Ալեն Սիմոնյան

8-րդ գումարման Ազգային ժողովի նախագահն է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։

Ծնվել է 1980թ․ հունվարի 5-ին։ 2000-2002թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: 

2000թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: Իրավաբան: 2015թ.՝ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի քաղաքագիտության ֆակուլտետի մագիստրատուրան: Քաղաքագետ է:

2002-2003թթ. աշխատել է Աջափնյակ-Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի նախագահի օգնական, գրասենյակի քարտուղար: 2003-2004թթ.՝ «Կոնվերս» բանկի մարդկային ռեսուրսների կառավարիչ:

2004-2010թթ. զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ:

2006-2007թթ. աշխատել է «Սիթի FM» ռադիոկայանում: 2008թ. մասնակցել է «European Education & Research Center»-ի կազմակերպած «PR and Political Technologies» դասընթացներին: 2007-2012թթ., որպես պրոդյուսեր, տնօրեն, համագործակցել է «TV5», «Երկիր մեդիա», «Արմենիա» հեռուստաընկերությունների հետ: Եղել է մի շարք երաժշտական, քաղաքական, նախընտրական տեսահոլովակների պրոդյուսեր, ներկայացման տնօրեն: 2012-2018թթ.՝ «Արարատ» ամսագրի գլխավոր խմբագիր: 2013-2018թթ.՝ իր հիմնադրած «Ararat Media Group» ՍՊԸ («araratnews.am» կայք եւ «Արարատ» ամսագիր) գլխավոր խմբագիր:

2011 թվականին «Բարեւ Երեւան» դաշինքի ցուցակով մասնակցել է Երեւանի ավագանու ընտրություններին: 2013թ. տրանսպորտի թանկացման դեմ ուղղված «Car free» քաղաքացիական ակցիայի կազմակերպիչներից է:

2013-2015թթ. եղել է «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման կառավարման խորհրդի հիմնադիր անդամ: 2015թ. ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության հիմնադիր անդամ, 2016թ.՝ վերընտրվել: 2015-2016թթ.՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խոսնակ:

2017-2018թթ.՝ Երեւանի ավագանու անդամ («Ելք» դաշինք):

2018-2019թթ.՝ ԱԺ պատգամավոր (թիվ 4 ընտրատարածք, «Ելք» կուսակցությունների դաշինք): ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Ելք» խմբակցության անդամ:

2019-2021թթ.՝ ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք, թիվ 4 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակ): ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ: ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ: «Իմ քայլը» խմբակցության անդամ:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

2021թ. օգոստոսի 2-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ:

Ալեն Սիմոնյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահին

Ալեն Սիմոնյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահին

Նախագահի լիազորություններն իրականացնող Ալեն Սիմոնյանը փետրվարի 24-ին ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Մարինա Կալյուրանդի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում է նախագահի կայքը։ «Ողջունելով հյուրերին՝ Ալեն Սիմոնյանը երախտագիտություն է հայտնել Մարինա Կալյուրանդին և Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչևին, Ադրբեջանի հարցերով մշտական զեկուցող Ժելյանա Զովկոյին` անաչառ դիրքորոշման ու Հարավային Կովկասում ճգնաժամերը խաղաղ ճանապարհով լուծելուն միտված շարունակական ջանքերի համար։ Նախագահի պաշտոնակատարը վերահաստատել է, որ Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության ու ԵՄ անդամ երկրների միջև գործընկերային հարաբերությունների խորացումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է։ Կողմերն անդրադարձել են տարածաշրջանի խաղաղության և անվտանգության հիմնահարցերին՝ կարևորելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի շարունակականությունը։ Այս համատեքստում շեշտվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների ամբողջական իրականացումը, ինչպես նաև ադրբեջանական կողմից վերջիններիս խախտումների հետևանքների վերացումը, այդ թվում՝ հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների վերադարձը, հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանումը, Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինուժի դուրսբերումը։ Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև Երևանում օրերս կայացած ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի երկրորդ նիստի և «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի ու մշտական հանձնաժողովների նիստերի շուրջ»,- նշված է կայքում։
16:33 - 24 փետրվարի, 2022
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ Ժոզե Ավելինու Բետանկուրին

Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ Ժոզե Ավելինու Բետանկուրին

ՀՀ նախագահի լիազորություններն իրականացնող Ալեն Սիմոնյանը փետրվարի 24-ին ընդունել է Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ արքեպիսկոպոս Ժոզե Ավելինու Բետանկուրին։ Այս մասին տեղեկացնում է նախագահի մամուլի ծառայությունը: Ողջույնների փոխանակումից հետո զրույց է ծավալվել Հայաստան-Սուրբ Աթոռ դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի շուրջ՝ վերահաստատելով Սուրբ Աթոռի հետ միջպետական հարաբերություններն առավել խորացնելու Հայաստանի շահագրգռվածությունն ու հանձնառությունը: Ալեն Սիմոնյանը նշել է, որ 30-ամյա դիվանագիտական հարաբերությունները հիմնված են ընդհանուր պատմական և հոգևոր ժառանգության վրա: Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ գերպայծառ Ժոզե Ավելինու Բետանկուրն այս առիթով նկատել է, որ դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակն է, բայց մեր ժողովուրդների բարեկամությունն ավելի քան 2000 տարվա պատմություն ունի։ Նախագահի պաշտոնակատարն արժևորել է Երևանում առաքելական նվիրակություն հիմնելու՝ Սուրբ Աթոռի որոշումը, ինչը փաստում է Հայաստան-Սուրբ Աթոռ միջպետական կապերին ու մեր տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին տրվող առաջնահերթությունը։ Այս համատեքստում կարևորվել են 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած շրջաններում հայկական հոգևոր ու պատմամշակութային կոթողների պաշտպանությունը, պահպանումն ու վերականգնման աշխատանքները: 
15:41 - 24 փետրվարի, 2022
Ալեն Սիմոնյանն ընդունել է Արցախյան երեք պատերազմների մի խումբ մասնակիցների

Ալեն Սիմոնյանն ընդունել է Արցախյան երեք պատերազմների մի խումբ մասնակիցների

ՀՀ նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանը փետրվարի 23-ին ընդունել է Զինվորի տանը և Հանրապետական վերականգնողական կենտրոնում վերականգնողական բուժում ստացող Արցախյան երեք պատերազմների մասնակիցներին։ Հանդիպմանը պատերազմի մասնակիցներն Ալեն Սիմոնյանին պատմել են վերականգնողական կենտրոններում անցնող իրենց առօրյայից՝ նշելով, որ բուժում ստանալուն զուգահեռ նաև համապատասխան մասնագիտություններ են ձեռք բերել։ Նրանք մանրամասներ են ներկայացրել հետպատերազմյան կյանքին ինտեգրվելու փորձառությունից։ Զրույցի ընթացքում շեշտադրվել են ապագային միտված ծրագրերն ու նախաձեռնությունները։ Նախկին զինծառայողներն Ալեն Սիմոնյանին տեղեկացրել են իրենց կյանքի որակի բարելավմանն առնչվող որոշ խնդիրների և խոչընդոտների մասին։ Նախագահի պաշտոնակատարն աշխատակազմին հանձնարարել է ուսումնասիրել և լուծումներ տալ բարձրացված հարցերին։ Հանդիպման ավարտին Ալեն Սիմոնյանն ընդունել է ստեղծագործող տղաների հրավերը՝ մասնակցելու պատերազմին նվիրված և դրան հաջորդող՝ քաղաքացիական կյանքին վերաբերող միջոցառումներին և այդ մասին պատմող գրքի շնորհանդեսին։
15:31 - 23 փետրվարի, 2022
Արայիկ Հարությունյանն ազատվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի պաշտոնից

Արայիկ Հարությունյանն ազատվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի պաշտոնից

Հայաստանի Հանրապետության նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանը հրամանագիր է ստորագրել, որով Արայիկ Հարությունյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Արայիկ Հարությունյանին ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից»,- նշված է հրամանագրի մեջ:
21:53 - 18 փետրվարի, 2022
Ալեն Սիմոնյանն ազատել է ԶՈՒ թիկունքի պետ-վարչության պետին և նոր նշանակում կատարել

Ալեն Սիմոնյանն ազատել է ԶՈՒ թիկունքի պետ-վարչության պետին և նոր նշանակում կատարել

Հայաստանի Հանրապետության նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանը հրամանագիր է ստորագրել Ռոմիկ Մարգարյանին Հայաստանի Հանրապետության  ԶՈՒ թիկունքի պետ-վարչության պետի պաշտոնից ազատելու մասին: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի. Ռոմիկ Մարգարյանին ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի թիկունքի պետ-վարչության պետի պաշտոնից»,- ասված է հրամանագրի տեքստում: Մեկ այլ հրամանագրով Արամ Պողոսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության  ԶՈՒ թիկունքի պետ-վարչության պետ: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Արամ Պողոսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի թիկունքի պետ-վարչության պետ»,- նշված է հրամանագրում:
21:36 - 18 փետրվարի, 2022
ՀՀ նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանը ստորագրել է մի շարք օրենքներ

ՀՀ նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Հայաստանի Հանրապետության նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանը փետրվարի 15-ին ստորագրել է մի շարք օրենքներ։ Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։ Ըստ հաղորդագրության՝ Սիմոնյանը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին, «Սնանկության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթները:
18:25 - 15 փետրվարի, 2022
ԱՄՆ-ը ՀՀ անկախացումից ի վեր մեր հաստատուն գործընկերն ու բարեկամն է. Ալեն Սիմոնյանն ընդունել է Լին Թրեյսիին

ԱՄՆ-ը ՀՀ անկախացումից ի վեր մեր հաստատուն գործընկերն ու բարեկամն է. Ալեն Սիմոնյանն ընդունել է Լին Թրեյսիին

Փետրվարի 15-ին ՀՀ նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին։ Հանդիպման սկզբում զրուցակիցները միմյանց շնորհավորել են Հայաստան-ԱՄՆ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ։ ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնուևթյան և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Ալեն Սիմոնյանը շեշտել է՝ Միացյալ Նահանգները Հայաստանի Հանրապետության անկախացումից ի վեր մեր երկրի հաստատուն գործընկերն ու բարեկամն է: Կողմերն անդրադարձել են Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության՝ հունվարին Վաշինգտոն կատարած աշխատանքային այցին։ Ալեն Սիմոնյանը, կարևորելով այցը, անդրադարձել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ հանդիպմանը։ Նա դեսպանին մանրամասներ է ներկայացրել աշխատանքային այցից՝ ընդգծելով ԱՄՆ գործընկերների հետ մի շարք հանդիպումների արդյունավետությունն ու շարունակական ծրագրեր մշակելու պատրաստակամությունը։ Մտքեր են փոխանակվել Հայաստան-ԱՄՆ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի շրջանակում համատեղ նախագծերի կյանքի կոչման շուրջ։ 
13:03 - 15 փետրվարի, 2022
Ալեն Սիմոնյանի խորհրդականը` ԿԲ խորհրդի անդամի թեկնածու |hetq.am|

Ալեն Սիմոնյանի խորհրդականը` ԿԲ խորհրդի անդամի թեկնածու |hetq.am|

hetq.am: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Կենտրոնական բանկի խորհրդի անդամի թափուր պաշտոնի համար առաջադրել է Ալեն Սիմոնյանի խորհրդական Լևոն Սահակյանի թեկնածությունը: Սահակյանի թեկնածությունը ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը: Լևոն Սահակյանը տնտեսագիտական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան ունի, դոցենտ է: 2019 թվականից աշխատում է խորհրդարանում` նախ որպես պատգամավորի օգնական, ապա աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ, այժմ ԱԺ նախագահի խորհրդականն է: Սահակյանը շնորհակալություն հայտնեց ՔՊ-ին` իր թեկնածությունն առաջադրելու համար` համոզմումք հայտնելով, որ մասնագիտական փորձառությունը կարող է լավագույնս իրացնել ԿԲ խորհրդի անդամի պաշտոնում: Սահակյանի թեկնածությունը ստացավ հանձնաժողովի դրական եզրակացությունը:
16:11 - 14 փետրվարի, 2022
Ալեն Սիմոնյանն ընդունել է արվեստի և մշակույթի մի խումբ գործիչների

Ալեն Սիմոնյանն ընդունել է արվեստի և մշակույթի մի խումբ գործիչների

Հայաստանի Հանրապետության նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստներ Ռուբեն Մաթևոսյանին, Ռոբերտ Ամիրխանյանին, Նարա Շլեպչյանին, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Հայաստանի ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանին, ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանին, ՀՀ վաստակավոր արտիստ Էվելինա Շահիրյանին և ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանին. տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: Ողջունելով հյուրերին՝ Ալեն Սիմոնյանը նշել է, որ մեծ պատիվ է նրանց հյուրընկալելը և շեշտել վերջիններիս անգնահատելի վաստակը հայ մշակույթի զարգացման և հարստացման գործում։ Հանդիսավոր ընդունելությանը քննարկվել են մշակույթին, արվեստի տարբեր ճյուղերին առնչվող հարցեր։ Հայ մշակույթի վետերանները կարևորել են արվեստի հանդեպ պետական հոգածությունը և համաշխարհային տարբեր հարթակներում հայ մշակույթը լավագույնս ներկայացնելու անհրաժեշտությունը։ Հանդիպման ավարտին Կոմպոզիտորների միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանը ներկաների խնդրանքով կատարել է իր հանրահայտ ստեղծագործություններից։
17:53 - 10 փետրվարի, 2022
Նախագահականի կողմնակից եմ, բայց պատերազմից հետո տեղի ունեցած իրադարձությունները օրինակ են, որ խորհրդարանականը դրական դեր խաղաց․ Ալեն Սիմնոնյան |parliamentmonitoring.am|

Նախագահականի կողմնակից եմ, բայց պատերազմից հետո տեղի ունեցած իրադարձությունները օրինակ են, որ խորհրդարանականը դրական դեր խաղաց․ Ալեն Սիմնոնյան |parliamentmonitoring.am|

Լուսանկարը՝ ԱԺ կայքից parliamentmonitoring.am։ ԱԺ նախագահ, ՀՀ նախագահի պաշտոնակատար Ալեն Սիմոնյանը պատասխանել է parliamentmonitoring.am-ի հարցերին։ Հարցազրույցն ամբողջությամբ՝ ստորև․ -Պարո՛ն Սիմոնյան, փետրվարի 1-ից ստանձնել եք ՀՀ նախագահի լիազորությունները․ որտե՞ղ եք Ձեզ ավելի հարմարավետ զգում՝ Ազգային ժողովո՞ւմ, թե՞ Բաղրամյան 26-ում: -Օրերն եմ հաշվում, թե երբ եմ վերադառնալու խորհրդարան, որովհետև ինձ այնտեղ ավելի շատ եմ տեսնում այս փուլում:  -Հնարավո՞ր է՝ Դուք էլ հասցրիք բախվել ՀՀ նախագահի սահմանափակ լիազորությունների խնդրին, ինչի մասին իր հրաժարականի հայտարարությունում հիշատակել էր Արմեն Սարգսյանը: -Մենք ընդդիմադիր գործիչներ ենք եղել և ընդհանրապես լիազորություն չենք ունեցել։ Մեր գործունեությամբ գործող իշխանություններին պարտադրել ենք տարբեր իրավիճակներ, լուծումներ։ Այո, երկար ժամանակ չէ, որ կատարում եմ Նախագահի լիազորությունները, բայց վստահ եմ, որ շատ ու շատ անելիքներ կան: -Կարծում եք՝ Արմեն Սարգսյանի հրաժարականի պատճառը Սահմանադրության բացե՞րը չէին:  -Ես չեմ բացառում, որ Սահմանադրության մեջ բացեր կան, բայց, միաժամանակ, գործ անելու համար բավարար հիմքեր կան: Ի վերջո, նախագահի աշխատակազմում 100-ից ավելի աշխատակից կա:  -Կարծում եք՝ կրճատելու անհրաժեշտությո՞ւն կա: -Ես չեմ ուզում ինձ վրա այդ պատասխանատվությունը վերցնել, որովհետև շատ կարճ ժամանակ է անցել, բայց վստահ եմ, որ եթե դու 100 հոգանոց անձնակազմ ունես, դու, իրոք, անելիք ունես և կարող ես օրդ լցնել օգտակար գործողություններով:  -Ձեր՝ նախագահի լիազորություններն ստանձնելուց հետո նախագահականից հեռացավ Արմեն Գիչյանը, որը Արմեն Սարգսյանի խորհրդականն էր, դրանից առաջ էլ Նախագահի աշխատակազմի արարողակարգի վարչության պետն էր: Նա հեռացավ, որովհետև չուզե՞ց աշխատել Ձեզ հետ, թե՞ Դուք չուզեցիք աշխատել նախկինների թիմակից պրոֆեսիոնալի հետ: -Իմ խնդրանքով է Արմեն Գիչյանը հեռացել: Ես չգիտեմ՝ ինքը պատրաստ էր աշխատել, թե ոչ, բայց ես խնդրել եմ իրեն հեռանալ:  -Դուք Գիչյանին խնդրեցիք հեռանալ, որովհետև ինքը ձեր թիմի՞ց չէր: Վստահության խնդի՞ր կար: -Ո՛չ։ Մենք քննարկել ենք պատճառը, և պատճառը բոլորովին դա չէր: Գտնում եմ՝ ճիշտ չէ բարձրաձայնելը: Առաջին օրը եղած մի իրադարձության հետ է կապված: -ԱԺ-ում Ձեր օգնական Դավիթ Առաքելյանն էլ նշանակվեց Նախագահի աշխատակազմի ղեկավար, բայց մեկ ամիս անց Դուք թողնելու եք Նախագահի պաշտոնը: Ստացվում է, որ այս մեկ ամսում չեք վստահում այն թիմին, որն աշխատում էր Արմեն Սարգսյանի հետ:  -Այո՛, և Դավիթ Առաքելյանն ինձ հետ վերադառնալու է Ազգային ժողով: Ես մեծ մասամբ այստեղ ոչ մեկին չեմ ճանաչում, և, բնական է, պետք է կարողանամ վերահսկել 100-ից ավելի աշխատակից ունեցող անձնակազմին, պետք է տեղեկացված լինեմ ամեն ինչից։ Այստեղ ինձ կօգնի իմ օգնականը, և լիազորությունների ավարտից հետո ինձ հետ կվերադառնա ԱԺ: Միաժամանակ, ես առաջին օրը հայտարարել եմ, որ այս ժամանակահատվածում շատ քիչ տեղաշարժեր պետք է ինձ թույլ տամ, որպեսզի նոր ընտրված Նախագահն ինքը որոշի, թե ինչ գործողություններ անի: -Ընդդիմությունը հայտարարել է, որ որևէ ձևով չի մասնակցելու Նախագահի ընտրությանը, մինչդեռ ՀՀԿ-ի ժամանակ Արմեն Սարգսյանը նախագահ ընտրվեց մի քանի խմբակցությունների կողմից, բոլոր ուժերն էլ մասնակցեցին հարցի քննարկմանը: Այսինքն, հիմա ունենալու ենք նախագահ՝ ընտրված միայն իշխող «Քաղաքացիական պայմանագրի» կողմից: Սա չի՞ նվազեցնի վստահության աստիճանը Ձեր թեկնածուի նկատմամբ:  -Ճիշտ հակառակը, այսօր մենք գործող ընդդիմություն չունենք: Խորհրդարանում ունենք երկու խմբակցություն, որոնք չունեն օրակարգ, չունեն ասելիք, որոնք իրենք իրենց մեջ հաշտ չեն: Ես դա ասում եմ որպես խորհրդարանական: Երկու թեկնածու ենք տեսել ընդդիմության կողմից, մեկը Վազգեն Մանուկյանն էր, և հարց է ծագում՝ իսկ ո՞ւր է հիմա Վազգեն Մանուկյանը: Եվ երկրորդ թեկնածուն իրեն թույլ էր տվել ոգելից խմիչք օգտագործած գալ Ազգային ժողով և մասնակցել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի հանձնաժողովի նիստին ու այնտեղ սկանդալ հրահրել(նկատի ունի Ռուբիկ Հակոբյանին): Սա է ընդդիմության թեկնածուների շրջանակը: Ինչ վերաբերում է մեկ ուժի կողմից ընտրված լինելուն, իսկ ո՞վ է ասում, որ պետք է բոլորը քվեարկեն: Ընդհակառակը, օրենքն ասում է ավելի վատ բան, որ ինչ-որ փուլում կարող է Նախագահն ընտրվել նույնիսկ 54 ձայնով: Այսինքն, քվեարկությունը տեղի է ունենում այնքան ժամանակ,և պահանջն այնքան է իջնում, մինչև Նախագահն ընտրվի, և նա կարող է ընտրվել անգամ 4 ձայնով: Դա խորհրդարանական ընդդիմության գրած օրենքն է:  -Օրերս սահմանադրական բարեփոխումների խորհուրդն առաջին նիստն արեց, բայց տպավորություն է, որ չկա հստակ որոշում, թե ինչ է լինելու․ փոխվելո՞ւ է կառավարման համակարգը, թե՞ ոչ: Դուք անձամբ ի՞նչ տեսակետ ունեք:  -Չկա լավագույն մոդելի ձևաչափ և միանշանակ վերաբերմունք: Կան նախագահական երկրներ, որոնք ձախողվում են, և կան նախագահական երկրներ, որոնք հաջողում են: Նույն տրամաբանությամբ, կան խորհրդարանական երկրներ, որոնք հաջողում են, և կան, որոնք ձախողվում են: Դրանց օրինակները բազմաթիվ են: Ես անձամբ շատ եմ սիրում նախագահական կառավարման ձևը, բայց մեր տարածաշրջանի իրադարձությունները խորհրդարանական երկրի պարագայում այլ դրական արտահայտումներ ունեցան: Օրինակ, պատերազմից հետո, նոյեմբերի 10-ից սկսած, տեղի ունեցան տարբեր իրադարձություններ, և մենք տեսանք, որ ստաբիլության և կարմիր գծերը չհատելու գործում խորհրդարանական կառավարման ձևն իր դրական դերը խաղաց: Այդ նույն նեգատիվը, այդ նույն հարցադրումները տարածվեցին ամբողջ կառավարման համակարգի վրա, ամբողջ համակարգը այդ հարվածն իր վրա վերցրեց ու դիմակայեց: Ես չգիտեմ, թե ինչ կլիներ, եթե մենք լինեինք նախագահական երկիր, ու այդ ամբողջն ուղղվեր մեկ ուղղությամբ: Ինքս նախագահականի կողմնակից եմ, բայց սա օրինակ է, որ խորհրդարանականը դրական դեր խաղաց: Շարունակությունը՝ parliamentmonitoring.am-ում
11:43 - 09 փետրվարի, 2022
ՀՀ նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանը ստորագրել է մի շարք օրենքներ

ՀՀ նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Հանրապետության նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանը փետրվարի 8-ին ստորագրել է՝ «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին, «Լիցենզավորման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքները, «Գնումների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն-ներ կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին և «Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին, Անկանխիկ գործառնությունների մասին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին, «Արժութային կարգավորման և արժութային վերահuկողության մաuին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին, «Նոտարիատի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքների փաթեթները։
17:50 - 08 փետրվարի, 2022
Ալեն Սիմոնյանը ցավակցական հեռագիր է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանի մահվան կապակցությամբ

Ալեն Սիմոնյանը ցավակցական հեռագիր է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանի մահվան կապակցությամբ

 Հանրապետության նախագահի լիազորությունները իրականացնող Ալեն Սիմոնյանը ցավակցական հեռագիր է հղել Գրիգորյանների ընտանիքին` Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի մահվան կապակցությամբ: Հեռագրում նշված է. «Խոր ցավով տեղեկացա Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, տաղանդավոր կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի անժամանակ մահվան մասին։ Հայ մշակույթը և երաժշտասեր հասարակությունը մեծ կորուստ ունեն. կյանքից հեռացել է ժամանակակից հայ երաժշտարվեստի լավագույն ներկայացուցիչներից մեկը, ով անկրկնելի ավանդ ունի բազում տաղանդների բացահայտման, դաստիարակման և կայացման գործում։ Ցավակցում եմ սիրված արվեստագետի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին և արվեստի բազմաթիվ երկրպագուներին»: 
20:16 - 04 փետրվարի, 2022
Ալեն Սիմոնյանի այցն աննախադեպ էր ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահից ստացած անմիջական հրավերի առումով․ ԱԺ նախագահի մամուլի խոսնակի պարզաբանումը

Ալեն Սիմոնյանի այցն աննախադեպ էր ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահից ստացած անմիջական հրավերի առումով․ ԱԺ նախագահի մամուլի խոսնակի պարզաբանումը

Infocom-ի խմբագրությունը ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանից պարզաբանում է ստացել Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Ալեն Սիմոնյանի՝ ԱՄՆ այցի ու Նենսի Փելոսիի հետ հանդիպման մասին խոսքի վերաբերյալ, որում հնչած պնդումները ստուգել էր մեր փաստերի ստուգման թիմը։ Խոսնակի պարզաբանումն առանց խմբագրման ներկայացնում ենք ստորև․«Պարզաբանում «Ալեն Սիմոնյանի այցն ԱՄՆ այնքան էլ աննախադեպ չէ․ ԱԺ նախագահները նախկինում էլ հանդիպել են Ներկայացուցիչների պալատի խոսնակին» նյութի վերաբերյալ Infocom.am կայքի հարգելի խմբագրակազմ, փետրվարի 3-ին ձեր կայքում հրապարակված «Ալեն Սիմոնյանի այցն ԱՄՆ այնքան էլ աննախադեպ չէ․ ԱԺ նախագահները նախկինում էլ հանդիպել են Ներկայացուցիչների պալատի խոսնակին» նյութի վերաբերյալ հայտնում եմ, որ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ԱՄՆ այցի ու Նենսի Փելոսիի հետ հանդիպման մասին Ալեն Սիմոնյանի խոսքը տարընթերցումների առիթ է հանդիսացել, ինչի հիման վրա էլ կայքի վերոնշյալ հրապարակումն է արվել։ Հանրապետության նախագահի պաշտոնակատար Ալեն Սիմոնյանը ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում Միացյալ Նահանգներ է մեկնել Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հրավերով և նրա հետ ունեցել աշխատանքային հանդիպում։ Հաղորդման ժամանակ Ալեն Սիմոնյանն այցի աննախադեպությունն այդ իմաստով է շեշտել, այսինքն՝ այն աննախադեպ էր ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահի կողմից ստացած անմիջական հրավերի առումով, ինչը լրագրողի հիշատակած ԱԺ մյուս նախագահների պարագայում չի եղել»։ Հավելենք, որ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ Ալեն Սիմոնյանն ասել էր․ «Ես չեմ ուզում ասել, որ դա իմ առավելությունն է, բայց, օրինակ, վերջին այցն Ամերիկայի Միացյալ Նահանգներ աննախադեպ այց էր։ Աննախադեպ էր իր մակարդակի առումով, որովհետև նման բարձրաստիճան պաշտոնյայի հետ Հայաստանի Հանրապետության համարժեք պաշտոնյայի հանդիպում եղել էր երևի 30 տարի առաջ՝ անկախության օրերին, և դրանից հետո նման այցելություն և նման հանդիպումներ չեն եղել»։
12:40 - 04 փետրվարի, 2022
Ալեն Սիմոնյանի այցն ԱՄՆ այնքան էլ աննախադեպ չէ․ ԱԺ նախագահները նախկինում էլ հանդիպել են Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Ալեն Սիմոնյանի այցն ԱՄՆ այնքան էլ աննախադեպ չէ․ ԱԺ նախագահները նախկինում էլ հանդիպել են Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Հունվարի 20-ի  Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպեց ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին։ Երկու օր առաջ՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ, անդրադառնալով ԱՄՆ այցին ու Նենսի Փելոսիի հետ հանդիպմանը, Ալեն Սիմոնյանն ասաց․ «Ես չեմ ուզում ասել, որ դա իմ առավելությունն է, բայց, օրինակ, վերջին այցն Ամերիկայի Միացյալ Նահանգներ աննախադեպ այց էր։ Աննախադեպ էր իր մակարդակի առումով, որովհետև նման բարձրաստիճան պաշտոնյայի հետ Հայաստանի Հանրապետության համարժեք պաշտոնյայի հանդիպում եղել էր երևի 30 տարի առաջ՝ անկախության օրերին, և դրանից հետո նման այցելություն և նման հանդիպումներ չեն եղել»։ Ալեն Սիմոնյանը, սակայն, սխալվում է․ վերջին 30 տարիների ընթացքում Ներկայացուցիչների պալատի խոսնակի հետ հանդիպումներ ՀՀ ԱԺ նախագահներն ունեցել են։ Դեռևս 2005 թ․ սեպտեմբերին ԱԺ այն ժամանակվա նախագահ Արթուր Բաղդասարյանը Միացյալ Նահանգներ է մեկնել Խորհրդարանների նախագահների համաշխարհային գագաթաժողովին մասնակցելու և ԱՄՆ-ի  օրենսդիր ու գործադիր իշխանությունների ներկայացուցիչների հետ հանդիպելու նպատակով։ Այցի ընթացքում Արթուր Բաղդասարյանը հանդիպել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Դենիս Հաստերտի, Կոնգրեսի Դեմոկրատական խմբակցության ղեկավար Նենսի Փելոսիի (այժմ՝ Ներկայացուցիչների պալատի խոսնակ)  և այլ պաշտոնյաների հետ։ 2019-ի հուլիսին ԱԺ նախկին նախագահ, այժմ՝ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Վաշինգտոնում ընթացող Առաջնորդների ֆորումի շրջանակներում հանդիպել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ: Այսպիսով, Ալեն Սիմոնյանի՝ ԱՄՆ այցն ու հանդիպումը Փելոսիի հետ աննախադեպ չեն․ դեռևս 2005-ին ՀՀ ԱԺ այն ժամանակվա նախագահ Արթուր Բաղդասարյանը հանդիպել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Դենիս Հաստերտին, իսկ 2019-ին ԱԺ նախորդ նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին:Այս հրապարակումից հետո Infocom-ի խմբագրությունը ստացել է ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանի պարզաբանումը Ալեն Սիմոնյանի խոսքի վերաբերյալ, համաձայն որի՝  Ալեն Սիմոնյանն այցի աննախադեպությունը շեշտել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահից ստացած անմիջական հրավերի առումով, ինչը ԱԺ մյուս նախագահների պարագայում չի եղել։ Գլխավոր լուսանկարում՝ Ալեն Սիմոնյանն ու Նենսի Փելոսին Աննա Սահակյան  
19:10 - 03 փետրվարի, 2022