Կորոնավիրուս

Ընդլայնվել են ստացված կորոնավիրուսի կանխարգելման և հաղթահարմանն ուղղված միջոցների օգտագործման ուղղությունները

Ընդլայնվել են ստացված կորոնավիրուսի կանխարգելման և հաղթահարմանն ուղղված միջոցների օգտագործման ուղղությունները

ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արդեն իսկ հրապարակվել էր, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը բացել է գանձապետական հաշիվ` կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման և հաղթահարմանն ուղղված միջոցառումներին աջակցելու նպատակով։ Ցանկանում եմ տեղեկացնել, որ ընդառաջ գնալով քաղաքացիներից և կազմակերպություններից ստացվող բազմաթիվ առաջարկություններին՝ ընդլայնվել են ստացված միջոցների օգտագործման ուղղությունները՝ ներառելով. առողջապահական կարիքների համար՝ բժշկական անձնակազմի խրախուսում, բժշկական պարագաների և սարքավորումների ձեռք բերում, բժշկական կենտրոնների շենքային պայմանների բարելավում, սոցիալական կարիքների համար՝ Բնակչության սոցիալապես անապահով, տեղաշարժման դժվարություններ ունեցող, ռիսկի խմբում գտնվող անձանց (ընտանիքներին) մթերքով, անհատական պաշտպանության և առաջին անհրաժեշտության այլ պարագաներով ապահովում, Օժանդակող կամավոր խմբերին անհրաժեշտ պարագաներով ապահովում և աշխատանքների կազմակերպում, Տրանսպորտային փոխադրումների կազմակերպում: Պահպանելով հաշվետու և թափանցիկ կառավարման սկզբունքները՝ պարբերաբար հանրությունը կտեղեկացվի ստացված միջոցների ծավալի և դրանց օգտագործման ուղղությունների վերաբերյալ: Խնդրում ենք փոխանցում կատարելիս նշել նպատակը՝ «Աջակցություն կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարին» և ցանկության դեպքում նաև նշել այն ուղղությունը, որով ցանկանում եք, որ Ձեր միջոցները օգտագործվեն: Ստացող՝ Կենտրոնական գանձապետարանԳանձապետական հաշվի համարն է՝ 900005001947»
15:45 - 19 մարտի, 2020
Ջրային կոմիտեում հանձնարարվել է տարեց, հղի եւ քրոնիկ հիվանդություններ ունեցողների աշխատանքը կազմակերպել հեռավար կարգով

Ջրային կոմիտեում հանձնարարվել է տարեց, հղի եւ քրոնիկ հիվանդություններ ունեցողների աշխատանքը կազմակերպել հեռավար կարգով

Այսօր Ջրային կոմիտեում խորհրդակցություն է անցկացվել, որի ընթացքում ստորաբաժանումների ղեկավարները Կոմիտեի նախագահին զեկուցել են կորոնավիրուսի կանխարգելիչ միջոցառումների նպատակով իրականացվող աշխատանքների, ՀՀ վարչապետի եւ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի հանձնարարականների եւ դրանից բխող գործողությունների կատարման ընթացքի, ինչպես նաեւ, իրավիճակով պայմանավորված՝ առաջացած հարցերի մասին: Այս մասին հայտնում են Ջրային կոմիտեից։ Կոմիտեի նախագահին ներկայացվել է ոռոգման եւ խմելու ջրի համակարգերի ընկերություններում գործող հանձնաժողովների աշխատանքը, խոսվել է արտահերթ նիստերի անցկացման մասին, որտեղ քննարկվել են ՀՀ վարչապետի հանձնարարականով «Երկրի մակարդակով կորոնավիրուսային վարակի (COVID-19) պայմանավորված արտակարգ իրավիճակների արձագանքման պլան»-ից բխող կազմակերպչական հարցեր։ Վարակազերծող լուծույթների մեծ պահանջարկով պայմանավորված, Կոմիտեում քննարկվել է փոխօգնության կարգով «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ից հեղուկ քլորի որոշակի քանակության տրամադրման հարցը։ Խորհրդակցության ընթացքում հանձնարարվել է համակարգի կազմակերպություններին՝ ջրօգտագործողների ընկերություններին, «Ջրառ», «Մելիորացիա» եւ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ներին, սահմանված ընթացակարգով, տարեցների, հղի կանանց եւ քրոնիկ հիվանդություններ ունեցող աշխատակիցների աշխատանքը կազմակերպել հեռահար կարգով։ Քննարկվել է նաեւ Կոմիտեի աշխատակազմի աշխատանքը հեռահար կազմակերպելու հնարավորությունը։ Որոշվել է կառույցին սպասարկող տրանսպորտային պարկից առանձնացնել փոխադրամիջոցներ՝ աշխատակիցներին տեղափոխելու նպատակով։ Մասնակիցներին կրկին հորդորվել է՝ վարքականոնների իմացության եւ իրազեկման նպատակով օգտվել Առողջապահության նախարարության հրահանգներից, որպեսզի առավել արդյունավետ ու օպերատիվ կազմակերպվեն կորոնավիրուսային վարակի (COVID-19) դեմ պայքարով պայմանավորված միջոցառումները: Հանձնարարվել է համակարգի կազմակերպություններին՝ խիստ վերահսկողություն սահմանել անձնակազմի առողջական վիճակի եւ աշխատավայրում սանիտարահիգիենիկ նորմերի պահպանման ուղղությամբ։ Կոմիտեի նախագահը նշել է, որ չեղարկվում են արտերկրյա բոլոր գործուղումներն ու միջոցառումները, իսկ ներքինները պետք է իրականացվեն միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Խորհրդակցության ընթացքում Կարեն Սարգսյանն անդրադարձել է նաեւ Կոմիտեի գործունեությանն առնչվող մի շարք այլ հարցերի, նոր հանձնարարականներ տվել:
15:37 - 19 մարտի, 2020
Հաշվի առնելով զարգացումները՝ կունենանք առանձին հիվանդանոց-հիվանդանոցներ, որոնք կսպասարկեն միայն կորոնավիրուսով պացիենտներին․ Արսեն Թորոսյան

Հաշվի առնելով զարգացումները՝ կունենանք առանձին հիվանդանոց-հիվանդանոցներ, որոնք կսպասարկեն միայն կորոնավիրուսով պացիենտներին․ Արսեն Թորոսյան

Կորոնավիրուսով վարակվելու նոր 7 դեպքերը կապված են արտադրամասում եղած օջախի հետ, ի սկզբանե մեր տեսադաշտում են եղել։ Կառավարությունում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Նա նկատեց, որ սա, իհարկե, վիճակը լավացնում է, բայց ոչ ամբողջությամբ, որովհետեւ սպասում են, որ արտադրամասից ախտորոշված պացիենտների թիվը շատանալու է՝ կապված դրա մեծության եւ աշխատանքների կազմակերպման բնույթի հետ․ «Որեւէ լուրջ խնդիր ունեցող պացիենտ չունենք։ Հիմնականում չեն ջերմում, շատ փոքր մասը՝ մոտ 40 տոկոսը, 37-38-ի միջակայքում է ջերմում, մի քանիսը՝ 38-39-ի միջակայքում, 39-ից բարձր ջերմություն չունենք։ Ռիսկի տարիքային գոտում գտնվող մեր մի քանի պացիենտներին վտանգ չի սպառնում։ Իսկ Իտալիայում, դժբախտաբար, մահվան մեծ թվեր ունի, սպասում ենք, որ նույնիսկ այդ թվերը կանցնեն Չինաստանի թվերին։ Նայելով բաշխվածքին՝ տեսնում ենք, որ հիմնականում մահերի կտրուկ աճը սկսում է 75 տարեկանից, եւ մահերի միջին տարիքը 79,4 տարեկան է, որոնց մեծ մասը տղամարդիկ են՝ 72 տոկոսը։ Դրա պատճառը տղամարդկանց կենսաձեւն է, եւ կողքից եղած հիվանդությունների մեծ թիվը։ Ուզում եմ հատուկ շեշտել վնասակար սովորությունների եւ կողքից եղած հիվանդությունների դերը․ եթե Իտալիայում ունենային այնպիսի հանրություն, որտեղ սրտի իշեմիկ, թոքերի հիվանդությունները քիչ լինեին, ավելի քիչ թվով մահացություններ կլինեին։ Մահերի թիվը կապված է լինելու բնակչության առողջական վիճակի հետ»։ Նախարարը հայտնեց, որ Իտալիայից ժամանաց մեր քաղաքացիներից գրեթե բոլորը իրենց շատ լավ են զգում։ Միայն երեկ մի պացիենտի մոտ ունեցել են ջերմության բարձրացում, տեղափոխել են հիվանդանոց, կթեստավորեն։ Մնացած բոլորին թեստավորելու են միայն կարանտինային ժամկետը լրանալուց հետո, որովհետեւ նրանք փաստացի առողջ մարդիկ են․ «Նույնիսկ եթե նրանց մոտ վիրուսն առկա է, 14-րդ օրվա վերջում այն օրգանիզմից դուրս գալով մեզ հնարավորություն կտա միանգամից բացասական պատասխան ստանալ, հիմա թեստավորելու իմաստ չկա։ Մենք դրանում համոզվեցինք, երբ մյուս օջախի հետ կապված անձանց թեստավորեցինք, առանց որեւէ նախանշանի հայտանբերվեց մոտ 18 դեպք, որոնք գումարվեցին մեր թվերին։ Մեկուսացված անձնաց թեստավեորելու իմաստ չկա, քանի դեռ գանգատ չունեն, եւ կարանտինի ժամկետը չի լրացել»։ Թորոսյանն ընդգծեց, որ կրկնակի վարակվելու հավանականությունը ոչ ոք չի կարող բացառել, հատկապես այս փուլում, երբ վիրուսը գիտական եւ բժշկական հանրության կողմից ուսումնասիրվում է դեռ նույնիսկ ոչ ամբողջական 3 ամիս, գուցե դրա մասին 2 երեք տարի հետո հնարավոր լինի խոսել․ «Եթե նույնիսկ այդպես է, մենք պետք է սովորենք այդ վիրուսի հետ ապրել կողք կողքի, ինչպես այլ վիրուսների դեպքում։ Մենք կորոնավիրուսի այս նոր տեսակի հետ անխուսափելիորեն գնում ենք համակեցության։ Մենք դրան էլ պետք է նայենք որպես հնարավոր տարբերակ, դրա համար պաշտպանման միջոցները մնում են ուժի մեջ։ Կարող ենք ենթադրել, որ ձեւավերվում է իմունիտետ, որովհետեւ եթե այդպես չլիներ,մարդիկ վերուսից չէին ազատվի։ Իմունիտետն է վիրուսին մաքրում օրգանիզմից, բայց թե այդ իմունիտետն ինչքան է տեւում, դեռ չենք կարող ասել։ Հետեւաբար պաշտպանվելու միջոցները պետք է լինեն նույնը՝ ցանկացած դեպքում։ Գալու է մի պահ, որ մենք թվերի հետեւից էլ չենք ընկելու։ Ոչ մեկը չգիտ, թե հիմա H3N2 շտամով քանիսն են վարակվել Հայաստանում»։ Նախարարի պնդմամբ՝ եթե թեստավորում են 14-րդ օրը ու ստանում են բացասական պատասխան, գրեթե 100 տոկոսով կարող են վստահ լինել, որ վիրուսը օրգանիզմում չկա։ Դրա համար նաեւ կրկնակի թեստավորում է արվում պացիենտներին, որոնց մոտ հաստատված եղել վիրուսը՝ 24 ժամ ինտերվալով․ «Այսինքն՝ արվեց, բացասական պատասխան ստացանք, սպասում ենք 24 ժամ, մի հատ էլ արեցինք, մի հատ էլ ստացանք բացասական պատասխան, ասում ենք՝ դուք չունեք էլ վիրուս, բայց չենք ասում՝ վաղը չես կարող վարակվել։ Բայց հավանականությունը, որ ինքն այլոց կվարակի, մոտ է զրոյի»։ Այս պահին էլ որեւէ հիմնավոր կասկած չկա, որ «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ի ինքնամեկուսացված աշխատակիցները վարակված են, նրանք հետազոտվել են, եւ արդյունքը բացասական է եղել։ Բայց, ըստ Թորոսյանի, եթե նույնիսկ լինի էլ, այստեղ ուրիշ տակտիկա են որդեգրելու՝ կապված հիվանդության արտահայտման աստիճանից․ «Եթե կլինի թեթեւ ձեւ, հնարավոր է ամենը տեղում կազմակերպվի՝ հաշվի առնելով նրանց աշխատանքի բնույթը, եթե լինի ծանր ձեւ, նրանք կհոսպիտալացվեն։ Վիրուսի տարածմանը զուգընթաց՝ ամբողջ աշխարհում հրաժարվում են հատուկ վայրերում կարանտինից, եւ ավելի շատ կենտրոնանում են ինքնամեկուսացման վրա։ Երկներ կան, որտեղ այդ պայմանը խախտելու դեպքում նույնիսկ պատասխանատվություն է նախատեսվում։ Դա կարվի նաեւ Հայաստանում, մենք կարծում ենք, որ եթե համաճարակաբանական ցուցումներով անձին նշանակված է ինքնամեկուսացում, ապա դրա խախտումը պետք է ունենա հետեւանքներ։ Մենք հիմա աշխատում ենք օրենքների նախագծի վրա։ Որովհետեւ վարակի տարածմանը զուգընթաց՝ մենք պետք է հասկանանք, որ սա մեկ-երկու ամսվա խնդիր չէ, եւ շփումները սահմանափակելու եւ պաշտպանիչ միջոցառումները պետք է տարածենք ժամանակի մեջ՝ նույնիսկ արտակարգ դրության ավարտից հետո»։ Նախարարն ասաց, որ, հաշվի առնելով զարգացումները, ամենայն հավանականությամբ կունենանք առանձին հիվանդանոց-հիվանդանոցներ, որոնք կսպասարկեն միայն կորոնավիրուսով պացիենտներին՝ մի պարզ պատճառով, որպեսզի հիվանդանոցների ներսում տեղի չունենա ներհիվանդանոցային վարակ՝ ինչպես շատ տեղերում։ Թորոսյանն օրինակ բերեց Իտալիայն, որտեղ հազարավոր բժիշկներ են վարակվել եւ իրենք են դարձել վարակի աղբյուր․ «Դժբախատաբար մենք էլ արդեն ունենք բուժքրոջ վարակման դեպք, բայց նրան մեկուսացրել ենք։ Հիմա չեմ ուզւոմ նշել հիվանդանոցների անուններ, բայց մարզային բկ-ներում, ամենայն հավանականությամբ, կորոնավիրուսով պացիենտներ չեն բուժվելու, նրանք բուժվելու են կենտրոնացված կարգով՝ հատուկ դրանց համար նախատեսված հիվանդանոցներում, որոնց ցանկը կհրապարակենք վերջնականացնելուց հետո»։
14:57 - 19 մարտի, 2020
Ռուսաստանից Հայաստան վերադառնալու համար օգտվել բացառապես օդային ուղիներից

Ռուսաստանից Հայաստան վերադառնալու համար օգտվել բացառապես օդային ուղիներից

ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Տեղեկացնում ենք, որ անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով շարունակում է փակ մնալ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը։ Հիշեցնում ենք, որ Վրաստանի կառավարության որոշման համաձայն՝ մարտի 18-ից սկսած բոլոր արտասահմանցիների մուտքը Վրաստան արգելված է: Հետևաբար նույնիսկ եղանակային պայմանների բարելավման և դեպի Լարս տանող ավտոճանապարհի բացման պարագայում ռուս-վրացական սահմանը հնարավորություն կունենան հատել միայն բեռնատարները և իրենց հայրենիք վերադարձող Վրաստանի և ՌԴ քաղաքացիները։ Վերին Լարսի անցակետն անժամկետ փակ է օտարերկրացիների համար։ Եվս մեկ անգամ հորդորում ենք մեր քաղաքացիներին Ռուսաստանից Հայաստան վերադառնալու համար օգտվել բացառապես օդային ուղիներից, մասնավորապես՝ մոտակա Կրասնոդար և Դոնի Ռոստով քաղաքների օդանավակայաններից»:
14:33 - 19 մարտի, 2020
Գրիպի դեմ ճապոնական  դեղամիջոցը որոշակիորեն  արդյունավետ  է նաև կորոնավիրուսի նախնական փուլի ժամանակ․ Չինաստանի առողջապահության ոլորտի պաշտոնյաներ

Գրիպի դեմ ճապոնական դեղամիջոցը որոշակիորեն արդյունավետ է նաև կորոնավիրուսի նախնական փուլի ժամանակ․ Չինաստանի առողջապահության ոլորտի պաշտոնյաներ

Չորեքշաբթի օրը ճապոնական լրատվամիջոցներում հոդված էր հրապարակվել, ըստ որի` Չինաստանի առողջապահության ոլորտի պաշտոնյաները հայտարարել են, որ  Ճապոնիայում գրիպի նոր շտամի բուժման համար օգտագործվող նոր դեղամիջոցը արդյունավետ է նաև կորոնավիրուսով հիվանդ պացիենտների բուժման համար։ Չինաստանի Գիտության ու տեխնոլոգիայի նախարարության ներկայացուցիչ Ժանգ Քսիմիմը հայտնել է, որ ֆավիպիրավիր դեղամիջոցի օգտագործումը, որը ստեղծվել է Ֆուջիֆիլմի դուստր կազմակերպության կողմից, արձանագրել է տվել ոգևորիչ արդյունք Ուհանում ու Շենժենում անցկացված փորձերի ժամանակ։ Փորձերի իրականացմանը մասնակցել է 340 հիվանդ։   «Այն շատ անվտանգ է ու արդյունավետ բուժման ընթացքում», - երեքշաբթի օրը լրագրողների հետ զրույցում ասել է Ժանգը։  Շենժենում բուժում անցնող հիվանդների մոտ միջինը 4 օր հետո թեստերը բացասական էին, եթե համեմատենք այն անձանց հետ, որոնք չեն անցել բուժումն այդ դեղամիջոցավ, ապա վերջիններիս մոտ պատասխանը բացասական էր միջինը 11 օր հետո, նշում է NHK ճապոնական հեռարձակողը։  Ի հավելումն, ֆավիպիրավիրով բուժումն անացած հիվանդների 91%-ի մոտ ռենտգենային ուսումնասիրությունները ցույց են տալիս թոքերի պատկերի բարելավում, մինչդեռ բուժումը չանցած հիվանդների մոտ այդ ցուցանիշը կազմում է 62%: "Fujifilm Toyama Chemical" կազմակերպությունը, որը 2014թ․ մշակել էր նաև «Ավիգան» անունով դեղամիջոցը, հրաժարվել է մեկնաբանություններից։ Ճապոնացի բժիշկները փորձնական կարգով օգտագործում են դեղորայքը կորոնավիրուսի թեթև ու միջին ախտանիշներ ունեցող հիվանդների բուժման համար, թեև Առողջապահության նախարարության պաշտոնյաները նշում են, որ ավիգանն արդյունավետ չէ ծանր վիճակում գտնվող հիվանդների համար։  Նույն տրամաբանությունն էր կիրառվում նաև, երբ կորոնավիրուսով ախտահարված հիվանդներին փորձում էին բուժել ՁԻԱՀ-ի ժամանակ կիրառվող լոպինավիր և ռիտոնավիր հակավիրուսային դեղամիջոցները, ավելացնում է աղբյուրը։  2016թ․՝ Գվինեա էբոլայի վարակի բռնկման ժամանակ, Ճապոնիայի կառավարությունը մատակարարել է ֆավիրապիր դեղամիջոցը։ Որպեսզի սկսի կորոնավիրուսով ախտահարված հիվանդների զանգվածային բուժումը ֆավիպիրավիրով, անհրաժեշտ է ստանալ կառավարություն թույլտվությունը, քանի որ այն ի սկզբանե նախատեսված է եղել գրիպի բուժման համար։  Առողջապահության ոլորտի ներկայացուցիչներն ասում են, որ թույլտվությունը հնարավոր է ստանալ մայիսին, սակայն եթե կլինիկական փորձերի արդյունքները գան ավելի ուշ, թույլտվությունը ևս այս դեպքում կհետաձգվի։ Աղբյուրը՝ theguardian.com Լիլիթ Հարությունյան
13:58 - 19 մարտի, 2020
Երկու օր առաջվա դրությամբ ունենք շաքարավազի՝ 201 օրվա, հավի մսի՝ 64 օրվա, ձեթի՝ 38 օրվա պաշար․ վարչապետ |tert.am|

Երկու օր առաջվա դրությամբ ունենք շաքարավազի՝ 201 օրվա, հավի մսի՝ 64 օրվա, ձեթի՝ 38 օրվա պաշար․ վարչապետ |tert.am|

tert.am: Կորոնավիրուսից հետո կա կյանք, կորոնավիրուսի ընթացքում նույնպես լինելու է կյանք և զգուշավոր, կանոններ պահպանելով կյանքը շարունակվելու է: Այս մասին կառավարության հերթական նիստի ընթացքում ասաց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ Իրանի իրենց գործընկերների հետ քննարկում են ունեցել կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու վերաբերյալ։ Ավինյանը նշեց, որ Իրանի գործընկերները խորհուրդ են տվել ներդնել կանխարգելիչ շատ լավ գործիք․ մասնավորապես կստեղծվի հեռախոսային հավելված, որ թույլ կտա մարդկանց իրենց տեղը նշելով՝ ստանալ ինֆորմացիա, թե ինչ ազդեցություն կարող է տեղանքն ունենալ իր առողջական վիճակի վրա և հասկանալ, թե ունի արդյոք խնդիր և ինչ պետք է անի։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ պարենի խնդիր չունենք, և երկու օր առաջվա դրությամբ, օրինակ, շաքարավազի 201 օրվա պաշար ունենք, հավի մսի՝ 64 օրվա, ձեթի՝ 38 օրվա: «Միայն մարտի տասնութին 38 բեռնատար սննդամթերք է մուտք գործել Հայաստան, այդ թվում 18 տոննա ձեթ, 220 տոննա շաքար, 145 տոննա ցորեն, 20 տոննա սիսեռ»,-ասաց նա և հավելեց, որ վառելիքի խնդիր ևս չունենք: Նիկոլ Փաշինյանն ասաց, որ կարող են լինել առանձին ապրանքատեսակներ, որոնց մասով կարճաժամկետ դեֆիցիտային դեպքեր լինեն։ Նա նշեց, որ նման դեպքեր միշտ են լինում, թեև այդպիսի դեպքեր այս պահին չկան, և նույնիսկ երեկ առևտրի ծավալների անկում է գրանցվել, քանի որ մարդիկ նախապես շատ բան են գնել:
13:07 - 19 մարտի, 2020
Արտակարգ դրությունն արդարացված կլինի, եթե դատավարական ժամկետները կասեցվեն․ Մելանյա Առուստամյան |hetq.am|

Արտակարգ դրությունն արդարացված կլինի, եթե դատավարական ժամկետները կասեցվեն․ Մելանյա Առուստամյան |hetq.am|

hetq.am: Փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակը (ՀՊԳ) հայտարարել էր, որ կորոնավիրուսի վարակի տարածման կանխարգելման անհրաժեշտությունից ելնելով՝ որոշակի կանխարգելիչ միջոցառումներ է նախաձեռնել: Քաղաքացիների մուտքը Հանրային պաշտպանի գրասենյակ սահմանափակելու նկատառումով քաղաքացիներին տրամադրվել են էլեկտրոնային փոստի հասցե, հեռախոսի եւ տեսակապի՝ Viber, WhatsApp, Skype-ի համարները: Նշված օնլայն տարբերակներով մինչեւ ապիլի 14-ը քաղաքացիները կարող են դիմել խորհրդատվության համար, ուղարկել դիմումներ, փաստաթղթեր եւ այլն: ՀՊԳ-ի ղեկավար Մելանյա Առուստամյանը հայտնեց, որ աշխատանքներն ամբողջովին հեռահար կարգավորել չի հաջողվում, որովհետեւ մարդիկ դեռ սովոր չեն էլեկտրոնային տարբերակով աշխատանքին: Նշենք, որ ՀՊԳ-ի հիմնական այցելուները սոցիալական խոցելի խմբերն են, որոնք տեխնիկայից օգտվելու խնդիրներ ունեն, գուցեւ հնարավորությունը չունեն: Այդ է պատճառը, որ ՀՊԳ-ում շարունակում են քաղաքացիներից առձեռն եւ փոստով գրություններ ստանալ, իսկ դա աշխատակիցներին չի ապահովագրում հիվանդանալու վտանգից: ՀՊԳ ղեկավարն ասում է, որ քաղաքացիների մի մասը վայբերով եւ մեյլերով փաստաթղթեր է ուղարկում, հեռախոսով են խնդիրը ներկայացնում եւ խորհրդատվություն ստանում: Պաշտպաններն անհրաժեշտության դեպքում գործ են կազմում եւ մեյլով ուղարկում: Մ. Առուստամյանը հայտնեց, որ առայժմ էլեկտրոնային տարբերակով աշխատանքը ստացվում է պետական մարմինների ու դատարանների հետ՝ փաստաթղթաշրջանառությունը կազմակերպում են մեյլերով:   Մինչեւ արտակարգ դրություն հայտարարելը ամեն հինգշաբթի ՀՊ գրասենյակում բաց դռների օր էր բանավոր խորհրդատվությունների համար, հիմա այն օնլայն տարբերակով է անցկացվում: Սակայն, քաղաքացիների հետ շփումներն իսպառ սահմանափակել հնարավոր չէ, անհրաժեշտության դեպքում ընդունում են: Հանրային պաշտպանների հերթապահություն է սահմանված՝ ամեն օր հերթապահում են քրեական իրավունքի երեք եւ քաղաքացիական իրավունքի երկու մասնագետ: Պաշտպանների աշխատանքն անվտանգ դարձնելու համար ընդունելությունների սրահում ապակյա պատ են տեղադրել եւ քաղաքացիների հետ այդկերպ են հաղորդակցվում: Պալատի մուտքի մոտ եւ հարկերում տեղադրվել են նաեւ ախտահանող նյութեր: Ավելին՝ hetq.am-ում
12:48 - 19 մարտի, 2020
Տնտեսվարողներին տրվող ֆինանսավորման 50 տոկոսն իրականացնելու են առևտրային բանկերը և վարկային կազմակերպությունները, մինչև 50 տոկոսը ֆինանսավորելու է Կառավարությունը․ Նիկոլ Փաշինյան

Տնտեսվարողներին տրվող ֆինանսավորման 50 տոկոսն իրականացնելու են առևտրային բանկերը և վարկային կազմակերպությունները, մինչև 50 տոկոսը ֆինանսավորելու է Կառավարությունը․ Նիկոլ Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ներկայացրեց, թե ինչպիսին էլ լինելու տնտեսվարողներին տրվող աջակցությունը։ «Կորոնավիրուսը և գլոբալ շուկաների այսօրվա տիրող իրավիճակը բերում են սպառման անկանոն վիճակի, այդ թվում՝ նվազման, ինչը նշանակում է, որ մենք պետք է ունենանք ֆինանսավորման բարձիկներ, որոնք որոնք հնարավորություն են տալիս տնտեսվարողներին, այդ բարձիկներն օգտագործելով, սպառման անկանոն ռեժիմի ժամանակահատվածը անցնել առանց էական վնասների կամ կորուստների»,- ասաց նա։ Փոխվարչապետի խոսքով՝ ձևավորվել է պոտենցիալ վարկային պրոդուկտների մի շարք, որը ենթադրում է վարկերի համաֆինանսավորում, վարկերի վերաֆինանսավորում և տոկոսների սուբսիդավորում։ «Հաշվի առնելով պոտենցիալ վարկառուների խնդիրները այս իրավիճակում՝ դա լինելու է կա՛մ ապահովման միջոցի անբավարարություն, կա՛մ արժութային ռիսկ, այսինքն՝ դրամով վարկերի դեֆիցիտ, կա՛մ տոկոսադրույքի գծով ծախսեր։ Երեք խնդիրն էլ , մեր կարծիքով, լուծել ենք օժանդակության ձևերով»,- նշեց նա։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Կառավարությունն առաջարկում է  ճգնաժամային  վարկային պորտֆելներ բիզնեսին։ Ֆինանսավորման 50 տոկոսն իրականացնելու են առևտրային բանկերը և վարկային կազմակերպությունները, մինչև 50 տոկոսը ֆինանսավորելու է Կառավարությունը։ «Կառավարության տված ֆինանսավորումն անտոկոս է, իսկ բանկերի և վարկային կազմակերպությունների տոկոսները նույնպես սուբսիդավորում է կառավարությունը։ Այսինքն՝ տնտեսվարողը 0 տոկոսով ստանում է վարկային միջոցներ»,- նշեց նա։ Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց, թե այս վարկային միջոցները տնտեվարողներն ինչ ուղղություններով կարող են օգտագործել․  տնտեսվարողներին, աշխատակիցներին աշխատավարձ կամ դրան հավասարեցված վճարումներ և դրանց գծով հարկերի վճարում, յուրաքանչյուր աշխատակցի դեպքում ոչ ավել, քան ամսական 500 000 դրամ և ոչ ավել, քան 3 ամսվա համար, հումքի գնում կամ ներմուծում այն դեպքում, եթե հումքի ողջ ծավալը պետք է օգտագործվի Հայաստանում պատրաստի արտադրանք ստանալու նպատակով, և վարկառու տնտեսվարոը տնօրինում է անհրաժեշտ համապատասպան արտադրական հզորություններին,  սարքերի և սարքավորումների, այդ թվում՝ գյուղատնտեսական նշանակության ներմուծում այն դեպքում, եթե տվյալ սարքերը և սարքավորուները պետք է օգտագործվեն Հայաստանում արտադրություն կազմակերպելու կամ արտադրությունն ընդլայնելու նպատակով,   էլեկտրաէներգիայի, ջրի և գազի գծով ծախսերի իրականացում,  առևտրով զբաղվող ընկերությունների կողմից սննդի ներմուծում, եթե գնված կամ ներմուծված ապրանքը պետք է իրացվի ՀՀ-ոմ,  պարարտանյութ, սերմ, տնկի և գյուղատնտեսական նշանակության այլ հումքի գնում կամ ներմուծում։  «Այս ծրագիրը գործարկելուց հետո այն անընդհատ մոնիթորինգի տակ կլինի, եթե տեսնենք, որ ինչ-որ բան չի աշխատում,  կվերադառնանք բովանակությանը և կանենք փոփոխություններ։ Տնտեսական հակաճգնաժամային գործողություններ իրականացող խումբ կա դե ֆակտո ձևավորված, դա կառավարության տնտեսական բլոկն է, մենք աշխատում ենք ամենօրյա ռեժիմով։ Նաև ԱԺ-ի ներկայացուցիչներ կան»,- ասաց վարչապետը։
12:16 - 19 մարտի, 2020
Հայկ Մարությանը Երևանի ավագանու անդամներին կոչ արեց ցուցաբերել բարձր սոցիալական պատասխանատվություն |armenpress.am|

Հայկ Մարությանը Երևանի ավագանու անդամներին կոչ արեց ցուցաբերել բարձր սոցիալական պատասխանատվություն |armenpress.am|

armenpress.am: Երևանի ավագանու 4-րդ նստաշրջանի 2-րդ նիստի մեկնարկից առաջ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ավագանու անդամներին կոչ արեց ՀՀ-ում կորոնավիրուսի տարածումը կանխելու համար հաստատված արտակարգ դրության ժամանակ ցուցաբերել բարձր սոցիալական պատասխանատվություն։ «Խնդրում եմ բոլորին, որպեսզի յուրաքանչյուրն իր ուժերը ներածի չափով  նպաստի իրավիճակի լավացմանը։ Ինչ պահանջվում է պետությունից,  համայնքներից, Երևանի քաղաքապետարանից, ամեն ինչ արվում է։ Առանց քաղաքացու մասնակցության, բնականաբար, մենք արդյունք չենք ունենա։ Խնդրում եմ բոլորին, որպեսզի հանրային վայրերում՝ խանութներում, քաղաքային տրանսպորտում մարդիկ կրեն դիմակներ»,- նշեց Երևանի քաղաքապետը։ ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ի ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 115-ի: Առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա ապաքինվել է և դուրս է գրվել հիվանդանոցից:
12:06 - 19 մարտի, 2020
Արսեն Ջուլֆալակյանը մասնակցել է ՄՕԿ-ի համաժողովին. քննարկվել է Տոկիո 2020-ը հետաձգելու հարցը

Արսեն Ջուլֆալակյանը մասնակցել է ՄՕԿ-ի համաժողովին. քննարկվել է Տոկիո 2020-ը հետաձգելու հարցը

Օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ, ՀՀ ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը մասնակցել է Միջազգային օլիմպիական կոմիտեի առցանց համաժողովին: Նա այդ մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում: Ջուլֆալակյանը, որը ժողովին մասնակցել է Ըմբշամարտի միջազգային միության կողմից, իր գրառման մեջ ներկայացրել է քննարկման թեման: «Տոկիո 2020 Օլիմպիական խաղերի մասին... Րոպեներ առաջ ավարտվեց ՄՕԿ-ի կողմից կազմակերպված վիրտուալ ժողովը, որին մասնակցեցի նաև ես Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիայի կողմից: Բանախոսներն էին ՄՕԿ նախագահ Թոմաս Բախը, Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնյան և այլ բարձրաստիճան ներկայացուցիչներ: Սկզբում նրանք հանդես եկան ստեղծված իրավիճակի մասին հակիրճ ելույթով, որից հետո մոտ մեկ ու կես ժամ պատասխանեցին ժողովի մասնակիցների հարցերին:Հարցերը տարբեր էին՝ . մարզումների իրականացման համար անհնար պայմաններ. սպորտային նպատակով ճամփորդելու անհնարինություն. վարկանիշային մրցումների հետաձգում անորոշ ժամանակով. դոպինգային ստուգումների անհնարինություն. օլիմպիական խաղերի թեկնածու, բայց այժմ վիրուսակիր հանդիսացող մարզիկների խնդիր. խաղերի կայացման դեպքում հանդիսատեսների և մասնակիցների անվտանգություն. խաղերի հետաձգում և այլն... Տրվեցին այս պահին հնարավորինս սպառիչ պատասխաններ: Ինչպես նշեց նախագահ Բախը, անհրաժեշտ է լինել իրատես գնահատականների մեջ, լավատես՝ ակնկալիքների, գործնական գործողությունների մեջ: Այս պահին շարունակվելու են նախապատրաստական աշխատանքները, և կոչ արվեց մարզիկներին և մարզիչներին շարունակել իրենց մարզումները: Բոլոր մյուս որոշումները կկայացվեն՝ ելնելով կորոնավիրուսի տարածման ծավալներից: 1-2 շաբաթը մեկ կլինեն նման ժողովներ, որոնց ընթացքում կքննարկվեն զարգացումները և կհայտնվեն որոշումները: Այս պահին վերջնական ոչ մի որոշում չկա: Եվ կրկին հղում անելով նախագահ Բախին՝ ՄՕԿ-ի համար գլխավորը մարզիկների և մասնակիցների առողջությունն ու անվտանգությունն է և Օլիմպիական շարժման շարունակականությունը: Պետք է մնալ ճկուն և համագործակցային»,- գրել է Ջուլֆալակյանը:
11:56 - 19 մարտի, 2020
Թուրքիան փակում է Եվրոպայի հետ սահմանները |ermenihaber.am|

Թուրքիան փակում է Եվրոպայի հետ սահմանները |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիան կորոնավիրուսի համավարակի պատճառով փակում է Եվրոպայի հետ սահմանները, որոնք ավելի վաղ բացվել էին փախստականների համար։ Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը համապատասխան որոշման մասին շրջաբերական է ուղարկել 81 նահանգների նահանգապետարաններ։ Ըստ այդմ՝ մարտի 19-ից (0:00-ից սկսած) փակվում են Թուրքիայի և Հունաստանի ու Բուլղարիայի միջև եղած ցամաքային սահմանային անցակետերը,  ինչպես նաև դադարեցվում է երկաթուղային կապը։ Միևնույն ժամանակ դադարեցվում են նաև Հունաստանի հետ ծովային ճանապարհով իրականացվող ուղևորափոխադրումները։ Որոշման համաձայն՝ նույն ժամանակ կարգելվի նաև Հունաստանի և Բուլղարիայի քաղաքացիների, ինչպես նաև՝ վերջին 14 օրվա ընթացքում այդ երկրներում եղած երրորդ երկրների քաղաքացիների մուտքը Թուրքիա։ Նշվում է, որ այդ միջոցառումները պայմանավորված են կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով։
11:50 - 19 մարտի, 2020