Իսրայել

Իսրայելի պետությունը ստեղծվել է 1948 թվականի մայիսի 14-ին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1947 թվականի նոյեմբերի 29-ի որոշմամբ, ըստ որի Մեծ Բրիտանիայի ենթամանդատային Պաղեստինը հռչակվում էր անկախ եւ նրա տարածքում ստեղծվում էին երկու ինքնուրույն՝ արաբական եւ հրեական պետություններ։

Հրեական պետությանը՝ Իսրայելին, հատկացվում էր 14 հզ. կմ2 (Պաղեստինի տարածքի 56%) տարածություն՝ խառը բնակչությամբ։ Երուսաղեմը հանձնվում էր ՄԱԿ-ի կառավարմանը։ 1948 թվականի մայիսին Իսրայելում ստեղծվեց ժամանակավոր կառավարություն, որը կազմված էր բացառապես սիոնիստական կուսակցությունների ներկայացուցիչներից։ Կառավարության առաջին իսկ՝ «Անկախության դեկլարացիայով» սիոնիզմը հռչակվեց Իսրայելի պաշտոնական գաղափարախոսություն եւ քաղաքականություն։

Արաբա-իսրայելական պատերազմներից հետո` 1974 թվականի հունվարին եւ 1975 թվականի սեպտեմբերին Եգիպտոսի, իսկ 1974 թվականի մայիսին Սիրիայի հետ Իսրայելը կնքեց զորքերի տարանջատման եւ նրանց միջեւ բուֆերային գոտիներ ստեղծելու համաձայնագրեր։ 1979 թվականին Եգիպտոսը՝ առաջին արաբական երկիրն էր, որը խաղաղության դաշինք կնքեց Իսրայելի հետ։ Արդյունքում, Իսրայելը Սինայի թերակղզին Եգիպտոսին հետ վերադարձրեց։ Հորդանանը եւ Իսրայելը խաղաղության դաշինք կննքեցին 1994 թվականին։ Իսկ 2005 թվականին Իսրայելը իր բանակը դուրս բերեց Գազայի շրջանից։

Իսրայելական բանակը Գազայի վրա թռուցիկներ է նետել՝ մարդկանց կոչ անելով չվերադառնալ իրենց տներ
 |news.am|

Իսրայելական բանակը Գազայի վրա թռուցիկներ է նետել՝ մարդկանց կոչ անելով չվերադառնալ իրենց տներ |news.am|

news.am: Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) թռուցիկներ է բաց թողել Գազայի հատվածի վրա՝ բնակիչներին կոչ անելով չվերադառնալ անկլավի հյուսիս, որը, ըստ ՑԱԽԱԼ-ի, մնում է հակամարտության գոտի՝ չնայած զինադադարին, հաղորդում է Times of Israel-ը: Ուրբաթ առավոտյան տեղական ժամանակով ժամը 07.00-ին (Մոսկվայի ժամանակով 08.00-ին) իսրայելական բանակի և Գազայի հատվածում իշխող պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև քառօրյա զինադադար է սկսվել։ «Իսրայելական բանակը թռուցիկներ է նետել Գազայի վրա՝ կոչ անելով բնակիչներին չվերադառնալ Գազայի հատվածի իրենց տները, քանի որ տարածքները շարունակում են մնալ ռազմական գոտիներ՝ չնայած ուժի մեջ մտած քառօրյա զինադադարին», - գրում է թերթը: Ինչպես նշում է պարբերականը, պաղեստինյան իշխանությունները տեղահանված Գազայի բնակիչներին կոչ են արել հրադադարի մեկնարկից հետո վերադառնալ տուն։
13:19 - 24 նոյեմբերի, 2023
G20-ի երկրները կոնսենսուսի են եկել Իսրայելի և Պաղեստինի խնդրի լուծման հարցում |armenpress.am|

G20-ի երկրները կոնսենսուսի են եկել Իսրայելի և Պաղեստինի խնդրի լուծման հարցում |armenpress.am|

armenpress.am: G20-ի երկրները կոնսենսուսի են եկել Իսրայելի և Պաղեստինի խնդրի լուծման շուրջ՝ հիմք ընդունելով երկու պետությունների  ստեղծման սկզբունքը։ Ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին՝ այս մասին հայտարարել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին G20-ի ղեկավարների առցանց գագաթնաժողովի փակման խոսքում։ «Իսրայելի և Պաղեստինի խնդիրը պահանջում է. մշտական ​​լուծում՝ երկու պետություն ստեղծելով»,- ասել է Մոդին։ Իր խոսքում նա ընդգծել է, որ Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի վերաբերյալ G20-ում շատ հարցերի շուրջ կա կոնսենսուս:  Ըստ Հնդկաստանի վարչապետի՝ մասնավորապես, բոլորը խստորեն դատապարտում են ահաբեկչությունն ու բռնությունը, ինչպես նաև անընդունելի են համարում դրանց պատճառով անմեղ մարդկանց, հատկապես՝ երեխաների ու կանանց մահը։ Նրա խոսքով՝   դիվանագիտությունն ու երկխոսությունը աշխարհաքաղաքական լարվածության կարգավորման միակ ուղին են՝ հավելելով, որ G20-ը պատրաստ է այդ հարցում ցուցաբերել հնարավոր բոլոր աջակցությունը։
21:33 - 22 նոյեմբերի, 2023
Հռոմի պապն ասել է, որ Իսրայել-ՀԱՄԱՍ հակամարտությունն անցել է պատերազմի սահմանները և հասել «ահաբեկչության»
 |armenpress.am|

Հռոմի պապն ասել է, որ Իսրայել-ՀԱՄԱՍ հակամարտությունն անցել է պատերազմի սահմանները և հասել «ահաբեկչության» |armenpress.am|

armenpress.am:  Հռոմի Ֆրանցիսկոս պապը նոյեմբերի 22-ին առանձին հանդիպումներ է ունեցել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից Գազայում պահվող իսրայելցի պատանդների հարազատների, ինչպես նաև պաղեստինցիների հետ, որոնց հարազատները Գազայում են։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Reuters գործակալությունը հաղորդում է, որ այդ հանդիպումներից հետո սուրբ Պետրոսի հրապարակում գլխավոր ուկնկնդրության ժամանակ Ֆրանցիսկոս պապը հայտնել է, որ քիչ առաջ լսել է, թե ինչպես են հակամարտությունից տառապում երկու կողմերը։ «Ահա թե ինչ են անում պատերազմները։ Բայց այստեղ մենք անցել ենք պատերազմների սահմանը։ Սա պատերազմ չէ։ Սա ահաբեկչություն է», - ասել է Հռոմի պապը։ Ֆրանցիսկոս պապը խնդրել է աղոթել, որպեսզի երկու կողմերն էլ «տեղի չտան կրքերին, ինչը, ի վերջո, բոլորին կսպանի»։ Հռոմի պապը կողմերի հետ հանդիպումներ է ունեցել այն բանից հետո, երբ Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը համաձայնության են եկել քառօրյա հրադադարի, ինչպես նաև Գազայում պահվող 50 պատանդների և Իսրայելում բանտարկված 150 պաղեստինցիների փոխանակման շուրջ։ Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի ներխուժման հետևանքով Իսրայելում զոհերի թիվը շուրջ 1200 է, 240 մարդ գերեվարվել է։ Ռազմական գործողությունների ընթացքում զոհված իսրայելցի զինծառայողների թիվը գերազանցել է 380-ը։ Իսկ իսրայելական գնդակոծությունների հետևանքով Գազայի հատվածում կա ավելի քան 13 300 զոհ, որոնցից 5600-ը երեխաներ են։
16:18 - 22 նոյեմբերի, 2023
ՀԱՄԱՍ-ն ու Իսրայելը քառօրյա հրադադարի պայմանավորվածություն են ձեռք բերել. Reuters |1lurer.am|

ՀԱՄԱՍ-ն ու Իսրայելը քառօրյա հրադադարի պայմանավորվածություն են ձեռք բերել. Reuters |1lurer.am|

1lurer.am: ՀԱՄԱՍ-ն Իսրայելի հետ Գազայի հատվածում քառօրյա դադարի մասին պայմանավորվածություն է ձեռք բերել` բոլոր ռազմական գործողությունների ընդհատմամբ և 150 պաղեստինցի ձերբակալվածի դիմաց 50 իսրայելցի գերու ազատ արձակման պայմանով: Reuters-ի փոխանցմամբ՝ այդ մասին բանակցությունների արդյունքները ներկայացնելիս հայտարարել է ՀԱՄԱՍ-ը: «Երկար օրեր տևած դժվար ու բարդ բանակցություններից հետո մենք հայտարարում ենք, որ Ամենակարող Աստծո օգնությամբ հումանիտար հրադադարի մասին համաձայնության ենք հասել` քառօրյա ժամկետով: Այս համաձայնությանը հասել ենք Եգիպտոսի ու Կատարի ջանքերի շնորհիվ։ Երկու կողմից դադարեցվում են կրակը, ինչպես նաև ռազմական բոլոր գործողությունները, նաև ռազմական տեխնիկայի տեղաշարժը դեպի Գազայի հատված»,- ասված է հայտարարության մեջ:
09:47 - 22 նոյեմբերի, 2023
ԱՄՆ-ն պատրաստ չէ հետևել իսլամական երկրների կոչին՝ դադարեցնելու զենքի մատակարարումներն Իսրայելին |tert.am|

ԱՄՆ-ն պատրաստ չէ հետևել իսլամական երկրների կոչին՝ դադարեցնելու զենքի մատակարարումներն Իսրայելին |tert.am|

tert.am: Միացյալ Նահանգները պատրաստ չէ հետևել իսլամական երկրների կոչին՝ դադարեցնելու զենքի մատակարարումներն Իսրայելին։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Մեթյու Միլլերը։ «Ոչ: Դա քայլ է, որին մենք պատրաստ չենք: Ավելին՝ ներկայումս Կոնգրեսի քննարկմանն է հանձնվել դիմումը, որը, հուսով ենք, արագ ընթացք կստանա և որը ենթադրում է լրացուցիչ օգնության տրամադրում Իսրայելին, ինչպես նաև Ուկրաինային», - նշել է Միլլերը՝ պատասխանելով հարցին՝ պատրաստ է արդյոք ԱՄՆ-ն դադարեցնել զենքի մատակարարումը Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդի կոչից հետո։ Պատասխանելով հարցին՝ նախատեսում է արդյոք ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հանդիպել վերջերս Չինաստան այցելած մահմեդական երկրների պատվիրակության անդամների հետ՝ Պետդեպի խոսնակը հայտարարել է, որ կոնկրետ ժամանակացույց չկա, սակայն կողմերի փոխգործակցությունը շարունակվում է։ «Չինաստան մեկնած նախարարներն այն մարդիկ են, որոնց հետ նա (Բլինկենը - խմբ․) բազմաթիվ առիթներով հանդիպել է վերջին մի քանի շաբաթվա ընթացքում և բազմիցս հեռախոսազրույցներ է ունեցել: Մենք կշարունակենք համագործակցել նրանց հետ և՛ այստեղ, և՛ տարածաշրջանում։ Կարելի է ակնկալել, որ պետքարտուղարի այցերը տարածաշրջան դեռ ավարտված չեն»,- նշել է պաշտոնյան
09:36 - 22 նոյեմբերի, 2023
ՌԴ նախագահը կոչ է արել աշխարհին միավորել ջանքերը պաղեստինա- իսրայելական հակամարտությունը դադարեցնելու համար
 |armenpress.am|

ՌԴ նախագահը կոչ է արել աշխարհին միավորել ջանքերը պաղեստինա- իսրայելական հակամարտությունը դադարեցնելու համար |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անհրաժեշտ է համարում միավորել միջազգային հանրության ջանքերը՝ պաղեստինա-իսրայելական հակամարտության քաղաքական կարգավորում գտնելու համար: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով նրա հայտարարությունը: «Մենք կոչ ենք անում միավորել միջազգային հանրության ջանքերը՝ ուղղված իրավիճակի ապաԷսկալացմանը, կրակի դադարեցմանը և պաղեստինա-իսրայելական հակամարտության քաղաքական լուծման որոնմանը»,-ասել է ՌԴ նախագահը BRICS-ի արտահերթ գագաթնաժողովում: Պուտինի կարծիքով ՝ այդ աշխատանքում առանցքային դեր կարող են խաղալ BRICS-ի պետությունները և տարածաշրջանի երկրները: «Այդ պատճառով հատկապես նշանակալի է մեր այսօրվա նիստին Մերձավոր Արևելքի պետությունների գործընկերների մասնակցությունը, որոնք այս տարի BRICS-ի լիաֆորմատ անդամ դառնալու հրավեր են ստացել: Օգտվելով առիթից՝ կցանկանայի հարգանքով նշել իրավիճակի կարգավորմանն ուղղված նրանց ջանքերը և, մասնավորապես, նկատի ունեմ Եգիպտոսում խաղաղության գագաթնաժողովի և Սաուդյան Արաբիայում արաբա-իսլամական արտակարգ գագաթնաժողովի անցկացումը», - նշել է Ռուսաստանի ղեկավարը:
19:47 - 21 նոյեմբերի, 2023
Երուսաղեմի քրիստոնեական եկեղեցիները հանդես են եկել հազվադեպ համատեղ հայտարարությամբ՝ նախազգուշացնելով, որ վիճարկվող հողային գործարքը կարող է վերացնել բազմադարյա հայկական ներկայությունը Հին քաղաքում․ Reuters
 |lragir.am|

Երուսաղեմի քրիստոնեական եկեղեցիները հանդես են եկել հազվադեպ համատեղ հայտարարությամբ՝ նախազգուշացնելով, որ վիճարկվող հողային գործարքը կարող է վերացնել բազմադարյա հայկական ներկայությունը Հին քաղաքում․ Reuters |lragir.am|

lragir.am: Երուսաղեմի քրիստոնեական եկեղեցիները հանդես են եկել հազվադեպ համատեղ հայտարարությամբ՝ նախազգուշացնելով, որ վիճարկվող հողային գործարքը կարող է վերացնել բազմադարյա հայկական ներկայությունը Հին քաղաքում, գրել է Reuters-ը։ Հայկական համայնքը սեփական շրջան ունի հին Երուսաղեմում՝ չորս թաղամասերից ամենափոքրը, որը ներառում է տարբեր մուսուլմանական, հրեական եւ քրիստոնեական թաղամասեր։ Բայց հայերն ասում են, որ արտաքսման վտանգի են ենթարկվում իրենց տարածքի մոտ 25 տոկոսը կառուցապատողներին վարձով տալու պատճառով, որոնք ցանկանում են այստեղ շքեղ հյուրանոց կառուցել։ Համաձայնագիրը ստորագրվել է Երուսաղեմի Հայկական եկեղեցու ղեկավարի կողմից 2021թ. հուլիսին, բայց համայնքի անդամները հայտարարել են, որ առաջին անգամ են լսել դրա մասին, երբ այս տարի սկսվել են աշխատանքներն այս շրջանում։ Նա իր թեմին ասել է, որ իրեն մոլորեցրել են, եւ դատի է տվել գործարքը չեղյալացնելու համար։ Անցած շաբաթ, սակայն, բուլդոզերներն սկսել են քանդել ավտոկայանը, որն ընդգրկում է վիճելի տեղամասի մի մասը։ Երբ ընդվզողները փորձել են արգելել, հայտնվել են զինված իսրայելցի հրեա վերաբնակները, որոնք փորձել են ցրել ցուցարարներին, բայց անհաջող։ «Այս սադրանքները սպառնում են ջնջել հայկական ներկայությունն այս շրջանում»,- ասել են քրիստոնյա առաջնորդները, այդ թվում հունական ուղղափառ եւ Հռոմեական կաթոլի եկեղեցիների ղեկավարները։ Հայկական համայնքում հավաստիացնում են, որ  գործարքի ներդրողը ավստրալա-իսրայելցի գործարար Դենի Ռուբինշտեյնն է, որը ԱՄԷ-ում գրանցված Xana Capital Group-ի տերն է։ Հայաստանն առաջին երկիրն է, որ քրիստոնեությունն ընդունել է որպես պետական կրոն 301թ., եւ թեեւ նրա եկեղեցին շատ ավելի փոքր է հունական ուղղափառ եւ կաթոլիկ եկեղեցիներից, այն հավասար իրավունքներ ունի Երուսաղեմում։ Հայկական թաղամասի կենտրոնում է գտնվում Սուրբ Հակոբ տաճարը, որը կառուցվել է 420թ.։ Թաղամասը Երուսաղեմի պատով առանձնացված հատվածի մեկ վեցերորդ մասն է զբաղեցնում, այստեղ ապրում է ընդամենը 1 000 մարդ։ Տեղի հայերն ասում են, որ վարձակալման նախագիծը կկլանի ոչ միայն իրենց ավտոկայանը, այլեւ հանրային սրահը, պատրիարքական այգին, ճեմարանը եւ հինգ տուն։ «Հայերն այստեղ ապրում են IV դարից, բայց հիմա մեզ սպառնում են արտաքսել»,- ասել է 23-ամյա ուսանող Հակոբ Ջերնազյանը։ «Մենք ստիպված ենք պայքարել մեր գոյության համար»,- շարունակել է նա։ Իսրայելցի իրավաբան, ակտիվիստ Դանիել Զայդեմանը ասել է, որ նախագիծն ուղղված է Հրեական թաղամասի տարածքի ընդլայնմանը Հին քաղաքում։ Իսրայելը զավթել է Արեւելյան Երուսաղեմը, ներառյալ Հին քաղաքը 1967թ. պատերազմում։ Նա ամբողջ քաղաքը համարում է իր հավերժական եւ անբաժանելի մայրաքաղաքը։ Պաղեստինցիները ցանկանում են, որպեսզի Արեւելյան Երուսաղեմը դառնա ապագա պետության մայրաքաղաքը։ «Մեզ հայտնի է Հին քաղաքը դրսից վերաբնակներով շրջապատելու պլանի մասին։ Մենք կասկածում ենք, որ Հայկական թաղամասի վերաբերյալ գործարքը նպատակ ունի շարունակել այդ պլանը քաղաքի պատերի ներսում»,- ասել է Զայդեմանը Reuters գործակալությանը։ «Բայց դրա շուրջ խախտումներն այնքան շատ են, որ մեծ է հավանականությունը, որ դատարաններն այն կչեղարկեն»։
12:46 - 20 նոյեմբերի, 2023
Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը հերքում են հրադադարի և պատանդների ազատ արձակման շուրջ համաձայնության մասին լուրերը
 |armenpress.am|

Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը հերքում են հրադադարի և պատանդների ազատ արձակման շուրջ համաձայնության մասին լուրերը |armenpress.am|

armenpress.am: Իսրայելը և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական ​​շարժումը հերքում են այն լուրերը, թե կողմերը նոյեմբերի 19-ին համաձայնության են եկել հրադադարի և Գազայի հատվածում պահվող մի շարք պատանդների ազատ արձակման շուրջ։ Այդ մասին հաղորդում է The Jerusalem Post պարբերականը։ Ըստ հրապարակման՝ իսրայելցի մի բարձրաստիճան աղբյուր և ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան մի անդամ հերքել են հորդանանյան al-Ghad թերթի հրապարակումը, համաձայն որի Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը նոյեմբերի 19-ին, իբր, համաձայնագիր են կնքել, որը պետք է ուժի մեջ մտներ նոյեմբերի 20-ին։ Պարբերականը, վկայակոչելով ՀԱՄԱՍ-ի աղբյուրին, նշել էր, թե ըստ ձեռք բերված գործարքի՝ 5 օրով հրադադարի ռեժիմ կհայտարարվի, իսկ 50 իսրայելցի պատանդների կփոխանակեն Իսրայելում ազատազրկված 50 պաղեստինցի բանտարկյալների հետ: «Այս պահին մենք ոչինչ չունենք», - հայտնել է իսրայելցի աղբյուրը The Jerusalem Post-ին։ Տարածված լուրերը հերքել է նաև ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան անդամ Իզզաթ ար Ռիշեքը։ «Լրատվամիջոցներում հրապարակված հաղորդումները՝ ՀԱՄԱՍ-ի աղբյուրների վկայակոչմամբ, թե փոխանակումը տեղի կունենա այսօր (խմբ․՝ նոյեմբերի 20-ին), չեն համապատասխանում իրականությանը», - հայտարարել է նա նոյեմբերի լույս 20-ի գիշերը:
12:42 - 20 նոյեմբերի, 2023
ՌԴ ԱԻՆ-ը Եգիպտոս է տեղափոխել Գազայի բնակչության համար նախատեսված մարդասիրական օգնության 6-րդ խմբաքանակը
 |armenpress.am|

ՌԴ ԱԻՆ-ը Եգիպտոս է տեղափոխել Գազայի բնակչության համար նախատեսված մարդասիրական օգնության 6-րդ խմբաքանակը |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության հատուկ ինքնաթիռը Եգիպտոս է տեղափոխել Գազայի հատվածի բնակչության համար նախատեսված մարդասիրական օգնության հերթական բեռը: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով նախարարության մամուլի ծառայությունը: Հաղորդագրության մեջ նշվում է, որ ընդհանուր առմամբ ռուսական կողմից փոխանցվել է ավելի քան 190 տոննա մարդասիրական օգնություն: Բեռները ներառում են ներքնակներ, բարձեր, անձնական խնամքի միջոցներ, սնունդ՝ ներառյալ մանկական: Գերատեսչությունում հավելել են, որ բեռը կփոխանցվի Կարմիր մահիկի եգիպտական ընկերության ներկայացուցիչներին: Նրանք Ռուսական օգնություն կհասցնեն Գազայի խաղաղ բնակչությանը: Սա Գազայի հատվածի բնակչության համար մարդասիրական օգնության արդեն վեցերորդ խմբաքանակն է:
14:58 - 18 նոյեմբերի, 2023
ՄԱԿ-ը չի մասնակցի Գազայում չհամաձայնեցված անվտանգության գոտիների ստեղծմանը |armenpress.am|

ՄԱԿ-ը չի մասնակցի Գազայում չհամաձայնեցված անվտանգության գոտիների ստեղծմանը |armenpress.am|

armenpress.am: ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալությունները չեն մասնակցի Գազայի հատվածում «անվտանգ գոտիների» ստեղծմանը, քանի դեռ դրանք համաձայնեցված չեն հակամարտող բոլոր կողմերի միջև և ապահովված չէ մարդասիրական աշխատողների համար անվտանգ միջավայր։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին ասված է վերոհիշյալ գործակալությունների ղեկավարների հայտարարության մեջ: «Ներկա պայմաններում Գազայի հատվածում միակողմանի «անվտանգ գոտիներ» ստեղծելու առաջարկները կարող են վնաս պատճառել խաղաղ բնակչությանը, այդ թվում՝ հանգեցնել զանգվածային զոհերի, և պետք է մերժվեն»,- նշված է հայտարարության մեջ։ Հայտարարությունը ստորագրել են Միգրացիայի միջազգային կազմակերպության, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ԱՀԿ-ի և այլ մասնագիտացված կազմակերպությունների ղեկավարները:
19:27 - 16 նոյեմբերի, 2023