Արցախ

Արցախի Հանրապետություն կամ Լեռնային Ղարաբաղ․ 1991թ․ սեպտեմբերի 2-ին անկախացած հանրապետություն։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Արցախում տեղակայվել են ՌԴ խաղաղապահ ուժերը։ Ներկայումս  Արցախի  վերահսկողության տակ է նախկին Խորհրդային Միության կազմի մեջ մտնող Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը՝ բացառությամբ Հադրութի շրջանի և Շուշիի շրջանի Շուշի և Քարին տակ բնակավայրերի։

Մայրաքաղաքը Ստեփանակերտն է։ Գործող նախագահը Արայիկ Հարությունյանն է։

Արցախի Հանրապետության անկախությունը դեռեւս չի ճանաչել ՄԱԿ անդամ որեւէ պետություն։

Իմ հարցազրույցի որոշ արձագանք-մեկնաբանություններ առնվազն տարակուսելի են․ Նիկոլ Փաշինյան

Իմ հարցազրույցի որոշ արձագանք-մեկնաբանություններ առնվազն տարակուսելի են․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է դեկտեմբերի 24-ին իր տված հարցազրույցի արձագանքներին ու մեկնաբանություններին։ Գրառման մեջ ասվում է․ «Դեկտեմբերի 24-ի իմ հարցազրույցի որոշ արձագանք-մեկնաբանություններ առնվազն տարակուսելի են հետեւյալ պատճառներով. 1. Այդ հարցազրույցում խոսել եմ 2018 թվականին իմ վարչապետ դառնալուց առաջ ձեւավորված բանակցային բովանդակության մասին, հետեւաբար՝ դրանց գոյանալու վրա որեւէ ազդեցություն ունենալ չէի կարող։ 2. Հարցին ի պատասխան հերքել եմ ՀՀԿ համագումարում Սերժ Սարգյանի արած պնդումը, թե իրենց թողած բանակցային բովանդակությունը երաշխավորում էր Լեռնային Ղարաբաղի հայկական լինելը։ Հերքել եմ, որովհետեւ բանակցային այդ բովանդակությամբ խորհրդային ժամանակ ԼՂԻՄ-ում բնակված ադրբեջանցիների՝ ԼՂ կարգավիճակի որոշմանը մասնակցելու իրավունքը որպես ԼՂ բնակիչ, արձանագրված է եղել։ Հետեւաբար՝ եթե նրանք ըստ բանակցային բովանդակության ԼՂ բնակիչ են, ուրեմն պետք է բնակվեին ԼՂ-ում եւ հայկական կողմը բանակցային այս բովանդակության դեմ 2018-ի հեղափոխությունից առաջ երբեք չի առարկել: Իսկ եթե հաշվի ենք առնում, որ ԼՂ վերջնական կարգավիճակի հարցով հանրաքվեն, ըստ իմ վարչապետ դառնալուց առաջ ձեւավորված բանակցային բովանդակության, կարող էր տեղի ունենալ 100 տարի հետո, կանխատեսելի է, թե նշված պայմաններում ժողովրդագրական պատկերի ինչպիսի փոփոխություններ կլինեին Արցախում։ 3. Ինչ վերաբերվում է մինչեւ կարգավիճակի հարցով պոտենցիալ հանրաքվեն ԼՂ-ի ունեցած կարգավիճակին, այս մասին հարցազրույցում ասել եմ, որ 2016 թվականին միջնորդները ներկայացրել են բանակցային երեք փաթեթ (մեկը ապրիլյան պատերազմից առաջ, երկուսը հետո), որտեղ ի տարբերություն 2011 թվականի կազանյան փաստաթղթի, «Լեռնային Ղարաբաղը ստանում է միջանկյալ կարգավիճակ» նախադասությունը բացակայել է։ Այդ երեք փաթեթներից երրորդում, որը ներկայացվել է 2016 թվականի օգոստոսին, հայտնվել է մի դրույթ, որտեղ ասվում է, որ Լեռնային Ղարաբաղի կյանքի կազմակերպման իրավական եւ պրակտիկ մեխանիզմների մասին որոշումը կայացնելու է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, խորհրդակցելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների, Ադրբեջանի, Հայաստանի, ԵԱՀԿ գործող նախագահողի հետ։ Հենց սա եմ համարել աղետ բանակցային գործընթացում, որովհետեւ ակնհայտ է, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն բոլոր որոշումները կայացնելու էր նախկինում ԼՂ հարցով իր իսկ ընդունած բանաձեւերի տրամաբանությամբ, որտեղ ԼՂ-ն ճանաչել էր Ադրբեջանի մաս։ 4. Այս եւ մի քանի այլ կարեւոր բանակցային խնդիրներ հաշվի առնելով եմ ԱԺ ամբիոնից պնդել, որ 2018 թվականին իմ վարչապետ դառնալուց առաջ առկա բանակցային բովանդակությամբ եւ իրողություններով Արցախը կորցրել էր Ադրբեջանի կազմում չլինելու թե տեսական, թե գործնական հնարավորությունները։ 5. Վարչապետ դառնալով ես սրան ոչ թե համակերպվել եմ, այլ սրա դեմ պայքարել եմ։ Նաեւ այս պատճառով է սկսվել պատերազմը։ 6. Այսօր մարդիկ են ասում, որ ես չպետք է բանակցեմ ԼՂ անունից, ովքեր ինձ 2018-ից քննադատում էին նրա համար, որ ես ասում էի, որ Լեռնային Ղարաբաղի անունից բանակցելու մանդատ չունեմ։ 7. Հասկանում եմ, որ շատ հարգարժան մարդիկ հիմա են բողոքում 2016 թվականի պատերազմի պատճառ ու հետեւանք հանդիսացող բանակցային բովանդակության դեմ։ Այն ժամանակ կամ տեղյակ չեն եղել կամ բողոքելու իրավունք չեն ունեցել։ Այդ բովանդակության դեմ ես էլ եմ բողոքում ու այդ բովանդակությունը չեզոքացնելու համար արել եմ ինչ հնարավոր էր։ Բայց ճշմարտությունը թաքցնել, կներեք, չեմ կարող»: Հիշեցնենք, որ հայտարարությանը, մասնավորապես անդրադարձել էր Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։
17:40 - 26 դեկտեմբերի, 2021
Արայիկ Հարությունյանը անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններին՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ

Արայիկ Հարությունյանը անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններին՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններին՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ, որում ասվում է․ «Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններին ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ և դրանց առթիվ մտահոգություններին հատկապես արցախահայության շրջանում՝ կուզեի մի քանի հիմնական դրույթ շեշտադրել, որոնց քանիցս անդրադարձել եմ տարբեր ուղերձներում ու հայտարարություններում. 1. Արցախահայության ինքնորոշման իրավունքի լիարժեք ճանաչումը որևէ վերապահման ու զիջման ենթակա չէ, և այդ հարցի բացառիկ տերը հենց արցախահայությունն է: Ուստի, միայն Արցախի Հանրապետության իշխանություններն են լիազորված խոսելու Արցախի բնակչության անունից: 2. Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչման նպատակը մեր հիմնական ուղենիշն է, և դրանից շեղում չի կարող իրեն թույլ տալ ոչ մի իշխանություն: Ուստի, Արցախի ժողովուրդն ու իշխանությունները երբևէ ու որևէ կերպ չեն ընդունելու Ադրբեջանի կազմում որևէ կարգավիճակ՝ մինչև մեր նպատակի իրականացում: 3. Ոչ միայն կարգավիճակի, այլ նաև ժողովրդագրական առումով վերադարձ անցյալին չի կարող լինել: Ի՞նչ համատեղ բնակության մասին է խոսքը, եթե Ադրբեջանը շարունակում է իր հասարակությանը սնել հայատյացությամբ և պատրաստել ոչ թե խաղաղության, այլ՝ Արցախի հայաթափման: Իհարկե, մենք կողմ ենք հակամարտության խաղաղ կարգավորմանը և պատրաստ ենք այդ ուղղությամբ ջանքեր գործադրել, սակայն մեր ժողովրդի կենսական իրավունքները, շահերն ու պահանջմունքները սակարկելի չեն: 4. Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի առնվազն այն տարածքներում, որտեղ 1991թ. հռչակվել է Արցախի Հանրապետությունը: Ուստի, մեր բռնազավթված տարածքները պետք է ապաբռնազավթվեն և իրենց բնակիչները պետք է կարողանան վերադառնալ իրենց հայրենի տներ: 5. Ինչ վերաբերում է Արցախի անվտանգությանը, ապա մենք շարունակելու ենք մեր ջանքերը Պաշտպանության բանակի կարողությունների ամրացման ուղղությամբ, իսկ ՌԴ խաղաղապահ զորակազմը պետք է մնա Արցախում կայուն ու անժամկետ կերպով՝ մինչև հակամարտության վերջնական ու արդարացի կարգավորումը և անվտանգության միջազգային լրացուցիչ երաշխիքների տրամադրումը: 6. Չանդրադառնալով անցյալում բանակցային գործընթացի մանրամասներին՝ պարզապես պետք է արձանագրել, որ հիմա պահը շատ ավելի պատասխանատու ու վճռական է, քան՝ երբևէ։ Հետևաբար, իրավունք չունենք սխալներ թույլ տալու, այլապես այդ սխալները կարող են ճակատագրական լինել Արցախի ու Մայր Հայաստանի համար: 7. Եթե որևէ հայ ցանկանում է աջակցել Արցախին, ապա պարտավոր է հաշվի նստել արցախահայության կամքի ու նպատակների հետ, այլապես՝ պետք է պարզապես չխանգարել: 8. Բոլոր իշխանությունները ժամանակավոր են, սակայն մեր նպատակներն ու դիրքորոշումները պետք է պահպանվեն ամուր ու անշեղ կերպով: Մեր ազգային արժեքների ու նպատակների շուրջ միասնականությունը կարևոր է, իսկ, ինչպես նշեցի, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում յուրաքանչյուր հայի ու իշխանության ուղենիշը պետք է լինի արցախահայության կամքն ու նպատակները: Արցախը հազարամյակներ շարունակ եղել է հայկական ու մնալու է հայկական, և արցախահայությունն ունի բավարար կամք ու ռազմավարական համբերություն այդ պայքարը շարունակելու: Անկախ որևէ մեկի կամքից ու կարծիքից, վստահ եմ, արցախահայությունը շարունակելու է իր արդար պայքարը հանուն Արցախի անկախության միջազգային ճանաչման և Հայրենիքի պաշտպանության»,- ասված է գրառման մեջ։ Հարությունյանի այս հայտարարությանը արդեն արձագանքել է նաև Փաշինյանը։
15:53 - 26 դեկտեմբերի, 2021
Արցախում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 14 նոր դեպք

Արցախում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 14 նոր դեպք

 Արցախում դեկտեմբերի 25-ին կատարվել է 113 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 14 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին ստացիոնար բուժում է ստանում 68 վարակակիր: Բժիշկները 14 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 27-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ «2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 31870 քաղաքացու հետազոտություն, որից 4759-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ Արձանագրվել է 2 մահվան դեպք: Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու: Տեղեկացնում ենք, որ անհրաժեշտ է հանրապետության բնակչությունը՝ օր առաջ պատվաստվի (COVID-19)-ի դեմ պատվաստանյութով՝ պահպանելով Ձեր և Ձեր հարազատների առողջությունը: Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումները իրականացվում է ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում՝ մինչև ժամը 19։00, «Արևիկ» բուժմիավորումում, «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ում, Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջանային բուժմիավորումներում: Պատվաստումների վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար կարող եք աշխատանքային ժամերին՝ 9։00-17։00 զանգահարել 047-94-32-27 հեռախոսահամարին»,- ասվում է հաղորդագրության մեջ:
13:17 - 26 դեկտեմբերի, 2021
Արցախի դատախազությունը հերքում է Սեյրան Սարգսյանի սպանության մասով ադրբեջանցիների տարածած վարկածը

Արցախի դատախազությունը հերքում է Սեյրան Սարգսյանի սպանության մասով ադրբեջանցիների տարածած վարկածը

Արցախի Գլխավոր դատախազությունը տեսանյութ է հրապարակել, որտեղ հերքում է ադրբեջանցիների կողմից սպանված Ճարտարի բնակիչ Սեյրան Սարգսյանի մասին տարածված կեղծ վարկածը։ Մասնավորապես, 2021թ դեկտեմբերի 03-ին Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչների կողմից ԱՀ Մարտունու շրջանի Ճարտար համայնքի վարչական տարածքում սպանվել էր նույն համայնքի բնակիչ Սեյրան Սարգսյանը: Դեպքի կապակցությամբ ադրբեջանական կողմը ներկայացրել էր կեղծ վարկած այն մասին, որ Արցախի Հանրապետության քաղաքացի Սեյրան Սարգսյանը հարձակվել էր ադրբեջանական դիրքի վրա, որի ընթացքում իբր չեզոքացվել էր՝ դիրքից մի քանի մետր հեռավորությամբ: «Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքները թույլ են տալիս փաստելու այն վարկածը, որ Սեյրան Սարգսյանը սպանվել է հեռահար կրակոցով, որից հետո ադրբեջանական զինվորականները նրա մարմինը չեզոք գոտուց տեղափոխել են իրենց մարտական դիրք: Այդ մասին են վկայում նաև դեպքի վայրի հարևանությամբ տեղակայված տեսադիտարկման սարքերի արձանագրած տեսանյութերի հետազոտման արդյունքները:  Վերջին շրջանում հարուցված քրեական գործերով պարզված հանգամանքները վերահաստատում են այն իրողությունը, որ Արցախի խաղաղ բնակավայրերի հարևանությամբ տեղակայված ադրբեջանական մարտական հենակետերը անմիջական ու իրական վտանգ են ներկայացնում համայնքային խաղաղ բնակչության կյանքի ու կենսական նշանակություն ունեցող այլ իրավունքների համար»,-նշված է դատախազության հաղորդագրության մեջ։  
16:03 - 25 դեկտեմբերի, 2021
Նիկոլ Փաշինյանն իր խնդրահարույց հայտարարություններով թուլացնում է Հայաստանի դիրքերը |civilnet.am|

Նիկոլ Փաշինյանն իր խնդրահարույց հայտարարություններով թուլացնում է Հայաստանի դիրքերը |civilnet.am|

Հեղինակ՝ Տիգրան Գրիգորյան civilnet.am: Դեկտեմբերի 24-ին տեղի ունեցավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հերթական մամուլի ասուլիսը, որի ընթացքում նա պատասխանեց հայաստանյան մի շարք լրատվամիջոցների ու հասարակական կազմակերպությունների նախօրոք ուղարկած հարցերին: Այս ասուլիսի ընթացքում ևս Ղարաբաղյան հակամարտության թեման առանցքայիններից էր: Փաշինյանը այս համատեքստում հերթական անգամ կատարեց մի շարք պնդումներ, որոնք խիստ խնդրահարույց են և մեծ հաշվով ամբողջովին համապատասխանում են ադրբեջանական քարոզչամեքենայի վերջին տասնամյակներին մշակած թեզերին: Փաշինյանն ու նրա թիմակիցները հետպատերազմյան փուլում 44-օրյա պատերազմում հայկական կողմի աղետալի պարտության մեջ պատասխանատվության սեփական բաժինը նվազեցնելու համար փորձում են հանրության շրջանում տարածել այն թեզը, թե Ղարաբաղյան կարգավորման գործընթացում ի սկզբանե ամեն ինչ կանխորոշված էր, և հեղափոխությունից հետո իշխանության եկած քաղաքական ուժը ի զորու չէր ոչինչ փոխել հօգուտ հայկական կողմի: Այս գործընթացում իշխող թիմը պարբերաբար օգտագործում է բանակցային փաստաթղթերի տարբեր կետերի շուրջ ադրբեջանական հայտնի շահարկումներն ու մեկնաբանությունները: Այսպես, դեկտեմբերի 8-ին՝ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանը, մեկնաբանելով ազատ կամարտահայտության միջոցով Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշման վերաբերյալ հայտնի բանակցային դրույթը, նշեց․ «Երբեք բանակցային գործընթացում և փաստաթղթերում չի ֆիքսվել, որ այդ պոտենցիալ հանրաքվեն լինելու է Լեռնային Ղարաբաղում։ Հասկանո՞ւմ եք։ Չի ֆիքսվել ոչ մի անգամ տարածք, թե որտեղ է տեղի ունենալու այդ հանրաքվեն»: Սա ակնհայտ մանիպուլյացիա էր ՀՀ վարչապետի կողմից, քանի որ թե՛ մադրիդյան, թե՛ կազանյան փաստաթղթերում սևով սպիտակի վրա գրված էր, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակը որոշվելու է ԼՂ բնակչության պլեբիսցիտի (ազատ կամարտահայտության) միջոցով: Իսկ «Լեռնային Ղարաբաղի բնակչություն ասելով հասկացվում է 1988-ի ազգային համամասնությունով ԼՂԻՄ-ում ապրող բոլոր ազգերը այնպիսի էթնիկ համամասնությամբ, ինչպես եղել է մինչև հակամարտության սկիզբը»: Փաշինյանը դեկտեմբերի 24-ի ասուլիսի ընթացքում այս շատ հստակ ձևակերպումները, որոնք նունիսկ մեծ ցանկության դեպքում դժվար է այլ կերպ ընկալել, որակեց որպես հայկական մեկնաբանություն և նշեց, թե հայկական այս մեկնաբանությամբ հանրաքվեն տեղի չէր ունենա երբեք: Ընդհանրապես, ասուլիսի այդ հատվածում Փաշինյանի հնչեցրած մտքերը կրկին ի ցույց դրեցին մի պարզ իրողություն, որը մինչ այդ էլ էր ակնհայտ՝ ՀՀ ներկայիս իշխող թիմի կազմում չկան գործիչներ, որոնք ի վիճակի են ընկալել բանակցային փաստաթղթերում տեղ գտած ձևակերպումներն ու բանակցային գործընթացի հետ առնչություն ունեցող կարևոր հանգամանքները: Առանցքային հարցերի շուրջ բազային գիտելիքների բացակայության ու սեփական նեղ խմբակային շահի պաշտպանության համար բոլոր հարցերում մանիպուլյացիաներ անելու պատրաստակամության արդյունքում Փաշինյանը պարբերաբար կատարում է պնդումներ, որոնք աստիճանաբար թուլացնում կամ նույնիսկ անէացնում են ՀՀ տարբեր դիրքորոշումներ Արցախյան հիմնահարցում: ՀՀ վարչապետի մոտ անտեղյակության ու մանիպուլյացիաների նկատմամբ հակվածության այս հետաքրքիր սիմբիոզը ասուլիսի ընթացքում առանձնապես ցցուն էր, երբ նա պատասխանում էր ՍիվիլՆեթի հարցին: Հարցը հետևյալն էր․ «1992-ից ից ի վեր միջնորդների առաջարկած կարգավորման բոլոր պլանները ընդունել են նախկին ԼՂԻՄ-ի՝ որպես քաղաքական միավորի սահմանները։ 2020-ի պատերազմում այդ սահմանները էապես խախտվել են։ Ներկայում Հայաստանի Հանրապետությունը ունի՞ պաշտոնական դիրքորոշում, թե որոնք են Լեռնային Ղարաբաղի սահմանները։ Եթե բանակցությունները երբևէ մեկնարկեն, Հայաստանը արդյոք բարձրացնելո՞ւ է Շուշիի և հատկապես Հադրութի դեօկուպացիայի հարցը»։ Նախկին ԼՂԻՄ-ի սահմանների վերաբերյալ այս շատ ընկալելի հարցին Փաշինյանն իր պատասխանը հնչեցրեց Լեռնային Ղարաբաղի հայկական լինելու կամ չլինելու շուրջ տեսական, անբովանդակ ու բավականին երկարատև մտատանջանքների տեսքով: Նա մասնավորապես նշեց, որ ԼՂԻՄ-ը բանակցային գործընթացում երբեք չի դիտարկվել որպես զուտ ու միայն հայկական միավորում, որովհետև ԼՂԻՄ-ում ապրել են նաև ադրբեջանցիներ, որոնց իրավունքների պաշտպանությունը եղել է բանակցային օրակարգի մեջ: Շարունակելով միտքը՝ նա կատարեց բոլորի համար ակնհայտ ու հայտնի փաստի «բացահայտում»՝ նախկին ԼՂԻՄ-ի ադրբեջանական բնակչությունը ևս մասնակցելու էր ԼՂ վերջնական կարգավիճակի շուրջ հանրաքվեին: Այս հանրածանոթ փաստի արձանագրումից հետո պարադոքսալ եզրահանգում արեց՝ «եթե ԼՂ ադրբեջանական բնակչությունը հանրաքվեին մասնակցելու իրավունք ունի, ուրեմն այն ունի նաև Լեռնային Ղարաբաղից ինքնորոշվելու իրավունք»: Սա Փաշինյանի մտավոր աճպարարության հերթական վառ օրինակն է, որ որևէ աղերս չունի իրականության հետ: Վերջին երեսուն տարվա ընթացքում որևէ բանակցային փաստաթղթում նման դրույթ չի եղել: Ասուլիսի ընթացքում այս համատեքստում Փաշինյանի մեկ այլ «բացահայտումը» այն էր, որ բանակցային փաստաթղթերով նախկին ԼՂԻՄ-ի ադրբեջանական բնակչությունը պետք է վերադառնար Լեռնային Ղարաբաղ: ՀՀ վարչապետի այս միտքը բացատրում է նրա կողմից նախկինում արված մի շարք հայտարարություններ ու ընդունված որոշումներ: Փաշինյանը, փաստորեն, տարբերություն չի տեսնում որևէ բնակավայր ադրբեջանական բնակչության վերադարձի ու այդ բնակավայրի կամ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի վերահսկողության հաստատվելու միջև: Դա է պատճառը, որ Փաշինյանը հայտարարում էր՝ մինչ պատերազմը բանակցային փաստաթղթերով նախատեսվում էր Շուշիի հանձնումը Ադրբեջանին: Դա է նաև պատճառը, որ 2020-ի հոկտեմբերի 20-ին նա հրաժարվեց ստորագրել զինադադարի վերաբերյալ հայտարարությունը: Փաշինյանի պնդումը 2016-ին ներկայացված կարգավորման պլանի մասին Փաշինյանն իր ասուլիսի՝ Ղարաբաղյան հակամարտությանը նվիրված հատվածում մեկ այլ պնդում կատարեց, որը ևս արժանի է ուշադրության: Նշեց, որ 2016-ին բանակցային սեղանին դրվել է առաջարկությունների երեք փաթեթ, որոնցում Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակի մասին նախադասություն ներառված չի եղել: Փոխարենը, ըստ Փաշինյանի, այդ փաստաթղթով ԼՂ միջանկյալ կարգավիճակի հարցը տեղափոխվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, որտեղ էլ որոշում պիտի կայացվեր այդ ժամանակավոր կարգավիճակի իրավական և գործնական կիրառման նրբությունների վերաբերյալ: Նա եզրահանգում է, որ ՄԱԿ-ի Անվտանգութան խորհուրդը ԼՂ միջանկյալ կարգավիճակի հարցով կանխատեսելի լուծում կկայացներ, քանի որ Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ 1993-ին ընդունված ՄԱԿ-ի ԱԽ-ի հայտնի բանաձևերից երկուսում Լեռնային Ղարաբաղը նշված է որպես Ադրբեջանի մաս: Շարունակությունը՝ civilnet.am-ում
12:39 - 25 դեկտեմբերի, 2021
Գործադիրի անգործությունը․ ինչպես է կառավարությունն անտեսել շրջափակվող գյուղերը |fip.am|

Գործադիրի անգործությունը․ ինչպես է կառավարությունն անտեսել շրջափակվող գյուղերը |fip.am|

fip.am: Նոյեմբերի 10-ին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ Ադրբեջանի իշխանությունների տեղեկացմամբ կեսգիշերից Գորիս-Կապան ճանապարհին կտեղադրվեն մաքսակետեր և այդտեղով երթևեկող տրանսպորտային միջոցների նկատմամբ կիրականացվի մաքսային հսկողություն։ Սակայն Գրիգորյանը տեղեկացրեց նաև, որ օրեր առաջ վերջնականապես ավարտվել են Գորիս-Կապան ճանապարհը շրջանցող M2-Տաթև-Աղվանի-M2 ճանապարհի կառուցման աշխատանքները։  Դեկտեմբերի 20-ին խորհրդարանի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտարարեց, որ Գլխավոր շտաբից հաստատել են, որ մեկ տարի առաջ Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարների միջև կնքվել է պայմանագիր։ Թեև պայմանագրի բովանդակությունը չի գաղտնազերծվել, պատգամավորի պնդմամբ՝ դրանով հայկական զինուժը հետ է քաշվել Զանգելանի և Կուբաթլուի այն հատվածներից, որոնք 2020 թ․ նոյեմբերի 9-ի հայտարարության կնքման պահին գտնվում էին հայկական ուժերի վերահսկողության տակ։  Այս փաստաթղթի վերաբերյալ իշխանությունները մինչև վերջերս ոչ մի մեկնաբանություն չէին տվել և նույնիսկ չէին հիշատակել փաստաթղթի գոյության փաստը, սակայն երբ դեկտեմբերի 22-ին Հանրային հեռուստաընկերության լրագրողը հարցրեց, թե ինչո՞ւ է հանրությունից թաքցվել փաստաթղթի գոյությունը, որով վերջիններս պարտավորվել են զորքերը հետ քաշել զբաղեցրած տարածքներից, Անվտանգության խորհրդի քարտուղարը պատասխանեց, որ փաստաթուղթը զորքերի հետքաշման մասին չէր։ «Այդ փաստաթուղթը եղել է այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է այդ ճանապարհը (Գորիս-Կապան- խմբ․) օգտագործել՝ մինչև այլընտրանքային ճանապարհը ունենալը»,- հայտարարեց Գրիգորյանը։ Վերջինս ասում է, որ փաստաթղթով Գորիս-Կապան ճանապարհը պետք է շահագործվեր մինչև այլընտրանքային ճանապարհի կառուցումը։ Այսինքն, կառավարությունը նախապես գիտեր, որ M2-Տաթև-Աղվանի-M2 ճանապարհի հիմնանորոգման ավարտին պես Ադրբեջանը փակելու է Գորիս-Կապան ճանապարհը։ Սրա հետևանքով Շուռնուխ, Որոտան և Բարձրավան գյուղերի կապը արտաքին աշխարհի հետ գրեթե անհնարին էր դառնալու, քանի որ վերջիններս գործնականում մնալու էին դաշտամիջյան ճանապարհների հույսին, որոնք մարդատար մեքենաների համար անանցանելի են։ «Փաստերի ստուգման հարթակն» արդեն իսկ անդրադարձել է ԱԽ քարտուղարի այն պնդմանը, թե փաստաթղթի գոյությունն ու բովանդակությունը գաղտնի չեն եղել, և ցույց է տվել, որ դրա մասին հանրությունն իմացել է միայն ընդդիմության հայտարարությունից հետո։ Սակայն Գրիգորյանի հայտարարության մեջ կա մեկ այլ կարևոր դրվագ։ Խնդիրը լուծելու համար կառավարությունն ուներ մեկ տարի ժամանակ։ Այդ ընթացքում հիմնանորոգեց միայն M2-Տաթև-Աղվանի-M2 ճանապարհը, և միայն նոյեմբերի 11-ին Ադրբեջանի իշխանությունների կողմից Գորիս-Կապան ճանապարհը փակելու, անցակետեր տեղադրելու և մաքսային հսկողություն իրականացնելու մասին հայտարարությունից մեկ շաբաթ անց որոշվեց հրատապ կարգով սկսել գրեթե շրջափակման մեջ մնացած գյուղեր տանող ճանապարհների նախագծերի պատրաստման և ծախսերի գնահատման փուլը։  Այդ որոշմամբ կառավարությունը Որոտան-Խոտ ճանապարհի վերակառուցման նախագծերի պատրաստման, ծախսերի գնահատման համար 33 մլն դրամ հատկացրեց  «Մոդուլ» ՍՊԸ-ին, Քաշունի-Բարձրավան ճանապարհի կառուցման նախագծերի պատրաստման, ծախսերի գնահատման համար՝ 34 մլն դրամ «Սուֆետ» ՍՊԸ-ին, իսկ Տանձավեր-Շուռնուխ ավտոճանապարհի կառուցման նախագծերի պատրաստման, ծախսերի գնահատման համար՝ 39 մլն դրամ նույն «Սուֆետ» ՍՊԸ-ին։ Նշենք, որ որոշմանը զուգահեռ ճանապարհի որոշ հատվածներում արդեն ակտիվ աշխատանքներ էին ընթանում։ Ինչ վերաբերում է շրջանցիկ հիմնական՝ M2-Տաթև-Աղվանի-M2 ճանապարհահատվածի հիմնանորոգմանը, «Փաստերի ստուգման հարթակը» դեռևս սեպտեմբերին գրել էր այդ մասին՝ ցույց տալով, որ աշխատանքները սկսվել էին ոչ թե պատերազմի ավարտից անմիջապես հետո, այլ միայն այն բանից հետո, երբ ադրբեջանական զինված ուժերը ներխուժեցին Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր։ Ստորագրված փաստաթղթի վերաբերյալ այդ ժամանակ ոչ մի տեղեկություն չկար, որը թույլ կտար պնդել, որ կառավարությունը դրսևորել է ոչ թե անփութություն, այլ անգործություն։ Ստացվում է՝ Հայաստանի իշխանությունները ստորագրել են մի փաստաթուղթ, որով ժամանակ են ստացել Գորիս-Կապան մայրուղին շրջանցող մեկ այլ ճանապարհ կառուցելու համար, սակայն դրա հիմնանորոգման աշխատանքները սկսել են փաստաթուղթը ստորագրելուց կես տարի անց միայն, իսկ ճանապարհի փակվելուց հետո գրեթե շրջափակման մեջ մնացած գյուղերը արտաքին աշխարհին կապելու համար ոչինչ չեն ձեռնարկել՝ չնայած ճանապարհներ կառուցելու համար ունեցել են մեկ տարի ժամանակ։ Այսպիսով՝ եթե ճիշտ է Արմեն Գրիգորյանի պնդումը, թե փաստաթուղթը ճանապարհների օգտագործման մասին է, ապա կառավարությունը, իմանալով այլընտրանքային ուղիներ գտնելու ժամկետների մասին, կես տարի անգործություն է ցուցաբերել M2-Տաթև-Աղվանի-M2 ճանապարհի կառուցման և մեկ տարի՝ Շուռնուխ, Որոտան և Բարձրավան գյուղերը արտաքին աշխարհին կապելու գործում։ Սևադա Ղազարյան
16:58 - 24 դեկտեմբերի, 2021
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 9 նոր դեպք է գրանցվել

Արցախում կորոնավիրուսային հիվանդության 9 նոր դեպք է գրանցվել

Դեկտեմբերի 23-ին կատարվել է 317 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 9 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 70 վարակակիր: Բժիշկները 13 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 35-ինը՝ ծանր, այդ թվում՝ երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։   Արձանագրվել է 1 մահ. 62-ամյա կինը մահացել է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով. նրան ախտորոշվել էր երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, թոքի վնասում, սուր շնչական անբավարարություն, պրոգրեսիվող պոլիօրգան անբավարարություն:   2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 31 573 քաղաքացու հետազոտություն, որից 4731-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։   Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:   Տեղեկացնում ենք, որ անհրաժեշտ է՝ հանրապետության բնակչությունը օր առաջ պատվաստվի (COVID-19)-ի դեմ պատվաստանյութով՝ պահպանելով իրենց և հարազատների առողջությունը:   Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումներն իրականացվում են ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում՝ մինչև ժամը 19։00-ն, «Արևիկ» բուժմիավորումում, «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ում, Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջանային բուժմիավորումներում:   Պատվաստումների վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար կարող եք աշխատանքային ժամերին՝ 9։00-17։00-ն, զանգահարել 047-94-32-27 հեռախոսահամարին:  
13:07 - 24 դեկտեմբերի, 2021
Արցախում կարանտինը երկարաձգվել է երեք ամսով՝ սահմանափակումների որոշակի մեղմացմամբ

Արցախում կարանտինը երկարաձգվել է երեք ամսով՝ սահմանափակումների որոշակի մեղմացմամբ

Արցախի Հանրապետությունում նոր տեսակի կորոնավիրուսի տարածումը կանխելու և այն վերացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ հանրապետության ամբողջ տարածքում սահմանված կարանտինը երկարաձգվել է մինչև 2022 թ. մարտի 24-ը:   Կառավարության որոշման և դրանից բխող՝ առողջապահության նախարարի հրամանի համաձայն՝ նախկինում կիրառված որոշ սահմանափակումներ հանվել կամ ավելի մեղմ պայմաններ են առաջադրվել:   Փոփոխությունները, մասնավորապես, վերաբերում են հետևյալ կետերին՝   հանրապետությունում ուսումնական գործընթացը լիարժեք վերականգնվում է՝ հակահամաճարակային կանոնների պահպանմամբ.   հավաքների և այլ միջոցառումների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցելը թույլատրվում են միայն Արցախի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից սահմանված համապատասխան սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների պահպանմամբ: Միջոցառումների մասնակցության մասին համապատասխան դրույթներում հանվել է անձանց թվաքանակի սահմանափակումը.   հանվել է նաև աշխատավայր ներկայանալիս յուրաքանչյուր 14 օրը մեկ ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ ներկայացնելու պահանջը:   Պատվաստումից հետո բժշկի ցուցումով անձը կարող է երկու օր մնալ տանը և չաշխատել:   Հղի կանանց և ռիսկային գոտում գտնվող այլ անձանց աշխատանքը հնարավոր բոլոր դեպքերում կազմակերպել հեռավար:   Ուժի մեջ են մնում անհատական պաշտպանության միջոցների կիրառման կանոնները, որոնց պահպանման հանդեպ լրացուցիչ վերահսկողություն է իրականացվելու:  
21:15 - 23 դեկտեմբերի, 2021
Արցախի նախագահը մի շարք հիմնախնդիրներ է քննարկել Հադրութի շրջվարչակազմի ներկայացուցիչների և համայնքների ղեկավարների հետ

Արցախի նախագահը մի շարք հիմնախնդիրներ է քննարկել Հադրութի շրջվարչակազմի ներկայացուցիչների և համայնքների ղեկավարների հետ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 23-ին ընդունել է Հադրութի շրջանի վարչակազմի ներկայացուցիչներին և մի խումբ համայնքների ղեկավարների: Քննարկվել են 2020 թվականի Արցախի դեմ ռազմական ագրեսիայի հետևանքով բռնի տեղահանված, ԱՀ և ՀՀ տարբեր բնակավայրերում ժամանակավոր ապաստանած բնակչության խնդիրները, նրանց համար ԱՀ տարածքում նոր բնակավայրերի շինարարության ընթացքը, ինչպես նաև հարակից այլ հարցեր: ԱՀ նախագահը ներկայացրել է 2022 թվականի պետական բյուջեով այդ ուղղությամբ նախատեսվող միջոցառումները, սոցիալական աջակցության ծրագրերը և նշել, որ դրանց զուգահեռ կյանքի են կոչվելու նաև զարգացման ծրագրեր: «Բռնի տեղահանվածների համար նոր բնակավայրերի կառուցումը չի նշանակում, թե ԱՀ իշխանությունները հրաժարվում են տարածքային ամբողջականության վերականգնման պահանջից: Այն մնում է ԱՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններից մեկը»,- ասել է Արայիկ Հարությունյանը:
20:28 - 23 դեկտեմբերի, 2021
Մենք կողմ ենք հակամարտության խաղաղ կարգավորմանը, որտեղ ԱՀ անկախության միջազգային ճանաչումը մեր գլխավոր նպատակն է․ Արայիկ Հարությունյան

Մենք կողմ ենք հակամարտության խաղաղ կարգավորմանը, որտեղ ԱՀ անկախության միջազգային ճանաչումը մեր գլխավոր նպատակն է․ Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 23-ին մասնակցել է Ազգային ժողովի հերթական նիստին, որի ընթացքում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Արցախի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը, տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմը: Իր եզրափակիչ խոսքում նախագահ Հարությունյանն անդրադարձել է 2021թ. կատարված աշխատանքներին՝ նշելով, որ Պաշտպանության բանակի և ՌԴ խաղաղապահ զորակազմի շնորհիվ պահպանվող հարաբերական կայունությունը հնարավորություն է տվել լուծել մի շարք կենսական հարցեր և սկսել ծրագրեր, որոնք առաջընթացի կապահովեն:Արայիկ Հարությունյանը խոսել է նաև 2022-2025թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրերից: Արցախի կարևորագույն խնդիրն, ըստ նախագահի, եղել և մնում է ժողովրդագրությունը, և առաջիկա տարիների բոլոր ծրագրերի նպատակը լինելու է ժողովրդագրական վիճակի բարելավումը: Այդ նպատակով մեկնարկել և նախատեսվում են մի շարք ինչպես սոցիալական, այնպես էլ տնտեսական ծրագրեր:Հանրապետության նախագահն անդրադարձել է նաև բնակարանաշինական մեկնարկած և ապագա ծրագրերին՝ նշելով, որ իր նախընտրական «յուրաքանչյուր ընտանիքին՝ առանձին բնակարան» ծրագիրը մնում է ուժի մեջ: Նա ընդգծել է, որ առաջիկա տարիներին հիմնական շահառու խմբերի բնակարանային կարիքների բավարարումից հետո՝ ընդլայնվելու են բնակարանային ծրագրերի շրջանակները՝ նախընտրական տվյալ խոստման լրիվ իրականացման նպատակով: Նախագահ Հարությունյանը շեշտադրել է նաև սոցիալական մի շարք ծրագրեր՝ ընդգծելով հատկապես այն դրույթը, որ գալիք տարիներին երեխաների նպաստի և կենսաթոշակի չափերը կհասցվեն նվազագույն սպառողական զամբյուղի չափին:Հանրապետության նախագահը խոսել է նաև արտաքին քաղաքական և անվտանգային հարցերի մասին: «Կարծում եմ, որ ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայությունը Արցախում պետք է լինի երաշխավորված ու անժամկետ՝ մինչև դրա անհրաժեշտության վերացումը: Եվ այդ հարցում Արցախի ժողովրդի կարիքն ու կարծիքը պետք է լինեն առանցքային գործոններ, քանի որ հենց մենք ենք խաղաղապահ առաքելության հիմնական շահառուները»,- ասել է ԱՀ նախագահը:Արայիկ Հարությունյանը նշել է, որ պատշաճ անվտանգություն ապահովելու ճանապարհին մեկ այլ կարևոր ուղղություն է Պաշտպանության բանակի, ոստիկանության և ազգային անվտանգության ծառայության կարողությունների ու ամրությունների հետևողական զարգացումը՝ հաշվի առնելով առկա մարտահրավերներն ու իրավիճակի առանձնահատկություննե­րը։Արտաքին քաղաքական դաշտում շարունակվելու է պայքարը ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման փաստի անվերապահ ճանաչման և բռնազավթված տարածքների վերադարձի համար: «Մենք կողմ ենք հակամարտության խաղաղ կարգավորմանը, որտեղ ինքնորոշման իրավունքի հիման վրա ԱՀ անկախության միջազգային ճանաչումը մեր գլխավոր ու անզիջում նպատակն է, որն ուղի կբացի Արցախյան շարժման վերջնանպատակի իրագործման համար »,- ասել է Արայիկ Հարությունյանը:«Արցախի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքն ընդունվել է պատգամավորների ձայների 18 կողմ և 11 դեմ հարաբերակցությամբ:
18:14 - 23 դեկտեմբերի, 2021
Չարեքտար համայնքում ամբողջությամբ խաթարվել է մարդկանց բնականոն կյանքը․ Արցախի ՄԻՊ

Չարեքտար համայնքում ամբողջությամբ խաթարվել է մարդկանց բնականոն կյանքը․ Արցախի ՄԻՊ

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Գեղամ Ստեփանյանն ահազանգում է, որ Չարեքտար համայնքում առկա են բնականոն կյանքի կազմակերպման խնդիրներ։ Թեմայի վերաբերյալ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասվում է հետևյալը։ «2020 թվականի թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախի Հանրապետության Չարեքտար համայնքում ամբողջությամբ խաթարվել է մարդկանց բնականոն կյանքը։ Հետպատերազմյան իրավիճակում՝ համայնքի ճակատագրի անորոշության պայմաններում, համայնքի մի շարք բնակիչներ, հրդեհելով իրենց տները, հեռացել են գյուղից։ Համայնքի կարգավիճակի հստակեցումից հետո հրդեհված բնակարանները վերանորոգելու աշխատանքներ են նախաձեռնվել, որոնք այսօր կամ չեն իրականացվում, կամ էլ ընթանում են դանդաղ՝ հնարավորություն չընձեռելով համայնքի բնակիչներին վերադառնալու իրենց բնակավայր։ Համայնքում շատ լուրջ է արտահայտված անվտանգության հարցը, համայնքի հարակից բարձունքների վրա տեղակայված են ադրբեջանական զինված հենակետեր, որոնք անմիջական սպառնալիք են համայնքի բնակչության կյանքի և այլ կենսական իրավունքների ապահովման համար։ Գրանցվել են դեպքեր, երբ համայնքում ապրող սակավաթիվ բնակիչների խոշոր եղջերավոր անասունները հափշտակվել են ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչների կողմից։ Բնականոն կյանքի վերականգնման համար խիստ անհրաժեշտություն է համայնքի տարածքում անվտանգություն ապահովող ուժերի տեղակայումը, այդ թվում նաև գործուն համագործակցությունը ռուսական խաղաղապահ զորակազմի հետ։ Դպրոցի բացակայությունն ու անվտանգային հարցերը խոչընդոտում են համայքի բնակիչների վերադարձին։ Համայնքապետարանի շենքը դպրոցի վերակառուցելու աշխատանքները, որը նախատեսված է ավարտին հասցնելու 2022թ. հունվարին, ընթանում են շատ դանդաղ, որի հետևանքով այս պահին գյուղում բնակվող 6 դպրոցահասակ երեխաներ զրկված են կրթության իրավունքից։ Երեխաների ուսումնառությունը հարևան Գետավան համայնքի դպրոցում կազմակերպելու առաջարկը ծնողի կողմից մերժվել է անվտանգության նկատառումներից ելնելով՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ շաբաթական կտրվածքով մի քանի անգամ այդ նույն ճանապարհով անցնում են ադրբեջանական շարասյուները։ Համայնքի բնակիչների պնդմամբ մի քանի ընտանիքներ վերադարձել են համայնք, սակայն դպրոցի բացակայության պատճառով նորից թողել և հեռացել են։ Հարկ է նշել նաև, որ համայնքում այսօր ապրող մի քանի ընտանիքներ չեն օգտվում տարբեր կազմակերպությունների կողմից հատկացվող հումանիտար օգնությունից։ Ներկայումս համայնքում բնակվող քաղաքացիների կողմից այս հարցերը բարձաձայնվել են տարբեր խողովակներով, սակայն որևէ առաջընթաց չի արձանագրվել։ Կառավարության և տարածքային կառավարման մարմինների ուշադրությունն եմ հրավիրում բարձրացված խնդիրներին՝ ակնկալելով անհապաղ ու առարկայական միջոցառումներ Չարեքտարում համայնքի բնակիչների բնականոն կյանքն ապահովելու ուղղությամբ»:
17:54 - 23 դեկտեմբերի, 2021