«Թալիբան» արմատական շարժում

Թալիբանը (մեդրեսեի սովորողներ, ուսանողներ) իսլամական շարժում է, որը սկիզբ է առել Աֆղանստանում 1994 թվականին, ղեկավարել Աֆղանստանը 1996-2001 թվականներին («Աֆղանստան Իսլամական Էմիրաթ») եւ Պակիստանի հյուսիսում գտնվող Վազիրիստան շրջանը («Վազիրիստանի իսլամական պետություն») 2004 թվականից։ Աֆղանստան Իսլամական Էմիրաթը դիվանագիտորեն ճանաչել են երեք պետություններ՝ Արաբական Միացյալ Էմիրությունները, Պակիստանը եւ Սաուդյան Արաբիան։
 
2003 թվականին ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը Թալիբանը ճանաչել է ահաբեկչական կազմակերպություն։

Թալիբների պաշտոնական կրոնն իսլամի այնպիսի ուղղությունն է, ինչպիսին է աշարիականությունը. յուրաքանչյուր ոք, որ հակադրվում է այդ գաղափարախոսությանը, ըստ զինյալների, մոլորյալ է ու ենթակա է հալածանքի։ Թալիբանն իր վերահսկողության տակ գտնվող տարածքներում ներմուծում է շարիաթի նորմերը, որոնց կատարումը խիստ վերահսկվում է։ Արգելված են հեռուստատեսությունը, երաժշտությունն ու երաժշտական գործիքները, կերպարվեստը, ալկոհոլը, համակարգիչները եւ համացանցը, շախմատը եւ այլն։ Տղամարդկանց պարտադրվում է անպայման ունենալ որոշակի երկարությամբ մորուք։ Կանանց արգելվել է աշխատել, բուժվել արական սեռի բժիշկների մոտ, բաց դեմքով եւ առանց ամուսնու կամ արական սեռի ազգականի հայտնվել հասարակական վայրերում, զգալիորեն սահմանափակվել է կրթության հասանելիությունը կանանց համար (2001 թվականին աղջիկները կազմել են դպրոց հաճախողների միայն 1 %-ը)։
«Մեծ յոթնյակն» այսօր հեռավար կքննարկի Աֆղանստանում ստեղծված իրավիճակը |azatutyun.am|

«Մեծ յոթնյակն» այսօր հեռավար կքննարկի Աֆղանստանում ստեղծված իրավիճակը |azatutyun.am|

azatutyun.am: Աշխարհի առավել զարգացած 7 պետությունների ղեկավարներն այսօր հեռավար հանդիպում կանցկացնեն Աֆղանստանում ստեղծված իրավիճակի շուրջ։ «Մեծ յոթնյակի» (G7) այս հանդիպումն արտահերթ է, և առաջինը՝ թալիբների սրընթաց առաջխաղացումից ու Աֆղանստանում տեղի ունեցած իշխանափոխությունից ի վեր։ «Նպատակն է համաձայնեցնել դիրքորոշումները և արձանագրել, որ թալիբների հարցում Արևմուտքը միաձայն է լինելու», - նախօրեին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը։ «Մենք արդեն իսկ տեսնում ենք միջազգային համայնքի շատ հստակ արձագանքը, առ այն, որ «Թալիբան» շարժման հետ հարաբերություններում մեր քայլերն ու հայտարարությունները լինելու են միասնական։ Կարծում եմ, որ «Մեծ յոթանյակի» հետ հանդիպման ընթացքում նախագահ Բայդենը հենց այդ ուղերձն է փոխանցելու», - ասել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակը։ Ջանքերը համակարգելու անհրաժեշտության մասին երեկ նաև Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասը հայտարարեց՝ առավել հստակ շեշտադրմամբ․ անհրաժեշտ է միավորել ուժերը՝ Աֆղանստանում մնացած օտարեկրյա զինվորականներին, դիվանագետներին ու նրանց հետ համագործակցած աֆղանցիներին տարհանելու համար։ Այս հարցն առավել հրատապ դարձավ նախօրեին, երբ թալիբները հայտարարեցին, թե մտադիր չեն երկարաձգել տարհանման համար տրված ժամանակը։ Ըստ այդմ, միջազգային ուժերը պետք է մինչև օգոստոսի 31-ը՝ առաջիկա մեկ աբաթվա ընթացքում, երկրից հեռանան։ «Կարծում եմ, այս առումով հրատապ երկու հարց կա, նախ՝ ինչպես ենք մենք համակարգելու տարհանման ուղղությամբ մեր քայլերը, և, ի վերջո, որքան երկար է այս գործընթացը շարունակվելու։ Կկարողանանք արդյոք մարդկանց դուրս բերել նաև օգոստոսի 31-ից հետո, թե՝ ոչ։ Եվ երկրորդ՝ ինչպես կարող ենք բարելավել համագործակցությունը տեղում՝ երաշխավորելու, որ մարդկանց մուտքը օդանավակայան լինի անարգել», - ասել է Հայկո Մաասը։ Տարհանումը կազմակերպելուց հետո հաջորդ՝ ոչ պակաս կարևոր հարցը աֆղանցի փախստականների պատսպարումն է․ «ինչպես է կառավարվելու ներգաղթյալների այս նոր ալիքը, որ երկիր, քանի ներգաղթյալի է ընդունելու և ով, ինչի համար է պատասխանատվություն ստանձնելու», երեկ հարցեր էր բարձրացնում Գերմանիայի արտգործնախարարը։ ՄԱԿ-ի Փախստականների գործակալության տվյալներով՝ այս տարվա ընթացքում Աֆղանստանում տեղի ունեցած բռնությունների հետևանքով ավելի քան կես միլիոն մարդ է տեղահանվել: Կանադան, իր հերթին, չի բացառել, որ վերը նշված թեմաներից բացի «Մեծ յոթնյակը» կարող է թալիբների դեմ պատժամիջոցների հարցը քննարկել։ «Այդ խմբավորումը մեր երկրում վաղուց է ընդգրկված ահաբեկչական կազմակերպությունների շարքում», - հանդիպմանն ընդառաջ հիշեցրել է վարչապետ Ջասթին Թրյուդոն։ Ավելի վաղ արևմտյան առաջնորդներն ընդգծել էին, որ ուշի ուշով հետևելու են թալիբների ձևավորած կառավարության քայլերին, հատկապես՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների ու կանանց ազատությունների պաշտպանության հարցում։ Ակնկալվում է, որ այս հարցը ևս այսօր քննարկման կդրվի համաժողովում, որին մասնակցելու են Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի և Ճապոնիայի առաջնորդները։
10:17 - 24 օգոստոսի, 2021
Թալիբները Փանջշերում շրջափակման մեջ են վերցրել դիմադրության ուժերին |hetq.am|

Թալիբները Փանջշերում շրջափակման մեջ են վերցրել դիմադրության ուժերին |hetq.am|

hetq.am: «Թալիբան» արմատական շարժումը շրջափակման մեջ է վերցրել դիմադրության ուժերին, որոնք գտնվում են Աֆղանստանի Փանջշեր պրովինցիայում։ Այդ մասին երկուշաբթի օրը՝ օգոստոսի 23-ին, թվիթերյան իր միկրոբլոգում հայտնել է շարժման պաշտոնական ներկայացուցիչ Զաբիհուլա Մուջահիդը։  «Թալիբների ուժերը Փանջշերից ոչ շատ հեռու՝ Բադահշան, Թահար և Անդարաբ շրջանների կողմից զբաղեցրել են դիրքերը։ Թշնամին (խմբ. դիմադրության ուժերը) գտնվում են շրջափակման մեջ։ Մենք ձգտում ենք խաղաղ կարգավորման, փորձում ենք հարցը լուծել բանակցությունների ճանապարհով»,- գրել է նա։  Մուջահիդը նաև նշել է, որ Փանջշերի սահմանների մոտ գտնվող Սալանգ թունելը և դրանով անցնող մայրուղին ազատ են։ Նրա խոսքերով՝ թալիբներն «ամբողջությամբ մաքրել են Բաղլան պրովինցիայի այն շրջանները, որոնք ավելի վաղ կարողացել էին զբաղեցնել դիմադրության ուժերը»։  Զուգահեռաբար, Փանջշերում գտնվող դիմադրության ուժերը սոցիալական ցանցերի իրենց էջերով շարունակում են հայտարարել դիմադրության ուժերի շրջանում մարտական բարձր ոգու և արմատականների դեմ պայքարի պատրաստակամության մասին։ Առկա տվյալների համաձայն՝ նրանք ունեն մի քանի հազար մարտիկներ, այդ թվում՝ կառավարական կանոնավոր ուժերի ներկայացուցիչներ և ծանր սպառազինություն։ 
12:19 - 23 օգոստոսի, 2021
Ղազախստանը չի ճանաչում «Թալիբան» շարժմանը |hetq.am|

Ղազախստանը չի ճանաչում «Թալիբան» շարժմանը |hetq.am|

hetq.am: Ղազախստանի իշխանությունները չեն ճանաչել «Թալիբան» շարժմանը՝ Աֆղանստանի նկատմամբ թալիբների վերահսկողության հաստատումից հետո: Այդ մասին ուրբաթ օրը՝ օգոստոսի 20-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ղազախստանի արտաքին գործերի փոխնախարար Ական Ռահմետուլինը։  ««Թալիբան»-ին մենք չենք ճանաչել։ Ինչպես հայտնի է, երեկ ԱԳՆ-ն պաշտոնական հայտարարություն է արել Աֆղանստանում առկա իրավիճակի վերաբերյալ, որը հրապարակվել է մեր ազգային լրատվամիջոցներում։ Ղազախստանում մենք շարունակում ենք ուշադրությամբ հետևել այդ երկրում իրավիճակի զարգացմանը»,- նշել է Ռահմետուլինը՝ պատասխանելով «Թալիբան» շարժման նկատմամբ Ղազախստանի դիրքորոշման հարցին։  Նա նշել է, որ Ղազախստանն աջակցում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հայտարարությանը՝ ներառական և ներկայացուցչական կառավարության ստեղծման անհրաժեշտության մասին, որը նաև կապահովի կանանց ու փոքրամասնությունների իրավունքների իրացումը, թույլ չի տա այլ երկրների համար սպառնալիք հանդիսացող խմբերի առկայություն և կպահպանի միջազգային իրավունքը։  Ռահմետուլինը պնդում է, որ Ղազախստանը որևէ քաղաքական շփում չունի թալիբների հետ։
21:46 - 20 օգոստոսի, 2021
Թուրքիան մտադիր չէ վերածվել փախստականների համար նախատեսված եվրոպական «պահեստի». Էրդողան
 |armenpress.am|

Թուրքիան մտադիր չէ վերածվել փախստականների համար նախատեսված եվրոպական «պահեստի». Էրդողան |armenpress.am|

armenpress.am: Թուրքիան մտադիր չէ Եվրոպայի համար միգրանտների «պահեստային ապաստարանի» դեր կատարել, Անկարան նման պարտականություն, պատասխանատվություն կամ պարտավորություններ չունի:  Այս մասին  հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:  Թուրքիայի նախագահն անդրադարձել է նաեւ Աֆղանստանում տիրող իրավիճակին: Թուրքիան, ասել է նա, անհրաժեշտության դեպքում, կշփվի «Թալիբան» շարժման կողմից ձևավորված կառավարության հետ, քանի որ Անկարայի հիմնական նպատակը Աֆղանստանի կայունությունն ու անվտանգությունն է:   Էրդողանի խոսքով՝ Աֆղանստանում բնակվում է մինչեւ 5 հազար Թուրքիայի քաղաքացի, և նրանցից մոտ 500-ը, օտարերկրյա 83 քաղաքացիների հետ միասին,   հանձնվել են Թուրքիա իրենց իսկ խնդրանքով:    «Մենք մեր քաղաքացիներին՝ նրանց, ովքեր դեռ սպասում են վերադառնալուն, կարճ ժամկետներում կտեղափոխենք իրենց հայրենիք: Նրանց թիվը 300- ից պակաս է»,- ավելացրել է Էրդողանը:
13:47 - 20 օգոստոսի, 2021
Անկարան պատրաստ է համագործակցել թալիբների հետ ցանկացած ձևաչափով |azatutyun.am|

Անկարան պատրաստ է համագործակցել թալիբների հետ ցանկացած ձևաչափով |azatutyun.am|

azatutyun.am: Թուրքիան պատրաստ է համագործակցել թալիբների հետ ցանկացած ձևաչափով` հանուն Աֆղանստանի խաղաղության, այդ երկրի բնակիչների բարօրության ու Թուրքիայի շահի, երեկ հայտարարել է երկրի նախագահը: Խոսելով հետագա համագործակցության մասին` Ռեջեփ Էրդողանը նաև պնդել է` Անկարան պատրա՛ստ է ընդունել թալիբներին, ինչպես նաև օգնել նրանց` երկրում անվտանգություն հաստատելու հարցում: «Անկախ այն հանգամանքից` ով է իշխանության ղեկին, Թուրքիան կաջակցի եղբայրական Աֆղանստանին թե՛ լավ, թե՛ դժվարին ժամանակներում: Մենք մինչ այս հայտարարել ենք, որ պատրաստ ենք հյուրընկալել թալիբների առաջնորդներին: Այդ առաջարկը մնում է ուժի մեջ նաև այսօր», - չորեքշաբթի երեկոյան հայտարարեց Էրդողանը թուրքական մի քանի հեռուստաընկերություններին տված հարցազրույցում: Թուրքիան այս պահին շուրջ 500 զինծառայող ունի Աֆղանստանում, որոնք, ադրբեջանական ստորաբաժանման հետ համատեղ, վեց տարի է` պաշտպանում են Քաբուլի միջազգային օդանավակայանը: Ընդ որում, ամիսներ առաջ, երբ թալիբները դեռ չէին սկսել սրընթաց առաջխաղացումը երկրով մեկ, Թուրքիայի նախագահը փորձում էր այս առաքելությունը շահավետ գործարքի վերածել Միացյալ Նահանգների և ՆԱՏO-ի հետ հարաբերություններում: Հունիսին, մասնավորապես, առաջին անգամ հանդիպելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, Էրդողանը խոստացել էր, որ թուրքական զորքի մի մասը կմնա Աֆղանստանում և կշարունակի պահպանել Քաբուլի օդանավակայանը, առանց որի, փաստացի, Արևմուտքը չէր կարողանա Աֆղանստանից դուրս բերել իր զինվորներին ու դիվանագետներին: Վճռորոշ այս դերակատարության դիմաց Էրդողանը Վաշինգտոնից պահանջել էր դիվանագիտական, լոգիստիկ ու ֆինանսական օժանդակություն: Ու մինչ լրագրողները փորձում էին պարզել՝ կոնկրետ ինչ օժանդակության մասին է խոսքը, թալիբներն իրենց վերահսկողության տակ առան Աֆղանստանը, այդ թվում` մայրաքաղաք Քաբուլը, ստիպելով Էրդողանին հաշվի նստել ոչ թե արտաքին խաղացողների, այլ` նախ և առաջ իրենց հետ: «Հիմա, երբ «Թալիբան»-ն է վերահսկում ողջ երկիրը, մեր առջև պատկերն ամբողջովին փոխվել է: Մենք այժմ մեր ծրագրերը գծում ենք` հիմնվելով Աֆղանստանում ի հայտ եկած նոր իրողությունների վրա, և հենց դրանից ելնելով էլ հիմա շարունակում ենք մեր բանակցությունները», - երեկ հայտարարում էր Թուրքիայի նախագահը: Ի դեպ, մոտ տասն օր առաջ, երբ արդեն ակնհայտ էր «Թալիբան»-ի առավելությունը կառավարական զորքերի հանդեպ, Էրդողանը Թուրքիա էր հրավիրել զինյալ շարժման առաջնորդներին` բանակցելու Աֆղանստանում խաղաղություն հաստատելու շուրջ: Թալիբները, մինչդեռ, հրավերը չէին ընդունել, ավելին՝ հորդորել էին Անկարային հետևել Արևմուտքի օրինակին ու դուրս բերել զորքը Աֆղանստանի տարածքից: Թալիբների դիմակայությունը հաղթահարելու և լարվածությունը մեղմելու համար Անկարան փորձում է գործի դնել կապերը դաշնակիցների հետ: Հենց այդ նպատակով էր Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն անցած շաբաթ մեկնել Պակիստան, որը համարվում է թալիբների գլխավոր դաշնակիցն ու հովանավորը: Պաշտոնական հաղորդագրությունները փաստել էին, որ գեներալ Աքարը Իսլամաբադում աֆղանական խաղաղության հարցն է քննարկել` առանց հավելյալ մանրամասների: Նախագահ Էրդողանը, մինչդեռ, երեկ ևս մեկ խաղաթուղթ դրեց բանակցային սեղանին. - «Թուրքիայի ռազմական ներկայությունը Աֆղանստանում կամրապնդի այդ երկրի նոր վարչակազմի դիրքերը միջազգային ասպարեզում, դա միայն օգտակար կլինի` թեթևացնելով նրանց աշխատանքը», - վստահեցնում էր Ռեջեփ Էրդողանը: Ի դեպ, խոսելով միջազգային աջակցության մասին՝ Թուրքիայի նախագահը հատուկ ընդգծեց, որ պատրաստվում է մինչև այս շաբաթավերջ հեռախոսազրույցներ ունենալ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
09:56 - 19 օգոստոսի, 2021
ԱՄՆ-ն օգոստոսի 14-ից գրեթե 6 հազար մարդ է տարհանել Աֆղանստանից |armenpress.am|

ԱՄՆ-ն օգոստոսի 14-ից գրեթե 6 հազար մարդ է տարհանել Աֆղանստանից |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ի իշխանություններն օգոստոսի 14-ից շուրջ 6 հազար մարդ են տարհանել Աֆղանստանից: Այդ մասին լրագրողներին հայտնել Է Սպիտակ տան ներկայացուցիչը: «Վերջին նորացման պահից, որը տարածվել Է երեկ (օգոստոսի 17-ի) երեկոյան, ԱՄՆ-ի զինվորականները շուրջ 1,8 հազար մարդ են տարհանել տասը C-17 ինքնաթիռներով: Օգոստոսի 14-ից ի վեր մենք տարահանել ենք գրեթե 6 հազար մարդ»,- ասել Է պաշտոնյան, որի խոսքը մեջբերում Է Սպիտակ տան մամուլի միավորումը: «Թալիբան» շարժման զինյալներն օգոստոսի 15-ին առանց մարտի մտել են Քաբուլ եւ մի քանի ժամվա ընթացքում լիակատար վերահսկողություն հաստատել Աֆղանստանի մայրաքաղաքի նկատմամբ: Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին հայտնել Է, որ լքում Է երկիրը, որպեսզի արյունահեղություն թույլ չտա: Հանրապետության փոխնախագահ Ամրուլա Սալեհը հայտարարել Է, որ պետության ղեկավարի բացակայության պայմաններում ինքն ըստ Սահմանադրության դառնում Է երկրի ղեկավարի պաշտոնակատար, եւ թալիբների դեմ զինված դիմադրության կոչ Է արել: Արեւմտյան երկրները տարհանում են իրանց քաղաքացիներին եւ դեսպանությունների աշխատակիցներին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
09:54 - 19 օգոստոսի, 2021
Աֆղանստանը ժողովրդավարական չի լինելու, իշխելու են շարիաթի օրենքները. «Թալիբանի» ներկայացուցիչ |armenpress.am|

Աֆղանստանը ժողովրդավարական չի լինելու, իշխելու են շարիաթի օրենքները. «Թալիբանի» ներկայացուցիչ |armenpress.am|

armenpress.am: «Թալիբան» շարժման բարձրաստիճան ներկայացուցիչ Վահիդուլլահ Հաշիմին հայտարարել է, որ «Թալիբանի» իշխանության գալուց հետո Աֆղանստանը ժողովրդավարական երկիր չի լինելու: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այդ մասին Հաշիմին ասել է «Ռոյթերս» գործակալության հետ զրույցում: «Թալիբանի» ներկայացուցչի խոսքով՝ երկիրը ղեկավարելու է թալիբների խորհուրդը: «Ժողովրդավարական ոչ մի համակարգ էլ չի լինելու, քանի որ մեր երկրում դրա համար ոչ մի հիմք չկա: Մենք չենք բանավիճելու այն հարցի շուրջ, թե քաղաքական ինչ համակարգ է պետք Աֆղանստանին, քանի որ այդ հարցի պատասխանը հստակ է՝ շարիաթի օրենքները», - ասել է «Ռոյթերսի» զրուցակիցը: Վահիդուլլահ Հաշիմին նաև նշել է, որ նոր իշխանության օրոք Աֆղանստանի բարձրագույն ղեկավարը լինելու է «Թալիբանի» առաջնորդ Հայբաթուլլահ Ախունդզադան: Իր դիրքով Ախունդզադան ավելի բարձր է լինելու, քան թալիբների խորհրդի ղեկավարը, որի դիրքը Վահիդուլլահ Հաշիմին համեմատել է նախագահի պաշտոնի հետ:
22:11 - 18 օգոստոսի, 2021