Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Վովայի Փաշինյան, ՀՀ գործող վարչապետն է։ ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։

Ծնվել է 1975 թվականի հունիսի 1-ին՝ Իջեւան քաղաքում։ 1999-2012 թվականներին եղել է քաղաքական ուղղվածության «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը, 2012 թվականի մայիսի 6-ից մինչեւ վարչապետի պաշտոնում ընտրվելը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր` ընդդիմադիր «Ելք» խմբակցությունից։ Որպես կուսակցական գործիչ համարվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, ինչպես նաեւ «Իմպիչմենտ» եւ «Ելք» դաշինքների համահիմնադիր։

2018 թվականին Սերժ Սարգսյանի երրորդ պաշտոնավարման դեմ պայքարող Նիկոլ Փաշինյանը սկսում է «Իմ քայլը» նախաձեռնությունը եւ իր համախոհների հետ միասին Գյումրուց քայլարշավով ուղեւորվում Երեւան։  Գործողությունների արդյունքում ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս։

Մայիսի 8-ին Փաշինյանն ընտրվում է Հայաստանի Հանրապետության 16-րդ վարչապետ։ Վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանը վերընտրվում է 2018-ի դեկտեմբերի և 2021-ի հունիսի խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ;

Երկրում համակարգային կոռուպցիա չկա, սակայն որոշ պաշտոնյաներ դեռ կաշառք են վերցնում. Վարչապետ |armenpress.am|

Երկրում համակարգային կոռուպցիա չկա, սակայն որոշ պաշտոնյաներ դեռ կաշառք են վերցնում. Վարչապետ |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունն այսօր վստահելի ինստիտուտ է ժողովրդի համար, սակայն ոչ բոլոր մակարդակներում և հարթություններում: Մարտի 12-ին քարոզարշավի շրջանակում Ջերմուկում տեղի ունեցած հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ, «Այո» քարոզչական կողմի ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով կառավարության ինստիտուտների վստահելիության մակարդակի մասին: «Այսօր, այո, ասում ենք, որ համակարգային կոռուպցիա չկա: Ի՞նչն է համակարգային կոռուպցիան: Երբ այն կառավարության ամենաներքևի օղակը մեկից հազար դրամ է վերցնում, այդ հազարից 200 դրամը իրենն է, իսկ 700 դրամը տալիս է իր ղեկավարին,իր ղեկավարը 200 դրամը պահում է իրեն, 500-ը տալիս է վերևին, և այդպես շարունակ: Երբ ասում ենք համակարգային կոռուպցիա չկա, սա նկատի ունենք: Այո, Հայաստանում համակարգային կոռուպցիա չկա և կարող եմ երաշխավորել, որ քանի այս քաղաքական իրողությունները գոյություն ունեն, որոնց դուք աջակցում եք, համակարգային կոռուպցիա չի լինելու»,- ընդգծեց Փաշինյանը: Ըստ վարչապետի` դա չի նշանակում, որ առանձին պաշտոնյաններ կաշառք չեն վերցնում: «Իհարկե, չեմ ասելու, որովհետև ամեն շաբաթ պաշտոնյա ենք բռնում կաշառք վերցնելիս: Ինչ պետք է անենք, որպեսզի այս ամենին վերջ դրվի: Հանրաքվեն նաև դրա մասին է, որ այդ կոռուպցիոն համակարգի մնացորդները հույս ունեն. «Լավ, մի երկու ամիս էլ ձգենք, մերոնք գալու են»: Ձերոնք այնպես հեռու են գնացել, և նրանց այնպես հեռու է ուղարկել ժողովուրդը, որ լույսի արագությամբ էլ չեն կարող ետ գալ: Խնդիրն այն է, որ այս նյարդային մթնոլորտը Հայաստանում շարունակվում է: Քանի դեռ սահմանադրական դատարանի և ընդհանրապես դատական համակարգի հարցը չի լուծվել, նյարդային մթնոլորտը շարունակվելու է»,- եզրափակեց Փաշինյանը:
14:24 - 12 մարտի, 2020
Ամուլսարի հարցում ես որևէ շահագրգռություն չունեմ․ Նիկոլ Փաշինյան

Ամուլսարի հարցում ես որևէ շահագրգռություն չունեմ․ Նիկոլ Փաշինյան

Ամուլսարի խնդրի խորքային պատճառն այն է, որ մենք չունենք և չենք ունեցել վստահելի ինստիտուտներ, Ջերմուկում հանրաքվեի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ուզում եմ մի ընդգծում անել այն հայրենակիցների համար, ովքեր մտածում են, որ հեղափոխությունից հետո կառավարությունը բավարար միջոցներ չի ձեռնարկում Ամուլսարի հարցը մեկընդմիշտ լուծելու համար։ Եթե հեղափոխություն չլիներ, Ամուլսարի հանքը վաղուց, շատ վաղուց շահագործվելիս կլիներ», - հայտարարեց Փաշինյանը։ Վարչապետը հորդորեց  չկորցնել հարգալից վերաբերմունքը հեղափոխության և կառավարության նկատմամբ։ «Այն մարդիկ, ովքեր կկորցնեն հարգալից վերաբերմունքը, թող հիշեն իրենց հեղափոխությունից առաջ և իրավիճակը հեղափոխությունից առաջ։ Ամուլսարի հարցում ես ունեմ մի մեծ անհամաձայնություն շատ-շատերի հետ։ Այդ անհամաձայնությունը հետևյալն է, որ մեր շատ հայրենակիցներ ասում են, որ հանքը պետք է չաշխատի, մեր ուրիշ հայրենակիցներ ասում են, որ հանքը պետք է աշխատի։ Ես երկուսի հետ էլ անհամաձայնություն ունեմ։ Ես ասում եմ, որ մենք մինչև վերջ պետք է գնանք ճշմարտության հետևից։ Դա հեշտ ճանապարհ չի։ Մեր մարտավարությունը դա է՝ մինչև վերջ գալ ճշմարտության հետևից։ Ես այս հարցում որևէ շահագրգռություն չունեմ», - հայտարարեց վարչապետը։    
12:54 - 12 մարտի, 2020
Եթե կորոնավիրուսով պայմանավորված անհրաժեշտություն լինի, քարոզարշավը կընդհատենք. Նիկոլ Փաշինյան

Եթե կորոնավիրուսով պայմանավորված անհրաժեշտություն լինի, քարոզարշավը կընդհատենք. Նիկոլ Փաշինյան

 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է՝ ապրիլի 5-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավն այս պահին շարունակվում է, քանի որ այն ընդհատելու անհրաժեշտություն չկա, եթե կորոնավիրուսով պայմանավորված լինի անհրաժեշտություն, կընդհատեն:  Վարչապետն այս մասին ասաց Ջերմուկում  ընթացող հանրահավաքից հետո, լրագրողների հետ զրույցում: Հարցին, թե Էջմիածինում քաղաքացիների են մեկուսացնում կոնորանվիրուսի կասկածանքով, գուցե ավելի շատ մարդիկ են վարակվել, Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ժողովուրդ, այդ ի՞նչ հարց է ծագում, այդպիսի հարց չտաք, եթե կորոնավիրուսով վարակվածների թիվը ավելի մեծ լինի, կառավարությունը դրա մասին կհայտարարի առաջինը: Այս պահին, թե ինչ խնդիր կա, ես ասել եմ. եթե կլինի ավելի մեծ ռիսկ, այդ մասին կասեմ։ Բոլոր շփված մարդկանց շրջանակը պարզվում է և ձեռնարկվում են համապատասխան միջոցներ»: Փաշինյանը նշեց որ  կարող են լինել մարդիկ, որ կմեկուսացվեն «Գոլդեն փելես»-ում, բայց կարող են լինել մարդիկ, որոնց որոշ հանգամանքներից ելնելով կխնդրեն  մեկուսացվել  իրենց տներում։  Հարցին, թե քարոզարշավը շարունակվելու է, նա ասաց՝ ինչպես տեսնում եք, շարունակվում է: «Եթե անհրաժեշտություն ծագի ընդհատելու, կընդհատենք: Քանի դեռ չենք ընդհատել, ուրեմն նման անհրաժեշտություն չկա»,-ասաց Փաշինյանը:
12:32 - 12 մարտի, 2020
Ցավոք, կորոնավիրուսի երեք նոր դեպք ունենք. Նիկոլ Փաշինյան

Ցավոք, կորոնավիրուսի երեք նոր դեպք ունենք. Նիկոլ Փաշինյան

Հայաստանում կորոնավիրուսի երեք նոր դեպք է գրանցվել։ Այս մասին հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։«Այսօր, ցավոք, կորոնավիրուսի երեք նոր դեպք ունենք: Երկու հոգին ՀՀ քաղաքացի են, (45 եւ 27 տարեկան) մեկը՝ Իտալիայի (51 տարեկան) ով աշխատում Է Հայաստանում։ Երեքն էլ ժամանել են Իտալիայից: Հիմա մեկուսացնելու համար պարզաբանվում է նրանց շփման շրջանակը, որն ըստ նախնական տվյալների մեծ չէ։ Իտալիայի քաղաքացին եւ ՀՀ քաղաքացիներից մեկը գանգատներ չունեն։ ՀՀ քաղաքացիներից մեկը թոքաբորբ է տանում: Պացիենտները ժամանելուն պես հաշվառված են եղել։ Կանխատեսելով քննադատությունները, թե ինչու Իտալիայից թռիչքները դադարեցնելու որոշում չկայացրինք, ասեմ, որ նման հնարավորությունը մի քանի անգամ քննարկել ենք եւ եկել ակնհայտ եզրակացության, որ պոտենցիալ վարակակիրները կարող են Հայաստան գալ Իտալիայի հարեւան երկրներից՝ Ֆրանսիա, Ավստրիա, քանի որ ԵՄ ներսում սահմանափակուներ չեն կիրառվել: Այսինքն՝ նույն տրամաբանությամբ պիտի փակեինք եվրոպական մյուս ուղղությունները նույնպես, մանավանդ որ կորոնավիրուսը տարածվում է նաեւ եվրոպական այլ երկրներում։ Հիմա ավիաընկերություններն իրենք են որոշել դադարեցնել թռիչքները Իտալիայից։ Նշեմ, որ «Գոլդեն փելիսի» ժողովուրդը եւ առաջին ախտորոշված պացիենտը լավ են, գանգատ չունեն: Սիրելի հայրենակիցներ, խնդրում եմ պահպանել հանգստություն եւ պահպանել կորոնավիրուսի կանխարգելման միջոցների վերաբերյալ առողջապահության նախարարության խորհուրդները»,- գրել է վարչապետը։
20:41 - 11 մարտի, 2020
Հանրային հեռուստաընկերությունը, կուրթանցի ընտանիքն ու Նիկոլ Փաշինյանը․ առանց եզրակացության

Հանրային հեռուստաընկերությունը, կուրթանցի ընտանիքն ու Նիկոլ Փաշինյանը․ առանց եզրակացության

Այս տարվա մարտի 7-ին սահմանադրական հանրաքվեի «Այո»-ի քարոզարշավի շրջանակներում Նիկոլ Փաշինյանն այցելել էր Լոռու մարզի Գյուլագարակ գյուղ, որտեղ նրան մոտեցավ Մեխակ Առաքելյանը՝ նշելով, որ երկրաշարժի ժամանակ տուն են կորցրել և հիմա բնակվում են վագոն-տնակում։ Նիկոլ Փաշինյանը բնակչին պատասխանեց հետևյալը․ «Զբոսաշրջության աճ ենք ապահովել, ճանապարհ ենք կառուցել, հետն էլ բնակարան երիտասարդ ընտանիքին ծրագիր ենք դրել, եկամտահարկի վերադարձման ծրագիր ենք դրել, աշխատիր Հայաստան ծրագիր ենք դրել: Ձեռդ, ոտդ տեղը տղա ես, մի հատ բան ստեղծի, աշխատի, գնա տունդ սարքի, վարչապե՞տն է քո տունը սարքելու: Բա քեզ նման տղեն բա՞ն է, կներես, մի քիչ էլ արժանապատվության հարց է, առողջ տղամարդը կգա ուրիշ առողջ տղամարդուն կասի՝ արի իմ տան հարցը լուծի, իմ հացի հարցը լուծի՞, բա մեր հացի հարցը ո՞վ է լուծել, լուծել ենք՝ չարչարվելով»: Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրեց այցի տեսանյութը հետևյալ վերտառությամբ՝ «Անակնկալ կանգառ Գյուլագարակում եւ շատ կարեւոր խոսակցություն վերջում»: Մեխակ Առաքելյանի սոցիալական անապահովության խնդրի վերաբերյալ մարտի 7-10-ը հրապարակումներ չեղան։ Կառավարող ուժի ներկայացուցիչները ևս չանդրադարձան տեղի ունեցածին։ Երեկ՝ մարտի 10-ին news.am լրատվականը հրապարակեց ռեպորտաժ Մեխակ Առաքելյանի ընտանիքի, սոցիալական պայմանների, առողջական խնդիրների վերաբերյալ, ինչը մեծ տարածում գտավ և  խնդրի վերաբերյալ հանրային քննարկում առաջ բերեց։ Արդեն այսօր առավոտյան ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատագամավոր Սիփան Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջով տեղեկացրեց, որ այցելելու է Կուրթան գյուղ՝ Մեխակ Առաքելյանի ընտանիքին։ Ժամը 13։43-ին Սիփան Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտնեց, որ Կուրթան գյուղի ճանապարհին է և հավելեց, որ Մեխակ Առաքելյանի ընտանիքի համար լավ լուր ունի․ արտերկրում բնակվող մեր հայրենակիցները պատրաստվում են օգնել ընտանիքին՝ այն բանից հետո, երբ տեղեկացել են, որ Մեխակ Առաքելյանն առողջական խնդիր ունի։ Սիփան Փաշինյանի ուղիղ եթերից րոպեներ անց՝ 13։55-ին, Նիկոլ Փաշինյանը Սիսիանում ընթացող հանրահավաքի ելույթի ժամանակ ներողություն խնդրեց Մեխակ Առաքելյանից՝ մարտի 7-ին Գյուլագարակում տեղի ունեցած խոսակցության համար։ Ժամը 14։10-ին Հանրային հեռուստաընկերության 1lurer.am կայքը Սիսիանում ընացող քարոզարշավց հրապարակեց Նիկոլ Փաշինյանի ներողության հատվածը։ Ժամը 14։26-ին 1lurer.am-ը հրապարակեց Մեխակ Առաքելյանի մասին պատմող ռեպորտաժ՝ 2 րոպե 14 վայրկյան տևողությամբ։ Ռեպորտաժի ընթացքում 33 վայրկյան խոսվում է ընտանիքի կենսապայմանների մասին, 13 վայրկյան՝ Մեխակ Առաքելյանի առողջական խնդիրների, 16 վայրկյան՝ հանրության կողմից առաջարկվող օգնության մասին, իսկ մնացած 72 վայրկյանը նվիրված է Նիկոլ Փաշինյանին ճշմարտացիության հիմնավորմանը, խոսակցությունից հետո Փաշինյանից չհիասթափվելուն, «Այո»-ի քարոզչական բուկլետը հանդիսացող «ՀՀ հպարտ քաղաքացու անձնագիր»-ը խնամքով պահելուն ու նորից Նիկոլ Փաշինյանին ընտրելու պատրաստակամությանը։  Ժամը 14։56 - ին 1lurer.am-ը  լուսաբանում է Սիփան Փաշինյանի այցը Կուրթան գյուղ՝ «Կուրթանցի Մեխակի խնդիրները կլուծվեն» վերտառությամբ։ Եզրակացությունները թողնում ենք ընթերցողին։
19:07 - 11 մարտի, 2020
Ես ուզում եմ, որ դուք ճանապարհները բացեք․ վարչապետը հանդիպել է Ջերմուկի բնակիչներին |news.am|

Ես ուզում եմ, որ դուք ճանապարհները բացեք․ վարչապետը հանդիպել է Ջերմուկի բնակիչներին |news.am|

news.am: Սաղս էլ անորոշության մեջ տանջվում ենք, մենակ դուք չեք, Սարալնջցիք էլ են տանջվում, բոլորն էլ տանջվում են: Այդ մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «Այո»-ի քարոզարշավի շրջանակներում Ջերմուկ՝ Ամուլսարի երկրորդ պահակակետի մոտ, որտեղ նրան դիմավորեցին Ամուլսարի պահապանները և նրանցից մեկը նշեց, որ «երկու տարի շարունակ այստեղ կանգնել են, ու այս անորոշության մեջ տանջվում են»: Հարցին, իսկ լուծում կա այս ամենին, վարչապետը նշեց. «Դե ես լուծումն ասել եմ, ժողովուրդ: Լուծումն ասել եմ, այդ լուծումը չեք ընդունել, ժողովուրդ»: Ի պատասխան դրա, հավաքվածներից մեկը նշեց. «Դա այն լուծումը չէ, պարոն վարչապետ, որ դրա հիման վրա մենք թողնենք գնանք»: «Դե ես հիմա ինչ ասեմ, եղբայր: Ես նոր ասելիք  չունեմ»,- նշեց վարչապետը: Իսկ երբ ի պատասխան լսեց «Բա ի՞նչ անենք» հարցադրումը, Փաշինյանն ասաց. «Կարող եք հեղափոխություն անել»: «Մենք հեղափոխություն արդեն արել ենք»,- հնչեց պատասխան: «Ես համ շահագրգիռ եմ, որ լինի, համ շահագրգիռ եմ, որ չլինի, հիսուն – հիսուն: Բայց հիմա ձեր պոզիցիան թույլ չի տալիս, որ մենք հարցերը… Էլարդի եզրակացությունը կա »,- ասաց Փաշինյանը: Բնակիչներից մեկի դիտարկմանը, որ Փաշինյանը պատասխանատվության չենթարկեց Ամուլսարի հարցով իրեն խաբածներին, վարչապետն ասաց. «Երբ որ կապացուցվի, որ խաբել են, կենթարկենք պատասխանատվության»: Հարցին, թե ի վերջո, ինչն է վարչապետի ուզածը՝ Փաշինյանն ասաց. «Ես ուզում եմ, որ դուք ճանապարհները բացեք: Հիմա եթե ճանապարհները բացած լինեիք, այստեղ ոչ մի բան փոխված չէր լինի: Ամուլսարի հետ ոչ մի բան տեղի չէր ունենա: Ես ասել էր, որ մինչև 2021թ. նոյեմբերը  բացառված է, որ որևէ  շահագործման գործ կլիներ այստեղ»: Դիտարկմանը, որ կլիներ շինարարություն, Փաշինյանն ասաց. «Հա, շինարարություն էր… Պետք է փաստարկված հիմքի վրա անենք ամեն ինչը: Եթե կան բնապահպանական այնպիսի վտանգենր, որոնք կառավարելի  չեն՝ չի աշխատի, եթե կան երաշխիքներ, որ  բնապահպանական ռիսկերը կառավարելի են, հանքը պետք է աշխատի: Ասում եք՝ չեք թողելու, հենա չեք թողնում էլի, ինձանից ինչ եք ուզում» Փաշինյանը նշեց, որ մասնագետ չէ, բայց երբ տեսնում է երկու մասնագետի քննարկում, ապա հասկանում է, թե մասնագետներից ով է ճիշտ։ Ըստ նրա՝ պետք է հասկանալ, թե արդյոք այս հարցը բնապահպանական ռիսկ է, քաղաքացիներից մեկը պնդեց, որ բացասական ռիսկերն արդեն տեսել են։ Քաղաքացիներից մեկն էլ նշեց, որ հանքի շահագործումը զբոսաշրջության առումով վտանգավոր է, օրինակ բերելով, որե Ծաղկաձոր չեն այցելում, որովհետև կորոնավիրուսով վարակված լինելու մեջ կասկածվողներն այնտեղ են տեղափոխել: «Վիրուսով  վարակվածներին տարաք Ծաղկաձոր, մինչև հիմա մարդ չի գնում այնտեղ, բա այս «վիրուսը», որ մտնի Ջերմուկ, մարդ կգա՞ էլ Ջերմուկ»։      
19:01 - 11 մարտի, 2020
Սերժ Սարգսյանին և Ռոբերտ Քոչարյանին պետք էր աղքատ ժողովուրդ, որը ընտրակաշառքից կզարմանար․ վարչապետ |armtimes.com|

Սերժ Սարգսյանին և Ռոբերտ Քոչարյանին պետք էր աղքատ ժողովուրդ, որը ընտրակաշառքից կզարմանար․ վարչապետ |armtimes.com|

armtimes.com: Որոշ մարդիկ ուզում են ցույց տալ, որ կառավարությունն օրինական ձեւով թալանում է պետական բյուջեն։ Այս մասին այսօր Սիսիանում իր ելույթի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով կառավարության աշխատակիցների պարգեւավճարների թեմային։ «Բարձրաստիճան պաշտոնյաները պարգեւավճարներ ստանում են իմ որոշմամբ, բայց ես վարչապետ լինելու օրվանից մի կոպեկ պարգեւավճար չեմ ստացել։ Ես ուրիշներին եմ նշանակել, որ նախարարներն ու փոխնախարարները կենտրոնանան իրենց գործի վրա եւ ժողովրդի համար ապահովեն արդյունքներ»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ նրանք ապահովել են այդ արդյունքները։ Վարչապետը նշեց, որ 2018 թվականից այս կողմ ավելի քան 1 մլն մարդու կա՛մ աշխատավարձ են բարձրացրել, կա՛մ՝ թոշակ, կա՛մ՝ նպաստ։ Խոսելով երկրի վիճակի մասին՝ Փաշինյանն ասաց․ «Երբ դուք գլխացավի դեղ եք խմում, ձեր գլխի ցավը միանգամից չի անցնում, դա կարող է տեւել 15 րոպե, 30 րոպե, կարող է նույնիսկ անհրաժեշտություն առաջանալ երկրորդ հաբը խմելու, որովհետեւ շատ ուժեղ է ցավում։ Այսօր մեր հանրապետության վիճակն այդպիսին է։ Մենք այդ գլխացավի դեղը խմել ենք, եւ մեր ցավն անցնելու պրոցեսի մեջ է, չկասկածե՛ք»,- հավաստիացրեց վարչապետը։ Նրա համոզմամբ՝ Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի իշխանությանը պետք էր, որ մարդիկ լինեին հնարավորինս աղքատ, որ երբ ընտրությունների ժամանակ 10 հազար կամ 5000 ընտրակաշառք առաջարկեին, մարդն այնքան խեղճ լիներ, որ 5000 դրամից զարմանար։ «Որովհետեւ եթե մարդ 5-10 հազար դրամից չի զարմանում, նա այլեւս ընտրակաշառքով չի քվեարկի»,- եզրափակեց վարչապետը։
18:45 - 11 մարտի, 2020
Ձեր արած գործողության արդյունավետությունը զրո է․ Նիկոլ Փաշինյանը՝ ջերմուկցիներին

Ձեր արած գործողության արդյունավետությունը զրո է․ Նիկոլ Փաշինյանը՝ ջերմուկցիներին

Այսօր  սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի  ընթացքում Նիկոլ Փաշինյանը այցելեց  Ամուլսարի պահապաններին։ Վերջիններս վարչապետին ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերը։ «Լիդիանը նույնիսկ սխալներ է գտել Էլարդի տված եզրակացությունների մեջ, հիմա ազնի՞վ է լսել մեկի փաստարկը, իսկ մյուսին ասել՝ չեմ լսում։ Ես հարցին պատասխանում եմ ուղիղ՝ եթե կան բնապահպանական այնպիսի վտանգներ, որոնք կառավարելի չեն, ապա այդ հանքը չի շահագործվի, եթե կան երաշխիքներ, որ այդ բնապահպանական ռիսկերը կառավարելի են, ապա  պետք է աշխատի հանքը»,- ասաց Փաշինյանը։ Ջերմուկցիները արձագանքեցին վարչապետի խոսքին, նշելով, որ ամեն դեպքում իրենք թույլ չեն տա, որ Ամուլսարի  հանքը շահագործվի։ Դրան ի պատասխան Փաշինյանն ասաց՝  «Եթե չեք թողնելու, բա ինձնից ինչ եք ուզում»։ Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարող  ջերմուկցիներից մեկի այն դիտարկմանը, թե ինչպես կարող են ապրել այս տարածքում, եթե քիչ հեռու շահագործվի հանքը, վարչապետն ասաց, որ ինքը նույնպես հստակ չի կարող այս պահին պատախանել այդ հարցին։  «Եթե ես պետք է կրեմ այդ պատասխանատվությունը, ուրեմն պետք է խորանամ մինչև վերջ, որ հասկանամ՝ ինչ է կատարվում։ Ես չեմ պատկերացնում, որ հնարավոր է նման բան, բայց  ես մասնագիտությամբ լրագրող մարդ եմ և որպիսի հասկանամ  իմ պատկերացումները  ճիշտ են, թե ոչ, ինձ պետք է մասնագիտական վստահելի եզրակացություն, մասնագիտական վստահելի բանավեճ։ Էլարի հետ էլ եմ խոսել, Լիդիանի հետ էլ, իրար հետ էլ, նրանք էլ ունեն փաստարկներ։ Էլարդն էլ ունի փաստարկներ, բայց ասել, որ Լիդիանի ասածները փաստարկված չեն՝ դա էլ է սխալ։ Ձեր արած գործողության արդյունավետությունը զրո է,  եթե դուք այստեղ կանգնած չլինեիք էլ, այսօրվա դրությամբ  այնտեղ ոչ մի բան փոխված չէր լինելու»,- ասաց Փաշինյանը։   Ջերմուկցիների այն դիտարմկման, որ վարչապետի տունը հեռու է, Փաշինյանն արձագանքեց՝  «Եթե  դուք մտածում եք, որ ես այդպիսի մարդ եմ, որ մտածեմ՝ իմ տունը հեռու է, իսկ ջերմուկցու տունը թող քանդվի, ապա ինչո՞ւ եք ընդհանրապես խոսում իմ հետ, ինչո՞ւ եք թողնում մտնեմ ձեր քաղաք։ Մենք պետք է հասկանանք, այդ հանքը այս մարդկանց տունը քանդելու է , թե ոչ, կառավարելի ռիսկերը տարբերենք անկառավարելի ռիսկերից»,- եզրափակեց վարչապետը։
18:06 - 11 մարտի, 2020
Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի շրջանակներում հանդիպեց Գորայք համայնքի բնակիչներին |armenpress.am|

Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի շրջանակներում հանդիպեց Գորայք համայնքի բնակիչներին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և «Այո»-ի շտաբի անդամները ժամանեցին ՀՀ Սյունիքի մարզի Գորայք համայնք: Վարչապետին և «Այո»-ի շտաբի մյուս անդամներին դիմավորեցին համայնքի բնակիչները, ում Փաշինյանը բուկլետներ բաժանեց և ներկայացրեց, թե ինչ փոփոխությունների է ենթարկվելու Սահմանադրությունը, եթե քաղաքացիների մեծամասնությունը «Այո» քվեարկի: «Մենք խնդիր ենք դնում լուծել դատարանի անաչառության հարցը: Մեր ընդդիմադիրները շատ են մեկնաբանում, թե սահմանադրական դատարանը գործող կառավարության վերահսկողության տակ չի և կառավարությունը ցանկանում է վերահսկողություն սահմանել այդ դատարանի նկատմամբ: Նախ ցանկանում եմ ասել, որ եթե ցանկանայինք սահմանադրական դատարանը մեր վերահսկողության տակ լիներ, այն կլիներ մեր վերահսկողության տակ, բայց մեր խնդիրը այն չէ, որ  սահմանադրական դատարանը մեր վերահսկողության տակ չէ, այլ մեր խնդիրը այն է, որ սահմանադրական դատարանը ուրիշների վերահսկողության տակ է: Այդ ուրիշները նրանք են, ում մենք մերժել ենք 2018 թվականին: Դավաճանություն կլինի իմ կողմից, եթե ՍԴ-ն  իր բովանդակությամբ վստահելի չլինի բոլորիս համար և եթե մենք փորձենք դատական իշխանության նկատմամբ վերահսկողություն սահմանել»,- ընդգծեց Փաշինյանը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Սյունիքի մարզում ընթացող քարոզարշավի ժամանակ ուղեկցում են վարչապետի տիկին Աննան Հակոբյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, «Այո»-ի շտաբի պետ Սուրեն Պապիկյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, պատգամավորներ և այլ պաշտոնյաներ։ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեով առաջարկվում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և դատարանի 6 անդամների պաշտոնավարումը: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա ապրիլի 5-ին: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախընտրական քարոզարշավը մեկնարկել է փետրվարի 17-ին:
16:58 - 11 մարտի, 2020
Նիկոլ Փաշինյանը ներողություն խնդրեց Կուրթանի բնակչից

Նիկոլ Փաշինյանը ներողություն խնդրեց Կուրթանի բնակչից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներողություն խնդրեց Կուրթան գյուղի բնակիչ Մեխակ Առաքելյանից՝ ընդունելով իր սխալը։ Վարչապետ  Փաշինյանն այս մասին ասաց Սիսիան քաղաքում տեղի ունեցած Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի հանրահավաքի ընթացքում։ «Մի տղա մոտեցավ ինձ, ասաց, որ երկրաշարժից տուն է կորցրել, ասացի, որ պետք է պարզենք՝ պետությունը պարտավորություն ունի, թե ոչ։ Հետո ասաց, որ տուն չունի, տնակում է ապրում, ես ասացի, որ առողջ տղամարդը չի դիմի մեկ ուրիշ առողջ տղամարդու՝ տան հարցով։ Ես նրան իմ պատկերացումն ասացի, որ պետք է աշխատի առողջ տղամարդն ու իր ընտանիքի կարիքները հոգա, և ոչ միայն տղամարդը՝ առողջ կինը նույնպես, այլ հարց է, որ պետությունը պետք է դրա համար պայմաններ ստեղծի։ Մենք աջակցում ենք 1000 ընտանիքների հաղթահարելու աղքատությունը։ Գումար տալով աղքատությունը չենք կարող հաղթահարել, ամեն օգնության մեջ պետք է զարգացման նպատակ դնել, որ մարդը զարգանա։ Երեկ տեսանյութ հայտնվեց, որտեղ այդ տղան պատմում է, որ առողջական խնդիրներ ունի։ Ես վերլուծել եմ իմ ասածը և ուզում եմ խոստովանել իմ կողմից թույլ տված սխալներ՝ ես ցանկանում եմ ընդունել իմ երկու սխալները։ Առաջինը, որ գերագնահատել եմ մարդու առողջական վիճակը գնահատելու իմ ընդունակությունը, իսկ երկրորդը, որ թերագնահատել եմ այն, որ քաղաքացին կարող է վարչապետի հետ խոսելիս կաշկանդվել ու չնշել իր առողջական վիճակի մասին։ Այժմ ներողություն եմ խնդրում Մեխակից ու Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներից »,- ասաց Փաշինյանը։   Փաշինյանը նշեց, չնայած, որ բոլորն են սխալական, բայց իրենք քաղաքացու  նկատմամբ անազնիվ քայլեր չեն անի։ Վարչապետը հույս հայտենց, որ Մեխակ Առաքելյանի ընտանիքը կստանա զարգացման աջակցություն։ 
14:22 - 11 մարտի, 2020
Բանակը թալանում էիք, որ Արցա՞խ պահեիք. Փաշինյանը մի շարք նախկին պաշտոնյաների խորհուրդ տվեց կամավոր վերադարձնել թալանածը |armtimes.com|

Բանակը թալանում էիք, որ Արցա՞խ պահեիք. Փաշինյանը մի շարք նախկին պաշտոնյաների խորհուրդ տվեց կամավոր վերադարձնել թալանածը |armtimes.com|

armtimes.com: Տաթեւ համայնքի Շինուհայր բնակավայրում հրավիրված հավաքի ընացքում ՀՀ վարչապետը խոսեց Արցախի թեմայով: Նա ընդգծեց, որ այդ մասին վաղուց էր ուզում խոսել եւ ուրախ է, որ դիզվառելիքի գործով դատական առաջին նիստից առաջ արած հայտարարությամբ Սերժ Սարգսյանը տվեց այդ առիթը: Խոսքը Սարգսյանի հետեւյալ հայտարարության մասին է. «Ուղիղ այնպես, ինչպես ինձ համար, ձեզ համար, հայ ժողովրդի մեծամասնության համար ԼՂ անկախությունը վեր է ամեն ինչից, խնդրում եմ վերադառնալ տուն, զբաղվել ձեր առօրյա հոգսերով՝ չմոռանալով երբեք ՀՀ անվտանգության մասին: Ես աշխարհի ամենաբարձր ամբիոններից պարբերաբար հայտարարել եմ, հիմա էլ կրկնում եմ՝ Լեռնային Ղարաբաղը երբեք չի՛ լինելու Ադրբեջանի կազմում»: Այնուհետեւ ներկայացնելով քրգործի նախապատմությունը, որով Սերժ Սարգսյանը մեղադրյալի կարգավիճակ ունի,  Փաշինյանը արձագանքեց այն թեզին, թե իբր ինքը մեկուսացնում է նախկին քաղաքական գործիչներին, որ Արցախը հանձնի: Վարչապետն ասաց, որ 2018 թվականի մայիսին իր առաջին քայլերից մեկը եղել է հայոց բանակի սպառազինության մասին տեղեկություն ստանալը: «Երբ ինձ զեկուցել են, թե ինչ վիճակ է մեր բանակում, իմ առաջին էմոցիոնալ ռեակցիան այն է եղել, որ թողնեմ այս կաբինետից փախչեմ, որովհետեւ վիճակը եղել է աղետալի»,- ընդգծեց Փաշինյանը: Այնուհետեւ նա հիշեցրեց Սերժ Սարգսյանի հայտարարությունը, թե մեր տղաները կռվում են 80-ականների զենքերով: Թվեց, թե ինչ փոփոխություններ են տեղի ունեցել իր ղեկավարման ժամանակ. «Ես այսօր համոզված եմ, որ մեր հակաօդային պաշտպանությունը գտնվում է բարձր, մարտունակ վիճակում: Որեւէ մեկը չի անցնի այդ հակաօդային պաշտպանությամբ: Մենք ձեռք ենք բերել SU-30 գերժամանակակից կործանիչներ եւ էլի ենք ձեռք բերելու: Այսօր արդեն 43 զորամասերում զինվորներն ուտում են որակյալ եւ արժանապատիվ սնունդ: ...Բա եթե դուք Արցախ պահող էիք, ինչո՞ւ  էր մեր բանակը 80-ականների զենքերով կռվում: Բա եթե դուք Արցախ պահող էիք, ինչո՞ւ  Հայաստանի Հանրապետությունը եւ Արցախի Հանրապետությունը 2018 թվականի դրությամբ ուներ քայքայված հակաօդային պաշտպանության համակարգ: Այդ քայքայված հակաօդային պաշտպանության համակարգո՞վ էիք Արցախը պահում: Այդ որ մեր զինվորներին տալիս էիք սնունդ, որի ամենալավ կիրառությունը գտել էր Մանվել Գրիգորյանը իր արջերին ու շներին կերակրելու համար: Այդ արջերի ու շների համար նախատեսված ուտելիքներո՞վ էիք մեր զինվորին պահում, որ իրենք էլ Արցա՞խը պահեին: Սերժ Սարգսյանը կյանքում զինվորների համար նախատեսված սննդից մեկ անգամ կերե՞լ է»,- հարց հնչեցրեց վարչապետը՝ ընդգծելով, որ երբ 2018 թվականի մայիսին գնացել է դիրքեր, այնտեղ սնվելուց հետո այրոցք է սկսվել իր մոտ: Դիմելով Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին, Արամ Հարությունյանին, Գագիկ Բեգլարյանին եւ այլոց՝ Փաշինյանը հայտարարեց. «Ձեր թալանածը եվրոպաների փեշերի տակ չեք թաքցնի: Կոպեկ-կոպեկ պիտի բերեք բանակի զարգացման գործում դնեք եւ Արցախի ինքնորոշման պահպանման գործում պետք է դնեք: Ես ձեզ խորհուրդ եմ տալիս կամավոր բերեք, չբերեք՝ բերման կենթարկվեք, եվրոպաներում որտեղ ուզում եք պախկվեք»: Ավելին՝ armtimes.com-ում
14:15 - 11 մարտի, 2020
Դատարանը պարտավորեցրել է վարչապետի աշխատակազմին «Իրավական ուղի» ՀԿ-ին տրամադրել պարգևատրումների կանոնակարգման վերաբերյալ որոշումը

Դատարանը պարտավորեցրել է վարչապետի աշխատակազմին «Իրավական ուղի» ՀԿ-ին տրամադրել պարգևատրումների կանոնակարգման վերաբերյալ որոշումը

«Իրավական ուղի» հասարակական կազմակերպությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «10․03․2020թ․-ին ՀՀ Վարչական դատարանը վճռել  է բավարարել «Իրավական ուղի» հասարակական կազմակերպության հայցն ընդդեմ ՀՀ Վարչապետի աշխատակազմի՝ պարտավորեցնելով վարչապետի աշխատակազմին տրամադրել նախարարների, նախարարների տեղակալների, նախարարությունների գլխավոր քարտուղարների և մարզպետների՝ պարգևատրումների կանոնակարգման վերաբերյալ «գաղտնի նշագրում» պարունակող որոշումը։ 2019թ․-ին հոկտեմբերին ԶԼՄ-ներում շրջանառվել են տեղեկություններ այն մասին, որ Վարչապետի գաղտնի հանձնարարականով նախարարների աշխատավարձը կրկնապատկվել է։  Նշված հարցի շուրջ 23․10․2019թ․-ին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Հանրապետության Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է պարգևատրումային համակարգի կանոնակարգման վերաբերյալ «գաղտնի» դրոշմագրի ներքո շրջանառված փաստաթղթի առկայությունը։   «Իրավական ուղի» հասարակական կազմակերպությունը 30․10․2019թ․-ին ՀՀ Վարչապետի աշխատակազմից հարցմամբ խնդրել է տրամադրել նշված փաստաթղթի օրինակը։ 06․11․2019թ․-ին Վարչապետի աշխատակազմը մերժել է հայցված տեղեկատվության տրամադրումը՝ պատճառաբանելով, որ խնդրո առարկա որոշումը պարունակում է գաղտնի նշագրում։ 06․12․2019թ․-ին «Իրավական ուղի» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Դավիթ Ավագյանը հայցադիմում է ներկայացրել ՀՀ Վարչական դատարան ընդդեմ Վարչապետի աշխատակազմի՝  30․10․2019թ․-ի հարցմամբ հայցված տեղեկատվության տրամադրումը պարտավորեցնելու պահանջի մասին։ ՀՀ Վարչական դատարանն արձանագրել է, որ օրենքով նախատեսված վարձատրությունից զատ նշված պաշտոնյաների պարգևատրումների մասին ևս հանրությունն իրավունք ունի տեղեկանալու, քանի որ  նշված տեղեկատվության սահմանափակումը չունի որևէ իրավաչափ նպատակ»։
13:20 - 11 մարտի, 2020
Հանրաքվեով ժողովուրդը փակում է պետական եւ տեղական ինքնակառավարման ոչ լեգիտիմ մարմինների եւ պաշտոնյաների գոյության էջը Հայաստանում․ Նիկոլ Փաշինյան

Հանրաքվեով ժողովուրդը փակում է պետական եւ տեղական ինքնակառավարման ոչ լեգիտիմ մարմինների եւ պաշտոնյաների գոյության էջը Հայաստանում․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հռչակագիր (նախագիծ) 2020 թվականի ապրիլի 5-ի հանրաքվեի Հայաստանի ժողովուրդը՝ 2018 թվականի Ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության միջոցով վերահաստատած լինելով սեփական բարձրագույն իշխանությունը Հայաստանի Հանրապետությունում, 1991 թվականի Անկախության հանրաքվեից եւ Արցախյան ազատամարտում 1994 թվականի արձանագրած հաղթանակից հետո առաջին անգամ նորոգած լինելով հավատը սեփական ապագայի նկատմամբ, Ընդգծելով իր նվիրվածությունը ժողովրդավարությանը եւ հանրահայտ ժողովրդավարական արժեքներին (մասնավորապես՝ օրենքի եւ իրավունքի գերակայություն, օրենքի առաջ բոլորի հավասարություն, դատական անկախ համակարգ, խոսքի եւ մամուլի ազատություն, ազատ եւ մրցակցային ընտրություններ), Արտահայտելով Հայ ժողովրդի ստեղծարար տաղանդի համախմբման եւ զարգացման միջոցով Հայաստանը հզոր, բարեկեցիկ, բռնությունից ու կոռուպցիայից զերծ պետություն դարձնելու, Արցախի հարցի արդարացի լուծմանը հասնելու իր վճռականությունը, Արձանագրում է․ 1. 1995 թվականից մինչեւ 2018 թվականի Ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունը տեղի ունեցած որեւէ համապետական ընտրությունների պաշտոնական արդյունքներ չեն արտահայտել ժողովրդի ազատ կամքը։ 1999 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքները, որոնք զրոյացել են 1999 թվականի Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությամբ, արտահայտել են ժողովրդի ցանկությունը։ 2. Ժողովրդի ազատ կամարտահայտման սահմանափակմանը, այսինքն՝ ընտրողների կամքի նկատմամբ ապօրինի ազդեցության գործադրմանը, ընտրությունների արդյունքները կեղծելու գործընթացին զուգահեռ Հայաստանում սկսել է ձեւավորվել կոռուպցիոն համակարգ, որը վերաճել է Համակարգային կոռուպցիայի։ Այս երեւույթը Հայաստանում գոյություն է ունեցել մինչեւ 2018 թվականի Ոչ բռնի, թավշա, ժողովրդական հեղափոխությունը եւ արտահայտվել է համատարած կաշառակերությամբ, պետական ծախսերից ետվճարումների արատավոր համակարգով (ատկատներ), արհեստական տնտեսական մենաշնորհների հաստատմամբ, բիզնեսի եւ նախագահական, օրենսդիր, գործադիր, դատական իշխանությունների միախառնումով։ 3. Այս համակարգի պայմաններում նախագահական, օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունները, ներառյալ Սահմանադրական դատարանը, մեծ մասամբ սպասարկել են անձնային, խմբային շահեր՝ ետին պլան մղելով Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի ազգային եւ պետական շահերը, օրենքի եւ իրավունքի գերակայությունը, արգելակելով Հայաստանի զարգացումը, ժողովրդի բարեկեցությունը։ Արդյունքում՝ բազմաթիվ պետական բարձրաստիճան պաշտոնյաներ կուտակել են հսկայածավալ ապօրինի հարստություն։ 4. Պետական բարձրաստիճան պաշտոնյաների ապօրինի կուտակած հարստության վերադարձը պետական գանձարան՝ Հայաստանի Հանրապետության եւ նրա ժողովրդի անքակտելի իրավունքն է։ Այդ գործընթացը պետք է տեղի ունենա բացառապես իրավական ճանապարհով՝ Հայաստանի Հանրապետությունում արդյունավետ իրավապահ համակարգի, անկախ դատական համակարգի, ներառյալ անկախ եւ լեգիտիմ Սահմանադրական դատարանի ձեւավորմամբ։ 5. Հայաստանում պետք է ձեւավորվեն իշխանության եւ բիզնեսի տարանջատման գործուն մեխանիզմներ․ իշխանությունը չի կարող լինել հարստություն կուտակելու կամ կուտակված հարստությունը պահպանելու միջոց։ 6. Միայն ժողովրդի ազատ կամարտահայտությունը ապահովող ընտրական համակարգը կարող է հանդիսանալ արդյունավետ, հակակշիռների եւ փոխզսպումների համակարգով օժտված պետական կառավարման երաշխիք, հետեւաբար Հայաստանի ժողովուրդը չի հանդուրժի ընտրողների կամքի վրա ապօրինի ազդեցության, ընտրությունների արդյունքները կեղծելուն, ժողովրդի կամքը նենգափոխելուն կամ արհամարհելուն ուղղված որեւէ դրսեւորում կամ երեւույթ։ 2020 թվականի ապրիլի 5-ի հանրաքվեով ժողովուրդը փակում է պետական եւ տեղական ինքնակառավարման ոչ լեգիտիմ մարմինների եւ պաշտոնյաների գոյության էջը Հայաստանում»։
12:00 - 11 մարտի, 2020