Էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված ոլորտներում մշակում է տնտեսական քաղաքականությունը, ապահովում դրա իրականացնումը եւ արդյունքների գնահատումը։

Էկոնոմիկայի նախարարն է Վահան Քերոբյանը, տեղակալներն են Ավագ Ավանեսյանը, Տիգրան Գաբրիելյանը, Նաիրա Մարգարյանը, Վարոս Սիմոնյանը, Արման Խոջոյանը։

ՀՀ վարչապետը խորհրդակցություն է անցկացրել էկոնոմիկայի նախարարությունում

ՀՀ վարչապետը խորհրդակցություն է անցկացրել էկոնոմիկայի նախարարությունում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել էկոնոմիկայի նախարարությունում: «Կորոնավիրուսին ավելացած պատերազմի ամենամեծ մարտահրավերը մակրոտնտեսական փլուզումն էր: Կարևոր է արձանագրել, որ կարողացանք պահպանել մակրոտնտեսական կայունությունը, որի միջազգային ճանաչումը եվրապարտատոմսերի աճող թողարկումն էր: Ամենատեսանելի և շոշափելի գնահատականն ինստիտուցիոնալ ներդրողների մոտեցումն է, երբ երկրին, կառավարությանը վստահում են իրենց ներդրումները: Ի վերջո, սա վստահության կարևոր ցուցիչ է: Այս թողարկումը հաջողվեց իրականացնել Հայաստանի պատմության համար ամենացածր տոկոսադրույքով: Սա նշանակում է, որ ինստիտուցիոնալ ներդրողները հավատում են Հայաստանի առաջին հերթին տնտեսական, հասկանալիորեն՝ նաև քաղաքական ապագային»,- գրել է ՀՀ վարչապետը Ֆեյսբուքի իր էջում:
13:02 - 09 փետրվարի, 2021
Վահան Քերոբյանը և Դմիտրի Մարիյասինը քննարկել են համագործակցության հեռանկարները

Վահան Քերոբյանը և Դմիտրի Մարիյասինը քննարկել են համագործակցության հեռանկարները

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը փետրվարի 8-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինին։ Ողջունելով ՄԱԶԾ մշտական ներկայացուցչին՝ նախարարն ընդգծել է շարունակական արդյունավետ համագործակցությունը ՄԱԶԾ հետ՝ նշելով համատեղ զարգացման ծրագրերը ՓՄՁ, գյուղատնտեսության,  զբոսաշրջության ոլորտներում։ Դմիտրի Մարիյասինը շնորհավորել է նախարարին ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, այնուհետև ներկայացրել ՄԱԶԾ գերակայությունները, ընդգծել նորարարության վրա հիմնված նոր ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը։ Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են պարբերական խորհրդակցությունների և աշխատանքների իրականացումը նորարարարության, գյուղատնտեսության, փոքր ջրամբարների, ներդրումների խթանման բնագավառում։ Այս տեսանկյունից Վահան Քերոբյանը կարևորել է ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի (UNCTAD) կողմից Investment Policy Review զեկույցի պատրաստումը և  առաջարկությունների մշակումը։ Նախարարը տեղեկացրել է նաև գյուղական վայրերում ոչ գյուղատնտեսական աշխատատեղերի ստեղծման նախաձեռնության մասին, ինչը հնարավորություն կընձեռի գյուղական համայնքների բնակիչներին աշխատելու նաև զբոսաշրջության, թեթև արդյունաբերության և այլ ոլորտներում։ Էկոնոմիկայի նախարարը խոսել է Երևանը տարածաշրջանային բարձր տեխնոլոգիաների կենտրոն դարձնելու հավակնոտ գաղափարի մասին՝ տեղեկացնելով, որ ներկայումս քննարկումներ են ընթանում համապատասխան ենթակառուցվածքներ ստեղծելու ուղղությամբ։ Վահան Քերոբյանը կիսվել է նաև Հայաստանում գործող ջրամբարների՝ այցելուների համար բաց լինելու գաղափարով, ինչը հնարավորություն կտա զարգացնելու ներքին զբոսաշրջությունը։ Դմիտրի Մարիյասինն անդրադարձել է ՄԱԶԾ և Ավստրիական Զարգացման Բանկի eregulations.am էլեկտրոնային հարթակին և առաջարկել շարունակել խորացնել աշխատանքները ներդրումների խթանման և զբոսաշրջության զարգացման համատեղ ծրագրերի իրականացման ուղղությամբ։ Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել զբոսաշրջության և ներդրումների ոլորտի միջազգային փորձագետների հետ առանձին հանդիպումներ կազմակերպելու վերաբերյալ։
17:14 - 08 փետրվարի, 2021
Կայացել է «Պարենի անվտանգությունը Հայաստանում․ քաղաքականությունը տարիների ընթացքում, շուկայի ֆունկցիոնալությունը, մատակարարման շղթաները» խորագրով միջոցառումը

Կայացել է «Պարենի անվտանգությունը Հայաստանում․ քաղաքականությունը տարիների ընթացքում, շուկայի ֆունկցիոնալությունը, մատակարարման շղթաները» խորագրով միջոցառումը

Երևանում փետրվարի 5-ին կայացել է «Պարենի անվտանգությունը Հայաստանում․ քաղաքականությունը տարիների ընթացքում, շուկայի ֆունկցիոնալությունը, մատակարարման շղթաները» խորագրով միջոցառումը, որին մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Արման Խոջոյանն ու Ավագ Ավանեսյանը, Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը, Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի փոխտնօրեն Նաննա Սկաուն, Էկոնոմիկայի նախարարության, պետական այլ մարմինների ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։    Ինչպես տեղեկացրին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ Արման Խոջոյանը նշել է, որ բնակչության պարենային ապահովումը 21-րդ դարի ամենահրատապ մարտահրավերներից մեկն է։ Նրա խոսքով՝ թեև Հայաստանի համար դեռ չի հաշվարկվում պարենային անվտանգության գլոբալ ինդեքսը, սակայն Էկոնոմիկայի նախարարության կողմից համապատասխան հաշվարկներ են իրականացվում Հայաստանի պարենային անվտանգության մակարդակը ճշտելու նպատակով։ Արման Խոջոյանը գոհունակությամբ նշել է, որ համաձայն վերջին հաշվարկների՝ Հայաստանը բարելավել է իր դիրքերը և 76-րդից տեղափոխվել է 48-րդ տեղը։ «Ներկայումս կառավարությունն իրականացնում է միջոցառումներ ներկրման և արտահանման շուկաների դիվերսիֆիկացման, պարենային պետական պահուստների, կենսականորեն կարևորագույն պարենամթերքի տեսականու համալրման և ծավալների ավելացման ուղղությամբ, ինչը հնարավորություն կտա արտակարգ իրավիճակներում կամ գների կտրուկ տատանումների դեպքում բնակչությանն ապահովել կենսական անհրաժեշտության ապրանքներով», - նշել է փոխնախարարը։ Արման Խոջոյանը հույս է հայտնել, որ քննարկման արդյունքում ձեռքբերված պայմանավորվածությունների արդյունքում առավել մեծ ջանքեր կուղղվեն պարենային անվտանգության խնդիրների վերհանմանը, տնտեսական զարգացմանն ուղղված միջոցառումների նախանշմանն ու անվտանգության ապահովման ոլորտներում իրավիճակների վերլուծությանը, կառավարմանն ու կանխատեսմանը։ «Այսօր առավել քան երբևէ ժամանակն է դիմագրավելու աշխարհի առջև ծառացած մարտահրավերներին, հիմա ժամանակն է համաձայնության գալու այս բարդ մարտահրավերների միասնական պատասխանների շուրջ և համակողմանիորեն օգտագործել ողջ ներուժը», - ամփոփելով իր խոսքը՝ նշել է Արման Խոջոյանը։ Միջոցառման ընթացքում ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը հանդես է եկել «Պարենի անվտանգությունը որպես տնտեսության ոլորտների ինտեգրման հիմնաքար․ Տնտեսական զարգացման այլընտրանքային մոդել Հայաստանում» ելույթով։ Նախարարության պարենային անվտանգության և ագրովերամշակման զարգացման վարչության պետ Գևորգ Ղազարյանը ներկայացրել է Հայաստանում պարենային անվտանգության զարգացման հեշտ և դժվար մարտահրավերները, իսկ Գյուղատնտեսական ծրագրերի մշակման, ռեսուրսների օգտագործման և կոոպերացիայի զարգացման վարչության պետ Իռա Փանոսյանը հանդես է եկել Հայաստանում պարենային անվտանգության զարգացման ոլորտում ընթացիկ, ապագա և անհրաժեշտ քաղաքականության միջամտությունների վերաբերյալ զեկույցով։
18:33 - 05 փետրվարի, 2021
Վահան Քերոբյանը կարևորել է Հայաստանում բիզնեսի ֆինանսավորման ենթակառուցվածքների ստեղծումը

Վահան Քերոբյանը կարևորել է Հայաստանում բիզնեսի ֆինանսավորման ենթակառուցվածքների ստեղծումը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը փետրվարի 4-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակությանը` հայ-ռուսական առևտրատնտեսական համագործակցության ընթացքն ու հեռանկարները քննարկելու նպատակով: Այս մասին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Հանդիպմանը մասնակցել են Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը և Հայաստանում ՌԴ առևտրական ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն։ «Ռուսաստանի հետ Հայաստանի փոխգործակցությունը բարեհաջող է զարգանում, սակայն կա ներուժ այն ավելի խորացնելու։ Ներկայում մենք նախատեսում ենք մշակել Ռուսաստանի հետ համագործակցության բազմավեկտոր օրակարգ և ես հույս ունեմ, որ այն կնպաստի մեր երկրների միջև տնտեսական կապերի սերտացմանը», - ողջունելով հյուրերին՝ նշել է Վահան Քերոբյանը: Դեսպան Սերգեյ Կոպիրկինն իր հերթին ընդգծել է, որ տնտեսությունը երկկողմ համագործակցության առաջատար ոլորտներից է, և ժամանակն է մտածել երկու երկրների միջև տնտեսական կապերն ամրապնդելու և ավելի ակտիվացնելու մասին, ինչին կնպաստի նոր ներդրումների ներգրավումը։ Համակարծիք լինելով դեսպանի հետ՝ Վահան Քերոբյանը կարևորել է Հայաստանում բիզնեսի ֆինանսավորման ենթակառուցվածքների ստեղծումը։ Այնուհետև կողմերը քննարկել են հայ-ռուսական տնտեսական համագործակցությանը վերաբերող և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ։
15:50 - 05 փետրվարի, 2021
Վահան Քերոբյանն ու Շոմբի Շարփը վերահաստատել են համագործակցության խորացման պատրաստակամությունը

Վահան Քերոբյանն ու Շոմբի Շարփը վերահաստատել են համագործակցության խորացման պատրաստակամությունը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հանդիպում է ունեցել Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի հետ։ Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալներ Վարոս Սիմոնյանը և Ավագ Ավանեսյանը, նաև նախարարության և Մշտական համակարգողի գրասենյակի անձնակազմի ներկայացուցիչները։ Շոմբի Շարփը շնորհավորել է նախարարին ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: ՄԱԿ-ի մշտական համակարգողը նշել է, որ Հայաստանի Կառավարության հետ քննարկվող 2021-2015 թթ․ ՄԱԿ-ի Զարգացման աջակցության շրջանակը լավ հնարավորություն է վերանայելու և նոր թափ հաղորդելու համագործակցությանը․ «ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի անունից ցանկանում եմ նշել, որ մենք մեծապես գնահատում ենք Էկոնոմիկայի նախարարության հետ մեր լայնածավալ համագործակցությունը՝ մարդկանց և համայնքների համար ընդհանուր բարեկեցություն և կայունություն ապահովելու համար: Այժմ մենք ընդլայնում ենք մեր համատեղ ջանքերը` վերջին մարտահրավերներից ավելի լավ վերականգնվելու համար, և շուտով կմեկնարկենք ՄԱԿ-ի Գործընկերության նոր հնգամյա շրջանակը, որի հիմքում Հայաստանի համար կանաչ, կայուն և ներառական տնտեսական աճն է»,- ասել է Շոմբի Շարփը: Նա հավելել է, որ համագործակցությունը կարող է շարունակվել նաև ՓՄՁ զարգացման, ներդրումների խթանման, նորարարության ֆինանսավորման  և վենչուրային ֆոնդերի ստեղծման ուղղություններով։ Ողջունելով Հայաստանում իրականացվող ՄԱԿ-ի հետ համատեղ նախագծերը՝ Վահան Քերոբյանը նշել է, որ հանդիպումը լավ հնարավորություն է հետագա համագործակցության ուղղություններն ուրվագծելու և հստակեցնելու համար։ Նախարարը հետաքրքրվել է Հայաստանում ՄԱԿ-ի տնտեսական կառույցների գրասենյակների հիմնման հնարավորություններով, ներկայացրել նախարարության տեսլականը ՓՄՁ-ների համար ֆինանսական միջոցների հասանելիության, կապիտալ շուկայի զարգացման վերաբերյալ։ Վահան Քերոբյանը տեղեկացրել է նախարարության կողմից իրականացվող գիտելիքահենք տնտեսական քաղաքականության մշակման աշխատանքների  մասին։ Նա հայտնել է նաև գյուղական վայրերում ոչ գյուղատնտեսական աշխատատեղերի ստեղծման նախաձեռնության մասին, ինչը հնարավորություն կընձեռի գյուղական համայնքների բնակիչներին աշխատելու նաև զբոսաշրջության, թեթև արդյունաբերության և այլ ոլորտներում։ Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել ջրային ոլորտի ենթակառուցվածքների զարգացման ծրագրերի իրականացմանը։ Պարոն Շարփը նշել է գյուղական համայնքներում աշխատուժի վերապատրաստման, այդ թվում՝ կանանց համար ծրագրերի անհրաժեշտության մասին։ Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են փոխհամաձայնեցված ուղղություններով համագործակցության խորացման պատրաստակամությունն ու հանձնառությունը: 
17:02 - 04 փետրվարի, 2021
Արցախում վարելահողերի կորստի պատճառով գյուղատնտեսության պետական աջակցության նոր ծրագիր է մշակվել |hetq.am|

Արցախում վարելահողերի կորստի պատճառով գյուղատնտեսության պետական աջակցության նոր ծրագիր է մշակվել |hetq.am|

hetq.am: Արցախի Հանրապետությունում ցանքատարածությունների և Հայաստան ներկրվող հացահատիկի և հատիկաընդեղենի ծավալների կրճատմամբ պայմանավորված՝ Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը նախագիծ է մշակել, որով ցանկանում է խթանել հացահատիկային, հատիկաընդեղեն և կերային մշակաբույսերի արտադրությունը։ Պետական աջակցության համապատասխան ծրագիրը հաստատելու մասին Կառավարության որոշման նախագիծը ներկայացվել է իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում։ Էկոնոմիկայի նախարարությունը հայտնում է, որ 2019 թվականին պաշտոնական տվյալներով՝ Արցախում հացահատիկի և հատիկաընդեղենի ցանքատարածությունները կազմել են 74.4 հազար հեկտար և Արցախից Հայաստան է ներկրվել 40 հազար տոննա հացահատիկ և հատիկաընդեղեն: Այս նախագծով առաջարկվում է Հայաստանի բոլոր մարզերում 1-20 հա մակերեսով գարնանացան գարու, գարնանացան ցորենի, հաճարի, վարսակի, առվույտի և կորնգանի, ինչպես նաև 0.5-20 հա լոբու, ոսպի, ոլոռի, սիսեռի ցանքատարածություններ մշակող գյուղացիական տնտեսություններին վաճառվող, ինչպես նաև ցանք կատարելու համար արտադրված և/կամ ներմուծված գարնանացան գարու, գարնանացան ցորենի, հաճարի, վարսակի, լոբու, ոսպի, ոլոռի, սիսեռի, առվույտի և կորնգանի  էլիտա և/կամ 1-ին վերարտադրության հավաստագրված և ախտահանված սերմերի վաճառքի գնի տարբերակված սուբսիդավորում կամ փոխհատուցում։ Սուբսիդավորման կամ փոխհատուցման գործընթացը կիրականացնի էկոնոմիկայի նախարարությունը։ Եթե Կառավարությունը հավանություն տա նախագծին, ապա նախարարության հաշվարկներով՝ այն կնպաս­տի Հայաստանում շուրջ 24,3 հազար հա գարնանացան հացահատիկային, հատիկաընդեղեն և կերային որոշ մշակաբույսերի ցանքատարածությունների ապահովմանը, բերքատվության մակարդակի բարձրացմանը՝ մինչև 30 %-ով։
14:19 - 04 փետրվարի, 2021
Հայկական կողմը հետամուտ է տարածաշրջանային հաղորդակցության ուղիների փակուղային վիճակի վերացմանը. Վահան Քերոբյան

Հայկական կողմը հետամուտ է տարածաշրջանային հաղորդակցության ուղիների փակուղային վիճակի վերացմանը. Վահան Քերոբյան

Աշխատանքային այցով հունվարի 22-26-ը Իրանում գտնվող ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հարցազրույց է տվել IRNA լրատվական գործակալությանը։ IRNA գործակալության հաղորդմամբ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը Իրան կատարած այցի շրջանակներում հանդիպել է ԻԻՀ պետական և մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ։ IRNA-ի լրագրողի հետ հարցազրույցի ժամանակ Վահան Քերոբյանը նշել է, որ Իրանի հետ առևտրատնտեսական կապերի ընդլայնումը նպատակ ունի ձեռք բերված համաձայնությունների կյանքի կոչմամբ և տնտեսական ոլորտում համագործակցության խորացմամբ առավել բարենպաստ մթնոլորտ ձևավորել՝ համատեղ նախագծերի իրականացման համար։ Նախարարը հստակեցրել է, որ վերոնշյալ նպատակին հասնելու համար ստեղծվելու է աշխատանքային խումբ, որի գործունեությունն ուղղված է լինելու սեղմ ժամկետում իրանական կողմի հետ պայմանավորվածությունների իրականացման օրակարգ մշակելուն։ Խոսելով Հայաստան-Իրան բազմակողմ համագործակցության մասին՝ նախարար Քերոբյանը նշել է, որ Իրանից Հայաստան արտահանվող հիմնական ապրանքատեսակներն են՝ շինարարական սարքավորումները, շինանյութը, մրգերը, բանջարեղենը, նավթաքիմիական արտադրանքը, սահմանափակ քանակությամբ մետաղը և տեխնիկական սարքավորումները։ Կարևոր խնդիր համարելով ապրանքաշրջանառության փոքր ծավալների ավելացումը՝ նախարարը նշել է, որ երկու երկրների համապատասխան գերատեսչություններում առկա է այն համոզմունքը, որ Հայաստան-Իրան տնտեսական համագործակցության ներուժը թույլ է տալիս զգալիորեն գերազանցել ներկայիս ծավալները: Ընդգծելով Հայաստանի՝ ԵԱՏՄ մեծ շուկայի անդամ պետություն լինելը և հիմք ընդունելով ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների հետ Հայաստանի ընդարձակ կապերը՝ նախարար Քերոբյանը նշել է, որ իրանցի առևտրականների և արտադրողների համար առկա են նպաստավոր պայմաններ՝ ԵԱՏՄ շուկայի նկատմամբ հասանելիություն ունենալու համար: Խոսելով այն մասին, որ Իրանը կարող է «օգտագործել» Հայաստանը որպես «կամուրջ» համայն աշխարհին ապրանքներ վաճառելու նպատակով, ՀՀ էկոնոմիկայի նախարարն առաջարկել է իրանցի գործարարներին Հայաստանի տարածքում հիմնել հայ-իրանական համատեղ ձեռնարկություններ՝ վերջիններիս արտադրանքը երրորդ երկրների շուկա դուրս բերելու նպատակով։ Վահան Քերոբյանը, անդրադառնալով Հայաստան-Իրան առևտրաշրջանառության շուրջ 400 մլն դոլար կազմող ներկայիս ծավալին, նշել է, որ 2020 թ. դեկտեմբերին Հայաստանում Իրանի դեսպանի հետ իր հանդիպման ժամանակ որոշվել է առաջիկա 6 ամսվա ընթացքում առևտրաշրջանառության ծավալները հասցնել մեկ միլիարդ դոլարի, որն էլ երկու երկրների միջև համագործակցության զարգացման մեկնակետ կդառնա։ Տրանսպորտային ենթակառուցվածքների հետ կապված խնդիրները որակելով էական խոչընդոտ երկու երկրների միջև առևտրային հարաբերություններում՝ նախարարը նշել է, որ այդ խնդիրը համարում է «մղձավանջային», քանի որ բազմաթիվ դժվարություններ կան Հայաստանի բեռնափոխադրամիջոցների՝ Իրան մուտք գործելու և իրանական ապրանքները ԵԱՏՄ անդամ երկրների տարածք փոխադրելու համար: Մյուս կողմից՝ իրանական բեռնատարները Հայաստանի տարածք մուտք գործելու համար մեծ գումարներ են վճարում։  Նախարարը հավելել է, որ հայկական կողմը հետամուտ է առկա դժվարությունների, տարածաշրջանային հաղորդակցության ուղիների փակուղային վիճակի վերացմանը և ջանքեր է գործադրում խոչընդոտների շուտափույթ հաղթահարման ուղղությամբ։ Տրանսպորտային խնդիրների լուծման տարբերակներից մեկը համարելով Երևան-Թեհրան երկաթգծի գործարկումը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարը նշել է, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ հրադադարի մասին ստորագրած եռակողմ համաձայնագրի 9-րդ կետի համաձայն՝ տարածաշրջանային հաղորդակցության բոլոր ճանապարհներն ապաշրջափակվելու են, որը թույլ կտա գործարկել Երևան-Ջուլֆա-Թեհրան երկաթգիծը։ Խոսելով գազամատակարարման շուրջ բանակցությունների մասին՝ նախարար Քերոբյանը նշել է, որ Իրանից Հայաստան մատակարարվող գազի առավելագույն ծավալին հասնելու համար հարկավոր է ավարտին հասցնել էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարությունը, որպեսզի հնարավոր լինի գազ/էլեկտրաէներգիա փոխանակման ծրագրի շրջանակներում ավելացնել դրանց ծավալները։ Թուրքական ծագման 2250 ապրանքատեսակի՝ Հայաստան ներմուծման արգելքի առնչությամբ նախարարը նշել է, որ այդ ապրանքատեսակները կարող են փոխարինվել իրանական, չինական և այլ երկրների, ինչպես նաև Հայաստանում արտադրվող ապրանքներով։ Նա հավելել է, որ այս ժամանակահատվածում կարող են օգուտ քաղել թե´ արտադրողները և թե´ առևտրականները։ Խոսելով այն մասին, որ Հայաստանը հիշյալ ապրանքատեսակների հետ կապված մտահոգություններ չունի, Վահան Քերոբյանը նշել է, որ Հայաստան-Իրան առևտրային ենթակառույցները պատրաստ են քննարկել դրամական փոխանցումների կապակցությամբ առկա խնդիրների լուծման մեխանիզմները, որոնք անհանգստացնում են տնտեսվարողներին։    
13:41 - 04 փետրվարի, 2021
ՇՎՏՄ 2020 թ. գործունեության տարեկան հաշվետվությունը կառավարման խորհրդի նիստում արժանացավ հավանության

ՇՎՏՄ 2020 թ. գործունեության տարեկան հաշվետվությունը կառավարման խորհրդի նիստում արժանացավ հավանության

Այսօր՝ փետրվարի մեկին, տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կառավարման խորհրդի նիստը: ՇՎՏՄ ղեկավար Արմեն Կոտոլյանը ներկայացրեց տեսչական մարմնի օրակարգում ներառված հարցերը: Կառավարման խորհրդի անդամների քվեարկությամբ՝ ի թիվս այլ հարցերի, հավանության արժանացավ նաև Տեսչական մարմնի 2020 թվականի գործունեության տարեկան հաշվետվությունը: Խորհրդի անդամների կողմից անդրադարձեր կատարվեցին Տեսչական մարմնի լիազորությունների տիրույթում գտնվող մի շարք այլ հարցեր։Քննարկման առարկա դարձավ նաև հանրային տիրույթում վերջին շրջանում հաճախակի բարձրացվող՝ գազալցակայանների ու բենզալցակայանների գործունեությանն առնչվող դժգոհությունների թեման: ՇՎՏՄ ղեկավարը ներկայացրեց այն բոլոր միջոցառումները, որոնք Տեսչական մարմինն իրականացնում է նշված ոլորտները վերահսկողության տակ պահելու և հնարավոր ռիսկերը նվազեցնելու համար:  
18:58 - 02 փետրվարի, 2021
Վահան Քերոբյանը Նիդերլանդների դեսպանի հետ քննարկել է տնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր

Վահան Քերոբյանը Նիդերլանդների դեսպանի հետ քննարկել է տնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը փետրվարի 2-ին ընդունել է  Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության  նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսին, ով իր երկրի առաջին ռեզիդենտ դեսպանն է Հայաստանում: Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Դեսպանի խոսքով՝ տնտեսական համագործակցությունը Հայաստանի և Նիդերլանդների միջև զարգանալու լուրջ ներուժ ունի, և անհրաժեշտ է գրանցել այնպիսի արդյունքներ, որոնք կգոհացնեն երկու կողմերին։ Նախարար Քերոբյանը ողջունել է Երևանում Նիդերլանդների դեսպանության բացումը՝ նշելով, որ այն նոր հնարավորություններ է ընձեռում երկու երկրների միջև համագործակցության զարգացման համար: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Նիդերլանդների միջև տնտեսական կապերի ամրապնդմանն առնչվող հարցեր, մասնավորապես մտքեր են փոփանակվել Հայաստանի ներդրումային միջավայրի, գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտների վերաբերյալ։ Նիկոլաս Սխերմերսը պատրաստակամություն է հայտնել նիդերլանդական ըկերություններին տեղեկացնել Հայաստանի ներդրումային հնարավորությունների մասին և ակտիվ աշխատել փոխգործակցության խթանման ուղղությամբ: Կողմերը պայմանավորվել են շարունակական հանդիպումների միջոցով վեր հանել այն հարցերը, խնդիրները և ծրագրերը, որոնց լուծումը և իրականացումը կնպաստի հայ-նիդերլանդական տնտեսական կապերի խորացմանն ու առևտրաշրջանառության աճին։
14:53 - 02 փետրվարի, 2021
ԱԱԾ-ն ձերբակալել է բարձրաստիճան պաշտոնյայի խոշոր չափերով կաշառք  ստանալու կասկածանքով

ԱԱԾ-ն ձերբակալել է բարձրաստիճան պաշտոնյայի խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով հանցավորության դեմ ուղղված պայքարի` օրենքով իրեն վերապահված գործառույթների անշեղ կատարմանը, իրականացված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների, ինչպես նաև համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել է, որ ՀՀ-ում գործունեություն ծավալող ընկերության անվամբ Արաբական Միացյալ Էմիրություններից «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ՀՀ է ներմուծվել և հայտարարագրվել է 148.535 ԱՄՆ դոլար հաշիվ ապրանքագրային արժեքով 1776.84 մետր կարատ քաշով մշակված ադամանդ, որի մաքսային արժեքը կազմել է 72.014.112 ՀՀ դրամ, այնինչ նյութերի նախապատրաստմամբ պարզվել է, որ ընկերության կողմից վերոգրյալ հայտարարագրով ՀՀ ներմուծված և փորձագետի կողմից 18.09.2020 թվականի դրությամբ հետազոտված ադամանդների շուկայական արժեքն ավելին է, քան 420.000.000 ՀՀ դրամը, որի արդյունքում պետությանը պակաս է հաշվարկվել և վճարվել առանձապես խոշոր չափերի հասնող մաքսային վճարներ: Դեպքի առթիվ 2020 թվականի սեպտեմբերի 24-ին ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզական վարչությունում հարուցված և ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտին փոխանցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության լիցենզավորման և թույլտվությունների վարչության պետ Ա.Ն.-ն` հանդիսանալով պաշտոնատար անձ, իրավասու  լինելով  տնտեսվարող սուբյեկտների կողմից ապրանքների ներկրման դեպքում ստուգում իրականացնելուց հետո տրամադրելու պետական վերահսկողական ակտ, ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու, այն է` տնտեսվարող կազմակերպության կողմից ներկրած ադամանդյա քարերի իրական արժեքը թաքցնելու, մաքսազերծման ժամանակ քիչ մաքսատուրք վճարելու, պետական վերահսկողական ակտի տրամադրման նպատակով համապատասխան ստուգում չիրականացնելու և այդ պայմաններում հիշյալ ակտը տրամադրելու դիմաց 2020 թվականի սեպտեմբերի 6-ին անձամբ  ընկերության սեփականատերերից ստացել է խոշոր չափերի կաշառք, որից հետո շահադիտական դրդումներով հանձնարարել է ՀՀ  էկոնոմիկայի  նախարարի իրավախորհրդատու Վ.Ս.-ին կազմել և ընկերության ներկայացուցիչներին հանձնել իրավունք վերապահող` ադամանդյա քարերի ներկրման հայտարարագրի համապատասխանության վերաբերյալ  պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող բովանդակությամբ կեղծ պետական  վերահսկողության ակտ, ինչը վերջինիս կողմից կատարվել է: Քրեական գործով ձեռք բերված անհերքելի ապացույցների և փաստերի ճնշման ներքո՝ ՀՀ  էկոնոմիկայի  նախարարի իրավախորհրդատուն տվել է խոստովանական ցուցմունքներ: 2021 թվականի հունվարի 26-ին  խոշոր չափերով կաշառք  ստանալու կասկածանքով  ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ բերման է ենթարկվել ՀՀ էկոնոմիկայի նախարարության լիցենզավորման և թույլտվությունների վարչության պետ Ա.-Ն.-ն և ձերբակալվել: Նույն օրը կաշառք տալու, պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելու կասկածանքով Քննչական դեպարտամենտ բերման են ենթարկվել նաև ՀՀ-ում գործունեություն իրականացնող տնտեսվարող ընկերության փաստացի սեփականատերերը, ինչպես նաև ենթադրյալ հանցագործության մեջ կասկածվող կամ դրա հետ առնչություն ունեցող շուրջ  մեկ տասնյակ անձինք: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ կատարված հանցագործությունների արդյունքում պետությանը պատճառված վնասի իրական չափը ճշտելու, կոռուպցիոն մեխանիզմում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու և նրանց արարքներին համապատասխան քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ: Ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է տնտեսվարող սուբյեկտներին իրենց գործունեությունը ծավալել բացառապես օրինական դաշտում և զերծ մնալ կոռուպցիոն դրսևորումներից:
10:15 - 29 հունվարի, 2021
Վահան Քերոբյանը և Հայաստանում ԵՄ դեսպանը քննարկել են համագործակցության խորացման հնարավորությունները

Վահան Քերոբյանը և Հայաստանում ԵՄ դեսպանը քննարկել են համագործակցության խորացման հնարավորությունները

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը  հունվարի 27-ին հանդիպել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հետ: Ինչպես հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը մասնակցել են Հայաստանում ԵՄ պատվիրակության և ՀՀ էկոնոմիկայի նախարարության պատասխանատու աշխատակիցները: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) Առևտուր և առևտրին առնչվող հարցերի մասի իրականացման ընթացքին, ՀՀ-ԵՄ առևտրատնտեսական համագործակցության շրջանակներում ԵՄ կողմից Հայաստանին տրամադրվող  աջակցության ծրագրերին, կորոնավիրուսային համավարակի տարածման բացասական հետևանքները մեղմելու ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից տրամադրված աջակցության ծրագրերին, ինչպես նաև ԵՄ կողմից նախատեսված «Կովիդ-19 համավարակի դիմակայման Հայաստանի պայմանագիր» ԵՄ բյուջետային աջակցության ծրագրին, «GSP+» արտոնյալ առևտրայի ռեժիմին, առևտրի և ներդրումների ոլորտների զարգացումներին, զբոսաշրջության և ՓՄՁ ոլորտներում տրամադրվող ընթացիկ աջակցության ծրագրերին և «Ամբեր Կապիտալ» ԵՄ-Հայաստան ՓՄՁ հիմնադրամին առնչվող հարցեր։ Կարևորվել են ԵՄ աջակցության ծրագրերի ներքո Հայաստանի Հանրապետությունում առևտրատնտեսական ոլորտում իրականացվող ոլորտային բարեփոխումները և առաջիկայում նախատեսվող գործընթացները, ինչպես նաև ԵՄ կողմից Հայաստանին տրամադրվելիք 2021-2027թթ. բազմամյա ինդիկատիվ ծրագրի ներքո աջակցության առաջնային ուղղությունների ձևավորման գործընթացը, ինչպես նաև երկկողմ համագործակցության հետագա խորացումը: 
17:19 - 27 հունվարի, 2021
Մեկնարկել են 2021 թվականի գյուղատնտեսական տարվա համար ապահովագրական պայմանագրերի կնքման աշխատանքները

Մեկնարկել են 2021 թվականի գյուղատնտեսական տարվա համար ապահովագրական պայմանագրերի կնքման աշխատանքները

Մեկնարկել են 2021 թվականի գյուղատնտեսական տարվա համար ապահովագրական պայմանագրերի կնքման աշխատանքները։ Տեղեկացնում է էկոնոմիկայի նախարարությունը։ Գյուղաապահովագրության պայմանագրեր կնքելու համար հարկավոր է մոտենալ «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ», «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» և «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ընկերությունների գրասենյակներ։ 2021 թվականի գյուղատնտեսական տարվա համար ապահովագրվող մշակաբույսերի ցանկն ընդլայնվել է, դրանում ներառվել են՝ կարտոֆիլ, սալոր, ձմերուկ/սեխ Ապահովագրական պայմանագրերի կնքման համար սահմանված են հստակ ժամկետներ․ գարնանային ցրտահարություն՝ խաղողի, ծիրանի, դեղձի ապահովագրությունը կիրականացվի Արմավիր, Արարատ, Վայոց ձոր, Կոտայք, Տավուշ, Արագածոտն մարզերում Պայմանագրերի կնքման վերջնաժամկետն է փետրվարի 20-ը, կարկտահարություն և գարնանային ցրտահարություն՝ վաղահաս կարտոֆիլի ապահովագրությունը կիրականացվի բոլոր մարզերում Պայմանագրերի կնքման վերջնաժամկետն է մարտի 10-ը, կարկտահարություն և հրդեհ՝ դեղձի, կարկտահարություն և գարնանային ցրտահարություն՝ միջին-վաղահաս, միջին-ուշահաս և ուշահաս կարտոֆիլի և սալորի ապահովագրությունը կիրականացվի բոլոր մարզերում Պայմանագրերի կնքման վերջնաժամկետն է մարտի 20-ը, կարկտահարություն և հրդեհ՝ խաղողի, ծիրանի ապահովագրությունը Արմավիր, Արարատ, Վայոց ձոր, Կոտայք, Տավուշ, Արագածոտն և կարկտահարություն՝ սալորի ապահովագրությունը կիրականացվի բոլոր մարզերում Պայմանագրերի կնքման վերջնաժամկետն է մարտի 25-ը, կարկտահարություն՝ խնձորի ապահովագրությունը կիրականացվի բոլոր մարզերում Պայմանագրերի կնքման վերջնաժամկետն է ապրիլի 20-ը, կարկտահարություն՝ ձմերուկի, սեխի ապահովագրությունը կիրականացվի Արմավիր, Արարատ, Արագածոտն մարզերում Պայմանագրերի կնքման վերջնաժամկետն է ապրիլի 25-ը, կարկտահարություն, կարկտահարություն և հրդեհ՝ աշնանացան և/կամ գարնանացան հացահատիկ (ցորեն, գարի և վարսակ) ապահովագրությունը կիրականացվի բոլոր մարզերում Պայմանագրերի կնքման վերջնաժամկետն է մայիսի 1-ը։ Հնարավոր է կնքել պայմանագրեր՝ ռիսկերի համակցմամբ. կարկտահարություն և հրդեհ, գարնանային ցրտահարություն ռիսկերի համակցմամբ խաղողի, ծիրանի և դեղձի ապահովագրության համար՝ պայմանագրերի կնքման վերջնաժամկետն է յուրաքանչյուր տարվա փետրվարի 20-ը, կարկտահարություն կամ գարնանային ցրտահարություն ռիսկերի համակցմամբ վաղահաս կարտոֆիլի պայմանագրերի կնքման վերջնաժամկետն է մարտի 10-ը, կարկտահարություն կամ գարնանային ցրտահարություն ռիսկերի համակցմամբ սալորի, միջին-վաղահաս, միջին-ուշահաս և ուշահաս կարտոֆիլի պայմանագրերի կնքման վերջնաժամկետն է մարտի 20-ը։ Պետության կողմից կսուբսիդավորվի ապահովագրավճարի 50-60 %-ը։
21:09 - 26 հունվարի, 2021
Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է նաև Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանք և թանգարան

Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է նաև Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանք և թանգարան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը հունվարի 22-ից 26-ը գտնվում է Իրանի Իսլամակաան Հանրապետությունում։ Նախարարությունը հայտնում է, որ այցի առաջին օրը, hունվարի 22-ին, ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է ՀՀ դեսպանության և Իրան-Հայաստան առևտրի պալատի կողմից կազմակերպված գործարար համաժողովին: Նախարար Քերոբյանը համաժողովի մասնակիցներին ներկայացրել է ՀՀ տնտեսության զարգացման ընթացիկ և հեռանկարային ծրագրերը: Մտքերի փոխանակման և քննարկումների ընթացքում արծարծվել են հայ և իրանցի գործարարների միջև առևտրային կապերի ամրապնդմանը, նրանց կողմից ներդրումային ծրագրերի իրականացմանն առնչվող բազմաթիվ հարցեր: «Շատ ջերմ ընդունելության եմ արժանացել։  Իմ հիմնական նպատակն է ակտիվացնել երկրում տնտեսական հարաբերությունները  ոչ միայն փոխադարձ առևտրի տեսքով, այլ միմյանց հետ համագործակցելով՝ երրորդ երկրներին ապրանք վաճառելու հարցում։ Ես ասել եմ, որ ցանկացած հարց, որն իմ ոլորտում է, պատրաստ եմ ամենաարագ ձևով լուծել, որովհետև հավատում եմ, որ փոքր խոչընդոտներ վերացնելով` մենք մեծ արդյունքների կարող ենք հասնել», - ասել է Վահան Քերոբյանը։ Հունվարի 23-ից մեկնարկել է նախարար Քերոբյանի հանդիպումների շարքն Իրանի Իսլամական Հանրապետության պետական բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաև գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ: Մասնավորապես հունվարի 23-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Ալիռեզա Ռազմհոսեյնիի և Իրանի Իսլամական Հանրապետության Կենտրոնական բանկի նախագահ Աբդոլնասեր Հեմմաթիի հետ։ ՀՀ էկոնոմիկայի և ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարների միջև հանդիպման արդյունքում ստորագրվել է հուշագիր: Հանդիպումներին իրանական կողմից մասնակցել են պետական մարմինների և տնտեսության ոլորտի լայն շրջանակի ներկայացուցիչներ։ Քննարկումների ընթացքում անդրադարձ է եղել երկկողմ տնտեսական հարաբերություններին վերաբերող բազմաթիվ խնդիրների, ինչպես նաև առանձին ծրագրային առաջարկությունների։ Նշվում է, որ հայկական պատվիրակությունը նաև այցելել է «Mammut» արդյունաբերական համալիր և «Cinnagen» դեղագործական ձեռնարկություն: Հունվարի 24-ին Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը Սպահանում  մի շարք հանդիպումներ է ունեցել, այդ թվում՝ նահանգապետ Աբաս Ռեզայիի, նահանգի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի, ինչպես նաև գործարար շրջանակների այլ ներկայացուցիչների (այդ թվում՝ հայ գործարարների) հետ: ՀՀ էկոնոմիկայի նախարարի և Սպահանի նահանգապետի հանդիպման ժամանակ քննարվել է երկկողմ առևտրաշրջանառության ծավալների մեծացմանը, ներդրումային ծրագրերի իրականացմանը, արդյունաբերության, զբոսաշրջության և այլ ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Սպահան կատարած այցի ընթացքում նախարար Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը եղել է «Chika» սննդի, «Goltash» լվացման պարագաների և հարդարման նյութերի, «Zarin Iran» հախճապակյա սպասքի արտադրական ձեռնարկություններում: Հայկական պատվիրակությունն այցելել է նաև Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանք և թանգարան: Պատվիրակության հանդիպումները շարոնակվում են։
17:41 - 25 հունվարի, 2021
ՀՀ էկոնոմիկայի նախարարի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարի և ԻԻՀ ԿԲ-ի նախագահի հետ

ՀՀ էկոնոմիկայի նախարարի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարի և ԻԻՀ ԿԲ-ի նախագահի հետ

ՀՀ-ում Իրանի դեսպանությունը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է, որ հունվարի 23-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Ալիռեզա Ռազմհոսեյնիի և ԻԻՀ Կենտրոնական բանկի նախագահ Աբդոլնասեր Հեմմաթիի հետ։ ՀՀ էկոնոմիկայի և ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարների միջև հանդիպման արդյունքում ստորագրվել է հուշագիր: Հանդիպումներին իրանական կողմից մասնակցել են պետական մարմինների և տնտեսության ոլորտի լայն շրջանակի ներկայացուցիչներ։ Քննարկումների ընթացքում անդրադարձ է եղել երկկողմ տնտեսական հարաբերություններին վերաբերող բազմաթիվ խնդիրների, ինչպես նաև առանձին ծրագրային առաջարկությունների։ Հայկական պատվիրակությունը նաև այցելել է «Mammut» արդյունաբերական համալիր և «Cinnagen» դեղագործական ձեռնարկություն:
11:14 - 24 հունվարի, 2021