Էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված ոլորտներում մշակում է տնտեսական քաղաքականությունը, ապահովում դրա իրականացնումը եւ արդյունքների գնահատումը։

Էկոնոմիկայի նախարարն է Վահան Քերոբյանը, տեղակալներն են Ավագ Ավանեսյանը, Տիգրան Գաբրիելյանը, Նաիրա Մարգարյանը, Վարոս Սիմոնյանը, Արման Խոջոյանը։

Մի շարք ապրանքների ներմուծումը կազատվի ԱԱՀ-ից. ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց նախագծին |armenpress.am|

Մի շարք ապրանքների ներմուծումը կազատվի ԱԱՀ-ից. ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց նախագծին |armenpress.am|

armenpress.am: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց կառավարության ներկայացրած օրենքի նախագծին, որով ընդլայնվում է միջանկյալ սպառման և կապիտալ սպառման ապրանքների ցանկը, որոնց ներմուծումն ազատվում է ավելացված արժեքի հարկից: «Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին և ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերն ԱԺ հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը: Փոխնախարարի խոսքով՝ այս օրենքով միջանկյալ սպառման ապրանքներ և կապիտալ սպառման ապրանքներ ներմուծելու ժամանակ մի շարք լրացուցիչ ապրանքներ՝ ընդհանուր գումարով միջինը 70 մլրդ դրամի չափով, ազատվում են սահմանին ավելացված արժեքի հարկով հարկման պարտավորությունից: «Արդյունքում այդ տնտեսավարողների մոտ լրացուցիչ լիկվիդային միջոցներ կգեներանան: Տարբեր գնահատականներով՝ ընդհանուր տնտեսության օգուտն այս օրենքի ընդունման դեպքում կարող է 700 մլն դրամից մինչև 1 մլրդ դրամի հասնել»,- ասաց Ավանեսյանը: Նրա խոսքով՝ միևնույն ժամանակ հեշտացվում է վարչարարությունը, մրցակցային տեսանկյունից առավել հավասար դաշտ է ստեղծվում: «Մինչ այդ նմանատիպ արտոնությունները տրամադրվում էին կառավարության որոշման հիման վրա: Այսինքն՝ եթե տնտեսավարողը տեղյակ էր լինում այդպիսի գործիքի, կարողանում էր օգտվել, իսկ եթե տեղեկացված չէր լինում՝ չէր կարողանում: Իսկ հիմա դա կլինի ավտոմատ կերպով»,- ասաց փոխնախարարն ու հավելեց՝ նախագիծը դրական ազդակ է տնտեսության համար: Այսպիսով, կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա մի շարք ապրանքների ներմուծումը ևս կազատվի ավելացված արժեքի հարկից. հաստատված ցանկը լրացվել է նոր ապրանքներով: Այդպիսի ապրանքներից է, օրինակ, եղեգնաշաքարի հումքը: Մի քանի պատգամավորներ վերապահումներ ունեին ցանկում ներառված որոշ ապրանքների վերաբերյալ:  
14:45 - 13 հունվարի, 2021
Կարանտինի երկարաձգման նախագծով տնտեսական գործունեության որևէ տեսակի վրա արգելք սահմանված չէ. ԱՆ

Կարանտինի երկարաձգման նախագծով տնտեսական գործունեության որևէ տեսակի վրա արգելք սահմանված չէ. ԱՆ

ՀՀ առողջապահության նախարարությունը ՀՀ էկոնոմիկայի նախարարի հարցազրույցի ընթացքում բարձրաձայնված խնդիրների կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասվում է.   «Ինչպես արդեն տեղեկացրել ենք առողջապահության նախարարությունը կառավարություն է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ 1514 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» կառավարության որոշման նախագիծը, որով առաջարկվում է կարանտինը երկարաձգել 6 ամսով:  Նախևառաջ, կցանկանայի շեշտել, որ կարանտինի երկարաձգումը հնարավորություն է տալիս պահպանել առկա կարգավորումները` շարունակելով այնպիսի միջոցառումների իրականցումը, ինչպիսիք են դիմակների կրումը, սահմանների անցման դեպքում ՊՇՌ հետազոտության պահանջը, տարբեր կազմակերպությունների, այդ թվում՝ ուսումնական, ծառայությունների մատուցման, փակ հաստատությունների (օրինակ հոգեբուժական հաստատությունների) գործունեության իրականացումը սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների պահպանման դեպքում, և նմանատիպ այլ կարգավորումներ:  Հետևաբար, կարանտինը չերկարացնելու դեպքում, նշված կարգավորումները չեն գործելու և հնարավոր չի լինելու իրականացնել կանխարգելիչ նման միջոցառումներ: Սույն նախագծով որևէ տնտեսական գործունեության տեսակի վրա արգելք սահմանված չէ, այլ սահմանված են պահանջներ, որոնք հնարավորություն են տալիս նվազեցնել կորոնավիրուսային հիվանդության վարակման ռիսկն այդ կազմակերպություններում:  Ներկայումս, երբ աշխարհում կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ լարված, երբ առկա են նաև տվյալներ վիրուսի նոր տարբերակների ի հայտ գալու մասին, երբ մի շարք երկրներ սահմանում են առավել խիստ կարանտին, օրինակ լոքդաուն` հաշվի առնելով իրենց երկրներում դեպքերի և մահերի կտրուկ աճը, երբ պատվաստումների մասսայական իրականցումը դեռևս հնարավոր չէ, միանշանակ է, որ որևէ միջոցառում չանելն ու դրանով վարակի տարածմանը նպաստելն անթույլատրելի է:  Հիշեցնենք, որ մինչ այսօր Հայաստանում գրանցվել է ավելի քան 161 հազար դեպք 2901՝ մահվան ելքով: Ըստ որոշ միջազգային գնահատականների, Հայաստանում մինչև ապրիլի 1-ը կանխատեսվում է մահերի աճ՝ մինչև 3930:  Նախարար Վահան Քերոբյանը նաև նշել է, որ տնտեսությանը հիմա ամենաշատը հարկավոր է թթվածին: Անցած ամիսների ընթացքում կորոնավիրուսային հիվանդությամբ բուժվող անձանց էր ամենաշատն անհրաժեշտ թթվածին, ինչն առողջապահության նախարարության ջանքերով ապահովվել է:  Մենք լիահույս ենք, որ էկոնոմիկայի նախարարությունը ևս ջանքեր չի խնայի տնտեսությանը թթվածնով ապահովելու համար` առանց հիվանդների թիվն ավելացնելու, ինչպես նաև նրանց բուժման համար անհրաժեշտ թթվածնի մատակարարումը խաթարելու։  Ներկայացված առաջարկը դեռևս նախագիծ է և չի հաստատվել կառավարության կողմից, հետևաբար առողջապահության նախարարությունը միշտ էլ պատրաստակամ է քննարկելու ցանկացած առաջարկ, եթե դա հիմնավոր է, ողջամիտ և հիմնված է առկա լավագույն ապացուցողական քաղաքականությունների վրա»:      
09:33 - 08 հունվարի, 2021
Տնտեսության երկնիշ աճ, դրամի արժեզրկում, զարգացման տեսլական. էկոնոմիկայի նախարարի հարցազրույցը |armenpress.am|

Տնտեսության երկնիշ աճ, դրամի արժեզրկում, զարգացման տեսլական. էկոնոմիկայի նախարարի հարցազրույցը |armenpress.am|

armenpress.am: Պետության տեսլականում է ՀՀ պաշտպանության նախարարությունը դարձնել տնտեսության խթանիչ ուժերից մեկը, մոտակա տարիներին ՊՆ-ն կհանդիսանա տնտեսության ամենամեծ պատվիրատուն: Տնտեսության զարգացման մոտեցումների, աճի կանխատեսումների, գնաճի վերահսկման մեխանիզմների, հետպատերազմյան իրավիճակում ներդրումների ներգրավման և այլ հարցերի շուրջ հարցազրույց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հետ: -Պարոն Քերոբյան, Դուք նախարար եք նշանակվել այն ժամանակ, երբ տնտեսությունը վատ վիճակում է, պետբյուջեի նախագծով կանխատեսվում է տնտեսական անկում, ընդ որում՝ ԿԲ-ի կանխատեսումն ավելի վատատեսական է, իսկ վարչապետն իր ճանապարհային քարտեզում նախանշվում է տնտեսական ակտիվության միջավայրի վերականգնում, ինչպե՞ս եք պատկերացնում, տնտեսության ո՞ր ճյուղի հաշվին եք հիմնականում պատկերացնում այդ վերականգնումն ապահովելը, որո՞ն ք են առաջնային կարևոր անելիքները, ի՞նչ քայլեր եք ձեռնարկելու, որ տնտեսությունը դուրս բերեք վատ վիճակից:  -2020-ը անկումային տարի էր, բայց 2021-ը պետք է լինի աճի տարի: Տարբեր գնահատականներ կան, ամենալավատեսականը, գուցե, իմ գնահատականն է: Մենք փորձելու ենք նույնիսկ երկնիշ տնտեսական աճ ունենալ, որպեսզի կոմպենսացնենք և մի բան էլ առաջ անցնենք 2019 թվականի արդյունքներից: 2020-ը աղետալի տարի էր՝ կորոնավիրուս, պատերազմ և այլն, բայց սա նաև լավ հնարավորություն է՝ նորից սկսելու համար, վերաիմաստավորելու տնտեսության ճյուղերը, վերաիմաստավորելու մեր ապրելակերպը, ուշադրություն դարձնելու կրթությանը, գիտությանը և այլն: Կարևոր հարցերից մեկը, որ պետք է լինի պետության կիզակետում, արժեքային շղթաների երկարեցումն է՝ համագործակցությունը խորացնելու շնորհիվ: Օրինակ, Հայաստանում կան լավ ոսկերիչներ և լավ ադամանդագործներ: Բայց ադամանդագործներն իրենց ադամանդները վաճառում են դրսում, ոսկերիչներն էլ իրենց հերթին ադամանդներն են գնում դրսից: Թվում է, որ համագործակցությունը ներսում պետք է ավելի սերտ լիներ, և արդյունքում լրացուցիչ արժեքը, որը կմնար Հայաստանում, կլիներ ավելի մեծ, բայց այդ համագործակցությունը չկա, ամեն մեկն ինքնուրույն է աշխատել: Որպես նախարարություն՝ մեր գործը պետք է լինի համախմբել այն մարդկանց, որոնք կարող են միասին համագործակցել և արդյունքում ստանալ ավելի թանկ ապրանքներ: Դա ուղղություններից մեկն է, բայց ոչ ամենակարևորը: Ամենակարևորը տնտեսության երակներում արյուն լցնելն է: Եվ դա կապիտալն է: Հայաստանում կապիտալը դեռևս շարունակում է մնալ շատ անհասանելի: Մենք ունենք բանկեր, որոնք վարկ են տալիս, որը կայացած ֆինանսական համակարգ է, բայց դա տնտեսության ֆինանսավորման շերտերից միայն մեկն է: Մենք չունենք ոչ հրեշտակային ֆինանսավորման գործիքներ, ոչ մասնավոր և վենչուրային ֆոնդերի գործիքներ, ոչ կորպորատիվ արժեթղթերի շուկա, ոչ կապիտալի կայացած շուկա: Այս բոլորն այն ֆունդամենտալ ենթակառուցվածքներն են, որոնք պետք է սնեն տնտեսությունը կապիտալով: Մեր ամենամեծ առաջնահերթությունը պետք է լինի այն, որ կարողանանք տնտեսությանը և ընդհանրապես գործարարներին, բիզնեսով զբաղվել ցանկացող մարդկանց հասանելի դարձնել ֆինանսական միջոցները: -Հայաստանում վերջին շրջանում դրամը գնալով արժեզրկվում է, որոշ տնտեսագետներ ասում են, որ սրա պատճառն այն է, որ քաղաքական անորոշությունները վերաճում են տնտեսական խնդիրների, դրանց լուծում չի տրվում, արդյունքում դրամն արժեզրկվում է: Նախ դրամի՝ այս չափով արժեզրկումն ինչպե՞ս եք գնահատում, ըստ Ձեզ՝ ի՞նչ քայլեր պետք է արվի այն կանխելու համար, Ձեր ղեկավարած գերատեսչություն ի՞նչ անելիք կարող է ունենալ այս հարցում: -Մենք որպես արտահանմանը միտված երկիր, տնտեսություն, իհարկե, պետք է անենք այնպես, որ մեր արժույթը լինի համահունչ մեր հիմնական առևտրային գործընկերների արժույթներին: Իսկ այսօր դրամն անհամեմատ ավելի կայուն է, քան մեր հիմնական գործընկերների արժույթները, որոնք են ԵԱՏՄ-ն, Վրաստանը, Իրանը և բազմաթիվ այլ երկրներ, որտեղ այս տարի, Covid-19-ով պայմանավորված՝ ազգային արժույթների 30-40 տոկոսանոց արժեզրկում է եղել: Այս առումով մենք համարում ենք, որ հակառակը, այս արժեզրկումն անհամեմատ ավելի քիչ է, քան իրականում պետք է Հայաստանի տնտեսությանը: Կա ուղիղ համեմատական՝ դրամի և դոլարի կուրսի փոփոխության և արտահանման աճի միջև: Այսինքն, եթե դրամը 1 տոկոսով արժեզրկվում է, հանգեցնում է արտահանման մոտ 1.7 տոկոս աճի: Հետևաբար, եթե, օրինակ, պատկերացնենք, որ դրամը 10 տոկոսով արժեզրկվի, արտահանումը 17 տոկոսով կաճի, ինչն էլ կնշանակի նոր աշխատատեղեր և այլն: -Այդ դեպքում երկրում կլինի գնաճ:  -Ամբողջ խնդիրն այն է, որ գնաճը պետք է լինի վերահսկելի: Արտահանման աճն ինքնին նշանակում է, որ տեղական արտադրանքը սկսում է ավելի մրցունակ դառնալ: Եվ դրա հաշվին գնաճը նաև կզսպվի: Տեղական արտադրանքները կսկսեն փոխարինել ներմուծված ապրանքներին, որն էլ կբերի նրան, որ մենք կունենանք ավելի շատ տեղական արտադրության վրա հիմնված տնտեսություն. հիմա այդպես չէ: -Սահմանազատման աշխատանքների արդյունքում կորցրեցինք Սոթքի հանքավայրի մի մասը: Սոթքի ոսկու հանքավայրը շահագործող «Գեոպրոմայնինգ Գոլդ»-ը Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակում առաջատարներից է, վերջին տվյալներով՝ 4-րդ խոշոր հարկատուն է, փաստորեն կորցնում ենք խոշոր հարկատու: Ձեր տվյալներով դա Հայաստանի արտահանման ծավալներում ի՞նչ մաս էր կազմում, ի՞նչ չափով կորուստ կկրենք այս մասով ևս: -Մեր նախարարության ամենակարևոր խնդիրներից մեկն այն է, որ ՀՀ տնտեսական ներուժը պաշտպանվի և աճի: Այսինքն՝ մի կողմից ներդրումներով պետք է աճեցնել, մյուս կողմից էլ պետք է ստեղծել այն բոլոր պետական պաշտպանիչ միջոցառումները, որպեսզի մեր տնտեսական համակարգի մասնակիցները կարողանան աշխատել: Սոթքի մասով, ցավալի է, որ այդպես եղավ, սակայն պետք է անել առավելագույնը, որ կոմպենսացվի այն վնասը, որ մենք այդտեղ ունեցանք: Մենք շատ մեծ վնասներ ենք ունեցել, դրանք լուրջ խնդիրներ են, որոնք պետք է լուծվեն: Եվ, իհարկե, պաշտպանության նախարարությունը այստեղ կարող է հանդես գալ որպես տնտեսության խթանիչ ուժերից մեկը: Մոտակա տարիներին այն կհանդիսանա մեր տնտեսության ամենամեծ պատվիրատուն: Ես չեմ էլ ուզում ասել պատվիրատուներից մեկը, այլ՝ ամենամեծ պատվիրատուն՝ թե շինարարական աշխատանքների, թե ենթակառուցվածքների, թե ռազմարդյունաբերության, բազմաթիվ այլ ոլորտներում: Եվ այդ ընկալումը կարծես կա, որ ՊՆ-ն պետք է դառնա մեր երկրի ամենամեծ պատվիրատուն, նաև խթանի տնտեսական աճը՝ իր կողմից: Շարունակությունը՝ armenpress.am-ում
09:55 - 30 դեկտեմբերի, 2020
Գյուղացիների 10 տոկոսը պետք է զբաղվի գյուղատնտեսությամբ. էկոնոմիկայի նախարարը կարևորեց ոչ գյուղատնտեսական աշխատանքների ստեղծումը գյուղում

Գյուղացիների 10 տոկոսը պետք է զբաղվի գյուղատնտեսությամբ. էկոնոմիկայի նախարարը կարևորեց ոչ գյուղատնտեսական աշխատանքների ստեղծումը գյուղում

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի կարծիքով՝ գյուղացիների ընդամենը 10 տոկոսը պետք է զբաղվի գյուղատնտեսությամբ, գյուղական վայրերի բնակչության համար պետք է ստեղծեն ոչ գյուղատնտեսական աշխատանքներ, գյուղացիներն էլ իրենց փոքր հողակտորները պետք է տան այն մարդկանց, որոնք պլանավորում են խոշոր գյուղատնտեսությամբ զբաղվել:  -Պարոն Քերոբյան, դուք որպես նորանշանակ նախարար՝ տնտեսության որ ոլորտն եք համարում առաջնահերթություն, օրինակ՝ գյուղատնտեսությունը, արդյունաբերությունը և այլն: Ձեզ համար սահմանե՞լ եք արդեն գերակայությունները:   -Մի քանի գերակա ոլորտ կա: Գյուղը և գյուղատնտեսությունը տարբեր բաներ են: Գյուղատնտեսությունը գյուղի միայն մի մասը պետք է լինի: Որպեսզի մենք ունենանք արդյունավետ գյուղատնտեսություն, մեզ պետք է, որ գյուղում գյուղացիների ընդամենը 10 տոկոսը զբաղվի գյուղատնտեսությամբ, մյուս բոլորի համար մենք պետք է ստեղծենք նոր՝ ոչ գյուղատնտեսական աշխատանքներ: Դրա համար շատ լավ հնարավորություն կա, որովհետև հիմա բազմաթիվ ընկերություններ հեռավար կամ կիսահեռավար են աշխատում: Օրինակ, Call center-ի աշխատակիցները չեն գալիս, նստում մի տեղ, այլ մարդիկ տնից աշխատում են: Այս պարագայում ոչ մի նշանակություն չունի՝ այդ մարդը նստած է Երևանում, թե, օրինակ, Մարալիկում: Եվ, ընդհանրապես, գործատուի տեսանկյունից շատ ավելի ձեռնտու է, երբ այդ մարդը նստած է, օրինակ, Մարալիկում, քանի որ այն աշխատավարձը, որը Երևանում միջին աշխատողին չի գոհացնում, կարող է համարվել շատ լավ աշխատավարձ Մարալիկում մի մարդու համար, որը նոր է ավարտել ԲՈՒՀ-ը կամ նույնիսկ չի էլ ավարտել: Մենք բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի հետ քննարկում ենք վերապրոֆիլավորումը մարդկանց՝ դեպի IT ինդուստրիա: ԲՏԱ նախարարությունն ունի շատ մեծ նախագիծ, 5000 մարդու կրթում է, որ նրանք մտնեն IT ոլորտ: Եվ այստեղ կարևոր է, որ մենք առաջարկենք վերապրոֆիլավորման գործիքներ: Օրինակ, եթե նախարարությունում աշխատող մի մարդ, որն ուզում է վերապրոֆիլավորվել, կարողանա դուրս գալ, ունենա սովորելու ժամանակ: Այսինքն՝ մենք պետք է սովորելու ընթացքում ապահովենք նաև նրա կեցությունը: Հիմա նախագծում ենք վերապրոֆիլավորման պրոդուկտ, որի շնորհիվ մարդը, օրինակ, այսօր կարող է որոշել դուրս գալ իր աշխատատեղից, կաշկանդված չլինել իր եկամուտների անկմամբ, ունենալ բավարար ժամանակ՝ սովորելու և նոր աշխատանք գտնելու: Իսկ նոր աշխատանք գտնելը հնարավոր է, որովհետև IT ինդուստրիայում կա կադրերի քրոնիկ դեֆիցիտ: Եվ եթե ունենաս գիտելիք՝ աշխատանք կգտնես:  Այստեղ մենք նաև գյուղն ենք ընդգրկելու:  Գյուղում շատ լուրջ ուշադրություն ենք դարձնելու նաև տուրիստական ենթակառուցվածքների զարգացմանը: Հիմա մեծ նախագիծ ենք խթանելու, որի շնորհիվ առաջարկելու ենք զբոսաշրջությամբ հետաքրքրվող ներդրողներին զբոսաշրջային օբյեկտ կառուցել, և այդ պարագայում պետությունը կզբաղվի տվյալ վայրում ենթակառուցվածքների զարգացմամբ: Օրինակ, եթե կա մի լավ տեղ, ջրվեժ, որի կողքին ոչինչ չկա, քանի որ ճանապարհը լավը չէ, մենք ասում ենք՝ եթե ինչ-որ մեկը կցանկանա այդտեղ տուրիստական օբյեկտ սարքել՝ հյուրանոց, ձկնորսական ավան կամ այլ բան, ապա մենք պատրաստ ենք ճանապարհը սարքել, լույսը, ջուրը քաշել: Այս առումով պետությունն իր մասնակցությամբ խթանում է զբոսաշրջային ուղղությունների ավելացումը: Օրինակ, Գեղարոտի ջրվեժ հասնելը շատ բարդ է: Մենք ճանապարհը կսարքենք, որ դա դառնա լավ վայր, ինչ-որ մեկն էլ կկառուցի հյուրանոց, ռեստորան և այլն: Այս զարգացումներով մենք տուրիզմի ոլորտում խթանելու ենք հարյուրավոր, միլիոնավոր դոլարների ներդրումներ՝ մոտ ապագայում: Չպետք է նաև մոռանալ մի շատ կարևոր բան․ Հայաստանում հիմա կան բազմաթիվ ներդրումային ծրագրեր, որոնք այս կամ այն պատճառով շուկա չեն հասել, ներդրումային փուլը չի սկսվել, քանի որ բյուրոկրատական քաշքշուկների պատճառով իրենց ծրագիրն ինչ-որ մի կաբինետում մնացել է: Եվ հիմա, իմ, մեր թիմի գերխնդիրներից մեկն այն է լինելու, որպեսզի շատ արագ այս ծրագրերը հասցնենք ծնվելու պրոցեսի, հիմա դրանք սաղմնային վիճակում են: -Պատերազմական գործողությունների հետևանքով Արցախում կորցրեցինք տարածքներ, դրանցից շատերում գյուղատնտեսական մթերքներ էին աճեցվում, մասնավորապես ցորենն էր գալիս Հայաստան: Տնտեսագետները կարծում են, որ այս առումով խնդիրներ կառաջանան, շատ մթերքներից զրկվում ենք: Հակաճգնաժամային ի՞նչ միջոցառումներ եք նախատեսում, որ կոմպենսացնենք այս վնասը: -Գյուղատնտեսության առումով Արցախի ՀՆԱ-ն էական է, բայց դա շատ մեծ տոկոս չի կազմում. կոպիտ ասած՝ մենք չենք ստանա այնպիսի հարված, որը շատ ցավոտ կլինի: Հայաստանի համապատասխան ոլորտներում մեծ կշիռ ունեցող ցորենի ու նռան առումով ունենք լավ արտաքին առևտրային գործընկերներ, որոնց հետ կկարողանանք կոմպենսացումն անել: Ինչ վերաբերվում է ընդհանուր գյուղատնտեսական ծրագրերին, ապա մենք 2020-ին ունեցել ենք շատ արդյունավետ աշխատող գյուղատնտեսության աջակցության ծրագրեր, որոնք փոքր-ինչ ձևափոխված կշարունակվեն նաև 2021-ին, և իհարկե կավելացվեն նորերը՝ հաշվի առնելով նոր մարտահրավերները: Օրինակ, քննարկում ենք սահմանամերձ բնակավայրերում բազմամյա մշակաբույսերի ծրագրի ստեղծման հարցը: -Կարծում եք մարդիկ կվտանգե՞ն իրենց՝ այդ տարածքներում աշխատելով: -Այս պայմաններում Տավուշը, Գեղարքունիքն ապրել են երկար տարիներ: Եվ այնտեղ կյանքը չի կանգնել, աշխատանքները եղել են: Մենք պետք է ընդունենք այն իրավիճակը, որը կա, և փորձենք այս նոր իրավիճակում ստեղծել նոր տնտեսություն: Չենք առաջարկում ստեղծել լոլիկի, վարունգի դաշտեր, որտեղ ամենօրյա գյուղատնտեսական աշխատանքների կարիք կա, այլ բազմամյա մշակաբույսեր, որոնք մեկ անգամ ցանում ես և տարվա վերջին գալիս, հնձում ես: Կարդալ ավելին՝ armenpress.am-ում։
18:42 - 29 դեկտեմբերի, 2020
Վահան Քերոբյանը մասնակցել է ժամանակակից թռչնանոցի բացման արարողության

Վահան Քերոբյանը մասնակցել է ժամանակակից թռչնանոցի բացման արարողության

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և փոխնախարար Տիգրան Գաբրիելյանն այցելել են «Արզնու տոհմային ԹՏԽ» ընկերություն, որտեղ մասնակցել են ժամանակակից սարքավորումներով հագեցած նոր թռչնանոցի բացման արարողությանը։ Այս մասին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:Ներդրված նորագույն տեխնոլոգիաները մասամբ ձեռք են բերվել ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության՝ լիզինգի պետական աջակցության ծրագրի շրջանակում։Ընկերության գլխավոր տնօրեն Գեղամ Ջանվելյանի ուղեկցությամբ պաշտոնյաները շրջայց են կատարել թռչնանոցում, ծանոթացել թռչունների բուծման, խնամքի պայմաններին և առկա արտադրական հզորություններին։Գեղամ Ջանվելյանը տեղեկացրել է, որ թռչնանոցում կկիրառվեն կերակրման, ջրի մատակարարման, օդափոխության, ձվի հավաքման և այլ ավտոմատացված համակարգեր, ինչը թույլ կտա մարդկային գործոնը հասցնել նվազագույնի, ինչպես նաև ապահովել արտադրվող ձվի կեղևի ամբողջականություն ու ապրանքային տեսք։ Նրա խոսքով՝ եթե նախկինում նման թռչնանոցներում հնարավոր էր պահել ընդամենը 22 հազար գլուխ թռչուն, ապա գերմանական հայտնի Hellmann ընկերության ժամանակակից սարքավորումների ներդրման շնորհիվ այս թռչնանոցում հնարավոր է դարձել պահվող թռչնի գլխաքանակը հասցնել մինչև 70 հազարի։Ընկերության գլխավոր տնօրենը հույս է հայտնել, որ նորագույն տեխնոլոգիաների կիրառումը հնարավորություն կընձեռի ավելացնել արտադրողականությունը, պահպանելով սննդամթերքի անվտանգության նորմերը նվազեցնել հավկիթի ինքնարժեքն և սպառողներին առաջարկել առավել բարձրորակ ու միաժամանակ ավելի մատչելի գնի արտադրանք։Ամփոփելով շրջայցի արդյունքները՝ նախարար Վահան Քերոբյանը նշել է․ «Ինչպես գիտեք, Հայաստանում բիզնեսով զբաղվելու համար ամենամեծ խոչընդոտը ֆինանսական միջոցների հասանելիությունն է, և Էկոնոմիկայի նախարարության ամենակարևոր առաքելություններից մեկը պետք է լինի տարբեր խողովակներով գործարարների համար գումարը հասանելի դարձնելը։ Մեզ պետք են արդյունավետ և ժամանակակից տնտեսություններ, որոնք կկարողանան մեր տնտեսությունը դարձնել մրցունակ ոչ միայն Հայաստանի, այլ նաև ամբողջ աշխարհի մակարդակով»։«Արզնու տոհմային ԹՏԽ» ընկերության թռչնաբուծարանի վերազինումը շարունակվելու է և առաջիկայում շահագործման կհանձնվեն նույն հզորությամբ ևս երկու թռչնանոցներ։
11:32 - 28 դեկտեմբերի, 2020
Բացվող շուկաները այնքան գրավիչ են, որ մարդիկ միանգամից ներխուժել են այնտեղ. Շուտով լավ նորություններ կլինեն. Քերոբյան
 |news.am|

Բացվող շուկաները այնքան գրավիչ են, որ մարդիկ միանգամից ներխուժել են այնտեղ. Շուտով լավ նորություններ կլինեն. Քերոբյան |news.am|

news.am: Վերջին մի քանի ամիսներին ինտենսիվ աշխատել ենք բոլոր այն տնտեսվարողների հետ, ում մոտ  կարող էին առաջանալ պրոբլեմներ թուրքական ապրանքների ներկրումն արգելելու հետ: Այս մասին հայտարարել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: «Լուծել ենք բոլոր հարցերը, ինչ-որ տեղ էլ հետ ենք վերադարձրել այն պրոբլեմատիկ կետերը, որոնք իսկապես վնաս կտային մեր տնտեսությանը»,-ասաց նա: Հարցին, թե որ երկրների շուկաներից ներկրումները կփոխարինեն Թուրքիայից ներկրումներին, որ երկրներից ներկրումները կավելանան, նախարարը պատասխանեց. «ԵԱՏՄ, Չինաստան, ԵՄ երկրներ, նաեւ Վրաստան: Դրանք հիմնական փոխարինող երկրներն են: Այդ բացվող շուկաները հիմա այնքան գրավիչ են, որ մարդիկ միանգամից ներխուժել են իրենց հետաքրքրող ոլորտների մեջ եւ մենք մոտ ապագայում կտեսնենք բազմաթիվ լավ նորություններ: Մեր կոչը շատ պարզ է, այն գումարը, որ գնում է Թուրքիա, դառնում է գնդակ մեր զինվորների վրա ուղղված:Պետք է հնարավորինս քիչ ուղղել մեր փողն այդ ուղղությամբ: Մենք ամեն կերպ հորդորում ենք դա ընկալել ամենայն խորությամբ ու հայրենասիրությամբ եւ դա 99 տոկոսով մեզ դա հաջողվում է»:
18:44 - 26 դեկտեմբերի, 2020
Էկոնոմիկայի նախարարը ադամանդագործների և ոսկեգործների հետ քննարկել է ոլորտի խնդիրները

Էկոնոմիկայի նախարարը ադամանդագործների և ոսկեգործների հետ քննարկել է ոլորտի խնդիրները

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը դեկտեմբերի 22-ին հանդիպել է Հայաստանի ադամանդագործության և ոսկեգործության ոլորտի ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը մասնակցել են նախարարի խորհրդական Գագիկ Մկրտչյանը, արդյունաբերության զարգացման վարչության պետ Արմեն Եգանյանը։ Այս մասին հայտնում են  ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ոլորտի ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել նախարարին հանդիպման համար, շնորհավորել պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ հույս ունենալով,  որ բիզնեսի խնդիրներին ծանոթ լինելու հանգամանքը կնպաստի դրանց արագ և արդյունավետ լուծմանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ոլորտի առաջնահերթ խնդիրները, դրանց լուծման հնարավորությունները և առաջիկա անելիքները։ Մասնավորապես՝ քննարկվել են ալմաստի հումքի ձեռք բերման, ոսկերչական իրերի արտահանման, մաքսատուրքերի, ավելացված արժեքի հարկի, Քիմբերլիի գործընթացի հավաստագրերի հաշվառման և տրամադրման ժամկետների, լիցենզիաների և ծանուցումների տրամադրման և այլ հարցեր։ Քննարկման առարկա են եղել նաև մաքսային ձևակերպումների, փաստաթղթային ընթացակարգերի պարզեցման և  արագացման հարցերը, էլեկտրոնային եղանակով փաստաթղթերի տրամադրման հնարավորությունների զարգացումը։ Կարևորվել է Հայաստանում ադամանդագործական  ընկերությունների  և ոսկերչության ճյուղի ներկայացուցիչների փոխգործակցության հարցը, ոսկերչական արտադրանք պատրաստելիս հայկական արտադրության ադամանդների օգտագործման հնարավորությունը։ Քննարկվել է այնպիսի պայմանների ստեղծման անհրաժեշտությունը, որպեսզի ադամանդագործության և ոսկերչության ոլորտները կարողանան օգտագործել միմյանց ներուժը և արտադրանքը։ Հանդիպման մասնակիցներն անդադարձել են նաև ԵԱՏՄ-ում հարգադրոշմների փոխճանաչման գործընթացին, ադամանդագործության և ոսկեգործության ոլորտում իրականացվող ընթացակարգերի ներդաշնակեցմանը։ «Ռուսաստանի Դաշնությունից ալմաստի հումքի ներկրման հարցում պետական աջակցության ցուցաբերման հնարավորությունների քննարկման ժամանակ ոլորտի ներկայացուցիչները նշել են, որ հումքի տրամադրման հարցում պետական մակարդակով ռուսական ԱլՌոսա ընկերության, Գոխրանի հետ  բանակցությունները կարող են լինել շատ արդյունավետ։   Անդրադարձ է եղել նաև կորոնավիրուսի հետևանքով ոլորտում առաջացած խնդիրներին,  աշխատատեղերի հարցին։ Արծարծվել են հարցեր, կապված շուկաների ընդլայնման հետ․ որպես համագործակցության հեռանկարային նոր ուղղություն, նախարարն առաջարկել է դիտարկել Իրանի շուկան։ Հանդիպման ավարտին Վահան Քերոբյանը նշել է, որ նման քննարկումները լինելու են շարունակական (դրանք կանցկացվեն նաև ոլորտի ընկերություններ այցելությունների շրջանակում) և ավելացրել, որ պետք է համատեղ ուժերով փորձել հասկանալ եղած խնդիրները ու, դրանք կարգավորելով՝ առաջ գնալ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
18:33 - 22 դեկտեմբերի, 2020
Հունվարի 1-ից ՀՀ-ում կգործի թուրքական ծագման ապրանքների ներկրման արգելքը. ապրանքների ցանկը կտրամադրվի չինական կողմին

Հունվարի 1-ից ՀՀ-ում կգործի թուրքական ծագման ապրանքների ներկրման արգելքը. ապրանքների ցանկը կտրամադրվի չինական կողմին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը դեկտեմբերի 16-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում  ՉԺՀ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Յոն Ֆանի հետ: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ  Ավագ Ավանեսյանը, նախարարության արտաքին կապերի վարչության պետ Արմեն Այվազյանը, Հայաստանում ՉԺՀ դեսպանության առևտրատնտեսական հարցերով խորհրդական Ռույժուան Վանը, էկոնոմիկայի նախարարության և ՉԺՀ դեսպանության այլ աշխատակիցներ։ Ինչպես  տեղեկացրին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեսպան Յոն Ֆանը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար։ Այնուհետև նախարարը և դեսպանը փոխադարձ շնորհավորել են միմյանց իրենց պաշտոնները ստանձնելու կապակցությամբ։   Անդրադառնալով Հայաստանի և Չինաստանի միջև փոխգործակցության հեռանկարներին, ՉԺՀ դեսպանը նշել է, որ երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունները լավ հիմքի վրա են կառուցված, սակայն առկա է դրանք զարգացնելու մեծ ներուժ։   Կողմերը գոհունակությամբ նշել են կորոնավիրուսի համավարակի պայմաններում երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների դրական դինամիկան։ Էկոնոմիկայի նախարարը կարևորել է փոխշահավետ գործակցության ուղղությամբ նորացված օրակարգի ձևավորումը և դրա իրականացման ճանապարհային քարտեզի ուրվագծումը։    Վահան Քերոբյանը չինական ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում ներդրումային ծրագրերին, մասնավորապես նշելով ջրամբարաշինության, ճանապարհաշինության, բազմաբնակարան շենքերի կառուցման, արդյունաբերության, արդյունաբերական քաղաքի ծրագրերը, նաև առաջարկել է Հայաստանում հիմնել համատեղ արտադրություն՝ արտադրանքը ԵԱՏՄ և Իրանի շուկաներում սպառելու հեռանկարով։ Նախարարը նաև տեղեկացրել է, որ 2021թ. հունվարի 1-ից կգործի թուրքական ծագման ապրանքների՝ Հայաստանի տարածք ներմուծելու արգելքը։ Այդ կապակցությամբ չինական կողմին կտրամադրվի նշված ապրանքատեսակների ցանկը, որպեսզի չինական ընկերությունները ուսումնասիրեն և ներկայացնեն իրենց առաջարկությունները՝ նման ապրանքներ Հայաստան ներկրելու վերաբերյալ։ Կողմերն անդրադարձել են նաև զբոսաշրջության ոլորտում հետագա համագործակցության խորացմանը՝ կարևորելով երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթների գործարկման անհրաժեշտությունը։       Հանդիպման ավարտին կողմերն առաջարկել են ձեռնարկել կոնկրետ քայլեր նախանշված ծրագրերի իրականացման ուղղությամբ, նաև պայմանավորվել են տեղեկատվություն փոխանակել հանդիպման ընթացքում բարձրացված բազմաբնույթ հարցերի վերաբերյալ՝ հետագայում առավել առարկայական քննարկումներ կազմակերպելու նպատակով։
18:54 - 16 դեկտեմբերի, 2020
Քննարկվել է լիզինգի պետաջակցության ծրագրերի բարելավման հնարավորությունը

Քննարկվել է լիզինգի պետաջակցության ծրագրերի բարելավման հնարավորությունը

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը հանդիպում է ունեցել  ֆինանսական կառույցների ներկայացուցիչների հետ` գյուղատնտեսական տեխնիկայի և ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության՝ լիզինգի պետական աջակցության ծրագրերի ընթացքը քննարկելու նպատակով: Այս մասին հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից: Արման Խոջոյանը նշել է, որ լիզինգի ծրագրերի նկատմամբ ֆերմերները ցուցաբերում են բավական մեծ հետաքրքրություն, ինչի մասին է վկայում տարեցտարի այս ծրագրերի շահառուների թվի և ձեռք բերվող գյուղտեխնիկայի ու ագրոպարենային սարքավորումների համար տրամադրվող լիզինգի գումարի ավելացումը։ Փոխնախարարի տեղեկացմամբ՝ ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի պետական ծրագրով մեկնարկային 2018 թվականին տրամադրվել է շուրջ 30 մլն դրամի լիզինգ, 2019 թվականին՝ 2.7 մլրդ դրամի, իսկ 2020 թվականի նոյեմբերի 30-ի դրությամբ հաստատվել է ավելի քան 5 մլրդ դրամի լիզինգի հայտ: Փոխնախարարը նշել է նաև, որ լիզինգի մյուս՝ գյուղտեխնիկայի ֆինանսական վարձակալության ծրագրի շրջանակում 2018 թվականին տրամադրվել է շուրջ 882 մլն դրամ, 2019 թվականին՝ շուրջ 1.7 մլրդ դրամ, իսկ 2020 թ․հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում այդ ցուցանիշն արդեն իսկ կազմել է շուրջ 2․4 մլրդ դրամ։ «Հաշվի առնելով քաղաքացիների կողմից ներկայացվող առաջարկները՝ մենք նպատակ ենք դրել վերանայել ու լրամշակել այս ծրագրերը՝ միաժամանակ նկատի ունենալով, որ յուրաքանչյուր փոփոխություն պետք է ընդունելի լինի նաև ծրագրերին մասնակից ֆինանսական կառույցների համար», - նշել է Արման Խոջոյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են լիզինգի ծրագրերի հավանական շահառուների կողմից բարձրացվող հարցերը, ներկայացվել են առաջարկներ ծրագրերի բարելավման վերաբերյալ։ Օրակարգային թեմաներից էին ծրագրի շրջանակներում ձեռքբերվող որոշ սարքավորումների արժեքների սահմանաչափի ավելացման, ծրագրով տրամադրվող սարքավորումների ցանկի ընդլայնման, մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ծրագրերով սահմանված արտոնյալ պայմանների երկարաձգման հնարավորությունը, ծրագրերին մասնակցող կառույցների ֆինանսական ռիսկերի նվազեցման մեխանիզմների օգտագործումը և ծրագրերի այլ դրույթներին վերաբերող մի շարք այլ հարցեր։ Արման Խոջոյանը ներկաներին հավաստիացրել է, որ էկոնոմիկայի նախարարությունը պատրաստ է քննարկել և մանրամասն ուսումնասիրել յուրաքանչյուր առաջարկ, որն ուղղված կլինի այս և պետական աջակցության այլ ծրագրերի բարեհաջող իրագործմանը։
18:15 - 16 դեկտեմբերի, 2020
Ամուլսարը կարող է դառնալ համար մեկ հարկատուն. էկոնոմիկայի նախարար |tert.am|

Ամուլսարը կարող է դառնալ համար մեկ հարկատուն. էկոնոմիկայի նախարար |tert.am|

tert.am: Ամուլսարի հանքը շահագործողը կարող է դառնալ համար մեկ հարկատուն: Այս մասին երեկ «Ազատություն» ռադիոկայանի «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ընթացքում  ասել է ՀՀ Էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահան Քերոբյանը՝ խոսելով ապագայում Հայաստանի համար բարձր տնտեսական աճ ապահովելու պլանների մասին:Հաղորդման ընթացքում օգտատերերից մեկը հարց էր ուղղել նախարարին՝ հետաքրքրվելով նախարարի՝ Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ կարծիքով: Վերջինս պատասխանել է, որ չի տեսել Ամուլսարի հանքի շահագործման բնապահպանական վնասների վերաբերյալ հաշվետվություն: «Ես մի կողմից գիտեմ վնասները, մյուս կողմից՝ օգուտները»:Խոսելով ՀՀ-ում առհասարակ հանքերի շահագործման մասին և օրինակ բերելով Սոթքը՝ նախարարը նշել է. «Տեսանք, թե Հայաստանի Հանրապետության 4-րդ  հարկատուին կորցնելիս ինչ վայնասուն բարձրացրինք, բայց պոտենցիալ առաջին հարկատուին ուղղակի չենք թողնում, որ բացվի: Առաջին հարկատուին ասում ենք՝ դու մի բացվի, բայց չորրորդ հարտակուին կորցնելը ծանր ենք տանում»: Նախարարը, ամեն դեպքում, ասել է, որ մարդկանց առողջությունն ամենից կարևոր բանն է համարում և տնտեսության զարգացումը հնարավորինս «կանաչ» ճանապարհով է տեսնում։
15:38 - 15 դեկտեմբերի, 2020
Էկոնոմիկայի նախարարը հանդիպում է ունեցել Հայաստանում ԱՄՆ դեսպանի գլխավորած պատվիրակության հետ

Էկոնոմիկայի նախարարը հանդիպում է ունեցել Հայաստանում ԱՄՆ դեսպանի գլխավորած պատվիրակության հետ

Դեկտեմբերի 14-ին էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին և նրա  գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում է նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը։ Հաղորդագրության համաձայն՝ հանդիպմանը մասնակցել են էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը, նաև էկոնոմիկայի նախարարության ու ԱԳՆ ներկայացուցիչները։    «Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Վահան Քերոբյանը կարևորել է հայ-ամերիկյան համագործակցությունը, ընդգծել ԱՄՆ կառավարության շարունակական աջակցությունը տնտեսական բարեփոխումների իրականացման գործում։ Էկոնոմիկայի նախարարը համոզմունք է հայտնել, որ հայ-ամերիկյան տնտեսական հարաբերություններն առաջիկայում ավելի կակտիվանան։  Այնուհետև էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը ներկայացրել է հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության օրակարգը։  Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխգործակցության օրակարգում ընդգրկված հարցերը, հստակեցվել են համագործակցության հաջորդ քայլերը և ուղղությունները։  Մասնավորապես՝ կողմերն անդրադարձել են Առևտրի և ներդրումների խորհրդի գործունեությանը և հետագա քայլերին։ Կարևորվել է համագործակցությունը և երկխոսությունը հաստատված հետևյալ ուղղություններով` առևտուր և ներդրումներ, ԱՀԿ (Առևտրի համաշխարհային կազմակերպություն), TBT (առևտրի տեխնիկական խոչընդոտներ), SPS (սանիտարական և բուսասանիտարական հարցեր), GSP  (արտոնությունների ընդհանրացված համակարգ), առևտրային դիվանագիտություն, բարձր տեխնոլոգիաներ և այլն, ինչպես նաև պետական և մասնավոր հատվածի ներկայացուցիչների մասնակցությամբ բիզնես հանդիպումների կազմակերպումը։   Քննարկվել են նաև հարցեր Հայաստանում վճարային հարթակների հասանելիության (PayPal ծառայություններ),  վենչուրային ֆոնդերի, Հայաստանում կապիտալի շուկայի զարգացման վերաբերյալ։   Մտքեր են փոխանակվել հայ-ամերիկյան տնտեսական կապերի ակտիվացման, երկկողմ տնտեսական համագործակցության, արտաքին առևտրային հարաբերությունների զարգացման, ներդրումների ներգրավման և գործարար միջավայրի բարելավման վերաբերյալ։ Կողմերն անդրադարձել են նաև ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող   ծրագրերին՝ մասնավորապես զբոսաշրջության, գյուղական վայրերի տնտեսական զարգացման, շուկայի ազատականացման, գիտության, նորարարական գյուղատնտեսության, գործարարության խթանման ոլորտներում։   Դեսպան Լին Թրեյսին շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության համար և շեշտել, որ պատրաստակամ է գործակցել բոլոր ուղղություններով ու տրամադրել անհրաժեշտ աջակցություն։ Հանդիպման ավարտին կողմերը մեկ անգամ ևս շեշտել են իրենց պատրաստակամությունը շարունակելու գործակցությունը», - նշված է հաղորդագրության մեջ։   
13:35 - 15 դեկտեմբերի, 2020
Վահան Քերոբյանն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանին

Վահան Քերոբյանն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը դեկտեմբերի 14-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին։ Այս մասին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Ողջունելով դեսպանին՝ նախարարը գոհունակությամբ նշել է, որ Իրանը Հայաստանի լավագույն բարեկամ երկրների թվում է, որի հետ հաստատվել են ամուր առևտրատնտեսական հարաբերություններ։ Միաժամանակ Վահան Քերոբյանը հույս է հայտնել, որ հայ-իրանական փոխգործակցության շրջանակն առաջիկայում կշարունակի ընդլայնվել ու ամրապնդվել։ ԻԻՀ դեսպանը շնորհավորել է Վահան Քերոբյանին էկոնոմիկայի նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և նշել, որ Հայաստանի ու Իրանի միջև առկա է առևտրատնտեսական համագործակցության մեծ ներուժ, որը դեռևս լիարժեքորեն չի իրացվում։ Նա հույս է հայտնել, որ հայ-իրանական տնտեսական հարաբերություններն առաջիկայում ավելի կակտիվանան և նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները, համատեղ նախագծերն ու նախաձեռնությունները կդրվեն գործնական հիմքերի վրա։ Այդ նպատակով դեսպանը հայկական կողմին առաջարկել է ուսումնասիրել յուրաքանչյուր ծրագրի համար ճանապարհային քարտեզ մշակելու և փուլային հստակ ժամանակացույց սահմանելու հնարավորությունը։   Հայ-իրանական փոխգործակցության առավել իրատեսական ուղղությունների թվում Աբբաս Բադախշան Զոհուրին, մասնավորապես, մատնանշել է բուսաբուծության, անասնաբուծության և ձկնաբուծության ոլորտները: Իր խոսքում ԻԻՀ դեսպանն ընդգծել է երկու երկրների տնտեսության ոլորտում գործարար կապերի ամրապնդման, ճանաչողական և փորձի փոխանակման  նպատակով գործարար շրջանակների համար ցուցահանդեսների կազմակերպման, շահագրգիռ կողմերի միջև տեսակոնֆերանսների անցկացման անհրաժեշտությունը: Երկուստեք շեշտվել է Հայաստանի և Իրանի միջև առևտրաշրջանառության ավելացման կարևորությունը։ Զրուցակիցներն անդրադարձել են նաև «Մեղրի» և իրանական «Արազ» ազատ տնտեսական գոտիների միջև համագործակցության, ինչպես նաև համատեղ ձեռնարկությունների ստեղծման հեռանկարներին։ Նշելով, որ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունը Հայաստանի առջև լայն հնարավորություններ է բացում` ԻԻՀ դեսպանը վստահություն է հայտնել, որ հայ-իրանական համատեղ ձեռնարկությունների հիմնումը ոչ միայն կնպաստի երկու երկրների տնտեսության զարգացմանը, այլև հնարավորություն կընձեռի ավելացնել արտահանման ծավալները դեպի ԵԱՏՄ երկրներ: Վահան Քերոբյանը պատրաստակամություն է հայտնել ուսումնասիրել և միջոցներ ձեռնարկել տնտեսության ոլորտում երկու երկրների համագործակցության շրջանակում առկա խնդիրների վերացման ուղղությամբ, ինչպես նաև հնարավորինս նպաստել երկկողմ ծրագրերի իրականացմանը։
13:37 - 14 դեկտեմբերի, 2020
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է ջերմատնային տնտեսությունների ներկայացուցիչների և այգեգործների հետ

ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է ջերմատնային տնտեսությունների ներկայացուցիչների և այգեգործների հետ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը դեկտեմբերի 12-ին հանդիպել է Հայաստանի ջերմատնային տնտեսությունների ներկայացուցիչների, ինչպես նաև  ինտենսիվ այգեգործությամբ զբաղվող տնտեսվարողների հետ։ ՀՀ էկոնոմիկայի նախարարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ հանդիպումներին մասնակցել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։ Նախարարը տեղեկացրել է, որ հանդիպման հիմնական նպատակն է գույքագրել ջերմատնային տնտեսություններում և  այգեգործության ոլորտում առկա խնդիրները և փորձել գտնել դրանց լուծման ուղիները։ Այնուհետև Վահան Քերոբյանը ներկայացրել է իր մոտեցումները։  Նա նշել է, որ ներկայում բիզնեսի ամենահիմնական խնդիրներից են ֆինանսական միջոցների հասանելիությունը, կապիտալի շուկայի բացակայությունը և վարչարարական խոչընդոտները։   Ջերմատների ներկայացուցիչները նախարարին ներկայացրել են իրենց հիմնական խնդիրները և առաջարկել դրանց հնարավոր լուծումները։ Մասնավորապես, արտահանման հետ կապված, կարևորվել է տրանսպորտային խնդիրը․ առաջարկվել է ուշադրություն դարձնել այլընտրանքային ճանապարհների հարցին։  Հանդիպման մասնակիցները կարևորել են նաև հողերի խոշորացման խնդիրը։ Ընդգծվել է ոլորտը որակյալ մասնագետներով համալրելու կարևորությունը։ Հանդիպման ընթացքում արծարծվել են նաև ստանդարտների, արտադրանքի որակի, պարարտանյութերի ու թունաքիմիկատների գրանցման և ներկրման հարցերը։ Մտքեր են փոխանակվել գյուղատնտեսության ոլորտում կառավարության քաղաքականության առաջնահերթությունների, պետական օժանդակության գործիքակազմի, աջակցության ծրագրերի, գործող օրենսդրական դաշտի կարգավորումների վերաբերյալ։ Քննարկվել են տեղական գյուղմթերքի շուկայահանմանը, արտաքին շուկայում ջերմոցային արտադրանքի մրցունակության բարձրացմանը, արտահանումների արդյունավետ կազմակերպմանը, իրացման շուկաների ընդլայնմանը, ներդրումների ներգրավմանն  առնչվող հարցերը։ Նշվել է արտահանման համար նախատեսված գյուղմթերքի պահեստավորման, տեսակավորման, փաթեթավորման, բեռնափոխադրումների և վաճառահանման լոգիստիկական շղթաների ապահովման կարևորությանը։ Այգեգործության ոլորտում առկա խնդիրները և դրանց լուծման հնարավոր ուղիները նախարարի հետ քննարկելու ընթացքում, հանրապետության տարբեր մարզերի ինտենսիվ այգեգործությամբ զբաղվող մի շարք տնտեսվարողներ մասնավորապես առանձնացրել են ոլորտում ներգրավված տնտեսվարողների մասնագիտական գիտելիքների մակարդակի բարձրացման, ինտենսիվ այգեգործության հայկական դպրոցի ձևավորման, ոլորտում օգտագործվող սարքավորումների վերազինման անհրաժեշտությունը, գյուղմթերքի պահպանման և արտահանման խթանման համար սառնարանային տնտեսությունների հիմնման կարևորությունը։  Քննարկվել են նաև ինտենսիվ այգեգործության զարգացման համար ոռոգման համակարգերի բարելավմանը, չօգտագործվող հողատարածքների կրճատմանը վերաբերող մի շարք հարցեր: Անդրադարձ է կատարվել «ՀՀ-ում խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների հիմնման համար պետական աջակցության» ծրագրին, որի շրջանակներում վարկը շահառուներին մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը հասանելի կլինի 0% տոկոսադրույքով։ Վահան Քերոբյանը հանդիպումների մասնակիցներին հայտնել է, որ նման քննարկումները լինելու են շարունակական, արծարծված հարցերը կգտնվեն նախարարության ուշադրության կենտրոնում և համատեղ ջանքերը կուղղվեն խնդրիրների լուծմանը։
17:59 - 12 դեկտեմբերի, 2020
Կառավարությունը քայլեր է ձեռնարկում Էլեկտրոնային առևտրի խթանման համար

Կառավարությունը քայլեր է ձեռնարկում Էլեկտրոնային առևտրի խթանման համար

Կառավարությունը շարունակում է Հայաստանի գործարար միջավայրի բարելավմանն ուղղված գորողությունները: Քայլեր են ձեռնարկվել Էլեկտրոնային առևտրի խթանման համար: Այս մասին տեղեկացնում է Էկոնոմիկայի նախարարությունը: ՀՀ կառավարության դեկտեմբերի 3-ի որոշմամբ, ընդունվել են մի շարք կարգեր էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենաների և դրանց էլեկտրոնային կտրոնների կիրառման պահանջների վերաբերյալ։ Նախատեսված գործողություններն ուղղված են խթանելու էլեկտրոնային առևտուրը, ինչն առավել արդիական է կորոնավիրուսի համավարակի պայմաններում։ Նշված որոշմամբ սահմանվել էն էլեկտրոնային ՀԴՄ-ների տեխնիկական պահանջները, դրանց հաշվառման, հաշվառումից հանման կարգը, վերջիններիս միջոցով տրամադրվող էլեկտրոնային կտրոնի պարտադիր վավերապայմաններին ներկայացվող, ինչպես նաև ինտերնետային կայքին կամ էլեկտրոնային հավելվածին (էլեկտրոնային առևտրային հարթակին) ներկայացվող պահանջները, հստակեցվել են ՀԴՄ-ին ներկայացվող որոշ տեխնիկական պահանջներ և գործառութային (ֆունկցիոնալ) մասին վերաբերող որոշ դրույթներ: Դեկտեմբերի 3-ին կառավարությունը որոշում է ընդունել ապահովել Հայաստանի գործարար միջավայրի բարելավման գործընթացի շրջանակում կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների շարունակականությունը։ Մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 13-ի «Հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվող գույքի բնական կորուստների չափերը սահմանելու մասին» N 1467-Ն որոշման մեջ փոփոխությունների արդյունքում հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից կնվազեցվեն ինչպես շինարարության բնագավառում առաջացող բնական կորուստները, այնպես էլ այլ ոլորտներում գործունեություն իրականացնող, սակայն շինարարական նյութերի պահպանությամբ և տեղափոխմամբ զբաղվող տնտեսվարողներինը։  Այսպիսով՝ համախառն եկամտից բնական կորուստների չափերը կսահմանվեն ոչ թե ըստ բնագավառի, այլ՝ ըստ նյութերի։ Կարգավորման արդյունքում շինարարական նյութերի պահպանությամբ և տեղափոխմամբ զբաղվող բոլոր տնտեսվարողների շրջանում կստեղծվեն հավասար և արդար տնտեսական գործունեության պայմաններ, իսկ նշված որոշման 1-ին մասով սահմանված ուղղություններով կկիրառվի ավելի համադրելի մոտեցում։ 
15:34 - 12 դեկտեմբերի, 2020