«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն - ՔՊ

2021 թվականի հունիսին տեղի ունեցած խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքում ՀՀ-ում կառավարություն ձեւավորած եւ խորհրդարանական մեծամասնություն դարձած քաղաքական կուսակցություն է։ 8-րդ գումարման խորհրդարանում՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն։

Որպես միավոր՝ ձեւավորվել է 2013 թվականին։ Կուսակցությունը պաշտոնապես ստեղծվել է 2015 թվականին։

Կուսակցությունը «Իմ քայլը» դաշինքի կազմով բացարձակ մեծամասնություն է եղել նաեւ ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովում։ 

Իսկ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին կուսակցությունը դաշինքով էր հանդես եկել «Հանրապետություն» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցութունների հետ, ԱԺ-ում «Ելք» խմբակցություն ձեւավորել՝ 9 պատգամավորով։ Նույն դաշինքով կուսակցությունը մասնակցել էր նաեւ 2017թ․ Երեւանի քաղաքապետի եւ ավագանու ընտրություններին՝ ունենալով 14 հոգանոց խմբակցություն։

2018 թվականին Երեւանի քաղաքապետի ու ավագանու արտահերթ ընտրությունների ժամանակ կուսակցությունը մասնակցել էր «Առաքելություն» կուսակցության հետ՝ «Իմ քայլը» դաշինքով․ դաշինքի ցուցակը գլխավորող Հայկ Մարությանը դարձավ Երեւանի քաղաքապետ` ստանալով 80%-ից ավել քվե։

Խորհրդարանը քննարկում է ՀՌՀ անդամի պաշտոնում Հակոբ Հակոբյանի թեկնածությունը |armenpress.am|

Խորհրդարանը քննարկում է ՀՌՀ անդամի պաշտոնում Հակոբ Հակոբյանի թեկնածությունը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը քննարկում է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի պաշտոնում Հակոբ Հակոբյանի թեկնածությունը: ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի պաշտոնում ԱԺ-ին է առաջարկել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ներկայացված Հակոբ Հակոբյանի թեկնածությունը: Թեկնածուին ներկայացրեց ՔՊ պատգամավոր Գուրգեն Արսենյանը: Թեկնածուն իր ելույթում ասաց. «Ես կարծում եմ՝ այն ճանապարհը, որով այժմ անցնում է ՀՀ-ն, առանձնահատուկ ուշադրություն պետք է նվիրվի մեդիա դաշտին՝ հենց թեկուզ այն պատճառով, որ բազմիցս և բազմաթիվ մասնագետների կողմից նշված է, որ տեղեկատվությունը հասարակության, ինչպես նաև պետության բերանն է, նաև ականջը»,-նշեց Հակոբյանը: Անդրադառնալով տեսալսողական դաշտի իր պատկերացումներին՝ նա ասաց. «Այսօրվա մեր բոլոր իրողությունները՝ թե քաղաքական, թե հասարակական, տեղավորված են այդ դաշտում: Քաղաքական իմաստով ես առանձնապես մեծ խնդիրներ չեմ տեսնում»: Անդրադառնալով մեդիա դաշում իր նկատած խնդիրներին՝ նա նշեց. «Հեռուստատեսության մեջ մի շարք ալիքներ, չնայած կոռեկտությանը, չնայած նրան, որ տեղեկատվական դաշտի իրենց խնդիրները կատարում են, սակայն ստեղծվել են կամ կուսակցությունների, կամ կուսակցական լիդերների, կամ կուսակցական հնարավորությունների սահմաններում»,-ասաց նա:
16:03 - 20 հունվարի, 2022
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը կարգավորող նախագիծը |armtimes.com|

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը կարգավորող նախագիծը |armtimes.com|

armtimes.com: ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քիչ առաջ ընդունել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի ներկայացրած օրենքի նախագիծը, որը նպատակ ունի կարգավորել ԱԺ հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը: Նախագիծը ԱԺ քվեարկությամբ ստացավ 68 «կողմ», 33 «դեմ» ձայներ, 3 բացակա պատգամավորներ ծրարով թողել էին իրենց քվեարկությունները: Վիլեն Գաբրիելյանը հիշեցրել էր, որ 8-րդ գումարման ԱԺ-ի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը չի կարողանում  ընտրել նախագահի տեղակալ: Իրավասու խմբակցությունն անընդհատ առաջադրում է նույն թեկնածուին՝ Արթուր Ղազինյանին, սակայն հանձնաժողովի մեծամասնությունը թեկնածուին չի ընտրում, և կանոնակարգը տվյալ խնդիրը չի կարգավորում: Այսպիսով` պատգամավորն առաջարկում է սահմանել, որ մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալը չի ընտրվում, ապա իրավասու խմբակցությունը քվեարկությունից հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում առաջադրում է նոր թեկնածու, որի դեպքում եթե նոր թեկնածուն չընտրվի, ապա դրանից առաջ առաջադրված մարդը կրկին կարող է առաջադրվել:
11:47 - 20 հունվարի, 2022
Առայժմ դելիմիտացիայի եւ դեմարկացիայի հանձնաժողով ձեւավորված չէ

Առայժմ դելիմիտացիայի եւ դեմարկացիայի հանձնաժողով ձեւավորված չէ

Առայժմ դելիմիտացիայի եւ դեմարկացիայի հանձնաժողով ձեւավորված չէ։ Այս մասին ԱԺ-ում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ, ի պատասխան «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանի հարցին, ասաց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։Նա նշեց, որ այժմ քննարկվում են այն պայմանները, որոնցով այդ հանձնաժողովը կարող է սկսել աշխատել․ «Մենք հիմա աշխատում ենք այն ուղղությամբ, եւ մեր համոզմունքն է, որ քանի դեռ կոնկրետ քայլեր չեն իրականացվել սահմանագոտում կայունության եւ անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ, մեխանիզմներ, որոնք կօգնեն կանխել հետագա բախումները՝ մտադրված կամ տեխնիկական պատճառներով տեղի ունեցող, այդ հանձնաժողովը դժվարություններ կունենա ստեղծվելու եւ աշխատելու հարցում«,- ասաց Միրզոյանը։ Նրա խոսքով՝ ժամկետների հարցում հստակություն չկա, բայց կա ընկալում, որ խոսքը մոտալուտ գործընթացի մասին է․ «Հենց հանգամանքները պարզվեն, ձեռնտու լինեն կողմերին, հանձնաժողովը կարող է ձեւավորվել եւ աշխատել»։
17:44 - 19 հունվարի, 2022
Առաջարկվում է մի շարք ՊՈԱԿ-ների թույլատրել փորձագիտական նպատակներով օգտագործել թմրամիջոցները |armenpress.am|

Առաջարկվում է մի շարք ՊՈԱԿ-ների թույլատրել փորձագիտական նպատակներով օգտագործել թմրամիջոցները |armenpress.am|

armenpress.am: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն առաջարկում են Առողջապահության և Արդարադատության նախարարությունների ՊՈԱԿ-ներին թույլատրել թմրամիջոցները եւ հոգեմետ նյութերը փորձագիտական նպատակներով օգտագործելը։ Ազգային ժողովում «Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում լրացումներ կատարելու նախագիծը ներկայացրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը։  «Օրենքի առաջին մասում ֆիքսված է, որ այն լիզենզավորման ենթակա գործունեություն է, երկրորդ մասում նախատեսված են բացառություններ։ Բացառության մեջ ներառված են Արդարադատության նախարարության և առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող ՊՈԱԿ-ները, ոստիկանության համապատասխան ստորաբաժանումը։ Մեկ ՊՈԱԿ դուրս էր մնացել բացառությունից՝ ԳԱԱ համակարգում գործող ՊՈԱԿ-ը, որը բավականին ծավալի փորձաքննություն էր իրականացնում հոգեմետ և հոգեներգործուն նյութերի օգտագործմամբ, և դրա հանդեպ որոշակի խտրական մոտեցում կար: Այդ մոտեցումը վերացնելու համար, նաև հաշվի առնելով, որ գործ ունենք հոգեմետ և հոգեներգործուն նյութերի հետ, առաջարկվում է բացառությունները հանել և բոլոր ՊՈԱԿ-ներին տալ համապատասխան լիցենզիա՝ այդ նյութերի օգտագործմամբ փորձաքննություն իրականացնելու համար»,- ասաց Զեյնալյանը։ Պատգամավորի խոսքով՝ բացառությունների մեջ միայն մնում է ոստիկանության համապատասխան ստորաբաժանումը, քանի որ այն հանդիսանում է վերահսկող մարմին և ոստիկանության ստորաբաժանում է, այլ ոչ թե ՊՈԱԿ և լիցենզավորման ենթակա չէ։ «Անցումային դրույթներով նախատեսում ենք 3 ամիս ժամկետ, որպեսզի նշված ՊՈԱԿ-ները հասցնեն դիմեն լիցենզավորման»,- եզրափակեց Զեյնալյանը։
13:24 - 19 հունվարի, 2022
Էն ամենը, ինչում ընդդիմադիրները մեղադրում են մեզ, արել են իրենք․ գաղտնի բանակցությունները, ազգակործան պոպուլիզմը նրանց բացարձակ մենաշնորհն են․ Վահագն Ալեքսանյան

Էն ամենը, ինչում ընդդիմադիրները մեղադրում են մեզ, արել են իրենք․ գաղտնի բանակցությունները, ազգակործան պոպուլիզմը նրանց բացարձակ մենաշնորհն են․ Վահագն Ալեքսանյան

ԱԺ-ում հայտարարությունների ժամին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն իր ելույթում նկատեց՝ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի առաջարկին՝ ընդդիմադիր երկու խմբակցություններն արձանագրեն իրենց դիրքորոշումը՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման մասով, թե՛ «Պատիվ ունեմ» խմբակցությունը, թե «Հայաստան» խմբակցությունը հայտնեցին, որ կողմ են հարաբերությունների կարգավորմանը՝ առանց նածապայմանների։  «Արդեն մի քանի շաբաթ է՝ հայկական մամուլում, ընդդիմադիր գործիչների շուրթերից Ռուբեն Ռուբինյանը պարբերաբար պիտակավորվում է, իսկ Թուրքիայի ներկայացուցիչ Քըլըչը՝ բարձրացվում, մինչեւ անգամ դիֆերամբներ են ձոնվում նրա հասցեին։ Երեկվանից, երբ ընդդիմադիրներին վերջապես հաջողվեց Ռուբեն Ռուբինյանին հանել հունից, արդեն իսկ դա է փորձում որպես խաղաքարտ ներկայացվել եւ դիտարկել այն պրիզմայով, որ բռնկուն մարդը չի կարող լինել ներկայացուցիչ, էն պարագայում, երբ Քըլըչը՝ լինելով դեսպան, մի առիթով անգամ ձեռնամարտի մեջ էր մտել։ Բայց սա երբեք չեք կարդա մեր ընդդիմադիր գործիչների, նրանց պատկանող լրատվամիջոցների էջերում, որովհետեւ նրանք սնվում են մի բանով ու փորձում են սնել ձեզ, եւ դա պոպուլիզմն է»,- ասաց Վահագն Ալեքսանյանը։ Նրա կարծիքով՝ պոպուլիզմը տարիներ շարունակ ՀՅ դաշնակցույթանը թույլ է տվել խոսել թուրքատյացության եւ Թուրքիայի դրոշ վառելու եւ մնացյալի մասին․ «Սա այն պարագայում, երբ 2014-ի հունվարի 20—ին միայն ՀՀ քաղաքացիները Մեդիամաքսի էջերից տեղեկացան, որ 2007-ից ՀՀ-ն ու Թուրքիային գաղտնի բանակցությունների մեջ են, (խոսքը Մեդիամաքսի՝ «Մայքլ Ամբյուլ` հայ-թուրքական գործընթացի շվեյցարացի «կապավորը»» վերտառությամբ նյութի մասին է, - խմբ)ու սրա մասին 2007-ին ոչ մի չկարդացվող էլեկտրոնային լրատվականի էջերում հայտարարություն չկա։ Այդ բանակցությունները, որպես երրորդ կողմ, վարել է Մայլ Ամբյուլը՝ Շվեյցարիայի արտգործպետքարտուղարը։ Էն ամենը, ինչում ընդդիմադիրները մեղադրում են մեզ, արել են իրենք, գաղտնի բանակցությունները, գաղտնի պայմանմավորավծությունները, ազգակործան պոպուլիզմը նրանց բացարձակ մենաշնորհն են»,- ասաց Ալեքսանյանը։
18:29 - 18 հունվարի, 2022
ԱԺ-ն քննարկում է ԿԲ նախագահի տեղակալի ընտրության հարցը |hetq.am|

ԱԺ-ն քննարկում է ԿԲ նախագահի տեղակալի ընտրության հարցը |hetq.am|

hetq.am: Խորհրդարանը հերթական նիստում քննարկում է Կենտրոնական բանկի (ԿԲ) նախագահի տեղակալի ընտրության հարցը: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել է Հովհաննես Խաչատրյանի թեկնածությունը: Նա տնտեսագիտության մագիստրոս է, 2020-ի հուլիսից ԿԲ խորհրդի անդամ է, 2002-2008 թվականներին աշխատել է ԿԲ-ում, 2008-ից 2020-ը աշխատել է «Ամերիաբանկում»: Խաչատրյանն իր ելույթում ասաց, որ 2020 թվականի երկրորդ կեսը Հայաստանի ու Արցախի համար ծանր է եղել, քանի որ պատերազմ էր ու կորոնավիրուսի համավարակ: «Ներքին ու արտաքին անկայունության տարրերը պահպանվեցին մինչև 2021 թվականի կեսը. 2021 թվականի երկրորդ եռամսյակից սկսած՝ դրանց գումարվեց համաշխարհային տնտեսությունում արձանագրված աննախադեպ բարձր գնաճը: Էական աճ գրանցվեց հատկապես էներգակիրների ու պարենային ապրանքների գծով»,-ասաց նա: Նրա խոսքով`այս պահին գնաճն ԱՄՆ-ում հասել է 6,8, եվրագոտում՝ 5, ՌԴ-ում՝ 8,4 տոկոսի: «Հայաստանում ևս առաջացան որոշակի ռիսկեր գների ու ֆինանսական կայունության տեսանկյունից: Համավարակի տարածման սկզբնական շրջանում Կենտրոնական բանկը թուլացրեց դրամավարկային պայմանները՝ տոկոսադրույքն իջեցնելով 1,25 տոկոսային կետով ու ապահովեց անսահմանափակ իրացվելիություն՝ կրճատված պահանջարկը վերականգնելու նպատակով»,-ասաց Խաչատրյանը: Նրա ներկայացմամբ` պատերազմի ընթացքում դրսևորվել է ավանդների որոշակի արտահոսք՝ շուրջ 6,4 տոկոս, չաշխատող վարկերի տեսակարար կշռի աճ՝ 7,5 տոկոս ու վարկավորման տեմպերի որոշակի նվազում: «Դրա հետևանքով տնտեսական պոտենցիալի անկումը գրանցվեց 1,1 տոկոս տարեկան կտրվածքով, ֆինանսական շուկաներում ավելացավ տատանողականությունը. ԿԲ-ն առաջիններից մեկն էր աշխահում, որ կտրուկ քայլերով դուրս եկավ խթանող քաղաքականության ռեժիմից. տոկոսադրույքի կուտակային բարձրացումը կազմեց 3,5 տոկոս»,-նշեց Խաչատրյանը: Նշենք, որ ԿԲ նախագահի տեղակալի ընտրությունը կայանալու է փակ-գաղտնի ընթացակարգով, պատգամավորների ընդհանուր թվի 3/5 ձայների քվեարկությամբ:
12:09 - 18 հունվարի, 2022
Միջադեպ խորհրդարանի դահլիճում. նիստն ընդմիջվեց |armenpress.am|

Միջադեպ խորհրդարանի դահլիճում. նիստն ընդմիջվեց |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի նիստն ընդմիջվեց, խորհրդարանի նիստերի դահլիճում միջադեպ տեղի ունեցավ: ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանն իր ելույթում անդրադարձել էր «ազդեցության գործակալի» մասին թեզերին: «Ես ուզում եմ ընդամենը մեր ընդդիմադիր գործընկերներին տեղեկացնել, որ մարդուն փորձել պիտակավորել հեղափոխության կամ որևէ այլ ժամանակաշրջանում որևէ երկրում գտնվելը բերել, կապել ազդեցության գործակալության հետ, դա նույնն է, որ ինչ-որ մեկի ազգանունից ելնելով նրան կապել գործակալ լինել-չլինելու հետ: Խնդրում եմ ձեր շուրջը նայել, ազգանունների մեջ կարող է հանկարծ կասկածելի ազգանուններ հայտնաբերեք»,-ասաց Արշակյանը՝ նշելով, որ, սակայն խորհուրդ չի տա, քանի որ դա սխալ գործելաոճ է: Արշակյանի ելույթի ժամանակ տեղից խոսեց «Հայաստան» խմբակցությունից Հռիփսիմե Ստամբուլյանը, սակայն լսելի չէր, թե պատգամավորն ինչ է ասում: ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը նախազգուշացում հայտարարեց պատգամավորին: «Եվ ձեր ամբողջ խմբակցությանն արդեն կոչ եմ անում՝ հանգստացեք»,-ասաց Ռուբինյանը: Ռուբինյանի և ընդդիմադիր պատգամավորների միջև լեզվակռիվ սկսվեց, Ռուբինյանը ոտքի կանգնեց, ապա, քանի որ դահլիճում տարբեր պատգամավորները շարունակում էին խոսել, նա հայտարարեց ընդմիջում: Ընդմիջում հայտարարելուց հետո էլ անգամ պատգամավորները նիստերի դահլիճից չէին հեռանում, նրանք շարունակում էին կանգնած խոսել:
13:51 - 17 հունվարի, 2022
Կողմ ենք, որ առանց նախապայմանների Թուրքիայի հետ սահմանները բացվեն, և հարաբերությունները օր առաջ կարգավորվեն․Հակոբ Արշակյան |tert.am|

Կողմ ենք, որ առանց նախապայմանների Թուրքիայի հետ սահմանները բացվեն, և հարաբերությունները օր առաջ կարգավորվեն․Հակոբ Արշակյան |tert.am|

tert.am: Անկախության հաստատումից ի վեր, և այն պահից, երբ Թուրքիան սահմանները փակել է ՀՀ-ի հետ, վերջինիս դիրքորոշումը միշտ եղել է այնպիսին, որ մենք կողմ ենք առանց նախապայմանների հարաբերությունների հաստատման և սահմանների բացմանը։ Այս մասին ԱԺ հերթական նիստին հայտարարեց ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցին։ «Հաղորդագրության համաձայն՝ Ռուբեն Ռուբինյան-Սերդար Քըլըչ հանդիպումն անցել է դրական և կառուցողական մթնոլորտում, ի՞նչ դրական և կառուցողական մթնոլորտի մասին է խոսքը, կարո՞ղ եք պարզաբանել, թե, ի վերջո, որտեղ է ձեռք բերվել ներկայացուցիչներ ունենալու պայմանավորվածությունը՝ ՀՀ-ի և Թուրքիայի միջև հարաբերությունները կարգավորելու կամ կարգավորելու փորձ անելու համար»,-հարցրել էր Խամոյանը։
11:41 - 17 հունվարի, 2022
ՔՊ-ն պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում թեկնածու չի առաջադրի |armenpress.am|

ՔՊ-ն պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում թեկնածու չի առաջադրի |armenpress.am|

armenpress.am: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը որոշում է կայացրել Ազգային ժողովի Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում թեկնածու չառաջադրել՝ այն թողնելով թափուր: Այս մասին հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը: «Տևական ժամանակ է՝ մենք ականատես ենք լինում մի գործընթացի, որի ընթացքում ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների կողմից Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում 14 անգամ առաջադրվել է միևնույն անձը (խմբ. «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը) և մերժվել հանձնաժողովի կողմից: Այս ողջ ընթացքում բոլոր նիստերին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության գործընկերները ներկայացրել են բոլոր օբյեկտիվ հիմնավորումները, որոնց արդյունքում ակնհայտ է, որ ընդդիմության ներկայացրած թեկնածուն չի կարող համապատասխանել տվյալ պաշտոնին: Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի հոդված 38-ի 12-րդ կետի համաձայն՝  տվյալ պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքը անցնում սահմանված կարգով խմբակցությունների գործակիցների հաշվարկի սկզբում ամենամեծ գործակիցն ունեցող խմբակցությանը, այս դեպքում՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը»,- ասաց Հովհաննիսյանը: Խմբակցության քարտուղարը նշեց, որ 2021 թվականի դեկտեմբերի 14-ին, 21-ին և 28-ին «Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու չի առաջադրել և առաջարկել է ընդդիմադիր գործընկերներին քննարկումների ընթացքում նոր թեկնածու առաջադրել, ինչը տեղի չի ունեցել: «Չնայած այս հանգամանքին և ընդդիմության կողմից պարբերաբար հնչող կեղծ պնդումներին, թե իշխող խմբակցությունը ցանկանում է զավթել հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը վերահաստատում է, որ այս ողջ գործընթացում հետապնդել է բացառապես բնականոն աշխատանքը ապահովելու նպատակ և որպես վերը նշվածի ապացույց խմբակցությունը որոշում է կայացրել Ազգային ժողովի Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում թեկնածու չառաջադրել՝ այն թողնելով թափուր»,- ասաց Հովհաննիսյանը: Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ այս հայտարարությունը հիմք է տալիս հանձնաժողովին չկատարել կանոնակարգ օրենքի այն պահանջը, ըստ որի հինգ օրը մեկ անգամ պետք է նիստ գումարել հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցով. նա պարզաբանեց՝ այդ նիստերը չեն գումարի այնքան ժամանակ, քանի դեռ թեկնածուի առաջարկ չի լինի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից:  «Առայժմ հասկացա, որ ՔՊ խմբակցությունն այս պաշտոնը թափուր է թողնում նաև հնարավորություն տալով «Հայաստան» խմբակցությանը գալ և նստել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ, քննարկել, թե ում թեկնածությունը կցանկանան ներկայացնել՝ Արթուր Ղազինյանից բացի: Եթե դա չի լինի, պաշտոնը թափուր կմնա, մինչև «Հայաստան» խմբակցությունը կկողմնորոշվի»,- եզրափակեց Քոչարյանը:
13:35 - 11 հունվարի, 2022
Զոհված կամ անհետ կորած զինծառայողների քույրերը կամ եղբայրները կարող են փոխհատուցում ստանալ, եթե նա չունի ծնողներ կամ կին․ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց |1lurer.am|

Զոհված կամ անհետ կորած զինծառայողների քույրերը կամ եղբայրները կարող են փոխհատուցում ստանալ, եթե նա չունի ծնողներ կամ կին․ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց |1lurer.am|

1lurer.am: ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ««ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին: «Օրենքի նախագծով նախատեսվում է, որ զոհված կամ անհայտ բացակայող ճանաչված զինծառայողների ամուսինները, զավակները և ծնողները ստանում են փոխհատուցում: Բայց մենք ունենք նաև զոհված կամ անհետ կորած զինծառայողներ, ովքեր 18 տարեկան էին, ամուսնացած չէին, չունեին կին, զավակներ, նաև ծնողներ. իմ տեղեկություններով՝ խոսքը 16 զինծառայողի մասին է: Անհրաժեշտություն եմ տեսել, որ նման իրավիճակում օրենքում կատարենք փոփոխություն, որպեսզի նրանց քույրերը կամ եղբայրները փոխհատուցում ստանան»,- ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը: Հայկ Սարգսյանը նշեց, որ խնդրահարույց իրավիճակներից խուսափելու համար գումարը բաշխվելու է հավասարաչափ ընտանիքի անդամների միջև: Նրա խոսքով՝ փոխհատուցումը տրամադրելու է Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման հիմնադրամը: Քննարկմանը ներկա ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանն էլ ներկայացրեց նախագծի վերաբերյալ Կառավարության դիրքորոշումը: «Ներկայացված օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ Կառավարությունը սկզբունքորեն առարկություններ չունի: Առաջարկվում է հատուցում ստացող շահառուների խմբում ներառել նաև զոհված կամ անհայտ բացակայող ճանաչված զինծառայողի քրոջը, եղբորը, պապին, տատին, ինչպես նաև զինծառայողի հետ չգրանցված ամուսնության մեջ գտնվող անձին, եթե զինծառայողը չունի ամուսին, ծնող կամ զավակ: Առաջարկել ենք նաև զինծառայողի հետ չգրանցված ամուսնության մեջ գտնվող անձին շահառու ճանաչել միայն այն դեպքում, եթե այդ անձը և զինծառայողն ունեն համատեղ զավակ, ինչպես նաև զինծառայողի եղբորը և քրոջը շահառու ճանաչել միայն այն դեպքում, եթե տվյալ զինծառայողի մասով նախկինում որևէ այլ շահառու գումար չի ստացել»,- ասաց Սարգսյանը: 
12:17 - 11 հունվարի, 2022
Պատգամավորն ԱԺ հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը կարգավորող առաջարկ արեց |armenpress.am|

Պատգամավորն ԱԺ հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը կարգավորող առաջարկ արեց |armenpress.am|

armenpress.am: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը առաջարկում է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 138-րդ հոդվածը լրացնել նոր՝ 11.1-րդ մասով, ըստ որի՝ եթե մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալը չի ընտրվում, ապա իրավասու խմբակցությունը քվեարկությունից հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում առաջադրում է նոր թեկնածու: Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Գաբրիելյանը նշեց, որ նախագծի առաջարկվող օրենսդրական կարգավորումները կկարգավորեն Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը եւ կապահովվի մշտական հանձնաժողովի աշխատանքների բնականոն ընթացքը: Գաբրիելյանը նշեց, որ նախագծի ընդունումը պայմանավորված է  «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում առկա բացը կարգավորելու  անհրաժեշտությամբ, մասնավորապես, գործող իրավակարգավորումներով իրավասու խմբակցությունն անընդհատ կարող է առաջադրել մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի նույն թեկնածուին, ում հանձնաժողովի անդամների մեծամասնությունը չի ընտրում: «Սրա հետեւանք կարող է դառնալ այն, որ ՀՀ Ազգային ժողովի ցանկացած հանձնաժողով կարող է բախվել այս խնդրին եւ ամբողջ գումարման ընթացքում չունենա մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ: Նախագծով առաջարկվում է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում կատարել լրացումներ, որով սահմանվում է՝ եթե մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու առաջադրելու իրավունք ունեցող խմբակցությունը հինգ աշխատանքային օրվա ընթացքում մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի նոր թեկնածու չառաջադրի, ապա տվյալ պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքը կանցնի 4-րդ մասով սահմանված կարգով խմբակցությունների գործակիցների հաշվարկի սկզբում ամենամեծ գործակիցն ունեցող խմբակցությանը»,- ասաց Գաբրիելյանը: Պատգամավորը նշեց, որ գործնականում պարզ է դարձել, որ այս մասով Օրենքն ունի բաց. մասնավորապես, 8-րդ գումարման ՀՀ Ազգային ժողովի Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը տեւական ժամանակ չի կարողանում ընտրել հանձնաժողովի նախագահի տեղակալ: «Իրավասու խմբակցությունն անընդհատ առաջադրում է նույն թեկնածուին, ում հանձնաժողովի անդամների մեծամասնությունը չի ընտրում: Այս բացը չկարգավորելու հետեւանք կարող է դառնալ այն, որ ՀՀ Ազգային ժողովի ցանկացած հանձնաժողով կարող է բախվել նույն խնդրին եւ ամբողջ գումարման ընթացքում չունենա մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ»,- եզրափակեց Գաբրիելյանը:
11:22 - 11 հունվարի, 2022