ՄԻՊ

ՀՀ Սահմանադրության համաձայն Մարդու իրավունքների պաշտպանն անկախ պաշտոնատար անձ է, որը հետեւում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց, իսկ Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով սահմանված դեպքերում` նաեւ կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների եւ ազատությունների պահպանմանը, նպաստում է խախտված իրավունքների եւ ազատությունների վերականգնմանը, իրավունքներին ու ազատություններին առնչվող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործմանը:

Մարդու իրավունքների պաշտպանը տարեկան հաղորդում է ներկայացնում Ազգային ժողով իր գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին: Հաղորդումը կարող է պարունակել օրենսդրական կամ այլ բնույթի միջոցառումների վերաբերյալ առաջարկներ: Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք պարտավոր են օրենքով սահմանված կարգով Մարդու իրավունքների պաշտպանին տրամադրել անհրաժեշտ փաստաթղթեր, տեղեկություններ եւ պարզաբանումներ, ինչպես նաեւ աջակցել նրա աշխատանքներին: Մարդու իրավունքների պաշտպանի այլ լիազորությունները սահմանվում են Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով: 

2022 թվականի հունվարի 24-ից ՄԻՊ պաշտոնը զբաղեցնում է Քրիստինե Գրիգորյանը։

Արտահերթ զեկույց՝ հոգեբուժական կազմակերպություններում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների ապահովման վերաբերյալ․ ՄԻՊ

Արտահերթ զեկույց՝ հոգեբուժական կազմակերպություններում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների ապահովման վերաբերյալ․ ՄԻՊ

հոգեբուժական կազմակերպություններում պահվող մարդկանց իրավունքների խախտումների վերաբերյալ 2017 թվականի այցերի արդյունքներով 2018թ. մարտի 22-ին հրապարակած արտահերթ զեկույցից հետո ընդհանուր պատկերը չի փոխվել մինչ օրս։ Նման եզրահանգում է արել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ Ստորեւ՝ զեկույցում տեղ գտած հիմնական դրույթները, որոնք հրապարակել է ՄԻՊ աշխատակազմը։ Շաբաթ օրը հրապարակած արտահերթ զեկույցը ցույց է տալիս, որ գործնականում վիճակը նույնն է՝ սկսած Կառավարության ոչ թիրախային համակարգային քաղաքականությունից ու դանդաղ քայլերից մինչև անուշադրություն հոգեկան առողջություն ունեցող մարդկանց նկատմամբ: Զեկույցի գնահատականները հիմնված են 2021թ. ընթացքում «Ավան» հոգեկան առողջության կենտրոն, «Սևանի հոգեկան առողջության կենտրոն», «Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսեր» և «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» այցերի, բողոքների, ստացած պարզաբանումների, ինչպես նաև իրականացվել է համեմատություն նախորդ տարիների հետ: Ընդհանուր գնահատականն այն է, որ հոգեկան առողջության ոլորտի համակարգային խնդիրների լուծմանը համապարփակ մոտեցում չի ցուցաբերվել, չկան այս հարցին վերաբերող ռազմավարական փաստաթղթեր, որոնք թույլ կտային վերհանված խնդիրները կարգավորել միասնական քաղաքականության շրջանակներում և պատշաճ հսկողություն իրականացնել ՝ անկախ գերատեսչական ենթակայությունից: Հիմնական խնդիրները՝ Հոգեկան առողջապահությունը կենտրոնացած է հիվանդանոցային հաստատություններում և գոյություն չունեն համայնքահեն ծառայություններ: Գլխավոր հարցերում չի վարվում միասնական քաղաքականություն: Հոգեբուժական կազմակերպությունների տարբերակված գերատեսչական ենթակայությունը խոչընդոտ է միասնական քաղաքականության համար: Այս մասին նշել եմ դեռ 2018 թվականի զեկույցում։ Հոգեբուժական կազմակերպությունները գործում են Առողջապահության նախարարության, մարզպետարանների ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ։ Հաճախ են Առողջապահության նախարարի հրամանների պահանջները խախտվում ոչ իր ենթակայությամբ գործող հոգեբուժական կազմակերպություններում: Գոյություն չունի փոխհամաձայնեցված համագործակցություն, ինչն էլ առաջացնում է միասնական մոտեցումների բացակայություն, վերահսկողության հարցերում բացթողումներ և այլն: Շարունակվող խնդր է վճարովի ծառայությունների մատուցումը (մանրամասները Զեկույցում են)։ Հոժարակամ և ոչ հոժարակամ բուժման հետ կապված խնդիրները շարունակում են մնալ քրոնիկ և պահանջում են հիմնարար լուծումներ։ Գործնականում արձանագրվել են դեպքեր, երբ տարբեր հոգեբուժարաններում օգտագործվել են օրենքով չնախատեսված մեխանիկական զսպման միջոցներ: Մասնավորապես, Սևանի հոգեկան առողջության կենտրոնում կիրառվել է «չոր փաթաթում» և «թաց փաթաթում»: Սա իրենից ներկայացնում է սառը ջրով թրջած սավանով փաթաթում: Նման պրակտիկան խիստ անթույլատրելի է: Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատում նույնպես կիրառվում են սավանի կտորներ, որոնք դժվարությամբ են արձակվում: Հոգեբուժական կազմակերպություններում կամ առանձին բաժանմունքներում առկա չեն ֆիզիկական զսպման համար առանձնացված սենյակներ: Հոգեբուժարաններում արձանագրվող խնդիրներից է նաև որպես դեղորայքային հանդարտեցման միջոց օրենքով չնախատեսված դեղամիջոցների կիրառումը: Գործնականում չեն պահպանվում ՀՀ առողջապահության նախարարի հրամանի պահանջները: Ավելին, օրինակ, Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատում խնամարկյալի նկատմամբ, որպես դեղորայքային զսպման միջոց, կիրառվել է դեղամիջոց, որը ներառված չէ նախարարի՝ ոլորտը կարգավորող որևէ հրամանում: Կամ Սևանի հոգեկան առողջության կենտրոնում որպես դեղորայքային հանդարտեցման միջոց կիրառվել է դեղամիջոցների համադրություն, որը նույնպես ներառված չէ որպես հանդարտեցման միջոց օրենսդրությամբ սահմանված թույլատրելի դեղամիջոցների ցանկում: Շարունակում է մտահոգիչ մնալ ֆիզիկական զսպման և դեղորայքային հանդարտեցման միջոցների զուգակցված կիրառումը՝ առանց պատշաճ հիմնավորման: Ոչ մի հոգեբուժարանում, մենք գտնում ենք, որ ֆիզիկական զսպման և դեղորայքային հանդարտեցման միջոցի զուգակցումը չի հիմնավորվել: Հոգեբուժարաններում շարունակում է նաև մտահոգության առարկա լինել ժամկետանց դեղերի առկայությունը, ինչպես նաև դեղերի պահման ռեժիմի և պայմանների խախտումները: 2021 թվականին այդպիսի դեպքեր հայտնաբերվել են դիտարկված բոլոր հոգեբուժարաններում: Մեկ այլ խնդիր կապված է հոգեբուժական կազմակերպություններում դեղորայքի պահման սանիտարահիգիենիկ անբավարար պայմանների հետ: Ուսումնասիրված հոգեբուժական բոլոր կազմակերպություններում տարբեր բաժանմունքների դեղապահարաններում առկա են եղել կտրած դեղաթիթեղներ, որոնց ժամկետն ամրագրող հատվածը բացակայել է։ Արձանագրվել են նաև դեղաթիթեղից դուրս բերված՝ բաց վիճակում պահվող դեղահաբեր։ Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց բուժման անհատական ծրագրերում հոգեբուժական տարբեր կազմակերպություններում շարունակում է գերակշիռ տեղ զբաղեցնել դեղորայքային բուժումը, իսկ այլընտրանքային (արտթերապիա, ուսումնական, զբաղմունքային, աշխատանքային և այլն) բուժման ծրագրեր գրեթե չեն իրականացվում: Գերբնակեցվածության հետևանքով հոգեբուժական կազմակերպությունների հիվանդասենյակներում առկա են չափազանց խիտ դասավորված, իրար կիպ դրված, նույնիսկ իրար միացված մահճակալներ (Սևանի հոգեկան առողջության կենտրոն, Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ)։ Մտահոգիչ է նաև, որ հոգեբուժական կազմակերպություններում մահճակալները տեղադրված են անմիջապես հիվանդասենյակի մուտքի մոտ՝ մասնակիորեն խոչընդոտելով պացիենտների մուտքը դեպի սենյակ (Սևանի հոգեկան առողջության կենտրոն, Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ։ Սա նախևառաջ մարդու արժանապատվության, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության երաշխիքների ոտնահարում է: Շարունակում է մտահոգիչ մնալ այն, որ հոգեբուժական կազմակերպությունների հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց բուժումն ու խնամքը կազմակերպվում է միջանցքներում տեղադրված մահճակալներին: Մասնավորապես, նման պրակտիկա է արձանագրվել Սևանի հոգեկան առողջության կենտրոնում, որտեղ բաժանմունքի միջանցքում տեղադրված է եղել մահճակալ, և հանգստի ժամին այնտեղ քնած է եղել հոգեբուժական կազմակերպությունում բուժում ստացող կին պացիենտ: Ըստ բաժանմունքի բժշկական անձնակազմի՝ պացիենտը միջանցքում է տեղավորվել՝ բաժանմունքի հիվանդասենյակների ծանրաբեռնվածության պատճառով: Կանխարգելման ազգային մեխանիզմն արձանագրել է մտահոգիչ պրակտիկա հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց լոգանքի հետ կապված: Այսպես, Սևանի հոգեկան առողջության կենտրոնի բաժանմունքներից մեկում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձինք հագուստը փոխել են լոգանքից առաջ և մաքուր ու լվացված հագուստը հագել են մինչև բաղնիք գնալը: Ավելին, լոգանքի նախապատրաստումը կազմակերպվել է բաժանմունքի միջանցքում, որտեղ բոլոր պացիենտները միաժամանակ մերկացել են, հանել հագուստը և հագել նորը: Հոգեբուժական կազմակերպություններում արձանագրվել են նաև հագուստի անհատականացման խնդիրներ: Մասնավորապես, Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատի խնամարկյալներից շատերը չեն ճանաչել իրենց հագուստը և այդ պատճառով լվանալուց հետո ողջ հագուստը բաժանվել է պատահականության սկզբունքով: Մեր ուշադրության ներքո են եղել հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անչափահասների, այսինքն՝ երեխաների հոգեկան առողջության հարցերը: Այս ոլորտում 2021 թվականի հոկտեմբերի 1-ից «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում շահագործվել է մանկական հոգեբուժական բաժանմունք՝ 12 անչափահաս անձանց հիվանդանոցային սպասարկման համար: Սա, իհարկե, դրական զարգացում է: Ավելին, Մարդու իրավունքների պաշտպանի նկատառումների հիման վրա ներդրվել են ավելի արդյունավետ և ժամանակակից զսպման միջոցներ` Առողջապահության նախարարի հետ համագործակցությամբ: Շարունակում է խնդրահարույց մնալ մարզերում [հեռավոր] բնակվող անչափահասների ստացիոնար հոգեբուժական օգնության և սպասարկման կազմակերպումը: Մարզերում տեղակայված հոգեբուժական կազմակերպությունները հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անչափահասների ստացիոնար պայմաններում հոգեբուժական օգնություն և սպասարկում տրամադրել չեն կարող, քանի որ չունեն համապատասխան պայմաններ և արտոնագիր: Նրանց տեղափոխումն իրականացվում է շտապ բժշկական օգնության ծառայության տրանսպորտային միջոցով, որի համար վճարվում է պատկառելի գումար (օրինակ՝ Վանաձորից-Երևան՝ 75.000 ՀՀ դրամ) ։ ՀՀ գլխավոր դատախազությունը մեզ տրամադրել է տվյալներ այն մասին, որ 2021 թվականի ընթացքում հոգեբուժական կազմակերպություններում ինքնավնասման դեպքեր չեն արձանագրվել, սակայն ՀՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկությունների համաձայն՝ միայն Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում 2021 թվականին արձանագրվել է ինքնավնասման 10 դեպք: Սա վկայում է այն մասին, որ հոգեբուժական կազմակերպություններում ինքնավնասման դեպքերի մասին իրավապահ մարմինները պատշաճ կերպով չեն տեղեկացվում, ինչը խնդրահարույց է: Շարունակում է մտահոգիչ մնալ նաև այն, որ ոչ բոլոր հոգեբուժական կազմակերպություններում են գիշերային ժամերին հերթապահում հոգեբույժներ, իսկ հերթապահություն իրականացնող միջին բուժանձնակազմի քանակը բավարար չէ: 2021 թվականի ընթացքում ուսումնասիրված բոլոր հոգեբուժական կազմակերպություններում առկա է եղել շենքային պայմանների բարելավման և վերանորոգման կարիք: Ուսումնասիրված հոգեբուժական կազմակերպությունների սանհանգույցները հիմնականում հարմարեցված չեն եղել տեղաշարժման խնդիրներ ունեցող անձանց կամ հոգեմետ դեղորայք ընդունող պացիենտների տեղաշարժի համար՝ հավասարակշռության պահպանման հաշվառմամբ: Բաժանմունքների սանհանգույցներում զուգարանները մեծամասամբ միմյանցից որևէ կերպ առանձնացված չեն եղել, որոշ զուգարանակոնքեր չեն ունեցել նստատեղ: Սանհանգույցներում արձանագրվել են նաև ասիական տիպի զուգարաններ, իսկ հիգիենայի և անհրաժեշտ այլ պարագաները բացակայել են: Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսեր այցի ընթացքում արձանագրվել է, որ պացիենտներին հսկելու նպատակով բաժանմունքի միջանցքում, սննդի ընդունման և ժամանցի համար առանձնացված հատվածում, տղամարդկանց համար նախատեսված սանհանգույցի նախասրահում և որոշ հիվանդասենյակներում տեղադրված են եղել տեսախցիկներ: Հիվանդասենյակներում տեսախցիկների առկայությունն անթույլատրելի է և խախտում է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասնավոր կյանքի գաղտնիությունը: Խմելու ջրի, լոգանքի և լվացքի կազմակերպման հարցում ևս առկա են խնդիրներ։ Հոգեբուժական կազմակերպությունների լոգարաններում արձանագրվել են անբավարար պայմաններ: Այսպես, Սևանի հոգեկան առողջության կենտրոնում և Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատում լոգախցիկները բաժանված չեն եղել միջնապատով կամ բաժանված են եղել ոչ ամբողջական պատով: Լոգախցիկները նաև չեն ունեցել դռներ: Մտահոգիչ է, որ Սևանի հոգեկան առողջության կենտրոնում բաղնիքը հանգստյան օրերին չի շահագործվում, իսկ աշխատանքային օրերին առաջանում են տաք ջրով ապահովման դժվարություններ՝ ջրատաքացուցիչ համակարգի ոչ արդյունավետ աշխատանքի հետևանքով: Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ այցի ընթացքում արձանագրվել է, որ տեղաշարժման խնդիրներ ունեցող խնամարկյալների լոգանքը կազմակերպվում է լոգարանում՝ սալիկապատ քարե նստարանին նստած վիճակում, որի սալիկները եղել են կոտրտված, և բարձր է եղել վնասվածք ստանալու հավանականությունը։ Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատում խնամարկյալների հագուստի և սպիտակեղենի մի մասը չորացվել է հոգեբուժական կազմակերպության ցանցապատ պարսպի վրա, իսկ մյուս մասը՝ այդ թվում նաև ներքնազգեստներ, գետնին՝ աղբի և ծխախոտի մնացորդների վրա: Նշվածը նվաստացնում է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց արժանապատվությունը և խիստ անընդունելի է: Զեկույցում խոսվում է նաև այն մասին, որ պետք է ստեղծել հոգեբուժական կազմակերպությունների աշխատակիցների պատշաճ պայմաններ և բարձրացնել աշխատավարձերը, զարգացնել սոցիալական երաշխիքները: Զեկույցում արձանագրված են նաև դրական զարգացումները, բայց այդ փոփոխություններն ինչ էլ, որ եղել է կապված են կա՛մ Առողջապահության միայն գործող նախարարի ձեռնարկած մի շարք կարևոր քայլերի հետ (օրինակ` 10-ից ավելի նոր ակտերով կարգավորումները), կա՛մ դրվագային են` կապված առանձին հոգեբուժարանների հետ (օրինակ` Առողջապահության նախարարության ենթակայությամբ «Նուբարաշենի», «Ավանի» հոգեբուժարան, կամ ողջունելի է այն, որ «Սևանի» հոգեբուժարանում հոգեբանները փաստաթղթավորել են պացիենտների հետ իրականացրած աշխատանքը, նախատեսվածի վերանորոգել վերջինի խոհանոցը): Մանրամասները զեկույցում են: Առողջապահության նախարարության այս քաղաքականությունը պետք է զարգացնել արագ տեմպերով և ուժեղացնել վերահսկողությունը նախարարի նշված նոր հրամանների կատարման նկատմամբ: Արձանագրված այս և մյուս խնդիրների վերացմանն ուղղված առաջարկներ կուղարկվեն իրավասու մարմիններին։ Մանրամասները՝ զեկույցում։
17:09 - 24 հունվարի, 2022
Մարդը պետք է զգա, որ իշխանությունը ոչ թե խոսում է մարդու իրավունքների պաշտպանության մասին, այլ պաշտպանում է դրանք․ Թագուհի Թովմասյան |tert.am|

Մարդը պետք է զգա, որ իշխանությունը ոչ թե խոսում է մարդու իրավունքների պաշտպանության մասին, այլ պաշտպանում է դրանք․ Թագուհի Թովմասյան |tert.am|

tert.am: Հասարակության մեջ, քաղաքական դաշտում շատ է խոսվում մարդու իրավուքնների պաշտպանության անհրաժեշտության մասին, բայց մենք պետք է հասնենք նրան, որ մարդն ինքը զգա, որ ՀՀ-ում պաշտպանված է։ Այս մասին ԱԺ նիստին հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։ «Քանի դեռ կոնկրետ գործիքակազմի կիրառմամբ մարդը չի հասկացել, որ պաշտպանված է, մնացած հայտարարությունները՝ առանց փաստերի, մնալու են օդում կախված։ Մարդը պետք է զգա, որ կառավարությունը, իշխանությունը ոչ թե խոսում է մարդու իրավունքների պաշտպանության մասին, այլ պաշտպանում է դրանք։ Այս առումով շատ կարևոր դեր ունի մարդու իրավունքների ապագա պաշտպանը, որ պետք է ոչ միայն հայտարարություններով սահմանափակվի, այլև շատ ավելի կարևոր գործիքակազմերի կիրառի»,-ասաց պատգամավորը։
13:40 - 24 հունվարի, 2022
ՄԻՊ թեկնածուն ծպտուն չի հանի, որովհետև նրան հենց դրա համար են նստեցնում այդ պաշտոնին․ Ա. Մանուկյան |hetq.am|

ՄԻՊ թեկնածուն ծպտուն չի հանի, որովհետև նրան հենց դրա համար են նստեցնում այդ պաշտոնին․ Ա. Մանուկյան |hetq.am|

hetq.am: Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջադրված Քրիստինե Գրիգորյանի վերաբերյալ հարցի քննարկմանը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանն անդրադարձավ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հարսանյաց արարողությանը: Նա միացրեց ձայնագրություն, որտեղ Պապիկյանը անդրադառնալով կորոնավիրուսային համավարակին, նշել էր, որ շարունակում է խնդիր մնալ հավաքույթներ և մասնավորապես հարսանյաց հանդեսները: «Յուրաքանչյուրիս գործողությամբ կարող են փրկվել կյանքեր և անգործությամբ կարող են արձանագրվել մահեր: Մեզ պետք է հանրային բարձր գիտակցություն»,-ձայնագրության մեջ ասում էր Պապիկյանը: Պատգամավորի խոսքով` դեռ երեք տարի առաջ Պապիկյանը կերազեր նման օլիգարխիկ հաճույքներին համարժեք հարսանյաց հանդես անել: Այս խոսքերից հետո քաղաքական մեծամասնության պատգամավորներից տեղից արձագանքում էին, սակայն նախագահող Ալեն Սիմոնյանը սաստեց գործընկերներին և զգուշացրեց` դահլիճից կհեռացնի, եթե տեղից խոսեն: «Իմ հիշատակած անձնավորությունը, իր քաղաքական թիմի անդամներն ու իրենց հրահանգավորող ղեկավարը շաբաթ օրը մասնացել են հարսանիքի, հարսանիք, որն իր ճոխությամբ չէր զիջում նախկին իշխանությունների ժամանակ պաշտոնյաների կողմից կազմակերպվող նմանօրինակ միջոցառումներին: Հարսանիք, որն արվում էր նույն ժամանակ, երբ Ադրբեջանը մտել է ինքնիշխան տարածք ու ամիսներով դուրս չի գալիս»,-ասաց Մանուկյանը: Պատգամավորը տարակուսանք հայտնեց, թե հարսանյաց հանդեսի ներկաներից քանիսից են պահանջել պատվաստումը հավաստող տեղեկանք, ինչպես նաև հավելեց` կոռուպցիոն ռիսկի առերևույթ կասկածներ են առաջանում: Շարունակությունը՝ hetq.am-ում
12:38 - 24 հունվարի, 2022
Խանդանյանն ակնկալում է, որ ապագա ՄԻՊ-ը ոչ միայն կբարձրաձայնի խնդիրները եւ ցույց կտա մարդու իրավունքների խախտումների մակերեսը, այլ խորամուխ կլինի խնդիրների էության մեջ

Խանդանյանն ակնկալում է, որ ապագա ՄԻՊ-ը ոչ միայն կբարձրաձայնի խնդիրները եւ ցույց կտա մարդու իրավունքների խախտումների մակերեսը, այլ խորամուխ կլինի խնդիրների էության մեջ

Սահմանադրությունը եւ ՄԻՊ մասին սահմանադրական օրենքը հստակ սահմանում են Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների շրջանակը, սակայն ժամանակը եւ ժամանակի ստեղծած մարտահրավերները փոխում են առաջնահերությունները, եւ նոր ակնկալիքներ են առաջանում Մարդու իրավունքների պաշտպանից։ Այս մասին ԱԺ-ում Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության հարցի քննարկման ժամանակ իր ելույթում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը՝ խոսելով այդ ակնկալիքների մասին։ «44-օրյա պատերազմը եւ դրանից հետո Հայաստանում ստեղծված անվտանգային հարցերը ՄԻՊ-ից նոր ակնկալիքներ են ձեւավորում։ Դրանց մասին ՄԻՊ թեկնածու Քրիստինե Գրիգորյանն արդեն խոսել է։ Հաջորդ հարցը կորոնավիրուսի համավարակն է, ի հայտ եկան ոչ միայն մարդու իրավունքների, այլեւ այդ համակարգի պաշտպանության խնդիրներ։ Եղան իրավիճակներ, երբ զանազան քաղաքական շահերից ելնելով՝ համավարակը կանխարգելելու՝ պետության վարած քաղաքականությունը խանգարելու կամ ստվերելու նպատակով սկսեցին մարդու իրավունքների պաշտպանության քողի ներքո հանդես գալ վտանգավոր քարոզչությամբ՝ հակադրելով առողջության պահպանման իրավունքն այլ իրավունքների հետ, մասնավորապես ազատ տեղաշարժի իրավունքի, կարծիքի արտահայտման ազատության, հավաքներիա զատության կամ անձնական տվյալների պաշտպանության իրավունքի հետ։ Նույն խմբերի կողմից նույն վարքագծին ականատես ենք լինում հիմա, երբ ընթանում է պատվաստումային գործընթացը»,- ասաց Խանդանյանը՝ նշելով, որ նման իրավիճակում իր ակնկալիքը ոչ միայն իրավական բնույթի գնահատականներ տալն է, այլ հստակ դիրքորոշում հայտնելը, հանրությանը կողմնորոշելը, հանրային առողջությանն ու բարօրությանը նպաստելը։ «ՄԻՊ-ից իմ ակնկալիքն է նաւե, որ նա ոչ միայն բարձրաձայնի խնդիրները եւ ցույց տա մարդու իրավունքների խախտումների մակերեսը, այլ խորամուխ լինի խնդիրների էության մեջ, վերլուծի այդ խնդիրները ծնող պատճառները։ Ակնկալում եմ, որ ՄԻՊ-ը չի սահմանափակվելու հայտարարություններ տարածելով, լրատվամիջոցների դեր չի ստանձնելու։ Հայտարարություն տարածելը պետք է կիրառել որպես վերջին գործիք, երբ  ՄԻՊ գործիքակազմն այլեւս սպառվել է»,- ասաց Խանդանյանը։
12:10 - 24 հունվարի, 2022
«Հայաստան» դաշինքը բավականին բարձր է գնահատում ՄԻՊ Արման Թաթոյանի՝ մանավանդ 2020թ․ 44-օրյա պատերազմից հետո գործունեությունը․ Սեյրան Օհանյան |tert.am|

«Հայաստան» դաշինքը բավականին բարձր է գնահատում ՄԻՊ Արման Թաթոյանի՝ մանավանդ 2020թ․ 44-օրյա պատերազմից հետո գործունեությունը․ Սեյրան Օհանյան |tert.am|

tert.am: ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության մեջ պետության, հասարակության, անհատի անվտանգության և կայուն զարգացման, գործունեության ընթացքում այնպիսի կարևոր ուղղությունների շարքում, ինչպիսիք ժողովրդավարության հիմունքներն են, դատաիրավական համակարգի անաչառությունը, սոցիալական արդարությունը, անչափ կարևոր դերակատարություն ունի նաև իրավունքի գերակայությունը։ Այս մասին ԱԺ նիստին հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ընտրությանը։ «ՄԻՊ գործունեությունը երկար տարիներ հղկվել է ՀՀ-ում, և «Հայաստան» դաշինքը բավականին բարձր է գնահատում ՄԻՊ Արման Թաթոյանի՝ մանավանդ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո գործունեությունը՝ սահմանային համայնքների, հակառակորդի հետ անմիջական շփման մեջ գտնվող սահմանային բնակչության իրավունքների պաշտպանության հարցերում»,-ասաց նա՝ նշելով, թե Արման Թաթոյանը կարողացել է բարձրացնել բոլոր առկա խնդիրները, թերությունները և հանցագործությունները, որ կատարել է թուրքադրբեջանական տանդեմը։ Շարունակությունը՝ tert.am-ում
11:37 - 24 հունվարի, 2022
Ըստ ՄԻՊ թեկնածուի՝ սահմանագծման, սահմանազատման գործընթացի հիմքում դրված են մարդու իրավունքի հարցերը |armenpress.am|

Ըստ ՄԻՊ թեկնածուի՝ սահմանագծման, սահմանազատման գործընթացի հիմքում դրված են մարդու իրավունքի հարցերը |armenpress.am|

armenpress.am: Սահմանագծման, սահմանազատման գործընթացի հիմքում են դրված մարդու իրավունքի հարցերը: Նման տեսակետ հայտնեց Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու Քրիստինե Գրիգորյանն ԱԺ-ում իր թեկնածության հարցի քննարկմանը: «Սահմանագծումն ու սահմանազատումը, բացի այն, որ շատ բարդ կոմպլեքս պրոցես է՝ նաև քաղաքական բաղադրիչով, բայց դրա հիմքում  դրված են մարդու իրավունքի կարևոր հարցերը: Երբ նայում ենք միջազգային կազմակերպություններին, մասնավորապես ԵԱՀԿ-ի պրակտիկային, նաև այն ուղեցույցին, որը շատ մանրամասն զարգացված է այս կազմակերպության կողմից, շատ հստակ է, որ այնտեղ քաղաքական հարցերի լուծումների հետ հավասարապես նայվում են բնակչության բնականոն կյանքի ապահովման հարցերը, սոցիալական իրավունքները, կրթության ապահովման իրավունքը, կյանքի իրավունքը, անվտանգ միջավայրում ապրելու իրավունքը և այլն»,-ասաց Գրիգորյանը: Ըստ նրա՝ ՄԻՊ-ը պետք է ներգրավված լինի երկրում տեղի ունեցող պրոցեսներում, վստահեցնում է, որ ընտրվելու դեպքում լինելու է այդ պրոցեսում, օգտագործելու է իր հարաբերությունները և կառուցելու է հարաբերություններ՝ թե ընդդիմության, թե իշխանության, թե պետական կառավարման և  տեղական ինքնակառավարման մարմինների հետ, որ այդ խնդիրները հասցեագրեն: «Ես հեռու եմ այն գայթակղությունից, որ ընդհանրապես ՄԻՊ-ի միակ գործիքը հայտարարությունն է»,-ասաց թեկնածուն:
11:20 - 24 հունվարի, 2022
Տարբեր հոգեբուժարաններում կիրառվել են օրենքով չնախատեսված մեխանիկական միջոցներ․ Արման Թաթոյան  |tert.am|

Տարբեր հոգեբուժարաններում կիրառվել են օրենքով չնախատեսված մեխանիկական միջոցներ․ Արման Թաթոյան |tert.am|

tert.am: 2018-ին ես հրապարակել էի հատուկ արտահերթ զեկույց՝ այս ոլորտում տարիներով կուտաված խնդիրների վերաբերյալ։ Այս զեկույցը նպատակ ունի ցույց տալու, թե ինչ է փոխվել 2017-2021 թվականների ընթացքում։ Ցավոք, մեծ հաշվով, գործնականում վիճակը նույնն է՝ սկսած կառավարության մակարդակով ոչ ճիշտ պետական քաղաքականությունից մինչև անփույթ վերաբերմունք, անուշադրություն հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդկանց նկատմամբ։ Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ ներկայացնելով հոգեբուժարաններում մարդու իրավունքների պաշտպանության վիճակի վերաբերյալ արտահերթ զեկույցը։ Նա հայտնեց, որ 2021-ին այցելել են «Ավան» հոգեկան առողջության կենտրոն, Սևանի հոգեկան առողջության կենտրոն, Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսեր, Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ։ Նրա խոսքով՝ եղած դրական փոփոխությունները դրվագային են։ «Հագեկան առողջության ոլորտի համակարգային խնդիրների լուծմանը համապարփակ մոտեցում չի ցուցաբերվել, չկան այս հարցին վերաբերող ռազմավարական փաստաթղթեր, որոնք թույլ կտային վեր հանված խնդիրները կարգավորել միասնական քաղաքականության շրջանակներում և պատշաճ հսկողություն իրականացնել՝ անկախ գերատեսչական ենթակայությունից»,-ասաց նա։ Թաթոյանի դիտարկմամբ՝ գլխավոր խնդիրը շարունակում է մնալ այն, որ ՀՀ-ում հոգեկան առողջապահությունը կենտրոնացած է հիվանդանոցային հաստատություններում, և գոյություն չունեն համայնքահեն ծառայություններ։ «Պացիենտները երկարաժամկետ ստացիոնար բուժման ընթացքում գտնվում են հոգեբուժարաններում ու այդ կերպ մեկուսանում են ընտանիքներից, շրջապատից և հասարակությունից։ Նրանց օգնությունը և սպասարկումը չպետք է սահմանափակվի միայն հոգեբուժարաններով, նրանց պետք է հասանելի լինեն այլընտրանքային իրական ծառայություններ»,-ասաց ՄԻՊ-ը։ Անդրադառնալով հարկադիր բուժման վերաբերյալ խնդիրներին՝ Թաթոյանը հայտարարեց, որ Սևանի հոգեկան առողջության կենտրոն այցի ընթացքում պահվել է 402 անձ, նրանցից ընդամենը 8-ի նկատմամբ է կիրառված եղել բժշկական բնույթի հարկադրանքի միջոց, մնացած 394 պացիենտների փաստաթղթերում նշված է եղել, որ նրանք այնտեղ գտնվում են սեփական կամաարտահայտությամբ և ստանում են հոժարակամ բուժում։ Շարունակությունը tert.am կայքում
14:00 - 22 հունվարի, 2022
Կառավարությունը չի հաստատում  մեր հաստիքացուցակները, պաշտոնների անվանացանկերը, և մեկ տարուց ավելի մենք աշխատակազմում լուրջ ճգնաժամի մեջ ենք․ Արման Թաթոյան |tert.am|

Կառավարությունը չի հաստատում մեր հաստիքացուցակները, պաշտոնների անվանացանկերը, և մեկ տարուց ավելի մենք աշխատակազմում լուրջ ճգնաժամի մեջ ենք․ Արման Թաթոյան |tert.am|

tert.am: Լրագրողները ՄԻՊ–ի ռազմավարական գործընկերներ են, առաջիկայում արտահերթ զեկույց կհրապարակենք՝ կապված լրագրողների աշխատանքի հետ։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ անդրադառնալով իշխանության  կողմից լրագրողների նկատմամբ վերաբերմունքին, որակումներին։ Նա նշեց, որ լրագրողական հասարակական կազմակերպությունների տարածած հայտարարության հետ համակարծիք են։ «Ես ուզում եմ բոլոր պաշտոնատար անձանց զգուշացնել, որ լրագրողների աշխատանքի հետ կապված ընդհանրական որակումները ոչ միայն լրագրողի աշխատանքի նկատմամբ մեծացնում են կարծրատիպերը, այլ նաև ժողովրդագրական, մարդու իրավունքների համակարգի համար են վնասակար։ Սա պետք է բոլորը նկատի ունենան»,–ասաց նա։ Ինչ վերաբերում է իր՝  Վենետիկի հանձնաժողովի, ԵԱՀԿ ժողովրդավարության և մարդու իրավունքների գրասենյակ դիմելուն, նա ասաց, որ դիմել է, քանի որ ներպետական միջոցները սպառվել էին։ «Կառավարությունը չի հաստատում  մեր հաստիքացուցակները, պաշտոնների անվանացանկերը, որը մեզ հնարավորություն կտար աշխատակազմում փոփոխություններ կատարել։ Այս պատճառով մեկ տարուց ավելի մենք աշխատակազմում լուրջ ճգնաժամի մեջ ենք»,–ասաց նա և նշեց, որ գործ ունեին բյուրոկրատական քաշքշուկների հետ։ Շարունակությունը՝ tert.am կայքում
12:44 - 22 հունվարի, 2022
Գորիսում ուսուցիչները չեն կարողացել աշխատանքի գնալ անգամ ռազմական Ուրալ մեքենայով․ ամենագնացը չի կարողացել սնունդ ու հիգիենիկ պարագաներ հասցնել Բարձրավան․ ՄԻՊ

Գորիսում ուսուցիչները չեն կարողացել աշխատանքի գնալ անգամ ռազմական Ուրալ մեքենայով․ ամենագնացը չի կարողացել սնունդ ու հիգիենիկ պարագաներ հասցնել Բարձրավան․ ՄԻՊ

ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ինչ-որ մեկը մտածում է, թե Ադրբեջանն այս ճանապարհները փակել է առանց իմանալու՝ մարդիկ ի՞նչ զրկանքների են ենթարկվելու ու մարդկանց կյանքը ինչ աստիճա՞ն է դժվարանալու: Ադրբեջանական զինված ծառայողները բացահայտ  հանցավոր արարքներով 2021թ. նոյեմեբերից փակել են Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ճանապարհները. ամեն օր, ամեն րոպե խախտված են Գորիսի և Կապանի բնակիչների՝ մեր մարդկանց իրավունքները: Գորիսի Բարձրավան, Շուռնուխ և Որոտան գյուղերում, Կապանի Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ, Ծավ, Շիշկերտ գյուղերում մարդիկ կանգնել են հատկապես եղանակային պայմանների պատճառով մեկուսացման և հումանիտար խնդիրների առաջ: Օրինակ` Գորիս համայնքում ուսուցիչները, այսպես կոչված, այլընտրանքային ճանապարհով եղանակային պայմանների պատճառով չեն կարողացել աշխատանքի գնալ անգամ ռազմական Ուրալ մեքենայով: Բա սա կրթության ու աշխատանքային, ազատ տեղաշարժման իրավունքների խախտում չէ՞: Դժվարանցանելի է ու հատկապես վատ վիճակում է, օրինակ, Տաթև-Կապան ճանապարհի հատվածը, որ տանում է դեպի Բարձրավան: Բա սա մարդու ազատ տեղաշարժման ու դրա հետ կապված մյուս իրավունքների խախտում չէ: Կարմիր խաչի միջազգային կոմիտեն իր ամենագնաց մեքենայով չի կարողացել հունվարի 20-ին սնունդ ու հիգիենիկ պարագաներ հասցնել Բարձրավան գյուղ: Այս ամենն այսօր ճշտել ենք: ԱԻՆ-ի, ԱԱԾ-ի սահմանապահ զորքերի ծառայողներն են անձնվիրաբար աշխատանքով սնունդ հասցնում գյուղեր ու այն էլ շատ դժվար: Բա ինչպե՞ս է ապահովվելու շտապ բժշկական օգնության հասանելիությունը, հոսպիտալացումները և այլն: Բա սա առողջության պահպանման ու կյանքի իրավունքի հարց չէ՞: Այստեղ արժանապատվության հարցեր չկա՞ն: Սրան գումարած՝ թե՛ Գորիսի, թե՛ Կապանի դեպքում նշված գյուղեր տանող, այսպես կոչված, այլընտրանքային ճանապարհները դիտարկվում են ադրբեջանական զինված ծառայողների կողմից: Դիտարկվող է դարձել նաև Կապանի Գեղանուշ գյուղը, որով այդ ճանապարհը տանում է դեպի Ճակատեն ու մյուս գյուղերը: Այդ երկրի զինվորականների ուղիղ թիրախի ներքո են: Այսինքն՝ ապահովված չէ նաև անվտանգությունը: Ու ինչու՞ պետք է ադրբեջանական զինված ծառայողների, իշխանությունների որևէ հիմք չունեցող, պարզապես հանցավոր արարքների պատճառով մեր բնակիչները նման զրկանքներ կրեն: Բա սա չի նշանակու՞մ, որ դա արված է մեր խաղաղ բնակիչներին վնաս պատճառելու դիտավորությամբ, որ ատելության քաղաքականությունը շարունակվում է ու չի ավարտվել: Այս պայմաններում, Ադրբեջանի խաղաղասիրությունը կարող է ազնիվ կամ իրական լինե՞լ: Այս բոլոր հարցերը պետք է լինեն մեր երկրի պետական քաղաքականության հիմքում: Բա ո՞նց կարելի էր ասել, թե ճանապարհներին նրանց հայտնվելը «ադրբեջանական տարածք է ու մենք ոչինչ չենք կարող անել», ո՞նց կարելի էր զբաղվել այլընտրանքային ճանապարհների գովքով ու «արդարացնել» ադրբեջանական խախտումները և դեռ մի հատ էլ քաղաքականացնել նրանց, ովքեր բարձրացնում են մարդու իրավունքների հարցերը: Բա մարդկանց պատճառվող այսքան զրկանքները քաղաքական հարցե՞ր են: Բա անվտանգությունն ու մարդու իրավունքները կարելի՞ է մարդուց կտրել: Հակառակը՝ պետության ուղիղ պոզիտիվ պարտավորությունն է պաշտպանել այդ իրավունքները, ամեն ինչ անել, որ մարդուց անվտանգությունը չկտրվի ու չքաղաքականացվեն մարդու իրավունքների հարցերը: Հակառակ դեպքում ուղղակի անվտանգությունից էլ ամբողջությամբ կզրկվենք: Պետք է նրանց հեռացնելու ուղղությամբ աշխատել, որ մեր բնակիչների միջազգայնորեն երաշխավորված իրավունքները վերականգնվեն: Այնպես որ ելքը մեկն է՝ ադրբեջանական զինված ծառայողները պետք է հեռացվեն մեր գյուղերի մոտից ու ճանապարհներից և վերջ: Մեր քաղաքացիները, մեր ողջ երկրի խաղաղ բնակչությունը չպետք է զրկանքներ կրի տարիների խորքից եկող հայատյացության քաղաքականություն տանող ադրբեջանական իշխանությունների պատճառով: Մենք ունենք մեր իրավունքները պաշտպանելու, արժանապատիվ ապրելու օրինական իրավունքներ: Միջազգային կանոնները դա անել թույլ են տալիս. ԵԱՀԿ, ՄԱԿ-ի ու մյուս կառույցների կանոններ»:
10:34 - 22 հունվարի, 2022
Խորհրդարանը քննարկում է ՄԻՊ պաշտոնում Քրիստինե Գրիգորյանի թեկնածության հարցը |armenpress.am|

Խորհրդարանը քննարկում է ՄԻՊ պաշտոնում Քրիստինե Գրիգորյանի թեկնածության հարցը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը քննարկում է մարդու իրավունքների պաշտպանի ընտրության հարցը: ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ԱԺ-ին է առաջարկել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունը: Թեկնածուին ներկայացրեց ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը: Նա նշեց, որ Քրիստինե Գրիգորյանը ունի բարձրագույն կրթություն՝ երկու մասնագիտությամբ՝ արևելագիտություն և իրավաբանություն: Նա ունի ավելի քան 12 տարվա մասնագիտական աշխատանքի փորձ՝ հիմնականում պետական մարմիններում՝ ԱԺ աշխատակազմում, Արդարադատության նախարարությունում, առաջին փոխվարչապետի աշխատակազմում: 2019-ի հուլիսին նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, իսկ 2021-ի ապրիլից` ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալի պաշտոնը: 2022-ի հունվարի 20-ին Գրիգորյանն ազատվել է նախարարի առաջին տեղակալի պաշտոնից:
16:25 - 21 հունվարի, 2022
ԴատաԼեքս համակարգում տվյալներ չհրապարակելը խախտում է մարդկանց իրավունքները. ՄԻՊ

ԴատաԼեքս համակարգում տվյալներ չհրապարակելը խախտում է մարդկանց իրավունքները. ՄԻՊ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ ստեղծված է խիստ մտահոգիչ վիճակ` կապված ԴատաԼեքս էլեկտրոնային տեղեկատվական համակարգի հետ: ՄԻՊ-ն ահազանգում է, որ տևական ժամանակ է, ինչ այդ համակարգում տվյալներ չեն մուտքագրվում: Հայտարարության մեջ նշվում է, որ ԴատաԼեքս համակարգում տվյալներ չհրապարակելը հատկապես մտահոգիչ է այն պայմաններում, երբ շարունակվում է դատական գործերի «ձեռքով» մակագրության մարդու իրավունքների խախտումներ առաջացնող արատավոր պրակտիկան: «Հարցն այն է, որ ԴատաԼեքսը կարևոր է ոչ միայն նրանով, որ հանրությանը հասանելի են դարձվում դատական գործընթացների մասին տվյալներ, այլ նաև այն տեսանկյունից, որ դա կարևոր միջոց է դատարանների նկատմամբ հանրային վերահսկողության համար: Մասնավորապես, ԴատաԼեքսը և գործերի «ձեռքով» մակագրության հետ կապված ահազանգերը պետք է դիտարկել միասնական կապի մեջ: ԴատաԼեքսում գրառումների բացակայությունը հնարավորություն չի տալիս Մարդու իրավունքների պաշտպանին, փաստաբաններին, դատավարության մասնակիցներին կամ հանրությանը՝ յուրաքանչյուրին իր իրավական հնարավորության սահմաններում, վերահսկել՝ արդյոք դատական կազմերի դատավորները ընտրվում կամ կոնկրետ դատավորներին գործերը մակագրվում են խախտումներով կամ ինչ վտանգավոր հետևանքների են առաջ գալիս մարդու համար: ԴատաԼեքսում տվյալներ չմուտքագրելը լրացուցիչ քաշքշուկներ է առաջացնում, հանգեցնում է մարդու իրավունքների խախտումների:  Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ԴատաԼեքսի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ համակարգում վարչական գործերով տվյալներ չկան 2021 թվականի դեկտեմբերի 10-ից, քրեական գործերով՝ դեկտեմբերի 23-ից, քաղաքացիական, սնանկության գործերով և վճարման կարգադրություններով՝ դեկտեմբերի 24-ից: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին փաստաբաններն ու դատական գործընթացների մասնակից քաղաքացիները դիմում են ահազանգերով այն մասին, որ չեն կարողանում ԴատաԼեքսում գտնել իրենց գործերի վերաբերյալ տվյալներ:Մասնավորապես, հասանելի չեն տվյալներ, թե որ դատավորին ինչ գործ է մակագրվել, ինչ պահանջ է ներկայացված, ինչ միջանկյալ ակտ է կայացրել դատարանը (օրինակ՝ դատարանը վարույթ է ընդունել, թե վերադարձրել է, հայցի ապահովման միջոց կիրառվել է, թե ոչ) և այլն: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվող ահազանգերն այն մասին են, որ մարդիկ, իրենց գործի տվյալները չգտնելով էլեկտրոնային համակարգում, ստիպված են զանգել դատավորների կամ դատարանների աշխատակազմեր: Բայց դատարանների ծանրաբեռնվածության պատճառով ընկնում են քաշքշուկների մեջ, պատասխաններ են ստանում կա՛մ մեծ դժվարությամբ, կա՛մ հեռախոսազանգերին չի լինում պատասխան առհասարակ:  Կան դեպքեր, երբ մի ողջ օր դատարաններում կարող են մարդուն մի զանգից մյուսն ուղղորդելով՝ այդպես էլ պատասխան չտալ:  Տվյալների ստացման լուրջ դժվարությունների առաջ են կանգնել փաստաբանները:Այս վիճակը խախտում է նաև մարդու բողոքարկման իրավունքը: Օրինակ՝ վարչական դատավարության շրջանակներում գրավոր ընթացակարգով գործի քննության արդյունքներով կայացված վճիռը, ինչպես նաև գործի վարույթը կարճելու մասին որոշումն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակելու օրվանից 15 օր հետո, և հետևաբար՝ վերաքննիչ բողոք կարող է բերվել մինչև 15-օրյա ժամկետը լրանալը: Մի շարք փաստաբաններ տեղեկություններ են ներկայացրել այն մասին, որ ԴատաԼեքս համակարգում նշված ընթացակարգով գործերի դեպքում դատարանի ակտը չի հրապարկվում և իրենք կանգնում են խնդրի առաջ: Ասենք, դատարանի վճիռը պետք է ԴատաԼեքսում (օրենքի ձևակերպումը՝ «դատական իշխանության պաշտոնական կայք») հրապարակվի դեկտեմբերի 15-ին և 15 օր հետո մտնի ուժի մեջ, բայց այդպես էլ չի հրապարակվում: Արդյունքում՝ փաստացի անցնում են բողոքարկման ժամկետները, և մարդիկ կանգնում են լուրջ ռիսկերի առաջ: Մտավախությունն այն է, որ նշված դատական ակտը ԴատաԼեքսում փաստացի կհրապարակվի, օրինակ, հունվարի 21-ին, բայց դատական ակտի հրապարակման օր ԴատաԼեքսում կնշվի դեկտեմբերի 15-ը, և մարդը կզրկվի վերաքննիչ բողոք բերելու հնարավորությունից, քանի որ այնպես է ստացվում, որ բողոքարկման ժամկետը բաց է թողել:  Այստեղ առաջանում է հարց՝ ինչպես է մարդն ապացուցելու, որ ժամկետը բաց է թողել ոչ թե իր մեղքով, այլ այն պատճառով, որ դատական իշխանության մարմինը դատական ակտը ժամանակին չի հրապարակել: Անգամ եթե մարդն ամեն դեպքում վերաքննիչ բողոքը տանի ու բողոքում միջնորդությամբ նշի, որ վճիռը ժամկետից ուշ է բողոքարկում, քանի որ ԴատաԼեքսում այն ուշ է հրապարակվել, ապա մեծ է ռիսկը, որ Վերաքննիչ վարչական դատարանը կմերժի բողոքը, իսկ մարդը չի էլ կարողանա հակառակն ապացուցել: Այսինքն՝ պետությունն իր անգործության կամ թերությունների պատճառով արգելափակում է մարդու սահմանադրական բողոքարկման իրավունքը՝ պատճառելով արհեստական դժվարություններ: Կան նաև ահազանգեր այն մասին, որ դատարանը նիստ է նշանակում, բայց այդ նշանակումից մինչև դատական նիստի օրը՝ գրեթե 2 ամիս ԴատաԼեքսում որևէ գրառում չի արվում դատական նիստի օրվա ու ժամի մասին: Թղթային ծանուցումներն էլ մարդկանց համար դժվարություններ են առաջացնում: Ուստի, նկարագրված վիճակն անթույլատրելի է. պետք է անհապաղ վերականգնել ԴատաԼեքս համակարգում գրառումները և դրանով վերացնել մարդու իրավունքների խախտումների ռիսկերը և արդեն տեղի ունեցած խախտումները»,- ասված է հայտարարության մեջ:
13:07 - 21 հունվարի, 2022
Դատական համակարգում շարունակվում է դատական գործերի «ձեռքով» մակագրության խիստ արատավոր, դատապարտելի պրակտիկան. ՄԻՊ

Դատական համակարգում շարունակվում է դատական գործերի «ձեռքով» մակագրության խիստ արատավոր, դատապարտելի պրակտիկան. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ դատական համակարգում շարունակվում է դատական գործերի «ձեռքով» մակագրության խիստ արատավոր, դատապարտելի պրակտիկան: «Արդեն լուրջ հարց է առաջ գալիս՝ արդյոք, օրինակ, Վարչական դատարանի կամ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահները դատավորների նկատմամբ չեն գործադրում արտաքին ապօրինի միջամտություններ կամ հենց դատարանների նախագահների նկատմամբ տեղի չեն ունենում արտաքին միջամտություններ համակարգչային ծրագրի փոխարեն դատական գործերը «ձեռքով» մակագրելու ընթացքում: Առաջ է գալիս լուրջ հարց. արդյոք այն դատավորը, որին դատարանի նախագահը սեփական հայեցողությամբ մակագրել է գործ, համարվում է պատշաճ դատարան: Ինչպե՞ս համոզված լինենք, որ ասենք, քննիչի կողմից դատարան ներկայացված կալանքի միջնորդությունը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը հատուկ չի մակագրել կոնկրետ դատավորի, որ նա բավարարի այդ կալանքի միջնորդությունը: Ու սա էլ այն ահազանգերի դեպքում, որ այս դատարանում գործերի մակագրություն է իրականացնում նաև աշխատակազմի ղեկավարը: Կամ արդյոք հատուկ նպատակի համար չէ Վարչական դատարանի նախագահը 5 դատավոր ունեցող դատական կազմեր ձևավորում  այնպիսի գործերի համար, որոնք վերաբերում են, օրինակ, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքներով ընդունված, թեկնածուներ գրանցելու կամ չգրանցելու հետ կապված որոշումներին կամ նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությանը: Առավել ևս, շարունակվում են ահազանգերը, որ Վարչական դատարանի նախագահը խախտումներով է իրականացնում գործերի մակագրությունը: Նույն ահազանգերը շարունակվում են նաև՝ կապված Երևանի ընդհանուր իրավասության դատարանի հետ: Այս ամենից բացի, շարունակվում են ահազանգերը, որ դատարանների նախագահները դատավորների միջև դնում են տարբերակումներ, առաջ է գալիս դատարանների նախագահներից դատավորների կախվածության արատավոր երևույթ: Դատարանների նախագահները չեն պահպանում (հաճախ) ըստ դատավորների ազգանունների այբբենական հերթականության դատական գործերի բաշխման պահանջը: Մեկ այլ դեպքում չի պահպանվում դատական գործերի բաշխման պատահականության սկզբունքը: Դատարանների նախագահները դատական գործերի «ձեռքով» մակագրությունն իրականացնում են առանց չափանիշների՝ սեփական հայեցողությամբ: ՍԴ դիմելուց առաջ բոլոր դատարանների նախագահներին հարցումներ եմ արել, բայց նրանցից որևէ մեկը ցույց չի տվել հակառակը հիմնավորող ապացույցներ: Որոշներն անգամ խճճող տվյալներ են տրամադրել: Այս պրակտիկան անչափ վտանգավոր է արդար դատաքննության, անձնական ազատության, մասնավոր կյանքի և մյուս սահմանադրական իրավունքների համար: Այս կերպ ուղղակի զրոյանում է անկախ ու անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի քննության յուրաքանչյուր մարդու սահմանադրական իրավունքը: Նշված հարցով արդեն դիմել եմ Սահմանադրական դատարան: Հրապարակել եմ նաև մանրամասներով արտահերթ զեկույց։ Բայց այս անթույլատրելի վիճակը կողմնակի վտանգավոր նախադեպերով շարունակվում է նաև իմ արտահերթ զեկույցից ու Սահմանադրական դատարան դիմելուց հետո»,- գրել է նա:
23:42 - 20 հունվարի, 2022
Հանրայինի լրատվական թողարկումներում և կայքի հրապարակումներում բացակայում են ՀՀ ՄԻՊ-ի հայտարարությունները

Հանրայինի լրատվական թողարկումներում և կայքի հրապարակումներում բացակայում են ՀՀ ՄԻՊ-ի հայտարարությունները

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյանը 2021-ի դեկտեմբերի 28-ին հայտարարություն տարածեց, որ Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» թողարկումը շարունակում է անտեսել ՄԻՊ հրապարակումները՝ երկրում տեղի ունեցող կարևոր իրադարձությունների վերաբերյալ։ ՄԻՊ աշխատակազմը  5 ամիս (2021թ. հուլիսի 1-ից դեկտեմբերի 2) մշտադիտարկում էր իրականացրել և պարզել, որ այդ ընթացքում «Լուրեր»-ը պաշտպանի կամ ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցչի հետ ոչ մի անգամ հարցազրույցի հրավեր չի նախաձեռնել։ «Փաստերը վկայում են, որ հատկապես չեն լուսաբանվում մարդու իրավունքների պաշտպանի այն հայտարարությունները, որոնք ցույց են տալիս ադրբեջանական անօրինականությունները, Հայաստանի սահմանային բնակիչների իրավունքների խախտումները, հանրությանը չի ներկայացվում, թե ինչ լուծումներ է առաջարկում Մարդու իրավունքների պաշտպանը, այդ թվում՝ որպես Կառավարության տեսակետին այլընտրանք: Առավելագույն դեպքում տեղի ունենում է ձևական լուսաբանում «վազող տողով»»,- ասվում էր ՄԻՊ-ի հայտարարության մեջ: Հունվարի 13-ին էլ Արման Թաթոյանը հայտնեց, որ  գրություններ է ուղարկել Հանրային հեռարձակողի խորհրդին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին և Հանրային հեռուստաընկերությանը։ Նա գրություններով պահանջել է ՄԻՊ գործունեության լուսաբանումը «Լուրեր» թողարկմամբ արգելափակելու վերաբերյալ պարզաբանումներ ներկայացնել։ Infocom-ն իրականացրել է «Լուրեր»-ի՝ դեկտեմբերի 1-ից հունվարի 13-ն ընկած ժամանակահատվածի բոլոր թողարկումների, ինչպես նաև Հանրային հեռուստաընկերության 1lurer.am կայքի մոնիթորինգ՝ հասկանալու համար, թե ինչպես է Հանրայինը լուսաբանել ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի գործունեությունը, վերջինիս հայտարարությունների որ մասն է հրապարակվել հեռուստաընկերության կայքում կամ լրատվական թողարկումների ժամանակ։ Լրատվական թողարկումները մշտադիտարկելիս չեն դիտարկվել վազող տողերը։ Այս ժամանակահատվածում Մարդու իրավունքների պաշտպանի ֆեյսբուքյան էջում կատարվել է ավելի քան 40 հրապարակում, այս հրապարակումներից 28-ը վերաբերում են Հայաստանի սահմանային իրավիճակին և ադրբեջանական կողմի ագրեսիաներին․ պաշտպանը կա՛մ հայտարարարություններ է արել այդ թեմաներով, կա՛մ էլ պաշտոնյաների հետ հանդիպումների ժամանակ անդրադարձել դրանց։ Մեր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ վերը նշված ժամանակահատվածում լրատվական թողարկումներից ոչ մեկի ժամանակ չի հաղորդվել որևէ լուր ՄԻՊ-ի հայտարարությունների կամ գործունեության վերաբերյալ։ Նույնը վերաբերում է նաև 1lurer.am կայքին, որի լրահոսում նշված ժամանակահատվածում ՄԻՊ-ի վերաբերյալ որևէ հրապարակում չկա։ Դեկտեմբերի 1-ին, օրինակ, պաշտպանը հայտարարություն էր տարածել այն մասին, որ ադրբեջանական զինված ծառայողները կարողանում են դիտարկման ներքո պահել Կապան-Ճակատեն այլընտրաքային ճանապարհը։ Հիշեցնենք՝ նոյեմբերին ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հայտնել էր, որ ադրբեջանական կողմը Կապան-Ճակատեն ավտոճանապարհի, ինչպես նշված էր ԱԱԾ հաղորդագրությունում, ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատվածում սահմանային և մաքսային հսկողություն իրականացնելու նպատակով անցակետ է տեղակայելու։ Հայկական կողմն էլ հայտնեց, որ Կապան-Ճակատեն այլընտրանքային ճանապարհ կկառուցի։ «Կապանից դեպի 6 գյուղեր՝ Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ, Ծավ, Շիշկերտ տանող այլընտրանքային ճանապարհը ևս դիտարկվում է ադրբեջանական զինված ծառայողների կողմից, հետևաբար, բացի դժվարանցանելիությունից ու դրա հետևանքով հումանիտար խնդիրներից, բնակիչների իրավունքների ոտնահարումներից, մարդկանց կյանքի իրավունքի և անվտանգության երաշխավորման խնդիրը մնալու է չլուծված»,- ասվում էր պաշտպանի հայտարարությունում։  Հաջորդ օրը «Լուրեր»-ի թողարկումներից մեկի ժամանակ ցուցադրվեց Ճակատեն գյուղից ռեպորտաժ։ ՄԻՊ-ի հայտարարության մասին ռեպորտաժում ոչինչ նշված չէր․ հիմնականում խոսվում էր այն մասին, թե կառավարությունն ինչ է իրականացրել բնակավայրի համար։ «Գյուղապետի խոսքով՝ ճանապարհը փակվելուց հետո (Կապան-Ճակատեն մայրուղու մի հատվածի փակվելուց հետո- խմբ․) չի եղել որևէ օր, որ կառավարությունը, մարզպետարանը, համայնքապետարանը իրենց կողքին չլինեն»,- նշվում էր ռեպորտաժում։ Դեկտեմբերի 3-ին ՄԻՊ-ը հայտարարություն տարածեց Սյունիքում ճանապարհները փակվելու և այլընտրանքային ճանապարհներ կառուցելու խնդիրների մասին։ Պաշտպանը նաև անդրադարձավ տրանսպորտի խնդրին․ «Գործում է ամենագնաց տրանսպորտային 1 միջոց, որը, թեև պարտաճանաչ է, բայց ինքնին բավարար չէ, քանի որ երթուղու սեղմ գրաֆիկը, դժվարանցանելի ճանապարհը թույլ չեն տալիս մարդկանց հոգալ իրենց առօրյա կարիքները, հասցնել մեկ օրվա ընթացքում՝ մինչև մութն ընկնելը, կազմակերպել նրանց տեղափոխումը՝ սպասարկելով 3 գյուղեր, և մարդիկ բախվում են բազմաթիվ խնդիրների»:  Դեկտեմբերի 3-ին «Լուրեր»-ով ցուցադրվեց Ճակատեն-Կապան, Ճակատեն-Գեղանուշ այլընտրանքային ճանապարհների կառուցման աշխատանքների մասին ռեպորտաժ։ Ռեպորտաժում խոսվում էր հիմնականում ճանապարհի կառուցման ընթացիկ աշխատանքների, ժամկետների մասին։ Անդրադարձ էր կատարվում նաև բնակիչների համար նախատեսված տրանսպորտային միջոցներին։ «Նոյեմբերի 24-ից երթևեկի են դուրս եկել միջգերատեսչական աշխատանքային խմբի կողմից գնված երկու ՈՒԱԶ-ը,- ասվում է ռեպորտաժում, այնուհետև մեջբերվում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանի խոսքերը։- Ունենք երթուղի Մեղրիով՝ դեպի Կապան, օրը մեկ անգամ, և ավելի ինտենսիվ երթուղի ունենք գյուղերը Կապանին միացնող Գեղանուշ ճանապարհով»։ Լրագրողը հավելում է, որ երթուղին իրականացվում է՝ ըստ ժամանակացույցի, անկախ ուղևորների քանակից։ ՄԻՊ-ի բարձրաձայնած խնդիրների մասին ռեպորտաժում ոչինչ նշված չէ։ Դեկտեմբերի 7-ին էլ «Լուրեր»-ով Սյունիքի սահմանամերձ բնակավայրերից ռեպորտաժ հրապարակվեց, որտեղ խոսվում էր այն մասին, թե կառավարությունն ինչ նոր աշխատատեղեր է բացել այդ բնակավայրերում և ինչ փոփոխություններ իրականացրել։ Չնայած ՄԻՊ Արման Թաթոյանի հայտարարությունները Հանրային հեռուստաընկերության լրատվական թողարկումների ժամանակ և կայքի հրապարակումներում չեն ներկայացնում, Հանրայինը երկու հարթակներում էլ լուսաբանում է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի հայտարարություններն ու գործունեությունը (օրինակ՝ 1, 2, 3, 4)։ Հանրայինը նաև լուսաբանել է նոր ՄԻՊ-ի թեկնածուի առաջադրումը։ Այսպիսով՝ մեր մշտադիտարկումը հաստատում է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի պնդումները, որ Հանրային հեռուստաընկերությունն անտեսում է նրա գործունեությունն ու հայտարարությունները։ Ե՛վ «Լուրեր»-ի թողարկումներում, և՛ 1lurer.am կայքում դեկտեմբերի 1-ից հունվարի 13-ն ընկած ժամանակահատվածում Հանրայինը չի անդրադարձել պաշտպանի գործունեությանը։ Հիշեցնենք, որ մեր ուսումնասիրած ժամանակահատվածում չեն դիտարկվել վազող տողերը։ Աննա Սահակյան
11:28 - 20 հունվարի, 2022
ՀԴՄ կիրառման կանոնները խախտելու համար տուգանքներ նշանակելիս հաշվի չեն առնվում իրավախախտման հանգամանքները. ՄԻՊ-ը հրապարակել է արտահերթ զեկույց

ՀԴՄ կիրառման կանոնները խախտելու համար տուգանքներ նշանակելիս հաշվի չեն առնվում իրավախախտման հանգամանքները. ՄԻՊ-ը հրապարակել է արտահերթ զեկույց

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը հրապարակել է արտահերթ զեկույց՝ ՀԴՄ կիրառման կանոնները խախտելու համար տուգանքներ նշանակելու վերաբերյալ․«Հրապարակում եմ արտահերթ զեկույց այն մասին, որ Հարկային օրենսգրքով նախատեսել է տուգանքների ֆիքսված, այն էլ բարձր չափեր հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման կանոնները խախտելու համար։Այս հարցով դիմել եմ նաև Սահմանադրական դատարան. վիճարկում եմ այն, որ տուգանքների ֆիքսված չափեր սահմանելով`  հաշվի չի առնվում իրավախախտման հանգամանքները և չի տալիս անհատականացման հնարավորություն:Խոսքը վերաբերում է Օրենսգրքի 416-րդ հոդվածի 1-5.1-րդ մասերին, որոնց համաձայն, օրինակ՝ տեխնիկական պահանջները բավարարող հսկիչ դրամարկղային մեքենայի բացակայության համար կազմակերպությունը, անհատ ձեռնարկատերը կամ նոտարը տուգանվում է` 300․ 000 դրամի չափով, իսկ հանրային սննդի օբյեկտում իրականացվող հանրային սննդի գործունեության մասով 1․000․000 դրամի չափով: Ստացվում է, որ օրենքով հարկային մարմնի համար նախապես կանխորոշված են տուգանքների չափերը, որոնցից որևէ բացառություն չի կարող արվել։Մասնավորապես, տուգանքները նշանակվում են առանց ենթադրյալ իրավախախտման հանգամանքներին ու իրավիճակին անհատականացման. դրանք չեն նշանակվում հիմք ընդունելով ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտի շրջանառության ծավալը:Առաջին անգամ իրավախախտումը հայտնաբերելիս տնտեսական գործունեություն իրականացնող սուբյեկտի նկատմամբ կիրառվում է տուգանք՝ անկախ խախտումը կատարելու օբյեկտիվ կամ սուբյեկտիվ գործոններից։Խնդրահարույց է նաև տուգանքի չափերի բարձր լինելը, ինչը նորաբաց և/կամ փոքր կազմակերպությունների, ի տարբերություն տարիներ շարունակ գործող և մեծ կազմակերպությունների, դնում է տնտեսական  դժվար կացության առաջ, իսկ որոշ տնտեսվարող սուբյեկտների համար այն հանգեցնում է ընդհուպ մինչև ձեռնարկատիրական գործունեության դադարեցման:Այս վիճակը չի ապահովում տնտեսական և ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու երաշխավորման սահմանադրական պահանջը։ Սա իր հերթին հանգեցնում է տնտեսական, ներառյալ՝ ձեռնարկատիրական, գործունեությամբ զբաղվելու սահմանադրական  իրավունքի նկատմամբ անհամաչափ միջամտության հարկային մարմինների կողմից»։Զեկույցը՝ այստեղ։
10:28 - 18 հունվարի, 2022