Արմեն Գրիգորյան

Արմեն Գրիգորյանը ՀՀ Անվտանգության խորհրդի գործող քարտուղարն է։

Ծնվել է 1983 թ․ դեկտեմբերի 25-ին, Արցախի Մարտունի քաղաքում։

2001թ․ ընդունվել ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետ։ Ուսումնառության ընթացքում զորակոչվել է ԼՂՀ Պաշտպանության բանակ։ 2009 թ․ ընդունվել է Հայաստանի ամերիկյան համալսարանի Քաղաքագիտության եւ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրատուրա։

2012 թ․ մարտից մինչեւ 2013 թվականի սեպտեմբերը աշխատել է «Քաունթերփարթ Ինթերնեյշնլ Ինկ.»-ի հայաստանյան ներկայացուցչությունում։ 2015 թ․ ապրիլից 2018 թ․ մայիսն աշխատել է «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ում՝ որպես ընտրական ծրագրերի համակարգող։ 2013թ․ եղել է ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի նախընտրական շտաբի պետ: 2015թ․ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակահատվածում եւ 2017 թ․ ապրիլին ՀՀ ԱԺ ընտրությունների ընթացքում համակարգել է «Քաղաքացի դիտորդ» դիտորդական առաքելությունը։ 2017թ․ կատարել է փորձագիտական աշխատանքներ Եվրոպայի խորհրդում։ 2018-ին եղել է «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ։ Շարժման մյուս առաջնորդների հետ միասին նախ առեւանգվել էր, ապա ձերբակալվել. Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ազատ է արձակվել։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։

2021թ․ հուլիսի 14-ին ՀՀ վարչապետի հրամանով նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ, նույն թվականի օգոստոսի 19-ին ազատվել է պաշտոնից և վերանշանակվել ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար։

Հանդիպում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ

Հանդիպում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ

Այսօր ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ընդունեց Հայաստանում աշխատանքային այցով գտնվող Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին։ Հանդիպման ընթացքում ամփոփվեցին կատարված աշխատանքները, մտքեր փոխանակվեցին դրանց արդյունքների շուրջ։ Քննարկվեցին ահաբեկչության դեմ համատեղ պայքարի արդյունավետության բարձրացմանը, թմրանյութերի և հոգեմետ նյութերի անօրինական շրջանառության դեմ պայքարին վերաբերող հարցեր։ Քարտուղար Գրիգորյանը ներկայացրեց իրավիճակը հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում և ընգծեց Արցախյան հարցի բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու հրամայականը՝ կարևորելով դրանում ՀԱՊԿ դիրքորոշումը ու Հայաստանի հասարակության սպասելիքներն այդ կառույցից։ Քարտուղար Զասը մեկ անգամ ևս հաստատեց ՀԱՊԿ դիրքորոշումը առ այն, որ հակամարտության խաղաղ կարգավորմանը այլընտրանք չկա։ Քարտուղար Զասը ներկայացրեց ՀԱՊԿ շրջանակներում պլանավորվող և արդեն իրականացվող մի շարք ծրագրեր, այդ թվում՝ հակաահաբեկչական և զորավարժությունների նախապատրաստման։ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը առաջարկեց նաև դիտարկել ՀԱՊԿ պաշտոնական կայքի բարելավման հնարավորությունները՝ կայքի կառուցվածքում և հրապարակումներում ներառելով բոլոր անդամ պետությունների պաշտոնական լեզուները։ Հանդիպման ավարտից հետո ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի անունից տրվեց պաշտոնական ճաշ։
16:47 - 27 փետրվարի, 2020
Բանակում կարգուկանոնի ուժեղացումն ու քրեական ենթամշակույթի դեմ պայքարը թույլ կտան բացառել նման դեպքերը. ԱԽ քարտուղարը՝ ԶՈւ-ում տարեսկզբի մահվան դեպքերի մասին |tert.am|

Բանակում կարգուկանոնի ուժեղացումն ու քրեական ենթամշակույթի դեմ պայքարը թույլ կտան բացառել նման դեպքերը. ԱԽ քարտուղարը՝ ԶՈւ-ում տարեսկզբի մահվան դեպքերի մասին |tert.am|

tert.am: Բանակում նման դեպքերի բացառման և զգալի արդյունքի հասնելու համար պետք է երկու ուղղությամբ աշխատել՝ ուժեղացնել բանակի կարգուկանոնն ու պայքարել քրեական ենթամշակույթի դեմ: Այս մասին Հանրային ՀԸ եթերում հայտարարել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով բանակում տարեսկզբին զինվորների մահվան դեպքերին: «Հայ ժողովուրդը յուրահատուկ վերաբերմունք ունի բանակի նկատմամբ և ցանկացած պաշտոնյա հասկանում է, որ բանակում տեղի ունեցած իրադարձություններն ավելի զգայուն են ընդունվում, որովհետև մենք ունենք անվտանգության հանդեպ ավելի զգայուն մոտեցումներ»,-նշել է Գրիգորյանը: Անդրադառնալով ՀՀ վարչապետի մոտ անցկացված խորհրդակցությանը՝ Գրիգորյանն ասել է, թե դրա նպատակը բանակի խորքային խնդիրները հասկանալն էր: «Առաջինը կարգուկանոնի ուժեղացումն է, որ թույլ կտա մինիմալի հասցնել կամ բացառել նման դեպքերը, մյուսը քրեական ենթամշակույթն է, որն ազդում է նման երևույթների վրա»,-ասել է Գրիգորյանը՝ նշելով, որ ինչքան էլ բանակում ուժեղացնեն կարգուկանոնը, եթե քրեական ենթամշակույթի դեմ պայքար չլինի, արդյունքներն էլ զգալի չեն լինի: Հարցին՝ դեպքերի համար կա՞ն կոնկրետ պատասխանատուներ, թե՞ պատճառը միայն քրեական ենթամշակույթն է, ԱԽ քարտուղարը պատասխանել է, որ միայն քրեական մշակույթը մեղավոր դիտարկելով՝ որևէ լուծում չենք գտնի: «Կան նաև կադրային որոշումներ, որոնք ցույց են տալիս, որ պատասխանատուներ կան նման իրավիճակի համար: Կա քրեական ենթամշակույթ, բայց և կա անհատների պատասխանատվության խնդիր»,-ասել է նա: Վերջինս կարևորել է նաև բանակի ընդհանուր բարեփոխման տրամաբանությունը՝ նշելով, որ քրեական ենթամշակույթ ասելով՝ կարևոր դեր է տրվում Ռազմական ոստիկանությանը: Նյութն ամբողջությամբ՝ այստեղ։ 
21:37 - 18 փետրվարի, 2020
Վարչապետի մոտ Զինված ուժերում մահվան դեպքերի հետ կապված տեղի է ունեցել խորհրդակցություն

Վարչապետի մոտ Զինված ուժերում մահվան դեպքերի հետ կապված տեղի է ունեցել խորհրդակցություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը, Զինված ուժերի և իրավապահ մարմինների բարձրաստիճան այլ ներկայացուցիչներ: Մանրամասն անդրադարձ է կատարվել վերջին շրջանում Զինված ուժերում տեղի ունեցած մահվան դեպքերի հանգամանքներին և պատճառներին: Պատասխանատուները զեկուցել են հարուցված քրեական գործերի ընթացքի մասին: Վարչապետ Փաշինյանն առաջնային է համարել ԶՈՒ-ում քրեական ենթամշակույթի և կարգապահության հետ կապված առկա խնդիրների լուծումը և ընդգծել կարգապահության մակարդակի շեշտակի բարձրացման ուղղությամբ հետևողական միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը՝ պատասխանատուներին տալով համապատասխան հանձնարարականներ:
17:04 - 17 փետրվարի, 2020
Միջազգային կառույցների արձագանքների մեջ, մեծ հաշվով, որևիցե խնդիր չեմ տեսնում. Արմեն Գրիգորյանը՝ Վենետիկի հանձնաժողովի նախագահի հայտարարության մասին |tert.am|

Միջազգային կառույցների արձագանքների մեջ, մեծ հաշվով, որևիցե խնդիր չեմ տեսնում. Արմեն Գրիգորյանը՝ Վենետիկի հանձնաժողովի նախագահի հայտարարության մասին |tert.am|

tert.am: Միջազգային հանրության կողմից արձագանքների մեջ, մեծ հաշվով, որևիցե խնդիր չեմ տեսնում: Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով Վենետիկի հանձնաժողովի ղեկավար Ջիանի Բուքիքիոյի՝ Սահմանադրական դատարանի շուրջ գործընթացների մասին արված հայտարարությանը: «Ես կարծում եմ, որ ընդհանուր միջազգային կառույցների արձագանքի տեսանկյունից այդ հայտարարությունը պետք է ընդհանուր կոնտեքստի մեջ նայել, և ես միջազգային կառույցների կողմից արված հայտարարությունների մեջ լուրջ խնդիրներ չեմ տեսնում: Հայաստանի ժողովրդավարացման գործընթացը շարունակվելու է, այդտեղ մենք որևէ հարցում հետընթաց չենք ունենալու, և ժողովրդավարության կառուցման մեջ առաջին հերթին հետաքրքրված ենք մենք և մեր ժողովուրդը: Ես համոզված եմ, որ բոլոր այն խնդիրները, որոնք գոյություն ունեն ժողովրդավարացման պրոցեսում, մենք առաջնահերթությունը տալու ենք ներքին քաղաքականությանը և ներքին պահանջին»,-ասաց Գրիգորյանը՝ ընդգծելով, որ աշխատելու են նաև միջազգային հանրության հետ:
10:04 - 06 փետրվարի, 2020
Գրիգորյանը կարծում է՝ գործադիրն ու օրենսդիրը ՍԴ ճգնաժամը լուծելու քայլեր կձեռնարկեն |azatutyun.am|

Գրիգորյանը կարծում է՝ գործադիրն ու օրենսդիրը ՍԴ ճգնաժամը լուծելու քայլեր կձեռնարկեն |azatutyun.am|

azatutyun.am։ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կարծում է՝ և՛ գործադիրը, և՛ օրենսդիրը համատեղ քայլեր կձեռնարկեն՝ ՍԴ-ի շուրջ ստեղծված ճգնաժամը լուծելու համար: Հարցին, թե վարչապետը երեկ հայտարարեց, որ ՍԴ նախագահի պաշտոնում Հրայր Թովմասյանը կեղծիքներով է ընտրվել, առաջացած ճգնաժամի լուծման ի՞նչ քայլեր են ձեռնարկելու իշխանությունները, Արմեն Գրիգորյանը պատասխանեց. - «Իրավիճակին լուծում տալու ցանկացած քայլի մասին տեղյակ կպահեն, քննարկումներ ընթանում են, գիտեք, որ քայլեր արդեն եղել են, վաղ կենսաթոշակի մասին օրենքը և նաև Ազգային ժողովի կողմից ձեռնարկված քայլերը նպատակ ունեին ճգնաժամը լուծել, բայց քանի դեռ լուծում չի ստացել, շարունակելու են քայլեր ձեռնարկել»: ԱԽ քարտուղարը սահմանադրական բարեփոխումները ճգնաժամի լուծման մի ճանապարհն է համարում:
09:36 - 28 հունվարի, 2020
Հրայր Թովմասյանը «գերի է վերցրել» այդ ինստիտուտը. Արմեն Գրիգորյան |armtimes.com|

Հրայր Թովմասյանը «գերի է վերցրել» այդ ինստիտուտը. Արմեն Գրիգորյան |armtimes.com|

armtimes.com:  ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ զրույցում, ասաց, որ «որոշ ուժեր» չարաշահում են ժողովրդավարության հնարավորությունը եւ հասարակության մեջ պառակտումներ ստեղծում: «Հիմնականում արտախորհրդարանական ուժերը ֆեյք հաշիվների եւ ոչ հրապարակային հանդես գալու միջոցով չարաշահում են ժողովրդավարական հնարավորությունները»,- ասաց Գրիգորյանը: Հարցին՝ ո՞ր ուժերի մասին է խոսքը՝ ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի, Գրիգորյանը պատասխանեց. «Դժվար է հաճախ իմանալ, թե այդ ֆեյք հաշիվների հետեւում ովքեր են կանգնած, որովհետեւ տվյալների մասով սահմանափակումներ կան, հաճախ «Ֆեյսբուք»-ը չի տրամադրում»: Անդրադառնալով Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամին՝ ԱԽ քարտուղարն ասաց, որ Հրայր Թովմասյանը «գերի է վերցրել» այդ ինստիտուտը եւ չի թողնում, որպեսզի հնարավորություն լինի ազատ ժողովրդավարական պայմաններում առաջ գնալ: «Սահմանադրական փոփոխությունների ժամանակ Հրայր Թովմասյանն ասում էր, որ իրենք փոփոխություն են կատարում՝ երկիրը ժողովրդավարացնելու նպատակով եւ վերարտադրության խնդիր դրված չէ: Հետագա ընթացքը ցույց տվեց, որ այս Սահմանադրությունը գրված է վերարտադրության համար եւ այդ վերարտադրության շրջանակներում Հրայր Թովմասյանն ստացել է իր մասնաբաժինը: Սերժ Սարգսյանը, վարչապետ առաջադրվելով, ստեղծեց երկրում ճգնաժամ, որի արդյունքը եղավ նաեւ հեղափոխությունը»,- ասաց Գրիգորյանը:  
11:10 - 14 նոյեմբերի, 2019
Ժողովրդավարությունը պաշտպանության կարիք ունի. Արմեն Գրիգորյան |civilnet.am|

Ժողովրդավարությունը պաշտպանության կարիք ունի. Արմեն Գրիգորյան |civilnet.am|

civilnet.am: Աշխարհի մի շարք երկրներում ժողովրդավարությունն անկում է ապրել, քանի որ ժողովրդավարական ուժերը բավարար ջանք չեն գործադրել ժողովրդավարությունը պաշտպանելու համար: Հակաժողովրդավարական ուժերը ժողովրդավարությանը տրված հնարավորություններն օգտագործել են հակաժողովրդավարական արժեքներ տարածելու, հանրային համերաշխությունը խաթարելու, իսկ այնուհետև ավտորիտար կամ տոտալիտար համակարգ ստեղծելու համար։ Հակաժողովրդավարական ուժերը լուրջ մարտահրավեր են ոչ միայն սահմանադրական կարգի, այլ նաև անվտանգության համակարգի համար։ Պատմությանը հայտնի են ժողովրդավարության մի շարք անկումներ։ Դրա ցայտուն օրինակ է Վայմարյան հանրապետության անկումը և Հիտլերի իշխանության գալը։ Քաղաքական այս գործընթացը վառ օրինակ է, թե ինչպես հակաժողովրդավարական ուժերը, չարաշահելով ժողովրդավարական ինստիտուտները, կարողացան վախեր սերմանել հասարակության մեջ և, օգտագործելով այդ վախերը, տապալել երկրի սահմանադրական կարգը։ Վայմարյան հանրապետության անկումը հուշում է, թե ինչու պետք է կանխել հակաժողովրդավարական ցանկացած գործողություն հենց իր ակունքներում։ Գերմանիայի սահմանադրական դատարանն իր պատմության այդ էջից քաղած դասերից եկել է եզրահանգման, որ պետական իշխանության գործադիր, օրենսդիր և դատական ճյուղերն ունեն բավարար իշխանություն և պարտավորություն պաշտպանելու ժողովրդավարությունը այն խմբերից, որոնք ցանկանում են վերացնել այն։ Այս մոտեցման հիմքում ընկած է այն գաղափարը, որ չի կարելի թույլ տալ, որ հակաժողովրդավարական ուժերը, օգտագործելով ժողովրդավարական կանոնները, ստեղծեն ավտորիտար կամ տոտալիտար հասարակարգ ՝ դրանով իսկ խախտելով սահմանադրական կարգը։ Սա ոչ միայն անցումային փուլում գտնվող, այլ նաև կայուն ժողովրդավարություններին անհրաժեշտ քաղաքական և իրավական դոկտրին է, որը հայտնի է թարգմանաբար «մարտունակ ժողովրդավարություն» անվամբ (militant democracy): Կարծիքի, խոսքի, գաղափարների քարոզչության ազատությունը, որը վիրավորում է մարդու արժանապատվությունը, ինչն անօտարելի իրավունք է կամ միտում ունի պարբերաբար վերածվելու ֆիզիկական բռնության ակտի, ողջամտորեն կարող է ենթարկվել որոշակի սահմանափակումների՝ այլ անձանց հիմնարար իրավունքները պաշտպանելու նպատակով։ Օրինակ՝ ժողովրդավարական երկրներում ահաբեկչության քարոզն արգելված է, որովհետև այն ոչ միայն պառակտում է հասարակությունը և երկարաժամկետ վտանգ ներկայացնում մարդկանց կյանքին, այլ նաև սպառնալիք է ժողովրդավարական ինստիտուտներին։ Հայաստանում որոշ մեդիաներ, հաճախ չարաշահելով խոսքի ազատության իրավունքը, «ֆեյք նյուզ»՝ կեղծ լուրեր են տարածում։ Նրանք, թաքնվելով ազատ մամուլի ինստիտուտի հետևում, լուրջ մարտահրավեր են նետում ժողովրդավարական գործընթացներին, այլ ոչ թե խթանում հասարակական դիսկուրսը։ Ավելին՝ նրանք կեղծ լուրերի միջոցով փորձում են հասարակության մեջ պառակտում մտցնել։ Իհարկե, խոսքի ազատության սահմանը շատ նուրբ է։ Միշտ էլ կեղծ լուրեր տարածողների դեմ օրինական գործողությունները կարող են որակվել որպես ազատ խոսքի սահմանափակում, բայց կարևոր է, որ պետությունն անպաշտպան չթողնի իր քաղաքացիներին «ֆեյք նյուզի» դեմ և անվտանգության երաշխավոր հանդիսանա։ Նույն խնդիրը գոյություն ունի կուսակցությունների դեպքում։ Վերջերս Հայաստանում գրանցվում են կուսակցություններ, որոնք ծայրահեղական գաղափարախոսություն են տարածում։ Նման նախաձեռնությունների հետևում կանգնած խմբերը կուսակցությունը չեն դիտարկում որպես միջոց ընտրապայքարին մասնակցելու և քվեներ ստանալու համար։ Կուսակցությունն այդ խմբերի կողմից դիտարկվում է որպես միջոց ժողովրդավարական ինստիտուտները քայքայելու, հասարակության մեջ պառակտում մտցնելու և հանրային համերաշխությունը խաթարելու համար։ Նման իրավիճակներում ևս պետությունը գործ ունի անելու. պաշտպանել ժողովրդավարության արժեքները և ինստիտուտները։ Վայմարյան հանրապետության անկումը տեղի ունեցավ ծայրահեղ և ոչ ժողովրդավարական ուժերի անարգել գործունեության պատճառով, ինչի հետևանքով Գերմանիան մեծ ողբերգություն է ապրել։ Ժողովրդավարական ինստիտուտների չարաշահման մեկ այլ վառ օրինակ է Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամը։ Հրայր Թովմասյանը, որն ակտիվ մասնակցություն է ունեցել 2015 թվականի սահմանադրական փոփոխություններին և դրա դիմաց իր մասնաբաժին պաշտոնն է ստացել, այսօր, չարաշահելով ժողովրդավարության սկզբունքները, փորձում է շարունակել պաշտոնավարումը։ Բոլորի համար հստակ էր, որ Սահմանադրության փոփոխությունը վերարտադրության գործընթաց է, և Թովմասյանը մասնակցում էր այդ գործընթացին իր մասնաբաժինը ստանալու համար։ Եվ պատահական չէ, որ Սերժ Սարգսյանը վարչապետ դառնալուց առաջ Թովմասյանին վերադարձրեց պարտքը՝ վերջինիս նշանակելով ՍԴ անդամ, այնուհետև՝ նախագահ։ Թովմասյանը այսօր գերի է վերցրել այդ կառույցը և լուրջ խոչընդոտ դարձել Հայաստանի կայուն ժողովրդավարացման ճանապարհին։ Պատմությունը ցույց է տալիս, որ ժողովրդավարությունը պաշտպանության կարիք ունի, ու իշխանությունն ունի և՛ լիազորություններ, և՛ պարտավորություններ ժողովրդավարական արժեքները և ինստիտուտները պաշտպանելու համար։ Հասկանալի է, որ ժողովրդավարության պաշտպանության և ավտորիտար գործողությունների միջև նուրբ սահման կա: Այդ ուղով գնալը նման է ածելիի ծայրով քայլելու փորձին, սակայն այդ ուղով գնալը նաև անհրաժեշտ է ժողովրդավարության կայացման համար։ Արմեն Գրիգորյանը ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարն է
11:03 - 12 նոյեմբերի, 2019
Բալասանյանի հարցը իրավապահ մարմինների տիրույթում է, ԱԱԾ-ում գործը քննվում է․ Գրիգորյան․ |24news.am|

Բալասանյանի հարցը իրավապահ մարմինների տիրույթում է, ԱԱԾ-ում գործը քննվում է․ Գրիգորյան․ |24news.am|

24news.am։  ԱՆ անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի հարցը իրավապահ մարմինների տիրույթում է, գործը քննվում է ԱԱԾ-ում։ Կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Հարցին՝ Վիտալի Բալասանյանի՝ օրերս արած հայտարարությունում հանցակազմ տեսնո՞ւմ է, Արմեն Գրիգորյանը պատասխանեց․ «Իրավապահ մարմինները պետք է ճշտեն»։ Հիշեցնենք, որ օրերս Վիտալի Բալասանյանը, հարցազրույց էր տվել և հայտարարել․ «Նիկոլ Փաշինյանն ու այդ ահաբեկչական խմբավորումը (նկատի ունի՝ «Սասնա Ծռեր») մեկ ամբողջություն են, դա մեկ ահաբեկչական խմբավորում է. մեկը՝ զենքով, մյուսը գրիչով իշխանությունը բռնազավթել են: Ֆիզիկապես ոչնչացնելու ենք նրանց, ովքեր կփորձեն ոտնձգություն անել իմ, մեր ժողովրդի, մեր պետության, պետականության, սահմանների, Արցախի իշխանությունների նկատմամբ»: Լրագրողները անդրադարձան նաև Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի ֆեյսբուքյանը գրառմանը, համաձայն որի՝ «Վիտալի Բալասանյանն իրեն պահում է որպես խուլիգան, այլ ոչ թե Արցախի նախագահի թեկնածու», և հետաքրքրվել՝ ինչպե՞ս կարող էր նման բան գրել մի մարդու մասին, ում հետ հաց է կիսել։ «Եթե այսօր էլ ասելու լինեմ, նորից նույնը կասեմ, բայց այդ հարցը առաջինը իրեն պետք է տաք․ ինքն էլ վարչապետի հետ է հաց կիսել ու հետո հարցազրույց տվել։ Շատ կարևոր է կոնտեքստը։ Իսկ եթե դուք գտնում եք, որ ինքը սխալ է արել, ավելացնելու բան չունեմ»,-ասել է ԱԱԾ քարտուղարը։ Լրագրողները Արմեն Գրիգորյանին հիշեցրին ՀՅԴ նախկին անդամ Աղվան Վարդանյանի հարցազրույցը, որի ժամանակ վերջինս ասել էր, թե ժամանակը ջնջում է փոքրերին՝ նկատի ունենալով Արմեն Գրիգորյանին։ «Դա այն դաշնակն էր, չէ՞, ում քաղաքական գործունեությունը հեղափոխությունում է ընդհատվել, բնական է, որ այդպիսի կարծիք պետք է հրապարակի։ Վիտալի Բալասանյանի ավանդը Արցախյան պատերազմում չի էլ քննարկվում։ Վերջին հայտարարությունը պետք է քննարկվի քաղաքական կոնտեքստում։ Ես էլ հեղափոխության մեջ եթե ներդրում եմ ունեցել, չեմ կարծում, որ իրավունք ունեմ օրենք խախտելու։ Կեղծ լուր վերարտադրող քաղաքական գործիչ է։ Իսկ ինձ, դասալիք անվանելով, եթե նկատի ունի, որ չեմ ծառայել, ուզում եմ հիշեցնել՝ ծառայել եմ 2003-2005 թթ․ Պաշտպանության բանակում»,-ասաց նա։
12:04 - 10 հոկտեմբերի, 2019
Ես որևիցե զրույց չեմ ունեցել Հայկ Հարությունյանի ընտանիքի անդամների հետ. Արմեն Գրիգորյան

Ես որևիցե զրույց չեմ ունեցել Հայկ Հարությունյանի ընտանիքի անդամների հետ. Արմեն Գրիգորյան

Ես որևիցե զրույց չեմ ունեցել Հայկ Հարությունյանի ընտանիքի անդամների հետ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը` անդրադառնալով մամուլում շրջանառվող այն լուրերին, որ ինքը մերժել է նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի հարազատներին, որ հուղարկավորությունը տեղի ունենա ՀՀ բարձրաստիճան սպաների համար նախատեսված կարգի պահպանմամբ: «Այսօր մի շարք լրատվամիջոցներ լուր են տարածել, որ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի հարազատները զանգահարել են ինձ և խնդրել, որ Հայկ Հարությունյանի հուղարկավորությունը տեղի ունենա ՀՀ բարձրաստիճան սպաների համար նախատեսված կարգի պահպանմամբ։ Կեղծ լուրին չէի արձագանքի, եթե մարդկանց վշտի շահարկում չլիներ։ Լուրն ամբողջությամբ սուտ է։ Ես որևիցե զրույց չեմ ունեցել Հայկ Հարությունյանի ընտանիքի անդամների հետ։ Սուտը տարածողները տարրական հարգանք չունեն վշտի մեջ գտնվող մարդկանց հանդեպ ու կեղծ լուրեր են տարածում՝ շահարկելով մարդկանց վիշտը։ Ողբերգության շահարկումը ստոր և անմարդկային վերաբերմունք է, իսկ նման տեսակի կեղծ լուրի արտադրությունը և տիրաժավորումը բարոյական ցածր մակարդակի քայլ»,- գրել է նա։ Ավելի վաղ«Ժամանակ» թերթը գրել է. «Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի հարազատները զանգահարել են ԱԽՔ Արմեն Գրիգորյանին և խնդրել, որ Հայկ Հարությունյանի հուղարկավորությունը տեղի ունենա ՀՀ բարձրաստիճան սպաների համար նախատեսված կարգի պահպանմամբ։ Խնդրել են, որ գոնե երկու ժամով պատվո պահակախումբ լինի շիրիմի մոտ։
11:02 - 28 սեպտեմբերի, 2019
ՀՀ Ազգային անվտանգության նոր ռազմավարության մշակմանը կմասնակցեն նաև Արցախի փորձագետները |armenpress.am|

ՀՀ Ազգային անվտանգության նոր ռազմավարության մշակմանը կմասնակցեն նաև Արցախի փորձագետները |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի կողմից Ազգային անվտանգության նոր ռազմավարության մշակմանը կմասնակցեն նաև Արցախից հրավիրված փորձագետները: Այս մասին հուլիսի 26-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: «Անվտանգության միջավայրը միասնական է, և հաշվի առնելով այդ հանգամանքը, անհրաժեշտություն կա, որ համատեղ մտածենք այն բոլոր սպառնալիքների մասին, որոնք գոյություն ունեն, և մենք կարողանանք ֆիքսել այդ սպառնալիքները, և հասկանանք, թե ինչպես ենք կարողանալու քայլեր ձեռնարկել այդ սպառնալիքները չեզոքացնելու համար»,- ասաց Գրիգորյանը: Նա ասուլիսի ընթացքում նշել է, որ անհրաժեշտ է ձևավորել մի փաստաթուղթ, որը կլինի ճկուն և կարձագանքի մեր երկրում, տարածաշրջանում ու աշխարհում տեղի ունեցող զարգացումներին:
08:53 - 26 հուլիսի, 2019
Հայաստանը կունենա Ազգային անվտանգության նոր ռազմավարություն. ԱԽ քարտուղարը ելույթ է ունեցել Վիեննայում

Հայաստանը կունենա Ազգային անվտանգության նոր ռազմավարություն. ԱԽ քարտուղարը ելույթ է ունեցել Վիեննայում

Վիեննայում Ավստրիայի Զինված ուժերի Պաշտպանական ազգային ակադեմիայի կողմից կազմակերպված «Վիեննայի Ռազմավարական 4-րդ համաժողովի» շրջանակներում հունիսի 28-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդես է եկել բանախոսությամբ։ Ինչպես տեղեկացրեցին ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի ծառայությունից, Արմեն Գրիգորյանը նշել է, որ ներկայիս տեղեկատվական տեխնոլոգիաների դարաշրջանում անվտանգության մարտահրավերներն ստացել են նոր ձև ու բովանդակություն՝ հանդես գալով տեղեկատվական, հոգեբանական, տնտեսական և այլ տարատեսակ սպառնալիքների տեսքով: Նրա խոսքով, անվտանգության համակարգի վերոնշյալ տարրերի փոխներգործության, ինչպես նաև ազգային և գլոբալ համակարգերի միջև փոխկապվածության ճանաչողությունը ապահովելու համար կարևորվում է քաղաքական ղեկավարության դերը, որի ռազմավարական մտածողությունը պարտավոր է ապահովել անվտանգության ապահովմանն ուղղված քաղաքականություն:«Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո նոր իշխանությունը անվտանգության էությունը չի ընկալում զուտ ռազմական համատեքստում: Արդի անվտանգության հասկացությունը դիտարկվում է ընդլայնված համատեքստում, որի ապահովման գործում նշանակալից է Անվտանգության խորհրդի դերը: Այս մարմնի նշանակության առանձնահատկությունը նախևառաջ արտահայտված է նրա կազմով, ինչպես նաև՝ կոլեգիալ հիմունքներով գործունեություն իրականացնելով»,-ասել է Արմեն Գրիգորյանը:Նա ընդգծել է, որ ՀՀ Անվտանգության խորհուրդը, հանդես գալով որպես սահմանադրական մարմին, սահմանում է պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունները, դրանց վերաբերող հարցերով ընդունում է որոշումներ, այսպիսով հանդես գալով որպես պետության ռազմավարական քաղաքականության մշակող և համակարգող մարմին:«Այդ առումով, Անվտանգության խորհրդի համակարգող դերի ներքո մենք նախաձեռնել ենք Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության նոր ռազմավարության նախապատրաստման գործընթացը, որի բաղադրիչներից է անվտանգության ռազմավարական նպատակների և խնդիրների սահմանումը, քանի որ ռազմավարական նպատակներն այն ցանկալի արդյունքն են, որին ձգտում ենք հասնել, իսկ ռազմավարությունը՝ այն մեթոդներն ու ձևերն են, որոնք պետք է կիրառվեն նպատակներին հասնելու համար: Ազգային անվտանգության ռազմավարության մշակման գործընթացում առանցքային է անվտանգության միջավայրի գնահատումը: Այս առումով Կովկասի աշխարհաքաղաքական դերն իսկապես եզակի է: Շնորհիվ իր աշխարհագրական դիրքի, Կովկասյան տարածաշրջանը մի կամուրջ է, որ կապում է Սև ծովը Կասպից ծովին, համակցում Հյուսիսը և Հարավը, Արևմուտքն ու Արևելքը։ Հարավային Կովկասի աշխարհաքաղաքականությունը դրսևորվում է ոչ միայն աշխարհափիլիսոփայական հարթությունների համատեքստում, այլև քաղաքակրթային համադրության դաշտում: Այդ պատճառով այսօր Կովկասը գերտերությունների շահերի կենտրոնն է և գտնվում է դրանց միջև հարաբերությունների կիզակետում»,-ասել է նա։Նշվածի համատեքստում, հաշվի առնելով մեծ տերությունների բազմակողմանի մրցակցությունը, Արմեն Գրիգորյանի խոսքով, տարածաշրջանի ուժերի աշխարհաքաղաքականությունը, Հարավային Կովկասի երկրների միջև ուժերի հարաբերակցությունը և բառացիորեն գտնվելով ընթացող «Նոր մեծ խաղ»-ի կենտրոնում և կազմելով դրա մի մասը, սրան գումարած նաև էթնիկական, մշակութային, աշխարհագրական և այլ տարբերություններն ու տարաձայնությունները տարածաշրջանի փոքր ու մեծ երկրների միջև, Հարավային Կովկասի տարածաշրջանի երկրների քաղաքականությունը ձևավորվում է մի կարևոր հասկացության շուրջ, այն է՝ ազգային շահը, որը հաճախ ինքն իսկ անվտանգությունն է: Եվ հենց այս համատեքստում է կարևոր դառնում ռազմավարական մտածողությունը։ Հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարում, Արմեն Գրիգորյանի խոսքով, հատուկ կարևորվում է միջազգային համագործակցությունը: Հայաստանն, ունենալով ռազմավարական դաշնակցային կապեր Ռուսաստանի հետ և կազմելով Եվրասիական միության մաս, 2017 թ․ Եվրամիության հետ ստորագրեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր, այդպիսով կապող օղակ հանդիսանալով Արևմուտքի և Արևելքի միջև։ Այս համատեքստում է նաև Հայաստանի ռազմաքաղաքական համագործակցությունը ՆԱՏՕ-ի շրջանակերում՝ լինելով ՀԱՊԿ-ի անդամ։«Տարբեր ոլորտներում վերջին գիտական առաջընթացները նույնպես ունեն անվտանգության ներգործության հստակ ներուժ: Համացանցը և թվայնացումը նոր հարթություն են ստեղծել անվտանգության և կիբեր պատերազմների ոլորտում: Կիբեր սպառնալիքները ժամանակակից աշխարհի հայելին են, արտացոլելով նրա միջազգայնությունը, բարդությունը և արդիականությունը: Կիբեր ոլորտի զարգացման արդյունքում անվտանգության ապահովման խնդիրը ավելի բարդ, ավելի ընդլայնվածված ու ապակառուցողական է դառնում: Կիբերտարածության անվտանգության ապահովման դժվարությունները կայանում են գործող անձի ցանկացած վայրից գործելու հնարավորության մեջ, ինչը բարդ կիբեր ցանցում մեծացնում է խոցելիությունը՝ առաջացնելով լուրջ հետևանքներ։ Այս համատեքստում հարկ եմ համարում նշել նաև, որ ընթացքի մեջ է գտնվում ՀՀ-ի Կիբերանվտանգության հայեցակարգի նախագծի պատրաստումը, որը մշակվում է նույն տրամաբանությամբ՝ ինչ Ազգային անվտանգության ռազմավարությունը»,-ասել է նա՝ հավելելով, որ այսօր անվտանգության ապահովմանն ուղղված ռազմավարական մտածելակերպը չի սահմանափակվում միայն նեղ ռազմական ոլորտով: Ներկա պայմաններում ազգային անվտանգության ապահովումն իրենից ներկայացնում է բավական բարդ, բազմամակարդակ և բազմաշերտ խնդիր, որը պահանջում է ներպետական և միջազգային մակարդակով մասնագիտական մոտեցում՝ բազմագործոնային և բազմաշերտային այդ համալիր հիմնահարցերի բոլոր կողմերի ճշգրիտ հաշվառմամբ:
11:21 - 28 հունիսի, 2019
Հանդիպել են ՀՀ եւ ՌԴ Անվտանգության խորհուրդների քարտուղարները

Հանդիպել են ՀՀ եւ ՌԴ Անվտանգության խորհուրդների քարտուղարները

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը այսօր՝ հունիսի 18-ին, Ռուսաստանի Դաշնության Ուֆա քաղաքում «Անվտանգության հարցերը համակարգող բարձրաստիճան ներկայացուցիչների ամենամյա տասներորդ հանդիպման» շրջանակներում աշխատանքային հանդիպում է ունեցել ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի գրասենյակից։ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը կարեւորել է Հայաստան-Ռուսաստան դաշնակցային հարաբերությունների դինամիկ զարգացումը՝ միաժամանակ ներկայացնելով Հայաստանում իրականացվող տնտեսական բարեփոխումները, որոնց արդյունքում այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանում գրանցվել է ՀՆԱ-ի 7.1% աճ, իսկ ապրիլի տնտեսական ակտիվության ինդեքսը կազմել է 9.2%: Քարտուղար Գրիգորյանը ընդգծել է հայ-ռուսական հարաբերությունների զարգացման գործում Հայաստանում բնակվող ռուսական համայնքի եւ Ռուսաստանում բնակվող հայ համայնքի դերակատարությունը։Հանդիպման ընթացքում ՌԴ ԱԽ քարտուղար Ն. Պատրուշեւը կարեւորել է ՀԱՊԿ, ԵԱՏՄ ինչպես նաեւ երկկողմ շրջանակներում Հայաստանի Հանրապետության ու Ռուսաստանի Դաշնության ռազմավարական հարաբերությունները։Ն․ Պատրուշեւը եւս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել Հայաստանին, Սիրիական ճգնաժամից տուժածներին մարդասիրական աջակցություն ցուցաբերելու համար։Կողմերը ընդգծել են Ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման այլընտրանքի բացակայությունը։Քննարկվել է ԱԽ գրասենյակների միջեւ կնքված երկկողմ համագործակցության պլանի կատարողականը, պայմանավորվածություն ձեռք բերվել հաջորդ երկկողմ հանդիպումն անցկացնել սույն թվականի օգոստոսին Երեւանում։
06:06 - 19 հունիսի, 2019