Արարատ Միրզոյան

ՀՀ արտաքին գործերի նախարար։ Այս պաշտոնին նա նշանակվել է 2021թ․ օգոստոսի 19-ին։

7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահն է։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։ Ծնվել է 1979թ․ նոյեմբերի 23-ին։ Մասնագիտությամբ պատմաբան է եւ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մասնագետ։

2003-2005 թվականներին աշխատել է ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում՝ որպես կրտսեր գիտաշխատող: 2005-2007 թվականներին աշխատել է Հայաստանի ազգային արխիվում՝ որպես հասարակական-քաղաքական փաստաթղթերի բաժնի գլխավոր արխիվագետ։ 2007-2010 թվականներին աշխատել է «Էյչ-Էս-Բի-ՍԻ Բանկ Հայաստան» ՓԲԸ-ում: 2011-2012 թվականներին որպես վերլուծաբան՝ աշխատել է «Ռեգնում» միջազգային լրատվական գործակալությունում: 2012-2013 թվականներին աշխատել է Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամում (IFES)՝ որպես ընտրողների իրազեկման ծրագրի համակարգող: 2012 թվականի հոկտեմբերից 2013 թվականի փետրվարն ընկած ժամանակահատվածում դասավանդել է ԵՊՀ-ում: 2013-2015 թվականներին եղել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDEA) հիմնադրամի «Ավրորա մրցանակ եւ 100 կյանք» նախաձեռնության հետազոտական խմբի ղեկավարը։ 2014-2017 թվականներին աշխատել է որպես Բազմակուսակցական ժողովրդավարության նիդեռլանդական ինստիտուտի (NIMD) քաղաքական կուսակցությունների եւ ռազմավարական պլանավորման փորձագետ։

Արարատ Միրզոյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է: 2016 թվականից հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ: 2017 թվականի ապրիլի 2-ին «Ելք» կուսակցությունների դաշինքի թիվ 3 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով ընտրվել է ՀՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր: 2018 թվականին եղել է «Իմ քայլը» շարժումը նախաձեռնող խմբի անդամ: 2018 թվականի մայիսի 11-ին նշանակվել է ՀՀ առաջին փոխվարչապետ: 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա եւ Շենգավիթ վարչական շրջաններն ընդգրկող թիվ 3 ընտրատարածքում լինելով «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուներից մեկը՝ ստացել է 25 550 ձայն: 2019 թվականի հունվարի 10-ին ստացել է պատգամավորական մանդատը։

2019 թվականի հունվարի 14-ին տեղի ունեցած ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի ժամանակ ընտրվել է ԱԺ նախագահ՝ 131 կողմ ձայնով: 

Սերգեյ Լավրովն առաջնահերթ է համարում Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի կարգավորումը |armenpress.am|

Սերգեյ Լավրովն առաջնահերթ է համարում Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի կարգավորումը |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ առաջնահերթ խնդիր է Լաչինի միջանցքի և ընդհանրապես Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի կարգավորումը։ Սերգեյ Լավրովը նման հայտարարություն է արել Մոսկվայում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը։ «Մենք կասկած չունենք, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունները շարունակում են մնալ բոլոր որոշումների իրականացման բանալին՝ ի շահ իրավիճակի կայունացման թե տնտեսական, թե ռազմաքաղաքական, թե միջազգային իրավունքի տեսանկյունից»,- ասել է Լավրովը։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը հավելել է, որ Ռուսաստանը կշարունակի ամեն ինչով աջակցել Հայաստանին և Ադրբեջանին տարածաշրջանում  տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման, հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի, խաղաղության պայմանագրի պարամետրերը համաձայնեցնելու հարցերում։
16:01 - 20 մարտի, 2023
Գործնականում եռակողմ հայտարարության այնպիսի կետ չկա, որն Ադրբեջանը չի խախտել. Միրզոյան
 |1lurer.am|

Գործնականում եռակողմ հայտարարության այնպիսի կետ չկա, որն Ադրբեջանը չի խախտել. Միրզոյան |1lurer.am|

1lurer.am: ՌԴ և Հայաստանի արտգործնախարարներ Լավրովի և Միրզոյանի հանդիպման ժամանակ Հայաստանի արտգործնախարարն անդրադարձել է տարածաշրջանում իրավիճակի լարվածությանը: «Տարածաշրջանում իրավիճակն ավելի է լարվում Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության ագրեսիվ հռետորաբանության և ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ռազմական սադրանքների ֆոնին: Եռակողմ հայտարարության խախտմամբ Լաչինի միջանցքի արգելափակումն Ադրբեջանի կողմից, էլեկտրաէներգիայի մատակարարման դիտավորյալ խափանումները հաստատում են՝ պաշտոնական Բաքվի նպատակը ԼՂ-ում  էթնիկ զտումներ իրականացնելն է: Այս ֆոնին հրամայական է դառնում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումն ու Լաչինի միջանցքի բացումը՝ ինչպես 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների համապատասխան, այնպես էլ համաձայն ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի Ադրբեջանի դեմ ընդունած որոշման: Ցավոք, գործնականում եռակողմ հայտարարության այնպիսի կետ չկա, որն Ադրբեջանը չի խախտել՝ կրակի դադարեցման ռեժիմի շարունակական խախտումներ, ՀՀ տարածքի օկուպացիա, Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակում, հայ գերիների պահում, տարածաշրջանային հաղորդակցությունների բացման խոչընդոտում, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայ բնակիչների վերադարձի խոչընդոտում: Ավելին, ադրբեջանական կողմը շարունակական սադրանքներով տորպեդահարում է տարածաշրջանում կայուն և երկարատև խաղաղության հաստատման ջանքերը: Այս համատեքստում կցանկանայի ընդգծել դաշնակիցների և գործընկերների ակտիվ քայլերի ձեռնարկումը, որպեսզի Ադրբեջանը կատարի իր ստանձնած պարտավորությունները և դադարի ուժի կիրառման և ուժի կիրառման սպառնալիքի իր մարտավարությունը»,- ասել է Արարատ Միրզոյանը:
15:15 - 20 մարտի, 2023
Վաղը տեղի կունենա Միրզոյան-Լավրով հանդիպումը․ ՌԴ ԱԳՆ-ն հայտնում  է՝ կքննարկվեն երկկողմ համագործակցության զարգացման հետագա քայլերը |armenpress.am|

Վաղը տեղի կունենա Միրզոյան-Լավրով հանդիպումը․ ՌԴ ԱԳՆ-ն հայտնում է՝ կքննարկվեն երկկողմ համագործակցության զարգացման հետագա քայլերը |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը ԶԼՄ-ների համար հաղորդագրություն է տարածել՝ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի Մոսկվա կատարելիք այցին և ռուսաստանցի գործընկեր Սերգեյ Լավրովի հետ նրա բանակցություններին ընդառաջ։ Հաղորդագրության մեջ ասված է. «Մարտի 20-ին տեղի կունենան Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար նախարար Ս.Վ.Լավրովի բանակցությունները Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ա.Ս. Միրզոյանի հետ, ով աշխատանքային այց կկատարի Մոսկվա։ Առաջիկա հանդիպումը Մոսկվայի և Երևանի միջև բոլոր մակարդակներում ավանդական սերտ շփումների շարունակությունն է։ Նախարարները նախատեսում են համալիր քննարկել ռուս-հայկական համագործակցության ներկա վիճակը և դրա զարգացման հետագա քայլերը, այդ թվում՝ Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների 2022 թվականի ապրիլի 19-ի համատեղ հայտարարության դրույթների իրագործման շրջանակներում, որն ամրագրել է երկկողմ փոխգործակցության արտոնյալ դաշնակցային բնույթը և ռազմավարական ուղղվածությունը։ Արտաքին գործերի նախարարությունների ղեկավարները մանրամասն կանդրադառնան տարածաշրջանային օրակարգին՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև ամենաբարձր մակարդակով 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի, նոյեմբերի 26-ի և 2022 թ. հոկտեմբերի 31-ի պայմանավորվածությունների կատարման պրիզմայով։ Դիտարկվելու են ընդհանուր ինտեգրացիոն միավորումներում՝ ԱՊՀ, ԵԱՏՄ և ՀԱՊԿ, համագործակցության ամրապնդման հեռանկարները, ինչպես նաև միջազգային ունիվերսալ տարբեր հարթակներում, առաջին հերթին՝ ՄԱԿ-ում գործողությունների համակարգումը։ Կկայանա երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների կողմից առաջին անգամ նապատրաստված «Ռուսաստանի Դաշնություն և Հայաստանի Հանրապետություն. դաշնակցային փոխգործակցության 30 տարի» ռուս-հայկական պայմանագրերի և համաձայնագրերի եռահատոր ժողովածուի շնորհանդեսը։ Հայաստանը Ռուսաստանի ամենամոտ դաշնակիցներից է, ռազմավարական գործընկերը Հարավային Կովկասում։ Հիմնվելով բարեկամության պատմական արմատներ ունեցող ամուր ավանդույթների, մեր ժողովուրդների անփոփոխ համակրանքի և մտերմության վրա՝ Մոսկվան և Երևանը կառուցել են բազմակողմ վստահելի հարաբերություններ։ Մենք շարունակում ենք կատարելագործել պայմանագրա-իրավական դաշտը, որը ներառում է ավելի քան 200 փաստաթուղթ: Համակարգային աշխատում ենք տանում դրանց գույքագրման վրա»։ Այնուհետև հաղորդագրության մեջ ներկայացվում են տվյալներ ամենաբարձր և բարձր մակարդակներում երկխոսության և տարբեր ոլորտներում ռուս-հայկական համագործակցության վերաբերյալ։
19:15 - 19 մարտի, 2023
Փոխարտգործնախարարի խոսքով Միրզոյանի՝ Մոսկվա այցի ընթացքում կքննարկվի ՀՀ-ում ԵՄ առաքելության տեղակայման հարցը

Փոխարտգործնախարարի խոսքով Միրզոյանի՝ Մոսկվա այցի ընթացքում կքննարկվի ՀՀ-ում ԵՄ առաքելության տեղակայման հարցը

ՀՀ փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը, ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում պատասխանելով պատգամավոր Ագնեսսա Խամոյանի՝ ՀՀ-ում ԵՄ առաքելության վերաբերյալ ՌԴ արձագանքի վերաբերյալ հարցին, ասաց, որ իսկապես, առաքելության տեղակայումը առաջացրել է որոշ հարցեր։ «Դրա ուղղությամբ մենք շարունակում ենք բացատրական աշխատանք տանել, թե ինչն է պատճառը, ինչն է առաքելության նպատակը։ Օրինակ Իրանից, որը շատ զգայուն է տարածաշրջանում նման առաքելությունների ստեղծման հարցին, բավականին դրական արձագանք հնչեց։ Իրանի դեպանը հայտարարեց, որ իրենք որեւէ խնդիր չեն տեսնում առաքելության վերաբերյալ։ Դա ցույց է տալիս, որ բացատրական աշխատանքների դեպքում ընկալումն այլ է։ Այո, պետք է շարունակենք աշխատանքը մեր գործընկերների հետ այդ առումով, եւ ավելի շատ տեղեկություն ներկայացնենք»։ Հովհաննիսյանը նշեց, որ առաքելության տեղակայումից հետո որոշակիորեն նվազել է սահմանում պրովոկացիաների թիվը։ «Կարծում ենք՝ որոշակի դեր խաղաց նաեւ ավելի լայնամասշտաբ պրովոկացիա կանխելու գործում, իհարկե դրա վերաբերյալ չենք կարող փաստեր ներկայացնել․ դա մեր գնահատականն է»։ Վերադառնալով Հայաստանում ԵՄ առաքելությանը ՌԴ արձագանքին՝ փոխարտգործնախարարը նշեց․  «Բոլորս տեղյակ ենք այդ զգայուն վերաբերմունքին։ Հարցը քննարկվում է ռուս գործընկերների հետ։ Գիտեք, որ շուտով ԱԳ նախարարի Մոսկվա այցն է նախատեսված, եւ դա այն հարցերից է, որ վստահաբար կքննարկվի»։
17:42 - 17 մարտի, 2023
ԱԳ նախարարն ընդգծել է Հայաստանի տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ ՀԱՊԿ-ի հասցեական արձագանքի անհրաժեշտությունը

ԱԳ նախարարն ընդգծել է Հայաստանի տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ ՀԱՊԿ-ի հասցեական արձագանքի անհրաժեշտությունը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր ընդունել է Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովին: Հանդիպման մեկնարկին նախարար Միրզոյանը շնորհավորել է Իմանգալի Տասմագամբետովին ՀԱՊԿ ԳՔ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ աշխատանք և հաջողություններ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանում առկա ռազմաքաղաքական իրադրության վերաբերյալ: ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդգծել է ՀԱՊԿ անդամ-պետություն հանդիսացող Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական ագրեսիայի վերաբերյալ կազմակերպության հստակ և հասցեական արձագանքի անհրաժեշտությունը: Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակին: ԱԳ նախարարը շեշտել է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների և Ադրբեջանի դեմ հրատապ միջոց կիրառելու վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի կողմից փետրվարի 22-ին կայացված որոշման կատարման հրամայականը: Հանդիպման ընթացքում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ներկայացրել է նախօրեին քաղաք Ջերմուկ կատարած այցելությունից իր տպավորությունները: ԱԳ նախարարն ընդգծել է, որ ադրբեջանական կողմն իր շարունակական սադրանքներով խոչընդոտում է տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու ջանքերին, իսկ Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունը միտված է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի նկատմամբ լայնածավալ ուժի կիրառման համար հող նախապատրաստելուն: Այս համատեքստում կարևորվել է ՀՀ դաշնակիցների և գործընկերների կողմից գործուն քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը՝ Ադրբեջանի կողմից իր պարտավորությունները կատարելու և ուժի կիրառման դրսևորումները բացառելու ուղղությամբ։ Նույն օրն առավոտյան ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» պանթեոն:
17:16 - 17 մարտի, 2023
Մոսկվայում կհանդիպեն Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը

Մոսկվայում կհանդիպեն Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը

Մարտի 20-ին Մոսկվայում տեղի կունենա ՌԴ և ՀՀ ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Բանակցությունների ընթացքում նախարարները կքննարկեն երկկողմ համագործակցության հետագա զարգացման, փոխգործակցության ամրապնդմանն ուղղված քայլերը՝ ԱՊՀ-ի, ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի շրջանակներում։ Քննարկման հիմնական թեմաները կլինեն տարածաշրջանային խնդիրները, այդ թվում՝ իրավիճակի կարգավորումը Լաչինի միջանցքում և ընդհանրապես Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաև ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի միջև եռակողմ համաձայնագրերի իրականացումը։ Ակնկալում ենք, որ առաջիկա հանդիպումը կօգնի բարելավել Երևանի հետ երկխոսության որակը, ինչպես նաև աշխատել Հարավային Կովկասում անվտանգության և կայունության ամրապնդման ուղղությամբ», - ասել է Զախարովան։
17:36 - 16 մարտի, 2023
Ադրբեջանն իր հռետորաբանությամբ ու սադրանքներով մարտահրավեր է նետում խաղաղություն հաստատելու ջանքերին. Միրզոյան

Ադրբեջանն իր հռետորաբանությամբ ու սադրանքներով մարտահրավեր է նետում խաղաղություն հաստատելու ջանքերին. Միրզոյան

Մարտի 15-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգային:  Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Բրազիլիայի միջև ընդլայնվող քաղաքական երկխոսության և հայ-բրազիլական երկկողմ օրակարգային հարցերի լայն շրջանակի վերաբերյալ: Քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով, այդ թվում՝ առևտրի, բարձր տեխնոլոգիաների և գյուղատնտեսության ոլորտներում համագործակցության հեռանկարները: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև բազմակողմ հարթակներում երկու երկրների միջև հաստատված արդյունավետ փոխգործակցության, ինչպես նաև միջխորհրդարանական կապերի ամրապնդման հարցերին:  Հանդիպմանը քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր: Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում ՀՀ տեսլականը: Ընդգծվել է, որ ադրբեջանական կողմն իր հռետորաբանությամբ ու շարունակական սադրանքներով մարտահրավեր է նետում տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու ջանքերին:  Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակմանը՝ նախարար Միրզոյանը շեշտել է Ադրբեջանի դեմ հրատապ միջոց կիրառելու վերաբերյալ  Արդարադատության միջազգային դատարանի կողմից փետրվարի 22-ին կայացված՝ իրավաբանական պարտադիր ուժ ունեցող որոշման կատարման անհրաժեշտությունը:
19:17 - 15 մարտի, 2023
Ի՞նչ էր անում Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 23-ին․ Փաշինյանի պնդման հետքերով
 |civilnet.am|

Ի՞նչ էր անում Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 23-ին․ Փաշինյանի պնդման հետքերով |civilnet.am|

civilnet.am: Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի՝ դեկտեմբերի 23-ին Մոսկվայում Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպումից հրաժարվելը քննարկումների առիթ դարձավ։ Նիկոլ Փաշինյանը մարտի 14-ին լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձավ այդ հարցին՝ հավաստիացնելով, որ Միրզոյանը չէր մեկնել հանդիպման, և այն հետաձգվել էր օբյեկտիվ իրավիճակների հետ կապված, և նախարարի այդ օրերին Հայաստանում գտնվելը կենսական անհրաժեշտություն էր։ «Այդ հանդիպման չկայանալն իրականում սուր ճգնաժամի հետ էր կապված՝ ոչ թե հանդիպում բոյկոտելու, այլ այդ իրավիճակում անհրաժեշտ էր, որ ՀՀ արտգործնախարարը լինի Երևանում՝ այդ նոր սկսված իրադրության կառավարման, միջազգային հարթակներում գործունեության և այլնի հետ կապված»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ առաջիկայում Միրզոյանը կմեկնի Մոսկվա։ Ադրբեջանը Լաչինի միջանքը փակել են 2022-ի դեկտեմբերի 12-ից։ Դեկտեմբերի 23-ին Միրզոյանը հիփոթեքային վարկի պայմանագիր է ստորագրել CivilNetCheck-ը վերջերս գրել էր, որ արտգործնախարար Արարատ Միրզոյանը 2022-ի դեկտեմբերին վարկով նոր առաձնատուն է ձեռք բերել Կոտայքի մարզի Քասախ գյուղում: Առանձնատան կադաստրային փաստաթղթերում առկա էր նաև Բանկի, վաճառողի և գնորդի մեջև կնքված հիփոթեքային պայմանագիրը, որի տակ անձանբ ստորագրել է Արարատ Միրզոյանը։ Պայմանագիրի կնքման ամսաթիվը 2022-ի դեկտեմբերի 23-ն է, այսինքն՝ Մոսկվայում երեք արտգործնախարարների հանդիպման օրը։ Հիփոթեքային պայմանագրից վերոնշյալն ապացուցող էջերը ստորև։
19:32 - 14 մարտի, 2023
Արարատ Միրզոյանը և Եգիպտոսի ԱԳ նախարարը կարևորել են տարածաշրջանի նկատմամբ միջազգային հանրության ուշադրության պահպանումը

Արարատ Միրզոյանը և Եգիպտոսի ԱԳ նախարարը կարևորել են տարածաշրջանի նկատմամբ միջազգային հանրության ուշադրության պահպանումը

Արաբական պետությունների լիգայի խորհրդի նախարարական նիստին հրավիրված ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր Կահիրեում հանդիպում է ունեցել Եգիպտոսի Արաբական Հանրապետության ԱԳ նախարար Սամեհ Շուքրիի հետ:  Զրուցակիցները գոհունակություն են հայտնել Հայաստանի և Եգիպտոսի ժողովուրդների դարավոր բարեկամության վրա հիմնված հարաբերությունների, բարձր մակարդակի քաղաքական երկխոսության կապակցությամբ: Երկուստեք համոզմունք է հայտնվել, որ հունվարին Եգիպտոսի նախագահի պատմական այցը Հայաստան նոր խթան կհանդիսանա երկկողմ համագործակցության ընդլայնման համար: Արարատ Միրզոյանը և Սամեհ Շուքրին մտքեր են փոխանակել առևտրատնտեսական, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության և այլ ոլորտներում երկու երկրների փոխգործակցության հեռանկարների շուրջ: Այս առումով կարևորվել է հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի հաջորդ՝ 6-րդ նիստի անցկացումը և գործարար կապերի ակտիվացման անհրաժեշտությունը: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել միջազգային ու տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի: Նախարար Միրզոյանը գործընկերոջն է ներկայացրել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման վերջին զարգացումները, տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն հաստատելուն ուղղված հայկական կողմի ջանքերը և վերջին օրերին Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից լարվածության սրումը: ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ Ադրբեջանը շարունակում է արգելափակված պահել Լաչինի միջանցքը՝ կոպտորեն խախտելով 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները: Անդրադառնալով արաբական աշխարհի երկրների հետ Հայաստանի ավանդական բարեկամական հարաբերություններին՝ նախարար Միրզոյանն անթույլատրելի է համարել Ադրբեջանի կողմից կրոնական գործոնի շահարկումներն ու անհիմն փորձերը, որոնք նպատակ են հետապնդում կրոնական երանգ հաղորդել բացառապես քաղաքական ու հումանիտար խնդիրներին և մոլորեցնել միջազգային հանրությանը: Երկուստեք ընդգծվել է տարածաշրջանի նկատմամբ միջազգային հանրության ուշադրության պահպանման և շահագրգիռ դերակատարների կառուցողական ներգրավածության կարևորությունը: Նախարար Միրզոյանը եգիպտացի գործընկերոջն է ներկայացրել նաև Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման ընթացքը:
18:38 - 09 մարտի, 2023
Ադրբեջանը շարունակական սադրանքներով մարտահրավեր է նետում տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ջանքերին. Միրզոյանը՝ ԱՄԷ պետնախարարին

Ադրբեջանը շարունակական սադրանքներով մարտահրավեր է նետում տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ջանքերին. Միրզոյանը՝ ԱՄԷ պետնախարարին

Արաբական պետությունների լիգայի խորհրդի` նախարարական նիստի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մարտի 8-ին Կահիերում հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների պետնախարար Խալիֆա Շահեն Ալ-Մարարի հետ: Զրուցակիցներն անդրադարձել են հայ-էմիրաթական երկկողմ օրակարգին առնչվող հարցերի, մտքեր փոխանակել տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման հեռանկարների շուրջ: ՀՀ և ԱՄԷ ԱԳ նախարարները գոհունակությամբ արձանագրել են երկու երկրների միջև ընդլայնվող առևտրատնտեսական կապերը, կանոնավոր ուղիղ չվերթների արդյունավետությունը և զբոսաշրջության հետագա զարգացման, ներդումային ծրագրերի իրականցման հնարավորությունները: Քննարկվել են նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր։ Անդրադառնալով Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ ադրբեջանական կողմն իր շարունակական սադրանքներով և առավելապաշտական նկրտումներով մարտահրավեր է նետում տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու ջանքերին: ՀՀ ԱԳ նախարարը գործընկերոջն է ներկայացրել Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակը և կարևորել առանց նախապայմաների միջանցքի ապաշրջափակման անհրաժեշտությունը: Այս համատեքստում ընդգծվել է ՝ Ադրբեջանի դեմ հրատապ միջոց կիրառելու վերաբերյալ փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանի կողմից կայացված՝ իրավաբանական պարտադիր ուժ ունեցող որոշման կյանքի կոչումը: Միջազգային հարթակներում փոխգործակցության համատեքստում նախարար Միրզոյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից կրոնական գործոնի շահարկման, Հայաստանի և հայ ժողովրդի ու արաբական աշխարհի միջև ավանդական ջերմ հարաբերությունները խաթարելու անհիմն փորձերին՝ դրանք համարելով անթույլատրելի և հույս հայտնելով, որ Արաբական պետությունների լիգայի անդամ երկրներն այլ միջազգային հարթակներում կհակազդեն բացառապես քաղաքական և հումանիտար բնույթի խնդիրներին կրոնական երանգ հաղորդելու հետագա ցանկացած փորձի։
13:49 - 09 մարտի, 2023
Արարատ Միրզոյանն անթույլատրելի է համարել Հայաստանի և արաբական աշխարհի միջև ջերմ հարաբերությունները խաթարելու Ադրբեջանի փորձերը

Արարատ Միրզոյանն անթույլատրելի է համարել Հայաստանի և արաբական աշխարհի միջև ջերմ հարաբերությունները խաթարելու Ադրբեջանի փորձերը

ԱՊԼ խորհրդի՝ նախարարական  նիստի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Կահիրեում մարտի 8-ին հանդիպել է Լիբանանի ԱԳ նախարար Աբդալլահ Բու Հաբիբի հետ:  Զրուցակիցները գոհունակությամբ նշել են, որ հայ-լիբանանյան հարաբերությունները հիմնված են ընդհանուր պատմության, դարավոր բարեկամության և մշակութային ընդհանրությունների վրա՝ ընդգծելով նաև Լիբանանի հասարակական-քաղաքական կյանքում հայ համայնքի ներդրումը: Արձանագրվել է, որ ժամանակակից շրջանում երկու պետությունների միջև  հարաբերությունները նշանավորվում են նաև երկկողմ ու բազմակողմ ձևաչափերում փոխշահավետ համագործակցությամբ:  ԱԳ նախարարները պատրաստակամություն են հայտնել շարունակել համատեղ ջանքերը կրթության, գիտության, մշակույթի և այլ բնագավառներում նոր նախաձեռնությունների իրականացման ուղղությամբ: Հանդիպման օրակարգում են եղել նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցեր: Հարավային Կովկասում ստեղծված անվտանգային իրավիճակի և առկա մարտահրավերների համատեքստում նախարար Միրզոյանն անթույլատրելի է համարել Ադրբեջանի կողմից կրոնական գործոնի շահարկումները, ինչպես նաև Հայաստանի և հայ ժողովրդի ու արաբական աշխարհի միջև ավանդական ջերմ հարաբերությունները խաթարելու անհիմն փորձերը: Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանի կողմից Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոցների կիրառման վերաբերյալ կայացված որոշման կյանքի կոչման հրամայականը:
10:16 - 09 մարտի, 2023
Արարատ Միրզոյանը հանդիպել է Հորդանանի ԱԳ նախարար Այման Ալ-Սաֆադիի հետ

Արարատ Միրզոյանը հանդիպել է Հորդանանի ԱԳ նախարար Այման Ալ-Սաֆադիի հետ

ԱՊԼ խորհրդի՝ նախարարական  նիստի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Կահիրեում մարտի 8-ին հանդիպել է Հորդանանի Հաշիմյան Թագավորության փոխվարչապետ, ԱԳ և սփյուռքի հարցերով նախարար Այման Ալ-Սաֆադիին։ ԱԳ նախարարները քննարկել են հայ-հորդանանյան երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր, մտքեր են փոխանակել տարբեր բնագավառներում փոխշահավետ համագործակցության զարգացման հեռանկարների շուրջ:  Արարատ Միրզոյանը և Այման Ալ-Սաֆադին անդրադարձել են քաղաքական երկխոսության ընդլայնմանն առնչվող հարցերի՝ կարևորելով բարձրաստիճան փոխայցերն ու միջազգային հարթակներում ակտիվ փոխգործակցությունը:  Հանդիպման օրակարգում են եղել նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր։ ՀՀ ԱԳ նախարարը հորդանանցի իր գործընկերոջն է ներկայացրել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու ուղղությամբ հայկական կողմի ջանքերը: Երկուստեք ընդգծվել է առկա հակամարտությունները բացառապես բանակցությունների և երկխոսության միջոցով կարգավորելու կարևորությունը: Հարավային Կովկասում ստեղծված անվտանգային իրավիճակի և առկա մարտահրավերների համատեքստում նախարար Միրզոյանն անթույլատրելի է համարել Ադրբեջանի կողմից կրոնական գործոնի շահարկումները, ինչպես նաև Հայաստանի և հայ ժողովրդի ու արաբական աշխարհի միջև ավանդական ջերմ հարաբերությունները խաթարելու անհիմն փորձերը:  Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակմանը՝ նախարար Միրզոյանը շեշտել է  դրա հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակի հանգուցալուծման և միջանցքը 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներին համապատասխան վերաբացելու հրամայականը:
22:52 - 08 մարտի, 2023
Ադրբեջանը ԼՂ-ի հիմնախնդրին փորձում է կրոնական երանգ տալ. Արարատ Միրզոյան

Ադրբեջանը ԼՂ-ի հիմնախնդրին փորձում է կրոնական երանգ տալ. Արարատ Միրզոյան

Արաբական պետությունների լիգայի հարգարժա՛ն գլխավոր քարտուղար,Հարգարժա՛ն նախագահ,Հարգելի՛ նախարարներ,Ձերդ գերազանցություններ, բարեկամներ, Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար, Նորին գերազանցություն Ահմեդ Աբուլ Ղեյտին և այս նստաշրջանի նախագահ, Նորին գերազանցություն Եգիպտոսի ԱԳ նախարար Սամեհ Շուքրիին, ինչպես նաև բոլոր անդամ պետություններին՝ այս հարգարժան լսարանի առաջ այսօր ելույթ ունենալու հնարավորության համար: Ես սա համարում եմ բարեկամությունը, փոխադարձ հարգանքը, և, իհարկե, ընդհանուր պատմությունը խորհրդանշող իրադարձություն:Կցանկանայի ելույթս սկսել՝ գոհունակություն հայտնելով հայ և արաբ ժողովուրդների դարավոր բարեկամության կապակցությամբ: Մենք կապված ենք միմյանց պատմամշակութային ամուր կապերով, որոնք շարունակում են հիմք ծառայել ներկայիս բարեկամական հարաբերությունների, համագործակցության և մարդկանց միջև ջերմ շփումների համար: Պատմության ամբողջ ընթացքում, մեր ժողովուրդներն ապրել են կողք կողքի և կիսել միմյանց ուրախությունն ու վիշտը:20-րդ դարասկզբի ողբերգական իրադարձությոնների ժամանակ հազարավոր հայեր, փրկվելով 1915թ. Օսմանյան կայսրության կողմից իրականացված ցեղասպանությունից, ապահով ապաստան գտան արաբական երկրներում: Այդ դժվարին ժամանակահատվածում հայերին հնարավորություն տրվեց ապրել և արարել իրենց հյուրընկալած արաբական երկրներում: Այս վերաբերմունքը հայ ժողովուրդը երբեք չի մոռանա: Եվ ես հպարտ եմ, որ մեր հայրենակիցները մեծ ներդրում ունեցան տարբեր բնագավառներում այդ արաբական երկրների առաջընթացի և զարգացման գործում: Ցանկանում եմ արձանագրել, որ Հայաստանը, հանդիսանալով հին քաղաքակրթությունների բնօրրան, պահպանել է նաև իսլամական ժառանգությունը, ինչի վառ օրինակն են այն հազարավոր ձեռագրերը, որոնք պահվում են Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում՝ Մատենադարանում: Մեր մայրաքաղաք Երևանի կենտրոնում մենք հպարտորեն պահպանում և ցուցադրում ենք արաբական ձեռագրեր, որոնք ներառում են արաբական գեղագրության այնպիսի գլուխգործոցներ, ինչպիսիք են Սուրբ Ղուրանի առաջին գրերը, կրոնական, փիլիսոփայական, պատմագիտական, բանասիրական բովանդակության հազվագյուտ գրքերը:Հայաստանը և արաբական երկրները սերտ հարաբերություններ և արդյունավետ համագործակցություն են հաստատել նաև պետական մակարդակով։ Հայաստանի և արաբական երկրների միջև լիակատար փոխըմբռնում կա կարևոր հիմնախնդիրների, այդ թվում՝ Մերձավոր Արևելքում խաղաղության գործընթացի շուրջ:Հարգելի՛ գործընկերներ,Մեր տարածաշրջանում Հայաստանը բանակցություններ է վարում Ադրբեջանի հետ՝ քննարկելով երկու երկրների հարաբերությունների կարգավորման հարցեր՝ տարածաշրջանում խաղաղության հաստատման նպատակով:Հակիրճ ելույթում չեմ ցանկանում ձեզ ծանրաբեռնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի և Հայաստանի ինքիշխան տարածքի դեմ լանածավալ ագրեսիաներին մանրամասներով: Ես չեմ ուզում նաև, որ դուք հայտնվեք փոխադարձ մեղադրանքների և վեճերի տիրույթում: Փոխարենը, կներկայացնեմ ամբողջական գործընթացի ընդհանրական պատկերը:Ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանը մերժում է ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը և փորձում է հարևանների հետ բանակցել կառուցողական դիրքերից և հավատարիմ է բոլոր չկարգավորված խնդիրներին դիվանագիտության միջոցով արդարացի լուծումներ գտնելուն։ Մեր անկեղծ ջանքերին ի պատասխան, Ադրբեջանը շարունակում է իր ատելության խոսքն ու այլատյացության հռետորաբանությունը, ինչպես նաև ագրեսիվ և առավելապաշտական գործողությունները: Այս առնչությամբ ցանկանում եմ անդրադառնալ վեջին զարգացումներին: Ինչպես գիտեք, արդեն ավելի քան երկու ամիս է ինչ Լեռնային Ղարաբաղն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը` Լաչինի միջանցքը, ապօրինի կերպով արգելափակվել է, այսպես կոչված, էկոակտիվիստների խմբի կողմից, ինչն ակնհայտորեն կազմակերպված է Ադրբեջանի կառավարության կողմից: Ավելին, Ադրբեջանը պարբերաբար խափանում է Լեռնային Ղարաբաղ էլեկտրաէներգիայի և գազի մատակարարումները, ինչի արդյունքում Լեռնային Ղարաբաղի հայերը հայտնվել են հումանիտար աղետի եզրին: Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության երաշխիքների շուրջ տեղական իշխանությունների հետ բանակցություններ վարելու փոխարեն՝ Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը կոչ է անում արցախահայությանը լքել իրենց տները՝ նպատակ ունենալով նրանց զրկել հայրենիքից և կյանքի կոչել էթնիկ զտումների իր քաղաքականությունը։Լաչինի միջանցքի արգելափակման համատեքստում ուզում եմ ընդգծել, որ այս տարվա փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանը իրավաբանական պարտադիր ուժ ունեցող որոշում է կայացրել Ադրբեջանի դեմ հրատապ միջոց կիրառելու վերաբերյալ: Հիշյալ որոշմամբ Դատարանը փաստել է, որ առկա է հայերի իրավունքներին անդառնալի վնաս հասցնելու անմիջական վտանգ և պարտավորեցրել է Ադրբեջանին ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները՝ ապահովելու Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղությամբ անխափան տեղաշարժը։Հարգարժա՛ն նախարարներ,Ցավոք, մեր հարևան Ադրբեջանը շարունակաբար մանիպուլացնում է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման հարցերն ու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը միջազգային տարբեր հարթակներում՝ հատկապես այն կազմակերպություններում, որտեղ Հայաստանը ներկայացված չէ, ինչպիսիք են Իսլամական համագործակցության կազմակերպությունը և Չմիավորման շարժումը՝ փորձելով դրանց տալ կրոնական երանգ և օգտագործելով իսլամական համերաշխության զգայուն գաղափարախոսությունը: Մենք ակնկալում ենք, որ նման փորձերը կմերժվեն և մեր բարեկամ արաբական երկրներին չեն ներքաշի կրոնական տարաձայնությունների դաշտ։ Մենք պետք է կանխենք բացառապես քաղաքական և հումանիտար բնույթի խնդիրներին կրոնական երանգ հաղորդելու հետագա ցանկացած փորձ:Եվ կրկին անգամ, Արաբական պետությունների լիգայի այս հարթակում, ընդգծում եմ, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս արաբական պետությունների հետ հարաբերություններին և վերահաստատում ձեր երկրներից յուրաքանչյուրի հետ համագործակցության հեռանկարներն ընդլայնելու մեր պատրաստակամությունը։Շնորհակալ եմ:
21:47 - 08 մարտի, 2023
ԱԳ նախարարը և Ալ-Ազհարի գերագույն իմամն ընդգծել են ազգային և կրոնական հողի վրա անհանդուրժողականության և խտրականության դրսևորումների անթույլատրելիությունը

ԱԳ նախարարը և Ալ-Ազհարի գերագույն իմամն ընդգծել են ազգային և կրոնական հողի վրա անհանդուրժողականության և խտրականության դրսևորումների անթույլատրելիությունը

Կահիրեում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր հանդիպում է ունեցել Ալ-Ազհարի Գերագույն Իմամ, շեյխ Ահմեդ Մուհամմադ Ալ-Տայիբի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։  Անդրադառնալով Եգիպտոսի՝ դարավոր պատմություն ունեցող հայկական համայնքին՝ զրուցակիցները համաձայնել են, որ այն կարևոր ներդրում է ունեցել Եգիպտոսի զարգացման մեջ: Գոհունակություն է արտահայտվել հայ և եգիպտացի ժողովուրդների միջև փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված բարեկամության, ինչպես նաև երկու երկրների միջև զարգացող համագործակցության կապակցությամբ, որի լավագույն դրսևորումն էր փետրվարին Եգիպտոսի նախագահի առաջին այցը Հայաստան: Երկուստեք կարևորվել է կրոնական ու պատմամշակութային հարուստ ժառանգության ներկայացման ուղղությամբ համատեղ նախաձեռնությունների կյանքի կոչումը։ ՀՀ ԱԳ նախարարը և Ալ-Ազհարի Գերագույն Իմամն ընդգծել են ազգային և կրոնական հողի վրա անհանդուրժողականության և խտրականության դրսևորումների անթույլատրելիությունը, կարևորել ծայրահեղականութան և ատելության խոսքի դեմ պայքարին ուղղված ջանքերը: Անդրադառնալով Հարավային Կովկասում ստեղծված անվտանգային իրավիճակին և առկա մարտահրավերներին՝ նախարար Միրզոյանն անթույլատրելի է համարել Ադրբեջանի կողմից կրոնական գործոնի շահարկումները, ինչպես նաև Հայաստանի և հայ ժողովրդի ու արաբական աշխարհի միջև ավանդական ջերմ հարաբերությունները խաթարելու անհիմն փորձերը: Նախարարն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին և դրա հանգուցալուծման հրամայականին: Նախարար Միրզոյանը զրուցակցին ներկայացրել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները և տարածաշրջանում խաղաղություն հաստատելուն ուղղված հայկական կողմի ջանքերը և Ադրբեջանի՝ իրավիճակի ապակայունացման վտանգ պարունակող վերջին օրերի հայտարարությունները և գործողությունները: Իր հերթին Գերագույն Իմամը վերահաստատել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման վերաբերյալ դիրքորոշումը՝ վկայակոչելով 2020թ. հոկտեմբերից ի վեր իր կողմից արված հայտարարությունները: Տարածաշրջանում ժողովուրդների միջև հանդուրժողականության կոչերի համատեքստում Ահմեդ Մուհամմադ Ալ-Տայիբը հիշատակել է նաև Հայոց Ցեղասպանության օրերին Գերագույն Իմամ, շեյխ Սելիմի ուղերձը՝ փրկել հայերին ու չմասնակցել կոտորածներին:
17:49 - 08 մարտի, 2023