ՏԿԵՆ

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին, որը մշակում և իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը տարածքային կառավարման և զարգացման բնագավառում։

ՏԿԵ նախարարն է Սուրեն Պապիկյանը, տեղակալներն են Լիլիա Շուշանյանը, Հակոբ Վարդանյանը, Արմեն Սիմոնյանը, Վաչե Տերտերյանը, Կարեն Իսախանյանը։

Համայնքների խոշորացում․ վարչական ապարատի օպտիմալացումից սպասումներն ու փաստացի իրավիճակը

Համայնքների խոշորացում․ վարչական ապարատի օպտիմալացումից սպասումներն ու փաստացի իրավիճակը

Համայնքերի խոշորացումից տնտեսական ի՞նչ օգուտներ էր ակնկալում կառավարությունը   2012 թվականին, երբ Հայաստանում դեռ չէր մեկնարկել համայնքների խոշորացման գործընթացը, կառավարության մշակած «Համայնքների խոշորացման և միջհամայնքային միավորումների ձևավորման հայեցակարգում» խոսվում էր այն մասին, որ համայնքների խոշորացումը պետք է տնտեսապես հիմնավորված լինի։ «Համայնքների միացման արդյունքում նոր ստեղծված համայնքի աշխատակազմի թվաքանակը զգալիորեն ավելի քիչ կլինի, քան այդ համայնքի կազմի մեջ միավորված նախկին համայնքների աշխատակազմերի հանրագումարային թվաքանակը: Այդպիսով զգալիորեն կկրճատվեն ապարատի պահպանման ծախսերը: Դրա արդյունքում կավելանան բնակչությանը ծառայություններ մատուցելուն ուղղված ֆինանսական հնարավոր միջոցների չափերը»,- նշվում էր հայեցակարգում: 2013թ․ նախկին տարածքային կառավարման նախարարության մշակած «Համայնքների խոշորացումը` որպես Հայաստանի վարչատարածքային բաժանման օպտիմալացման միջոց» աշխատանքային տեղեկանքում որպես համայնքների խոշորացման տնտեսական օգուտ նշվում էր համայնքների վարչական ապարատի օպտիմալացումը։ Տեղեկանքում երկու խոշորացվելիք համայնքի օրինակով բացատրվում էր, թե ինչ սկզբունքով են ձևավորվելու խոշորացված համայնքների համայնքապետարանների աշխատակազմերը, և ըստ այդմ՝ ինչ ֆինանսական օգուտներ են լինելու համայնքների համար։ Սկզբունքը, ըստ տեղեկանքի, հետևյալն էր․ երբ համայնքները միավորվում էին որևէ փնջում, համայնքային կենտրոնում համայնքապետարանի աշխատակազմը մեծանում էր, սակայն կրճատվում էին արդեն նախկին համայնքների, խոշորացումից հետո՝ բնակավայրերի աշխատակազմերը, և դրանց կրճատումից խնայված դրամական միջոցները նոր խոշորացված համայնքը կարող էլ ուղղել համայնքային այլ կարիքներ հոգալու համար։ Այսպես, օրինակներից մեկը Կոտայքի մարզի Գառնի համայնքն էր։ Գառնին և ևս հինգ համայնքներ հիպոթետիկ պետք է միավորվեին փնջային սցենարով (խոշորացման սցենարների և Հայաստանում համայնքների խոշորացման գործընթացի վերաբերյալ առավել մանրամասն՝ այստեղ)։ Այս համայնքների համայնքապետարանների աշխատակազմերի ընդհանուր թիվը 2012-ի դրությամբ կազմել է 62, որից 20-ը եղել է համայնքային կենտրոն Գառնիում։ Այստեղ հաստիքների թիվն ավելանալու էր 6-ով (այդ թվում՝ 5 բնակավայրերի 1-ական վարչական ներկայացուցիչները), և ստացվելու էր, որ նախկին համայնքների համայնքապետարանների ընդհանուր 62 աշխատատեղի փոխարեն խոշորացված համայնքի համայնքապետարանն ունենալու էր 26 աշխատատեղ։ Համաձայն նախահաշվի՝ Գառնի խոշորացված համայնքի՝ ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների գծով տարեկան ծախսերը (այսինքն՝ համայնքապետարանի աշխատակազմի պահպանմանն ուղղված ծախսերը), կազմելու էին 54,545.5 հազ. դրամ։ 2012 թվականի դրությամբ բոլոր համայնքների հանրային ծառայությունների գծով բյուջետային ընդհանուր ծախսերը կազմել են 94,668.6 հազ. դրամ: Ստացվում էր, որ հանրային ծառայությունների գծով բյուջետային ընդհանուր ծախսերը նվազելու էին նախկին համայնքների աշխատակազմերի կրճատման հաշվին։ «Կատարված հաշվարկի արդյունքում Գառնի խոշորացված համայնքի՝ ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների գծով բյուջետային ընդհանուր օգուտները կազմում են 45,123.1 հազ. դրամ, որը համարվում է համայնքների խոշորացման արդյունքում առաջացած ազատ գումար։ Նոր ձևավորվող համայնքի ՏԻՄ-երը դա կարող են ուղղել ինչպես հանրային ծառայությունների այլ տեսակների մատուցման ծավալների ընդլայնմանը և որակի բարձրացմանը, այնպես էլ համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանը և կապիտալ ներդրումների կատարմանը»,- նշվում էր տեղեկանքում։ Մենք փորձել ենք Վայոց ձորի և Տավուշի մարզերի խոշորացված համայնքների օրինակով հասկանալ, թե խոշորացման նախորդ տարում համայնքային բյուջեների որ մասն են կազմել ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների գծով ծախսերը, և արդյոք խոշորացումից հետո՝ 2019-ի դրությամբ, այդ ծախսերը կրճատվել են։ Չենք ուսումնասիրել միայն Տավուշի մարզի Իջևան համայնքը, քանի որ այն խոշորացվել է այս տարի՝ ի տարբերություն Վայոց ձորի և Տավուշի մարզերի մյուս համայնքների, որոնք խոշորացվել են 2015-ից 2017 թվականների ընթացքում։ Օրինակում նշվող Գառնի խոշորացված համայնքն այս պահի դրությամբ ձևավորված չէ, դրա համար այն հնարավոր չէր ուսումնասիրել։   Համայքապետարանների աշխատակազմերի պահպանմանն ուղղվող ծախսերը Տավուշում՝ մինչև խոշորացումը և խոշորացումից հետո   Տավուշի մարզի Դիլիջան համայնքը խոշորացվել է 2015-ին։ Նախքան խոշորացումը՝ 2014 թվականին, Դիլիջան խոշորացված համայնքի կազմում եղած նախկին 7 համայնքների տարեկան ընդհանուր բյուջետային ծախսերը կազմել են ավելի քան 563 մլն դրամ, իսկ ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների գծով տարեկան ծախսերը՝ մոտ 186 մլն դրամ։ Այսինքն՝ ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների գծով ծախսերը կազմել են ընդհանուր բյուջետային ծախսերի 33%-ը։ Որպեսզի այս տվյալները համեմատենք Դիլիջան խոշորացված համայնքի 2019-ի բյուջեի տվյալների հետ, պետք է հասկանանք, թե 2014-ի բյուջետային ծախսերը 2019-ի չափանիշներով որքան կկազմեին՝ հաշվի առնելով այդ տարիների գնաճը։ Այսպես, եթե ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների գծով տարեկան ծախսերը 2014-ին կազմել են մոտ 186 մլն դրամ, 2019-ին կկազմեին ավելի քան 199 մլն դրամ։ Արդեն 2019-ին Դիլիջան խոշորացված համայնքի տարեկան ընդհանուր բյուջետային ծախսերը կազմել են մոտ 907 մլն դրամ, իսկ ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների գծով ծախսերը՝ ավելի քան 188 մլն դրամ, այսինքն՝ ընդհանուր բյուջետային ծախսերի 21%-ը։  Եթե համեմատենք 2014-ի և 2019-ի տվյալները, կտեսնենք, որ ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների գծով ծախսերը Դիլիջան խոշորացված համայնքում ավելի քան 11 միլիոն դրամով քիչ են, քան 2014-ին համայնքի կազմում ընդգրկված նախկին համայնքների ծախսերը միասին վերցրած։ Ինչ վերաբերում է համայնքապետարանների աշխատակազմերին, ապա եթե 2014-ին Դիլիջան խոշորացված համայնքի կազմում ընգրկված բոլոր նախկին համայնքները միասին ունեցել են 94 դրույք, ապա 2019-ին Դիլիջանի համայնքապետարանում եղել է 54 դրույք (աշխատատեղերը ներկայացված են ոչ թե աշխատակիցների թվաքանակով, այլ դրույքաչափերով)։ Այս տվյալների վերլուծությունից կարելի է ենթադրել, որ Դիլիջան խոշորացված համայնքի ձևավորման արդյունքում իրոք համայնքապետարանների աշխատակազմերի կրճատումից խնայվել են դրամական միջոցներ, և համայնքի ընդհանուր բյուջետային ծախսերում նվազել են համայնքապետարանի աշխատակազմին ուղղվող դրամական միջոցները։ Գրաֆիկ 1-ում ներկայացված են Տավուշի մարզի համայնքներում աշխատակազմերի պահպանմանն ուղղվող ծախսերի փոփոխությունները խոշորացումից առաջ և հետո։  Տավուշի մարզի ևս երկու համայնքում գործել է այս սկզբունքը․ Նոյեմբերյանի կազմում ընդգրկված նախկին 9 համայնքների համայնքապետարաններում խոշորացման նախորդ տարում միասին վերցրած եղել է 97 դրույք, իսկ Նոյեմբերյան խոշորացված համայնքի համայնքապետարանում անցած տարի եղել է 60 դրույք։ Ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների գծով տարեկան ծախսերը նվազել են մոտ 39 մլն դրամով։ Աշխատակազմերին ուղղվող ծախսերը 2019-ին կազմել են ընդհանուր բյուջեի 30%-ը՝ 2016-ի 40%-ի փոխարեն։ Բերդի կազմում ընդգրկված նախկին 17 համայնքների համայնքապետարաններում խոշորացման նախորդ տարում միասին վերցրած եղել է 196,6 դրույք, իսկ Բերդ խոշորացված համայնքի համայնքապետարանում 2019-ին եղել է 95 դրույք։ Ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների գծով տարեկան ծախսերը նվազել են մոտ 15 մլն դրամով։ Եթե բոլոր համայնքներում միասին վերցրած աշխատակազմերին ուղղվող գումարները նախկինում կազմել են ընդհանուր բյուջեի 42%-ը, ապա Բերդի ընդհանուր բյուջեում 2019-ին այդ ծախսերը կազմել են 28%: Գրաֆիկ 2-ում ներկայացված են Տավուշի մարզի համայնքների ընդհանուր բյուջեներում աշխատակազմերի պահպանմանն ուղղվող ծախսերի մասնաբաժինների փոփոխությունները խոշորացումից առաջ և հետո։ Կողբ խոշորացված համայնքում, որտեղ միավորված է 2 համայնք, 2019-ի դրությամբ 2015-ի համեմատ աճել են աշխատակազմերի պահպանման ծախսերը, սակայն ընդհանուր բյուջետային ծախսերը ևս աճել են։ Ընդհանուր ծախսերն ավելացել են մոտ 32 մլն դրամով, աշխատակազմերի պահպանման ծախսերը՝ մոտ 6 մլն դրամով։ Կողբ խոշորացված համայնքի համայնքապետարանում 2019-ին եղել է 21,5 դրույք, իսկ մինչև խոշորացումը նախկին համայնքները միասին ունեցել են 22 դրույք։ Ընդհանուր բյուջեում համայնքապետարանի աշխատակազմին ուղղվող ծախսերի մասնաբաժինը, սակայն, նվազել է՝ դառնալով 35%՝ 39%-ի փոխարեն։ Հետաքրքիր է, որ Այրում համայնքում (ստեղծվել է 8 համայնքների միավորմամբ) ընդհանուր բյուջետային ծախսերը մոտ 26 մլն դրամով պակասել են, սակայն համայնքապետարանի աշխատակազմին ուղղվող ծախսերն ավելացել են ավելի քան 15 մլն դրամով։ 2016-ին նախկին համայնքապետարաններում միասին վերցրած եղել է 75 դրույք, 2019-ին Այրումի համայնքապետարանում դրույքները կրճատվել են՝ դառնալով 46։ Այրում խոշորացված համայնքի դեպքում ավելացել է նաև ընդհանուր բյուջեում աշխատակազմին ուղղվող դրամական միջոցների մասնաբաժինը՝ 43%-ի փոխարեն դառնալով 53%:  Գրաֆիկ 3-ում ներկայացված են Տավուշի մարզի համայնքներում համայնքապետարանների աշխատատեղերի դրույքների փոփոխությունները խոշորացումից առաջ և հետո։ Համայքապետարանների աշխատակազմերի պահպանմանն ուղղվող ծախսերը Վայոց ձորում՝ մինչև խոշորացումը և խոշորացումից հետո   Վայոց ձորի Ջերմուկ խոշորացված համայնքը ձևավորվել է 4 համայնքների միավորմամբ։ Մինչև խոշորացումը նախկին համայնքների համայնքապետարանները միասին ունեցել են 48,7 դրույք, իսկ Ջերմուկ խոշորացված համայնքը 2019-ին ունեցել է 42 դրույք։ Աշխատակազմերի պահպանմանն ուղղված ծախսերն աճել են ավելի քան 5 մլն դրամով։ Մոտ 212 մլն դրամով ավելացել է նաև համայնքի ընդհանուր բյուջեն։ Ընդհանուր բյուջեում աշխատակազմին ուղղվող գումարների մասնաբաժինը նվազել է՝ 35%-ից դառնալով 24%։ Վայքում (ստեղծվել է 5 համայնքների միավորմամբ) ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների գծով ծախսերն ավելացել են մոտ 12 մլն դրամով։ Համայնքապետարանների դրույքների ընդհանուր թիվը նախքան խոշորացումը եղել է 42,5, իսկ 2019-ին կրճատվել է՝ դառնալով 39։ Բյուջետային ընդհանուր ծախսերը ևս աճել են ավելի քան 33 մլն դրամով, իսկ աշխատակազմին ուղղվող դրամական միջոցների մասնաբաժինն ընդհանուր բյուջեում նվազել է՝ 51%-ից դառնալով 49%: Գրաֆիկ 4-ում ներկայացված են Վայոց ձորի մարզի համայնքներում աշխատակազմերի պահպանմանն ուղղվող ծախսերի փոփոխությունները խոշորացումից առաջ և հետո։  Արենիում (ստեղծվել է 9 համայնքների միավորմամբ) ևս համայնքապետարանի աշխատակազմի պահպանմանն ուղղված ծախսերն աճել են ավելի քան 58 մլն դրամով։ Մոտ 152 մլն դրամով ավելացել են նաև ընդհանուր բյուջետային ծախսերը։ Համայնքապետարանի դրույքները խոշորացման նախորդ տարում կազմել են 95, իսկ 2019-ին՝ 60,5։ Ընդհանուր բյուջետային ծախսերում աշխատակազմերի պահպանմանն ուղղված ծախսերի մասնաբաժինը նվազել է․ եթե 2015-ին այդ ծախսերը կազմել են ընդհանուր բյուջետային ծախսերի 62%-ը, ապա 2019-ին կազմել են 54%-ը: Զառիթափում (ձևավորվել է 9 համայնքների միավորմամբ) համայնքապետարանի հաստիքների թվաքանակն՝ ըստ դրույքների գրեթե չի փոխվել (70,1-ից դարձել է 70 ), սակայն աշխատակազմերին ուղղվող ծախսերը կրճատվել են ավելի քան 99 մլն դրամով։ Հետաքրքիր է, որ Զառիթափում ավելի քան 85 մլն դրամով կրճատվել են նաև համայնքի ընդհանուր բյուջետային ծախսերը։ Այստեղ նվազել է նաև համայնքապետարանի աշխատակազմի պահպանմանն ուղղված ծախսերի մասնաբաժինը՝ 62%-ից դառնալով 45%: Գրաֆիկ 5-ում ներկայացված են Վայոց ձորի մարզի համայնքների ընդհանուր բյուջեներում աշխատակազմերի պահպանմանն ուղղվող ծախսերի մասնաբաժինների փոփոխությունները խոշորացումից առաջ և հետո։ Գլաձորում (ստեղծվել է 3 համայնքի միավորմամբ) խոշորցումից առաջ բոլոր համայնքապետարանների դրույքները միասին կազմել են 51, իսկ 2019-ին Գլաձորի համայնքապետարանում եղել է 26 դրույք։ 2019-ին համայնապետարանի աշխատակազմի պահպանմանն ուղղված ծախսերը կրճատվել են մոտ 27 մլն դրամով, և եթե 2016-ին այդ ծախսերը բոլոր համայնքներում միասին վերցրած կազմել են համայնքների ընդհանուր բյուջեների 56%-ը, ապա 2019-ին կազմել են Գլաձորի բյուջեի 28%-ը։ Եղեգիսում (ստեղծվել է 12 համայնքի միավորմամբ) աշխատակազմերի պահպանմանն ուղղվող ծախսերը նվազել են մոտ 32 մլն դրամով, աշխատատեղերի դրույքները 85-ից դարձել են 63,7, իսկ ընդհանուր բյուջետային ծախսերում աշխատակազմին ուղղվող ծախսերը կազմել են 47%՝ 2016-ի 75%-ի փոխարեն։ Գրաֆիկ 6-ում ներկայացված են Վայոց ձորի մարզի համայնքներում համայնքապետարանների աշխատատեղերի դրույքների փոփոխությունները խոշորացումից առաջ և հետո։ Վարչական ապարատի օպտիմալացումը խոշորացված համայնքների համար տնտեսական օգուտներ ունեցե՞լ է   Այսպիսով, մեր ուսումնասիրած 11 համայնքանքներից 6-ում աշխատակազմերի պահպանմանն ուղղված ծախսերը 2019-ի դրությամբ բացարձակ թվերով նվազել են։ Այս 6 համայնքներում ավելացել են նաև ընդհանուր բյուջետային ծախսերը, ինչը նշանակում է, որ ընդհանուր ծախսերում աշխատակազմերի պահպանմանն ուղղված ծախսերի մասնաբաժիններն էականորեն նվազել են։ Իսկ Վայոց ձորի մարզի Զառիթափ համայնքում, չնայած նվազել են նաև ընդհանուր բյուջետային ծախսերը, այդ ծախսերում աշխատակազմերի պահպանմանն ուղղված ծախսերի մասնաբաժինը ևս նվազել է։ Մնացած 5 համայնքներից 4-ում, խոշորացումից առաջվա տվյալների հետ համեմատած, 2019-ին ավելացել են աշխատակազմերի պահպանման ծախսերը։ Չնայած այս հանգամանքին,  ավելացել են նաև այս համայնքների ընդհանուր բյուջետային ծախսերը, և դրա հաշվին ընդհանուր ծախսերում աշխատակազմերի պահպանմանն ուղղված ծախսերի մասնաբաժինները նվազել են։ Վերը նշված բոլոր 10 համայնքներում խոշորացումից հետո կրճատվել են համայնքապետարանների աշխատակազմերի դրույքները։ Ի տարբերություն այս 10 համայնքների՝ Տավուշի մարզի Այրում համայնքում նվազել են ընդհանուր բյուջետային ծախսերը, իսկ աշխատակազմերի պահպանմանն ուղղված ծախսերն, ընդհակառակը, ավելացել են, ըստ այդմ՝ ավելացել է նաև ընդհանուր ծախսերում աշխատակազմերի պահպանմանն ուղղվող ծախսերի մասնաբաժինը։ Ինչ վերաբերում է համայնքապետարանի աշխատակազմերի դրույքներին, դրանք նվազել են։ Փաստորեն, եթե համայնքների մի մասում խոշորացումից հետո բացարձակ թվերով նվազել են համայնքապետարանների աշխատակազմերի պահպանման ծախսերը, մյուս մասում, չնայած բացարձակ թվով աճին, նվազել են այդ ծախսերի մասնաբաժինները ընդհանուր բյուջեում` բացառությամբ Այրում համայնքի, որտեղ այս սկզբունքը չի գործել, և խոշորացումից հետո նախկին համայնքապետարանների աշխատակազմերի կրճատման արդյունքում 2019-ի դրությամբ դրամական միջոցներ չեն խնայվել։ Հեղինակներ՝ Աննա Սահակյան, Կատյա ՄամյանԽորհրդատու՝ Հրանտ Միքայելյան
19:53 - 22 օգոստոսի, 2020
ՏԿԵ փոխնախարարն ընդունել է ԱՀ ՏԿԶՆ պատվիրակությանը

ՏԿԵ փոխնախարարն ընդունել է ԱՀ ՏԿԶՆ պատվիրակությանը

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանն այսօր ընդունել է Արցախի Հանրապետության Տարածքային կառավարման և զարգացման նախարարության պատվիրակությանը՝ նախարար Ժիրայր Միրզոյանի գլխավորությամբ:Փոխնախարարը, ողջունելով հյուրերին, մաղթել է, որ անպայման հաջողեն նոր կառավարության կազմում իրենց ստանձնած չափազանց պատասխանատու և կարևոր աշխատանքում: Հանդիպման ընթացքում քննարկվել են ընդերքօգտագործման ոլորտին առնչվող հարցեր, այդ թվում՝ պաշարների գնահատման և հանածոների արդյունահանման, ներդրումային միջավայրի, բնապահպանական կառավարման և վերահսկողության մեխանիզմների, ինչպես նաև երկրաբանական տեղեկությունների կառավարման և պետական մարմինների կարողությունների վերաբերյալ:Երկուստեք ընդգծվել է երկու հանրապետությունների օրենսդրական բարեփոխումների համընթաց իրականացման կարևորությունը: Կողմերի միջև փոխադարձ պայմանավորվածություն է ձեռք բերվել ինտենսիվ համագործակցել առաջիկայում յուրաքանչյուր նոր նախաձեռնության դեպքում, ինչպես նաև հաճախակի կազմակերպել մասնագիտական աշխատանքային քննարկումներ:
13:39 - 22 օգոստոսի, 2020
Ստեփան Մաչյանը նշանակվել է «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար

Ստեփան Մաչյանը նշանակվել է «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի աշխատակազմին է ներկայացրել նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Ստեփան Մաչյանին։ Այս մասին հայտնում են ՏԿԵՆ-ից:Տիկին Ղալեչյանը‚ շնորհավորելով նորանշանակ տնօրենին‚ ընդգծել է‚ որ Ստեփան Մաչյանը կառավարման ոլորտում մեծ փորձ ունի‚ և համոզմունք է հայտնել‚ որ այդ փորձն արդյունավետորեն կներդրվի Ճանապարհային դեպարտամենտում պաշտոնավարման ընթացքում։ Փոխնախարարը նկատել է‚ որ ճանապարհաշինության ոլորտում իրականացվող ծրագրերի ծավալները տարեցտարի մեծանում են‚ և Ստեփան Մաչյանին կհաջողվի զարգացնել այն դրական արդյունքները, որոնք կան այս համակարգում:Ստեփան Մաչյանը‚ շնորհակալություն հայտնելով շնորհավորանքների և իրեն ցուցաբերած վստահության համար‚ մեծապես կարևորել է Ճանապարհային դեպարտամենտի դերն ու նշանակությունը ճանապարհաշինության գործում։«Ոլորտի զարգացումը պետք է լինի մեր առաջնահերթություններում։ Պետական հատվածում աշխատանք կատարելիս մենք պետք է ուշադրություն դարձնենք համակարգաստեղծ և ինստիտուցիոնալ կառույցներ ձևավորելու‚ ամրապնդելու հարցին‚ քանի որ դրանք են ապահովելու հետագա առաջընթացը՝ անկախ նրանից‚ թե տվյալ պահին ով է այդ համակարգը ղեկավարում։ Եվ ճանապարհային դեպարտամենտն ունի բոլոր հնարավորություններն ինստիտուցիոնալ կառույցի դերում հանդես գալու համար»‚- նշել է պարոն Մաչյանը։«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի աշխատակիցները նորանշանակ ղեկավարին մանրամասնորեն ներկայացրել են իրենց գործունեությունը‚ ծրագրերն ու խնդիրները։ Պարոն Մաչյանն հետագա աշխատանքում կարևորել է միասնական‚ թիմային մոտեցումը‚ իսկ դժվարությունների պահին՝ ուժերի կենտրոնացումն ու դրանց համատեղ հաղթահարումը։
10:38 - 21 օգոստոսի, 2020
Ներկայացվել է ճանապարհաշինական աշխատանքների հուլիս ամսվա հաշվետվությունը

Ներկայացվել է ճանապարհաշինական աշխատանքների հուլիս ամսվա հաշվետվությունը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը‚ պատասխանատու ստորաբաժանման ներկայացուցիչներն օգոստոսի 19-ին հանդիպում են ունեցել ՀՀ պետական բյուջեի միջոցներով ճանապարհների հիմնանորոգման որակի նկատմամբ տեխնիկական հսկողություն իրականացնող «Էգիս ինթերնեյշնլ» ընկերության մասնագետների հետ։ Վերջիններս նախարարի տեղակալին ներկայացրել են ՀՀ պետական բյուջեի միջոցներով իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների 2020թ. հուլիս ամսվա հաշվետվությունը։ Տեղեկացնենք‚ որ «Էգիս ինթերնեյշնլ»-ն իրականացնում է հիմնանորոգվող 32 ճանապարհահատվածների տեխնիկական հսկողությունը։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել յուրաքանչյուր ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների առաջընթացին‚ ժամանակացույցին‚ որակի ապահովման հարցերին‚ նախագծային որոշ ասպեկտների և այլն։ Շեշտվել է սահմանված ժամկետներում և պատշաճ որակով աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը։
13:26 - 20 օգոստոսի, 2020
Կառավարությունն առաջարկում է սոցիալական գովազդն ազատել հարկումից |armenpress.am|

Կառավարությունն առաջարկում է սոցիալական գովազդն ազատել հարկումից |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կառավարությունն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել Հարկային օրենսգրքում և հարակից մի շարք օրենքներում, ինչի արդյունքում սոցիալական գովազդը կազատվի հարկումից: Գործադիրի օգոստոսի 20-ի նիստում նախագիծը ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: «Այս նախագծով առաջարկվում է սոցիալական գովազդն ազատել հարկումից և վերահսկողության իրականացումը վերապահել Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին: Այստեղ ներկայացված երեք օրենքներում փոփոխությունները միտված են համայնքի ֆինանսական միջոցները մեծացնելուն և լիազորությունների ապակենտրոնացում ապահովելուն»,- ասաց Պապիկյանը: Նախարարը նշեց, որ նախագիծը շատ կարևոր նշանակություն ունի և այն տարածքային համաչափ զարգացման շրջանակում էական առաջխաղացում է, բխում է ՀՀ համաչափ զարգացման իշխանության գաղափարից և լիազորությունների ապակենտրոնացմանն ուղղված քայլերից մեկն է:
13:01 - 20 օգոստոսի, 2020
Կառավարությունը 12,5 մլն դրամ հատկացրեց Դդմաշենի կամրջի վերանորոգման համար |armenpress.am|

Կառավարությունը 12,5 մլն դրամ հատկացրեց Դդմաշենի կամրջի վերանորոգման համար |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կառավարությունը պետական բյուջեում վերաբաշխում կատարելու որոշում ընդունեց՝ Դդմաշեն համայնքի կամուրջը վերանորոգելու համար: Որոշման նախագիծը գործադիրի օգոստոսի 20-ի նիստում ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: «Կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է նրանով, որ մարզային նշանակության ավտոճանապարհի վրա գտնվող կամրջի մասնակի փլուզման հետևանքով նշված կամրջով երթևեկությունը դարձել է վտանգավոր: Հաշվի առնելով, որ չփլուզված մասը նույնպես գտնվում է վթարային վիճակում, այն վերանորոգելու անհրաժեշտություն է առաջացել: Տվյալ կամուրջը Դդմաշեն համայնքի համար ունի կենսական նշանակություն»,- ասաց Պապիկյանը: Նախարարը նշեց, որ կամրջի վերանորոգման համար նախատեսվում է հատկացնել 12,5 մլն դրամ, որը գոյացել է Գեղարքունիքի մարզպետարանի խնայողությունների արդյունքում:
12:29 - 20 օգոստոսի, 2020
Չորս մետաղական հանքավայրի ընդերքօգտագործման իրավունք դադարեցվել է. ընկերությունները չեն լուծել հողօգտագործման հարցերը |hetq.am|

Չորս մետաղական հանքավայրի ընդերքօգտագործման իրավունք դադարեցվել է. ընկերությունները չեն լուծել հողօգտագործման հարցերը |hetq.am|

hetq.am: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հրամաններով այս տարի դադարեցվել է 4 չգործող մետաղական հանքավայրի ընդերքօգտագործման իրավունքները, որից 3-ը՝ վերջին մեկ ամսում։ «Վարդանի զարթոնք» ՍՊԸ․ Սոֆի-բինայի ոսկի բազմամետաղների հանքավայր 2020թ․ օգոստոսի 7-ի հրամանով դադարեցվել է «Վարդանի զարթոնք» ՍՊԸ-ի ընդերքօգտագործման իրավունքը Վայոց ձորի մարզի Սոֆի-բինայի ոսկի բազմամետաղների հանքավայրում, որտեղ արդյունահանման աշխատանքներ մինչ օրս չեն իրականացվել։ Ընկերությունն ընդերքօգտագործման իրավունք ստացել է 2012 թվականին։ Մինչ ընդերքօգտագործման դադարեցումը զգուշացումներ են ուղարկվել «Վարդանի զարթոնք» ՍՊԸ-ին, ընկերության նկատմամբ վարչական վարույթ է հարուցվել և դրա արդյունքում կայացվել դադարեցման հրամանը։ «Վարդանի զարթոնք» ՍՊԸ-ն, հիշեցնենք, ԱԺ նախկին պատգամավոր, բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանի որդուն և մերձավորներին է պատկանում։ Այվազյանի որդին՝ Սուրեն Այվազյանը, այնտեղ 40 տոկոս բաժնեմաս ունի։ Այդպիսով, վարչական վարույթով արձանագրվել է, որ խախտվել են «Ընդերքի մասին» օրենսգրքի պահանջները և ընդերքօգտագործման պայմանագրի պայմանները։ «Վարդանի զարթոնք» ընկերության ներկայացուցիչը ևս հիմնավորումներ է ներկայացրել։ Մասնավորապես, գրությամբ նշել է, որ 2013 և 2014թթ․ դիմել է Զարթոնքի համայնքի ղեկավարին լեռնահատկացման ակտում ներառված 76,6 հա հողամասն ընկերության օգտագործման իրավունքով տրամադրելու համար։ Սակայն համայնքի ղեկավարը հայտնել է, որ տվյալ հողատարածքը 25 տարի ժամկետով տրված է վարձակալության։ Ընկերությունը խնդրի լուծման համար 2014թ․-ին դիմել է Էներգետիկայի և բնական պաշարների նախարարին։ Բացի դրանից, «Վարդանի զարթոնք»-ի դիրքորոշմամբ, լիազոր մարմինն ընդերքօգտագործման պայմանագրով պարտավորվել է երաշխավորել, որ հողատարածքը ծանրաբեռնված չէ այլ անձանց իրավունքներով։ Գրությամբ ընկերությունը նաև հայտնել է, որ հողամասի վարձակալի հետ 2020թ․ հունվարի 22-ին կնքել է ենթավարձակալության պայմանագիր, և կատարվել են որոշակի աշխատանքներ, կատարել է բոլոր հնարավոր գործողությունները և չի խախտել «Ընդերքի մասին» օրենսգրքի պահանջներն ու պայմանագրի կետերը։ Սակայն Զարթոնքի համայնքապետը 2020թ․ հունիսի 15-ին գրությամբ հայտնել է, որ հողատարածքից 66 հա-ն 2005թ․-ից 25 տարի ժամկետով վարձակալության է տրամադրված քաղաքացի Լևոն Վարդանյանին, իսկ 25 հա-ն՝ 2007թ․-ից 25 տարի ժամկետով՝ «Աբռուպտուս» ՍՊԸ-ին՝ գյուղատնտեսական գործունեություն ծավալելու համար։ Գրությամբ համայնքապետը հայտնել է, որ հողատարածքը հանքարդյունահանման նպատակով տրամադրելու վերաբերյալ ընկերության հետ պայմանավորվածություն չկա, ինչպես նաև վարձակալների հետ ընկերության կողմից ենթավարձակալության պայմանագիր կնքված չէ։ Մինչդեռ «Վարդանի զարթոնք» ՍՊԸ-ն ներկայացրել է նաև 2020թ․ հունվարի 22-ին «Աբռուպտուս» ՍՊԸ-ի և ընկերության միջև կնքված ենթավարձակալության պայմանագիրը։ Այդուհանդերձ, վարչական վարույթը հօգուտ ընդերքօգտագործողի չի լուծվել, և նախարար Պապիկյանի հրամանով կասեցվել է ընկերության ընդերքօգտագործման իրավունքը։ Շարունակությունը՝ hetq.am-ում։
21:57 - 19 օգոստոսի, 2020
Թումանյանից մինչև Օձունի խաչմերուկ փակ է լինելու երթևեկության համար

Թումանյանից մինչև Օձունի խաչմերուկ փակ է լինելու երթևեկության համար

Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհի Թումանյան քաղաքից մինչև Օձունի խաչմերուկ հատվածը‚ ժայռապայթեցման և քարաթափման աշխատանքներով պայմանավորված‚ օգոստոսի 20-ին‚ 21-ին‚ 22-ին և 23-ին՝ ժամը 14.00-ից մինչև 19.00-ն‚ փակ է լինելու երթևեկության համար։ Այս մասին հայտնում են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։ Այդ ընթացքում վարորդներին առաջարկվում է նշված ճանապարհահատվածը շրջանցել Մ6-Օձուն-Այգեհատ-Յաղդան-Ստեփանավան-Վանաձոր ճանապարհով։ Պայթեցման և քարաթափման աշխատանքներն իրականացվում են Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում։ Պատճառվող անհարմարության համար հայցում ենք երթևեկության մասնակիցների ներողամտությունը:
21:25 - 19 օգոստոսի, 2020
Կհստակեցվեն շրջիկ առևտրի կետը հատուկ տարածք տեղափոխելու հիմքերը |hetq.am|

Կհստակեցվեն շրջիկ առևտրի կետը հատուկ տարածք տեղափոխելու հիմքերը |hetq.am|

hetq.am: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը նախատեսում է հստակեցնել շրջիկ առևտրի կետը կամ տրանսպորտային միջոցը հատուկ տարածք տեղափոխելու հիմքերը: Այդ նպատակով «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծ է այսօր հանրային քննարկման ներկայացվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։ Ըստ առաջարկվող փոփոխության՝ տեսուչն իրավունք ունի շրջիկ առևտրի կետը կամ տրանսպորտային միջոցը տեղափոխել դրա համար նախատեսված հատուկ տարածք, եթե՝  չկա շրջիկ առևտրի իրականացման թույլտվություն, այն թույլատրված վայրերից դուրս է իրականացնում առևտրային գործունեություն կամ ծառայություններ մատուցում, գործունեություն է իրականացվում սահմանված պահանջների և պայմանների խախտմամբ,շրջիկ առևտրի կետը կամ տրանսպորտային միջոցը կայանվել է ոչ նրա կողմից ամրագրված՝ սահմանված վայրերից մեկում, դրա շահագործման թույլտվություն ստացած անձը սահմանված ժամը լրանալուց հետո չի ազատել շրջիկ առևտրի իրականացման համար տրամադրված վայրը,տրանսպորտային միջոցի սեփականատերը կամ դրա փաստացի տիրապետողը (շահագործողը) անհապաղ չի ազատում շրջիկ առևտրի իրականացման վայրը կամ բացակայում է այդ վայրից, տրանսպորտային միջոցի սեփականատերը կամ դրա փաստացի տիրապետողը (շահագործողը) անհապաղ չի դադարեցնում տրանսպորտային միջոցից կամ դրանց կցորդներից ապրանքների վաճառքը կամ ծառայությունների մատուցումը։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը առաջարկում է նաև կարգավորում սահմանել, որով շրջիկ առևտրի համար նախատեսված առանձին վայրերում ավագանու որոշմամբ շրջիկ առևտրի կետը թույլ կտրվի կայանել սահմանված ժամը լրանալուց հետո։
20:22 - 19 օգոստոսի, 2020
Գեղաշեն համայնքի առաջին մանկապարտեզը՝ նախատեսված 140 երեխայի համար |armenpress.am|

Գեղաշեն համայնքի առաջին մանկապարտեզը՝ նախատեսված 140 երեխայի համար |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Կոտայքի մարզի Գեղաշեն համայնքում առաջին անգամ կառուցվում է մանկապարտեզ, որը նախատեսված է 140 փոքրիկի համար: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գեղաշեն համայնքի ղեկավար Տիգրան Հակոբյանի հետ շրջեց շինհրապարակում և ծանոթացավ կատարվող աշխատանքներին: Հակոբյանը հայտնեց, որ Գեղաշենը երբևէ մանկապարտեզ չի ունեցել: «Ընթացքում են բակի նորոգման, խաղահրապարակի կառուցման և ինժեներական ցանցի ապահովման աշխատանքները»,- նշեց Փաշինյանը: Գեղաշենում վարչապետն այցելեց նաև երաժշտական դպրոց, որտեղ սուբվենցիոն ծրագրով իրականացվում է հաստատության գազաֆիկացում, իսկ համայնքի մշակույթի տանը տեղադրվելու է նաև ջեռուցման համակարգ: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանըհայտնեց, որ այդ երաժշտական դպրոցում ստեղծվում է նաև ժամանակակից գրադարան, ինչն արվում է Գերմանիայից մի բարերարի կողմից: ՀՀ վարչապետը ծանոթացավ երաժշտական դպրոցի շենքի վերանորոգման աշխատանքներին:
15:05 - 18 օգոստոսի, 2020
Սևանի շուրջ բոլոր ճանապարհները պետք է լինեն բարեկարգ. Նիկոլ Փաշինյան |lragir.am|

Սևանի շուրջ բոլոր ճանապարհները պետք է լինեն բարեկարգ. Նիկոլ Փաշինյան |lragir.am|

lragir.am: Սևանի շուրջ բոլոր ճանապարհները պետք է լինեն բարեկարգ, այս մասին Գեղարքունիքի մարզ կատարած այցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Նախորդ տարի ի՞նչ խնդիր ենք ձևակերպել, որ Սևանի շուրջ բոլոր ճանապարհները պետք է լինեն բարեկարգ։ Մենք ասում ենք՝ տարածքային համաչափ զարգացում, բայց նույնիսկ Սևանի շուրջ զարգացումը համաչափ չէ։ Մի փոքր հատվածում գերբեռնված, մնացած հատվածներում չքնաղ տեղեր կան, բայց ճանապարհի պատճառով նորմալ զարգացած չէ։ Այնպես որ, խնդիր ենք դրել, որ Սևանի շուրջ ճանապարհը պետք է լինի լրիվ բարձր վիճակի»,- ասաց վարչապետը։ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ այս տարի արդեն ավարտվել է ասֆալտապատումը, մնացել է 20 կմ տարածք՝ Վարդենիս-Շորժա հատվածում։ Ըստ նրա՝ ասֆալտապատումն իրականացվում  է բարձր չափանիշներով։ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն էլ հավելեց, որ ընդհանուր առմամբ այս տարի 55 կմ հատված է ասֆալտապատվել Սևանի շուրջ։
15:14 - 17 օգոստոսի, 2020
Վարչապետը ծանոթանացավ Լճաշենի մանկապարտեզի նորոգման և համայնքում կատարված այլ աշխատանքների |armenpress.am|

Վարչապետը ծանոթանացավ Լճաշենի մանկապարտեզի նորոգման և համայնքում կատարված այլ աշխատանքների |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանոթացավ Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի մանկապարտեզի նորոգման աշխատանքների ընթացքին։ Նրան ուղեկցում են մարզպետ Գնել Սանոսյանը և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։ «2018 թվականին բարեկարգվել է այս մանկապարտեզի բակը։ 2019 և 2020 թվականներին գյուղում իրականացվել է 7 սուբվենցիոն ծրագիր՝ 4-ը նախորդ տարի, իսկ 3-ն՝ այս։ 2019-ին Լճաշենում ասֆալտապատվել է ճանապարհը, գյուղի լուսավորությունն է ապահովվել, այս տարի էլ այդ աշխատանքները շարունակվել են։ 2019 թ. մի հետաքրքիր սուբվենցիոն ծրագիր էլ ենք փորձել իրականացնել՝ թանգարանն է վերանորոգվել, ուղղակի համավարակը մի փոքր խանգարեց դրա գործելուն»,- նշեց Սանոսյանը՝ ներկայացնելով գյուղում կատարվող և կատարվելիք աշխատանքները։ Սուրեն Պապիկյանը հայտնեց, որ ընթացիկ տարում ամբողջությամբ կլուծվի գյուղի լուսավորության հարցը։ «Գլխավոր և երկրորդային փողոցներում ամբողջությամբ փոխվում է լուսավորությունը՝ այստեղ սյուներ չեն եղել, նորերն են դրվում»,- ասաց ՏԿԵ նախարարը։ Մուտք գործելով մանկապարտեզ՝ Փաշինյանը շրջեց շենքում, որտեղ աշխատակիցն ամբողջությամբ ծանոթացրեց բոլոր մանրամասներին։ Դիմելով մանկապարզի աշխատակցին՝ Վարչապետն անդրադարձավ նաև աշխատող և չաշխատող ծնողներին վճարվող նպաստներին: «Վերջերս ժողովրդագրական վիճակի վերաբերյալ որոշումներ ենք կայացրել՝ գյուղական համայնքներում աշխատող ծնողներին նշանակել ենք կրկնակի ավել նպաստ՝ 53 հազար դրամ, իսկ չաշխատողներին՝ 26 500 դրամ»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։ Դիմելով Վարչապետին՝ Լճաշեն համայնքի ղեկավար Կորյուն Մարգարյանը, նշեց, որ իրենց գյուղը խմելու, ոռոգման ջրի, լուսավորության հետ կապված խնդիրներ չունի։ «Մեզ մոտ աղբահանության հարցն էլ ամբողջությամբ լուծված է: Ունենք երաժշտական, արվեստի, սպորտի դպրոցներ, թանգարան, մշակույթի տուն, հրապարակ ու զբոսայգի կա։ Սակայն մենք ունենք հիմնական խնդիր՝ չմշակվող հողեր ունենք, որոնք պետք է մշակել, մեր բնակիչների զբաղվածության հարցն ենք ցանկանում լուծել»,- ասաց Մարգարյանը։
13:23 - 17 օգոստոսի, 2020
Ե՞րբ և ո՞ւմ են վաճառվել Հայաստանի ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտները. մաս 2 |fip.am|

Ե՞րբ և ո՞ւմ են վաճառվել Հայաստանի ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտները. մաս 2 |fip.am|

fip.am: Անկախացումից հետո Հայաստանի ռազմավարական նշանակության մի շարք օբյեկտներ, ենթակառուցվածքներ տարբեր պատճառաբանություններով և փաստարկներով մասնավորեցվեցին և վաճառվեցին, հանձնվեցին օտարերկրյա կառավարման։   Նախորդ հոդվածում անդրադարձ էր կատարվել «Գույք պարտքի դիմաց» պայմանագրին, ինչպես նաև ՀԷՑ-ի և «Հայգազի» վաճառքի պատմություններին: Երկրորդ մասում կներկայացնենք «Սևան-Հրազդան» հիդրոէլեկտրակայանների կասկադի և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի վաճառքի, ինչպես նաև երկաթուղու, ջրամատակարարման համակարգի, Մեծամորի ատոմակայանի և «Հայփոստի» հավատարմագրային կառավարումն օտարերկրյա կազմակերպություններին տրամադրելու պատմությունները։ «Սևան-Հրազդան» հիդրոէլեկտրակայանների կասկադ «Սևան-Հրազդան» հիդրոէլեկտրակայանների կասկադը յոթ ՀԷԿ-երի՝ Սևանի, Հրազդանի, Արգելի, Արզնիի, Քանաքեռի, Երևան-1-ի և Երևան-3-ի համակարգ է, որի գումարային հզորությունը կազմում է 559.4 մՎտ, իսկ տարեկան նախագծային արտադրանքը՝ 2.32 մլրդ կՎտ.ժամ:  2003 թվականին Անդրանիկ Մարգարյանի գլխավորած կառավարության որոշմամբ Մեծամորի ատոմակայանի միջուկային վառելիքի դիմաց գոյացած պարտքը մարելու նպատակով ընդամենը 25 միլիոն դոլարի դիմաց 7 ՀԷԿ-ից բաղկացած կասկադը տրվեց «Միջազգային Էներգետիկ Կորպորացիա» ՓԲԸ-ին («ՄԷԿ» ՓԲԸ), որը պատկանում էր ռուսական «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ընկերությանը: 2011 թվականին «ՌուսՀիդրոն» ձեռք բերեց «ՄԷԿ» ՓԲԸ-ի բաժնետոմսերը: 2019 թվականին հայտնի դարձավ, որ «Սևան-Հրազդան» կասկադը ակտիվների և պասիվների հետ միասին 173 միլիոն ռուբլով վաճառվել է «Տաշիր» ընկերությանը:  Ջրամատակարարում Մինչև 2016 թվականը Հայաստանում ջրամատակարարում իրականացնում էր 5 ընկերություն՝ «Երևան Ջուրը», «Հայջրմուղկոյուղին», «Լոռի-ջրմուղկոյուղին» «Շիրակ-ջրմուղկոյուղին» և «Նոր Ակունքը»: Ընդ որում, 2006 թվականից դրանց կառավարումն իրականացնում էին երկու ֆրանսիական ընկերություններ. «Երևան Ջուրը» կառավարում էր «Վեոլիա Գրուպը», իսկ մնացածը՝ սկսած 2004 թվականից՝ «Սուարը»: 2016 թվականին ջրամատակարարման համակարգը կառավարման հանձնվեց մեկ ընկերության: Կառավարությունը պայմանագիր կնքեց ֆրանսիական «Վեոլիա ջուր» ընկերության հետ: 800 միլիոն եվրո արժեցած գործարքով ընկերությունը 15 տարով վարձակալեց նախկինում 5 ընկերությունների կողմից օգտագործվող և պահպանվող ջրային համակարգերի և այլ գույքի օգտագործման իրավունքը:  Մեծամորի ատոմակայանը Ըստ «Էներգետիկայի մասին» օրենքի՝ Հայկական ատոմային էլեկտրակայանի բաժնետոմսերը պատկանում են Հայաստանի Հանրապետությանը և մասնավորեցման ենթակա չեն: Սակայն դրա կառավարման իրավունքը հանձնվել է օտարերկրյա կազմակերպությունների: 2003 թվականին «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ԲԲԸ-ին փոխանցվեց Մեծամորի ատոմային էլեկտրակայանի հավատարմագրային կառավարումը։ ԱԷԿ-ի հավատարմագրային կառավարման իրավունքը ռուսական ընկերությանը փոխանցվեց այն բանից հետո, երբ տարեկան 100 միլիոն դոլարի հոսանք արտադրող ԱԷԿ-ն այլևս չէր կարողանում վճարել Ռուսաստանից ներկրված միջուկային վառելիքի դիմաց գոյացած մոտ 40 միլիոն դոլար պարտքը։ ԱԷԿ-ի ստացած շահույթի 25 տոկոսը ստանալու էր «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵՍ» ընկերությունը, մնացած 75 տոկոսը՝ Հայաստանի կառավարությունը:  2012 թվականին պայմանագիրը կասեցվեց ռուսական ընկերության դիմումի համաձայն, քանի որ, ըստ ռուսական լրատվամիջոցների, աշխատանքային պայմանները շահավետ չէին: Հարցմանն ի պատասխան՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնեցին, որ ներկայում ատոմակայանը հանձնված չէ հավատարմագրային կառավարման և պատկանում է Հայաստանի Հանրապետությանը:  Երկաթուղի 2007 թվականին Հայաստանի կառավարությունը հաստատեց հայկական երկաթուղու համակարգը կոնցեսիոն պայմանագրով փոխանցելու մրցույթի անցկացման մասին որոշումը: 2008 թվականի  փետրվարին կառավարությունը հավանության արժանացրեց Հայկական երկաթուղու համակարգը կոնցեսիոն պայմանագրով «Ռուսական երկաթուղիներ» բաց բաժնետիրական ընկերության կողմից ստեղծված «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանը փոխանցելու վերաբերյալ որոշումը: Ռուսական կողմին հանձնված կառավարման ժամկետը 30 տարի է՝ քսան տարվա աշխատանքից հետո տասը տարի երկարաձգելու իրավունքով՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ:  Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը մասնավորեցվեց 2004 թվականին, երբ կառավարությունը 132 միլիոն դոլարի դիմաց գործարանը օտարեց 4 ընկերության: Գերմանական «Քրոնիմեդ» ընկերությունը ստացավ կոմբինատի բաժնետոմսերի 60 տոկոսը, Երևանի «Մաքուր երկաթ» գործարանը՝ 15 տոկոսը, «Արմենիան Մոլիբդենիում Փրոդակշըն» և «Զանգեզուր Մայնինգ» փակ բաժնետիրական ընկերությունները՝ 12․5-ական տոկոսը։ 2014 թվականին «Քրոնիմեդը» գնեց «Մաքուր երկաթ» գործարանի բաժնեմասերը: Հայաստանի խոշորագույն հարկատուներից մեկի բաժնետերերի մասին մանրամասն անդրադարձ էր կատարել «Սիվիլնեթը»՝ բացահայտելով կոմբինատի կապը նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի  և այլ անձանց հետ: «Հայփոստ» Փոստային կապի ազգային օպերատոր «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության միանձնյա սեփականատերը Հայաստանի Հանրապետությունն է: Այն ծառայություններ է մատուցում Հայաստանի ողջ տարածքում՝ 900 փոստային բաժանմունքներում:  2004 թվականին ընկերության հավատարմագրային կառավարումը կառավարության որոշմամբ անցավ «Կոնվերս Ինվեստ» ընկերությանը, ապա՝ ընդամենը երկու տարի անց, կառավարիչը փոխվեց: 2006 թվականին կառավարության որոշմամբ «Հայփոստի» հավատարմագրային կառավարման պատասխանատվությունը ստանձնեց նիդերլանդական «ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթ» ՓԲԸ-ն, որը պատկանում է արգենտինահայ գործարար Էդուարդո էռնեկյանին: Գործընթացն իրականացվեց առանց մրցույթի:  2015 թվականին, արդեն Հովիկ Աբրահամյանի ղեկավարած կառավարությունը որոշում կայացրեց՝ ընկերությունն ամբողջովին մասնավորեցնելու մասին: Ըստ կառավարության ներկայացուցիչների՝ մասնավորեցումը նպաստելու էր կապի ոլորտի զարգացմանը և նոր ներդրումների իրականացմանը: Սակայն 2019 թվականին կառավարության դիրքորոշումն այս հարցում փոխվեց: Պետական գույքի կառավարման կոմիտեի ղեկավար Նարեկ Բաբայանն Ազգային ժողովում հայտարարեց, որ «Հայփոստը» կարևոր է պետական ծառայությունների մատակարարման տեսանկյունից, և այդ պատճառով դրա մասնավորեցումը նպատակահարմար չէ: 2020 թվականին՝ 16 տարվա հավատարմագրային կառավարումից հետո, «Հայփոստն» անցավ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը: Այսպիսով, այսօր Հայաստանի էներգետիկ ոլորտում բացարձակ գերիշխող դիրքեր են զբաղեցնում ռուսաստանաբնակ Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր» ընկերությունների խումբը և ռուսական «Գազպրոմ Արմենիան»: Լուսինե Ոսկանյան
16:14 - 14 օգոստոսի, 2020