ՔՈ ՍԴԿ

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության հիմնադիր համագումարը կայացել է 2018 թվականի նոյեմբերի 3-ին։ Կուսակցության բարձրագույն ղեկավար մարմինը համաժողովն է։ Մշտապես գործող կոլեգիալ ղեկավար կառույցը Գործադիր մարմինն է, որն ունի 15 անդամ։ Գործադիր մարմինը հաշվետու է համաժողովին, իսկ ԳՄ համակարգողն անդամներից ընտրված քարտուղարն է։ Կուսակցության առաջին ԳՄ քարտուղարը Սուրեն Սահակյանն է։ Կուսակցության ԳՄ քարտուղարն այժմ Գոռ Հակոբյանն է։

ՔՈ-ն մասնակցում էր 2021 թ․ հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին, նախընտրական ցուցակի առաջին համարը Սուրեն Սահակյանն էր։

Կուսակցությունն ընտրություններին չի հաղթահարել անցողիկ շեմը՝ ստանալով 3 775 ձայն (0.3%):

Ովքեր են լինելու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ընտրացուցակների առաջին համարները |armtimes.com|

Ովքեր են լինելու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ընտրացուցակների առաջին համարները |armtimes.com|

armtimes.com: Մի շարք քաղաքական ուժեր արդեն վերջնական որոշում են կայացրել՝ մասնակցելու հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին: Չնայած քաղաքական ուժերի ցուցակները դեռ չեն հրապարակվել, բայց առաջին համարների մասով արդեն կողմնորոշվածություն նկատվում է: «Բարգավաճ Հայաստան»-ը և «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»-ը միակն են, որոնք հայտարարել են ընտրացուցակի առաջին երեք համարների անունները: Այսպես՝ ԲՀԿ ընտրացուցակը գլխավորում է կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, հաջորդը Միքայել Մելքումյանն է, երրորդը՝ Իվետա Տոնոյանը: «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»-ը գլխավորելու է անկախ պատգամավոր, «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանը, երկրորդը «Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցության առաջնորդ Լևոն Շիրինյանն է, եռյակը եզրափակում է փաստաբան Սեդա Սաֆարյանը: Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, ի տարբերություն 2018-ի արտահերթ ընտրությունների, այս տարի մասնակցում է միայնակ՝ առանց դաշինքի, կուսակցության ցուցակի առաջին համարը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն է: ՀՀԿ-«Հայրենիք» կուսակցությունների ստեղծած «Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակում առաջինը «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանն է: «Լուսավոր Հայաստան» կուսակցության ընտրացուցակը գլխավորելու է Էդմոն Մարուքյանը: Ռոբերտ Քոչարյան, ՀՅԴ, «Վերածնվող Հայաստան» ուժերի ստեղծած «Հայաստան» քաղաքական դաշինքի առաջին համարը Ռոբերտ Քոչարյանն է: «Հանրապետություն» կուսակցության վարչապետի թեկնածուն կուսակցության հիմնադիր Արամ Սարգսյանն է: «Հայ ազգային կոնգրես»-ի առաջին համարն էլ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն է: «Քաղաքացու որոշում» կուսակցության ընտրացուցակը կգլխավորի Սուրեն Սահակյանը: Տիգրան Խզմալյանի գլխավորած «Հայաստանի Եվրոպական» կուսակցությունը պատրաստվում է մասնակցել խորհրդարանական ընտրություններին: Կուսակցության նախընտրական ցուցակում երկրորդ համարը երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանն է: «Հայաստանի դեմոկրատական կուսակցության» առաջնորդ Արամ Սարգսյանն ու նախկին պատգամավոր, գործարար Տիգրան Արզաքանցյանն էլ երեկ համագործակցության ու առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հուշագիր ստորագրեցին, ցուցակը կգլխավորի Արզաքանցյանը: Ընտրություններին իր մասնակցության մասին հայտարարել է նաև փաստաբան Նորայր Նորիկյանի հիմնադրած «Արդար Հայաստան» կուսակցությունը, ընտրացուցակի առաջին համարն էլ հենց Նորիկյանն է լինելու: Նշենք, որ կուսակցությունները եւ դաշինքները գրանցման համար փաստաթղթերը ԿԸՀ պետք է ներկայացնեն մինչեւ մայիսի 26-ը՝ ժամը 18:00-ն: Կուսակցությունների ու դաշինքների ցուցակները պետք է գրանցվեն մայիսի 26-30-ը:
17:26 - 19 մայիսի, 2021
Պետք է գալ համաձայնության, որ նախքան ընտրությունները գործող կառավարությունն Ադրբեջանի հետ որևէ բանակցային փաստաթուղթ չպետք է ստորագրի․ ՔՈ կուսակցություն

Պետք է գալ համաձայնության, որ նախքան ընտրությունները գործող կառավարությունն Ադրբեջանի հետ որևէ բանակցային փաստաթուղթ չպետք է ստորագրի․ ՔՈ կուսակցություն

«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմինը հայտարարություն է տարածել Սյունիքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորև․ «Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգությունը Ադրբեջանի կողմից Հայաստանի հանդեպ վարվող ագրեսիվ քաղաքականության հերթական դրսևորումն է, որը պետք է արժանանա պատշաճ հակազդեցության։ Ռազմական սպառնալիքները Ադրբեջանի համար դառնում են հարաբերությունները կարգավորելու հիմնական և անընդունելի գործիք։ Սա հերթական ցուցիչն է, որ հարևան պետությունը արհամարում է միջազգային իրավունքը, իրեն դրսևորում որպես ահաբեկչական կազմավորում և վտանգում տարածաշրջանի փխրուն խաղաղությունը։ Հայաստանի կառավարությունը չպետք է ենթարկվի շանտաժի՝ միաժամանակ Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու նպատակով գործադրելով բոլոր հնարավոր արդյունավետ միջոցները։ Գտնում ենք, որ այս իրավիճակում բոլոր կուսակցությունները և հանրային-քաղաքական այլ ուժերը պետք է գան համաձայնության առ այն, որ նախքան ընտրությունների միջոցով նոր և լեգիտիմ Ազգային ժողովի և կառավարության ձևավորումը, գործող կառավարությունը և Ազգային Ժողովն Ադրբեջանի հետ որևէ բանակցային փաստաթուղթ չպետք է ստորագրեն»։  
19:04 - 14 մայիսի, 2021
«Քաղաքացու որոշում» կուսակցությունը չի պատրաստվում ընկրկել վատ պայմանների առաջ և տրամադրված է մասնակցել ընտրություններին․ հայտարարություն

«Քաղաքացու որոշում» կուսակցությունը չի պատրաստվում ընկրկել վատ պայմանների առաջ և տրամադրված է մասնակցել ընտրություններին․ հայտարարություն

«Քաղաքացու որոշում» կուսակցության Գործադիր մարմինը հայտարարություն է տարածել, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Փետրվարի 26-ին մենք հայտարարել էինք, որ ներքաղաքական ճգնաժամում ներգրավված սուբյեկտները պետք է նստեն բանակցային սեղանի շուրջ իրավիճակը հանգուցալուծելու նպատակով։ Հակառակ դեպքում, մենք հանձն էինք առնում համախմբել այդ օրակարգին համաձայն քաղաքացիներին և նրանց ճնշման միջոցով քաղաքական կյանքից մեկուսացնել այդ դերակատարներին։ Անհրաժեշտ է արձանագրել, որ կողմերը նստել են բանակցությունների սեղանի շուրջ և ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ հունիսի 20-ին ընտրություններ անցկացնելու վերաբերյալ։ Սա ճգնաժամը լուծելու փորձ է, որը սակայն, չի բերելու ճգնաժամի խորքային հաղթահարման և հղի է նոր վտանգներով։ Այդ վտանգները առավել սուր են դառնում՝ հաշվի առնելով, որ չեն կատարվել սահմանադրական փոփոխություններ, ուժի մեջ է մնում կայուն մեծամասնության նորմը, օլիգարխիան հակառակ 2018թ.-ի ժողովրդական պահանջի հեռացված չէ քաղաքական կյանքից, կուսակցությունները չեն առողջացվել, իսկ կառավարող ուժը արդեն երկրորդ անգամ է առանց ընտրական օրենսգիրքը փոխելու հայտարարում ընտրություններ անցկացնելու մասին։ Նոր ընտրական օրենսգրքի ընդունումը կարող է լինել այն նվազագույնը, որ դեռ հնարավոր է անել համեմատաբար առավել արդար և բնույթով քաղաքական ընտրություններ ունենալու համար։ Ուստի ընտրությունները կազմակերպողը ունի բոլոր հնարավորությունները և պարտավոր է ընդունել նոր ընտրական օրենսգիրքը։ Միաժամանակ  «Քաղաքացու որոշում» կուսակցությունը չի պատրաստվում ընկրկել վատ պայմանների առաջ և մեկուսացած սպասել արդար կանոնների հաստատմանը։ Մենք տրամադրված ենք մասնակցել ընտրություններին մեր բոլոր ուժերի գերլարումով՝ քանի դեռ Հայաստանում կառավարման հարցը վճռվում է քաղաքացու կամքով»։ 
09:27 - 22 մարտի, 2021
Ունեմ լեգիտիմ հիմքեր՝ կասկածելու, որ Փաշինյանն արդեն երկրորդ անգամ առանց ընտրական օրենսգրքի փոփոխության կգնա ընտրության․ Միքայել Նահապետյան

Ունեմ լեգիտիմ հիմքեր՝ կասկածելու, որ Փաշինյանն արդեն երկրորդ անգամ առանց ընտրական օրենսգրքի փոփոխության կգնա ընտրության․ Միքայել Նահապետյան

Ունեմ լեգիտիմ հիմքեր՝ կասկածելու, որ ընտրական օրենսգրքի փոփոխության խոստում տված Նիկոլ Փաշինյանը արդեն երկրորդ անգամ կգցի իր խոստումներին հավատացող մարդկանց ու առանց դրա կգնա ընտրության։ Այս մասին գրել է «Քաղաքացու որոշում» կուսակցության Գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանը։«Ունեմ լեգիտիմ հիմքեր՝ կասկածելու, որ ընտրական օրենսգրքի փոփոխության խոստում տված Նիկոլ Փաշինյանը արդեն երկրորդ անգամ կգցի իր խոստումներին հավատացող մարդկանց ու առանց դրա կգնա ընտրության, իսկ «Սերժ Սարգսյանի հագով կարարած կոստյումը» Նիկոլ Փաշինյանի հագին չհավանող էդմոն Մարուքյանը մեղմ ասած դեմ չի լինի դրան։    Մի բան է մութ մնում՝ էս անգամ ո՞նց են հիմնավորելու, որ Դաշնակցությունը չքվեարկեց նախագծին»,-նշել է Նահապետյանը։
20:36 - 15 մարտի, 2021
Ոչ Բաղրամյանում հավաքվածները, ոչ էլ գործող վարչախումբը չեն սպասարկում Հայաստանի շահերը․ Գարեգին Միսկարյան |lragir.am|

Ոչ Բաղրամյանում հավաքվածները, ոչ էլ գործող վարչախումբը չեն սպասարկում Հայաստանի շահերը․ Գարեգին Միսկարյան |lragir.am|

lragir.am: Հարցազրույց «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանի հետ․ Պարոն Միսկարյան, մարտի 1-ին Փաշինյանը հանրահավաքի և երթի հրավիրեց՝ շեշտելով, որ հավաքվում են հանուն ժողովրդի իշխանության և օրինականության: Ինչպես եք գնահատում հեղափոխությունից երեք տարի անց նույն օրակարգով ժողովրդին փողոց հանելու կոչերը: Այո, ցավալի է, որ 2008 թվականից շուրջ 13 տարի անց ժողովրդի իշխանությունը յուրացրած և սեփական ամբիցիաներին ծառայեցնող ուժերը շարունակում են ժողովրդի իշխանությունը ընկալել որպես հակադիր բևեռներին ժողովրդի միջոցով ճնշելու միջոց։ Ցավալի է, որ 2018-ը այդպես էլ այդ ուժերին ոչինչ չսովորեցրեց։ Ցավալին է, որ հանրության մեջ կան մարդիկ, որոնք շարունակում են անձերի հետևից գնալ, և ոչ արժեքների։ Հույս ունեմ, որ հակադիր բևեռ հռչակած, բայց գործնականում համատեղ ուժերով Հայաստանը ցնցումների տանող այս ուժերի մոտ այնքան խոհեմություն կլինի, որ կնստեն բանակցությունների սեղանի շուրջ և բոլորով լուծումներ կգտնեն պետությունը այս ճահիճից հանելու։ Ի՞նչ անի հասարակությունը, ինչպես կողմնորոշվի այս իրավիճակում, երբ մի կողմը հրավիրում է Բաղրամյան պողոտա, մյուս կողմը՝ Հանրապետության հրապարակ: Հանրությունը պիտի մերժի երկու կողմին էլ։ Ոչ Բաղրամյանում հավաքվածները, և ոչ էլ գործող վարչախումբը չեն սպասարկում Հայաստանի Հանրապետության շահերը, չեն ծառայում Հայաստանի Հանրապետության քաղաքացուն։ Նրանց գործունեության ամբողջ ընթացքը եղել է սեփական ամբիցիաներն ու խմբակային շահերը սպասարկելու պատմական շարան։ Պետք է հանրությունը գիտակցի, որ անձերի հետևից գնալու ժամանակները ավարտվել են, և ժամանակն է պարտականությունը ամրապնդելու համար սկսել արժեքներ դավանել։ Շարունակությունը՝ lragir.am-ում
14:40 - 01 մարտի, 2021
Առճակատող բևեռներից որևէ մեկը չունի հանրային աջակցություն, որով կպարտադրի լուծման իր տարբերակը․ Միքայել Նահապետյան
 |news.am|

Առճակատող բևեռներից որևէ մեկը չունի հանրային աջակցություն, որով կպարտադրի լուծման իր տարբերակը․ Միքայել Նահապետյան |news.am|

news.am: Քաղաքական ճգնաժամի ձեռքը Հայաստանի քաղաքացիները և նրանց ճակատագրերը գերի են ընկել։ Այս մասին այսօր՝ փետրվարի 26-ին, «Քաղաքացու որոշում» կուսակցության կազմակերպած հավաքի ժամանակ հայտարարեց կուսակցության անդամ Միքայել Նահապետյանը։ «Ներքաղաքական վիճակը Հայաստանում խորանում ու խորանում է։ Կան իրենց երկու տարբեր բևեռներ հռչակած կողմեր, որոնք առճակատման մեջ են։ Մենք նրանց առաջարկել ենք լուծման տարբերակներ, որոնց նրանք չեն համաձայնվել։ Նրանցից որևէ մեկը չունի հանրային այնպիսի աջակցություն, որով կկարողանա պարտադրել լուծման իր տարբերակը, հետևաբար՝ կա փակուղի։ Երբ դու չես կարողանում ստանալ այն, ինչ պահանջում ես, բայց համաձայն էլ չես լուծման մյուս տարբերակին, առաջանում է քաղաքական ճգնաժամ։ Եվ այս ճգնաժամի ձեռքը Հայաստանի քաղաքացիները և նրանց ճակատագրերը գերի են ընկել։ Սա հիմա հղի է Հայաստանի ապագայի համար լրջագույն խնդիրներով»,- նշեց Միքայել Նահապետյանը։  
22:10 - 26 փետրվարի, 2021
Ես ռազմական հեղաշրջման վտանգն առանձնապես մեծ չեմ համարում, որովհետև բանակը գեներալները չեն, այլ զինվորները․ Սուրեն Սահակյան
 |news.am|

Ես ռազմական հեղաշրջման վտանգն առանձնապես մեծ չեմ համարում, որովհետև բանակը գեներալները չեն, այլ զինվորները․ Սուրեն Սահակյան |news.am|

news.am: Մեր կազմակերպած հավաքն այն մարդկանց համար է, որոնք երկու բևեռների առաջարկած բևեռների լուծումների տրամաբանությունից դուրս են։ Այս մասին այսօր՝ փետրվարի 26-ին, Մաշտոցի պուրակում կազմակերպած իրենց հավաքից առաջ՝ լրագրողների հետ զրույցում, հայտարարեց «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի ղեկավար Սուրեն Սահակյանը։ «Մեր պլանավորած գործողություններն իրենց բնույթով նման են լինելու Հայաստանում հաջողության հասած տարբեր քաղաքացիական և քաղաքական գործողությունների։ Դրա համար մենք այսօր ոչ թե քանակի վրա ենք դրել, այլ որ գան մարդիկ, որոնք այս երկու բևեռների առաջարկած իրարամերժ լուծումների տրամաբանությունից դուրս են, այսինքն՝ գործընթացի վերջում մենք հանգելու ենք մի իրավիճակի, երբ քաղաքացիները վերադառնալու են քաղաքականություն, փողոց և ազատ մասնակցելու են քաղաքականությանը»,- նշեց Սուրեն Սահակյանը։ Ըստ Սուրեն Սահակյանի՝ այն, որ նույնիսկ կառավարող ուժը չի կարողանում 10 հազար մարդուց ավելի հավաքի, վկայում է քաղաքական մեծ ապատիայի մասին։ «Այս նախաձեռնության վերջում մենք տեսնելու ենք, որ մարդիկ դուրս են եկել փողոց և տեր են կանգնել իրենց որոշելու իրավունքին։ Եվ մենք տեսնելու ենք, թե ինչպես է փոքր քաղաքական ուժը դուրս գալիս, դնում խնդիր, դա դարձնում օրակարգային հարց, և եթե դրան խանգարող ուժեր կան, ապա մեկուսացնում նրանց, քանի որ նրանք դառնում են անարդյունավետ և դուրս են գալիս քաղաքականությունից»,- ասաց Սահակյանը։ Սուրեն Սահակյանի խոսքով՝ Գլխավոր շտաբի հայտարարությունը, որով կոչ էր արվում Նիկոլ Փաշինյանին հրաժարական տալ, անգամ ռազմական հեղաշրջման փորձ չի կարելի համարել։ «Ռազմական հեղաշրջումն այսպես չի լինում։ Հայտարարությունը ռազմական հեղաշրջման մասին լինում է այն ժամանակ, երբ տանկերը լինում են փողոցում, և քաղաքական իշխանությունը պարալիզացված է։ Ես ռազմական հեղաշրջման վտանգն առանձնապես մեծ չեմ էլ համարում, որովհետև բանակը գեներալները չեն, այլ զինվորները, որոնք պետք է հրաման ստանան դուրս գալու համար։ Ցանկացած ոք, որը մարտի 1-ից հետո նման հրաման կտա,  մեծ վտանգի է առաջ է, որ այդ բանակը և հրամանը իր դեմ դուրս կգա։ Բայց, իհարկե, քաղաքական մեծ զարգացումներ լինելու են, որովհետև այս վիճակը պետք է հանգուցալուծվի, և այս վիճակը 3 ամիս շարունակվում է, որովհետև ոչ մեկը ելք չի առաջարկել»,- ավելացրեց Սուրեն Սահակյանը։
20:26 - 26 փետրվարի, 2021
Սկսում ենք գործընթաց, որի արդյունքում իրենց երկու բևեռ հռչակած կողմերին բերելու ենք բանակցության սեղանի շուրջ․ «Քաղաքացու որոշում» կուսակցությունը հայտարարություն է տարածել

Սկսում ենք գործընթաց, որի արդյունքում իրենց երկու բևեռ հռչակած կողմերին բերելու ենք բանակցության սեղանի շուրջ․ «Քաղաքացու որոշում» կուսակցությունը հայտարարություն է տարածել

«Քաղաքացու որոշում» կուսակցության Գործադիր մարմինը հայտարարություն է տարածել, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Պատերազմում պարտությունից հետո առաջացած ներքաղաքական ճգնաժամը մոտենում է անդառնալիության կետին։ Ամիսներ շարունակ փորձել ենք քաղաքական սուբյեկտներին հետ կանգնեցնել առավելագույնը ստանալու մոլուցքից և հանդես գալ լուծումներով, որոնք ընդունելի կլինեն բոլորիս համար։ Դա տեղի չի ունեցել։ Փոխարենը հնչել են վերջնագրեր՝ հղում անելով երևակայական ժողովրդի երևակայական կամքին։ Սա հանգեցրել է քաղաքական ապատիայի։ Լուծումների բացակայությունը, առավել ևս, արտահերթ ընտրությունների շուրջ անորոշ ձևակերպումները փոշիացրեցին սահմանադրական ճանապարհով ճգնաժամը արագ հաղթահարելու հույսերը։ Ճգնաժամը հաղթահարելու համար անհամեմատ մեծ պատասխանատվություն ունեցող Նիկոլ Փաշինյանը և կառավարող ուժը ցուցաբերում են իրավիճակին բացարձակ ոչ համարժեք վարքագիծ։ Ակնհայտ է, որ իրավիճակի հանգուցալուծումն անհնար է Նիկոլ Փաշինյանի վարչապետ մնալու պայմաններում։ Հանրությունը ցույց տվեց, որ նույնքան անընդունելի են 17 ուժերի առաջարկած լուծումները։ Հանրությունը պատանդ է մնացել այս երկու բևեռների առաջարկած լուծումների և վերջնագրերի միջև։ Հաշվի առնելով վերոնշյալը, սկսում ենք գործընթաց, որի արդյունքում իրենց երկու բևեռ հռչակած կողմերին բերելու ենք բանակցության սեղանի շուրջ՝ լավագույնս սպասարկելու ՀՀ քաղաքացու շահը և քաղաքական ճգնաժամի արագ հանգուցալուծման ուղիներ գտնելու։ Եթե իրենց բևեռ հռչակած սուբյեկտները շատ կարճ ժամկետներում այս օրակարգին ընդառաջ գալու ողջախոհություն չցուցաբերեն՝ մենք համախմբելու ենք այս օրակարգի շուրջ համաձայն քաղաքացիներին և նրանց ճնշմամբ մեկուսացնելու ենք առճակատման ձգտող ուժերին՝ որպես Հայաստանի լավագույն ապագայի ճանապարհին կանգնած խոչընդոտներ։ Այսպիսով, բոլոր այն քաղաքացիներին, որոնք չեն կիսում վերոնշյալ բևեռների մոտեցումները և արժեվորում են համերաշխության ու ինքնիշխանության օրակարգերը, կոչ ենք անում իրենց բոլոր ջանքերն ուղղել բախումները բացառելուն և բոլոր կողմերին բանակցային սեղանի շուրջ նստեցնելուն։ Վաղը, փետրվարի  26-ին, ժամը 18։30-ին բոլոր այդ մարդկանց հրավիրում ենք Մաշտոցի պուրակ՝ համերաշխության և ինքնիշխանության օրակարգով հավաքին։ Ներքաղաքական կյանքում բռնությունն ու բախումները պետք է բացառվեն։ Բոլոր այն մարդիկ և ուժերը, որոնք կգնան բռնության ճանապարհով, գործում են Հայաստանի ու հայ ժողովրդի բարօրության դեմ։ Մենք հասկանում ենք նաև ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի հայտարարության դրդապատճառները, սակայն, կոչ ենք անում սահմանափակվել արդեն իսկ արվածով և մնալ սահմանադրականության շրջանակներում»։ Նշենք, որ ԶՈՒ Գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել, որով պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Վերջինս այս հայտարարությունը որակել է որպես ռազմական հեղաշրջման փորձ։
23:40 - 25 փետրվարի, 2021
Արմեն Սարգսյանի քաղաքական մոլորությունները |aravot.am|

Արմեն Սարգսյանի քաղաքական մոլորությունները |aravot.am|

aravot.am: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը «Դեպի «Չորրորդ Հանրապետություն» վերնագրած իր հոդվածում նկարագրում է, որ մեր նախնիները պետականության վերականգնման երազանքներ են ունեցել։ Նա նշում է, որ այդ երազանքը փայփայելով, նախնիները իրականացրել են անհնարը՝ առանց պետականություն դարերի միջով անցկացրել ու պահպանել են մեր մշակույթը, ինքնությունը, պատմությունը։ Ըստ նրա, ի վերջո, 20-րդ դարում մեզ հաջողվել է իրականացնել մեր նախնիների երազանքը։ Ահա՛, այսպես է նա գրում դրա մասին․ «Մեր հազարամյա երազանքն իրականացել էր՝ վերջապես մենք ունեցանք մեր տունը, դրոշը, զինանշանն ու օրհներգը»։ Իրականում, պետականության ձևավորման այդ բաղձալի ժամանակներում թերևս շատ քչերն էին հասկանում, որ պետականությունը դրոշը, զինանշանն ու օրհներգը չեն և որ դրանք ընդամենը ինքնորոշման ակտի հետևանքներ են։ Եթե պետականության մասին այլ պատկերացումներ լինեին, մենք նաև այն ունենալու քայլերի ականատես կլինեինք և կստացվեր պետություն ստեղծել, ինչը այդպես էլ չեղավ։ Իհարկե, շատերին թվացել է՝ եթե հետևանքները կան (դրոշը, զինանշանը, օրհներգը), հետևաբար կա նաև պատճառը՝ ինքնորոշումն ու դրա շրջանակներում ինքնուրույնությունը։ Երևի ոմանց թվացել է, թե միջազգային հարթակներում ձայնի իրավունք ունես, ուրեմն պետություն ես։ Մյուսներին գուցե թվացել է, թե պատվիրակությունների կազմում նստում ես որոշակի գույներով ներկված դրոշի տակ, ուրեմն պետականություն ունես։ Մինչդեռ այս ամենն ընդամենը ձևն է և ոչ բովանդակությունը։ Ի՞նչ է պետությունը։ Պետությունը որոշակի տարածքում որոշակի արժեքների և գաղափարների շուրջ համախմբված մարդկանց բազմություն է, որ միմյանց հետ կապված են շատ որոշակի պայմանավորվածություններով, որոնք հարաբերություններ են ձևավորում։ Ըստ այդմ, պետությունը այս մարդկանց միջև ձևավորվող հարաբերությունների ամբողջությունն է։ Նրանք պայմանավորվում են միմյանց ֆիզիկական անվտանգությունը միասնաբար ապահովելու, միասնական կյանքի համար անհրաժեշտ կառավարման օղակների քանակի, տեսակի, քաղաքացիներից յուրաքանչյուրի ունեցած իրավունքների ու պարտականությունների, կառավարման համակարգի և այլնի մասին։ Քանի որ այդ պայմանավորվածությունները համընդհանուր են, վարձում են մեկին, որ կպատժի պայմանավորվածությունները խախտողին։ Այս ամենը արձանագրվում է երկրի Սահմանադրության կամ գլխավոր օրենքների մեջ։ Հարցն այն է՝ արդյո՞ք հայաստանցիներիս պետություն ստեղծելու պատկերացումներն ու հմտությունները ԽՍՀՄ փլուզումից հետո բավարար են եղել և տեղի ունեցել է նկարագրված պայմանավորվածությունների հանգելու գործընթաց։ Կարծում եմ՝ ոչ։ Բավարարվել ենք դրոշով, զինանշանով և օրհներգով։ Հարաբերությունները կարգավորվել են տարերայնորեն։ Պետության հիմքում ընկած պայմանավորվածությունների անհրաժեշտությունը ստորադասվել է քաղաքական կոնյուկտուրային։ Իրար հաջորդող սահմանադրությունները եղել են օրվա կառավարող ուժի կամքը, ինչը, հանրաքվեները կեղծելով, պարտադրվել է հանրությանը։ Նույնիսկ կառավարող օղակներում դրանց շուրջ միակարծիք չեն եղել։  Որոշումները կայացվել են առանձին անձերի կամ խմբերի միջև և բոլոր դեպքում իրական բանավեճ, որ կհանգեցներ պետությանը հատուկ կոնսենսուսային որոշումների, չի եղել։ Հենց այստեղ է, որ մենք խաբել ենք ինքներս մեզ, թե պետություն ունենք, քանի որ կա դրոշ, զինանշան ու օրհներգ։ Հենց այստեղ է ժողովրդավարությունը պարտվել նեղ խմբային շահերին, ինչը, ի վերջո, հիասթափեցրեց հարյուր հազարավոր քաղաքացիների։ Նրանք իրենց չգտան կայացած «պայմանավորվածությունների» մեջ և արտագաղթեցին։ Այդ մոլորությունը, թե մենք պետություն ենք ունեցել, անցավ տասնամյակներով։ Առաջինից հետո կեղծվեցին ևս 2 սահմանադրական հանրաքվեների արդյունքները և հասավ մեր օրեր, երբ նույնիսկ հեղափոխական գործընթացներով անցած թիմը հրաժարվեց որոշակի պայմանների հիմքով պետություն ստեղծելու գործընթաց սկսել։ Արմեն Սարգսյանի կարծիքը, թե մենք պետություն ունեինք, բայց այն չգնահատեցինք, հետևանք է պետության էության մասին կեղծ, թյուր պատկերացումների, իսկ պետության ձախողումը՝ նրա, որ հավաքական մենք մինչև հիմա չգիտենք, թե ինչ բան է պետությունը։ Բնական է, որ քաղաքական մտածողության նման մակարդակում ի հայտ կգային աշխույժ խարդախներ, որոնք կյուրացնեին պետական կառավարման համակարգը։ Հենց այդպես էլ կարելի է բնութագրել վերջին տասնամյակների մեր պատմությունը։ Հոդվածի մեջ տեսնում ենք սրա հետ կապված երկրորդ մոլորությունը։ Նախագահը կարծում է, թե օրենսդիր, գործադիր և դատական մարմինների անկախությունն ու փոխադարձ վերահսկողությունն ապահովելը կարող էր ժողովրդավարական պետության արժեքն իմացող և խստորեն պահպանող քաղաքացի ձևավորել։ Եթե հավաքական հանրությունը չի գիտակցում պայմանավորվածությունների արժեքը, ապա այսպես կոչված «էլիտաները» չեն կարող իրենց պայմանավորվածությունները պարտադրել նրան։ Այստեղ ամենամեծ հարվածն է հասցվում վերը նկարագրված պետություն գաղափարին։ Նույնիսկ խնդրի ձևակերպման մեջ է նշվում, որ արդեն 2020 թվականին քաղաքացին դեռևս ձևավորված չէ և այդպիսի «էլիտիստական» պայմանավորվածություններով ապրելն է ձևավորելու այն քաղաքացուն, որը այդուհետ համընդհանուր ընդունված արժեքների հիմքով ճիշտ ընտրություն կկատարի։ Մինչդեռ պետության քաղաքական համակարգի նման բարդ համակարգերը ստեղծում են հանրության գիտակցված որոշմամբ։ Առանց հանրության լայն համաձայնության ձևավորված համակարգերը մեռնում են այն ձևավորած մարդու կամ խմբի հեռանալու հետ։ Այլ կերպ ասած, եթե համակարգի էության, դերի և նշանակության մասին համապատասխան գիտելիքներ չկան, մի անհատի կառուցած համակարգը կմեռնի նրա հետ։ Հենց դրա համար էլ մենք մինչ այժմ ընտրություն ենք կատարում անձերի միջև՝ եղած չարիքներից ընտրելով փոքրագույնը, քանի որ պատկերացում չունենք, թե ինչն է լավը, իրականը։ Պետության և դրա հիմքում ընկած պայմանավորվածությունների արժեքն իմացող հանրությունը, սովորաբար, ատամներով պահում է իր պայմանավորվածությունները և խստորեն պատժում դրանք խախտել փորձողներին։ Այս հիմնախնդիրը նախագահն առաջարկում է լուծել ընտրությունների միջոցով։ Հենց սա էլ հերթական, արդեն երրորդ մոլորությունն է։ Այո՛, մեր բոլոր խնդիրների լուծման մեխանիզմը հանրային դաշտում ձևակերպվել է որպես նոր ընտրությունների պահանջ։ Ընտրություններ ասելով այն պահանջող բոլոր անհատներն ու խմբերը պատկերացրել են կառավարող օղակի փոփոխությունը և, որ ցանկալի է, իրենցով։ Սակայն եթե ընտրությունների կամ քվեարկության հիմքում քաղաքացին դնում է միայն ներկա կառավարությանը մյուսով փոխելու անհրաժեշտությունը, ապա դրանով խնդիրը չի լուծվում։ Հայ քաղաքական դոմինանտ միտքը երբեք «Այսինչ հեռացիր»-ից առաջ չի անցել։ Անհնար է խնդրի լուծում ակնկալել մի վիճակում, որում այն գոյացել է։ Եթե հանրությունը չի պատկերացնում, թե ինչ է պատվիրակում նրան, ում ընտրում է, ընտրությունը լավը լինել չի կարող։ Մեր ընտրությունը անընդհատ սխալ է եղել, որովհետև ընտրության հիմքում դրված չափորոշիչներն են կեղծ եղել։ Եվ ահա, հանրապետության նախագահը հռչակում է ի՛ր չափորոշիչները։ Ահա, թե նա ինչպես է դա անում․ «Կառավարությունը պետք է կազմված լինի պրոֆեսիոնալներից և փորձագետներից, որոնք մասնագիտացել են կոնկրետ ոլորտներում»։ Հիմա յուրաքանչյուրս մեզ հարց տանք՝ ինչպե՞ս են ոլորտային մասնագետները փոխելու իրերի այն դրությունը, որը վերը նկարագրված է։ Հայաստանում արդեն իսկ նույն սկզբունքով կառավարություն ձևավորվել է։ Առաջինը դա արել է Ռոբերտ Քոչարյանը, երբ հայտարարեց, որ իր կառավարությունը լինելու արհեստավարժների կառավարություն։ Երկրորդ նման փորձը Կարեն Կարապետյանի կառավարությունն էր։ Զուտ քաղաքական արդյունքները նույնն են, ինչ ոչ պրոֆեսիոնալներինը։ Թերևս, մի քանի ոչ էական շեղումներ լինեն։ Քանի որ «պրոֆեսիոնալների կառավարություն» ախտով տառապում է ոչ միայն Արմեն Սարգսյանն, այլև նույն Նիկոլ Փաշինյանը կամ Էդմոն Մարուքյանը և շատ այլ հանրային գործիչներ, ապա արժե ավելի մանրամասն անդրադառնալ այս խնդրին։ Իհարկե, ոչ ոք չի պնդում, թե կառավարման ղեկին պետք է լինեն բացառապես ոչ պրոֆեսիոնալները։ Միաժամանակ, Հայաստանի իրողությունների պայմաններում կան մի շարք հանգամանքներ, որոնք անհնար են դարձնում բացառապես այդպիսի չափորոշիչով կառավարիչների ընտրությամբ արդյունավետ կառավարումը։ Հանգամանքներից մեկն այն է, որ քաղաքական կուսակցությունները հիմնականում ապագաղափարական են, ինչը ունի իր օբյեկտիվ պատմական հիմքերը։ Հայաստանում չկա գեթ մեկ կուսակցություն, որն իր մեջ կներառի բոլոր ոլորտների լավագույններից գոնե մեկին և այնպես, որ այդ բոլոր մարդիկ կիսեն կուսակցության որդեգրած գաղափարախոսությունը։ Եթե կառավարման ղեկը ստանձնած քաղաքական ուժը որոշում է ձևավորել «պրոֆեսիոնալների» կառավարություն, ապա ստիպված է լինելու ներգրավել այնպիսի կադրերի, որոնք գաղափարական առումով հակոտնյա են կառավարող ուժին։ Այսպիսով «պրոֆեսիոնալների կառավարությունը» նմանվում է կարապի, խեցգետնի ու գայլաձկան մասին առակին, երբ կառավարումը դառնում է պայքար ոչ թե երկիրը զարգացնելու, այլ սեփական «թիմակիցներին» գաղափարապես հաղթելու համար։ Հաջորդ հանգամանքը «պրոֆեսիոնալների» կոնյունկտուրայի մաս լինելն է։ Պետական համակարգում թրծված «պրոֆեսիոնալները» հենց այն համակարգի ծնունդն են, որը նրանք իբրև թե պետք է փոխեն։ Այդպիսով ռեֆորմներ չեն լինում։ Փոխվում են ոչ հաճո անձինք, գերատեսչության կառուցվածքը և երկրորդական նշանակություն ունեցող այլ երևույթներ, բայց ոչ համակարգը։ Մինչդեռ սովորաբար լավագույն բարեփոխումներն իրականացնում են ոլորտից դուրս կայացած անձինք ու խմբերը, որոնք քաղաքական մտածողության վեկտոր ունեն։ Ընդ որում, ամբողջ կառավարությունը պետք է նույն այդ վեկտորի հետ համաձայնության գա։ Իսկ եթե դա տեղի է ունեցել, ապա դա կկոչվի ոչ թե «պրոֆեսիոնալների կառավարություն», այլ որոշակի գաղափարախոսությամբ կուսակցություն։ Հետևաբար, մեր խնդիրը պետք է լինի ո՛չ թե «Նոյան տապանի» պես բոլոր պրոֆեսիոնալներին մի տեղ հավաքելն ու տապալելը, այլև քաղաքական ուժերն ու կուսակցությունները գաղափարական դարձնելը։ Սովորաբար, ամենալավ բարեփոխումները անում են նրանք, որոնք ոլորտի հետ ոչ մի կապ չեն ունենում, բայց ունենում են կայուն համոզմունքներ և կառավարություն ստանձնած քաղաքական, գաղափարական թիմ։ Մինչ այժմ խոսում են ոստիկանությունում Վանո Սիրադեղյանի իրականացրած ռեֆորմներից։ Սիրադեղյանի բարեփոխումներին ու դրանց իրականացման ձևին վերաբերմունքը կարող է տարբեր լինել, բայց կարծես ոչ ոք չի վիճարկում, որ դրանք ամենաէականն էին նորանկախ Հայաստանի պատմության մեջ։ Կարծում եք գրող Վանոն «պրոֆեսիոնալ» իրավապա՞հ էր։ Չեն դադարում խոսակցությունները նաև ռեֆորմատոր Սահակաշվիլու մասին։ Երկու դեպքում էլ լավ, թե վատ, մարդիկ իրականում ռեֆորմներ են իրականցրել, որոնք փոխել են հանրային, միասնական կյանքը։ Սահակաշվիլու կառավարությունում դրական փոփոխությունների հասած կրթության նախարարը ստանձնեց պաշտպանության նախարարի պարտականությունները և նույն հաջողությունները գրանցեց, չնայած ոչ մի ոլորտում էր մասնագետ, ոչ էլ մյուսում։ Քաղաքական ուժի կարողությունը և կառավարելու ունակությունը ամենևին ոլորտային մասնագետներ ունենալու մեջ չէ։ Քաղաքական կուսակցության ուժն այն է, թե այն որքանով է կարողանում պետության մեջ, տվյալ ոլորտում առկա ռեսուրսը համախմբել և ուղղել իր դրած նպատակներն իրականացնելու գործին։ «Ստվերային կառավարություն» ունենալու պահանջը, որ դրված է հայկական յուրաքանչյուր կուսակցության առաջ, իրագործելի չէ և, ըստ էության, ծուղակ է։ Դրա համար կան տարբեր պատճառներ։ Դեռ մի կողմ դնենք դրա սուբյեկտիվ պատճառները, որոնք են քաղաքական դաշտի հետևողական ամայացումը, տասնամյակներով կարող ուժերին կառավարման օղակներ ներգրավելն ու փչացնելը և այլն։ Անդրադառնամ դրա ամենահասարակ, օբյեկտիվ կողմին։ Արտասահմանում, որտեղ «ստվերային կառավարությունը» քաղաքական մշակույթի անբաժան մաս է, դրա ձևավորման համար կան բոլոր անհրաժեշտ պայմանները։ Կան ինստիտուցիոնալ ձևավորված կուսակցություններ, որոնք տիրապետում են բավարար ռեսուրսների։ Նրանց գաղափարական հիմքով անդամագրվածները անցնում են երկար ու արդյունավետ դպրոցով, կառավարող ուժի պարբերական փոփոխությունը յուրաքանչյուր կուսակցության անդամի հնարավորություն է տալիս ուսման որևէ շրջանում մասնակցել պետական կառավարմանը և այլն։ Այսպիսով տասնյակ ու հարյուրավոր տարիներ գործող կուսակցությունները կարող են իրենց կազմից ընտրել ոչ թե մի, այլ մի քանի գաղափարապես կուռ ու արդյունավետ կառավարության կազմեր։ Հայաստանում իրավիճակն այս առումով բավականին ողբերգական է։ Վերջում, կուզեի անդրադառնալ նաև մի ավելի տարածված մոլորության, ինչը նաև նախագահի հոդվածում է առկա։ Նա գրում է․ «Բոլոր քաղաքացիները, առանց բացառության, պետք է անառարկելիորեն հարգեն օրենքը և հետևեն դրան: Հակառակ դեպքում մենք հայտնվելու ենք պերմանենտ ճգնաժամերի մեջ: Մեծատառով Օրենքը և դրան հետևելը ցանկացած առողջ հասարակության և ամուր պետության հիմքն է, զարգացման և հարատևման երաշխիքը»: Եվ կրկին, ոչ ոք չի ասում, թե օրենքը հարգել պետք չէ։ Սակայն ամենակարևորն այն է, թե ինչ է իրենից ներկայացնում  մեծատառով օրենքը։ Օրենքը հանրության պայմանավորվածությունն է կոնկրետ իրավիճակներում վարվել այսպես կամ այնպես։ Օրենքը բոլորի համար հավասարապես սահմանափակում է քաղաքացու այն ազատությունները և մարդու այն իրավունքները, որոնք ընձեռում է Սահմանադրությունը։ Օրենքը, այդ իմաստով, ժողովրդավարական հանրություններում իրապես պետք է լինի ժողովրդի կամքը։ Այլ պայմաններում անհնար է հասնել դրա կատարմանը։ Եթե նույնիսկ հասնել ուժով, ապա պետք է մոռանալ ժողովրդավարության մասին և ազնվորեն խոսել, թե ինչ կառավարման համակարգ ենք ուզում դրա փոխարեն։ Հռետորական հարց եմ հնչեցնում․ քանի՞ օրենք է ընդունվել, որոնց հիմքում եղել է ժողովրդի փաստարկված կարծիքը, ո՞ր օրենքներն են դրել լայն հանրային քննարկման և հանրության կարծիքը հաշվի առել։ Այդպիսի օրինակները շատ քիչ են և եթե իրականում դրանք հանրային համաձայնության արդյունք են, ապա դժվար էլ խախտվեն։ Օրենքին ենթարկվելու հրամայականը նույնպես փոխառված է զարգացած երկրներից։ Դա նույնպես ձևի և ոչ բովանդակության մասին է խոսում։ Մարդկանց թվում է, թե օրենքների բովանդակությունը կապ չունի՝ եթե ենթարկվես, զարգացած պետություն կունենաս։ Թվում է, թե Գերմանիան զարգացած է դարձել ոչ այն պատճառով, որ Օրենքը համընդհանուր համաձայնության արդյունք է, որտեղ ներառված են բոլորի շահերը, այլ որովհետև կուրորեն ենթարկվում են օրենքին։ Մինչդեռ դա մի հերթական անգամ ևս խոսում է, որ մեր քաղաքական դասը չի պատկերացնում, թե ինչ բան է օրենքը, ինչպես որ չի պատկերացնում, թե ինչ բան է պետությունը։ Սուրեն Սահակյան «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության գործադիր մարմնի անդամ
11:37 - 03 փետրվարի, 2021
«10-15 տարի հետո մեր աշխարհաքաղաքական դերերից մեկը պիտի լինի գիտությունը» |hetq.am|

«10-15 տարի հետո մեր աշխարհաքաղաքական դերերից մեկը պիտի լինի գիտությունը» |hetq.am|

hetq.am:   3 հարց «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանին։ -Օրեր առաջ սոցիալական ցանցի Ձեր էջում գրառում էիք արել, որ կյանքը հանգեցրեց այն ընկալմանը, որ գիտությունն ու քաղաքականությունը պիտի սկսեն «ընկերություն անել», թեւ ու թիկունք լինեն իրար։ Սա ի՞նչ է ենթադրում։ Արդյոք պատերազմական իրավիճակով պայմանավորված եք նման եզրահանգման եկել։ -Խոսքը ոչ թե անհատական, այլ լայն հանրային ընկալման մասին է, այսինքն՝ կա համաձայնություն, որ պետությունը պետք է նոր վերաբերմունք որդեգրի գիտության հարցում։ Ես հեռու եմ գիտությունը միայն որպես «ռազմական մեքենայի ուղեղ» դիտարկելու մտքից։ Գիտությունը նախեւառաջ կյանքի որակ է, որոշումներ կայացնելու արդյունավետ մեխանիզմ, հիմնավորված գործողություններ եւ կյանքի հոգեւոր բաղադրիչ։ Այն ընկալումը, որ գիտությունը սոսկ հարվածային ԱԹՍ-ներ ստեղծելու մասին է, թերի է եւ մանկամիտ։ Գիտությունը նաեւ պիտի վեր հանի մեր հանրային արատներն ու ուժեղ կողմերը, առաջարկի դրա լուծումները, գիտությունն ու փիլիսոփայությունը պիտի ուղենշեն, թե ուր պիտի գնանք մենք եւ այլն։ Այսինքն՝ գիտությունը շատ ավելին է, քան սոսկ փորձարարական մշակումներն ու պատրաստի արտադրանքը։ Եվ ապրել նորովի, փոխել մեր կյանքը, չկրկնել նախկինում արած սխալները հնարավոր է միայն գիտության զարգացման միջոցով։ Վերջինս իր հերթին նշանակում է, որ քաղաքական գործիչները պիտի գիտության հետ «ընկերություն անեն»՝ ծառայեն գիտության զարգացմանը եւ օգտվեն գիտության ձեռքբերումներից քաղաքական ծրագրեր մշակելիս։ -Պատերազմի ժամանակ եւ հետո շատերն սկսել են հայացքներն ուղղել դեպի գիտություն՝ ակնկալելով կիրառական արդյունք։ Ի՞նչ պետք է անել՝ հաշվի առնելով, որ գիտության ֆինանսավորումը տարեցտարի նվազում է, սերնդափոխություն չի կատարվում, այսինքն՝ բազմաթիվ խորքային խնդիրներ կան այս ոլորտում։ -Կրկին պիտի ասեմ, որ հեռու եմ գիտությունը «դրոն արտադրելու» արշինով չափելուց։ Դա գիտության մի փուլի մի ենթաոլորտ է ընդամենը, որը մեզ համար, իհարկե, կարեւոր է։ Գիտության զարգացման ռազմավարության մասին հիմա ակտիվ քննարկումներ կան, որոնցով նաեւ ես եմ հետաքրքրված։ Այն խնդիրները, որ ես եմ տեսնում այս պահին, հետեւյալն են. Փող/փողի կառավարում - պատվեր/պատվերի կառավարում - միջազգայնացում. այսինքն՝ մենք պիտի ավելացնենք ֆինանսավորումը շեշտակիորեն եւ ներդնենք փողի կառավարման ու բաշխման արդարացի համակարգ։ Մենք պիտի կարողանանք տալ պետական պատվերներ մեր պետական խնդիրների լուծման ուղղությամբ ու ստացված արդյունքները կիրառել պետական կառավարման մեջ։ Այստեղ, ի դեպ, կարեւոր է մեծ ուշադրություն դարձնել հասարակագիտական ոլորտի գիտակարգերին ու գիտնականներին, որտեղ մեր գործերը այնքան էլ լավ չեն (մեղմ ասած)։ Մենք պիտի կարողանանք միջազգային կապեր ստեղծել պետական ողջ ռեսուրսի գործադրմամբ։ Այսինքն՝ ապահովենք բուհ-բուհ, ակադեմիա-ակադեմիա, լաբորատորիա-լաբորատորիա միջազգային կապեր, ստեղծել հնարավորություններ, որ հեղինակավոր համալսարանների պրոֆեսորները ղեկավարեն մեր ասպիրանտների թեկնածուական ատենախոսությունները, մեր գիտնականները պաշտպանություն անցնեն նաեւ օտարերկրյա գիտնականների մասնակցությամբ հանձնաժողովներում։ Պիտի մեծածավալ գրանտներ տրամադրվեն հիմնական գրականության թարգմանության եւ հրատարակության համար։ Այսինքն՝ քայլեր ձեռնարկվեն, որոնք մեզ կդարձնեն միջազգային գիտական համայնքի եւ նրա այսօրվա օրախնդիրների մի մաս։ Ահա այս համակարգային ամբողջությունն է ունակ լուծելու մեր, այդ թվում՝ անվտանգային խնդիրները։ Իսկ դրոն կարտադրեն Պոլիտեխնիկի ուսանողները, որոնք, ամենայն հավանականությամբ, չեն լինի գիտնականներ, այլ լավ սերտած կլինեն գիտական մտավոր պրոդուկտները ու կունենան մի ղեկավար, ով կարողանում է բիզնես վարել ու իր կողքին հավաքել մի քանի գիտնականների։ Շարունակությունը՝ hetq.am-ում
10:56 - 08 հունվարի, 2021
Մինչ օրս անպատասխան է հարցը, թե ինչու պատերազմի ընթացքում ԼՂ-ի ճանաչման կամ միացման որոշում չեղավ․ Գոռ Հակոբյան

Մինչ օրս անպատասխան է հարցը, թե ինչու պատերազմի ընթացքում ԼՂ-ի ճանաչման կամ միացման որոշում չեղավ․ Գոռ Հակոբյան

Պատերազմից հետո Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, երբ ընդդիմադիր տարբեր խմբեր, այդ թվում՝ նախկինում պետական կառավարման համակարգում ներկայացված կուսակցություններ, պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ նրա թիմի անհապաղ հրաժարականը։  Պնդումներ կան, որ պետք է ձեւավորվի ժամանակավոր կառավարություն, որի ղեկավարը կերաշխավորի օրենսդրական բարեփոխումների շուտափույթ իրականացումն ու խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդար, ազատ ու թափանցիկ անցկացումը։ «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունն այն կարծիքին է, որ ներքաղաքական կայունության հաստատման ճանապարհը Նիկոլ Փաշինյանին այլ վարչապետով փոխարինելն է, որը չի լինի «Իմ քայլի» ու «17 ուժերի» ներկայացուցիչ, երկրում կհաստատի համերաշխության մթնոլորտ եւ կկազմակերպի արտահերթ ընտրություններ։ Infocom.am-ը զրուցել է «Քաղաքացու որոշում» ՍԴ կուսակցության ԳՄ քարտուղար Գոռ Հակոբյանի հետ։  - Պարո՛ն Հակոբյան, «Քաղաքացու որոշում»-ը եւս այն համոզմանն է, որ վարչապետը պետք է հեռանա ու անցկացվեն արտահերթ ընտրություններ․ ե՞րբ պետք է հեռանա, ե՞րբ կարող ենք ասել, որ արդեն կայուն իրավիճակ է ընտրություններ անցկացնելու համար։  - Եթե հեռանալը պայմանավորում ենք միայն ընտրությունների կազմակերպումով, ապա այն ժամանակի հարց չէ, այլ նորմալ ընտրություններ կազմակերպելու հարց է։ Հանրությունը պետք է պատրաստ լինի, եւ հանրային միջավայրը պետք է թույլ տա գիտակից ընտրություն կատարել, որպեսզի ձեւավորվի նոր, ավելի ժովովրդական կառավարություն։ Ոչ միայն հանրային մթնոլորտը, այլ նաեւ քաղաքական իրավիճակը պետք է թույլ տա, որպեսզի մենք կարողանանք նորմալ, գիտակցված ընտրութուններ իրականացնել։ Պետք են մի շարք քաղաքական եւ այլ ռեֆորմներ, որովհետեւ, պատկերացրեք, պատերազմից, այդքան զոհերից հետո չենք կարողանա մարդկանց հետ, օրինակ, տնտեսական ծրագրեր քննարկել, շատ դժվար կլինի։ Անպայման չէ, որ այդ մթնոլորտը ձեւավորի Նիկոլ Փաշինյանը, դրա համար մենք  առաջարկել ենք, որպեսզի ձեւավորվի չեզոք կառավարություն՝ չեզոք վարչապետով, որը կկատարի անցումային ֆունկցիա՝ մինչեւ այդ միջավայրը կստեղծվի։ - Դուք նշեցիք ժամանակավոր կառավարության մասին․ 17 կուսակցությունների միասնական թեկնածուն Վազգեն Մանուկյանն է, ԼՀԿ-ինը՝ Էդմոն Մարուքյանը, ո՞վ է ՔՈ կուսակցության վարչապետի թեկնածուն, ժամանակավոր կառավարության՝ ձեր պատկերացրած անդամներն ովքե՞ր են լինելու։ - Ամբողջ խնդիրն այն է, որ մարդիկ անձերի շուրջ են քննարկում ծավալում, իսկ մենք գործի ու անելիքի առաջարկ ենք ներկայացրել։ Բոլորս պետք է հասկանանք, թե ինչ է պետք անել եւ ինչպես է պետք կայուն հիմք ստեղծել այս երկրի համար, այլ ոչ թե համաձայնվել, որ տեղի ունենա մարդու, անձի ընտրություն։ Պրոբլեմն այն է, որ անձերի շուրջ է պտտվում քննարկումը՝ Նիկոլ Փաշինյան, Վազգեն Մանուկյան եւ դրա շուրջ էլ չեն կարողանում համաձայնության գալ։ Չեզոք կառավարությունը չպետք է ձեւավորվի այս 2 դաշինքներից՝ մի շատ պարզ պատճառով, որովհետեւ նրանք երկուսն էլ մի համակարգի ղեկավարներն են եղել եւ շարունակում են լինել, իսկ պատերազմն ապացուցեց, որ այդ համակարգը գործունակ չէ եւ դրա ղեկավարների փոփոխությունը արմատական փոփոխություններ չի բերելու։ Համակարգի այդ 2 խմբերի ամբողջ ստեղծագործական մակարդակը արտացոլվել է գաղջ եւ դժգույն բառերում։ Դա է իրենց մակարդակը, եւ այդ մակարդակում մենք չենք կարող նոր Հայաստան ստեղծել։ 2018 թվականի հեղափոխությունից հետո կար հնարավորություն ստեղծելու նոր համակարգ, ազատ համակարգ, մարդկանց արժանապատվությունը, անվտանգությունը ապահովող համակարգ։ Ցավոք այդ համակարգը հնարավոր չեղավ կառուցել եւ այդ սեւ ու սպիտակ վիճակը շարունակվում է։ Ժամանակն է, որ մենք վերջ տանք նման սեւ ու սպիտակ բաժանումներին։ Այն սկսվել է դեռեւս 1990-ական թվականներից՝ շարունակվելով Ռոբերտ Քոչարյանով, Սերժ Սարգսյանով, հիմա էլ Նիկոլ Փաշինյանով։ Մենք դեռեւս 2018 թվականից ենք ասել, որ սեւ ու սպիտակ դիսկուրսը սպանում է որեւէ քաղաքական առողջ մտքի զարգացումը։ Որեւէ քննարկում, որ տեղի է ունենում այսօր, նորից տանում ու մտցնում են կամ այս թեւ, կամ այն թեւ, եւ առողջ միտքն ուղղակի ոչնչանում է, իսկ այսօր դրա կարիքը շատ ունենք։ Նախկին համակարգը եւ դրա նախկին ու ներկա ներկայացուցիչները սպառել են իրենց։ - Վարչապետի հրաժարականից հետո մասնավորապես ի՞նչ գործընթացներ պետք է տեղի ունենան, դուք ի՞նչ մասնակցություն պիտի ունենաք դրանց։ Ի՞նչ օրակարգ եք առաջ քաշում դուք՝ խնդրում եմ ներկայացնել առաջնահերթ անելիքները։ - Նշեմ մի քանի հիմնական քայլեր․ Հայաստանը պետք է լինի արդար պետություն, սոցիալական արդարությունը եւ արժանապատվությունը պետք է գերակայեն։ Անցնող 30 տարիները մեր այս սահմանադրական նպատակների համար չեն ծառայել։ Հայաստանում իրապես երկրի տեր պետք է դառնա ժողովուրդը։ Մինչեւ 2018 թվականը երկրում տիրոջ կարգավիճակ են ունեցել որոշակի արտոնյալ խմբեր, պայմանականացված անուններով՝ օլիգարխիկ խմբեր, պետական բյուրոկրատիայի վերնախավ, փոքր կուսակցական խմբեր։ Երկրի բնակչության լայն շերտերը զրկված են եղել պետության կառավարմանը եւ հանրային-ազգային սեփականության վերաբաշխման գործընթացներից։ Այդ իսկ պատճառով է, որ դեռեւս բնակչության մեծամասնությունը աղքատ է եւ օտարված։ 2018 թվականը հնարավորություն էր ստեղծել, որպեսզի մենք կարողանաինք տարբեր մեխանիզմներով՝ իրավական, քաղաքական, օրենքների, Սահմանադրության միջոցով ստեղծել երաշխիքներ, պայմաններ, որպեսզի այս երկրում ապրող սովորական բնակիչների մեծամասնությունը լիարժեք ապահովագրված լինի, երբ ասում ենք, որ ժողովուրդն է երկրի տերը, դա պետք է իրապես ամրագրվի եւ գործի։ Ժողովրդի սուվերեն իշխանությունը խոսքից պետք է վերածել գործի։ Պատերազմը ցույց տվեց, որ մենք նաեւ օտարված ենք եղել պետության անվտանգության եւ արտաքին քաղաքականության որոշումների մասնակցության գործընթացից։ Պատերազմել է սովորական ժողովուրդը, իսկ շատ հարուստ եւ, այսպես կոչված, վերնախավը օգտագործել է նրանց, իսկ իրենք անմասն են մնացել պրոցեսից։ Անվտանգության հարցերի շուրջ գաղտնիության այս կեղծ ու արատավոր մշակույթը պետք է վերանա, որ մենք տեղյակ լինենք մեր երկրի կարողության ու հնարավորության մասին ու ըստ այդմ կարողանանք որոշումներ ընդունել։ Հնարավոր է, որ մենք այսօր մի մեխանիզմ առաջարկենք, բայց ավելի լայն կամ հանրային կոնսենսուսը այլ տարբերակ առաջարկի, այստեղ ամենակարեւորն այն է, որ սկզբունքն ամրագրվի՝ ինչպես մենք կարող ենք անել, որպեսզի ժողովրդի իշխանության հռչակագրային սկզբունքը, որ ժողովուրդն է երկրի տերը, դառնա իրականություն, եւ մարդիկ իսկապես կարողանան մասնակցել երկրի ղեկավարմանը եւ որոշումների կայացման գործընացին։ Սրանք առաջնային քայլեր են, որպեսզի մարդը հասկանա, թե ինչու է ապրում այս երկրում, ինչու է կռվում եւ ինչու են իրենց երեխաները զոհվում։ Եթե մենք այս հարցերը չկարողանանք ձեւակերպել եւ լուծում չտանք, մեծ հաշվով էական չէ՝ ով կլինի անցումային կառավարության մեջ, ով կգա, ինչ անձի տեսքով։ Մինչեւ տիրոջ իրավունքը իրապես չամրագրվի, մեր զարգացումը կայուն չի լինի, իսկ ես անձնապես վստահ եմ, որ պետականության զարգացում ուղղակի չենք ունենա։ Սա է մեր մոտեցումը եւ սա հսկայական աշխատանք է։ Այն պահանջում է բարեփոխումներ անվտանգության, սոցիալական, իրավական, առողջապահական, կրթական ոլորտներում, ինչու չէ նաեւ մշակութային եւ համակեցություն ձեւավորող ոլորտներում։ Այս ամենը պետք է հիմք հանդիսանա նոր սահմանդրական կարգի ու Սահմանադրության մշակման համար։ - Բազմիցս խոսվել է Ընտրական օրենսգրքի թերությունների եւ ընտրական օրենսդրության փոփոխությունների անհրաժեշտության մասին։ Այսօր, երբ առաջ է քաշվել արտահերթ ընտրություններ իրականացնելու հարցը, հնարավո՞ր է կարճ ժամանակահատվածում իրականացնել անհրաժեշտ բարեփոխումները, որոնց մասին նաեւ ձեր կուսակցությունն է բարձրաձայնել։  - Քաղաքական ընտրության համար միայն Ընտրական օրենսգրքի փոփոխությունները քիչ են։ Մենք պատկերացնում են ավելի լայն քաղաքական ռեֆորմների իրականացում։ Պետք է սկսել ձեւավորել նոր քաղաքական համակարգ, որը իրապես կարտացոլի եւ կարտահայտի մեր ժողովրդի շահերը։ Նախկինում նման փոփոխությունները նպատակ են ունեցել կամ երկարաձգելու, կամ ամրացնելու գործող արտոնյալ խմբերի իշախնությունը։ Պետք է փոխել վեկտորը։ Քաղաքական փոփոխությունների եւ բարեփոխումների համար սկզբունքային է նաեւ դրանց որոշ չափով կոնսեսուսային լինելը։ Կառավարող ուժը պարտավոր է դա անել ներառողական՝ ընդգրկելով ոչ միայն այլ կուսակցությունների, այլ նաեւ հասարակական, քաղաքացիական այլ գործոնների։ - Դուք նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունից հետո նշել էիք, որ ստեղծված իրավիճակում «Քաղաքացու որոշում» կուսակցությունը փնտրում է այդ փաստաթղթով սկսված գործընթացում Հայաստանի շահերը առավելագույնս ներառելու ուղիներ, ու հայտնել էիք, որ այդ նպատակով ինտենսիվ խորհրդակցություններ եք նախաձեռնել պետական ռազմաքաղաքական ինստիտուտների, դիվանագիտական ներկայացուցչությունների, քաղաքական ուժերի հետ։ Օրեր անց հայտարարությամբ հանդես եկաք՝ նշելով, որ պետական ու քաղաքական շրջանակների հետ ձեր շփումների արդյունքում գտնում ենք, որ այդ շրջանակները չունեն ստեղծված ներքին եւ արտաքին մարտահրավերները հաղթահարելու հիմնավոր պատկերացումներ։ Լուծման ի՞նչ տարբերակներ ու առաջարկներ ունեք այդ հանդիպումների արդյունքում, ինչի՞ եզրահանգեցիք։ - Հայտարարության մեջ արդեն նշել ենք, որ մենք առաջնորդվում ենք այն մեթոդով, որ գուցե կան որոշակի մոտեցումներ կամ լուծումներ, որոնք տարբեր քաղաքական ուժեր կամ կառույցներ ունեն եւ կարող են արտահայտել, ուղղակի հաղորդակցության կամ հակադրության պայմաններում չեն կարողանում այդ ձեւը գտնել, բայց, մեծ հաշվով, այդպիսի պլան կամ գործողությունների ծրագիր մեզ չի ներկայացվել։ Անպայման չէ, որ իրենք չունեն այդ ծրագիրը, բայց գոնե մեզ չեն ներկայացրել, եւ դրա համար հայտարարությունը հենց այդպես էլ տարածվել է։ - Այս իրավիճակում, երբ մենք կարծես ամեն օր բախվում ենք նոր իրավիճակի՝ հատկապես սահմանագծման առումով, կարո՞ղ ենք առաջ տանել մեր շահը՝ հաշվի առնելով եռակողմ հայտարարության դրույթները։  - Օրինակ սահմանազատման եւ ռազմական դիրքերի տեղակայման գործընթացների համար կան ընդունված ընթացակարգեր, թե ինպես դա կարող է տեղի ունենալ երկու պետությունների միջեւ։ Ստեղծվում է միջպետական հանձնաժողով, որտեղ ներգրավված են լինում տարբեր ոլորտների մասնագետներ, որոնք ուսումնասիրում են սահմանների ձեւավորման որոշակի ընդունված պետական, ինչպես նաեւ միջազգայնորեն ճանաչված քարտեզները, սկսում են դրանց շուրջ բանակցություններ, համաձայնություններ, եւ նոր հետո սկսում են սահմանզատման աշխատանքները։ Այդ աշխատանքները տարիներ կարող են տեւել։ Եթե չեմ սխալվում՝ մինչեւ հիմա անգամ Հայաստանը եւ Վրաստանը այդ բաժանարար գծերի վերաբերյալ ունեն հանձնաժողով, այդ գործընթացը տարիներ է տեւել, կամ հիմա Վրաստանն ու Ադրբեջանը նույնպես ունեն տարածքային հարցեր եւ այդ հանձնաժողովն աշխատում է։ Ես կարծում եմ, որ նույն բանը պետք է տեղի ունենար ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ, եւ ոչ թե հապշտապ կատարվեր։ Սա սխալ գործընթաց է եւ չի բերելու խաղաղության, քանի որ լինելու են սխալներ, որոնք հետագայում ճշգրտելու համար կամ հնարավորություն չի լինելու կամ հանգեցնելու է որոշակի վեճերի։ Հատուկ ուզում եմ նշել, եթե իհարկե կար անհրաժեշտություն եւ այդպիսի որոշում, որ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման գործընթաց սկսեր, քանի որ ամսի 9-ի եռակողմ հայտարարությունը հրադադարի հայտարարություն էր, այլ ոչ թե Հայաստան-Ադրբեջան սահմանազատման համաձայնություն։ Հրադադարը պետք է սահմանվեր այն գծով, ինչ գծով տեղակայված էին զորքերը, եւ նոր դրանից հետո որոշվեին հնարավոր սահմանների ճշտորոշման սկզբունքները եւ մեխանիզմները։ Գործընթացը այնպիսի արագությամբ են իրականացնում, որ նույնսիկ ներքին իմաստով մենք չգիտենք, թե մեր կողմից ովքեր են բանակցում՝ պաշտպանության նախարարությո՞ւնը, արտաքին գործերի նախարարությո՞ւնը, տարածքային կառավարման նախարարությո՞ւնը, վարչապետի աշխատակա՞զմը, ո՞վ է բանակցում։ Պատկերացրեք՝ մի տարի հետո փոխվում է կառավարող ուժը, եւ որոշում ենք հասկանալ, թե մեր սահմանների ճշտորոշումը ճի՞շտ է կատարվել, թե՞ ոչ, ո՞ւմ պետք է պատասխանատվության կանչենք, ինչի՞ հիման վրա են դրանք որոշվել։ Պահի տակ ով ոնց կարողացել է, այնպես էլ գծել է սահմանները, դա՞ է մեխանիզմը։ Ես կարծում եմ, որ այս հարցում բոլոր քաղաքական ուժերը պետք է միասնական լինեն եւ այդ ամենը չօգտագործեն ներքին պառակտումներ իրականացնելու համար, այլ բոլորը ջանք դնենք խնդիրը լուծելու համար։ - Պարո՛ն Հակոբյան, ինչպե՞ս եք պատկերացնում բանակցությունների վերսկսման գարծընթացը, այսօր այն իրավիճակում ենք, երբ բանակցային սեղանին կարծես թե որեւէ փաստաթուղթ դրված չէ, այդ թվում՝ Լավրովյան պլանը, քանի որ այժմյան իրավիճակն այդ պլանից էլ դուրս է։ Փաշինյանը, երբ եկավ իշխանության, հայտարարեց, որ ինքը բանակցությունները սկսում է նոր կետից, հիմա բանակցությունների ձեր կետը ո՞րն է լինելու, եւ ըստ ձեզ՝ Մինսկի խմբի ձեւաչափով բանակցությունների շարունակությունը որքանո՞վ է արդյունավետ լինելու․ կարծիքներ կան, որ այդ ձեւաչափն այլեւս քանդված է։ - Քանի որ այս հարցի վերաբերյալ կուսակցության ներսում դեռ շարունակվում են քննարկումները, ես բաց կթողնեմ այդ կետը։  Պատերազմի ժամանակ մենք հարց ենք բարձրացրել, որպեսզի ճշտորոշվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը՝ կլինի դա ճանաչում կամ միացում, որը մինչեւ այժմ ակտուալ է։ Մինչ այսօր այս հարցը անպատասխան է մնացել, թե ինչու պատերազմի ընթացում դա տեղի չունեցավ։ Նախկինում այդպիսի նախաձեռնությունները համարվել են արկածախնդրություն, քանի որ ասել են, թե դա բերելու է պատերազմի։ Պատերազմի ընթացքում մենք կրկին բարձրացրել ենք այս հարցը, եթե պատերազմն արդեն սկսվել է, ի՞նչն է խանգառում ձեր դիրքորոշումն արտահայտել՝ կլինի դա միացման կոչ, թե անկախության ճանաչում։ Ամենասարսափելին, որ կարող էր տեղի ունենալ այդ քայլի պատճառով, պատերազմն էր, որն արդեն սկսել է։ Պատերազմը վերջացավ ամենավատ տարբերակով, իսկ այս հարցը դեռ օդի մեջ է։ Կարծում եմ՝ պետք են լուրջ եւ ռացիոնալ քննարկումներ՝ ներքին կոնսեսուս ձեւավորելու համար, նոր դրանից հետո հասկանալ, թե ինչի շուրջ ենք բանակցում եւ որ ձեւաչափն է լավագույնը, որպեսզի կարողանանք հասնել լավ արդյունքների։ Ինչքան էլ բոլորս այս պահին տագնապալից, լարված, ցասման մթնոլորտում ենք եւ մեղավորներ ենք փնտրում, վրեժ ենք ուզում լուծել, պետք է հասկանանք, որ մենք կարիք ունենք որոշակի զսպվածության եւ ռացիոնալության։ Մենք իսկապես խորքային վերագնահատման մի ամբողջ շղթա պետք է անցնենք, հասկանանք՝ ինչու այս ամենը տեղի ունեցավ, որոնք են խնդիրները, որպեսզի կարողանանք ամեն օրվա մեր հաջորդ քայլերում ավելի նոր համակարգ կառուցել, որպեսզի նման դեպքերը չկրկնվեն։  1991 թվականին Հայաստանի պետության ստեղծման հիմքում դրվել է որոշակի ազգային գաղափար՝ հայկական կորսված տարածքների վերադարձը։ ԼՂ եւ անվտանգության տարածքների վերահսկողությունը հայկական զորքերի կողմից ազգային գաղափարի միջանկյալ նպատակներից էր կամ հաղթանակներից մեկը, եւ մեզնից շատերը 30 տարի այդ նպատակով են ապրել։ Երբ մենք կորցրել ենք այդ ամենի մեծ մասը, դա մարդկանց մոտ հիասթափություն է առաջացրել, մարդիկ պետության գոյությունը կասկածի տակ են դնում։ Մարդիկ 30 տարի իրենց ամեն ինչից զրկել են հանուն այդ գաղափարի եւ հանուն բանակի։ Սոցիալական եւ այլ նեղություններ ենք քաշել այդ նպատակի համար, մարդիկ հանդուրժել են կլանային համակարգը, որը ղեկավարել է մեզ 27-28 տարի, միայն թե այդ հարցը լուծվի, բայց երբ այսօր դա կորսվել է մարդիկ հիասթափվել են։ Պետության նպատակը այդ պետության տարածքում ապրող մարդկանց արժանապատիվ, բարեկեցիկ համակեցության միջավայր, անվտանգ միջավայր ստեղծելն է։ Մենք պետք է վերադառնանք այդ նպատակին, հասկանանք դրա համար ինչ ենք արել եւ ինչը՝ ոչ եւ կառուցենք պետություն։ Մեր պետության ձեւավորման սահմանադրական նպատակներում ամրագրվել է իրավական, սոցիալական ժողովրդական պետություն։ Գնանք այդ ճանպարհով, որ նման պետություն ստեղծենք, որ մարդիկ ուզենան ապրել այս երկրում։ Ասպրամ Փարսադանյան
18:00 - 22 դեկտեմբերի, 2020
Կայունության հաստատման ճանապարհը Նիկոլ Փաշինյանին այլ վարչապետով փոխարինելն է, որը չի լինի «Իմ քայլի» ու «17 ուժերի» ներկայացուցիչ. ՔՈ ՍԴԿ ներկայացուցիչները հանդիպել են ԱԺ նախագահի հետ

Կայունության հաստատման ճանապարհը Նիկոլ Փաշինյանին այլ վարչապետով փոխարինելն է, որը չի լինի «Իմ քայլի» ու «17 ուժերի» ներկայացուցիչ. ՔՈ ՍԴԿ ներկայացուցիչները հանդիպել են ԱԺ նախագահի հետ

Այսօր ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նախաձեռնությամբ կայացել է հանդիպում «Քաղաքացու որոշում» կուսակցության ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնում է «Քաղաքացու որոշում» ՍԴԿ մամուլի ծառայությունը։ Հանդիպման ընթացքում քննարկվել է Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին, սահմանների հստակեցմանը, գերիների վերադարձին և ներքաղաքական գործընթացներին առնչվող հարցերի շրջանակ։ Երկուստեք կարևորվել է ներքաղաքական կայունության հաստատումը։ Այս համատեքստում «Քաղաքացու որոշում» կուսակցության ներկայացուցիչները վերահաստատել են հանրայնորեն հնչեցված և վարչապետին ներկայացված այն դիրքորոշումը, որ այդպիսի կայունության հաստատման ճանապարհը Նիկոլ Փաշինյանին այլ վարչապետով փոխարինելն է, որը չի լինի «Իմ քայլի» ու «17 ուժերի» ներկայացուցիչ, երկրում կհաստատի համերաշխության մթնոլորտ և կկազմակերպի արտահերթ ընտրություններ։
13:38 - 16 դեկտեմբերի, 2020