Սահմանադրական դատարան - ՍԴ

ՀՀ Սահմանադրական դատարան - Սահմանադրական արդարադատության բարձրագույն մարմինն է, որն ապահովում է Սահմանադրության գերակայությունը: Արդարադատություն իրականացնելիս Սահմանադրական դատարանն անկախ է և ենթարկվում է միայն Սահմանադրությանը:

ՀՀ Սահմանադրական դատարանը հիմնադրվել է 1996թ-ին և առաջին իսկ տարվանից անդամակցել Եվրախորհրդի «Ժողովրդավարություն` իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովին։

«Իմ քայլը» ՍԴ վերաբերյալ նախագիծը հանրաքվեի դնելով մտադիր է երկիրը հետ պահել ցնցումներից.Լիլիթ  Մակունց |armenpress.am|

«Իմ քայլը» ՍԴ վերաբերյալ նախագիծը հանրաքվեի դնելով մտադիր է երկիրը հետ պահել ցնցումներից.Լիլիթ Մակունց |armenpress.am|

armenpress.am:  Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելը պայմանավորում է նրանով, որ այդպիսով երկիրը հետ կպահվի անցանկալի ցնցումներից: Այս մասին փետրվարի 6-ին ԱԺ արտահերթ նիստի ընթացքում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: «Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով: Հետևաբար, Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է իրավունք ունենա արդյունավետ կերպով իրացնել իր իրավունքները: Ասվածը վերաբերում է նաև հանրաքվեի միջոցով իր ձայնը լսելի դարձնելուն: Առաջնային մանդատ ունեցող իշխանության մարմինների լիազորությունների դադարեցման հարցը հանրաքվեի առարկա դարձնելը կարող է էապես նվազեցնել անհարկի լարվածությունը, և երկրի հետ պահել անցանկալի ցնցումներից»,- ասաց Մակունցը: Փետրվարի 6-ին ՀՀ Ազգային ժողովում մեկնարկել է արտահերթ նիստը, որի օրակարգում ընդգրկված է Սահմանադրության փոփոխությունների նախագիծը: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագծով առաջարկվում է 1995 թվականի հուլիսի 5-ի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության՝ 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխություններով, 213-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ. «Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի եւ անդամների պաշտոնավարումը դադարում է: Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերի համար առաջադրումները կատարում են հաջորդաբար Կառավարությունը, Հանրապետության նախագահը եւ դատավորների ընդհանուր ժողովը: Սույն հոդվածի 1-ին մասի հիման վրա մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի եւ անդամների լիազորությունները համարվում են դադարած, իսկ առաջացած թափուր տեղերը համալրելու ժամկետները եւ այլ մանրամասները սահմանվում են Սահմանադրական դատարանի մասին օրենքով նախատեսված կարգով: Նշված կարգը նախատեսող սահմանադրական օրենքի փոփոխություններն ընդունվում են եւ ուժի մեջ են մտնում սույն հոդվածի ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում»,- նշված է նախագծում:  
15:33 - 06 փետրվարի, 2020
Սա նույնն է, որ հանրաքվեի դնենք՝ ժողովուրդը որոշի՝ ՀՀ-ում լինի մահապատիժ, թե ոչ․ Մանե Թանդիլյան |armtimes.com|

Սա նույնն է, որ հանրաքվեի դնենք՝ ժողովուրդը որոշի՝ ՀՀ-ում լինի մահապատիժ, թե ոչ․ Մանե Թանդիլյան |armtimes.com|

armtimes.com: Սահմանադրության երկրորդ հոդվածին հղում անող իմ իշխանական գործընկերները խոսում են այն մասին, որ ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, պետական եւ ՏԻՄ-երի եւ պաշտոնատար անձանց միջոցով, ինչը որեւէ մեկը չի վիճարկում, բայց չեն անդրադառնում դրույթին, որտեղ հանրային իշխանությունը՝ ժողովուրդը եւս սահմանափակումներ ունի եւ սահմանափակված է մարդու, քաղաքացու հիմնարար իրավունքներով ու ազատություններով։ Ազգային ժողովում իր ելույթում ասաց ԼՀԿ խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը։ «Հենց այդ հանրային իշխանությունն է պարտական եւ պատասխանատու՝ հարգել ու պաշտպանել մարդու հիմնարար իրավունքները։ Ես հասկացա ինձ համար մի ցավալի հանգամանք՝ մարդ ասելով՝ իշխանականները հասկանում են յուրայիններին, այն մարդկանց, որոնք կիսում են իրենց տեսակետը։ Եվ երբ տարակարծիք են լինում, չեն համաձայնում, այդ տարակարծությունը ձեւակերպվում է «պետական շահի դեմ»»։ Թանդիլյանի խոսքով՝ զարմանալի չէ այս քննարկումը, որտեղ մարդու հիմնարար ազատությունները սահմանող հանրաքվեի առաջարկություն են անում՝ այդ իրավասությունը չունենալով․ «Եվ չի կարող անգամ ժողովուրդը մարդու հիմնարար ազատությունները սահմանափակել, որովհետեւ հանրային իշխանությունը՝ ժողովուրդը, սահմանափակված է դրանցով։ Ինչո՞ւ տանել ժողովրդին այդ ճանապարհով, ինչո՞ւ այդ պատասխանատվությունը բարդել ժողովրդի վրա։ Որովհետեւ պատասխանատվություն է նման ձեւով ոտնահարել մարդու հիմնարար իրավունքները։ Այս դրույթները, նման կարգավորումները չեն կարող դրվել հանրաքվեի։ Դա նույնն է, որ հանրաքվեի դնենք՝ մարդիկ իրենց տեսակետը արտահայտեն մահապատժի վերաբերյալ, մենք որոշենք, որ բարձրագույն իշխանության կրողը՝ ժողովուրդը, որոշի՝ ՀՀ-ում լինի մահապատիժ, թե ոչ։ Ի՞նչ արդյունք կունենանք։ Կան դրույթներ, որոնք չեն դրվում հանրաքվեի, հետեւաբար, մարդու իրավունքները եւ դրանց ոտնահարման մոտեցումը, որը սահմանված է այս նախագծով, նմանատիպ կարգավորում է եւ չի կարող դրվել հանրաքվեի»,- պնդեց ԼՀԿ-ական պատգամավորը։ Նա համոզված է՝ կան օրինական ճանապարհներ, սակայն նախագծի ընդդիմախոսների ցույց տված ուղիները իշխանությունը չի լսում՝ ասելով՝ դրանք միայն ստորակետներ են․ «Դրանք սկզբունքներ են՝ հիմնարար։ Հրայր Թովմասյան չէ, ով ուզում է՝ լինի, գնալու է, գա, բայց արդյոք մենք ուզո՞ւմ ենք ստեղծել պետություն, որտեղ հիմնարար սկզբունքներ ենք ոտնահարելու։ Մեր ժողովրդին մի քաշեք հակաիրավական պրոցեսների մեջ»,- ասաց Մանե Թանդիլյանը։
15:09 - 06 փետրվարի, 2020
Կա՛մ կանգնում եք հեղափոխության կողքին, կա՛մ ազնիվ եղեք, ասեք, որ ձեր տեղը չենք գտնում  ո՛չ դահլիճում, ո՛չ քաղաքական դաշտում․ Ալեն Սիմոնյան

Կա՛մ կանգնում եք հեղափոխության կողքին, կա՛մ ազնիվ եղեք, ասեք, որ ձեր տեղը չենք գտնում ո՛չ դահլիճում, ո՛չ քաղաքական դաշտում․ Ալեն Սիմոնյան

Կա՛մ դուք կանգնում եք հեղափոխության կողքին, և մենք մաքրում ենք Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, նրանց փեսաների և մնացածի պուճուրիկ խմբակները, կա՛մ ազնիվ եղեք, ասեք, որ ձեր տեղը չեք գտնում՝ ո՛չ դահլիճում, ո՛չ քաղաքական դաշտում, և մարդիկ թող ձեզ վերաբերվեն այդ ձևով։ Այս մասին այսօր ԱԺ արտահերթ նիստում ասաց Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների քննադատություններին։«Հարգելի՛ գործընկերներ, կոորդինատների ճշտման կարիք կա քաղաքական առումով։ Էն, որ ասում եք՝ էս բութը, էս ստորակետը, վայ, վայ, սենց բաներ եք անում․․․Մենք հեղափոխություն չէինք անի, եթե գործին չմոտենայինք անձնազոհաբար, եթե չհասկանայինք, թե մենք ինչ ենք անում, ուր ենք գնում։ Չի կարելի կիսատ հեղափոխական լինել։ Չի կարելի ասել՝ գիտե՞ք՝ մենք հեղափոխությանը չենք մասնակցել, բայց ակտիվ նայում էինք։ Լավ էիք անում՝ ակտիվ նայում էիք»,- ասաց Սիմոնյանը, ապա ավելացրեց․ «Բա՞ն ա եղել, ինչ-որ բան դուրներդ չի՞ գալիս, հավատու՞մ եք էդ գաղափարներին, համարում եք, որ այն, ինչ եղել ա, ճիշտ ա եղել, էկեք, մեր հետ խոսեք, ասեք՝ մենք սենց առաջարկ ունենք»։Ալեն Սիմոնյանի խոսքերով՝ մենք ունենք նման պատգամավոր, որի համար ինքը նրան հարգում է։«Մեր արածը քննադատե՞լ։ Ժողովու՛րդ, ես կարող եմ ձեր ամենաուժեղ, ամենամաքուր արտահայտությունների մեջ էնքան ստորակետ ու էնքան բառ գտնել քննադատելու, որ մի ամսվա համար քննադատման թեմա լինի։ Ախր մարդիկ դա տեսնում, հասկանում են»,- նշեց ԱԺ փոխխոսնակը։Սիմոնյանն ավելացրեց․ «Կա՛մ դուք քաղաքական որոշում եք կայացնում, այրում եք ձեր կամուրջներն անցյալի հետ, կա՛մ կանգնում եք հեղափոխության կողքին, որի հնարավորությունն ունեցել եք հեղափոխությունից առաջ, հեղափոխությունից հետո, հեղափոխությունից մի քիչ հետո, հիմա։ Կա՛մ դուք կանգնում եք հեղափոխության կողքին, և մենք մաքրում ենք Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, նրանց փեսաների և մնացածի էդ պուճուրիկ խմբակները, որոնք փողով փորձում են ատելություն սերմանել ՀՀ-ում, կա՛մ ազնիվ եղեք, եկեք, ասեք՝ մենք մեր տեղը չենք գտնում ո՛չ դահլիճում, ո՛չ քաղաքական դաշտում։ Եվ մարդիկ թող ձեզ վերաբերվեն այդ ձևով»։ «Իմ քայլ»-ի պատգամավորը ելույթը եզրափակեց՝ ասելով, որ հին աշխարհը մեռնում է՝ իր հետ տանելով բոլորին, ովքեր չեն հասկանում նորը։ 
12:38 - 06 փետրվարի, 2020
Առաջին ընթերցման տապալումից հետո չեք կարող հանրաքվեի դնել այս հարցը. Տարոն Սիմոնյան

Առաջին ընթերցման տապալումից հետո չեք կարող հանրաքվեի դնել այս հարցը. Տարոն Սիմոնյան

Ազգային ժողովում քննարկվում է Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների պաշտոնավարումը դադարեցնելու վերաբերյալ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների նախագիծը։ Մեկնարկել է պատգամավորների ելույթների փուլը։ ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանի ելույթը ներկայացնում ենք ստորև․ «Լավ եք անում, որ պայքարում եք։ Մեկի դեմ պայքարեք, 100-ի դեմ պայքարեք, 1000-ի դեմ պայքարեք։ Ա՛յ մարդ, բայց օրենքով պայքարեք, օրենքի խախտումները մի՛ կուտակեք ձեր վրա, որ հետագայում ձեր իսկ օրենքի խախտումներով մեկ այլ գործընթաց սկսվի, որի տուժողը դուք չեք, Պողոսը չի, Պետրոսը չի՝ Հայաստանի Հանրապետությունն է։ Ես պարոն Հովակիմյանի ելույթը լսեցի և ցավոք սրտի չտեսա օրինական որևէ հիմանվորում։ Այո՛, դա լրագրողական ելույթ էր։ Այո՛, միգուցե որոշակի պատմական ելույթ էր։ Արդյո՞ք պատմական կամ լրագրողական ելույթներով կարող ենք հիմանվորել սահմանադրական փոփոխությունները։ Պայքարը, նպատակը հասկանալի է, ըմբռնելի է, բայց արդյո՞ք այդ միջոցները և մեթոդնեը, որոնք ձեր կողմից օգտագործվում են, մակերեսային չեն։ Իմ խորին համոզմամբ մակերեսային են։ Դուք շատ իրավական դրույթներ անտեսում եք, խախտում եք և հետագայում ամբողջ պրոցեսը պետք է իր վրա կրի այդ խախտումները։ Ցավոք, չեք կարողանալու դրա տակից դուրս գալ։ Առաջին խախտումը մենք այսօր ցերեկը տեսանք՝ ընթացակարգային խախտում։ Ասեցինք, բացատրեցինք, հասկացրինք՝ առաջին կուրսի իրավաբանի մակարդակով բացատրեցինք։ Գիտեք՝ չեք ուզում ընկալեք։ Մի՞թե կարելի է նման մակերեսային վերաբերմունք դրսևորել սահմանադրական փոփոխությունների հետ կապված։ Ձևավորվում է սահմանադրական փոփոխությունների հանձնաժողով, որը համակարգային լուծումներ պետք է առաջարկի՝ վարչապետի, կառավարության նախաձեռնությամբ, որտեղ գերակայելու են ձեր իշխանության թևի ներկայացուցիչները, եթե չհաշվենք գիտնականներին։ Ի՞նչ խնդիր ունեք։ Սահմանադրական փոփոխությունների նորմալ ընթացակարգով և ձեր ասած ՍԴ-ի խնդրը պետք է լուծվի և ամբողջ դատական համակարգի խնդիրը։ Ինչու՞ եք խուսափում համակարգային լուծումներից և ընտրում մակերեսային ճանապարհներ։ Դուք անընդհատ նշում եք, որ բոլորը մեղավոր են։ Բայց, միգուցե, ներս նայեք, տեսնեք, կարող է ձեր ընտրած միջոցներն են սխալ։ Ինչու՞ չեք հարցականի տակ դնում ձեր ընտրած միջոցները։ Բոլորը մեղավոր են բացի ձեզնի՞ց։ Վաղաժամ կենսաթոշակի հետ կապված ինստիտուտը երբ ներդրվեց, այնտեղ հստակ Վենետիկի հանձնաժողովն ասեց՝ չպետք է հնարավորություն տրվի, որ առաջանա այնպիսի իրավիճակ, որ դատավորների մեծ մասը դուրս գան աշխատանքից, որովհետև դա հակասահմանադրական իրավիճակ կառաջացնի։ Ձեր այս նախագիծը միանգամից հակասահմանադրական իրավիճակ է ենթադրում, որ միանգամից 7 դատավար դուրս գան։ Օրենքի կամ անձի իրավունքները վատթարացնող իրավիճակ նախատեսող դրույթների հետադարձութունը արգելված է նույն մեր Սահմանադրությամբ։ Այո, դուք Սահմանադրության փոփոխություն եք իրականացնում, բայց Սահամանադրությունում կան դրույթներ, որոնք անփոխարինելի են և բխում են մեր պետականության հիմքերից և անձի բնական իրավունքներից։ Չի կարելի անձի բնական իրավունքները ոտնահարել, դրանք հետևանքներ կառաջացնեն։ Արդյո՞ք սա է լավագույն ճանապարհը։ Իհարկե՝ ոչ։ Դուք նշեցիք նաև, որ անցումային դրույթը կարելի է փոխել։ Այդ անցումային դրույթը որպես այդպիսին կիրառված է հարգելիներս։ Եթե ուզում էիք այս խնդիրը լուծել, դուք չպետք է կպնեիք այդ անցումային դրույթին, ուղղակի պետք է 7-րդ հոդվածում որևէ նոր դրույթ ավելացնեիք և այս խնդիրը լուծեիք։ Դուք իրավաբանական տեխնիկայի առումով ամենավատ լուծումն եք ընտրել, որովհետև արդեն իսկ կիրառված անցումային դրույթը չի կարելի փոփոխել։ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքը կարելի է ընդամենը կարդալ։ Այլ բան չեմ ասում։ Դուք ասում եք, որ տապալելու եք առաջին ընթերցումը և դրանցից հետո հանրաքվեի եք դնելու։ Հարգելինե՛րս, կարելի է չէ՞ Սահմանադրության 202 հոդվածի 3-րդ մասը կարդալ հետո բացել «ԱԺ կանոնակարգ» օրենքի 86-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ հատվածը կարդալ՝ հասկանալու համար, որ առաջին ընթերցման տապալումից հետո չեք կարող հանրաքվեի դնել այս հարցը։ Կանոնակարգ օրենքում կարգավորումը դրված է։  Բացատրում եմ, որ դուք, օտվելով առիթից, եթե ուզենաք, այդ ճանապարհը ընտրեք։ Գրված է առաջին ընթերցումը դուք պետք է հաստատեք, դրանից հետո գնա ՍԴ, ՍԴ-ի դրական եզրակացությանից հետո՝ երկրորդ ընթերցման ժամանակ, բացասական քվեարկեք, դրա արդյունքում նոր կարող եք հանրաքվեի հարց բարձրացնել։ Ախր կարելի է չէ այս ամենը կարդալ։ Մի՞թե կարելի է այդքան մակերեսային նայել ամեն ինչին։ Եթե մասնավոր ոլորտում լինեի այսքան խորհրդատվության համար բավականին կհարստանայի, բայց որևէ դրական բան ձեզնից չեմ ստանում, միայն բացասական ժպիտներ։ Չի կարելի, ժողովո՛ւրդ ջան․ կարելի է օրենքը կարդալ և շարժվել օրենքի տառին համապատասխան»։
12:21 - 06 փետրվարի, 2020
ՍԴ-ն վիժեցնելու է անցումային արդարադատությունը, վեթինգի գործընթացը, խափանելու է պետական ինստիտուտների ժողովրդավարացման բոլոր ծրագրերը․ Գայանե Աբրահամյան

ՍԴ-ն վիժեցնելու է անցումային արդարադատությունը, վեթինգի գործընթացը, խափանելու է պետական ինստիտուտների ժողովրդավարացման բոլոր ծրագրերը․ Գայանե Աբրահամյան

Ազգային ժողովում քննարկվում է Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների պաշտոնավարումը դադարեցնելու վերաբերյալ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների նախագիծը։ Մեկնարկել է պատգամավորների ելույթների փուլը։ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանի ելույթը ներկայացնում ենք ստորև․  «Ինչո՞ւ են նախկին ռեժիմին ծառայած ու մարդու իրավունքների զանգվածային խախտումներն արդարացրած կամ իրավական փաթեթավորում տված կեղծ իրավապաշտպաններն այսօր այսքան մտահոգված Սահմանադրական դատարանի ու, մասնավորապես, Հրայր Թովմասյանի ճակատագրով։ Ինչո՞ւ է իշխանազերծ եղած օլիգարխիան կռիվ տալիս այս մարմնի լեգիտիմության բարձրացման ուղղված ցանկացած քայլի դեմ։ Ասեմ։ Քանի որ հենց բարձրագույն դատական ատյանն է մնացել այն փրկօղակը, որը կարող է հետաձգել նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու պահը, քանի որ հենց Սահմանադրական դատարանը հնարավորություն կստեղծի նախկինների ռևանշիստական մղումների ու վրեժխնդրության իրականացման համար։  Պետք է հիասթափեցնեմ նախկինի կարգավիճակին համակերպվել չցանկացող գործընկերներիս։ Այո՛, ժողովրդի կամքով ձևավորվելու է նաև այս մարմինը և այլևս չեք կարող տարիներով կեղեքված քաղաքացու վրա  ոտքերը մաքրել։ Սա մեր երկրում բացառվելու է և բացառվելու է ընդմիշտ։ Վերջերս ընդդիմադիրներից մեկը հայտարարում էր, թե Սահմանադրական դատարանի խնդիրն օրհասական չէ մեր երկրի մեջ։ Մենք ասում ենք, որ այն օրհասական է ոչ միայն երկրի, այլ հենց նաև Ձեզ համար, քանի որ Սերժ Սարգսյանի հրաժարականից, Ազգային ժողովի ամբիոնն ու լծակները կորցնելուց հետո առավելապես վախենում եք ոչ թե Ձեր նախկին կոռուպցիոն ու քրեական անցյալի բացառման գործընթացից(գիտեք, որ վաղ թե ուշ այն լինելու է), այլ հենց Սահմանադրական դատարանն ու Ձեր հիմնական հենարան Հրայր Թովմասյանին կորցնելուց։ Լավ գիտեք և հույս ունեք, որ ՍԴ-ն է թերևս այն միակ գործիքը, որ անցումային արդարադատությունը վիժեցնելու է, դատական համակարգի առողջացման համար արվող վեթինգի գործընթացն է վիժեցնելու նաև, կամ պետական ինստիտուտների ժողովրդավարացման բոլոր ծրագրերը խափանելու է։ Պետք է հիասթափեցնեմ․ սա ձեզ չի հաջողվելու և արդարության վերականգնման անկասելի գործընթացը հաղթական է լինելու։ ՍԴ անդամ, ՀՀԿ-ի կողմից ընտրված կամ ավելի ազնիվ կլինի ասել՝ նշանակված Հրայր Թովմասյանն ասում է, թե ինքը ՀՀ-ի ներսում թշնամիներ չունի։ Մինչդեռ սրանից առաջ ասում էր, թե ինքը սահման է պահում, խրամատում կանգնած զինվորի հետ էր համեմատում իրեն։ Պնդում էր, թե Արցախը տալու-չտալու սահմանն իր համար անցնում է Սահմանադրական դատարանով, հայոց ինքնությունը փրկելու խնդիրն անցնում է Սահմանադրական դատարանով։ Հարց է առաջանում, թե ովքե՞ր են սահմանի մյուս կողմում։ Պարո՛ն Թովմասյան, արդյո՞ք ՀՀ քաղաքացիները, արդյո՞ք ՀՀ քաղաքացիների կողմից ազատ և արդար ընտրությունների միջոցով ընտրված իշխանությունը, Ազգային ժողովը։ Ովքե՞ր են սահմանի մյուս կողմում, որոնցից պաշտպանում եք ՍԴ-ն։ Դուք եք դրել այս սահմանը։ Մենք թշնամիներ չենք ընտրում։ Մեր միակ նպատակը սահմանադրի կամքի և հենց նույն Հրայր Թովմասյանի հեղինակած Սահմանադրության կարևորագույն դրույթների իրագործումն ու վերականգումն է։ Իսկ Ձեր՝ այդ պաշտոնին կառչած մնալը ոչ այլ ինչ է, քան մերժվածների փրկության վերջին բաստիոնի պաշտպանությունը։ Այս գործընթացը ՍԴ-ն պետությանն ու ժողովրդին վերացնելու միակ ճանապարհն է։ Այս գործընթացը Հրայր Թովմասյան անձի դեմ պայքարը չէ։ Սա կռիվ է և պայքար՝ հանուն Սահմանադրության, հանուն իրավունքի և օրենքի գերակայության և հանուն Սահմանադրության 2-րդ հոդվածի վերականգնման, իրագործման և վերջնական հաստատման»։
11:57 - 06 փետրվարի, 2020
Ուզում ենք հասկանալ՝ դուք գիտակցելո՞վ եք խախտում Սահմանադրությունը, թե՞ չեք գիտակցում․ Արմեն Եղիազարյան

Ուզում ենք հասկանալ՝ դուք գիտակցելո՞վ եք խախտում Սահմանադրությունը, թե՞ չեք գիտակցում․ Արմեն Եղիազարյան

Այսօր ԱԺ արտահերթ նիստի ընթացքում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը նշեց, որ ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածը սահմանում է՝ անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն, սակայն նիստին ներկայացված նախագծով վատթարացվում է գործող դատավորների վիճակը՝ նրանց ազատելով աշխատանքից։ Ապա հարց ուղղեց Վահագն Հովակիմյանին․ «Ուզում ենք հասկանալ՝ դուք գիտակցելո՞վ եք խախտում Սահմանադրությունը, թե՞ չեք գիտակցում, որ այս նախագծով Սահմանադրությունն է խախտվում»։ Հովակիմյանը պատասխանեց, որ Սահմանադրությունը չի խախտվում, որովհետև խնդիրը լուծվում է Սահամանադրության փոփոխություններով։«Չի կարող նման բան տեղի ունենալ, որովհետև դա բխում է Սահմանադրության 2-րդ հոդվածի ուժից։ Օրինակը բերեմ՝ եթե ձեր ասածն էդպես լիներ, այսինքն՝ ժողովուրդը հնարավորություն չունենար փոփոխություն անելու միայն որևէ պաշտոնյայի լիազորությունների կրճատման տեսանկյունից, նշանակում է՝ 2015թ․ Սահմանադրությունը, Ձեր ձևակերպմամբ, ի չիք է դառնում։ 2015-ի Սահմանադրությամբ Վճռաբեկ դատարանի դատավորների մի մասի ցմահ լիզորությունները կասեցվեցին և 7-րդ գլխի ուժով նոր նախագահներ ընտրվեցին։ Այսինքն` Ձեր ասածը չի կարող նոր Սահմանադրության տրամաբանության մեջ մտնել»,- ասաց Վահագն Հովակիմյանը։ Նրա խոսքերով՝ ինչ վերաբերում է դատավորների բաց թողնված եկամուտին, իրենք, ինչպես ՀՀ ցանկացած քաղաքացի, իրավունք ունեն, երբ հարցը դրվի հանրաքվեի, երբ ՀՀ ժողովուրդը իր քվեն կծտա և այդ նախաձեռնությունը ընդունվի, դրանից հետո դիմել դատական պաշտպանության։  Արմեն Եղիազարյանն արձագանքեց, որ Հովակիմյանը խոսեց անձի իրավունքի և բնական իրավունքի մասին, մինչդեռ դրանք տարբեր ինստիտուտներ են, և պետք է տարանջատել, ինչին «Իմ քայլ»-ի պատգամավորը պատասխանեց․ «Ես մոտ 20 րոպե խոսում էի այն մասին, որ ՍԴ-ում ճգնաժամ է, և այն պետք է լուծել օր առաջ։ ՀՀ ՍԴ-ի շենքում ծվարել են մարդիկ, որոնք պատրաստ են ՀՀ շահերը, պետական շահերը ոտնատակ տալ։ Ես խոսում էի այն մասին, որ լուծումը պետք է տա ՀՀ ժողովուրդը, որն իշխանության կրողն է։ Թե Դուք ինչու ունեք այդ ընկալումը, դա Ձեր իրավունքն է»։
11:45 - 06 փետրվարի, 2020
Հրայր Թովմասյանի շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրական դատարանի հիմնադրման 24-րդ տարեդարձի առթիվ

Հրայր Թովմասյանի շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրական դատարանի հիմնադրման 24-րդ տարեդարձի առթիվ

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրական դատարանի հիմնադրման 24-րդ տարեդարձի առթիվ։ «Սիրելի հայրենակիցներ, Այսօր՝ 2020 թվականի փետրվարի 6-ին, լրանում է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի հիմնադրման 24-րդ տարեդարձը: Լինելով Սահմանադրության պահապանն ու սահմանադրականության ապահովման պատասխանատու՝ հիմնադրման օրից ի վեր Սահմանադրական դատարանն իր ամենօրյա գործունեությամբ ապահովել և շարունակում է ապահովել Սահմանադրության մեջ ամրագրված արժեքների, սկզբունքների, մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների կյանքի կոչումն ու իրացումը Հայաստանի Հանրապետությունում: Սահմանադրական դատարանի դատավորներն իրենց ամենօրյա անաչառ աշխատանքով նպաստում են Սահմանադրության կարևոր սկզբունքների՝ իրավունքի գերակայության ապահովմանը, օրենքի առջև հավասարության սկզբունքի իրացմանը և դրանով իսկ երաշխավորում են իրավական պետության կայացումը: Թող բոլոր ժամանակներում Սահմանադրությունը ծառայի որպես իրավական պետության կարևորագույն փաստաթուղթ և Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի պաշտպանված լինի իրավունքի գերակայության ուժով»,- ասված է ուղերձում։
11:43 - 06 փետրվարի, 2020
Այն լուծումը, որը կարող եք տալ դուք՝  88 հոգով, ինչո՞ւ եք բարդում ժողովրդի վրա․ Էդմոն Մարուքյան

Այն լուծումը, որը կարող եք տալ դուք՝ 88 հոգով, ինչո՞ւ եք բարդում ժողովրդի վրա․ Էդմոն Մարուքյան

Այսօր Ազգային ժողովում քննարկվում է Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների պաշտոնավարումը դադարեցնելու վերաբերյալ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների նախագիծը։ Քննարկման հիմնական զեկուցողն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պետական-իրավական հարցերով մշտական հանձնաժողովի անդամ Վահագն Հովակիմյանը։ Զեկուցողին առաջին հարցն ուղղեց ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, որը ներկայացնում ենք ստորև․ ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյան - Դուք ներկայացնում եք իրավիճակ, որը մինչև հեղափոխությունն է եղել։ Ես ուզում եմ ասեք, թե այս 2 տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության գործող իշխանությունների ի՞նչ ռեֆորմներ է տապալել Սահմանադրական դատարանը։ Երկրորդ հարցը՝ վերջին 2 տարիների ընթացքում քանի՞ ՀՀ քաղաքացի է դիմել այս գործող ՍԴ և բախվել անարդարության պատին։ Երրորդ՝ ինչու՞ այս փոփոխությունը չեք անում Ազգային ժողովում և  ուղարկում եք հանրաքվեի, ՀՀ միլիոնավոր քաղաքացիների ուղարկում եք տեղամասեր, դրանով նաև երկիրը 3-4 ամիս մտցնում եք ընտրական պրոցեսների մեջ, այսինքն՝ տուրբուլենցիաների մեջ,  նախկին իշխանությաններին սրանով հնարավորությունն եք տալիս լինել հանրաքվեի մաս, մասնակցել քարոզչությանը, քաղաքական գործընթացներին, վերաիմաստավորվել և վերակենդանանալ։ Ինչու՞ եք սա անում։ Նախագծի հիմնական զեկուցող Վահագն Հովակիմյան - Ինձ մոտ այն տպավորությունն է, թե Դուք չէիք լսում ես ինչ էի խոսում։ Ես չէի ասում, որ ՍԴ-ն քաղաքացիների դիմումները, քննարկումները տապալել է։ Ես խոսում էի Սահմանադրության երկրորդ հոդվածի՝ իրենց կողմից անտեսված լինելու մասին՝ տարիներ, տասնամյակներ շարունակ։ Այս երևույթը այնպես չի, որ հենց այսօր պետք է դրսևորվի։ Այս երևույթը տասնամյակներով դրսևորվել է։ Այն ժամանակ, երբ Դուք իրավապաշտպան գործունեությամբ եք զբաղվել, այս նույն երևույթի դեմ եք պայքարել։ Խնդիրը կայանում է նրանում, որ հանրությունը այդ Սահմանադրական դատարանին չի վստահում։ Չի վստահում այն ՍԴ-ին, որը 2 տասնամյակից ավել ոտնատակ է տվել ժողովրդի իշխանությունը։ Ըստ էության ես նաև Ձեր երկրորդ հարցին էլ պատասխանեցի, թե քանի դիմում է այս ընթացքում մերժվել ՍԴ-ի կողմից։ Գամ 3-րդ հարցին, թե ինչու խորհրդարանն ուղղակի չի անում։ Տեսեք։  Սահմանադրական փոփոխությունների ընդունման գործընթացը Սահմանադրությունում հիշատակվում է 3 դրույթներում՝ 168-րդ հոդված, որը սահմանում է Սահմանադրական դատարանի լիազորությունները, 169-րդ հոդված, որը սահմանում է փոփոխությունների հարցով Սահմանադրական դատարան դիմողին, 202-րդ հոդված, որը սահմանում է, թե ինչպես է Սահմանադրությունում փոփոխություններ իրականացվում։ Ձեր ուշադրությունն եմ հրավիրում այն փաստի վրա, որ 202-րդ հոդվածում ՍԴ եզրակացության մասին ոչինչ չկա նշված։ Բայց ամեն դեպքում, երբ այս 3 հոդվածները համեմատության մեջ ենք դնում, իրավաբանները պնդում են, որ ՍԴ եզրակացությունն ինչ որ տեղ կարող է բխել Սահմանադրության 2-րդ հոդվածից, որտեղ ասվում է, որ ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Ժողովուրդն իր իշխանությունն իրացնում է ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջոցով։ Այս դեպքում ժողովրդի իշխանության իրացման մարմինը պետք է լիներ ՍԴ-ն։ Բայց քանի որ խնդիրը վերաբերում է հենց ՍԴ-ին, չի կարող հենց Սահմանադրական դատարանը լինել ժողովրդի իշխանության իրացման մարմինը։  ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյան - պարո՛ն Հովակիմյան, ես Ձեզ քաղաքական հարց եմ տալիս։ Ասում եմ՝ այն լուծումը, որը կարող եք տալ դուք՝  88 հոգով, ինչո՞ւ եք բարդում ժողովրդի վրա, ուղարկում տեղամասեր՝ դրանից բխող հետևանքներով։ Բան եք որոշել, փոխեք այստեղ։ Այս հարցին պատասխանեք։ Երկրորդը՝ Դուք փաստորեն ասում եք, որ ՍԴ-ն վերջին 2 տարիներին չի խանգարել գործող իշխանություններին, չի միջամտել որևէ ռեֆորմի և քաղաքացիներին էլ չի նվաստացրել իր դռների մոտ։ Մինչդեռ Ձեր նշած այն տարիներին, երբ ես իրավապաշտպան էի, ըհդհանուր իրավասության դատարաններում մարդկանց քաղաքական հետապնդման էին ենթարկում,կալանավորում, բանտարկում, նվաստացնում, նսեմացնում, և այդ դատարանների հետ կապված դուք ոչինչ չեք անում։ Երբ ասում եք, որ ժողովուրդը չի վստահում դատական իշխանությանը, առաջին ատյանի վերաքննիչ և վճռաբեկ դատարանների մասին է խոսքը, ՍԴ-ի մասին խոսք չի գնում։ Խնդրում եմ՝ անդրադառնալ այս հարցերին։ Նախագծի հիմնական զեկուցող Վահագն Հովակիմյան -  Ես իմ խոսքում այդպիսի բառ չեմ օգտագործել, որ չի խանգարել։ Ընդհակառակը։ Իմ ելույթը այն մասին էր, որ ՍԴ-ն իր էությամբ, որոշ անդամների քաղաքական գործունեությամբ զբաղված է խանգարելով և բարեփոխումները կանգնեցնելով։ Եթե ուշադիր հետևեք ՍԴ վերջերս կայացված որոշումներին, կտեսնեք, որ այնտեղ կան կոնկրետ որոշումներ, որոնք իրենց թիրախում կան ԲԴԽ լիազորությունների կրճատում և բարեփոխումների չեզոքացում։ Այսինքն՝ զրկում են ԲԴԽ-ին լիազրություններից, որպեսզի ԲԴԽ-ն լիազորություններ չունենա բարեփոխումներ անելու։
10:27 - 06 փետրվարի, 2020
«Իմ քայլը» առաջարկելու է հանրաքվեի դնել ՍԴ նախագահի և անդամների պաշտոնավարումը դադարեցնելու վերաբերյալ նախագիծը

«Իմ քայլը» առաջարկելու է հանրաքվեի դնել ՍԴ նախագահի և անդամների պաշտոնավարումը դադարեցնելու վերաբերյալ նախագիծը

Ուզում եմ տեղեկացնել, որ «Իմ քայլը» խմբակցությունն առաջին ընթերցմամբ չի ընդունելու ՍԴ նախագահի և անդամների պաշտոնավարումը դադարեցնելու վերաբերյալ օրենքի նախագիծը, և Սահմանադրության 202-րդ հոդվածի 3-րդ կետի ուժով ԱԺ-ին տրված լիազորությամբ՝ առաջարկելու է քվեարկության դնել այս նախագիծը համաժողովրդական հանրաքվեի ներկայացնելու մասին որոշումը։ Այս մասին ԱԺ արտահերթ նիստում հայտնեց է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը։ «Սա ուղղակի, ուղիղ ժողովրդավարության կիրառում է, սա մեր քաղաքական ուժի համոզմունքն է և հավատամքը»,- նշեց Հովակիմյանը։Հովակիմյանը, մինչև բուն նախագծին անդրադառնալը, ներկայացրեց ստեղծված իրավիճակը, որը ներկայացնում ենք ստորև․ «2013 թվականին, երբ Սերժ Սարգսյանը հայտարարեց սահմանդրական փոփոխությունների հանձնաժողով ստեղծելու մասին, այդ ժամանակ Հրայր Թովմասյանը զբաղեցնում էր Արդարադատության նախարարի պաշտոնը, և նա ի պաշտոնե ընդգրկվեց այդ հանձնաժողովի կազմում։ Հետագայում, երբ այդ փաստաթուղթը տեղափոխվեց խորհրդարան, Հրայր Թովմասյանը տեղափոխվեց այնտեղ՝ արդեն ԱԺ աշխատակազմի գլխավոր քարտուղարի պաշտոնով։ Կարելի է ասել՝ այդ փաստաթղթի կյանքի կոչման ընթացքում խնդիրներ չառաջանան։ 2015 թ․ դեկտեմբերի 6-ին ունեցանք նոր խմբագրությամբ Սահմանադրություն։ 2017-ին, երբ Հրայր Թովմասյանը ստանձնեց պատգամավորի և պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունները, սահմանադրական օրենքների նախագծերի փոփոխությունների մի զգալի մասը նա արդեն հասցրել էր կատարել։ 2017-ին նա պետաիրավական հանձնաժողովի նախագահի կարգավիճակում, կարելի է ասել՝ ավարտին էր հասցնում այդ գործընթացը։ Բայց այս գործընթացի հանգուցալուծումը պետք է լիներ 2018-ին, որը պետք է մատնացույց աներ Հրայր Թովմասյանի օպերացիայի նպատակը, որպեսզի ոչ ոք գլխի չընկնի մինչև այն պահը, երբ Թովմասյանը քարտերը կբացեր։ Դա ՍԴ նախագահ կարգվելն էր։ Այստեղ մի խոչընդոտ եղավ․ պարզվեց, որ Գագիկ Հարությունյանի ծննդյան օրը հնարավոր չէր փոխել, մարտի սկզբին այդ պահին գործող նախագահ Գագիկ Հարությունյանի լիազորությունները դադարում էին մարտի 23-ին, և այս օրը նրա ծննդյան օրն էր, հո չէ՞ին կարող դա փոխել։ Բայց, փաստորեն, դա էլ կարողացան․ ուղղակի 20 օր առաջ Գագիկ Հարությունյանը հրաժարվեց ՍԴ նախագահի պաշտոնից։ Այստեղ առանցքայինն այն է, որ Հարությունյանը ոչ թե ՍԴ անդամից հրաժարվեց, այլ հատուկ հրաժարվեց միայն նախագահի պաշտոնից։ Այդ ժամանակ հրաժարականը պայմանավորվեց նրանով, որ նա ընտրվել էր ԲԴԽ նախագահ։ Եթե Հարությունյանը հրաժարվեր ՍԴ դատավորի պաշտոնից, հնարավորություն չէր տա, որ Հրայր Թովմասյանը դառնա ՍԴ նախագահ։ Ի՞նչ տեղի կունենար։ Եթե առանց աճպարարության ուղղակի սպասեին՝ Հարությունյանի ժամկետը ավարտվեր, և միայն դրանից հետո Թովմասյանն իր երազանքն իրականացներ ու դառնար ՍԴ նախագահ։ Խնդիրն այն է, որ այդ ժամանակ վերջին քառօրյան ավարտվում էր հենց մարտի 23-24-ին, այսինքն՝ հաջորդ քառօրյան, որի ընթացքւոմ կարող էին Հրայր Թովմասյանին դնել ՍԴ նախագահ, լինելու էր ապրիլի 10-ին, իսկ ապրիլի 9-ին ուժի մեջ էր մտնելու Սահմանադրության 9-րդ գլուխը։ Այսինքն՝ եթե նույնիսկ Թովմասյանը դառնար նախագահ, դառնում էր 6 տարի ժամկետով, ոչ թե մինչև 65 տարին լրանալը։ Հաջորդ խնդիրը, որին կցանկանայի անդրադառնալ, գործող ՍԴ դեմոկրատական լեգիտիմության դեֆիցիտի հարցն է։ Գործող ՍԴ-ի 7 անդամերն առնվազն ունեն ուղղակի պատասխանատվություն։ Հայաստանում տեղի ունեցած վերջին ավելի քան երկու տասնամյակում տեղի ունեցած ընտրությունների խեղաձևման, ժողովրդի կամքի վրա բռնանալու, այդ գործընթացը չկասեցնելու, չկանխելու, Սահմանադրության 2-րդ հոդվածի կիրարկումը չապահովելու համար բոլորն ունեն իրենց մեղքի բաժինը։ Այդ ամենը տեղի էր ունենում ՍԴ-ի լուռ համաձայնությամբ, իսկ որոշ դեպքերում՝ գործուն մասնակցությամբ։ Պետք է ուղղակի հետ գնալ, թերթել այդ տարիների մամուլը, որ դրանում համոզվենք։ Արդյունքում ունենք հանրային ամենացածր վստահությունն ունեցող պետական մարմին, որը, դե ֆակտո, իր լիազորությունները իրականացնում է, բայց ամեն անգամ, եթե այս մարմինը խնդիր կունենա՝ որևէ հնչեղ գործի վերաբերյալ որոշում կայացնելու, և եթե նույնիսկ կայացնի ամենաիդեալական որոշումը, տոտալ անվաստահության պայմաններում, միևնույնն է, հանրությունը չի ընդունելու դա։ Հանրությունը, ի դեմս այս ՍԴ-ի, տեսնում է այն մարմինը, որը տարիներ շարունակ հաստատում էր կեղծ ընտրությունները, ժողովրդի հանդեպ բռնությունը և այլն։ Սա փաստ է, որը ոչ ոք չի կարող ժխտել։ՍԴ ներկայիս կազմի մնալու դեպքում պահպանվելու է 2015 թվականի Սահմանադրությամբ ընտրված դատավորների և մինչև այդ նշանակված անդամների պաշտոնավարման ժամկետների միջև էական տարբերությունը։ Նորընտիր դատվավորները պաշտոնավարում են 12 տարի իրենց ընտրվելու պահից, իսկ նախկինում նշանակված անդամներից երկուսը պաշտոնավարելու են մինչև 70 տարեկանը լրանալը, 5-ը՝ մինչը 65։ Ստացվելու է իրավիճակ, որ ՍԴ-ում ունենալու ենք մի անդամ, որը պաշտոնավարելու է 33 տարի՝ ուղղակի հակասելով այսօրվա  Սահմադրության 7-րդ գլխին, իսկ նորընտիր դատավորները պաշտոնավարելու են 12 տարի։ Գանք մեր օրերին, 2018թ․  Թավշա հեղափոխությունից հետո, ըստ էության, որքան էլ ցավալի է, բայց փաստ է, որ Հրայր Թովմասյանը շարունակեց հանդես գալ որպես իր քաղաքական թիմի ներկայացուցիչ։ Նա շարունակեց հանդես գալ որպես քաղաքական ընդդիմադիր՝ ՀՀ ժողովրդի կամքով ընտրված իշխանություններին, ավելին՝ իր գործունեությունը բնութագրելիս ասել էր՝ խրամատում դիրքապահված։ Չեմ բացառում, որ Հրայր Թովմասյանն իրեն զգում է խրամատում, բայց նրա դիմաց հայ ժողովուրդն է։Գանք խնդրի լուծմանը․ այս ընթացքում օրենսդիր մարմինը, կառավարությունը արել են ամեն ինչ ՍԴ շուրջ առաջացած ճգնաժամը հանգուցալուծելու համար։ Այս փաստն արձանագրել են նաև ԵԽԽՎ համազեկուցողները, այսինքն՝ Հայաստանի քաղաքական իշխանությունը ամեն ինչ արել է այս ճգնաժամը հանգուցալուծելու այնպես, որպեսզի ՍԴ անդամները այդ հանգուցալուծման գործընթացում ունենան իրենց մասնակցությունը։ Բոլորս հիշում ենք Հրայր Թովմասյանի լիազորությունները վայր դնելու առաջարկը, որը խորհրդարանն ընդունեց և ուղարկեց ՍԴ։ Ինչպե՞ս վարվեցին ՍԴ անդամները։ Նրանք հրաժարվեցին վարույթ ընդունել, այսինքն՝ ոչ թե գնահատական, իրավական ձևակերպումներ տվեցին, այլ ուղղակի լռելյայն կիսեցին Հրայր Թովմասյանի պատասխանատվությունը։ Դարձան նրա համախոհները։ Կառավարությունն արեց հաջորդ քայլը՝ ձեռք մեկնեց ՍԴ անդամներին՝ բերելով վաղաժամ կենսաթոշակի մասին օրենքը, որը Վենետիկի հնաձնաժողվի կողմից դրական եզրակացության էր արժանացել։ Կառավարությունը հնարավորություն տվեց, որ ՍԴ անդամներն այս ճգնաժամի լուծմանն իրենք նպաստեն։ Այդ օրենքը դեկտեմբերի 26-ից ուժի մեջ է, բայց ՍԴ նախագահը և մի քանի անդամները հայտարարել են, որ իրենք չեն պատրաստվում իրենց մեկնված ձեռքը բռնել, և այն անդամներին, ովքեր միգուցե որոշեն այդ ձեռքը բռնել, որակել են դավաճաններ։ Այսինքն՝ հոգեբանական ճնշումների են ենթարկել։ Վերջին մեկ ամսում Հրայր Թովմասյանի քաղաքական թիմի հետ փոխկապակցված լրատվամիջոցները տոտալ հարձակման են ենթարկել ՍԴ անդամներին, որ հանկարծ չհամարձակվեն այդ առաջարկից օգտվել։ Ամենևին չբացառելով, որ կլինեն ՍԴ անդամներ, որոնք մինչև փետրվարի 27-ը կորոշեն բռնել այդ մեկնված ձեռքը՝ բայց ստեղծված իրավիճակը և իմ կողմից նշված հայտարարությունները փաստում են, որ այս վաղ կենսաթոշակի օրենքով խնդիրը վերջնական չի լուծվելու։ Սա է պատճառը, որ մենք խորհրդարանի քննարկմանն ենք ներկայացրել 2015թ․ խմբագրության Սահմանադրության 213 հոդվածի փոփոխության նախագիծ, որով առաջարկում ենք փաստաթղթի ուժի մեջ մտնելու պահից դադարեցնել մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը ընտրված ՍԴ նախագահի և անդմաների պաշտոնավարումը։
10:02 - 06 փետրվարի, 2020
ՍԴ-ի վերաբերյալ «Իմ քայլը»-ի նախագիծը ներառում է նաև հարցը հանրաքվեով լուծելու հնարավորություն |armenpress.am|

ՍԴ-ի վերաբերյալ «Իմ քայլը»-ի նախագիծը ներառում է նաև հարցը հանրաքվեով լուծելու հնարավորություն |armenpress.am|

armenpress.am։ Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների պաշտոնավարումը դադարեցնելու վերաբերյալ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների նախագիծը ներառում է նաև հարցը հանրաքվեով լուծելու հնարավորություն: Այս մասին ասաց Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Աննա Կարապետյանը: «Սահմանադրական փոփոխությունների նախագիծը քննարկվում և ընդունվում է երկրորդ ընթերցմամբ, և կանոնակարգ օրենքի կարգավորումն այնպիսին է, որ մինչև երկրորդ ընթերցմամբ քվեարկության դրվելը, նախագիծը գնում է ՍԴ՝ եզրակացության: Դրանից հետո, եթե երկրորդ ընթերցմամբ ԱԺ-ում չի ընդունվում, դրվում է հանրաքվեի»,- ասաց Կարապետյանը: Նա չնշեց՝ արդյոք հարցը կդրվի հանրաքվեի, թե ոչ, բայց շեշտեց, որ նախագծին ՍԴ ուղարկելու մասին որոշումը և հանրաքվեի դնելու մասին որոշումը կցելն աշխատակարգով սահմանված պարտադիր պահանջ է: «Իմ քայլը» խմբակցությունը փետրվարի 6-ին հրավիրված ԱԺ արտահերթ նիստից հետ էր կանչել ՍԴ նախագահի ու անդամների վերաբերյալ նախագիծը, և նոր նախագիծ դրել շրջանառության մեջ, որի համահեղինակներն են խմբակցության 44 պատգամավորները: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագծով առաջարկվում է 1995 թվականի հուլիսի 5-ի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության՝ 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխություններով, 213-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ. «Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի եւ անդամների պաշտոնավարումը դադարում է: Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերի համար առաջադրումները կատարում են հաջորդաբար Կառավարությունը, Հանրապետության նախագահը եւ դատավորների ընդհանուր ժողովը: Սույն հոդվածի 1-ին մասի հիման վրա մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի եւ անդամների լիազորությունները համարվում են դադարած, իսկ առաջացած թափուր տեղերը համալրելու ժամկետները եւ այլ մանրամասները սահմանվում են Սահմանադրական դատարանի մասին օրենքով նախատեսված կարգով: Նշված կարգը նախատեսող սահմանադրական օրենքի փոփոխություններն ընդունվում են եւ ուժի մեջ են մտնում սույն հոդվածի ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում»,- նշված է նախագծում:
09:43 - 06 փետրվարի, 2020
Ակնհայտ է, որ Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի նորմերը խախտված են․ Էդմոն Մարուքյան

Ակնհայտ է, որ Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի նորմերը խախտված են․ Էդմոն Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ԱԺ արտահերթ նիստի ընթացքում նշեց, որ խախտվել են Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի նորմերը։ «Մենք խորհրդի նիստում, երբ քննարկում էինք այս նախագծերը, որ մի քանի անգամ փոփոխություն եղավ օրակարգի մեջ, ես զգացողություն ունեի՝ դուք ամեն ինչ անում եք, որ ԱԺ կանոնակարգ օրենքի դրույթներն ու ոգին պահպանվի, որովհետև շատ կարևոր գործընթաց է սա։ Հիմա, ըստ էության, ակնհայտ է, որ մեր կողմից հղում արված Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի նորմերը խախտված են, և այդ նորմերի խախտումներով շրջանառության մեջ է դրվել սահմանադրական փոփոխությունների նախագիծ, չի նշանակվել գլխադասային հանձնաժողով, գլխադասային հանձնաժողովը չի տվել եզրակացություն այդ մասին, և մենք գնում ենք առաջ»,- նշեց Էդմոն Մարուքյանը։ Մարուքյանի կարծիքով դա լուրջ խնդիր է, և ուզում է իր մտահոգությունը փոխանցել, որովհետև սա ի սկզբանե դելեգիտիմացնում է ամբողջ գործընթացը: Նա դիմեց ԱԺ նախագահին՝ գործընթացը դադարեցնելու հորդորով։ «Պարո՛ն Միրզոյան, Դուք՝ որպես ԱԺ նախագահ, կարծում եմ, պետք է դադարեցնեք պրոցեսը, և փորձենք ճիշտ ճանապարհով գնալ, այսինքն՝ պահել օրենքի ոգին ու դրույթները»,- ասաց ԼՀԿ նախագահը։ Անդրադառնալով Մարուքյանի դիտարկումներին՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նշեց, որ գլխադասային հանձնաժողով նշանակվել է, եզրակացություն, սակայն, այո՛, չի հասցրել տալ, որովհետև նախաձեռնողն արտահերթ նշանակել է մինչև նիստը։ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ հայտնեց, որ իրենց խմբակցությունը 20 րոպե ընդմիջում է վերցնում։
09:26 - 06 փետրվարի, 2020
«Իմ քայլը» խմբակցությունը ՍԴ նախագահի ու անդամների վերաբերյալ նոր նախագիծ դրեց շրջանառության մեջ |armenpress.am|

«Իմ քայլը» խմբակցությունը ՍԴ նախագահի ու անդամների վերաբերյալ նոր նախագիծ դրեց շրջանառության մեջ |armenpress.am|

armenpress.am։ ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների պաշտոնավարումը դադարեցնելու վերաբերյալ նոր նախագիծ է դրել շրջանառության մեջ:  Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագծով առաջարկվում է 1995 թվականի հուլիսի 5-ի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության՝ 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխություններով, 213-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ. «Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի եւ անդամների պաշտոնավարումը դադարում է: Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերի համար առաջադրումները կատարում են հաջորդաբար Կառավարությունը, Հանրապետության նախագահը եւ դատավորների ընդհանուր ժողովը: Սույն հոդվածի 1-ին մասի հիման վրա մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի եւ անդամների լիազորությունները համարվում են դադարած, իսկ առաջացած թափուր տեղերը համալրելու ժամկետները եւ այլ մանրամասները սահմանվում են Սահմանադրական դատարանի մասին օրենքով նախատեսված կարգով: Նշված կարգը նախատեսող սահմանադրական օրենքի փոփոխություններն ընդունվում են եւ ուժի մեջ են մտնում սույն հոդվածի ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում»,- նշված է նախագծում: Փետրվարի 6-ին հրավիրված ԱԺ արտահերթ նիստում խորհրդարանի խոսնակ Արարատ Միրզոյանը հայտնեց, որ նախորդ նախագիծը հետ է կանչվել, և նախաձեռնողը նույնաբովանդակ նոր նախագիծ է դրել շրջանառության մեջ: «Իմ քայլը» խմբակցությունը կրկին միջնորդել է հրավիրել ԱԺ խորհրդի արտահերթ նիստ, ես այդ մասին ծանուցումը ստացել եմ: Մենք մեկ ժամից կունենանք արտահերթ նիստ, որտեղ քննարկելու ենք այսօր ԱԺ արտահերթ նիստ գումարելու միջնորդությունը»,- ասաց Միրզոյանը: Շրջանառության մեջ դրված փաստաթուղթը ստորագրել է 44 պատգամավոր: «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հեղինակած նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ ՍԴ-ն հասարակության շրջանում ունի վստահության ցածր մակարդակ: «2015 թվականի սահմանադրական փոփոխությունները նշանավորվեցին նոր Սահմանադրական դատարան ունենալու սահմանադրի տեսլականով: Մասնավորապես, Սահմանադրությունը նախատեսեց Սահմանադրական դատարանի կազմավորման լիովին նոր կարգ, այն է՝ Սահմանադրական դատարանի ինը դատավորներին պետք է ընտրի Ազգային Ժողովը՝ երեքին Հանրապետության նախագահի, երեքին՝ Կառավարության, երեքին՝ դատավորների ընդհանուր ժողովի առաջարկությամբ: Սակայն, Սահմանադրության ընդունման պահին Սահմանադրական դատարանն արդեն հիմնականում կազմավորված էր: Փաստորեն, Սահմանադրությամբ նախատեսված Սահմանադրական դատարանի կազմավորման մոդելը դեռեւս լիարժեքորեն կյանքի չի կոչվել: Սահմանադրական դատարանի ներսում եւ դրա շուրջ առկա ճգնաժամն այս պահին ունի մի քանի ասպեկտ, որոնք լրջագույն մարտահրավեր են Հայաստանի Հանրապետությունում Սահմանադրությամբ երաշխավորված ժողովրդավարության, ինքնիշխանության եւ իրավական պետության համար անհրաժեշտ եւ բավարար որակների ապահովման համար: Սահմանադրական դատարանի ճգնաժամի առաջնային խնդիրը մինչեւ 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի, անդամների եւ դրանից հետո ընտրված եւ ընտրվելիք Սահմանադրական դատարանի դատավորների կարգավիճակների ակնհայտ տարբերությունն է, որի վերաբերյալ քննարկումները իրավական հանրույթում գնալով ավելի են թեժանում: Այսպես, սահմանադրական դատարանի գործող կազմի պայմաններում առկա է պաշտոնավարման ժամկետների էական տարբերություններ: Մասնավորապես, մինչեւ Սահմանադրության 2005 թվականի փոփոխությունները նշանակված սահմանադրական դատարանի անդամները պաշտոնավարելու են մինչեւ 70 տարեկանը լրանալը (2 անդամ), մինչեւ 2015 թվականի փոփոխությունները նշանակվածները՝ մինչեւ 65 տարեկանը լրանալը (5 անդամ), իսկ դրանից հետո ընտրվածները 12 տարի ժամկետով: Սահմանադրության՝ 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխություններով նախատեսված կարգով դատավորների պաշտոնավարման ժամկետը սահմանվել է 12 տարի: Նման ժամկետային սահմանափակումը բնորոշ է եվրոպական բազմաթիվ երկրների: Պաշտոնավարման ժամկետի սահմանափակումն առանց վերընտրվելու հնարավորության առավել նպաստում է Սահմանադրական դատարանի դատավորների անկախության ամրապնդմանը` միեւնույն ժամանակ հնարավոր դարձնելով սերնդափոխություն եւ գաղափարական փոփոխություններ: Եթե սովորական դատարաններում, բացառությամբ բարձրագույն ատյանների, դատավորների պաշտոնավարումը մինչեւ կենսաթոշակային տարիքը լրանալն անկախության եւ անփոփոխելիության կարեւորագույն բաղադրիչներից է, ապա բարձրագույն դատարաններում պաշտոնավարող դատավորների փոփոխությունը կարող է էապես նպաստել արդարադատության արդյունավետությանը, ինչպես նաեւ ավելի ցածր ատյանների դատավորների համար ստեղծում է առաջխաղացման լրջագույն հեռանկարներ՝ խթանելով այդ դատավորների միջեւ առողջ մրցակցությունը: Ընդ որում, նորընտիր մի շարք դատավորներ ըստ էության իրենց պաշտոնավարման ընթացքում հնարավորություն չեն կարող ունենալ նաեւ սահմանադրական դատարանի նախագահի թեկնածու լինելու, ընտրվելու գործող Սահմանադրությամբ սահմանված հնարավորությունից: Բացի այդ, մինչեւ Սահմանադրության 2015 թվականի փոփոխությունները սահմանադրական դատարանը կազմված էր ինն անդամից, որից չորս անդամին նշանակում էր Հանրապետության նախագահը, իսկ հինգին՝ Ազգային ժողովը՝ Ազգային ժողովի նախագահի առաջարկությամբ: Սահմանադրության 2015 թվականի փոփոխություններով փոխվեցին ոչ միայն սահմանադրական դատարանի դատավորների, այլեւ սահմանադրական դատարանի նախագահի ընտրության կարգը: Արդյունքում ստեղծվել է մի իրավիճակ, երբ Սահմանադրության 2015 թվականի փոփոխություններից 5 տարի անց Սահմանադրական դատարանի կազմից միայն 2 դատավոր է ընտրվել Սահմանադրության 2015 թվականի փոփոխություններով սահմանված ընթացակարգին համապատասխան, ինչը նշանակում է որ նոր մոդելի սահմանադրական դատարանի կազմը ձեւավորված է ընդամենը մոտ 20 տոկոսով: Հաջորդ խնդիրը հասարակության կողմից սահմանադրական դատարանի՝ որպես սահմանադրական արդարադատություն իրականացնող մարմնի նկատմամբ վստահության ցածր մակարդակն է: Ակնհայտ է, որ սահմանադրական դատարանը վստահության վերականգնման եւ որպես անաչառ դատարան հասարակության մեջ ընկալվելու խնդիր ունի, ինչով պայմանավորված է նաեւ սույն փոփոխությունների հրամայականը»,- նշված է հիմնավորման մեջ:
08:22 - 06 փետրվարի, 2020