Էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված ոլորտներում մշակում է տնտեսական քաղաքականությունը, ապահովում դրա իրականացնումը եւ արդյունքների գնահատումը։

Էկոնոմիկայի նախարարն է Վահան Քերոբյանը, տեղակալներն են Ավագ Ավանեսյանը, Տիգրան Գաբրիելյանը, Նաիրա Մարգարյանը, Վարոս Սիմոնյանը, Արման Խոջոյանը։

ՀՀ-ում արդեն գործում է շուրջ 70 սպանդանոց․ Տիգրան Գաբրիելյանը հանդիպել է մի շարք սպանդանոցների սեփականատերերի հետ

ՀՀ-ում արդեն գործում է շուրջ 70 սպանդանոց․ Տիգրան Գաբրիելյանը հանդիպել է մի շարք սպանդանոցների սեփականատերերի հետ

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը կազմակերպել է հանդիպում հանրապետությունում գործող մի շարք սպանդանոցների սեփականատերերի հետ` ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները քննարկելու նպատակով։ Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ ԿԵ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալներ Նարեկ Հայրապետյանն ու Արթուր Շատվորյանը։ Հանդիպման քննարկման օրակարգում էին տարբեր մարզերում սպանդանոցների տեղաբաշխվածությանը, սպանդանոցային մորթի արդյունավետ կազմակերպմանն ու սանիտարահիգիենիկ պայմանների ապահովմանը, ինչպես նաև պատկան մարմինների կողմից սպանդանոցների գործունեության վերահսկմանն առնչվող մի շարք հարցեր։ Տիգրան Գաբրիելյանն իր խոսքում կարևորել է հանրապետությունում նոր սպանդանոցների կառուցումը և դրանց ժամանակակից սարքավորումներով հագեցումը, ինչը թույլ կտա բակային մորթից սահուն անցում կատարել դեպի սպանդանոցային մորթ և դրանով իսկ ապահովել սպառողներին անվտանգ ու որակյալ մսով ու մսամթերքով։ Փոխնախարարը նաև ընդգծել է, որ պետությունը պատրաստ է ուսումնասիրել յուրաքանչյուր առաջարկ, որն ուղղված կլինի ոլորտում արտադրող-սպանդանոց-իրացնող հարաբերության կայացմանն ու ամրապնդմանը։ Սպանդանոցների սեփականատերերն, իրենց հերթին, համակարծիք էին, որ անհրաժեշտ է ուժեղացնել պարտադիր սպանդանոցային մորթի վերահսկողությունը։ Նարեկ Հայրապետյանը հանդիպման մասնակիցներին տեղեկացրել է, որ ներկայումս հանրապետությունում գործում է շուրջ 70 սպանդանոց և նշել, որ տեսչական մարմնի մարզային տեսուչները խստորեն վերահսկում են մսի իրացման շուկաները։ Նա հավլել է, որ ՍԱՏՄ ներկայացուցիչները նախատեսում են ստուգայցեր իրականացնել հանրապետության բոլոր մարզերում։ Ամփոփելով մսի իրացման շուրջ քննարկումը՝ Տիգրան Գաբրիելյանը նշել է, որ հիմնական խոչընդոտերից է նաև մսի վաճառքի գործընթացում իրացման կետերի՝ տարբեր հարկային դաշտերում գործելու հանգամանքը, որի շուրջ հավելյալ քննարկումներ կնախաձեռնվեն՝ լրացնելու բացը։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ոլորտում մսի մթերման գործընթացի պատշաճ կազմակերպմանը և մորթի իրականացման ընթացքում բոլոր անհրաժեշտ սանիտարահիգիենիկ պահանջների պահպանմանը, սպանդանոցային ծագման մսի և մսեղիքի իրացմանը, իրացնողների շրջանակի ընդլայնմանը։ Քննարկվել են նաև սպանդանոցների կառուցման համար սահմանված  հատուկ չափորոշիչները և սպանդանոցաշինության ոլորտում կիրառվող պետական աջակցության գործիքակազմը։
13:13 - 17 սեպտեմբերի, 2020
Էկոնոմիկայի նախարարությունը խաղողի մթերման հարցերում առաջիկայում ավելի ուշադիր է լինելու |armenpress.am|

Էկոնոմիկայի նախարարությունը խաղողի մթերման հարցերում առաջիկայում ավելի ուշադիր է լինելու |armenpress.am|

armenpress.am: Գյուղացիների շահերը պաշտպանելու նպատակով ամենօրյա ռեժիմով խմբեր են շրջում խաղող մթերող կազմակերպություններում. էկոնոմիկայի նախարարությունը առաջիկայում ավելի ուշադիր է լինելու այս հարցում:  Այս մասին ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանի դիտարկմանը: Պատգամավորը նկատեց, որ խաղողագործներն անընդհատ բողոքի ակցիաներ են կազմակերպում, քանի որ խաղողի գինը, որը նախատեսվել էր, որ 135 դրամից չպետք է իջնի, գործարանատերերը իջեցրել են 100 դրամ: Բաքոյանը խնդրեց հետևողական լինել այս հարցում: «Մինչև այսօր ամենօրյա ռեժիմով բոլոր մթերող կազմակերպություններում ունենք միջգերատեսչական հանձնաժողովի ձևավորված կազմից մշտական խմբեր, որոնք շրջում են, գտնվում այդ կազմակերպությունների տարածքում՝ հատկապես գյուղացիների շահերը պաշտպանելու նպատակով, որպեսզի կշեռքները գործեն նորմալ, գրանցումները կատարվեն ժամանակին, կազմակերպություններն աշխատեն բոլոր ժամերին և հերթեր չգոյացնեն: Եվ ունեցել ենք տպավորություն, որ առաջացած խնդիրները ժամանակին օպերատիվ լուծում են ստացել»,-ասաց նախարարը: Նրա խոսքով՝ այն կազմակերպությունները, որոնք 100 դրամի վերաբերյալ լուրեր են տարածել, թյուրիմացություն է, չի կարող այդպիսի բան լինել: Այնուամենայնիվ, նախարարությունն ավելի հետևողական է լինելու, ուշադիր, որ նման շահարկումներ չլինեն: «Մեզ հայտնի ամենացածր գինը եղել է 135 դրամը, եղել է ավելի հաճախ հանդիպող գին՝ 140-145 դրամ, որոշ դեպքերում մթերումները կատարվում են 150-155 դրամով»,-ասաց նախարարն ու հավաստիացրեց, որ  առաջիկա օրերին շատ ավելի ուշադիր են լինելու:
21:41 - 16 սեպտեմբերի, 2020
Տեղի է ունեցել Հայաստան-ԱՄՆ առևտրի և ներդրումների հարցերով խորհրդի երրորդ նիստը

Տեղի է ունեցել Հայաստան-ԱՄՆ առևտրի և ներդրումների հարցերով խորհրդի երրորդ նիստը

Սեպտեմբերի 15-ին կայացել է Հայաստան-ԱՄՆ առևտրի և ներդրումների համատեղ խորհրդի երրորդ առցանց նիստը: Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Նիստի ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության և ԱՄՆ միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացվող հարցեր աշխատանքի, առևտրի տեխնիկական խոչընդոտների, ԱՄՆ-ի կողմից Հայաստանին տրամադրվող Արտոնությունների ընդհանրացված համակարգ (GSP) ծրագրի, ԱՄՆ ներմուծման սանիտարական և բուսասանիտարական պահանջների, ԱՀԿ շրջանակներում ընթացող բանակցությունների, առևտրային դիվանագիտության ոլորտում համագործակցության, ինչպես նաև COVID-19-ի առնչությամբ ոլորտային համագործակցության հնարավոր ուղղությունների և այլնի վերաբերյալ։ Հայաստան-ԱՄՆ առևտրի և ներդրումների հարցերով խորհրդի երրորդ նիստը հայկական կողմից նախագահել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը, իսկ ամերիկյան կողմից՝ ԱՄՆ առևտրի ներկայացուցչի տեղակալ Դենիել Մուլանին։ Խորհրդի նիստի աշխատանքներին մասնակցել են ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանը և Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան   Լին Թրեյսին։ Հայկական կողմից նիստին մասնակցել են նաև ՀՀ կառավարության, Կենտրոնական բանկի, Էկոնոմիկայի, Արտաքին գործերի,  Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների և Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի պատասխանատու աշխատակիցները:
10:34 - 16 սեպտեմբերի, 2020
Պետությունը գյուղացուն թողել է իր խնդրի հետ մենակ, մինչդեռ պարտավոր էր միջամտել, երբ շուկան ձախողվում էր. Արթուր Խաչատրյանը՝ խաղողի մթերման գնային քաղաքականության մասին |tert.am|

Պետությունը գյուղացուն թողել է իր խնդրի հետ մենակ, մինչդեռ պարտավոր էր միջամտել, երբ շուկան ձախողվում էր. Արթուր Խաչատրյանը՝ խաղողի մթերման գնային քաղաքականության մասին |tert.am|

tert.am: Այս տարի խաղողի մթերման գինը նվազել է՝ 135 դրամ. բողոքում են խաղողագործները։ Ասում են՝ նախորդ տարիներին հասել է 200 դրամի և  ավելիի։ Խոսելով խաղողի մթերման գնային պայմանների մասին՝ խաղողագործների միության նախագահ Արտակ Սարգսյան նշում է՝ խաղողի ինքնարժեքով վաճառքը նույնն է՝ ինչ չվաճառելը։ Տնտեսվարողների կողմից գնի իջեցումը բացատրվում է համավարակային ճգնաժամով, սակայն խաղողագործների միության նախագահի խոսքով՝ նրանք տարվա ընթացքում գերշահույթ են ունենում, ստացվում է խաղողագործն է մենակ տուժում։ Ի պատասխան՝ Արմավիրի մարզպետի տեղակալ  Կարեն Գրիգորյանի այն հայտարարությանը, որը նա արել էր խաղողագործների հետ հանդիպման ժամանակ, թե խաղողի մթերման գնային քաղաքականությունը արտադրամասերն են որոշում, և այդ մասով իրենք չենք կարող որեւէ բան անել, Արտակ Սարգսյանը հակառակն է պնդում․ «Եթե  ժողովրդի քվեով է կառավարությունը ընտրվել, այդ դեպքում ժողովրդի մասին ո՞վ պետք է մտածի, սա ո՛չ տեղին և ո՛չ արժանի պատասխան է»։ Արտակ Սարգսյանի կարծիքով՝ փոխմարզպետի և խաղողագործների հանդիպումը արդյունք չի տվել, միևնույն է՝ սայլը տեղից չի շարժվում․ Իսկ գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանը կարծում է, որ խաղողագործների խնդիրը արմատական լուծում է պահանջում՝ ինչպես դա արվեց հարևան Վրաստանում․ «Վրաստանում կան հզոր կառույցներ, պետությունն իր ծախսերով ուսումնասիրում է սեփական խաղողի գինու պոտենցյալը, խորհուրդ է տալիս սեփական գյուղացիներին, մենք ի՞նչ ենք արել, մենք ուղղակի թողել ենք գյուղացուն իր խնդրի հետ  մենակ»։ Շարունակությունը՝ tert.am-ում
23:04 - 15 սեպտեմբերի, 2020
Զբոսաշրջության ոլորտում 813 կազմակերպություն ստացել է 420 միլիոն դրամի աջակցություն |armenpress.am|

Զբոսաշրջության ոլորտում 813 կազմակերպություն ստացել է 420 միլիոն դրամի աջակցություն |armenpress.am|

armenpress.am: Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառման նպատակն է զբոսաշրջության ոլորտի կազմակերպություններին ստեղծված իրավիճակում գործունեության շարունակականությանը և աշխատատեղերի պահպանմանը նպաստելը: Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ամռան ամիսներին զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների հետ իրավիճակը քննարկելով՝ եկել էին այն եզրակացության, որ պետք է այնպիսի աջակցություն տրամադրել, որը թույլ կտա կազմակերպություններին աշխատակիցներին պահել մինչև հաջորդ տարվա գարուն: «Այդ պատճառով Կառավարությունը կայացրեց չափազանց կարևոր որոշում և հայտարարեց, որ եթե մինչև եկող տարվա գարուն իրավիճակը շատ կտրուկ չլավանա, ապա բոլոր ամիսների ընթացքում այդ կազմակերպությունները իրենց պահած աշխատակազմի 1/3 կամ1/4  մասով կստանան դրամաշնորհային աջակցություն»,- ասաց Խաչատրյանը: Նախարարը ներկայացրեց աջակցություն ստացող կազմակերպությունների չափորոշիչները: «Կազմակերպությունը պետք է ստեղծված լինի մինչև  2020 թվականի մարտի 31-ը ներառյալ,   պետք է ունենա առնվազն երեք աշխատակից և եկամուտների հիմնական մասը (մոտ 70 տոկոսը) ստացած լինի խոցված ոլորտներից` կամ հյուրանոցային ծառայություն կամ հանրային սննդի ոլորտում մատուցած ծառայություններից, կամ զբոսաշրջային գործունեությունից»: Խաչատրյանը հայտնեց, որ 1250  կազմակերպություններ բավարարում են այդ չափորոշիչներին և ստացել են Կառավարությունից ծանուցում, որ իրենք կարող են դիմել Կառավարություն դրամաշնորհային աջակցությունից օգտվելու համար: «Այսօրվա դրությամբ ստացել ենք 813 կազմակերպություններից դիմում և արդեն իսկ փոխանցված է 420 միլիոն դրամ դրամաշնորհ: Ընդհանուր ամսական աջակցության չափը, եթե բոլոր կազմակերպությունները օգտվեն իրենց իրավունքից, կարող է կազմել 650 միլիոն դրամ»,- եզրափակեց Խաչատրյանը:
16:22 - 15 սեպտեմբերի, 2020
Կառավարությունը խթանում է ինտենսիվ այգիների հիմնումը․ ինչ ազդեցություն կունենա նոր ծրագիրը |armtimes.com|

Կառավարությունը խթանում է ինտենսիվ այգիների հիմնումը․ ինչ ազդեցություն կունենա նոր ծրագիրը |armtimes.com|

armtimes.com: ՀՀ Կառավարությունը ցանկանում է խթանել ինտենսիվ այգեգործությունը՝ դրանց հիմնման համար օժանդակություն տրամադրելով։ Այդ պատճառով էկոնոմիկայի նախարարությունը քննարկման է ներկայացրել ՀՀ-ում այգեգործության զարգացման 2020-2023 թթ. ծրագիրը։ Նախագծի նպատակն է պետական աջակցության մեխանիզմների, մասնավորապես՝ մատչելի վարկավորման եւ ծախսերի մասնակի փոխհատուցման միջոցով ինտենսիվ այգեգործության, ինչպես նաեւ ոռոգման արդիական համակարգերի եւ կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար նպաստավոր պայմաններ ստեղծելը։ Խոսքը հիմնականում վերաբերում է խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների եւ հատապտղանոցների հիմնմանը։ Ծրագրով նախարարությունը շահառուին օժանդակելու 3 տարբերակ է առաջարկում, որոնցից մեկը կարող է նա ընտրել՝ 0.5-30 հա այգեհիմնման (ներառյալ առաջին տարվա խնամքի ծախսերը) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորում, 0.5-30 հա ոռոգման արդիական համակարգերի եւ/կամ 0.5-10 հա կարկտապաշտպան ցանցերի ներդրման նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորում, 0.5-10 հա այգեհիմնման, 0.5-10 հա կարկտապաշտպան ցանցերի եւ 0.5-10 հա ոռոգման արդիական համակարգերի ներդրման նպատակով կատարված ծախսերի (այգեհիմնման դեպքում՝ առանց առաջին տարվա խնամքի ծախսերի) մասնակի փոխհատուցում: Ծրագրի շրջանակում շահառուի կողմից կատարված ծախսերի ռիսկը կրում է շահառուն։ Նախարարությունը ծրագրի իրականացումից ակնկալում է հետեւյալ արդյունքները. ցածր բերքատու ավանդական այգիների փոխարեն բարձր բերքատու այգիների հիմնում, այգեգործության ոլորտի ներդրումային գրավչության բարձրացում, մրցունակ, տարբեր սեզոնային արտադրության, երկարաժամկետ պահպանվող, որակական եւ համային բարձր հատկանիշներով օժտված պտղի եւ հատապտղի արտադրություն, ծրագրի մասնակից տնտեսավարողների եկամուտների ավելացում, վճարունակության բարձրացում, ոռոգման արդիական համակարգերի ներդրման արդյունքում ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործում, կարկտապաշտպան ցանցերի ներդրման արդյունքում կարկտահարության ռիսկի նվազեցում, այգեգործական արտադրանքի ինքնարժեքի իջեցում՝ արտադրության արդյունավետության բարձրացման հաշվին, ոռոգման արդիական համակարգերով, կարկտապաշտպան ցանցերով, ժամանակակից ու մրցունակ տնկանյութերի տեսակներով հագեցած այգիների տարածքների ավելացում տարեկան 100 հա, կարկտապաշտպան ցանցերով պաշտպանված հողատարածքների ավելացում՝  տարեկան 10 հա, ժամանակակից ոռոգման համակարգեր ունեցող հողատարածությունների ավելացում՝ տարեկան 100 հա: ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Հայկ Գեւորգյանը՝ ծրագրի մասին դրական կարծիք ունի. «Շատ լավ ծրագիր է, դեռ վաղուց նախապատրաստվում էր, որ սա պետք է լինի։ Հայաստանն ունի փոքր հողային ռեսուրսներ, ու այս առումով ինտենսիվ այգիները եւ ջերմոցային տնտեսությունները միակ տարբերակն են արդյունավետ գյուղատնտեսության համար»։ Պատգամավորը հիշեցրեց, որ ջերմոցային տնտեսությունների համար արդեն իսկ կան աջակցության ծրագրեր եւ հիմա ինտենսիվ այգիների համար է ծրագիր ներկայացվում։ «Սա գյուղատնտեսական նոր տեխնոլոգիա է, նոր հարթություն է։ Հայաստանում կան ինտենսիվ այգիներ, բայց շատ տարածված չեն, քանի որ հիմնումը պահանջում է որոշակի ֆինանսական բեռ։ Սկզբում դու շատ ես գումար ծախսում, բայց հետո շատ էլ վաստակում ես»,- ասաց նա։ Հարցին որքանո՞վ է առաջարկվող օժանդակության ծրագիրը շահավետ եւ խթանիչ, որպեսզի մարդիկ մտածեն ինտենսիվ այգիներ հիմնելու մասին, Գեւորգյանը պատասխանեց. «Տոկոսային սուբսիդավորումն ըստ էության նշանակում է, որ անտոկոս վարկ են վերցնում։ Այսինքն մարդը գնում պարտքով գումար է վերցնում եւ առանց տոկոսի վերադարձնում։ Սա լուրջ խթան է եւ կարծում եմ լիովին բավարար, որպեսզի ապագա այգեգործները շահագրգռվեն դրանով»։ Անդրադառնալով հարցին՝ թե արդյո՞ք ինտենսիվ այգիներ հիմնելու ծրագիրը կարելի է հեղափոխական քայլ համարել գյուղատնտեսության ոլորտում՝ հաշվի առնելով, որ սրանով կնվազեն ավանդական այգիները, նա պատասխանեց. «Ավանդական այգիներն իրենք իրենցով արդյունավետ չեն։ Դրանք շատ աշխատատար են, ստացվող բերքը քիչ է, ավելի շատ են կախված բնակլիմայական պայմաններից, արտադրանքի որակը բավականին ցածր է, ինքնարժեքը բարձր է եւ մրցունակ չեն։ Մարդկությունը եկել է նրան, որ ավանդական այգիները չեն ապահովում այն որակն ու արժեքը, ինչի կարիքը կա»։ Պատգամավորի կարծիքով՝ Հայաստանը շեշտը պետք է դնի ոչ թե ցորենի վրա, որն աճում է շատ երկրներում, այլ այն պտուղների, որը մեր բնակլիմայական եւ աշխարհագրական պայմանների առումով ավելի շահավետ է։  Գեւորգյանը նաեւ ասաց, որ ինտենսիվ այգիները շատ արագ են բերք տալիս: Հարցին՝ ավանդական այգուց ստացվող մի՞րգն ավելի լավ համ ունի, թե ինտենսիվ այգունը, նա պատասխանեց. «Շատ հետաքրքիր հարց է եւ հիմա գյուղացիների շրջանում շատ է շոշափվում։ Ինտենսիվ խնձորենու վրա դուք կարող եք պատվաստել ե՛ւ հայկական սորտեր, ե՛ւ այլ սորտեր ու արդյունքը նույնը կստանաք։ Ինտենսիվ այգու ծառերը կարճ են, ավելի հեշտ է մշակել, իսկ մեծ ծառերի դեպքում պտուղի մի մասը կորչում է։ Ինտենսիվ այգու 1 հա-ից հնարավոր է հավաքել 35-40 հեկտար խնձորի բերք, իսկ ավանդականը մոտ 2 անգամ պակաս»։ Շարունակությունը՝ armtimes.com-ում
10:57 - 12 սեպտեմբերի, 2020
Տիգրան Խաչատրյանը Հելեն Ֆեյզիի հետ քննարկել է քննարկել է գործարար միջավայրի բարելավումը

Տիգրան Խաչատրյանը Հելեն Ֆեյզիի հետ քննարկել է քննարկել է գործարար միջավայրի բարելավումը

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար տիկին Հելեն Ֆեյզիին: Այս մասին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Նախարարը ողջունել է դիվանագետին և նշել․ «Շատ բարձր ենք գնահատում այն աջակցությունը, որ վերջին տարիների ընթացքում  Միացյալ Թագավորության կառավարությունը ցուցաբերել է մեր կառավարության տնտեսական քաղաքականության նպատակների իրականացմանը։ Մենք շատ հետաքրքիր ծրագրեր ենք իրականացրել Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» կողմից աջակցվող ուղղություններով։ Դրանք հատկապես վերաբերում են բիզնես միջավայրի բարելավման և կորպորատիվ կառավարման հարցերին»։ Նախարարը նշել է նաև, որ Հայաստանն ու  Միացյալ Թագավորությունը ունեն արդեն 23 տարուց ավելի գործող Ներդրումների պաշտպանության և խրախուսման համաձայնագիր։ Նրա խոսքով, այնուամենայնիվ, բավականաչափ չեն օգտագործվել առկա հնարավությունները, և այս առումով համատեղ զգալի աշխատանք կա անելու։   Տնտեսական համագործակցության ուղղություններից Տիգրան Խաչատրյանն առանձնացրել է արտադրողականության և մրցունակության բարձրացումը՝ նշելով, որ ՄԹ-ի կողմից առաջարկվող ձևաչափերը՝ նպաստելու առաջատար տեխնոլոգիաների օգտագործմանը արտադրություններում, կարող են խիստ օգտակար լինել։ Նախարարի խոսքով՝ ՀՀ կառավարության հակաճգնաժամային որոշ միջոցառումների հիմքում հենց տեխնոլոգիական արդիականացումն է և հասանելիությունը ֆինանսներին։ «Հայաստանի տնտեսական զարգացմանը նպաստելու  և Հայաստանի ու Միացյալ Թագավորության միջև առևտրային կապերը հաստատելու տեսանկյունից Էկոնոմիկայի նախարարությունը մեզ համար շատ կարևոր գործընկեր է։ Երկխոսությունն էլ ավելի է կարևորվում կորոնավիրուսի տնտեսական հետևանքները չեզոքացնելու և հետագա տնտեսական առաջընթացն ապահովելու համատեքստում, և մենք համագործակցության նոր հնարավորություններ ենք փնտրում», - իր խոսքում  նշել է Հելեն Ֆեյզին: Նա ևս արդյունավետ է գնահատել Էկոնոմիկայի նախարարության հետ իրականացվող ծրագրերն՝ ուղղված գործարար միջավայրի  բարելավմանը և տնտեսական կապերի ամրապնդմանը՝ առաջարկելով հետագայում օրակարգում ներառել նաև «կանաչ» տնտեսության և կլիմայի փոփոխության հարցերը։  Հելեն Ֆեյզին նշել է, որ տպավորված է այն հանձնառությամբ, որ ունեն Հայաստանի պաշտոնյաները բարեփոխումների օրակարգի իրականացմանը։ Նախարարը նշել է, որ լիահույս է, որ կառավարության կողմից ձեռնարկվող բարեփոխումները, որոնք վերաբերում են իրական բիզնես միջավայրի բարեփոխումներին, կոռուպցիայի դեմ պայքարին, պետք է նպաստեն ներդրումների դեպի Հայաստան գալուն և տնտեսական կապերի ընդլայնմանը։ Կողմերն, անդրադառնալով գյուղատնտեսության զարգացման հարցերին, նշել են, որ հետագա համագործակցությունը պետք է ուղղված լինի Հայաստանում առկա ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը և գյուղատնտեսության թվայնացմանը։ Դեսպանի խոսքով՝ այս ուղղությամբ ևս առևտրային հարաբերությունները զարգացնելու ներուժ կա։ Առևտրային կապերի զարգացման տեսանկյունից կողմերը կարևորել են նաև պետություն-մասնավոր հատված գործընկերության ինստիտուցիոնալ շրջանակի մեջ տարվող աշխատանքները՝ ընգծելով այս ոլորտում ՄԹ հաջող փորձը։ Նախարարը և ՄԹ գործերի ժամանակավոր հավատարմատարը վերահաստատել են նպատակային և արդյունավետ փոխգործակցության պատրաստակաությունը և պայմանավորվել հետագա աշխատանքների շուրջ։
15:21 - 11 սեպտեմբերի, 2020
Պետություն-մասնավոր հատվածի համագործակցությամբ կայացել է Կապիտալի շուկայի զարգացման ծրագրի իրագործման պլանավորման աշխատաժողով

Պետություն-մասնավոր հատվածի համագործակցությամբ կայացել է Կապիտալի շուկայի զարգացման ծրագրի իրագործման պլանավորման աշխատաժողով

ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ կապիտալի շուկայի զարգացմանն ուղղված արդյունավետ և հետևողական քաղաքականության մշակման նպատակով, պետություն-մասնավոր հատված համագործակցության շրջանակներում, ՀՀ էկոնոմիկայի նախարարության համակարգմամբ, Կենտրոնական բանկի, Ֆինանսների նախարարության, շահագրգիռ այլ գերատեսչությունների և կազմակերպությունների, ոլորտի փորձագետների, ինչպես նաև Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) մասնակցությամբ և ջանքերով մշակվել  ու հաստատվել է Կապիտալի շուկայի զարգացման ծրագիրը: «Մեծապես կարևորելով ոլորտի զարգացմամբ հետաքրքրված գերատեսչությունների և մասնագետների ներգրավվածության շարունակականության ապահովումը նշված ծրագրի իրականացման բոլոր փուլերում, ինչպես նաև Հայաստանում կապիտալի շուկայի ոլորտում իրականացվող բարեփոխումների միասնական քաղաքականության կիրառման և ակնկալվող արդյունքների ապահովման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը սեպտեմբերի 9-ին կազմակերպել է առցանց աշխատանքային հանդիպում։ Աշխատաժողովին մասնակցել են պետական և մասնավոր հատվածի ավելի քան 70 ներկայացուցիչներ, ովքեր անմիջականորեն ներգրավված են գործընթացում։ ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Նաիրա Մարգարյանը ողջունել է աշխատաժողովի մասնակիցներին  և մաղթել արդյունավետ աշխատանք։ Իր խոսքում գործընթացը կարևորել և շարունակական համագործակցության պատրաստակամություն է հայտնել Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Յուլյա Ուստյուգովան։ Աշխատաժողովի մասնակիցները շեշտել են հաստատված ծրագրի մշակման և իրագործման կարևորությունը ոլորտում շոշափելի արդյունքներ գրանցելու տեսանկյունից։ Աշխատաժողովի շրջանակներում ներկայացնելով Կապիտալի շուկայի զարգացման ծրագրի առանցքային դրույթները՝ փորձագետներ Ելենա Խաչվանքյանն ու Նարեկ Շարաֆյանն անդրադարձել են մասնակիցների կողմից բարձրացված հարցերին։ Ծավալված կառուցողական քննարկման արդյունքում, ծրագրի իրագործման նպատակով, ձևավորվել են համապատասխան աշխատանքային խմբեր հետևյալ ուղղություններով․ Պետական պարտատոմսեր և դրամական շուկա Ենթակառուցվածքային ծրագրեր, պետական մասնակցությամբ ընկերություններ, համայնքային թողարկումներ Պետական աջակցություն մասնավորներին․ կորպորատիվ կառավարման կանոնագիրք Հաղորդակցություն, տեղեկատվության հասանելիություն, խթանում Ենթակառուցվածք, այդ թվում՝ քրաուդֆանդինգ և նոր տեխնոլոգիաներ Օրենսդրական և կարգավորման համակարգ Այսպիսով, անցում կատարվեց Կապիտալ շուկայի զարգացման ծրագրի իրագործման փուլ, որը բարդ և աշխատատար, միևնույն ժամանակ հույժ կարևոր գործընթաց է և որին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հետամուտ է լինելու»,- ասված է հաղորդագրությունում:
22:50 - 10 սեպտեմբերի, 2020
Հայաստանում տնտեսավարողներին իրազեկել են ԵԱՏՄ տարածքում պետական գնումների նոր կանոնների մասին

Հայաստանում տնտեսավարողներին իրազեկել են ԵԱՏՄ տարածքում պետական գնումների նոր կանոնների մասին

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում հանդիպում է կազմակերպվել տեքստիլի և փայտամշակման ու կահույքագործության ոլորտներում գործունեություն ծավալող ընկերությունների ներկայացուցիչների հետ, որն անցկացրել է նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը։  Ինչպես տեղեկացրին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, փոխնախարարը տեղեկացրել է ներկաներին, որ հանդիպման նպատակն է ծանոթացնել տնտեսավարողներին ԵԱՏՄ տարածքում պետական գնումների նոր կանոնների մասին և համատեղ ուժերով  ձևավորել հայակական կողմի միասնական դիրքորոշումը, որը կբխի գործարար համայնքի շահերից։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից համատեղ մշակման փուլում են Պետական (մունիցիպալ) գնումների նպատակների համար ԵԱՏՄ տարածքում ապրանքի ծագման երկրի հավաստման Կարգը, ինչպես նաև Եվրասիական արդյունաբերական արտադրանքի ռեեստրի վարման կանոնները։ Վերոհիշյալ Կարգին կից հավելվածում ընդգրկված են մի շարք արդյունաբերական ապրանքներ, որոնց մասով ծագման երկիրը որոշվում է որոշակի տեխնոլոգիական և արտադրական պայմաններին համապատասխան, և այս դեպքում ԵԱՏՄ անդամ երկրներն առաջնորդվում են  կոոպերացիոն սկզբունքով։  Վարոս Սիմոնյանը նշել  է, որ նոր կանոններին համապատասխանելու համար անհրաժեշտ է գրանցվել ռեեստրում։ Նա հայտնել է նախարարության պատրաստակամությունը աջակցել   տնտեսվարողներին  իրենց արտադրանքի արտահանման հետ կապված խնդիրների լուծման հարցում։ Այդ նպատակով նախարարի տեղակալը հորդորել է հանդիպման մասնակիցներին մանրամասն ուսումնասիրել վերը նշված փաստաթղթերն ու ներկայացնել առաջարկություններ, որոնք կուսումնասիրվեն և ըստ անհրաժեշտության կարտացոլվեն փաստաթղթերի վերջնական տարբերակներում՝ այդպիսով բացառելով արտադրողների համար ոչ շահավետ կետերի կամ պահանջների առկայությունը։ Ընկերությունների ներկայացուցիչներին փոխնախարարը  նաև խորհուրդ է տվել մշտապես աշխատել արտադրանքի մրցունակության բարձրացման ուղղությամբ։  Առաջիկայում նախատեսվում է նման հանդիպում-քննարկում կազմակերպել նաև քիմիական արդյունաբերության և մեքենաշինության ոլորտների ընկերությունների ներկայացուցիչների հետ։
14:01 - 10 սեպտեմբերի, 2020
COVID-19-ի հնարավոր երկրորդ ալիքի դեպքում Հայաստանը պարենի խնդիր չի ունենա. փոխնախարար |armenpress.am|

COVID-19-ի հնարավոր երկրորդ ալիքի դեպքում Հայաստանը պարենի խնդիր չի ունենա. փոխնախարար |armenpress.am|

armenpress.am: Covid-19-ի հնարավոր երկրորդ ալիքի դեպքում Հայաստանը պարենի խնդիր չի ունենա, շատ մշակաբույսների առումով ինքնաբավ է, պետությունը տարբեր գործիքների միջոցով խթանել է նաև գյուղատնտեսական նշանակության պահեստների կառուցումը: Фյս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը՝ պատասխանելով հարցին, թե հնարավոր երկրորդ ալիքի, վատագույն սցենարի դեպքում պարենային անվտանգության հետ կապված ինչ խնդիր կունենա երկիրը, ամռան ընթացքում ի՞նչ աշխատանքներ են տարվել:   «Հայաստանը շատ մշակաբույսերի առումով ինքնաբավ է, մենք ինքնաբավ ենք պտուղ-բանջարեղենի,  ձվի, որոշ առումով մսի և այլնի մասով: Նաև  ԵԱՏՄ անդամ երկրների միջև իրականացրեցինք կանխատեսումներ, թե անդամ երկրներում որ ապրանքատեսակներից կա պակասորդ: Այսօր մենք անհանգստանում ենք ցորենի մասին, որովհետև Հայաստանում ցորենի ինքնաբավության տոկոսը ցածր է, և արձանագրեցինք, որ ԵԱՏՄ երկրների շրջանակում ցորենի ավելցուկը 46 մլն տոննա է: Դա նշանակում է, որ բոլոր անդամ երկրների պահանջմունքը բավարարելուց հետո  46 մլն տոննա էլ դեռ պատրաստ է լինելու երրորդ երկրներին վաճառել: Այսինքն, երբ մենք խոսում ենք պարենային անվտանգության մասին, մենք մեր գործընկեր երկրների հետ աշխատանքներ ենք տարել»,-ասաց Խոջոյանը: Խոսելով այս ամռանն արված աշխատանքներից՝ փոխնախարարը նշեց` իրականացվել է նախորդ տարվա աշնանացան ցորենի բերքահավաքը, արդեն մեր բերքը պետք է սպառենք: Պետությունը խթանել է նաև  հետբերքահավաքային կարողությունների զարգացումը՝ մի քանի գործողություններով: Մասնավորապես լիզինգի գործիքի միջոցով պետությունը խթանել է սառնարանային տնտեսությունների կառուցումը և գյուղատնտեսական նշանակության պահեստների կառուցումը: «Եթե թարմ մրգի համար չունես պահեստավորման պայմաններ, որ սպառման ժամանակը երկարաձգես, ապա ունես խնդիր»,-նկատեց նա: Հարցին` վատագույն սցենարի դեպքում գյուղմթերքի շնորհիվ պարենի խնդիր չի՞ ունենա երկիրը, Խոջոյանը պատասխանեց. «Չենք ունենա: Հիմնական գյուղմթերքների մասով ինքնաբավ ենք, հետևաբար այդպիսի անհանգստացնող խնդիր մենք առաջիկայում չենք տեսնում»: Կառավարությունն այս տարի մշակել է նաև Աշնանացման ցորենի արտադրության խթանման աջակցության ծրագիր: Ծրագրին արդեն դիմել է 18 մատակարար կազմակերպություն: Նրանք պետք է ֆերմերների հետ կապ հաստատեն՝ ներկրման ու տրամադրման համար: «Մենք այնպես ենք արել, որ ներկրող հանդիսանա ոչ թե կառավարությունը կամ նախարարությունը, այլ փորձել ենք ֆերմերին և ներկրողին կապել իրար, ֆերմերը որոշի, թե ինչ որակի սերմ է ուզում և ձեռք բերի մատակարարի միջոցով: Արդեն օրինակի վրա ցույց տանք, որ բարձրորակ սերմի օգտագործումը հնարավոր է, որ այդ ոլորտը նույնպես շահութաբեր լինի»,-ներկայացրեց Խոջոյանը: Օպերատիվ տվյալներով՝ (08.09) մատակարարների կողմից ստացվել է մոտ չորս հազար տոննայի հայտ,  մատակարարման փուլն ընթացքի մեջ է:
11:37 - 10 սեպտեմբերի, 2020
Կորոնավիրուսի պայմաններում անգամ գյուղատնտեսությունում ներդրումներ են արվում. փոխնախարար

 |armenpress.am|

Կորոնավիրուսի պայմաններում անգամ գյուղատնտեսությունում ներդրումներ են արվում. փոխնախարար |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում կորոնավիրուսի ճգնաժամի առաջացրած անորոշությունների պայմաններում գյուղատնտեսության ոլորտում  ներդրումներ են արվում: Մարդիկ, որոնք նախկինում չէին էլ մտածել գյուղատնտեսության մասին, սկսել են հետաքրքրություն ցուցաբերել: Կորոնավիրուսին չի հաջողվել անգամ էական ազդեցություն ունենալ գյուղմթերքի արտահանման ծավալների վրա: Շատ ու շատ մշակաբույսերի առումով Հայաստանը ինքնաբավ է։ Այս և այլ թեմաների մասին խոսել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը:  -Պարոն Խոջոյան, կորոնավիրուսի ճգնաժամի պայմաններում գյուղատնտեսությունն այն եզակի ոլորտներից էր, որտեղ անկում չարձանագրվեց, ի՞նչ ցուցանիշներ կարող եք ներկայացնել , ինչո՞վ կպայմանավորեք դա: -Ազգային վիճակագրական կոմիտեն ամփոփեց կիսամյակը, ըստ որի` գյուղատնտեսության համախառն արտադրանքը կազմել է 240 մլրդ դրամ: Դա նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 1.7 տոկոսով ավելի էր: Սա նշանակում է, որ չնայած համավարակով պայմանավորված դժվարություններին, գյուղատնտեսության ոլորտում ներդրումները շարունակվում են: Գյուղարտադրանքի նկատմամբ պահանջարկը միշտ կա: Ամբողջ աշխարհում վերամշակված ապրանքների նկատմամբ պահանջարկն է մեծացել: Եվ տարբեր հանդիպումներում պահածոյագործներն արդեն նշում են, որ իրենց պատվերները 20-30 տոկոսով ավելացել են: Դա նշանակում է, որ պահածոյագործների մթերման հետ կապված ավելի շատ արտադրանք կունենանք:  -Կորոնավիրուսի շրջանում ընդգծվեց գյուղատնտեսության կարևորությունը՝ նաև պարենային ապահովման համատեքստում: Այս ամենից հետո պետության քաղաքականությունը գյուղատնտեսության ոլորտում կփոխվի՞, ավելի մեծ ուշադրություն կդարձվի՞ այս ոլորտին, կլինե՞ն ավելի շատ աջակցության ծրագրեր: Կորոնավիրուսի շրջանում նաև մարդկանց կողմից գյուղատնտեսության նկատմամբ հետաքրքրության բարձրացում նկատե՞լ եք: -Համավարակը իր հետ շուկայում բերել էր բազմապիսի անորոշություններ: Սակայն մենք տեսնում ենք, որ այդ անորոշություններով հանդերձ ոլորտում իրականացվում են ներդրումներ: Ներդրումների ցուցանիշներից մեկն է, որ ձեռք է բերվում գյուղտեխնիկա, վերամշակող սարքավորումներ: Այս տարվա առաջին կիսամյակում պետական օժանդակության լիզինգի ծրագրով միայն ձեռք էր բերվել 284 միավոր գյուղտեխնիկա, 56 վերամշակող սարքավորում: Մարդիկ, որոնք երբևէ չէին էլ մտածել գյուղատնտեսության մասին, արդեն հետաքրքրվում են և ցանկանում են մի փոքր ներդրում ունենալ գյուղատնտեսության զարգացման մեջ: Կան դեպքեր, որ մարդիկ ուրիշ ոլորտից տեղափոխվել են գյուղատնտեսության ոլորտ նաև կորոնավիրուսի ընթացքում: Ոլորտներ կային, որ շատ տուժեցին, և բիզնեսները պետք է վերապրոֆիլավորվեին: Մայիս-հունիսին շատ հյուրատներ սկսեցին նաև արտադրանք տալ, վերամշակել: -Համավարակը գյուղմթերքի արտահանման հարցում ի՞նչ դժվարություններ առաջացրեց, ի՞նչ լուծումներ տրվեցին դրանց: -Արտահանման շուկայում տեսնում ենք բավականին լավ ցուցանիշներ: Հիմնական խնդիրը ապրիլին էր, երբ որոշակի դժվարություններ կային սահմանային կետերում բեռնատարների հոսքը ճիշտ կազմակերպելու հետ կապված: Հայկական բեռնատարները մեր անցակետերն անցնում էին ու Վրաստանում, հետո նաև Ռուսաստանի սահմանին բավականին հերթեր էին լինում: Եվ ապրիլին Երևանից մինչև Մոսկվայի շուկա բեռները հասնում էին 16-24 օրում, որը թարմ միրգ-բանջարեղենի համար անթույլատրելի է: Բայց ի ուրախություն մեզ, մայիսի սկզբից կարողացանք այդ խնդիրները կանոնակարգել մեր գործընկերների հետ, գործընթացը սահուն կազմակերպել: Կազմակերպվեցին նաև չարտերային թռիչքներ, կարողացանք և ցամաքային, և օդային տարբերակով արտահանումն իրականացնել: Զուգահեռ նոր շուկաներ սկսեցինք ուսումնասիրել, որովհետև համավարակը ստիպեց մեզ, նաև արտահանողներին, որ իրենց կոմֆորտ զոնայից մի փոքր դուրս գան, և բիզնեսի ռիսկայնությունը գնահատելով մտածեն՝  հնարավոր են այնպիսի դեպքեր, որ մենք այդ շուկաներում խնդիրներ ունենանք: Եվ ռիսկերը նվազեցնելու նպատակով պետք է պորտֆելը դիվերսիֆիկացնել: Եղան  շուկայի ուսումնասիրություններ՝ հասկանալու, թե ինչ պայմաններ են գործում այդ շուկաներում և մեր արտադրողներն ինչ պահանջների պետք է համապատասխանեն: Եվ այդ ուղղությամբ մի քանի միջոցառումներ ենք ձեռնարկվել: Հունիսի 30-ին ամփոփեցինք դրամաշնորհային ծրագիր, որով 30 վերամշակող կազմակերպության 50 տոկոս համաֆինանսավորման սկզբունքով մինչև 25 մլն դրամաշնորհ ենք տրամադրում՝ իրենց արտադրական կարողությունները վերազինելու և սննդի անվտանգության համակարգեր ներդնելու համար: Սննդի անվտանգության այդ համակարգերը կարծես թե անձնագիրն են՝ դեպի այլ շուկաներ, եվրոպական շուկաներ: Եվ մենք համավարակի ժամանակ անմիջապես առաջին ներդրումը կատարեցինք, որպեսզի կարողանանք այդ անձնագրերը ձեռք բերել, այդ արտադրությունը կազմակերպելու համակարգերը ներդնել, վերազինել արտադրական կարողությունները, թարմացնել տեխնոլոգիաները: Օգոստոսի 15-ին հայտարարվեց ևս մեկ մրցույթ, որով ևս 20 վերամշակող գործարանի հնարավորություն կտանք այդ նույն գործընթացն իրենց գործարաններում իրագործել նույն սկզբունքներով:  -Օպերատիվ տվյալներով՝ գյուղմթերքի արտահանման ի՞նչ ծավալներ ունենք: -Ընդհանուր առմամբ օպերատիվ տվյալներով (08.09.2020) Հայաստանից արտահանվել է մոտ 86 հազար 654 տոննա գյուղապրանք, որից պտուղ՝ մոտ 49 հազար 519 տոննա, իսկ բանջարեղենը՝ մոտ 37 հազար 135 տոննա: Նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ մոտ 15 հազար տոննա ավելի քիչ արտահանում է եղել: Սակայն ուրախալին այն է, որ սա արտահանման խնդիրների պատճառ չէ, այլ ծիրանի և խնձորի բերքի սակավության պատճառ:  Ծիրան ավելի քիչ է արտահանվել, քանի որ ավելի քիչ ունեցանք, պատճառը հիմնականում եղանակային պայմաններն էին: Այս տարի օպերատիվ տվյալներով արտահանվել է 23 հազար 817 տոննա լոլիկ՝ նախորդ տարվա 19 հազար 481 տոննայի համեմատ: Արտահանվել է արդեն 3889 տոննա խաղող, որը նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ ավելի է մոտ 100 տոննայով, ելակ, ազնվամորու արտահանման ծավալը՝ 1179 տոննա, նախորդ տարվա համեմատ ավելի է մոտ 1.5 անգամ: Կորոնավիրուսը գյուղմթերքի արտահանման վրա ըստ էության ազդեցություն չի ունեցել, եղանակը սակայն որոշակի ունեցել է:  -Խոսելով գյուղմերթի արտահանման մասին՝ չենք կարող չհիշել Մոսկվայի «Ֆուդ Սիթի»-ի հայտնի դեպքերը, ադրբեջանցիները սադրանքները, դա ծիրանի արտահանման ծավալի վրա որևէ ազդեցություն ունեցա՞վ,  եղա՞ն պայմանավորվածություններ, որոնք չեղարկվեցին: -Հայտնի դեպքերը արտահանման քանակի առումով բացարձակ ազդեցություն չունեցան: Բոլոր բեռնատարները ըստ պլանավորածի Հայաստանից մեկնել են Ռուսաստան: Նույնիսկ տարբերությունը դրական էր, «Ֆուդ Սիթի» մուտք գործելու համար մեկ բեռնատարի համար վճարում են մոտ 75-100 հազար ռուբլի: Այդ գումարներն այս անգամ փաստորեն չվճարվեցին: Կարելի է ասել, որ մի բան էլ շահեցին: Ամբողջ ծավալը սպառվեց, խնդիրները ժամանակի ընթացքում կարողացան հարթվել, մեր ապրանքները անարգել նորից մտնում են:  Շարունակությունը՝ armenpress.am-ում
10:32 - 10 սեպտեմբերի, 2020
Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԱՀ գյուղատնտեսության նախարար Աշոտ Բախշիյանին․ շարունակվում են գյուղոլորտում իրականացվող ծրագրերի ներդաշնակեցման քայլերը

Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԱՀ գյուղատնտեսության նախարար Աշոտ Բախշիյանին․ շարունակվում են գյուղոլորտում իրականացվող ծրագրերի ներդաշնակեցման քայլերը

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը սեպտեմբերի 9-ին ընդունել է Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Աշոտ Բախշիյանի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման օրակարգն ընդգրկում էր հայկական երկու պետությունների գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերի լայն շրջանակ։ Ողջունելով հյուրերին՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշել է, որ հանդիպման կարևոր նպատակներից է քննարկել գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերը և մինչև տարեվերջ ներկայացնել այն առարկայական համաձայնությունները, որոնք պետք է լինեն հետագա ներդաշնակ գործողությունների հիմքում։ Միաժամանակ նախարարը գոհունակությամբ նշել է, որ մի շարք կետերի շուրջ արդեն իսկ գրանցվել են փոխհամաձայնություններ։ Երկուստեք ընդգծվել է միասնական ուժերով, փոխգործակցությամբ և երկու կողմերում առկա պետական օժանդակության գործիքակազմի կիրառմամբ պարենային անվտանգության և պարենային ապահովության կարևորությունը։ Պարենային անվտանգության ապահովման համատեքստում հստակեցվել է, որ խնդիրը պետք է դիտարկել մեկ ընդհանուր նկարի մեջ և համադրել երկու պետությունների հնաարավորությունները պարենային անվտանգության բարձրացման նպատակով։ Այս առումով Տիգրան Խաչատրյանը նշել է․ «Մեր բոլոր գործողություններն, ի վերջո, երկու կարևոր խնդիր լուծելու նպատակ ունեն՝ Արցախի և Հայաստանի ժողովրդին ապահովելու տեղական արտադրության բավարար քանակությամբ սնունդով, որը միաժամանակ լինի որակյալ։ Եվ կարծում եմ, որ այն մեթոդները, որոնք մեր կողմից մշակված են և որպես ծրագիր առաջարկված կիրառության համար, այդ նպատակին են ծառայում»։ Նախարարը նաև կարևորել է ենթակառուցվածքների դերը՝ նշելով․ «Ենթակառուցվածքները պետք է լինեն պատրաստ և հասանելի գյուղացիական, ֆերմերային տնտեսությունների համար, մյուս կողմից բնակչությունը պետք է պատրաստ լինի այդ ենթակառուցվածքները օգտագործել իրեն անհրաժեշտ ծառայություններ ապահովելու տեսանկյունից»։ Իր խոսքում Աշոտ Բախշիյանը նշել է, որ Արցախի Հանրապետության գյուղատնտեսության և ՀՀ էկոնոմիկայի նախարարությունների միջև ձևավորվել են շատ ջերմ հարաբերություններ, որոնք կարող են գործնական ոլորտում միասնական հաջողությունների լուրջ խթան հանդիսանալ։ Այնուհետև ԱՀ գյուղատնտեսության նախարարը համառոտ ներկայացրել է Արցախի ագրարային բնագավառում իրականացվող ծրագրերն ու առաջիկա նախաձեռնությունները։ Մասնավորապես, նրա տեղեկացմամբ, Արցախում արդեն իսկ մեկնարկել է համատեղ նախագծված ցորենի արտադրության ծրագիրը՝ հաշվի առնելով Արցախի գյուղատնտեսական ռեսուրսները և ցորենի մշակման առանձնահատկությունները: Ինտնեսիվ այգեգործության ծրագրի շրջանակում տրամադրվել են նախահաշվարկային բոլոր տեղեկանքները և փաստաթղթերը, արցախյան կողմը համանման ծրագիրը բերել է նախագծային տեսքի: Ջերմատնային տնտեսությունների ներդրման ոլորտում ուսումնասիրվել է Հայաստանում գործող պետական աջակցության ծրագիրը, Արցախում նախատեսվող ծրագիրը ևս բերվել է նախագծային տեսքի: Խելացի անասնաշենքերի կառուցման ծրագիրը տրամադրված տեղեկատվության հիման վրա արցախյան կողմը բերել է նախագծային տեսքի: ԱՀ գյուղատնտեսության նախարարության կողմից կկրկօրինակվի նաև խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման ծրագիրը։ ԱՀ գյուղատնտեսության նախարարության ուուշադրության կենտրոնում է նաև սպանդանոցային մորթը: Հանդիպման ընթացքում ԱՀ գործընկերներին պարզաբանումներ են ներկայացվել սպանդանոցների քարտեզագրման, նոր սպանդանոցների հիմնման պետական աջակցության մեխանիզմների վերաբերյալ: Անասնաբուժության ոլորտում քննարկվել են երկու պետություններում միջսահմանային հիվանդությունների կանխարգելմանն առնչվող հարցեր: Սպանդանոցների կառուցումը խթանելու նպատակով նախագծվել է համապատասխան աջակցության ծրագիր: Քննարկվել են նաև գյուղատնտեսության որոտում նոր ներդրումների ներգրավմանը, պետական աջակցության գործիքակազմի ենթակառուցվածքների զարգացմանը, վերամշակման ոլորտներում առավել արդյունավետ քաղաքականության իրականացմանն առնչվող հարցեր։ Արցախյան պատվիրակությանն ընդունել է նաև ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ հանդիպման ընթացքում քննարկվել են գյուղատնտեսության օրակարգին առնչվող մի շարք հարցեր։ ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է արցախցի գործընկերների հետ մինչ այժմ ձեռքբերված պայմանավորվածությունների ընթացքն ու հետագա անելիքները։
15:22 - 09 սեպտեմբերի, 2020
«իԳործ» ծրագրի շրջանակում սփյուռքահայ մասնագետները աշխատանքի են անցնում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում

«իԳործ» ծրագրի շրջանակում սփյուռքահայ մասնագետները աշխատանքի են անցնում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում

«իԳործ» ծրագրի շրջանակում սփյուռքահայ մասնագետները աշխատանքի են անցնում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում։ Այսօր նախարարությունում հանդիպում է կազմակերպվել ծրագրի շրջանակում հայտ ներկայացրած և ընտրության փուլը հաղթահարած երկու սփյուռքահայ մասնագետների հետ՝ կանադայից և Լիբանանիվ։ Նրանք կներգրավվեն նախարարության Հանրային ներդրումների քաղաքականության վարչության աշխատանքներում։ Մինչև հոկտեմբերի սկիզբ նրանց կմիանա ևս ութ սփյուռքահայ մասնագետ։ Նախարարության այլ ստորաբաժանումներում նույնպես սփյուռքահայ մասնագետների համալրում է սպասվում։Նախարարության գլխավոր քարտուղար Արմեն Խաչատրյանը, ողջունելով սփյուռքահայ մասնագետներին, իր գոհունակությունն է հայտնել նախարարության գործունեության մեջ Սփյուռքի մեր հայրենակիցների ներգրավվելու առիթով և հույս հայտնել, որ նրանց մուտքը նախարարություն նոր թափ կհաղորդի աշխատանքների ընթացքին։- Վստահ եմ, որ ձեր գիտելիքները և մասնագիտական կարողությունները գործադրելով, կնպաստեք նախարարության առջև դրված խնդիրների լուծմանը և տնտեսական ծրագրերի արդյունավետ իրականացմանը, - ասել է Արմեն Խաչատրյանը։Հիշեցնենք, որ ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից մեկնարկել է «իԳործ» ծրագիրը, որը հնարավորություն է ընձեռում սփյուռքահայ մասնագետներին աշխատելու Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի մարմիններում շուրջ մեկ տարի և ներդնել սեփական փորձն ու գիտելիքները համապատասխան ոլորտների բարելավման և զարգացման, քաղաքականությունների ու ծրագրերի մշակման գործում։ Նախատեսվում է, որ սփուռքահայ 100 բարձրակարգ մասնագետ մինչ տարեվերջ աշխատանքի կանցնի Հայաստանի պետական կառավարման մարմիններում։
17:20 - 04 սեպտեմբերի, 2020
Զբոսաշրջային ռեգիստրը կբարեփոխվի |civilnet.am|

Զբոսաշրջային ռեգիստրը կբարեփոխվի |civilnet.am|

civilnet.am: Հայաստանը զբոսաշրջային ռեգիստր վարելու նոր կարգ ու մեխանիզմ է ունենալու, որն ավելի ճշգրիտ տվյալներ է տրամադրելու Հայաստան ժամանող զբոսաշրջիկների վերաբերյալ։ Այս հարցն ընդգրկված է սեպտեմբերի 3-ի կառավարության նիստի օրակարգում։  Զբոսաշրջային վիճակագրությունը վարվել է Ազգային վիճակագրական կոմիտեի կողմից, որն այդ տվյալները ստանում է Հայաստանի սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգից (ՍԷԿՏ)։ Ըստ էկոնոմիկայի նախարարության՝ Հայաստան ժամանած զբոսաշրջիկների մասին տեղեկատվությունը այսուհետ ներառելու է քաղաքացիության, սեռատարիքային խմբերի, սահմանային անցման կետերի, ինչպես նաև կրկնվող զբոսաշրջային այցելությունների մասին տեղեկատվություն։ «Զենտա» ՍՊԸ-ն համապատասխան սերվերներում իրականացրել է ծրագրային փոփոխություններ, որոնք թույլ կտան ավելի մանրամասն տեղեկատվություն ստանալ զբոսաշրջիկների վերաբերյալ։  Ըստ էկոնոմիկայի նախարարության՝ սա թույլ կտա ավելի ճշգրիտ վերլուծություններ ու հետազոտություններ կատարել, նաև տվյալ բնագավառում արդյունավետ պետական քաղաքականություն ունենալ։ 
09:49 - 03 սեպտեմբերի, 2020
«Արմենիա Վայն» ընկերությունում մեկնարկել է խաղողի մթերումը

«Արմենիա Վայն» ընկերությունում մեկնարկել է խաղողի մթերումը

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն այցելել է Արագածոտնի մարզ՝ «Արմենիա Վայն» ընկերության գործարանում խաղողի մթերման մեկնարկին հետևելու, ինչպես նաև մթերման վերահսկման թվայնացված համակարգին ծանոթանալու նպատակով։ Նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ «Արմենիա Վայն» ընկերության համահիմնադիր Վահագն Մկրտչյանի ուղեկցությամբ նախարարը շրջել է գործարանում, ծանոթացել ընկերության արտադրական հզորություններին, տեխնոլոգիական հագեցվածությանն ու ներդրումային ծրագրերին: Ընկերությունը ընդլայնման ծրագիր ունի և վերջերս կառավարության կողմից ստացել է հումքի և սարքավորումնեևրի համար մաքսատուրքից ազատման արտոնություն։ Գործարանի տեսականին ներառում է կարմիր, սպիտակ և վարդագույն, խաղուն և դեսերտային գինիներ: Այն հագեցած է ժամանակակից սարքավորումներով, որոնց ներդրմամբ ապահովվում է բարձրորակ գինեգործական արտադրանքի ամբողջական արժեշղթան։ Ընկերության արտադրանքն արտահանվում է աշխարհի 27 երկրներ։ Շրջայցի ընթացքում քննարկվել են համավարակի տնտեսական հետևանքների չեզոքացման 24-րդ միջոցառման շրջանակում վերամշակող կազմակերպություններին տրամադրվող արտոնյալ պայմանները, տարբեր ձեռնարկություններում մթերման գործընթացի թվայնացման հեռանկարները։ Վահագն Մկրտչյանն ընդգծել է պետության կողմից այս միջոցառման կարևորությունը մթերման ոլորտի համար։     «Այս տարի Կառավարությունը գնաց բացառիկ քայլի՝ մեծացրեց վարկային ռեսուրսը, ինչպես նաև ավելացրեց այն ժամանակահատվածը, որ պետք է մարվի տվյալ վարկային միջոցը։ Սա իրականում լուրջ խթան է ոլորտի համար, ձեռք մեկնելու իրական քայլ է», - նշել է գործարարը։ Պաշտոնյաներին հանգամանորեն ներկայացվել է խաղողի ընդունման, կշռման, գրանցման, որակի վերահսկողության ընթացակարգը, որն ամբողջապես իրականացվում է ընկերությունում ներդրված թվայնացված համակարգի միջոցով։ Պաշտոնյաների ներկայությամբ փորձարկվել է մթերման վերահսկման ավտոմատացված համակարգը։ Նախարարը մի շարք հարցեր է ուղղել համակարգի գործարկման արդյունավետության, մասնավորապես, դրա ներդրմամբ մարդկային գործոնի և հնարավոր անճշտությունների նվազման վերաբերյալ։ Այնուհետև հյուրերի ներկայությամբ ընկերությունում մեկնարկել է խաղողի մթերման գործընթացը, որն ուղեկցվել է խաղողի օրհնության արարողությամբ։ «Այսօր «Արմենիա Վայն» գործարանում մեկնարկեց խաղողի հերթական մթերման տարին։ Գինեգործների համար սա յուրօրինակ օր է, և «Արմենիա Վայն»-ում ավանդույթ է ձևավորվել․ ամեն տարի խաղողի մթերումը սկսվում է խաղողի օրհնությամբ։ Այդ օրը շատ շուքով է նշվում, այս տարի ավելի  համեստ նշեցինք՝ կապված ներկա իրավիճակի հետ», - ասել է Վահագն Մկրտչյանը և հավելել, որ, ընդհանուր առմամբ, ընթացիկ տարում գործարանը նախատեսում է մթերել 6-7 հազար տոննա խաղող։ Իր հերթին Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը նշել է․ «Հատկանշական է, որ այս տարի բերքը բավականին առատ է և ունենք բարձրորակ խաղող ու սպասվում է ավելի բարձրակարգ գինիների արտադրություն»։  Նրա խոսքով՝ հիմնադրամը «Արմենիա Վայն» ընկերության հետ ակտիվ համագործակցություն է իրականացնում։ «Այս տարի մեր հիմնադրամն իրականացրել է ևս մի շատ կարևոր նախագիծ՝ Արագածոտնի մարզում մեկնարկեց խաղողի տնկարկների կադաստր ծրագիրը, մենք քարտեզագրեցինք «Արմենիա Վայն» ընկերության խաղողի այգիները։ Հուսանք, հաջորդ տարի կունենանք մեր տարածքշրջանի խաղողի բոլոր տնկարկների քարտեզները և կկարողանանք վերահսկել, թե որտեղ են տեղայնացված խաղողի այգիները և որքան կկազմի խաղողի բերքը», - ասել է Զարուհի Մուրադյանը ։ Ամփոփելով այցի արդյունքները՝ նախարարի տեղակալ Արման Խոջոյանը նշել է․ «Նմանատիպ այցերը շարունակվելու են ամբողջ մթերման շրջանի ընթացքում, որպեսզի մենք տեսնենք, թե մեր առաջարկած գործիքակազմը որքանով է կիրառելի և ընթացքում ինչ դժվարություններ են առաջանում։ Եթե կլինեն այդպիսիք, ապա մենք ընթացքում կփորձենք անարձագանք չթողնել և հնարավորինս սեղմ ժամկետում շտկել խնդիրները»։  
15:22 - 01 սեպտեմբերի, 2020
ՀՀ էկոնոմիկայի Փոխնախարարն ու ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին այցելել են «Արմբերրի» ընկերություն

ՀՀ էկոնոմիկայի Փոխնախարարն ու ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին այցելել են «Արմբերրի» ընկերություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը և Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին օգոստոսի 28-ին մշտադիտարկման նպատակով այցելել են Կոտայքի մարզի Զորավան համայքնում գործող «Արմբերրի» ընկերություն։  Այցին մասնակցել է ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը: Այս մասին տեղեկացնում է Էկոնոմիկայի նախարարությունը։ Հյուրերը շրջել են ընկերության ժամանակակից սարքավորումներով հագեցած հատապտղանոցներում, որտեղ ներդրված են կարկտապաշտպան ցանցեր, սառնարաններ,  ինչպես նաև ջրավազան, որը հատապտղանոցն ապահովվում է մաքուր ջրով։ Այստեղ առկա են օրգանական ազնվամորու և մոշի աճեցման բացառիկ պայմաններ, ինչը թույլ է տալիս ավելի մեծաքանակ և որակյալ բերք ստանալ։ Նշվել է, որ հիմնվել է հատապտուղների տնկարան, որը ոչ միայն ապահովում է անհրաժեշտ տնկիներով, այլև կազմակերպությունը պատրաստակամ է իրենից ձեռք բերված տնկիներից աճեցված բերքը հետագայում գնել և շուկայահանել: Ստեղծված ենթակառուցվածքները հնարավորություն են մատակարարման ժամկետներն ընդլայնել, ուստի  արտահանման հետ կապված ռիսկերը կատավարելի են, և ընկերությունն այլևս կախված չէ եղանակային պայմաններից։ «Արմբերրի» ընկերության գործադիր տնօրեն Հարություն Փախչանյանը փոխնախարարին և դեսպանին ներկայացրել է ներկայում կատարվող աշխատանքները, ֆերմերների հետ աշխատելու իրենց նոր նախաձեռնությունը, որի շրջանակում ֆերմերներն ընկերությունից ձեռք կբերեն տնկիներ, կստանան համապատասխան խորհրդատվություն տվյալ մշակաբույսի հետ աշխատելու համար։ Առաջիկայում ընկերությունը նախատեսել է ընդլայնել գործունեությունը՝ օգտվելով Էկոնոմիկայի նախարարության կողմից մշակված գյուղոլորտի պետական օժանդակության ծրագրերից։  Շրջայցի ընթացքում փոխնախարարն ընդգծել է կառավարության կողմից մշակված ծրագրերի կարևորությունն ու արդյունավետությունը։«Էկոնոմիկայի նախարարությունը «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրի շրջանակներում համաֆինանսավորման սկզբունքով կազմակերպությանն արդեն իսկ օժանդակել է 20 մլն դրամով, ինչը նպաստել է հատապտղանոցի հիմնման, հետբերքահավաքային կարողությունների, արտահանման կարողությունների զարգացմանը: Մեր դոնոր գործընկերների կողմից տրամադրված աջակցությունը հիանալի շարունակություն է ստեղծված կարողությունների զարգացման և ընդարձակման համար», - նշել է Արման Խոջոյանը։ «Ուրախ ենք արձանագրել, որ, համագործակցելով կառավարության և այնպիսի կազմակերպությունների հետ, ինչպիսին Միջազգային զարգացման գործակալությունն է, մենք կարողանում ենք աջակցել բիզնեսին հաջողության հասնելու հարցում։ «Արմբերրի»ընկերությունն այդ եռակողմ համագործակցության արդյունքում զարգացող բիզնեսի հիանալի օրինակ է»,- ամփոփելով  շրջայցի արդյունքները՝ նշել է դեսպան Լին Թրեյսին։
10:30 - 29 օգոստոսի, 2020