«Հայաստան» դաշինք

The “Armenia” (Hayastan) alliance was founded in 2021 to participate in the snap parliamentary elections.

The alliance was created by Robert Kocharyan, the "Armenian Revolutionary Federation" and the "Reviving Armenia" parties. The electoral list is headed by Robert Kocharyan.

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները որևէ կերպ չեն մասնակցի Հանրապետության նախագահի ընտրությանը․ հայտարարություն

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները որևէ կերպ չեն մասնակցի Հանրապետության նախագահի ընտրությանը․ հայտարարություն

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հայտարարություն են տարածել․ «Հայաստանի Սահմանադրությունը պահանջում է, որ Հանրապետության նախագահը պետք է լինի անաչառ, առաջնորդվի համազգային և համապետական շահերով: Հայաստանն այսօր ներքին ու արտաքին լրջագույն մարտահրավերներ է դիմագրավում: Համազգային համախմբումը, հանրային համերաշխությունն այլընտրանք չունեն: Բայց երկիրը կործանման եզրին հասցրած, հասարակությունը պառակտած այս իշխանությունը որոշել է շարունակել նույն գործելաոճը և առաջնորդվել ոչ թե պետական, այլ միմիայն իր նեղ թիմային շահերով: Չնայած Նախագահի ինստիտուտը պետք է հանդես գա որպես իրապես չեզոք և հասարակությանը համախմբող ինստիտուտ, օրվա իշխանությունը որոշել է առաջադրել և միայնակ ընտրել բացառապես սեփական ուժի Հանրապետության նախագահ: Միջազգային հանրությունը անգործություն և լռություն է պահպանում ժողովրդավարության նահանջի ակնհայտ փաստերի հանդեպ, այդ թվում` մեկ անձի բռնապետության ձևավորման առումով: Մենք քննարկել ենք թեկնածու առաջադրելու նպատակահարմարությունը, սակայն ստեղծված իրավիճակում անընդունելի եւ սխալ ենք համարում նույնիսկ անուղղակի ձևով այդ ընտրության լեգիտիմացմանը մասնակցելը: Ելնելով այս հաստատումներից Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները որոշել են որևէ կերպ չմասնակցել Հանրապետության նախագահի ընտրությանը»։
12:33 - 04 փետրվարի, 2022
Աղվան Վարդանյանն առաջարկում է ընդլայնել պետական դրոշի գործածման տարածքները |armenpress.am|

Աղվան Վարդանյանն առաջարկում է ընդլայնել պետական դրոշի գործածման տարածքները |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը առաջարկում է Հայաստանի կրթական, գիտական, մշակութային եւ մարզական բոլոր կազմակերպությունների, ինչպես նաեւ պետության եւ համայնքի կողմից հիմնադրված բոլոր իրավաբանական անձանց համար սահմանել պետական դրոշի գործածման պարտականություն: Պատգամավորը նաև առաջարկում է օրենքի մակարդակով կանոնակարգել պետական խորհրդանիշների հետ ուղղակիորեն աղերսվող երեք տոների՝ Սահմանադրության օրվա, Հանրապետության եւ Անկախության տոների ժամանակ հանրային օգտագործման վայրերին հարող շենքների վրա պետական դրոշի գործածման կարգը: «Պետական խորհրդանիշներից դրոշը ամենատարածվածն է, և ականատես ենք լինում, որ, օրինակ` Վրաստանում, Թուրքիայում, Հունաստանում, ԱՄՆ-ում յուրաքանչյուր քայլափոխի տվյալ պետության դրոշն է: Սա նաև հանրության, հատկապես երիտասարդության, երեխաների շրջանում պետության խորհրդանիշների հանդեպ հարգանքի վկայություն է: Հայաստանում, իհարկե, գործում է պետական դրոշի մասին օրենք, բայց այս նախաձեռնությամբ առաջարկվում է ընդլայնել դրոշի գործածման տարածքները»,- պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց Աղվան Վարդանյանը: Պատգամավորի խոսքով նախագծերի փաթեթով լուծվում է նաեւ մեկ այլ կարեւոր հարց՝ կապված «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» օրենքի գործնական կիրարկումն ապահովելու օրենսդրական հիմքերի ձեւավորման հետ: «Խնդիրն այն է, որ «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» օրենքի 10-րդ հոդվածով սահմանվում է. «Սույն օրենքի պահանջների խախտումը առաջացնում է պատասխանատվություն օրենքով սահմանված կարգով», սակայն օրենքով սահմանված պահանջների խախտման համար որեւէ օրենքով պատասխանատվություն սահմանված չէ: Նշեմ նաեւ, որ Քրեական օրենսգրքի 331-րդ հոդվածով սահմանված պատասխանատվությունը կապված է պետական խորհրդանիշները, այդ թվում՝ պետական դրոշն անարգելու հետ եւ չի վերաբերում «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» օրենքի պահանջների խախտմանը: Այդ կապակցությամբ առաջարկվում է «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» օրենքի պահանջների որոշակի խախտումների համար սահմանել վարչական պատասխանատվություն»,- ասաց Վարդանյանը: Հաշվի առնելով օրենքն ընդունելու դեպքում Հայաստանի Հանրապետության դրոշներ ձեռք բերելու անհրաժեշտությունը, օրենքի ուժի մեջ մտնելու համար սահմանվել է եռամսյա ժամկետ:
12:01 - 04 փետրվարի, 2022
Դատական իշխանության նկատմամբ հարձակումները և իրավական ամենաթողությունը հասել են աննախադեպ ծավալների․ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններ

Դատական իշխանության նկատմամբ հարձակումները և իրավական ամենաթողությունը հասել են աննախադեպ ծավալների․ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններ

ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները համատեղ հայտարարություն են տարածել․ «Հայաստանում գործադիր իշխանությունը հերթական հարձակումն է նախաձեռնել դատարանների անկախության նկատմամբ: Քաղաքակիրթ աշխարհում աննախադեպ է, որ դատավորի կայացրած դատական ակտը վերաքննության կարգով բողոքարկելու փոխարեն իրավապահները քրեական հետապնդման ենթարկեն դատավորին: Նշվածը ստեղծելու է մի իրավիճակ, երբ դատական համակարգն այլևս վերածվելու է իրավապահների կախյալ գործիքի: Այս ապօրինությունների շղթան տեղի է ունեցել Բարձրագույն դատական խորհրդի միաձայն աջակցությամբ և միջազգային հանրության, Հայաստանում հավատարմագրված դեսպանների լռության ներքո: Հատկանշական է, որ, չնայած վերջին չորս տարիների ընթացքում դատական համակարգի նկատմամբ գործադիրի իրականացրած բազմաթիվ խայտառակ հարձակումներին, վերջին շրջանում իշխանությունների համար անցանկալի դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներին, քրեական հետապնդումներին, այժմ արդեն դատավորին ապօրինի կալանավորելու գործընթաց է սկիզբ առել: Վարչական դատարանի, Դատավորների միության նախագահի և մասնագիտական հանրույթի՝ հրապարակային կերպով արտահայտած մտահոգությունները վկայում են, որ դատական իշխանության նկատմամբ իրականացվող հարձակումները և իրավական ամենաթողությունը հասել են աննախադեպ ծավալների։ Հաշվի առնելով վերոնշյալը՝ կոչ ենք անում բոլոր առողջ քաղաքական և հասարակական ուժերին, փաստաբանական համայնքին՝ լծվել դատական իշխանությանը և դատավորներին իշխանական հարձակումներից պաշտպանելու գործին, դատական իշխանության մարմիններին, դատավորներին` անմասն չմնալ իրենց գործընկերների նկատմամբ կիրառվող բռնաճնշումների վերաբերյալ հստակ դիրքորոշում արտահայտելուց: Միջազգային կառույցների ուշադրությունն ենք հրավիրում և պահանջում, իրենց մանդատներին համապատասխան, արձագանքել ՀՀ-ում ժողովրդավարության տապալման աղաղակող փաստերին եւ գիտակցել իրենց պատասխանատվության բաժինը»։
17:22 - 03 փետրվարի, 2022
Ընդդիմությունը վերջնական որոշում չունի նախագահի թեկնածու առաջադրելու հարցի վերաբերյալ |armenpress.am|

Ընդդիմությունը վերջնական որոշում չունի նախագահի թեկնածու առաջադրելու հարցի վերաբերյալ |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի  «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները շարունակում են քննարկումները նախագահի թեկնածու առաջադրել կամ չառաջադրելու հարցի շուրջ: «Որոշման մասին դեռ չեմ կարող ասել, բայց քննարկումները շարունակվում են և նախագահի թեկնածու առաջադրման կամ չառաջադրման վերաբերյալ որոշման մասին պատշաճ ժամկետներում տեղյակ կպահենք»,- ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Հարցին` թե արդյոք այդ հարցի շուրջ քննարկումներ եղել են «Պատիվ ունեմ» խմբակցության հետ, Մանուկյանը պատասխանեց, որ պաշտոնական քննարկումներ դեռ չեն եղել: «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը ասաց, որ  խմբակցությունը չունի բավարար պատգամավորների թիվ միայնակ նախագահի թեկնածու առաջադրելու համար, բայց այս պահին իրենք խորհրդակցություններ են անցկացնում «Հայաստան» խմբակցության հետ: «Արդյունքների մասին անպայման կտեղեկացնենք»,- ասաց Մամիջանյանը:
11:46 - 02 փետրվարի, 2022
Իշխանությունները հայտարարել են՝ չեն էլ ակնկալում, որ իրենց թեկնածուն պետք է ԱԺ 3/4-ը ունենա․ արդեն երկրորդ փուլի մասին են մտածում․ Արամ Վարդևանյան |factor.am|

Իշխանությունները հայտարարել են՝ չեն էլ ակնկալում, որ իրենց թեկնածուն պետք է ԱԺ 3/4-ը ունենա․ արդեն երկրորդ փուլի մասին են մտածում․ Արամ Վարդևանյան |factor.am|

factor.am: Արմեն Սարգսյանի լիազորությունները, որպես Հանրապետության նախագահ, դադարել են այսօր, 5-օրյա ժամկետ կա թեկնածու առաջադրելու կամ չառաջադրելու համար: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը: «Սահմանադրությունը նախատեսում է, որ ընդդիմությունը նույնպես կարող է թեկնածու առաջադրել, բայց այս հարցը պետք է քննության առարկա դառնա՝ առաջադրել թե ոչ: Այս իշխանությունները հայտարարել են, որ իրենք չեն էլ ակնկալում, որ իրենց թեկնածուն պետք է ԱԺ-ի 3/4-ը ունենա: Այսինքն՝ իրենք արդեն երկրորդ փուլի մասին են մտածում: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ վերաբերմունք է Սահմանադրության նկատմամբ, նախագահի ինստիտուտի նկատմամբ: Ի վերջո, այդ 3/4-ը ինչի՞ են գրել Սահմանադրության մեջ, գրել են նրա համար, որ այդ բոլոր քաղաքական ուժերը մտածեն՝ այնպիսի թեկնածու առաջադրել, որը կարողանա նման լեգիտիմությունը ունենա, անկախություն ունենա, որ կարողանա իր գործունեությունը իրականացնել… Իրենք նույն ոգևորությամբ ասում են, որ մեկ ուժով կարողացել են ընտրել ՄԻՊ-ին: Սա շատ վատ բան է»,- նշեց պատգամավորը:
15:52 - 01 փետրվարի, 2022
Պատգամավորն առաջարկում է Մարաղայի զոհերի հիշատակի օր սահմանել |hetq.am|

Պատգամավորն առաջարկում է Մարաղայի զոհերի հիշատակի օր սահմանել |hetq.am|

hetq.am: Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանն առաջարկում է ապրիլի 10-ը սահմանել Մարաղա գյուղի խաղաղ բնակչության ջարդի զոհերի հիշատակի օր: Պատգամավորը փոփոխություններ է առաջարկում «Տոների և հիշատակի մասին» օրենքում: Մարաղան քաղաքատիպ ավան է Արցախի Մարտակերտի շրջանում, սահմանակից է Ադրբեջանի Թարթառի (Միրբաշիր) շրջանին: Ըստ 1989 թ. բնակչության մարդահամարի տվյալների՝ ավանում բնակվում էր 4660 մարդ։ 1992 թ. ապրիլից մինչ օրս ավանը գտնվում է Ադրբեջանի վերահսկողության ներքո: 1992 թ. ապրիլի 10-ին Մարաղայում ադրբեջանական ռազմական հանցագործության ժամանակ դաժանաբար խոշտանգվել ու զոհվել է ավելի քան 50 մարդ, այդ թվում՝ 30 կին։ Նախագծում հիշատակվում է Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ և պալատի նախկին փոխխոսնակ, իրավապաշտպան բարոնուհի Քերոլայն Քոքսի՝ ողբերգությունից հետո ավան այցի մասին: Ըստ վերջինիս վկայակոչման՝ սպանված բնակիչների մարմիններն անդամահատված, այլանդակված և հրկիզված են եղել։ Բարոնուհի Քոքսը Մարաղան անվանել է «ժամանակակից Գողգոթա, միայն թե՝ շատ ավելի սարսափելի»։ Մարաղայի ջարդերի ու աննախադեպ դաժանության մասին փաստում է նաև Թոմաս դե Վալը իր` «Սև այգի. Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության և պատերազմի միջև» աշխատությունով: Մարաղայի ջարդերի կազմակերպիչները չեն պատժվել, ջարդերի կազմակերպիչ, «Գուրթուլուշ» գումարտակի հրամանատար Շահին Թալիբ օղլի Թագիևը Ադրբեջանի նախագահի 23.06.1993թ. թիվ 6 հրամանով արժանացել է Ադրբեջանի ազգային հերոսի կոչման: Ըստ նախագծի հեղինակի՝ նման հանցագործությունների կազմակերպիչների և իրագործողների անպատժելիությունը պարարտ հող է ստեղծել Ադրբեջանում հայերի նկատմամբ ատելության՝ որպես պետական քաղաքականություն արմատավորման և այլատյացության, ինչն էլ առավել քան ցայտուն դրսևորվել է նաև 2020թ. սեպտեմբերի 27-ին Արցախի վրա հարձակմամբ: Ուստի պատգամավորն առաջարկում է «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում սահմանել Մարաղա գյուղի խաղաղ բնակչության ջարդի զոհերի հիշատակի օր՝ զոհերի հիշատակը հարգելու և մարդկության ու համամարդկային արժեքների դեմ ուղղված այդ հանցավոր արարքին գնահատական տալու համար: Որպես հիշատակի օր առաջարկվում է սահմանել Մարաղայի վրա ադրբեջանական զորքերի հարձակման օրը` ապրիլի 10-ը: Նշենք, որ նախագիծը նիստերի օրակարգում ներառվելու համար պետք է նախ գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը ստանա:
12:46 - 01 փետրվարի, 2022
Ընդդիմադիր 6 պատգամավոր՝ ապօրինի գույքի բռնագանձման օրենքի թիրախում․ ԱԺ ⅕-ը դիմել է ՍԴ |fip.am|

Ընդդիմադիր 6 պատգամավոր՝ ապօրինի գույքի բռնագանձման օրենքի թիրախում․ ԱԺ ⅕-ը դիմել է ՍԴ |fip.am|

fip.am: Ազգային ժողովի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների 6 պատգամավորների պատկանող գույքի ծագման օրինականությունն ուսումնասիրվում է ՀՀ դատախազության՝ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում։  Այս մասին, հարցմանն ի պատասխան, հայտնում են ՀՀ դատախազությունից:   Միևնույն ժամանակ, մեկ այլ հարցմանն ի պատասխան, Սահմանադրական դատարանից հայտնեցին, որ ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցություններից 26 պատգամավորներ՝ խորհրդարանի մեկ հինգերորդը, դիմել են Սահմանադրական դատարան՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը հակասահմանադրական ճանաչելու հայցով:  ՍԴ-ից պարզաբանեցին, որ հայտը դեռևս վարույթ չի ընդունվել և նախնական ուսումնասիրության փուլում է։  Դատարան դիմած պատգամավորների անուններն ի հայտ կգան հայցի վարույթ ընդունվելու դեպքում։ Մինչ այդ փաստենք, որ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորների մեծ մասը վիճարկում է մի օրենքի սահմանադրականությունը, որն անմիջապես վերաբերում է իրենց պատգամավոր գործընկերների անձնական շահերին։    «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքն ընդունվել է 2020 թվականի ապրիլի 16-ին։  Ըստ օրենսդրական փաթեթի հիմնավորման, «առանց մեղադրական դատավճռի ակտիվների բռնագանձման մեխանիզմը․․․ թույլ է տալիս անօրինական ճանապարհով ստացված գույքի վրա արգելանք կիրառել և այն բռնագանձել առանց անձի նկատմամբ մեղադրական դատավճռի կայացման։ Սա հատկապես կարևոր գործիք է, այն դեպքերի համար, երբ քրեական հետապնդումն իրականացնելն անհնար է օբյեկտիվ պատճառներով»։    Նանե Մանասյան
15:19 - 31 հունվարի, 2022
ԵԽԽՎ–ն «ժողովրդավարական» է համարում խոսքի ազատության նոր սահմանափակումները, չի անդրադարձել գործադիրի կողմից դատարանների էլեկտրոնային մակագրման համակարգի առգրավվմանը․ «Հայաստան» խմբակցություն

ԵԽԽՎ–ն «ժողովրդավարական» է համարում խոսքի ազատության նոր սահմանափակումները, չի անդրադարձել գործադիրի կողմից դատարանների էլեկտրոնային մակագրման համակարգի առգրավվմանը․ «Հայաստան» խմբակցություն

ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հայտարարություն է տարածել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» թեմայով բանաձևի վերաբերյալ, որում ասվում է․«Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» թեմայով բանաձևի վերաբերյալ ցանկանում ենք արձանագրել.1) 44-օրյա պատերազմի սանձազերծմանը, ադրբեջանա-թուրքական ագրեսիային, ուժի կիրառմանը, պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից միջազգային հումանիտար սկզբունքների կոպիտ խախտումներին, ինքնորոշման իրավունքի նսեմացման ու մինչ օրս հայ ռազմագերիների առկայության փաստի, պատերազմից հետո Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ շարունակական ագրեսիայի իրականացման, թշնամական հռետորաբանության և ուժի ու ուժի սպառնալիքի շարունակական կիրառման վերաբերյալ` Եվրոպական կառույցները զբաղված էին ու զբաղված են խրախուսող աչքակապությամբ, իսկ արձագանքելիս փորձում են «հավասարության» նշան դնել Հայաստանի ու Ադրբեջանի միջև, ինչն անհեթեթություն է: Հատկանշական է, որ ռազմագերիների ապօրինի պահումից ավելի նվազ իրավունքների խախտումներով նույն կառույցը հանդես էր գալիս պետության նկատմամբ կոնկրետ սահմանափակումների (սանկցիաների) առաջարկով, իսկ այս դեպքում` Ադրբեջանին ու Թուրքիային անպատժելիության ուղերձ է հղում:2) ԵԽԽՎ-ն որևէ կերպ չի անդրադարձել նախընտրական և հենց ընտրությունների օրը վարչական ռեսուրսի ու ընտրական արձանագրված այլ խախտումներին, շուրջ վեց ամիս ԱԺ երեք ընդդիմադիր պատգամավորների ապօրինի կալանավորմանը, ընդդիմադիր պատգամավորների տեղաշարժի հակասահմանադրական սահմանափակմանը, 2021 թվականին 80%-ից ավելի կալանավորումներին, քաղաքական հետապնդումներին և կալանքներին, «կալանքի դատարանների» ստեղծմանը:3) ԵԽԽՎ-ն փաստորեն չի էլ արձագանքել դատարանների էլեկտրոնային մակագրման համակարգի՝ շուրջ ութ ամիս գործադիրի կողմից առգրավվման ու մինչ օրս բոլոր գործերի «ձեռքով» մակագրման հակասահմանադրական պրակտիկային կամ ՏԻՄ ընտրությունների ու հետընտրական փուլում ընտրողների կամքի անտեսման փաստերին:4) ԵԽԽՎ «ժողովրդավարական» է համարում խոսքի ազատության նոր սահմանափակումները և չի էլ նկատել լրագրողների իրավունքների խախտման դեպքերը Ազգային ժողովում: Թվարկված բոլոր խնդիրների փաստական հանգամանքները դեռևս 2021 թվականի նոյեմբերի 4-ին ներկայացվել էին ԵԽԽՎ-ին՝ թե’ բանավոր, և թե’ գրավոր կարգով»:
18:49 - 29 հունվարի, 2022
Քննարկման փուլում ենք, առաջիկայում կներկայացնենք մեր որոշումը․ Արծվիկ Մինասյանը՝ նախագահի թեկնածու առաջադրելու մասին |tert.am|

Քննարկման փուլում ենք, առաջիկայում կներկայացնենք մեր որոշումը․ Արծվիկ Մինասյանը՝ նախագահի թեկնածու առաջադրելու մասին |tert.am|

tert.am: Մենք ներկայումս քննարկման փուլում ենք։ Մի քանի չափանիշներ նկատի առնելով՝ առաջիկայում ավելի կոնկրետ կհայտարարենք։ Այս մասին ԱԺ խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով հարցին՝ քննարկու՞մ են նախագահի թեկնածուի տարբերակներ, առաջադրման հարց։ Հարցին՝ քննարկում են առաջադրելու՞ են, թե՞ ոչ, Մինասյանն արձագանքեց՝ միանշանակ։ «Այն չափանիշները, որոնք ամրագրված են նաև Սահմանադրությամբ և ենթադրում են նախագահի կարգավիճակի՝ համազգային նպատակների հետապնդող և համախմբում ապահովող անձին բնորոշ չափանիշներ, բնականաբար թեկնածության և առաջադրման մասով կներկայացնենք մեր որոշման մասին»,-ասաց նա։ Դիտարկմանը, որ ըստ Նիկոլ Փաշինյանի՝ նախագահը պետք է ներդաշնակ լինի իշխող ուժի հետ, Մինասյանն արձագանքեց, թե առաջիկայում ավելի հստակ կներկայացնեն իրենց չափանիշները։ «Նիկոլ Փաշինյանի խոսքը վերաբներում էր իր իշխանությանը, և ակնհայտ էր, որ այս խոսքի մեջ չկար այն հիմնական նպատակադրումը, որն անհրաժեշտ է մեր այսօրվա վիճակից դուրս գալու համար։ Նախագահը չի կարող միայն քաղաքական մեծամասնության «սրտի» նախագահը լինել»,-ասաց Մինասյանը։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի կարծիքով էլ՝ Փաշինյանի այդ հայտարարությունը նշանակում է, որ նա որպես ՀՀ նախագահ ուզում է տեսնել մեկին, որն ընդհանրապես որևէ առարկություն չի հնչեցնի որևէ հարցի վերաբերյալ։ «Այսինքն՝ մարդ, որը լուռ կլինի և անհաղորդ կլինի երկրում ստեղծված իրավիճակին»,-նշեց պատգամավորը։
12:37 - 25 հունվարի, 2022
ՄԻՊ թեկնածուն ծպտուն չի հանի, որովհետև նրան հենց դրա համար են նստեցնում այդ պաշտոնին․ Ա. Մանուկյան |hetq.am|

ՄԻՊ թեկնածուն ծպտուն չի հանի, որովհետև նրան հենց դրա համար են նստեցնում այդ պաշտոնին․ Ա. Մանուկյան |hetq.am|

hetq.am: Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջադրված Քրիստինե Գրիգորյանի վերաբերյալ հարցի քննարկմանը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանն անդրադարձավ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հարսանյաց արարողությանը: Նա միացրեց ձայնագրություն, որտեղ Պապիկյանը անդրադառնալով կորոնավիրուսային համավարակին, նշել էր, որ շարունակում է խնդիր մնալ հավաքույթներ և մասնավորապես հարսանյաց հանդեսները: «Յուրաքանչյուրիս գործողությամբ կարող են փրկվել կյանքեր և անգործությամբ կարող են արձանագրվել մահեր: Մեզ պետք է հանրային բարձր գիտակցություն»,-ձայնագրության մեջ ասում էր Պապիկյանը: Պատգամավորի խոսքով` դեռ երեք տարի առաջ Պապիկյանը կերազեր նման օլիգարխիկ հաճույքներին համարժեք հարսանյաց հանդես անել: Այս խոսքերից հետո քաղաքական մեծամասնության պատգամավորներից տեղից արձագանքում էին, սակայն նախագահող Ալեն Սիմոնյանը սաստեց գործընկերներին և զգուշացրեց` դահլիճից կհեռացնի, եթե տեղից խոսեն: «Իմ հիշատակած անձնավորությունը, իր քաղաքական թիմի անդամներն ու իրենց հրահանգավորող ղեկավարը շաբաթ օրը մասնացել են հարսանիքի, հարսանիք, որն իր ճոխությամբ չէր զիջում նախկին իշխանությունների ժամանակ պաշտոնյաների կողմից կազմակերպվող նմանօրինակ միջոցառումներին: Հարսանիք, որն արվում էր նույն ժամանակ, երբ Ադրբեջանը մտել է ինքնիշխան տարածք ու ամիսներով դուրս չի գալիս»,-ասաց Մանուկյանը: Պատգամավորը տարակուսանք հայտնեց, թե հարսանյաց հանդեսի ներկաներից քանիսից են պահանջել պատվաստումը հավաստող տեղեկանք, ինչպես նաև հավելեց` կոռուպցիոն ռիսկի առերևույթ կասկածներ են առաջանում: Շարունակությունը՝ hetq.am-ում
12:38 - 24 հունվարի, 2022
«Հայաստան» դաշինքը բավականին բարձր է գնահատում ՄԻՊ Արման Թաթոյանի՝ մանավանդ 2020թ․ 44-օրյա պատերազմից հետո գործունեությունը․ Սեյրան Օհանյան |tert.am|

«Հայաստան» դաշինքը բավականին բարձր է գնահատում ՄԻՊ Արման Թաթոյանի՝ մանավանդ 2020թ․ 44-օրյա պատերազմից հետո գործունեությունը․ Սեյրան Օհանյան |tert.am|

tert.am: ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության մեջ պետության, հասարակության, անհատի անվտանգության և կայուն զարգացման, գործունեության ընթացքում այնպիսի կարևոր ուղղությունների շարքում, ինչպիսիք ժողովրդավարության հիմունքներն են, դատաիրավական համակարգի անաչառությունը, սոցիալական արդարությունը, անչափ կարևոր դերակատարություն ունի նաև իրավունքի գերակայությունը։ Այս մասին ԱԺ նիստին հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ընտրությանը։ «ՄԻՊ գործունեությունը երկար տարիներ հղկվել է ՀՀ-ում, և «Հայաստան» դաշինքը բավականին բարձր է գնահատում ՄԻՊ Արման Թաթոյանի՝ մանավանդ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո գործունեությունը՝ սահմանային համայնքների, հակառակորդի հետ անմիջական շփման մեջ գտնվող սահմանային բնակչության իրավունքների պաշտպանության հարցերում»,-ասաց նա՝ նշելով, թե Արման Թաթոյանը կարողացել է բարձրացնել բոլոր առկա խնդիրները, թերությունները և հանցագործությունները, որ կատարել է թուրքադրբեջանական տանդեմը։ Շարունակությունը՝ tert.am-ում
11:37 - 24 հունվարի, 2022
Որտեղ հակառակորդը մխրճվել է մեր տարածք, պետք է միակողմանի հետ քաշվի. Սեյրան Օհանյանը՝ հայելային հետքաշման մասին |armenpress.am|

Որտեղ հակառակորդը մխրճվել է մեր տարածք, պետք է միակողմանի հետ քաշվի. Սեյրան Օհանյանը՝ հայելային հետքաշման մասին |armenpress.am|

armenpress.am: ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը շեշտում է՝ ադրբեջանական ուժերը պետք է միակողմանի հետ քաշվեն այն տարածքներից, որտեղ մխրճվել են հայկական տարածք: Օհանյանն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում: Օհանյանը նախ շեշտեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման ու սահմանազատման վերաբերյալ որոշումներ չպետք է ընդունվեն առանց իրավիճակը լիարժեք ուսումնասիրելու: Անդրադառնալով զորքերի հայելային հետքաշման վերաբերյալ հայտարարություններին՝ նա ասաց՝ ի՞նչ է նշանակում հայելային հետքաշում՝ որտե՞ղ, ամբողջ սահմանով մե՞կ, թե՞ այն հատվածներում, որտեղ հակառակորդը մխրճվել է: «Եթե այն հատվածներում, որտեղ հակառակորդը մխրճվել է մեր հատված, ապա ինքը պետք է հայելային միակողմանի հետ քաշվի իր տարածքներ»,- ասաց Օհանյանը՝ շեշտելով, որ այդ ուղղությամբ համապատասխան աշխատանքներ պետք է իրականացնի հայկական կողմը: Խմբակցության ղեկավարը շեշտեց՝ սահմանազատման և սահմանագծման խնդիրները լուծելու համար նախ հակառակորդ, թշնամի պետությունները պետք է վերածվեն հարևան պետությունների: «Պետք է ստեղծվի երկու հարևան պետությունների կառավարությունների խառը հանձնաժողով, և այդ հանձնաժողովները պետք է համապատասխան աշխատանք տանեն՝ այդ ճշգրտումներն իրականացնելու համար: Ադրբեջանը մեզ համար հիմա հարևա՞ն է՝  իր երկրի ղեկավարի ռազմական հռետորաբանությամբ, իր սադրանքներով, ռազմական փոքր լոկալ հարձակումներով ՀՀ սահմանում, էլ չեմ ասում Թուրքիայի ընդգրկվածությունն այդ հատվածում»,- ասաց Օհանյանը: Ըստ Օհանյանի՝ այդ խառը հանձնաժողովներում ամբողջությամբ պետք է վեր հանվեն Խորհրդային Միության ժամանակ գոյություն ունեցած իրավապայմանագրային ամբողջ դաշտը և այն ամբողջ գործողությունները, որոնք տեղի են ունեցել երկու պետությունների միջև: «Միայն այդպիսի լիարժեք խորաթափանց քննարկումներից հետո կարելի է որոշել, թե որտեղով և ինչպես պետք է անցնի սահմանը»,- ասաց նա՝ հավելելով, որ հիմա այս պարագայում հայելային հետքաշումն անիմաստ խոսակցություն է համարում: Անդրադառնալով ՀԱՊԿ-ի աշխատանքին՝ նա ասաց, որ ՀՀ գործող իշխանությունը ցույց է տվել, որ ի վիճակի է աշխատեցնելու այն, Ղազախստանում աշխատեցրել է: «Այդ հարցում մենք ուրախ ենք, որ մեր ղեկավարությունն է այսօր ՀԱՊԿ-ում, եթե այլ տարածաշրջանում՝ միջինասիական տարածաշրջանում ինքը կարողանում է գործարկել, ընդ որում ռազմական խաղաղապահ կոմպոնենտը, ապա պարտավոր է նաև այն գործարկել ՀՀ տարածքում: Իսկ, եթե ՀԱՊԿ-ը չի աշխատում, ապա ինքը պետք է բանակցի, համապատասխան մարտավարություն, ռազմավարություն, մեթոդներ մշակի՝  նրանց հետ աշխատելու»,- ասաց Օհանյանը:  
13:32 - 21 հունվարի, 2022
Երեք տարի շարունակ պետական բյուջեի փողերը գնացել են լոկ կառավարության արածն ու չարածը առավոտից գիշեր քարոզելու համար․ Գեղամ Մանուկյան |tert.am|

Երեք տարի շարունակ պետական բյուջեի փողերը գնացել են լոկ կառավարության արածն ու չարածը առավոտից գիշեր քարոզելու համար․ Գեղամ Մանուկյան |tert.am|

tert.am: Այսօր Ազգային ժողովում, երբ քննարկվում էր Հեռուստատեսության և ռադիոյի Հանձնաժողովի անդամի թեկնածու Արթուր Մանուկյանի թեկնածության հարցը, «Հայաստան» դաշինքի անդամ Գեղամ Մանուկյանը ներկայացրեց հանձնաժողովի անդամի պարտականությունները։ «Երեք տարի շարունակ պետական բյուջեի փողերը գնացել են ոչ թե մշակույթ զարգացնելու, ոչ թե դասական երաժշտությունը ժողովրդի մեջ զարգացնելու, այլ գնացել է լոկ կառավարության արածն ու չարածը առավոտից գիշեր քարոզելու համար»,–ասաց նա։ Գեղամ Մանուկյանը դիմեց նաև լրագրողական համայնքին, հայ հասարակությանը․ «Սիրելի գործընկեր, Հայաստանում արդեն տևական ժամանակ սկսել է ձեր նկատմամբ տեռոր, հարձակում, ԱԺ ամբիոնից ամենավերջին բառերն են ասում, սրա դեմը չառնելու դեպքում ինչպես դատարաններն էին շրջափակում, նույն կերպ ձեր խմբագրություններն են շրջափակելու»,–ասաց նա և նշեց, որ լրագրողները բացի մեկ-երկու հայտարարություններից, կտրուկ  գործողությունների չեն դիմում։
12:10 - 21 հունվարի, 2022
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը կարգավորող նախագիծը |armtimes.com|

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը կարգավորող նախագիծը |armtimes.com|

armtimes.com: ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քիչ առաջ ընդունել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի ներկայացրած օրենքի նախագիծը, որը նպատակ ունի կարգավորել ԱԺ հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը: Նախագիծը ԱԺ քվեարկությամբ ստացավ 68 «կողմ», 33 «դեմ» ձայներ, 3 բացակա պատգամավորներ ծրարով թողել էին իրենց քվեարկությունները: Վիլեն Գաբրիելյանը հիշեցրել էր, որ 8-րդ գումարման ԱԺ-ի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը չի կարողանում  ընտրել նախագահի տեղակալ: Իրավասու խմբակցությունն անընդհատ առաջադրում է նույն թեկնածուին՝ Արթուր Ղազինյանին, սակայն հանձնաժողովի մեծամասնությունը թեկնածուին չի ընտրում, և կանոնակարգը տվյալ խնդիրը չի կարգավորում: Այսպիսով` պատգամավորն առաջարկում է սահմանել, որ մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալը չի ընտրվում, ապա իրավասու խմբակցությունը քվեարկությունից հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում առաջադրում է նոր թեկնածու, որի դեպքում եթե նոր թեկնածուն չընտրվի, ապա դրանից առաջ առաջադրված մարդը կրկին կարող է առաջադրվել:
11:47 - 20 հունվարի, 2022
Առհասարակ, դեմ չենք Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանը, բայց խնդիրն է՝ ի՞նչ գնով. Իշխան Սաղաթելյան |armenpress.am|

Առհասարակ, դեմ չենք Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանը, բայց խնդիրն է՝ ի՞նչ գնով. Իշխան Սաղաթելյան |armenpress.am|

armenpress.am: Հայ-թուրքական սահմանի բացումը և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պետք է դիտարկել ընդհանուր փաթեթի մեջ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի նախագահի տեղակալ Իշխան Սաղաթելյանը։ «Մենք, առհասարակ, դեմ չենք այդ հարաբերությունների հաստատմանը, բայց խնդիրն է՝ ինչ գնով և ինչի հաշվին։ Գտնում ենք, որ այս իշխանությունները ի վիճակի չեն ամենամեծ ցանկության դեպքում նույնիսկ պաշտպանել Հայաստանի Հանրապետության շահերը։ Եթե իրենք ասում են, որ նախկինում ևս բանակցություններ եղել են Թուրքիայի հետ, ապա նախկինում նաև բանակցություններ են եղել Ադրբեջանի հետ, բայց զիջումներ և կորուստներ չենք ունեցել։ Թուրքիան նույն Թուրքիան է, Բայց Հայաստանը նույն Հայաստանը չի պատերազմից հետո, հետևաբար, նրանք երկիրը տանում են մի շատ վտանգավոր ցիկլ։ Եթե առաջինի դեպքում իշխանությունների բանակցությունների արդյունքում ունեցանք Արցախի տարածքների մեծ կորուստ, այս պարագայում Հայաստանի գոյությունն է դրվում հարցականի տակ»,- ասաց Սաղաթելյանը։ ԱԺ նախագահի տեղակալն ասաց, որ ՀՅԴ-ն, անկախ նրանից՝ եղել է իշխանություն, թե ընդդիմություն, իր հարցերի և տեսակետների մեջ երբեք փոփոխություն չի ունեցել։ «Մենք ըմբռնումով ենք մոտեցել Հայաստանի Հանրապետության քաղաքականությանը՝ առանց նախապայմանների Թուրքիայի հետ բանակցություններ վարելու իմաստով։ Մենք նախապայման չենք դրել, որ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչվի, որից հետո նոր տեղի ունենա բանակցությունները, բայց որևէ զիջում, որևէ նախապայմանի բավարարում մեր կողմից անհանդուրժելի է, և կապ չունի՝ որ իշխանության օրոք կլինի»,- ասաց Սաղաթելյանը։
15:17 - 18 հունվարի, 2022
Պետությունը պետք է միջոցներ ձեռնարկի սոցիալական համերաշխության կոնտեքստում. Վարդևանյանը՝ ՊՇՌ թեստերի մասին |armenpress.am|

Պետությունը պետք է միջոցներ ձեռնարկի սոցիալական համերաշխության կոնտեքստում. Վարդևանյանը՝ ՊՇՌ թեստերի մասին |armenpress.am|

armenpress.am: Սահմանադրական դատարանի՝ կորոնավիրուսի դեմ ՊՇՌ թեսթերի վերաբերյալ որոշման մեջ որևէ հիշատակում չկա բարերարի, բարեկամի, հարևանի հաշվին թեստ հանձնելու մասին, այլ կա հիշատակում պետության մասին։ Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։ «Մասնավորապես, ՍԴ որոշման մեջ բառացիորեն գրված է, որ պետությունը պետք է միջոցներ ձեռնարկի սոցիալական համերաշխության օրակարգով։ Եվ այդ միտքը ասում է, որը բոլորս գիտենք, թե Հայաստանի Հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավարձը 68 հազար դրամ է, ՊՇՌ թեստերի ծախսերը 15 հազարից մինչև 40 հազար դրամ կարող են լինել։ Եվ այդ կոնտեքստում պետությունը պետք է միջոցներ ձեռնարկի սոցիալական համերաշխության օրակարգով։ Եթե այս իշխանությունները այս պարզ ճշմարտությունը չեն ուզում ընկալել, չեն ցանկանում ընկալել, դրա հետևանքները իրենք կրելու են այս կամ այլ ձևով, որովհետև մարդկանց վրա հակասահմանադրական պարտականություն դնելը ինքնին ևս հետևանքներ պետք է առաջացնի»,- նշեց Վարդևանյանը։ Պատգամավորն ընդգծեց, որ Սահմանադրական դատարանը այդ հարցի լուծումը տվողը չէ, որովհետև ՍԴ-ն չի կարող վերածվել գործադիր իշխանության, բայց ՍԴ-ն կարող է հուշում և ուղենիշ տալ գործադիրին, և դա ՍԴ-ն արել է։ «Ինչո՞ւ է ՍԴ-ն վերլուծել, որ նվազագույն աշխատավարձը ցածր է, ՊՇՌ թեստերի գները բարձր են։ Այդ ինչո՞ւ է արվում։ Առողջապահության նախարարի կամ այս իշխանությունների ընկալմամբ դա արվում է նրա համար, որ մարդիկ բարերարներ, հարևաններ կամ բարեկամներ գտնեն»,- ասաց Վարդևանյանը։ Պատգամավորն ընդգծեց՝ այստեղ ամենազորեղը Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պետք է լինեն։ Վարդևանյանը քաղաքացիներին խորհուրդ է տալիս գործատուների հետ համատեղ դնել այս հարցը Կառավարության առջև։ «Եթե իշխանությունը լինում է իրավունքի կողքը կանգնած, իրավունքը հարգող, սահմանադրությունը հարգող, նման իրավիճակներ չեն առաջանում։ ՍԴ որոշումից հետո իշխանությունն անմիջապես ներողություն է խնդրում, ի դեպ, սա շատ մարդկային եմ ասում, դրանից հետո ասում է, որ նախորդ կատարված բոլոր ծախսերի մասով իրենց վրա փոխհատուցման բեռը չլինի, բայց նոր ծախսերը կսկսեն փոխհատուցել։ Այստեղ առաջանում է սոցիալական համերաշխություն»,- ասաց Վարդևանյանը։
13:15 - 18 հունվարի, 2022