ԵԱՀԿ

ԵԱՀԿ-ն (Եվրոպայում Անվտանգության եւ Համագործակցության Կազմակերպություն) 1973-ին հիմնված տարածաշրջանի անվտանգության խոշորագույն կազմակերպություն է, որը ներառում է 57 պետություններ Եվրոպայից, Կենտրոնական Ասիայից եւ Հյուսիսային Ամերիկայից։ Կազմակերպության գլխամասը գտնվում է Վիեննայում, ունի 550 աշխատակից։ ԵԱՀԿ-ը կոչված է կանխելու ծագող հակամարտությունները տարածաշրջանում։

Հայաստանը ԵԱՀԿ անդամ պետություն է 1992 թվականի հունվարի 30-ից։

Այս վիճակից դուրս ենք գալու բոլորիս իմաստության և զուսպ ու սթափ քայլերի միջոցով․ Էդմոն Մարուքյան

Այս վիճակից դուրս ենք գալու բոլորիս իմաստության և զուսպ ու սթափ քայլերի միջոցով․ Էդմոն Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Վերջին օրերին հանդիպումներ եմ ունեցել Հայաստանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ Ռուսաստանի Դաշնության, Միացյալ Նահանգների և Ֆրանաիայի արտակարգ և լիազոր դեսպանների հետ: Բոլորի հետ քննարկման առարկան եղել է նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության և դրանից հետո Հայաատանում և Արցախում տեղի ունեցող գործընթացները: Բացի արտաքին քաղաքական անելիքները, այս օրերին նաև քննարկումների մեջ ենք ներքաղաքական ստեղծված ճգնաժամից դուրս գալու ելքերի փնտրտուքներով: Բազմաթիվ հանդիպումներ ենք ունեցել քաղաքական տարբեր ուժերի, Հայաստանի, Արցախի և սփյուռքի մտավորականության, մեդիա սեկտորի, հասարակական սեկտորի, ակադեմիական և բիզնես շրջանակների հարգարժան ներկայացուցիչների հետ: Միանշանակ է, որ այս վիճակից դուրս ենք գալու բոլորիս իմաստնության և զուսպ ու սթափ քայլերի միջոցով»:
16:36 - 20 նոյեմբերի, 2020
Ադրբեջանում առաջարկել են խզել Ֆրանսիայի հետ հարաբերությունները և վերանայել ՄԽ-ում Փարիզի համանախագահությունը |factor.am|

Ադրբեջանում առաջարկել են խզել Ֆրանսիայի հետ հարաբերությունները և վերանայել ՄԽ-ում Փարիզի համանախագահությունը |factor.am|

factor.am: Ադրբեջանում խորհրդարանի այսօրվա նիստում տրամադրությունները հակաֆրանսիական են եղել, ինչը կապված է, մասնավորապես, Ֆրանսիայի Սենատում Արցախի անկախության ճանաչման բանաձևի քննարկման հետ։ Մասնավորապես, Միլլի Մեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովան ասել է, որ Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի եռակողմ հայտարարությանը շատ երկրներ են սատարել, սակայն կան նաև դժգոհողներ, իսկ Ֆրանսիային նա մեղադրել է հակամարտության սկզբից կողմնակալ վերաբերմունքի մեջ, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։ «Ֆրանսիայի Սենատում առաջարկվում է բանաձև՝ կապված Ադրբեջանի տարածքում անօրինական «կառույցի» հետ։ Թվարկված փաստերը վկայում են այն մասին, որ Ֆրանսիան կողմակալ դիրքորոշում ունի։ Միջազգային իրավունքի շրջանակում դա հակասում է  Ֆրանսիայի պարտավորություններին, իսկ միջնորդի մանդատը հիմնվում է միջազգային իրավունքի վրա»,- ասել է Գաֆարովան։ Պատգամավորներից մեկն էլ առաջարկել է ընդհանրապես խզել Ֆրանսիայի հետ հարաբերությունները։ «Եթե Ֆրանսիայի Սենատը ճանաչի Ղարաբաղի անկախությունը, ուրեմն պետք է խզել հարաբերությունները պաշտոնական Փարիզի հետ»,- ասել է Ֆազայիլ Աղամալին։ Նա նաև Ադրբեջանի ԱԳՆ-ին առաջարկել է հետ կանչել Ֆրանսիայում դեսպանին՝ խորհրդակցությունների համար։ Մեջլիսի միջազգային հարաբերությունների ու միջխորհրդարանական կապերի հանձնաժողովի նախագահ Սամեդ Սեիդովն էլ Ֆրանսիայի հետ հարաբերությունների վերանայման կողմնակից է։ «Հաշվի առնելով Ֆրանսիայի վերաբերմունքը Ադրբեջանի հանդեպ՝ գտնում եմ, որ նման վերաբերմունքը Մինսկի խմբի ներսում անթույլատրելի է։ Այդպիսի համանախագահությունն անընդունելի է նաև ադրբեջանական կողմից։ Ենթադրում եմ, որ Ադրբեջանի կառավարությունը պիտի լրջորեն վերլուծի Ֆրանսիայի կառավարության հետ կապերը»,- ասել է Սեյիդովը։ Մեկ այլ պատգամավոր Ջավանշիր Ֆեյզիևն էլ ասել է, որ Ադրբեջանի կառավարությունը պետք է անվստահություն ցուցաբերի Ֆրանսիայի նկատմամբ՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի։ Առավել մանրամասն՝ factor.am-ում։
15:56 - 20 նոյեմբերի, 2020
ԵՄ-ն կոչ է անում նաև տարածաշրջանից դուրս բերել բոլոր օտարերկրյա զինյալներին․  Ջոզեպ Բորելի հայտարարությունը՝ ԼՂ հիմնահարցի վերաբերյալ |1lurer.am|

ԵՄ-ն կոչ է անում նաև տարածաշրջանից դուրս բերել բոլոր օտարերկրյա զինյալներին․ Ջոզեպ Բորելի հայտարարությունը՝ ԼՂ հիմնահարցի վերաբերյալ |1lurer.am|

1lurer.am: Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեպ Բորելը հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ: ԵՄ փաստաթղթում մասնավորապես ասվում է՝ Եվրամիությունը ողջունում է Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի ու Ադրբեջանի միջև նոյեմբերի 9-ին համաձայնեցված հրադադարից հետո Լեռնային Ղարաբաղում և հարակից շրջաններում ռազմական գործողությունների դադարեցումը: ԵՄ-ը բոլոր կողմերին կոչ է անում շարունակել խստորեն հարգել հրադադարի ռեժիմը` մարդկային հետագա կորուստները կանխելու նպատակով: Եվրամիությունը տարածաշրջանի բոլոր դերակատարներին կոչ է անում զերծ մնալ ցանկացած գործողությունից կամ հռետորաբանությունից, որոնք կարող են վտանգել հրադադարի ռեժիմը: ԵՄ-ն կոչ է անում նաև տարածաշրջանից դուրս բերել բոլոր օտարերկրյա զինյալներին: Եվրամիությունն ուշադիր կհետևի հրադադարի պայմանների իրականացմանը, մասնավորապես՝ կապված մշտադիտարկման մեխանիզմի հետ: Ռազմական գործողությունների դադարեցումը Լեռնային Ղարաբաղի երկարամյա հակամարտությունն ավարտելու առաջին քայլն է: Եվրամիության հավաստմամբ՝ հակամարտության բանակցային ջանքերը պետք է վերականգնվեն համապարփակ և կայուն կարգավորման ուղղությամբ, այդ թվում`Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ: ԵՄ-ն վերահաստատում է իր լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի միջազգային ձևաչափին` համանախագահների գլխավորությամբ: Եվրամիությունը պատրաստ է արդյունավետորեն նպաստել հակամարտության տևական և համապարփակ կարգավորման ձևավորմանը, այդ թվում՝ հնարավորության դեպքում, կայունացման, հետկոնֆլիկտային վերականգնման և վստահության ամրապնդման միջոցառումների միջոցով: Եվրամիությունը հիշեցնում է ուժի՝ մասնավորապես կասետային զինամթերքի և հրկիզող զենքի, որպես վեճերը կարգավորելու միջոցի կիրառման վերաբերյալ իր վճռական ընդդիմության մասին: Եվրամիությունը շեշտում է, որ միջազգային մարդասիրական իրավունքը պետք է հարգվի, և կողմերին կոչ է անում իրականացնել ռազմագերիների փոխանակման և աճյունների վերադարձի մասին համաձայնագրերը, որը հոկտեմբերի 30-ին Ժնևում ձեռք էր բերվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափի շրջանակում: ԵՄ-ն ընդգծում է մարդասիրական օգնության հասանելիության և Լեռնային Ղարաբաղ ու հարակից շրջաններ տեղահանված բնակչության ինքնակամ, անվտանգ, արժանապատիվ և հաստատուն վերադարձի հնարավոր լավագույն պայմանները երաշխավորելու կարևորությունը: Ընդգծվում է Լեռնային Ղարաբաղում և հարակից շրջաններում մշակութային և կրոնական ժառանգության պահպանման և վերականգնման կարևորությունը: «Պետք է ուսումնասիրվի իրականացված ցանկացած պատերազմական հանցագործություն»,- նշված է հայտարարության մեջ: Եվրամիությունն ու նրա անդամ երկրները արդեն մարդասիրական օգնություն են տրամադրում՝ հակամարտությունից տուժած քաղաքացիական բնակչության անմիջական կարիքները հոգալու համար և պատրաստ են հետագայում շարունակել օգնության տրամադրումը:
17:38 - 19 նոյեմբերի, 2020
Փաշինյանն Արցախից տեղահանված անձանց վերադարձի մասին հարցերը հստակեցնելու անհրաժեշտություն է տեսնում |armenpress.am|

Փաշինյանն Արցախից տեղահանված անձանց վերադարձի մասին հարցերը հստակեցնելու անհրաժեշտություն է տեսնում |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով Արցախից տեղահանված քաղաքացիների վերադարձն ու նրանց անվտանգության ապահովման վերաբերյալ հարցերը բանակցությունների ընթացքում հստակեցնելու անհրաժեշտություն է տեսնում: Սյս մասին Փաշինյանն ասաց նոյեմբերի 18-ին խորհրդարանում կայացած հարցուպատասխանի ընթացքում՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովհաննես Իգիթյանի հարցին: «Այսօր իմ հրապարակած ճանապարհային քարտեզում առաջին կետում նշվում է բանակցային գործընթացի վերականգնումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափում: Ենթադրվում է, որ այդ քննարկումներն ու բանակցությունները պետք է տան համատեղ հայտարարության մեջ նշված կետերի հետագա իրագործման հնարավորությունների մեխանիզմների ձևավորման հետ կապված պատասխանները: Այդ իրավունքը նախատեսված է, ու պետք է ամեն ինչ անենք, որ այդ իրավունքն իրացվի մեր հայրենակիցների անվտանգության և արժանապատվության և բնականոն կյանքի երաշխիքների ապահովմամբ»,- ասաց Փաշինյանը:
17:29 - 18 նոյեմբերի, 2020
Կրեմլը պատրաստ է Լեռնային Ղարաբաղի և Թուրքիայի հարցով պարզաբանումներ ներկայացնել Ֆրանսիային և ԱՄՆ-ին. Պեսկով |tert.am|

Կրեմլը պատրաստ է Լեռնային Ղարաբաղի և Թուրքիայի հարցով պարզաբանումներ ներկայացնել Ֆրանսիային և ԱՄՆ-ին. Պեսկով |tert.am|

tert.am: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հավաստիացրել է, որ եթե ԱՄՆ-ն և Ֆրանսիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ, Թուրքիայի և Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ որևէ պարզաբանումների կարիք ունենան, նրանք կստանան այդ պարզաբանումները: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:«Կասկած չկա, որ եթե Մինսկի խմբի մեր համանախագահող գործընկերները բացատրությունների կարիք ունենան, ապա այդ բացատրությունները կներկայացվեն: Ավելին, մեր դիվանագիտական գերատեսչությունների միջոցով Ղարաբաղի հարցով կանոնավոր շփումներ են իրականացվում», - ասել է Պեսկովը:Նրա խոսքով ՝ Կրեմլը չի ցանկանում մեկնաբանել համանախագահների երկկողմ հարաբերությունները Թուրքիայի Հանրապետության հետ:«Մենք ունենք մեր երկկողմ հարաբերությունները, որոնք շատ ենք գնահատում: Ինչ վերաբերում է մեր համանախագահների համատեղ կարգավիճակին, ապա, իհարկե, մեզ համար գլխավորն այն է, թե ինչպես պահպանել վերջերս հաստատված խաղաղությունը Լեռնային Ղարաբաղում, ինչպես ապահովել բոլոր տեղահանվածների, փախստականների  վերադարձը և այլն: Եվ ինչպես վերահսկել այս խաղաղության պահպանումը»,-ավելացրել է Պեսկովը:
14:48 - 17 նոյեմբերի, 2020
Ռուսաստանը ԱՄՆ-ին և Ֆրանսիային տեղեկացրել է ԼՂ հակամարտության կարգավորման իր ջանքերի մասին |armenpress.am|

Ռուսաստանը ԱՄՆ-ին և Ֆրանսիային տեղեկացրել է ԼՂ հակամարտության կարգավորման իր ջանքերի մասին |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանը տեղեկացրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող մյուս երկրներին` ԱՄՆ-ին եւ Ֆրանսիային, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման իր ջանքերի մասին: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ Լեռնային Ղարաբաղում հումանիտար հարցերի լուծման վերաբերյալ խորհրդակցության ժամանակ: «Մենք մեր գործընկերներին մանրամասն տեղեկացրել ենք, նախ և առաջ Ֆրանսիային և ԱՄՆ-ին ՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների: Ես խոսել եմ Ֆրանսիայի արտգործնախարարի հետ, մանրամասն ներկայացրել իրավիճակը և այն ջանքերը, որոնք մենք ձեռնարկել ենք: Մենք խոսել ենք նաև ամերիկացի գործընկերների հետ: Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը լիովին տեղեկացված է եղել այն ջանքերի մասին, որոնք ձեռնարկվել են Ռուսաստանի կողմից և թույլ են տվել համաձայնության գալ նոյեմբերի 9-ին», - նշել է Լավրովը:
20:03 - 13 նոյեմբերի, 2020
ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպանը շեշտում է Մինսկի խմբի դերը Արցախում կայուն ու հարատև խաղաղության հաստատման գործում |azatutyun.am|

ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպանը շեշտում է Մինսկի խմբի դերը Արցախում կայուն ու հարատև խաղաղության հաստատման գործում |azatutyun.am|

azatutyun.am:  Միացյալ Նահանգները, լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկը, ողջունում է ակներև հրադադարի հաստատումը և մարտական գործողությունների դադարեցումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում։ Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ դեսպան Ջեյմս Ս․ Գիլմոր III-ը: «Մենք մշտապես ասել ենք, որ այս հակամարտությունը չունի ռազմական լուծում, և խորապես ցավում ենք վերջին շրջանի գործողությունների հետևանքով անհարկի կորսված կյանքերի համար, այդ թվում և քաղաքացիական անձանց շրջանում։ Իրավիճակի զարգացմանը և նոյեմբերի 10-ին ձեռք բերված համաձայնության մասին ավելին իմանալուն զուգընթաց մենք պետք է անդրադարձ կատարենք թափանցիկ խաղաղության ապահովման հարցում միջազգային հանրության և ԵԱՀԿ-ին վերապահվող դերակատարմանը», - ասված է դեսպանի հայտարարությունում, որը տարածել է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատունը: «Տեղում տիրող հումանիտար իրավիճակը բոլորիս համար խիստ մտահոգիչ է։ Մենք վերահաստատում ենք կողմերին երկուստեք ուղղված հրատապ կոչերը՝ հետևելու հոկտեմբերի 10-ի հումանիտար հրադադարի պայմանավորվածությանը, որը կողմերը վերահաստատել էին հոկտեմբերի 17-ին, ապա նաև հոկտեմբերի 25-ին։ Մենք նաև կողմերին երկուստեք կոչ ենք անում անհապաղ ձեռնարկել հոկտեմբերի 29-ին Ժնևում համաձայնեցված քայլերը», - շեշտել է ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը՝ շարունակելով. - «Մենք կողմերին կոչ ենք անում պաշտպանել քաղաքացիական անձանց ու քաղաքացիական կառույցները։ Քաղաքացիական անձանց, այդ թվում խոցելի խմբերի՝ տարեցների ու երեխաների մասշտաբային տեղահանությունները գլոբալ համավարակի ընթացքում և ձմռան նախաշեմին գրեթե անկասկած հանգեցնելու են անհարկի հումանիտար ճգնաժամի»։ «Կողմերին կոչ ենք անում զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են հանգեցնել բախումների վերսկսման, խուսափել հրահրիչ հռետորաբանությունից և գործողություններից, օգտագործել բախումների դադարեցման ընձեռած հնարավորությունը տևական խաղաղություն կերտելու նպատակով։ Արտաքին ուժերին հորդորում ենք գործել պատասխանատու կերպով և խուսափել այնպիսի գործողություններից, որոնք կարող են նորովի բախումներ հրահրել կամ առավել սրել տարածաշրջանային լարվածությունները», - ասված է հայտարարությունում: «Այս հակամարտությունը չափից դուրս երկար է շարունակվում։ Հակամարտության ազդեցության գոտում ու տարածաշրջանում գտնվող մարդիկ շատ բարձր գին են վճարում դրա համար։ Հուսով ենք, որ տևական խաղաղությունը մեր տեսադաշտում է։ Վստահ ենք, որ Մինսկի խումբը պատրաստ կլինի մասնակցել Լեռնային Ղարաբաղում կայուն ու հարատև խաղաղության հաստատմանը», - հայտարարել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպանը:
11:46 - 13 նոյեմբերի, 2020
Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույցներ է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչների հետ

Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույցներ է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչների հետ

Նոյեմբերի 12-ին նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույցներ ունեցավ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանի հետ:  Մտքեր փոխանակվեցին Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Ռուսաստանի Դաշնության նախագահի նոյեմբերի 10-ի համատեղ հայտարարությանը հաջորդած իրադրության շուրջ: Այս առնչությամբ նախարար Մնացականյանն ընդգծեց, որ վերոնշյալ հայտարարությունն ուղղված է հրադադարի հաստատմանը և Արցախում խաղաղապահների տեղակայմանը և չի կարող համարվել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համապարփակ հանգուցալուծում:  ՀՀ ԱԳ նախարարը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների բարձր ներկայացուցիչներն անդրադարձան նաև Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ծրագրման, հրահրման և իրականացման գործում Թուրքիայի առանցքային դերին, որն արտահայտվեց ինչպես ռազմական գործողություններում անմիջական ներգրավվածությամբ, այնպես էլ՝ հակամարտության գոտի օտարերկրյա զինյալ ահաբեկիչների ներգրավման ձևով: Նա հստակ ընդգծեց Արցախում իրականացվելիք խաղաղապահ գործողություններում Թուրքիայի որևէ դերակատարության բացառումը՝ չնայած այդ ուղղությամբ վերջինիս կողմից ձեռնարկվող քայլերին: Նախարար Մնացականյանը կարևորեց թուրք-ադրբեջանական ագրեսիայի արդյունքում Արցախում ստեղծված մարդասիրական ճգնաժամի հասցեագրման ուղղությամբ միջազգային հանրության կողմից տեղում շուտափույթ քայլերի ձեռնարկումը: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը խորը մտահոգություն հայտնեց Արցախի՝ ադրբեջանական օկուպացիայի տակ հայտնված տարածքներում հայկական պատմամշակութային ժառանգության ճակատագրի առնչությամբ: Նախարար Մնացականյանն ընդգծեց, որ միջազգային հանրությունը քաջատեղյակ է հայկական ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից ցուցաբերված բարբարոսական վերաբերմունքի մասին, որի արդյունքում Նախիջևանում, բուն Ադրբեջանի տարածքում և Արցախի՝ առաջին արցախյան պատերազմի ժամանակ ադրբեջանական օկուպացիայի տակ հայտնված տարածքներում հիմնովին ոչնչացվել են հայկական ժառանգության կոթողները:  Զրուցակիցներն ընդգծեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործունեության շարունակականության ապահովման կարևորությունը՝ որպես միջնորդության միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափ: Այս առնչությամբ նախարար Մնացականյանն ընդգծեց, որ ԼՂ խաղաղ գործընթացին վերաբերող բոլոր հարցերը ենթակա են քննարկման բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, և հենց այս ձևաչափում է, որ լիարժեքորեն հասցեագրվելու են արցախահայության շահերը: Որպես առաջնահերթություն՝ ԱԳ նախարարը շեշտեց Արցախի կարգավիճակի և արցախահայության համապարփակ անվտանգության լիարժեք երաշխավորման անհրաժեշտությունը:
20:53 - 12 նոյեմբերի, 2020
ԱՄՆ և Ֆրանսիայի ներկայացուցիչներն առաջիկայում կժամանեն Մոսկվա՝ քննարկելու Ղարաբաղի հարցով համաձայնությունը |azatutyun.am|

ԱՄՆ և Ֆրանսիայի ներկայացուցիչներն առաջիկայում կժամանեն Մոսկվա՝ քննարկելու Ղարաբաղի հարցով համաձայնությունը |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ներկայացուցիչներն առաջիկայում Մոսկվա կժամանեն՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի շուրջ ձեռք բերված եռակողմ համաձայնությունը: Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Նրա խոսքով՝ Մոսկվան որևէ կերպ չի ցանկանում հեռանալ այդ հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի իր գործընկերներից՝ ամերիկացիներից և ֆրանսիացիներից: Ավելի վաղ Մոսկվան խոստովանել է՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման միակ միջնորդական առաքելության՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երեք երկրներից երկուսը՝ Միացյալ Նահանգները և Ֆրանսիան չեն մասնակցել փաստաթղթի շուրջ քննարկումներին: Նախօրեին պաշտոնական Փարիզը, ողջունելով հակամարտության գոտում կրակը դադարեցնելու մասին որոշումը, անդրադարձել էր Փաշինյան-Ալիև-Պուտին պայմանավորվածության տեքստում տեղ չգտած կետերին, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակին։ «Երկու կողմերի միջև քննարկումները պետք է անհապաղ վերսկսվեն։ Մասնավորապես, նրանք պետք է լուծեն վերջին շաբաթներին հակամարտության հետևանքով տեղահանված մարդկանց վերադարձը և որոշեն Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը», - հայտարարել է Ֆրանսիայի դիվանագիտական գերատեսչության ղեկավար Ժան-Իվ Լը Դրիանը:
16:08 - 12 նոյեմբերի, 2020
ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության կազմը չի ընդլայնվելու․ Լավրով |factor.am|

ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության կազմը չի ընդլայնվելու․ Լավրով |factor.am|

factor.am: ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության կազմը, որում ներառված են Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան, չի ծրագրվում ընդլայնել։ Ռուսական և օտարերկրյա լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հրավիրված ասուլիսում այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Եռանախագահության կազմը՝ Ռուսաստան, ԱՄՆ և Ֆրանսիա, ընդլայնելու որևէ ծրագիր չկա։ Մենք մշտական կապի մենք ենք, երեկ ես զրուցել եմ Ժան-Իվ Լը Դրիանի հետ (Ֆրանսիայի ԱԳ նախարար – խմբ․)։ Իմ աշխատակիցները կապի մեջ են ամերիկյան ներկայացուցիչների հետ, որոնք ապահովում են Լեռնային Ղարաբաղի հարցով համանախագահության աշխատանքը»,- հավելել է նա։ Լավրովը նշել է նաև, որ հաջորդ շաբաթ Մոսկվայում սպասում են Մինսկի խմբի ֆրանսիացի և ամերիկացի համանախագահներին, որոնք մանրամասն կտեղեկացնեն վերջին զարգացումների մասին։
15:33 - 12 նոյեմբերի, 2020
Սենատոր Մարքին Էրդողանի գործողությունները համարում է ծաղր ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության նկատմամբ |armenpress.am|

Սենատոր Մարքին Էրդողանի գործողությունները համարում է ծաղր ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության նկատմամբ |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ սենատոր Էդ Մարքին անդրադարձել է Հարվային Կովկասում Թուրքիայի գործողություններին: Սենատորը նշել է, որ Էրդողանն, իր գործողություններով, ծաղրի է ենթարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը: «Սա բիծ է ԱՄՆ-ի վարչակազմի վրա, որ թույլ տվեց նախագահ Թրամփի ընկեր Էրդողանին բեմադրել հողազավթում Հարավային Կովկասում և ծաղրի ենթարկել ԵԱՀԿ Մինսկի խմբի պրոցեսը»,-նշել է ԱՄՆ սենատոր Էդ Մարքին: ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը նախաձեռնել է ամերիկահայերի արշավ՝ կոչ անելու Կոնգրեսին միանալ սենատոր Էդ Մարքիին՝ խրախուսել ԱՄՆ-ին վերաներգրավվելու ԵԱՀԿ Մինսկի խմբի պրոցեսում, նաև աջակցելու Արցախի անկախության ճանաչմանը և դատապարտելու Թուրքիայի ու Ադրբեջանի ագրեսիան:
14:34 - 12 նոյեմբերի, 2020
Լավրովն ու Լը Դրիանը հեռախոսազրույց են ունեցել ԼՂ-ում իրավիճակի առողջացման և հակամարտության վերջնական քաղաքական կարգավորման շուրջ |shantnews.am|

Լավրովն ու Լը Դրիանը հեռախոսազրույց են ունեցել ԼՂ-ում իրավիճակի առողջացման և հակամարտության վերջնական քաղաքական կարգավորման շուրջ |shantnews.am|

shantnews.am: Նոյեմբերի 11-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լը Դրիանի հետ: Լավրովը գործընկերոջը տեղեկացրել է ս. թ. նոյեմբերի 10-ից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցման նպատակով Ռուսաստանի ձեռնարկած միջնորդական ջանքերի մասին: Ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կենտրոնական դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների մշակման գործում, որոնք հիմք են հանդիսացել ս.թ.նոյեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի, և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարության մեջ շարադրված պայմանավորվածությունների համար: Ռուսաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ ջանքերի շրջանակներում հնարավոր հետագա քայլերի վերաբերյալ, որոնք ուղղված են տարածաշրջանում իրավիճակի առողջացմանը և հակամարտության վերջնական քաղաքական կարգավորմանը:
18:00 - 11 նոյեմբերի, 2020
Մոսկվան պատրաստ է Վաշինգտոնին տեղեկություն տրամադրել ԼՂ-ի շուրջ համաձայնագրի վերաբերյալ |factor.am|

Մոսկվան պատրաստ է Վաշինգտոնին տեղեկություն տրամադրել ԼՂ-ի շուրջ համաձայնագրի վերաբերյալ |factor.am|

factor.am: Մոսկվան պատրաստ է ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով Վաշինգտոնին տեղեկություն տրամադրել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման մասին երեք երկրների ղեկավարների համատեղ հայտարարության վերաբերյալ: Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը «Վալդայ» քննարկումների ակումբում, գրում է ՏԱՍՍ-ը: «Ինչ վերաբերում է այս թեմայի շուրջ ամերիկացիների հետ երկխոսությանը, ապա, իհարկե, ամերիկացիները տեղեկություններ կստանան այն մասին, թե ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել և ինչ քայլեր են ձեռնարկվել՝ դրանք ձեռք բերելու համար»,- ասել է նա: «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը  ոչ ոք չի չեղարկել: Հետևաբար, այս ձևաչափով փոխգործակցությունը կշարունակվի: Միևնույն ժամանակ, երկխոսությունը շարունակվում է դեսպանատների միջոցով: Եթե ամերիկյան կողմից այդպիսի հետաքրքրություն լինի, մենք կտանք բոլոր անհրաժեշտ բացատրությունները», – շեշտել է Ռյաբկովը:
17:15 - 11 նոյեմբերի, 2020
Ֆրանսիան վերլուծում է ԼՂ շուրջ համաձայնագրի պայմանները․ Մակրոնն առաջիկայում կհանդիպի ՀՀ-ի և Ադրբեջանի ղեկավարների հետ |factor.am|

Ֆրանսիան վերլուծում է ԼՂ շուրջ համաձայնագրի պայմանները․ Մակրոնն առաջիկայում կհանդիպի ՀՀ-ի և Ադրբեջանի ղեկավարների հետ |factor.am|

factor.am: Ռուսաստանի Դաշնությունը, Հայաստանը և Ադրբեջանը համաձայնագիր են ստորագրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ, որը կնքվել է մի քանի շաբաթ տևած մարտերից հետո։ Այդ ընթացքում Ֆրանսիան անշեղորեն իր վրա էր վերցրել բռնությանը լիովին վերջ տալու և հակամարտությունը բանակցային ճանապարհով լուծելու պարտավորությունը, ասվում է Ելիսեյան պալատի կայքում հրապարակված հայտարարությունում։ Հաղորդագրության համաձայն՝ Ֆրանսիան գտնվում է համաձայնագրի պայմանների վերլուծության փուլում և ակտիվորեն խորհրդակցություններ կվարի Ռուսաստանի հետ՝ Հայաստանի շահերը պահպանող և հարգող քաղաքական կայուն լուծման հասնելու համար: Նշվում է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մոտ ժամանակներում կհանդիպի նաև Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ: Ֆրանսիան վճռականորեն կոչ է անում Թուրքիային դադարեցնել սադրանքները Լեռնային Ղարաբաղի շուրջ, ցուցաբերել զսպվածություն և չձեռնարկել ոչինչ, ինչը կվտանգի կողմերի միջև Մինսկի խմբի շրջանակում երկարաժամկետ համաձայնագրի կնքմանը։ Նշվում է նաև, որ այս պահին առաջնահերթությունը պետք է տրվի մարտական ​​գործողությունների կայուն դադարեցմանն ու հրադադարի ռեժիմի պահմանմանը:
16:00 - 11 նոյեմբերի, 2020
ԼՂ շուրջ ձեռք բերված համաձայնագրի տարրերն իրականում քննարկվել են Մինսկի խմբում վերջին 20 տարիների ընթացքում․ Քերի Քավանո |factor.am|

ԼՂ շուրջ ձեռք բերված համաձայնագրի տարրերն իրականում քննարկվել են Մինսկի խմբում վերջին 20 տարիների ընթացքում․ Քերի Քավանո |factor.am|

factor.am: Ռուսաստանի միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղի շուրջ ձեռք բերված համաձայնագիրը պարունակում է բազմաթիվ տարրեր, որոնք մշակվել են Մինսկի խմբի շրջանակում։ Այն դուրս է պարզ հրադադարի սահմաններից, հիմք է հանդիսանում հակամարտության հնարավոր կարգավորման համար։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել Եվրասիայում հակամարտության կարգավորման հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Քերի Քավանոն։ «Սա հումանիտար զինադադար կամ հրադադար չէ, որի վրա նախկինում աշխատել են Լավրովը և Պուտինը, Պուտինը և Մակրոնը, որը Պոմպեոն ԱՄՆ-ում քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ, սա շատ ավելի հեռուն է գնում: Սա հրադադարի ռեժիմ է՝ խաղաղ կարգավորման հիմնական տարրերով: Այս տարրերն իրականում քննարկվել են Մինսկի խմբում վերջին 20 տարիների ընթացքում»,- հայտարարել է Քավանոն։ Այդ տարրերի թվում նա նշել է տարածքային զիջումները, խաղաղապահների տեղակայումը, փախստականների վերադարձը, ինչպես նաև տրանսպորտային միջանցքների երաշխավորումը մի կողմից՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի, մյուս կողմից՝ Ադրբեջանի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքների միջև: «Քաղաքական առումով Ռուսաստանը հեռու չի գնացել այն դիրքորոշումներից, որոնք սատարում էին Ֆրանսիան և Միացյալ Նահանգները: Միակ բանը, որը տարբերվում է  այս ամբողջ ընթացքում ձեռք բերված համաձայնություններից, ռուս խաղաղապահներն են»,- հայտարարել է Քավանոն: Նա կարծիք է հայտնել, որ Ռուսաստանը երկմտում էր սեփական խաղաղապահներին ուղարկելու անհրաժեշտության հարցում, բայց դա արեց այն ժամանակ, երբ իրավիճակը Հայաստանի համար կրիտիկական էր։
11:55 - 11 նոյեմբերի, 2020