Սահմանադրական դատարան - ՍԴ

ՀՀ Սահմանադրական դատարան - Սահմանադրական արդարադատության բարձրագույն մարմինն է, որն ապահովում է Սահմանադրության գերակայությունը: Արդարադատություն իրականացնելիս Սահմանադրական դատարանն անկախ է և ենթարկվում է միայն Սահմանադրությանը:

ՀՀ Սահմանադրական դատարանը հիմնադրվել է 1996թ-ին և առաջին իսկ տարվանից անդամակցել Եվրախորհրդի «Ժողովրդավարություն` իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովին։

ՍԴ 7 անդամները չեն կարող լսել իրենց վերաբերյալ գործը, շեշտում է Վահե Գրիգորյանը |azatutyun.am|

ՍԴ 7 անդամները չեն կարող լսել իրենց վերաբերյալ գործը, շեշտում է Վահե Գրիգորյանը |azatutyun.am|

 azatutyun.am: Ապրիլի 5-ին հանրաքվե կանցկացվի Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և 6 անդամների հետագա պաշտոնավարման հետ կապված։ Սահմանադրական դատարանում ճգնաժամի մասին առաջին անգամ հայտարարեց Վահե Գրիգորյանը 2019 թվականի հունիսի 20-ին ՍԴ դատավորի պաշտոնը ստանձնելիս։ Հատված հարցազրույցից. Վահե Գրիգորյան. – Խորհրդանշորեն հենց հանրաքվեի տարբերակը ընտրելը ես շատ եմ կարևորում։ 24 տարի Հայաստանի Հանրապետության քաղաքացին բախել է էդ դատարանի դռները՝ իր քաղաքական ընտրության քվեն պաշտպանելու խնդրանքով, և 24 տարի հետո Սահմանադրական դատարանի անդամների պաշտոնավարման հետագա ճակատագիրը կախված է լինելու հենց էդ քաղաքացու քվեից։ Սահմանադրության փոփոխությունների նախագծերը, նախ, Սահմանադրական դատարանին ստուգմանը ուղարկելը, բնականաբար, անհրաժեշտություն է։ Այդ կանոնները նախատեսված են նաև Սահմանադրությամբ։ Ի դեպ, Հայաստանը շատ քիչ պետություններից մեկն է, որտեղ Սահմանադրության փոփոխությունների նախագծերը Սահմանադրական դատարանի ստուգմանը ներկայացնելը պարտադիր պահանջ է ըստ Սահմանադրության։ Բայց հիմա խնդրին պետք է մոտենալ հետևյալ կողմից. Նախագիծը երբ որ ներկայացվում է ստուգման, դրա նպատակը դատարանի կողմից մասնագիտական ստուգում անցկացնելն է՝ արդյո՞ք այդ նախագիծը հակասություններ չունի Սահմանադրության անփոփոխ և մի շարք այլ դրույթների հետ, մարդու իրավունքների ստանդարտների հետ։ Բայց արդյո՞ք Սահմանադրական դատարանը ի վիճակի է այդ նախագիծը ստուգել՝ մենք պիտի սկսենք էստեղից։ Արդյո՞ք մենք ունենք դատարան, որը կարող է ստուգել, մի կողմ թողնենք Սահմանադրական դատարանի անդամի և դատավորի տարբերության խնդիրը, պայմանականորեն եկեք ընդունենք, որ Սահմանադրական դատարանում 9 դատավոր են պաշտոնավարում այս պահի դրությամբ, արդյո՞ք մենք ունենք Սահմանադրական դատարան, որը կարող էր ստուգել այս նախագծի սահմանադրականությունը։ Պատասխանը միանշանակ է՝ ոչ։ Նույնիսկ 9 դատավորի դեպքում մենք չենք կարող այս նախագծի սահմանադրականությունը ստուգել, որովհետև այս նախագիծը վերաբերում է 9 անդամներից 7-ի պաշտոնավարման դադարեցմանը՝ այդ 9 անդամներից 7-ից և ոչ մեկը չի կարող նստել ինքն իր կարգավիճակի և լիազորությունների վերաբերյալ գործ լսել։ Եվ երբ որ իրավաբանական համայնքում ես նկատում եմ այս մասին այս վեճը, իմ մոտ առաջին հարցը, որ առաջանում է՝ ո՞ր իրավաբանն է։ Սրա տակ հսկայական գիտություն կա դրված, որ դատավորն ինքն իր գործը չի լսում, սա սովորում են առաջին կուրսի ուսանողները։ «Ազատություն». – Սուբյեկտիվ մոտեցումը անխուսափելի է։ Գրիգորյան. – Այստեղ նույնիսկ բացատրության կարիք չկա՝ ինչու դատավորն ինքն իր մասին գործ չպիտի լսի, իր կարգավիճակի, իր լիազորությունների, իր հետագա մասնագիտական կարիերայի մասին գործը չպիտի լսի։ «Ազատություն». – Այսպիսի ենթադրություններ կան, որ Դուք կցանկանայիք լինել նախագահ Սահմանադրական դատարանի։ Կցանկանայի՞ք։ Գրիգորյան. – Պնդումներ նույնիսկ, ոչ թե ենթադրություններ կամ կասկածներ կան, այդպիսի պնդումներ կան, և նույնիսկ մարդիկ կան, որոնք կենցաղային ստախոսության մակարդակի իջնելով, տաղավարից տաղավար սավառնելով սկսում են պատմել, որ Վահե Գրիգորյանը ցանկանում է դառնալ Սահմանադրական դատարանի նախագահ, կլասիկ էքստրասենսերի կարգավիճակ են ձեռք բերել։ Ես իմ՝ Ազգային ժողովում ունեցած ծրագրի ներկայացման ընթացքում ասել եմ, որ իմ նպատակն է հասնել նրան, որ Սահմանադրական դատարանում ամենաբարձր պաշտոնը լինի դատավորի պաշտոնը։ Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը շատ պարտավորեցնող և շատ պատվաբեր պաշտոն է՝ ամենապարտավորեցնող և ամենապատվաբեր պաշտոնը ցանկացած իրավաբանի համար մեր երկրում։ Ես ոչ մի ցանկություն չունեմ Սահմանադրական դատարանի նախագահ լինելու, տարբեր պատճառներով։ Նախ՝ որովհետև ես կուզենայի շատ մեծ կշիռ տալ <…> դատավորի պաշտոնին՝ ինքս հրաժարվելով երբևէ առաջադրվել և ընտրվել Սահմանադրական դատարանի նախագահ։ Բայց իրականում ես բավարարված եմ իմ ունեցած տիտղոսով, ես իրականում իմ ունեցած տիտղոսը շատ ավելի բարձր եմ համարում, ես ուզում եմ իմանան, որ քաղաքացիների կողմից բացարձակ լեգիտիմությամբ ընտրված պառլամենտի կողմից ընտրված առաջին դատավորն եմ ես, ես դրանից ավել, չեմ պատկերացնում ավելի բարձր տիտղոս։
12:38 - 10 փետրվարի, 2020
Մենք ժողովրդին խնդրում ենք տալ իշխանության երրորդ ճյուղի լեգիտիմության մեկնարկը |lragir.am|

Մենք ժողովրդին խնդրում ենք տալ իշխանության երրորդ ճյուղի լեգիտիմության մեկնարկը |lragir.am|

lragir.am: Հարցազրույց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի հետ։ Տիկին Կարապետյան, խորհրդարանական ընդդիմությունը նշում է, որ ընթացակարգային լուրջ խախտումներով է իրականացվում սահմանադրական հանրաքվե՝ շրջանցելով սահմանադրական կարգավորումները: Ի՞նչ կարող եք ասել այս մասով։ Իհարկե, իդեալական իրադրությունում Ազգային ժողովը նախագիծը կուղարկեր Սահմանադրական դատարան՝ կարծիքի։ Իդեալական Սահմանադրական դատարանը այդ նախագծի մեջ կստուգեր՝ արդյոք այն հակասո՞ւմ է Սահմանադրության անփոփոխելի առաջին երեք հոդվածներին և մարդու իրավունքների հանրահռչակված սկզբունքներին, և հավանություն կտար նախագծին։ Եվ կստացվեր, որ Ազգային ժողովի և Սահմանադրական դատարանի կոնսենսուսի շնորհիվ և Ազգային ժողովի ներքին քվեարկությամբ կարելի է փոխել Սահմանադրությունն առանց հանրաքվեի։ Սակայն ողջ խնդիրն այն է, որ մենք իդեալական իրադրությունում չենք։ Սահմանադրական դատարանը ժխտում է այն իրողությունը, որ ինքը ճգնաժամի մեջ է, և հետևաբար այս փոփոխությունը կստուգեր ոչ թե իմ նշած սկզբունքների տեսանկյունից, այլ իր անդամների քաղաքական անցյալը և ներկան պաշտպանելու տեսանկյունից։ Նման իրավիճակում մենք գնացել ենք ոչ թե հանրային իշխանության թևերի միջև կոնսենսուս կառուցելու ճանապարհով (քանի որ հարցը վերաբերում է հենց այդ թևերից մեկին), այլ այս հարցը իշխանության բարձրագույն կրողին՝ Սահմանադիր հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին վերահասցեագրելու ճանապարհով։ Սա անելիս մենք ուղղակիորեն կիրառել ենք Սահմանադրության 202-րդ հոդվածը, որը ասում է՝ եթե Սահմանադրության փոփոխությունների նախագիծն Ազգային ժողովը չի ընդունում, ապա պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով ընդունված որոշմամբ այն կարող է դրվել հանրաքվեի: Այս փոփոխությունների հաջողելու պարագայում մենք կկարողանանք նաև Սահմանադրության ավելի լայն փոփոխությունները (որոնց համար արդեն իսկ ձևավորվել է աշխատանքային խումբ և որոնք ամենայն հավանականությամբ պատրաստ կլինեն աշնանը) ուղարկել նոր կազմով Սահմանադրական դատարան՝ կարծիքի, քանի որ այն ի վիճակի կլինի դրանք ստուգել անշահախնդիր` ընդամենը իմ նշած անփոփոխ հոդվածների և մարդու իրավունքների հանրահռչակված սկզբունքների տեսանկյունից։ Հաշվի առնելով, որ քիչ չեն նաև արտախորհրդարանական ուժերը, որոնք նույնպես դեմ են հանրաքվեի անցկացմանը, մտավախություն չունե՞ք, որ այդ փոփոխությանը ոչ ասողները կարող են համախմբվել և լուրջ աշխատանք իրականացնել։ Հարց է առաջանում. դեմ են հանրաքվեի անցկացմա՞նը, թե՞ դեմ են, որ Սահմանադրական դատարանը փոխվի։ Երկու պարագայում էլ «լուրջ» աշխատանք տանելը անհնար է։ Դեմ լինել հանրաքվեի անցկացմանը՝ նշանակում է դեմ լինել ժողովրդի իշխանության իրականացմանը։ Ընդ որում՝ մի հարցում, որը իսկապես ֆունդամենտալ, բայց պարզ է։ Մենք մարդկանց չենք տալիս մի այնպիսի հարց, որը էթիկապես կամ քաղաքականապես սխալ է առաջադրել լայն հանրությանը։ Այդպիսի հարցեր են օրինակ մարդու իրավունքների հանրահռչակված սկզբունքներին հակասող հարցերը կամ այն հարցերը, որոնց համար անհրաժեշտ է, որ կառավարող ուժը քաղաքական պատասխանատվություն ստանձնի և սխալվելու դեպքում կրի հետևանքները։ Սա իսկապես ֆունդամենտալ հարց է։ Իշխանության երրորդ ճյուղի՝ ժողովրդի միջոցով ծնունդի հարցն է։ Կասեք՝ Սահմանադրական դատարանը նույնական չէ դատական իշխանության ճյուղի հետ։ Բայց չէ՞ որ այս Սահմանադրական դատարանը խոչընդոտում է նաև դատական իշխանության ռեֆորմներին։ Զորօրինակ անցած տարվա նոյեմբերին Սահմանադրական դատարանի 1488 որոշումը, որը խոչընդոտում է Բարձրագույն դատական խորհրդի կողմից դատավորների բարեվարքության ստուգման՝ վեթինգի իրականացմանը: Իսկ եթե ոմանք դեմ են, որ Սահմանադրական դատարանը փոխվի, ապա այստեղ հետևություններ կարելի է անել նրանց մղումների և շահերի մասին։ Ուրեմն կամ նրանք չեն ապրել կեղծված ընտրությունները վավերացնող, մարդու իրավունքները ոտնահարող հակաժողովրդավարական ռեժիմին լուռ հետևող Սահմանադրական դատարանի հետ նույն երկրում, կամ կազմել են այդ ռեժիմի մաս։ Շարունակությունը՝ lragir.am-ում
10:57 - 10 փետրվարի, 2020
ՀՀ-ն կպարտվի ՄԻԵԴ-ում, քանի որ իր քաղաքացիների համար դատական պաշտպանություն չապահովելը կոնվենցիայի խախտում է․ Գոռ Հովհաննիսյան

ՀՀ-ն կպարտվի ՄԻԵԴ-ում, քանի որ իր քաղաքացիների համար դատական պաշտպանություն չապահովելը կոնվենցիայի խախտում է․ Գոռ Հովհաննիսյան

Քանի որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ունի իր խախտված իրավունքների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք, ուստի ազատված դատավորներին նույնպես պետությունը պարտավոր է տրամադրել արդյունավետ դատական պաշտպանություն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գերմանիայում աշխատող իրավագիտության դոկտոր, ՍԴ դատավորի թեկնածու առաջադրված և ԱԺ-ի հավանությունը չստացած Գոռ Հովհաննիսյանը։ Նա, մասնավորապես, նշել է. «Իմ գերմանացի գործընկերների հետ պարբերաբար քննարկում եմ Հայաստանում տեղի ունեցող դեպքերը։ Նրանք անընդհատ հարցնում են, թե ինչ նորություն կա Հայաստանից։ Երեկ գիշեր Բուդապեշտից Դրեզդեն վերադառնալիս գնացքում քննարկում էինք հանրաքվեով ՍԴ դատավորներին պաշտոնից ազատելու թույլատրելիությունը։ Բոլորս համակարծիք էինք, որ դա ուղղակի աբսուրդ է։ Հետո սկսեցինք մտածել, թե աշխատանքից ազատված դատավորներն ինչպես կարող են պաշտպանել իրենց խախտված իրավունքները։ Շատ կարճ քննարկումից հետո հանգեցինք հետևյալ արդյունքին։ Քանի որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ունի իր խախտված իրավունքների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք, ուստի ազատված դատավորներին նույնպես պետությունը պարտավոր է տրամադրել արդյունավետ դատական պաշտպանություն։ Քանի որ նրանք աշխատանքից ազատվում են սահմանադրական փոփոխության միջոցով, ուստի ոչ մի սովորական դատարան չի կարող քննել այդ հարցը, քանի որ նրանց իրավասությունը չի հերիքում սահմանադրական նորմերը վերացնելու համար։ Դա կարող է անել միայն Սահմանադրական դատարանը։ Հետևաբար, քանի որ դատական պաշտպանության որևէ միջոց չկա, որը հնարավոր է սպառել, ՍԴ դատավորները կարող են անմիջականորեն անհատական դիմումով դիմել ՀՀ Սահմանադրական դատարան և Եվրոպական դատարան։ Բայց նրանց ազատվելու պատճառով չի լինի այդ դիմումը քննելու հնարավորություն ունեցող ՍԴ։ Այսինքն՝ Հայաստանի Հանրապետությունն իր այդ քաղաքացիներին ընդհանրապես չի տրամադրի որևէ դատական պաշտպանություն, ինչը ՀՀ Սահմ․ 63-րդ հոդվածի կոպիտ խախտում է։ Ու արդեն զուտ այդ հիմքով Հայաստանի Հանրապետությունը կպարտվի Եվրոպական դատարանում, քանի որ երկրի ներսում սեփական քաղաքացիների համար դատական պաշտպանություն չապահովելը միաժամանակ Եվր․ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտում է։ Հետո ասինք, որ Եվրոպական դատարանի վճիռը, որով հաստատվում է կոնվենցիայի խախտում, Եվր․ Կոնվենցիայի 46-րդ հոդվածին համապատասխան պարտավորեցնում է պետությանը վերացնել խախտումը և հնարավորինս վերականգնել մինչև խախտումը գոյություն ունեցած վիճակը (restitutio in integrum), իսկ եթե կոնվենցիայի խախտումը դեռ շարունակվում է, ապա պետությունը պարտավոր է դադարեցնել այն։ Հարց՝ բայց ո՞նց։ Եվր․ դատարանի վճռից բխող պարտականությունները պետք է կատարվեն բոլոր պետական մարմինների կողմից իրենց իրավասությունների ոլորտում։ Եթե, օրինակ, վճռից բխում է, որ Եվր․ դատարանը մի իրավադրույթ հակակոնվենցիոն է համարում, ապա օրենսդիրը պարտավոր է ուղղել այդ կարգավորումը։ Եթե հակակոնվենցիոն է մի վարչական ակտ, ապա վարչական մարմինն ուժը կորցրած է ճանաչում այն՝ կիրառելով վարչական վարույթի մասին ազգային օրենքը. հակակոնվենցիոն վարչական պրակտիկան պետք է փոխվի։ Սկսեցինք մտածել, թե ինչ պիտի լինի, եթե Եվր․ դատարանը հակակոնվենցիոն ճանաչի հանրաքվեով ընդունված նոր կարգավորումը։ Բնականաբար այն պիտի ուղղվի, բայց ո՞նց։ Նորից հանրաքվե պիտի անցկացվի ու նորմը հետ փոխվի՞։ Իսկ ո՞վ կերաշխավորի հանրաքվեի արդյունքները։ Իսկ գուցե ԱԺ-ն ինքը՞ պիտի նորից վերականգնի նախկին կարգավորումը։ էս դեպքում սկզբունքորեն հնարավոր է։ Իսկ եթե խոսքը վերաբերեր միայն հանրաքվեով փոփոխության ենթակա նորմերին, ապա ի՞նչպես պիտի վերականգնվեր մինչև խախտումը գոյություն ունեցած վիճակը․․․ Ու էսպես մոտ 15 իրավաբաններով լրիվ խճճվեցինք էս աբսուրդ վիճակից ու որոշեցինք մի քիչ քնել»:
10:49 - 10 փետրվարի, 2020
Հանրաքվեի դրվող փոփոխությունը խտրականություն է ՍԴ նախագահի, 6 դատավորների և մնացյալ 2 դատավորների միջև՝ առանց որևէ օբյեկտիվ հիմքի և իրավաչափ նպատակի. Էդմոն Մարուքյան

Հանրաքվեի դրվող փոփոխությունը խտրականություն է ՍԴ նախագահի, 6 դատավորների և մնացյալ 2 դատավորների միջև՝ առանց որևէ օբյեկտիվ հիմքի և իրավաչափ նպատակի. Էդմոն Մարուքյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում, իր խոսքով, հրապարակվում են այն խախտումները, որոնց հիմքով ՀՀ նախագահը կարող էր չստորագրել հանրաքվեի դրվող նախագիծը և, համաձայն Սահմանադրության 168-րդ և 169-րդ հոդվածների, դիմել Սահմանադրական դատարան։  Մարուքյանի գրառումն ամբողջությամբ՝ ստորև.«ԸՆԹԱՑԱԿԱՐԳԱՅԻՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ Սահմանադրության փոփոխությունների նախագծի քննարկման կարգում խախտում է տեղի ունեցել, քանի որ բացակայում է ԱԺ պետաիրավական հանձնաժողովի եզրակացությունը։«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Կանոնակարգ) 86-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ սահմանադրության փոփոխությունների նախագիծն Ազգային ժողովում քննարկվում է երկու ընթերցմամբ, օրենքների նախագծերի համար՝ Կանոնակարգի 16-18-րդ գլուխներով սահմանված կարգով: Սա ընդհանուր ընթացակարգն է ենթադրում, որտեղ անհրաժեշտ փաստաթուղթ է գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը։Առանց գլխադասային հանձնաժողովի որոշման արտահերթ նիստ գումարելու մի դեպք է սահմանում Կանոնակարգը (41-րդ հոդվածի 7-րդ մաս) , որի պահանջները ևս խախտվել են։ Մասնավորապես՝Արտահերթ նիստը, որպես կանոն, գումարվում է պաշտոնական գրությունն Ազգային ժողովի նախագահին ներկայացվելուց հետո՝ հինգերորդ աշխատանքային օրվանից ոչ շուտ: Մինչև նշված ժամկետը լրանալը արտահերթ նիստ կարող է գումարվել, եթե օրակարգում ընդգրկված նախագծերի վերաբերյալ գլխադասային հանձնաժողովի եզրակացությունները ստացվել են, կամ դրանց ներկայացման ժամկետները լրացել են, իսկ առանց եզրակացության՝ բացառիկ դեպքերում, հետևյալ կարգով. (...) պատգամավորների կամ խմբակցության նախաձեռնության դեպքում՝ խմբակցության հիմնավորված միջնորդությամբ՝ Խորհրդի որոշմամբ:Ներկայացված փաթեթում բացակայում է խմբակցության հիմնավորված միջնորդությունը՝ առանց գլխադասային հանձնաժողովի որոշմամբ արտահերթ նիստ գումարելու մասին։ Սահմանադրության փոփոխության նախագիծը հանրաքվեի դնելու վերաբերյալ Ազգային ժողովի որոշման ընդունում տեղի է ունենեցել օրենքի խախտմամբ։Կանոնակարգի 79-րդ հոդվածի 7-րդ մասը սահմանում է, որ եթե քվեարկության արդյունքով Ազգային ժողովի որոշումն ընդունվում է, ապա նախագիծը համարվում է ընդունված առաջին ընթերցմամբ, իսկ որոշումը չընդունվելու դեպքում նախագիծը շրջանառությունից հանվում է:Քննարկվող դեպքում առաջին ընթերցմամբ սահմանադրության փոփոխությունները չեն ընդունվել։ Արդյունքում նախագիծը շրջանառությունից պետք է հանվեր։Ընդդիմախոսները մեջբերում են Սահմանադրության 202-րդ հոդվածի 3-րդ մասը, համաձայն որի՝ եթե սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված Սահմանադրության փոփոխությունների նախագիծն Ազգային ժողովը չի ընդունում, ապա պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով ընդունված որոշմամբ այն կարող է դրվել հանրաքվեի:Սակայն Սահմանադրության այս դրույթի «չի ընդունվում» արտահայտությունը բացված է Կանոնակարգի 86-րդ հոդվածում, որտեղ հստակ կարգավորվում է այս հարցը.Մինչև Սահմանադրության փոփոխությունների նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելը քվեարկության է դրվում Սահմանադրության փոփոխությանը վերաբերող հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը: Եթե որոշումն ընդունվում է, ապա Ազգային ժողովի նախագահը այդ որոշումը երկրորդ ընթերցմամբ քննարկված Սահմանադրության փոփոխությունների նախագծի հետ երկու աշխատանքային օրվա ընթացքում ստորագրում և ուղարկում է Սահմանադրական դատարան, իսկ հարցի քննարկումն ընդհատվում է մինչև Սահմանադրական դատարանի որոշումը ստանալը:Եթե Սահմանադրական դատարանը Սահմանադրության փոփոխությունների նախագիծը ճանաչում է Սահմանադրությանը հակասող, ապա նախագիծը շրջանառությունից հանվում է:Եթե Սահմանադրական դատարանը Սահմանադրության փոփոխությունների նախագիծը ճանաչում է Սահմանադրությանը համապատասխանող, ապա նրա որոշումը ստանալուց հետո հարցի քվեարկությունն անցկացվում է Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերում հետևյալ կարգով.1) Կանոնակարգի 84-րդ հոդվածի 3-րդ մասում նշված դեպքում քվեարկության է դրվում Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը, որն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով.2) Կանոնակարգի 84-րդ հոդվածի 4-րդ մասում նշված դեպքում քվեարկության է դրվում Սահմանադրության փոփոխությունների նախագիծը, որն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով:Եթե սույն հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետում նշված Սահմանադրության փոփոխությունների նախագիծը չի ընդունվում, ապա մինչև 20 րոպե տևողությամբ ելույթով կարող է հանդես գալ հիմնական զեկուցողը՝ ներկայացնելով նախագիծը հանրաքվեի դնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ: Հիմնական զեկուցողի ելույթից հետո մինչև տասական րոպե տևողությամբ ելույթներով կարող են հանդես գալ խմբակցությունների ներկայացուցիչները, որից հետո որոշման նախագիծը դրվում է քվեարկության: Որոշումն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով: Եթե որոշումը չի ընդունվում, ապա նախագիծը շրջանառությունից հանվում է: Այսինքն, մեջբերված հոդվածն ուղղակիորեն սահմանում է, որ Սահմանադրության 202-րդ հոդվածի 3-րդ մասը գործում է այն ժամանակ, երբ Սահմանդրության փոփոխությունները չեն ընդունվում երկրորդ ընթերցման ժամանակ, ոչ թե առաջին։ Առաջին ընթերցմամբ չընդունվելու պարագայում գործում է Կանոնակարգի 79-րդ հոդվածի 7-րդ մասը, այսինքն՝ նախագիծը շրջանառությունից հանվում է։Ընդ որում, Սահմանադրական դատարան դիմելու և համապատասխան որոշում ստանալու պարտադիրությունը (այլ ոչ թե այլընտրանքայնությունը) երևում է նաև «Հանրաքվեի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետից, մասնավորապես՝ տեղամասային կենտրոնում պետք է լինեն՝ (...) հանրաքվեի դրված իրավական ակտի նախագծի՝ Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշումը (...): ԲՈՎԱՆԴԱԿԱՅԻՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ 1. Կիրառված անցումային դրույթի փոփոխությունըՍահմանադրության 213-րդ հոդվածն արդեն իսկ իրացված անցումային դրույթ է։ Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերի՝ սահմանված կարգով պաշտոնապես հրապարակված և ուժի մեջ մտած փոփոխություններ կամ լրացումներ նախատեսող նորմատիվ իրավական ակտում փոփոխությունների կամ լրացումների մասով փոփոխություն կամ լրացում չի կատարվում: Նոր փոփոխությունները կամ լրացումները կատարվում են միայն հիմնական ակտում: Փոփոխություն կամ լրացում կարող է կատարվել նաև սահմանված կարգով պաշտոնապես հրապարակված, սակայն ուժի մեջ չմտած նորմատիվ իրավական ակտում կամ դրա ուժի մեջ չմտած մասում, իսկ այն դեպքում, երբ ակտն արդեն ինկորպորացվել է, ապա հիմնական նորմատիվ իրավական ակտում: Այսինքն, ուժի մեջ մտած և իրացված անցումային դրույթներում փոփոխություն չէր կարող դրվել շրջանառության մեջ, առավել ևս՝ քննարկվել ու քվեարկվել։ 2. Իրավական վիճակը վատթարացնող իրավական ակտի հետադարձության արգելքՍահմանադրության 73-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները եւ այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն: Այսինքն, նման իրավական ակտ առհասարակ չէր կարող բերվել խորհրդարան և ընդունվել որևէ եղանակով։ Եվ սա միայն մեր Սահմանադրությամբ ամրագրված դրույթ չէ, այլ իրավունքի հանրաճանաչ և անբեկանելի սկզբունք։ 3. Հակասահմանադրական իրավիճակի ստեղծման վտանգ9 դատավորից միանգամից 7-ին պաշտոնազրկելը կառաջացնի մի իրավիճակ, երբ փաստացի Սահմանադրական դատարան Հայաստանի Հանրապետությունում գոյություն չի ունենա, ինչն անթույլատրելի է սահմանադրական կարգի և անվտանգության տեսանկյունից։ Այս դեպքում մենք իրոք կբախվենք սահմանադրական ճգնաժամի հետ։ 4. Իրավական որոշակիության սկզբունքՍահմանադրական այս փոփոխությամբ պաշտոնազրկվող 7 Սահմանադրական դատարանի դատավորների՝ մինչ իրենց ժամկետի ավարտը պաշտոնավարելու իրավունքը սահմանափակվում է առանց սահմանելու այդ սահմանափակման հիմքերն ու ծավալը` չպահպանելով սահմանադրական որոշակիության կանոնը, որն ամրագրված է Սահմանադրության 79-րդ հոդվածում՝ հիմնական իրավունքները և ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը և ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների և ազատությունների կրողները և հասցեատերերն ի վիճակի լինեն դրսևորելու համապատասխան վարքագիծ: 5. Փոփոխությամբ նախատեսված պաշտոնազրկումը համահավասար է պատժիԱզգային ժողովի ամբիոնից (և ոչ միայն) հնչած իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչների քաղաքական հայտարարությունները, այդ թվում՝ ՀՀ Վարչապետի ելույթն ուղղված էին կոնկրետ անձի, առանձին դեպքերում՝ անձանց կողմից կատարված գործողություններին, իսկ Սահմանադրության փոփոխությունը ներկայացվում էր որպես դրանց հետևանք՝ պատիժ։Մինչդեռ եթե համարում ենք, որ քննարկման ենթակա 7 դատավորները հանցագործություն են կատարել, ապա նրանք պետք է պատժվեն քրեական և քրեադատավարական օրենսդրությամբ սահմանված կարգով: Իսկ եթե հանցակազմը բացակայում է, ապա խոսք անգամ չի կարող լինել պատժի մասին։ 6. Հանրաքվեի դրվող փոփոխությունը խտրականություն է Սահմանադրական դատարանի նախագահի, 6 դատավորների և մնացյալ 2 դատավորների միջև՝ առանց որևէ օբյեկտիվ հիմքի և իրավաչափ նպատակի։ Այս պահին՝ այսքանը։ Ավելի ուշ կանդրադառնանք հանրաքվեի դրվող նախագծի այլ խնդիրներին»:
09:53 - 10 փետրվարի, 2020
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին՝ պարզաբանում

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին՝ պարզաբանում

Հանրապետության նախագահի աշխատակազմը, հետևելով մամուլում հրապարակումներին և ընթացող քննարկումներին, ներկայացնում է պարզաբանումներ Ազգային ժողովի կողմից ընդունված «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» որոշման առնչությամբ Հանրապետության նախագահի գործառույթների մասին՝ հետագա շահարկումներից, հակասական մեկնաբանություններից և թյուրըմբռնումից խուսափելու նպատակով։ Հանրապետության նախագահին ներկայացված փաստաթուղթն օրենքի նախագիծ չէ, օրենք չէ, այլ Ազգային ժողովի կողմից 2020թ. փետրվարի 6-ի ընդունված «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» ԱԺՈ-001-Ն որոշումն է, որը հրապարակված է Ազգային ժողովի պաշտոնական կայքում: Վերոնշյալ որոշման առնչությամբ Հանրապետության նախագահի սահմանադրական գործառույթներն ընթացակարգային են և սահմանափակվում են միմիայն և բացառապես Սահմանադրության 206-րդ հոդվածի համաձայն եռօրյա ժամկետում հանրաքվեի օր նշանակելու մասին հրամանագիր ստորագրելով: Ընդ որում, համաձայն «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի 12-րդ հոդվածի Հանրապետության նախագահի կողմից վերոնշյալ եռօրյա ժամկետում հանրաքվե չնշանակվելու դեպքում հանրաքվեն համարվում է նշանակված՝ սահմանված ժամկետի վերջին օրվա հաջորդող 65-րդ օրվան նախորդող կիրակի օրը: Հարկ ենք համարում նշել նաև, որ հանրաքվեի օր նշանակելով կամ չնշանակելով, Հանրապետության նախագահը չի արտահայտում իր վերաբերմունքն ու դիրքորոշումը Ազգային ժողովի կողմից ընդունված և հանրաքվեի դրվելիք Սահմանադրության փոփոխությունների բովանդակության, ինչպես նաև այդ որոշման կայացման ընթացակարգերի վերաբերյալ:  
21:43 - 09 փետրվարի, 2020
Հանրաքվեից վախենալ պետք չէ, կողմնակից եմ, որ մեր մշակույթում ամրանա ժողովրդին դիմելու գործընթացը. Արմեն Սարգսյան |tert.am|

Հանրաքվեից վախենալ պետք չէ, կողմնակից եմ, որ մեր մշակույթում ամրանա ժողովրդին դիմելու գործընթացը. Արմեն Սարգսյան |tert.am|

tert.am:  Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր «Շանթ» հեռուստաընկերությանը, «Առավոտ» օրաթերթին և «Մեդիամաքս» գործակալությանը տված հարցազրույցում, անդրադառնալով Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին և պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք ստորագրելու է համաժողովրդական հանրաքվեի մասին Ազգային ժողովի որոշումը, մասնավորապես, ասել է. «Ինչ-որ սպասելիք կա Հանրապետության նախագահից՝ պարբերաբար կարծիք լսել այս կամ այն երևույթի, քրեական կամ ոչ քրեական գործունեության կամ օրենքի ընդունման կամ չընդունման առիթով: Հանրապետության նախագահը չպետք է որևէ ձևով խառնվի ո՛չ գործադիր իշխանության, ո՛չ նրա առանձին ճյուղերի՝ լինեն դրանք տնտեսական, ուժայիններ կամ արտաքին քաղաքականության, գործունեությանը: Համագործակցել, խորհուրդ տալ, աջակցել՝ այո, բայց խառնվել նրանց գործին, մանավանդ՝ հանրային ոլորտում կարծիք հայտնել այս կամ այն խնդրի, երեւույթի վերաբերյալ՝ լինի գործադիրը, թե օրենսդիրը, կամ նույն Սահմանադրական դատարանը, իհարկե, ո՛չ: Սահմանադրությունը չի ենթադրում, որ նախագահը նաև մեկնաբանի այն: Իրավիճակը հաճախ ինձ հիշեցնում է հին խորհրդային տարիների կատակը, որը վերագրվում էր ողջ սովետական ժողովրդին. քաղաքացուն հարցնում են՝ դուք կոմունիստական կուսակցության 26-րդ համագումարի վերաբերյալ կարծիք ունե՞ք, մարդն ասում է՝ կարծիք ունեմ, սակայն համաձայն չեմ այդ կարծիքի հետ: Հիմա իմ դեպքում հետևյալն է. կարծիք ունեմ, բայց, ցավոք, չեմ կարող արտահայտել: Իմ արտահայտելու գործիքները բավականին սահմանափակ են: Եվ այդ սահմանափակության սահմաններում, կարծում եմ, պետք է աշխատել: Նախագահը Սահմանադրության, օրենքների մեկնաբան չէ: Նրա հիմնական գործիքը խոսքն է և իր ստորագրությունը՝ որոշ դեպքերում: Սա բավականին կարևոր խնդիր է: Բերեմ շատ ավելի պարզ օրինակ: Ենթադրենք նախագահի սեղանին է հայտնվել մի օրենք, որը, ըստ մասնագետների, չի հակասում Սահմանադրությանը: Հանրապետության նախագահը տվյալ պահին ունի երկու ընտրություն՝ օրենքը ստորագրել կամ չստորագրել, և որոշակի ժամանակից հետո Ազգային ժողովի կողմից օրենքը կյանքի է կոչվում: Այդ օրենքը չի ուղարկվում Սահմանադրական դատարան, քանի որ չի հակասում վերջինիս: Սակայն նախագահն ինքը խորը գիտակցում ունի, որ տվյալ օրենքը, գուցե չի հակասում Սահմանադրությանը, սակայն կարող է վնասակար դեր ունենալ այս կան այն խնդիրը լուծելու հարցում: Նմանատիպ օրինակները բազմաթիվ են: Նախագահը պետք է որոշում ընդունի: Որոշ երկրներում լուծումը կարող է լինել այն, որ նախագահն ունի վետոյի իրավունք: Այսինքն՝ վետո դնելով, Սահմանադրական դատարան չուղարկելով՝ նախագահը ցույց է տալիս հանրությանը, որ համաձայն չէ օրենքի հետ: Եւ գործադիր ու օրենսդիր իշխանություններին ասում է՝ սիրելի բարեկամներ, խնդրում եմ այս օրենքը նորից քննարկել, քանի որ այս ձևով այն ընդունելի չէ: Վետո դնելը պետք է պատճառաբանված լինի, այսինքն՝ նախագահը վետո է դնում՝ ելույթ ունենալով կամ իր ուղերձը ուղարկելով և բացատրելով, թե ինչու է վետո դրել: Կամ որոշ երկրներում նախագահն իրավունք ունի օրենքը վերադարձնել Ազգային ժողով՝ ասելով, որ օրենքը չի հակասում Սահմանադրությանը, սակայն այս կամ այն կետերով ձևակերպումները վնասակար են լինելու, ենթադրենք, երեխաների կրթության կամ մեր ընտանեկան արժեքների, գյուղատնտեսության զարգացման համար և այլն: Մեր կյանքը շատ ավելի բարդ է, քան օրենքներն են: Ամենակարևոր օրենքը՝ Սահմանադրությունն, այն սահմաններն են, կարմիր գծերը, որոնք մենք չպետք է անցնենք: Սակայն այդ կարմիր գծերի ներսում կյանքն է եռում և իր օրինաչափությունն ու օրենքներն ունի: Հետևաբար, եթե հնարավորություն լիներ դիմել Ազգային ժողովին և ասել՝ հարգելի պատգամավորներ, նախագահն այս օրենքը ուղարկում է կրկին ձեր ուշադրությանը և գտնում է, որ այսպիսի վտանգներ կան... Դրանից հետո Ազգային ժողովը կարող է քվեարկել, կամ Ազգային ժողովը մերժում է նախագահին և օրենքի ուժով ստիպում ստորագրել կամ նորից է քննարկում: Այսինքն՝ ավելի լայն լիազորություններ կարող էին լինել, որտեղ նախագահն իր վերաբերմունքը տվյալ օրենքին արտահայտում է՝ ոչ միայն այն սահմանադրական է, թե ոչ սահմանադրական... Ես ուշի ուշով հետևել եմ՝ վերջին օրերին ինչ է կատարվում: Ազգային ժողովից համապատասխան փաստաթղթեր մենք դեռ չենք ստացել: Երբ կստանանք, ես հանրությանը կներկայացնեմ իմ վերաբերմունքը. նորից հարցը չի վերաբերելու պարզ ստորագրել- չստորագրելուն»: Պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ նախագահը չստորագրեց «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» եւ «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքները՝ դրանք ուղարկելով Սահմանադրական դատարան, նախագահ Սարգսյանն ասել է. «Պատասխանը շատ պարզ է՝ քանի որ իրավաբանական վարչությունը, խորհրդատուները, նաև այն իրավաբանները, որոնց կարծիքը ես շատ հաճախ հայցում եմ, որոնք մասնագետ են և՛ օրենքի, և՛ սահմանադրական իրավունքի, նշել էին, որ տվյալ օրենքներում կան հնարավոր հակասություններ Սահմանադրության հետ: Իհարկե, վերջնական պատասխանը պետք է տա Սահմանադրական դատարանը: Սակայն, եթե մի կողմ դնենք օրենքի սահմանադրականությունը, կա նաև օրենքի ազդեցությունը հանրության վրա: Օրենքը օրենք է, սակայն դրա իրական արժեքը մենք գնահատում ենք, երբ այն սկսում է կիրառվել կյանքում: Հաշվի առնելով իմ կյանքի փորձառությունը, և մանավանդ վերջին շրջանում ես հանրության տարբեր խմբերի հետ հանդիպումներ ունեցա՝ բանկային ոլորտ, գործարարներ, ներդրողներ...Բացարձակ մեծամասնությունը բացասական վերաբերմունք ունի: Այստեղ ես կկանգնեմ: Չեմ ցանկանա վերլուծել: Իրական պատճառն այն է, որ օրենքը, մեր կարծիքով, ունի Սահմանադրության հետ հակասություններ, ուստի ուղարկվել է Սահմանադրական դատարան»: Նշելով, որ ուշադրությամբ հետևել է վերջին շրջանի գործընթացներին՝ նախագահ Սարգսյանն ասել է. «Ես կողմնակից եմ, որ մեր մշակույթում ժողովրդին դիմելը, որպես գործընթաց, ամրանա: Դա ծայրահեղ միջոց չէ: Ժողովրդին դիմելու մի քանի միջոցներ կան, որոնցից մեկը հանրաքվեն է, մյուսը՝ կամքի արտահայտությունը՝ պլեբիսցիտը: 21-րդ դարում, կարծում եմ, սա շատ արժեքավոր է: Մենք բոլորս հիմնականում ապրում ենք երկու կյանք՝ վիրտուալ և իրական: Վիրտուալ կյանքը կարծես թե դառնում է այն կյանքը, որտեղ իրականում ապրում ենք, այսինքն՝ բուռն քննարկումներ, ելույթներ, կարծիքներ, հսկայական քանակությամբ ֆեյքեր, որտեղ դու չես կարողանում տարբերակել իրականը ոչ իրականից, ճշմարիտը արհեստականից: Կարծում եմ, ցանկացած իշխանության համար, մանավանդ հիմա, երբ մարդիկ ապրում են երկու կյանքով, շատ էական է վերևից՝ ամպերից իջնել ցած, իջնել և ոտքերը դնել գետնին, շփվել ժողովրդի հետ և կարծիք հայտնել: Ժողովրդի կամքի արտահայտությունը չի կապվում այս կամ այն օրենքի հետ, այլ՝ կապվում է ժողովրդի վերաբերմունքի հետ: Կան երկրներ, որտեղ դա շատ հաջող է կիրառվում և ոչ միայն կիրառվում է, այլև դարձել է կյանքի մի մաս, այսինքն՝ հանրությանն ավելի ակտիվ ձևով մասնակից դարձնել որոշումներ ընդունելուն, քաղաքական կյանքին, տնտեսական զարգացմանը: Շվեյցարիայի նման երկրում իշխանությունը նույնիսկ պարզ հարցերով դիմում է ժողովրդին՝ սկսած որևէ տարածքում տրամվայ գործարկելուց մինչև ներգաղթյալների, անվտանգության հետ կապված հարցեր: Հանրաքվեից վախենալ պետք չէ: 21-րդ դարում «կրկնակի կյանքի» պայմաններում այն նույնիսկ անհրաժեշտություն է դառնում՝ ամպերից իջնել ցած և ժողովրդի կարծիքը պարբերաբար ստանալ»:
16:06 - 07 փետրվարի, 2020
Վենետիկի հանձնաժողով նախագիծն ուղարկելը լրացուցիչ ուսումնասիրության կարիք ունի. Վլադիմիր Վարդանյան |aysor.am|

Վենետիկի հանձնաժողով նախագիծն ուղարկելը լրացուցիչ ուսումնասիրության կարիք ունի. Վլադիմիր Վարդանյան |aysor.am|

aysor.am: Հարցը լրացուցիչ ուսումնասիրության կարիք ունի, լրագրողներին ասաց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն՝ անդրադառնալով հարցին՝ Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ երեկ ԱԺ-ում ընդունված նախագիծը պե՞տք է ուղարկվի Վենետիկի հանձնաժողով: «Վենետիկի հանձնաժողով կամ որևիցե միջազգային փորձաքննության այս կամ այն նախագծի ուղարկելը լրացուցիչ ուսումնասիրության կարիք ունի: Մենք այս դեպքում գործ չունենք լայնամասշտաբ գործողությունների հետ», - ասաց նա: Վարդանյանը նշեց՝ այս պահի դրությամբ կա խորհրդարանի որոշումը, որի հիման վրա նախագահը պիտի հանրաքվե նշանակի, դրանից հետո արդեն հնարավոր կլինի բովանդակային հարցեր քննարկել: «Քանի դեռ հանրաքվեն նշանակված չէ, չենք կարող խոսել ընթացքի մասին։ Հենց կլինի նախագահի ստորագրությունը, կարող ենք անդադառնալ այս հարցերին: Նախագահի ստորագրությունից և հանրաքվեի օր նշանակելուց հետո նոր հնարավոր կլինի անդրադառնալ բովանդակային հարցերին», - ասաց նա: Երեկ Ազգային ժողովն ընդունեց նախագիծ, որի համաձայն՝ Սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի կդրվի: Նախագիծը հաստատելու համար նախագահը պետք է ստորագրի այն: «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը վստահություն էր հայտնել, որ նախագահը կստորագրի նախագիծը՝ նշելով, որ, հավանաբար, հանրաքվեն տեղի կունենա մարտի վերջին կամ ապրիլիի սկզբին:
10:49 - 07 փետրվարի, 2020
Իդլիբում Ասադի հաջողություններից անհանգստացած Թուրքիան տանկեր է ուղարկել Սիրիա |ermenihaber.am|

Իդլիբում Ասադի հաջողություններից անհանգստացած Թուրքիան տանկեր է ուղարկել Սիրիա |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիան շարունակում է անհանգստանալ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հաջողություններով ապառազմականացված գոտի հայտարարված Սիրիայի Իդլիբ նահանգում։ Թուրքիան 20 տանկից բաղկացած շարասյուն է ուղարկել Իդլիբ նահանգում գտնվող թուրքական դիտակետերի ուղղությամբ։ Նշվում է, որ այդ զորաշարժը նպատակ ունի ավելի ամրապնդել թուրքական դիտակետերն Իդլիբում։ Թուրքիայի պաշտպանության նախարարության փոխանցմամբ` Սիրիայի կառավարական ուժերի կողմից փետրվարի 3-ին Իդլիբում իրականացված ինտենսիվ հրետակոծության հետևանքով սպանվել էր Թուրքիայի բանակի 8 զինծառայող։ Դրանից հետո Թուրքիան Ռուսաստանին մեղադրել էր Ասադի վրա անհրաժեշտ ճնշում չգործադրելու մեջ։ Ի պատասխան դրան, Ռուսաստանը հայտարարել էր, որ Թուրքիան նախապես չէր տեղեկացրել Իդլիբում իր քայլերի մասին, ինչի հետևանքով տեղի էր ունեցել նման դեպք։ Ավելի Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ ստեղծված իրավիճակը քննարկելու համար իրենք սպասում են, որ ռուսական պատվիրակությունն այցելի Թուրքիա։
08:17 - 07 փետրվարի, 2020
Քննարկվող նախագիծն ուղղակիորեն հակասում է իրավական պետության,  իրավունքի գերակայության և ժողովրդավարության սկզբունքներին․ ՀՀԿ

Քննարկվող նախագիծն ուղղակիորեն հակասում է իրավական պետության, իրավունքի գերակայության և ժողովրդավարության սկզբունքներին․ ՀՀԿ

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը խստորեն դատապարտում է իշխանության նախաձեռնված «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների» նախագիծը։ Իշխանության ղեկին հայտնված, ժողովրդի վստահությունը և ակնկալիքները չարաշահող ավտորիտար պոպուլիստները սահմանադրական փոփոխությունների միջոցով ցանկանում են դադարեցնել մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի եւ անդամների պաշտոնավարումը՝ փոփոխելով Սահմանադրության անցումային դրույթները։ Հարկ ենք համարում ընդգծել, որ սկզբունքորեն ցանկացած իրավական ակտում անցումային դրույթն ունի որոշակի առաքելություն, ուժի մեջ մտնելուց հետո այն կատարում է իր առաքելությունը և այլևս փոփոխության ենթարկվել չի կարող։ Սա հակատրամաբանական, հակաիրավական և հակասահմանադրական փոփոխություն է, որով փորձ են անում դադարեցնել Սահմանադրական դատարանի այն անդամների լիազորությունները, որոնք նշանակվել են 2015 թվականից առաջ գոյություն ունեցած Սահմանադրությամբ։ Տվյալ արկածախնդիր գործընթացը հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության հոդված 168-ի կետ 2-ին, ինչպես նաև հոդված 169-ի 2-րդ մասին: Առաջարկվող կարգավորումները գործադիր և օրենսդիր ճյուղերի կողմից Սահմանադրական դատարանը մեկուսացնելու և զավթելու փորձ են, որի արդյունքում Սահմանադրական դատարանը զրկվելու է Սահմանադրությամբ նախատեսված իր լիազորությունների իրականացումից, իսկ հանրաքվեի դրական արդյունքի դեպքում ձևավորվելիք սահմանադրական դատարանը կազմված է լինելու բացառապես իշխող ուժին լոյալ ներկայացուցիչներից: Քննարկվող նախագիծն ուղղակիորեն հակասում է իրավական պետության, իրավունքի գերակայության և ժողովրդավարության սկզբունքներին։ Անտեսելով ԵԽԽՎ-ի կոչերը՝ այն ընդունման պահին չի անցել միջազգային պատկան մարմինների փորձաքննությունը, ինչը աննախադեպ է նորանկախ Հայաստանի ողջ պատմության ընթացքում: Հաշվի առնելով Հայաստանի պետականությանը սպառնացող այս արկածանդրության ողջ վտանգներն ու հետևանքները՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը՝ Արձանագրում է, որ նախաձեռնած գործընթացի ամբողջ պատասխանատվությունը կրում են թե Նիկոլ Փաշինյանը, թե պետության զավթման հերթական արարի մեջ ներգրավված բոլոր անձիք: Պատրաստակամ է անհապաղ, ինտենսիվ և լայն քննարկումների պետության առջև ծառացած այս վտանգի հետևանքները կանխելու համար խնդրով մտահոգ բոլոր հասարակական և քաղաքական կառույցների հետ: Հորդորում է Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչներին և միջազգային կառույցներին արձագանքել հակասահմանադրական ճանապարհով Հայաստանի Սահմանադրության փոփոխությունների այս աղաղակող գործընթացին: Նախազգուշացնում է, որ նման գործողությունները հարված են հասցնում երկրի միջազգային հեղինակությանը և թուլացնում Հայաստանի դիրքերը ռազմավարական և անվտանգային նշանակություն ունեցող գործընթացներում, այդ թվում՝ Արցախյան հիմնախնդրի շուրջ:
06:00 - 07 փետրվարի, 2020
Սա նաև վստահության հանրաքվե կլինի իշխանության համար |lragir.am|

Սա նաև վստահության հանրաքվե կլինի իշխանության համար |lragir.am|

lragir.am։ Հարցազրույց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանի հետ։ Ընդդիմադիրները բարձրաձայնում էին, որ ՍԴ խնդրի լուծման այն տարբերակը, որ ընտրել է իշխանությունը, հակասահմանադրական ու հակաիրավական է։ Սա կոնկրետ Սահմանադրության մեկ հոդվածի փոփոխություն է, և որպեսզի այդ փոփոխությանը բարձր լեգիտիմություն ապահովենք, մենք իրացնում ենք Սահմանադրության երկրորդ հոդվածի առաջին մասը, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Ցանկացած օրենք, իրավական ակտ պետք է բխի ժողովրդի շահերից։ Վստահ եմ, որ սրա հետ բոլորը համաձայն են։ Եթե այդ իրավունքը բխում է ժողովրդի կամարտահայտությունից, նա չի կարող լինել հակաօրինական կամ հակասահմանադրական։ Այո, Սահմանադրությամբ մենք այսօր ունենք փակուղային իրավիճակ, որովհետև 2015-ի սահմանադրական փոփոխություններով ուղղակիորեն ԱԺ-ից խլվել են իր իրավասությունները, որոնք Սահմանադրության 168 հոդվածի երկրորդ մասում են ամրագրված և 169 հոդվածի առաջին կետում։ Փաստացի ստացվում է, որ եթե որևէ փոփոխություն ցանկանանք իրականացնել, պետք է անպայման դիմենք ՍԴ։ Այստեղ մեկ բաց կա. երբ խոսվում է, որ ԱԺ չի քվեարկում, ապա պատգամավորների 3/5-ի որոշումով կարող է այն ուղարկվել հանրաքվեի, բայց չի խոսվում՝ առաջին ընթերցումի՞ց, թե երկրորդ ընթերցումից հետո։ Մենք օգտվել ենք այդ փոքրիկ բացից։ Այո, դա վիճելի է, հակառակ պարագայում մենք ունենք փակուղի վիճակ, և սրա հետ համաձայն են շատ սահմանադրագետներ, որ առանց Սահմանադրությունը շրջանցելու այս վիճակին հնարավոր չէ լուծում տալ։ Սա է պատճառը, որ ԱԺ-ն կամ կառավարող խմբակցությունը չի գնում միանձնյա որոշման։ Մենք չենք ուզում իշխանությունը կենտրոնացնել մեր ձեռքում, բայց այն, որ իշխանության մեջ պետք է աշխատի զսպման և հակակշիռների մեթոդը, և այժմ այդ իշխանությունը գերկենտրոնացած է ՍԴ-ում, դա վիճելի չէ։ Սա է պատճառը, որ մենք հարցն այսօր դնում ենք հանրաքվեի։ Որքանո՞վ է տրամաբանական 1-2 տարվա ընթացքում երկու հանրաքվե իրականացնել, որովհետև մենք գիտենք, որ նաև սահմանադրական փոփոխությունների հանձնաժողով է ձևավորվել, որը պետք է աշխատի։ Այո, աշխատանքային խումբն աշխատում է Սահմանադրության վրա, և դա հարց է՝ մենք կունենանք սահմանադրական փոփոխություններ, թե նոր Սահմանադրություն։ Իսկ այստեղ խոսքը կոնկրետ մեկ հոդվածի մասին է, և եթե մենք իսկապես ուզում ենք զարգացնել հանրաքվեի ինստիտուտը, իրացնել ուղիղ ժողովրդավարության միջոցով, ապա սա լավագույն տարբերակն է։ Հանրության մեջ պահանջ կա՞ օր առաջ ՍԴ-ի խնդիրը լուծելու։ Մենք ոչ թե ՍԴ-ի հարցն ենք լուծում, այլ երկիրը բերում ենք Սահմանադրության դաշտ։ Այստեղ շատ կարևոր տարբերություն կա. մենք ոչ թե կոնկրետ իշխանության ճյուղի կամ անդամներին ենք փորձում տուն ուղարկել, այլ փորձում ենք երկրում իրապես ստեղծել իշխանության երեք ճյուղերի տարանջատում, որն այսօր խախտված է։ Կա՞ այդ պահանջը. Եթե կա, ապա այն կարտահայտվի հանրաքվեի միջոցով։ Շատերին թվում է, թե հանրաքվեն շատ հեշտ և դյուրին մեթոդ է։ «Հանրաքվեի մասին» օրենքը ասում է, որ հանրաքվեն համարվում է կայացած, եթե քվեարկում է հանրաքվեին մասնակցություն ունեցողների առնվազն 25 տոկոսը, դա մոտավորապես 650 հազար մարդ է։ Մենք շատ մեծ պատասխանատվության տակ ենք այսօր մտնում, ու սա անում ենք գիտակցաբար։ Շարունակությունը՝ lragir.am-ում
05:32 - 07 փետրվարի, 2020
Վստահություն ունենք, որ նախագահը կստորագրի սահմանադրական փոփոխությունների հարցը հանրաքվեի դնելու նախագիծը․ Մակունց |news.am|

Վստահություն ունենք, որ նախագահը կստորագրի սահմանադրական փոփոխությունների հարցը հանրաքվեի դնելու նախագիծը․ Մակունց |news.am|

news.am:  Սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի կդրվի ՀՀ նախագահի կողմից ստորագրելուց հետո, սահմանադրական դատարան չի ուղարկվի։ Այս մասին այսօր՝ փետրվարի 6-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ մակունցը։ «Իհարկե պետք է որոշումը լինի ՀՀ նախագահի մոտ, հաստատելուց հետո նոր կազմակերպչական աշխատանքներ կիրականացվեն։ Նախագիծը Սահմանադրական դատարան չի ուղարկվելու։ Ժամկետները փոփոխական կարող են լինել կախված այն հանգամանքից, թե որ օրը կստորագրի նախագահը։ Հանրաքվեն նախնական մարտի վերջից մինչև ապրիլի 5-ը ընկած ժամանակահատվածում կլինի»,-ասաց նա։ Հարցին՝ ունե՞ն վստահություն, որ նախագահը կստորագրի, Մակունցն ասաց․ «Այո, կա այդ վստահությունը»։ Լրագրողները հետաքրքրվեցին՝ վարչապետի և նախագահի հանդիպմանն է պայմանավորվածություն ձեռք բերվել, Մակունցն ասաց․ Վարչապետի և նախագահի հանդիպմանը մամուլին տեղեկացվել է, որ քննարկվել է ՍԴ-ի թնջուկի հարցը, քննարկման մանրամասներին տեղյակ չեմ»։ Հարցին՝ հանրությունը ունի՞ բավարար իրավական գիտելիքներ այս քվեարկության համար, Մակունցն ասաց․ «Ժողովրդավար երկրում չկա այլընտրանք քաղաքացու կամարտահայտմանը»։ Անդրադառնալով Վենետիկի հանձնաժողով դիմելու ԵԽԽՎ համազեկուցողների կոչին, նա նշեց․ «Համազեկուցողների հայտարարությունը եղել է այն ժամանակ, երբ լիագումար նիստերի դահլիճում նիստ էր և «Իմ քայլը» խմբակցությունը չի հասցրել քննարկել և ձևավորել դիրքորոշում այդ կապակցությամբ։ Մենք խոսենք, քննարկենք, անպայման տեղյակ կպահենք հանրությանը, թե ինչ ենք պատրաստվում անել այդ կապակցությամբ։ Իրավական առումով չգիտեմ ինչպիսի ընթացակարգեր են նախատեսվում, երբ հանրաքվեի որոշման հետ կապված կոչ է արվում դիմել Վենետիկի հանձնաժողովին»։
17:10 - 06 փետրվարի, 2020
Եթե ոչինչ չփոխենք, կունենանք 2035 թվական․ Նիկոլ Փաշինյան |civilnet.am|

Եթե ոչինչ չփոխենք, կունենանք 2035 թվական․ Նիկոլ Փաշինյան |civilnet.am|

civilnet.am:  Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում «ՀՀ Սահամանադրությունում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկմանը ելույթ ունեցավ և խոսեց Սահմանադրական դատարանի անդամների երկար պաշտոնավարման խնդրահարույց լինելու մասին։ «Եթե ոչինչ չփոխենք, կունենանք 2035 թվական»,- ասաց Փաշինյանը՝ նկատի ունենալով, որ եթե այսօր Սահմանադրության փոփոխություն չլինի, ապա Հրայր Թովմասյանը Սահմանադրական նախագահի պաշտոնում կմնա մինչև 2035-ը։ «Սահմանադրական դատարանում է թաղված շան գլուխը»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը Սահմանադրական դատարանի անդամներին կոչ արեց հրաժարական ներկայացնել իրենց պաշտոններից և պատրաստակամություն հայտնեց հանդիպել բոլորին՝ միասին կամ առանձին-առանձին։ «Սահմանադրությունն է ժողովրդի համար, և ոչ թե ժողովուրդը Սահմանադրության»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։
16:46 - 06 փետրվարի, 2020