Կորոնավիրուս

Պաշտպանը Սերժ Սարգսյանի գործով դատական նիստը հետաձգելու միջնորդություն է ներկայացրել

Պաշտպանը Սերժ Սարգսյանի գործով դատական նիստը հետաձգելու միջնորդություն է ներկայացրել

Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ մարտի 26-ին ժամը 15:30-ին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանի մասնակցությամբ կայանալիք դատական նիստը հետաձգելու խնդրանքով՝ պայմանավորված ՀՀ­ում առաջացած համաճարակային իրավիճակով: Այս մասին Ամրամ Մակինյանը տեղեկացրել է ֆեյսբուքյան գրառմամբ։ «Հարգելի ընկերներ, լրագրողներ. Պայմանավորված Հայաստանի Հանրապետությունում առաջացած համաճարակային իրավիճակով՝ այսօր միջնորդություն եմ ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ մարտի 26-ին՝ ժամը 15:30-ին, ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Ազատի Սարգսյանի մասնակցությամբ կայանալիք դատական նիստը հետաձգելու խնդրանքով: Սերժ Սարգսյանի պաշտպանական թիմ»:  
14:33 - 24 մարտի, 2020
Առցանց առևտրով զբաղվող հայաստանյան ընկերությունները պատրաստ են պատվերների ծավալների մեծացմանը

Առցանց առևտրով զբաղվող հայաստանյան ընկերությունները պատրաստ են պատվերների ծավալների մեծացմանը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հանդիպել է Հայաստանում առցանց առևտրով զբաղվող ընկերությունների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու արտակարգ դրության պայմաններում առցանց առևտրի աճի դինամիկան, դրա արդյունքում ծագած խնդիրներն ու հնարավոր լուծումները։Հանդիպմանը մասնակցել են շուրջ մեկ տասնյակ առցանց առևտրով զբաղվող ընկերությունների ղեկավարներ:Նրանք, մասնավորապես, նշել են, որ Կորոնավիրուսի (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով հայտարարված արտակարգ դրության պայմաններում առցանց առևտրի ծավալներն աճել են՝ որոշ դեպքերում մինչև 50 տոկոսով՝ հատկապես պարենամթերքի, միրգ-բանջարեղենի առաքումների դեպքում: Ընկերությունների ներկայացուցիչները նաև վստահեցրել են, որ առկա ռեսուրսներով կարողանում են լիարժեք սպասարկել ստացված պատվերները, որոշ դեպքերում՝ նաև մարզերում:Ընկերությունների ներկայացուցիչները բարձրաձայնել են հարկման ժամանակակից էլեկտրոնային համակարգերի ներդրման և կայքերի լոկալիզացման ուղղությամբ բարեփոխումների անհրաժեշտության մասին, ներկայացրել առաջարկներ այդ ուղղություններով:Քննարկվել են «ՀայՓոստ» ՓԲԸ-ի հետ համագործակցության հնարավոր եզրերը․ նշված գործընթացներում ընկերության մարզային ցանցի օգտագործման միջոցով առաքումների իրականացման հեռանկարները: Անդրադարձ է կատարվել նաև առցանց առևտրի աճին համընթաց առաջացող խնդիրներին ու խոչընդոտներին, դեպի մարզեր ընդլայնման հնարավորություններին՝ առցանց հարթակների տեխնիկական սպասարկման, լոգիստիկ, առաքման ընդլայնման և մի շարք այլ հարցերի:Հանդիպման մասնակիցները պատրաստակամություն են հայտնել համախմբելու ուժերը երկրում ստեղծված իրավիճակում հանրությանը՝ առցանց առևտրի միջոցով հնարավորինս հարմարավետ ծառայություններ մատուցելու նպատակով:
14:18 - 24 մարտի, 2020
Տեղի է ունեցել պարետատան նիստը

Տեղի է ունեցել պարետատան նիստը

Մարտի 24-ին ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պարետատան հերթական նիստը։Տիգրան Ավինյանի խոսքը նիստի ժամանակ ներկայացնում ենք ստորև.«Բարև ձեզ, հարգելի՛ գործընկերներ, Ինչպես տեղյակ եք, այսօր քննարկելու ենք որոշ տնտեսական գործունեության տեսակների սահմանափակումներ, որոնց մասին արդեն իսկ երեկ հայտարարեց վարչապետը: Այսօր այս քննարկումից հետո հստակ ցանկը կհրապարակվի:Ուզում եմ տեղեկացնել, որ յոթ օրվա ընթացքում միայն առաջնային անհրաժեշտության տեսակի ծառայությունները, խանութները ու դեղատները պետք է աշխատեն: Ուզում եմ նաև տեղեկացնել, որ ընդհանուր առմամբ մեր կողմից կիրառվող միջոցառումները մինչ այս փուլը եղել են արդյունավետ և յոթ օրվա ավելի խիստ ռեժիմին անցում կատարելու նպատակը լինելու է վերահսկելիությունը շարունակել պահել և շարունակել զարգացնել այն գործիքակազմը, որը մեզ թույլ կտա վարակի շղթաները հայտնաբերել ու կանխարգելել:Հետևապես նաև ուզում եմ տեղեկացնել, որ տարածվելու են տեղաշարժի սահմանափակումներ ՀՀ քաղաքացիների համար և մենք յոթ օրվա ընթացքում պետք է հնարավորինս փորձենք պահպանել ինքնամեկուսացման ռեժիմը: Այդ իսկ պատճառով, այս ցանկի հրապարակումից հետո մենք նոր մեխանիզմներ կներդնենք, որոնք մեզ թույլ կտան Հայաստանի Հանրապետությունով քաղաքացիների տեղաշարժը հնարավորինս սահմանափակել և մեր քաղաքացիներին կոչ կանենք մնալ ինքնամեկուսացված, որպեսզի մենք ունենանք ժամանակ արդիականացնելու մեր գործիքակազմը և շարունակելու արդյունավետ պայքարը կորոնավիրուսի դեմ»:Նիստի մասնակիցները մանրամասնորեն քննարկել են տնտեսական գործունեության սահմանափակումներին, կանխարգելիչ շարունակական քայլերին ու առաջիկա անելիքներին վերաբերող հարցեր:      
14:15 - 24 մարտի, 2020
Արցախի նախագահի գլխավորությամբ խորհրդակցություն է անցկացվել՝ կորոնավիրուսի դեմ պայքարի մասին

Արցախի նախագահի գլխավորությամբ խորհրդակցություն է անցկացվել՝ կորոնավիրուսի դեմ պայքարի մասին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 24-ին անց է կացրել ընդլայնված խորհրդակցություն` հանրապետության պետական մարմինների, շրջվարչակազմերի ղեկավարների եւ Ստեփանակերտի քաղաքապետի մասնակցությամբ: Խորհրդակցության ընթացքում քննարկվել է նոր կորոնավիրուսի դեմ պայքարը համակարգող մարմինների կողմից կատարվող աշխատանքը: Երկրի ղեկավարն ընդգծել է հանրապետությունում համաճարակային վիճակի մշտական դիտարկման, վարակի տարածման դեմ բոլոր կանխարգելիչ եւ կազմակերպչական միջոցառումների օպերատիվ իրականացման անհրաժեշտությունը: Բակո Սահակյանը նշել է նաեւ բնակչության կողմից կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված բոլոր կանոններին հետեւելու կարեւորությունը, որն իր հերթին հիմք կհանդիսանա համատեղ ջանքերով կանխելու բացասական զարգացումներն Արցախում:Նախագահը հանձնարարականներ է տվել ներկաներին՝ քննարկված հարցերին համակարգված եւ արդյունավետ լուծում տալու ուղղությամբ: Խորհրդակցությանը մասնակցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը, պաշտոնատար այլ անձինք:
13:47 - 24 մարտի, 2020
ԱՍ հարցերի նախարարությունը կաջակցի արտակարգ դրությունից հետո գործազուրկ դարձածներին |armenpress.am|

ԱՍ հարցերի նախարարությունը կաջակցի արտակարգ դրությունից հետո գործազուրկ դարձածներին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ-ում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության պայմաններում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կաջակցի այն քաղաքացիներին, ովքեր այս ընթացքում գործազուրկ կդառնան։   Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը։ «Չեմ կարծում, որ արտակարդ դրության այս ժամանակահատվածում շատ կլինեն անձինք, ովքեր կհամալրեն գործազուրկների շարքերը։ Այնուամենայնիվ, մենք մեր ուշադրության կենտրոնում կպահենք այդ ամենը, կփորձենք հասկանալ, թե ինչ եղավ աշխատաշուկայում, ինչ վերադասավորումներ եղան։ Արտակարգ դրությունից հետո գործազուրկ դարձած անձինք կլինեն մեր ուշադրության կենտրոնում, և մենք նրանց կառաջարկենք Զբաղվածության պետական գործակալության կողմից պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող զբաղվածության ծարգրեր և միջնորդություններ կուղարկենք, կրկին նրանց աշխատանքի տեղափորելու համար»,- նշեց Սարգսյանը։
13:37 - 24 մարտի, 2020
Կորոնավիրուսի տարածման զուգահեռ ավելանում են նաև կիբերանվտանգության սպառնալիքները |hetq.am|

Կորոնավիրուսի տարածման զուգահեռ ավելանում են նաև կիբերանվտանգության սպառնալիքները |hetq.am|

hetq.am: Օգտվելով նրանից, որ COVID-19-ը գրեթե մեկ ամսով մեկուսացրել է աշխարհը, կիբերհանցագործները սկսեցին օգտագործել համացանցը՝ մարդկանց և ընկերություններին խաբելու և շանտաժի ենթարկելու համար։ Ավստրալիայի սպառողների մրցակցության և իրավունքների պաշտպանության կոմիտեն (ACCC) հաղորդել է, որ իրենց Scamwatch ծառայությունը տարվա սկզբից գրանցել է շուրջ 100 խարդախություն՝ կապված կորոնավիրուսի հետ։ Կոմիտեն ակնկալում է, որ դրանց թիվը դեռ ավելանալու է։ «Խարդախները ներկայանում են որպես այնպիսի պաշտոնական կազմակերպություններ, ինչպիսիք են Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը և Առողջապահության նախարարությունը, բացառություն չեն նաև զբոսաշրջային գործակալությունները, հեռահաղորդակցության ընկերությունները»,– մարտի 20-ին հայտարարել է կոմիտեի փոխնախագահ Դելիա Ռիկարդը։ Ավստրալիայի կիբերանվտանգության կենտրոնը զգուշացնում է, որ հեռահար աշխատելը ևս խոցելի են դարձնում կազմակերպություններին և ընկերություններին։ Մարտի 20-ին խոսելով սպառնալիքի մասին՝ Europol-ը հայտարարեց․ «Կորոնավիրուսի բռնկումը համատարած տագնապ է առաջացրել և շատ մարդիկ ստիպված են տնից աշխատել։ Չարագործներն ակտիվորեն օգտագործում են այս նոր հանգամանքները, որպեսզի թիրախավորեն հեռահար աշխատողներին, բիզնեսներին և այլ անհատների»։ News-Gazette-ի հաղորդմամբ՝ Միացյալ Նահանգներում մարտի սկզբին զգալի վնաս է հասցվել Շամփեյն-Ուրբանա շրջանի առողջապահական կայքին, որը սպասարկում է ավելի քան 200 000 մարդու։ Netwalker ծրագրի օգնությամբ խարդախները կողպել էին կայքում տեղ գտած տվյալները և բացելու համար մեծ գումար էին պահանջում։ Աշխատակիցներն անհապաղ դիմել են Հետաքննությունների դաշնային բյուրո։ Անցած շաբաթ Bloomberg-ը հաղորդեց, որ ԱՄՆ առողջապահության և սոցիալական ծառայությունների նախարարությունը ևս կիբերհարձակման է ենթարկվել։ ԱՄՆ կիբերանվտանգության և ենթակառուցվածքների անվտանգության գործակալությունն (CISA) այս առումով չորեքշաբթի օրը մի շարք ուղեցույցներ է հրապարակել և հայտարարել․ «Կիբերհանցագործները, օգտվելով հասարակության շրջանում COVID-19-ի ստեղծած տագնապից, ֆիշինգային հարձակումներ են գործում և ապատեղեկատվություն տարածում»։ Լուսանկարը՝ unsplash.com-ի
12:13 - 24 մարտի, 2020
Բորիս Ջոնսոնը հայտարարել է Մեծ Բրիտանիայի պատմության մեջ ամենազանգվածային սահմանափակումների մասին

Բորիս Ջոնսոնը հայտարարել է Մեծ Բրիտանիայի պատմության մեջ ամենազանգվածային սահմանափակումների մասին

Երեկ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը դիմել է իր ժողովրդին՝ հայտարարելով երկրի պատմության մեջ ամենազանգվածային սահմանափակումների մասին։ Իր ելույթը Բորիս Ջոնսոնը սկսել է հատևյալ խոսքերով․ «Որևէ երկրի վարչապետ չէր ուզենա նման միջոցներ հրահանգել, սակայն ներկա պայմաններում չկա դյուրին որոշում»։  Այսպիսով, երկրում փակվում են բոլոր կրոնական հայստատությունները՝ եկեղեցիները, մզկիթները, սինագոգները, բոլոր ոչ մթերային խանութները, սահմանափակվում է ելուտումուտը տնից՝ բացառությամբ աշխատանքի, գնումների և օրական մեկ անգամ մարզումների գնալուց։ Այգիների մի մասը բաց է մնալու։ Արգելվում են  2 հոգուց ավել հանրային կուտակումները; Ոստիկանությանը տրվել է լիազորություն տուգանել ռեժիմի խախտողներին։ Աղբյուրը՝ telegraph.co.uk: Թարգմանությունը՝ Լիլիթ Հարությունյանի
11:09 - 24 մարտի, 2020
Եկեք վերջ տանք պատերազմներին և պայքարենք վարակի դեմ, որը ավիրում է մեր աշխարհը․ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար

Եկեք վերջ տանք պատերազմներին և պայքարենք վարակի դեմ, որը ավիրում է մեր աշխարհը․ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար

Երեկ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշը զինադադարի կոչով է հանդես եկել, որը ներկայացնում ենք ստորև։ «Մեր երկիր մոլորակը դեմ առ դեմ է դուրս եկել՝ ընդդեմ մեկ ընդհանուր թշնամու՝ կորոնավիրուսի։ Վիրուսի համար գոյություն չունեն էթնիկ կամ ազգային տարբերություններ, կուսակցություն կամ կրոն։ Այն թիրախավորում է բոլորին։  Միաժամանակ, աշխարհում շարունակվում են զինված հակամարտությունները։ Եվ ամենախոցելի խմբերը՝ կանայք և երեխաները, հաշմանդամություն ունեցող անձինք, տարհանվածները, վճարում են ամենաբարձր գինը։  Նրանք նաև կորոնավիրուսի հարձակումների ամենահավանական զոհերն են։  Եկեք չմոռանանք, որ պատերազմներից տուժած երկրներում առողջապահության համակարգը քայքայված է։ Բուժաշխատողները, որոնք առանց այն էլ քիչ են, հաճախ թիրախ են դառնում։   Փախստականներն ու հակամարտությունների պատճառով տարհանված այլ անձինք կրկնակի խոցելի են։  Եկեք վերջ տանք պատերազմներին և պայքարենք վարակի դեմ, որը ավիրում է մեր աշխարհը։ Ահա թե ինչու եմ այսօր ես կոչ անում, որ  աշխարհի բոլոր անկյուններում անհապաղ հրադադար հաստատվի։ Ժամանակն է մի կողմ դնել զինված հակամարտությունները և միասին կենտրոնանալ մեր կյանքերը փրկելու համար մղվող պայքարի վրա։  Ես պատերազմող կողմերին կոչ եմ անում․ մի կո՛ղմ դրեք թշնամանքն ու անվստահությունը, լռեցրե՛ք զենքերը, վե՛րջ դրեք հարձակումներին։ Սա կենսական նշանակություն ունի։  Օգնե՛ք ստեղծել միջացքներ՝ կյանքերը փրկելուն միտված օգնությունը տեղ հասցնելու համար, պատուհաննե՛ր բացեք՝ դիվանագիտական հարաբերությունների համար, հո՛ւյս բերեք նրանց համար, որոնք ամենխոցելին են»։ Աղբյուրը՝ un.org: Թարգմանությունը՝ Լիլիթ Հարությունյանի
10:20 - 24 մարտի, 2020
Պանդեմիայի տարածման տեմպերն արագացել են. Առողջապահության համաշխարհային կազմակերպություն |hetq.am|

Պանդեմիայի տարածման տեմպերն արագացել են. Առողջապահության համաշխարհային կազմակերպություն |hetq.am|

hetq.am: Նոր կորոնավիրուսի պանդեմիայի տարածման տեմպերն արագանում է։ Այդ մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Տեդրոս Ադհան Գեբրեյեսուսը։ «Կորոնավիրուսի հայտնաբերման առաջին դեպքից, մինչև այն պահը, երբ գրանցվեց 100 000-րդ հիվանդը, անցել է 67 օր։ 100 000- 200 000-րդ հիվանդի գրանցումը պահանջել է 11 օր, իսկ 300 000-րդ դեպքը գրանցվեց 4 օր անց»,-հայտարարել է Գեբրեյեսուսը Ժնևում կայացած ճեպազրույցի ժամանակ։  Վերջին տվյալներով՝ աշխարհում կորոնավիրուսի վարակակիրների թիվը հասել է 372 634-ի, ապաքինվածների թիվը՝ 101 373-ի, իսկ մահացածների թիվը՝ 16 314-ի։ Մահացածների մեծ մասը գրանցվել են Իտալիայում և Չինաստանում։ Կորոնավիրուսի համաճարակի տարածումից ի վեր՝ Իսպանիայում գրանցվել է կորոնավիրուսից ամենամեծ մահացության տոկոսային ցուցանիշը։ Վերջին օրերի ընթացքում այդ երկրում COVID-19-ից մահացել է 462 մարդ, որը 26 %-ով ավելին է, քան նախորդ 24 ժամվա ընթացքում։ Բացի այդ, 4500-ով ավելացել է վարակակիրների թիվը։ Իսպանական քաղաքների հիվանդանոցները չեն կարողանում սպասարկել պացիենտների մեծ ներհոսքը, որոնք հոսպիտալացման կարիք ունեն։ Մեծ Բրիտանիայում խորհրդարանը երկուշաբթի օրը քննարկել է նոր արտակարգ միջոցներ մտցնելու հարցը, որի շրջանակներում հնարավոր է փակվեն բոլոր օդանավակայանները, իսկ ոստիկանությունը կստանա իրավունք վարակակիր անձանց մեկուսացնելու։ Բրիտանական իշխանությունները դժգոհ են բնակչության վարքագծից, որոնք, չնայած խմբերով չհավաքվելու խորհուրդներին, հանգստյան օրերին զանգվածաբար զբոսնել են այգիներում։ Երկուշաբթի օրը առողջապահության նախարար Մեթ Հենքոքը նման վարքագիծն անվանել է «ծայրահեղ էգոիստական»։ «Դա կարող է արժենալ կյանքեր, իսկ մյուսների համար դա նշանակում է, որ մեկուսացման գործողություններն էլ ավելի կշարունակվեն»,- հայտնել է նախարարը։ Ավելին՝ hetq.am-ում
09:24 - 24 մարտի, 2020