ՊԵԿ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն 2008-2014 թթ. և 2016 թ. մարտի 1-ից գործող հանրապետական գործադիր մարմին է, որն իր իրավասության սահմաններում ապահովում է պետական բյուջեի մուտքերը և հարկային ու մաքսային վարչարարությունը։ Կոմիտեում գործում են հարկային և մաքսային ծառայությունները։

Ներկայումս, Պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնը զբաղեցնում է Էդվարդ Հովհաննիսյանը։

ՊԵԿ-ում կիրառվող վերլուծական մոդելներն արժանացել են ՀԲ-ի ներկայացուցիչների ուշադրությանը

ՊԵԿ-ում կիրառվող վերլուծական մոդելներն արժանացել են ՀԲ-ի ներկայացուցիչների ուշադրությանը

Պետական եկամուտների կոմիտեի և Համաշխարհային բանկի ներկայացուցիչները տեսակոնֆերանսի միջոցով քննարկել են արհեստական բանականության և մեքենայացված ուսուցման կիրառմամբ ռիսկերի վերլուծություն իրականացնելու և հարկային ստվերը բացահայտելու հնարավորությունները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ Համաշխարհային բանկի կողմից կազմակերպված տեսակոնֆերանսի ժամանակ ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը ներկայացրել է ՊԵԿ-ում ներդրված էլեկտրոնային կառավարման համակարգերը։ Նա տեղեկացրել է, որ կոմիտեն տնտեսվարող սուբյեկտների կողմից իրականացված գործարքների մասին տեղեկատվությունն ստանում է բացառապես էլեկտրոնային եղանակով` առանց տնտեսվարողներին լրացուցիչ ծանրաբեռնելու: Բացի այդ գործում են այլ գերատեսչությունների հետ տվյալների փոխանակման սխեմաներ։ Միքայել Փաշայանը ներկայացրել է հավաքագրվող տվյալների վերլուծության և մեքենայացված ուսուցման բաղադրիչների կիրառմամբ ստացված արդյունքների հստակ օրինակներ, որոնք վերաբերել են հարկ վճարողների փոխկապակցվածությանը, ստվերի բացահայտմանը և ապրանքների հետագծելիությանը։ Նա հայտնել է, որ տեղեկատվական բազաների տվյալների հիման վրա Հայաստանի ամերիկյան համալսարանի հետ համատեղ մշակվել է մեքենայական ուսուցման և արհեստական բանականության տարրերով վերլուծական մոդել, որը հնարավորություն է տալիս առավել արդյունավետ հայտնաբերել ռիսկային հարկ վճարողներին և կազմակերպել նրանց նկատմամբ թիրախավորված վերահսկողություն։ Կոնֆերանսի մասնակիցները բարձր են գնահատել նշված ուղղություններով ՊԵԿ-ում իրականացված աշխատանքները։  
15:03 - 29 հոկտեմբերի, 2020
ՊԵԿ-ը ներկայացրել է ռազմական դրության ժամանակահատվածում սահմանված հարկային արտոնություններ

ՊԵԿ-ը ներկայացրել է ռազմական դրության ժամանակահատվածում սահմանված հարկային արտոնություններ

Պետական եկամուտների կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որում ներկայացրել է ռազմական դրության ժամանակահատվածում սահմանված հարկային արտոնությունները:  «Պետությանն աջակցողներին կօգնի նաև պետությունը: Պատերազմի օրերին մեկ նպատակի` հաղթանակի շուրջ համախմբված անհատներն ու կազմակերպությունները Հայաստան օժանդակություն ուղարկելիս կարող են չմտածել հարկեր վճարելու մասին: Պետությունը կազատի նրանց այդ հոգսից: Հոկտեմբերի 23-ից ուժի մեջ է մտել «Ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ սահմանելու մասին» ՀՀ օրենքը, որով սահմանված արտոնությունները վերաբերելու են սեպտեմբերի 27-ից հետո կատարված աջակցություններին: Ըստ օրենքի, նվիրատվությունը պետք է կատարվի 5 գերատեսչություններից որևէ մեկին` պաշտպանության, արտակարգ իրավիճակների, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության կամ առողջապահության նախարարությանը: Ի դեպ, սա վերաբերում է Եվրասիական տնտեսական միությունից կատարված ներկրումներին: Երրորդ երկրներից ներմուծումների պարագայում արդեն վաղուց հարկային արտոնություն է գործում՝ հրաժարում հօգուտ պետությանը ընթացակարգի դեպքում: Որպեսզի արտոնությունը կիրառվի, ԵԱՏՄ միասնական օրենսդրության պահանջով պետք է, այնուամենայնիվ, ներկայացնել ներմուծման հարկային հայտարարագիր և անուղղակի հարկերը վճարված լինելու վերաբերյալ հայտարարություն: Կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները պետք է նաև հաշվարկային փաստաթղթեր դուրս գրեն ստացող նախարարություններին, որոնք էլ պետք է վավերացնեն փաստաթուղթը: Ֆիզիական անձանց դեպքում արտոնությունից օգտվելու կարգն այլ է: Եթե ռազմական դրության օրերին անձը սահմանված չափաքանակներից շատ ապրանք ներմուծի Հայաստան և նվիրաբերի պետությանը, ապա այդ գերազանցող մասի համար ստիպված չի լինի հարկեր վճարել: Ռազմա­կան դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ են նախատեսված նաև երրորդ երկրներից ներմուծումների և տեղական արտադրողների համար: Հարկային արտոնության մյուս խումբը վերաբերում է պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներին: Օրինակ` շշալցված և հանքային ջրերը կամ այլ ապրանքատեսակներ այս օրերին հնարավոր է պետությանն անհատույց օտարել` առանց պիտակավորման: Թե որ ապրանքները պետությանն անհատույց տրամադրելիս հարկեր չեն գանձվի, հնարավոր կլինի իմանալ Կառավարության սահմանած ցանկով: Մինչ այդ հարկային արտոնությունը գործում է սեպտեմբերի 27-ից հետո պետությանը նվիրաբերված բոլոր ապրանքների դեպքում: Տնտեսվարողները, ովքեր սեպտեմբերի վերջին օրերին ներմուծած և մինչև այս օրենքի ընդունվելը պետությանն անհատույց տրամադրած ապրանքների համար արդեն կատարել են հարկային պարտավորությունները, պետք է գործարքը ճշգրտեն` էլեկտրոնային եղանակով հայտարարագիր ներկայացնելով: Էլեկտրոնային այս ընթացակարգերին տնտեսվարողները քաջատեղյակ են: Պետական եկամուտների կոմիտեի մասնագետները պատրաստ են մանրամասն տեղեկատվություն տրամադրել նաև ֆիզիկական անձանց: Քայլերի հաջորդականությունը կարելի է իմանալ` զանգահարելով ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոն. 060 544 444 08000 0007»:   
17:12 - 28 հոկտեմբերի, 2020
ՊԵԿ-ը հորդորում է հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված գումարի չափով վճարված եկամտային հարկի գումարների վերադարձման դիմումները ներկայացնել էլեկտրոնային եղանակով

ՊԵԿ-ը հորդորում է հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված գումարի չափով վճարված եկամտային հարկի գումարների վերադարձման դիմումները ներկայացնել էլեկտրոնային եղանակով

Պետական եկամուտների կոմիտեն քաղաքացիներին դարձյալ հորդորում է հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված գումարների չափով վճարված եկամտային հարկի գումարների վերադարձման դիմումը, ինչպես նաև ֆինանսական կազմակերպություններից ստացած տեղեկանքը հարկային մարմին ներկայացնել բացառապես էլեկտրոնային եղանակով: Կորոնավիրուսի (COVID-19) տարածմամբ պայմանավորված` ստորագրված ու սկանավորված դիմումը և տեղեկանքը պետք է ուղարկել  ձեռք բերված կամ կառուցվող անշարժ գույքի հասցեն սպասարկող սպասարկման բաժնի էլեկտրոնային հասցեին (ցանկալի է նույնաբովանդակ տեղեկատվությունը ներկայացնել մեկ անգամ): Այս մասին տեղեկացնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Նշենք, որ հարկ վճարողների սպասարկման բաժինների էլեկտրոնային հասցեները հրապարակվել են դեռևս հունիսին և տեղադրվել ՊԵԿ պաշտոնական կայքում: Բացառություն են առաջին անգամ ներկայացվող դիմումները: Այս դեպքում՝ ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված կարգով պահանջվող փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել փոստային ծառայության միջոցով:  Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործընթացն իրականացվելու է բացառապես հեռահար, աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով` առաջարկվում  է վերոնշյալ դիմումը ներկայացնել այն դեպքում, երբ. 1․ առկա է ֆինանսական կազմակերպությունների կողմից տրամադրված տոկոսագումարների վերաբերյալ ստորագրված և սկանավորված տեղեկանքը (պարտադիր ստուգել վճարված գումարի ճշտությունը), 2․ գործատուների կողմից եկամտային հարկի և սոցիալական վճարի` տվյալ եռամսյակին վերաբերող ամսական հաշվարկները ներկայացված են և վճարված։Համավարակով պայմանավորված՝ ՊԵԿ-ը կոչ է անում հնարավորինս հետևել սահմանափակումներին և հորդորում՝ փաստաթղթերը հարկային մարմին ներկայացնել բացառապես էլեկտրոնային եղանակով կամ անհրաժշետության դեպքում՝ փոստային առաքմամբ: Պետական եկամուտների կոմիտեն վստահեցնում է, որ բոլոր դիմումներն առանց խնդիրների ստացվում և ժամանակին ուսումնասիրվում են: Ուստի հարկային մարմնի սպասարկման սրահների աշխատանքային ծանրաբեռնվածությունը հաշվի առնելով` հեռախոսազանգերի միջոցով գումարի վերադարձման վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար նորից դիմելու անհրաժեշտություն չկա: ՊԵԿ-ը հավաստիացնում է` գումարները կվերադարձվեն հնարավորինս արագ։ Ստորև ներկայացվում են ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչության սպասարկման բաժինների էլեկտրոնային հասցեները և դիմումների օրինակելի ձևերը: 2015թ. ապրիլի 2-ի N184-Ն հրամանով սահմանված դիմում 2018թ. ապրիլի 20-ի N278-Ա հրամանով սահմանված դիմում Սպասարկման բաժինների էլեկտրոնային հասցեներ
22:43 - 23 հոկտեմբերի, 2020
Իրազեկում ռազմական դրության ժամանակահատվածում սահմանված հարկային արտոնությունների վերաբերյալ

Իրազեկում ռազմական դրության ժամանակահատվածում սահմանված հարկային արտոնությունների վերաբերյալ

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՀՀ ԱԺ կողմից 2020թ. հոկտեմբերի 21-ին ընդունվել է «Ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ սահմանելու մասին» ՀՀ օրենքը, որով սահմանվել են հարկային արտոնություններ: Օրենքն ուժի մեջ է պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից և տարածվում է 2020թ. սեպտեմբերի 27-ից հետո ծագած հարաբերությունների վրա:  Արտոնությունները վերաբերում են ռազմական դրության ժամանակահատվածում ՀՀ պաշտպանության, արտակարգ իրավիճակների, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և (կամ) առողջապահության նախարարություններին ապրանքների անհատույց (նվիրատվությամբ) մատակարարումներին՝ 1) ռազմական դրության ժամանակահատվածում ԵԱՏՄ անդամ հանդիսացող պետություններից Կառավարության սահմանած ցանկում ներառված ապրանքների ներմուծումն ազատվում է ԱԱՀ-ից, ակցիզային հարկից և բնապահպանական հարկից, եթե այդ ապրանքներն անհատույց (նվիրատվությամբ) մատակարարվում են վերոնշյալ նախարարություններին,  2) ռազմական դրության ժամանակահատվածում Կառավարության սահմանած ցանկում ներառված ապրանքների անհատույց (նվիրատվությամբ) մատակարարման գործարքներին վերագրվող ձեռքբերումների մասով ԱԱՀ-ի գումարները ենթակա են հաշվանցման՝ ԱԱՀ վճարողներն այդ ձեռքբերումների մասով հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարների նվազեցումներ և (կամ) վերաձևակերպումներ չեն կատարում, 3) օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` 10 օրվա ընթացքում Կառավարությունը կսահմանի ապրանքատեսակների ցանկը, որոնց մասով պետք է կիրառվեն նշված կարգավորումները, իսկ 2020թ. սեպտեմբերի 27-ից մինչև ցանկի սահմանումը դրանք կիրառվելու են ՀՀ պաշտպանության, արտակարգ իրավիճակների, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և (կամ) առողջապահության նախարարություններին անհատույց (նվիրատվությամբ) մատակարարված բոլոր ապրանքների մասով, 4) ապրանքների անհատույց (նվիրատվությամբ) մատակարարումների փաստը հավաստվում է կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի կամ նոտարների կողմից սահմանված կարգով դուրս գրված` ստացող նախարարության կողմից վավերացված հաշիվ վավերագրերով, իսկ անհատ ձեռնարկատեր չհամարվող ֆիզիկական անձանց մասով՝ կողմերի միջև օրենսդրությամբ սահմանված կարգով կազմված այլ փաստաթղթերով, 5) կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ռազմական դրության ժամանակահատվածում ՀՀ պաշտպանության, արտակարգ իրավիճակների, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և (կամ) առողջապահության նախարարություններին անհատույց (նվիրատվությամբ) մատակարարվող դրոշմավորման ենթակա ապրանքներն ակցիզային դրոշմանիշներով կամ դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա չեն: Ռազմական դրության ժամանակահատվածում դրոշմավորված ապրանքներ հանձնելու դեպքում դրա վերաբերյալ համապատասխան նշում է կատարվում անհատույց (նվիրատվությամբ) մատակարարումների փաստը հավաստող փաստաթղթում։ Օրենքով սահմանված կարգավորումների կիրառման առումով Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ԵԱՏՄ անդամ հանդիսացող պետություններից ապրանքների ներմուծման մասով մինչև ապրանքները ներմուծելու (ՀՀ պետական սահմանը հատելու) օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ հարկային մարմին պետք է ներկայացվեն` -կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծման հարկային հայտարարագիր, ապրանքների ներմուծման և անուղղակի հարկերի վճարման մասին հայտարարություն,  -անհատ ձեռնարկատեր չհամարվող ֆիզիկական անձանց կողմից ներմուծման հարկային հայտարարագիր Կառավարության 13.02.2020թ. N171-Ն որոշմամբ սահմանված ակնհայտ առևտրային չափաքանակները գերազանցող ապրանքների մասով։ Ապրանքների ներմուծման մասով արտոնության կիրառումը հիմնավորելու նպատակով հարկային մարմին ներկայացվող ներմուծման հարկային հայտարարագրին անհրաժեշտ կլինի կցել հարկ վճարողի կողմից սահմանված կարգով դուրս գրված (կազմված)` ստացող նախարարություն կողմից վավերացված հաշվարկային փաստաթուղթը:  Պետական եկամուտների կոմիտեն պատրաստակամություն է հայտնում աշխատանքային կարգով օժանդակել հարկ վճարողներին և ֆիզիկական անձանց՝ արտոնության կիրառման շրջանակում հայտարարագիր ներկայացնելու կարգի և պայմանների հետ կապված բոլոր հարցերում:   Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հեռախոսազանգերի կենտրոն՝ 060 544 444 կամ 0 8000 0007 հեռախոսահամարներով։ 
18:12 - 22 հոկտեմբերի, 2020
2020թ. սեպտեմբերին գրանցվել է աշխատատատեղերի ամենաբարձր ցուցանիշը. ՊԵԿ

2020թ. սեպտեմբերին գրանցվել է աշխատատատեղերի ամենաբարձր ցուցանիշը. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից հարկային մարմին ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկներում արտացոլված տվյալների հիման վրա, ամփոփվել են 2020 թվականի սեպտեմբեր ամսվա ցուցանիշները: Այս մասին հայտնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ Մասնավորապես, 2020 թվականի սեպտեմբերի տվյալներով` եկամուտ (հարկման բազա) ապահոված աշխատատեղերի թվաքանակը կազմել է շուրջ 632 հազար, որը 2020 թվականի օգոստոսի համեմատ՝ ավելի է շուրջ 14 հազարով, իսկ 2019 սեպտեմբեր ամսվա համեմատությամբ` 15.6 հազարով: Միաժամանակ, 2020 թվականի սեպտեմբերին՝ նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ աճել է նաև ընդհանուր հայտարարագրված եկամուտը (հարկման բազան)` կազմելով շուրջ 126 մլրդ դրամ` նախորդ տարվա 114.6 մլրդ դրամի փոխարեն: Դրան զուգահեռ` 2020 թվականի սեպտեմբեր ամսին` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է նաև մեկ աշխատատեղին բաժին ընկնող եկամուտը (հարկման բազան),  կազմելով շուրջ 199 հազար դրամ` նախորդ տարվա 186 հազար դրամի փոխարեն: Հատկանշական է, որ 2020 թվականի սեպտեմբեր ամսվա համար եկամուտ ապահոված աշխատատեղերի թիվն աննախադեպ է և Հայաստանի Հանրապետության վիճակագրական պատմության մեջ արձանագրված ամենաբարձր ցուցանիշն է: Հարկային մարմինն իր գոհունակությունն է հայտնում շարունակաբար կարգապահ վարքագիծ դրսևորող հարկ վճարողներին և ողջունում՝ ստվերային տնտեսության կրճատմանն ուղղված համատեղ քայլերի արդյունքները: Կոմիտեն, միաժամանակ հիշեցնում է, որ ցանկացած գրանցված աշխատատեղ ձևավորում է լրացուցիչ հարկային եկամուտ, որը նպաստում է երկրի անվտանգության ապահովմանը:
16:37 - 21 հոկտեմբերի, 2020
ՊԵԿ-ը հորդորում է հարկ վճարողներին վճարել դրոշմանիշային վճարի գծով պարտավորությունները

ՊԵԿ-ը հորդորում է հարկ վճարողներին վճարել դրոշմանիշային վճարի գծով պարտավորությունները

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ տեղեկատվական բազայում առկա տվյալների համաձայն՝ բազմաթիվ հարկ վճարողներ ունեն դրոշմանիշային վճարի գծով պարտավորություններ: Դրոշմանիշային վճարը զինծառայողների կյանքին և առողջությանը պատճառված վնասների հատուցումն ապահովելու նպատակով օրենքով սահմանված կարգով և չափով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարվող պարտադիր վճար է, որի վճարման պարտականությունը կատարվում է յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանում «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքով սահմանված չափով։ Հաշվի առնելով երկրում ստեղծված իրավիճակը և հայտարարված ռազմական դրությունը՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հորդորում է հարկ վճարողներին վճարել դրոշմանիշային վճարի գծով առկա պարտավորությունները: Հակառակ դեպքում կոմիտեն ստիպված կլինի իրականացնել վարչարարություն։
17:11 - 20 հոկտեմբերի, 2020
Խոշոր հանքարդյունաբերողների մի մասի հարկերը զգալի նվազել են |hetq.am|

Խոշոր հանքարդյունաբերողների մի մասի հարկերը զգալի նվազել են |hetq.am|

hetq.am: Հայաստանի գերխոշոր տասը հարկատուներից երկուսն այս տարվա ինն ամիսների տվյալներով (2020թ. հունվար-սեպտեմբեր) հանքարդյունաբերության ոլորտից են։ Հանքարդյունաբերողների ենք հանդիպում նաև խոշորների ցանկի ավելի ցածր հորիզոնակններում։ Ընդհանուր առմամբ, ինն ամիսների տվյալներով հինգ հանքարդյունաբերողների դեպքում է հարկերի ծավալը գերազանցել 1 մլրդ դրամը։  Նրանցից երեքի հարկերը զգալի նվազել են, երկուսինն՝ աճել։ Ոլորտի առաջին հինգ խոշոր հարկատուներն են «Զանգեզուրի պղնձամոիլբդենային կոմբինատը», «Գեոպրոմայնինգ գոլդը», «Թեղուտը», «Չաարատ Կապանը» և «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը»։ Քաջարանի հանքավայրը շահագործող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն հունվար-սեպտեմբերին հանրապետության 1000 խոշոր հարկատուների ցանկում զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը։ Ընկերության հարկերը զգալի պակասել են։  Ինն ամսում պետական բյուջե է վճարել 31.1 մլրդ դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 22.9%-ով կրճատվել է։ Երկրորդ խոշոր հանքարդյունաբերող հարկատուն «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ-ն է։ Այն շահագործում է Հայաստանի ոսկու ամենամեծ՝ Սոթքի հանքավայրը, որը գտնվում է Գեղարքունիքի մարզում։ Ընկերությունն այս տարվա հունվար-սեպտեմբերին վճարել է 16.3 մլրդ դրամի հարկ, որը նախորդ տարվա նույն ամիսների համեմատ աճել է 29.9%֊ով։ 1000 խոշոր հարկատուների ցանկում «Գեոպրոմայնինգ Գոլդը» 4-րդ տեղում է։ Հանքարդյունաբերության երրորդ խոշոր հարկատուն «Թեղուտ» ՓԲԸ-ն է։ Շահագործում է Լոռու մարզի Թեղուտի հանքավայրը։ Վճարել է 2.9 մլրդ դրամի հարկ, աճը՝ 5.5 անգամ։ Հանքավայրը շահագործվել է 2014 դեկտեմբերից մինչև 2018 թվականը։ Դրանից հետո՝ շուրջ  1.5 տարի դադար է եղել, որն, ըստ ընկերության հայտարարությունների, պայմանավորված էր հարստացուցիչ կոմբինատի ամբողջական վերագործարկման նախապատրաստական աշխատանքներով։ Հարստացուցիչ կոմբինատն ամբողջությամբ վերագործարկվել է 2019 թ. հուլիսին, որից հետո աճել են ինչպես արդյունահանման, այնպես էլ՝ հարկերի ծավալները։  «Թեղուտը» 1000 խոշոր հարկատուների ցանկում զբաղեցրել է 42-րդ հորիզոնականը։   «Չաարատ Կապան» ՓԲ ընկերությունը (նախկինում՝ «Կապանի լեռնահարստացման կոմբինատ») ևս խոշոր հարկատուներից է։ Ընկերությունը խոշորների ցանկում այս տարվա հունվար-սեպտեմբերին զբաղեցրել է 117-րդ տեղը՝ 1.15 մլրդ դրամի հարկերով։ Ընկերության հարկերը կրկնակի նվազել են։ «Չաարատ Կապանը» շահագործում է Սյունիքի մարզի Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրը։ Արտադրում է պղնձի և ցինկի խտանյութեր՝ ոսկու և արծաթի պարունակությամբ: Շարունակությունը՝ hetq.am-ում
15:38 - 19 հոկտեմբերի, 2020
ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն ընդւոնել է ԵՏՀ տնտեսական և ֆինանսական հարցերով կոլեգայի անդամ Տիմուր Ժակսիլիկովին

ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն ընդւոնել է ԵՏՀ տնտեսական և ֆինանսական հարցերով կոլեգայի անդամ Տիմուր Ժակսիլիկովին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տնտեսական և ֆինանսական հարցերով կոլեգիայի անդամ, նախարար Տիմուր Ժակսիլիկովին: Հանդիպման ընթացքում քննարկվել է հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես, քննարկվել է ԵԱՏՄ շրջանակում փոխադարձ առևտրի ֆիսկալ մոնիթորինգի էլեկտրոնային միասնական հարթակի ստեղծման գաղափարը, որի հիմքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ներկայացրած «Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթերի և այլ ուղեկցող փաստաթղթերի փոխադարձ ճանաչման» նախագիծն է։ ԵԱՏՄ շրջանակում փոխադարձ առևտրի ֆիսկալ մոնիթորինգի էլեկտրոնային միասնական հարթակը հաջողությամբ գործարկելու դեպքում բիզնես գործընթացների փաստաթղթավորումը կտեղափոխվի էլեկտրոնային միասնական հարթակ, և կպարզեցվի ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափ կիրառելու գործընթացը։ Հանդիպմանը քննարկվել են նաև ԵԱՏՄ շրջանակում էլեկտրոնային ծառայությունների մատուցման դեպքում անուղղակի հարկերի  հաշվարկման մեխանիզմները։ Այդ նպատակով նախատեսվում է ներդնել հարթակ, որի միջոցով էլեկտրոնային ծառայություններ մատուցող ոչ ռեզիդենտները կստանան Հայաստանի Հանրապետությունում  հաշվառվելու և հաշվարկներ ներկայացնելու հնարավորություն։ ՀՀ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը բարձր է գնահատել ՀՀ ՊԵԿ-ի և ԵՏՀ-ի համատեղ աշխատանքները: Կոմիտեի ղեկավարը պատրաստակամություն է հայտնել ակտիվ ներգրավել ՊԵԿ փորձագետներին ստեղծվող էլեկտրոնային համակարգերի՝ ԵԱՏՄ-ում ապրանքների հետագծելիության, ինչպես նաև ֆիսկալ մոնիթորինգի նախագծերի աշխատանքային խմբերում։ Հանդիպման արդյունքում, բարձր գնահատելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեում կիրառվող էլեկտրոնային համակարգերի արդյունավետությունը, Տ. Ժակսիլիկովն առաջարկել է քննարկել էլեկտրոնային այդ հարթակում ԵԱՏՄ շրջանակում նոր համակարգերի ստեղծման և փորձարկման հնարավորությունը: Կողմերը պատրաստակամություն են հայտնել ակտիվացնել ՀՀ ՊԵԿ և ԵՏՀ միջև համագործակցությունը` փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նախագծերի իրականացման համար:
11:43 - 09 հոկտեմբերի, 2020
Մաքսային վճարները 2020թ. ընթացքում նվազել են` հիմնականում տրանսպորտային միջոցների ներկրման մեծ ծավալների բացակայության պատճառով. ՊԵԿ

Մաքսային վճարները 2020թ. ընթացքում նվազել են` հիմնականում տրանսպորտային միջոցների ներկրման մեծ ծավալների բացակայության պատճառով. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն ամփոփել է 2020թ. 9 ամիսների հարկային եկամուտների ցուցանիշները: Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում պետական բյուջե է հավաքագրվել 1 տրիլիոն 16.8 մլրդ դրամ գումար: Օրենքով սահմանված ծրագրային ցուցանիշներով  2020թ. 9 ամիսների համար նախատեսված է եղել 999.1 մլրդ դրամ: Ինչպես  տեղեկացրին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, միայն հարկային մարմինների կողմից հավաքագրված հարկային եկամուտները կազմել են 916.7 մլրդ դրամ` ի տարբերություն 2019թ. նույն ժամանակահատվածի 901.6 մլրդ դրամի: Մաքսային մարմինների կողմից հավաքագրված եկամուտները կազմել են 199 մլրդ դրամ` 2019թ. համադրելի 266.8 մլրդ դրամի փոխարեն: Տնտեսվարողներին վերադարձված գումարը կազմել է 98.9 մլրդ դրամ` 2019թ. նույն ժամանակահատվածում վերադարձված 90.2 մլրդ դրամի փոխարեն: «Չնայած համավարակի ազդեցությանը և տնտեսական զարգացումների վերաբերյալ բացասական կանխատեսումներին, ինչպես նաև ՀՀ կառավարության կողմից տնտեսության համար տրամադրված մեծածավալ արտոնություններին` հարկային եկամուտների ծավալն ավելացել է, ինչը չենք կարող ասել մաքսային վճարների վերաբերյալ, որոնք 2020թ. ընթացքում նվազել են` հիմնականում տրանսպորտային միջոցների ներկրման մեծ ծավալների բացակայության պատճառով: Չնայած ստեղծված անհարմարություններին, միաժամանակ ոչ պակաս կարևորելով տնտեսական կայունության ապահովման անհրաժեշտությունը` կոմիտեն շարունակում է իր անտեսանելի վարչարարությունը և վերահսկողությունը: Ստուգումներ են իրականացվում այն տնտեսվարողների մոտ, ովքեր փորձում են օգտվել ստեղծված իրավիճակից: Պետական եկամուտների կոմիտեն հարկ է համարում ևս մեկ անգամ ընդգծել յուրաքանչյուր տնտեսվարողի օրինապահ վարքագծի կարևորությունը, առավել ևս ստեղծված իրավիճակում, երբ առկա մարտահրավերները բոլորիս պարտադրում են համախմբվել և հաղթական քայլերով կերտել մեր երկրի ապագան»,- ասվում է հաղորդագրության մեջ:
18:56 - 07 հոկտեմբերի, 2020
ՊԵԿ-ը հորդորում է որպես օժանդակություն Հայաստան ապրանք ուղարկելիս հետևել մաքսային ծառայողների ցուցումներին

ՊԵԿ-ը հորդորում է որպես օժանդակություն Հայաստան ապրանք ուղարկելիս հետևել մաքսային ծառայողների ցուցումներին

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ վերջին օրերին օտարերկրյա տարբեր երկրներից ցամաքային և օդային ճանապարհներով որպես օժանդակություն Հայաստան են ուղարկվում աննախադեպ քանակությամբ ապրանքներ: Արցախի և Հայաստանի  Հանրապետության սահմանների նկատմամբ Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած ռազմական գործողությունները կրկին համախմբել են աշխարհի հայությանը, որը ջանք և եռանդ չի խնայում` հնարավոր բոլոր միջոցներով սատար կանգնելու հայոց բանակին և հայ զինվորին: Ողջունելով և բարձր գնահատելով համայն հայության դրսևորած հոգատարությունը, կարևորելով ստացված միջոցների` ըստ նպատակի օգտագործումը` ՀՀ պետական եկամուտների կոմիտեի, Պաշտպանության, Արտակարգ իրավիճակների և Առողջապահության նախարարությունների կողմից ստեղծվել է աշխատանքային խումբ` որպես օգնություն ՀՀ ուղարկված ապրանքները հավաքագրելու, ըստ առաջնային նշանակության ու նպատակային դրանք տեղաբաշխելու աշխատանքները համակարգելու համար: Հետագա հնարավոր խնդիրներից խուսափելու նպատակով ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հորդորում է մեր հայրենակիցներին ապրանքները Հայաստան տեղափոխելիս խստորեն պահպանել դրանք ստանալու, պատկան մարմիններին հանձնելու կարգը` հետևելով մաքսային ծառայողների համապատասխան ցուցումներին:
12:35 - 07 հոկտեմբերի, 2020
Սփյուռքից Հայաստան օգնություն ուղարկելու որևէ խոչընդոտ չկա․ ազատամարտիկի դժգոհության հետքերով |fip.am|

Սփյուռքից Հայաստան օգնություն ուղարկելու որևէ խոչընդոտ չկա․ ազատամարտիկի դժգոհության հետքերով |fip.am|

fip.am: «Ֆիդայիներ» ՀԿ նախագահ Սեյրան Չիլինգարյանը ֆեյսբուքյան իր էջում դժգոհել էր, որ ազատամարտիկների համար Ֆրանսիայից դեղեր են ուղարկել, սակայն մաքսակետում խնդիրներ են ստեղծում։ «Ամոթ ձեզ, եթե պետք է այս օրով օրենք ման գաք դեղերի վրա՝ ազատամարտիկի համար…»,- նշել էր նա։  Այս բողոք-հայտարարությունը, բացի սոցցանցերում ակտիվորեն տարածվելուց, հրապարակվել էր նաև որոշ կայքերում։ ՊԵԿ-ից պարզաբանում են՝ Սփյուռքից ուղարկված ցանկացած օգնություն անմիջապես, առանց խոչընդոտի տեղ է հասնում  Պետական եկամուտների կոմիտեի մամուլի խոսնակ Լուսինե Մկրտչյանը Fip.am-ի հետ զրույցում պնդեց, որ մաքսային մարմիններն ամեն ինչ անում են, որ ռազմաճակատի և բանակի համար ուղարկված օգնությունն օր առաջ տեղ հասնի։  «Ցանկացած օգնություն, որ գալիս է այս պատերազմական օրերին, անմիջապես արձագանք է ստանում։ Սփյուռքի գրասենյակի հետ համատեղ աշխատում ենք օրուգիշեր, օպերատիվ կազմակերպվում են մաքսային ձևակերպումները, որ գնան տեղ հասնեն, եթե դա նախատեսված է ռազմաճակատի համար։ Բայց եթե անձնական օգտագործման համար են, դեղ  ու դեղորայքն ունեն կարգավորում. երեք անուն դեղորայք-դեղից յուրաքանչյուրը 10 տուփ կարող է առանց ձևակերպման դուրս բերվել, մնացածը մաքսային ընթացակարգով է»,- ասաց նա։  ՊԵԿ խոսնակն անդրադարձավ նաև կոնկրետ տարածվող տեսանյութին և հաստատեց, որ նշված դեղորայքը՝ 5 կգ բեռով, դուրս է գրվել Ֆրանսիայից և փոստային կապի միջոցով ուղարկվել է դեռ սեպտեմբերի 23-ին, երբ պատերազմական իրավիճակ չէր էլ եղել։  «Մենք հայտարարություն ենք տարածել, որ փոստով Հայաստան եկած դեղերն ունեն հստակ ընթացակարգ, բայց դա էլ մի կողմ թողած, հաշվի առնելով, որ նման իրավիճակ է, և եկել հասել է, չենք ուզում խնդիր առաջացնել և էլի պատրաստ ենք բեռը տալ, եթե  Առողջապահության նախարարությունից թույլտվություն ներկայացվի։ Դեղորայքի հետ կապված ցանկացած վերահսկողություն Առողջապահության նախարարությունն է համակարգում՝ ի՞նչ դեղորայք է մտնում երկիր, ի՞նչ պարունակության, և տալիս համապատասխան թույլտվություն։ Մաքսայինի հետ այստեղ որևէ խնդիր չկա, եթե այդ անձը նշված թույլտվությունը կստանա և կներկայացնի, կստանա նաև բեռը։ Այսօր այդչափ արդեն գործընթացը պարզեցված է»,- ասաց նա։  Դեղերի ներկրումը կարգավորվում է կառավարության համապատասխան որոշմամբ Առողջապահության նախարարությունից Fip.am-ի հետ զրույցում ասացին, որ հանրապետության տարածք դեղեր, դեղանյութեր, դեղաբուսական հումք և հետազոտվող դեղագործական արտադրանք ներմուծելու և արտահանելու կարգը սահմանված է կառավարության N 202-Ն որոշմամբ։ Ընթացակարգի կարգավորման լիազոր մարմինը Առողջապահության նախարարությունն է։  Որոշման 51-րդ կետում նշվում է, որ դիմումատուի կողմից միջազգային փոստային առաքանիների միջոցով այլ երկրից ուղարկված բեռն ստանալու դեպքում մաքսային ծառայության ներկայացուցիչը «Մեկ պատուհան» էլեկտրոնային համակարգում մուտքագրում է ներմուծման մասին հայտ՝ կցելով լիազոր մարմնի նախնական թույլտվության պատճենը: Այս դեպքում խնդիրը բարձրացված անձից պահանջվել է Առողջապահության նախարարության թույլտվության պատճենը։  Ի դեպ, Առողջապահության նախարարությունից նաև հայտնեցին, որ բարձրացված խնդրի առնչությամբ իրենց հետ որևէ մեկը կապ չի հաստատել։ Սփյուռքի տարբեր համայնքներից հայրենիք օգնություն ուղարկելու ճշգրիտ ընթացակարգը  Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի Սփյուռքի ներուժի քարտեզագրման և ներգրավման վարչության ներուժի ներգրավման բաժնի ավագ մասնագետ Ամալյա Կարապետյանը Fip.am-ին ասաց, որ հնարավոր խնդիրներից խուսափելու համար պետք է համագործակցել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի հետ։  «Այս օրերին սփյուռքի տարբեր համայնքներից հայրենիք օգնություն ուղարկելիս հնարավոր խնդիրներից խուսափելու և ճշգրիտ ընթացակարգով առաջնորդվելու համար խնդրում ենք կապ հաստատել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հետ (հեռ.՝ (+37410) 58-91-55, էլ. փոստ` [email protected], ֆբ էջ): Օգնությունը կարող է հասցեագրվել ինչպես ՀՀ որոշ գերատեսչությունների, այնպես էլ ֆիզիկական անձանց կամ հասարակական կազմակերպությունների, և գործընթացը հնարավորինս անխոչընդոտ և համակարգված կազմակերպելու համար Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի հետ համագործակցությունն անհրաժեշտ է»,-նշում են հանձնակատարի գրասենյակից:  Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ Սփյուռքի տարբեր համայնքներից Հայաստան օգնություն ուղարկելու որևէ խոչընդոտ չկա։ Նելլի Լազարյան
21:03 - 06 հոկտեմբերի, 2020
ՊԵԿ-ը հորդորում է անվտանգության համար բեռնափոխադրումներն իրականացնել Բավրայի անցակետով

ՊԵԿ-ը հորդորում է անվտանգության համար բեռնափոխադրումներն իրականացնել Բավրայի անցակետով

Ելնելով անվտանգությունից՝ Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է հայկական պետհամարանիշներով տրանսպորտային միջոցների սահմանահատման համար ընտրել Հյուսիսային մաքսատուն-վարչության Բավրայի մաքսակետը՝ Բագրատաշենի մաքսակետի փոխարեն: Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հաշվի առնելով երկրում ստեղծված իրավիճակը, այս մասին պայմանավորավծություն է ձեռքբերվել նաև Վրաստանի կառավարության հետ, որպեսզի Վրաստանից Հայաստան ժամանող հայկական պետհամարանիշներով բեռնատարներն ուղղորդվեն Բավրայի մաքսակետ: «Տեղեկացնում ենք նաև, որ ՀՀ-ից՝ ներառյալ դեպի ԵԱՏՄ երկրներ արտահանումն իրականացնող հայկական պետհամարանիշներով բեռնատարները, որոնք արդեն իսկ ճանապարհին են կամ ունեն համակարգում գրանցված հայտարարագիր դեպի Բագրատաշեն, կկարողանան դուրս գալ այս անցակետով, իսկ մնացած բոլոր դեպքերում ՀՀ-ից հյուսիսային սահմանով ելքն իրականացվելու է Բավրայի անցակետով։ ՊԵԿ-ը ևս մեկ անգամ հորորդում է քաղաքացիներին ռազմական դրության պայմաններում լինել առավել զգոն և Հայաստան-Վրաստան ուղղություններով երթևեկելու համար ընտրել առավել անվտանգ ուղի»,- ասվում է հաղորդագրության մեջ:  
19:15 - 28 սեպտեմբերի, 2020