Արցախ

Արցախի Հանրապետություն կամ Լեռնային Ղարաբաղ․ 1991թ․ սեպտեմբերի 2-ին անկախացած հանրապետություն։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Արցախում տեղակայվել են ՌԴ խաղաղապահ ուժերը։ Ներկայումս  Արցախի  վերահսկողության տակ է նախկին Խորհրդային Միության կազմի մեջ մտնող Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը՝ բացառությամբ Հադրութի շրջանի և Շուշիի շրջանի Շուշի և Քարին տակ բնակավայրերի։

Մայրաքաղաքը Ստեփանակերտն է։ Գործող նախագահը Արայիկ Հարությունյանն է։

Արցախի Հանրապետության անկախությունը դեռեւս չի ճանաչել ՄԱԿ անդամ որեւէ պետություն։

Արցախում կորոնավիրուսային հիվանդության 31 նոր դեպք է գրանցվել

Արցախում կորոնավիրուսային հիվանդության 31 նոր դեպք է գրանցվել

Դեկտեմբերի 4-ին կատարվել է 326 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 31 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 95 վարակակիր:   Բժիշկները 18 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 45-ինը՝ ծանր: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։   2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 25 225 քաղաքացու հետազոտություն, որից 4204-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։   Արցախի առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու:   «Նախարարությունից տեղեկացնում են, որ անհրաժեշտ է հանրապետության բնակչությունը՝ օր առաջ պատվաստվի (COVID-19)-ի դեմ պատվաստանյութով՝ պահպանելով Ձեր և Ձեր հարազատների առողջությունը:   Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումները իրականացվում է Արցախի  առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում՝ մինչև ժամը 19։00-ը, «Արևիկ» բուժմիավորումում, «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ում, Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջանային բուժմիավորումներում»,- հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից:  
14:40 - 05 դեկտեմբերի, 2021
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ Ադրբեջանը քրեական գործ է հարուցել Արցախում խաղաղ բնակչի սպանության փաստով |armenpress.am|

ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ Ադրբեջանը քրեական գործ է հարուցել Արցախում խաղաղ բնակչի սպանության փաստով |armenpress.am|

armenpress.am: Արցախում ՌԴ խաղաղապահ առաքելությունը հայտարարել է, որ Ադրբեջանը քրեական գործ է հարուցել Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչի սպանության փաստով։ Այս մասին նշվում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական հաղորդագրության մեջ։ «Մարտունու շրջանում դեկտեմբերի 3-ին արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտում։ Միջադեպի հետևանքով ադրբեջանական պահակակետում սպանվել է Լեռնային Ղարաբաղի բնակիչ։ Դեպքի վայրում ՌԴ խաղաղապահ զորախմբի օպերատիվ խմբի և Ադրբեջանի ԶՈւ Ֆիզուլիի կայազորի զինվորական դատախազության աշխատակիցների աշխատանքի արդյունքներով՝ ադրբեջանական կողմը քրեական գործ է հարուցել խաղաղ բնակչի մահվան դեպքի առթիվ»,-նշված է ՌԴ ՊՆ հաղորդագրությունում։ Դեկտեմբերի 3-ին, ժամը 13:00-ի սահմաններում ադրբեջանցի զինվորականները մուտք են գործել Մարտունու շրջանի վարչական տարածքի հարևանությամբ տեղակայված չեզոք գոտի և բռնություն գործադրել անասնապահությամբ զբաղվող 65-ամյա Սեյրան Սարգսյանի նկատմամբ, այնուհետև, բռնությամբ հասցնելով ադրբեջանական հենակետ, սպանել նրան: Ճարտար քաղաքային համայնքի 65-ամյա բնակչի դին ադրբեջանական կողմը ռուսական խաղաղապահ զորակազմի միջնորդությամբ դեկտեմբերի 4-ին փոխանցել է ԱԻ պետական ծառայությանը։ Արցախի դատախազությունը հայտնել է, որ դեպքի առնչությամբ Արցախում ՌԴ խաղաղապահ ուժերի կազմում ընդգրկված դատախազների հետ փոխգործակցության շրջանակում պարզվել է, որ ԱՀ քաղաքացու սպանությունը կատարել է Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի, շարքային Ռահիմզադե Դավիդ Գաբիլ օղլըն:
09:41 - 05 դեկտեմբերի, 2021
Մարտունու շրջանում իրականացված որոնողական աշխախատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս մեկ աճյուն

Մարտունու շրջանում իրականացված որոնողական աշխախատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս մեկ աճյուն

Կարճատև դադարից հետո այսօր վերսկսվել են զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների (մասունք) որոնողական աշխատանքները: Այս մասին հայտնում են Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։  «Փրկարարական մեկ ջոկատով այսօր որոնումներ են իրականացվել Արցախի Հանրապետության հյուսիսարևելյան գոտում՝ Մատաղիսի ուղղությամբ: Որոնումներն արդյունք չեն տվել: Աշխատանքներնայս հատվածում արդյունք չեն տվել: Սակայն, ՊԲ ստորաբաժանման կողմից Մարտունու շրջանում իրականացված որոնողական աշխախատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս մեկ աճյուն: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո: Այսպիսով, զինադադարից հետո իրականացված որոնողական աշխատանքների, ինչպես նաև ադրբեջանական կողմի հետ դիերի փոխանակման արդյունքում մինչ օրս տարհանվել է 1703 աճյուն»։
21:25 - 04 դեկտեմբերի, 2021
Ադրբեջանական կողմը փոխանցել է Ճարտարի սպանված բնակչի դին

Ադրբեջանական կողմը փոխանցել է Ճարտարի սպանված բնակչի դին

Ադրբեջանական կողմը ԱՀ ՆԳ նախարարությանն է փոխանցել Ճարտար քաղաքի բնակիչ Սեյրան Սարգսյանի դին: Այս մասին հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։  Երեկ կեսօրին ադրբեջանցի զինվորականների կողմից բռնության ենթարկված և դիտավորությամբ կյանքից զրկված Ճարտար քաղաքային համայնքի 65-ամյա Սեյրան Սարգսյանի դին ադրբեջանական կողմն այսօր Մարտունու շրջանի Կարմիր շուկա-Շեխեր համայնքների խաչմերուկում փոխանցել է ԱԻ պետական ծառայությանը: Փրկարարները՝ ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանի գլխավորությամբ, Արցախի խաղաղ բնակչի մարմինը տեղափոխել են և հանձնել հարազատներին: Հիշեցնենք, որ երեկ՝ դեկտեմբերի 3-ին, ժամը 13:00-ի սահմաններում ադրբեջանցի զինվորականները մուտք են գործել Մարտունու շրջանի վարչական տարածքի հարևանությամբ տեղակայված չեզոք գոտի և բռնություն գործադրել անասնապահությամբ զբաղվող 65-ամյա Սեյրան Սարգսյանին, այնուհետև սպանել նրան:
21:19 - 04 դեկտեմբերի, 2021
Դավիթ Բաբայանը առաջնահերթություն է համարել Արցախի միջազգային ճանաչումն ու տարածքների դեօկուպացիան

Դավիթ Բաբայանը առաջնահերթություն է համարել Արցախի միջազգային ճանաչումն ու տարածքների դեօկուպացիան

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը ԱԺ նիստերի մեծ դահլիճում մասնակցել է  ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովին և հանդես եկել ելույթով։Այս մասին տեղեկացնում են ԱՀ ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մանրամասնելով, որ ելույթում նախարարն անդրադարձել է Արցախի Հանրապետության արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններին, տարածաշրջանային զարգացումներին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին։Որպես ԱՀ արտաքին քաղաքական առաջնահերթություններ՝ Դավիթ Բաբայանն առանձնացրել է հանրապետության միջազգային ճանաչումը, Արցախի Հանրապետության տարածքների դեօկուպացիան, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ և արդարացի կարգավորումը, տարբեր երկրների և նրանց սուբյեկտների հետ հարաբերությունների զարգացումն ու ընդլայնումը։Նախարարը շեշտել է, որ Արցախի ժողովրդի և իշխանությունների համար անընդունելի է Ադրբեջանի կազմում որևէ կարգավիճակ, ինչը կնշանակի Արցախի և հայոց պետականության կործանում։Առաջադրված խնդիրների արդյունավետ լուծման համար արտգործնախարարը կարևորել է Արցախի աշխարհաքաղաքական սուբյեկտայնության պահպանումը, համահայկական միասնականությունը, Հայաստանում և Սփյուռքում Արցախի՝ որպես ազգային գերագույն արժեքի ընկալումը։Բաբայանը բարձր է գնահատել Հայ Դատի գրասենյակների կողմից իրականացվող աշխատանքները, կառույցի ներդրումն Արցախի զարգացման և զորացման գործում։ Նախարարը երախտագիտություն է հայտնել հայրենանվեր աշխատանքի համար՝ հույս հայտնելով, որ ՀՅԴ Հայ Դատը նույն եռանդով և նվիրվածությամբ կշարունակի իր աշխատանքը, և արցախակենտրոնությունը կմնա նրա գործունեության հիմնասյուներից մեկը։Խորհրդաժողովի ընթացքում ԱԳ նախարարը նաև պատասխանել է ներկաների՝ արտաքին քաղաքականության ոլորտում առկա մարտահրավերներին և դրանց հաղթահարման ուղղությամբ տարվող աշխատանքներին վերաբերող հարցերին։
17:25 - 04 դեկտեմբերի, 2021
Բաքուն հայտնել է Միրզոյան-Բայրամով հանդիպման չկայացման պատճառը |hetq.am|

Բաքուն հայտնել է Միրզոյան-Բայրամով հանդիպման չկայացման պատճառը |hetq.am|

hetq.am: Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հրաժարվել է Ստոկհոլմում հանդիպել Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Պատճառը հայ պատգամավորների այցն է Լեռնային Ղարաբաղ։ Այդ մասին շաբաթ օրը՝ դեկտեմբերի 4-ին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։  «Ինչպես հայտնի է, Ստոկհոլմում դեկտեմբերի 2-3-ը տեղի է ունեցել ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը, որի աշխատանքներին մասնակցում էր նաև Ադրբեջանի նախարարը։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այդ հանդիպման շրջանակներում առաջարկել էին անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում, և մեր երկիրը մշտապես հանդես է գալիս երկխոսության օգտին։ <...> Միևնույն ժամանակ, նախատեսված հանդիպումից մի քանի ժամ առաջ հայտնի դարձավ հայկական կողմից իրականացված սադրանքի մասին՝ Ադրբեջանի տարածք Հայաստանի խորհրդարանի պատգամավորների խմբի անօրինական այցը։ Ի պատասխան այդ գործողությունների ադրբեջանական կողմը ոչ նպատակահարմար է համարել երկու նախարարների հանդիպումը»,- նշվում է ադրբեջանական կողմի տարածած հաղորդագրության մեջ։ Ադրբեջանական կողմը հավելել է, որ նման գործողությունները վնաս են հասցնում տարածաշրջանում խաղաղության հաստատմանը։  Շարունակությունը՝ hetq.am կայքում  
16:55 - 04 դեկտեմբերի, 2021
Հայտնի է Ճարտար քաղաքի բնակչի սպանությունն իրագործած ադրբեջանցու ինքնությունը․ Արցախի դատախազություն

Հայտնի է Ճարտար քաղաքի բնակչի սպանությունն իրագործած ադրբեջանցու ինքնությունը․ Արցախի դատախազություն

Սույն թվականի դեկտեմբերի 03-ին, ժամը 13:00-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի մի խումբ զինվորականներ ԱՀ Մարտունու շրջանի Ճարտար համայնքի վարչական տարածք հանդիսացող ,,Ղուրուսու,, կոչվող տեղամասից կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի գործադրմամբ բացահայտ առևանգել են նշված տեղանքում հայտնված՝ անասնապահությամբ զբաղվող նույն համայնքի բնակիչ Սեյրան Սմբատի Սարգսյանին և տեղափոխել ,,Կոհակ,, կոչվող բարձունքի վրա տեղակայված մարտական դիրք, որտեղ ազգային ատելության շարժառիթով հրազենից կրակոց արձակելով դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկել են նրան: Այս մասին հայտնում են Արցախի  Հանրապետության  դատախազությունից։ 03.12.2021թ. ԱՀ ոստիկանությունում դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ԱՀ քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 7-րդ և 14-րդ կետերով (սպանությունը), ինչպես նաև 129-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով (մարդուն առևանգելը) նախատեսված հանցանքների հատկանիշներով: Քրեական գործը դատախազության կողմից փոխանցվել է ԱՀ քննչական կոմիտե՝ նախաքննություն իրականացնելու համար: Դեպքի առնչությամբ Արցախի Հանրապետության և Արցախում ՌԴ խաղաղապահ ուժերի կազմում ընդգրկված դատախազների հետ փոխգործակցության շրջանակում պարզվել է, որ ԱՀ քաղաքացու սպանությունը կատարել է Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի, շարքային Ռահիմզադե Դավիդ Գաբիլ օղլըն: Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի գլխավոր դատախազների միջև ձեռք բերված պայմանավորվածության շրջանակում ՌԴ խաղաղապահ զորակազմի դատախազը ներկայացել է դեպքի վայր, լսել ադրբեջանական կողմի վկաներին, սպանություն կատարած անձին, հետազոտել ադրբեջանցիների վկայակոչած ենթադրյալ դեպքի վայրը: Այս պահին խաղաղապահները բանակցում են Սեյրան Սարգսյանի դիակը արցախյան կողմին հանձնելու շուրջ:  Ադրբեջանական կողմը հերթական անգամ աղավաղել է հանցավոր դեպքի հանգամանքները և դիտավորյալ սպանությունը ներկայացրել որպես Արցախի Հանրապետության քաղաքացու կողմից իրենց մարտական դիրքի ուղղությամբ հարձակման կասեցում: Արցախյան կողմը ունի համոզիչ ու անհերքելի բավարար ապացույցներ, այդ թվում ամբողջական տեսագրություն, որը փաստում է ադրբեջանական մի խումբ զինվորականների կողմից Արցախի քաղաքացուն այս պահին որպես չեզոք գոտի դիտարկվող ,,Ղուրուսու,, կոչվող տեղամասից հարկադրաբար և բռնություն գործադրելով առևանգելու, ոտքերից ու ձեռքերից բռնած վիճակում ադրբեջանական հենակետ տեղափոխելու գործողությունները: Տեսանյութը և մյուս ապացույցները առաջիկայում կտրամադրվեն նաև ռուսական կողմին՝ դեպքի իրական հանգամանքների վերաբերյալ ճշգրիտ ու լիարժեք պատկերացում ձևավորելու համար: Դեպքի առթիվ քրեական գործ հարուցելու մասին պաշտոնական տեղեկություն ադրբեջանական կողմը դեռևս չի հրապարակել: 
15:41 - 04 դեկտեմբերի, 2021
Արցախում կորոնավիրուսի 54 նոր դեպք է գրանցվել, 18 հիվանդ ծայրահեղ ծանր վիճակում է

Արցախում կորոնավիրուսի 54 նոր դեպք է գրանցվել, 18 հիվանդ ծայրահեղ ծանր վիճակում է

Դեկտեմբերի 3-ին Արցախում կատարվել է 399 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 54 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ԱՀ առողջապահության նախարարությունը: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում  102 վարակակիր: Բժիշկները 18 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 48-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով Արցախում իրականացվել է  24.899 քաղաքացու հետազոտություն, որից 4.173-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու:
12:12 - 04 դեկտեմբերի, 2021
Արցախի բնակչության դեմ Ադրբեջանի հարձակումները համակարգային բնույթ են ստանում. ՀՀ ԱԳՆ

Արցախի բնակչության դեմ Ադրբեջանի հարձակումները համակարգային բնույթ են ստանում. ՀՀ ԱԳՆ

Դեկտեմբերի 3-ին Արցախի Մարտունու շրջանի Ճարտար համայնքի մերձակայքում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս ադրբեջանական ստորաբաժանումների կողմից գերեվարվել և դիտավորյալ կերպով սպանվել է Ճարտարի բնակիչ Սեյրան Սմբատի Սարգսյանը։ Խստորեն դատապարտում և անթույլատրելի ենք համարում Ադրբեջանի զինված ուժերի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կոպտագույն խախտմամբ իրականացված քաղաքացիական անձի սպանությունը։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԱԳՆ-ն։ Հատկանշական է, որ Արցախի հայ քաղաքացիական բնակչության դեմ հարձակումներն ու ահաբեկման գործողությունները համակարգային բնույթ են ստանում, ինչը պաշտոնական Բաքվի՝ նախկինում Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրագործված նմանատիպ հանցագործություններն անհիմն պատճառաբանություններով արդարացնելու արդյունքն է, ինչը բերում է նմանատիպ վարքագծի կրկնության։ Վերջին շրջանում Արցախի քաղաքացիական բնակչության նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված հանցագործությունները, Ադրբեջանի իշխանությունների կողմից վարվող հայատյացության և Արցախի հայաթափման ու էթնիկ զտումների քաղաքականության շարունակությունն են, ինչը ևս մեկ անգամ վկայում է, որ Արցախի հայերի ֆիզիկական անվտանգության ու կյանքի իրավունքի երաշխավորումն անհնար է Ադրբեջանի իրավասության կամ ենթակայության ներքո։ Այս և քաղաքացիական բնակչության նկատմամբ նախկինում իրականացված հարձակումների պատշաճ հետաքննությունը և մեղավորներին պատասխանատվության ենթարկելը կարող են նախադրյալներ ստեղծել՝ նմանատիպ հանցագործությունները հետագայում կանխելու համար։
22:26 - 03 դեկտեմբերի, 2021
Ադրբեջանի զինծառայողները թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի քաղաքացիական բնակավայրերի մոտ չպետք է լինեն. ՄԻՊ

Ադրբեջանի զինծառայողները թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի քաղաքացիական բնակավայրերի մոտ չպետք է լինեն. ՄԻՊ

Արցախում ադրբեջանական զինծառայողների կողմից հայ խաղաղ բնակչի նկատմամբ բռնության գործադրելը և սպանելն ապացույց է, որ ադրբեջանական զինված ծառայողները թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի քաղաքացիական բնակավայրերի մոտ չպետք է լինեն: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: «Այս միջադեպը վերահաստատում է, որ ադրբեջանական զինված ծառայողների ներկայությունը Հայաստանի և Արցախի քաղաքացիական բնակավայրերի հարևանությամբ ու ճանապարհներին հայկական բնակավայրերի և խաղաղ բնակչության հարևանությամբ կյանքի իրավունքի խախտում է, անվտանգության անմիջական սպառնալիք: Արցախի մարդու իրավունքների պաշտպանը և Արցախի ԱԱԾ-ն հաստատել են, որ այսօր՝ 2021 թվականի դեկտեմբերի 3-ին ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչները սպանել են Ճարտար քաղաքի 65-ամյա խաղաղ բնակչի։ Հրապարակված պաշտոնական տվյալների համաձայն՝ Ադրբեջանցի զինվորականները մուտք են գործել չեզոք գոտի և բռնություն գործադրել անասնապահությամբ զբաղվող խաղաղ բնակչի նկատմամբ, տեղափոխել ադրբեջանական հենակետ և ապօրինաբար դիտավորությամբ զրկել նրան կյանքից»,- գրել է Թաթոյանը: Ըստ ՄԻՊ-ի` ադրբեջանական զինված ուժերի հանցավոր, այդ թվում՝ ահաբեկչական արարքները և' Հայաստանում, և' Արցախում նույնաբնույթ են, իսկ դրանց աղբյուրն ադրբեջանական իշխանությունների հայատյաց ու թշնամանք քարոզող պետական քաղաքականությունն է:
21:38 - 03 դեկտեմբերի, 2021
Արցախի պետական նախարարը հանձնարարություններ է տվել լիազոր մարմիններին կարանտինի կանոնների խիստ պահպանման ուղղությամբ

Արցախի պետական նախարարը հանձնարարություններ է տվել լիազոր մարմիններին կարանտինի կանոնների խիստ պահպանման ուղղությամբ

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը դեկտեմբերի 3-ին անցկացրել է խորհրդակցություն՝ նվիրված հանրապետությունում գործող կարանտինի ժամանակ կիրառվող միջոցառումներին և սահմանափակումներին: Պետական նախարարը ընգծել է կորոնավիրուսի տարածման կանխարգելման ուղղությամբ իրականացված մեծածավալ աշխատանքը՝ շեշտելով, որ նախընտրելի արդյունավետությանը հասնելու համար դեռևս բավականին աշխատանք կա իրականացնելու: «Տարբեր ահազանգեր են ստացվում այն մասին, որ դեռևս շատ քաղաքացիներ ու տնտեսվարողներ չեն պահում կարանտինի կանոնները: Խստորեն պահանջում եմ հետևողական ու արդյունավետ կերպով կիրառել վերահսկողական մեխանիզմները: Այս պահին պատասխանատվությունը մեծ չափով տնտեսվարողների վրա է դրված՝ առաջարկելով կառավարության լիարժեք աջակցությունը մասնագիտական խորհրդատվության, կազմակերպական և, ըստ կարիքի, նյութական տեսքով: Եթե տնտեսվարողներն ու պետական մարմինները իրենց տարածքներում լիովին պահպանեն հակահամաճարակային կանոնները, կունենանք արդյունավետ կարանտին»,- նշել է Արտակ Բեգլարյանը: Առողջապահության նախարարը, ոստիկանության պետը և մի խումբ այլ պաշտոնատար անձինք խոսել են կարանտինի ընթացքում կիրառվող հիմնական միջոցառումների և սահմանափակումների ապահովման աշխատանքների մասին, նշել առկա խնդիրները: Պետական նախարարը հանձնարարել է բարձր պատասխանատվություն ցուցաբերել և խիստ վերահսկողություն սահմանել առողջապահության նախարարի կողմից սահմանված համապատասխան սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների պահպանման հարցում: Արտակ Բեգլարյանը հայտարարել է, որ հեռավար ուսուցման անցած հանրակրթական հաստատություններում ուսումնական գործընթացը մասնակի կվերականգնվի դեկտեմբերի 6-ին՝ սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների պահպանմամբ: Պետական նախարարը հետաքրքրվել է կորոնավիրուսի դեմ պատվաստումների վիճակագրությամբ՝ այդ հարցում կարևորելով մատչելիության ու իրազեկվածության սկզբունքների արդյունավետ ապահովման անհրաժեշտությունը: Արտակ Բեգլարյանն ընդգծել է, որ պատվաստանյութերի անհրաժեշտ քանակի, ախտահանող ու պաշտպանիչ միջոցների անհրաժեշտ քանակության ապահովությունը գտնվում է կառավարության ուշադրության ներքո:
20:45 - 03 դեկտեմբերի, 2021
Արցախի ԱԳՆ-ն դատապարտել է ադրբեջանցի զինվորականների կողմից Ճարտարի բնակչի սպանությունը

Արցախի ԱԳՆ-ն դատապարտել է ադրբեջանցի զինվորականների կողմից Ճարտարի բնակչի սպանությունը

Արցախի արտաքին գործերի նախարարությունից հայտնում են, որ դեկտեմբերի 3-ին Արցախի Մարտունու շրջանի Ճարտարի բնակիչ, 1956 թ. ծնված Սեյրան Սմբատի Սարգսյանը, զբաղվելով անասնապահությամբ, մոլորվելու հետևանքով գերեվարվել է ադրբեջանական ստորաբաժանումների կողմից և սպանվել։   «Նման ահաբեկչական, բարբարոսական արարքը Ադրբեջանում պետական մակարդակով վարվող հայատյաց և ցեղասպան քաղաքականության դրսևորում է և իրականացվել է Ադրբեջանի բարձրագույն իշխանության ցուցումների ներքո։ Դրա ապացույցներից է Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած կեղծ հաղորդագրությունը, որում արդարացվում է Ադրբեջանի զինված ուժերի ահաբեկչական գործողությունը։   Պաշտոնական Բաքվի նման պահվածքը միջազգային իրավունքի և միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտում է, անհարգալից վերաբերմունք ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունների նկատմամբ և նպատակ ունի ահաբեկել Արցախի բնակչությանը, ստիպել նրան լքել հայրենիքը։   Նման քաղաքականությունը նաև բիրտ հարված է Ռուսաստանի կողմից իրականացվող խաղաղապահ առաքելությանը։   Արցախի արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանի ահաբեկչական քաղաքականությունը, կոչ անում միջազգային հանրությանը՝ համարժեք գնահատական տալ Ադրբեջանի սանձարձակ գործողություններին։   Արտաքին գործերի նախարարությունը հորդորում է Արցախի բնակչությանը չտրվել սադրանքների և ևս մեկ անգամ հայտարարում, որ Արցախը եղել է, կա և կմնա հայկական. ոչինչ չի կարող խարխլել մեր կամքն ու հայրենիքում ապրելու հաստատակամությունը»,- ասված է Արցախի ԱԳՆ հայտարարության տեքստում։    
19:04 - 03 դեկտեմբերի, 2021
Ադրբեջանի զինվորականները բռնություն են գործադրել ու սպանել Արցախի Հանրապետության քաղաքացուն. Արցախի ԱԱԾ

Ադրբեջանի զինվորականները բռնություն են գործադրել ու սպանել Արցախի Հանրապետության քաղաքացուն. Արցախի ԱԱԾ

Այսօր՝ ժամը 13։00-ի սահմաններում, Ադրբեջանի զինվորականները մուտք են գործել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի վարչական տարածքի հարևանությամբ տեղակայված չեզոք գոտի և բռնություն գործադրել նույն քաղաքի բնակիչ, Արցախի քաղաքացի, անասնապահությամբ զբաղվող, 1956 թ. ծնված Սեյրան Սարգսյանի նկատմամբ, որից հետո նրան տեղափոխել են ադրբեջանական հենակետ, որտեղ Ս. Սարգսյանին դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկել են։ Արցախի ԱԱԾ-ից հայտնում են՝ արցախյան կողմում տեղադրված տեսախցիկներն արձանագրել են դեպքի հանգամանքներն ու արբեջանցիների հանցավոր գործողությունները։ Արցախի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից դեպքի կապակցությամբ ձեռնարկվում են քրեադատավարական միջոցառումներ։  
18:46 - 03 դեկտեմբերի, 2021
Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ

Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ

Դեկտեմբերի 2-ին ԵԱՀԿ 28-րդ նախարարական համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Նախարար Միրզոյանը կարևորել է ԵԱՀԿ և նրա գործադիր կառույցների հետ Հայաստանի արդյունավետ փոխգործակցությունն ու ԵԱՀԿ երեք հարթություններում նախագծերի իրականացումը՝ ուղղված համապարփակ և համագործակցային անվտանգության հայեցակարգի ամրապնդմանը։ Կողմերն անդրադարձել են նաև Հայաստանի համագործակցության ծրագրի (ACP) հետագա զարգացման հեռանկարներին։ Արարատ Միրզոյանը ներկայացրել է ՀՀ ինքիշխան տարածքի նպատմամբ ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը։ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը վերահաստատել է հայկական կողմի դիրքորոշումը՝ տարածաշրջանում իրավիճակի դեէսկալացիայի և կայուն խաղաղության հաստատման վերաբերյալ՝ միևնույն ժամանակ շեշտելով, որ ադրբեջանական կողմի շարունակական սադրիչ գործողությունները, բարձրագույն ղեկավարության հայատյացության ու ռազմատենչ հռետորաբանությունը խաթարում են այդ ուղղությամբ գործադրվող ջանքերը։ Անդրադառնալով 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված հումանիտար խնդիրներին՝ նախարար Միրզոյանը շեշտել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձնաց անվերապահ հայրենադարձման անհրաժեշտությունը։ Նա կարևորել է նաև ադրբեջանական վերահսկողության տակ անցած Արցախի տարածքներում հայկական պատմամշակութային ժառանգության պահպանումը։ Արարատ Միրզոյանը նշել է, որ ուժի կիրառմամբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված իրադրությունը չի կարող հիմք հանդիսանալ խնդրի լուծման համար: Ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո՝ խաղաղ բանակցությունների միջոցով ԼՂ հակամարտության համապարփակ ու տևական կարգավորման անհրաժեշտությունը»,- նշված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։
18:03 - 03 դեկտեմբերի, 2021
Կիպրոսի Ներկայացուցիչների Պալատը միաձայն ընդունել է «Հայերի նկատմամբ Ադրբեջանի շարունակական ագրեսիան և Լեռնային Ղարաբաղում ընթացիկ իրավիճակի վերաբերյալ» բանաձևը

Կիպրոսի Ներկայացուցիչների Պալատը միաձայն ընդունել է «Հայերի նկատմամբ Ադրբեջանի շարունակական ագրեսիան և Լեռնային Ղարաբաղում ընթացիկ իրավիճակի վերաբերյալ» բանաձևը

Հունաստանում ՀՀ դեսպանությունից տեղեկացնում են․ «Այսօր Կիպրոսի Ներկայացուցիչների Պալատը միաձայն ընդունեց «Հայերի նկատմամբ Ադրբեջանի շարունակական ագրեսիան և Լեռնային Ղարաբաղում ընթացիկ իրավիճակի վերաբերյալ» վերտառությամբ բանաձևը: Բանաձեւը դատապարտում է Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի և Արցախի դեմ` պահանջում է ի կատար ածել 2020 թ-ի նոյեմբերի 9-ի զինադադարի հայտարարության դրույթները, այդ թվում գերիների անհապաղ արձակումը: Միաժամանակ այն կոչ է անում միջազգային հանրությանը գործելու այնպես, որի արդյունքում կդադարի Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի նկատմամբ, ինչպես նաև հորդորում միջազգային կառույցներին հումանիտար աջակցություն ցուցաբերել Արցախի բնակչությանը: Բանաձևը նաև դատապարտում է թուրքական ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված պատերզմում: Բանաձևի ամբողջական տեքստը ներկայացնում ենք ստորև: Հ.Գ. Բանաձևի նախաձեռնման համար շնորհակալություն են հայտնում Կիպրոսի Ներկայացուցիչների Պալատի բոլոր պատգամավորներին։ Այս կարևոր նախաձեռնությունը հաջողությամբ առաջ մղելու համար հատկապես երախտապաևտ ենք Կոստիս Էֆստաթիույին (Սոցիալ դեմոկրատների շարժում), Խարալամբոս Թեոփեմպտույին (Բնապահպանների շարժում – Քաղաքացիների համագործակցություն), ինչպես նաև Կիպրոսի Ներկայացուցիչների Պալատում պետական ներկայացուցիչ Վարդգես Մահտեսյանին: Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների Պալատ Հայերի նկատմամբ Ադրբեջանի շարունակական ագրեսիան և Լեռնային Ղարաբաղում ընթացիկ իրավիճակի վերաբերյալ Դատապարտող Բանաձև Ներկայացուցիչների պալատը Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ի զինադադարի համաձայնագրի մեկ տարին լրանալուց հետո -հաշվի առնելով նախորդ՝ 2020 թվականի հոկտեմբերի 9-ի Լեռնային Ղարաբաղի (Արցախ) տարածաքում Ադրբեջանի կողմից հայերի վրա հարձակման իր բանաձևը,  -հաշվի առնելով Եվրոպական խորհրդարանի 2021 թվականի մայիսի 20-ի բանաձևը, -հաշվի առնելով Միավորված Ազգերի Կազմակերպության կանոնադրությունը, ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոնվենցիան, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան և Ռազմագերիների հետ վարվելու մասին Ժնևի (III) կոնվենցիան, -հաշվի առնելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեին 2021 թվականի մարտի 9-ի ծանուցումը, -հաշվի առնելով Մարդու Իրավունքների դիտորդական առաքելության 2021 թվականի մարտի 19-ի զեկույցը -հաշվի առնելով, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը տեղի ունեցած ռազմական գործողությունների ընթացքում հազարավոր զինվորներ և խաղաղ բնակիչներ, ճնշող մեծամասնությամբ հայեր, զոհվել կամ վիրավորվել են և Լեռնային Ղարաբաղի (Արցախ) հազարավոր խաղաղ բնակիչներ տեղահանվել, -հաշվի առնելով, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի կողմից ստորագրված Եռակողմ զինադադարի հայտարարության 8-րդ կետը նախատեսում է ռազմագերիների, պատանդների ու այլ պահվող անձանց, ինչպես նաև մահացածների դիակների փոխանակում, -հաշվի առնելով, որ հայ ռազմագերիների մի թվաքանակ դեռ ազատ չի արձակվել, զոհվածների դիակները չեն վերադարձվել, իսկ հարյուրավոր հայ գերիների ճակատագիրն անհայտ է, -հաշվի առնելով, որ շարունակվում են Ադրբեջանի ագրեսիվ հայտարարությունները և գործողությունները Հայաստանի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության նկատմամբ, -հաշվի առնելով, որ Արցախի բնակչությունը շարունակում է տուժել հակամարտության հետևանքներից (տեղահանումներ, մարդասիրական օգնության կարիք, մշակութային ժառանգության ոչնչացում, ադրբեջանական ուժերի կողմից Արցախի բնակչության ջրամատակարարման բոլոր աղբյուրների օկուպացիայի պատճառով ջրի խիստ սակավություն), Ներկայացուցիչների պալատը քվեարկելով 1.Դատապարտում է Ադրբեջանի հարձակումը Լեռնային Ղարաբաղի (Արցախ) տարածքի վրա։ 2.Դատապարտում է ինչպես թուրքական ռազմական անձնակազմի, այնպես էլ տեխնիկայի բացահայտ ներգրավվածությունը, 3.Պահանջում է Ադրբեջանին ի կատար ածել զինադադարի մասին հայտարարութան դրույթները, որը նախատեսում է բոլոր գերիների ազատ արձակում, մահացածների դիակների վերադարձ ու անհայտ կորածների ճակատագրի պարզում: 4.Կոչ է անում ՄԱԿ-ին, Եվրամիությանն ու այլ միջազգային կազմակերպություններին մարդասիրական օգնություն տրամադրել Լեռնային Ղարաբաղի (Արցախ) տարածքի բնակչությանը, աջակցություն ցուցաբերել տարածքի վերականգնման գործին, փախստականների վերադարձին ու Արցախի տարածքի հայերի կրոնական և մշակութային ժառանգության հուշակոթողների պաշտպանությանը: 5.Անհանգստություն է հայտնում ականների, կասետային ռումբերի ու այլ չպայթած զինամթերքի առկայության կապակցությամբ, որոնք վտանգում են խաղաղ բնակիչների և հատկապես երեխաների առօրյա կյանքը տարածքում: 6.Կոչ է անում միջազգային հանրությանը գործելու այնպես, որի արդյունքում կդադարի Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի նկատմամբ»:
16:28 - 03 դեկտեմբերի, 2021