Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Վովայի Փաշինյան, ՀՀ գործող վարչապետն է։ ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։

Ծնվել է 1975 թվականի հունիսի 1-ին՝ Իջեւան քաղաքում։ 1999-2012 թվականներին եղել է քաղաքական ուղղվածության «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը, 2012 թվականի մայիսի 6-ից մինչեւ վարչապետի պաշտոնում ընտրվելը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր` ընդդիմադիր «Ելք» խմբակցությունից։ Որպես կուսակցական գործիչ համարվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, ինչպես նաեւ «Իմպիչմենտ» եւ «Ելք» դաշինքների համահիմնադիր։

2018 թվականին Սերժ Սարգսյանի երրորդ պաշտոնավարման դեմ պայքարող Նիկոլ Փաշինյանը սկսում է «Իմ քայլը» նախաձեռնությունը եւ իր համախոհների հետ միասին Գյումրուց քայլարշավով ուղեւորվում Երեւան։  Գործողությունների արդյունքում ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս։

Մայիսի 8-ին Փաշինյանն ընտրվում է Հայաստանի Հանրապետության 16-րդ վարչապետ։ Վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանը վերընտրվում է 2018-ի դեկտեմբերի և 2021-ի հունիսի խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ;

Քննարկվել է 2021թ. պետբյուջեի նախագծի մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակը

Քննարկվել է 2021թ. պետբյուջեի նախագծի մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ 2021թ. պետական բյուջեի նախագծի վերաբերյալ: Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն անդրադարձել է 2021թ. բյուջետային գործընթացին, ներկայացրել մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակը: Նա նշել է, որ բյուջեի նախագծի մշակման աշխատանքներն իրականացվում են՝ հաշվի առնելով Հայաստանի և աշխարհի տնտեսական զարգացումներն ու կանխատեսումները: Քննարկումը ծավալվել է կանխատեսվող մակրոտնտեսական ցուցանիշների, հարկաբյուջետային քաղաքականության ուղղությունների, կապիտալ ծախսային ծրագրերի, կառավարության առաջնահերթությունների, նպատակադրումների և հակաճգնաժամային միջոցառումների շուրջ: Ներկայացվել են մի շարք առաջարկներ: Վարչապետը կարևորել է ծրագրային բյուջետավորման տրամաբանությամբ ոլորտային ուղենիշների նպատակադրումը և այդ բաղադրիչի ակտիվ կիրառումը բյուջեի նախագծի մշակման գործընթացում: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է շարունակել քննարկումները և ապահովել պետբյուջեի նախագծի փոխգործելիությունը ռազմավարական մյուս փաստաթղթերի հետ:
15:48 - 22 սեպտեմբերի, 2020
Ինքնորոշման իրավունքի մերժումը կարող է միմիայն հանգեցնել բռնաճնշման և նոր բռնությունների. Նիկոլ Փաշինյան

Ինքնորոշման իրավունքի մերժումը կարող է միմիայն հանգեցնել բռնաճնշման և նոր բռնությունների. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Միավորված ազգերի կազմակերպության 75-րդ տարեդարձին հանդես է եկել ելույթով, որի տեսանյութը ինչպես մյուս երկրների առաջնորդներինը, հրապարակվել է ՄԱԿ-ի պաշտոնական կայքում և յութուբյան ալիքում: Իր ելույթում, վարչապետը, մասնավորապես նշել է. «Պարոն գլխավոր քարտուղար,Ձերդ Գերազանցություններ,Տիկնայք և պարոնայք, Միավորված ազգերի կազմակերպության 75-րդ տարեդարձը մենք նշում ենք մարդկության համար շատ առումներով դժվար ժամանակներում, ինչն իր ազդեցությունն է թողնում միջազգային հարաբերությունների և այն ընդհանուր ինստիտուտների գործունեության վրա, որոնք ուղղորդում են միջազգային համագործակցությունը՝ հիմքեր ստեղծելով մեր ընդհանուր նպատակների իրականացման համար: Պետությունների ինքնիշխանությունը, անկախ դրանց չափից և հզորությունից, ավելի լավ է պահպանվում, և ազգային շահերն ավելի լավ են սպասարկվում ներկայիս համակարգում, երբ կա հարգանք միջազգային իրավունքի, այդ թվում՝ ՄԱԿ-ի կանոնադրության նկատմամբ: Միավորված ազգերի կազմակերպությունը կոչված է փարատելու միջազգային հարաբերություններում մշտապես առկա երկվությունը, որն արտահայտվում է պետությունների բնական եսասիրության և համագործակցության հավասարապես բնական անհրաժեշտության մեջ: Միավորված ազգերի կազմակերպությունն ապացուցեց իր կենսունակությունը` այս երկու թվացյալ անհամատեղելի հասկացությունները փոխակերպելով ինքնիշխան պետությունների արդյունավետ գլոբալ համակարգի` միավորելով դրանք ընդհանուր արժեքներով և սկզբունքներով, կիսելով ապագայի ընդհանուր տեսլականը և ունենալով համագործակցության ընդհանուր ինստիտուտներ կառուցելու վճռականություն: Արդյունավետորեն իրականացնելով ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը՝ ՄԱԿ-ը ծննդյան վկայականներ է տվել կամ օգնել է վերականգնել ավելի քան 100 ազգերի ինքնիշխանությունը: Շատ ժողովուրդներ, ինչպես երբեք մարդկության պատմության մեջ, հնարավորություն ստացան իրենց մասնակցությունը բերել համաշխարհային գործերին և իրացնել իրենց զարգացման ներուժը՝ ընթանալով բարգավաճման ուղով: Ոմանք կարող են ենթադրել, որ այս գործընթացն ավարտվել է Սառը պատերազմի ավարտով: Բայց դա միայն պատրանք է: Ինքնորոշման իրավունքի մերժումը կարող է միմիայն հանգեցնել բռնաճնշման և նոր բռնությունների: Դա խորապես կհակասեր Միավորված ազգերի կազմակերպության հիմնարար արժեքներին և միջազգային աշխարհակարգի պատմական էվոլյուցիային: Վերջին երկու տասնամյակների ընթացքում մի շարք պետությունների ի հայտ գալն այդ միտման լավագույն վկայությունն է: ՄԱԿ-ի համակարգի համար մեկ այլ հիմնարար արժեք է միջազգային հարաբերություններում սպառնալիքի կամ ուժի կիրառման արգելումը, որը գլոբալ խաղաղության և անվտանգության պահպանման հենասյունն է և կայուն զարգացման գլխավոր նախապայմանը: Տիկնայք և պարոնայք, Գլոբալ մարտահրավերները երբեմն սասանում են միջազգային համերաշխության և անհատական շահի միջև առկա հավասարակշռությունը, երկմտություն և նույնիսկ հիասթափություն են առաջացնում միջազգային հաստատությունների նկատմամբ, ինչի մասին են նաև վկայում Covid-19 համաճարակով պայմանավորված իրավիճակը և դրա ծանր սոցիալ-տնտեսական հետևանքները: ՄԱԿ-ի համար առանցքային նշանակություն ունեցող արդյունավետ բազմակողմանիությունը կարևոր դերակատարություն ունի գլոբալ և տարածաշրջանային մարտահրավերների լուծման գործում: Բազմակողմանիությունը զուտ թվաբանություն չէ` երկուսից ավելի կողմերի ներգրավվածության հաշվարկի համար: Այն սկզբունք է, փոխադարձ հարգանքի, փոխվստահության գաղափարախոսություն և համաձայնության մշակույթ: Նմանապես, ՄԱԿ-ը սոսկ իր 193 անդամների հանրագումարը չէ: Այն ավելին է, քան ազգային շահերը ներկայացնելու ընդհանուր հարթակ: Այն նաև շրջանակ էՙ ընդհանուր հետաքրքրություններ ձևավորելու, միմյանց լսելու և յուրաքանչյուրի ձայնին ականջալուր լինելու համար: ՄԱԿ-ը նաև մարդու իրավունքների պաշտպանության և դրանց կիրառման համընդհանուր գործիք է: Հնարավոր չէ անվտանգություն կառուցել առանց մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի: Տիկնայք և պարոնայք, Այսօր, ինչպես և 75 տարի առաջ, ՄԱԿ-ի հիմնական խնդիրն է ապահովել խաղաղություն և խթանել համերաշխությունն ու համագործակցությունը հանուն կայուն զարգացման նպատակների: Այս դժվար ժամանակներում, աշխարհի չորս ծագերում, այդ թվում՝ մեր տարածաշրջանում, անխոհեմ ռևիզիոնիստները փորձում են օգտվել միջազգային կարգի նշմարվող թուլությունից՝ իրական վտանգ ներկայացնելով միջազգային խաղաղության և անվտանգության համար: Պատմական իրողությունների սոցիալական ինժեներիան և նույնիսկ այլոց քաղաքակրթական ժառանգության յուրացումը դառնում են սովորական երևույթ: Դա ևս մեկ ազդանշան է առ այն, որ մենք պետք է վերականգնենք արդյունավետ բազմակողմանիությունը` միջազգային հանրությանը տալով հզոր ինստիտուցիոնալ ողնաշար, որպեսզի այն առավել դիմացկուն դառնա համամոլորակային մարտահրավերների նկատմամբ: Ինչպես ժամանակին գրել է Ժան Ժակ Ռուսոն, «մեր իսկ սահմանած օրենքին ենթարկվելն ազատություն է»: Շնորհավորելով բոլորիս տարեդարձի կապակցությամբ, ցանկանում եմ վերահաստատել Հայաստանի հանձնառությունը՝ միանալու միջազգային հանրության ջանքերին, որոնք միտված են ավելի լավ աշխարհակարգի հաստատմանը՝ հիմնված միջազգային իրավունքի, ազատության և արդարության համընդհանուր արժեքների վրա: Շնորհակալություն»:
14:53 - 22 սեպտեմբերի, 2020
Կառավարությունը շնորհակալ է այն մարդկանց, ովքեր իրենց գործունեությամբ ապացուցում են այն, ինչի մասին մենք ասում ենք. վարչապետը՝ «Մեր ժամանակների հերոսը» մրցանակակիրներին

Կառավարությունը շնորհակալ է այն մարդկանց, ովքեր իրենց գործունեությամբ ապացուցում են այն, ինչի մասին մենք ասում ենք. վարչապետը՝ «Մեր ժամանակների հերոսը» մրցանակակիրներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ «Զվարթնոց» տաճարում մասնակցել է «Մեր ժամանակների հերոսը» խորագրով մրցանակաբաշխությանը, որն անցկացվում է Հայաստանի Հանրապետության անկախության 29-ամյակին նվիրված տոնական միջոցառումների շրջանակում: Միջոցառմանը ներկա են եղել նաև Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, կառավարության անդամներ, ԱԺ պատգամավորներ, ՀՀ մարզպետները, Հայաստանում հավատարմագրված օտարերկրա պետությունների դիվանագիտական ներկայացուցիչներն ու պաշտոնատար այլ անձինք: Մրցանակները շնորհվել են ՀՀ վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հանրային կապերի կենտրոնի կողմից պատրաստվող «Մեր ժամանակների հերոսը» հաղորդման 13 մասնակիցներին՝ «Մոշ» ստուդիոյի հիմնադիր Արմինե Աղաջանյանին, անասնաբույժ Սուրեն Վարդանյանին, արծաթագործներ` Անի Սարգսյանին և Նարինե Եղոյանին, «Լուսիա ֆուդ» ընկերության հիմնադիրներ` Լուսինե Բարաթյանին և Ռաֆայել Մարտիրոսյանին, «Ասպ» հեծյալ ակումբի հիմնադիր Տիգրան Բաղիշջանյանին, եռաչափ տպիչներ արտադրող ընկերության հիմնադիր Արթուր Խոջաբաղյանին, դիզայներ, կոշկակար Հայկ Անանյանին, «Twinz» ակնոց արտադրող ընկերության հիմնադիրներ՝ Բաբկեն և Դավիթ Խաչատրյաններին, խխունջաբույծ Վահե Հախվերդյանին, մեղվաբույծ Կարլեն Ճաղարյանին, հրուշակագործներ՝ Յոլանտ Հատտատին և Ռաֆֆի Ռշտունիին, ինժեներ, Ռոբբին ռոբոտի համահեղինակ Կարեն Խաչիկյանին: Մասնակիցներից մեկին՝ 13-րդ գլխավոր մրցանակ-արձանիկը հանձնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս տարի նաև երկու հատուկ մրցանակ էր նախատեսված: Կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի համար խորհրդանշական մրցանակ են ստացել բժիշկները, հուլիսյան հերոսական մարտերի համար՝ զինծառայողները: Մրցանակները հանձնվել են բժիշկ Սարգիս Ղազարյանին և ժամկետային զինծառայող Նարեկ Հակոբյանին: Իր խոսքում վարչապետ Փաշինյանը, ողջունելով ներկաներին, մասնավորապես, նշել է. «Իսկապես հրաշալի երեկո ստացվեց: Նախորդ տարի Գյումրիում տեղի ունեցավ «Մեր ժամանակների հերոսը» առաջին մրցանակաբաշխությունը, և իսկապես տպավորիչ միջոցառում էր: Այս տարվա միջոցառումն ավելի լավն է: Եվ ակնհայտ է, որ մի շատ կարևոր իրադարձություն է հայտնվել՝ ի դեմս «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխության: Եվ հիմա արդեն վստահ եմ, որ մենք բոլորս սպասելու ենք ամեն տարի այս օրվան՝ «Մեր ժամանակների հերոսներին» փառաբանելու համար: Մեր այսօրվա միջոցառումն սկսվեց ընդգծմամբ, որ այս տարվա իրական հերոսները մեր զինվորներն ու բժիշկներն են: Եվ շատ խորհրդանշական է, որ այս տարի իմ առաջարկով և հանրապետության նախագահի հրամանագրերով Զինված ուժերի կապիտան Ռուբեն Սանամյանը և վաստակաշատ բժիշկ Հրայր Հովակիմյանն արժանացան Հայաստանի Հանրապետության ազգային հերոսի կոչման: Եվ դրանով արդեն այս տարվա խորհուրդն իսկապես ամբողջացավ: Բայց նաև կարևոր է, որ մենք փառաբանում ենք «Մեր ժամանակների հերոսներին», մենք դրանով փառաբանում ենք մարդու, քաղաքացու ստեղծարար ներուժը: Շատ հերոսներ իրենց մրցանակը ստանալով՝ շնորհակալություն են հայտնում կառավարությանը: Իրականում կառավարությունն է շնորհակալ այդ մարդկանց, որովհետև նրանք իրենց գոյությամբ, իրենց գործունեությամբ ապացուցում են, որ այն ինչի մասին մենք ասում ենք, դա հնարավոր է, դա իրական է: Մենք խոսում ենք անհատական ջանքի առանցքային և շրջադարձային նշանակության մասին: Մենք խոսում ենք այն մասին, որ յուրաքանչյուր մարդ կարող է կերտել իր միջավայրը, կարող է կերտել իր բարեկեցությունը, և, իհարկե, այստեղ կառավարության դերն առանցքային է՝ քաջալերելու մեր ժամանակների հերոսներին: Գլխավոր մրցանակակրի մասին: Իհարկե, մեր հաղորդաշարի հերոսները՝ բոլորն արժանի են գլխավոր մրցանակի, բայց մենք մտածում էինք, թե ինչ առանձնահատկություն պետք է ունենա գլխավոր մրցանակակիրը: Եվ կարծում եմ՝ այդ առանձնահատկությունը հետևյալն է. մեր գլխավոր հերոսը զարմանալի հետևողականություն է ցուցաբերել ինքն իր կյանքը փոխելու հարցում: Ընդ որում՝ իր կյանքը փոխելու անհրաժեշտություն, մեզ հայտնի պատճառներ չի ունեցել: Ունեցել է աշխատանք, ընդ որում, բավականին երկար աշխատել է բանկային համակարգում, այնուհետև աշխատել է պետական կառավարման համակարգում, բայց, ի վերջո, որոշել է գնալ ոչ թե սովորական պաշտոնյայի կարիերայի հետևից, այլ որոշել է գնալ ստեղծագործական հաճույքի, ստեղծագործական վայելումի և ստեղծագործական երջանկության հետևից և գնացել է ու որոշել ստեղծել խաղալիքներ երեխաների համար: Գնացել և որոշել է ստեղծել այնպիսի խաղալիքներ երեխաների համար, որ նրանց կսովորեցնի կառուցել, նրանց կսովորեցնի ստեղծել, նրանց կսովորեցնի արարել: Եվ ուրեմն՝ մեր գլխավոր մրցանակակրի անունն է Սևակ Մարկոսյան»: Վարչապետը 13-րդ գլխավոր մրցանակը հանձնել է «Մարկոս թոյս» ընկերության հիմնադիր Սևակ Մարկոսյանին:
09:12 - 22 սեպտեմբերի, 2020
Մեծարելով ՀՀ քաղաքացուն. Զվարթնոցի տաճարում մեկնարկել է «Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխությունը

 |armenpress.am|

Մեծարելով ՀՀ քաղաքացուն. Զվարթնոցի տաճարում մեկնարկել է «Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխությունը |armenpress.am|

armenpress.am: Զվարթնոցի տաճարում Հայաստանի Հանրապետության 29-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում մեկնարկել է «Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխությունը: Ներկա են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, բարձրաստիճան պաշտոնյաներ, հյուրեր: Միջոցառման ընթացքում պաշտոնյաներն ու հյուրերը հերոսներին կհանձնեն մրցանակներ, իսկ գլխավոր մրցանակը կհանձնի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխության շրջանակում գնահատվում ու արժևորվում են այն քաղաքացիները, որոնք իրենց ուժերով հիմնել են սեփական գործ, ստեղծել են բիզնես՝ ապագան կապելով Հայաստանի հետ: Ավելի վաղ, վարչապետ Փաշինյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել էր, որ արդեն երկրորդ տարին Անկախության օրը կնշվի՝ մեծարելով ՀՀ քաղաքացուն: Միջոցառումն ուղեկցվելու է երաժշտական ծրագրով: Նախորդ տարի «Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխությունն անցկացվել էր Գյումրու Սև Բերդ ամրոցում: Գլխավոր մրցանակը ստացել էր թեյերի արտադրությամբ զբաղվող Ռիտա Մարտիրոսյանը:
20:15 - 21 սեպտեմբերի, 2020
Հայաստանի վերափոխման ռազմավարության իրագործումը պատկերացնում ենք որպես համազգային շարժում. վարչապետ

Հայաստանի վերափոխման ռազմավարության իրագործումը պատկերացնում ենք որպես համազգային շարժում. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Անկախության 29-րդ տարեդարձի միջոցառումների շրջանակում, ներկայացրել է Հայաստանի վերափոխման՝ մինչև 2050թ. ռազմավարությունը։ Միջոցառումը տեղի  է ունեցել Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի շենքում, մասնակցել են  կառավարության անդամներ, ուսանողներ, աշակերտներ։ Այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Բացման խոսքում վարչապետ Փաշինյանը նշել է. «Կառավարության հարգելի անդամներ, սիրելի ուսանողներ, աշակերտներ, հարգելի ներկաներ, սիրելի հայրենակիցներ, նախ թույլ տվեք շնորհավորել բոլորիս ևս մեկ անգամ՝ Հայաստանի Անկախության 29-րդ տարեդարձի առիթով: Ցանկանում եմ ընդգծել, որ օգտվելով կառավարության որոշման ընձեռած հնարավորությունից և հաշվի առնելով այսօրվա մեր ներկայացման բացառիկ բնույթը՝ ես այսօր ինձ թույլ եմ տալիս առանց դիմակի ելույթ ունենալ՝ միևնույն ժամանակ մեզ բոլորիս հիշեցնելով հակահամաճարակային կանոնները պահպանելու անհրաժեշտությունը: Եվ, այսպես, ես ներկայացնում եմ Հայաստանի վերափոխման մինչև 2050 թվականի ռազմավարությունը: Նախ, ինչո՞ւ է անհրաժեշտ ունենալ այսպիսի ռազմավարություն: Ես այս հարցին կփորձեմ պատասխանել այսօրվա տեսակետից, և եկեք այսօրվա իրականությանը նայենք 30 տարի առաջվա աչքերով։ Արդյոք մենք այն ժամանակ մենք մեր մտապատկերում կամ մեր օրակարգում ձևավորե՞լ ենք, ձևակերպե՞լ ենք միտք, թե ինչպիսին ենք մենք պատկերացնում Հայաստանի Հանրապետությունը 2020 թվականին: Ցավոք, պիտի արձանագրեմ, որ մեր իրականության մեջ, առնվազն պետական մակարդակում, առնվազն 30 տարվա կտրվածքով այդպիսի ռազմավարություն չի եղել, և սա գուցե նաև պայմանավորում է մեր այսօրվա բազմաթիվ խնդիրները: Ես կցանկանայի, որպեսզի ռազմավարության գործնական նշանակությունն ավելի պարզ լիներ, կցանկանայի այն սեղմել և հասցնել 1 օրվա կտրվածքի: Պատկերացրեք՝ այդ 30 տարին մենք սեղմում ենք 1 օրվա մեջ, առավոտյան արթնանում ենք և չգիտենք՝ ուր գնալ այդ 1 օրվա ընթացքում, չգիտենք մեր անելիքը, և ի՞նչ կլինի այդ պարագայում: Մենք կմնանք նույն կետի վրա և տեղապտույտի իրավիճակում կհայտնվենք: Եվ, հետևաբար, Հայաստանի վերափոխման 30 տարվա ռազմավարությունը շատ կարևոր է մեզ համար, հասկանալու համար, թե մենք ինչ ենք ուզում, ուր ենք գնում և ինչպիսին ենք պատկերացնում մեր հայրենիքը՝ Հայաստանի Հանրապետությունը 2050 թվականին»: Վարչապետն անդրադարձել է ռազմավարության կառուցվածքին՝ խոսելով գաղափարի, տեսլականի և գործողության մասին։ «Շատ կարևոր է արձանագրել՝ քաղաքական շահարկումներից զերծ մնալու համար. կարող է հարց ծագել, թե ինչու է այս կառավարությունը ներկայացնում մինչև 2050 թվականի ռազմավարություն։ Որովհետև մենք Հայաստանի վերափոխման ռազմավարությունը ընկալում ենք ոչ միայն որևէ կառավարության գործողություն, այլև Հայաստանի վերափոխման ռազմավարության մշակումը և իրագործումը պատկերացնում ենք որպես համազգային շարժում, որտեղ շատ կարևոր դեր ունի պետական առաջնորդությունը, որտեղ պետք է ներգրավվեն մասնագիտական շրջանակներ, և, իհարկե, այս ռազմավարությունը պետք է ժողովուրդն իրենը համարի»։  Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այս ռազմավարությունը ոչ միայն բարեփոխումների, այլև փոխակերպումների մասին է, որոնք պետք է տեղի ունենան հանրային կյանքի բոլոր տիպի հարաբերություններում, և որոնց արդյունքում կկարողանանք հասնել թռիչքաձև զարգացման։ Ընդ որում՝ այնպես չէ, որ ռազմավարությունը մինչև 2050թ. պետք է ճշգրիտ մնա, այլ կառավարությունն ակնկալում է դրա շուրջ քննարկման ծավալում, որը կարող է ժողովրդի որոշմամբ, այդ թվում՝ ընտրությունների արդյունքների արտահայտմամբ որոշակի վերափոխումներ ապրել։ Ռազմավարության գաղափարական հենքի առումով վարչապետը նշել է. «Այս փոփոխություները հիմնված են մեր ազգային արժեքների, ազգային նպատակների, հանրային պահանջարկի վրա և շատ կարևոր է հասկանալ՝ ո՞րն է այս վերափոխման վերջնական նպատակը, ի՞նչ խնդիր ենք դնում մեր առաջ։ Իհարկե, ամենակարևոր գաղափարական հենքը վերջերս ընդունված Ազգային անվտանգության ռազմավարությունն է, որի առաջաբանում մենք արձանագրել ենք, թե որոնք են մեր ազգային արժեքները, բայց մինչև 2050թ. ռազմավարության տեսանկյունից առանձնացնում են 4 առաջնորդող արժեքներ՝   Հայոց պետականություն – Պետականությունն է միակ գործիքը, որ մեզ հնարավորություն է տալիս կայացնել որոշումներ մեր ճակատագրի վերաբերյալ։ Մենք պետականությունն ընկալում ենք որպես առանցքային արժեք, և շատ կարևոր է արձանագրել, որ  հայոց պետականության հավիտենականությունն է այն գործնական խնդիրը, որը մենք պետք է լուծենք։   Կրթություն – Կրթությունն է այն միակ գործիքը, անկյունաքարը, որով կկարողանանք ճանաչել մեր պրոբլեմները և գտնել դրանց լուծումները։   Անհատ – Անհատն է միակ սուբյեկտը, որը ձևավորում է ընտանիք, որը մենք համարում ենք ազգային արժեք, որը ձևավորում է հանրություն, ժողովուրդ և պետություն։ Իմիջիայլոց, ես անհատական ջանքի արձանագրումն համարում եմ այսօր տիրապետող գաղափար Հայաստանում։   Աշխատանք – Աշխատանքն է միակ գործիքը, որը հնարավորություն է տալիս իրացնել կուտակված ստեղծարար ներուժը։ Կառավարությունը պետք է կարողանա վարել այնպիսի քաղաքականություն, որպեսզի կրթության, անհատական ազատությունների և զարգացման միջոցով մարդն ունենա աշխատանքով իր ստեղծարար ներուժն իրացնելու հնարավորություն»։ Հաջորդ գաղափարական հենքը, վարչապետի խոսքով, մեր ազգային նպատակներն են՝ հայկական պետականության հավիտենականությունը, ՀՀ քաղաքացիության արժևորումը, հայ ժողովրդի ազգային, պետական ինքնության, պահպանումն ու զարգացումը և համահայկական ներուժի համախմբումը։ Համահայկական առանցքի ձևավորման նպատակի համատեքստում Նիկոլ Փաշինյանը նշել է, որ  համահայկական ներուժի համախմբում ասելով պետք է հասկանալ նաև կանանց և տղամարդկանց ներուժի հավասար ներգրավումն ազգային, պետական խնդիրների լուծման գործում.  «Մեր բնակչության մեծամասնությունը կանայք են, բայց բազմաթիվ հանգամանքների բերումով այսօր ՀՀ-ում կանանց ներուժը բոլոր ոլորտներում ամբողջական ներառված չէ և դրված չէ հանրության և պետության զարգացման հիմքում՝ սկսած Զինված ուժերից, շարունակած տնտեսությամբ և պետական կառավարման համակարգով։ Համահայկական ներուժի համախմբման ներքո պետք է հասկանանք ոչ միայն աշխարհասփյուռ հայությանը, այլև հայության այն սեգմենտներին, մասնավորապես, կանանց, որոնց ներուժն ամբողջապես ներառելու հնարավորություն կա, բայց ինստիտուցիոնալ մեխանիզմներ և հանրային համաձայնություն չկան։ Բոլոր ոլորտներում մենք կանանց ներուժն ակնհայտորեն ամբողջական չենք օգտագործում, և մեզ համար ռազմավարական խնդիր է այդ ներուժի ամբողջական ներգրավումը»։ Վարչապետի խոսքով՝ ռազմավարության հանրային պահանջարկը ձևակերպվում է  հետևյալ կերպ. մենք ցանկանում ենք ապրել երջանիկ՝ մեր կենսական շահերի կենտրոն Հայաստանում, որը կլինի անվտանգ, արդար, ազատ, արժանապատիվ և առաջադեմ, զանգվածային վերափոխման նպատակն արտահայտվում է «Վերափոխենք միլիոնավոր հայրենակիցների և օտարերկրացիների վերաբերմունքը Հայաստանի հանդեպ» գաղափարի ներքո։ Իսկ ռազմավարության գաղափարախոսությունն ամփոփվում է «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է», «Կառուցենք Հայաստանը նորովի», և «Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը դու ես» 3 առաջնորդող կարգախոսներում։ Անդրադառնալով տեսլականին՝ վարչապետ Փաշինյանը նշել է, որ դրա շրջանակում նախանշված զարգացման ուղենիշները բխում են առաջնորդող ազգային արժեքներից և նպատակներից։ Կառավարության ղեկավարը ներկայացրել է մինչև 2050թ. ակնկալվող տեսանելի ցուցանիշների և արդյունքների տեսլականը, ապա խոսել Հայաստանի վերափոխման՝ մինչև 2050թ. ռազմավարությամբ նախատեսված գործողությունների մասին և մասնավորապես, 16 մեգանպատակների մասին։ Դրանք հետևյալն են՝   Կիրթ և կարողունակ քաղաքացի, ժողովուրդ Պաշտպանված Հայաստան Արդյունավետ և հաշվետու կառավարում Առողջ և ապահով քաղաքացի, ժողովուրդ Բազմազավակ և բարեկեցիկ ընտանիք Իրավական Հայաստան Մշակված արտադրանքի զանգվածային արտահանում Մաքուր և կանաչ Հայաստան Տարածքային խելամիտ զարգացում Արտադրողական և պատասխանատու ֆերմերություն Մեծ հայրենադարձություն և ինտեգրում Աշխարհի հետ կապված Հայաստան Վերականգնվող և հանրամատչելի էներգիա Գործարարաների համար գրավիչ Հայաստան Գիտելիքահենք Հայաստան Ճանաչված, հարգված և հյուրընկալ Հայաստան Երկրի վարչապետը մանրամասներ է ներկայացրել վերոնշյալ մեգանպատակներին հասնելու թիրախների, խնդիրների և լուծումների մասին։ Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ կարևորել է Հայաստանի վերափոխման շուրջ համազգային շարժման ձևավորումը։ «Մենք առաջիկայում Հայաստան2050 կայք կունենանք, որը կդառնա նաև աշխատանքային հարթակ քննարկումների, առաջարկների, քննադատությունների համար։  Երբ մտնում էինք 2020 թվական, ես ասեցի, որ այլևս մենք անցնում ենք ռազմավարական կառավարման։ Ընդ որում, այս ներկայացումը պլանավորում էինք անել ապրիլին՝ Քաղաքացու օրը, բայց հայտնի պատճառներով այն հետաձգվեց։ Հիմա մենք ռազմավարական կառավարում պետք է իրականացնենք մեր ամենօրյա աշխատանքով, և որևէ պետական մարմնի որևէ որոշում պետք է տրամաբանական և գործնական կապ ունենա այս ռազմավարության հետ», - եզրափակել է վարչապետը։ Նիկոլ Փաշինյանը նաև պատասխանել է շնորհանդեսի մասնակիցների հարցերին։
17:18 - 21 սեպտեմբերի, 2020
Այս ռազմավարական փոփոխությունները պետք է արտահայտվեն ՀՀ-ի կամայական քաղաքացիների հարաբերություններում. Փաշինյան |armtimes.com|

Այս ռազմավարական փոփոխությունները պետք է արտահայտվեն ՀՀ-ի կամայական քաղաքացիների հարաբերություններում. Փաշինյան |armtimes.com|

armtimes.com: Հայաստանի մինչև 2050թ.-ի վերափոխման ռազմավարությունը ներկայացնելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ նաև ռազմավարությանը՝ ըստ մշակման մոտեցումների: Ընդգծեց՝ շատ կարևոր է հասկանալ, թե ինչ է ռազմավարությունը և ինչ չէ ռազմավարությունը: Կառավարության ղեկավարը նշեց՝ սա տեսլականի վրա հիմնված հավակնություն է, ոչ թե կանխատեսելի պարտավորություն և այլն: «Մենք ձևակերպում, բարձրաձայնում ենք մեր հավակնությունը, որը եթե մի քիչ ավելի ոչ պաշտոնական լեզվով ձևակերպելու լինենք, գուցե կարելի է ձևակերպել որպես երազանք: Սրանք ոչ միայն փոփոխություններ են պետական կառավարման համակարգում, դրանք ոչ միայն ենթադրում են ինչ-որ կառուցակարգերի, կանոնակարգերի, օրենքների փոփոխություն, այլ այս փոփոխությունը պետք է խորքային առումով տեղի ունենա հանրության շրջանում, մեզնից բոլորի մոտ, մեր մտքերում, մեր հոգիներում, մեր վերաբերմունքի մեջ»,- նշեց վարչապետը: Նա ընդգծեց՝ հույս ունեն, որ այս երազանքի և այս մտավոր փոփոխությունների արդյունքում կկարողանան հասնել թռիչքաձև զարգացման, և, իհարկե, շատ կարևոր է կենդանի գործընթացը, ոչ թե ստատիկ փաստաթուղթ: «Սա կապ ունի իմ ասած քաղաքական կոմպոնենտի հետ, որովհետև այս փաստաթուղթը այնպես չէ, որ մինչև 2050թ.-ը պետք է ճշգրիտ նույն կերպ մնա: Այստեղ պետք է տեղի ունենա այս ամեն ինչի շուրջ քննարկում, որը կարող է ժողովրդի որոշմամբ, այդ թվում՝ ընտրությունների արդյունքների արտահայտությամբ, որոշակի վերափոխումներ ապրել»: Նա նաև նշեց՝ այս ռազմավարությունը ոչ միայն բարեփոխումների, այլև փոխակերպումների մասին է: «Մենք պետք է տեսնենք ռեալ փոփոխությունների պրոցես, և այդ փոփոխությունները, ինչպես ասացի, պետք է տեղի ունենան բոլոր շերտերում և բոլոր տեղերում, այդ թվում՝ հանրային հարաբերություններում: Ինչպես սիրում եմ ասել, ՀՀ կամայական քաղաքացիների հարաբերություններում այս ռազմավարական փոփոխությունները պետք է արտահայտվեն»:
15:41 - 21 սեպտեմբերի, 2020
Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նախագահին և վարչապետին

Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նախագահին և վարչապետին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բելառուսական ժողովրդի և իր անունից շնորհավորել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին ՝ ՀՀ անկախության տոնի առթիվ: Այս մասին հայտնում են Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունից: Արմեն Սարգսյանին ուղղված շնորհավորական ողերձում Բելառուսի նախագահն ասում է, որ ապավինելով բարեկամության ամուր ավանդույթներին և փոխշահավետ գործընկերության սկզբունքներին ՝ Բելառուսը և Հայաստանը հետեւողականորեն զարգացնում են քաղաքական, առևտրատնտեսական և հումանիտար համագործակցությունը: «Մեր երկրները կապված են ամուր բարեկամական հարաբերություններով, փոխադարձ միտվածությամբ` ուղղված կառուցողական քաղաքական երկխոսության զարգացմանը, ինչպես նաև բոլոր ոլորտներում արդյունավետ գործընկերությանը»,- ասել է Լուկաշենկոն: Փաշինյանին ուղղված շնորհավորական ուղերձում Ալեքսանդր Լուկաշենկոն համոզմունք է հայտնել, որ հետագա համատեղ աշխատանքը կապահովի դրական դինամիկան երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններում նոր փոխշահավետ նախագծերի իրականացմանը և Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցության ներուժի բացահայտմանը:
14:45 - 21 սեպտեմբերի, 2020
Կրթությունը պետք է բացատրի, թե ինչու է մարդն առավոտից երեկո աշխատում, բայց չի հարստանում |lragir.am|

Կրթությունը պետք է բացատրի, թե ինչու է մարդն առավոտից երեկո աշխատում, բայց չի հարստանում |lragir.am|

lragir.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերով ներկայացնում է ներկայացնում է Հայաստանի վերափոխման ռազմավարությունը՝ մինչեւ 2050 թվականը Հայաստանի զարգացմանն ուղղված համահայկական օրակարգը։ Նա ներկայացրեց, թե որոնք են ռազմավարության հիմքում դրված արժեքները։ «Առաջին արժեքը, որը ես կուզենայի նշել, հայոց պետականությունն է։ Ինչո՞ւ, որովհետև պետականությունը մեր միակ գործիքն է, որը մեզ հնարավորություն է տալիս մեր ճակատագրի վերաբերյալ կայացնել որոշումներ։ Այսինքն՝ ունենալ պետություն, նշանակում է ունենալ հնարավորություն սեփական ճակատագրի վերաբերյալ կայացնել որոշումներ»,- ասաց նա։ Վարչապետը նշեց, որ երկրորդ առաջնորդող արժեքը կրթությունն է։ «Կրթությունն է միակ գործիքը, որը հնարավորություն է տալիս ճանաչել մեր խնդիրները և գտնել դրանց լուծումները։ Այսինքն՝ առանց կրթության մենք չենք կարող ընկալել ի վերջո՝ որոնք են մեր պրոբլեմները, առանց կրթության չենք կարող պարզել, թե ինչու չեն լուծվում մեր խնդիրները։ Կրթությունն է այն անկյունաքարը, որով մենք կկարողանանք ճանաչել մեր պրոբլեմները և գտնել դրանց լուծումը»,- հավելեց նա։ Փաշինյանի խոսքով՝ հաջորդ առանցքային արժեքը անհատն է։ Ինչո՞ւ անհատը, որովհետև անհատն է միակ սուբյեկտը, որը ձևավորում է ընտանիք, հանրություն, որը ձևավորում է ժողովուրդ և պետություն։ «Չորրորդ առաջնորդող արժեքը մենք համարում ենք աշխատանքը։ Աշխատանքն է միակ գործիքը, որը հնարավորություն է տալիս իրացնել կուտակված ստեղծարար ուժը։ Ես շատ լուրջ ու խորքային կապ եմ տեսնում աշխատանքի և կրթության միջև։ Աշխատանքն այն միջոցն ու գործիքն է, որը մեզնից յուրաքանչյուրին հնարավորություն է տալիս իրացնել կրթության ընթացքում կուտակված ստեղծարար ներուժը։ Եթե մենք գոհ չենք մեր աշխատանքի արդյունքում ձեռք բերածից, մենք պետք է վերադառնանք դեպի կրթություն։ Կրթությունը պետք է բացատրի, թե ինչո՞ւ է մարդն առավոտից իրկուն աշխատում, բայց չի հարստանում»,- ասաց Փաշինյանը։
14:04 - 21 սեպտեմբերի, 2020
Միխայիլ Միշուստինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Անկախության 29-րդ տարեդարձի առթիվ

Միխայիլ Միշուստինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Անկախության 29-րդ տարեդարձի առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին Անկախության 29-րդ տարեդարձի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը: «Հարգելի Նիկոլ Վովայի, Ռուսաստանի Դաշնության կառավարության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության ազգային տոնի` Անկախության օրվա առթիվ: Կցանկանայի հատկապես նշել ռուս-հայկական հարաբերությունների բարեկամական, գործընկերային և դաշնակցային բնույթը: Համոզված եմ, որ առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության հետագա ամրապնդումը, էներգետիկ, արդյունաբերական և տրանսպորտային ենթակառուցվածքներում խոստումնալից համատեղ նախագծերի իրականացումը, Եվրասիական տնտեսական միությունում ինտեգրացիոն համագործակցության խորացումը լիովին համապատասխանում են Ռուսաստանի և Հայաստանի շահերին: Մաղթում եմ Ձեզ, հարգելի Նիկոլ Վովայի, քաջառողջություն, բարեկեցություն և նոր հաջողություններ Ձեր պատասխանատու պետական ​​գործունեության մեջ, իսկ Հայաստանի բոլոր քաղաքացիներին՝ երջանկություն և բարգավաճում»,- ասված է ՌԴ կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի շնորհավորական ուղերձում։
13:12 - 21 սեպտեմբերի, 2020
«Ռուսաստանում կարևորում են Հայաստանի հետ բարեկամական, դաշնակցային հարաբերությունները». ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ՀՀ վարչապետին Անկախության տոնի առթիվ

«Ռուսաստանում կարևորում են Հայաստանի հետ բարեկամական, դաշնակցային հարաբերությունները». ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ՀՀ վարչապետին Անկախության տոնի առթիվ

Հայաստանի Հանրապետության անկախության 29-րդ տարեդարձի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի Նիկոլ Վովայի, Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ: Ռուսաստանում կարևորում են Հայաստանի հետ բարեկամական, դաշնակցային հարաբերությունները: Վստահ եմ, որ մեր երկրների կառուցողական երկխոսությունը, տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցությունը, ինչպես նաև եվրասիական տարածքում ինտեգրման գործընթացների շրջանակներում փոխգործակցությունն այսուհետ ևս կշարունակեն ակտիվորեն զարգանալ: Այն, անկասկած, համապատասխանում է ռուս և հայ ժողովուրդների շահերին, ընթանում է տարածաշրջանային անվտանգության և կայունության ապահովման հունով: Մաղթում եմ Ձեզ, հարգելի Նիկոլ Վովայի, քաջառողջություն և հաջողություններ, իսկ Հայաստանի բոլոր քաղաքացիներին՝ խաղաղություն և բարեկեցություն»։ 
12:08 - 21 սեպտեմբերի, 2020
Այսօրվա մարտահրավերները մեկ անգամ ևս վերահաստատում են մեր գործընկերության կարևորությունը. Դոնալդ Թրամփը՝ Նիկոլ Փաշինյանին

Այսօրվա մարտահրավերները մեկ անգամ ևս վերահաստատում են մեր գործընկերության կարևորությունը. Դոնալդ Թրամփը՝ Նիկոլ Փաշինյանին

Հայաստանի Հանրապետության անկախության 29-րդ տարեդարձի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը: «Մեծարգո վարչապետ, Մեծ ուրախությամբ շնորհավորում եմ Ձեզ Սեպտեմբերի 21-ի՝ Ձեր երկրի Անկախության տոնի առթիվ: Հայաստանի Հանրապետության անկախության ձեռքբերմանը հաջորդած 29 տարիների ընթացքում Միացյալ Նահանգները եղել է հայ ժողովրդի կողքին ու աջակցել է ժամանակակից ժողովրդավարության կառուցմանը և տնտեսական զարգացմանն ուղղված Ձեր ջանքերին: Մենք պատրաստ ենք շարունակել համագործակցությունը մեր ընդհանուր շահերի, այդ թվում՝ երկկողմ առևտրի ու ներդրումների ընդլայնման, իրավունքի գերակայության ամրապնդման, տարածաշրջանային կայունության և Ձեր երկրի ինքնիշխանությանը սատարելու տիրույթներում: Այսօրվա մարտահրավերները մեկ անգամ ևս վերահաստատում են մեր գործընկերության կարևորությունը: Հայ և ամերիկացի ժողովուրդների միջև կապերն անհերքելիորեն ամուր են ու տևական՝ լինի դա միասնաբար նոր կորոնավիրուսի գլոբալ համավարակին դիմակայելիս, թե Աֆղանստանի կամ Կոսովոյի միջազգային խաղաղապահ գործողություններում կողք կողքի ծառայելիս: Այս առանձնահատուկ օրվա առթիվ Ձեզ մաղթում ենք ամենայն բարիք և անհամբերությամբ սպասում մեր բարեկամության ամրապնդմանն առաջիկա տարվա ընթացքում»,- ասված է ԱՄՆ նախագահի շնորհավորական ուղերձում։
12:02 - 21 սեպտեմբերի, 2020
Մեկտեղելու ենք ջանքերը՝ Արցախի և Հայաստանի թռիչքաձև զարգացումն ապահովելու համար. Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Արայիկ Հարությունյանի հետ

Մեկտեղելու ենք ջանքերը՝ Արցախի և Հայաստանի թռիչքաձև զարգացումն ապահովելու համար. Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Արայիկ Հարությունյանի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում առաձնազրույց է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: «Արցախի Հանրապետության մեծարգո նախագահ, ուրախ եմ Ձեզ ընդունել Երևանում՝ Հայաստանի Հանրապետության անկախության 29-րդ տարեդարձի օրը: Այդ իրադարձությունը մեր պատմության մեջ ունի առանձնահատուկ տեղ, և մեր խնդիրն է՝ 1991 թվականին մեր ժողովրդի միահամուռ կամքով ստեղծված պետականությունը դարձնել հարատև գործոն: Կարծում եմ՝ մեր բոլորի համար միանշանակ է, որ մենք միայն պետականության առկայությամբ է, որ կարող ենք երաշխավորել մեր ժողովրդի զարգացումը: Իհարկե, Արցախն այսօր մեր համազգային օրակարգի ամենակարևոր խնդիրն է, և ես ուրախ եմ, որ մենք ինչպես նախկինում, այսօր էլ, ապագայում էլ մեկտեղելու ենք մեր ջանքերը տարածաշրջանում կայունության, խաղաղության երաշխավորի մեր դերակատարումն իրականացնելու, Արցախի և Հայաստանի բնականոն և թռիչքաձև զարգացումն ապահովելու համար: Շնորհավորում եմ բոլորիս ևս մեկ անգամ և ուրախ եմ կրկին Ձեզ ողջունել»,- նշել է վարչապետ Փաշինյանը: «Շնորհակալություն մեծարգո վարչապետ, օգտվելով առիթից` ես էլ եմ շնորհավորում բոլորիս: Վստահ և համոզված կարող եմ ասել, որ, այո, հայկական աշխարհի՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ապագան ոչ միայն երաշխավորված է, այլ նաև ունենալու ենք զարգացման դինամիկ այնպիսի աճի տեմպեր, որ այն դառնալու է մեր բոլոր հայերի երազանքի երկիրը: Պարոն վարչապետ, օգտվելով առիթից` ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել մեր հերթական հանդիպման համար: Իմ պաշտոնավարման այս կարճ ժամանակահատվածում սա արդեն հերթական հանդիպումն է, որովհետև պաշտոնական և ոչ պաշտոնական շատ հանդիպումներ ենք ունեցել, և սա այն վկայությունն է, որ ամենայն գիտակցությամբ և պատասխանատվությամբ ենք մոտենում մեր հայրենիքի ճակատագրին, մանավանդ, որ մեր հիմնական հանդիպումների թեման, առանցքը լինում է մեր անվտանգությունը, Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության սոցիալ-տնտեսական բազմաթիվ ծրագրերը: Բայց մենք հասկանում ենք, որ այսօր՝ քաղաքական այս ծանր ժամանակահատվածում, մենք պարտավոր ենք անել առավելագույնը, ավելին քան հնարավոր է, որպեսզի այսօրվա, այս պահի կայուն խաղաղությունը հարատևի: Պարոն վարչապետ, շնորհակալություն եմ հայտնում հանդիպման համար, նաև ուզում եմ վստահեցնել, որ մեր ամեն մի հանդիպում իր արդյունքն է տալիս, իր պտուղն է տալիս հետագա մեր գործունեության առումով»,- իր հերթին նշել է Արայիկ Հարությունյանը: Հայաստանի վարչապետն ու Արցախի նյախագահը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացմանն ուղղված մի շարք հարցեր: 
11:51 - 21 սեպտեմբերի, 2020
29 տարի առաջ այս օրը տեղի ունեցած հանրաքվեով մեր ժողովուրդը միահամուռ ամրագրեց Հայաստանի անկախությունը․ Նիկոլ Փաշինյան

29 տարի առաջ այս օրը տեղի ունեցած հանրաքվեով մեր ժողովուրդը միահամուռ ամրագրեց Հայաստանի անկախությունը․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սիրելի ժողովուրդ՝ Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, Արցախի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, սփյուռքի հպարտ հայություն. Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Անկախության տոնի առիթով։ 29 տարի առաջ այս օրը տեղի ունեցած հանրաքվեով մեր ժողովուրդը միահամուռ ամրագրեց Հայաստանի անկախությունը։ 1991 թվականի սեպտեմբեր 21-ի հանրաքվեն մեր ժողովրդի պատմության ամենակարևոր իրադարձություններից է, որի սկիզբը դրվել էր դեռ 1988 թվականին՝ Արցախյան շարժմամբ։ Հանրաքվեի արդյունքները ողջ աշխարհին ազդարարեցին հայ ժողովրդի ազատատենչ կամքը՝ ունենալու անկախ ու ժողովրդավար պետություն։ Անցած 29 տարիների ընթացքում մենք միասին բախվել ենք բազմաթիվ փորձությունների՝ պատերազմ, սոցիալ-տնտեսական բարդություններ, արտագաղթ, կեղծված ընտրություններ, Հոկտեմբերի 27, քաղաքական բռնաճնշումներ, Մարտի 1, ճգնաժամային իրավիճակներ ու հուսալքություն։ Բոլոր այս դժվարությունները, սակայն, չէին կարող կոտրել հայ ժողովրդին։ 2018 թվականի Ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունը պետական լավատեսության, քաղաքացիական վճռականության պերճախոս արտահայտություն դարձավ, որով ապացուցվեց որ ինքնիշխան, ազատ, հզոր ու երջանիկ պետություն ունենալու հայ ժողովրդի կամքը ուժեղ է, քան երբեւէ: Ինքնիշխան ու ազատ պետությունը, այդ պետության հավիտենականությունը հայ ժողովրդի ազգային օրակարգի առանցքում է ահա եւ մեր բոլոր ուժերը պիտի կենտրոնացնենք այս օրակարգի ամենօրյա սպասարկման վրա: Սիրելի հայրենակիցներ, Այսօր կհրապարակեմ Հայաստանի՝ մինչեւ 2050թ. վերափոխման ռազմավարությունը, որը ոչ թե կարծրացած մի փաստաթուղթ է, այլ 2050 թվականի Հայաստանի Հանրապետության մասին մեր պատկերացումները, նպատակները, այդ նպատակներին հասնելու ուղիները քննարկելու, ճշգրտելու, իրագործման վերաբերյալ որոշումներ կայացնելու եւ իրագործման ընթացքը վերահսկելու մեխանիզմ: Հավատում եմ, որ սրանով մեր պետական կյանքի նոր փուլ ենք թեւակոխում, երբ պետությունը կառավարում ենք ռազմավարական տրամաբանությամբ, երբ այսօր կայացրած ամեն որոշում ունի ոչ միայն ընթացիկ, այլեւ 10, 20, 30 տարվա ռազմավարական թիրախներ եւ նպատակներ: Սա մի մեխանիզմ է, որ ապագայի մասին քննարկումները, ապագայի պլանավորումն ու կառուցումը պիտի դարձնի մեր ամենօրյա աշխատանքի անբաժանելի մաս: 1991 թվականին մենք չգիտեինք, թե ինչպիսին է լինելու 2020 թվականի Հայաստանը, ու բազմաթիվ օբյեկտիվ ու սուբյեկտիվ հանգամանքների բերումով ժամանակ չտրամադրեցինք այսօրվա մասին մեր պատկերացումները ձեւակերպելու եւ դրանց իրագործումը ամենօրյա անելիք դարձնելու վրա: Բայց ժամանակը մեզ անխուսափելիորեն կանգնեցնում է նման խնդրի առաջ: Մենք չենք կարող սպասել 2050 կամ 2100 թվականի գալուն, տեսնելու համար, թե ինչպիսին է դարձել Հայաստանը: Մենք պիտի պլանավորենք այդ Հայաստանը, գծագրենք ու կառուցենք այն այսօրվանից: Ըստ այդմ՝ օրվա բազմաթիվ ու բազմապիսի հարցերի երբեմն հուսահատեցնող ու շփոթեցնեղ հեղեղից պետք է առաջնահերթություն տանք նրանց, որոնք մեզ կապում են 2050, 2100 թվականի Հայաստանի հետ: Անկախության 100-ամյակը նշող Հայաստանի Հանրապետության քաղաքացին պիտի տեսնի, որ մենք մտածել ենք ոչ միայն մեր, այլեւ իր մասին, պիտի զգա մեր գորովանքն ու պատասխանատվությունը Հայաստանի ապագայի, այսինքն՝ իր ներկայի նկատմամբ, այդ օրվա մասին մեր այսօրվա երազանքները պիտի տեսնի իրագործված: Համոզված եմ՝ մենք ունենք բավարար կամք, հմտություն, միասնություն ու իմաստնություն մեր ամենօրյա օրակարգը այսպիսի աշխատանքով լցնելու եւ Հայաստանի ու հայ ժողովրդի հավիտենության համար անսասան ինստիտուցիոնալ պայմաններ ապահովելու համար: Սա մեր սերնդի առանցքային առաքելությունն է, եւ այդ առաքելությունը իրագործելու՛ ենք միասին: Եվ ուրեմն,Կեցցե՛ Ազատությունը,Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը,Կեցցե՛նք մենք և մեր երեխաները, որ ապրում ենք ու ապրելու ենք Ազատ եւ Երջանիկ Հայաստանում»:
09:11 - 21 սեպտեմբերի, 2020