Իմ Քայլը

«Իմ քայլը» Հայաստանում գործող քաղաքական դաշինք է, որի հիմքը Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն է։ Այն ձեւավորվել է 2018 թվականի օգոստոսին Երեւանի ավագանու 2018 թվական ընտրություններից առաջ։ Դաշինքի առաջնորդը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է։

2018 թվականի սեպտեմբերի 23-ին «Իմ քայլը» դաշինքը մասնակցել եւ քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի հետ հաղթել է Երեւանի ավագանու ընտրություններին՝ ստանալով ավագանու 65 տեղերից 57-ը։

«Քաղաքացիական պայմանագիր» եւ «Առաքելություն» կուսակցությունները 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած ԱԺ ընտրությունների նախաշեմին ձեւավորեցին «Իմ քայլը» դաշինքը։ 

Ընտրություններում հավաքելով 70․37 տոկոս ձայն՝ «Իմ քայլը» դաշինքը ստացավ 88 պատգամավոր ունենալու մանդատ։

Սահմանադրական հանրաքվե․ կողմերի դիրքորոշումները |civilnet.am|

Սահմանադրական հանրաքվե․ կողմերի դիրքորոշումները |civilnet.am|

civilnet.am: Փետրվարի 6-ին Ազգային ժողովը ձայների 88 կողմ, 15 դեմ, 0 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունեց «ՀՀ Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը հանրաքվեի դնելու որոշում։ «Բարգավաճ Հայաստանը» չմասնակցեց քվեարկությանը, «Լուսավոր Հայաստանը» դեմ քվեարկեց։ Ավելի վաղ ԱԺ-ն չէր ընդունել «Իմ քայլը» խմբակցության 44 պատգամավորների ներկայացրած՝ «ՀՀ Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Ըստ Սահմանադրության՝ եթե սահմանադրական փոփոխությունների նախագիծն ԱԺ-ն չի ընդունում, պատգամավորների ձայների թվի առնվազն 3/5-ով ընդունված որոշմամբ այն կարող է դրվել հանրաքվեի: Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն նշանակվեց ապրիլի 5-ին։  Ինչ է ասում «Իմ քայլը» «ՀՀ Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի համահեղինակ, հիմնական զեկուցող Վահագն Հովակիմյանը կարծում է, որ ՀՀ Սահմանադրության երկրորդ հոդվածի ուժով «հանրաքվեից ավելի սահմանադրական ճանապարհ որևէ հարցի, խնդրի լուծման համար գոյություն չունի»։ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ասում է. «Ժողովրդավար երկրում չկա այլընտրանք քաղաքացու կամարտահայտմանը, և ընտրությունը հենց ժողովրդի կամարտահայտման ճանապարհներից մեկն է»։ «ՍԴ-ում առկա ճգնաժամը, դատական համակարգում առկա ճգնաժամը լուծում է ստանալու որպես մի վերջին «բաստիոն», որը մնացել է հին Հայաստանից»,- այս կարծիքն է հայտնել Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, որը չի հերքում՝ սա քաղաքական որոշում է։ «Եթե սա է ձեզ համար պետության ողնաշարը կոտրելը, դա թող լինի հենց այսպես՝ ժողովրդի կարծիքը հաշվի առնելով և նրա հետ համագործակցելով»,- նշում է նախաձեռնության համահեղինակ Լուսինե Բադալյանը: Նա տարօրինակ է համարում ընդդիմության՝ սահմանադրական փոփոխությունները հանրաքվեի դնելու վերաբերյալ քննադատությունները: Ինչ է ասում վարչապետը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ Սահմանադրական դատարանն «այսօրվա ձևով չի ներկայացնում ժողովրդին, այլ ներկայացնում է Սերժ Սարգսյանի կոռումպացված իշխանությանը, և պետք է հեռանա»։ «Եվ ուզում եմ ասել, որ բոլոր այն մարդիկ, ուժերը, ովքեր կփորձեն իրավական կամ այլ խոչընդոտներ հարուցել ժողովրդի ազատ կամարտահայտման առաջ, նրանք կարժանանան համարժեք հակահարվածի՝ որպես հակաժողովրդական, հակաժողովրդավարական և հակապետական ուժեր: Իսկ նրանք, ովքեր կընդունեն ժողովրդի բարձրագույն իշխանությունը, ժողովրդի բարձրագույն իրավունքը, կդառնան Հայաստանի ապագան կերտող նվիրյալներ»:  Ինչ է ասում նախագահը ՀՀ նախագահի ախատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը պարզաբանում է տարածել, որում նշվում  է՝ հանրաքվեի օր նշանակելով՝ նախագահը «չի արտահայտում իր վերաբերմունքը» սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ։ «Հանրապետության նախագահին ներկայացված փաստաթուղթն օրենքի նախագիծ չէ, օրենք չէ, այլ Ազգային ժողովի կողմից 2020թ. փետրվարի 6-ի ընդունված «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» ԱԺՈ-001-Ն որոշումն է, որը հրապարակված է Ազգային ժողովի պաշտոնական կայքում: Վերոնշյալ որոշման առնչությամբ Հանրապետության նախագահի սահմանադրական գործառույթներն ընթացակարգային են և սահմանափակվում են միմիայն և բացառապես Սահմանադրության 206-րդ հոդվածի համաձայն եռօրյա ժամկետում հանրաքվեի օր նշանակելու մասին հրամանագիր ստորագրելով»,- ասված է պարզաբանման մեջ: Ինչ է ասում «Լուսավոր Հայաստանը» ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հակադարձում է վարչապետին։ «Ոչ ոք ՀՀ քաղաքացուն, կապույտ անձնագրով մարդուն չի կարող հռչակել ազգի հակապետական ուժ, ոչ ոք, ուզում է՝ 90 տոկոս ձայն ստանալ, մի մարդ էլ համաձայն չլինի, ես պատրաստ եմ էդ մարդու կողքին կանգնել։ Ոչ ոք չփորձի էստեղ «պոլիտբյուրո» դարձնել»։ Ըստ Մարուքյանի՝ անկախ մարմինները պետք է ունենան տարբեր ժամկետներով պաշտոնավարող դատավորներ՝ տարբեր իշխանությունների կողմից նշանակված։ Պատգամավորը համոզված է՝ սա տարբերակ չէ, և «Իմ քայլ»-ի մոտեցումները վատ տեղ են տանում։ «Նախկին իշխանությունների աճպարարությունների մասին եք խոսում, թե ինչպես հապճեպ Հրայր Թովմասյանին բերեցին դարձրեցին ՍԴ նախագահ, բայց հիմա նույնը, իմ կարծիքով, դուք եք անում՝ հրատապ արտահերթ կարգով բերում եք նախագծեր, որոնք խնդրահարույց են և հակաիրավական»,- ասում է ԼՀԿ պատգամավոր Աննա Կոստանյանը՝ հավելելով՝ սա մեկ մարդու լիազորություններից զրկելու գերնպատակ է ենթադրում։ Հանրային իշխանությունը՝ ժողովուրդը, ևս սահմանափակումներ ունի և սահմանափակված է մարդու, քաղաքացու հիմնարար իրավունքներով ու ազատություններով, կարծում է ԼՀԿ խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը։  Ինչ է ասում «Բարգավաճ Հայաստանը» «Արդյոք մենք կարո՞ղ ենք դեմ լինել հանրաքվեի գաղափարին՝ իհարկե, ոչ, արդյոք մենք հիացա՞ծ ենք Հրայր Թովմասյանով, իհարկե, ոչ», - ԲՀԿ խմբակցության անունից ելույթ ունենալով՝ ասել է Միքայել Մելքումյանը։ Նա դժգոհ չէ, որ քաղաքական մեծամասնությունն ուզում է քաղաքական կամք ցուցաբերել, բայց, ըստ նրա, պետք է շարժվել իրավական անթերի ռեժիմով։ Նա դեմ է իրավական ընթացակարգերի նսեմացմանը։ ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում ասել է. «Պետք է նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեր և նոր գնար ՍԴ, իսկ եթե առաջին ընթերցմամբ չի ընդունվում, այդ նախագիծը պետք է հանվի օրակարգից: Հանրաքվե անելու մասին որոշում ԱԺ-ն կարող է ընդունել, եթե ՍԴ-ն տալիս է դրական եզրակացություն, գալիս  է երկրորդ ընթերցմամբ և չի ընդունվում օրենքը: Այդ ժամանակ միայն օրենքով նա իրավունք ունի հարցը դնել հանրաքվեի: Եթե ՍԴ հարակցություն չկա, այդ նախագիծը չի կարող ընդունվել, դրվել հանրաքվեի»: Ինչ է ասում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը Հունվարի վերջին 168․am-ին տված հարցազրույցում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը հայտարարել է՝ ինքը «չի նահանջելու և պայքարելու է մինչև վերջ․ այս ճանապարհն է ընտրել, և որևէ մեկն իրեն չի կարող կանգնեցնել»։ Ավելի ուշ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Հրայր Թովմասյանն ասել է՝ «ինքը հետաքրքրված չէ խորհրդարանական քննարկումներով»։ Իր լիազորությունների հնարավոր դադարեցման մասին հարցին Թովմասյանը պատասխանել է. «Իսկ ո՞վ ասաց, որ իմ լիազորությունները էդքան կարևոր են ինձ համար»։ Ինչ են ասում միջազգային կառույցները Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողներ Անդրեյ Շիրցելն (Սլովենիա, ԵԺԿ) ու Կիմմո Կիլժունեն (Ֆինլանդիա, Սոց.) հայտարարություն են տարածել՝ կոչ անելով ՀՀ իշխանություններին սահմանադրական փոփոխությունների հարցով դիմել Վենետիկի հանձնաժողով՝ կարծիք ստանալու նպատակով։ «Մենք հավատում ենք, որ այս կարծիքը, որը կարող է շատ արագ ընդունվել հրատապ ընթացակարգով, արժեքավոր կլինի բոլոր շահագրգիռ կողմերի, այդ թվում հայ ընտրողների համար, եթե պետք է անցկացվի հանրաքվե»,- նշված է հայտարարության մեջ։ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն մտահոգություն է հայտնել Հայաստանում ստեղծված սահմանադրական ճգնաժամի կապակցությամբ՝ նշելով, որ կիսում է ԵԽԽՎ մոնիտորինգի համազեկուցողների մտահոգությունները կառավարություն-ՍԴ լարվածության վերաբերյալ:   
16:53 - 10 փետրվարի, 2020
Մենք ժողովրդին խնդրում ենք տալ իշխանության երրորդ ճյուղի լեգիտիմության մեկնարկը |lragir.am|

Մենք ժողովրդին խնդրում ենք տալ իշխանության երրորդ ճյուղի լեգիտիմության մեկնարկը |lragir.am|

lragir.am: Հարցազրույց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի հետ։ Տիկին Կարապետյան, խորհրդարանական ընդդիմությունը նշում է, որ ընթացակարգային լուրջ խախտումներով է իրականացվում սահմանադրական հանրաքվե՝ շրջանցելով սահմանադրական կարգավորումները: Ի՞նչ կարող եք ասել այս մասով։ Իհարկե, իդեալական իրադրությունում Ազգային ժողովը նախագիծը կուղարկեր Սահմանադրական դատարան՝ կարծիքի։ Իդեալական Սահմանադրական դատարանը այդ նախագծի մեջ կստուգեր՝ արդյոք այն հակասո՞ւմ է Սահմանադրության անփոփոխելի առաջին երեք հոդվածներին և մարդու իրավունքների հանրահռչակված սկզբունքներին, և հավանություն կտար նախագծին։ Եվ կստացվեր, որ Ազգային ժողովի և Սահմանադրական դատարանի կոնսենսուսի շնորհիվ և Ազգային ժողովի ներքին քվեարկությամբ կարելի է փոխել Սահմանադրությունն առանց հանրաքվեի։ Սակայն ողջ խնդիրն այն է, որ մենք իդեալական իրադրությունում չենք։ Սահմանադրական դատարանը ժխտում է այն իրողությունը, որ ինքը ճգնաժամի մեջ է, և հետևաբար այս փոփոխությունը կստուգեր ոչ թե իմ նշած սկզբունքների տեսանկյունից, այլ իր անդամների քաղաքական անցյալը և ներկան պաշտպանելու տեսանկյունից։ Նման իրավիճակում մենք գնացել ենք ոչ թե հանրային իշխանության թևերի միջև կոնսենսուս կառուցելու ճանապարհով (քանի որ հարցը վերաբերում է հենց այդ թևերից մեկին), այլ այս հարցը իշխանության բարձրագույն կրողին՝ Սահմանադիր հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին վերահասցեագրելու ճանապարհով։ Սա անելիս մենք ուղղակիորեն կիրառել ենք Սահմանադրության 202-րդ հոդվածը, որը ասում է՝ եթե Սահմանադրության փոփոխությունների նախագիծն Ազգային ժողովը չի ընդունում, ապա պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով ընդունված որոշմամբ այն կարող է դրվել հանրաքվեի: Այս փոփոխությունների հաջողելու պարագայում մենք կկարողանանք նաև Սահմանադրության ավելի լայն փոփոխությունները (որոնց համար արդեն իսկ ձևավորվել է աշխատանքային խումբ և որոնք ամենայն հավանականությամբ պատրաստ կլինեն աշնանը) ուղարկել նոր կազմով Սահմանադրական դատարան՝ կարծիքի, քանի որ այն ի վիճակի կլինի դրանք ստուգել անշահախնդիր` ընդամենը իմ նշած անփոփոխ հոդվածների և մարդու իրավունքների հանրահռչակված սկզբունքների տեսանկյունից։ Հաշվի առնելով, որ քիչ չեն նաև արտախորհրդարանական ուժերը, որոնք նույնպես դեմ են հանրաքվեի անցկացմանը, մտավախություն չունե՞ք, որ այդ փոփոխությանը ոչ ասողները կարող են համախմբվել և լուրջ աշխատանք իրականացնել։ Հարց է առաջանում. դեմ են հանրաքվեի անցկացմա՞նը, թե՞ դեմ են, որ Սահմանադրական դատարանը փոխվի։ Երկու պարագայում էլ «լուրջ» աշխատանք տանելը անհնար է։ Դեմ լինել հանրաքվեի անցկացմանը՝ նշանակում է դեմ լինել ժողովրդի իշխանության իրականացմանը։ Ընդ որում՝ մի հարցում, որը իսկապես ֆունդամենտալ, բայց պարզ է։ Մենք մարդկանց չենք տալիս մի այնպիսի հարց, որը էթիկապես կամ քաղաքականապես սխալ է առաջադրել լայն հանրությանը։ Այդպիսի հարցեր են օրինակ մարդու իրավունքների հանրահռչակված սկզբունքներին հակասող հարցերը կամ այն հարցերը, որոնց համար անհրաժեշտ է, որ կառավարող ուժը քաղաքական պատասխանատվություն ստանձնի և սխալվելու դեպքում կրի հետևանքները։ Սա իսկապես ֆունդամենտալ հարց է։ Իշխանության երրորդ ճյուղի՝ ժողովրդի միջոցով ծնունդի հարցն է։ Կասեք՝ Սահմանադրական դատարանը նույնական չէ դատական իշխանության ճյուղի հետ։ Բայց չէ՞ որ այս Սահմանադրական դատարանը խոչընդոտում է նաև դատական իշխանության ռեֆորմներին։ Զորօրինակ անցած տարվա նոյեմբերին Սահմանադրական դատարանի 1488 որոշումը, որը խոչընդոտում է Բարձրագույն դատական խորհրդի կողմից դատավորների բարեվարքության ստուգման՝ վեթինգի իրականացմանը: Իսկ եթե ոմանք դեմ են, որ Սահմանադրական դատարանը փոխվի, ապա այստեղ հետևություններ կարելի է անել նրանց մղումների և շահերի մասին։ Ուրեմն կամ նրանք չեն ապրել կեղծված ընտրությունները վավերացնող, մարդու իրավունքները ոտնահարող հակաժողովրդավարական ռեժիմին լուռ հետևող Սահմանադրական դատարանի հետ նույն երկրում, կամ կազմել են այդ ռեժիմի մաս։ Շարունակությունը՝ lragir.am-ում
10:57 - 10 փետրվարի, 2020
Վստահություն ունենք, որ նախագահը կստորագրի սահմանադրական փոփոխությունների հարցը հանրաքվեի դնելու նախագիծը․ Մակունց |news.am|

Վստահություն ունենք, որ նախագահը կստորագրի սահմանադրական փոփոխությունների հարցը հանրաքվեի դնելու նախագիծը․ Մակունց |news.am|

news.am:  Սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի կդրվի ՀՀ նախագահի կողմից ստորագրելուց հետո, սահմանադրական դատարան չի ուղարկվի։ Այս մասին այսօր՝ փետրվարի 6-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ մակունցը։ «Իհարկե պետք է որոշումը լինի ՀՀ նախագահի մոտ, հաստատելուց հետո նոր կազմակերպչական աշխատանքներ կիրականացվեն։ Նախագիծը Սահմանադրական դատարան չի ուղարկվելու։ Ժամկետները փոփոխական կարող են լինել կախված այն հանգամանքից, թե որ օրը կստորագրի նախագահը։ Հանրաքվեն նախնական մարտի վերջից մինչև ապրիլի 5-ը ընկած ժամանակահատվածում կլինի»,-ասաց նա։ Հարցին՝ ունե՞ն վստահություն, որ նախագահը կստորագրի, Մակունցն ասաց․ «Այո, կա այդ վստահությունը»։ Լրագրողները հետաքրքրվեցին՝ վարչապետի և նախագահի հանդիպմանն է պայմանավորվածություն ձեռք բերվել, Մակունցն ասաց․ Վարչապետի և նախագահի հանդիպմանը մամուլին տեղեկացվել է, որ քննարկվել է ՍԴ-ի թնջուկի հարցը, քննարկման մանրամասներին տեղյակ չեմ»։ Հարցին՝ հանրությունը ունի՞ բավարար իրավական գիտելիքներ այս քվեարկության համար, Մակունցն ասաց․ «Ժողովրդավար երկրում չկա այլընտրանք քաղաքացու կամարտահայտմանը»։ Անդրադառնալով Վենետիկի հանձնաժողով դիմելու ԵԽԽՎ համազեկուցողների կոչին, նա նշեց․ «Համազեկուցողների հայտարարությունը եղել է այն ժամանակ, երբ լիագումար նիստերի դահլիճում նիստ էր և «Իմ քայլը» խմբակցությունը չի հասցրել քննարկել և ձևավորել դիրքորոշում այդ կապակցությամբ։ Մենք խոսենք, քննարկենք, անպայման տեղյակ կպահենք հանրությանը, թե ինչ ենք պատրաստվում անել այդ կապակցությամբ։ Իրավական առումով չգիտեմ ինչպիսի ընթացակարգեր են նախատեսվում, երբ հանրաքվեի որոշման հետ կապված կոչ է արվում դիմել Վենետիկի հանձնաժողովին»։
17:10 - 06 փետրվարի, 2020
ՀՀ քաղաքացին մեր առջև պահանջ է դնում վերականգնել ՍԴ լեգիտիմության դեֆիցիտը. Մակունց |aysor.am|

ՀՀ քաղաքացին մեր առջև պահանջ է դնում վերականգնել ՍԴ լեգիտիմության դեֆիցիտը. Մակունց |aysor.am|

aysor.am: Իշխանություններն այս ընթացքում արել են առավելագույնը, որ ՍԴ շուրջ ստեղծված ճգնաժամը չխորանա, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։«ՍԴ-ն ունի լեգիտիմության խոր դեֆիցիտ, ինչը վերականգնելու համար այսօր մեր առջև պահանջ է դնում ՀՀ քաղաքացին։ ՀՀ քաղաքացիները մեր առջև այդ պահանջը դնում են, և մենք, որպես առաջնային մանդատ կրող ինստիտուտ, պարտավոր ենք այս հարցը հանգուցալուծել։Այդ կապակցությամբ «Իմ քայլը» խմբակցությունն անհրաժեշտ է համարում հրավիրել արտահերթ նիստ, որի օրակարգը կհաստատվի խորհրդի նիստի ընթացքում։ Նախագծի հեղինակը կներկայացնի հիմնական շեշտադրումները։ Չեմ կարող ասել՝ նիստը երբ կլինի. առաջարկը ներկայացրել ենք և կսպասենք։ Նիստի նպատակը մեկն է. որպեսզի շուտափույթ լուծենք ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակը», - ասաց նա։
14:03 - 03 փետրվարի, 2020