Կորոնավիրուս

Արմեն Գրիգորյանը Վրաստանի հետ սահմանը փակելու անհրաժեշտություն չի տեսնում |armenpress.am|

Արմեն Գրիգորյանը Վրաստանի հետ սահմանը փակելու անհրաժեշտություն չի տեսնում |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու աշխատանքների շրջանակներում Վրաստանի հետ սահմանը փակելու անհրաժեշտություն այս պահին չի տեսնում: Անդրադառնալով հարցին, կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու աշխատանքների շրջանակներում կարո՞ղ է քննարկվել Վրաստանի հետ սահմանը փակելու հարցը, Արմեն Գրիգորյանը պատասխանեց. «Եթե դրա անհրաժեշտությունը լինի, կքննարկվի. այս պահին դրա անհրաժեշտությունը դեռ չկա»: Հարցին՝ ազգային անվտանգության լուրջ խնդիր չի՞ լինի, եթե փակ լինեն թե Իրանի, թե Վրաստանի հետ սահմանները, անվտանգության խորհրդի քարտուղարը պատասխանեց. «Մենք դեռ այդ իրավիճակին չենք հասել։ Անվտանգության տեսանկյունից կքննարկենք, Եթե անհրաժեշտություն լինի, կփակենք, եթե չէ, չենք փակի»։
11:08 - 28 փետրվարի, 2020
Կորոնավիրուսով վարակման առաջին դեպքերն են գրանցվել Բելառուսում եւ Լիտվայում |armenpress.am|

Կորոնավիրուսով վարակման առաջին դեպքերն են գրանցվել Բելառուսում եւ Լիտվայում |armenpress.am|

armenpress.am: Բելառուսի առողջապահության նախարարությունը փետրվարի 28-ին հայտնել Է երկրի տարածքում նոր տիպի կորոնավիրուսով վարակման առաջին դեպքի հայտնաբերման մասին: Վարակակիրն Իրանի քաղաքացի Է: «Բելառուսում գրանցվել Է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը: Հայտնում ենք, որ փետրվարի 27-ին Համաճարակաբանության եւ միկրոբիոլոգիայի հանրապետական գիտագործնական կենտրոնում անցկացված թեստերը ցույց են տվել COVID-2019 կորոնավիրուսի առկայությունն իրանցի մի ուսանողի մոտ»,- ասված Է գերատեսչության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ: Լիտվայի առողջապահության նախարարությունը նույնպես հայտնել Է երկրում նոր տիպի կորոնավիրուսով վարակման առաջին դեպքի մասին: Համապատասխան հաղորդումը փետրվարի 28-ին հրապարակվել Է գերատեսչության պաշտոնական կայքում: Վիրուսը հայտնաբերվել Է մի կնոջ մոտ, որը փետրվարի 24-ին վերադարձել Է Վերոնայից: Ներկայում նա գտնվում Է Շաուլյայ քաղաքի հիվանդանոցում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
10:50 - 28 փետրվարի, 2020
Չինաստանից դուրս կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 3664-ի, մահացել է 57 մարդ |azatutyun.am|

Չինաստանից դուրս կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 3664-ի, մահացել է 57 մարդ |azatutyun.am|

azatutyun.am: Չինաստանից դուրս կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 3 հազար 664-ի՝ 47 երկրներում, մահացել է 57 մարդ, հաղորդում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ)։ Չինաստանում, ըստ Առողջապահության հարցերով պետական կոմիտեի, վերջին մեկ օրվա ընթացքում հիվանդության 327 նոր դեպք է հաստատվել, որից 318-ը՝ վարակի օջախը համարվող Հուբեյ նահանգում, արձանագրվել է մահվան 44 դեպք, այդ թվում 41-ը՝ Հուբեյում։ Վարակվածների ընդհանուր թիվը երկրում հասել է 78 հազար 824-ի, որոնցից տվյալ պահին հիվանդ են 39 հազար 919-ը, ծանր վիճակում են 7 հազար 952-ը. 36 հազար 117 մարդ բուժվել և դուրս է գրվել հիվանդանոցներից, 2 հազար 788-ը մահացել է։ Ինչպես և նախօրեին՝ անցած օրվա ընթացքում ևս Չինաստանի սահմաններից դուրս ավելի շատ նոր դեպքեր են գրանցվել, քան Չինաստանում:
09:44 - 28 փետրվարի, 2020
ԱԳՆ-ում կայացել է կորոնավիրուսի համաճարակի կանխարգելման հարցով հանդիպում՝ դեսպանների մասնակցությամբ

ԱԳՆ-ում կայացել է կորոնավիրուսի համաճարակի կանխարգելման հարցով հանդիպում՝ դեսպանների մասնակցությամբ

 ՀՀ արտաքին գործերի նախարարությունում փետրվարի 27-ին կայացել է կորոնավիրուսի համաճարակի կանխարգելման հարցով հանդիպում՝ Հայաստանում հավատարմագրված դեսպանների մասնակցությամբ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։   «Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ (նախարարի պաշտոնակատար) Ավետ Ադոնցը, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը։ Նախարար Թորոսյանն իր խոսքում ներկայացրեց ՀՀ իշխանությունների կողմից ձեռնարկվող քայլերը՝ վիրուսի դեմ պայքարի, այդ թվում նաև Հայաստան ժամանող ուղևորների մոտ սահմանային կետերում հիվանդության հայտնաբերման դեպքերում տարածման կանխարգելման ուղղությամբ։ Նախարարի խոսքի ավարտին դեսպաններն իրականացվող քայլերի շուրջ հարցեր ուղղեցին Արսեն Թորոսյանին։ Հանդիպմանը ելույթով հանդես եկավ նաև Հայաստանում Չինաստանի դեսպան Թիան Էրլունը, որը ներկայացրեց համաճարակի շուրջ իր երկրում վերջին վիճակագրությունը՝ հայտնելով, որ ապաքինվածների թիվը համեմատական կարգով օրեցօր աճում է և Չինաստանի իշխանություններն ակնկալում են ընթացիկ գարնանն արդեն իսկ կանխել վիրուսի տարածումը։ ՀՀ-ում Իտալիայի դեսպան Վինչենցո դել Մոնակոն ներկայացրեց Իտալիայում համաճարակային իրավիճակը՝ նշելով, որ երկրում վարակվածների թիվը գերազանցել է 400-ը, սակայն և՛ քանակային, և՛ տարածքային իմաստով վիճակագրությունը չնչին է և չի գերազանցում տոկոսի տասներորդական մասը։ Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության մշտական համակարգող Շոմբի Շարփը տեղեկացրեց կազմակերպության կողմից ձեռնարկվող քայլերի մասին։ Հանդիպման արդյունքներն ամփոփվեցին առողջապահության նախարարի կողմից, իսկ Ավետ Ադոնցը հայտարարեց, որ դիվանագիտական ներկայացուցչությունների մասնակցությամբ նմանատիպ հանդիպումները կկազմակերպվեն կանոնավոր կերպով՝ ըստ անհրաժեշտության»,- նշված է հաղորդագրության մեջ։
21:22 - 27 փետրվարի, 2020
Իրանի կանանց ու ընտանիքի հարցերով փոխնախագահ Մասումե Էբթեկարի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել |hetq.am|

Իրանի կանանց ու ընտանիքի հարցերով փոխնախագահ Մասումե Էբթեկարի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել |hetq.am|

hetq.am: Իրանական «IRNA» գործակալությունը հայտնում է, որ կորոնավիրուս է հայտնաբերվել Իրանի կանանց ու ընտանիքի հարցերով փոխնախագահ Մասումե Էբթեկարի մոտ։ Վերջին տվյալներով՝ իրականացված թեստավորման արդյունքում պարզ է դարձել, որ փոխնախագահի մոտ առկա են COVID-19 տիպի նոր կորոնավիրուսի ախտանիշներ։ Գործակալությունը հայտնում է, որ Մասումե Էբթեկարը հոսպիտալացվել է, նրան տրամադրվում է անհրաժեշտ բուժօգնություն։  Էբթեկարը դարձել է Իրանի 245-րդ քաղաքացին, որի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս։ Փետրվարի 27-իդ դրությամբ, երկրում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 26-ի։ Հինգշաբթի օրը պարզ էր դարձել, որ Թեհրանի մզկիթներում չեղարկվել են ուրբաթօրյա աղոթքները։ Նպատակը կորոնավիրուսի հնարավոր տարածման կանխարգելումն էր։ 
19:58 - 27 փետրվարի, 2020
«Աստղիկ» ԲԿ-ում մահացած ՀՀ քաղաքացու մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել

«Աստղիկ» ԲԿ-ում մահացած ՀՀ քաղաքացու մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել

«Աստղիկ» բժշկական կենտրոնում մահացած Հայաստանի քաղաքացու մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել: Այդ մասին տեղեկացնում է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:  «Այսօր միանգամից 2 կեղծ լուր շրջանառվեց հավանական կորոնավիրուսով վարակված պացիենտների վերաբերյալ, որոնք տարածվեցին կայծակնային արագությամբ։  Տեղեկացնում եմ, որ մինչ օրս կատարված լաբորատոր քննությունները, որևէ մեկի մոտ կորոնավիրուս չեն հայտնաբերել, այդ թվում Աստղիկ ԲԿ-ում մահացած մեր քաղաքացու մոտ, որի հարազատներին ցավակցում եմ։  Կոչ եմ անում չհավատալ մտացածին լուրերին և հետևել պաշտոնական լրահոսին»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է նախարարը։  Լուրեր էին տարածվել, թե «Աստղիկ» ԲԿ-ում մահացել է Իրանի քաղաքացի՝ կորոնավիրուսի ախտորոշմամբ: Սակայն ԲԿ-ն հերքել էր լուրը և տեղեկացրել, որ այսօր մահացած անձը ՀՀ քաղաքացի էր և նրա լաբորատոր հետազոտության արդյունքները դեռ հայտնի չէին:   
19:50 - 27 փետրվարի, 2020
Հայաստանում իրականացվել է կորոնավիրուսային վարակի 95 հետազոտություն՝ բացասական արդյունքով |hetq.am|

Հայաստանում իրականացվել է կորոնավիրուսային վարակի 95 հետազոտություն՝ բացասական արդյունքով |hetq.am|

hetq.am: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով` փետրվարի 26-ի դրությամբ գլոբալ մակարդակով արձանագրվել է նոր կորոնավիրոսային վարակի (COVID-19) 81109 հաստատված դեպք: Չինաստանում արձանագրվել է 78191 դեպք, որից  2718-ը մահվան ելքով: Չինաստանից դուրս 2918 դեպք է արձանագրվել 37 երկրում, որից 43-ը մահվան ելքով: Այս մասին հաղորդագրություն է տարածել առողջապահության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։ Չինաստանի Առողջապահության պետական ​​հանձնաժողովի ամենօրյա զեկույցի համաձայն` փետրվարի 27-ի, ժամը 14:00 դրությամբ Չինաստանում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) հաստատված դեպքերի թիվը կազմել է 78631, հաստատված դեպքերից  առողջացածների թիվը՝ 32,654: Գրանցվել է 2747 մահ: Ըստ նույն աղբյուրի` փետրվարի 27-ի, ժամը 09:00-ի դրությամբ աշխարհում արձանագրվել է 82206 հաստատված դեպք: Չինաստանից դուրս աշխարհի 46 երկրում գրանցվել է 3575  դեպք: Նոր կորոնավիրուսային վարակի (CՕVID-19) դեմ պայքարի համալիր միջոցառումները՝  սահմանային հսկողությունից մինչ լաբորատոր հետազոտություններ շարունակվում են: Իրականացվել է 95 հետազոտություն՝ բացասական արդյունքով:  Հանրապետության բժշկական կազմակերպություններում նոր կորոնավիրուսային վարակի (CՕVID-19) դիմակայումն ապահովելու համար իրականացվում են բուժանձնակազմի պատրաստվածությանն ուղղված միջոցառումներ:   Մշտական կապ է հաստատվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության և տարածաշրջանի գործընկերների հետ՝ վարակի դեմ պայքարի գործում կարողությունների քննարկման նպատակով:  
18:28 - 27 փետրվարի, 2020
Բակո Սահակյանը կորոնավիրուսի տարածման կանխարգելմանը նվիրված խորհրդակցություն է հրավիրել

Բակո Սահակյանը կորոնավիրուսի տարածման կանխարգելմանը նվիրված խորհրդակցություն է հրավիրել

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել՝ նվիրված կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված աշխատանքներին: Արցախի նախագահի տեղեկատվության վարչությունը հայտնում է, որ որ Բակո Սահակյանը կարևորել է այս ուղղությամբ բոլոր անհրաժեշտ միջոցառումների իրականացումը և հանձնարարականներ տվել շահագրգիռ մարմինների պատասխանատուներին: Զեկույցներով հանդես են եկել խորհրդակցությանը մասնակցող առողջապահության և մյուս համապատասխան ոլորտների ղեկավարները՝ անդրադարձ կատարելով Արցախում վարակի տարածման կանխարգելման նպատակով իրականացվող և նախատեսվող աշխատանքներին: Խորհրդակցության ընթացքում Սահակյանն անդրադարձել է նաև Արցախի նախագահի և Ազգային ժողովի ընտրությունների նախընտրական քարոզարշավի մեկնարկին: Նախագահն ընդգծել է, որ այս ընտրություններն ունեն չափազանց կարևոր համապետական նշանակություն և, ինչպես բոլոր անցած ընտրությունները, պետք է լինեն ժողովրդավարական, բաց ու թափանցիկ, օրենքի տառին ու ոգուն համապատասխան, անցնեն փոխադարձ հարգանքի և հանդուրժողականության մթնոլորտում: Բոլոր պետական մարմինները իրենց պատասխանատվության շրջանակներում պետք է ապահովեն ընտրությունների պատշաճ մակարդակով անցկացումը: Խորհրդակցությանը մասնակցում էին Արցախի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը, պաշտոնատար այլ անձինք:
18:04 - 27 փետրվարի, 2020
Դեղատներում վաճառվող բարակ դիմակները որևէ լուրջ պաշտպանիչ ազդեցություն չունեն․ Արսեն Թորոսյան |pastinfo.am|

Դեղատներում վաճառվող բարակ դիմակները որևէ լուրջ պաշտպանիչ ազդեցություն չունեն․ Արսեն Թորոսյան |pastinfo.am|

pastinfo.am: Դեղատներում վաճառվող բարակ դիմակները որևէ լուրջ պաշտպանիչ ազդեցություն չունեն։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Նա ընդգծեց, որ հատկապես բաց տարածքներում իմաստ չունի այն կրել. «Կարիք չկա ընկնել դրանց հետևից։ Կան հատուկ տեսակի պաշտպանիչ դիմակներ, որոնք անհրաժեշտ են կրել արդեն հաստատված հիվանդությունով հիվանդի հետ աշխատելիս։ Այդ բժշկական դիմակները հիմնականում նախատեսված են բժշկական անձնակազմի համար՝ նրանց առօրյա աշխատանքում»,-ասաց Արսեն Թորոսյանը։ Անդրադառնալով դիմակների քանակին՝ նախարարն ասաց, որ 150 հազարից ավել պահեսավորված դիմակ ունեն՝ նախատեսված բժշկական հաստատությունների համար. «Շուտով նաև գնում ենք կատարելու։ Ճիշտ է գներն ամբողջ աշխարհում բարձրացել են։ Նաև հնարավորություն ունենք տեղում դիմակների արտադրություն կազմակերպելու։ Սակայն դրանք հիմնականում բժշկական նշանակության են և ավելի շատ պետք է կրի նաև այն մարդը, ով պոտենցիալ վարակակիր է»,-ասաց Արսեն Թորոսյանը՝ քաղաքացիներին կոչ անելով հատուկ դիմակների գնումով և պահեստավորումով ինտենսիվ չբաղվել։
15:07 - 27 փետրվարի, 2020
Ունենք 850 հետազոտության թեստ, ևս 3000-ը շուտով կստանանք, ՀՀ-ն պատրաստ է դիմագրավել կորոնավիրուսին, չնայած գրանցված դեպքեր չկան. նախարար |tert.am|

Ունենք 850 հետազոտության թեստ, ևս 3000-ը շուտով կստանանք, ՀՀ-ն պատրաստ է դիմագրավել կորոնավիրուսին, չնայած գրանցված դեպքեր չկան. նախարար |tert.am|

tert.am: Կառավարության նիստի մեկնարկին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախքան օրակարգին անցնելը առողջապահության նախարարին խնդրեց ներկայացնել կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը աշխարհում, տարածաշրջանում և ներկայացնել, թե ինչ միջոցառումներ են կատարվում ՀՀ-ում վիրուսից պաշտպանվելու համար: Նախարարը նշեց, որ երեկվա տվյալների համաձայն՝ աշխարհի 37 երկրում արձանագրվել են կորոնավիրուսի վարակվածության 81 109 դեպք, որից 78 191-ը Չինաստանում, մահվան ելքով գրանցվել է 2 718 դեպք: Նախարարն ընդգծեց, որ վարակվածների մեծ մասը բուժվում, կազդուրվում է, մեծ մասն էլ նույնիսկ առանց բժշկի օգնության և որ ծանր դեպքերը 5 տոկոսի շրջանակում են: Վարչապետն էլ հետաքրքրվեց՝ դեպք կա, որ մարդ կարող է կորոնավիրուսով վարակվել, թեյ, սուրճ, օղի խմել, ու անցնի՞, նախարարը դրական պատասխան տվեց: Ինչ վերաբերում է տարածաշրջանին, Թորոսյանը նշեց, որ Իրանում 139 դեպք է գրանցվել, որից 19-ը մահվան ելքով: Նա նշեց, որ Վրաստանում արձանագրված մեկ դեպք կա և որ առավոտյան խոսել է իր գործընկերոջ հետ և տեղեկացել, որ վարակված անձի հետ շփված անձանց թեստը բացասական է եղել, նրանք մեկուսացվել են, որ 2 շաբաթվա ընթացքում կամ կդառնան վարակակիր, կամ առողջ դուրս կգրվեն: Վարչապետն էլ նշեց, որ Վրաստանի աշխատանքը այս դրվագով տպավորիչ է, և հույս հայտնեց, որ Հայաստանն առնվազն այդ մակարդակով պատրաստ է: «Այո´, պարոն վարչապետ: Երբ սահմանափակեցինք Իրանից ուղևորահոսքերը, բայց ոչ մեր քաղաքացիների համար, և երեկ էլ ինքնաթիռով մեր քաղաքացիներից 52 հոգի վերադարձել է, նրանց ուղեկցել է Իրան գնացած մեր աշխատակիցը: Վարակված քաղաքացի չի եղել, ժամանելուն պես զննում է կատարվել նաև Հայաստանում: Շատ ենք լսում, որ զննումը բավարար չէ, ես կարող եմ ասել, որ համաճարակաբանական հիվանդության կանխարգելման տեսանկյունից այլ ավելի էֆեկտիվ միջոցառում չկա: Այն ջերմաչափումը և զննումը, որ կատարում ենք, առավելագույնն է, որ կարող ենք անել: Այս պահի դրությամբ վիրուսով վարակված դեպք չունենք»,- ասաց նա: Թորոսյանը տեղեկացրեց, որ 95 հետազոտություն է կատարվել մինչև օրս, որոնք բոլորը եղել են բացասական: «Ունենք 850 հետազոտության թեստ և ևս 3000 թեստ շուտով կստանանք, այդ առումով ևս հագեցած ենք: Վերջին 2 օրվա մեջ Հայաստանի սահմանը հատել է 69 բեռնատար, որոնք ոստիկանության և մեր հակահամաճարակային ուժերի կողմից ուղեկցվել են: Պրակտիկորեն, եթե չասեմ ամեն ինչ, ապա հնարավոր ամեն ինչ արվում է, որ վարակի ներթափանցումը Հայաստան կանխվի՝ չնայած այն համարվելով ռեսպերատոր հիվանդություն, շատ քիչ է տարբերվում սեզոնային գրիպի H1N1 շտամից, որը ազատ շրջանառվում է ամբողջ աշխարհում»,- նշեց նախարարը:
12:32 - 27 փետրվարի, 2020
Բացառավում է, որ կառավարությունը հանրությունից թաքցնի կորոնավիրուսի մասին տեղեկությունը. Նիկոլ Փաշինյան |aysor.am|

Բացառավում է, որ կառավարությունը հանրությունից թաքցնի կորոնավիրուսի մասին տեղեկությունը. Նիկոլ Փաշինյան |aysor.am|

aysor.am: Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ կորոնավիրուսին։ «Կարող ենք արձանագրել, որ բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկվում են ու Հայաստանն ապրում է իր բնականոն կյանքով։ Հանրությունը պետք է համոզված լինի, որ եթե ինչ-որ անհանգստացնող տեղեկություն լինի, այն կհանրայնացվի», - ասաց Փաշինյանը։ Նա նշեց, որ բանակում, զինված ուժերում շատ լուրջ միջոցառումներ են ձեռնարկվել։ «Ուզում եմ՝ ծնողները, հարազատները ըմբռնումով մոտենան», - ասաց նա։ Վարչապետը Տիգրան Ավինյանին հորդորեց չթուլացնել զգոնությունը։ «ՀՀ քաղաքացիները պետք է համոզված լինեն, որ բացառվում է նման դեպք, ես գիտեմ, որ նման դեպքերում խուճապ տարածողները շատանում են, բացառվում է, որ լինի դեպք, ու կառավարությունը թաքցնի էդ տեղեկությունը հանրությունից», - ասաց Նիկոլ Փաշինյանը։ Նա կոչ արեց բոլորին ապրել իրենց բնականոն կյանքով։ «Այս պահին որևէ անհանսգտացնող բան չունենք», - հավաստիացրեց վարչապետը։ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ ասաց, որ հատուկ քարտեր են լրացվում այն անձանց համար, ովքեր ռիսկային երկրներից են գործուղվում Հայաստան։ «Եթե, այնուամենայիվ, վիրուսը թափանցի Հայաստան, կախարգելիչ բոլոր միջոցառումները ձեռնարկված են, անգամ ավելի լավ, քան շատ զարգացած երկրներում», - ասաց Ավինյանը։ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստան ժամանող ուղևորները ամբողջությամբ վերահսկողության տակ են։
11:39 - 27 փետրվարի, 2020