Ջո Բայդեն

ԱՄՆ 46-րդ նախագահը՝ Դեմոկրատական կուսակցությունից։

Ծնվել է 1942 թվականի նոյեմբերի 20-ին, ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում։ Ամերիկացի քաղաքական գործիչ է, 2009 թվականի հունվարի 20-ին դարձել է Միացյալ նահանգների փոխնախագահը։ Մինչ փոխնախագահ դառնալը՝ նա սենատոր է եղել Դելավեր նահանգից՝ 1973-2009 թվականներին։ Նա ԱՄՆ դեմոկրատական կուսակցությունից առաջադրվել է 2020 թվականի նախագահական ընտրություններում՝ ընդդեմ գործող նախագահ Դոնալդ Թրամփի եւ նոյեմբերի 7-ին` վերջնական արդյունքներով ընտրվել է ԱՄՆ-ի նախագահ։

Սովորել է Դելավերի համալսարանում՝ ստանալով իրավաբանի մասնագիտություն։ 1970 թվականին ընտրվել է Նյու Քասլի շրջանի խորհրդում եւ դարձել վեցերորդ ամենաերիտասարդ սենատորը ԱՄՆ-ի պատմության մեջ, երբ 1972 թվականի ԱՄՆ-ի սենատորների ընտրություններում հաղթեց Դելավերում։ Բայդենը երկար ժամանակ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ է եղել, նաեւ հանձնաժողովի նախագահ։ Նա դեմ էր 1991 թվականի Իրաք-քուվեյթյան պատերազմին, սակայն կողմ էր ՆԱՏՕ-ի ընդարձակմանը՝ դեպի Արեւելյան Եվրոպա եւ նրա ներքաշմանը 1990-ականների Հարավսլավիայի պատերազմներին։ Նա կողմ էր 2002 թվականի Իրաքի պատերազմի բանաձեւին, բայց դեմ էր 2007 թվականին Իրաքի պատերազմում ԱՄՆ զորքերի ավելացմանը։ Բայդենը ղեկավարել է Սենատի դատական ​​հանձնաժողովը՝ 1987 թվականից մինչեւ 1995 թվականը, զբաղվել թմրանյութերի քաղաքականությամբ, հանցագործությունների կանխարգելմամբ եւ քաղաքացիական ազատությունների խնդիրներով։ 

Բայդենը վերընտրվել է Սենատում վեց անգամ եւ հրաժարվել Սենատորի պաշտոնից 2008 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու համար՝ որպես Բարաք Օբամայի փոխնախագահ։ Օբաման եւ Բայդենը վերընտրվել են 2012 թվականին։ 

Լիահույս եմ, որ Ձեր վարչակազմը գործուն քայլեր կձեռնարկի պատերազմի դադարեցման ուղղությամբ․ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը՝ Ջո Բայդենին

Լիահույս եմ, որ Ձեր վարչակազմը գործուն քայլեր կձեռնարկի պատերազմի դադարեցման ուղղությամբ․ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը՝ Ջո Բայդենին

  Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Ջո Բայդենին: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Մեծարգո պարոն Բայդեն, Ընդունեք, խնդրեմ, մեր սրտանց շնորհավորանքները Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Համոզված եմ, որ երկարամյա քաղաքական ու օրենսդիր գործունեության ընթացքում ձեռք բերած հարուստ փորձառությունը և գիտելիքները կուղեկցեն Ձեզ` բարօրության և առաջընթացի ճանապարհով Միացյալ Նահանգներն ու նրա ժողովրդին առաջնորդելու Ձեր գործունեության մեջ:Ձեր գործունեության ընթացքում դուք մեծ ներդրում եք կատարել հայ-ամերիկյան բարեկամության և փոխշահավետ համագործակցության ամրապնդման գործում: Հայ ժողովուրդը բարձր է գնահատում Հայոց ցեղասպանության ճանաչման և իր իրավունքների պաշտպանության հարցում Ձեր կողմից ցուցաբերած սկզբունքային դիրքորոշումը: Հավատացած եմ, որ Ձեր նախագահության ընթացքում հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունները, որոնք խարսխված են ընդանուր ժողովրդավարական արժեքների վրա, կշարունակեն վերելք ապրել՝ մեր պետությունների միջև առկա ռազմավարական երկխոսության մակարդակին համահունչ: Անշուշտ այդ գործընթացում իր անգնահատելի ներդրումն ունի նաև ամերիկահայությունը, որը կապող կամուրջ է հանդիսանում մեր երկրների միջև։ Հայաստանը մեծապես կարևորում է ԱՄՆ-ի դերակատարումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործում` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ: Ինչպես տեղյակ եք, ավելի քան մեկ ամիս է ինչ Ադրբեջանն ու Թուրքիան, արհամարհելով համանախագահողների՝ հրադադար հաստատելու բոլոր ջանքերը, շարունակում են համատեղ ագրեսիան Հայաստանի և Արցախի հանդեպ` ներգրավելով օտարերկրյա ահաբեկիչների: Այդ կապակցությամբ ողջունում եմ խնդրի հանգուցալուծումը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու Ձեր տեսլականը, որն արտահայտել եք որպես նախագահի թեկնածու: Լիահույս եմ, որ Ձեր վարչակազմը գործուն քայլեր կձեռնարկի պատերազմի դադարեցման և խնդրի համապարփակ կարգավորման ուղղությամբ, որի հիմքում պետք է ընկած լինեն Արցախի ժողովրդի անվտանգության ապահովումը նրա ինքնորոշման իրավունքի իրացման միջոցով: Թույլ տվեք մեկ անգամ ևս շնորհավորել Ձեզ՝ ԱՄՆ նախագահի պաշտոնոմ ընտրվելու առթիվ և ցանկանալ քաջառողջություն, հաջողություն և արգասաբեր գործունեություն»:
21:22 - 08 նոյեմբերի, 2020