ՏԿԵՆ

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին, որը մշակում և իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը տարածքային կառավարման և զարգացման բնագավառում։

ՏԿԵ նախարարն է Սուրեն Պապիկյանը, տեղակալներն են Լիլիա Շուշանյանը, Հակոբ Վարդանյանը, Արմեն Սիմոնյանը, Վաչե Տերտերյանը, Կարեն Իսախանյանը։

Տեղի է ունեցել տեսաժողով ՀՀ ՏԿԵ նախարարության, «Երևանի ՋԷԿ», «ԷԷՀՕ» ՓԲԸ-ների և ԻԻՀ նավթի նախարարության, Իրանի գազի ազգային, «Թավանիր» ընկերությունների պաշտոնյաների միջև

Տեղի է ունեցել տեսաժողով ՀՀ ՏԿԵ նախարարության, «Երևանի ՋԷԿ», «ԷԷՀՕ» ՓԲԸ-ների և ԻԻՀ նավթի նախարարության, Իրանի գազի ազգային, «Թավանիր» ընկերությունների պաշտոնյաների միջև

Օգոստոսի 11-ին տեղի ունեցավ տեսաժողով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, «Երևանի ՋԷԿ», «ԷԷՀՕ» ՓԲԸ-ների և ԻԻՀ նավթի նախարարության, Իրանի գազի ազգային, «Թավանիր» ընկերությունների պաշտոնյաների միջև։ Այս մասին հայտնում է Իրանում ՀՀ դեսպանատունը։ Հայկական կողմից տեսաժողովը վարում էր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի խորհրդական Արա Սիմոնյանը, իրանական կողմից՝ Իրանի գազի ազգային ընկերության միջազգային համագործակցության գլխավոր վարչության պետ Համիդ Ռեզա Հաղբին։ Տեսաժողովի ընթացքում քննարկվեցին գազ-էլեկտրաէներգիա փոխանակման համաձայնագրի փոփոխությունների վերաբերյալ երկու կողմերի առաջարկությունները։ Տեսաժողովին մասնակցում էր և ելույթ ունեցավ ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը։
16:02 - 11 օգոստոսի, 2020
Էդմոն Մարուքյանը Խնձորեսկի ճոճվող կամուրջ տանող ճանապարհը հիմնանորոգելու առաջարկությամբ դիմել է Սուրեն Պապիկյանին

Էդմոն Մարուքյանը Խնձորեսկի ճոճվող կամուրջ տանող ճանապարհը հիմնանորոգելու առաջարկությամբ դիմել է Սուրեն Պապիկյանին

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ դիմել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին՝ Խնձորեսկի ճոճվող կամուրջ տանող ճանապարհը հիմնանորոգելու առաջարկությամբ։ «Սյունիքի մարզի Հին և Նոր Խնձորեսկ համայնքներն իրար կապող հայտնի ճոճվող կամուրջը զբոսաշրջային ուղղություն է։ Կամրջից բացվում է տեսարան դեպի ձորը, որտեղ գտնվում է Անապատ եկեղեցին, որի բակում թաղված է Մխիթար Սպարապետը։ Կամրջի մյուս ծայրում քարանձավային քաղաք է։ Սակայն տեղի միակ ճանապարհը խիստ անբարեկարգ վիճակում է՝ խոչընդոտելով զբոսաշրջիկների թվի աճին։ Ըստ այդմ՝ առաջարկել եմ հիմնանորոգել դեպի Խնձորեսկի ճոճվող կամուրջ տանող ճանապարհը, ինչն իհարկե կունենա դրական ազդեցություն զբոսաշրջային հոսքի և տեղի բնկաչության կենսապայմանների համար»,-գրել է Էդմոն Մարուքյանը։  
10:41 - 11 օգոստոսի, 2020
Միասին գյուղ առ գյուղ, քաղաք առ քաղաք շենացնելու ենք. Սուրեն Պապիկյանը մասնագիտական տոնի առթիվ շնորհավորել է շինարարներին

Միասին գյուղ առ գյուղ, քաղաք առ քաղաք շենացնելու ենք. Սուրեն Պապիկյանը մասնագիտական տոնի առթիվ շնորհավորել է շինարարներին

ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Սիրելի՛ շինարարներ, շնորհավորում եմ մասնագիտական տոնի՝ Շինարարի օրվա առթիվ։ Ձեր որակյալ ու բարեխիղճ աշխատանքը կենսական նշականություն ունի մեր տնտեսության ամրապնդման, ենթակառուցվածքների զարգացման գործում։ Նույնիսկ արտակարգ դրության պայմաններում ձեր նվիրվածության և պատասխանատվության շնորհիվ հնարավոր դարձավ մեղմել համավարակի տնտեսական հետևանքները և ոլորտը պահել դիմակայուն: Ինժեներների, նախագծողների, ճարտարապետների, շինարարների մեծ բանակն իր ամենօրյա նվիրված աշխատանքով բառի ամենաուղիղ իմաստով կառուցում է մեր երկիրը, փոխում այն՝ դարձնելով ավելի լավ,ավելի անվտանգ, բարեկեցիկ ու գեղեցիկ։ Պատմականորեն հայ շինարարները աշխարհին հայտնի են հմուտ շինարարի համբավով և թողած անգնահատելի ժառանգությամբ:Այսօր ևս ձեր աշխատանքի արդյունքները, լավագույնս արտացոլելով ժամանակի ոգին, փոխանցվելու են սերունդներին։ Պետք է փաստել, որ մեր երկրում օր օրի աճող շինարարության պայմաններում մենք կարիք ունենք ոլորտի համալրման և որակյալ մասնագետների ներգրավման, ուստի առանձնահատուկ հարգանքս այն շինարարներին, որոնք այս տարի արտագնա աշխատանքի փոխարեն մասնակցում են երկրի շենացման գործին, ինչպես նաև այն երիտասարդներին, որոնք որոշել են մասնագիտանալ շինարարության հետաքրքիր ոլորտում: Կրկին շնորհավորում եմ շինարարական ոլորտի բոլոր մասնագետներին, մաղթում քաջառողջություն, մասնագիտական նոր հաղթանակներ և բարօրություն»։  
12:51 - 09 օգոստոսի, 2020
Պապիկյանն այցելել է Սեւան-Շողակաթ-Վարդենիս ճանապարհի շինարարական տեղամաս

Պապիկյանն այցելել է Սեւան-Շողակաթ-Վարդենիս ճանապարհի շինարարական տեղամաս

ՀՀ տարածքային կառավարման  եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այցելեց Սեւան-Շողակաթ-Վարդենիս ավտոճանապարհի շինարարական տեղամաս՝ ծանոթանալու ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին: Նախարարին ուղեկցում էր Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: Ինչպես ներկայացրեց ճանապարհաշինական աշխատանքներն իրականացնող «ԱԱԲ Պրոյեկտ» ընկերության պատասխանատուն, պետական միջոցների հաշվին մայիս ամսին Սեւան-Շորժա-Վարդենիս միջպետական նշանակության ճանապարհի 20 կիլոմետրանոց հատվածում իրականացվում է ճանապարհաշինական խոշոր ծրագիր:  Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 1 միլիարդ 800 միլիոն դրամ: Ծրագրով նախատեսված է հիմքի եւ երկշերտ ասֆալտբետոնյա ծածկի, 5 կամրջի եւ 7 կամրջային անցումների կառուցում, 15 հազար 225 մետր երկարության մետաղական արգելապատնեշի տեղադրում, կահավորում, գծանշում: Միայն ասֆալտի երկրորդ շերտի տեղադրումը կընդգրկի 144 հազար քառակուսի մետր մակերես, որին կգումարվի եւս 4500 քառակուսի մետրը՝ մուտքերում եւ ուղիներում: Շինարարական աշխատանքները մոտենում են ավարտին: Շինարարական աշխատանքների ընթացքին ծանոթանալուց հետո նախարար Պապիկյանը կիսվեց իր տպավորություններով: «Հսկայածավալ աշխատանք է կատարվել, այն էլ՝ բավականին կարճ ժամանակի ընթացքում: Այն դեպքում, երբ նախկինում սովորաբար նման ծավալի աշխատանքներն իրականացվում էին մեկ-երկու տարվա ընթացքում, ճանապարհաշինական կազմակերպությունը կարողացել է երկու ամսվա ընթացքում ավարտական փուլի հասցնել շինարարությունը: Շինարարության որակը բարձր են գնահատում նաեւ մեզ հետ համագործակցող միջազգային տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպության ներկայացուցիչները: Սեւանա լճի հյուսիսային եւ արեւելյան ափի բնակավայրերի զարգացման համար այս ճանապարհի հիմնանորոգումը ձեռք է բերում հսկայական նշանակություն, բացի այն, որ այս ճանապարհը դառնում է Հայաստանի հյուսիսային մարզերն Արցախին կապող հիմնական ու ավելի կարճ ուղին: Սա, իհարկե, այսօր Հայաստանում իրականացվող հսկայածավալ ճանապարհաշինության ընդամենը մի հատվածն է, քանի որ մենք մեր առջեւ 500 կիլոմետր երկարության ճանապարհների հիմնանորոգման խնդիր ենք դրել այս տարի  ու ձգտում ենք այն իրագործել ամբողջությամբ: Մարտունի քաղաքի Կամոյի փողոցում այս պահի դրությամբ դեռեւս ընթանում են ջրահեռացման համակարգի կառուցման եւ այլ կարգի նախապատրաստական աշխատանքներ՝ նախքան ասֆալտբետոնյա ծածկի տեղադրումը: Երանոս-Ծակքար հատվածում տեսանք եւ լավ, եւ որոշակի թերացումներով ընթացող աշխատանքներ, որի համար արեցինք համապատասխան դիտողություններ: Որակի մասին հիմա վաղ է վերջնական գնահատակ տալը, սակայն մի բան պարզ է, որ իրականացված ճանապարհաշինական աշխատանքներն արդեն մի գլուխ բարձր են նախորդ տարում իրականացված աշխատանքներից եւ մի քանի գլուխ բարձր՝ ավելի վաղ ժամանակներում իրականացվածներից: Եվ այս ոլորտում մենք քայլ առ քայլ առաջ ենք շարժվում՝ մեր ճանապարհաշինությունը համապատասխանեցնելով միջազգային արդի չափորոշիչներին: Համոզված եմ, որ շուտով մենք կունանենք նաեւ այնպիսի ճանապարհաշինական կազմակերպություններ, որոնք ոչ միայն Հայաստանում կծավալեն որակյալ ճանապարհաշինություն, այլ նաեւ կմաասնակցեն միջազգային մրցույթների եւ ճանապարհաշինական աշխատանքներ կծավալեն նաեւ այլ պետություններում»,-ներկայացրեց Սուրեն Պապիկյանը: Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը եւս այցի արդյունքների շուրջ   ներկայացրեց իր դիտարկումները: «Մենք նախարար Պապիկյանի հետ եղանք շինարարական յոթ տեղամասերում, արեցինք դիտողություններ ու առաջարկություններ, քննարկեցինք ի հայտ եկած խնդիրները, որոնց լուծումները կտրվեն առանց ձգձգումների: Կարելի է ասել, որ մարզում շինարարական շատ եռուն շրջան է սկսվել, որը գնալով ավելի լայն թափ կառնի օգոստոս, սեպտեմբեր եւ հոկտեմբեր ամիսներին: Շատ ծրագրերի մրցույթների արդյունքներն արդեն գտնվում են ամփոփման փուլում, եւ ուրախալին այն է, որ գրեթե բոլոր մրցույթներում եղել են մասնակից ու հաղթող ճանաչված ընկերություններ: Չնայած շինարարությունների ընթացքում նկատված թերություններին՝ ընդհանուր առմամբ մենք գոհ ենք մարզում ծավալված շինարարական աշխատանքների ընթացքից: Աշխատանքների ընթացքում ի հայտ եկած խնդիրները քննարկում ենք անմիջապես եւ գտնում համապատասխան լուծումները: Համոզված եմ, որ գործողության մեջ դրված բոլոր ծրագրերը մենք սահմանված ժամկետներում կավարտենք, եւ եղանակային պայմանները խոչընդոտ չեն հանդիսանա»,-նշեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:
13:07 - 08 օգոստոսի, 2020
Պապիկյանը դիտարկեց Սեւան-Մարտունի-Գետափ ճանապարհի առանձին հատվածներում շինաշխատանքների ընթացքը |armenpress.am|

Պապիկյանը դիտարկեց Սեւան-Մարտունի-Գետափ ճանապարհի առանձին հատվածներում շինաշխատանքների ընթացքը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի ուղեկցությամբ տեղում ծանոթացավ Սեւան-Մարտունի-Գետափ միջպետական ճանապարհի երկու տեղամասերում իրականացվող շինարարության ընթացքին։ Սեւան-Մարտունի Գետափ միջպետական ճանապապարհի Երանոս-Ծակքար յոթ կիլոմետրանոց հատվածում արդեն մեկ ամսից ավել է, ինչ ընթանում են հիմնանորոգման աշխատանքներ:  Ինչպես ներկայացրեց շինարարական աշխատանքներն իրականացնող «ԱԱԲ Պրոյեկտ» ՍՊԸ շինտեղամասի նախագծի ղեկավար Վահրամ Պետրոսյանը, Սեւան-Մարտունի-Գետափ ճանապարհի Երանոս-Ծակքար հատվածի հիմնանորոգման ծրագրի նախահաշվային արժեքը կազմել է 796 միլիոն դրամ, պայմանագրային արժեքը՝ 637,5 միլիոն դրամ: Օգոստոսի 5-ի դրությամբ շինարարությունն արդեն իրականացված է ավելի քան 50 տոկոսով: «Առանձին հատվածներում իրականացվել են ասֆալտբետոնյա ծածկույթի հին շերտի ֆրեզման եւ հեռացման, փոսային նորոգումների, հարթեցնող շերտի եւ ասֆալտբետոնյա վերին շերտի տեղադրման աշխատանքներ: Իսկ որոշակի հատվածներում էլ ընթանում են նոր ավազային ու խճային հիմքերի կառուցման եւ ասֆալտբետոնյա ծածկույթի տեղադրման աշխատանքներ: Ասֆալտբետոնյա վերին շերտի ծակույթի ընդհանուր մակերեսը կազմելու է 59 հազար 200 քառակուսի մետր, եւս 2200 քառակուսի մետր մակերես ընդգրկող տարածք էլ ասֆալտապատվելու է մուտքերում եւ իջատեղերում: Առանձին հատվածներում տեղադրվել են ջրահեռացման համակարգեր: Շինարարական աշխատանքները կավարտվեն այս տարվա ընթացքում: Ճանապարհը կկահավորվի ճանապարհային երթեւեկության նշաններով եւ գծանշումներով: Աշխատանքներն ընթանում են սահմանված` չափորոշիչներին ու ժամանակացույցին համապատասխան: Շուտով այս հատվածում մենք կունենանք արդի չափորոշիչներին համապատասխան ու միանգամայն բարեկարգ ճանապարհ»,-ներկայացրեց շինարարության պատասխանատուն։ Նախարարի այցի հաջորդ կանգառը նույն ճանապարհի` Մարտունի քաղաքով անցնող Կամոյի փողոցում էր։ Ինչպես ներկայացրեց շինարարական աշխատանքներն իրականացնող «Շանթ-Սեյրան» ՍՊԸ տնօրեն Արմեն Ղուկասյանը, պետական միջոցներից շինարարության իրականացման նպատակով հատկացվել է անցնող Սեւան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 1,5-­ կիլոմետրանոց հատվածը հիմնանորոգվում է պետական միջոցների հաշվին: Ճանապարհի հիմնանորոգման պայմանագրային արժեքը կազմել է 635 միլիոն դրամ: Կասֆալտապատվի  շուրջ 25 հազար 500 քառակուսի մետր մակերես ընդգրկող ճանապարհ: Ասֆալտապատում կկատարվի մուտքերում եւ ուղիներում: Հիմնանորոգվող հատվածն ընդգրկում է Մարտունի քաղաքի Կամոյի փողոցը՝ սկսվելով Մարտունի գետի կամրջի մոտից եւ ավարտվելով Աբովյան փողոցի խաչմերուկում: Օգոստոսի յոթի դրությամբ կառուցվում է ջրահեռացման համակարգը, հանվել է ամբողջությամբ հին ասֆալտբետոնյա ծածկույթը եւ ծածկի հիմքը, մոտակա օրերին կսկսվի մայթերի կառուցումը, կտեղադրվի ճանապարհի նոր հիմք եւ ասֆալտբետոնյա ծածկ։ Շինարարական աշխատանքները կավարտվեն մինչեւ տարեվերջ։ Նախարարը հորդորեց շինարարներին` հնարավորինս արագացնել շինարարության տեմպերը, որպեսզի այստեղով Արցախի ու Իրանի հետ կապող ճանապարհների հիմնանորոգումը հնարավոր լինի ավարտել սահմանված ժամկետներում:
17:36 - 07 օգոստոսի, 2020
Քննարկվել է ճանապարհների հիմնանորոգման ընթացքը

Քննարկվել է ճանապարհների հիմնանորոգման ընթացքը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը‚ նախարարի խորհրդական Գոռ Ավետիսյանը‚ նախարարության ճանապարհային ոլորտի քաղաքականության վարչության պետ Սերժիկ Պետրոսյանը հանդիպում են ունեցել ՀՀ պետական բյուջեի միջոցներով ճանապարհների հիմնանորոգման աշխատանքներ կատարող կապալառու ընկերությունների‚ նախագծող և շինարարության որակի նկատմամբ տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Նման ձևաչափով հանդիպումներ պարբերաբար են կայանում‚ որոնց ընթացքում քննարկվում է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքը։ Այս մասին հայտնում է ՏԿԵՆ-ը։Այս պահի դրությամբ ՀՀ միջպետական‚ հանրապետական և տեղական նշանակության ճանապարհներին մեծ ծավալով հիմնանորոգման աշխատանքներ են իրականացվում‚ որոնց ժամանակ երբեմն ի հայտ են գալիս տեխնիկական ու նախագծային որոշ հարցեր‚ որոնց լուծման համար նախագծողը ներկայացնում է առաջարկներ‚ և պատվիրատուի հետ քննարկման արդյունքում ընտրվում է խնդրի լուծման օպտիմալ տարբերակը։Հանդիպման ընթացքում‚ մասնավորապես‚ անդրադարձ է եղել Մ-8‚ Վանաձոր (Մ-6 հատման կետ)-Դիլիջան միջպետական նշանակության ավտոճանապարհի 6.5 կմ հատվածի‚ Տ-1-39 (Մ-1)-Կաթնաղբյուր-Շղարշիկ-Եղնիկ (Տ-1-17) ավտոճանապարհի 3.1 կմ‚ Հ-73 Պարզ լիճ հանրապետական նշանակության ճանապարհի 5.6 կմ‚ Հ-8‚ Երևան-Արտաշատ-Այգևան հանրապետական նշանակության 9.1 կմ հատվածների և այլ ճանապարհների հիմնանորոգման ընթացքին։ Բարձրացված հարցերը հիմնականում վերաբերում էին ճանապարհների հողային պաստառում գոյություն ունեցող գրունտների կարգերի ուսումնասիրմանը‚ ժայռային հանույթին‚ անվտանգության տարրերին և այլն։Նախագծողի‚ կապալառուի և տեխհսկողի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել այցելություններ կատարել նաև շինհրապարակներ և տեղում դիտարկել առաջարկվող լուծումների հնարավորությունները։
11:01 - 07 օգոստոսի, 2020
Միջպետական ճանապարհի Ալավերդի քաղաքի Սանահին կայարանային թաղամասից Նեղոց գյուղ ընկած շինտեղամասում աշխատանքները մեկ ամիս է` դադարեցված են |hetq.am|

Միջպետական ճանապարհի Ալավերդի քաղաքի Սանահին կայարանային թաղամասից Նեղոց գյուղ ընկած շինտեղամասում աշխատանքները մեկ ամիս է` դադարեցված են |hetq.am|

hetq.am: Մ-6 միջպետական ճանապարհի Ալավերդի քաղաքի Սանահին կայարանային թաղամասից մինչև Նեղոց գյուղ ընկած ճանապարհի շինարարական տեղամասում աշխատանքները շուրջ մեկ ամիս է` դադարեցված են: Հուլիսի 27-ին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին տեղամասում ներկայացվել են շինարարական աշխատանքների դադարեցման պատճառները: Տեղամասի պետ Դավիթ Ազատյանի խոսքով՝ նախարարը խոսք է տվել բարձրացված հարցերը լուծել մեկ շաբաթում, սակայն նրա այցելությունից անցած 9 օրերի ընթացքում որևէ հարց չի լուծվել: «Նախարարին ներկայացված հարցերը ընթացք են տրվել, այդ ամենը գործողության մեջ է: Այս պահին նոր բան չունենք հաղորդելու: Լինելու դեպքում՝ կհաղորդենք»,- երեկ «Հետք»-ին հայտնել է նախարար Ս. Պապիկյանի մամուլի քարտուղար Արմինե Մուրադյանը: Մ-6 միջպետական ճանապարհի Ալավերդի քաղաքի Սանահին կայարանային  թաղամասից մինչև Նեղոց գյուղ ընկած 14 կմ հատվածում ճանապարհաշինական աշխատանքները իրականացնում է «ԱԱԲ Պրոեկտ» ՍՊԸ-ն: Խոշոր բեռնատարների երթևեկության ժամանակ ճանապարհին ստեղծվում են վթարային վիճակներ: Տեղամասի պետ Դավիթ Ազատյանի խոսքով՝ կարող էին այս պահին ճանապարհի ասֆալտապատման աշխատանքներն ամբողջությամբ ավարտած լինել, եթե պատվիրատուի կողմից շինարարության ընթացքում առաջացող նախագծային լուծումները և ճանապարհաեզրերի հողատերերի վճարումները կատարված լինեին ժամանակին: «ԱԱԲ Պրոեկտ» ՍՊԸ-ն տեխնիկայի անհրաժեշտ ռեսուրսներ և աշխատուժ ունի, բայց ստիպված սպասում ենք: Կարող եմ ասել, որ 2-3 ամիս մեր նախատեսած աշխատանքներից հետ ենք մնացել»,- ասաց Դավիթ Ազատյանը: Հիշեցնենք, որ Մ-6 ճանապարհի Թումանյան քաղաքից մինչև Բագրատաշեն հատվածի շինարարությունը սկսվել է 2018թ.-ի մայիսին: Այն ծրագրով նախատեսված է ավարտել այս տարվա նոյեմբերին: Հուլիսի 27-ին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը շրջայց է կատարել  ճանապարհի 51,74 կմ հատվածում: «Նախարարի ուշադրության  կենտրոնում էր հատկապես Ալավերդի քաղաքով անցնող միջպետական ճանապարհի շինարարական տեղամասը»,- նշված է նախարարության պաշտոնական կայքում:    Դավիթ Ազատյանի ասելով՝  տեղամասում նախատեսված աշխատանքներից ինչ հնարավոր է եղել, կատարվել է: «Հիմա 5-6 աշխատողներ շարում են Էնգելս թաղամասի ճանապարհի եզրաքարերը: Թաղամասում ջրահեռացման աշխատանքները համարյա վերջացնում ենք»,- ասաց Դ. Ազատյանը: Նա հերքեց ճանապարհի շահագործման ժամկետը երկարաձգելու մասին Ալավերդիում շրջանառվող լուրերը: Ասաց՝ շինարարության ժամկետի առումով պաշտոնական որևէ որոշում չկա: Հուլիս և օգոստոս ամիսները ճանապարհի ասֆալտապատման ամենահարմար ամիսներն են, սակայն «ԱԱԲ Պրոեկտ» ՍՊԸ-ի շինարարական տեղամասում հողային լիցքերի աշխատանքները դեռ չեն սկսվել: Դավիթ Ազատյանի խոսքով՝ նախարար Սուրեն Պապիկյանը տեղեկացվել է իրենց շինարարական տեղամասի աշխատանքները խոչընդոտող բոլոր հարցերի մասին: Էնգելս թաղամասից դուրս գալիս ճանապարհի ձախ կողմում բետոնային թերի աշխատանքներ կան:   «Դա հողօգտագործողի տարածք է, վերջինիս բարեկարգման և ծառապատման համար պետք է վճարվի, որ կարողանանք շարունակել  աշխատանքները: Հողատիրոջ չլուծված վճարումների պատճառով դադարեցված են նաև Ալավերդու Շահումյան թաղամասով անցնող և Երիտասարդական փողոցից Թումանյան փողոց մտնող շրջադարձի աշխատանքները»,- բացատրեց Դ. Ազատյանը: Վերջինիս խոսքով՝ Էնգելս թաղամասում նաև ջրահեռացման խնդիր կա: Այստեղ նախագծից դուրս պարսպի տակով մայթ է նախատեսվել: Շարունակությունը՝ hetq.am-ում
16:38 - 05 օգոստոսի, 2020
Խոշորացված որոշ համայնքներ 172 միլիոն դրամի տեխնիկա կստանան

Խոշորացված որոշ համայնքներ 172 միլիոն դրամի տեխնիկա կստանան

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը, Համաշխարհային բանկից ստացված վարկային միջոցներով, ՀՀ կառավարության քսան և համայնքի հինգ տոկոս համաֆինասավորմամբ շարունակում է իրականացնել «Սոցիալական ներդրումների և տեղական տնտեսության զարգացման» ծրագիրը, որի երկրորդ բաղադրիչով Հայաստան է բերվել տեխնիկայի նոր խմբաքանակ: Այս մասին հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթաքկառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից: Շահառու հերթական համայնքներն են`Սյունիքի մարզի Սիսիան համայնք,Վայոց Ձորի մարզի Արենի համայնք,Լոռու մարզի Ախթալա համայնք: Սիսիան համայնքը կստանա համակցված ճանապարհային բազմաֆունկցիոնալ մեքենա` 36 միլիոն 900 հազար դրամ արժողությամբ և աղբատար երկու մեքենա` յուրաքանչյուրը 35 միլիոն 250 հազար դրամ արժողությամբ: Արենի և Ախթալա համայնքները կստանան մեկական աղբատար մեքենա` 32 միլիոն 350 հազար դրամ արժողությամբ: Այս փուլում ընդհանուր ներդրումը կազմում է 172 միլիոն 100 հազար դրամ:
13:15 - 04 օգոստոսի, 2020
Հիմնանորոգվում է Արմավիր գյուղից մինչև Նոր Կեսարիա ճանապարհը

Հիմնանորոգվում է Արմավիր գյուղից մինչև Նոր Կեսարիա ճանապարհը

Ընթանում են Տ-3-11/Հ-15/ (Արմավիր գյուղ) Նալբանդյան-Գետաշեն-Նոր Կեսարիա- Մ-5 ավտոճանապարհի 3 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգման աշխատանքները։ Այս ճանապարհահատվածն անցնում է Արմավիրի մարզի մի քանի բնակավայրերով՝ Արմավիր‚ Նոր Արտագերս‚ Նալբանդյան‚ Գետաշեն‚ Նոր Կեսարիա և այլն։ Այս մասին հայտնում է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը: Պետական բյուջեից հատկացված միջոցներով կատարվող հիմնանորոգման աշխատանքների շրջանակներում իրականացվելու են հողային աշխատանքներ, կամուրջների վերանորոգում, կողնակների հարթեցում և լրացում, բազալտե եզրաքարերի տեղադրում, ջրահեռացման համակարգերի հիմնանորոգում, մայթերի, անվտանգության տարրերի իրականացում, նշանների, ասֆալտբետոնե ծածկի տեղադրում և գծանշում։ Շինարարական աշխատանքները կատարում է «Ճանշինվարպետ» ՓԲԸ-ն‚ աշխատանքների պայմանագրային արժեքն է 182 միլիոն դրամ։
12:27 - 03 օգոստոսի, 2020
Նախարար Պապիկյանն արձանագրել է համայնքների աննախադեպ ակտիվությունը սուբվենցիոն ծրագրերում ներգրավման առումով

Նախարար Պապիկյանն արձանագրել է համայնքների աննախադեպ ակտիվությունը սուբվենցիոն ծրագրերում ներգրավման առումով

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ կայացել է ՀՀ մարզպետների հետ հերթական խորհրդակցությունը, որի ընթացքում քննարկվել են մարզերում իրականացվող ընթացիկ ծրագրերը: Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից։ Նախարար Պապիկյանը, ողջունելով ներկաներին, անդրադարձել է խորհրդակցության հրատապությանն ու կարևորությանը: Նախարարի խոսքով՝ թեպետ արտակարգ դրության ժամանակ աշխատանքը տարածքային կառավարման բնագավառում ընթացել է բնականոն կերպով, այնուամենայնիվ, երկարատև ընդմիջումից հետո նմանօրինակ ձևաչափով աշխատանքային հանդիպումը հնարավորություն է տալիս առավել մանրամասն քննարկել 2020թ. առաջին կիսամյակում արձանագրված ընդհանուր խնդիրները և դրանց համակարգային լուծումները: Խորհրդակցության օրակարգային հարցերի թվում հատկապես կարևորվել է համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի ընթացքոը: «Այս տարի հաստատված ծրագրերի ընդհանուր բյուջեն 44,7 մլրդ դրամ է, որից պետության համաֆինանսավորումը կազմում է 24,8 մլրդ դրամ: Սա խոսում է այն մասին, որ կառավարություն-համայնք համագործակցության շրջանակում դեռ նախորդ տարիներին մեր կողմից սահմանված նշաձողերին հասնելու ուղղությամբ շոշափելի քայլեր են արվել, ներկայացված հայտերի առումով համայնքները ցուցաբերել են աննախադեպ ակտիվություն, ինչի արդյունքում այս տարի ունենք հաստատված 701 սուբվենցիոն ծրագիր: Համեմատության համար պետք է նշել, որ 2018 և 2019թ. միասին հաստատվել էր 618 հայտ»,- ասել է նախարար Պապիկյանը: Նախարարը մարզպետների ուշադրությունն է հրավիր ծրագրերի մրցութային գործընթացների կազմակերպման վրա և հորդորել հետևոաղական լինել մեկնարկող շինարարական աշխատանքների ընթացքի ուղղությամբ: Անդրադարձ է կատարվել նաև նախորդ տարի հիմնականում եղանակային անբարենպաստ պայմանների հետևանքով հետաձգված ծրագրերին: Հանձնարարվել է կապալառուների կողմից ստանձնած պարտավորությունների և փաստացի կատարողականի հիման վրա ամփոփել ավարտական արդյունքները: Նախարար Պապիկյան մարզպետների հետ քննարկել է նաև 2020թ. հուլիսի 1-ի դրությամբ համայնքների սեփական եկամուտների հավաքագրման արդյունքները։ Արձանագրվել է, որ 2020թ. առաջին կիսամյակում հավաքագրվել է 8,2 մլրդ դրամ, ինչը 1,3 մլրդ դրամով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված ցուցանիշից։ Նշվել է, որ ցուցանիշների անկումը մեծապես պայմանավորված է եղել համավարակի տնտեսական հետևանքներով։ Խորհրդակցության ընթացքում քննարկվել է նաև մարզպետարանների օպտիմալացման հարցը, ընդգծվել է, որ նախատեսվող կառուցվածքային փոփոխությունները բխելու են մարզպետարանների գործառույթային առանձնահատկություններից և միտված են լինելու այդ գործառույթների առավել լիարժեք իրականացմանը։ Նախատեսվում է, որ մարզպետը կունենա մեկ տեղակալ: Ի թիվս վերոշարադրյալի՝ խորհրդակցության շրջանակներում քննարկվել են օրակարգային այլ հարցեր ևս, որոնք առնչվել են շարժական սպանդանոցներին, կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված մարզերում գրանցված վնասներին և առաջիկայում այս համատեքստում խնդիրների լուծման տարբերակներին։
21:14 - 31 հուլիսի, 2020
«Վառելիքի շուկայում արհեստականորեն մոնոպոլ դիրք էր ստեղծվել, Ղազախստանի հետ համաձայնագիրը մրցակցություն կստեղծի» |armtimes.com|

«Վառելիքի շուկայում արհեստականորեն մոնոպոլ դիրք էր ստեղծվել, Ղազախստանի հետ համաձայնագիրը մրցակցություն կստեղծի» |armtimes.com|

armtimes.com: Հայաստանի վառելիքի շուկայում տասնամյակներ շարունակ ձեւավորված մենաշնորհը կարծես թե վերանում է։ Ռուսաստանից բացի, հնարավորություն է ընձեռվել նաեւ արտոնյալ պայմաններով նավթամթերք ներկրել Ղազախստանից։ Սա նշանակում է, որ Հայաստանի վառելիքի շուկայի ընկերություններն այլընտրանք կունենան։ ՀՀ Կառավարությունը հուլիսի 2-ի նիստում հավանություն տվեց Հայաստանի եւ Ղազախստանի կառավարությունների միջեւ Հայաստան նավթամթերքի մատակարարումների բնագավառում առեւտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագրի ստորագրմանը։ Նիստի ժամանակ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ համաձայնագրի ստորագրումից եւ վավերացումից հետո հնարավորություն է տրվելու ղազախական վառելիքը ավելի բարելավված պայմաններով ներկրել ՀՀ, ինչն էլ Հայաստանի վառելիքի շուկայում որոշակի մրցակցության հնարավորություն կստեղծի եւ կազդի բենզինի շուկայի վրա։ Թեմայի վերաբերյալ հարցազրույց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանի հետ։ - Պարո՛ն Վարդանյան, շաբաթներ առաջ Կառավարությունը հավանություն տվեց Հայաստան-Ղազախստան նավթամթերքի մատակարարման համաձայնագրի ստորագրմանը։ Ի՞նչ համաձայնագիր է դա եւ ի՞նչ է տալու Հայաստանին։ - Համաձայնագիրը դեռեւս ստորագրված չէ, միջպետական պայմանագրերի ընթացակարգով ընթանում է։ Դեռեւս ֆինանսների նախարարությունում եւ արդարադատության նախարարությունում ուսումնասիրվում եւ վերլուծվում է, եթե հարցեր չլինեն, դրանից հետո հեշտացված ընթացակարգով նախագահը կստորագրի։ Եթե կլինեն ավելի խոր հարցեր, կգնա Սահմանադրական դատարան եւ Ազգային ժողովի վավերացման։ Ի՞նչ է համաձայնագիրը. նավթամթերք արտադրող եւ արտահանող երկրներն ունեն արտահանման մաքսատուրք։ Հայաստանը, հանդիսանալով ԵԱՏՄ անդամ երկիր, Ռուսաստանից ներմուծման պարագայում չունի արտահանման մաքսատուրք, ինչն արդեն իսկ ռուսական նավթամթերքի համար մեր շուկայում ստեղծել էր լավ վիճակ, այսինքն՝ եթե արտահանման մաքսատուրք չկա, Ռուսաստանից նավթամթերք ներմուծելու ինքնարժեքն ավելի ցածր էր ստացվում։ Մենք նախօրոք համաձայնեցնում էինք, որ, օրինակ, 100 հազար տոննա բենզին պետք է բերենք, եթե դրանից ավելի ենք բերում Ռուսաստանից, ուրեմն մաքսատուրք կա, եթե մինչեւ այդքան ենք բերում, մաքսատուրք չկա։ Հիմա նույն պրոցեսը մենք արդեն Ղազախստանի հետ ենք անում, ինչը հնարավորություն կտա նաեւ ղազախական արտադրողներին եւ այլոց Հայաստան նավթամթերք ներմուծել։ Ռուսական վաճառողը գիտի, որ իրենց արտադրանքը Հայաստան ամենաէժանն է հասնում, քանի որ ազատված են արտահանման մաքսատուրքից, եւ որոշակի առումով կարելի է ասել, որ դա նրանց մոնոպոլ էր դարձնում։ Օրինակ՝ 15 կամ 20 տոկոս մաքսատուրքի չափով ռուսական արտադրողն ավելի էժան էր արտահանում։ Մի բան էլ ասեմ. ռուսական արտադրողները Հայաստանում մի ընկերության հետ էին աշխատում։ Մյուս ընկերությունները, որ ուզում էին Ռուսաստանից նավթամթերք բերել, նրանց չէին վաճառում, ասում էին՝ սահմանված չափով վաճառել ենք այդ ընկերությանը, եւ արհեստականորեն մոնոպոլ դիրք էր ստեղծվում։ Այժմ հնարավորություն կլինի նաեւ 2-րդ երկրից ներմուծում կատարել, եւ կարծում եմ՝ մրցակցություն կլինի։ Հիմա, եթե մենք ունենանք նմանատիպ պայմանագրեր այլ երկրների հետ եւս, դա շատ լավ կլինի։ - Որակական առումով ինչպիսի՞ն է ղազախական նավթամթերքը ռուսականի համեմատ։ - Չեմ կարող ասել։ Կարծում եմ՝ եթե նույնիսկ զիջի էլ կամ առավել լինի, շուկան կկարգավորի դա։ - Գնային էական տարբերություն կա՞ ռուսական եւ ղազախական բենզինի միջեւ։ - Նավթամթերքները հիմնական բորսայական արժեքներ ունեն, չեմ կարծում, որ այստեղ գնային մեծ տարբերություններ կարող են լինել։ Գնային առումով կարող է տարբերություն տալ այն առումով, որ ռուսական արտադրողը չի օգտվի առիթից եւ վաճառի մեկ ընկերության, այսինքն՝ այլ տեղից էլ կարող ենք արդեն գնել։ Հիմա պատկերացրեք՝ դուք ուզում եք նավթամթերք ներմուծել, մեկի հետ տարիներ շարունակ աշխատում եք Ռուսաստանում, ես գնում եմ, չեմ կարողանում, կամ ինձ այլ գնով են առաջարկում, կամ Ռուսաստանը այդ մի ընկերությանն ավելի թանկ է վաճառում, քան կվաճառեր, եթե իրենք մրցակից ունենային դրսում։ - Ե՞րբ այս համաձայնագիրը վերջնական կվավերացվի, եւ նավթամթերք ներմուծողները կկարողանան վառելիք ներմուծել Ղազախստանից։ - Չեմ կարծում՝ երկար տեւի։ Կարծում եմ՝ վատագույն սցենարի դեպքում, եթե գնա Ազգային ժողովի վավերացմանը, առավելագույնը 3 ամիս կտեւի։ - Ղազախստանից նավթամթերք մատակարարելու վերաբերյալ ի՞նչ կարծիք ունեն Հայաստանի վառելիքի շուկայի խաղացողները, այդ հարցով դիմե՞լ են նախարարություն։ - Ընդհանրապես նախարարություն դիմել են, ասել են՝ եթե պետությունը կարողանա օժանդակել, որ իրենք կարողանան առանց մաքսատուրքի այլ երկրներից նավթամթերք ներկրել, դա կօգնի մրցակցությանը եւ շուկայի ավելի բարենպաստ վիճակին։ Այդպիսի դիմումները բազմաթիվ են եղել: Նախարարությունը ուսումնասիրեց դրանք ու առաջին քայլը սկսեց Ղազախստանից։ Շարունակությունը՝ armtimes.com-ում
16:53 - 31 հուլիսի, 2020
Ընթանում են Տաթև-Աղվանի 12.5 կմ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները

Ընթանում են Տաթև-Աղվանի 12.5 կմ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները

ՀՀ պետբյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Հ-46, Մ2-Տաթև-Աղվանի-Մ2 ճանապարհահատվածը։ Կապալառու կազմակերպությունը՝ «Վահագն և Սամվել» ՍՊԸ-ն, իրականացնելու է հողային աշխատանքներ, ջրահեռացման համակարգերի մաքրում և վերականգնում, անվտանգության տարրերի, երկշերտ ասֆալտբետոնե ծածկի տեղադրում և նշագծում։ 12.5 կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման համար հատկացվել է մոտ 1 մլրդ 170 մլն դրամ։ Այս մասին հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։  2019թ. Հիմնանորոգվել էր Սատանի կամրջից մինչև Տաթև 6 կմ ճանապարհահատվածը։ 2021թ.-ին նախատեսված է Տաթև-Աղվանի ճանապարհի շարունակության՝ 17.5 կմ հատվածի հիմնանորոգում‚ իսկ 2022թ. Կհիմնանորոգվի դեպի Կապան ևս 10 կմ ճանապարհահատված։ Այդպիսով կունենանք Գորիս-Կապան ճանապարհին այլընտրանքային՝ 40 կմ բարեկարգ‚ ասֆալտապատ ճանապարհ։ Այս ճանապարհը ռազմավարական նշանակություն ունի։ Ճանապարհի հիմնանորոգումը կնպաստի զբոսաշրջության և տնտեսական ներուժի զարգացմանը։
11:32 - 28 հուլիսի, 2020
Ոռոգման համակարգերի արդիականացում՝ 50 միլիոն դոլարով

Ոռոգման համակարգերի արդիականացում՝ 50 միլիոն դոլարով

ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամն իրականացնում է Ոռոգման համակարգերի արդիականացման ծրագիր, որի ընդհանուր արժեքը 50 միլիոն դոլար է: 40 միլիոն դոլարը Եվրասիական զարգացման բանկից ստացված վարկ է, 10 միլիոն դոլարը ՀՀ կառավարության համաֆինանսավորումն է: Այս մասին հայտնում է ՀՏԶՀ-ն:  Ծրագրի հիմնական նպատակներն են՝ կառուցել մեխանիկական ոռոգումն ինքնահոսով փոխարինող համակարգեր, վերակառուցել գլխավոր և միջտնտեսային ջրանցքներ, ներտնտեսային ոռոգման համակարգեր, արդիականացնել և հզորացնել ջրօգտագործողների ընկերությունները: Տպավորիչ են հատկապես սպասվող արդյունքները. ծրագրի հաջող ավարտից հետո Հայաստանում տարեկան կխնայվի 11.8 միլիոն կիլովատ/ժամ էլեկտրաէներգիա, շահագործման ծախսերը կկրճատվեն տարեկան 300 միլիոն դրամով, 10.5 հազար հեկտարով կավելանան ոռոգվող հողատարածքները, 8 պոմպակայան շահագործումից դուրս կգա, կվերականգնվեն 64.2 կիլոմետր ջրանցքներ, իսկ ներտնտեսային ոռոգման ցանցերի վերականգնվող հատվածները կհասնեն 259.1 կիլոմետրի: Այս ծրագրի շահառուների թիվը գերազանցում է 115 հազարը: Ոռոգման համակարգերի արդիականացման ծրագիրն իրականացվում է Արարատի, Արմավիրի, Վայոց Ձորի, Կոտայքի, Արագածոտնի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում, ինչպես նաև՝ Երևանում: Ընդհանուր կառավարումն իրականացվում է ՏԿԵ նախարարության կողմից:
15:08 - 27 հուլիսի, 2020
Ադրբեջանից բռնագաղթած շուրջ 90 ընտանիք ստացել են բնակարանի գնման վկայագրեր

Ադրբեջանից բռնագաղթած շուրջ 90 ընտանիք ստացել են բնակարանի գնման վկայագրեր

Բնակարանի գնման վկայագրերի (ԲԳՎ) տրամադրման ծրագրի առաջին փուլը մոտենում է ավարտին։ Ինչպես հայտնեցին ՀՀ ՏԿԵ նախարարության միգրացիոն ծառայությունից, 1,5 մլրդ դրամի շրջանակում իրականացվող առաջին փուլում ընդգրված էին 112 փախստական ընտանիքներ, որոնցից մոտ իննսունն արդեն ստացել են վկայագրեր։ Այս անգամ ևս կորոնավիրուսի վարակի տարածման հավանականությունը նվազեցնելու նպատակով և ելնելով այն հանգամանքից, որ շահառուները հիմնականում տարեց փախստականներ են, Միգրացոին ծառայության աշխատակիցներն անձամբ են հասցրին վկայագրերը բնակավայրեր։ Ադրբեջանից բռնագաղթած փախստական ընտանիքներից մոտ մեկ տասնյակը արդեն գտել է բնակարան և գնման գործընթացն է իրականացնում։ Մինչև մայիսի 14-ը հատկացված ԲԳՎ-ների գործողության ժամկետը երկարաձգվել է շուրջ երկու ամսով, քանի որ տեղաշարժման սահմանափակումների պատճառով շահառուները չեն կարողացել իրացնել իրենց վկայագրերը։ Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա մայիսի 27-ին Կառավարությունն ընդունեց ծրագրի երկրորդ փուլի մասին որոշման նախագիծը, որով 2,1 միլիարդ դրամի շրջանակում ԲԳՎ-ներ կտրամադրվեն նույն թիրախային խմբի ևս 185 ընտանիքների։ Առաջին փուլին զուգահեռ արդեն մեկնարկել է երկրորդ փուլի շահառուների հաշվառման գործընթացը Երևան քաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նոր Նորք, Արաբկիր, Դավթաշեն վարչական շրջանների ժամանակավոր կացարաններում։ Արդյունքում, Երևան քաղաքի վարչական շրջաններում հերթականությամբ ամբողջությամբ և վերջնականապես լուծվում են Ադրբեջանից բռնագաղթած ընտանիքների բնակարանային հարցերը:
14:28 - 27 հուլիսի, 2020
Չսահմանված վայրերում առեւտուրը վերացնելու համար նոր նախագիծ է շրջանառվում․ առաջարկվում է առգրավվել ապրանքը |armtimes.com|

Չսահմանված վայրերում առեւտուրը վերացնելու համար նոր նախագիծ է շրջանառվում․ առաջարկվում է առգրավվել ապրանքը |armtimes.com|

armtimes.com: ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը նոր նախագիծ է դրել շրջանառության մեջ՝ առաջարկելով չսահմանված վայրերում առեւտուր իրականացնելու դեպքում վաճառվող ապրանքն առգրավվել, այնուհետեւ դրանք իրացնել համայնքի կողմից։ Համապատասխան նախագիծն արդեն իսկ քննարկման է ներկայացվել։ Այն վերաբերում է, թե՛ Երեւան քաղաքին, թե՛ մնացած բոլոր համայնքներին։ Եթե ապրանքների սեփականատիրոջ կողմից երեք աշխատանքային օրվա ընթացքում վարույթ իրականացող մարմնի հաշվեհամարին, որպես դեպոզիտ վճարվում է տվյալ իրավախախտման համար նախատեսված տուգանքի գումարի առավելագույն չափով գումար, ինչպես նաեւ այդ ապրանքների տեղափոխման ու պահպանության ծախսերի չափով գումար, ապա ապրանքները մինչեւ վարույթի ավարտը վերադարձվում են նշված անձին, իսկ վճարված գումարների տնօրինման հարցը լուծվում է տվյալ գործով կայացված վարչական ակտով՝ դրա ուժի մեջ մտնելուց և անբողոքարկելի դառնալուց հետո: Եռօրյա ժամկետում գումարը չվճարելու դեպքում արագ փչացող ապրանքներն իրացվում են տվյալ համայնքի ղեկավարի կողմից: Իրացման արդյունքում գոյացած գումարը փոխանցվում է համայնքի հաշվին ու տնօրինվում միայն տվյալ գործով կայացված վարչական ակտն ուժի մեջ մտնելուց եւ անբողոքարկելի դառնալուց հետո՝ ակտի եզրափակիչ մասում նշելով բռնագանձման եւ վերադարձման ենթակա գումարների չափերի մասին: Վերցված ապրանքների իրացման կարգը սահմանվում է համայնքի ավագանու կողմից:     Անձը, որից վերցվել են սահմանված առարկաները, կարող է դրանք ստանալ տուգանքի առավելագույն գումարի եւ այդ ապրանքների տեղափոխման ու պահպանության համար անհրաժեշտ գումարները վարույթ իրականացող մարմնի հաշվեհամարին, որպես դեպոզիտ վճարելուց հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ արագ փչացող ապրանքների դեպքում՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում ՏԿԵ նախարարությունը նշել է, թե ուսումնասիրությունները ցույց են տվել, որ վերջին տարիներին բացօթյա առեւտրի եւ առհասարակ առեւտրի իրականացման հետ կապված առկա չեն համապատասխան օրենսդրական կարգավորումներ, որոնք հնարավորություն կտան նշված գործունեությունն իրականացնել որոշակի կանոնակարգումներին եւ ընթացակարգերին համապատասխան։ Ներկայացված օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է կանոնակարգել համայնքների տարածքներում առեւտրի իրականացման գործունեությունը եւ տեղական ինքնակառավարման մարմինների համար սահմանել լիազորություններ նշված գործունության նկատմամբ հսկողության իրականացման ապօրինի առեւտրի իրականացումը կանխարգելելու նպատակով:
12:30 - 27 հուլիսի, 2020