Վլադիմիր Պուտին

Ռուսաստանի Դաշնության գործող նախագահ։ Ծնվել է 1952թ. հոկտեմբերի 7-ին։ 1975-1991թթ․ ծառայել է ՊԱԿ-ում (КГБ), զբաղեցրել հետախուզական պաշտոններ։ 1991թ. ըստ պաշտոնական տեղեկատվության սեփական զեկուցագրով զորացրվել է ՊԱԿ-ից։ 1990-1995թթ. զբաղեցրել է Լենինգրադի քաղաքային իշխանության տարբեր պաշտոններ։ 1996-1998թթ․ արագ վերելք է գրանցել Կրեմլի տարբեր պաշտոններում՝ ի վերջո ստանձնելով Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը։ 1998-ին նշանակվում է ԱԴԾ (ФСБ) տնօրեն։

1999-ի օգոստոսին ընդունելով նախագահ Ելցինի առաջարկը ստանձնել է ՌԴ վարչապետի պաշտոնը։ 1999-ի դեկտեմբերի 31-ին հրաժարական տվեց Ելցինը եւ Պուտինը դարձավ նախագահի պաշտոնակատար։ 2000թ․ մարտին ընտրվեց նախագահ եւ պաշտոնավարեց առավելագույն երկու ժամկետով։ 2008-ին՝ վարչապետ Մեդվեդեւի նախագահ ընտրվելուց հետո Պուտինը ստանձնեց Վարչապետի պաշտոնը։ Այս դրվագը հանրային լայն շրջանակներում ընկալվեց որպես «փոխատեղում»։ 2012-ից ի վեր Պուտինը նորից նախագահի պաշտոնում է։ 

Պուտինը Շոլցի հետ զրույցում ընդգծել է՝ Կիևի ռեժիմն ամեն կերպ փորձում է հետաձգել բանակցային գործընթացը՝ առաջ քաշելով ավելի ու ավելի անիրատեսական առաջարկներ

Պուտինը Շոլցի հետ զրույցում ընդգծել է՝ Կիևի ռեժիմն ամեն կերպ փորձում է հետաձգել բանակցային գործընթացը՝ առաջ քաշելով ավելի ու ավելի անիրատեսական առաջարկներ

Գերմանական կողմի նախաձեռնությամբ կանցլեր Օլաֆ Շոլցն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։  «Շարունակվել է Ուկրաինայում ստեղծված իրավիճակի շուրջ քննարկումը։ Ռուսաստանի նախագահը ուշադրություն է հրավիրել Դոնեցկի և Մակիիվկայի բնակելի թաղամասերի վրա ուկրաինական ուժայինների հրթիռակոծությունների վրա, որոնք հանգեցրել են մեծ զոհերի»։  Կրեմլի պնդմամբ՝ «այս պատերազմական հանցագործությունները անտեսվել են Արևմուտքում»։ «Վլադիմիր Պուտինը ներկայացրել է իր գնահատականները Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև ընթացող բանակցությունների վերաբերյալ։ Ընդգծվել է, որ Կիևի ռեժիմն ամեն կերպ փորձում է հետաձգել բանակցային գործընթացը՝ առաջ քաշելով ավելի ու ավելի անիրատեսական առաջարկներ։ Այդուհանդերձ, ռուսական կողմը պատրաստ է, իր հայտնի սկզբունքային մոտեցումներին համահունչ, շարունակել լուծումների որոնումը»,- նշվում է հաղորդագրության մեջ։ Կրեմլի փոխանցմամբ՝ Պուտինը նաև նշել է, որ ռուսական ԶՈՒ-ն անում է հնարավոր ամեն բան խաղաղ բնակիչների կյանքերը փրկելու համար, այդ թվում՝ բնակչության տարհանման համար «անվտանգ միջանցքներ» է ապահովում։  Գերմանիայի կառավարության խոսնակն էլ, «Reuters»-ի փոխանցմամբ, հայտնել է, որ Շոլցը զրույցի ընթացքում Պուտինին հրադադար հաստատելու կոչ է արել։ Շոլցը նաև ընդգծել է, որ հումանիտար իրավիճակը պետք է բարելավվի, և հնարավորինս շուտ դիվանագիտական լուծում գտնելու ուղղությամբ առաջընթաց պետք է գրանցվի։
14:45 - 18 մարտի, 2022
Ուկրաինան Թուրքիային առաջարկել է դառնալ հնարավոր գործարքի անվտանգության մասով երաշխավորներից մեկը

Ուկրաինան Թուրքիային առաջարկել է դառնալ հնարավոր գործարքի անվտանգության մասով երաշխավորներից մեկը

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Ուկրաինայի Լվով քաղաք այցի և  Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ բանակցությունների արդյունքները ամփոփելիս ասել է, որ ռուս-ուկրաինական պատերազմում հրադադարի հույսերը մի փոքր ավելի մեծացել են ինչպես Ռուսաստան, այնպես էլ Ուկրաինա կատարած այցից հետո: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը։ Չավուշօղլուն հայտնել է, որ Ուկրաինան Թուրքիային առաջարկել է դառնալ հնարավոր գործարքի անվտանգության մասով երաշխավորներից մեկը՝ հավելելով, որ Ռուսաստանը չի առարկում։ Չավուշօղլուն ընդգծել է Թուրքիայի լիակատար աջակցությունը Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, անկախությանը և ինքնիշխանությանը, քանի որ «ամբողջ աշխարհը տեսնում է Ուկրաինայի և ուկրաինացի ժողովրդի պայքարն այս պատերազմի դեմ»։ Դմիտրի Կուլեբան իր հերթին նշել է, որ Ուկրաինան և նրա ժողովուրդը գնահատում են այն «սկզբունքային դիրքորոշումը», որը Թուրքիան որդեգրել է պատերազմի բռնկումից ի վեր։ Չավուշօղլուն հիշեցնելով, որ Թուրքիայի նախագահը չորեքշաբթի հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, հայտնել է, որ այսօր Էրդողանը հեռախոսազրույց կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
19:00 - 17 մարտի, 2022
Ուկրաինայի ԱԳ նախարարն ասել է, որ Մոսկվան Կիևին կապիտուլյացիայի վերջնագիր է ներկայացնում, սակայն Զելենսկին հանձնվելու համար Պուտինի մոտ չի գնա |tert.am|

Ուկրաինայի ԱԳ նախարարն ասել է, որ Մոսկվան Կիևին կապիտուլյացիայի վերջնագիր է ներկայացնում, սակայն Զելենսկին հանձնվելու համար Պուտինի մոտ չի գնա |tert.am|

tert.am: Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան nv.ua կայքին տված հարցազրույցում անդրադարձել է ռազմական գործողությունների ֆոնին Ռուսաստանի Դաշնության հետ բանակցություններին, թե արդյոք հնարավոր է չեզոք կարգավիճակ Ուկրաինայի համար, և ինչպես է Արևմուտքը գնահատում Կիևի՝ հաղթելու հնարավորությունները:Խոսելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպման հավանականության մասին՝ Կուլեբան նշել է, որ հանդիպման գաղափարը նորություն չէ: Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք Ուկրաինան իսկապես կարող է չեզոք կարգավիճակի համաձայնվել անվտանգության երաշխիքների դեպքում, ԱԳ նախարարը նշել է.«Ռուսաստանը մի շարք պահանջներ ունի Ուկրաինայի նկատմամբ: Դրանք ըստ էության կապիտուլյացիայի վերջնագիր են: Մենք մերժում ենք այս մոտեցումը, ցանկանում ենք բանակցություններ, որոնց շրջանակներում կգտնվեն հավասարակշռված լուծումներ։
12:40 - 17 մարտի, 2022
Ռազմական հանցագործ․ Բայդենը՝ Պուտինին |tert.am|

Ռազմական հանցագործ․ Բայդենը՝ Պուտինին |tert.am|

tert.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, Ուկրաինայում իրականացվող հատուկ ռազմական գործողության ֆոնին, ՌԴ ղեկավար Վլադիմիր Պուտինին անվանել է «ռազմական հանցագործ», գրում է CNN-ը:Հայտնի է, որ Բայդենն այդ մասին ասել է լրագրողների հետ զրույցում:«Կարծում եմ՝ նա ռազմական հանցագործ է»,-ասել է Միացյալ Նահանգների նախագահը:Հարցին, թե արդյո՞ք Պուտինը ռազմական հանցագործ է, Բայդենը նախ պատասխանել է «ոչ»։ Հետո նա վերադարձել է լրագրողների խմբի մոտ՝ պարզաբանելու, թե իրեն ինչի մասին են հարցրել։ Կրկին հարցին՝ արդյոք Պուտինը ռազմական հանցագործ է, ԱՄՆ նախագահը դրական է պատասխանել։Մինչդեռ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն անընդունելի է անվանել Բայդենի խոսքերը։«Մենք անընդունելի և աններելի ենք համարում պետության ղեկավարի նման հռետորաբանությունը, որի ռումբերն ամբողջ աշխարհում հարյուր հազարավոր մարդկանց կյանք են խլել», - ասել է Կրեմլի խոսնակը։Հիշեցնենք, որ երեկ ԱՄՆ Սենատը բանաձև է ընդունել, որով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին դատապարտում է որպես ռազմական հանցագործ։ Փաստաթուղթը, որը ներկայացրել է հանրապետական Լինդսի Գրեհեմը, ստացել է երկու կուսակցությունների ներկայացուցիչների միաձայն աջակցությունը։ Սենատը խստորեն դատապարտել է Պուտինի օրոք ռուսական զինված ուժերի կողմից իրականացված «բռնությունը, ռազմական հանցագործությունները, մարդկության դեմ հանցագործությունները»։
10:11 - 17 մարտի, 2022
Փաշինյանն ու Պուտինը անդրադարձել են Հայաստանի կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանն ուղղված դիմումին

Փաշինյանն ու Պուտինը անդրադարձել են Հայաստանի կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանն ուղղված դիմումին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարությունը։ Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը և անդրադարձել 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ամրագրված պայմանավորվածությունների կատարման ընթացքին: Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինն անդրադարձել են նաև Հայաստանի կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանն ուղղված դիմումին, որը վերաբերում է խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների կազմակերպմանը: ՀՀ և ՌԴ առաջնորդները մտքեր են փոխանակել հայ-թուրքական երկխոսության, տարածաշրջանային վերջին զարգացումների, Ուկրաինայում ստեղծված իրավիճակի շուրջ: Քննարկվել են նաև ՀՀ վարչապետի՝ առաջիկայում Ռուսաստանի Դաշնություն կատարելիք պաշտոնական այցին վերաբերող հարցեր:
20:20 - 16 մարտի, 2022
ԱՄՆ Սենատը միաձայն դատապարտել է Պուտինին՝ որպես ռազմական հանցագործի |tert.am|

ԱՄՆ Սենատը միաձայն դատապարտել է Պուտինին՝ որպես ռազմական հանցագործի |tert.am|

tert.am: ԱՄՆ Սենատը բանաձև է ընդունել, որով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին դատապարտում է որպես ռազմական հանցագործ։ Այս մասին մարտի 16-ին հայտնել է Reuters գործակալությունը։ Փաստաթուղթը, որը ներկայացրել է հանրապետական Լինդսի Գրեհեմը, ստացել է երկու կուսակցությունների ներկայացուցիչների միաձայն աջակցությունը։Սենատը խստորեն դատապարտել է Պուտինի օրոք ռուսական զինված ուժերի կողմից իրականացված «բռնությունը, ռազմական հանցագործությունները, մարդկության դեմ հանցագործությունները»։Բանաձևը կոչ է անում Հաագայի միջազգային քրեական դատարանին և այլ երկրներին հետաքննություն անցկացնել «ռուսական ռեժիմի ռազմական հանցագործությունների վերաբերյալ, որոնք կատարվել են Ուկրաինա ներխուժման ժամանակ»։«Մենք բոլորս այս սրահում միավորվել ենք դեմոկրատների և հանրապետականների հետ՝ ասելու, որ Վլադիմիր Պուտինը չի կարող խուսափել ուկրաինացի ժողովրդի դեմ իրականացված վայրագությունների պատասխանատվությունից», - ասել է Սենատի դեմոկրատական մեծամասնության առաջնորդ Չակ Շումերը։
10:42 - 16 մարտի, 2022
Պուտինը Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթի հետ զրույցում քննարկել են իրավիճակը Ուկրաինայում

Պուտինը Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթի հետ զրույցում քննարկել են իրավիճակը Ուկրաինայում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթի հետ, որի ժամանակ վերջինիս ուշադրությունը հրավիրել է Դոնեցկում տեղի ունեցած «բարբարոսական ակտի»՝ հրթիռակոծության վրա։ Զրույցը կայացել է իսրայելական կողմի նախաձեռնությամբ, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ ընդհանուր առմամբ շարունակվել է կարծիքների փոխանակումը «Դոնբասի պաշտպանության համար ռուսական ռազմական գործողության շուրջ»։  «Շփման ժամանակ Վլադիմիր Պուտինը ուշադրություն է հրավիրել ուկրաինացի զինվորականների նոր բարբարոսական ակտի վրա՝ կասետային զինամթերքի գործածմամբ այսօրվա հրթիռային հարվածը Դոնեցկի կենտրոնական թաղամասի վրա, որ քաղաքի խաղաղ բնակիչների շրջանում բազմաթիվ զոհերի է հանգեցրել»,- ասված է հաղորդագրության մեջ։ Կրեմլից հավելել են, որ Բենեթը Պուտինին տեղեկացրել է մի շարք երկրների ղեկավարների հետ ուկրաինական խնդրի վերաբերյալ իր վերջին շփումների մասին։ Պուտինն ի պատասխան իր գնահատականներն է ներկայացրել ռուսական ու ուկրաինական կողմերի ներկայացուցիչների բանակցային գործընթացի մասին, որ այս օրերին տեղի է ունենում տեսակոնֆերանսի ձեւաչափով։ Ուկրաինայում ռուսական գործողության մեկնարկից ի վեր սա Պուտինի ու Բենեթի արդեն հինգերորդ հեռախոսազրույցն է։
22:39 - 14 մարտի, 2022
Պուտինն օտարերկյա ինքնաթիռների նկատմամբ իրավունքի մասին օրենք է ստորագրել

Պուտինն օտարերկյա ինքնաթիռների նկատմամբ իրավունքի մասին օրենք է ստորագրել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օրենք է ստորագրել քաղավիացիայի աջակցության միջոցների մասին։ Այն հնարավորություն է տալիս իրավունքներ գրանցելու արտասահմանյան այն ինքնաթիռների նկատմամբ, որոնք ռուսական ընկերությունները լիզինգով են ձեռք բերել, ինչպես նաև թռիչքներ իրականացնելու ենթակա լինելու մասին ռուսաստանյան հավաստագրեր տրամադրելու։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։ ՌԴ Օդային օրենսգրքում և մի շարք օրենսդրական ակտերում կատարված փոփոխությունները ռուսական ավիաընկերություններին թույլ են տալիս պահպանել արտասահմանյան օդանավերի պարկն ու հնարավորություն տալիս դրանք շահագործել ներքին չվերթների համար։ Քաղաքացիական օդանավերի հավաստագրումն իրականացվելու է հավաստագրեր տրամադրող կենտրոնների և փորձաքննական լաբորատորիաների ներգրավմամբ, որոնց նկատմամբ պահանջները կսահմանի երկրի տրանսպորտի նախարարությունը։ Ինչպես նշված է բացատրագրում, օրենքն ուղղված է ռուսական ընկերությունների՝ օտարերկրյա օդանավերի պարկերի պահպանմանը, որի նպատակը քաղավիացիայի ոլորտում անխափան գործունեություն ապահովելն է հակապատժամիջոցային միջոցների շրջանակում։   Նորա Վանյան
16:56 - 14 մարտի, 2022
Որքա՞ն հեռուն է պատրաստ գնալ Ռուսաստանի նախագահը․ Spiegel

Որքա՞ն հեռուն է պատրաստ գնալ Ռուսաստանի նախագահը․ Spiegel

Spiegel հեղինակավոր ամսագիրն անդրադարձել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի քաղաքական ուղուն, փորձել պարզել, թե ինչն է հանգեցրել ուկրաինական ճգնաժամին և ինչպես կարող են զարգանալ իրադարձությունները։ Ամսագրի այս շաբաթվա համարում հրապարակված հոդվածը կրճատումներով ներկայացնում ենք ստորև։ Արևմուտքը շոկի մեջ է ընկել Վլադիմիր Պուտինի Ուկրաինա ներխուժումից։ Բայց կրեմլյան բոսն արդեն երկար տարիներ է՝ անթաքույց խոսում է ռուսական կայսրության վերաբերյալ իր տեսլականի մասին։ Այս սրացմանը նա ուզում էր հասնել 20 տարի։ 2001 թ-ի սեպտեմբերի 25-ին Ռուսաստանի նախագահը, որը երկիրը կառավարում էր արդեն մեկ ու կես տարի, ելույթ ունեցավ Գերմանիայի խորհրդարանի առջև։ Ունկնդիրների թվում էին Գերմանիայի նախագահ Յոհաննես Ռաուն և կանցլեր Գերհարդ Շրյոդերը։ Պուտինը ելույթ ունեցավ գերմաներենով՝ ասելով, թե խոսում է Գյոթեի, Շիլլերի և Կանտի լեզվով։ Ռուսաստանի առաջնորդը խոսեց «ժողովրդավարության և ազատության գաղափարների» մասին և ասաց, որ «Ռուսաստանը բարեկամ երկիր է, մենք մեր ավանդն ենք ունենում եվրոպական ընտանիքի շինարարությանը»՝ հավելելով, որ իր նպատակը խաղաղությունն է աշխարհամասում։ Երբ նա ավարտեց իր ելույթը, գերմանացի խորհրդարանականները ոտքի կանգնեցին։ Նրանք մի քանի րոպե ծափահարում էին Պուտինին՝ Ռուսաստանին նոր հույս բերողին։ Այսօր Գերմանիայում քչերը նրան կծափահարեին։ Եվրոպական ընտանիքի համար Պուտինի ավանդն այսօր դրա ռմբակոծումն է։ Ոչ ոք էլ չի կապի նրա անունը ժողովրդավարության կամ ազատության հետ։ Պուտինն արեց այն, ինչ ոչ ոք Եվրոպայում չեր համարձակվում անել Ադոլֆ Հիտլերի ժամանակներից ի վեր․ նա հարձակվեց աշխարհամասի կենտրոնում գտնվող երկրի վրա՝ իր զորքերով և ավիացիայով, ավելի քան 100 հազար զինվորով։ Եթե ավելի մանրամասն դիտարկենք, ապա գերմանացի օրենսդիրների էյֆորիան այն ժամանակ արդեն անտեղի էր։ Նրանք թույլ տվեցին կուրացնել իրենց։ Գուցե այն պատճառով, որ գոնե մեկ ակնթարթ Պուտինի մեջ տեսան երկրորդ Գորբաչովին։ Գուցե որովհետև նրա խոսքում չնկատեցին քողարկված ակնարկներն այն մասին, որ Եվրոպան պետք է երես թեքի ԱՄՆ-ից, որ լոյալությունը ՆԱՏՕ-ին խնդրահարույց է, և Եվրոպայի անվտանգության համակարգն այլևս չի համապատասխանում Ռուսաստանի շահերին։ Բայց նրանք պետք է արթուն կենային մեկ այլ պատճառով․ Պուտինը, որը գառան մորթի էր հագել Բեռլին գալիս, 20 ամիս առաջ իր պաշտոնավարումը սկսել էր ամենադաժան կերպ։ Անգամ 2001 թ-ին գերմանացիները պետք է գլխի ընկնեին, որ նրա խաղաղության ելույթն ու իրական գործողությունները Ռուսաստանում չեն համընկնում։ Պատերազմն Ուկրաինայում շարունակությունն է այն բանի, ինչ սկսվեց 2000 թ-ի Ամանորի առավոտը չեչենական Գուդերմես քաղաքում՝ Ռուսաստանի վերածննդի, գոնե այն տեսքով, ինչպես տեսնում է Պուտինը։ «Դուք ոչ միայն պաշտպանում եք Ռուսաստանի պատիվը Չեչնիայում։ Խոսքը մեր երկրի մասնատումը թույլ չտալու մասին է», - ռուսական 42-րդ մոտոհրաձգային դիվիզիայի առջև ելույթ ունենալիս ասաց հեռավոր Մոսկվայից ժամանած մեկը, որին այն ժամանակ շատերը չէին ճանաչում՝ Վլադիմիր Պուտինը։ Նրա նախագահության 24 ժամը դեռ չէր լրացել։ Եվ այն, որ Պուտինը մեկնել էր չեչենական պատերազմի առաջնագիծ, կանխամտածված ժեստ էր։ Նա այս պատերազմը սրտին մոտ էր ընդունում․ Չեչնիան սպառնում էր անջատվել Ռուսաստանից։ Պուտինը դա դիտարկում էր որպես ռուսական հզորության թուլացում, որը պետք է կասեցնել։ Դաղստնաում և Մոսկվայի բնակելի շենքերում և Ռուսաստանի հարավում մի քանի պայթյուններից հետո Պուտինն արդեն պատերազմ հայտարարեց «չեչեն ահաբեկիչներին» 1999 թ-ի վերջին։ Ապացուցված չէ, որ այդ պայթյուններն իրականացրել են չեչենները։ Ավելին՝ կան ապացույցներ, որ դրանց մասնակից է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը, որը ոչ այնքան վաղ գլխավորում էր Պուտինը։ Ամենօրյա օդային հարձակումները Չեչնիայի վրա սկսվեցին 1999 թ-ի սեպտեմբերին, իսկ նույն տարվա հոկտեմբերին ռուսական բանակը ներխուժեց Չեչնիա։ Ինչպես այժմ Ուկրաինայում, այն պատերազմը «պատերազմ» չէր կոչվում, այլ «հակաահաբեկչական գործողություն Հյուսիսային Կովկասում»։ Հարյուր հազարավոր մարդիկ զոհվեցին կամ փախան այդ պատերազմից, որովհետև ռուս զինվորականները գործում էին անհավանական դաժանությամբ։ Եթե որպես հիմք ընդունենք Չեչնիայի պատերազմն, այնուհետև հաշվի առնենք կարևորագույն քաղաքական որոշումները, որոնք Մոսկվան կայացրել է հետագա տարիներին, ապա հարց է առաջանում․ ինչո՞ւ Արևմուտքը Պուտինի մեջ լուրջ սպառնալիք չի տեսել շատ ավելի վաղ։ Չէ՞ որ այն, ինչ նա անում էր, ծառայում էր միայն մեկ նպատակի՝ վերականգնել Ռուսաստանի երբեմնի փառքն ամեն գնով։ Սակայն իր կառավարման տարիներին Պուտինը պարտություններ էլ է կրել, որոնք նրան էլ ավելի են բորբոքել։ Դրանցից մեկը «նարնջագույն» հեղափոխությունն էր Ուկրաինայում, որը սկսվեց այն բանից հետո, երբ Պուտինի բարեհաճությունը վայելող և Ռուսաստանի հովանու տակ գտնվող Վիկտոր Յանուկովիչը հաղթեց ուկրաինական նախագահական ընտրություններում 3 մլն կեղծ ձայների միջոցով։ Ավելի քան 100 հազար մարդ փողոց դուրս եկավ բողոքելու, ինչը ստիպեց քվեարկության երրորդ փուլ անցկացնել։ Արդյունքում՝ հաղթեց ընդդիմության առաջնորդ Վիկտոր Յուշչենկոն։ Նույնատիպ մի բան տեղի ուենցավ 2005 թ-ի մարտին, երբ Ղրղզստանում «կակաչների հեղափոխություն» տեղի ունեցավ։ Ռեժիմի հակառակորդները գրավեցին կառավարության շենքը Բիշքեկում, իսկ նախագահ Ասկար Ակաևն ընտանիքի հետ ուղղաթիռով փախավ Ռուսաստան։ Մոսկվայում հիասթափությունն անսապասելիորեն ձախողակ Պուտինից դարձավ համատարած։ Դժվար չէ պատկերացնել, թե ինչ ազդեցություն գործեց այս քննադատությունը Պուտինի վրա։ Դա կարող էր իսկական բեկումնային կետ լինել, և դա ոչ մի կապ չուներ ՆԱՏՕ-ի հետ։ Միայն մեկ տարի անց Պուտինն ապացուցեց, որ դասեր է քաղել։ Այն ժամանակ նա ընդունեց «Մեծ ութնյակի» գագաթաժողովը Սանկտ Պետերբուրգում և հռչակեց, որ Ռուսաստանը «կրկին գերտերություն է տնտեսկան աճի տեսակետից»։ Եվ այն ժամանակ ռուսական տնտեսությունն իրոք բարգավաճում էր։ 2006 թ-ի գագաթաժողովի գլխավոր թեման գլոբալ էներգետիկ անվտանգությունն էր։ Այդ հանդիպման նախաշեմին սկսեց քննադատություն հնչել Արևմուտքի հասցեին, որը հայտարարվեց գլխավոր թշնամի։ Իսկ դրանից մի քանի ամիս առաջ «Գազպրոմ» պետական ընկերությունը դադարեց գազ մատակարարել Ուկրաինային և նրա ոչ պոպուլյար ռեֆորմատոր նախագահ Յուշչենկոյին։ Դա ազդակ էր աշխարհին, որ Պուտինն ու նրա շրջապատը գիտեն այն խաղաթղթերի գինը, որոնք իրենց ձեռքում էին։ Այսպիսով, աշխարհաքաղաքական հակադրությունները փաստացի սկսվել են 16 տարի առաջ։ Սակայն ոչ մի փոփոխության չեն հանգեցրել Արևմուտքի մտածողությունում։ Չնայած նրան, որ այն ժամանակ արդեն Եվրոպայում սկսել էին խոսել էներգամատակարարման դիվերսիֆիկացման մասին։ Պուտինը նաև վերականգնեց իր դիրքերն արտաքին քաղաքականությունում։ Նա վերականգնեց կորցրած ազդեցությունը հետխորհրդային երկրների վրա և դաշինք կնքեց Չինաստանի, Հնդկաստանի և Պակիստանի հետ։ 2008 թ-ին Պուտինը ժամանակավորապես համաձայնեց պաշտոններով փոխվել վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ՝ չխախտելու համար սահմանադրությունը, որի համաձայն՝ Ռուսաստանի նախագահ անընդմեջ կարելի է լինել միայն երկու ժամկետով։ Այդ տարվա օգոստոսին Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի փորձն՝ իր վերահսկողության տակ վերադարձնելու Հարավային Օսիա ինքնավար մարզը, հանգեցրեց պատերազմի։ Ռուսաստանը ներխուժեց Վրաստան։ Ռուսաստանն այդ պատերազմը կոչեց «խաղաղություն պարտադրելու գործողություն»։ Իրականում նա պատժում էր Վրաստանին, որը Սաակաշվիլիի օրոք շրջվում էր դեպի Արևմուտք։ Արևմուտքը ցուցադրեց իր անկարողությունը ռուսական նեոիմպերիալիզմի առջև այնպես, ինչպես այժմ՝ Ուկրաինա ներխուժման առջև։ Մեդվեդևի հետ կրկին տեղերով փոխվելով՝ Պուտինը վերադարձրեց նախագահի պաշտոնը և հրաժարվեց բոլոր պատրվակներից։ 2013 թ-ին նա համոզեց իր ուկրաինացի գործընկեր Յանուկովիչին չեղարկել ասոցացման համաձայնագիրը Եվրամիության հետ, որը մշակվել էր տարիներով։ Դա հուզումներ առաջացրեց Ուկրաինայում, այնուհետև պատերազմ սկսվեց Ուկրաինայի արևելքում և տեղի ունեցավ Ղրիմի օկուպացիան։ Պուտինը Ռուսաստանն առանձնացրեց ողջ աշխարհից և իր երկիրն ամրոց հռչակեց։ Նա ակնհայտորեն արժանին էր մատուցում բռնությանը։ Այս ամենը պետք է հիշեն նրանք, ովքեր այսօր գլուխ են կոտրում Պուտինի՝ Ուկրաինա ներխուժման շարժառիթների վրա և զարմանում, թե որքան վտանգավոր է նա։ Եվ այս պատերազմի երրորդ շաբաթասզկբին հարց է առաջանում․ չի՞ սխալվել, արդյոք, Պուտինն այս անգամ։ Արդյո՞ք իրականությունից շատ չէ հեռացել։ Ռուսական զորքերը դանդաղ են առաջ շարժվում։ Տնտեսական տեսակետից վնասն ավելի մեծ է լինելու, քան Կրեմլը հայտնում է ռուս հասարակությանը։ Արդյո՞ք սա նշանակում է, որ հատուկ ծառայությունները ձախողել են իրավիճակի վերլուծությունը։ Թե՞ Պուտինն է անտեսել նրանց գնահատականները։ Ոչ խորհրդարանի, ոչ նախագահի վարչակազմի պաշտոնյաներն իրավունք չունեն միջամտելու կարևոր հարցերին։ Ռուս օլիգարխներն ու գործարարները նույնպես այլևս ուղիղ ազդեցություն չունեն Պուտինի վրա։ Այս պահին նա, ըստ ամենայնի, լսում է միայն իր ամենամոտ վստահված անձանց, ինչպիսիք են պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը։ Նրանք նախագահին ասում են այն, ինչ նա ուզում է լսել, և նրանցից ոչ ոք կասկածի տակ չի դնելու Պուտինի դատողությունները։ Եթե Պուտինը պատերազմը հաղթեր երկու օրում, նա, հավանաբար, կունենար ռուսական էլիտայի և բնակչության լայն զանգվածների լիակատար աջակցությունը։ Բայց բլիցկրիգը տապալվեց։ Կարելի է ենթադրել, որ Պուտինը հիասթափված է։ Իսկ, ինչպես ցույց են տվել վերջին երկու տասնամյակը, նա հիասթափությունը հաղթահարում է ավելացնելով դաժանությունը։ Բանակի՝ առանց հաղթանակի Ռուսաստան վերադառնալու մասին խոսք անգամ լինել չի կարող։ Դա կստիպի Պուտինին ճշմարտանման բացատրություն հորինել, թե Ուկրաինայում նա արդեն «հաղթել է» «նացիզմի» և «ցեղասպանության» դեմ պայքարում։ Իրադարձությունների զարգացման առավել հավանական սցենարը կլիներ զորքերը Դնեպրի արևելյան ափին կանգնեցնելը և դեպի արևմուտք շարժվելուց հրաժարվելը, սակայն դա Պուտինին չի բերի ոչ քաղաքական, ոչ ռազմական բավարարում։ Հակառուսական տրամադրություններ ունեցող Արևմտյան Ուկրաինայի օկուպացիան անխուսափելիորեն կբերի պարտիզանական պայքարի։ Ռուսաստանի համար այս դիլեմայի լուծումներից մեկը կարող է լինել հերթական քարոզչական հնարքը։ Նա կարող է հայտարարել ուկրաինացիների հետ բանակցություններում իբր ձեռք բերված առաջընթացի մասին, այնուհետև մեծահոգաբար հայտարարել հրադադարի մասին, որը հետագայում կարող է օգտագործել ուրիշ տարբերակներ գտնելու համար։ Սակայն այս տարբերակներից որևէ մեկը հաշվի չի առնում, թե արդյոք «ճաքեր» են առաջանում ռուսական իշխանական շրջանակում։ Համացանցում դեռ առկա մի քանի ընդդիմադիր լրատվամիջոցներ այս շաբաթ հիշել էին «ծխատուփի սցենարը»՝ հղում անելով Եկատերինա Մեծի որդի ռուս կայսր Պավել Առաջինի սպանությանը։ Պավել Առաջինը շատ կասկածամիտ էր, անկանխատեսելի և անկայուն։ Երբ նա առաջարկեց հարձակվել Բրիտանական Հնդկաստանի վրա ֆրանսիացիների հետ միասին, ռուսական արիստոկրատիան որոշեց, որ նա խելագարվել է և դավադրություն կազմակերպեց։ Ներկա պահին Ռուսաստանում, կարծես, այդպիսի դավադիրներ չկան։ Սակայն ռուսաստանցիներից շատերն են սկսել մտածել, թե ով է գալու Պուտինից հետո։ Ոչ ոք չգիտի, թե ինչ է անելու Պուտինն իր հեռանալու դեպքում, նա մի քանի ֆավորիտ ունի։ Սակայն կա մեկը, որի մասին ռուսական շրջանակներում բազմիցս խոսվել է՝ որպես Պուտինի հնարավոր հետնորդի։ Նախկինում նա շատ մոտ է եղել Պուտինի հետ, բայց մի քանի տարի առաջ նրան Մոսկվայից տեղափոխել են այլ շրջան։ Նրա անունն Ալեքսեյ Դյումին է, նա Տուլայի մարզպետն է։ Երբ Պուտինը կրկին նախագահ դարձավ 2008 թ-ին, Դյումինը դարձավ նրա անվտանգության ծառայության պետն ու օգնականը, 2012-ին՝ Պետական հետախուզական վարչության տեղակալը։ Դյումինն առանցքային դեր էր խաղում Ղրիմի բռնակցման գործում։ Ավելի ուշ նա նշանակվեց պաշտպանության նախարարի տեղակալ։ Այն փաստը, որ Պուտինը նրան Տուլայի մարզպետ նշանակեց դրանից մի քանի ամիս անց՝ 2016 թ-ին, զարմացրեց շատերին, այդ թվում՝ Դյումինին։ Սակայն սա իր տրամաբանությունը կարող է ունենալ։ Ռուսական քաղաքական տիեզերքում նորեկներն արագ են սպառում իրենց ներուժը։ Պուտինը գնահատում է Դյումինին նրա հավատարմության, հատուկ ծառայությունների հետ կապի և բարդ գործողություններին մասնակցության փորձի համար։ Բացի այդ, Դյումինը, որը 20 տարով ավելի երիտասարդ է, թարմ ուժ կհամարվի բարձր իշխանական շրջանակներում, որը չի ասոցացվի նախկին իշխանության հետ։ Սակայն անգամ Պուտինն ինքը չգիտի, թե երբ կհեռանա քաղաքական բեմից։ Դա, հավանաբար, կախված կլինի նաև նրանից, թե ինչպես կզարգանա պատերազմն Ուկրաինայում։ Նորա Վանյան
21:42 - 13 մարտի, 2022
Պուտինը Էրդողանի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է, որ դեմ չէ Զելենսկու հետ հանդիպմանը

Պուտինը Էրդողանի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է, որ դեմ չէ Զելենսկու հետ հանդիպմանը

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է, որ դեմ չէ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպմանը։ Այս մասին հաղորդում է ria.ru-ն։ «Մենք նախանձախնդիր ենք` կազմակերպելու առաջնորդների հանդիպում (Ռուսաստանի և Ուկրաինայի - խմբ.): Դեռ պատերազմի սկսվելուց առաջ մենք նման ձգտումներ ունեինք: Սկզբունքորեն, Պուտինը մեր նախագահի հետ հեռախոսազրույցների ժամանակ ասաց, որ ինքը դեմ չէր նման հանդիպմանը...Ուկրաինական կողմը պատրաստ է»,- ասել է Չավուշօղլուն ասուլիսի ժամանակ։ Նա նաև նշել է, որ Բելառուսում կողմերի միջև տեխնիկական բանակցություններ են ընթանում․ «Մյուս կողմից կան այլ ուղիների ջանքեր, որոնց մենք նույնպես աջակցում ենք»։ ՌԴ և Թուրքիայի նախագահների հեռախոսազրույցը տեղի էր ունեցել մարտի 6-ին։ ՌԴ նախագահը Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում ասել է, որ Ուկրաինայում ռազմական գործողության դադարեցումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե Կիևը դադարեցնի ռազմական գործողությունները և կատարի Ռուսաստանի պահանջները։
16:50 - 13 մարտի, 2022
Վլադիմիր Պուտինը ահաբեկչություն է նախապատրաստում Չեռնոբիլի ատոմակայանի վրա․ Ուկրաինայի ՊՆ |tert.am|

Վլադիմիր Պուտինը ահաբեկչություն է նախապատրաստում Չեռնոբիլի ատոմակայանի վրա․ Ուկրաինայի ՊՆ |tert.am|

tert.am: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը «ահաբեկչություն նախապատրաստել»  Չեռնոբիլի ատոմակայանում։ «Ուկրինֆորմ»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչությունը։ Ըստ առկա տեղեկատվության՝ Պուտինը հրահանգել է ահաբեկչություն նախապատրաստել Չեռնոբիլի ատոմակայանում։ Ռուսական զորքերի կողմից վերահսկվող Չեռնոբիլի ատոմակայանում նախատեսվում է տեխնածին աղետ ստեղծել, որի պատասխանատվությունը ռուս զավթիչները կփորձեն բարդել Ուկրաինայի վրա։ «Ներկայումս Չեռնոբիլի ԱԷԿ-ն ամբողջությամբ անջատված է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության մոնիտորինգի համակարգերից։ Կայանը հոսանքազրկված է»,- ասվում է զեկույցում։ Պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչությունը նշում է, որ «հակառակորդը հրաժարվել է թույլ տալ ուկրաինացի վերանորոգողներին մուտք գործել կայան»։ «Այնտեղ Ալեքսանդր Լուկաշենկոյի ցուցումով ներս մտան նաև «բելառուս մասնագետները»։ Նրանց մեջ միջուկային գիտնականների անվան տակ մտնում են ռուս դիվերսանտներ՝ ահաբեկչություն կազմակերպելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ։
17:11 - 11 մարտի, 2022
Ուկրաինայի հետ բանակցություներում որոշակի դրական տեղաշարժ է գրանցվել․ Պուտին

Ուկրաինայի հետ բանակցություներում որոշակի դրական տեղաշարժ է գրանցվել․ Պուտին

Ուկրաինայի հետ բանակցություներում որոշակի դրական տեղաշարժ է գրանցվել։ Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ընթացքում, հայտնում է «Ռիա Նովոստին»։ «Ես ձեզ անպայման կտեղեկացնեմ Ուկրաինայի շուրջ իրավիճակի մասին և, առաջին հերթին, թե ինչպես են այժմ ընթանում բանակցությունները․ դրանք այժմ ընթանում են գրեթե ամենօրյա ռեժիմով, կան որոշակի դրական զարգացումներ, ինչպես ինձ զեկուցել են ռուսական կողմի բանակցողները։ Այս ամենի մասին ես ձեզ ավելի մանրամասն կպատմեմ»,- ասել է պետության ղեկավարը։ Երկու երկրների ղեկավարները նաև սահմանափակող միջոցների ազդեցությունը Բելառուսի և Ռուսաստանի տնտեսությունների վրա։ Պուտինը ընդգծել է, որ Մոսկվայի և Մինսկի զարգացումը սահմանափակելու փորձեր միշտ արվել են, սակայն ռուսներին և բելառուսներին միշտ հաջողվել է հաղթահարել այդ խոչընդոտները․ «ԽՍՀՄ-ը ապրել է պատժամիջոցների տակ, զարգացել և հասել է հսկայական հաջողությունների»։ Լուկաշենկոն էլ նշել է, որ  որ նման մարտահրավերները զարգացման ներուժ են պարունակում։  
16:26 - 11 մարտի, 2022
Ռուսաստանը կատարում է Եվրոպային եւ աշխարհի այլ տարածաշրջաններին էներգառեսուրսներ մատակարարելու իր պարտավորությունները․ Պուտին

Ռուսաստանը կատարում է Եվրոպային եւ աշխարհի այլ տարածաշրջաններին էներգառեսուրսներ մատակարարելու իր պարտավորությունները․ Պուտին

Ռուսաստանը կատարում է Եվրոպային եւ աշխարհի այլ տարածաշրջաններին էներգառեսուրսներ մատակարարելու իր պարտավորությունները։ Հինգշաբթի կառավարության անդամների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Ինչ վերաբերում է այն երկրներին, որոնք ոչ բարեկամական քայլեր են անում մեր երկրի եւ տնտեսության նկատմամբ, ապա մենք լավ գիտենք՝ նրանք իրենց քաղաքացիներին կոչ են անում ձգել գոտիները, տաք հագնվել, եւ, ընդհանրապես, որպես իրենց վիճակի վատթարացման պատճառ՝ մատնանշում են այն պատժամիջոցները, որոնք կիրառում են մեր դեմ»,- նշել է ՌԴ ղեկավարը՝ շարունակելով․ «Այս ամենը շատ տարօրինակ է երեւում, հատկապես երբ մենք  էներգառեսուրսների մատակարարման ոլորտում մեր բոլոր պարտավորությունները կատարում ենք»,- ընդգծել է նա: Պուտինի խոսքով՝ Ռուսաստանը չի պատրաստվում որեւէ մեկից փակվել եւ պատրաստ է պատրաստ է աշխատել բոլոր գործընկերների հետ, որոնք դա կցանկանան։  «Մենք ինքներս ոչ մեկից չենք պատրաստվում փակվել։ Մենք բաց ենք մեր բոլոր գործընկերների, օտարերկրյա գործընկերների հետ աշխատելու համար, բոլոր նրանց, որոնք կցանկանան»,- ասել է Պուտինը։ Պետության ղեկավարի խոսքով՝ հուսալիորեն պաշտպանված պետք է լինեն այն օտարերկրյա ներդրողների իրավունքները, որոնք մնում են Ռուսաստանում աշխատելու։ Նախագահը պահանջել է վճռական գործել՝ ի պատասխան Ռուսաստանում օտարերկրյա սեփականատերերի ձեռնարկությունների փակմանը, արտաքին կառավարում ներդնել․ «Ինչ վերաբերում է նրանց, որոնք ցանկանում են փակել իրենց արտադրությունը, պետք է գործել վճռական ու ոչ մի դեպքում թույլ չտալ որեւէ վնաս հասցվի տեղական մատակարարներին»։ Վլադիմիր Պուտինը ասել է նաև, որ հակառուսական պատժամիջոցներն ամեն դեպքում կիրառվելու էին Արեւմուտքի կողմից։ Այս կարծիքը նա հայտնել է՝ ամփոփելով կառավարության անդամների հետ հանդիպումը։ «Ես կասկած չունեմ, որ այս պատժամիջոցները այնպես թե այնպես կիրառվելու էին, քանի որ դրանք ներդրվել են վերջին շատ ու շատ տարիների ընթացքում»,- ասել է նա։ Նախագահն ընդգծել է, որ այս պահին պատժամիջոցների ճնշումը բարդ է և որոշակի խնդիրներ ու դժվարություններ է ստեղծում Ռուսաստանի համար։ «Ինչպես նախորդ տարիներին հաղթահարեցինք այդ խնդիրներն ու դժվարությունները, այնպես էլ հիմա կհաղթահարենք»,- եզրափակել է Պուտինը։
20:10 - 10 մարտի, 2022