Կորոնավիրուս

Մինչ այժմ սահմանային հսկիչ կետերից հոսպիտալացվել է 65 անձ, 14 օրով մեկուսացվածների թիվն էլ մոտ 100 է․ ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյան

Մինչ այժմ սահմանային հսկիչ կետերից հոսպիտալացվել է 65 անձ, 14 օրով մեկուսացվածների թիվն էլ մոտ 100 է․ ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյան

Հունվարի 24-ից սկսած ՀՀ սահմանային հսկիչ կետերն անցել են ուժեղացված աշխատանքային ռեժիմի։ Կառավարությունում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը՝ նշելով, որ մինչ այս պահը ՀՀ մուտք գործած 4993 ուղեւորների համար լրացվել են քարտեր, իսկ մարտի 10-ից հետո՝ ընհանրապես ՀՀ ժամանող բոլոր ուղեւորների համար հավաքագրվել եւ լրացվել են հասցեական քարտեր․ վերջիններիս թիվը 19 հազար 900 է։ Տեսչական մարմնի ղեկավարն ասաց, որ սահմանային հսկիչ կետերից հոսպիտալացում է եղել 65 անձի համար, 14 օրով մեկուսացվածների թիվն էլ հասնում է մոտ 100-ի, որոնց թվում են նաեւ Իտալիայից հատուկ չվերթով ժամանած քաղաքացիները․ «Մեր տեսչական մարմինը եւս ներգրավված է պարետատան անդամների կազմում, ու եւ՛ երեկ, եւ՛ այսօր ներկայացրել ենք առաջարկներ, որպեսզի եւս 2 որոշում սահմանվի, որը վերաբերում է ընդհանրապես աշխատողների առողջության եւ անվտանգության պահպանմանը։ Գործատուների կողմից աշխատողներին անհատական պաշտպանիչ միջոցներով ապահովելու գործիքակազմի համար Աշխատանքի եւ առողջության պահպանման վարչության կողմից մշակվել է պարետի ցուցման նախագիծ, որն այսօր ներկայացվել է պարետատան աշխատանքների ժամանակ։ Այս պահին շրջանառվում է, կարծում եմ՝ մինչեւ օրվա վերջ վերջնական տեսքն արդեն պարետի կողմից հաստատված կունենանք»,- նշեց Ավագյանը։ Նա հայտնեց, որ նախագիծ են ներկայացրել պարետին, որտեղ մասնավորեցվում է, որ բնակչությանը սպասարկող կազմակերպությունները առավել խիստ կարգավորումներով եւ պահանջով պետք է լինեն․ «Պարետի որոշմամբ՝ գործատուն աշխատակիցներին պետք է ապահովի պաշտպանիչ միջոցներով, եւ առհասարակ պահպանվեն հիգիենիկ եւ սանիտարահիգիենիկ նորմերը։ Տեսչական մարմինը մինչեւ անցած տարի չուներ ստուգումների տարեկան ծրագիր, լինում էին բողոքներ, որոնց հիման վրա իրականացվում էր վարչական վարույթ։ Այժմ պատկերը բոլորովին այլ է»,- շեշտեց Ավագյանը։ Նրա պնդմամբ՝ անկախ նրանից, թե ինչքանով էին ուժեղացված իրենց միջոցառումները, կամ հակառակը, վիրուսը, միեւնույն է, ներթափանցելու էր․ «Նույնիսկ մեր ավելի ուժեղացված միջոցառումներ իրականացնող երկրներում է վիրուսը ներթափանցել։ Այժմ բոլոր 7 սահմանային կետերում մոտավորապես 2 անգամ ուժեղացվել է անձնակազմը։ Իհարկե, մենք խնդիրներ ունեցել ենք՝ հաշվի առնելով, թե մեր կառույցը ինչ վիճակում էր վիրուսի ներթափանցումից առաջ, բայց հիմա մենք ամեն ինչ անում ենք՝ փորձելով ամենը բերել բարձր մակարդակի»,- ասաց Ավագյանը։ Խոսելով բեռնափոխադրումների մասին՝ տեսչական մարմնի ղեկավարն ասաց, որ առողջապահության նախարարության կողմից ցուցում չունեն բեռնատարներն ախատահնեու, քանի որ մեքենաներն ինքին վիրուս տարածող չեն։ Նա նշեց, որ եղել են դեպքեր, երբ Ուկրաինայից ժամանած վարորդի են մեկուսացրել, բեռնատարը կանգնեցվել է մեր ՊԵԿ մաքսային տարածքում, հաջորդ վարորդի գալուց առաջ ախտահանվել է մեքենայի խցիկը, իսկ նախորդ վարորդը հոսպիտալացվել է, անհրաժեշտ միջոցառումներ են իրականացվել։
21:45 - 18 մարտի, 2020
ԱԱՏՄ-ն վարույթ է հարուցել կորոնավիրուսը բուժող դեղորայքի մասին լուրեր տարածող անձին գտնելու համար

 |armenpress.am|

ԱԱՏՄ-ն վարույթ է հարուցել կորոնավիրուսը բուժող դեղորայքի մասին լուրեր տարածող անձին գտնելու համար |armenpress.am|

armenpress.am: ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը վարույթ է հարուցվել համացանցում կորոնավիրուսը բուժող դեղորայքի մասին լուրեր տարածող անձին գտնելու համար։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյանը։ «Պետք չէ տուրք տալ համացանցում կորոնավիրուսը բուժող դեղորայքի վերաբերյալ տարածվող հայտարարություններին։ Այդ մասով մեր իրազեկման բաժնի կողմից զեկուցագիր է գրվել, և մենք այժմ վարույթ ենք հարուցել, որպեսզի գտնենք նման դեղեր գովազդողին։ Այդ դեղն իր անվանումով և բնութագրով շփոթություն է առաջացրել մարդկանց շրջանում։ Այս հարցով զբաղվում է դեղերի վերահսկողության վարչությունը։ Հուսով եմ, որ արագ կգտնենք այդ լուրը տարածող անձին և նման երևույթները մեր վարույթների շրջանակում կվերացվեն»,- նշեց Ավագյանը։
21:30 - 18 մարտի, 2020
Կորոնավիրուսի մասին որեւէ ինֆորմացիա իշխանությունների կողմից չի թաքցվում. վարչապետ
 |armtimes.com|

Կորոնավիրուսի մասին որեւէ ինֆորմացիա իշխանությունների կողմից չի թաքցվում. վարչապետ |armtimes.com|

armtimes.com: ՀՀ իշխանությունների կողմից Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված որեւէ ինֆորմացի աչի թաքցվում: Այս  մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի հատուկ թողարկման  ժամանակ մեկ անգամ ևս վստահեցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Առավելագույնը երկու ժամում հասարակությունը տիրապետում առկա թվերին, զարգացումներին, իրավիճակին: Տեղեկատվությունը ստացվում է մեկ աղբյուրից՝ Առողջապահության նախարարությունից: «Մենք այսօր ազնիվ, արդար, առավելագույնը 2 ժամում մեր մոտ տեղի ունեցող ամբողջ ինֆորմացիան բաց հրապարակում ենք: Բայց արդյո՞ք մենք վստահ ենք, որ աշխարհի բոլոր երկրները նույնպիսի թափանցիկությամբ եւ ճշգրտությամբ հրապարակում են իրենց տվյալները: Ես որ վիճակագրությունները նայում եմ, չունեմ այդ վստահությունը, որ բոլոր երկրներն են այդ կանոնին հետևում: Այստեղ ռիսկեր կարող են առաջանալ: Կարող  է պարզվի, որ ՀՀ-ն կորոնավիրուսի ամենածանր վիճակում գտնվող երկիրն է, սակայն մենք  գիտենք, որ լրիվ հակառակն է: Հայաստանն այս պահին  ամենալավ վիճակում գտնվող երկիրն է աշխարհում: Եկեք նայենք, թե աշխարհի այլ երկրներում խանութների ցուցափեղկերն ինչ վիճակում են, եւ մեր մոտ ինչ պատկեր ունենք»: Նիկոլ Փաշինյանն ասաց, կառավարության համար կարեւոր է հանրության  վստահությունը: Երկրում կորոնավիրուսի հետ կապված բամբասանքներ չկան զուտ այն պատճառով, որ, ըստ վարչապետի, հանրությունը վստահ է, որ կառավարությունը հստակ տեղեկատվություն է, հաղորդում: Ազնվությունը, արդարությունն ու թափանցիկությունը միշտ էլ ռիսկեր են պարունակում: «Բայց մենք պետք է այսպես շարունակենք, քանի որ հանրությունը պետք է վստահ լինի, որ ազգային անվտանգության հարցերում կառավարությունն է տեղեկատվության թիվ մեկ աղբյուրը»,-հաղորդման ժամանակ շեշտեղ Նիկոլ Փաշինյանը:
21:13 - 18 մարտի, 2020
Կառավարությունն առնվազն 150 մլրդ դրամի աջակցություն կտրամադրի տնտեսությանը․ Նիկոլ Փաշինյան

Կառավարությունն առնվազն 150 մլրդ դրամի աջակցություն կտրամադրի տնտեսությանը․ Նիկոլ Փաշինյան

Մենք կիսափակ ռեժիմում ապրող պետություն եւ ժողովուրդ ենք, հիմա համաճարակի բերումով մեր բոլոր սահմանները փակվել են․ սա մի կողմից վատ է, բայց կարող է՝ լավ է, գուցե մենք ամենապատրա՞ստն ենք փակ սահմաններով ապրելուն։ Շանթ հեռուստաընկերության հետ հարցազրույցում այսպիսի տեսակետ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա կարծիքով՝ գուցե մենք պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնենք հայկական արտադրանքի սպառմանը, եւ դրանով մենք ոչ միայն սպառենք, այլեւ արտադրենք, մեր ներքին սպառումը եւ արտադրումը բերենք բալանսի, որի արդյունքում կուժեղանանք․ «Երբ սահմանները բացվեն, աշխարհում հսկայական պահանջարկ է լինելու, մենք պետք է կարողանանք այդ պահանջարկը լրացնելուն պատրաստ լինել։ Մենք չենք մածում՝ ոնց անենք՝ նախաճգնաժամային վիճակին վերադառնալու, մենք մտածում ենք՝ այնպես անենք, որ օգտագործենք այս հնարավորությունը, որ եթե նախկինում պլանավորել ենք տարեկան 8-9 տոկոս տնտեսական աճ ունենալ, հիմա ունենանք 10-15 տոկոս»։ Վարչապետը հարց հնչեցրեց՝ մենք վստա՞հ ենք, որ արտահանման կարիք ունենալու ենք։ Ըստ նրա՝ կարող է պարզվել, որ մթերքը, որն արտադրում ենք, ներքին պահանջարկը հազիվ ենք բավարարում․ «Եւ ո՞վ ասաց, որ չպիտի օգտվենք առիթից եւ դիվերսիֆիկացնենք արտահանման մեր ուղիները։ Ճգնաժամային շրջանում նախկինում մենք էինք, որ որեւէ տեղ ապրանք արտահանենք, կարող է պարզվել՝ բազմաթիվ տեղեր խնդրանքներ ունենք, որ իրենց մոտ արտահանենք։ Նկատի ունեմ՝ մենք հին կլիշեներից պետք է դուրս գանք եւ մտածենք նորովի։ Իհարկե, ԵԱՏՄ-ն, ՌԴ-ն, մեր հարեւան երկրները կարեւոր են մեզ համար, բայց կարող է պարզվի պահանջարկը ՌԴ-ում ավելի է շատանում։ Այսօր անորոշություն է․ ոչ մեկը չգիտի՝ վաղն ինչ կլինի։ Բայց այդ անորոշությունը սովորաբար խուճապ է առաջացնում մարդկանց մոտ։ Մենք ասում ենք՝ մեր քաղաքականությունը կառուցում ենք այնպես, որ այդ անորոշությունների մեջ ամենօրյա ռեժիմով փնտրենք եւ գտնենք հնարավորություններ»։ Փաշինյանը կարեւորեց տնտեսությանն աջակցելու հանգամանքը։ Նա հայտնեց, որ առաջիկայում կառավարությունն առնվազն 150 մլրդ դրամի աջակցություն կցուցաբերի տնտեսությանը․ «Բայց հարցն այն է՝ ո՞ր ճյուղերին։ Այս հարցին ի պատասխան՝ մենք պիտի միտվենք ոչ թե անցյալին, այլ ապագային։ Ոչ միայն ո՞ր ճյուղերին, այլեւս ինչպես։ Մենք ուզում ենք այնպիսի միջոցներ ձեռնարկել, որոնց արդյունքում ոչ միայն բիզնեսին կաջակցնեք, այլ նաեւ կոնկրետ մարդկանց»։ Փաշինյանն ասաց, որ մշակում են մի քանի կետից բաղկացած փաթեթ, որի առաջին փուլով 25 մլրդ դրամ կհատկացնեն հետեւյալ ծրագրին․ այն ընկերությունները, որոնք վարկ կվերցնեն հայաստանյան բանկերից՝ դրամական արտահայտությամբ՝ իրենց աշխատողների աշխատավարձը վճարելու, հարկային պարտավորությունները կատարելու, կոմունալ վճարները վճարելու, հումք ձեռք բերելու եւ այլնի համար, այդ վարկի 50 տոկոսը կառավարությունը կհամաֆինանսավորի 0 տոկոսով, իսկ բանկի հատվածի տոկոսը կսուբսիդավորի, որպեսզի այդ հատվածը նույնպես լինի 0 տոկոսով։ Փաշինյանի խոսքով՝ սպառողական վարքագծի տեսակետից անորոշություններ կան, բայց մի բանում 100 տոկոսով կարելի է վստահ լինել․ ինչպես համաճարակից առաջ, այնպես էլ հետո, մարդիկ շարունակելու են սնվել․ «Եւ հետեւաբար սա շատ լավ ժամանակ է, որպեսզի մենք լուրջ աջակցությունն ցույց տանք մեր գյուղատնտեսությանը։ Մենք հիմա խնդիր ենք դրել՝ այնպես անել, որ շատ արագ գյուղատնտեսական վարկերը սուբսիդավորենք այնքան, մինչեւ դառնան 0 տոկոս։ Եւ պետք է քաջալերենք հնարավորինս շատ մարդկանց՝ զբաղվել գյուղատնտեսությամբ։ Իհարկե, սա իր հետ շղթայական պիտի բերի ներդրումներ ոռոգման, ջրամբարաշինության ոլորտում, բայց հստակ մի բան գիտենք․ մարդիկ ինչպես կորոնավիրուսից առաջ, այնպես էլ հետո, սնվելու են, ուրեմն գյուղատնտեսությունը ճիշտ ոլորտն է, որտեղ կարելի է ներդրում անել»։ Կառավարությունը 30 մլրդ դրամի փաթեթ էլ պատրաստել է զուտ սոցիալական հրատապ աջակցության համար, որպեսզի բացառեն այն վիճակը, երբ մարդկանց սոցիալական կարգավիճակի գահավիժում տեղի կունենա․ «Առաջին փաթեթի նպատակը հենց այն է, որպեսզի ընկերությունները շարունակեն գործել աշխատանքային տրամաբանությամբ, աշխատավարձ վճարեն, հարկեր վճարեն, ներդրումներ անեն, մտածեն իրենց ապագայի մասին։ Բայց երբ մենք սոցիալական նպաստ ենք ասում, այս 30 մլրդ դրամը հնարավոր սոցիալական հրդեհը մարելու համար է։ Որովհետեւ եթե հանկարծ ստացվի մի իրավիճակ, որ այս ամենի արդյունքում մեր քաղաքացին պետք է սոված լինի, բնականաբար չենք կարող ասել՝ նպաստ չենք տալիս։ Քաղաքացին ու բիզնեսը պետք է վստահ լինեն, որ պետությունը կանգնելու է իրենց կողքին։ Բայց մեր նպատակը լինելու է ոչ թե պահպանողական, այլ հեղափոխական։ Մենք ասում ենք, որ բոլոր այն մարդիկ, որոնք ունեն գաղափար, հիմա առավել եւս պիտի վստահ լինեն, որ կառավարությունը կանգնելու է իրենց կողքին»։ Վարչապետը հայտարարեց, որ ինքը կարող է երաշխավորել՝ անսահմանափակ ֆինանսավորում կունենան․ «Մենք կներդնենք այն պրոյեկտների մեջ, որոնք կլինեն նորարարական, այն առումով, որ այդ ընկերություններն իրենք իրենց եւ ՀՀ-ին կպատրաստեն նոր աշխարհին։ Մենք մտնում ենք նոր աշխարհ, հին աշխարհն այլեւս գոյություն չունի։ Պրոբլեմն այն է, որ չենք կարող կանխատեսել, թե ինչպիսին կլինի հետկորոնավիրուսային աշխարհը։ Մյուս կողմից, քանի որ անորոշությունը շատ է, մենք մեր գաղափարներով կարող ենք գծագրել եւ նախագծել այդ հետկորոնավիրուսային աշխարհը։ Այստեղ էլ մենք որոշակի ֆիլտրեր կդնենք, որ ոչ թե այդ փողն ուղղակի տանք, եւ մարդիկ ծախսեն ու ոչինչ չստացվի, այլ ֆիլտրեր կդնենք, եւ այդ ուղղությամբ կգնանք։ Մեր ամեն ծախսած դրամի մեջ պետք է լինի տնտեսական հեղափոխության տրամաբանություն, եւ մենք գնալու ենք այս ուղղությամբ»։ Անդրադառնալով գյուղատնտեսության հետ կապված իրավիճակին՝ Փաշինյանն ասաց, որ այս մասով մենք ինքներս սպառելու խնդիր ունենք․ «Երբ նայում ենք աշխարհի ցուցափեղկերին, տեսնում ենք, որ դրանք դատարկ են, եւ տեսնում ենք, որ Հայաստանի ցուցափեղկերը լիքն են։ Սա մեզ պետք է ազդակ տա, որ, այնուամենայնիվ, մեր երկրում ինքնապաշտպանության բնազդներ կան։ Ես չեմ դադարում զարմանալ մեր բիզնեսի տաղանդով, մեր ժողովրդի գործարար տաղանդով։ Բայց երբ ասում ենք՝ իսկ հանրավո՞ր է, որ աշխարհում սննդամթերքի էնպիսի ճգնաժամ լինի, որ չկարողանանք ներմուծել, իսկ ինչո՞ւ պիտի մտածենք ներմուծման մասին, մենք տեղում կարող ենք արտադրել։ Տնտեսությունն անկանխատեսելի երեւույթ է։ ԵՄ սնունդ արտահանելն այնքան էլ հեշտ չէ մեզ համար, բայց ոչ մեկը չի կարող երաշխավորել, որ ԵՄ-ն ինքը մեզ չի խնդրելու սնունդ մատակարարել։ Ես գրեթե վստահ եմ, որ կորոնավիրուսի ճգնաժամից հետո համաշխարհային տնտեսական հեղափոխություն է սկսելու։ Ես ուրախ եմ, որ մենք գոնե մտադրման տեսանկյունից լիդեր լինելու հնարավորություն ունենք»։ Վարչապետը նկատեց՝ ներկայացվելիք փաթեթի առաջին մասով քննադատություններ կլինեն, թե ինչու են բանկերին ներգրավում պրոցեսի մեջ, պետք է ուղիղ աշխատել բիզնեսի հետ։ Այստեղ, Փաշինյանի պնդմամբ, կա երեք պատճառ․ առաջինն այն է, որ կառավարության վրա ավելի հեշտ է էմոցիոնալ ճնշում գործադրել, քան բանկերի, եւ մեզ հարկավոր է արբիտր՝ ծրագրերը գնահատելու համար․ «Եթե բանկը պատրաստ է կիսել ռիսկը 50 տոկոսով, կառավարությունը վստահաբար կարող է այդպես գումար ներդնել։ Խնդիրը գումար ծախսելու մեջ չէ, էսօր կարող ենք աջ ու ձախ գումար ծախսել, բայց մենք վաղը պիտի ինքներս մեզ եւ հանրությանը հաշվետվություն տանք՝ ճի՞շտ ենք ծախսել գումարը։ Հետեւաբար մեզ պետք է պարտնյոր, անկախ փորձագետ՝ պրոցեսը գնահատելու համար»։ Երկրորդը պատճառը, ինչպես նշեց Փաշինյանը, այն է, որ բանկային համակարգը նույնպես տնտեսության կարեւոր ճյուղ է, եւ պետք է չմոռնանանք, որ բանկում պահվում են քաղաքացիների խնայողությունները, եւ սրանով երաշխավորում են դրամաշրջանառությունը։ «Եւ երրորդը․ երբ ասում ենք՝ ընկերություններին պատրաստ ենք աջակցել, որպեսզի նրանք հարկադիր պարապուրդում գտնվող աշխատակիցներին աշխատավարձ վճարեն, բայց երբ այդ քաղաքացին իր աշխատավրձը ստացավ նաեւ պետության ու բանկի աջակցությամբ, ենթադրվում է, որ կփակի նաեւ վարկը, որովհետեւ ունի իր աշխատավարձի ծախսված պլանը, գիտի, որ այսքան աշխատավարձ է ստանում, այսքան էլ վարկ ունի, ու եթե աշխատավարձը ժամանակին ստանում է, պետք է նաեւ փակի վարկը։ Բանկային համակարգի հետ պայմանավորվել ենք, որ հաճախորդներին անհատական վերաբերմունք կցուցաբերեն, եւ այն հաճախորդները որոնք օբյեկտիվ կհիմանվորեն, որ իրենք կորոնավիրուսի պատճառով չեն կատարում պարտավորությունները, բանկերը ընդառաջ կգնան»,- ասաց վարչապետ Փաշինյանը։  
20:54 - 18 մարտի, 2020
Ո՞ւմ չի վերաբերում ՀՀ-ի և ՌԴ-ի միջև ցամաքային և օդային հաղորդակցության  սահմանափակումը

Ո՞ւմ չի վերաբերում ՀՀ-ի և ՌԴ-ի միջև ցամաքային և օդային հաղորդակցության սահմանափակումը

ՀՀ կառավարությունը ներկայացրել է այն սուբյեկտներին, որոնց չի վերաբերում ՀՀ կառավարության մարտի 17-ի որոշմամբ սահմանված մինչև 2020թ. մարտի 24-ը ներառյալ  Ռուսաստանի Դաշնության հետ ցամաքային և օդային հաղորդակցության  սահմանափակումը։ Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարությունից, սահմանափակումը չի վերաբերում իրենց երկրներ վերադարձող Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին և նրանց ընտանիքի անդամներին, օրինական հիմքերով բնակության իրավունք ունեցող անձանց, միմյանց դիվանագիտական ներկայացուցչությունների անձնակազմներին և նրանց ընտանիքի անդամներին, ինչպես նաև պաշտոնական փոխայցելություններ իրականացնող պաշտոնատար անձանց, Հայաստանի Հանրապետությունում տեղակայված Ռուսաստանի Դաշնության 102-րդ ռազմակայանի նորանշանակ զինծառայողներին, նրանց ընտանիքների անդամներին, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնություն արձակուրդ մեկնած, գործուղման և բուժման մեջ գտնվող զինծառայողներին:  «Երկու երկրների միջև շարունակվելու է բեռնափոխադրումների բնականոն ընթացքը»,- ասվում է հաղորդագրության մեջ:  
20:39 - 18 մարտի, 2020
«Հայաստան» համահայկական հիմնադրամը ստացված նվիրատվությունները կուղղի առողջապահության ոլորտին

«Հայաստան» համահայկական հիմնադրամը ստացված նվիրատվությունները կուղղի առողջապահության ոլորտին

«Հայաստան» համահայկական հիմնադրամը ստացված նվիրատվությունները կուղղի առողջապահության ոլորտին։  «Նոր կորոնավիրուսի COVID-19 համաճարակի տարածմամբ, միջազգային հանրությունը համախմբվում է և համապատասխան գործողություններ ձեռնարկում։  Ինչպես քաջ հայտնի է, ճգնաժամերի ընթացքում համայն աշխարհի հայությունը միշտ համախմբվել է մեկ նպատակի շուրջ՝ օգնելու միմյանց և իրենց հայրենիքին։ ՀՀ կառավարությունը և առողջապահության նախարարությունը քաղաքացիներին պարբերաբար թարմացվող տեղեկատվություն է տրամադրում  ինչպես ներկայիս իրավիճակի, այնպես  էլ վարակի տարածման հետագա աճը կանխելու համար անհրաժեշտ քայլերի մասին։ Մեր բուժաշխատողները ևս, վտանգելով սեփական կյանքը, անձնվիրաբար  և ջանասիրաբար աշխատում են պացիենտներին օգնելու և վարակի հետագա տարածումը կանխելու նպատակով։   Վարակի էքսպոնենտալ աճի հնարավորությամբ պայմանավորված՝ առողջապահության ոլորտին անհրաժեշտ է համայն հայության աջակցությունը։ Այդ իսկ պատճառով, «Հայաստան» համահայկական հիմնադրամը ստացված նվիրատվությունները կհամախմբի և այս նախաձեռնության ընթացքում հավաքագրված ամբողջ գումարը կուղղի առողջապահության ոլորտին անհրաժեշտ բժշկական պարագաների տրամադրմանը, ինչպես նաև այն ընտանիքներին, որոնք ստեղծված իրավիճակին դիմակայելու կարիք ունեն»,– ասվում է հաղորդագրությունում։
20:36 - 18 մարտի, 2020
«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի մասնագետները հայտարարություն են տարածել

«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի մասնագետները հայտարարություն են տարածել

Կիրառելով կարի արտադրամասերում կարված, տնային պայմաններում պատրաստված ինքնաշեն դիմակները, դրանով կարող եք վնասել ինքերդ Ձեզ և նպաստել վարակի տարածմանը։ Նման հայտարարությամբ են հանդես եկել «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի մասնագետները. «Ուշադրություն. Ինքնաշեն, տնային պայմաններում, ոչ համապատասխան ստանդարտներով և ոչ համապատասխան պայմաններում պատրաստվող դիմակների վերաբերյալ։ Բժշկական դիմակները, ինչպես ցանկացած բժշկական օգտագործման պարագա, անհրաժեշտ է համապատասխանեն արտադրական համապատասխան չափորոշիչներին, հատկապես մանրէազերծման ապահովման հարցում։ Ուստի հորդորում և խորհուրդ ենք տալիս կիրառել միայն գործարանային արտադրության դիմակներ, որոնք համապատասխանում են առողջապահական չափորոշիչներին։ Կիրառելով կարի արտադրամասերում կարված, տնային պայմաններում պատրաստված ինքնաշեն դիմակները, դրանով կարող եք վնասել ինքերդ Ձեզ և նպաստել վարակի տարածմանը»։
20:21 - 18 մարտի, 2020
Ինչպես կարանտինում պահել առողջ երեխաներին. մայրիկները փորձի փոխանակումներ են կազմակերպում
 |armtimes.com|

Ինչպես կարանտինում պահել առողջ երեխաներին. մայրիկները փորձի փոխանակումներ են կազմակերպում |armtimes.com|

armtimes.com: Կարանտինում պահել առողջ երեխաներին․ կարծես թե նորություն է բոլորիս համար։ Նախկինում առօրյայից կտրվում էինք, երբ մեկնումեկը հիվանդ էր: Տանը նստած-պառկած որոշակի աշխատանք էր տարվում առողջացնելու համար, այդ ուղղությամբ կենտրոնացվում էին բոլոր ուժերը, եւ երբ գործը պսակվում էր հաջողությամբ, վերադառնում էինք մեր բնական խելագար կենսառիթմին: Հիմա ծնողները հավերժություն թվացող ժամկետով տանն են տարբեր տարիքի երեխաների հետ, զբոսանքի են գնում նրանց հետ, որ ընկերներին տեսնելիս կարանտինի ամբողջ նպատակը չփոշիանա, ե՛ւ աշխատում տնից, ե՛ւ փորձում նրանց օրը լցնել անվտանգ, հետաքրքիր ու զարգացնող զբաղմունքներով: «Իսկ դո՞ւք ոնց եք կազմակերպում» հարցերն այսօր արդեն կանանց ֆորումներում անպակաս են. առավել խնդիր է նախակրթարանների ու կրտսեր դպրոցականների օրը կազմակերպելը: Մայրիկները ներկայացնում են իրենց փորձը, ակտիվորեն քննարկում նոր հետաքրքրություններ: Դեմ չեք, չէ՞, ծիկրակենք ֆորումների կիսաբաց փեղկերից, տեսնենք՝ ինչ կա-չկա: Աշխատող մայրիկների (ինչու չէ՝ նաեւ հայրիկների) համար շատ կարեւոր է, որ գոնե որոշ պահերի կարողանան լիովին կենտրոնանալ իրենց աշխատանքի վրա. ծնողները հաճախ չեն խոստովանում, բայց, դե, համակարգչային խաղերն ու մուլտերն այս առումով անփոխարինելի են: Բնականաբար, չենք մոռանում նաեւ դրանց վնասակարության մասին: Եվ ահա, հաջորդիվ մայրիկներն առաջարկում են երեխաների սիրած զբաղմունքը հայրիկների հետ՝ սեղանի խաղեր՝ ֆուտբոլ, բասկետբոլ, հոկեյ, UNO, «Այլ կերպ», մոնոպոլիա, ծովամարտ եւ այլն: «Հինգ ու ութ տարեկան են բալիկներս, բոլոր կոնստրուկտորներից ձանձրացել էին, ծովամարտ սովորեցրի, հիմա քանի ժամ է՝ խաղում են»,- պատմում է իր ճաշը եփած-պրծած մայրիկը: Սեղանի խաղերը որոշ ժամանակ կարող են հետաքրքիր լինել, բայց եթե հույս ունեք, որ դրանք երեխաներին լուռ կպահեն տեւական ժամանակ… լավ, բան չասենք, միեւնույնն է, շուտով գալու եք հակասության: Շատերը ալրաշաղախ խոհանոցի նկարներ են հրապարակում՝ «մենք թխում ենք» խորագրերով. հրաշալի է, իհարկե, տնական, թարմ, առանց կայունացուցիչ, բուրավետիչ հավելանյութերի թխվածքներ ու զբաղմունք՝ մի կես ժամ միասին, կես ժամ էլ հետո միայն մայրիկին՝ խոհանոցը մաքրելու համար: «Մենք տիկնիկին շորիկ կարեցինք՝ մի քիչ ծուռտիկ, բայց՝ մեր ձեռքերով. տիկնիկն էլ չի մրսի»: Այս կարգի զբաղմունքներն ամենակլանողն են, ամենաժամանակատարը՝ զարդեր, տուփիկներ, բաժակներ՝ մատիտների ու այլ մանրուքների համար, արկղեր՝ խաղալիքների համար: Գեղեցիկ են նորաձև շորիկներ հագած հնամաշ գրքերն ու տետրերը: Սեփական ձեռքերով պատրաստված գրքերը կարող են հենց այդ առումով էլ գրավիչ դառնալ: Ճապոնական օրիգամին եւս ինքնատիպ զբաղմունք է. հաշվարկ, ուշադրություն, խնամքով աշխատանք եւ անսպասելի արդյունքներ՝ թղթե տուփիկներ նվերի համար, կարապներ ու բուեր, ծաղիկներ ու զարդեր: Եվ, իհարկե, քիչ չեն ուշադրությունից մի պահ դուրս մնացած երեխաների աշխատանքները՝ նորարարաբար «պայթեցված» սենյակների լուսանկարները, որոնց տարբեր անկյուններում դեմքը դեպի պատը կանգնած են «մեծ պայթյունների կազմակերպիչները»: Բայց աշխատանքային օրվա ավարտին կարեւոր է հիշել, որ կորոնավիրուսն ամենաշատը վտանգավոր է տատիկ-պապիկների համար: Ու եթե որոշել եք չայցելել նրանց՝ իրենց իսկ անվտանգությունից ելնելով, հարկ է զանգել (նաեւ տեսազանգով) ու պատմել անձնական ստեղծագործական հաջողությունների մասին. դա ամենից լավ կանեն հենց երեխաները: Դա էլ ծնողներին եւս մի քանի րոպե, որ սուրճ պատրաստեն:
19:43 - 18 մարտի, 2020
Արտադրամասում աշխատած իտալացին ջերմիջեցնող դեղերով ԱՆ-ից թաքցրել է վիճակը․ Նիկոլ Փաշինյան

Արտադրամասում աշխատած իտալացին ջերմիջեցնող դեղերով ԱՆ-ից թաքցրել է վիճակը․ Նիկոլ Փաշինյան

Շենգավիթի արտադրամասում վարակը սկսվել է Իտալիայից ժամանած իտալացուց, որը թեև եղել է ԱՆ հսկողության տակ, սակայն ջերմիջեցնող դեղերի միջոցով թաքցրել է իրական վիճակը, մեկ-երկու օր անցկացրել է արտադրամասում, ապա հեռացել։ Այս մասին հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։«Առաջին դեպքը, որ մարտի 1-ին ունեցանք, Իրանի ճյուղն էր, այդտեղ զարգացում ունեցանք ընդամենը երեք դեպք, և սա ոչ այնքան մեր գործողությունների շնորհիվ, որքան այդ քաղաքացու պատասխանատու մոտեցման, որ ինքը հստակ հետևել էր ԱՆ հրահանգին և արագ ահազանգել էր։ Մեզ էլ հաջողվեց արագ մեկուսացնել»,- նշեց վարչապետը՝ ավելացնելով, որ ցավոք, մյուս դեպքերում մի փոքր այլ իրավիճակ ունեցանք, և վարակն ավելի ընդլայնված տարածվեց։«Այնուամենայնիվ, մեր մարտավարությունը, երբ որ Էջմիածնում կարողացանք որոշակիորեն կայունացնել, հիմա հույս ունենք, որ արտադրամասում ևս կկայունացնենք։ Այսինքն՝ նոր ճյուղերի զարգացում այս պահին չոունենք, բայց համաճարակը նրանով է համաճարակ, որ անկանխատեսելիության և անորոշության մեծ դաշտ է պարունակում։ Եվ եթե տեսնենք, որ այս մեթոդն այլևս անիմաստ է, մենք ունենք պայքարի երկրորդ, երրորդ տարբերակները»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։Վարչապետի խոսքերով՝ 102 դեպքից 75 տոկոսը երկու աղբյուրից են․ առաջինը՝ Էջմիածնի միջադեպի հետ կապված մարդիկ, երկրորդը՝ արտադրամասի։ «Մենք ասել ենք, որ արտադրամասը գտնվում է Երեւանի Շենգավիթ համայնքում, Իտալիայի հետ կապ ունեցող արտադրամաս է, իտալացի գործընկերը, որը պետք է ժամաներ, ժամանել է, ընդ որում՝ ԱՆ հսկողության տակ: Ցավոք, նա ջերմիջեցնող դեղերի միջոցով թաքցրել է իրական վիճակը, մեկ-երկու օր անցկացրել է արտադրամասում, ապա հեռացել»,- պարզաբանեց նա։
19:40 - 18 մարտի, 2020
Տեղի է ունեցել պարետատան երկրորդ նիստը

Տեղի է ունեցել պարետատան երկրորդ նիստը

ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ մարտի 18֊ին տեղի է ունեցել պարետատան երկրորդ նիստը։ «Հարգելի՛ գործընկերներ, Այսօր տեղի է ունենում պարետատան երկրորդ հավաքը: Հիմնականում կքննարկենք գործող դրությունը և նաև այն հանձնարարականների կատարման ընթացքը, որոնք արդեն իսկ տրվել են: Գիտեք դեռևս երկու օր առաջ արտակարգ դրություն է հայտարարվել  և նույն օրը ՀՀ ամբողջ տարածքում սահմանափակումներ են կիրառվել հավաքների, մասնավորապես հարսանիքների, նշանդրեքների, նույնիսկ հոգեհանգիստների ու հուղարկավորությունների առումով: Եվ պետք է նաև գնահատենք այդ սահմանափակումների արդյունավետությունը: Կարծում եմ ամեն մարզպետ ամեն մարզում, ամեն համայնքում իրականացվող միջոցառումների մոնիտորինգը պետք է իրականացնի: Մենք, իհարկե, կլսենք պարոն Թորոսյանին կորոնավիրուսի վարակի տարածման դեմ իրականացվող կանխարգելիչ միջոցառումների մասով, ինչպես նաև կլսենք նոր առաջարկներ, որոնք կքննարկենք և կկայացնենք համապատասխան որոշումներ»: Այնուհետև Առողջապահության նախարարը ներկայացրել է վերջին զարգացումները կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում և թարմ վիճակագրությունը: Նիստի ընթացքում մանրամասն քննարկվել է համաձայն պարետի ցուցումի հանրային տրանսպորտի երթուղիներում շահագործվող տրանսպորտային միջոցների, ավտոկայանների և Երևանի մետրոպոլիտենի ախտահանման աշխատանքների կազմակերպման հարցը: Անդրադարձ է կատարվել փակ տարածություններում գործող խոշոր առևտրային օբյեկտներում կանխարգելիչ գործողություններին: Պարետը նշել է, որ այդ օբյեկտների աշխատակիցները պետք է ապահովվեն բժշկական դիմակներով և ախտահանիչ նյութերով, տարածքները պարբերաբար ախտահանվեն և սանիտարական անհրաժեշտ պայմանները պահպանվեն, ինչպես նաև բացառվեն մարդկանց կուտակումները: Պարետի ցուցումների կատարման վերահսկողությունը մարզերում դրվել է մարզպետերի, իսկ Երևանում՝ քաղաքապետի վրա: Պարետը նաև կոչ է արել նիստի մասնակիցներին հնարավորինս խրախուսել արտակարգ դրության ժամանակ բնակչությանը էլեկտրոնային կառավարման գործիքների միջոցով ծառայությունների մատուցումը և ապահովել դրանց  մասին իրազեկվածությունը:
18:56 - 18 մարտի, 2020