Կորոնավիրուս

Կայացրել ենք որոշումներ, որոնք նպաստելու են կրթական և ոլորտային գործունեության շարունակականությանը․ Արայիկ Հարությունյան

Կայացրել ենք որոշումներ, որոնք նպաստելու են կրթական և ոլորտային գործունեության շարունակականությանը․ Արայիկ Հարությունյան

Քիչ առաջ խորհրդակցության ժամանակ կայացրել ենք մի շարք որոշումներ, որոնք նպաստելու են կրթական և ոլորտային գործունեության շարունակականությանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։ «✅ Մարզպետարանների համար պատրաստվելու են դպրոցների ախտահանման ուղեցույցեր, ներկայացվելու են ախտահանող ընկերությունների և ախտահանող նյութեր արտադրող ընկերությունների ցանկեր` ուսումնական հաստատություններում ախտահանման և հիգիենայի ապահովման գործողությունները դասերն ապագայում վերսկսվելուց հետո պատշաճ կազմակերպելու համար: ✅ Կազմակերպվելու են առցանց հարթակներ ուսումնական հաստատությունների սաների կրթական գործընթացների շարունակականությունը հնարավորինս ապահովելու համար: ✅ Կազմվել են նախարարության աշխատակիցների խոցելի խմբերի ցանկեր` աշխատանքը հեռավար կազմակերպելու համար: ✅ Վաղվանից խիստ միջոցառումներ կիրականացվեն նախարարությունում հակահամաճարակային գործողությունների շրջանակներում` աշխատակիցների ջերմաչափումներ, ձեռքերի ախտահանում և այլն: ✅ Հանձնարարվել է թանգարանների և թատրոնների հետ մշակել և կազմել առցանց ծրագրերի ցանկ` սահմանափակումների այս փուլում աշակերտների կրթամշակութային ներգրավվածությունն ապահովելու համար»,- գրել է նա՝ հավելելով, որ կայացվել են նաև այլ որոշումներ:
13:52 - 15 մարտի, 2020
Իտալիայից Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնած քաղաքացիները վաղ առավոտից շարժվել են Հռոմի օդանավակայան

Իտալիայից Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնած քաղաքացիները վաղ առավոտից շարժվել են Հռոմի օդանավակայան

Հայտնում ենք, որ Իտալիայից Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացիներն այսօր վաղ առավոտից շարժվել են դեպի Հռոմի օդանավակայան: Նրանց համար, ովքեր ճանապարհորդում են Իտալիայի հեռավոր շրջաններից, մեր դեսպանությունը, Վենետոյում ՀՀ պատվո հյուպատոսի գրասենյակի հետ համագործակցաբար ապահովել է համապատասխան տրանսպորտային միջոցներ։ Այս մասին տեղեկացնում է Իտալիայում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջը։ «Հռոմի օդանավակայանում մեր քաղաքացիներին դիմավորելու են ՀՀդեսպանության աշխատակիցները: Այս օրերին դեսպանությունը մշտական կապի մեջ է մեր քաղաքացիների, ՀՀ ԱԳՆ և թռիչք իրականացնող պատասխանատու օղակների ինչպես նաև իտալական իրավասու կառույցների հետ»,- ասված է հայտարարության մեջ։
13:44 - 15 մարտի, 2020
Բազմամարդ պատարագ Երևանի Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում |hetq.am|

Բազմամարդ պատարագ Երևանի Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում |hetq.am|

hetq.am: Մինչ Կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովը քննարկում է պետական հաստատությունների աշխատողների աշխատանքը հեռահար եղանակով կազմակերպելու հարցը, եկեղեցիներում բազմամարդ պատարագ է մատուցվում։ Երևան քաղաքի Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում այսօր՝ Մեծ պահքի չորրորդ կիրակի օրը, որը կոչվում է «Տնտեսի կիրակի», մատուցվեց պատարագ։ Հազվադեպ կարելի էր հանդիպել քաղաքացիների, որոնք դիմակ էին կրում։ Հավատացյալները մոտենում և հոգևորականից օրհնություն էին խնդրում։ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը երեկ կոչ էր արել զերծ մնալ կրոնական ծեսերից։ «Կոչ եմ անում մեր քաղաքացիներին և բոլոր կրոնական կազմակերպություններին զերծ մնալ զանգվածային ծեսերից՝ չեղարկելով դրանք մինչև համաճարակի վտանգի իսպառ վերացումը։ Մարդկանց առողջությունը վեր է ամեն ինչից»,- հայտարարել էր նախարարը։
13:20 - 15 մարտի, 2020
Չինացի գիտնականները նկարագրել են երեխաների մոտ կորոնավիրուսի ընթացքը |panarmenian.net|

Չինացի գիտնականները նկարագրել են երեխաների մոտ կորոնավիրուսի ընթացքը |panarmenian.net|

panarmenian.net: Երեխաներն ավելի հազվադեպ են հիվանդանում COVID-19 կորոնավիրուսային վարակով՝ մեծահասակներին հատուկ ախտանիշներից շատերը նրանց մոտ չեն արտահայտվում։ Սակայն, ըստ չինացի գիտնականների` վիրուսի ՌՆԹ-ն ավելի երկար է հայտնաբերվում նրանց արտաթորանքում, գրում է nplus1.ru-ն՝ Nature Medicine-ին հղումով։ Գիտնականները կարծում են նաև` քանի որ ախտանիշերը երեխաների մոտ շատ թույլ են արտահայտված և համակարգչային տոմոգրաֆիան նաև թոքաբորբ չի հայտնաբերել շատ դեպքերում, ապա, հավանաբար, երեխաների շրջանում հիվանդացության շատ դեպքեր ուղղակի չեն բացահայտվել։ Երեխաների շրջանում հիվանդացությունն ու մահացությունը ցածր է։ Գուանչժոուի Բժշկական համալսարանի աշխատակիցները Սիտանգ Գոնգի ղեկավարութամբ 745 երեխայի և 3174 մեծահասակի տվյալներ են մշակել։
13:06 - 15 մարտի, 2020
«Երևան Մոլ»-ը մարտի 16-23-ը փակվելու է. «Քարֆուր»-ը կաշխատի

«Երևան Մոլ»-ը մարտի 16-23-ը փակվելու է. «Քարֆուր»-ը կաշխատի

«Երևան Մոլ»-ը կայացրել է մարտի 16-23-ը փակվելու որոշում։ Չեն գործելու նաև «Երևան Մոլ»-ի կազմում գտնվող «Կինոպարկ» կինոթատրոնը և «Նավապետ Քիդ» զվարճանքի կենտրոնը։ Գործելու է միայն Քարֆուր սուպերմարկետը՝ սննդամթերքի և այլ անհրաժեշտ ապրանքների ձեռքբերումը չսահամանափակելու նպատակով։ Այս մասին նշված է «Երևան Մոլ»-ի ֆեյսբուքյան էջում։ «Հետևելով կորոնավիրուսի մասին պաշտոնական նորություններին, ինչպես նաև կարևորելով հանրային արձագանքը սույն հարցի շուրջ, Երևան Մոլը որոշում է կայացրել մարտի 16-23-ը ժամակավորապես փակվելու մասին։ Սույն որոշումը բխում է մոլի՝ սոցիալապես բարձր պատասխանատվության գաղափարից, ինչպես նաև հանրային և իր աշխատակիցների առողջության ու ապահովության առաջնային կարևորությունից։Չեն գործելու նաև Երևան Մոլի կազմում գտնվող Կինոպարկ Կինոթատրոնը և Նավապետ Քիդ զվարճանքի կենտրոնը։ Գործելու է միայն Քարֆուր սուպերմարկետը՝ սննդամթերքի և այլ անհրաժեշտ ապրանքների ձեռքբերումը չսահամանափակելու նպատակով։Երևան Մոլի այս որոշման արդյունքում չի անտեսվելու նաև իր տարածքում գործող վարձակալների գործարար բարօրությունը։ Երևան Մոլի վերաբացման կամ անհրաժեշտության դեպքում փակ լինելու ժամկետի երկարաձգման մասին կտեղեկացվի ավելի ուշ։ Եղեք առողջ և պահպանեք անվտանգության առաջնային կանոնները»,- ասվում է գրառման մեջ։
12:13 - 15 մարտի, 2020
ՀՀ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս սահմանափակել արտասահմանյան ուղևորությունները

ՀՀ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս սահմանափակել արտասահմանյան ուղևորությունները

Հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) վարակի տարածման ներկա իրավիճակը՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ՀՀ քաղաքացիներին հորդորում է սահմանափակել արտասահմանյան ուղևորությունները, եթե չկա  հրատապ անհրաժեշտության։  Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, ուղևորություն կազմակերպելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել Առողջապահության միջազգային կազմակերպության` վարակի տարածման վերաբերյալ վիճակագրությամբ և ժամանակավորապես խուսափել այցելել վարակի տարածման երկրներ, մասնավորապես՝ Իրանի Իսլամական Հանրապետություն, Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն, Կորեայի Հանրապետություն, Ճապոնիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ և ԵՄ և այլ եվրոպական երկրներ (առավելապես՝ Իտալիա, Գերմանիա, Ֆրանսիա, Իսպանիա, Շվեյցարիա, Նորվեգիա, Դանիա, Շվեդիա, Նիդերլանդներ, Միացյալ Թագավորություն, Բելգիա և Ավստրիա) այցելություններից:  «Վերոնշյալ երկրներում գտնվելու կամ այցելելու պարագայում հորդորում ենք հետևել ՀՀ առողջապահության նախարարության կամ տվյալ երկրի համապատասխան իշխանությունների ցուցումներին և խորհուրդներին, կապ հաստատել տեղում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների հետ։ Նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) վարակի լայն տարածում ունեցող երկրներից վերադարձող ՀՀ քաղաքացիները, կախված ժամանման երկրից/երկրներից պետք է  ենթարկվեն 14-օրյա ինքնամեկուսացման, եթե որոշում չի կայացվել գտնվել հատուկ կարանտինի վայրում: Միաժամանակ հորդորում ենք արտերկրում գտնվող և/կամ արտերկիր ուղևորություն նախատեսող ՀՀ քաղաքացիներին կանգնել հյուպատոսական հաշվառման, որն այժմ հնարավոր է իրականացնել նաև հյուպատոսական հաշվառման ավտոմատացված համակարգի միջոցով https://www.mfa.am/hy/consular-registration/»,- ասվում է հաղորդագրության մեջ:
12:04 - 15 մարտի, 2020
Մեծամորի ԲԿ-ից շարժական ռենտգեն սարքը տեղափոխվել է Էջմիածնի բժշկական կենտրոն

Մեծամորի ԲԿ-ից շարժական ռենտգեն սարքը տեղափոխվել է Էջմիածնի բժշկական կենտրոն

Արմավիրի մարզպետարանից տեղեկացնում են, որ Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային վարակի արձանագրված դեպքերով պայմանավորված՝ մարզի ազգաբնակչության առողջության պահպանման և հնարավոր բարդություններից խուսափելու համար շարունակվում են իրականացվող կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումները․«Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային վարակի արձանագրված դեպքերով պայմանավորված՝ մարզի ազգաբնակչության առողջության պահպանման և հնարավոր բարդություններից խուսափելու համար շարունակվում են իրականացվող կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումները.✅ Այսօր Մեծամորի բժշկական կենտրոնից շարժական ռենտգեն սարքը տեղափոխվել է Էջմիածնի բժշկական կենտրոն, որով արդեն իրականացվել է առաջին հետազոտությունը:✅ Ըստ անհրաժեշտության՝ Արմավիրի և Մեծամորի բժշկական կենտրոնների շտապօգնության բրիգադները կսպասարկեն նաև Վաղարշապատի հիվանդանոցի կանչերը:✅ Ըստ անհրաժեշտության՝ Մեծամորի բժշկական կենտրոնը բուժօգնություն կցուցաբերի նաև Էջմիածնի բնակիչներին:✅ Մարզը ներկայացնող բժիշկները պատրաստ են անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերել մարզային ենթակայության բժշկական հաստատություններում:✅ ՀՀ Արմավիրի մարզպետի հանձնարարությամբ հանգստյան օրերին մարզային ենթակայության պոլիկլինիկաները կաշխատեն մինչև երեկոյան ժամը 19:00-ն:✅Մարզում կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ուղեգծերը սպասարկող տրանսպորտային միջոցներն օրվա ընթացքում պարբերաբար ախտահանվում են»։
11:51 - 15 մարտի, 2020
Նախարարը կոչ է անում կրոնական կազմակերպություններին չեղարկել զանգվածային ծեսերը

Նախարարը կոչ է անում կրոնական կազմակերպություններին չեղարկել զանգվածային ծեսերը

Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հորդորում է բոլոր կրոնական կազմակերպություններին ու քաղաքացիներին զերծ մնալ զանգվածային ծեսերից: Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում: «Անկեղծ ասած տեղյակ չեմ, թե մեր երկրում գործող կրոնական կազմակերպությունները ինչ որոշումներ ունեն իրենց ծիսակատարությունները շարունակելու կամ դադարեցնելու վերաբերյալ, սակայն ուզում եմ հիշեցնել, որ առնվազն Հարավային Կորեայում և մեր հարևան Իրանում նոր կորոնավիրուսային վարակը իր պայթյունաձև տարածումն է ստացել հենց կրոնական արարողությունների պատճառով։ Հետևաբար կոչ եմ անում մեր քաղաքացիներին և բոլոր կրոնական կազմակերպություններին զերծ մնալ զանգվածային ծեսերից՝ չեղարկելով դրանք մինչև համաճարակի վտանգի իսպառ վերացումը։ Մարդկանց առողջությունը վեր է ամեն ինչից», - կոչ է արել նախարարը։  
11:33 - 15 մարտի, 2020
Հայաստանի օդային երթևեկության կարգավարները ինքնամեկուսացել են

Հայաստանի օդային երթևեկության կարգավարները ինքնամեկուսացել են

Կորոնավիրուսի հետևանքով ինքնամեկուսացել է «Հայաէրոնավիգացիա» ՓԲ ընկերության անձնակազմը, որը պատասխանատու է Հայաստանի Հանրապետության տարածքում և Հայաստանի երկու միջազգային օդանավակայաններում անվտանգ օդային երթևեկության կազմակերպման համար: Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մամլո քարտուղար Ռուբեն Գրձելյանը: «Կորոնավիրուսով վարակման վտանգի պատճառով աշխատակիցները ինքնամեկուսացվել են ընկերության վարչական շենքում: Որոշումը կայացվել է համատեղ՝ Առողջապահության նախարարության, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի և «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ի ղեկավարության կողմից։ Հարկադիր նախազգուշական միջոցներ են ձեռնարկվել Էջմիածնում ընկերության աշխատակցի կորոնավիրուսով վարակման փաստի բացահայտման կապակցությամբ: Երկրի օդային երթևեկության շարունակական սպասարկումն ապահովելու համար շենքում ներկա պահին գտնվում են ընկերության ղեկավարությունը՝ գլխավոր տնօրեն Արթուր Գասպարյանի գլխավորությամբ, ավիակարգավարների, ինժեներատեխնիկական մասնագետների անհրաժեշտ նվազագույն 75-հոգանոց անձնակազմը: Ընկերության ղեկավարությունը հրատապ կազմակերպել և ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ միջոցները կարանտինի տակ գտնվող անձնակազմի շարունակական աշխատանքը և հանգստը, ի սկզբանե 14 օր տևողությամբ: Զվարթնոց օդանավակայանի տարածքում գտնվող ընկերության վարչական շենքը ոչ ոք չի կարող մուտք գործել, ինչպես նաև լքել այն: Այս որոշումը կապահովի անխափան օդային երթևեկությունը Հայաստանի Հանրապետության օդային տարածքում, ինչպես նաև երկրի երկու միջազգային օդանավակայաններում:
11:08 - 15 մարտի, 2020
Հայաստանում կորոնավիրուսի ազդեցությունը շատ տեսանելի է զբոսաշրջության ոլորտում. ձևավորում է մեկ ընդհանուր շտաբ. Տիգրան Ավինյան

Հայաստանում կորոնավիրուսի ազդեցությունը շատ տեսանելի է զբոսաշրջության ոլորտում. ձևավորում է մեկ ընդհանուր շտաբ. Տիգրան Ավինյան

Մարտի 14-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն Հայաստանի տնտեսության վրա կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված բացասական հետևանքների հակազդման քաղաքականության փաթեթի մշակման վերաբերյալ։ Այս մասին հայտնում են ՀՀ փոխվարչապետի գրասենյակից:Փոխվարչապետն ասել է․«Ինչպես գիտեք նոր տեսակի կորոնավիրուսը բացի մարդկային կյանքերին ու առողջությանը վնաս հասցնելուց, նաև էական վնասներ է հասցնում համաշխարհային տնտեսությանը, ինչպես նաև ամեն առանձին երկրում որոշակի խնդիրներ և բացասական երևույթներ առաջանում են: Եվ, մասնավորապես, Հայաստանում դա շատ տեսանելի է զբոսաշրջության ոլորտում, որը բնական է: Այսօր մենք կքննարկենք այն առաջարկները, որոնք ձևավորվել են տարբեր գերատեսչությունների կողմից: Կարծում եմ շատ կարճ ժամկետներում կամբողջականացնենք գործողությունների ծրագիր, որը մեզ հնարավորություն կտա որոշ չափով կանխարգելելու և մեղմելու հետևանքները, ինչպես նաև հեռանկարում որոշակի հնարավորություններ ստեղծելու: Բայց սոցիալ-տնտեսական հարցերից զատ, կուզնայի նաև ներկաներին տեղեկացնել այն աշխատանքների վերաբերյալ, որոնք իրականացվում են, կարելի է ասել, 24-ժամյա ռեժիմով։ Բոլորդ արդեն տեղեկացել եք նոր հայտնաբերված դեպքերի վերաբերյալ և այդ դեպքերը հիմնականում կրկին այն շրջանակից են, որոնք գտնվել են կարանտինի մեջ և հայտնի նշանդրեքի մասնակիցներ են։ Ձևավորում է մեկ ընդհանուր շտաբ Առողջապահության նախարարության, ուժային կառույցների, տեսչական մարմնի աշխատակիցների մասնակցությամբ, որը զբաղվում է որոնողական աշխատանքներով և այս պահի դրությամբ բավականին արդյունավետ այդ աշխատանքները իրականցվում են։ Մեր գրասենյակը, Առողջապահության նախարարությունը ու Արտաքին գործերի նախարարությունը կրկին ամենօրյա ռեժիմով աշխատանքի մեջ են լինելու»։ Խորհրդակցության ընթացքում քննարկվել են Հայաստանի տնտեսության վրա պոտենցիալ ազդեցությունները հնարավորինս ամբողջական ծավալով բացահայտելուն և գնահատելուն ուղղված աշխատանքները։ Մանրամասն անդրադարձ է կատարվել իրադարձությունների զարգացման տարբեր սցենարներից կախված՝ կարճաժամկետ ու միջնաժամկետ կտրվածքով սոցիալ-տնտեսական խթաններին ու գործիքներին։ Մասնակիցները ներկայացրել են նախնական առաջարկություններ, և որոշվել է, որ փոխվարչապետի գրասենյակի ներքո կձևավորվի տնտեսական օպերատիվ խումբ՝ ամենօրյա ռեժիմով աշխատանքները շարունակելու և գործողությունների միասնական փաթեթ ներկայացնելու համար։
10:55 - 15 մարտի, 2020
Ամեն օր կախտահանվի շուրջ 150 ավտոբուս, 40 տրոլեյբուս և մետրոյի 30 վագոն. քաղաքապետարան

Ամեն օր կախտահանվի շուրջ 150 ավտոբուս, 40 տրոլեյբուս և մետրոյի 30 վագոն. քաղաքապետարան

Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ, ՀՀ առողջապահության նախարարության ցուցումով ախտահանվում է քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող հանրային տրանսպորտը: Այսօրվանից սկսած ախտահանման աշխատանքներ կիրականացվեն ամեն օր՝ յուրաքանչյուր հերթափոխից հետո: Ընդհանուր առմամբ ամեն օր կախտահանվի շուրջ 150 ավտոբուս, 40 տրոլեյբուս և մետրոյի 30 վագոն:«Քաղաքապետի անմիջական հսկողության ներքո է ողջ գործընթացը: Յուրաքանչյուր աշխատանք անմիջապես զեկուցվում է: Ախտահանման աշխատանքները կիրականացվեն այնքան ժամանակ, որքան կպահանջվի առողջապահության նախարարի համապատասխան ցուցումով: Այս պահին մենք ավտոբուսների հավաքակայանում ենք: Նույն մոտեցմամբ կախտահանվեն նաև տրոլեյբուսները և մետրոյի վագոնները։ Հասարակական տրանսպորտը սպասարկող մասնավոր ընկերություններին ևս ուղարկվել են առողջապահության նախարարի ցուցումները և հորդորել ենք, որպեսզի նրանք ևս իրականացնեն նմանատիպ աշխատանքներ»,- նշում է Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի ժ/պ Էդգար Գալստյանը:Հասարակական տրանսպորտը ախտահանվում է ժամանակակից տեխնիկական միջոցներով և հատուկ նյութով: Աշխատանքներն իրականացվում է «Ախտահանման կենտրոն» ՓԲԸ կողմից:«Ախտահանումն իրականացվում է ամենաառաջադեմ ֆրանսիական սուրֆանիոզ հատուկ նյութով, որը բարձր արդյունավետությամբ է ազդում բոլոր վիրուսների վրա: Առավոտյան ուղևորները կարող են հանգիստ օգտվել հասարակական տրանսպորտից: Նույն նյութը կիրառվում է նաև աշխարհի տարբեր երկրներում»,- նշում է «Ախտահանման կենտրոն» ՓԲԸ տնօրեն Մելս Պողոսյանը:Կեսգիշերից հետո աշխատանքները կմեկնարկեն նաև Երևանի մետրոպոլիտենում: Մասնագիտացված հատուկ խմբերը կշրջեն բոլոր կայարաններում և արդեն առավոտյան մետրոն ևս ախտահանված ու պատրաստ կլինի շահագորման:
10:44 - 15 մարտի, 2020