռուսաստանի կողմից Աբխազիայի և Հարավային Օսիայի օկուպացման փաստով՝ հայտարարելով, որ չի կարող օկուպանտ պետության հետ քննարկել տարածաշրջանային համագործակցությանն առնչվող հարցեր։ Այս հարցում էական նշանակություն ունեցավ նաև ԱՄՆ-ի բացասական դիրքորոշումը հարթակի և դրան Վրաստանի մասնակցության վերաբերյալ։ 2021 թ. հոկտեմբերին՝ Վրաստան կատարած այցելության ընթացքում, ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը հստակ հայտարարեց, որ նախքան նման հարթակների ստեղծումը Ռուսաստանը պետք է կատարի 2008թ. օգոստոսին ստորագրված հրադադարի պայմանները և զորքերը դուրս հանի Վրաստանի տարածքից։  Հայաստանի իշխանությունները հարթակին իրենց մասնակցության հարցը վերջնականապես հստակեցրին միայն 2021թ. դեկտեմբերի 8-ին, երբ Ազգային ժողովում վարչապետը հայտարարեց Մոսկվայում սպասվող հանդիպման մասին։ Միևնույն ժամանակ Հայաստանը պնդում է, որ այս նոր ձևաչափում չպետք է քննարկվեն տարածաշրջանային այն խնդիրները, այդ թվում՝ արցախյան հիմնախնդիրը, հաղորդակցության  ուղիների ապաշրջափակումը, հայ-ադրբեջանական սահմանների դելիմիտացիան և դեմարկացիան, որոնք դիտարկվում են այլ կառույցներում։ Հարթակի ստեղծման նպատակները 3+2 ձևաչափի ստեղծման հիմնական նպատակը վերջին տարիներին Ռուսաստանի և Թուրքիայի միջև ձևավորված «Մրցակցային համագործակցության» հարաբերությունների տեղայնացումն է Հարավային Կովկասում։ Տարբեր տարածաշրջաններում՝ Հարավային Կովկաս, Սևծովյան ավազան, Մերձավոր Արևելք, Հյուսիսային Աֆրիկա, Բալկաններ, ունենալով համընկնող և հակադրվող շահեր՝ Ռուսաստանը և Թուրքիան առնվազն վերջին հինգ տարիների ընթացքում կարողացել են ձևավորել հարաբերությունների արդյունավետ մոդել։ Այն թույլ է տալիս տարանջատել տարբեր խնդիրները և, կոշտ պայքար մղելով մի քանի տարածաշրջաններում, համագործակցել մյուսներում։ Ռուս-թուրքական հարաբերություններում այս նոր ձևաչափը սկսել է ձևավորվել դեռևս 2000-ականների կեսերից, սակայն այն առավել հստակ տեսք ստացավ 2016-ի հուլիսին՝ Թուրքիայում իրականացված ռազմական հեղաշրջման անհաջող փորձից հետո, երբ Ռուսաստանը միանշանակ աջակցություն ցուցաբերեց նախագահ Էրդողանին։  Նախագահ Էրդողանը վերջին տասը տարիների ընթացքում ձեռնամուխ է եղել հարաբերականորեն անկախ և ինքնուրույն արտաքին քաղաքականություն իրականացնող Թուրքիա ձևավորելուն, որն աստիճանաբար հրաժեշտ է տալիս սոսկ ԱՄՆ-ի շահերը սպասարկող գործիքի իմիջին։ Այս ռազմավարությունը տեղավորվում է գլոբալ աշխարհակարգի աստիճանական փոփոխության համատեքստում։ 1991-2008թթ. ԱՄՆ-ի բացարձակ գերիշխանությամբ բնորոշվող միաբևեռ համակարգն աստիճանաբար իր տեղն է զիջում շատ ավելի բարդ, բազմաբևեռ աշխարհակարգի, որտեղ, բացի ԱՄՆ-ից, էական ազդեցություն ունեն նաև Չինաստանը, Ռուսաստանը, Հնդկաստանը, Եվրամիությունը։ Այս խորքային փոփոխություններն ուղեկցվում են «գլոլաբալիզացիայի ռեգիոնալիզացմամբ», երբ աստիճանաբար սրվում է պայքարը տարածաշրջանային գերիշխանության համար, այդ թվում՝ ուժային դիվանագիտության և ռազմական շանտաժի տարրերի կիրառմամբ։ Տարածաշրջանային շատ խնդիրներ սկսում են կարգավորվել հիմնականում տարածաշրջանային տերությունների կողմից, մինչդեռ մինչև 2008 թ. խաղի կանոնները սահմանում և լուծումները պարտադրում էր բացառապես ԱՄՆ-ն․ բոսնիական ճգնաժամի կարգավորում՝ 1995 թ., Սերբիայի պատժում՝ 1999 թ., ներխուժում Աֆղանստան և Իրաք՝ համապատասխանաբար 2001 թ. և 2003 թ., Կոսովոյի անկախության հռչակում՝ 2008 թ.։ Այս գլոբալ փոփոխությունները ազդում են նաև Հարավային Կովկասի անվտանգության դինամիկայի վրա։ Այստեղ հիմնական խաղացող շարունակում է մնալ Ռուսաստանը, որը տարածաշրջանը դիտարկում է որպես իր հատուկ շահերի գոտի։ Երկարաժամկետ հեռանկարում Ռուսաստանի համար իդեալական տարբերակ է Հարավային Կովկասից բոլոր արտաքին խաղացողների դուրս մղումը, սակայն առայժմ Ռուսաստանը բավարարվում է Արևմուտքի ազդեցության սահմանափակմամբ։ Հարաբերականորեն ինքնուրույն արտաքին քաղաքականություն իրականացնող Թուրքիայի հետ տարածաշրջանային խնդիրների կարգավորումը Ռուսաստանը դիտարկում է որպես առավել արդյունավետ միջոց՝ Հարավային Կովկասում ԱՄՆ-ի և ԵՄ-ի ուղղակի ներգրավվումը սահմանափակելու համար։ Իր հերթին Թուրքիան  3+2 հարթակի ստեղծումը դիտարկում է որպես տարածաշրջանում սեփական ազդեցությունը լեգիտիմացնելու և ֆիքսելու հնարավորություն՝ դա համարելով առաջին քայլ՝ երկարաժամկետ հեռանկարում տարածաշրջանում Ռուսաստանի փոխարեն առավել ազդեցիկ տերություն դառնալու ճանապարհին։ Հարթակի ձևավորումը կարելի է համարել միջնաժամկետ հեռանկարում Հարավային Կովկասում մրցակցության կարգավորման և այլ խաղացողների ազդեցությունը սահմանափակելու ռուս-թուրքական փորձ։ Հայաստանի խնդիրները 2020 թ. արցախյան պատերազմում պարտությունը էականորեն նվազեցրել է Հայաստանի աշխարհաքաղաքական նշանակությունը, պետության համախումբ ներուժը և բացասական զարգացումներին դիմագրավելու կարողությունները։ Պատերազմի հետևանքով կտրուկ ավելացել է կախվածությունը Ռուսաստանից։ Եթե մինչև 2018 թ. միջազգային փորձագետները հաճախ Հայաստանն անվանում էին «Ռուսաստանի հաճախորդ պետություն» (client state of Russia), ապա 2020 թ. նոյեմբերից հետո ոմանք ընդհանրապես կասկածի տակ են դնում Հայաստանի՝ արտաքին և անվտանգային ինքնուրույն քաղաքականություն վարելու հնարավորությունները։ Ստեղծված պայմաններում, ակնհայտորեն, Հայաստանը չէր կարող մերժել 3+2 հարթակին անդամակցելու Ռուսաստանի առաջարկ/պահանջը։  Միևնույն ժամանակ դժվար թե Հայաստանը օգուտներ քաղի հարթակին մասնակցությունից։ Նախ, այն հնարավորություն է տալիս Թուրքիային անմիջականորեն ներգրավվելու Արցախի հետագա ճակատագրին, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին առնչվող քննարկումներին։ Միևնույն ժամանակ, անկախ Հայաստանի ցանկությունից, 3+2 ձևաչափն աստիճանաբար դառնալու է Արցախի խնդրի քննարկման ևս մեկ հարթակ՝ ավելի նվազեցնելով առանց այդ էլ անորոշ վիճակում գտնվում ԵԱՀԿ Մինսկի խմբի դերը։ Ստեղծված պայմաններում Հայաստանի համար չկան լավ ելքեր, և խնդիրը վատի ու վատագույնի միջև ճիշտ ընտրություն կատարելն է։ Հետգրություն․ թեման շարունակելու համար մարտահրավերը նետում եմ Հրանտ Տեր-Աբրահամյանին և Հրանտ Միքայելյանին: Մարտահրավերը բաց է թեմայով հետաքրքրվողների համար:
17:09 - 13 դեկտեմբերի, 2021
Հայաստանի սահմանի արևելյան ուղղությամբ վերջին օրերին տեղի ունեցած մարտերի տեղորոշումն ու դրանց զուգահեռ արված հայտարարությունները

Հայաստանի սահմանի արևելյան ուղղությամբ վերջին օրերին տեղի ունեցած մարտերի տեղորոշումն ու դրանց զուգահեռ արված հայտարարությունները

Նոյեմբերի 14-ին սոցիալական հարթակներում սկսեցին շրջանառվել տեղեկություններ հայ-ադրբեջանական սահմանային լարվածության վերաբերյալ։ Մասնավորապես, խոսվում էր Սիսիանի, Նախիջևանի և Ջերմուկի հատվածներում իրավիճակի սրման մասին։  Այս տեղեկություններից որոշ ժամանակ անց Պաշտպանության նախարարությունը տարածեց պաշտոնական հաղորդագրություն, համաձայն որի՝ այդ օրը՝ ժամը 13։00-ի սահմաններում, ադրեջանական ԶՈՒ ստորաբաժանումները փորձել էին դիրքային առաջխաղացում ապահովել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ, սկսվել էր ինտենսիվ փոխհրաձգություն։ Ըստ ՀՀ ՊՆ-ի՝ հայ դիրքապահները կանխել էին այդ տարածքում հակառակորդի դիրքավորվելու փորձերը։ Նոյեմբերի 14-ի երեկոյան ադրբեջանական տելեգրամ ալիքներում հայտնվեցին տեսանյութեր՝ ադրբեջանական ԶՈՒ խմբավորումների՝ հայկական տարածք ներխուժման և հայկական դիրքերին մոտենալու վերաբերյալ։ Infocom-ը տեղորոշել է տարածված տեսանյութերը և ամբողջացրել վերջին օրերի դեպքերի հաջորդականությունն ու մարտերին զուգահեռ արված հայտարարությունները։ Որտեղ են ընթացել մարտերը և որ դիրքերից են տեսանյութեր հրապարակել ադրբեջանական աղբյուրները Նոյեմբերի 14-ի երեկոյան ադրբեջանական տելեգրամ ալիքներում հայտնվեցին տեսանյութեր, որտեղ ադրբեջանական ԶՈՒ խմբավորումները մոտենում էին հայկական դիրքերին։ Այս  տեսանյութերի ուսումնասիրությունից պարզ դարձավ, որ ադրբեջանցիները ներխուժել էր հայկական տարածք և սկզբում մոտեցել հայկական առաջին դիրքին։Ստորև ներկայացված լուսանկարում դեղինով պատկերված է Հայաստանի և Ադրբեջանի սահմանագիծը՝ ըստ Google Earth-ի, կարմիրով պատկերված է այն ճանապարհը, որով ադրբեջանական ԶՈՒ խմբավորումները մոտեցել են Հայաստանի պետական սահմանից ներս ընկած հայկական դիրքին։ Լուսանկարներից առաջինը հայկական դիրքից հարավ-արևելք ընկած բլուրն է՝ Google Earth արբանյակային լուսանկարով, իսկ երկրորդ լուսանկարում նույն բլուրն է, որը երևում է ադրբեջանական տեսանյութում։ Այս լուսանկարի բլուրը հայկական դիրքի հյուսիս-արևմուտքում է։ Առաջին լուսանկարը վերցված է Google Earth-ից, իսկ երկրորդը՝ ադրբեջանական տեսանյութից։  Սույն տեսանյութում, առաջին դիրքից բացի, երևում է նաև հաջորդ հայկական դիրքը, որտեղից ադրբեջանական ԶՈՒ խմբավորումները տեսանյութ չեն հրապարակել, սակայն տեսանյութ է հրապարակվել դրան հաջորդող երրորդ հայկական դիրքից։ Այսինքն՝ ադրբեջանական խմբավորումները եղել են նաև երկրորդ դիրքում և անցել են այնտեղով։ Ստորև կարող եք տեսնել ադրբեջանական ԶՈՒ խմբավորումների առաջխաղացումը, որի վերլուծությունը հիմնված է հրապարակված ադրբեջանական տեսանյութերի վրա։ Իսկ ներքևում կարող եք տեսնել տեսանյութի այն լուսանկարը, որտեղ երևում է վերոնշյալ հայկական դիրքը։ Հայկական այս դիրքը ՀՀ պետական սահմանից 280 մետր խորության վրա է։ Նոյեմբերի 14-ին ադրբեջանական տելեգրամ ալիքներում հայտված հաջորդ տեսանյութը դարձյալ Հայաստանի տարածքում է՝ սահմանագծից շուրջ 1,5 կմ հեռավորության վրա։ Ուսումնասիրությունից պարզ դարձավ, որ ադրբեջանցիների նկարահանած տեսանյութը ստորև ցուցադրվող հայկական դիրքից է։   Ինչպես նշեցինք, այս մարտական դիրքը ՀՀ պետական սահմանից 1,5 կմ խորության վրա է։ Ադրբեջանական ԶՈՒ խմբավորումները ենթադրաբար այս դիրք են հասել ստորև ներկայացվող ճանապարհով։     Քանի որ գլխավոր դատախազի խորհրդականը հայտարարել էր, որ ադրբեջանական զորքի՝  ՀՀ պետական սահմանը հատելու և ՀՀ տարածքով 1-ից մինչև 2 կմ առաջանալու, ՀՀ ԶՈՒ 4 մարտական դիրքերին մոտենալու առթիվ հարուցվել է քրեական գործ, ապա հավանականություն կա, որ ադրբեջանական ԶՈՒ խմբավորումները եղել է նաև ստորև բերվող հայկական դիրքում, որը պետական սահմանից շուրջ 2 կմ հեռավորության վրա է։ Լուսանկարում կարմիրով պատկերված է ադրբեջանական ԶՈՒ խմբավորումների՝ նշված հայկական դիրքին մոտենալու հավանական ճանապարհը, իսկ դեղինով՝ պետական սահմանագծից հեռավորությունը։  Նոյեմբերի 15-ին Անվտանգության խորհուրդը հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ ասվում էր, թե Ադրբեջանի ներխուժման հետևանքով 4 դիրք հայտվել է շրջափակման մեջ։ Բանակցությունների հետո Ադրբեջանի զինտեխնիկան և զորքը դուրս էին բերվել ՀՀ տարածքից, իսկ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները դուրս էին եկել այդ դիրքերից։ Այսինքն՝ ստացվում է, որ ըստ հայտարարության՝ վերոնշյալ չորս դիրքերում բանակցություններից հետո չեն եղել ո՛չ ադրբեջանական, ո՛չ հայկական զինված ստորաբաժանումներ։ Նոյեմբերի 16-ին վերսկսվեցին մարտական գործողությունները։ Ըստ ՀՀ ՊՆ-ի՝ իրադրությունը շարունակում էր լարված մնալ, որոշ դեպքերում՝ նույնիսկ ծայրահեղ լարված։ Ավելի ուշ հաղորդվեց, որ հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ, ինչպես նաև 2 մարտական դիրքի կորուստ։ Հաշվի առնելով նոյեմբերի 14-ի տեսանյութերի վերլուծությունից ստացված պատկերը՝ կարող ենք ենթադրել, որ ադրբեջանական կողմը վերահսկողություն էր հաստատել  հայկական առաջին երկու դիրքերի նկատմամբ։     Ավելի ուշ «Զինուժը» հրապարակեց հակառակորդի զրահատեխնիկայի խոցման երկու տեսանյութ [1,2]։ Այս տեսանյութերի ուսումնասիրությունից պարզ դարձավ, որ հակառակորդի զրահատեխնիկան խոցվել է Հայաստանի պետական սահմանի ներսում, այսինքն՝ հակառակորդը զրահատեխնիկայով հատել է Հայաստանի սահմանը։ Տեսանյութերից առաջինում ադրբեջանական զրահատեխնիկան խոցվել է ՀՀ պետական սահմանից ներս՝ շուրջ 550 մետր խորության վրա։   Երկրորդ տեսանյութում երևում է խոցված 3 զրահատեխնիկա։ Տեսանյութի խոցված զրահատեխնիկաներից առաջինը նախորդ տեսանյութում խոցված զրահատեխնիկայի կողքին է։ Հաջորդ կադրում երևում է նույն խոցված զրահատեխնիկան՝ խոշոր պլանով։ Այս դեպքում զրահատեխնիկայի հետևում նշմարվում է բլրի քարքարոտ հատվածի ստորին մասը, ինչից էլ կարող ենք հասկանալ, որ տեխնիկան խոցվել է հենց այդ վայրում։   Մյուս երկու զրահատեխնիկաները խոցվել են ՀՀ սահմանից շուրջ 400 և 450 մետր խորությունների վրա։ Ըստ տեսանյութերի վերլուծության՝ հայկական կողմը խոցել է ադրբեջանական 4 զրահատեխնիկա։ Խոցված տեխնիկաների տեղադիրքը կարող եք տեսնել ստորև ներկայացվող քարտեզում, որտեղ դեղինով նշված է հայ-ադրբեջանական սահմանը (ըստ Google Earth-ի), իսկ կարմիրով՝ խոցված զրահատեխնիկաները։ Նոյեմբերի 18-ին և 19-ին ադրբեջանական և հայկական մեդիայում հայտնվեց խոցված զրահատեխնիկայի երկու տեսանյութ։ Այս տեսանյութերում նույն զրահատեխնիկան էր, ինչի մասին արդեն խոսեցինք։ Տեսանյութերից մեկում նկարողը խոսում է ադրբեջաներեն, իսկ մյուսում՝ հայերեն, այսինքն՝ այս տեղանքում ինչ-որ պահի եղել են ադրբեջանական ԶՈՒ խմբավորումները, մեկ այլ պահի՝ հայկական։ Սակայն հայտնի չէ, թե այս պահին ում վերահսկողության տակ է նշված տարածքը, որը ՀՀ պետական սահմանից ներս է։ Ստորև ներկայացվող լուսանկարներից ձախում ադրբեջանական տեսանյութից հատված է, որտեղ երևում են խոցված երկու տեխնիկաները, իսկ աջում լուսանկար է Google Earth-ից, որտեղ նշված են խոցված տեխնիկաների տեղադիրքերը։ Պատկերը հնարավոր է նույնականացնել դիմացի բլրով։   Ստորև մեկ այլ լուսանկար է, որտեղ երևում է ադրբեջանական ռազմական խոցված մեքենան, որը հնարավոր է նույնականացնել մեքենայի հետևում երևացող բլրով։   Այսպիսով՝ եթե ամփոփենք վերջին օրերին ստացված պաշտոնական հաղորդագրությունները և հրապարակված տեսանյութերը, կարող ենք մոտավոր պատկերացում կազմել, թե որ հատվածներում են ընթացել մարտերը։ Ստորև ներկայացվող քարտեզում նշված է հենց այդ հատվածը։ Այնուամենայնիվ, պարզ չէ, թե այս պահին ում վերահսկողության տակ է ՀՀ պետական սահմանների ներսում գտնվող նշված տարածքը։ Նարեկ Մարտիրոսյան
17:12 - 20 նոյեմբերի, 2021
Վիտամինները չեն կանխում կորոնավիրուսով վարակումը, իսկ դեղահաբերով վիտամիններ ընդունել կարելի է միայն բժշկի ցուցումով

Վիտամինները չեն կանխում կորոնավիրուսով վարակումը, իսկ դեղահաբերով վիտամիններ ընդունել կարելի է միայն բժշկի ցուցումով

Սոցցանցերում և սունկ կայքերում երբեմն կարելի է հանդիպել հրապարակումների, որտեղ նշվում է, թե մասնագետները խորհուրդ են տալիս ընդունել վիտամիններով հարուստ սնունդ կամ դեղահաբերով վիտամիններ՝ կորոնավիրուսից պաշտպանվելու համար։ Չնայած որոշ վիտամինների ընդունումն ունի հակաբորբոքային, իմունիտետը խթանող ազդեցություն, չկան բավարար տվյալներ՝ պնդելու, որ վիտամինները կարող են կանխել կորոնավիրուսով վարակվելը կամ էական ազդեցություն ունենալ կորոնավիրուսային հիվանդության ընթացի վրա։ Իսկ առանց բժշկի թույլտվության դեղահաբերով վիտամիններ ընդունել չի կարելի, քանի որ որոշ վիտամինների բարձր չափաբաժիններ կարող են վտանգավոր հետևանքներ ունենալ։ Այժմ պատասխանենք մի քանի կարևոր հարցերի․ ինչե՞ր են վիտամինները, ի՞նչ գործառույթներ են կատարում օրգանիզմում, ինչպե՞ս ենք մենք ստանում օրգանիզմի համար անհրաժեշտ վիտամինները, ըստ գիտական հետազոտությունների՝ ինչպե՞ս են վիտամիններն ազդում կորոնավիրուսային հիվանդության վրա, ինչո՞ւ չի կարելի դեղահաբերով վիտամիններ ընդունել՝ առանց բժշկի հետ խորհրդակցելու։   Ինչե՞ր են վիտամինները Վիտամիններն օրգանական նյութեր են, որոնք առկա են բուսական և կենդանական սննդի մեջ։ Մենք որոշ վիտամիններ ստանում ենք սննդից, որոշ վիտամիններ էլ արտադրում է մեր օրագնիզմը։ Վիտամիններն անհրաժեշտ են մեր օրգանիզմին աճելու և զարգանալու համար․ յուրաքանչյուր վիտամին օրգանիզմում որոշակի գործառույթ ունի, և վիտամինների պակասը կարող է առողջական խնդիրներ առաջացնել։ Վիտամին C-ն, օրինակ, մեծ դեր ունի իմունային համակարգի գործունեության և կարգավորման հարցում, այս վիտամինի պակասն ասոցացվում է շնչառական վարակների և թոքաբորբի հանդեպ ընկալունակության բարձրացման հետ։ Վիտամին D-ն էլ օգնում է իմունային համակարգին տարբեր եղանակներով, այդ թվում՝ պաշտպանելով վիրուսներից և նվազեցնելով սուր շնչառական վարակների ռիսկը։ Բավականաչափ վիտամիններ ստանալու լավագույն միջոցը հավասարակշռված սննդակարգն է, որը ներառում է տարբեր սննդատեսակներ։ Երբեմն անհրաժեշտ է լինում վիտամինների պակասը լրացնել դեղահաբերի միջոցով, բայց նման դեպքերում պետք է խորհրդակցել բժշկի հետ, քանի որ  որոշ վիտամինների բարձր չափաբաժիններ կարող են խնդիրներ առաջացնել։   Վիտամինները և կորոնավիրուսը Գիտական տարբեր հետազոտություններ են իրականացվել և շարունակում են իրականացվել՝ հասկանալու համար, թե արդյո՞ք կորոնավիրուսի դեմ պայքարում վիտամինների որոշ տեսակներ կարող են արդյունավետ լինել։ Հետազոտությունների արդյունքները միանշանակ չեն։ Օրինակ, որոշ հետազոտություններ ցույց են տալիս, որ COVID-ով հիվանդների կլինիկական վիճակը բարելավվել է վիտամին C-ի ընդունման դեպքում։ Կան նաև հետազոտություններ, ըստ որոնց՝ կորոնավիրուսային հիվանդություն ունեցողների մոտ այս վիտամինն ընդունելը դրական արդյունքներ չի ունեցել։ Նույնը վերաբերում է վիտամին D-ին։ Եթե մի հետազոտության դեպքում D վիտամինի պակաս ունեցող մարդկանց մոտ կորոնավիրուսով վարակվելու հավանականությունն ավելի մեծ է եղել, ապա կան հետազոտություններ, որոնց արդյունքներով D վիտամինը որևէ ազդեցություն չի ունեցել վարակումը կանխելու հարցում։ Երևանի պետական բժշկական համալսարանի համաճարակաբանության ամբիոնի դոցենտ Մերի Տեր-Ստեփանյանը նշում է, որ հետազոտությունների արդյունքում առավել դրական ազդեցություն դրսևորել է վիտամին D-ն, որն առաջին, երկրորդ մակարդակի ապացուցողական հիմք ունի՝ մեղմելու հիվանդության ընթացքը, նվազեցնելու թթվածնային կախվածությունը և ավելի բարվոք ելքի բերելու։ Սակայն, ըստ Մերի Տեր-Ստեփանյանի՝ դեռևս շարունակական ապացուցողական տվյալներ են անհրաժեշտ, որպեսզի այս վիտամինը մտցվի բուժական ընթացակարգի մեջ՝ որպես խթանող, բուժմանն օժանդակող միջոց։  «C վիտամինը սուր շնչառական վիրուսային վարակների ժամանակ որպես օգնող, օժանդակող միջոց, խորհուրդ տվում է կիրառել, բայց վիտամինն օժանդակ միջոց է և որևէ առանցքային նշանակություն չունի։ Ճչացող վերնագրեր դնել, որ դա համար մեկ թշնամին է, շատ սխալ է։ Եթե մենք այսօր ունենք կորոնավիրուսի իրական համար մեկ թշնամին՝ պատվաստումը, հիմնվել հանրամատչելի, ոչ գիտական տվյալների վրա, ասել՝ նուռ կերեք, կիվի կերեք և դրանով կկանխեք COVID-ը, գիտական որևէ հիմք չունի»,- նշում է նա։ Մերի Տեր-Ստեփանյանը խորհուրդ չի տալիս առանց բժշկի խորհրդի դեղահաբերով վիտամիններ ընդունել՝ կորոնավիրուսով վարակվելը կանխելու կամ կորոնավիրուսային հիվանդության ընթացքը թեթևացնելու նպատակով։ «Ցանկալի է վիտամիններն ընդունել հենց սննդի միջոցով, դեղահաբերի տեսքով սննդային հավելումներից, լրացուցիչ վիտամիններից և հանքային նյութերից հնարավորինս խուսափել առանց բժշկի խորհրդի, որովհետև դրանք կարող են ունենալ նաև հակառակ ազդեցությունը։ Վիտամին C-ն որոշ դեպքերում կարող է ալերգիկ պրոցեսներ խթանել, դրա ավելցուկ քանակները կարող են բերել փորլուծության, սրտխառնոցի, փսխման, որոշ տվյալների համաձայն՝ բջիջների ատիպիկ զարգացման և գերաճի: Այնպես որ, վիտամիններին չի կարելի անլուրջ վերաբերվել։ Եկեք հիմնվենք բժշկի խորհրդի վրա և վիտամինների հիմքը ստանանք սննդի միջոցով, ոչ թե դեղահաբերի»,- ասում է մասնագետը։ Մերի Տեր-Ստեփանյանը հավելում է, որ կորոնավիրուսի դեմ պայքարելու արդյունավետ միջոցը առաջին հերթին պատվաստումն է, իսկ հետո՝ հակահամաճարակային կանոնների պահպանումը՝ դիմակների կրում, սոցիալական հեռավորության պահպանում, ձեռքերի ախտահանում և այլն։ Ամփոփելով՝ նշենք․ վիտամինները մեր օրգանիզմի համար կարևոր նյութեր են, որոշ վիտամիններ ունեն հակաբորբոքային նշանակություն և պաշտպանում են սուր շնչառական վարակներից, օրգանիզմի համար անհրաժեշտ վիտամիններ ստանալու լավագույն միջոցը ճիշտ սննդակարգն է․ դեղահաբերով վիտամիններ կարելի է ստանալ միայն բժշկի ցուցումով, քանի որ մեծ չափաբաժինները կարող են խնդիրներ առաջացնել, կորոնավիրուսային հիվանդության վրա վիտամինների ունեցած ազդեցության վերաբերյալ կան հետազոտություններ, սակայն դրանց արդյունքները միանշանակ չեն․ չկան հստակ տվյալներ՝ պնդելու, որ վիտամինները դրական ազդեցություն ունեն կորոնավիրուսային հիվանդության ընթացքի վրա կամ կարող են կանխել վարակումը։ Գլխավոր լուսանկարը՝ Nature-իԱննա Սահակյան
17:52 - 19 նոյեմբերի, 2021
Տեղեկացնելը դեռեւս չի նշանակում դիմել․ ՄԱԿ ԱԽ դիմելու համար միջազգային խաղաղությանը սպառնացող վտանգի մասին գրավոր հիմքեր են պետք

Տեղեկացնելը դեռեւս չի նշանակում դիմել․ ՄԱԿ ԱԽ դիմելու համար միջազգային խաղաղությանը սպառնացող վտանգի մասին գրավոր հիմքեր են պետք

Հայաստանի Հանրապետության դեմ Ադրբեջանի երեկվա հերթական ագրեսիայի համատեքստում դարձյալ քննարկվում է Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդին (ՄԱԿ ԱԽ) դիմելու հարցը։ Հայաստանյան պետական գերատեսչությունների ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են, որ ՀՀ-ն տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը պաշտպանելու համար դիտարկվում է միջազգային իրավունքի եւ դիվանագիտական պրակտիկայի բոլոր գործիքների կիրառումը՝ ի թիվս այլնի նկատի ունենալով նաեւ ՄԱԿ-ին դիմելու հավանականությունը։ Այս համատեքստում այսօր առավոտյան ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը գրառում էր կատարել ՄԱԿ ԱԽ-ին դիմելու հարցերի վերաբերյալ՝ նշելով, որ ՀՀ ԱԳՆ-ն արդեն իսկ տեղեկացրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահին ստեղծված իրավիճակի մասին:  ՄԱԿ ԱԽ քարտուղարին իրավիճակի մասին տեղեկացնելը, սակայն, դեռեւս չի նշանակում դիմել ԱԽ-ին։ Չնայած Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությամբ սահմանված է, որ ՄԱԿ ցանկացած անդամ կարող է ՄԱԿ ԱԽ-ին տեղյակ պահել միջազգային անվտանգությանն ու խաղաղությանը առնչվող վեճի կամ իրավիճակի մասին, սակայն գոյություն ունի նաեւ մեկ այլ փաստաթուղթ՝ Provisional Rules of Procedure՝ Ընթացակարգի ժամանակավոր կանոնակարգ, որը կարգավորում է, թե Անվտանգության խորհրդում ինչպես են նախաձեռնվում եւ կազմակերպվում քննարկումները։ Այստեղ 3-րդ կանոնը նշում է, որ Անվտանգության խորհրդի նախագահը հրավիրում է հանդիպում-քննարկում, երբ իրավիվիճակը կամ վեճը ներկայացվում է ԱԽ ուշադրությանը՝ ՄԱԿ-ի կանոնադրության 35-րդ հոդվածի հիմքով։ Վերջինում նշված է, որ Միավորված ազգերի կազմակերպության ցանկացած անդամ կարող է ՄԱԿ-ի ուշադրությունը հրավիրել այնպիսի իրավիճակի կամ վեճի վրա, որը վտանգում է միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը (հոդված 35, մաս 1-ին. «Միավորված ազգերի կազմակերպության ցանկացած անդամ կարող է Անվտանգության խորհրդին կամ Գլխավոր ասամբլեային տեղյակ պահել 34-րդ հոդվածում նշված բնույթի ցանկացած վեճի կամ իրավիճակի մասին։», հոդված 34. «Անվտանգության խորհուրդը իրավասու է հետաքննել ցանկացած վեճ կամ իրավիճակ, որը կարող է հանգեցնել միջազգային լարվածության կամ վեճի, որոշելու համար, թե կարող է արդյոք տվյալ վեճի կամ իրավիճակի շարունակվելը վտանգել միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը։»,- հեղ․)։ Եվրադատարանում հայ գերիների շահերի պաշտպան, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանն Infocom-ի հետ զրույցում հաստատեց, որ ԱԽ նախագահին իրավիճակի մասին տեղեկացնելը եւ դիմել, հարցի նկատմամբ ուշադրություն հրավիրելը տարբեր գործընթացներ են։ Նրա խոսքով՝ մենք ՄԱԿ-ին կարող ենք տեղեկություն տալ մեր երկրում տեղի ունեցող զարգացումների մասին, սակայն սրա հիման վրա գործընթացներ չեն կարող նախաձեռնվել։  «Անվտանգության խորհրդի նախագահն ունի ներկայացուցչական գործառույթ, բայց կարգավորումը կախված է նրանից, թե ինչ բովանդակությամբ տեղեկություն է տրամադրվել։ Եթե ընդամենը տեղեկացրել են միջադեպի մասին, դա չի կարող ընկալվել որպես պաշտոնական դիմում՝ հարցի վրա ուշադրություն դարձնելու եւ գործընթացում ներգրավվելու վերաբերյալ։ Զուտ նամակի առկայությունը բավարար չի կարող գնահատվել պահանջի կատարման համար։ Այստեղ դիմող պետությունը պետք է հիմնավորի, որ այնպիսի իրավիճակի կամ վեճի է առնչվում, որը վտանգում է միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը։ Հետեւաբար, դիմող պետությունը նաեւ պարտականություն ունի ապացուցելու ու հիմնավորելու իրավիճակի բնույթը։ Եթե դա կատարեր ԱԽ անդամ-պետությունը, այս բեռը կարող էր չկրել, որովհետեւ նրանք ցանկացած հարցով կարող են դիմել։ Բայց ոչ անդամ-պետությունների՝ ՄԱԿ-ի ԱԽ-ին դիմելու հնարավորություններն ավելի սահմանափակ են, եւ դիմելը կարող է հետեւանք առաջացնել, եթե այն, ինչպես նշեցի, առնչվում է միջազգային անվտանգությանն ու խաղաղությանը»,- մեր զրույցում ասաց իրավապաշտպանը։ Այսինքն, եթե Հայաստանը չկարողանա հիմնավորել, որ ստեղծված իրավիճակը սպառնում է միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը, ապա հնարավոր դիմումը կարող է ուղղակի անհետեւանք մնալ, քանի որ ՄԱԿ-ն ընթացք է տալիս ԱԽ-ի ոչ անդամ, բայց ՄԱԿ-ի անդամ-պետությունների այն խնդրանքներին, որոնք վտանգում կամ կարող են վտանգել միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը։ Պետությունը, Սիրանուշ Սահակյանի խոսքով, պաշտոնապես պետք է դիմի եւ ՄԱԿ-ի ԱԽ-ի ուշադրությունը հրավիրի իրավիճակի կամ վեճի վրա, քանի որ նման խնդիրները պաշտոնական գրագրության շրջանակում կարող են իրականացվել, հրապարակային հայտարարությունները բավարար չեն։ «Այդ պարագայում, եթե ԱԽ-ն համարում է, որ դիմումի չափանիշը բավարար է, այսինքն՝ մի իրավիճակ է կամ վեճ, որը սպառնում է միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը, ապա դրա ուժով հրավիրվում է նիստ։ Եթե այլ հարց է, որը չի սպառնում անվտանգությանն ու խաղաղությանը, ցանկացած անդամ-պետության դիմումի հիման վրա դարձյալ կարող է նիստ հրավիրվել, բայց եթե հարցն այնպիսի լրջություն ունի, որ խաղաղության սպառնալիք է, այս պարագայում գործող դերակատար կարող է լինել ոչ միայն ԱԽ անդամ-պետությունը, այլ ցանկացած պետություն։ Հիմա մենք նաեւ խաղաղության վերաբերյալ խնդիր ունենք, եւ հասկանալի է, որ Հայաստանի Հանրապետությունը կարող է դիմել եւ այդ դիմումի հիման վրա պարտադիր է ՄԱԿ ԱԽ-ի կողմից նիստ հրավիրելը»,- նշեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ դիմումի ընդունման, քննության մանրամասներն ավելի հանգամանալից կարգավորված չեն, սակայն այսպիսի հարցերը հրատապ են համարվում եւ սովորաբար հրատապ ընթացակարգով են քննվում, այլապես դրանք կարող են թողնվել բնականոն նիստերի քննարկմանը։ Սա, սակայն, Հայաստանի միակ հնարավորությունը չէ։ Օրինակ, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան էլ կարող է հարց հղել Անվտանգության խորհրդին, նույնը կարող է անել նաեւ ՄԱԿ գլխավոր քարտուղարը․ «Հայաստանը մի քանի ճանապարհ ունի․ մեկը՝ ցուցադրել, որ խաղաղության հետ կապված խնդիրներ կան, եւ անմիջականորեն դիմել ԱԽ-ին, որը կառաջացնի հետեւանք, երկրորդը՝ կատարել դիվանագիտական աշխատանք Գլխավոր ասամբլեայում, որպեսզի ԳԱ-ն հարցը հղի Անվտանգության խորհրդին, եւ երրորդը՝ աշխատել ՄԱԿ գլխավոր քարտուղարի հետ, որպեսզի վերջինս հարցը համապատասխանաբար ներկայացնի Անվտանգության խորհրդին։ Բայց այս դիմումները եւս պետք է գրավոր ընթացակարգով ներկայացվեն»:  Այս ամենը, Սահակյանի համոզմամբ, դիվանագիտության եւ միջազգային կազմակերպությունների հետ շփումներում ընդունված մեթոդով պետք է տեղի ունենա, իսկ դրանք գրավոր ընթացակարգերն են։ Ասամբլեային եւ Քարտուղարությանը եւս պետք է ներկայացվեն այն նույն հիմնավորումները, որոնք կարող են դրվել միանգամից ԱԽ-ին դիմելու հիմքում։ Անվտանգության խորհրդի անդամ-պետությունները, մեր զրուցակցի խոսքով, ավելի շատ իրավունքներից են օգտվում, քան ոչ անդամ-պետությունները․ ԱԽ անդամ-պետությունները կարող են ցանկացած հարցով դիմել, այս պարագայում ԱԽ նախագահը պարտավոր է հրավիրել նիստ․ «Սա ամենաարագ ճանապարհն է, որովհետեւ ներգրավված պետություններից մեկը նախաձեռնում է նիստ, համատեղ քննարկում եւ լուծումներ են տրամադրում իրենց մանդատի ներքո գտնվող հարցերում»,- ասաց Սահակյանը՝ ընդգծելով, որ Հայաստանի համար, օրինակ, հեշտ ճանապարհ կարող է լինել Ֆրանսիայի հետ դիվանագիտական աշխատանք կատարելու հնարավորությունը․ Ֆրանսիան ՄԱԿ-ի ԱԽ-ի մշտական անդամ է․ «Ֆրանսիան, առանց Հայաստանի պաշտոնական գրագրության, կկարողանա դիմել եւ նախաձեռնել անվտանգության խորհրդի նիստ՝ հաշվի առնելով, որ Ֆրանսիան պատրաստակամ է աջակցել Հայստանին։ Այս պարագայում պարտադիր չէ Ֆրանսիային ներկայացնել այն նույն հիմնավորումները, ինչ կներկայացվեին ԱԽ ուղիղ դիմելու դեպքում, քանի որ Խորհրդին դիմող սուբյեկտն ԱԽ մշտական անդամ-պետություն է։ Իսկ նման պետությունը ցանկացած հարցով կարող է դիմել եւ պահանջել նիստի անցկացում»։  Այսինքն, եթե ՄԱԿ-ի մշտական անդամ-պետությունը կամ ոչ մշտական անդամ-պետությունը դիմում են ԱԽ նախագահին՝ նիստ հրավիրելու խնդրանքով, ապա նախագահը պարտավոր է հրավիրել նիստ։ Պարտավոր է նաեւ այն դեպքում, եթե ՄԱԿ անդամ-պետությունը հիմնավորումներով դիմում է ներկայացնում՝ խնդրելով նիստ հրավիրել։ Կարգավորումները, սակայն, սահմանափակում են պետությունների հնարվորությունը՝ ցանկացած հարցով ԱԽ-ին դիմելու, այդ կարգավորումների համաձայն՝ իրավատեր կարող է լինել պետությունը, եթե կհիմնավորի, որ խնդիրն առնչվում է միջազգային անվտանգությանն ու խաղաղությանը։ Եթե դիմումը հիմնավոր է, նախագահը հրավիրելու է նիստ, ու եթե հետագայում կարծեն, որ այդ հիմնավորումները բավարար չեն, եւ ԱԽ-ն տվյալ պարագայում չէր կարող գործել, դիրքորոշում կձեւավորեն։ Բայց, Սահակյանի խոսքով, ինքնին ֆորմալ դիմումը, որ ունի հիմնավորումներ, առաջ է բերում նախագահի պարտականություն՝ հրավիրել նիստ։ «Եթե նույնիսկ Հայաստանը մտավախություն ունի, որ կարող է՝ դիմումի հիմքերն առկա չեն, կարող է քննարկել այս հարցը ՄԱԿ գլխավոր քարտուղարի հետ, եւ նա դարձյալ իրավունք ունի միջազգային խաղաղության եւ անվտանգության հարցերով դիմել ԱԽ-ին։ Հայաստանը կարող է աշխատանք տանել գլխավոր քարտուղարի հետ, եւ եթե վերջինս կիսում է այն նկատառումները, որ իսկապես գոյություն ունեն անվտանգային խնդիրներ, արդեն նույն հիմքով գլխավոր քարտուղարը կդիմի ԱԽ նախագահին, եւ նա կպարտավորվի նիստ հրավիրել։ Մեր հնարավորությունները բավականին լայն են, ուղղակի պետք է օգտվել դրանցից։ Բայց խնդիրն այնքան լուրջ է, որ մենք ինքնուրույն էլ կարող ենք գործել, ընդամենը պետք է մեր ԱԳՆ-ն ճիշտ ձեւակերպումներով ձեռնամուխ լինի գործընթացների կազմակերպմանը»,- եզրափակեց Սիրանուշ Սահակյանը։ Հավելենք նաեւ, որ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը մեր հարցին, թե արդյոք բացի տեղեկացումից ՀՀ-ն պատրաստվո՞ւմ է դիմել ՄԱԿ-ի ԱԽ-ին, կամ կառույցի մյուս մարմիններին՝ Գլխավոր ասամբլեային կամ Քարտուղարությանը, պատասխանեց, որ առավոտյան հրապարակած հաղորդագրությանն այս պահին հավելելու ոչինչ չկա։ Հայարփի Բաղդասարյան
17:14 - 17 նոյեմբերի, 2021
Ինչո՞ւ ի-ՌՆԹ պատվաստանյութերը չեն կարող վնասել մարդու ԴՆԹ-ն և փոխել գեները

Ինչո՞ւ ի-ՌՆԹ պատվաստանյութերը չեն կարող վնասել մարդու ԴՆԹ-ն և փոխել գեները

2020-ի դեկտեմբերի 31-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հաստատեց «Պֆայզեր» պատվաստանյութը արտակարգ իրավիճակներում  COVID-19 համավարակի դեմ կիրառելու համար: 2021-ի ապրիլի 30-ին էլ ԱՀԿ-ն հաստատեց «Մոդեռնա» պատվաստանյութի կիրառումը։ Ի տարբերություն կորոնավիրուսային հիանդության դեմ մյուս պատվաստանյութերի՝ այս երկու պատվաստանյութերը պատրաստված են նոր տեխնոլոգիայով և կոչվում են ի-ՌՆԹ պատվաստանյութեր։ Թերևս սա է պատճառը, որ  «Պֆայզերի» ու «Մոդեռնայի» մասին սոցիալական ցանցերում, սունկ կայքերում բազմաթիվ միֆեր են տարածվում․ օրինակ՝ ի-ՌՆԹ պատվաստանյութերն ազդում են մեր ԴՆԹ-ի վրա և փոխում մեր գեները, ի-ՌՆԹ-ով պատվաստված մարդիկ գենետիկորեն փոփոխված երեխաներ են ունենում։  Որպեսզի պարզ լինի, թե ինչու ի-ՌՆԹ պատվաստանյութերը չեն կարող ազդել մեր ԴՆԹ-ի վրա և փոխել մեր գեները կամ էլ գենետիկորեն փոխված երեխաների ծնվելու պատճառ դառնալ, պետք է իմանալ մի քանի կարևոր հարցերի պատասխաններ․ ինչպե՞ս է կորոնավիրուսային վարակ առաջացնող վիրուսը՝ SARS-CoV-2-ը, թափանցում մեր բջիջներ, ինչպե՞ս են ի-ՌՆԹ պատվաստանյութերը պայքարում կորոնավիրուսի դեմ, ի՞նչ են ԴՆԹ-ն և ՌՆԹ-ն, ի՞նչ գործառույթներ են կատարում ինֆորմացիոն ՌՆԹ-ները կամ ի-ՌՆԹ-ները։ Ինչպե՞ս է կորոնավիրուսը թափանցում բջիջ․ ինչո՞ւ են անհրաժեշտ պատվաստանյութերը Կորոնավիրուսի մակերեսին կան մի քանի տեսակի սպիտակուցներ։ Այս սպիտակուցներից մեկը կոչվում է S սպիտակուց (spike protein)։ S սպիտակուցների օգնությամբ է վիրուսը կարողանում ներթափանցել բջիջ և վարակել այն։ Բնական ճանապարհով վարակվելիս մեր օրգանիզմն S սպիտակուցների դեմ հակամարմիններ է արտադրում։ Պատվաստանյութերի նպատակն էլ այդ սպիտակուցների դեմ հակամարմիններ առաջացնելն է, որպեսզի հետագայում, երբ բնական ճանապարհով վարակվենք, մեր օրգանիզմն արդեն ունենա պատրաստի հակամարմիններ և ավելի արդյունավետ պայքարի վիրուսի դեմ։   Ի՞նչ են ԴՆԹ-ն և ՌՆԹ-ն Մեր օրգանիզմում կան սպիտակուցների բազմաթիվ տեսակներ, որոնք տարբեր գործառույթներ ունեն (օրինակ` սպիտակուցները մասնակցում են օրգանիզմի նյութափոխանակությանը, ունեն կառուցվածքային նշանակություն, քանի որ մեր բջիջների որոշ հատվածներ կազմված են սպիտակուցներից և այլն)։ Բջջի ներսում կա օրգանիզմի համար կարևորագույն նշանակություն ունեցող ևս մի մոլեկուլ, որը կոչվում է դեզօքսիռիբոնուկլեինաթթու կամ կարճ՝ ԴՆԹ։ ԴՆԹ-ն պարունակում է տեղեկություն սպիտակուցների կառուցվածքի մասին, այսինքն՝ որպեսզի մեր բջիջներում ստեղծվեն սպիտակուցներ, նախ պետք է «կարդալ» սպիտակուցի մասին ԴՆԹ-ում պահվող տեղեկությունը։ Բայց քանի որ ԴՆԹ-ները գտնվում են հիմնականում բջջի կորիզում, իսկ սպիտակուցների սինթեզն իրականացվում է բջջի այլ հատվածում, անհրաժեշտ է, որ ԴՆԹ-ում պահվող կամ «կոդավորված» տեղեկությունը դուրս գա կորիզից ու հասնի այնտեղ, որտեղ սինթեզվում են սպիտակուցները։ Հենց այստեղ էլ օգնության են հասնում ռիբոնուկլեինաթթու կամ ՌՆԹ կոչվող մոլեկուլները։ Կան ՌՆԹ-ի մի քանի տեսակներ, որոնք օրգանիզմում տարբեր գործառույթներ են կատարում։ Անդրադառնանք միայն ինֆորմացիոն ՌՆԹ-ներին կամ ի-ՌՆԹ-ներին։ Վերջիններս ձևավորվում են բջջի կորիզում, «արտագրում» կամ «պատճենում» են սպիտակուցների կառուցվածքի մասին ԴՆԹ-ում պահվող տեղեկությունը և դուրս գալիս կորիզից։ Այնուհետև ի-ՌՆԹ-ները հասնում են բջջի համապատասխան հատված և հրահանգներ են տալիս, թե ինչպես պիտի ձևավորվի այս կամ այն տեսակի սիպատակուցը։ Հենց այդպես էլ մեր օրգանիզմում տեղի է ունենում սպիտակուցների սինթեզը։ Ի-ՌՆԹ-ները սովորաբար երկար կյանք չեն ունենում և հեշտ քայքայվում են։   Ինչպե՞ս են աշխատում ի-ՌՆԹ պատվաստանյութերը Հիմա, երբ արդեն լավ պատկերացնում ենք, թե ինչ գործառույթներ են կատարում ԴՆԹ-ն,  ի-ՌՆԹ-ն, ինչպես նաև գիտենք, թե ինչպես է վիրուսը վարակում բջիջները, շատ ավելի լավ կհասկանանք, թե ինչ են անում ի-ՌՆԹ պատվաստանյութերը, երբ հասնում են մեր բջիջներին։ Ի-ՌՆԹ պատվաստանյութերն ունեն հետևյալ կառուցվածքը․ կենտրոնում ի-ՌՆԹ-ն է, որը պատված է լիպիդների շատ փոքրիկ մասնիկներով (նանոմասնիկներով)։ Լիպիդները քիմիական կառուցվածքով ճարպերին նման նյութեր են, որոնք ի-ՌՆԹ մոլեկուլի համար կարծես «փոխադրամիջոց» լինեն․ դրանք պաշտպանում են ի-ՌՆԹ-ն, մինչև պատվաստանյութը ներթափանցում է բջիջ և կատարում իր գործը։ Պատվաստանյութի ի-ՌՆԹ-ն պարունակում է տեղեկություն S սպիտակուցի կառուցվածքի մասին։ Սա, հիշեցնենք, այն սպիտակուցն է, որի միջոցով վիրուսը թափանցում է մեր բջիջներ, և որի դեմ մեր օրգանիզմը բնական ճանապարհով վարակվելիս հակամարմիններ է արտադրում։  Հայտնվելով մեր բջիջներում՝ ի-ՌՆԹ-ն համապատասխան «կարգավորումներ» է տալիս, որից հետո բջիջը սկսում է սինթեզել S սպիտակուցներ (կամ S սպիտակուցի որևէ հատված) և այդ սպիտակուցները դուրս հանել բջջից։  Մեր օրգանիզմը հասկանում է, որ դրանք օտար սպիտակուցներ են, և սկսում է հակամարմիններ արտադրել։ Այդպես մեզ մոտ իմունիտետ է ձևավորվում։ Երբ բնական ճանապարհով վարակվենք և կորոնավիրուսի մակերեսի S սպիտակուցները մոտենան մեր բջիջներին, օրգանիզմը կճանաչի դրանք, և սպիտակուցի դեմ պատվաստանյութի օգնությամբ արդեն ձևավորված հակամարմինները գործի կանցնեն՝ պայքարելով վիրուսի դեմ։ Ի տարբերություն ի-ՌՆԹ պատվաստանյութերի՝ մյուս պատվաստանյութերը պարունակում են S սպիտակուցի որևէ անվնաս հատված, որն էլ մեր օրգանիզմում առաջացնում է իմունային պատասխան։ Ի-ՌՆԹ պատվաստանյութերը, փաստորեն, «հրահանգներ են տալիս», որոնց օգնությամբ մեր օրգանիզմն ինքն է սինթեզում S սպիտակուցներ։ Կարևոր է հիշել, որ պատվաստանյութի սինթետիկ ի-ՌՆԹ-ն ունի նույն հատկությունները, ինչ մեր բջիջների ի-ՌՆԹ-ն, այսինքն՝ այն չի կարող վնասել մեր ԴՆԹ-ն և փոխել մեր գեները, որոնցից յուրաքանչյուրը ԴՆԹ մոլեկուլի մի որևէ հատված է։ Ավելին, հենց պատվաստանյութի ի-ՌՆԹ-ն տալիս է անհրաժեշտ կարգավորումներն ու ավարտում գործը, մեր բջիջները հեշտությամբ քայքայում և դուրս են հանում այն։ Ի-ՌՆԹ-ն չի հասնում բջջի կորիզ, որտեղ գտնվում է ԴՆԹ-ն։ Հետևաբար, անհիմն են այն պնդումները, թե պատվաստանյութի ի-ՌՆԹ-ն կարող է հասնել բջջի կորիզ, վնասել ԴՆԹ-ն, փոխել մեր գեները կամ պատճառ դառնալ, որ պատվաստված մարդիկ գենափոխված  երեխաներ ունենան։ Աննա Սահակյան
18:40 - 04 նոյեմբերի, 2021