Սահմանադրական դատարան - ՍԴ

ՀՀ Սահմանադրական դատարան - Սահմանադրական արդարադատության բարձրագույն մարմինն է, որն ապահովում է Սահմանադրության գերակայությունը: Արդարադատություն իրականացնելիս Սահմանադրական դատարանն անկախ է և ենթարկվում է միայն Սահմանադրությանը:

ՀՀ Սահմանադրական դատարանը հիմնադրվել է 1996թ-ին և առաջին իսկ տարվանից անդամակցել Եվրախորհրդի «Ժողովրդավարություն` իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովին։

Այս պահին չգիտենք՝ «Այո»–ի, թե «Ոչ»–ի ճամբարում կլինենք․ դեռ պետք է քննարկենք․ Գագիկ Ծառուկյան |tert.am|

Այս պահին չգիտենք՝ «Այո»–ի, թե «Ոչ»–ի ճամբարում կլինենք․ դեռ պետք է քննարկենք․ Գագիկ Ծառուկյան |tert.am|

tert.am: Սահմանադրությունը փոխելու հարցով հանրաքվեի գաղափարին մենք կողմ ենք եղել, Միքայել Մելքումյանն էլ ելույթ ունեցավ, հայտնեց մեր տեսակետը, որ մենք պատրաստ ենք 24-ժամյա աշխատանքի, որպեսզի լիարժեք քննարկենք և պահենք իրավական կողմը։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:Նա նշեց, որ իրենք «Իմ քայլից» սպասում էին այս հարցով արձագանքի, որը չեղավ, այդ իսկ պատճառով չմասնակցեցին քվեարկությանը: Հարցին, թե իր կարծիքով՝ հանրաքվեի ժամանակ քաղաքացիները կողմ կքվեարկեն, թե ոչ, Գագիկ Ծառուկյանն ասաց. «Ես ինչ իմանամ, գնացեք մարդկանց հարցրեք, իրենք իրենց տեսակետը կասեն»։Ի պատասխան հարցի, թե «Այո»-ի ճամբարում կլինեն թե «Ոչ»-ի, ԲՀԿ ղեկավարն ասաց, որ պատրաստվում են քաղխորհրդի նիստ հրավիրել, քննարկել և կհայտնեն իրենց տեսակետը:«Մենք քաղխորհրդում կքննարկենք և պատասխանը ձեզ կասենք: Ես պետք է բոլորին լսեմ, ու մեծամասնությունը ոնց որոշի՝ էդպես էլ կանենք»:
12:04 - 11 փետրվարի, 2020
50 քաղաքացուց կազմված խումբը կարող է դիմել ու գրանցվել որպես «Ոչ» քարոզչական նախաձեռնություն. Տիգրան Մուկուչյան |aysor.am|

50 քաղաքացուց կազմված խումբը կարող է դիմել ու գրանցվել որպես «Ոչ» քարոզչական նախաձեռնություն. Տիգրան Մուկուչյան |aysor.am|

aysor.am: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի առանձնահատկություններից մեկը կայանում է նրանում, որ, բացի հասարակական կազմակերպություններից, տեղամասերում, որպես դիտորդ, կարող են ներգրավվել նաև կուսակցությունների ներկայացուցիչներ, լրագրողների հետ զրույցում ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը։ «Այսինքն՝ ունենք վստահված անձինք «Այո» և «Ոչ» կողմերից ու դիտորդներ, որոնք կարող են լինել ՀԿ-ների ու կուսակցությունների ներկայացուցիչներ», - ասաց նա։ Տիգրան Մուկուչյանի խոսքով՝ օրենքը սահմանում է հետևյալ կանոնակարգումը՝ «Ոչ» քարոզչական կողմ նախաձեռնելու համար նախագծին դեմ քվեարկած պատգամավորները, պատգամավորը կարող են դիմել ու գրանցվել որպես «Ոչ» քարոզչական կողմ։ «7-օրյա ժամկետ կա սահմանված, եթե այդ ժամկետի ավարտին «Ոչ » քարոզչական կողմ չի գրանցվում, ապա այդ ժամկետի ավարտից հետո 50 քաղաքացիներից կազմված խումբը կարող է դիմել ու գրանցվել որպես «Ոչ» քարոզչական նախաձեռնություն», - ասաց նա։Մուկուչյանն ասաց նաև, որ կարող է գրանցվել միայն մեկ «Այո» և միայն մեկ «Ոչ» քարոզչական կողմ։ Թե որքան գումար է հատկացվելու ընտրությունների համար, Մուկուչյանն ասաց, որ հիմա հաշվարկ է իրականացվում։ «Կարծում ենք՝ այն կլինի նույնը, ինչպիսին եղել է նախորդ ընտրությունների ժամանակ, գործառույթների առումով շատ տարբերություններ առկա չեն։ 2018 թվականի ընտրություններին համար մոտավոր 2,5 կամ 2,7 միլիարդ դրամ էր ծախսվել։ Կարծում եմ՝ կլինի նույնը», - ասաց ԿԸՀ նախագահը։ Մուկուչյանի խոսքով՝ հանրաքվեի դրված օրենքի կամ փոփոխության նախագիծը համարվում է ընդունված, եթե կողմ է քվեարկել քվեարկության մասնակիցների կեսից ավելին, սակայն ոչ պակաս, քան քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թվի մեկ-քառորդը։ Ընտրատեղամասերում տեսախցիկների առկայության հետ կապված է ԿԸՀ նախագահն ասաց, որ ժամկետը շատ կարճ է։ «Ժամկետները շատ կարճ են, դա պահանջում է բավականին մեծամասշտաբ աշխատանքներ», - ասաց նա։ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը կմեկնարկի փետրվարի 17-ից: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեով առաջարկվում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և դատարանի 6 անդամների պաշտոնավարումը: Նախագիծը չի վերաբերում միայն դատավորներ Արման Դիլանյանին և Վահե Գրիգորյանին, քանի որ վերջիններս դատավոր են ընտրվել գործող Սահմանադրության ամբողջական ուժի մեջ մտնելուց հետո։ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն, հիշեցնենք, տեղի կունենա ապրիլի 5-ին:
11:53 - 11 փետրվարի, 2020
Այս փուլի համար բավարար ենք համարում ԱԺ կողմից Հանրաքվե անցկացնելու մասին ընդունված որոշումը՝ հաստատված Նախագահի հրամանագրով․ ՀԱԿ

Այս փուլի համար բավարար ենք համարում ԱԺ կողմից Հանրաքվե անցկացնելու մասին ընդունված որոշումը՝ հաստատված Նախագահի հրամանագրով․ ՀԱԿ

2020 թվականի ապրիլի 5-ին նշանակված սահմանադրական հանրաքվեի մասին Ոչ օրինակարգ, հանցավոր ճանապարհով ձևավորված Սահմանադրական Դատարանը հետհեղափոխական Հայաստանում ժողովրդավարության հաստատմանը և ներքին կայունությանը սպառնացող հիմնական գործոններից է։ Սպասարկելով սահմանադրական կարգի դեմ բազմաթիվ ոտնձգություններ կատարած նախկին ռեժիմի շահերը և խոչընդոտելով արդարադատության իրականացմանը, այն վերածվել է սահմանադրական օրինականությանը խանգարող և մշտական լարվածության աղբյուրի: Ժողովրդի վստահությունը վայելող Սահմանադրական Դատարան կազմավորելու խնդիրը պետք է լուծվի: Առանց դրա անհնար է կառուցել ժողովրդավարական երկիր: Այդ նպատակի իրագործմանը միտված առաջիկա Հանրաքվեի օրինականության վերաբերյալ ծավալված բանավեճի առումով, այս փուլի համար մենք բավարար ենք համարում Ազգային Ժողովի կողմից Հանրաքվե անցկացնելու մասին ընդունված որոշումը՝ հաստատված Նախագահի հրամանագրով: Ակնհայտ է, որ 2015թ․ լայնածավալ կեղծարարությամբ ժողովրդին պարտադրված գործող Սահմանադրության բազմաթիվ դրույթներ առաջացնում և մշտապես առաջացնելու են իրավական փակուղիներ և տեղիք են տալու հակասական մեկնաբանությունների։ Իսկ խնդրո առարկա հարցում տարընթերցումներին վերջակետ կդնեն Հայաստանի քաղաքացիները` Հանրաքվեի արդյունքներով: Իշխանության խնդիրը ազատ կամարտահայտության համար լիարժեք, անառարկելի պայմանների երաշխավորումն է: Կոնգրեսն իր ափսոսանքն է հայտնում, որ իշխանությունը չանսաց քաղաքական ուժերի և հասարակական գործիչների բազմաթիվ կոչերին և չլուծեց կարևոր այս խնդիրը ժամանակին` մեկ տարի առաջ: Ի վերջո, դանդաղկոտությունն ու այս հարցում վճռականության պակասը անհարկի բարդությունների պատճառ դարձան: Մեր հիասթափությունն ենք հայտնում նաև այն կապակցությամբ, որ Հանրաքվեի օրակարգից դուրս մնաց ոչ պակաս կարևոր, սահմանադրական իրավունքին անմիջականորեն առնչվող մեկ այլ հարց. Սահմանադրության ցանկացած հոդվածի փոփոխություն Սահմանադրական Դատարանի կողմից արգելափակելու անսահմանափակ իրավունքի` իրավագիտության տեսանկյունից անհիմն և անհեթեթ գործառույթի առկայությունը Սահմանադրության մեջ: Պատահական չէ, որ նման դրույթ բացակայել է 1995թ․ ընդունված Սահմանադրությունից ի վեր և առկա չէ ժողովրդավարական երկրների օրենսդրություններում: Օրինակարգ Սահմանադրական Դատարանի ձևավորումը դիտարկելով որպես ներկա քաղաքական ճգնաժամի հանգուցալուծման անհրաժեշտ հանգրվան, Հայ Ազգային Կոնգրեսը կողմ է ԱԺ-ի կողմից առաջարկված սահմանադրական փոփոխությանը և ակտիվորեն մասնակցելու է հանրաքվեին: Ասվածով հանդերձ, համոզված լինելով, որ նշված փոփոխությամբ սոսկ լուծվում է սահմանադրական կարգին առնչվող մասնավոր խնդիր, պնդում ենք, որ գործող Սահմանադրությունն օրինակարգ չէ և, պահպանվելու պարագայում, այն դեռևս բազմաթիվ փորձանքներ է բերելու մեր երկրի գլխին։ Ուստի վերահաստատում ենք, անկախության ձեռքբերումից ի վեր հաստատված կառավարման մոդելի հիմքով, ամբողջությամբ նոր Սահմանադրություն ընդունելու մեր պահանջը և հայտարարում, որ այդ խնդրի լուծումը առաջիկա ժամանակաշրջանի համար պետք է դառնա մեր պետության օրակարգի գլխավոր հարցը:
11:28 - 11 փետրվարի, 2020
Եթե այլ կերպ հնարավոր չէ, ապա զարգացումը կարելի է ապահովել գործընթացները ճգնաժամի հանգեցնելով |lragir.am|

Եթե այլ կերպ հնարավոր չէ, ապա զարգացումը կարելի է ապահովել գործընթացները ճգնաժամի հանգեցնելով |lragir.am|

lragir.am: Հարցազրույց Քաղաքացու որոշում ՍԴ կուսակցության քարտուղար, տնտեսագետ Սուրեն Սահակյանի հետ։ Ինչպե՞ս եք գնահատում ՍԴ խնդիրը հանրաքվեով հանգուցալուծելու իշխանությունների մոտեցումը՝ հաշվի առնելով, որ ընդդիմադիրները մատնանշում են, որ այն տեղի է ունենում ընթացակարգային լուրջ խախտումներով՝ շրջանցելով սահմանադրական կարգավորումները: Ձեր կարծիքով՝ սա՞ էր միայն ռացիոնալ լուծումը: Բազմիցս նշել ենք, որ կեղծված սահմանադրությունը որպես հարաբերությունների հիմք դնելու հետևանքը լինելու է այն, որ լղոզվելու են ճշտի ու սխալի սահմանները։ Քաղաքական որևէ դերակատար, մատնանշելով դրա կեղծված բնույթը, կարող է հանգիստ խախտել «սահմանադրությունը»։ Եվ հակառակը, պատեհ առիթով էլ կարող է վկայակոչել «սահմանադրությունը», երբ իրեն պետք է դրանով հիմնավորել իր ասելիքը։ Այդ պատճառով, մինչև նոր ու լեգիտիմ սահմանադրության ընդունումը մենք անընդհատ բախվելու ենք այսպիսի խնդիրների։ Խախտվելիք ընթացակարգի իմաստը հեղինակավոր կառույցից կարծիք հարցնելն է, թե որքանով է հանրաքվեի դրվելիք հարցը համապատասխանում մեր սահմանադրությանը։ Բայց հարց է առաջանում՝ արդյոք ՍԴ-ն, որտեղ պետք է դիմել, հեղինակավոր է։ Բազմիցս գնահատականներ են հնչել, որ հանրությունը վստահություն չունի այդ կառույցի նկատմամբ։ Ես էլ այդպիսի վստահություն չունեմ։ Ես կարծում եմ, որ որպես ինստիտուտ այն իրեն վարկաբեկել է վերջին տասնամյակների ընթացքում։ Այդ կառույցը ստեղծված էր սահմանադրական արդարադատություն իրականացնելու համար, բայց մեծապես նույն կազմով այդ դատարանը լուռ հետևել է, թե ինչպես է խախտվում սահմանադրական կարգը, իսկ որոշ դեպքերում դրան փութաջանորեն հավանություն է տվել։ Կարծում եմ, որ անկախ օրենսդրական կարգավորումներից, այդ անձանցով ձևավորած կառույցից, փոփոխությունների համար թույլտվություն հարցնելու ձևական պարտավորությունը կարելի է շրջանցել։ Այ, երբ կձևավորվի լեգիտիմ դատարան, որի սահմանադրական արդարադատության իրականացնելու մղումների մեջ կասկած չի լինի, ես, որպես ՀՀ մի քաղաքացի, դեմ կլինեմ, որ չդիմեն։ Իսկ լուծումները բազմաթիվ էին։ Ընտրվել է այս մեկը, որի հետ իրականում ոչ մի խնդիր չկա։ Ասեմ ավելին, եթե սա դիտարկենք որպես սադրանք՝ Սահմանադրական դատարանի, սահմանադրության, սահմանադրականության, պետության էության, պետական համակարգի տարբեր ճյուղերի տարանջատվածության մասին մտածելու, ապա գուցե սա հենց այն էր, ինչ պետք էր մեզ։ Եթե այլ կերպ հնարավոր չէ, ապա զարգացումը կարելի է ապահովել գործընթացները ճգնաժամի հանգեցնելով։ Հետագայում սա լավ դաս կլինի ու, գուցե, ոչ միայն մեզ համար։ Կարծում եք՝ Հայաստանը կմարսի՞ առանց Վենետիկի հանձնաժողովի հանրաքվեով Սահմանադրության մեջ փոփոխություն անելու քայլը: Որքա՞ն է իրական վտանգը, որ դրանից հետո Հայաստանի նկատմամբ կարող են լինել բացասական զեկույցներ և անգամ պատժամիջոցներ: Նախ, Վենետիկի հանձնաժողովի կարծիքը խորհրդատվական է և կատարման համար ոչ պարտադիր։ Երկրորդը, ձեր հարցի մեջ մի սարսափելի հանգամանք կա։ Վերաձևակերպելով այն, կստացվի, թե արդյոք Հայաստանի ժողովուրդը՝ սահմանադիրը, կմարսի, եթե իր կյանքի վերաբերյալ ինքը որոշում կայացնի, այլ ոչ թե դրա մասին հարցնի ինչ-որ հանձնաժողովի, որի ղեկավարի կոռումպացվածության մասին միայն ալարկոտները չեն խոսում։ Մենք խոսում ենք մի կառույցի մասին, որը ներկա սահմանադրությունը բնութագրել է գերադրական ածականներով և որի փոխանցումով հանրապետականներն այն ներկայացնում են որպես Եվրոպայի ամենալավ սահմանադրություններից մեկը։ Բայց նույնիսկ անկախ անձանցից, կառույցների հեղինակություններից ու մնացած ամեն ինչից, Հայաստանը, ինչպես միջազգային իրավունքի ցանկացած սուբյեկտ, կարող է ինքնուրույն որոշել, թե ինչպես է ուզում ապրել, և որևէ մեկն իրավունք չունի միջամտել երկրի ներքին գործերին։ Այդ նախկին քաղաքական համակարգն էր, որ ներքին լեգիտիմության պակասի պայմաններում ստիպված էր որևէ փոփոխության համար լեգիտիմություն մուրալ դրսում։ Հիմա և, հուսանք՝ առհավետ, այդ հարցը լուծվել է մեր բոլորի ջանքերով։ Տեսակետ կա, որ ճիշտ ճանապարհն այն կլիներ, որ իշխանությունը նախապատրաստեր սահմանադրական փոփոխությունների կամ նոր Սահմանադրության ամբողջական փաթեթ և այդկերպ լուծեր խնդիրը: Թե՞ վտանգ կար, որ նույն ՍԴ անդամները իրենց ոչ ձեռնտու հատվածները իրենց եզրակացությամբ կհամարեին հակասահմանադրական: Գուցե այդպիսի վտանգ կար, բայց արդյոք դա էական է նրա ֆոնին, ինչի մասին խոսում էինք առաջին հարցի պատասխանում։ Այո, խնդրի լուծման բազում տարբերակներ կային և հիմա էլ կան։ Ես ուրախ եմ, որ հենց այս մեկն է ընտրվել։ Կրկնեմ, որ մենք պետություն, դրա առանձին մարմիններ ձևավորելու տարրական գիտելիքների պակաս ունենք և նույնիսկ սխալվելու, այդ սխալները շտկելու, հետագայում դրանք բացառելու գնով մենք պետք է երկար ճանապարհ անցնենք՝ բացը վերականգնելով։ Բացի դա, հանրության՝ սեփական կյանքի վերաբերյալ որոշումների կայացման ցանկացած լրացուցիչ մասնակցություն դրական է այն առումով, որ դա սովորություն դառնալու միտում կարող է ունենալ։ Անկախ նրանից, թե հանրաքվեն որպես խնդրի լուծման գործիք կիրառելով կառավարող քաղաքական ուժն ինչ նպատակներ է հետապնդել, վաղը ժողովուրդը պահանջելու է այլ էական հարցեր էլ դնել հանրաքվեի։ Բանն այն է, որ մենք ուղիղ ժողովրդավարության այլընտրանք չունենք։ Մենք ասելով նկատի ունեմ ոչ միայն Հայաստանը, այլ նաև ամբողջ մարդկությունը։ Կուսակցությունների, քաղաքական ֆորմալ միավորների և ներկայացուցչական դեմոկրատիայի դերը գնալով պակասում է աշխարհում, և լավ կլինի մենք ժամանակին սովորենք ինքներս մեր ճակատագիրը տնօրինելու մեխանիզմները։ Արդյոք հանրաքվեով ՍԴ այս կազմից ազատվելով մենք կարող ենք ակնկալել, որ կունենանք վստահելի ՍԴ, և արդյոք միայն ՍԴ կազմը փոխելով կվերականգնվի հանրության վստահությունը դատական համակարգի նկատմամբ: Այս պրոցեսը խնդիրը դրական լուծելու հեռանկար ունի։ Անհրաժեշտ է ուղղակի ամեն ինչ ճիշտ անել և կես ճանապարհից հետ չկանգնել, ինչպես տեսել ենք այլ հարցերում։ Ըստ էության, կառավարող ուժը մեծ պատասխանատվություն է վերցրել ընթացակարգային խախտումներով նման փոփոխություն նախաձեռնելով։ Եթե այս մարտահրավերից նա հաղթանակած դուրս գա, ապա մենք կշահենք ոչ միայն վստահելի ու հեղինակավոր ՍԴ ունենալով։ Հակառակ պարագայում հետևանքներն իր համար անկանխատեսելի կլինեն։ Հաղթանակած ասելով ես նկատի ունեմ միայն մի ելք՝ երբ իրականում կձևավորվի անաչառ Սահմանադրական դատարան և այն չի դառնա «Իմ քայլ»-ի դատարանը։ Հակառակ պարագայում նոր անդամները դուրս կշպրտվեն նույն հաջողությամբ, ինչ այս մի դատարանի անդամները՝ իենց հետևից քարշ տալով հովանավորներին Շարունակությունը՝ lragir.am-ում
11:09 - 11 փետրվարի, 2020
Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը կմեկնարկի փետրվարի 17-ին |armenpress.am|

Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը կմեկնարկի փետրվարի 17-ին |armenpress.am|

armenpress.am: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է ապրիլի 5-ին կայանալիք Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի կազմակերպման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը: Ժամանակացույցի համաձայն՝ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախընտրական քարոզարշավը կմեկնարկի փետրվարի 17-ին: «ԿԸՀ ներկայացվել է որոշում՝ հիմք ընդունելով նախագահի հրամանագիրը՝ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվե նշանակելու մասին, որով հանրաքվեն նշանակվել է ապրիլի 5-ին: Ընտրական օրենսգրքի ու հանրաքվեի մասին օրենքի համաձայն՝ մշակվել է ժամանակացույց: Համաձայն հանրաքվեի մասին օրենքի՝ հանրաքվեի քարոզչությունը մեկնարկում է հանրաքվե նշանակելու մասին նախագահի հրամանագրի պաշտոնական հրապարակումից հետո 7-րդ օրը և ավարտվում հանրաքվեից մեկ օր առաջ, ինչը նշանակում է, որ փետրվարի 17-ից կմեկնարկի նախընտրական քարոզչության փուլը»,- ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:
10:40 - 11 փետրվարի, 2020
Սահմանդրական փոփոխությունների հանրաքվեն բեկումնային է լինելու նոր Հայաստանի կերտման ճանապարհին. Արման Բաբաջանյան

Սահմանդրական փոփոխությունների հանրաքվեն բեկումնային է լինելու նոր Հայաստանի կերտման ճանապարհին. Արման Բաբաջանյան

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը, անդրադառնալով առաջիկայում կայանալիք սահմանադրական հանրաքվեին, ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ապրիլի 5-ին կայանալիք սահմանդրական փոփոխությունների հանրաքվեն նշանային, եթե կուզեք բեկումնային է լինելու Հայաստանի, նոր Հայաստանի կերտման ճանապարհին։ Սահմադարական դատարանի գործող կազմը, նրա նախագահը իրականում մեծագույն խոչընդոտ են երկրում արմատական բարեփոխումների, հատկապես դատաիրավական ոլորտի բարեփոխումների իրականացման, նաև դատական իշխանությունը ժողովրդին վերադարձնելու ու լեգիտիմ դարձնելու ճանապարհին։ Հետևաբար սահմանադրական հանրաքվեն, որ առաջին հայացիքց թվում է, թե ՍԴ գործող կազմին է վերաբերում, իրականում շատ ավելի խորքային է, քան դատարանի մի քանի անդամների ու նախագահի փոփոխությունը։ Այս հանրաքվեն սահմանդրությունը, սահմանադրական կարգը ժողովրդին վերադարձնելու եզակի միջոց է։ Այդպիսին լինելով հանրաքվեն հետապնդում է շատ ավելի բարձր նպատակներ ու արժեքներ, քան առաջին հայացքց թվացող այն իրողությունը, որ դրանով վերջ է դրվելու նախկին իշխանությունների՝ Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Հրայր Թովմասյանի, Արթուր Վանեցյանի՝ անյալը պահպանելուն ու դրան վերադառնալուն ուղղված գործունեությունը։ Հետևաբար չափազանց կարևոր է, որպեսի հանրաքվեի քարոզարշավի ողջ ընթացքում այս իրողությունը հասցվի քաղաքացուն, ընտրողին։ Հայաստանի քաղաքացին պետք է հասկանա, որ հանրաքվեում «Այո՛» ասելով ոչ թե «Ո՛չ» է ասելու նախկինին, ինչպես ներկայացվում է, այդ թվում իշխանության կողմից, այլ «Այո՛» է ասելու ապագային, վաղվա Հայաստանին։ Ուստի շատ կարևոր է, որպեսզի հանրաքվեի քարոչզարշավը ներկայի ու նախկինի հակադրությունից տեղափոխվի ապագայի հարթություն, որպեսզի քաղաքացին գիտակցի, որ հանրաքվեին մասնակցելով ու «Այո՛» ասելով ինքը ոչ թե հաշիվներ է մարքում անցյալի հետ, այլ կերտում է վաղվա օրը։ Ինքս՝ որպես ԱԺ պատագամավոր չափազանց կարևոր եմ համարում այս իրողությունը և նաև պատասխանատու եմ համարում ինձ դա հանրությանը հասցնելու հարում։ Այդ նպատակով ես իմ համախոհների, գաղափարակից ընկերների հետ առանձին մասնակցելու եմ սահմանադրական փոփոխությունների քարոզարշավին և անելու եմ առավելագույնը այն ապագային, վաղվա օրակարգին ու վաղվա անելիքներին ծառայեցնելու համար։ Ես չեմ մասնակցելու, որևէ կերպ չեմ ներգրավվելու գործող իշխանության ու նախկինների բանավեճերին ու քարոզչական պատերազմներին, որոնք իրականում աղերս չունեն ապագայի հետ։ Ես դրանց զուգահեռ խոսելու եմ վաղվա մասին, ապագայի մասին, որի կառուցման գործում մեծ ներդրում ենք ունենալու ապրիլի 5–ին կայանալիք հանրաքվեին մասնակցությամբ։ Այս գործընթացին ներգրավվելու իմ նպատակներից մեկը, գուցե ամենագլխավորն այն է, որպեսզի այն ծառայեցվի իշխանության հետ յուրօրինակ պայմանագրի առ այն, որ հանրաքվեով գիծ ենք քաշում անցյալի հետ հակադրության վրա, որ դրանից հետո աչք չենք փակում վաղվա հաշվին այսօր կատարվելիք որևէ սխալի ու ձախողման վրա ու դա չենք փորձում արդարացնել նախկինների գոյությամբ կամ դիմադրությամբ։2018 թվականի թավշյա հեղափոխությունը եզակի պատմական հնարավարություն է ստեղծել բոլորիս համար կառուցելու մեր երազած հայրենիքը՝ ազատ, ժողովրդավարական Հայաստանը, որը կլինի ներքնապես ու արտաքնապես ուժեղ, որը ապահովի մարդու ու քաղաքացու բոլոր իրավունքների իրացումն ու արժանապատիվ կյանքը։ Ինչպես տարբեր առիթներով խոստովանել եմ, համոզված լինելով, որ այդ տեսլականին խոչնդոտել են նախկին իշխանությունները, 2018-ին հեղափոխության հաջողությանը չեմ հավատացել։ 2006 թվականին ԱՄՆ-ից տեղափոխվելով Հայաստան, հիմնադրելով ընդդիմադիր օրաթերթ, 2010-ին ստեղծելով նոր լրատվամիջոց կրելով ընդդիմադիր լինելու համար այն ժամանակ նախասահմանված բոլոր զրկանքները, պայքարելով սկզբում Քոչարյանի, ապա Սերժ Սարգսյանի իշխանության դեմ, այնուամենայնիվ չեմ հավատացել, որ առանց արյուն հեղելու, առանց մարդկային կորուստների կարողանալու ենք ազատվել նրանց ռեժիմներից, իսկ ես համոզում ունեմ, որ ոչ մի կաթիլ արյուն չի կարելի թափել որևէ իշխանության համար։ Այդ հրաշքը սակայն տեղի ունեցավ 2018 թվականի գարնանը։ Հեղափոխության հաջողությանը 2018-ին չհավատալու իրողությունը ինձ կրկնակի պարտավորեցնող է դարձնում այսօր անել առավելագույնը՝ դրա հաջողության համար։Այսու, ապրիլի 5–ին կայանալիք հանրաքվեն ես համարում եմ այդ հաջողություններին հասնելու ճանապահի կարևորագույն հանգրվան։ Ես «Այո՛» եմ ասելու այդ հանգրվանին և անելու եմ ինձանից կախված առավելագույնը այդ գաղափարողվ հնրավարինս շատ մարդկանց վարակելու համար»։
10:01 - 11 փետրվարի, 2020
ՍԴ նախագահ ընտրվել և պաշտոնավարել չեմ ցանկացել ի սկզբանե և առավել ևս այժմ․ Վահե Գրիգորյան

ՍԴ նախագահ ընտրվել և պաշտոնավարել չեմ ցանկացել ի սկզբանե և առավել ևս այժմ․ Վահե Գրիգորյան

Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Հրայր Թամրազյանի հետ խոսել են Սահմանադրական դատարանի ճգնաժամին առնչվող որոշ հարցերի մասին. – Սահմանադրական դատարանի անդամների պաշտոնավարման սահմանադրական հիմքի՝ Սահմանադրության 213 հոդվածի, որպես օրվա քաղաքական իշխանության և Սահմանադրական դատարանի անդամների միջև «կնքված» գործարքի մասին, որպես հակաժողովրդավարական և հակաիրավական թեզերի հիմքով սահմանադրական լայնածավալ փոփոխությունների կապակցությամբ դատարանի անդամների լռությունը նրանց ցմահ պաշտոնավարման դիմաց. – Եթե դատարանի ճգնաժամի հանգուցալուծումը պետք է տեղի ունենա Սահմանադրության 213 հոդվածի փոփոխությամբ, ապա հանրաքվեի միջոցով նման լուծումը նոր Սահմանադրական դատարանին ժողովրդավարական բարձր լեգիտիմություն հաղորդող լիցք է. – Սահմանադրական դատարանն այսօր 24 տարեկան է, որից շուրջ 2 տասնամյակ Հայաստանի քաղաքացին Սահմանադրական դատարանի դռները բախել է իր քաղաքական առաջնային՝ ազատ ընտրության, ինչպես և մի շարք այլ սահմանադրական իրավունքների պաշտպանության խնդրանքով: Խորհրդանշորեն, այս հանրաքվեում Հայաստանի քաղաքացին է լինելու իր նախկին բողոքների հանգուցալուծման իշխանությունն ունեցող դատական կազմի պաշտոնավարման մասին որոշում կայացնողը. – Սահմանադրական դատարանի ճգնաժամի վերաբերյալ միջազգային կազմակերպությունների և որոշ բարձրաստիճան միջազգային պաշտոնյաների մեկնաբանությունների մասին. ի՞նչ կշիռ և հեղինակություն պետք է ունենա Հայաստանի ինքնիշխանության պահապան ատյանի՝ Սահմանադրական դատարանի անդամը, որն իր պաշտոնի պաշտպանությունը «աղերսում» է միջազգային կազմակերպություններից և օտարերկրյա պետությունների պաշտոնյաներից.       – Սահմանադրական դատարանն իր ներկա կազմով (եթե պայմանականորեն համարենք, որ Սահմանադրական դատարանի անդամներն ունեն դատավորի կարգավիճակ) Սահմանադրության 213 հոդվածի փոփոխությունների նախագծի սահմանադրականության ստուգումն իրականացնել չի կարող, քանի որ Սահմանադրության փոփոխության նախագիծը վերաբերում է նույն կազմի 9-ից 7-ին. դատավորն իրավունք չունի լուծելու իրեն վերաբերող գործ: Ապաև, նույնիսկ վերաբերելի այլ փաստարկների բացառմամբ, ՍԴ-ն այս հարցով չունի սահմանադրական քվորում: Մի՞թե կվստահեիք որևէ բժշկի բանականությանը, որը կոմայում գտնվող հիվանդին բուժօգնություն ցուցաբերելուց առաջ հարցներ նրա ինքնազգացողության մասին այն պատճառով, որ դա էր պահանջում բժշկական ստանդարտն այդ բուժհաստատությունում. – Սահմանադրական դատարանի ճգնաժամն անձերով չի կարող պայմանավորվել. այս ճգնաժամի լուծման կարևորությունը, իսկ շարունակվելու դեպքում՝ վտանգները վեր են անձերից, կուսակցություններից, իշխանության և ընդդիմության տարաձայնություններից.   – Հակառակ հետևողական պնդումներին, ես շարունակում եմ աշխատել, սակայն չեմ մասնակցում այն միջոցառումներին, որոնց «նիստ» են անվանում: Հետևողականորեն ներկայացրել եմ Սահմանադրական դատարանում ճգնաժամի հիմնավորումները, և  դրանք արդեն ճանաչված են նաև Հանրապետության Ազգային ժողովի, կառավարության և Հանրապետության նախագահի մոտեցումներով: Ես ինձ թույլ չեմ տվել դատավորի լիազորությունների իրականացման նմանակմամբ զբաղվել՝ ամեն ինչ թղթի վրա ճիշտ լինելու տպավորություն ստեղծելով: Սահմանադրական դատարանի ճգնաժամի խնդիրն իր ողջ խորությամբ և սրությամբ եմ ներկայացրել, իսկ իմ՝ որպես դատավորի գործունեությունը չի կարող այդ ճգնաժամին համարժեք վերաբերմունքով չարտահայտվել. Հայաստանը դեռ չունի սահմանադրական և դեմոկրատական լեգիտիմության չափանիշներին համապատասխան Սահմանադրական դատարան, և իմ՝ որպես Սահմանադրական դատարանի դատավորի, վերաբերմունքն այս ճգնաժամին լիովին համարժեք է դրա չլուծման վտանգների և Հայաստանի համար ունենալիք հետևանքների համար: Բացառությամբ դատավորի աշխատավարձից և աշխատասենյակից, այլ արտոնությունից կամ նյութական երաշխիքից չեմ օգտվում (ավտոմեքենա, վարորդ, օգնական, պարգևավճար և այլն). – Սահմանադրական դատարանի նախագահ ընտրվել և պաշտոնավարել չեմ ցանկացել ի սկզբանե և առավել ևս այժմ՝ հակառակ այս հարցում կենցաղային ստախոսության աստիճանի շարունակական պնդումների: Ես իրականում ավելի բարձր եմ համարում իմ ներկայիս ունեցած կոչումն ու կարգավիճակը, քան կիսավարչական կամ կիսաներկայացուցչական գործառույթներով, թեպետ՝ շատ պատասխանատու պաշտոնը:   «Բազմաթիվ հարցեր հնարավոր չեղավ քննարկել ժամանակի սղության պատճառով, ինչը, հուսով եմ, ուղղել հետագայում՝ ժամանակային առաջին իսկ պատուհանի դեպքում: Շնորհակալ եմ Սահմանադրական դատարանի և դրա ճգնաժամի լուծման հարցում ուշադրության և դրա կարևորությունը, իսկ շարունակականության դեպքում՝ վտանգները գիտակցելու և ճանաչելու համար»,- գրել է նա:
20:42 - 10 փետրվարի, 2020
Հանրաքվեի նախապատրաստման և անցկացման միջոցառումների ժամանակացույցը հաստատելու հարցը ԿԸՀ օրակարգում է |armenpress.am|

Հանրաքվեի նախապատրաստման և անցկացման միջոցառումների ժամանակացույցը հաստատելու հարցը ԿԸՀ օրակարգում է |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ փետրվարի 11-ին կայանալիք նիստի օրակարգում է Սահմանադրության փոփոխությունների 2020 թվականի ապրիլի 5-ի հանրաքվեի նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը հաստատելու հարցը: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԸՀ-ից: «Ս.թ փետրվարի 11-ին՝ ժամը 9:30-ին,  Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վարչական շենքում տեղի կունենա  ԿԸՀ նիստ: Նիստի օրակարգում  ներառված է 3 հարց․ 1․ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների 2020 թվականի ապրիլի 5-ի հանրաքվեի նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին 2.Երևանի ավագանու անդամ ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամի մանդատը Իմ Քայլը կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուին տալու մասին արձանագրության կազմում 3.2020 թվականի մարտի 15-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին տեղամասային ընտրական հանձնաժողովներում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնների բաշխումն Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի միջև սահմանելու մասին»,- ասված է ՀՀ ԿԸՀ տարածած հաղորդագրության մեջ։  
17:34 - 10 փետրվարի, 2020
Սահմանադրական հանրաքվե․ կողմերի դիրքորոշումները |civilnet.am|

Սահմանադրական հանրաքվե․ կողմերի դիրքորոշումները |civilnet.am|

civilnet.am: Փետրվարի 6-ին Ազգային ժողովը ձայների 88 կողմ, 15 դեմ, 0 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունեց «ՀՀ Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը հանրաքվեի դնելու որոշում։ «Բարգավաճ Հայաստանը» չմասնակցեց քվեարկությանը, «Լուսավոր Հայաստանը» դեմ քվեարկեց։ Ավելի վաղ ԱԺ-ն չէր ընդունել «Իմ քայլը» խմբակցության 44 պատգամավորների ներկայացրած՝ «ՀՀ Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Ըստ Սահմանադրության՝ եթե սահմանադրական փոփոխությունների նախագիծն ԱԺ-ն չի ընդունում, պատգամավորների ձայների թվի առնվազն 3/5-ով ընդունված որոշմամբ այն կարող է դրվել հանրաքվեի: Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն նշանակվեց ապրիլի 5-ին։  Ինչ է ասում «Իմ քայլը» «ՀՀ Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի համահեղինակ, հիմնական զեկուցող Վահագն Հովակիմյանը կարծում է, որ ՀՀ Սահմանադրության երկրորդ հոդվածի ուժով «հանրաքվեից ավելի սահմանադրական ճանապարհ որևէ հարցի, խնդրի լուծման համար գոյություն չունի»։ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ասում է. «Ժողովրդավար երկրում չկա այլընտրանք քաղաքացու կամարտահայտմանը, և ընտրությունը հենց ժողովրդի կամարտահայտման ճանապարհներից մեկն է»։ «ՍԴ-ում առկա ճգնաժամը, դատական համակարգում առկա ճգնաժամը լուծում է ստանալու որպես մի վերջին «բաստիոն», որը մնացել է հին Հայաստանից»,- այս կարծիքն է հայտնել Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, որը չի հերքում՝ սա քաղաքական որոշում է։ «Եթե սա է ձեզ համար պետության ողնաշարը կոտրելը, դա թող լինի հենց այսպես՝ ժողովրդի կարծիքը հաշվի առնելով և նրա հետ համագործակցելով»,- նշում է նախաձեռնության համահեղինակ Լուսինե Բադալյանը: Նա տարօրինակ է համարում ընդդիմության՝ սահմանադրական փոփոխությունները հանրաքվեի դնելու վերաբերյալ քննադատությունները: Ինչ է ասում վարչապետը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ Սահմանադրական դատարանն «այսօրվա ձևով չի ներկայացնում ժողովրդին, այլ ներկայացնում է Սերժ Սարգսյանի կոռումպացված իշխանությանը, և պետք է հեռանա»։ «Եվ ուզում եմ ասել, որ բոլոր այն մարդիկ, ուժերը, ովքեր կփորձեն իրավական կամ այլ խոչընդոտներ հարուցել ժողովրդի ազատ կամարտահայտման առաջ, նրանք կարժանանան համարժեք հակահարվածի՝ որպես հակաժողովրդական, հակաժողովրդավարական և հակապետական ուժեր: Իսկ նրանք, ովքեր կընդունեն ժողովրդի բարձրագույն իշխանությունը, ժողովրդի բարձրագույն իրավունքը, կդառնան Հայաստանի ապագան կերտող նվիրյալներ»:  Ինչ է ասում նախագահը ՀՀ նախագահի ախատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը պարզաբանում է տարածել, որում նշվում  է՝ հանրաքվեի օր նշանակելով՝ նախագահը «չի արտահայտում իր վերաբերմունքը» սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ։ «Հանրապետության նախագահին ներկայացված փաստաթուղթն օրենքի նախագիծ չէ, օրենք չէ, այլ Ազգային ժողովի կողմից 2020թ. փետրվարի 6-ի ընդունված «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» ԱԺՈ-001-Ն որոշումն է, որը հրապարակված է Ազգային ժողովի պաշտոնական կայքում: Վերոնշյալ որոշման առնչությամբ Հանրապետության նախագահի սահմանադրական գործառույթներն ընթացակարգային են և սահմանափակվում են միմիայն և բացառապես Սահմանադրության 206-րդ հոդվածի համաձայն եռօրյա ժամկետում հանրաքվեի օր նշանակելու մասին հրամանագիր ստորագրելով»,- ասված է պարզաբանման մեջ: Ինչ է ասում «Լուսավոր Հայաստանը» ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հակադարձում է վարչապետին։ «Ոչ ոք ՀՀ քաղաքացուն, կապույտ անձնագրով մարդուն չի կարող հռչակել ազգի հակապետական ուժ, ոչ ոք, ուզում է՝ 90 տոկոս ձայն ստանալ, մի մարդ էլ համաձայն չլինի, ես պատրաստ եմ էդ մարդու կողքին կանգնել։ Ոչ ոք չփորձի էստեղ «պոլիտբյուրո» դարձնել»։ Ըստ Մարուքյանի՝ անկախ մարմինները պետք է ունենան տարբեր ժամկետներով պաշտոնավարող դատավորներ՝ տարբեր իշխանությունների կողմից նշանակված։ Պատգամավորը համոզված է՝ սա տարբերակ չէ, և «Իմ քայլ»-ի մոտեցումները վատ տեղ են տանում։ «Նախկին իշխանությունների աճպարարությունների մասին եք խոսում, թե ինչպես հապճեպ Հրայր Թովմասյանին բերեցին դարձրեցին ՍԴ նախագահ, բայց հիմա նույնը, իմ կարծիքով, դուք եք անում՝ հրատապ արտահերթ կարգով բերում եք նախագծեր, որոնք խնդրահարույց են և հակաիրավական»,- ասում է ԼՀԿ պատգամավոր Աննա Կոստանյանը՝ հավելելով՝ սա մեկ մարդու լիազորություններից զրկելու գերնպատակ է ենթադրում։ Հանրային իշխանությունը՝ ժողովուրդը, ևս սահմանափակումներ ունի և սահմանափակված է մարդու, քաղաքացու հիմնարար իրավունքներով ու ազատություններով, կարծում է ԼՀԿ խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը։  Ինչ է ասում «Բարգավաճ Հայաստանը» «Արդյոք մենք կարո՞ղ ենք դեմ լինել հանրաքվեի գաղափարին՝ իհարկե, ոչ, արդյոք մենք հիացա՞ծ ենք Հրայր Թովմասյանով, իհարկե, ոչ», - ԲՀԿ խմբակցության անունից ելույթ ունենալով՝ ասել է Միքայել Մելքումյանը։ Նա դժգոհ չէ, որ քաղաքական մեծամասնությունն ուզում է քաղաքական կամք ցուցաբերել, բայց, ըստ նրա, պետք է շարժվել իրավական անթերի ռեժիմով։ Նա դեմ է իրավական ընթացակարգերի նսեմացմանը։ ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում ասել է. «Պետք է նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեր և նոր գնար ՍԴ, իսկ եթե առաջին ընթերցմամբ չի ընդունվում, այդ նախագիծը պետք է հանվի օրակարգից: Հանրաքվե անելու մասին որոշում ԱԺ-ն կարող է ընդունել, եթե ՍԴ-ն տալիս է դրական եզրակացություն, գալիս  է երկրորդ ընթերցմամբ և չի ընդունվում օրենքը: Այդ ժամանակ միայն օրենքով նա իրավունք ունի հարցը դնել հանրաքվեի: Եթե ՍԴ հարակցություն չկա, այդ նախագիծը չի կարող ընդունվել, դրվել հանրաքվեի»: Ինչ է ասում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը Հունվարի վերջին 168․am-ին տված հարցազրույցում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը հայտարարել է՝ ինքը «չի նահանջելու և պայքարելու է մինչև վերջ․ այս ճանապարհն է ընտրել, և որևէ մեկն իրեն չի կարող կանգնեցնել»։ Ավելի ուշ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Հրայր Թովմասյանն ասել է՝ «ինքը հետաքրքրված չէ խորհրդարանական քննարկումներով»։ Իր լիազորությունների հնարավոր դադարեցման մասին հարցին Թովմասյանը պատասխանել է. «Իսկ ո՞վ ասաց, որ իմ լիազորությունները էդքան կարևոր են ինձ համար»։ Ինչ են ասում միջազգային կառույցները Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողներ Անդրեյ Շիրցելն (Սլովենիա, ԵԺԿ) ու Կիմմո Կիլժունեն (Ֆինլանդիա, Սոց.) հայտարարություն են տարածել՝ կոչ անելով ՀՀ իշխանություններին սահմանադրական փոփոխությունների հարցով դիմել Վենետիկի հանձնաժողով՝ կարծիք ստանալու նպատակով։ «Մենք հավատում ենք, որ այս կարծիքը, որը կարող է շատ արագ ընդունվել հրատապ ընթացակարգով, արժեքավոր կլինի բոլոր շահագրգիռ կողմերի, այդ թվում հայ ընտրողների համար, եթե պետք է անցկացվի հանրաքվե»,- նշված է հայտարարության մեջ։ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն մտահոգություն է հայտնել Հայաստանում ստեղծված սահմանադրական ճգնաժամի կապակցությամբ՝ նշելով, որ կիսում է ԵԽԽՎ մոնիտորինգի համազեկուցողների մտահոգությունները կառավարություն-ՍԴ լարվածության վերաբերյալ:   
16:53 - 10 փետրվարի, 2020
Պատրաստ ենք դիմել ՍԴ, եթե բավարար թվով ստորագրություններ լինեն. Էդմոն Մարուքյան |aysor.am|

Պատրաստ ենք դիմել ՍԴ, եթե բավարար թվով ստորագրություններ լինեն. Էդմոն Մարուքյան |aysor.am|

aysor.am: Մենք ասել ենք՝ պատրաստ ենք դիմել ՍԴ, եթե բավարար թվով ստորագրություններ լինեն, ասաց ԱԺ «Լուսավոր հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն՝ անդրադառնալով հայտարարությանը, որ պատգամավորների 1/5-րդը կարող է դիմել ՍԴ՝ վիճարկելով հանրաքվե անցկացնելու մասին նախագահի որոշումը։«Բայց ստորագրություն չկա։ Եթե լինեն՝ պատրաստ ենք։ ԲՀԿ-ն հայտարարել է, որ Վենետիկի հանձնաժողովի եզրակացությանն է սպասում, հետևաբար իրենք այս փուլում նախաձեռնությանը չեն միանա։ Դրա համար մեզ այդ հարցով դիմելն անիմաստ է։ Եթե բավարար թվով ստորագրություններ չեն հավաքվում, նախաձեռնենք՝ ի՞նչ անենք։ Մենք 17 ստորագրություն ունենք, 10 հատ էլ բերեք՝ դիմենք», - ասաց Էդմոն Մարուքյանը։ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն այսօր հայտարարել էր՝ եթե Ազգային ժողովի պատգամավորների 1/5-րդը դիմի Սահմանադրական դատարան՝ վիճարկելով նախագահի որոշումը կամ հրամանագիրը, ապա Սահմանադրական դատարանն է լինելու այն սուբյեկտը, որը որոշելու է կասեցնե՞լ, թե՞ ոչ այս գործընթացը:Ավելի վաղ նախագահը ստորագրել է հրամանագիր՝ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն ապրիլի 5-ին նշանակելու մասին:Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն առաջարկում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և դատարանի 6 անդամների պաշտոնավարումը:
15:40 - 10 փետրվարի, 2020
Պետաիրավական հանձնաժողովի նախագահը ներկայացրեց հանրաքվեի նշանակումից հետո անհրաժեշտ գործընթացները |armenpress.am|

Պետաիրավական հանձնաժողովի նախագահը ներկայացրեց հանրաքվեի նշանակումից հետո անհրաժեշտ գործընթացները |armenpress.am|

armenpress.am: ՀՀ նախագահի կողմից Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի օր նշանակելուց հետո իր գործառույթների իրականացմանը պետք է անցնի ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Այս մասին փետրվարի 10-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը: «Նախագահը ստորագրել է հրամանագիր և նշանակել է հանրաքվեի օրը: Դրանից ելնելով՝ ԿԸՀ-ն պետք է կազմի ժամանակացույց, և ըստ ժամանակացույցի պետք է ընթանան անհրաժեշտ գործընթացները. պետք է կազմվեն «Այո»-ի և «Ոչ»-ի շտաբները, պետք է համապատախանաբար բաշխվի քարոզչական եթերաժամանակը, տեղի ունենա քարոզարշավ և այլն»,- ասաց Վարդանյանը: Պատգամավորը նշեց, որ, եթե Ազգային ժողովի 1/5-րդը դիմի Սահմանադրական դատարան՝ վիճարկելու Ազգային ժողովի որոշումը և նախագահի հրամանագիրը, ապա Սահմանադրական դատարանն է որոշելու՝ կասեցնել, թե ոչ այս գործընթացը: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեով առաջարկվում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և դատարանի 6 անդամների պաշտոնավարումը: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա ապրիլի 5-ին:
14:27 - 10 փետրվարի, 2020