Վլադիմիր Պուտին

Ռուսաստանի Դաշնության գործող նախագահ։ Ծնվել է 1952թ. հոկտեմբերի 7-ին։ 1975-1991թթ․ ծառայել է ՊԱԿ-ում (КГБ), զբաղեցրել հետախուզական պաշտոններ։ 1991թ. ըստ պաշտոնական տեղեկատվության սեփական զեկուցագրով զորացրվել է ՊԱԿ-ից։ 1990-1995թթ. զբաղեցրել է Լենինգրադի քաղաքային իշխանության տարբեր պաշտոններ։ 1996-1998թթ․ արագ վերելք է գրանցել Կրեմլի տարբեր պաշտոններում՝ ի վերջո ստանձնելով Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը։ 1998-ին նշանակվում է ԱԴԾ (ФСБ) տնօրեն։

1999-ի օգոստոսին ընդունելով նախագահ Ելցինի առաջարկը ստանձնել է ՌԴ վարչապետի պաշտոնը։ 1999-ի դեկտեմբերի 31-ին հրաժարական տվեց Ելցինը եւ Պուտինը դարձավ նախագահի պաշտոնակատար։ 2000թ․ մարտին ընտրվեց նախագահ եւ պաշտոնավարեց առավելագույն երկու ժամկետով։ 2008-ին՝ վարչապետ Մեդվեդեւի նախագահ ընտրվելուց հետո Պուտինը ստանձնեց Վարչապետի պաշտոնը։ Այս դրվագը հանրային լայն շրջանակներում ընկալվեց որպես «փոխատեղում»։ 2012-ից ի վեր Պուտինը նորից նախագահի պաշտոնում է։ 

Զելենսկին կարծում է՝ հակամարտությունը կարելի է լուծել միայն ՌԴ նախագահի հետ ուղիղ երկխոսության միջոցով

Զելենսկին կարծում է՝ հակամարտությունը կարելի է լուծել միայն ՌԴ նախագահի հետ ուղիղ երկխոսության միջոցով

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարծում է, որ երկրում ընթացող հակամարտությունը կարելի է լուծել միայն ՌԴ նախագահի հետ ուղիղ երկխոսության միջոցով։ Այս մասին նա հայտարարել է BILD-ին տված հարցազրույցում։ Գրում է tass.ru-ն։ «Հարցն այն չէ, թե ես ինչի կարող եմ գնալ։ Ցանկացած երկխոսության մեջ իմ նպատակը ՌԴ-ի հետ պատերազմին վերջ տալն է»,- ասել է Զելենսկին՝ պատասխանելով հարցին՝ պատրա՞ստ է արդյոք ինքը ճանաչել Դոնեցկի ու Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների անկախությունը, իսկ Ղրիմը՝ ռուսական տարածք․ «Դրա համար [պատերազմը դադարեցնելու] ես պատրաստ եմ որոշակի քայլերի, պատրաստ եմ բանակցություններ վարել, պատրաստ եմ փոխզիջումների։ Բայց դրանք չեն կարող իմ ժողովրդի առաջ դավաճանություն լինել։ Եւ մյուսը կողմն էլ պետք է պատրաստ լինի փոխզիջումների»,- ասել է Ուկրաինայի նախագահը։ «Միայն այդպես մենք կարող ենք դուրս գալ այս իրավիճակից։ Դետալների մասին դեռ վաղ է եւ դժվար է խոսել։ Նախագահների միջեւ դեռեւս շփում չի եղել, եւ այս պատերազմը մենք կարող ենք կանգնեցնել միայն երկու նախագահների միջեւ ուղիղ բանակցությունների միջոցով»,- կարծիք է հայտնել Զելենսկին։
22:48 - 09 մարտի, 2022
Պուտինն ու Շոլցը քննարկել են քաղաքական և դիվանագիտական ​​ջանքերի տարբերակները՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի համատեքստում

Պուտինն ու Շոլցը քննարկել են քաղաքական և դիվանագիտական ​​ջանքերի տարբերակները՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի համատեքստում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հեռախոսազրույց են ունեցել։ Կողմերը քննարկել են քաղաքական և դիվանագիտական ​​ջանքերի տարբերակները՝ Ուկրաինայի  շուրջ ստեղծված իրավիճակի համատեքստում։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Դոնբասի պաշտպանության հատուկ ռազմական գործողության շուրջ իրավիճակի զարգացման համատեքստում քննարկվել են քաղաքական և դիվանագիտական ​​ջանքերի տարբերակները, մասնավորապես՝ Ռուսաստանի պատվիրակության և Կիևի իշխանությունների ներկայացուցիչների միջև բանակցությունների երրորդ փուլի արդյունքները»,- հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից։ Քաղաքացիական բնակչության տարհանում «Պուտինը Շոլցին ներկայացրել է Ուկրաինայում ազգայնականների կողմից խաղաղ բնակչության անվտանգ տարհանումը կանխելու փորձերի մասին։ Հատկապես ուշադրություն է դարձվել Ուկրաինայի և Դոնբասի հանրապետություններում իրավիճակի հումանիտար ասպեկտներին: Ռուսաստանի նախագահը տեղեկացրել է բախումների վայրերից խաղաղ բնակչությանը տարհանելու համար մարդասիրական միջանցքների կազմակերպման և ազգայնական կազմավորումների՝ մարդկանց անվտանգ տարհանումը խափանելու փորձերի մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ։  
19:52 - 09 մարտի, 2022
Պուտինը պնդում է, թե ժամկետային զինծառայողներին Ուկրաինա չեն ուղարկում, բայց դա այնքան էլ այդպես չէ․ Meduza

Պուտինը պնդում է, թե ժամկետային զինծառայողներին Ուկրաինա չեն ուղարկում, բայց դա այնքան էլ այդպես չէ․ Meduza

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ հայտարարել էր, որ ժամկետային և պահուստային զինծառայողները չեն ուղարկվելու Ուկրաինա։ «Մեր առջև դրված խնդիրները կատարում են միայն արհեստավարժ զինվորականները», - ասել էր նա։ ՌԴ պաշտպանության նախարարությունը նույնպես հայտնել էր, որ Ուկրաինայում «հատուկ գործողությանը» մասնակցում են միայն պայմանագրային զինծառայողներ։ Սակայն ռուսական Meduza պարբերականը պնդում է, որ դա այնքան էլ այդպես չէ։ Ներկայացնում ենք հոդվածը ստորև։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ոչ մի տեղեկություն չի տրամադրում գերեվարված ռուսաստանցի զինվորականների մասին, սակայն հարազատները նրանց տեսնում են տեսանյութերում, որոնք սկսել են հայտնվել համացանցում։ Այդ տեսանյութերից մեկում ռուս զինծառայող Դամուր Մուստֆաևը պատմում է, որ զորավարժությունների փոխարեն իրեն ու իր ծառայակիցներին «խաբեությամբ» ուղարկել են Ուկրաինա կռվելու։ Չեռնիգովի շրջանի տարածքում տանկը, որում գտնվել է Մոստաֆաևը, փչացել է, տանկերի շարասյունը նրան մենակ է թողել։ Մուստաֆաևը գնացել է ծառայակիցներին փնտրելու և գերեվարվել է։ Meduza-ն խոսել է Մուստաֆաևի հոր հետ։ Նա պատմել է, որ իր որդին ժամկետային զինծառայող է։ Սոբիրժոն Մուստաֆաև, գերեվարված ժամկետային զինծառայող Դամուր Մուստաֆաևի հայրը․ «Որդիս զորակոչվել է 2021 թ-ին։ Նա չէր ուզում ռազմական կարիերա անել։ Նրան երկու կամ երեք անգամ [չեն զորակոչել]․ արյան հետ կապված խնդիրներ ուներ։ Բայց դեղեր էր խմում։ Անցյալ տարի կանչեցին։ «Կարող ես ծառայել», - ասացին։ Արդյունքում՝ ուղարկեցին Չիտայի մերձակայքում ծառայելու, վարորդ-մեխանիկի վերապատրաստում է անցել։ Այնուհետև՝ Նարո-Ֆոմինսկ։ Կարծես, հետո նրանք սկսել են մասնակցել զորավարժությունների։ Նրանց ուղարկում էին Վորոնեժ, Բելգորոդի և Կուրսկի շրջաններ։ Նրա հետ հեռախոսով եմ խոսել։ Վերջին անգամ՝ փետրվարի 22-ին։ Կարծես, ամեն ինչ նորմալ էր։ Եվ 24-ին էլ են հրաման ստացել, ասել են զորավարժությունների մեկնել»։ Դամուր Մուստաֆաևի մասնակցությամբ տեսանյութն առաջին անգամ հայտնվել է «Գտիր հարազատներիդ» Տելեգրամ-ալիքում․ այդտեղ ուկրաինական կողմը տվյալներ է տեղադրում գերեվարված ռուսաստանցի զինծառայողների մասին։ Հայտարարվում է, որ նախագիծը ստեղծվել է «Ուկրաինայի ՆԳՆ ներկայացուցիչների կողից»։ Այս ալիքը Ռուսաստանում արգելափակված է։ «Նա իրոք ժամկետային զինծառայող է։ Չգիտեմ, թե ինչ է տեղի ունեցել նրանց մոտ։ Որդիս ասում էր, որ պայմանագիր չի ստորագրել։ Բայց ես զարմացած էի, որ նրանց փոխարեն կարող են ստորագրել կամ նման մի բան անել։ Նա ասում էր․ «Նրանք են մեզ գրանցել որպես պայմանագրայիններ»։ Այս մասին մենք խոսել ենք ամսի 22-ին։ Ես ասացի․ «Ինչպե՞ս կարող են նման բան անել [առանց ձեր ստորագրության]»։ Նա ասաց, որ դա պահանջում են։ Ասաց, որ ինքը չի ստորագրել։ Պահանջողը սպա է՝ ողջ գումարտակի, վաշտի, զորամասի հրամանատարը։ Չեմ հարցրել, թե կոնկրետ ով։ Այժմ, երբ նայում եմ տեսանյութը․․․ Գերի ընկածներից շատերն այդպես էլ ասում են, որ իրենց փոխարեն ստորագրել են։ Նրանք չեն իմացել, նրանց ասել են, որ զորավարժությունների են տանում, բայց նրանք հայտնվել են մարտի դաշտում։ Նրանց տանկը փչացել է։ Գիշերել են տանկում, հետո որոշել են ծառայակիցների մոտ գնալ։ Ճանապարհին հայտնվել են ճահճում, և նրանց գերեվարել են։ Չգիտեմ՝ ինչ անեմ, ինչպես նրան ազատեմ, ով էր մեղավոր։ Կարծես, մեր նախագահն ասում է, որ հրաման չկա ժամկետայիններին այնտեղ ուղարկելու և այնտեղ ժամկետայիններ ընդհանրապես չկան։ Ես իրոք չգիտեմ՝ ինչ անեմ, ինչպես օգնեմ։ Ո՞վ էր ընդհանրապես սրա համար մեղավոր․․․ Ավագ որդուս ասել եմ, որ նա կապվի գերատեսչությունների հետ, գնա ու հարցուփորձ անի։ Ինքս չեմ կարողանում, ոտքերս ցավում են։ Չգիտեմ՝ դա փակ տեղեկություն է [որդու մասին], թե ոչ։ Փետրվարի 28-ին նա [գերեվարված որդին] ավագ որդուս հայտնել է, որ 27-ին գերի է ընկել։ Նրան գերությունից թույլ են տվել գրել եղբորը։ Նա չի ասել, թե երբ են իրեն ազատ արձակելու։ Որդիս ուրախացել է, որ կենդանի է։ Ասում է․ «Ինձ նրանք չեն ծեծում»։ Նրանց հագուստը թրջվել է ճահիճում, նրանց չոր հագուստ են տվել փոխվելու համար։ Նրան սպասում էինք այս տարվա հունիսին։ Եվ, ինչպես ասում են, միշտ ենք սպասում»։  
17:13 - 09 մարտի, 2022
Պուտինը հրամանագիր է ստորագրել ապրանքների և հումքի արտահանման և ներմուծման սահմանափակումների մասին

Պուտինը հրամանագիր է ստորագրել ապրանքների և հումքի արտահանման և ներմուծման սահմանափակումների մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել արտաքին տնտեսական գործունեության ոլորտում ՌԴ անվտանգության ապահովման համար հատուկ միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ։ Գրում է ria.ru-ն։ Կառավարության ղեկավարը հանձնարարել է մինչեւ տարեվերջ արգելք դնել որոշ ապրանքների եւ հումքի երկրից դուրս արտահանման վրա․ դրանց ցանկը կորոշի կառավարությունը։«Արդյունաբերության անվտանգության ապահովման եւ անխափան գործունեության համար որոշում եմ... մինչեւ 2022-ի դեկտեմբերի 31-ը կիրառել հետեւյալ հատուկ տնտեսական միջոցները»,- ասված է հաղորդագրության մեջ։Հրամանի համաձայն՝ սահմանափակումը չի տարածվի այն ապրանքների ու հումքի վրա, որոնք ռուսները, օտարերկրացիները կամ էլ քաղաքացիություն չունեցող անձինք կներկրեն կամ կարտահանեն անձնական օգտագործման համար։
23:15 - 08 մարտի, 2022
Պուտինը Իսրայելի վարչապետին է ներկայացրել բանակցությունների երրորդ փուլի վերաբերյալ իր գնահատականները

Պուտինը Իսրայելի վարչապետին է ներկայացրել բանակցությունների երրորդ փուլի վերաբերյալ իր գնահատականները

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթի հետ, որի ընթացքում իր գնահատակններն է ներկայացրել ռուս-ուկրաինական բանակցությունների երրորդ փուլի վերաբերյալ, որ կայացել էր երեկ՝ երկուշաբթի օրը։ Ինչպես հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը, հեռախոսազրույցը տեղի է ունեցել իսրայելական կողմի նախաձեռնությամբ։ «Քննարկվել են իրավիճակի տարբեր ասպեկտներ՝ կապված Դոնբասի պաշտպանության համար ՌԴ-ի ռազմական հատուկ գործողության հետ։ Վլադիմիր Պուտինն իր գնահատականներն է ներկայացրել մարտի 7-ին Բելառուսում ռուսական պատվիրակության եւ ուկրաինական իշխանությունների ներկայացուցիչների միջեւ կայացած բանակցությունների երրորդ փուլի վերաբերյալ»,- ասված է հաղորդագրության մեջ։ Ինչպես նշել է Կրեմլի մամուլի ծառայությունը, ՌԴ նախագահն ու Իսրայելի վարչապետը պայմանավորվել են շարունակել այս խնդրի շուրջ երկխոսությունը։  Ուկրաինայում ՌԴ գործողություններից ի վեր սա Պուտինի ու Բենեթի միջեւ արդեն չորրորդ հեռախոսազրույցն է։
21:13 - 08 մարտի, 2022
Պուտինը Մակրոնին ասել է, որ պատրաստ է երկխոսել Կիևի հետ` Ռուսաստանի պահանջները կատարելու դեպքում

Պուտինը Մակրոնին ասել է, որ պատրաստ է երկխոսել Կիևի հետ` Ռուսաստանի պահանջները կատարելու դեպքում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այսօր կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Մոսկվայի և Կիևի միջև բանակցությունների ընթացքը։ Պուտինը պատրաստակամություն է հայտնել շարունակել երկխոսությունը Կիևի հետ, եթե վերջինս կատարի Ռուսաստանի պահանջները։ «Պատրաստակամություն է արտահայտվել շարունակելու երկխոսությունը ռուսական հայտնի պահանջների անվերապահ կատարման դեպքում», - հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը՝ նշելով, որ հեռախոսազրույցը կայացել է ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ։ Էմանուել Մակրոնն անհանգստություն է արտահայտել Ուկրաինայի տարածքում ատոմակայանների անվտանգության ապահովման վերաբերյալ։ Ի պատասխան՝ Վլադիմիր Պուտինը նշել է, որ օրերս Զապարոժիեի ատոմակայանում բռնկված հրդեհի համար պատասխանատվությունը «ռուս զինվորականների վրա գցելը ցինիկ քարոզչական արշավի տարր է»։ «Ռուսական զորքերն անվտանգության ծառայության ուկրաինական ստորաբաժանման և անձնակազմի հետ միասին շարունակում են ապահովել ատոմակայանի նորմալ գործունեությունը, ռադիոակտիվ ֆոնը նորմայի սահմաններում է։ Կայանի ֆիզիկական և միջուկային անվտանգությունը հուսալիորեն պաշտպանված է», - ասված է հաղորդագրությունում Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև հումանիտար հարցերին։ Պուտինը Կիևին մեղադրել է մարտական գործողությունների շրջանից խաղաղ բնակչության տարհանման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների չկատարման համար։ «Ֆրանսիայի նախագահին առաջարկվել է կրկին ակտիվորեն աշխատել Կիևի իշխանության հետ՝ միջազգային հումանիտար իրավունքի նորմերի պահպանման նպատակով», - ասված է Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրությունում։  
18:52 - 06 մարտի, 2022
Պուտինը Էրդողանին հայտնել է Ուկրաինայում ռազմական գործողությունը դադարեցնելու պայմանների մասին

Պուտինը Էրդողանին հայտնել է Ուկրաինայում ռազմական գործողությունը դադարեցնելու պայմանների մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում ասել է, որ Ուկրաինայում ռազմական գործողության դադարեցումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե Կիևը դադարեցնի ռազմական գործողությունները և կատարի Ռուսաստանի պահանջները։ «Ուշադրություն է հրավիրվել բանակցային գործընթացը ձգձգելու ցանկացած փորձի ապարդյունության վրա, որն օգտագործում են Ուկրաինայի ուժայինները՝ իրենց ուժերն ու միջոցները վերախմբավորելու համար։ Այս առումով ընդգծվել է, որ հատուկ գործողության կասեցումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե. Կիևը դադարեցնում է ռազմական գործողությունները և կատարում է Ռուսաստանի հայտնի պահանջները», - ասվում է Կրեմլի մամուլի հաղորդագրության մեջ։ Պուտինը հաստատել է Ուկրաինայի հետ երկխոսությունը շարունակելու Ռուսաստանի պատրաստակամությունը՝ հակամարտության կարգավորման համար։ «Հաստատվել է ուկրաինական իշխանությունների և օտարերկրյա գործընկերների հետ երկխոսության ռուսական կողմի պատրաստակամությունը՝ հակամարտությունը կարգավորելու նպատակով»։ Պուտինն ասել է, որ Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության հատուկ ռազմական գործողությունն ընթանում է ըստ պլանի և նախատեսված ժամանակացույցի։ «Վլադիմիր Պուտինը տեղեկացրեց Դոնբասի պաշտպանության հատուկ ռազմական գործողության ընթացքի մասին, ուրվագծեց այս համատեքստում հիմնարար մոտեցումներն ու գնահատականները, մանրամասն բացատրեց դրված հիմնական նպատակներն ու խնդիրները։ Ընդգծվեց, որ հատուկ գործողությունն ընթանում է ըստ պլանի և ժամանակացույցին համապատասխան»։ Քաղաքացիական բնակչության անվտանգություն Պուտինն նշել է, որ Ռուսաստանի զինված ուժերը Ուկրաինայում գործողության ընթացքում անում են հնարավոր ամեն ինչ խաղաղ բնակչության անվտանգության համար։ «Ռուսական զինված ուժերն անում են հնարավոր ամեն ինչ՝ փրկելու և խաղաղ բնակչության անվտանգությունն ապահովելու համար, դիպուկ հարվածներ են հասցվում բացառապես ռազմական ենթակառուցվածքներին։ Այս ֆոնին ազգայնական, նեոնացիստական ​​կազմավորումների գործողությունները, որոնք շարունակում են Դոնբասի ինտենսիվ գնդակոծությունը և որպես «մարդկային վահան» Ուկրաինայի քաղաքներում և ավաններում օգտագործում են խաղաղ բնակիչներին, այդ թվում՝ օտարերկրացիներին, որոնք փաստացի պատանդ են վերցված»։ Պուտինը հույս է հայտնել, որ Կիևն ավելի կառուցողական մոտեցում կցուցաբերի Բելառուսում կայանալիք բանակցությունների երրորդ փուլին։ Էրդողանը քննադատորեն է գնահատել Արևմուտքի գործողությունները ռուսական մշակույթի գործիչների նկատմամբ։ «Հատկանշական է, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատական ​​գնահատական ​​է տվել ռուսական մշակույթի և նրա գործիչների նկատմամբ խտրականության մոլեգնած արշավին, որը մեծ թափ է հավաքում մի շարք արևմտյան երկրներում»,- ասվում է զեկույցում։ Պուտինն ու Էրդողանը պայմանավորվել են կապեր պահպանել երկրների(ՌԴ-ի և Թուրքիայի) դիվանագիտական ​​և ռազմական գերատեսչությունների միջոցով։ Կրեմլից նաև հայտնում են, որ Պուտինը «հաստատել է ռուսական կողմի պատրաստակամությունը՝ տրամադրելու բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ռազմական գործողությունների տարածքներից Թուրքիայի քաղաքացիների անվտանգ տարհանման համար»։
16:07 - 06 մարտի, 2022
Որեւէ երկրի կողմից Ուկրաինայի երկինքը ոչ թռիչքային գոտի սահմանելը ՌԴ-ն կդիտարկի որպես մասնակցություն ռազմական հակամարտությանը․ Պուտին

Որեւէ երկրի կողմից Ուկրաինայի երկինքը ոչ թռիչքային գոտի սահմանելը ՌԴ-ն կդիտարկի որպես մասնակցություն ռազմական հակամարտությանը․ Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր ասուլիսի ժամանակ ասել է, որ ՌԴ-ում չի պլանավորվում արտակարգ կամ ռազմական դրություն մտցնել։ Նա հայտարարել է, որ ոչ ժամկետային զինծառայողները, ոչ էլ նրանք, որոնք կանչվում են հավաքների, չեն ներգրավվելու Ուկրաինայում Ռուսստանի գործողություններին։ Նա անդրադարձել է իր ավելի վաղ հնչեցրած հայտարարությանը, ըստ որի՝ Ուկրաինայում ՌԴ-ի գործողությունները այդ երկրի դենացիֆիկացիայի համար են․  «Ինչ է նշանակում դենացիֆիկացիան։ Ահա, ես զրուցել եմ արեւմտյան գործընկերների հետ․ իսկ ի՞նչ կա, ձեզ մոտ նույնպես կան կան արմատականներ։ Այո՛, մեզ մոտ կան։ Բայց մեր կառավարությունում արմատականներ չկան։ Եւ բոլորը խոստովանում են, որ այնտեղ կան»։ Ինչ վերաբերում է Ուկրաինայի երկինքը փակելու վերաբերյալ քննարկումներին՝ ՌԴ նախագահը հայտարարել է, որեւէ երկրի կողմից Ուկրաինայի երկինքը ոչ թռիչքային գոտի սահմանելը ՌԴ-ն կդիտարկի որպես մասնակցություն ռազմական հակամարտությանը, եւ մեկ է, թե այդ երկրներն ինչ կառույցի անդամ կլինեն։ Պուտինի խոսքով՝ ուկրաինական գրեթե բոլոր ռազմական ենթակառուցվածքները ոչնչացվել են, այդ թվում ավիացիոն եւ հակաօդային պաշտպանության միջոցները։ Ըստ ՌԴ նախագահի՝ «նրանք [ուկրաինական կողմը,-խմբ․] պետք է հասկանան, որ եթե շարունակեն անել այն, ինչ անում են, հարցականի տակ են դնելու ուկրաինական պետության ապագան։ Եւ եթե դա տեղի ունենա, դա ամբողջությամբ նրանց խղճին կլինի»։
18:02 - 05 մարտի, 2022
Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որով քրեական պատասխանատվություն է սահմանվում ՌԴ զինված ուժերի վերաբերյալ կեղծ տեղեկություններ տարածելու համար

Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որով քրեական պատասխանատվություն է սահմանվում ՌԴ զինված ուժերի վերաբերյալ կեղծ տեղեկություններ տարածելու համար

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որով քրեական պատասխանատվություն է սահմանվում ՌԴ զինված ուժերի վերաբերյալ կեղծ տեղեկություններ տարածելու համար։ Փաստաթուղթը հրապարակված է իրավական տեղեկությունների պաշտոնական հարթակում։ Նախաձեռնությունը քննարկվել եւ հավանության է արժանացել Պետդումայում եւ Դաշնային խորհրդում։ ՌԴ քրեական օրենսգիրքը լրացվում է 207.3 հոդվածով՝ «ՌԴ զինված ուժերի կիրառման մասին ակնհայտորեն կեղծ տեղեկությունների տարածումը», որի համար նախատեսված է ազատազրկում մինչեւ 3 տարի կամ տուգանք՝ 1,5 ռուբլի։ Միեւնույն ժամանակ օրենքի խախտումը, որը կատարվել է պաշտոնեական դիրքի չարաշահմամբ, շահադիտական նպատակներով, հիմնված քաղաքական, գաղափարական, ռասայական, ազգային կամ կրոնական ատելության կամ թշնամանքի վրա, պատժվում է ազատազրկմամբ մինչեւ 10 տարի կամ 5մլն ռուբլի տուգանքով։ Եթե կեղծ տեղեկությունը հանգեցրել է ծանր հետեւանքների, ազատազրկումը 10-ից 15 տարի է։ Ինչպես նիստի ժամանակ նշել է Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը, օրենքի ընդունումը պետք է օբյեկտիվ տեղեկության տրամադրման համար, որպեսզի «քաղաքացիներին եւ երկիրը պաշտպանեն ստից, որն առաջին հերթին հոսում է այն տեղեկատվական ռեսուրսներից, որոնց վրա դրսից են ազդում»։ Նա միաժամանակ ստորագրել է օրենք, որը թույլ է տալիս պատժամիջոցներ կիրառել այն օտարերկրացիների նկատմամբ, ովքեր կխախտեն Ռուսաստանի քաղաքացիների իրավունքները։ 
23:46 - 04 մարտի, 2022
 Պուտինը Շոլցի հետ զրույցում ընդգծել է, որ Ուկրաինայում ռազմական հատուկ գործողության նպատակներն ու խնդիրներն անպայման կիրագործվեն

Պուտինը Շոլցի հետ զրույցում ընդգծել է, որ Ուկրաինայում ռազմական հատուկ գործողության նպատակներն ու խնդիրներն անպայման կիրագործվեն

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Գերմանիայի կանցլեր Օլավ Շոլցի միջեւ հեռախոսազրույցը Բեռլինի նախաձեռնությամբ է կայացել։ Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ ասվում է, որ Շոլցն իր մտահոգությունն է հայտնել Ուկրաինայի տարածում ռուս եւ ուկրաինացի զինվորականների ակտիվ ռազմական գործողությունների, կողմերի ռազմական կորուստների եւ խաղաղ բնակիչների շրջանում զոհերի առնչությամբ։ Ի պատասխան՝ Պուտինը հիշեցրել է, որ Արեւմուտքն ութ տարվա ընթացքում աչք է փակել Դոնբասում մոտ 14 հազար մարդկանց, այդ թվում՝ երեխաների մահվան վրա, այն ցեղասպանության վրա, որը Կիեւն իրագործել է հարավ-արեւելքի բնակիչների նկատմամբ։ Ռուսաստանի ղեկավարն ընդգծել է, որ Ուկրաինայում ռազմական հատուկ գործողության նպատակներն ու խնդիրներն անպայման կիրագործվեն։ Միեւնույն ժամանակ Պուտինն ընդգծել է, որ Կիեւում եւ այլ խոշոր քաղաքներում իբրեւ թե գնդակոծությունների մասին տեղեկատվական լցոնումները քարոզչական կոպիտ կեղծիքներ են։ Բացի դրանից՝ ՌԴ նախագահն իր զրուցակցին տեղեկացրել է, որ Ուկրաինայում հիմնական վտանգը գալիս է նեոնացիստների զինված կազմավորումներից, որոնք ռազմական հանցագործություններ են կատարում, կիրառում են ահաբեկչական մեթոդներ, բնակելի թաղամասերում տեղակայում են հարվածային զենքեր եւ խաղաղ բնակչությանն օգտագործում որպես վահան՝ ցինիկաբար թաքնվելով նրանց հետեւում։ Նախագահը նշել է, որ նման դեպքերն ավելի են շատանում։ Իսկ պաշտոնական Կիեւը, ընդգծել է Պուտինը, չի կատարում այդ բարբարոսությունը դադարեցնելու իր խոստումը։ Պուտինի խոսքով՝ ռադիկալներն ավելի քան 6 հազար օտարերկրյա քաղաքացիների պատանդ են վերցրել, մեծ մասամբ ուսանողների։ՌԴ նախագահն ասել է, որ նրանք օտարերկրացիներին օգտագործում են որպես կենդանի վահան եւ զենքի օգնությամբ կանխում երկիրը լքելու նրանց փորձերը։ Պուտինը որպես ահավոր փաստ՝ հիշատակել է Սումի քաղաքում օտարերկրյա ուսանողների հանրակացարանի գնդակոծությունը նեոնացիստների կողմից։ Նա նշել է, որ այդ գնդակոծության հետեւանքով վիրավորներ կան։ Նախագահ Պուտինը Շոլցին խնդրել է օգտագործել իր ազդեցությունը Կիեւի իշխանությունների վրա՝ օտարերկրացիների շուտափույթ ազատմանն ու նրանց անվտանգ տարհանմանը հասնելու համար։ Բացի դրանից, շարունակել է Պուտինը, Ուկրաինայում ավելի հաճախ է արձանագրվում վարձկանների հայտնվելը այլ երկրներից, օրինակ՝ մարտիկներ Ալբանիայից, Խորվաթիայից, Կոսովոյից եւ մարտական փորձ ունեցողներ՝ Սիրիայից։ Պուտինն ու Շոլցը հույս են հայտնել, որ Կիեւի ներկայացուցիչները բանակցությունների երրորդ փուլում խելամիտ եւ կառուցողական դիրքորոշում կունենան։ Պուտինը հույս ունի նաեւ, որ կհաջողվի պայմանավորվել հակամարտության գոտուց խաղաղ բնակիչներին դուրս հանելու մարդասիրական միջանցքների ստեղծման աշխատանքների շուրջ։ Գերմանիայի կանցլերն ու ՌԴ նախագահը պայմանավորվել են շարունակել շփումը։
22:55 - 04 մարտի, 2022
Պուտինը նշել է՝ ՌԴ-ն չար մտադրություններ չունի հարեւանների հետ կապված, եւ կոչ է արել բոլորին մտորել հարաբերությունների կարգավորման մասին

Պուտինը նշել է՝ ՌԴ-ն չար մտադրություններ չունի հարեւանների հետ կապված, եւ կոչ է արել բոլորին մտորել հարաբերությունների կարգավորման մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ ՌԴ-ն չար մտադրություններ չունի հարեւանների հետ կապված, եւ կոչ է արել բոլորին մտորել հարաբերությունների կարգավորման մասին։ «Անտոն Անդրեեւից (Ալիխանով - Կալինինգրադի մարզպետ), Դուք հարեւան պետությունների մասին ասացիք, ուզում եմ ընգծել եւս մեկ անգամ, մենք չունենք որեւէ, մենք միշտ ենք դրա մասին ասել, մենք չունենք որեւէ ոչ բարի մտադրություն մեր հարեւանների հետ կապված։ Եւ նրանց եւս խորհուրդ կտայի չսրել իրավիճակը, չդնել սահմանափակումներ, մենք մեր բոլոր պարտականությունները կատարում ենք եւ կկատարենք հետագայում»,- ասել է Պուտինը «Մարշալ Ռոկոսովսկու» լաստանավի վրա պետական դրոշը բարձրացնելու արարողության ժամանակ, որին մասնակցել է տեսակոնֆերանսկի միջոցով։ Նա շարունակել է․ «Մենք այստեղ ոչ մի անհրաժեշտություն չենք տեսնում իրավիճակը սրելու կամ հարաբերությունները վատացնելու։ Եւ մեր բոլոր գործողությունները, եթե դրանք ծագում են, միշտ ծագում են ի պատասխան ինչ-որ ոչ բարեկամական գործողությունների, որոնք կապ ունեն ՌԴ-ի հետ։ Ես կարծում եմ՝ բոլորը պետք է մտածեն հարաբերությունները կարգավորելու եւ նորմալ համագործակցելու, հարաբերությունները նորմալ զարգացնելու մասին»,- ասել է ՌԴ նախագահը։ Պուտինը նշել է, որ «Մարշալ Ռոկոսովսու» լաստանավի նման նախագծերը մեծացնում են երկրի լոգիստիկ անկախությունը․ «Եւ մենք կշարունակենք աշխատել այդ ուղղությամբ»։
16:48 - 04 մարտի, 2022
Հետխորհրդային երկրները նույնպես պատճառ ունեն մտահոգվելու․ Թոմաս դը Վաալ

Հետխորհրդային երկրները նույնպես պատճառ ունեն մտահոգվելու․ Թոմաս դը Վաալ

«Քարնեգի» հիմնադրամի ավագ գիտաշխատող Թոմաս դե Վաալը «Ուկրաինայի հարևանների գլխին ամպեր են կուտակվել» վերտառությամբ հոդված է հրապարակել։ Ներկայացնում ենք այն ամբողջությամբ։ Մինչ Ռուսաստանի գրոհային ուժերը շարունակում են առաջխաղացումն Ուկաինայի տարածքում, մյուս հետխորհրդային երկրները նույնպես պատճառ ունեն մտահոգվելու իրենց ապագայի համար։ Ուկրաինայից զատ ևս հինգ երկրների՝ Հայաստանին, Ադրբեջանին, Բելառուսին, Վրաստանին ու Մոլդովային, Եվրամիությունը դասում է իր հարևանների շարքին «Արևելյան գործընկերության» շրջանակում։ Նրանցից երեքը չորեքշաբթի՝ մարտի 2-ին, նշել են Միացյալ ազգերի կազմակերպությանը միանալու 30-ամյակը։ Սակայն նրանք դեռևս մնացել են գորշ գոտում՝ Եվրամիությունից և ՆԱՏՕ-ից դուրս։ Կարող ենք երկար խոսել այս բոլոր երկրների կառավարման ձախողումների և ինստիտուտների անկատարության մասին։ Սակայն ԽՍՀՄ փլուզումից երեք տասնամյակ անց նրանք լիարժեք ինքնիշխան պետություններ են։ Սարսափելի պարադոքսն այն է, որ անգամ 1990-ականներին՝ իրենց փխրուն պետականության ամենավատ օրերին, այս երկրներից ոչ մեկը չի բախվել իր գոյությանը սպառնացող այնպիսի մարտահրավերի, որին առերեսվեց Ուկրաինան 2022 թ-ին։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն արդեն ոչ միայն պարզապես վերադառնում է 1991 թ․, այլև վերադարձնում է մեզ 1939 կամ նույնիսկ 1918թ․, երբ կայսերական տերությունը կարող էր իր բանակը մտցնել հարևան երկիր։ Եվրամիությունը աստիճանական բարեփոխումների վրա հիմնված իր քաղաքականությունը մի գիշերում ստիպված է փոխարինել քաղաքականությամբ, որն ուղղված է այս երկրների՝ որպես պետություն գոյատևմանը: Պետք է հաշվի առնել այս հինգ երկրների խոցելիությունն ու հասկանալ, թե ինչպես օգնել նրանցից յուրաքանչյուրին։ Բելառուսում ռուսական իշխանության հաստատումն արդեն տեղի է ունեցել։ Այն այս նոր պատերազմում Մոսկվայի լիիրավ զինակիցն է։ Ուկրաինայում տեղի ունեցող ջարդերի ֆոնին աչքից վրիպում է, որ Ռուսաստանը փաստացի կուլ է տվել Բելառուսն ամբողջությամբ, և տեսանելի ապագայում այն արդեն կորսված է Եվրոպայի համար։  Ավելի քան ինը միլիոն բնակչություն ունեցող այս երկիրն այժմ հրաժարվել է իր անկախությունից։ Սակայն ընդամենը 18 ամիս առաջ այն ժողովրդավարական ապստամբություն վերապրեց, որը քիչ էր մնացել պաշտոնանկ աներ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին։ Որքան կարող էր ամեն ինչ այլ լինել, եթե այդ զանգվածային ցույցերը հաջողեին։ Եվրամիությունը պետք է շարունակի սատարել Բելառուսի խիզախ ժողովրդավարական ընդդիմությանը, սակայն այդ խմորը շատ ջուր կտանի։ Ռուսաստանը չափազանց մեծ իշխանություն ունի Հայաստանում, որը Ռուսաստանի հովանու ներքո գործող ռազմական և տնտեսական դաշինքների՝ Հավաքական անվտանգության կազմակերպության պայմանագրի և Եվրասիական տնտեսական միության անդամ է։ Հայաստանի և Ադրբեջանի միջև 2020 թ-ի պատերազմի ավարտից հետո Ռուսաստանը նաև փաստացի ղեկավարում է հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղի անկլավը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իշխանության եկավ՝ ցանկանալով Հայաստանը տանել դեպի Եվրոպա։ Իր դոնքիշոթային պոպուլիզմով նա ոչ մեկին այնքան նման չէ հետխորհրդային տարածքում, որքան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն։ Սակայն Ուկրաինան ու Հայաստանն աշխարհաքաղաքական ջրբաժանի տարբեր կողմերում են։ Որպես հաջողություն կարելի է նշել այն, որ Հայաստանը կարողացավ ձեռնպահ մնալ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի քվեարկության ընթացքում, որը մարտի 2-ին դատապարտեց Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա։ Հայ փորձագետներից մեկը վարչապետ Փաշինյանին անվանում է «Պուտինի համար օգտակար ռազմավար», մարդ, որը համաձայնել է կյանքի կոչել Ռուսաստանի պարտադրած հրադադարի համաձայնագիրը, որով դադարեցվեց 2020 թ-ի պատերազմը։ Սակայն Ռուսաստանը Հայաստանի վրա ազդելու ավելի երկարաժամկետ բազմաթիվ տնտեսական և քաղաքական լծակներ էլ ունի, ինչպես նաև բազմաթիվ օգտակար ընկերներ, ինչպես, օրինակ, նախկին նախագահ և ընդդիմության առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։ Եվրամիությունը Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի, ինչպես նաև հայկական սփյուռքի կազմակերպությունների (որոնք դեմ էին արտահայտվում Փաշինյանին 2020 թ-ի պատերազմի պատճառով) միջոցով այժմ պետք է հստակ աջակցություն ցուցաբերի երկրի՝ ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարությանը։ Ադրբեջանը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հավասարակշռություն պահպանելու անհանգիստ փորձեր է անում։ Նախագահ Իլհամ Ալիևը Կիև էր այցելել հունվարին։ Այնուհետև կանչվել էր Մոսկվա Ռուսաստանի ներխուժումից բառացիորեն երկու օր առաջ՝ Պուտինի հետ արդեն նախապատրաստված «համագործակցության» համաձայնագիր ստորագրելու։ Հասարակության արձագանքն Ալիևի համար սարսափելի էր, սակայն այդ փաստաթուղթը որոշակի երաշխիքներ տվեց նրան։ Համաձայնագրի առաջին կետում խոսվում է տարածքային ամբողջականության և «միմյանց գործերին չմիջամտելու սկզբունքներին հավատարիմ լինելու» մասին (ուշադրություն դարձրեք, թե ինչ լկտիություն է այս նորմատիվ լեզուն օգտագործելը, հաշվի առնելով, թե ինչ արեց Պուտինը երկու օր անց)։ Այս և Թուրքիայի հետ ավելի սերտ համագործակցության մասին համաձյանգիրն Ալիևին յուրօրինակ ապահովագրություն է տվել։ Բայց Ադրբեջանն ավելի խոցելի է տնտեսական ոլորտում։ Համաձայնգիրն ավելի է սերտացնում Բաքվի և Մոսկվայի կապերը, այն բազմաթիվ ձևակերպումներ է պարունակում տնտեսական համագործակցության մասին, որը Ադրբեջանը կարող է դարձնել փրկօղակ արևմտյան պատժամիջոցներից խուսափելու փորձեր ձեռնարկող ռուսական ընկերությունների համար։ Բացի այդ, փաստաթղթում ամրագրված է նաև «մյուս կողմի շահերին ուղղակի և անուղղակի վնաս հասցնող ցանկացած տնտեսական գործունեությունից զերծ մնալու» պարտավորությունը, որը գոնե թղթի վրա կարծես Մոսկվային ձայնի իրավունք է տալիս Ադրբեջանի ապագա էներգետիկ նախագծերում։ Եվ վերջապես, երկու երկրների մասին, որոնք առավել վտանգված են։ Մոլդովայի դեպքում աշխարհագրությունը ճակատագրական նշանակություն ունի։ Այն մոտ է Եվրամիությանն ու հեռու է Ռուսաստանից, թեև սահմանադրորեն չեզոք է և ֆորմալ առումով  պարտավորված է չմիանալ ՆԱՏՕ-ին։ Մայա Սանդուի եվրոպամետ կառավարությունը դեռևս առերեսվում է ուժեղ ռուսամետ ընդդիմությանն ու կարճաժամկետ ճգնաժամի, մինչ տասնյակ հազարավոր ուկրաինացի փախստականները գաղթում են Մոլդովա։ Այժմ մղձավանջային սցենարն այն կլինի, եթե ռուսական առաջխաղացումը շարունակվի Սև ծովի երկայնքով դեպի Օդեսա, և զորքերը միանան Մերձդնեստրում՝ Մոլդովայից պոկված շրջանում եղած զորքերին, որին 30 տարի շարունակ ֆինանսավորում և զինում է Ռուսաստանը։ Մերձդնեստրի դե ֆակտո իշխանությունն ուզում է ուշադրություն չգրավել և երկու կողմերից էլ օգուտ քաղել՝ քաղաքական աջակցություն ստանալ Մոսկվայից և պահպանել ռուսական ոչ մեծ ռազմական ուժերն իր տարածքում, բայց հույսեր կապել  ԵՄ-ի հետ՝ որպես տնտեսական գործընկեր։ Ռուսաստանի շահերը Մերձդնեստրում մեծ չեն, սակայն կարող են մեծանալ, եթե այն դիտարկվի որպես նոր ռազմաբազայի տեղակայման վայր։ Մոլդովացիներին պետք է որ սարսափեցրած լինի տեսարանը, երբ Ալեքսանդր Լուկաշենկոն անզգուշաբար բացեց ներխուժման քարտեզը` հարավից Մոլդովայի վրա մատնանշող սլաքով: Վրաստանն, իր հերթին, շատ առումներով Ուկրաինայի զույգն է։ Բուխարեստի 2008 թ-ի հռչակագիրը, որում ամրագրվել է այս երկու երկրների ՆԱՏՕ-ի անդամակցության մշուշոտ հեռանկարը, նրանց թողեց երկու վատթարագույն իրավիճակներում՝ առանց անդամակցության պաշտոնական պլանի և ավելի թշնամաբար տրամադրված Ռուսաստանի հետ։ Թբիլիսիում արդեն մի քանի օր է զագվածային ցույցեր են՝ ի աջակցություն Ուկրաինայի։ Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հասարակական տրամադրությունների արտացոլումն է. նա աջակցություն է հայտնում Ուկրաինային և շրջագայում եվրոպական մայրաքաղաքներով։ Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, որն ավելի բարձր պաշտոն է զբաղեցնում, նրա համեմատ ողորմելի և երկչոտ տպավորություն է թողնում։ Նա բացահայտ կերպով հրաժարվում է դատապարտել Ռուսաստանին, որի հետևանքով հանդիմանության է արժանացել իր ուկրաինացի գործընկերոջից։ Իշխող «Վրացական երազանքի» կառավարության՝ Ռուսաստանի հետ շփման երբեմնի բավականին հաջող քաղաքականությունը փլուզվում է։ Թբիլիսին գժտվել է Բրյուսելի և Վաշինգտոնի հետ՝ ժողովրդավարությունից հեռանալու պատճառով։ Ռուսաստանի նկատմամբ մեղմ վերաբերմունք պահպանելով, բայց միաժամանակ չդիմելով իր ավանդական արևմտյան դաշնակիցներին՝ Վրաստանը կարող է ձախողել երկու ուղղություններով էլ։ Ավելին՝ պատերազմն ակտիվացրել է ընդդիմությանն ու սաստկացրել տևական քաղաքական ճգնաժամը երկրում։ Եթե Պուտինը թաքնված հավակնություններ ունենար այս կամ այն ձևով գրավել Վրաստանը, նրան ավելի քիչ բան պետք կլիներ, քան Ուկրաինայի դեպքում։ Ռուսաստանի աջակցությունը դե ֆակտո Աբխազիայի և Հարավային Օսիայի սահմաններից այն կողմ չի անցնում։ Երիտասարդ սերունդը  գրեթե չի խոսում ռուսերեն։ Ոչ մի քաղաքական կուսակցություն կողմ չի արտահայտվում Ռուսաստանի հետ միությանը։ Այնուամենայնիվ Ուկրաինայում մենք տեսնում ենք, որ Պուտինը կարող է օդից պատերազմ հայտարարելու առիթ ստեղծել։ Մարտի 3-ին սկզբում Վրաստանը, այնուհետև Մոլդովան պատմական որոշում կայացրին՝ արագացնելու ԵՄ անդամակցության դիմումները։ Եվրամիությունը շատ է խոսում կայունության մասին։ Հիմա ժամանակն է ուժեղացնելու այն ոչ միայն Վրաստանում և Մոլդովայում, այլև Հայաստանում և Ադրբեջանում։ Նորա Վանյան
16:47 - 04 մարտի, 2022
Նեոնացիստներն Ուկրաինայում պատանդ են վերցնում օտարերկրյա քաղաքացիներին․ Պուտին

Նեոնացիստներն Ուկրաինայում պատանդ են վերցնում օտարերկրյա քաղաքացիներին․ Պուտին

Այսօր Վլադիմիր Պուտինի գլխավորությամբ անցկացվել է Անվտանգության խորհրդի նիստ։  Նիստի ընթացքում Վլադիմիր Պուտինը ասել է, որ «Ուկրաինայում ՌԴ ԶՈՒ հատուկ ռազմական գործողությունն ընթանում է ժամանակացույցին խիստ համապատասխան, ըստ պլանի․ առաջադրված բոլոր խնդիրները կատարվում են»։  Նրա խոսքով՝ ՌԴ-ն պատերազմում է հենց նեոնացիստների դեմ։ «Ուկրաինայում ռազմական գործողությունների ընթացքը ցույց է տալիս, որ ՌԴ-ն պատերազմում է հենց նեոնացիստների դեմ։ Նեոնացիստներն Ուկրաինայում պատանդ են վերցնում օտարերկրյա քաղաքացիներին։ Չինաստանի երկու քաղաքացիներ, որոնք փորձել են լքել Խարկովը, վիրավորվել են նեոնացիստների կողմից։ ՌԴ զինված ուժերը Ուկրաինայում ռազմական բախումների բոլոր վայրերում միջանցքներ են տրամադրել խաղաղ քաղաքացիներին, բայց նացիոնալիստները նրանց թույլ չեն տալիս դուրս գալ»,- ասել է Պուտինը։  Նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է նաև 5 մլն ռուբլի հավելավճար սահմանել այն ՌԴ զինվորականների ընտանիքների համար, որոնք զոհվել են Ուկրաինայում, եւ 3 մլն ռուբլի Ուկրաինայում վիրավորում ստացած զինվորականների համար։ Պուտինը հայտարարել է, որ հրաման է ստորագրել Ուկրաինայում զոհված Նուրմագոմեդ Գաջիմագոմեդովին հետմահու Ռուսաստանի հերոսի կոչման արժանացնելու մասին։ Իսկ իր ելույթի ավարտին Պուտինը առաջարկել է «հարգել հատուկ գործողության ժամանակ զոհվածների հիշատակը»։
00:14 - 04 մարտի, 2022
Ես պետք է խոսեմ Պուտինի հետ, աշխարհը պետք է խոսի Պուտինի հետ, որովհետեւ այս պատերազմը կանգնեցնելու այլ միջոց չկա․ Զելենսկի

Ես պետք է խոսեմ Պուտինի հետ, աշխարհը պետք է խոսի Պուտինի հետ, որովհետեւ այս պատերազմը կանգնեցնելու այլ միջոց չկա․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ չի հասկանում Կիեւի վերաբերյալ Մոսկվայի պահանջները։ «Մենք չենք հարձակվում Ռուսաստանի վրա, չենք պատրաստվում հարձակվել նրա վրա։ <...> մենք ՆԱՏՕ-ի կազմո՞ւմ ենք։ Ո՛չ։ Մենք ունե՞նք միջուկային զենք։ Ո՛չ։ Ի՞նչ պետք է ես ասեմ, ո՞ւմ ես պետք է ինչ-որ բան տամ»,- օտարերկրյա լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է Զելենսկին՝ պատասխանելով հարցին՝ պատրա՞ստ է Կիեւը երաշխիքներ տալ։ Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել բոլոր հարցերը, այդ թվում Դոնեցկի ու Լուգանսկի հանրապետությունների․ «Ես պատրաստ եմ քննարկել բոլոր հարցերը, ես դրանք խորապես հասկանում եմ․ Ուկրաինայի մասին, մեր լեզվի մասին, ռուսերենի հետ կապված խնդիրների մասին, Դոնբասի մասին, Դոնեցկի ու Լուգանսկի մասին»,- ասել է նա։ Պատասխանելով հարցին՝ ցանկանո՞ւմ է ինքն արդյոք խոսել Պուտինի հետ, Զելենսկին արձագանքել է, որ ինքը պետք է նրա հետ խոսի․ «Ես պետք է խոսեմ Պուտինի հետ, աշխարհը պետք է խոսի Պուտինի հետ, որովհետեւ այս պատերազմը կանգնեցնելու այլ միջոց չկա։ Հենց դրա համար էլ ես պարտավոր եմ», - նշել է նա։  Միաժամանակ, Զելենսկին Պուտինին խնդրել է դեմ առ դեմ հանդիպում անցկացնել․ «Նստիր ինձ հետ բանակցությունների սեղանի շուրջ։ Ես ազատ եմ։ <...> Ես չեմ կծում։ Ես նորմալ տղամարդ եմ, նստիր ինձ հետ, խոսիր։ Ինչի՞ց ես վախենում։ Մենք ոչ ոքի չենք սպառնում, մենք ահաբեկիչ չենք։ Մենք չենք գրավում բանկեր։ Եւ չենք գրավում ուրիշների հողերը»,- հավելել է Ուկրաինայի նախագահը։ Բանակցությունների մասին Զելենսկիի խոսքերով՝ ՌԴ-ի հետ բանակցություններն իմաստ ունեն, բայց որոշ հարցերում փոխզիջումներ չեն կարող լինել․ «Յուրաքանչուր բանակցություն իմաստ ունի։ Ամեն բառ կրակոցից ավելի կարեւոր է։ Եթե հնարավոր է սկզբում ասել, հետո կրակել, արա այդպես»,- ասել է Զելենսկին՝ ի պատասխան հարցի՝  արժե՞ երկխոսություն վարել Մոսկվայի հետ։ Զելենսկին այդպիսի բանակցությունները դժվար է անվանել, հնարավոր է համարել շփման եզրեր գտնելը․ «Կան բաներ, որոնցում պետք է գտնլ ինչ-որ փոխզիջումներ, որպեսզի մարդիկ չզոհվեն։ Բայց կան բաներ, որոնցում փոխզիջումներ չկան։ Միեւնույն ժամանակ, չի կարելի վերցնել ու գնալ՝ ասելով՝ «Ձեր այդ երկիրը՝ Ուկրաինան, Ռուսաստանի մասն է»։ Դա անհնար է»։
23:14 - 03 մարտի, 2022