Կորոնավիրուս

ՀՀ օդային սահմանը հատող բոլոր ուղեւորների համար հասցեական քարտի լրացումը պարտադիր պահանջ է

ՀՀ օդային սահմանը հատող բոլոր ուղեւորների համար հասցեական քարտի լրացումը պարտադիր պահանջ է

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «ՀՀ օդային սահմանը հատող բոլոր ուղեւորների համար հասցեական քարտի լրացումը պարտադիր պահանջ է։ Ովքեր դա չեն լրացնում ինքնաթիռում, պետք է դա անեն արդեն օդանավակայանում, որպեսզի կարողանան երկիր մուտք գործել։ Հասցեական քարտերում պարտադիր է լրացնել բնակության կամ գրանցման ճշգրիտ հասցեն։ Ի կատարումն ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականի՝ անկախ ուղղությունից՝ ՀՀ սահմանը հատող բոլոր ուղևորների համար արդեն լրացվում են հասցեական քարտեր։ Հանձնարարականից հետո «Զվարթնոց» օդանավակայանում այսօր առավոտյան ժամը 9-ի դրությամբ արդեն լրացվել է 6300 հասցեական քարտ։ Այս մասին ՀՀ փոխվարչապետին զեկուցել է Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը՝ ՀՀ կառավարության նիստում։ Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի կողմից սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերում ուժեղացված հսկողությունը շարունակվում է նաեւ ցամաքային ու երկաթգծային սահմաններում՝ համալիր աշխատանքների ողջ ընթացքում համագործակցելով ազգային անվտանգության ծառայության, առողջապահության նախարարության եւ պետական այլ կառույցների հետ եւ օպերատիվ կերպով տեղեկատվություն փոխանակելով»։
17:23 - 12 մարտի, 2020
Չինաստանում կորոնավիրուսի համաճարակը սկսել է անկում արձանագրել |azatutyun.am|

Չինաստանում կորոնավիրուսի համաճարակը սկսել է անկում արձանագրել |azatutyun.am|

azatutyun.am: Չինաստանում կորոնավիրուսի համաճարակը սկսել է անկում արձանագրել, այս մասին հայտնում է այդ երկրի Առողջապահության հարցերով ազգային հանձնաժողովը: Կառույցի տվյալներով՝ Հուբեյ նահանգում մեկ օրում առաջին անգամ արձանագրվել է տասից պակաս կորոնավիրուսի դեպք: Վարակի բռնկման օջախը համարվող Հուբեյում հինգշաբթի օրը չեղարկվել են տեղաշարժի որոշ սահմանափակումներ և՛ երկու քաղաքներում, և՛ երկու շրջաններում, մի շարք ընկերությունների թույլատրվել է վերսկսել աշխատանքը: «Ընդհանուր առմամբ, համաճարակի գագաթնակետը հաղթահարվել է: Նոր դեպքերի աճը նվազում է», - «Ռոյթերզ»-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Չինաստանի Առողջապահության հարցերով Ազգային հանձնաժողովի ներկայացուցիչ Մի Ֆենը։ Չինաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 80793 է, երեքշաբթի օրվա դրությամբ՝ 62793 մարդ ապաքինվել է և դուրս գրվել հիվանդանոցներից, ինչը բոլոր վարակվածների մոտ 80 տոկոսն է: Չորեքշաբթի օրը վարակի հետևանքով Չինաստանում մահացել է 11 հոգի, իսկ զոհերի ընդհանուր թիվը կազմել է 3169:
16:35 - 12 մարտի, 2020
Մենք գրիպը դիտարկում ենք որպես կյանքի մաս, իսկ COVID-19-ը՝ ահաբեկչական գործողության նման մի բան․ Նուբար Աֆեյան |civilnet.am|

Մենք գրիպը դիտարկում ենք որպես կյանքի մաս, իսկ COVID-19-ը՝ ահաբեկչական գործողության նման մի բան․ Նուբար Աֆեյան |civilnet.am|

civilnet.am: Մինչ աշխարհի տասնյակ հետազոտական խմբեր պայքարում են COVID-19-ի դեմ առաջին պատվաստանյութը ստեղծելու համար, փետրվարի վերջին ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի «Մոդեռնա» կենսատեխնոլոգիական ընկերությունը հայտարարեց, որ ԱՄՆ-ի Ալերգիայի և վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտ է առաքել իր կլինիկական պատվաստանյութերի առաջին խմբաքանակը, որը կոչվում է mRNA-1273՝ ուսումնասիրության ծրագրված առաջին փուլում օգտագործելու համար: Պատվաստանյութը փորձարկվելու է Վաշինգտոն նահանգի Սիեթլ քաղաքում գտնվող Kaiser Permanente առողջապահության հետազոտական ինստիտուտում, 45 առողջ անձանց վրա: Մոդեռնայի հետազոտողները առաջինն են ստեղծել mRNA տեխնոլոգիայի միջոցով փորձարկմանը պատրաստ պատվաստանյութեր: Ընկերությունն օգտագործում է սուրհանդակ RNA (mRNA)՝ գենետիկ նյութի ձև՝ անձի բջիջներին ցուցումներ տալու համար: Այս տեղեկատվությունից բջիջները պահանջում են անհրաժեշտ հակամարմիններ` վիրուսներից պաշտպանվելու համար: Այլընտրանքորեն, հրահանգները կարող են օգտագործվել նաև բջիջներին հանձնարարելու սպիտակուցներ արտադրել, որոնք պակասում են որոշ հիվանդությունների դեպքում: Հասկանալու համար Մոդեռնայի հաջողությունների հիմքում ընկած աշխատանքը, լրագրող Սյուզաննա Պետրոսյանը զրուցել է ընկերության հիմնադիր և նախագահ, դոկտոր Նուբար Աֆեյանի հետ, որը Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) հոգաբարձուների խորհրդի անդամ է: Աֆեյանը բարերար է, «Ավրորա» մարդասիրական մրցանակաբաշխության համահիմնադիր։ - Եթե փորձարկումները հաջող ավարտվեն, ո՞րն է պատվաստանյութի հաստատման և մատչելիության իրատեսական ժամկետը: Եվ, նման ճգնաժամերի ժամանակ, արդյոք արագանո՞ւմ են ընթացակարգերը: - Իսկապես, կլինիկա մուտքի արագությունը եղել է աննախադեպ։ Անորոշություն կա այն հարցի շուրջ, թե ինչ է լինելու դրանից հետո: Մենք մի քանի օրից փորձարկելու ենք նմուշները առողջ կամավորների վրա: Առաջին փուլը զուտ նայում է, թե արդյոք առողջ մարդկանց համար դա անվտա՞նգ է, որից հետո այն փորձարկվելու է ավելի մեծ խմբի վրա, որը կլինի երկրորդ փուլը: Դա կտևի մի քանի ամիս: Այնտեղ դուք փորձում եք տարբեր փոփոխականներ, մասնավորապես` թե որն է առավել արդյունավետ դոզան, որը ստեղծում է ուժեղ իմունային պատասխան: Միայն երրորդ փուլում է, որ փորձարկվում են հազարավոր մարդիկ: Հազարավոր մարդկանց վրա փորձարկման երկու հիմնական պատճառ կա: Մեկը` համոզվել, որ այն լայնորեն անվտանգ է, ոչ միայն 10, 20 մարդու համար: Երկրորդ պատճառն այն է, որ հարկավոր է որոշակի քանակությամբ մարդիկ վիրուսի ազդեցության գոտում` երաշխավորելու, որ գոնե նրանցից ոմանք կարող են շփում ունեցած լինել վիրուսի հետ, որպեսզի հնարավոր լինի տեսնել բուժման ազդեցությունը: Այսինքն, եթե բնակչության 10 տոկոսը ենթարկվեր վիրուսի ռիսկին, ապա ավելի փոքր փորձարկում կարվեր: Բայց քանի որ թվերը դեռևս բավականին փոքր են որպես բնակչության տոկոս, պետք է փորձարկվի մեծ թվով մարդկանց վրա: Թայմինգը բարդ է որոշել։ ԱՄՆ իշխանությունները, որոնց հետ մենք համագործակցում ենք, այդ թվում դոկտոր Էնթոնի Ֆաուչին, որը Ալերգիայի և վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի ղեկավարն է, ասում են, որ փորձարկումները տևում են 12-18 ամիս: Արտակարգ իրավիճակներում պետք է մտածել այն մասին, թե ինչ կարելի է անել հատկապես բնակչության խոցելի խմբերի համար, ինչպիսիք են առողջապահական աշխատողները կամ առողջության այլ բարդություններ ունեցող անձինք, որոնք ենթակա են վիրուսը կրելուն: Նման դեպքերում մարդիկ ուզում են փորձել ամեն ինչ, բայց կա իրական վտանգ, որ ոչ միայն կարող են լինել անհայտ հետևանքներ, այլև որ այն իսկապես վտանգում է այն թերապևտիկ թերապիայի մեթոդաբանությունը, որը ոչ ոք չի ցանկանում ձախողել ՝ շտապելով: - Մոդեռնան պատվաստանյութը ստեղծեց COVID_19 վիրուսի գենետիկ հաջորդականությունը ստանալուց 42 օր հետո: Ինչպիսի՞ն էին այդ 42 օրերը կուլիսներում: - Մոդեռնայի թիմը, որն ունի գիտական և արտադրական մեծ բաժիններ, աշխատել է անընդմեջ ու ցուցաբերել մեծ նվիրվածություն՝ արագ առաջ անցնելու համար։ Մեզ համար լավ նորությունն այն էր, որ մեր թիմը համագործակցում էր Առողջապահության ազգային ինստիտուտի թիմի հետ` այլ կորոնավիրուսային պատվաստանյութերի շուրջ: Օրինակ, մենք նրանց հետ աշխատում էինք Մերձավոր Արևելքի շնչառական համախտանիշի (MERS) պատվաստանյութի վրա՝ օգտագործելով նույն mRNA տեխնոլոգիան: Այնպես որ, մենք զրոյից չենք սկսել, լավ հարաբերություններ ունեինք և դրա շնորհիվ կարողացանք արագ առաջ շարժվել։  Մյուս հետաքրքրական փաստն այն է, որ Մոդեռնան աշխատում է բազմատեսակ դեղամիջոցների և պատվաստանյութերի վրա: Եվ որպես այդպիսին, մենք երկար տարիներ է՝ աշխատում ենք այսպես կոչված քաղցկեղի պատվաստանյութի վրա: Այն ներառում է ուռուցքից նմուշ վերցնելը և դրանում իմունոգենի հայտնաբերումը, ինչը նշանակում է, որ հիվանդի իմունային համակարգը, եթե ունենա դրանցից բավարար չափով, կարող է իմունային հակահարված տալ և սպանել քաղցկեղը: Մենք միակը չենք, որ աշխատում ենք դրա վրա, սա մի ամբողջ ոլորտ է, որը կոչվում է թերապևտիկ պատվաստանյութեր: Դրա մասին ասում եմ, որովհետև մենք Մոդեռնայում աշխատում ենք քաղցկեղի անհատական պատվաստանյութի (PCV) ծրագրի վրա: PCV- ն պահանջում է շատ արագ մեթոդաբանություն, որը անցնում է հիվանդի ուռուցքի հաջորդականությունից՝ անտիգենները նույնականացնելու, դրանք շատ արագ պատրաստելու, սրվակի մեջ դնելու և առաքելու համար, որպեսզի փորձարկվի հենց այդ նույն հիվանդի վրա: Աշխատանքային հոսքը նույնն է, ինչ այն, որն օգտագործելու ենք COVID-19-ի համար: - Դեղամիջոցների որևէ զարգացում տեղի ունեցե՞լ է այլ երկրներում, բացի ԱՄՆ-ից: Այլ ընկերություններ, կարծես, այս հարցում համագործակցում են չինացիների հետ: Մոդեռնան աշխատում է տեղում, Քեմբրիջում և Բոստոնում: Իհարկե, մենք համագործակցում ենք ամբողջ աշխարհի մարդկանց հետ, բայց հիմնական աշխատանքն այստեղ է արվում: - Հաշվի առնելով, որ Մոդեռնայի ներկայիս պատվաստանյութերի հավակնորդներից շատերը դեռ փորձարկումների 1-ին և 2-րդ փուլերում են, արդյոք քննարկումներ եղե՞լ են արտադրության ծավալների բարձրացման վերաբերյալ, որպեսզի COVID-19 պատվաստանյութի հաստատման դեպքում պահանջարկը բավարարվի։ - Այս պատվաստանյութը առաջ տանելու հիմնական տարրը արտադրական կարողությունների ավելացումը կլինի: Մենք արդեն ունենք հատուկ արտադրական ձեռնարկություն Մասաչուսեթսի նահանգի Նորվուդ քաղաքում: Այն նմանատիպ պրոդուկտի արտադրության ավտոմատացված միջոց է, բայց այդ օբյեկտը նվիրված է շատ այլ mRNA-ի վրա հիմնված դեղամիջոցների արտադրությանը: Այսպիսով, որպես արտադրական հզորությունը մեծացնելու մաս, մենք պետք է ավելացնենք նոր արտադրական կարողություններ առաջիկա շաբաթներին և ամիսներին: Շարունակությունը՝ civilnet.am-ում
16:17 - 12 մարտի, 2020
Մադրիդի «Ռեալ»-ում կարանտին է հայտարարվել. Իսպանիայի առաջնությունը երկու շաբաթով դադարեցվել է |hetq.am|

Մադրիդի «Ռեալ»-ում կարանտին է հայտարարվել. Իսպանիայի առաջնությունը երկու շաբաթով դադարեցվել է |hetq.am|

hetq.am: Մադրիդի «Ռեալ»-ի բասկետբոլայն թիմի խաղացողներից մեկի մոտ, որի անունը չի հաղորդվում, կորոնավիրուս է հայտնաբերվել, ինչի պատճառով «Ռեալ»-ի թե՛ բասկետբոլային, թե՛ ֆուտբոլային թիմերի համար կարանտին է հայտարարվել: «Արքայական ակումբի» պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ ֆուտբոլային և բակսետբոլային թիմերը մարզվում են նույն մարզաբազայում (Սյուդադ Ռեալ Մադրիդ), և հենց այդ պատճառով է կարանտին սահմանվել նաև ֆուտբոլային թիմի համար:  Բացի այդ, որոշում է կայացվել փակել ամբողջ մարզաբազան, և այնտեղ աշխատող անձնակազմի համար նույնպես կարանտին է սահմանվելու: Ըստ սահմանված ժամկետի՝ «Ռեալ»-ի ֆուտբոլային թիմը չէր կարող անցկացնել Իսպանիայի առաջնության 28-րդ և 29-րդ տուրի հանդիպումները, սակայն քիչ ավելի ուշ Լա Լիգայի ղեկավարությունը որոշում է կայացրել ամբողջ առաջնությունը երկու շաբաթով դադարեցնել:  Բացի այդ, «Ռեալ»-ը մարտի 16-ին Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխանում խաղում սեփական հարկի տակ պետք է ընդուներ «Մանչեսթեր Սիթի»-ին, սակայն այդ հանդիպումը նույնպես չի կայանա:
15:59 - 12 մարտի, 2020
Իրանն Արժույթի միջազգային հիմնադրամից հինգ միլիարդ դոլար Է խնդրել կորոնավիրուսի պատճառով |armenpress.am|

Իրանն Արժույթի միջազգային հիմնադրամից հինգ միլիարդ դոլար Է խնդրել կորոնավիրուսի պատճառով |armenpress.am|

armenpress.am: Իրանի իշխանությունները դիմել են Արժույթի միջազգային հիմնադրամին (ԱՄՀ)՝ խնդրելով հինգ միլիարդ դոլար տրամադրել կորոնավիրուսի բռնկման պատճառով: Այդ մասին հայտնել Է երկրի Կենտրոնական բանկի ղեկավար Աբդոլնասեր Հեմաթին: «Մարտի վեցին ես նամակ եմ գրել ԱՄՀ-ի ղեկավար Քրիստալին Գեորգիեւային՝ խնդրելով գործարկել մոտավորապես 5 միլիարդ դոլար գումարի արագ ֆինանսավորման գործիքը՝ հաշվի առնելով մեր երկրում կորոնավիրուսի ընդգրկուն տարածումը եւ կանխարգելման հետագա լուրջ միջոցառումների անհրաժեշտությունը, ինչպես նաեւ (կորոնավիրուսի բռնկման) տնտեսական հետեւանքներին դիմակայելը»,- գրել Է Հեմաթին Instagram-ում: Իրանի կենտրոնական բանկի ղեկավարի՝ ԱՄՀ-ին դիմելու վերաբերյալ տեղեկատվությունը հաստատել Է նաեւ արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը: Ավելի վաղ Համաշխարհային բանկի խումբը (Արժույթի միջազգային հիմնադրամ եւ Համաշխարհային բանկ) հայտնել Էր այն երկրներին աջակցություն ցուցաբերելու պատրաստակամության մասին, որոնց տնտեսությունը ենթարկվել Է կորոնավիրուսի բռնկման հետեւանքներին:Իրանում փետրվարի 19-ից, երբ իշխանություններն առաջին անգամ հայտնեցին կորոնավիրուսի մասին, գրանցված Է հիվանդության 9 հազար դեպք, 354-ը՝ մահվան ելքով, ավելի քան 2,9 հազար մարդ ապաքինվել Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
14:49 - 12 մարտի, 2020
Կառավարությունը կորոնավիրուսի կանխարգելման նպատակով իրականացնում է խիստ վերահսկողություն

Կառավարությունը կորոնավիրուսի կանխարգելման նպատակով իրականացնում է խիստ վերահսկողություն

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը փոխվարչապետն Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից հետաքրքրվել է կորոնավիրուսի դեմ տարվող պայքարի շրջանակում ձեռնարկվող միջոցառումների ընթացքից: Նախարարը նշել է, որ Հայաստանում ընդհանուր առմամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման չորս դեպք, որից երեքն արձանագրվել է երեկ: «Պացիենտներից երեքն այս պահին սիմպտոմներ չունեն, չնայած դիմելու պահին ունեցել են ջերմություն: Միայն մեկն ունի այս պահին գանգատներ և աջակողմյան բազալ թոքաբորբ է, ստանում է բուժում: Մնացած պացիենտները որևէ բուժում չեն ստանում: Հայտնաբերման հետ կապված միջոցառումներից ուզում եմ տեղեկացնել, որ վերջին 3 պացիենտներից բոլորը Հայաստանի Հանրապետություն են ժամանել Իտալիայից վերջին մի քանի օրերին, ժամանման պահին որևէ գանգատ չեն ունեցել, սակայն գտնվել են մեր մասնագետների հսկողության տակ՝ թե՛ տնային այցերի, թե՛ հեռախոսային կապի միջոցով: Գանգատներ ի հայտ գալու պես հոսպիտալացվել են, փաստորեն նրանց մոտ հաստատվել է այդ վիրուսի առկայությունը: Մյուս կանխարգելիչ միջոցառումներից են այդ մի քանի օրերին պացիենտների հետ կոնտակտի մեջ եղած անձանց հայտնաբերումը և մեկուսացումը: Արդեն 10 անձ մեկուսացվել է հատուկ պահման վայրում, որտեղ մենք ունենք ևս 31 հոգի: Ինչպես նաև իրականացվել են մեկուսացման աշխատանքներ իրենց բնակավայրերում՝ բավական մեծ թվով անձանց, հնարավոր է նրանց թվում նորից տեղի ունենա մեկուսացում հատուկ պահման վայրում օրվա ընթացքում»,-նշել է Արսեն Թորոսյանը՝ հավելելով, որ օդանավակայանում կանխարգելիչ աշխատանքները շարունակվում են։ Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանն էլ հայտնել է, որ տրված համապատասխան հանձնարարականներից հետո խստացվել է հսկողությունն օդանավակայանում: «Բացի ռիսկային գոտիներից, անկախ ուղղությունից բոլոր ուղևորները լրացնում են հասցեական քարտեր: Դա պարտադիր պահանջ է՝ ինքնաթիռում են լրացնում: Ովքեր ինքնաթիռում չեն լրացրել՝ վայրեջքից հետո պարտադիր լրացնում են, որպեսզի կարողանան երկիր մուտք գործել: Այսօր առավոտյան ժամը 9:00-ի դրությամբ, Ձեր հանձնարարականից հետո ընդհանուր առմամբ 6300 հասցեական քարտ է լրացվել: Հսկողությունը շարունակվում է նաև ցամաքային և մնացած անցակետերի մասով»,- նշել է Արթուր Ասոյանը՝ ավելացնելով, որ բոլոր կանխարգելիչ աշխատանքներն իրականացվում են Առողջապահության նախարարության և Ազգային անվտանգության ծառայության հետ համագործակցելով: Տիգրան Ավինյանը հիշեցրել է, որ կիրակի օրը՝ մարտի 15-ին մեկ չարթերային թռիչք կլինի Հռոմից դեպի Հայաստան: Անդրադառնալով կորոնավիրուսի պատճառով դասերը հետաձգելու հարցին՝ փոխվարչապետը նշել է, որ նմանատիպ որոշումների համար նվազագույնը կոնկրետ հիմնավորումներ են պետք, որոնք կվկայեն վիրուսի տարածման մասին: «Մեր դեպքերը շատ տեղայնացված են և կոնկրետ, մարդիկ են, ովքեր ի սկզբանե եղել են վերահսկողության տակ ու դեռևս նմանտիպ հարց քննարկելու կարիք չկա, խուճապի կարիք էլ չկա: Իրականում տարածաշրջանում նվազագույն դեպքերով երկիրն ենք և բավականին խիստ վերահսկողություն է իրականացվում բոլոր անցակետերում»,- ասել է Տիգրան Ավինյանը: Նա նշել է նաև, որ ամենօրյա ռեժիմով օպերատիվ աշխատում են բոլոր շահագրգիռ գերատեսչությունների հետ, եթե կարիքը լինի՝ նման որոշում մեկ օրվա ընթացքում կկայացվի: Կառավարությունը քայլեր է ձեռնարկում Հայաստանը տարածաշրջանում մրցունակ ու տեխնոլոգիապես առաջատար երկիր դարձնելու ուղղությամբ. հաստատվել է «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագիրը Կառավարությունը հաստատել է «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագիրը: Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը մշակել է ծրագիրը, որը կնպաստի տՏարածաշրջանում մրցունակ ու տեխնոլոգիապես առաջատար երկիր դառնալուն: Արդյունքում 2020թ. 45 հայ ձեռներեց հնարավորություն կստանա հատուկ մասնագիտական ծրագերով այցելել «գիտության և նորարարությունների» կենտրոն՝ Սիլիկոնյան հովիտ, ստանալու ձեռնարկատիրական և բիզնես գիտելիքներ, արտադրանքը ճիշտ ներկայացնելու հմտություններ, հանդիպել ներդրողների և վենչուրային կապիտալիստների: Ծրագրի միջոցով Հայաստանը հնարավորություն է ստանում կապվելու աշխարհի առաջատար տեխնոլոգիական կենտրոնների հետ՝ օգտագործելով սփյուռքի ներուժը: Ծրագրի կարևորագույն բաղադրիչը Սիլիկոնյան հովտում տեխնոլոգիական ներկայացվածության ապահովումն է: Այդ նպատակով Սան Հոզե քաղաքում վարձակալվելու է մինչև 250քմ տարածքով բնակարան, որտեղ «Վիրտուալ կամուրջ» ծրագրի միջոցով Սիլիկոնյան հովիտ այցելած մասնակիցները 3 շաբաթ կաշխատեն, հանդիպումներ կկազմակերպեն և կապրեն այդ կենտրոնում: Սա նոր կապեր ստեղծելու և մշտական հայկական տեխնոլոգիական ներկայացվածությունը ապահովելու լավագույն միջոցն է: Ծրագրի շրջանակում 15 ստարթափերները և ձեռներեցները, անցնելով հատուկ մրցութային փուլ հնարավորություն են ունենալու 7 շաբաթ տևողությամբ մասնագիտական վերապատրաստման դասընթացներ անցնելու Սիլիկոնյան հովտի թոփ ձեռնարկատիրական՝ «Դրեյփերի համալասարանում»: Այս համագործակցության առավելությունը կայանում է նրանում, որ դասընթացի ավարտին բոլոր մասնակիցները իրենց արտադրանքները կներկայացնեն «Դրեյփեր Վենչուր նեթվորկի» հիմնադիր Թիմ Դրեյփերին և իր թիմին՝ բացառիկ հնարավրություն ստեղծելով հայ ստարթափերների համար ներգրավելու ներդրումներ համաշխարհային ճանաչում ունեցող ներդրումային ընկերություններից: 2020թ. փետրվարի 13-ին տեղի է ունեցել Դրեյփերի համալսարանի գարնան շրջանի դասընթացների համար ընտրության փուլը, որն անցկացնելու համար հատուկ Հայաստան է ժամանել համալսարանի նախագահը, ընտրող հանձնաժողովի նախագահը և ծրագրի ղեկավարը: Ստացված ընդհանուր 109 հայտերից հաղթող է ճանաչվել 5 ձեռներեց. նրանք կստանան 100 տոկոս ամբողջական պետական կրթաթոշակ: Եվս 3 գաղափարների հեղինակների հաճելի անակնկալ է մատուցել Դրեյփերի համալսարանի նախագահը. հաշվի առնելով մասնակիցների նորարարական մտածողությունը և գաղափարների զարգացման ներուժը՝ տրամադրել են 50 տոկոս կրթաթոշակ Դրեյփերի համալսարանում սովորելու: Բարձր գնահատելով այս ծրագրի կարևորությունը՝ «Իմ քայլը» հիմնադրամը պատրաստակամություն է հայտնել հոգալու ևս 3 հաղթողների հավելյալ 50 տոկոս ուսման վարձը: 2020թ. նախատեսվում է նմանատիպ ևս 2 մրցույթ՝ ընտրելով հնգական ձեռներեցների: Ծրագիրն անմիջականորեն իրականացվելու է Հայկական բարեգործական ընդհանուր միության հետ միասին։ Ծրագրի շրջանակում իրականացվող ամբողջ լոգիստիկ, կազմակերպչական և բովանդակային հարցերը կարգավորվելու է Հայկական բարեգործական ընդհանուր միության Սիլիկոնյան հովտի մասնաճյուղի կողմից: Ծրագրի մեկնարկը նախատեսվում է 2020 թվականից, որի համար ՀՀ պետական բյուջեով յուրաքանչյուր տարի կհատկացվի 1,3 մլրդ դրամ: Կբարելավվեն տուն-ինտերնատներում խնամվող անձանց կենցաղային պայմանները և մատուցվող ծառայությունների որակը. հանրապետությունում կստեղծվեն տարեցների համայնքային փոքր տներ Տուն-ինտերնատներում խնամվող անձանց կենցաղային պայմանները և մատուցվող ծառայությունների որակը բարելավելու նպատակով կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Ըստ այդմ՝ հանրապետությունում նախատեսվում է տարեցների համայնքային փոքր տների ստեղծում, ինչը համահունչ է խնամքի ծառայությունների ապաինստիտուցիոնալացման՝ կառավարության որդեգրած գաղափարին: Ներկայում հանրապետությունում գործում է տարեց և/կամ հաշմանդամություն ունեցող (այդ թվում՝ հոգեկան առողջության կամ մտավոր խնդիրներ ունեցող) անձանց շուրջօրյա խնամքի ծառայություն մատուցող 12 հաստատություն, այդ թվում 7-ը՝ ոչ պետական: Բոլոր հաստատություններում միասին շուրջօրյա խնամքի ծառայություններ է ստանում շուրջ 1390 մարդ (որից՝ ոչ պետական հաստատություններում 180 մարդ), իսկ տնային պայմաններում սպասարկվում է ավելի քան 3800 մարդ, իսկ ցերեկային կենտրոններ հաճախում է շուրջ 2000-ը: Տարեցների փոքր տունը նոր տիպի կառույց է, որն էականորեն տարբերվելու է այսօր գործող խնամքի տներից: Յուրաքանչյուր տարեցի ապահովվածությունը բնակելի մակերեսով պետք է լինի ոչ պակաս քան 6 քմ և յուրաքանչյուր սենյակում պետք է բնակվի ոչ ավելի, քան երկու անձ՝ ի տարբերություն ներկայիս գործող խնամքի պետական հաստատությունների, որտեղ մեկ սենյակում բնակվում են 2-7 անձ: Նման տներն այլընտրանք են մեծ հաստատություններին և տնտեսապես առավել արդյունավետ են: Տարեցների փոքր տունը պետք է այնտեղ ապրողի համար ապահովի բարեկեցիկ կյանքի բոլոր տարրերը, այդ թվում` հարմարավետ կահավորված սենյակներ, մեկ տեղանոց կամ երկու` ամուսնական զույգերի կամ տարեցների համաձայնությամբ` երկուսով ապրելու, համապատասխան կոմունալ հարմարություններով և անհրաժեշտ սարքավորումներով, բազմատեսակ սնունդ տարեցի ընտրությամբ (այդ թվում՝ դիետիկ), անհրաժեշտ դեղորայքով և սանիտարահիգիենիկ պարագաներով ապահովում բարեկարգ, ծաղկազարդ բակ, հանգստի և ժամանցի սենյակներ, կենցաղային ծառայություններ (օրինակ` վարսավիրանոց և այլն), շուրջօրյա սպասարկում, ազատ ժամանցի կազմակերպում, մշակութային և այլ միջոցառումների անցկացում, բարձրակարգ մասնագետների առկայություն և այլն: Որոշմամբ առաջարկվում է հատկացնել 24,133.9 հազար դրամ կամ 45.44 հազար եվրո՝ անշարժ գույքի, նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման համար: «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի դրույթներին նախկինում ընդունած որոշումը համապատասխանացնելու նպատակով կառավարությունն ընդունել է որոշում: Որոշմամբ, մասնավորապես, սահմանվել է, որ եթե կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու օրվա դրությամբ անձն ունեցել է այլ տեսակի կենսաթոշակի իրավունք և այդ տեսակի կենսաթոշակ նշանակելու դիմում ներկայացրել է 2018 թվականի հունվարի 1-ից հետո «մինչև 2019թ. հուլիսի 25-ը»` կենսաթոշակ ստանալու իր իրավունքը դադարելու օրվանից սկսած վեց ամսվա ընթացքում, ապա նրա կենսաթոշակի նշանակման օր է համարվում կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու օրը, և նրան դիմելուն նախորդող ժամանակահատվածի համար վճարվում է չվճարված կենսաթոշակի գումար: Բացի այդ, թաղման նպաստ է վճարվում նաև վերափորձաքննության ներկայանալու և մինչև բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից այդ անձի վերաբերյալ որոշում կայացնելը մահանալու դեպքում: Լուծում է տրվել նաև իրավակիրառ պրակտիկայում առաջացած մի շարք խնդիրների, մասնավորապես` հստակեցվել է, որ քաղաքացիական ավիացիայի թռիչքահրամանատարական, թռիչքահրահանգչական և թռիչքային անձնակազմերում ծառայելու ժամանակաշրջանի մեջ հաշվառվում են նաև զինված ուժերի թռիչքային և թռիչքափորձարկման անձնակազմերի, ինչպես նաև ավիացիոն տրանսպորտային էսկադրիլիայի պաշտոններում ծառայելու ժամանակահատվածները: Կառավարությունը շարունակում է ներդրումային ծրագրերի խրախուսումը. կստեղծվեն նոր աշխատատեղեր Գործադիրը բավարարել է «Մետալ ուորլդ» ՍՊԻ հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու վերաբերյալ: Ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործվելու է թիթեղյա տարաների և պտուտակավոր կափարիչների արտադրության համար։ Ծրագրի շրջանակում կիրականացվի 1.8 մլրդ դրամի ներդրում հումքի և նյութերի ձեռքբերման և շուրջ 150 մլն դրամի ներդրում նոր սարքավորումների ձեռքբերման համար: Ներկայումս առկա է 19 աշխատատեղ, կստեղծվի 6 նոր աշխատատեղ` 120,000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 2.9 մլրդ դրամ, որից 2.7 մլրդ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 200 մլն դրամի արտադրանքը` երրորդ երկրների տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 1.8 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը կազմում է 98.3 մլն դրամ: Մաքսատուրքից ազատելու արտոնությունից կօգտվի նաև «Պրինտարմ դանվեստ» ՍՊԸ-ն, որը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է տպագրության ոլորտում (թղթից կամ ստվարաթղթից արտադրատեսակներ, թղթի կամ ստավարաթղթի մետաղապատում, տպագրություն, մետաղապատ ստվարաթղթից արտադրատեսակների պատրաստում)։ Ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությունը կիրականացնի 281.6 մլն դրամի ներդրում սարքավորումների ձեռքբերման համար և 380.2 մլն դրամի ներդրում ցանկում ներկայացված հումքի ձեռքբերման համար: Ներկայումս առկա է 77 աշխատատեղ, կստեղծվի 5 նոր աշխատատեղ` 170,000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը տարեկան կկազմի 3.48 մլրդ դրամ, որն ամբողջությամբ կիրացվի ՀՀ տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 380,240,000 դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը կազմում է 19 մլն դրամ: Գործադիրն ընդունել է որոշումներ «Գլոբալ մարկետփլեյս» ՍՊԸ-ին և «ՅՈՒ-ռոբոտ» ՓԲԸ-ին «ԷԿՈՍ» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում ներառելու վերաբերյալ: «Գլոբալ մարկետփլեյս»-ը նախատեսում է ազատ տնտեսական գոտում գործունեություն ծավալել բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում։ Ծրագրի շրջանակում (2020-2024թթ.) իրականացվելիք ներդրումները կկազմեն շուրջ 43 500 000 ԱՄՆ դոլար: Ծրագրի ընթացքում կստեղծվի 150 նոր աշխատատեղ` ղեկավար անձնակազմի համար մոտ 240 000 դրամ, օպերացիոն անձնակազմի համար՝ 145 000 դրամ, իսկ տեխնիկական անձնակազմի համար՝ 180 000 դրամ միջին ամսական աշխատավարձերով: Ընկերությունն ունենալու է մոտ 15.08 քմ գրասենյակային տարածք՝ 5 տարի ժամկետով: «ՅՈՒ-ռոբոտ» ՓԲԸ-ն գործունեություն կծավալի բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում։ Ծրագրի շրջանակներում (2020-2024թթ.) իրականացվելիք ներդրումները կկազմեն շուրջ 2 395 000 ԱՄՆ դոլար: Ծրագրի ընթացքում կստեղծվի 17 նոր աշխատատեղ` մոտ 821 000 դրամ միջին ամսական աշխատավարձով: Ընկերությանը տրամադրվելու է մոտ 16 քմ գրասենյակային տարածք՝ 5 տարի ժամկետով:
14:06 - 12 մարտի, 2020
Էջմիածնի քաղաքապետը՝ քաղաքում տիրող իրավիճակի մասին

Էջմիածնի քաղաքապետը՝ քաղաքում տիրող իրավիճակի մասին

Կրկին հարկ եմ համարում նշել, որ շտապօգնության մեքենաները քաղաքից տեղափոխում են ոչ թե վարակակիրների կամ վատ ինքնազգացողություն ունեցող անձանց, այլ այն մարդկանց, ովքեր սերտ շփում են ունեցել կորոնավիրուսով վարակված անձի հետ: Դա արվում է այդ անձանց մեկուսացման և թեստավորման նպատակով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը։  Գասպարյանը նշել է, որ խուճապն առաջացել է բժիշկներից մեկի սխալ հայտարարությունից հետո, թե իբր վարակվածներից մեկը՝ մասնակցել է հարսանիքի , որի ընթացքում երեք քաղաքացու ինքնազգացողություն է վատացել, ժամանել է շտապօգնությունն և  պարզվել է, որ նրանք վարակված են կորոնավիրուսով: «Այս ամենը ծայրից ծայր սուտ է: Նախ՝ մենք ունենք մեկ վարակակիր, և նման հարսանիք ու մասնակիցների կտրուկ վատացման դեպք չի եղել:  Չի կարելի նման անպատասխանատու հայտարարություններով խուճապ ստեղծել հանրապետությունում»,- ասել է  Գասպարյանը:  Քաղաքապետը հայտնել է, որ վարակվածը օրեր առաջ մասնակցել է նշանադրության արարողության, որի մասնակիցների ամբողջական ցուցակ է կազմվել ու փոխանցվել առողջապահության նախարարություն: Նախարարությունն էլ իր հերթին ավելի սերտ շփված մարդկանց մեկուսացրել է՝ հետագա տարածումից խուսափելու համար: Այս դեպքով է պայմանավորված քաղաքում շտապօգնության մեքենաների և ոստիկանության ծառայողների սովորականից ավելի շատ լինելը։ «Էջմիածնի քաղաքապետարանը հսկողություն չի իրականացնում դպրոցների նկատմամբ, հսկողությունն իրականացնում է և նրանց հսկում է մարզպետարանըՄենք դպրոց փակելու իրավասություն չունենք, հետևաբար խնդրում եմ զերծ մնալ դպրոցներ փակելու կոչերից »,- դպրոցների և մանկապարտեզների փակվելու վերաբերյալ ասել է քաղաքապետը։ Գասպարյանը շեշտել է, որ մանկապարտեզները վաղ առավոտից ապահովվել են բոլոր ախտահանող նյութերով՝ սպիրտով, ալկոգելով, տարածքն ու երեխաները անընդհատ ախտահանվում են։ Այս պահին նախարարության կողմից չկա կրթական հաստատությունները փակելու որոշում։
13:54 - 12 մարտի, 2020
Էրեբունի ԲԿ-ում կնոջ մահվան պատճառը կորոնավիրուսը չէ |infocheck.am|

Էրեբունի ԲԿ-ում կնոջ մահվան պատճառը կորոնավիրուսը չէ |infocheck.am|

infocheck.am: Այսօր լրատվամիջոցներից մեկը գրել էր, թե Մարտունի բժշկական կենտրոնից Երևան է տեղափոխվել հղի կին, որն ավելի ուշ մահացել է։ Նշվում էր, թե վերջինիս դին մեկուսացված է և չի հանձնվում հարազատներին։ «Դա խոսակցությունների տեղիք էր տվել, որ կնոջ  մոտ, հնարավոր է, կորոնավիրուս է եղել»,- հայտնել էր նյութի հեղինակը։ Տեղեկատվության ստուգման կենտրոնը կապ է հաստատել Մարտունի ԲԿ-ի հետ, որտեղից հայտնել են, որ Երևանի Էրեբունի ԲԿ կին է տեղափոխվել, սակայն վերջինս հղի չի եղել։ Էրեբունի բժշկական կենտրոնից հայտնեցին, որ տարածված տեղեկությունը, թե իբր կնոջ դին մեկուսացված է և չի հանձնվում հարազետներին, չի համապատասխանում իրականությանը։ Կինը մահացել է մարտի 8-ին, մարմինը փոխանցվել է հարազատներին ամսի 10-ին։ Ինչ վերաբերում է կնոջ՝ կորոնավիրուսով վարակված լինելուն, ապա երկու բժշկական կենտրոններից էլ վստահեցրին, որ կինը մահացել է այլ հիվանդությունից։ Թե կոնկրետ ինչ հիվանդություն է հանդիսացել մահվան պատճառ, չենք նշում՝ անձնական տվյալների պաշտպանությունից ելնելով։
13:38 - 12 մարտի, 2020
Հայաստանում իրականացվում են հակահամաճարակային ամենախիստ միջոցառումները․ Արսեն Թորոսյան

Հայաստանում իրականացվում են հակահամաճարակային ամենախիստ միջոցառումները․ Արսեն Թորոսյան

«Բազմիցս նշել եմ , որ բոլոր ուղևորներին, որոնք ժամանել են էպիդ զոնանրեից, հնարավոր չէ մեկուսացնել»։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։Վերջինս նշեց, որ միայն Չինաստանից Հայաստան  են եկել հարյուրավոր ՀՀ քաղաքացիներ և այդքանի մեկուսացումը անհնար և անարդյունք  կարող էր լինել։  «Չինաստանից Հայաստան ժամանած հարյուրավոր քաղաքացիներից ոչ մեկի մոտ վիուս չի հայտնաբերվել։ Ամեն ինչ արվում է հակահամաճարակային միջազգային խորհուրդներին համապատասխան։ Մեկուսացումը ցուցված է կատարել միայն  արդեն հաստատված դեպքի անմիջական կոնտակտներին, ինչով մենք զբավում ենք և զբաղվել ենք։ Մի դեպքում ունենք միայն մարդկանց հետ շփման լայն շրջանակ, այդ շրջանակից բոլորն արդեն հայտնի են, իրենց իդենտիֆիկացրել ենք։ Կապ չունի, թե այդ լայն շրջանակի հետ շփումը ինչպես է եղել՝ միջոցառման ժամանակ, խանութում, թե այլ տեղ, հնարավոր է որ այդ շրջանակը մեծանա մինչև հիսուն հոգի և այդ հիսուն հոգու դեպքում էլ մեկուսացման որոշում կկայացվի»,- նշեփց նախարարը ։ Թորոսյանը հավելեց, որ  Իտալիայի քաղաքացու դեպքում էլ շրջանակը մի քիչ մեծ է, բայց իրենց մեկուսացումն արվել է մի շենքում, որտեղ միայն իրենք են ապրում։ Նրանք երկու շաբաթ չեն լքի այդ շենքը։ «Հայաստանում իրականացվում են հակահամաճարակային ամենախիստ միջոցառումները, դրանից ավել միջոցների կիրառումը ցուցված չէ և հնարավոր չէ։ Խնդիրը դեպքը վաղ հայտնաբերելն է, թեստավորելը,  շփման շրջանակը պարզելն է և տարածումը կանխարգելելը»,- կատարվող աշխատանքների մասին ասաց Թորոսյանը։
13:26 - 12 մարտի, 2020
Բասկետբոլիստ Ռուդի Գոբերի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել. NBA-ը դադարեցրել է կանոնավոր առաջնությունը |hetq.am|

Բասկետբոլիստ Ռուդի Գոբերի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել. NBA-ը դադարեցրել է կանոնավոր առաջնությունը |hetq.am|

hetq.am: Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (National Basketball Association - NBA) «Յուտա Ջազ» (Utah Jazz) ակումբի կենտրոնական Ռուդի Գոբերի կորոնավիրուսի թեստը դրական արդյունք է ունեցել: Ֆրանսիացի խաղացողը թեստը հանձնել էր «Օկլահոմա Սիթի Թանդեր»-ի հետ արտագնա խաղից առաջ: Այն բանից հետո, երբ ստացվել են Գոբերի թեստի արդյունքները, NBA-ը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ կանոնավոր առաջնության խաղերը անժամկետ հետաձգվում են: «NBA-ի կօգտագործի այդ ընդմիջումը՝ հետագա քայլերը որոշելու համար»,- ասվել է հաղորդագրության մեջ: Միևնույն ժամանակ NBA-ը թիմերի մարզումների սահմանափակում չի մտցրել: Ռուդի Գոբերի թիմը՝ «Յուտա Ջազ»-ը, նույնպես հայտարարություն է տարածել՝ մանրամասներ հայտնելով բասկետբոլիստի հանձնած թեստից. «Այսօր առավոտյան «Յուտա Ջազ»-ի խաղացողներից մեկը գրիպի և վերին շնչառական ուղիների վարակների թեստ է հանձնել, որոնք բացասական արդյունք են ունեցել: Այնուամենայնիվ, NBA-ի և Օկլահոմայի բժիշկների հետ խորհրդատվությունից հետո որոշում կայացվեց, որ խաղացողը պետք է կորոնավիրուսի թեստ հանձնի: Թեստի դրական արդյունքը մեր տրամադրության տակ հայտնվեց «Օկլահոմա»-ի դեմ խաղից առաջ, ինչի մասին մենք անմիջապես տեղեկացրել ենք լիգային: NBA-ի ղեկավարությունը որոշում ընդունեց չեղարկել խաղը»,- նշվում է Սոլթ Լեյք Սիթին ներկայացնող ակումբի հաղորդագրությունում: «Յուտա Ջազ» - «Օկլահոմա Սիթի Թանդեր» հանդիպումը պետք է կայանար Օկլահոմայի «Չեսըփիք Էներջի» մարզադաշտում: ESPN-ի լրագրող Էդրիան Վոյնարովսկին տեղեկացրել էր, որ թեստի դրական արդյունքների մասին իմանալուց հետո խաղացողների համար հենց մարզադաշտում կարանտին էր սահմանվել: Սակայն դրանից քիչ անց մեկ այլ ինսայդեր Ռոյս Յանգը հայտնեց, որ բասկետբոլիստները էվակուացվել են մարզադաշտից:  «Յուտա»-ի խաղացողները չեն կարող մեկնել Սոլթ Լեյք Սիթի, նրանց համար կարանտին կսահմանվի Օկլահոմայում: ESPN-ի հաղորդմամբ՝ NBA-ը խնդրել է «Քլիվլենդ Քավալերս», «Բոստոն Սելթիքս», «Նյու Յորք Նիքս», «Դետրոյթ Փիստոնս» և «Տորոնտո Ռեպտորս» ակումբներին ինքնամեկուսացվել, քանի որ վերջին 10 օրերի ընթացքում «Յուտա Ջազ»-ը հենց այդ թիմերի դեմ է խաղացել: Ընդհանուր առմամբ Ռուդի Գոբերը խաղադաշտում հանդիպել է 34 տարբեր խաղացողների:  Առավել մանրամասն՝ hetq.am-ում
12:55 - 12 մարտի, 2020
«Արմենիա»-ն կասեցնում է իր չվերթների գերակշիռ մասը մինչև ապրիլի 16-ը. 1500 ավիատոմս հետ են վերադարձրել

«Արմենիա»-ն կասեցնում է իր չվերթների գերակշիռ մասը մինչև ապրիլի 16-ը. 1500 ավիատոմս հետ են վերադարձրել

Արմենիա ավիաընկերությունը կասեցնում է իր չվերթների գերակշիռ մասը մինչև ապրիլի 16-ը՝ պայմանավորված կորոնավիրուսի լայն տարածմամբ, ինչը հանգեցրել է տոմսերի զանգվածային վերադարձի: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ավիաընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Գեւորգ Խաչատրյանը: Նա, մասնավորապես, գրել է. «Հարգելի գործընկերներ և ուղևորներ, Արմենիա ավիաընկերությունը կասեցնում է իր չվերթների գերակշիռ մասը մինչև ապրիլի 16-ը՝ պայմանավորված կորոնավիրուսի լայն տարածմամբ, ինչը հանգեցրել է տոմսերի զանգվածային վերադարձի: Այս պահի դրությամբ վերադարձվել է ավելի քան 1500 ավիատոմս, բոլոր ուղևորներին վերադարձվել են գումարները կամ կատարվել է անվճար օրվա փոփոխություն: «Արմենիա» ավիաընկերության համար առաջնայինը իր թռիչքային անձնակազմի և ուղևորների անվտանգությունն է՝ չնայած կրած ֆինանսական զգալի կորուստներին: Երևան-Լիոն-Երևան ուղղությամբ չեղարկվում են բոլոր չվերթները մինչև ապրիլի 16-ը: Երևան-Թել Ավիվ-Երևան ուղղությամբ չեղարկվում են մինչև ապրիլի 9-ը բոլոր չվերթները: Մաղթում ենք Ձեզ առողջություն»:
12:24 - 12 մարտի, 2020
Կորոնավիրուսով վարակվածների հետ շփված տասը քաղաքացի մեկուսացվել է․ Արսեն Թորոսյան

Կորոնավիրուսով վարակվածների հետ շփված տասը քաղաքացի մեկուսացվել է․ Արսեն Թորոսյան

Այս պահին նոր կորոնավիրուսով վարակի 4 գրանցված դեպք ունենք։ Կառավարության այսօրվա նիստում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ «Ինչպես արդեն նշեցիք, երեկ հաստատվել է ևս 3 դեպք, ունենք փաստացի արձանագրված չորս դեպք։ Պացիենտներից երեքն այս պահին սիմպտոմներ չունեն, չնայած դիմելու պահին ունեցել են ջերմություն։ Միայն մեկն այս պահին ունի գանգատներ և ունի աջակողմյան բազալ թոքաբորբ, ջերմում է և ստանում է սիմպտոմատիկ բուժում։ Մյուսները որևէ բուժում չեն ստանում»,-նշեց Արսեն Թորոսյանը։ Նախարարը հիշեցրեց, որ երեք պացիենտները ժամանել են Իտալիայից, ժամանման պահին որևէ գանգատ չեն ունեցել, սակայն գտնվել են մասնագետների հսկողության տակ թե՛ տնային այցերի, թե՛ հեռախոսային կապերի միջոցով, և գանգատների ի հայտ գալուն պես հոսպիտալացվել են։ «Մյուս կանխարգելիչ միջոցառումներից են այդ մի քանի օրերին պացիենտների հետ կոնտակտի մեջ եղած անձանց հայտնաբերումը և մեկուսացումը։ Արդեն 10 անձ մեկուսացվել է հատուկ պահման վայրում, որտեղ մենք ունենք ևս 31 հոգի։ Ինչպես նաև իրականացվել են մեկուսացման աշխատանքներ իրենց բնակավայրերում, բավական մեծաթիվ մարդկանց։ Հնարավոր է՝ նրանց միջից նորից տեղի ունենա մեկուսացում հատուկ պահման վայրում՝ օրվա ընթացքում։ Երկուսը Հայաստանի քաղաքացիներ են, մեկը՝ Իտալիայի»,-հավելեց Թորոսյանը։ Արսեն Թորոսյանի խոսքով օդանավակայանում շարունակվում են կանխարգելիչ միջոցառումները։ Հատուկ քարտերի լրացում և տնային հսկողություն է լինում այն երկրներից ժամանակծների համար, որտեղ դեպքերը շատ են՝ եվրոպական մի քանի երկրներ, Չինաստան, Ճապոնիա, Հարավային Կորեա և այլն։ «Յուրաքանչյուրիս պատասխանատվությունը շատ կարևոր է վարակի հետագա տարածումը կանխարգելելու համար։ Իրականացվում են աշխատանքներ ամբողջ երկրում կանխարգելման նպատակով, »,-նշեց նախարարը։ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ հավելեց՝ մարտի 15-ին տեղի է ունենալու մեկ չարտերային թռիչք Հռոմից դեպի Երևան, որը կազմակերպվում է կառավարության, «Արմենիա» օդանավակայանի և հայկական ավիափոխադրողի կողմից։ Փոխվարչապետը նշեց, որ նիստի փակ հատվածում կքննարկեն հետագա քայլերը  այդ թռիչքի հետ կապված։  
11:43 - 12 մարտի, 2020
Առաջարկում եմ հետաձգել բոլոր զանգվածային միջոցառումները և փակել բոլոր կրթական հաստատությունները․ Էդմոն Մարուքյան

Առաջարկում եմ հետաձգել բոլոր զանգվածային միջոցառումները և փակել բոլոր կրթական հաստատությունները․ Էդմոն Մարուքյան

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Առաջարկում եմ հետաձգել բոլոր զանգվածային միջոցառումները և փակել բոլոր կրթական հաստատությունները Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը պանդեմիա (համաճարակ) է հայտարարել։ Եվրոպական բազմաթիվ քաղաքներում մինչև հարյուր հոգանոց հավաքներն արգելված են։ Այս ամենի հետ զուգընթաց Հայաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի ևս 3 վարակակիր։ Սա չափազանց մտահոգիչ փաստ է, ինչի վտանգավորությունը բազմապատկվում է, երբ հաշվի ենք առնում դրա տարածման հավանականությունը։ Իհարկե մեծ հույս ունենք, որ, այնուամենայնիվ, կխուսափենք այդ հեռանկարից, բայց այս պահի դրությամբ ունենք այն, ինչ ունենք, և մարտահրավերին ճիշտ դիմագրավելու համար անհրաժեշտ է առաջին հերթին ճշգրիտ գնահատել իրավիճակը։ Ստեղծված վտանգավոր իրադրությունում պետք է դադարեցնել և հետաձգել բոլոր զանգվածային միջոցառումները: Առաջարկությունն այս պայմանավորված է հետևյալ կարևորագույն անհրաժեշտություններով՝ համաճարակի տարածման վտանգավոր սպառնալիքի հանգամանքներում անթույլատրելի է իրականացնել զանգվածային միջոցառումներ. այս պահին տեղին կլինի, որ քաղաքական ղեկավարությունը, ընդդիմությունը, քաղաքացիական հասարակությունն ու ընդհանրապես հանրությունն իրենց ուշադրությունը կենտրոնացնեն այս պահի դրությամբ ամենակարևոր սպառնալիքի՝ կորոնավիրուսի չեզոքացման ուղղությամբ։ Սա իսկապես ազգային անվտանգության հիմնախնդիր է, որը ենթադրում է բոլոր հնարավոր ռեսուրսների գերկենտրոնացման անհրաժեշտություն։ Եկե՛ք ճիշտ գնահատենք իրավիճակը։ Հետգրության փոխարեն ուզում եմ հիշեցնել, որ մենք ժամանակին բազմիցս հորդորել էինք դադարեցնել Իտալիայից Հայաստան բոլոր թռիչքները, բայց մեր հորդորներն այդպես էլ անհետևանք մնացին»։
11:38 - 12 մարտի, 2020