Արմեն Գրիգորյան

Արմեն Գրիգորյանը ՀՀ Անվտանգության խորհրդի գործող քարտուղարն է։

Ծնվել է 1983 թ․ դեկտեմբերի 25-ին, Արցախի Մարտունի քաղաքում։

2001թ․ ընդունվել ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետ։ Ուսումնառության ընթացքում զորակոչվել է ԼՂՀ Պաշտպանության բանակ։ 2009 թ․ ընդունվել է Հայաստանի ամերիկյան համալսարանի Քաղաքագիտության եւ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրատուրա։

2012 թ․ մարտից մինչեւ 2013 թվականի սեպտեմբերը աշխատել է «Քաունթերփարթ Ինթերնեյշնլ Ինկ.»-ի հայաստանյան ներկայացուցչությունում։ 2015 թ․ ապրիլից 2018 թ․ մայիսն աշխատել է «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ում՝ որպես ընտրական ծրագրերի համակարգող։ 2013թ․ եղել է ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի նախընտրական շտաբի պետ: 2015թ․ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակահատվածում եւ 2017 թ․ ապրիլին ՀՀ ԱԺ ընտրությունների ընթացքում համակարգել է «Քաղաքացի դիտորդ» դիտորդական առաքելությունը։ 2017թ․ կատարել է փորձագիտական աշխատանքներ Եվրոպայի խորհրդում։ 2018-ին եղել է «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ։ Շարժման մյուս առաջնորդների հետ միասին նախ առեւանգվել էր, ապա ձերբակալվել. Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ազատ է արձակվել։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։

2021թ․ հուլիսի 14-ին ՀՀ վարչապետի հրամանով նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ, նույն թվականի օգոստոսի 19-ին ազատվել է պաշտոնից և վերանշանակվել ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար։

Արմեն Գրիգորյան շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևին Ռուսաստանի օրվա կապակցությամբ

Արմեն Գրիգորյան շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևին Ռուսաստանի օրվա կապակցությամբ

Ռուսաստանի օրվա կապակցությամբ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյան շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևին: Այս մասին հայտում է ԱԽ լրատվական ծառայությունը: Ուղերձում ասված է.  «Հարգելի Նիկոլայ Պլատոնի, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Ռուսաստանի Դաշնության պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա կապակցությամբ: Այս նշանակալի օրը դարձել է իսկապես համաժողովրդական տոն, նոր Ռուսաստանի կայացման խորհրդանիշ՝ պետության, որի դիրքերը միջազգային ասպարեզում անշեղորեն ամրապնդվում են: Դուք հիրավի կարող եք հպարտանալ Ռուսաստանի կողմից իր դինամիկ զարգացման բոլոր ուղղություններով ձեռք բերված հաջողություններով և առաջընթացով: Հայաստանի Հանրապետությունում մեծ նշանակություն են տալիս Ռուսաստանի Դաշնության հետ ռազմավարական, դաշնակցային հարաբերությունների հետագա խորացմանը, մեր երկրների միջև բոլոր ոլորտներում փոխշահավետ համագործակցության ընդլայնմանը: Համոզված եմ, որ մեր համատեղ ջանքերի շնորհիվ անվտանգության ոլորտում հայ-ռուսական հարաբերությունները կշարունակեն հաջողությամբ զարգանալ՝ մեր պետությունների կենսապես կարևոր շահերի ապահովման նպատակով և ի նպաստ մեր ժողովուրդների բարօրության: Այս տոնական օրվա առթիվ ի սրտե մաղթում եմ Ձեզ, հարգելի Նիկոլայ Պլատոնի, քաջ առողջություն, բարեկեցություն և հետագա հաջողություններ պետական գործունեության մեջ՝ ի նպաստ Ռուսաստանի, իսկ բոլոր ռուսաստանցիներին՝ խաղաղություն և բարգավաճում»:
16:36 - 12 հունիսի, 2020
Պետք է շարունակենք վերաիմաստավորել հաղթական անցյալը՝ մեր անվտանգությունը դարձնելով ավելի դիմակայուն․ ԱԽ քարտուղար

Պետք է շարունակենք վերաիմաստավորել հաղթական անցյալը՝ մեր անվտանգությունը դարձնելով ավելի դիմակայուն․ ԱԽ քարտուղար

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղել Հաղթանակի տոնի, Շուշիի ազատագրման օրվա առթիվ․ «Հարգելի հայրենակիցներ, Շնորհավորում եմ Հաղթանակի տոնի, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման օրվա եռատոնի կապակցությամբ, որն այսօր տոնում ենք համաշխարհային համավարակի թելադրած հանգամանքներում: Արցախյան պայքարում մենք վերաիմաստավորել ենք ֆաշիզմի դեմ համամարդկային հաղթանակը՝ ամրագրելով խաղաղությունը՝ որպես համամարդկային արժեք, բռնության  դեմ պայքարը՝ հրամայական, իսկ հաղթանակը՝ մեր մշակույթի անբաժան մաս: Մենք՝ որպես Ցեղասպանություն վերապրած ժողովուրդ, կարողացել ենք մեր դերը վերգտնել, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ մեծ ներդրում ունենալ համաշխարհային չարիքի դեմ պայքարում, այնուհետև Արցախյան պատերազմում փայլուն հաղթանակ տանել։ 28 տարի առաջ կարողացանք ազատագրել Շուշին՝ բեկելով խաղաղության հաստատման ընթացքը: «Հարսանիք լեռներում» օպերացիան  մեր ռազմական մտքի, պայքարի և հաղթական ոգու, սեփական կարողություններին հավատալու և դրանք արդյունավետ գործադրելու ամենավառ օրինակներից է: Իր ունեցած ռազմաքաղաքական նշանակությամբ, պատմական առումով և ռազմավարական փայլուն մտահղացմամբ ու իրագործմամբ Շուշիի ազատագրման օպերացիան մեզ տվեց ոգու այնպիսի լիցք, առանց որի հնարավոր չէին լինի հետագա հաղթանակները: Այսօր՝ անկախության և ժողովրդավարության պայմաններում, մենք պետք է շարունակենք վերաիմաստավորել մեր հաղթական անցյալը՝ մեր անվտանգությունը դարձնելով ավելի դիմակայուն, զարգացնելով մարդկային ներուժի հենքի վրա ուժային գործիքակազմ և մշտապես պատրաստ լինելով խաղաղության հաստատմանն ու նոր հաղթանակների կերտմանը: Խոնարհվում եմ հայրենիքի պաշտպանության համար ընկած հերոսների հիշատակի առջև»։
10:14 - 09 մայիսի, 2020
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ու ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ոչ պաշտոնական հանդիպում են ունեցել

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ու ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ոչ պաշտոնական հանդիպում են ունեցել

Ստեփանակերտում այսօր՝ ապրիլի 27–ին ոչ պաշտոնական հանդիպում է տեղի ունեցել ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Արցախի ընտրված նախագահ Արայիկ Հարությունյանի միջև։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արայիկ Հարությունյանը։ «Հարգելի ՛ հայրենակիցներ Այսօր Ստեփանակերտում ոչ պաշտոնական հանդիպում եմ ունեցել ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ: Օրեր առաջ Երևանում կայացած հանդիպումից հետո ձևավորված օրակարգային հարցերը չեն փոխվել. նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված անվտանգային իրավիճակ, պաշտպանական ոլորտի բարեփոխումներ, անվտանգության ոլորտի ծրագրերի շարունակական ապահովում և ինստիտուտների ներդաշնակեցում: Բոլոր հարցերի շուրջ ունեցել ենք արդյունավետ քննարկում՝ միտված ապագայի սերտ համագործակցությանը»:
20:31 - 27 ապրիլի, 2020
Ստեղծվել է Պաշտպանական ոլորտի բարեփոխումներ իրականացնող հանձնախումբ

Ստեղծվել է Պաշտպանական ոլորտի բարեփոխումներ իրականացնող հանձնախումբ

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ հաստատվել է «Պաշտպանական ոլորտի բարեփոխումներ իրականացնող, ներառյալ՝ արատավոր երևույթների դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնող միջգերատեսչական հանձնա­խումբ ստեղծելու, հանձնախմբի կազմը և գործունեության կարգը»:Որոշման համաձայն՝ ղեկավարելու եմ Պաշտպանական ոլորտի բարեփոխումներ իրականացնող, ներառյալ՝ արատավոր երևույթների դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնող միջգերատեսչական հանձնախումբը:Հանձնախմբի խնդիրներն են Հայաստանի Հանրապետության պաշտպանական ոլորտում առկա խնդիրների վերհանումը, դրանց պատճառների բացահայտումը, հետևանքների կանխարգելումը, ռիսկերի նվազեցումը և պաշտպանական ոլորտի բարե­փոխումների իրականացման ուղղությամբ առաջարկությունների ներկայացումը»։
12:23 - 21 ապրիլի, 2020
Նիկոլ Փաշինյանն Արմեն Գրիգորյանին երկու օրով գործուղել է Արցախ

Նիկոլ Փաշինյանն Արմեն Գրիգորյանին երկու օրով գործուղել է Արցախ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին գործուղում է Արցախ: Վարչապետի համապատասխան որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով` 1. Աշխատանքային հանդիպումներ ունենալու նպատակով՝ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին 2020 թվականի մարտի 24-25-ը ներառյալ գործուղել Արցախի Հանրապետություն (քաղաք՝ Ստեփանակերտ): 2. Արմեն Գրիգորյանի՝ Արցախի Հանրապետություն (քաղաք՝ Ստեփանակերտ) գործուղման օրապահիկի և գիշերավարձի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում ներքին գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին: 3. Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Արցախի Հանրապետություն (քաղաք՝ Ստեփանակերտ) գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
15:24 - 24 մարտի, 2020