Կորոնավիրուս

Երևանի քաղաքապետարանը քաղաքացիներին հորդորում է չգնել փողոցում վաճառվող սննդամթերք

Երևանի քաղաքապետարանը քաղաքացիներին հորդորում է չգնել փողոցում վաճառվող սննդամթերք

Երևանի քաղաքապետարանը քաղաքացիներին հորդորում է չգնել փողոցում, մայթերին վաճառվող սննդամթերք: Այս մասին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանը։ «Չնայած Երևանի քաղաքապետարանն ամենօրյա, իսկ այս օրերին նաև լրացուցիչ հատուկ հերթապահություն է սահմանել բացօթյա ապօրինի առևտուրը բացառելու համար, որոշ քաղաքացիներ, անտեսելով օրենքն ու նոր կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված միջոցառումները, շարունակում են իրենց գործունեությունը: Ուստի քաղաքապետարանը զգուշացնում և հորդորում է չգնել փողոցում, մայթերին վաճառվող սննդամթերքը: Դրանք համարվում են բարձր ռիսկայնությամբ, վտանգավոր մթերքներ, որոնք, չունենալով պահպանման անհրաժեշտ պայմաններ, կարող են պարունակել վիրուսային տարրեր: Նման ապրանքների նկատմամբ չկա որակի վերահսկողություն:Պահպանե՛ք և մի՛ վտանգեք ձեր առողջությունը»,- նշված է հաղորդագրության մեջ։
14:43 - 16 մարտի, 2020
Զինծառայողներին վարակից զերծ պահելու համար ՀՀ ՊՆ-ն ակտիվորեն համագործակցում է առողջապահության նախարարության և այլ պատկան մարմինների հետ

Զինծառայողներին վարակից զերծ պահելու համար ՀՀ ՊՆ-ն ակտիվորեն համագործակցում է առողջապահության նախարարության և այլ պատկան մարմինների հետ

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ինչպես տեղեկացրել ենք, կորոնավիրուսային վարակի ներթափանցումը ՀՀ ԶՈՒ կանխելու նպատակով իրականացվում են կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներ, այդ թվում՝ արգելված են բոլոր տեսակի արձակուրդներն ու ազատարձակումները, սահմանափակված են քաղաքացիների այցելությունները ՀՀ պաշտպանության նախարարության ենթակակառույցներ՝ ՀՀ ՊՆ վարչական համալիր, զորամասեր, ռազմաուսումնական և ռազմաբժշկական հաստատություններ (հոսպիտալներ): Մի շարք փոփոխություններ են կատարվել նախապես մշակված ծրագրերում։ Ըստ այդմ` մարտական խնդիրներին չառնչվողպլանային, ոչ հրատապ դահլիճային միջոցառումները չեղարկվել են։ Զինծառայողներին վարակից զերծ պահելու համար ՀՀ ՊՆ-ն ակտիվորեն համագործակցում է առողջապահության նախարարության և այլ պատկան մարմինների հետ, իրավիճակը լիովին վերահսկվում է: Զինծառայողների հարազատներին հորդորում ենք իրենց զավակներին կապոցներ չուղարկել, պահպանել անվտանգության կանոնները, ըմբռնումով մոտենալ կիրառվող սահմանափակումներին: ՀՀ զինված ուժերն ամբողջապես ապահովված են անհրաժեշտ ծավալի պարենով, հիգենիայի պարագաներով և այլ միջոցներով: Մեր զինծառայողները շարունակում են անշեղորեն կատարել իրենց պարտականությունները»:
14:26 - 16 մարտի, 2020
Արցախի ԿԸՀ-ն միջոցներ է ձեռնարկում քվեարկության օրը մարդկանց առողջության հետ կապված անվտանգությունն ապահովելու համար

Արցախի ԿԸՀ-ն միջոցներ է ձեռնարկում քվեարկության օրը մարդկանց առողջության հետ կապված անվտանգությունն ապահովելու համար

Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ կորոնավիրուսի կանխարգելման նպատակով մի շարք միջոցառումներ է իրականացնում։ Հայտարարությունում ասվում է․«Նոր կորոնավիրուսի վարակի տարածումը կանխարգելելու և մեր հանրապետությունում համաճարակային վիճակը կայուն պահպանելու նկատառումներից ելնելով, հաշվի առնելով ս.թ. մարտի 31-ին անցկացվելիք համապետական նշանակության ընտրությունները սահմանված կարգով ու ժամկետներում անցկացնելու խիստ անհրաժեշտությունը, Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախաձեռնել է մի շարք կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել։Մասնավորապես,-Կենտրոնական, տարածքային ընտրական հանձնաժողովների  նիստերը կանցկացվեն հիմնականում հարցման կարգով,- թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ներկայացուցիչների հետ կկիրառվի շփումների էլեկտրոնային տարբերակը,- արդեն չեղարկվել են հանրապետության բոլոր շրջաններում և Ստեփանակերտ քաղաքում տեղամասային ընտրական հանձնաժողովների ներկայացուցիչների հետ կենտրոնական ընտրական հանձնաժողովի պատասխանատուների կողմից նախապես պլանավորված սեմինար-հանդիպումները (վերանայման դեպքում իրազեկում կլինի)` մասնագիտական պատրաստվածության մակարդակի բարձրացմանը այլ հեռահար տարբերակով հասնելու պայմանով,- քվեարկության օրը տեղամասային կենտրոնների սանիտարահիգիենիկ վիճակն ու տեղամասային ընտրական հանձնաժողովականների ու ընտրողների առողջական վիճակի անվտանգության ապահովման ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներ կիրականացվեն (ԱՀ առողջապահության նախարարության պատասխանատուների հետ համագործակցված),- քայլեր են ձեռնարկվում դիտորդների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ անմիջական շփումների վերանայման ձևաչափերի մշակման և ներդրման ուղղությամբ:Պատրաստ ենք քննարկել այս խնդիրների համատեքստում հանրության կողմից ներկայացվելիք օպտիմալ կիրառման ենթակա  ցանկացած առաջարկություն:Հաշվի առնելով, որ ներկայումս հանրապետության ողջ տարածքում նախընտրական ակտիվ քարոզչություն է ընթանում, առաջարկում, հորդորում  ու կոչ ենք անում քարոզչության բոլոր սուբյեկտներին նախընտրական հանդիպումների անցկացման ձևաչափերի վերանայման ուղղությամբ միջոցներ ձեռնարկել (ինչի մասին ավելի վաղ մեր կողմից բանավոր առաջարկվել էր), հնարավորինս  խուսափելով զանգվածային միջոցառումներ նախաձեռնելուց ու մասնակցելուց, խստիվ հետևելով ԱՀ առողջապահական համակարգի պատասխանատուների ցուցումներին:Միասին մենք պետք է տրամաբանական ավարտին հասցնենք մարտի 31-ին կայանալիք` Արցախի Հանրապետության համար այդքան կարևոր համապետական նշանակության  ընտրությունները ու ամենակարևորը `լինենք առողջ: Համոզված ենք փոխադարձ ըմբռնումների մթնոլորտում համագործակցելու` բոլոր կողմերի կամահայտնության մեջ»:
14:17 - 16 մարտի, 2020
Էջմիածնի քաղաքապետարանը 60 տարին լրացած աշխատակիցներին ազատում է աշխատանքի գալու պարտականությունից |pastinfo.am|

Էջմիածնի քաղաքապետարանը 60 տարին լրացած աշխատակիցներին ազատում է աշխատանքի գալու պարտականությունից |pastinfo.am|

pastinfo.am: Պայմանավորվածություններ ունենք բոլոր ռեստորանների և հարսանյաց սրահների հետ, որ այսօրվանից չեղարկվելու են բոլոր առիթները։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը։ «Հորդորել ենք կա՛մ աշխատել միայն առաքման ծառայությամբ, ընդ որում առաքիչները լինելու են համապատասխան դիմակներով, ձեռնոցներով, ախտահանվելու են թե՛ սնունդը տալուց առաջ, թե՛ հետո։ Հորդորել ենք հիմնականում աշխատել առաքիչների միջոցով։ Մի քանի ռեստորաններ կամավոր փակվել են, այսինքն որևէ գործունեություն չեն իրականացնելու։ «Տաշիր պիցցա»-ում խիստ հսկողություն է լինելու, որպեսզի երկու-երեք հոգուց ավել մեկ սեղանի շուրջ չնստեն, միաժամանակ նույն տարածքում քիչ մարդ գտնվի»,-ասաց Դիանա Գասպարյանը։ Վերջինս հավելեց՝ քաղաքապետարանը 60 տարին լրացած համայնքային ծառայողներին ազատում է աշխատանքի գալու պարտականությունից։ Շփումները նվազեցնելու նպատակով յուրաքանչյուր բաժնից մի քանի աշխատակից է ներկա լինելու քաղաքապետարանում։
14:03 - 16 մարտի, 2020
ԿԲ-ն հորդորել է առևտրային բանկերին և վարկային կազմակերպություններին վարկառուների վարկային պարտավորությունների հանդեպ կիրառել անհատական մոտեցում

ԿԲ-ն հորդորել է առևտրային բանկերին և վարկային կազմակերպություններին վարկառուների վարկային պարտավորությունների հանդեպ կիրառել անհատական մոտեցում

ՀՀ Կենտրոնական բանկը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «​​Բոլոր այն քաղաքացիները, որոնք ստեղծված իրավիճակի պայմաններում տարբեր անհաղթահարելի` իրենցից անկախ հանգամանքների բերումով վարկային պարտավարությունները պայմանագրին համապատասխան կատարելու խնդրիներ կունենան, կարող են դիմել իրենց սպասարկող բանկին: Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը հորդորել է առևտրային բանկերին ստեղծված իրավիճակում վարկառուների (օրինակ՝ հյուրատնային, ռեստորանային, տրանսպորտի, զվարճանքի ոլորտում գործող) վարկային պարտավորությունների հանդեպ կիրառել անհատական մոտեցում, իրականացնել հաղորդակցում՝ երկկողմանի համաձայնությամբ՝ անցանկալի արդյունքներից խուսափելու համար: Եվս մեկ անգամ խորհուրդ ենք տալիս, որ կապ հաստատվի բանկերի և վարկառուների միջև, իսկ ձեզ հետաքրքրող այլ հարցերի համար կարող եք զանգահարել ՀՀ կենտրոնական բանկի թեժ գծին՝ 011561954, 011563950, 010592697 հեռախոսահամարներով»:​
14:00 - 16 մարտի, 2020
Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգը շարունակում է բնականոն աշխատանքը. ԿԲ

Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգը շարունակում է բնականոն աշխատանքը. ԿԲ

Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգը շարունակում է բնականոն աշխատանքը։ Այս մասին հայտնում են ԿԲ-ից:Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը հորդորել է առևտրային բանկերին և վարկային կազմակերպություններին ստեղծված իրավիճակում վարկառուների (օրինակ՝ հյուրատնային, ռեստորանային, տրանսպորտի, զվարճանքի ոլորտում գործող) վարկային պարտավորությունների հանդեպ կիրառել անհատական մոտեցում, իրականացնել հաղորդակցում՝ երկկողմանի համաձայնությամբ՝ անցանկալի հետևանքներից խուսափելու համար:Բացի այդ, ՀՀ տարածքում գործող բանկերն ու վարկային կազմակերպություններն իրենց հայեցողությամբ կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումների շրջանակում ռիսկային գոտում գտնվող իրենց աշխատակիցների (վաթսուն տարեկանից բարձր, հղի կանանց և խրոնիկ հիվանդություններ ունեցողների) համար ապահովել են հեռահար աշխատանքային պայմաններ։Եվս մեկ անգամ հորդորում ենք քաղաքացիներին օգտվել օնլայն ֆինանսական ծառայություններից, վճարահաշվարկային հավելվածներից և առցանց բանկային ծառայություններից, հարցերի դեպքում կապ հաստատեք ձեզ սպասարկող ֆինանսական կազմակերպության հետ ու ստացեք ձեզ հետաքրքրող հարցերի պատասխանները, իսկ ձեզ հետաքրքրող այլ հարցերի համար կարող եք զանգահարել ՀՀ կենտրոնական բանկի թեժ գծին՝ 011561954, 011563950 010592697 հեռախոսահամարներով:
13:52 - 16 մարտի, 2020
Արարատ Միրզոյանը հրահանգել է պատրաստվել հնարավոր ԱԺ նիստին՝ արտակարգ դրության հարցով

Արարատ Միրզոյանը հրահանգել է պատրաստվել հնարավոր ԱԺ նիստին՝ արտակարգ դրության հարցով

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը զրուցել է ԱԺ խմբակցությունների ղեկավարության հետ և խնդրել ԱԺ հնարավոր հատուկ նիստի մասին զգուշացնել իրենց խմբակցությունների անդամներին, գրել է Facebook-ի իր էջում ԱԺ նախագահը՝ տեղեկացնելով նաև, որ ԱԺ աշխատակազմին հրահանգել է պատրաստվել հնարավոր նիստին։ «Ստորև տեղադրում եմ ԱԺ կանոնակարգ  սահմանադրական օրենքի համապատասխան հոդվածը․ Հոդված 48. Արտակարգ դրություն հայտարարվելու դեպքում հատուկ նիստը գումարելու և անցկացնելու կարգը 1. Արտակարգ դրություն հայտարարվելու դեպքում իրավունքի ուժով անհապաղ գումարվում է Ազգային ժողովի հատուկ նիստ: 2. Եթե արտակարգ դրություն հայտարարելու մասին Կառավարության որոշման հրապարակումից հետո՝ չորս ժամվա ընթացքում, գրանցված պատգամավորների թիվը նիստի իրավազորության համար բավարար չէ, ապա նիստը սկսվում է առանց իրավազորության ապահովման: 3. Հարցի քննարկման ընթացքում՝ 1) հիմնական զեկուցմամբ հանդես է գալիս վարչապետը կամ Կառավարության ներկայացուցիչը, որին զեկուցումից հետո կարող են տրվել հարցեր. 2) հարակից զեկուցում չի լինում. 3) մտքերի փոխանակության ընթացքում կարող են ելույթ ունենալ միայն մշտական հանձնաժողովների և խմբակցությունների մեկական ներկայացուցիչներ: 4. Եթե մինչև հարցի քննարկումն ավարտվելը նիստի իրավազորությունը՝ 1) ապահովվում է, ապա խմբակցության ղեկավարը կամ քարտուղարը կարող է ներկայացնել արտակարգ դրությունը կամ արտակարգ դրության իրավական ռեժիմով նախատեսված որևէ միջոցառում վերացնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ: Նախագծի հետ ներկայացվում է դրա վերաբերյալ խմբակցության որոշումը: Նախագիծն առանց քննարկման քվեարկության է դրվում եզրափակիչ ելույթից անմիջապես հետո: Որոշումն ընդունվում և հրապարակվում է Կանոնակարգի 107-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով սահմանված կարգով: Եթե որոշումը չի ընդունվում, ապա նման նախագիծ կարող է ներկայացվել ոչ շուտ, քան մեկ ամիս հետո: Քվեարկությունից հետո նախագահողը հայտարարում է հատուկ նիստն ավարտված. 2) չի ապահովվում, ապա նախագահողը հայտարարում է հատուկ նիստն ավարտված», - գրել է Արարատ Միրզոյանը:
13:24 - 16 մարտի, 2020
Խնդրում եմ դադարեցնել Էջմիածնում հայտնաբերված կորոնավիրուսով վարակված կնոջ արժանապատվությունը նսեմացնող քննարկումներն ու նրան ուղղված վիրավորանքը. ՄԻՊ

Խնդրում եմ դադարեցնել Էջմիածնում հայտնաբերված կորոնավիրուսով վարակված կնոջ արժանապատվությունը նսեմացնող քննարկումներն ու նրան ուղղված վիրավորանքը. ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը կոչով դիմել է ՀՀ քաղաքացիներին. «Սիրելի հայրենակիցնե’ր, Մեր երկիրը գտնվում է պատասխանատու շրջափուլում՝ կապված նոր տեսակի կորոնավիրուսի (COVID19) վարակի տարածման ու կանխարգելման հետ: Առաջին պահից սկսած, երբ մեր երկրում արձնագրվեց կորոնավիրուսով վարակվածության առաջին դեպքը, ողջ գործընթացը եղել է Մարդու իրավունքների պաշտպանի ամենօրյա անմիջական ուշադրության ներքո: Այս պահին անհրաժեշտ եմ համարում կատարել մի շարք կարևոր արձանագրումներ՝ 1. նախ, պետք է խստորեն հետևել այս վիրուսի կանխարգելման բոլոր պահանջներին, այդ թվում՝ դրսևորել սոցիալական բարձր պատասխանատվություն, պահպանել հիգիենայի բոլոր կանոնները և սոցիալական պահանջվող տարածություն (social distancing): Պետք է խուսափել զանգվածային միջոցառումների ու մարդաշատ վայրեր այցելելուց, հատկապես, եթե դրանք փակ տարածքներ են. 2. չպետք է ուշադրություն դարձնել չստուգված կամ կեղծ տեղեկությունների: Պետք է անտեսել կամ չտարածել բոլոր այն նյութերը, որոնք հիմնված չեն պաշտոնական աղբյուրների վրա. 3. պետք է վստահել միայն համապատասխան պաշտոնական կայքերին ու սոցիալական ցանցերի պաշտոնական էջերին, ինչպես նաև պաշտոնական հաղորդագրություններին. 4. չպետք է ներքաշվել սոցիալական ցանցերի այն քննարկումների մեջ, որոնք հիմնված են կեղծ օգտահաշիվներից եկող տեղեկությունների վրա կամ նախաձեռնել են այդ օգտահաշիվները: Ակնհայտ է սոցիալական մեդիայում սուտ տեղեկությունների տարածումը, ինչը բացարձակ դատապարտելի է. 5. բոլորիս համար այս պատասխանատու շրջանում պետք է դրսևորենք քաղաքացիական բարձր գիտակցություն և բոլորս միասին ապահովենք համերաշխության մթնոլորտ: Պետք է հարգանքով վերաբերվենք իրար ու չվիրավորենք մեկս մյուսին. դիմացինին վիրավորելով՝ այս չարիքը չենք կանխի. 6. չի կարելի թիրախավորել որևէ մեկի անձնական կամ ընտանեկան կյանքը: Խնդրում եմ դադարեցնել Էջմիածնում հայտնաբերված կորոնավիրուսով վարակված կնոջ արժանապատվությունը նսեմացնող քննարկումներն ու նրան ուղղված վիրավորանքը. 7. այս պատասխանատու ժամանակաշրջանում անչափ կարևոր է անձնական տվյալներ հրապարակելուց զերծ մնալը: Չի կարելի հրապարակել վարակակիր կամ վարակի կասկած արձանագրած մարդկանց նույնականացնող տվյալներ: Պետք է հիշել, որ բժշկական գաղտնիք կազմող տեղեկությունների հրապարակումով ու նույնականացումով մարդու անձնական կամ ընտանեկան կյանքը դարձնում ենք թիրախավորման ու վիրավորանքի առարկա. 8. լրատվամիջոցներին ու լրագրողներին խնդրում եմ դրսևորել բարձր պրոֆեսիոնալիզմ և անկախ քաղաքական, անձնական կամ որևէ այլ հանգամանքից՝ չտարածել չստուգված կամ կեղծ տեղեկություններ. հիշե՛ք, նման նյութերը մոլորության մեջ են գցում մեր հայրենակիցներին և առաջացնում են լարվածություն. 9. մեր բուժաշխատողները կատարում են հերոսական աշխատանք։ Անգնահատելի կարևոր է այդ աշխատանքը և արժանի բացառիկ հարգանքի. 10. Մարդու իրավունքների պաշտպանի իրավասությանն առնչվող հարցերով ներգրավված ենք երկրում տեղի ունեցող գործընթացներին ու քննարկումներին՝ սկսած երեխաների իրավունքներից, ուսումնական հաստատություններում դասերի կազմակերպումից մինչև փակ հաստատություններում գտնվող մարդկանց իրավունքները։ Այս վիրուսի արձանագրման առաջին պահից սկսած՝ իմ կողմից անընդհատ կապ է պահպանվել բոլոր իրավասու մարմինների ու ծառայությունների հետ: Մեր աշխատակազմում նշանակված են պատասխանատու անձինք. 11. հենց այսօր նույնպես անհրաժեշտ քննարկումներ եմ ունեցել մեր իրավասու գործընկերների, Ազգային ժողովի պատգամավորների, այդ թվում՝ քիչ առաջ բոլոր հարցերը մանրամասն քննարկել եմ Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի հետ: Էջմիածնում հիմա առանձնահատուկ վիճակ է, Էջմիածնի մեր հայրենակիցների հարցերը առաջնահերթ ուշադրության առարկա են. 12. շուտափույթ ապաքինում եմ մաղթում մեր բոլոր հայրենակիցներին, ում մոտ արձանագրվել է կորոնավիրուս»:
13:19 - 16 մարտի, 2020
Մեղրիի՝ կորոնավիրուսուվ վարակված Մեղրիի քաղաքացին չի մասնակցել հանրահավաքին. վարչապետի հետ հանդիպել է Վայքում. Սյունիքի մարզպետարան |tert.am|

Մեղրիի՝ կորոնավիրուսուվ վարակված Մեղրիի քաղաքացին չի մասնակցել հանրահավաքին. վարչապետի հետ հանդիպել է Վայքում. Սյունիքի մարզպետարան |tert.am|

tert.am: Իտալիայից Մեղրի վերադարձած քաղաքացու կնոջ թեստի պատասխանը բացասական է եղել, թեստավորվել են նաև նրա ծնողները: Այս մասին այսօր ասաց Սյունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղար Էդգար Մարտիրոսյանը: «Մեղրիի բնակիչը Հայաստան է վերադարձել մարտի 10-ին, որքանով ես տեղյակ եմ, օդանավակայանում ջերմաչափում է անցել: Ամուսիններ են եղել, ամուսնական ճամփորդության էին մեկնել, Մեղրի են վերադարձել մարտի 12-ին: Մարտի 14-ի երեկոյան ջերմություն է ունեցել, «Շտապօգնության» ծառայությանն է դիմել, որից հետո կնոջ հետ տեղափոխվել են Մեղրիի բժշկական կենտրոն»,- ասաց նա և հավելեց, որ այնտեղ անցել են թեստավորում, որտեղ կնոջ թեստի պատասխանը բացասական է եղել, իսկ իրենը՝ դրական: Մարտիրոսյանը նշեց, որ Երևանից Մեղրի գնալու ճանապարհին, որտեղ զույգերը կանգնել են, շփում են ունեցել վարչապետի հետ, ինչպես հայտնի է: Դիտարկմանը, թե կան տեղեկություններ, որ կորոնավիրուս ունեցող անձը հանրահավաքին է մասնակցել, Մարտիրոսյանը պատասխանեց, որ չի մասնակցել:
13:01 - 16 մարտի, 2020
Խորհուրդներ ճամփորդներին՝ կապված նոր տիպի կորոնավիրուսի վարակի տարածման ներկա իրավիճակի հետ

Խորհուրդներ ճամփորդներին՝ կապված նոր տիպի կորոնավիրուսի վարակի տարածման ներկա իրավիճակի հետ

Հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) վարակի տարածման ներկա իրավիճակը՝ հորդորում ենք ՀՀ քաղաքացիներին, առանց հրատապ անհրաժեշտության, սահմանափակել արտասահմանյան իրենց ուղևորությունները:  Այնուամենայնիվ ուղևորություն կազմակերպելիս առաջնորդվել Առողջապահության միջազգային կազմակերպության` վարակի տարածման վերաբերյալ վիճակագրությամբ և ժամանակավորապես խուսափել այցելել վարակի տարածման երկրներ, մասնավորապես՝ Իրանի Իսլամական Հանրապետություն, Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն, Կորեայի Հանրապետություն, Ճապոնիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ և ԵՄ և այլ եվրոպական երկրներ (առավելապես՝ Իտալիա, Գերմանիա, Ֆրանսիա, Իսպանիա, Շվեյցարիա, Նորվեգիա, Դանիա, Շվեդիա, Նիդերլանդներ, Միացյալ Թագավորություն, Բելգիա և Ավստրիա) այցելություններից:  Վերոնշյալ երկրներում գտնվելու կամ այցելելու պարագայում հորդորում ենք հետևել ՀՀ առողջապահության նախարարության կամ տվյալ երկրի համապատասխան իշխանությունների ցուցումներին և խորհուրդներին, կապ հաստատել տեղում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների հետ։ Նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) վարակի լայն տարածում ունեցող երկրներից վերադարձող ՀՀ քաղաքացիները, կախված ժամանման երկրից/երկրներից պետք է ենթարկվեն 14-օրյա ինքնամեկուսացման, եթե որոշում չի կայացվել գտնվել հատուկ կարանտինի վայրում: Միաժամանակ հորդորում ենք արտերկրում գտնվող և/կամ արտերկիր ուղևորություն նախատեսող ՀՀ քաղաքացիներին կանգնել հյուպատոսական հաշվառման, որն այժմ հնարավոր է իրականացնել նաև հյուպատոսական հաշվառման ավտոմատացված համակարգի միջոցով https://www.mfa.am/hy/consular-registration/:
12:41 - 16 մարտի, 2020
ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարելու կարգն ու կիրառվելիք հնարավոր սահմանափակումների ցանկը  |iravaban.net|

ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարելու կարգն ու կիրառվելիք հնարավոր սահմանափակումների ցանկը |iravaban.net|

iravaban.net: ՀՀ սահմանադրության 120-րդ հոդվածի համաձայն սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում Կառավարությունը հայտարարում է արտակարգ դրություն, ձեռնարկում է իրավիճակից բխող միջոցառումներ և այդ մասին ուղերձով դիմում է ժողովրդին: Արտակարգ դրություն հայտարարվելու դեպքում իրավունքի ուժով անհապաղ գումարվում է Ազգային ժողովի հատուկ նիստ: Ազգային ժողովը կարող է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վերացնել արտակարգ դրությունը կամ չեղյալ հայտարարել արտակարգ դրության իրավական ռեժիմով նախատեսված միջոցառումների իրականացումը: Արտակարգ դրության իրավական ռեժիմը սահմանվում է օրենքով, որն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն կարող է հայտարարվել նաև արտակարգ իրավիճակների դեպքում: «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածը սահմանում է «արտակարգ իրավիճակ» եզրույթի հասկացությունը, ըստ որի արտակարգ իրավիճակը որոշակի տարածքում կամ օբյեկտում խոշոր վթարի, վտանգավոր բնական երևույթի, տեխնածին, տարերային կամ էկոլոգիական (բնապահպանական) աղետի, համաճարակի, անասնահամաճարակի (էպիզոոտիա), բույսերի և գյուղատնտեսական մշակաբույսերի լայնորեն տարածված վարակիչ հիվանդության (էպիֆիտոտիա), զենքի տեսակների կիրառման հետևանքով ստեղծված իրավիճակ է, որը հանգեցնում է կամ կարող է հանգեցնել մարդկային զոհերի, մարդկանց առողջությանն ու շրջակա միջավայրին` զգալի վնասի, խոշոր նյութական կորուստների և մարդկանց կենսագործունեության բնականոն պայմանների խախտման: «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածը սահմանում է  արտակարգ դրության գործողության ժամկետը, ըստ որի Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում հայտարարվող արտակարգ դրության ժամկետը չի կարող գերազանցել 30 օրը, իսկ առանձին տարածքներում` 60 օրը: Վերը նշված ժամկետների ավարտից հետո արտակարգ դրությունը դադարում է: Եթե մինչև նշված ժամկետների ավարտը չեն վերացել այն հանգամանքները, որոնք հիմք են հանդիսացել արտակարգ դրություն հայտարարելու համար, արտակարգ դրության ժամկետը կարող է երկարաձգվել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ` սույն օրենքով արտակարգ դրություն հայտարարելու համար սահմանված կարգով և սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետները չգերազանցող ժամկետներով: «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածը սահմանում է  արտակարգ դրության դադարման կարգը, ըստ որի եթե արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքները վերացել են մինչև արտակարգ դրության գործողության ժամկետի ավարտը, ապա արտակարգ դրությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, որը ենթակա է անհապաղ հրապարակման հանրային հեռուստատեսությամբ, հանրային ռադիոյով, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա զանգվածային լրատվության այլ միջոցներով: Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: Ազգային ժողովը կարող է «Ազգային ժողողվի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգով վերացնել արտակարգ դրությունը կամ չեղյալ հայտարարել արտակարգ դրության իրավական ռեժիմով նախատեսված միջոցառումների իրականացումը: «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածը սահմանում է արտակարգ դրության ժամանակ կիրառվող միջոցառումները և իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումները, որոնք ամբողջությամբ կամ մասնակիորեն կարող են կիրառվել. «1. Արտակարգ դրություն հայտարարվելու դեպքում արտակարգ դրության ընթացքում արտակարգ դրության տարածքում կարող են կիրառվել հետևյալ միջոցառումները և իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումները. 1) անձանց ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակում, ինչպես նաև նշված տարածք մուտք գործելու և տարածքից դուրս գալու հատուկ ռեժիմի սահմանում, ներառյալ` օտարերկրյա քաղաքացիների ու քաղաքացիություն չունեցող անձանց` տվյալ տարածք մուտք գործելու և այնտեղ գտնվելու սահմանափակումները. 2) հասարակական կարգի, պետական պահպանության ենթակա օբյեկտների, ինչպես նաև բնակչության կենսաապահովման և տրանսպորտի օբյեկտների պահպանության ուժեղացում. 3) ֆինանսատնտեսական գործունեության առանձին տեսակների իրականացման, ներառյալ` ծառայությունների մատուցման, ապրանքների և ֆինանսական միջոցների շրջանառության սահմանափակումներ. 4) սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների վաճառքի, ձեռքբերման և շրջանառության հատուկ կարգի սահմանում. 5) հավաքներ կամ հանրային միջոցառումներ իրականացնելու սահմանափակում կամ արգելում. 6) գործադուլների և իրավաբանական անձանց գործունեությունը կասեցնող կամ դադարեցնող այլ միջոցառումների արգելում. 7) տրանսպորտային միջոցների տեղաշարժման սահմանափակում և դրանց զննման իրականացում. 8) վտանգավոր արտադրությունների, պայթուցիկ, ռադիոակտիվ, քիմիական և կենսաբանական վտանգավոր նյութեր օգտագործող կազմակերպությունների գործունեության նկատմամբ հատուկ պետական վերահսկողության սահմանում կամ դրանց գործունեության կասեցում. 9) գործադիր իշխանության հանրապետական մարմինների և տարածքային կառավարման մարմինների լիազորությունների ժամանակավոր սահմանափակում կամ կասեցում. 10) նյութական և մշակութային արժեքների տարահանում, եթե իրական վտանգ կա արտակարգ դրության ժամանակ դրանց ոչնչացման, հափշտակության կամ վնասման համար. 11) պարետային ժամի սահմանում, այսինքն` ամբողջ օրը կամ օրվա որոշակի ժամանակահատվածում առանց անձը հաստատող փաստաթղթերի և (կամ) հատուկ թույլտվության փողոցներում ու այլ հասարակական վայրերում գտնվելու արգելում, ինչպես նաև օրվա որոշակի ժամանակահատվածում փողոցներում ու այլ հասարակական վայրերում գտնվելու արգելում. 12) կարծիքի արտահայտման ազատության սահմանափակում, մասնավորապես զանգվածային լրատվության միջոցներով առանձին հրապարակումների, հաղորդումների արգելում. 13) անձը հաստատող փաստաթղթերի ստուգում, անձնական առարկաների զննում. 14) զենքի, ռազմամթերքի, պայթուցիկ և թունավոր նյութերի, հատուկ միջոցների վաճառքի արգելում, հատուկ ռեժիմի սահմանում, թմրամիջոցների ու հոգեմետ նյութերի, ուժեղ ներգործող նյութեր պարունակող դեղագործական միջոցների և պատրաստուկների, էթիլային սպիրտի, ալկոհոլային խմիչքների, սպիրտ պարունակող արտադրանքի շրջանառության հատուկ ռեժիմի սահմանում. 15) արտակարգ դրության իրավական ռեժիմը խախտած և տվյալ տարածքում չբնակվող անձանց վտարում` նրանց միջոցների հաշվին, իսկ նման միջոցներ չլինելու դեպքում` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին` կատարված ծախսերի հետագա փոխհատուցման պայմանով. 16) արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովման նպատակով անհրաժեշտության դեպքում ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքի ու այլ միջոցների օգտագործում` օրենսդրությամբ սահմանված կարգով նյութական փոխհատուցմամբ: 2. Արտակարգ դրության ժամանակ Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրավունք ունի կասեցնելու գործադիր իշխանության հանրապետական մարմինների և տարածքային կառավարման մարմինների իրավական ակտերը: 3. Արտակարգ դրության ժամանակ սույն հոդվածով նախատեսված միջոցառումների իրականացումը չի կարող խոչընդոտել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի, Հայաստանի Հանրապետության դատարանների և Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի բնականոն գործունեությունը: 4. Սույն հոդվածի 14-րդ կետով նախատեսված դեպքերում թույլատրվում է ֆիզիկական և իրավաբանական անձանցից ժամանակավորապես առգրավել օրենքով սահմանված կարգով ձեռք բերված զենք և ռազմամթերք, թունավոր, պայթուցիկ և ռադիոակտիվ նյութեր, մարտական և ուսումնական ռազմական տեխնիկա: 5. Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների վաճառքի, ձեռքբերման և շրջանառության հատուկ կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: 6. Սույն օրենքի իմաստով տվյալ տարածքի բնակիչ է համարվում տվյալ տարածքում հաշվառում ունեցող, ինչպես նաև հաշվառում չունեցող, սակայն տվյալ տարածքում բնակության որևէ ապացույց ունեցող անձը»: Տեղեկացնենք նաև, որ ՀՀ սահմանադրության 208-րդ հոդվածի համաձայն արտակարգ դրության ժամանակ հանրաքվե չի անցկացվում:
12:26 - 16 մարտի, 2020
ԱՄՆ-ում առաջին կամավորը կստանա կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձնական դեղաչափը |armenpress.am|

ԱՄՆ-ում առաջին կամավորը կստանա կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձնական դեղաչափը |armenpress.am|

armenpress.am: Կորոնավիրուսից պաշտպանության համար պատվաստանյութի կլինիկական փորձարկումների առաջին մասնակիցը փորձնական դեղաչափը կստանա մարտի 16-ին, հաղորդել Է AP գործակալությունը՝ վկայակոչելով կառավարության մի աղբյուր:Սիեթլի Kaiser Permanente Washington Health Research Institute հետազոտական ինստիտուտում փորձարկումները կանցկացվեն 45 երիտասարդ, առողջ կամավորների վրա պատվաստանյութի տարբեր դեղաչափերով, որը մշակել են ԱՄՆ-ի Առողջապահության ազգային ինստիտուտը (NIH) եւ Moderna Inc. ընկերությունը:Առողջապահության բնագավառի աղբյուրները նշում են, որ պոտենցիալ պատվաստանյութի լիարժեք ներդրման համար կպահանջվի 12-ից մինչեւ 18 ամիս:«Գիտափորձի մասնակիցների վարակման հավանանականությունը բացառված Է, քանի որ նմուշները վիրուս չեն պարունակում: Փորձարկման խնդիրն Է՝ համոզվել, որ պատվաստանյութերը լուրջ կողմնակի հետեւանքներ չունեն, ինչից հետո կարելի կլինի ձեռնամուխ լինել ավելի լայն փորձարկումների»,- նշում Է գործակալության աղբյուրը:Բացի դրանից, Inovio Pharmaceuticals ընկերությունը փորձում Է իր պատվաստանյութի փորձարկումները մի քանի տասնյակ կամավորների մասնակցությամբ սկսել հաջորդ ամսին Փենսիլվանիայի համալսարանում եւ Միսուրիի նահանգի Քանզաս Սիթի փորձարարական կենտրոնում, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը:
12:10 - 16 մարտի, 2020
Իտալիայից հատուկ չվերթով ժամանած ՀՀ քաղաքացիները մեկուսացվել են Դիլիջանում տեղեկայված Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի տարածքում

Իտալիայից հատուկ չվերթով ժամանած ՀՀ քաղաքացիները մեկուսացվել են Դիլիջանում տեղեկայված Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի տարածքում

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Իտալիայից հատուկ չվերթով ժամանած ՀՀ քաղաքացիները մեկուսացվել են Դիլիջանում տեղեկայված Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի տարածքում, որն ունի առանձնացված ենթակառուցվածքներ: Ելնելով ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին ՀՀ օրենքի 8-րդ հոդվածից, որը սահամանում է պետական և տեղական ինքակառավամարման մարմինների լիազորությունները բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման բնագավառում, ՊՆ-ն կառավարության կողմից լիազորված է կոորդինացնելու, օգտագործելու իր բոլոր ենթակառուցվածքներն ու միջոցները սանիտահիգիենիկ և համաճարակային միջոցառումների կազմակերպման և բնակչության, առաջին հերթին զինծառայողների, սանիտարահամաճարակային անվտանգությունն ապահովելու համար: Ըստ անհրաժեշտության, ՊՆ-ն, պետական գերատեսչությունների հետ համագործակցելով, իր ամբողջ ներուժն ու ենթակառուցվածներն ի սպաս է դնելու կորոնավիրուսի կանխարգելման և վերացման համար: Միաժամանակ տեղեկացնում եմ, որ ուսուցման կազմակերպման գործընթացի վրա այս որոշումը որևէ ազդեցություն չի ունենալու: Վարժարանի տարածքը կանխարգելիչ միջոցառումներից հետո կախտահանվի»:
11:49 - 16 մարտի, 2020