Սահման

Կառավարության նիստի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայրենիքի համար կյանքը զոհաբերած նահատակների հիշատակը |armenpress.am|

Կառավարության նիստի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայրենիքի համար կյանքը զոհաբերած նահատակների հիշատակը |armenpress.am|

armenpress.am:  Հայաստանի Հանրապետության կառավարության նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ Հայրենիքի համար կյանքը զոհաբերած նահատակների: Կառավարության նիստի մեկնարկին նման առաջարկով հանդես եկավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Արտաքին միջավայրում մենք շատ լուրջ խնդիրներ ունեցանք և շարունակում ենք ունենալ: 2021 թվականի մայիսից սկսած Սոթք-Խոզնավար հատվածում ադրբեջանական զինված ուժերի ներխուժման փաստը, դրա հետևանքները, նաև նոյեմբերի 16-ին տեղի ունեցած միջադեպն ավելի են ընդգծում անվտանգային միջավայրում մեր ունեցած խնդիրները: Ես առաջարկում եմ, որ մենք հիմա մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգենք 2021 թվականին և նախկինում Հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած նահատակների հիշատակը»,- նշեց վարչապետը:
11:54 - 30 դեկտեմբերի, 2021
Պետդեպի Եվրոպայի և Ասիայի հարցերով բյուրոն ողջունել է Ադրբեջանից 5 հայ ռազմագերու վերադարձը և կոչ է արել արագ ազատ արձակել պահվող բոլոր գերեվարված անձանց |tert.am|

Պետդեպի Եվրոպայի և Ասիայի հարցերով բյուրոն ողջունել է Ադրբեջանից 5 հայ ռազմագերու վերադարձը և կոչ է արել արագ ազատ արձակել պահվող բոլոր գերեվարված անձանց |tert.am|

tert.am: ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Ասիայի հարցերով բյուրոն ողջունել է դեկտեմբերի 29-ին Ադրբեջանի կողմից 2021 թվականի նոյեմբերի 16-ին կալանավորված հինգ հայ զինծառայողների վերադարձը, ինչպես նաև կոչ է արել  արագ ազատ արձակել Ադրբեջանում պահվող բոլոր գերեվարված անձանց:Այս մասին ասվում է բյուրոյի թվիթերյան էջում:«Մենք ողջունում ենք դեկտեմբերի 29-ին Ադրբեջանի կողմից 2021 թվականի նոյեմբերի 16-ին կալանավորված հինգ հայ զինծառայողների վերադարձը»,- ասվում է առաջին գրառման մեջ:Դրան հաջորդել է երկրորդը. «Մենք կոչ ենք անում ամբողջությամբ և արագ ազատ արձակել մնացած բոլոր կալանավորներին, փոխանակել աճյունները և հաշվառել անհետ կորածներին։ Մենք շեշտում ենք գերեվարված անձանց նկատմամբ մարդկային վերաբերմունքը՝ միջազգային պարտավորություններին համապատասխան»,-նշել են ԱՄՆ պետդեպի Եվրոպայի և Ասիայի հարցերով բյուրոյից:
11:50 - 30 դեկտեմբերի, 2021
Երբ դաշնակիցները լռում են կամ հղում անում դեկլարատիվ հայտարարությունների |hetq.am|

Երբ դաշնակիցները լռում են կամ հղում անում դեկլարատիվ հայտարարությունների |hetq.am|

hetq.am: «Հետք»-ը նոյեմբերի 16-ին հարցում էր ուղարկել ՀԱՊԿ անդամ երկրների՝ Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի արտաքին գործերի նախարարություններ՝ հասկանալու, թե ինչ դիրքորոշում ունեն կամ ինչ քայլեր են փորձում ձեռնարկել այս երկրները իրենց ռազմական դաշնակցի՝ Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա հարձակման առնչությամբ, հատկապես, որ գտնվելով միևնույն ռազմաքաղաքական բլոկում, այս երկրները պարտավորություններ ունեին անդամ մյուս երկրի տարածքային ամբողջականության ապահովման հարցում։ Հարցումներն ուղարկելուց անցել է ուղիղ մեկ ամիս, սակայն արձագանքել է միայն Ռուսաստանի ԱԳՆ-ն՝ սոսկ հղում անելով ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի նոյեմբերի 17-ի ճեպազրույցին, որի ընթացքում Զախարովան հանդես էր եկել դեկլարատիվ բնույթի մի շարք հայտարարություններով։  Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի արտաքին գործերի նախարարություններն այդպես էլ անպատասխան թողեցին մեր հարցումը։ Հավանաբար, նրանց ընդհանրապես հետաքրքիր չէ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը, քանի որ իրենց հարաբերություններն Ադրբեջանի հետ ավելի սերտ են, քան Հայաստանի հետ։ Առավել մանրամասն՝ hetq.am-ում
13:08 - 16 դեկտեմբերի, 2021
ՄԻՊ-ը հատուկ զեկույց է ուղարկել ԵԱՀԿ գործող նախագահին և ՄԽ համանախագահներին․ ներկայացված են ադրբեջանցի զինծառայողների կողմից Հայաստանի սահմանային բնակիչների իրավունքների խախտումները

ՄԻՊ-ը հատուկ զեկույց է ուղարկել ԵԱՀԿ գործող նախագահին և ՄԽ համանախագահներին․ ներկայացված են ադրբեջանցի զինծառայողների կողմից Հայաստանի սահմանային բնակիչների իրավունքների խախտումները

ՄԻՊ աշխատակազմից տեղեկացնում են, որ ՄԻՊ Արման Թաթոյանը հատուկ զեկույց է ուղարկել ԵԱՀԿ գործող նախագահին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ բացատրական նամակով, ադրբեջանական զինված ծառայողների արարքներով Հայաստանի սահմանային բնակիչների իրավունքների խախտումների վերաբերյալ: «Փաստաթղթում փաստերով, կոնկրետ օրինակներով ցույց է տրված, որ ադրբեջանական զինված ծառայողների արարքներով, ադրբեջանական իշխանությունների մտադրված կազմակերպմամբ, ամեն օր ոտնահարված են Գեղարքունիքում և Սյունիքում՝ մեր երկրի սահմանային բնակավայրերում ապրող մարդկանց իրավունքները, խաթարված է անվտանգությունն ու նորմալ կյանքը (բերված են նաև Արարատի մարզի Երասխ համայնքի օրինակները): Հետևաբար, առաջնահերթ գերակայություն է մարդկանց համար իրենց նորմալ կյանքը, իրավունքներն ու անվտանգությունը վերականգնելը: Ցույց ենք տվել նաև այդ խախտումների ազդեցությունը ՀՀ ողջ բնակչության իրավունքների վրա: Ընդ որում, զեկույցում իրավունքների խախտումները վերլուծված են՝ ըստ խմբերի (օրինակ՝ կյանքի իրավունք, ազատ տեղաշարժվելու իրավունք, երեխաների իրավունքներ և այլն): Նշել եմ, որ Սյունիքում այլընտրանքային ճանապարհները լուծում չեն, քանի որ ապահովված չէ մարդկանց անվտանգությունը. ադրբեջանական զինված ծառայողները շարունակում են դիտարկման ներքո պահել այդ ճանապարհները, քաղաքացիական բնակիչներին, նրանց տները: Ավելին, նրանք զինված ցուցադրաբար ներկա են ճանապարհներին, քաղաքացիական բնակիչների համար տեսանելի հատվածներում ու կատարում մարդկանց իրավունքները կոպիտ ոտնահարող արարքներ: Հիմնավորված է նաև, որ սահմանային բնակավայրերում մարդու իրավունքների խախտումների սնուցող աղբյուրն ադրբեջանական իշխանությունների հայատյացության հովանավորչության ու թշնամանքի քաղաքականությունն է, որը պատերազմից հետո ոչ միայն չի նվազել, այլ խորացել է: Ուստի, եզրահանգումը հստակ է՝ մեր գյուղերի, շատ դեպքերում մարդկանց տների մոտ ու ճանապարհներին ադրբեջանական զինված ծառայողներ չպետք է լինեն: Ընդ որում, սա վերաբերում է նրանց բոլոր տեղակայումներին ու ոչ միայն մայիսյան ներխուժումներին: Այսինքն՝ պետք է լինի անվտանգության ապառազմականացված գոտի: Սա չի նշանակում, թե այդ կերպ միանգամից որոշում ենք՝ ի՞նչ կամ ու՞մ տարածքն է: Դա կորոշվի հետագայում՝ առնվազն զուգահեռ սկսված դելիմիտացիայի ու դեմարկացիայի արդյունքում: Պարզապես ներկայում անհրաժեշտ է հրատապ վերականգնել մարդկանց իրավունքներն ու նորմալ կյանքը: Օրինակով ցույց է տրվել, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի առաջարկի հիման վրա այս գաղափարն արդեն իսկ տեղ է գտել ԵԽԽՎ 2021թ.սեպտեմբերի 27-ի բանաձևում: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի այս մոտեցումներն ուղիղ բխում են ԵԱՀԿ, ՄԱԿ և այլ միջազգային պահանջներից ու միջազգային փորձից»:
17:20 - 15 դեկտեմբերի, 2021
Մենք ծանոթ ենք և՛ ԱԳՆ դիրքորոշմանը, և՛ Բունդեսթագի քննարկումներին՝ ռազմագերիների հարցում հստակ դիրքորոշում հայտնելու վերաբերյալ. Սաղաթելյանը՝  Գերմանիայի ԱԳՆ պաշտոնյային և ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին

Մենք ծանոթ ենք և՛ ԱԳՆ դիրքորոշմանը, և՛ Բունդեսթագի քննարկումներին՝ ռազմագերիների հարցում հստակ դիրքորոշում հայտնելու վերաբերյալ. Սաղաթելյանը՝ Գերմանիայի ԱԳՆ պաշտոնյային և ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Իշխան Սաղաթելյանը դեկտեմբերի 14-ին ընդունել է ԳԴՀ ԱԳՆ Արեւելյան Եվրոպայի, Կովկասի եւ Միջին Ասիայի հարցերով քաղաքական տնօրեն Մաթիաս Լյութենբերգին եւ Հայաստանում Գերմանիայի դեսպան Վիկտոր Ռիխտերին: Այս մասին հաղորդում է ԱԺ աշխատակազմը: Իշխան Սաղաթելյանը շնորհավորել է դեսպան Ռիխտերին առաքելությունն ստանձնելու կապակցությամբ եւ վստահություն հայտնել, որ նրա պաշտոնավարումը նոր լիցք կհաղորդի հայ-գերմանական հարաբերություններին: Հայաստանը շահագրգռված է երկկողմ արդյունավետ համագործակցության զարգացմամբ, եւ ԳԴՀ-ն՝ իբրեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկիր, կարեւոր դերակատարություն ունի տարածաշրջանի, Հայաստանի եւ Արցախի համար. ասել է ԱԺ փոխնախագահը: Նա փաստել է՝ Հայաստանը գտնվում է դժվարին ժամանակաշրջանում, եւ այս համատեքստում կարեւոր է Գերմանիայի՝ որպես ԵՄ անդամ երկրի դերակատարությունը հայ ռազմագերիներին հայրենիք վերադարձնելու հարցում: «Մենք ծանոթ ենք եւ՛ արտգործնախարարի դիրքորոշմանը, եւ՛ Բունդեսթագում տեղի ունեցող քննարկումներին՝ ռազմագերիների հարցում հստակ դիրքորոշում հայտնելու վերաբերյալ, որի համար շնորհակալ ենք»,-ընդգծել է Իշխան Սաղաթելյանը: Անդրադարձ է կատարվել հայ-ադրբեջանական սահմանում տեղի ունեցող իրադարձություններին: ԱԺ փոխնախագահը հայտնել է, որ ադրբեջանական զինված ուժերը շարունակում են ագրեսիան եւ ոտնձգությունները Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ: Այս համատեքստում զրուցակիցներն ընդգծել են՝ ԼՂ հակամարտությունը լուծված չէ, այն պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո՝ բացառելով ուժի կիրառումը կամ ուժի կիրառման սպառնալիքը: «Չպետք է դադարեցնենք մեր ջանքերը գործադրել՝ խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու համար»,-շեշտել է Մաթիաս Լյութենբերգը: Մաթիաս Լյութենբերգն իր հերթին բարձր է գնահատել հայ-գերմանական ներկայիս հարաբերությունները՝ նշելով, որ դրանց զարգացման մեծ ներուժ կա տարբեր ոլորտներում: Հյուրի խոսքով՝ նոր ձեւավորված Բունդեսթագը, ինչպես նաեւ Գերմանիայի կառավարությունը շահագրգռված են՝ սերտացնելու Հայաստանի հետ հարաբերությունները: Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:  Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային խնդիրների, սահմանազատման եւ սահմանագծման, հնարավոր ներդրումների, հայաստանյան ներքաղաքական հարցերի վերաբերյալ:
15:12 - 14 դեկտեմբերի, 2021
Ադրբեջանական զինված ծառայողները պետք է հեռացվեն Սյունիքի ճանապարհներից. ՀՀ ՄԻՊ-ը Մաթիաս Լյութենբերգին ու Վիկտոր Ռիխտերին է ներկայացրել հիմնավորումները

Ադրբեջանական զինված ծառայողները պետք է հեռացվեն Սյունիքի ճանապարհներից. ՀՀ ՄԻՊ-ը Մաթիաս Լյութենբերգին ու Վիկտոր Ռիխտերին է ներկայացրել հիմնավորումները

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը դեկտեմբերի 14-ին ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության ԱԳՆ Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների հարցերով քաղաքական տնօրեն Մաթիաս Լյութենբերգին ու Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերին: Ինչպես տեղեկացնում են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից, Արման Թաթոյանը կոնկրետ օրինակներով ու փաստերով ներկայացրել է ադրբեջանական զինված ծառայողների կողմից Հայաստանի սահմանային բնակիչների իրավունքների խախտումները։ Նա նշել է, որ 2020թ. նոյեմբերից սկսած ադրբեջանական զինված ծառայողները նոր պատերազմի սպառնալիքի ներքո՝ առանց որևէ հիմքի, Գեղարքունիքում և Սյունիքում հայտնվել են գյուղերի հարևանությամբ և Սյունիքի համայնքների միջև ճանապարհներին: «Բացի այն, որ տեղի են ունենում մարդու իրավունքների խախտումներ գրեթե ամեն օր, ադրբեջանական զինված ծառայողներն անօրինական արգելափակել են Սյունիքում Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ճանապարհները: Արդյունքում՝ ճանապարհներին հարակից գյուղերը հայտնվել են մեկուսացման և հումանիտար խնդիրների առաջ»,- նշել է ՀՀ ՄԻՊ-ն ու ընդգծել՝ այլընտրանքային ճանապարհը լուծում չէ, քանի որ ապահովված չէ մարդկանց անվտանգությունն ու կյանքի իրավունքը. ադրբեջանական զինված ծառայողները շարունակում են դիտարկման ներքո պահել քաղաքացիական բնակիչներին, տները: Արման Թաթոյանը շեշտել է, որ նրանք պետք է հեռանան հայկական գյուղերի, շատ դեպքերում՝ մարդկանց տների մոտից ու ճանապարհներից, պետք է ստեղծվի անվտանգության ապառազմականացված գոտի: Նա շեշտել է, որ այս ամենին ավելանում է ադրբեջանական իշխանությունների հայատյացության հովանավորչության ու թշնամանքի քարոզի քաղաքականությունը: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը մանրամասն անդրադարձել է հայ գերիների ազատ արձակմանը, հայրենիք նրանց վերադարձի հրատապությանը, որոնք ապօրինաբար են պահվում Ադրբեջանում: Հանդիպմանը քննարկվել են նաև դատական համակարգում առկա խնդիրները, Արման Թաթոյանը շեշտել է, որ կան առանձին դատավորներ, որոնք իրենց պահվածքով վնասում են դատական համակարգի հեղինակությունը: Չնայած սրան, խնդիրների լուծմանը պետք է հասնել իրավական ճանապարհով՝ խրախուսելով օրինապահ ու անկախ դատավորներին։ Պաշտպանն անդրադարձել է նաև դատարաններում քննվող գործերի ձգձգումների համակարգային խնդիրներին: Նա նշել է, որ կան հիմնական դատավարություններ, որոնցով դատական նիստերի անհիմն ձգձգումների պատճառով մարդիկ հայտնվում են տարիների քաշքշուկի մեջ: Կանանց իրավունքների պաշտպանության, ընտանիքում բռնության կանխարգելման հարցերը ևս դարձել են մանրամասն քննարկման առարկա։
15:05 - 14 դեկտեմբերի, 2021
Նոյեմբերի 16-ին մարտական հերթապահություն իրականացրած մի շարք զինծառայողներ կալանավորվել են

Նոյեմբերի 16-ին մարտական հերթապահություն իրականացրած մի շարք զինծառայողներ կալանավորվել են

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա պարզվել է, որ 2021 թվականի նոյեմբերի 16-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, հակառակորդ ուժերը հարձակում են գործել Սյունիքի մարզի Կիլիսալի-բնագիծ Իշխանասար հատվածում տեղակայված թվով 3 մարտական դիրքերի ուղղությամբ, որի ընթացքում մարտական հերթապահությունում ընդգրկված N դիրքի պատասխանատուն, N դիրքի ավագը և երկու դիտորդները խախտել են «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքով, ՀՀ պաշտպանության նախարարի համապատասխան հրամանով հաստատված մարտական հերթապահության կազմակերպման և իրականացման կանոնադրությամբ սահմանված մարտական հերթապահության կրման կանոնները։  Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:  Մասնավորապես, մարտական հերթապահություն իրականացնող դիրքերի զինծառայողները, տեղեկանալով հակառակորդի հարձակման մասին, որպես մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմ ունենալով զենք կիրառելու իրավասություն, մարտական դիրքի վրա հարձակված հակառակորդի զինծառայողներին վնասազերծելու, զինաթափելու փոխարեն, փորձել են բանակցություններ վարել մարտական դիրքի պահպանության տարածք ներխուժած հակառակորդի զինծառայողների հետ, ովքեր փորձել են գերեվարել մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմին։ Դիրքերի անձնակազմը, նշված գործողությունները  կատարելու փոխարեն թողել է մարտական դիրքերը և դիմել փախուստի, որի հետևանքով Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք՝ մարտական դիրքեր, որոնք անցել են հակառակորդի վերահսկողության տակ, փախուստի դիմած դիրքերի ընդհանուր 24 զինծառայողները հակառակորդի կողմից շրջափակվել և գերեվարվել են. նրանցից Գուրգեն Աշոտի Սարգսյանի, Արթուր Ջիվանի Մարտիրոսյանի և Դավիթ Հելբերտի Ամիրյանի սպանված դիերը 2021թ. նոյեմբերի 17-ին և 20-ին փոխանցվել են հայկական կողմին, 7 զինծառայողներ (այդ թվում՝ վերոնշյալ 4 անձինք) նոյեմբերի 26-ին և դեկտեմբերի 4-ին Ադրբեջանի կողմից վերադարձվել են հայկական կողմին, 14 զինծառայողների գտնվելու վայրը մինչև օրս անհայտ է։ 2021 թվականի դեկտեմբերի 6-ին նշված N մարտական դիրքի պատասխանատու, լեյտենանտ Ս.Ա.-ն, N դիրքի ավագ, կրտսեր սերժանտ Ա.Ա.-ն, դիտորդներ Ռ.Ն.-ն և Ա.Մ.-ն ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասի (մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ) կասկածանքով ձերբակալվել են։ Դեկտեմբերի 8-ին և 9-ին վերջիններիս մեղադրանք է առաջադրվել՝  ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով և միջնորդություն ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ։ Միջնորդությունները Դատարանի կողմից բավարարվել են։ Բացի այդ, նույն քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ՀՀ ՊՆ N զորամասի գումարտակի հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալ, մայոր Ն.Ե.-ն, նշանակված լինելով որպես նույն գումարտակի պահպանությանը հանձնված թիվ N մարտական դիրքի ավագ, խախտել է «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքով, ՀՀ պաշտպանության նախարարի համապատասխան հրամանով հաստատված մարտական հերթապահության կազմակերպման և իրականացման կանոնադրությամբ սահմանված կանոնները, որպիսի գործողություններն առաջացրել են ծանր հետևանքներ. Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք՝ մարտական դիրք, դիրքում մնացած 13 զինծառայողներ գերեվարվել են հակառակորդի կողմից, մարտական դիրքն անցել է հակառակորդի վերահսկողության տակ: Գերեվարված զինծառայողներից Տարոն Ջիվանի Սահակյանի և Արսեն Սենիկի Գասպարյանի սպանված դիերը համապատասխանաբար նոյեմբերի 17-ին և 19-ին փոխանցվել են հայկական կողմին, 4 զինծառայողներ (այդ թվում՝ մայոր Ն.Ե.-ն) ս.թ. դեկտեմբերի 4-ին Ադրբեջանի կողմից վերադարձվել են հայկական կողմին, դիրքում մնացած 7 զինծառայողների գտնվելու վայրը մինչև օրս անհայտ է։ 2021 թվականի դեկտեմբերի 6-ին մայոր Ն.Ե.-ն ձերբակալվել է, վերջինիս մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով և միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը Դատարանի կողմից մերժվել է։ Դատարանի որոշումն ուղարկվել է նախաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ վերաքննիչ բողոք ներկայացնելու նպատակահարմարության հարցը քննարկելու միջնորդությամբ։ Հիշեցնենք, որ նույն զորամասի պահպանությանը հանձնված պաշտպանության շրջանի պատասխանատու հանդիսացող գումարտակի հրամանատարի պաշտոնակատարին և N մարտական դիրքի դիտորդին մեղադրանք էր առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը։ Նախաքննությունը շարունակվում է։ Վարույթն իրականացնող մարմինը հարկ է համարում անդրադառնալ և հանրությանը ներկայացնել նշված մարտական գործողությունների ընթացքում իրենց ծառայողական պարտականությունները կատարելիս բացառիկ խիզախությամբ աչքի ընկած հայ դիրքապահների սխրանքները։ Մասնավորապես, 2021 թվականի նոյեմբերի 16-ին՝ ժամը 11։30-ի սահմաններում, Սյունիքի մարզի Կիլիսալի-բնագիծ Իշխանասար հատվածում տեղակայված նշված մարտական դիրքում հերթապահություն իրականացնող պայմանագրային զինծառայող, շարքային Գուրգեն Աշոտի Սարգսյանը հակառակորդի ուժերի հարձակման և գերեվարման փորձի պայմաններում չի հանձնվել հակառակորդին, ցուցաբերել է աննկարագրելի մարտական ոգի, բացառիկ խիզախություն և քաշելով նռնակի օղակը՝ պայթեցրել է իրեն։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
14:12 - 11 դեկտեմբերի, 2021
Ադրբեջանական իշխանությունները պատասխանատվություն են կրում այսօր՝ ՀՀ 1 զինծառայողի սպանելու՝ կյանքից զրկելու և մի քանի զինծառայողների հրազենային վիրավորումներ հասցնելու համար․ ՄԻՊ

Ադրբեջանական իշխանությունները պատասխանատվություն են կրում այսօր՝ ՀՀ 1 զինծառայողի սպանելու՝ կյանքից զրկելու և մի քանի զինծառայողների հրազենային վիրավորումներ հասցնելու համար․ ՄԻՊ

ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է այսօր հայ-ադրբեջանական սահմանին գրանցված փոխհրաձգությանը․ «Ադրբեջանական իշխանությունները պատասխանատվություն են կրում այսօր՝ դեկտեմբերի 10-ին ՀՀ 1 զինծառայողի սպանելու՝ կյանքից զրկելու և մի քանի զինծառայողների հրազենային վիրավորումներ հասցնելու համար Ադրբեջանական իշխանությունները գործում են միջազգային կանոնների հանցավոր խախտումներով և պատասխանատվություն են կրում այսօր՝ դեկտեմբերի 10-ին Գեղարքունիքի մարզի Սոթքից Վերին Շորժա հատվածներում ադրբեջանական զինված հարձակումների հետևանքով ՀՀ զինծառայողներին հրազենային վիրավորումներ հասցնելու, նրանցից մեկին սպանելու՝ կյանքի իրավունքը դիտավորությամբ խախտելու համար: Այս հետևության հիմքում են փաստերը, որ՝ 1. ադրբեջանական զինված ծառայողերը ներխուժել և առանց որևէ հիմքի՝ պատերազմի սպառնաիքների ներքո տեղակայվել են ՀՀ գյուղերի հարևանությամբ ու համայնքների միջև ճանապարհներին. 2.  2020թ. նոյեմբերի 9-ից հետո  Գեղարքունիքում և Սյունիքում ֆիզիկապես ներկա են շինություններում և հողատարածքներում (արոտվայրեր, վարելահողեր և այլն), որոնք օրինական փաստաթղթերով սեփականության իրավունքով պատկանում են ՀՀ բնակիչների կամ համայնքային սեփականություն են. 3. պարբերաբար կրակում են ՀՀ գյուղերի, մարդկանց տների ուղղությամբ և իրական վտանգ ստեղծում քաղաքացիական բնակիչների կյանքի և առողջության համար, վնաս են պատճառում նրանց գույքին և կենդանիներին, զբաղված են գողություններով, դիտավորյալ խոչընդոտում են գյուղատնտեսական աշխատանքները և այլն. 4.Գեղարքունիքում գյուղերի հարևանությամբ հրդեհում են արոտավայրեր ու խոտհարքեր, գյուղերի անմիջական հարևանությամբ և Սյունիքի համայնքների միջև ճանապարհներին նրանց առկայության պատճառով վտանգված է մարդկանց կյանքի իրավունքը, սահմանափակվել է մարդկանց ազատ տեղաշարժը, մարդիկ հայտնվել են մեկուսացման և հումանիտար խնդիրների առաջ: Արցախում պատերազմից հետո խոշտանգել ու դիտավորությամբ կյանքից զրկել են՝ սպանել են քաղաքացիական բնակիչների. 5. ադրբեջանական իշխանությունները պատերազմից հետո խորացրել են հայատյացության հովանավորչության ու թշնամանքի քարոզի քաղաքականությունը. 6. ադրբեջանական զինված որևէ ծառայող իր հանցանքների համար չի պատժվել, այդ արարքները միայն խրախուսվել են. 7. ՀՀ զինծառայողները պաշտպանում են քաղաքացիական բնակիչների կյանքն ու առողջությունը, խաղաղ ու անվտանգ կյանքը»:
16:42 - 10 դեկտեմբերի, 2021
ՌԴ-ն ՀՀ և Ադրբեջանից ակնկալում է դեմարկացիայի և դելիմիտացիայի հանձնաժողովի շուտափույթ ձևավորում. Զախարովա |armenpress.am|

ՌԴ-ն ՀՀ և Ադրբեջանից ակնկալում է դեմարկացիայի և դելիմիտացիայի հանձնաժողովի շուտափույթ ձևավորում. Զախարովա |armenpress.am|

armenpress.am: Ռուսական կողմը Սոչիի պայմանավորվածությունների իրականացման շրջանակներում ակնկալում է Հայաստանի և Ադրբեջանի ազգային պատվիրակությունների շուտափույթ ձեւավորում ՝ հետագայում սահմանազատման և սահմանագծման աշխատանքների համար հանձնաժողով ստեղծելու նպատակով: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ: Զախարովայի խոսքով ՝ Սոչիի պայմանավորվածությունները դարձել են Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունների ՝ իրավիճակի կարգավորման հետագա քայլերի պատրաստակամության հաստատում: «Մենք ակտիվորեն աշխատում ենք ձեռք բերված պայմանավորվածությունների հետևողական իրականացման ուղղությամբ, այդ թվում` սահմանային վեճերի կարգավորման և Հարավային Կովկասում տրանսպորտային կապերի ապաշրջափակման համար», – նշել է նա: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հավելել է, որ տարածաշրջանում բոլոր տնտեսական տրանսպորտային կապերի ապաշրջափակմանն ուղղված եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում ջանքերը նույնպես շարունակվում են: Զախարովան նաև հայտնել է, որ Սոչիի պայմանավորվածությունների իրագործման հարցերը քննարկվել են նաև դեկտեմբերի 8-ին Ռուսաստանի եւ Հայաստանի ԱԳ նախարարների հեռախոսազրույցի ընթացքում:
17:54 - 09 դեկտեմբերի, 2021
Այլընտրանքային ճանապարհը լուծում չէ, քանի որ ապահովված չէ մարդկանց անվտանգությունը. ադրբեջանցի զինծառայողները նշանառության ներքո են պահում ճանապարհը, քաղաքացիական բնակիչներին, նրանց տները․ ՄԻՊ

Այլընտրանքային ճանապարհը լուծում չէ, քանի որ ապահովված չէ մարդկանց անվտանգությունը. ադրբեջանցի զինծառայողները նշանառության ներքո են պահում ճանապարհը, քաղաքացիական բնակիչներին, նրանց տները․ ՄԻՊ

ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է․ «Ֆրանսիայի ԱԳՆ-ում բարձրաստիճան քննարկումներին հիմնավորել եմ անվտանգության ապառազմականացված գոտի ստեղծելու՝ ադրբեջանական զինված ծառայողների հեռացման հրատապությունը և հիմքերը Դեկտեմբերի 7-ին Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունում տեղի են ունեցել իմ մի քանի ժամ տևած քննարկումները բարձրաստիճան ներկայացուցիչների հետ: Կոնկրետ օրինակներով ու փաստերով մանրամասն ցույց եմ տվել, որ պատերազմից անմիջապես հետո ադրբեջանական զինված ծառայողները կատարում են Հայաստանի բնակչության իրավունքների կոպիտ խախտումներ՝ սկսած այն պահից, երբ հայտնվել են Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի գյուղերի հարևանությամբ և Սյունիքի համայնքների միջև ճանապարհներին: Հատուկ անդրադարձել եմ նոյեմբերի Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ճանապարհների արգելափակմանը: Այլընտրանքային ճանապարհը լուծում չէ, քանի որ ապահովված չէ մարդկանց անվտանգությունը. ադրբեջանական զինված ծառայողները նշանառության ներքո են պահում ճանապարհը, քաղաքացիական բնակիչներին, նրանց տները: Նշել եմ, որ խախտումների վերացման իրական լուծումը բոլորովին այլ է. դա ադրբեջանական զինված ծառայողների հեռացումն է մեր գյուղերի հարևանությունից ու ճանապարհներից: Սրա հիմքում էլ ադրբեջանական իշխանությունների հայատյացության ու թշնամանքի քաղաքականությունն է, որը ոչ միայն չի նվազել, այլ խորացել է: Ընդ որում, ասածս վերաբերում է նրանց բոլոր տեղակայումներին ու ոչ միայն մայիսյան ներխուժումներին: Պետք է լինի ապառազմականացված [անվտանգության] գոտի: Սա չի նշանակում, թե այդ կերպ միանգամից որոշում ենք՝ ի՞նչ կամ ու՞մ տարածքն է: Դա կորոշվի հետագայում՝ առնվազն զուգահեռ սկսված դելիմիատացիայի ու դեմարկացիայի արդյունքում, բայց պետք է ամեն ինչ անել մարդկանց նորմալ կյանքը, անվտանգությունը վերականգնելու համար: Զուգահեռ ներկայացրել եմ ԵԱՀԿ, ՄԱԿ և այլ միջազգային պահաջներն ու միջազգային փորձը, որից բխում է այս առաջարկը: Փոխանցել եմ նաև հայ գերիների խոշտանգումների վերաբերյալ զեկույցները՝ նշելով նրանց վերադարձի հրատապությունը և ադրբեջանական իշխանությունների անօրինական արարքները: Քննարկվել են այլ հարցեր ևս»:
11:11 - 09 դեկտեմբերի, 2021
Այլընտրանքային ճանապարհը լուծում չէ, քանի որ ապահովված չէ մարդկանց անվտանգությունը․ ՀՀ ՄԻՊ

Այլընտրանքային ճանապարհը լուծում չէ, քանի որ ապահովված չէ մարդկանց անվտանգությունը․ ՀՀ ՄԻՊ

Այլընտրանքային ճանապարհը լուծում չէ, քանի որ ապահովված չէ մարդկանց անվտանգությունը. ադրբեջանական զինված ծառայողները շարունակում են դիտարկման ներքո պահել քաղաքացիական բնակիչներին, տները: Այս մասին գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ «Այլընտրանքային ճանապարհը լուծում չէ, քանի որ ապահովված չէ մարդկանց անվտանգությունը. ադրբեջանական զինված ծառայողները շարունակում են դիտարկման ներքո պահել քաղաքացիական բնակիչներին, տները: Դիտավորությամբ զրկանքներ են պատճառում մարդկանց: Պետք է ճիշտ ախտորոշել խնդիր առաջացնող պատճառը, որպեսզի արդյունավետ պայքարենք խնդիրների դեմ: Ադրբեջանական զինված ծառայողները հանցավոր պահվածքով ամեն օր ոտնահարվում են մեր երկրի սահմանային բնակավայրերում ապրող պարզ, սովորական մարդկանց իրավունքները: Ուստի, նրանք պետք է հեռանան մեր գյուղերի, շատ դեպքերում մարդկանց տների մոտից ու ճանապարհերից, պետք է լինի ապառազմականացված անվտանգության գոտի: Սա չի նշանակում, թե այդ կերպ միանգամից որոշում ենք ի՞նչ կամ ու՞մ տարածքն է: Դա կորոշվի հետագայում՝ դելիմատացիայի ու դեմարկացիայի արդյունքում: Պարզապես պետք է հրատապ վերականգնենք մարդկանց բնականոն, նորմալ կյանքը՝ առանց այդ կյանքը խաթարող տեխնիկայի ու զինված ծառայողների, որ թույլ չտանք ադրբեջանական հիմքեր չունեցող արարքների պատճառով մարդիկ շարունակեն զրկանքներ կրել: Ընդ որում, սա վերաբերում է նրանց բոլոր տեղակայումներին ու ոչ միայն մայիսյան ներխուժումներին: Առավել ևս՝ սա ամբողջությամբ բխում է միջազգային (ԵԱՀԿ, ՄԱԿ և այլն) պահանջներից: Հարկ ենք համարում հատուկ նշել, որ Պաշտպանի աշխատակազմն անձամբ է տեսել, թե ինչպես են համայնքային, մարզպետարանի մարմինները, ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերը, Ոստիկանության ծառայողները կամ պարզապես հարակից համայնքների բնակիչներ ջանք ու եռանդ ներդնում՝ ճանապարհներն անցանելի դարձնելու, մարդկանց օգնելու համար: Մարդկանց չարչարանքը միմիայն գնահատելի է, բայց, ինչպես արդեն ասել եմ, հարցն այստեղ բոլորովին այլ է: Հ.Գ. Արձանագրված ամեն անհատական գործով կաշխատենք պետական մարմինների հետ ու նաև միջազգային կառույցներին ուղղված հատուկ զեկույցներով կշարունակենք հիմնավորել՝ ապառազմականացված գոտու անհրաժեշտությունը»,- գրել է Թաթոյանը:
09:30 - 05 դեկտեմբերի, 2021