ԱԱԾ

Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ), գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում և իրականացնում է ազգային անվտանգության բնագավառում Հայաստանի կառավարության քաղաքականությունը, ինչպես նաև ազգային անվտանգության մարմինների կառավարումը։ Այն համարվում է Հայաստանի գլխավոր հատուկ ծառայությունը։ Ազգային անվտանգության ծառայության լիազորություններն ու պարտականությունները սահմանվում են ՀՀ Ազգային անվտանգության մարմինների մասին օրենքով:

2020 թ. նոյեմբերի 8-ին ՀՀ նախագահի հրամանագրով գնդապետ Արմեն Աբազյանը նշանակվեց Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն:

ՀՀ ԱԱԾ-ն բացահայտել է ահաբեկչության նախապատրաստության դեպք

ՀՀ ԱԱԾ-ն բացահայտել է ահաբեկչության նախապատրաստության դեպք

ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական և սահմանադրական կարգի պահպանության ու ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչությունների ծառայողների իրականացրած համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների ու վարութային գործողությունների արդյունքում բացահայտվել է նախնական համաձայնությամբ, խմբի կազմում ահաբեկչության նախապատրաստություն կատարելու դեպք: Այս մասին տեղեկացնում  են ԱԱԾ մամուլի կենտրոնից: «Նախաքննության ընթացքում կատարված ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ Ա.Մ-ն, Ս.Մ-ի, Է.Ծ-ի, Վ.Ո-ի, Կ.Ս-ի և քննությամբ դեռևս ինքնությունները չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում գործիքներ, միջոցներ ձեռք բերելու, դրանք հարմարեցնելու և դիտավորությամբ այլ պայման ստեղծելու եղանակով 2023 թվականի ընթացքում նախապատրաստել են կատարել պայթյուն և այլ հանրավտանգ արարք, ինչպես նաև զավթել և պահել ՀՀ պետական նշանակության և այլ շինություններ՝ զուգորդված քաղաքացիական անձին կյանքից զրկելու, ենթադրյալ խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու և այլ ծանր հետևանք առաջացնելու վտանգով, որի նպատակն է եղել հանրային իշխանության մարմինների գործունեությունը կազմալուծելը, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներով չեն կարողացել սկսել դիտավորության մեջ ընդգրկված հանցանքի օբյեկտիվ կողմի կատարումը, քանի որ հանցանքը բացահայտվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից: Քրեական վարույթի շրջանակներում ձեռք բերված բավարար փաստական տվյալների հիման վրա հանցավոր խմբի 5 անդամների նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով հարուցվել են հանրային քրեական հետապնդումներ, ներկայացվել են մեղադրանքներ: Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց՝ կիրառվել է կալանքը:   Միևնույն ժամանակ խուզարկություններ են կատարվել հանցավոր խմբի անդամների բնակության հասցեներում, դրանց կից շինություններում, առանձին հավաքատեղիներում, որոնց արդյունքում հայտնաբերվել են հրազեն, ռազմամթերք, մեկ հատ ազդանշանային պայթուցիկ-սարք, մեկ հատ ազդանշանային հրթիռի արձակման սարք՝ երկու գլխիկով, մեկ հատ թռչող սարք և վերջինիս ենթադրյալ ամրացվող երկու հատ մեծ ու փոքր գազաբալոն՝ ճնշաչափիչով, երկու հատ փայտե կոթով ծակող գործիք, ռազմամթերքի բեկորներով լի տարրա, զրահաբաճկոն, զինվորական հագուստներ, նշանառության սարք, ձեռնաշղթաներ, հեռահաղորդակցության սարքեր, տեսահսկման սարքեր, համակարգիչներ, բջջային հեռախոսներ, էլեկտրոնային կրիչներ, շուրջ մեկ տասնյակ ՀՀ և ՌԴ կապի օպերատորների փակ տուփերով, չօգտագործված հեռախոսաքարտեր, արևային մարտկոց, տարբեր գրառումներ պարունակող նոթատետրեր, ահաբեկչություն իրականացնելու համար նախապատրաստական գործողություններ կատարելու վերաբերյալ բացահայտ, ինչպես նաև քողարկված բովանդակությամբ գրառումներ պարունակող փաստաթղթեր և այլն։ Խուզարկությունների արդյունքում հայտնաբերված գրառումների և այլ նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ նախապատրաստվող ահաբեկչական գործողությունը կրել է «Հյուսիսային տերևաթափ» անվանումը, որի հաջող իրականացման և այնուհետև՝ ահաբեկչական գործողություններին ավելի լայն զանգվածների ներգրավելու դիտավորությամբ նախապես ծրագրվել է ստեղծել ուկրաինական, մոլդովական տելեգրամյան ալիքներ՝ «Ազգային փրկության ապստամբություն» անվանումներով, ահաբեկչական գործողությունները սկսելու նախորդ օրը՝ գիշերային ժամերից սկսած՝ ակտիվացնել տելեգրամյան ալիքները և  ակտիվիստներին: Հանցավոր գործունեության հաջող իրականացման համար ծրագրվել է նաև նախապես ձեռք բերել առաջին բուժօգնության պարագաներ, ինչպես նաև հանցավոր խմբի անդամների ընտանիքները դուրս բերել Վրաստան: Մանրակրկիտ պլանավորվել է շինություններ զավթելու համար գրոհելու, նահանջելու և դարանակալելու գործողությունները, նախատեսվել հարձակման վայրերում թողնել նախապես մշակված սիմվոլներ, կանխորոշվել են ստատիկ օբյեկտների տեղակայումներ, ինչպես նաև հանցավոր գործունությունն ավարտին հասցնելու համար այլ գործողությունների իրականացման հերթականությունը, ընթացակարգը, անձանց ներգրավման համար թռուցիկների տարածման և այլ գործողությունները: Նախաքննությունը շարունակվում է, իրականացվում են վարութային գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի ամբողջական հանգամանքները, հանցավոր խմբի կազմում ներգրավված անձանց ողջ շրջանակը պարզելու, նրանց նկատմամբ քրեաիրավական ներգործության միջոցներ կիրառելու համար:  Միաժամանակ, հայտնվում է, որ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հետևողական պայքար է տանելու սահմանադրական կարգի հիմունքների և պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների կանխման, խափանման և դրանց բացահայտման ուղղությամբ՝ հասարակության լայն շերտերին կոչ անելով դրսևորել բացառապես իրավահպատակ վարքագիծ»,- ասված է հաղորդագրության մեջ: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
14:31 - 02 նոյեմբերի, 2023
«Խաղաղության խաչմերուկի» համար նախատեսվող անվտանգություն ապահովող ԱԱԾ ստորաբաժանումն արդեն ստեղծված է․ Նիկոլ Փաշինյան |tert.am|

«Խաղաղության խաչմերուկի» համար նախատեսվող անվտանգություն ապահովող ԱԱԾ ստորաբաժանումն արդեն ստեղծված է․ Նիկոլ Փաշինյան |tert.am|

tert.am: Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի համար նախատեսվող անվտանգություն ապահովող ԱԱԾ ստորաբաժանումն արդեն ստեղծված է։ «Բոլորովին վերջերս մենք ներկայացրեցիքն մեր «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի ներկայացման շրջանակներում ես տեղեկացրի, որ նախատեսում ենք ԱԱԾ կազմում ստեղծել ստորաբաժանում, որի գործառույթներից մեկը պետք է լինի Հայաստանով անցնող տարածաշրջանային և միջազգային կոմունիկացիաների, այն է՝ ճանապարհների, երկաթգծերի, գազամուղերի, մալուխների, էլեկտրահաղորդման գծերի, ինչպես նաև այս կոմունիկացիաներով ապրանքների, բեռների, տրանսպորտային միջոցների և մարդկանց անցման անվտանգությունն ապահովելը։  Ուզում եմ տեղեկացնել, որ այդ ստորաբաժանումը արդեն ստեղծված է։ Իհարկե, նախկինում այդ ուղղությաբ որոշակի նախապատրաստական աշխատանքներ իրականացրել էինք, որովհետև դա կար մեր պլաններում։ Այսօր արդեն կարող ենք արձանագրել, որ ստորաբաժանումը արդեն ձևավորված է, շոշափելի մասով համալրված է ու երեկնվանից սկսել է իրա աշխատանքները»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
12:51 - 02 նոյեմբերի, 2023
Վաչագան Ղազարյանի և նրան փոխկապակցված անձանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է
 |armeniasputnik.am|

Վաչագան Ղազարյանի և նրան փոխկապակցված անձանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է |armeniasputnik.am|

armeniasputnik.am: ՀՀ երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անվտանգության ծառայության նախկին պետ Վաչագան Ղազարյանի, նրա կնոջ՝ Ռուզաննա Բեգլարյանի և «Յանս» ռեստորանային համալիրի տնօրեն Սերգեյ Կարապետյանի նկատմամբ «Յանսի» գործով քրեական հետապնդումը դադարեցվել է։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից։ Նշենք, որ նրանց բոլորի նկատմամբ քրեական հետապնդումը հարուցվել էր բռնություն գործադրելու սպառնալիքներով առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու համար։ 2022 թվականի նոյեմբերի 21-ին խափանման միջոց էր կիրառվել բացակայելու արգելքը։ Հիշեցնենք, որ 2022թվականին քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ երրորդ նախագահի անվտանգության նախկին պետ Վ.Ղ.-ի, վերջինիս կնոջ և նրանց պատկանող «Յանս» ռեստորանային համալիրի տնօրենի նկատմամբ՝ բռնություն գործադրելու սպառնալիքներով առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու համար։ Հարուցված հանրային քրեական հետապնդման հիման վրա քննիչը երեք մեղադրյալներին մեղադրանք էր ներկայացրել. նրանց նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել բացակայելու արգելքը:   
19:55 - 01 նոյեմբերի, 2023
Անտեսելով լրատվամիջոցի հարցումները՝ պատասխանները հնչեցնում են ԱԺ-ում

Անտեսելով լրատվամիջոցի հարցումները՝ պատասխանները հնչեցնում են ԱԺ-ում

Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների այսօրվա համատեղ նիստում Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը մի մտահոգություն բարձրաձայնեց․ «Լեռնային Ղարաբաղում կալանավորման մեջ գտնվող մարդիկ են, դուռը բացվել է, եկել են, մենք դա ո՞նց ենք [տնօրինում], տնօրինո՞ւմ ենք - չե՞նք տնօրինում, ո՞նց են տեղափոխվել, ի՞նչ հիմքերով, որովհետև էդ գործընթացը էդպես քաոտիկ բնույթ է կրել, և էդտեղ նաև ռիսկեր կան, որ պետք է կարողանանք էստեղ կառավարել»,- դիմելով ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանին՝ ասաց նա։ Ի պատասխան՝ Վահե Ղազարյանը հայտնեց, որ ազատ է արձակվել ԼՂ-ի մոտ 11 կալանավոր, և իրենք բոլորի տվյալներն ունեն․ «Անցյալ շաբաթ սպանությունով մեկը կար, եթե չեմ սխալվում՝ էնտեղ ձերբակալվա՞ծ, թե՞ կալանավորված էր, մեկին արդեն Վանաձոր քաղաքից հայտնաբերեցինք, բոլորի տվյալները ունենք, որոշ անձանցով զբաղվում է Ազգային անվտանգության ծառայությունը, որոնք մեղադրվել են պետական դավաճանության համար, որոշ անձանցով՝ ոստիկանությունը»,- ասաց նախարարը։ Նա նաև նշեց, որ հիշյալ բոլոր անձանց՝ Հայաստանի Հանրապետությունից դուրս գալու վրա սահմանափակում է դրված։ Դեռ հոկտեմբերի 11-ին «Ինֆոքոմը», հղում անելով Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանին, գրել էր, որ ազատ են արձակվել Արցախի 15 կալանավոր (որոնցից 3-ը՝ Հայաստանում պահվող), և 1 դատապարտյալ։ Նույն օրը տեղեկատվության հարցում էինք ուղարկել ոստիկանությանն ու Ազգային անվտանգության ծառայությանը՝ խնդրելով տրամադրել տեղեկություններ տեղահանման ընթացքում Ստեփանակերտից ազատ արձակված կալանավորների և դատապարտյալների թվի, և նրանց մեղսագրվող հանցանքների վերաբերյալ։ Թե՛ ոստիկանությունը և թե՛ ԱԱԾ-ն խուսափել էին մեզ տեղեկություններ տրամադրել։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում ազգային անվտանգության հարցերով զբաղվում է ԱԱԾ-ն, իսկ հասարակական անվտանգության պահպանմամբ՝ ոստիկանությունը՝ խնդրել էինք նաև մանրամասնել, թե ինչ քայլեր են նրանք ձեռնարկում ազատության մեջ գտնվող կալանավորների և դատապարտյալների հայտնաբերման ուղղությամբ։ Ընդ որում, երկու կառույցներին հարցրել էինք նաև, թե արդյո՞ք այդ անձինք ներառված են Սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգում (ՍԷԿՏ)։ Այս համակարգում ընդգրկվում են այն անձանց տվյալները, որոնց տարբեր քրեական վարույթների շրջանակում արգելվում է բացակայել Հայաստանից։ Այս հարցն ընդհանրապես անտեսվել էր։  ԱԱԾ-ից մեր հարցմանը պատասխանել էր Ս․ Գեւորգյանը՝ նշելով, որ տեղեկություն չունեն Արցախում ազատ արձակված և Հայաստան մուտք գործած կալանավորների և դատապարտյալների վերաբերյալ։ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, սակայն, ԱԺ-ում հավաստիացրեց, որ ԱԱԾ-ն զբաղվում է Արցախից Հայաստան եկած պետական դավաճանության մեջ մեղադրվողներով։ Այստեղից կարելի է ենթադրել հետևյալը.  ԱԱԾ-ն զբաղվում է պետական դավաճանության մեջ մեղադրվող ազատ արձակվածներով, սակայն մինչ այժմ որևէ տեղեկություն չի կարողացել հավաքել։  ԱԱԾ-ն զբաղվում է այդ անձանցով, տեղեկություններ ունի, սակայն օպերատիվ գործողություններից ելնելով՝ այն դեռևս չի ցանկանում տրամադրել լրատվամիջոցին։ Այս դեպքում ԱԱԾ-ն կարող էր հարցման պատասխանում ձևակերպել, որ այս պահին տեղեկություն տրամադրել չի կարող։ Այս սցենարը քիչ հավանական է, քանի որ ՆԳ նախարարն այսօր ԱԺ ամբիոնից օպերատիվ տեղեկություններ դժվար թե հայտներ։  ԱԱԾ-ն տեղեկություններ ունի, սակայն խուսափել է այն տրամադրել լրատվամիջոցին, ինչն անհարգալից վերաբերմունքի դրսևորում է հանրության նկատմամբ, քանի որ լրատվամիջոցի գործունեությունն ու տեղեկատվություն ստանալու բուն նպատակը հանրությանը տեղեկացնելն է առկա վտանգների և դրանց կանխարգելմանն ուղղված գործողությունների կամ անգործության մասին։  ԱԱԾ-ն տեղեկություններ չունի, բայց նախարարին զեկուցել է, որ զբաղվում է այդ անձանցով։ Այս պարագայում դատողությունները թողնում ենք ՆԳՆ-ին։  ԱԱԾ-ն մեր հարցմանը պատասխանել է հոկտեմբերի 20-ին։ Միգուցե այդ օրվա դրությամբ՝ իսկապես որևէ տեղեկություն չի ունեցել նշված կալանավորների և դատապարտյալների վերաբերյալ և սկսել է նրանցով զբաղվել միայն վերջին 10 օրերին՝ ազատ արձակվելուց մոտ 1 ամիս անց։ Ոստիկանությունից մեր հարցմանը պատասխանել էր Քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի պարտականությունները ժամանակավոր կատարող, գնդապետ Գ․ Մկրտչյանը՝ նշելով, որ պահանջվող տեղեկությունների տրամադրումը դուրս է ՀՀ ՆԳՆ ոստիկանության լիազորությունների շրջանակից։ Միաժամանակ, նա առաջարկել էր դիմել ՀՀ արդարադատության նախարարությանը։ Նախարար Ղազարյանի՝ այսօր հայտնած մանրամասներից, սակայն, պարզ է դառնում, որ ոստիկանությունը «բոլորի տվյալներն ունի», իրականացնում է հայտնաբերման գործողություններ։ Այստեղից կարելի է ենթադրել, որ ոստիկանությունը չի ցանկացել տեղեկություն տրամադրել լրատվամիջոցին՝ ուղղորդելով հարցումն Արդարադատության նախարարությանը։ Այստեղ անհրաժեշտ է նշել, որ Արդարադատության նախարարությունը զբաղվում է ՔԿՀ-ներում գտնվող կալանավորներով և դատապարտյալներով, իսկ առանց օրինական հիմքի ազատ արձակված անձանց հայտնաբերումը ոստիկանության լիազորության շրջանակում է։ Ոստիկանությունը մեր հարցմանը պատասխանել է հոկտեմբերի 18-ին։ Այսինքն՝ կալանավորների/դատապարտյալների ազատ արձակվելուց մոտ 1 ամիս անց գերատեսչությունը այս խնդիրն իր լիազորությունների շրջանակում չի համարել։ Մնում է հասկանալ՝ այդ ի՞նչ սկզբունքով է իրավապահ համակարգը որոշում, որ պատգամավորի բարձրացրած մտահոգությունն ավելի ծանրակշիռ է, և դրան պետք է պատասխանել, իսկ լրագրողի հարցերը, փաստորեն, կարելի է առանց վարանելու անտեսել։ Նման խտրական և ոչ գործընկերային մոտեցումը՝ պետության և հանրության երկխոսության մեջ կարևորագույն դերակատարի՝ մեդիայի նկատմամբ, շահավետ չէ նույն այդ պետության և հանրության միջև վստահության ձևավորման և ամրապնդման տեսանկյունից։   Ինֆոքոմ  
20:41 - 30 հոկտեմբերի, 2023
Բացահայտվել և կանխվել է Իրանից Հայաստան առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ տեղափոխելու դեպք

Բացահայտվել և կանխվել է Իրանից Հայաստան առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ տեղափոխելու դեպք

ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչությունում ստացված օպերատիվ տվյալների իրացման և Սյունիքի մարզային վարչության աշխատակիցների աջակցությամբ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել և կանխվել է Իրանի Իսլամական Հանրապետությունից մաքսանենգ ճանապարհով Հայաստանի Հանրապետության տարածք առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ տեղափոխելու դեպք։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացիներ Վ.Ա-ն և  Գ.Ա-ն, ինքնությունը դեռևս չպարզաբանված ԻԻՀ մի քաղաքացու հետ միասին, խմբի կազմում, նախնական համաձայնությամբ, միմյանց գործողությունները փոխլրացնելով, սույն թվականի հոկտեմբերի  27-ին Իրանի Իսլամական Հանրապետությունից մաքսանենգ ճանապարհով Հայաստանի Հանրապետություն են պատրաստվում ներկրել` իրացնելու նպատակով ապօրինի ձեռք բերված առանձնապես խոշոր չափերի տարատեսակ թմրամիջոցների խմբաքանակ։ Համատեղ պլանավորված ու ձեռնարկված միջոցառումների արդյունքում, պարզվել է, որ ս.թ-ի հոկտեմբերի 27-ին հայ-իրանական պետական սահմանի Մեղրի քաղաքի հարակից տեղանքում, ինքնությունը դեռևս չպարզաբանված ԻԻՀ քաղաքացու կողմից նշված վայրում, Վ.Ա-ն և Գ.Ա-ն վերցրել են նրա կողմից մաքսանենգ ճանապարհով ՀՀ առաքված թմրանյութերի խմբաքանակը և ուղևորվել դեպի ք.Երևան։ Հանցավոր խմբի գործունեությունը կասեցվել է, քանի որ Մեղրի քաղաքի մոտակայքում վերջիններիս ավտոմեքենան կանգնեցվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից։ Հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության պայմաններում Վ.Ա-ն և Գ.Ա-ն ձերբակալվել են։ Ավտոմեքենան տեղափոխվել է ՀՀ ԱԱԾ Սյունիքի մարզային վարչության հատուկ պահպանվող տարածք, որտեղ քննչական գործողությունների արդյունքում հայտնաբերվել են շուրջ 12 կիլոգրամ ընդհանուր քաշով՝ «Հերոին», «Մեթամֆետամին», «Ափիոն» և «Մարիխուաննա» տեսակի թմրամիջոցների զանգվածներով լցված 3 տարբեր փաթեթներ։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի և 399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։Նախաքննությունը շարունակվում է։ Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
13:32 - 30 հոկտեմբերի, 2023
Անդադար ռեժիմով Քննչական կոմիտեն շարունակում է ձերբակալել սեպտեմբերի 19-ի հանրահավաքին մասնակցած երիտասարդներին․ Արսեն Բաբայան

Անդադար ռեժիմով Քննչական կոմիտեն շարունակում է ձերբակալել սեպտեմբերի 19-ի հանրահավաքին մասնակցած երիտասարդներին․ Արսեն Բաբայան

Անդադար ռեժիմով Քննչական կոմիտեն շարունակում է ձերբակալել սեպտեմբերի 19-ի հանրահավաքին մասնակցած երիտասարդներին: Այս մասին ֆեյսբուքյրան էջում գրել է փաստաբան Արսեն Բաբայանը։   «Ձերբակալում են առավելապես արցախցիներին, 17-ից 20 տարեկան երիտասարդների:   Քննչականը ԱԱԾ-ից ստանալով տեսանյութերում երևացող երիտասարդների նույնականացման տվյալները միջնորդություններ է ներկայացնում դատախազին քրեական հետապնդում հարուցելու համար: Դատախազն էլ սովորական դահիճի նման առանց վարանելու անմիջապես հարուցում է քրեական հետապնդումը, որից անմիջապես հետո էլ քննիչը ձերբակալման որոշումներ է կայացնում: Այս պրոցեսն իրականացվում է ավտոմատացված ռեժիմով, առանց մտածելու համար նախատեսված օրգանն օգտագործելու: Իսկական դահիճների հավաքածու իրավապահ համակարգ է գործում:   Միայն այն հանգամանքը, որ քննիչն առանց հրավիրելու մեղադրյալներին, առանց նրանց մասին որևէ տվյալ ստանալու՝ կալանքի ներկայացնելու համար կայացնում է ձերբակալման որոշում ամբողջությամբ բավարար է կալանքի միջնորդությունը մերժելու համար:   Դատավորներին կոչ եմ անում չվախենալ իրենց իրական առաքելությունն իրականացնելուց, չմոռանալ, որ իրենք պետք է լինեն անկախ և անկողմնակալ, պարտավոր են լինել դատավոր», գրել է Բաբայանը:
18:46 - 28 հոկտեմբերի, 2023
Ոստիկանությունը զանգվածային անկարգություններին մասնակցելու մեղադրանքով  որոնվող 21 եւ 30-ամյա քաղաքացիների է ձերբակալել

Ոստիկանությունը զանգվածային անկարգություններին մասնակցելու մեղադրանքով որոնվող 21 եւ 30-ամյա քաղաքացիների է ձերբակալել

Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները հոկտեմբերի 27-ին Բաբայան փողոցում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 30-ամյա Գոռ Հ.-ին, որը հոկտեմբերի 18-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի (Զանգվածային անկարգություններին մասնակցելը) մեղադրանքով: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ Ոստիկանությունից։ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների և ԱԱԾ Երևան քաղաքի վարչության ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 27-ին Արշակունյանց պողոտայում հայտնաբերվել և Կենտրոնական բաժին է տեղափոխվել նաև 21-ամյա Մխիթար Օ.-ն, որն էլ հոկտեմբերի 24-ից էր հետախուզվում էր զանգվածային անկարգություններին մասնակցելու մեղադրանքով: Երկուսի համար էլ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը: Նրանք ներկայացվել են քննչական բաժին:
18:40 - 28 հոկտեմբերի, 2023
ՀՀ-ով անցնող միջազգային կոմունիկացիաներով կզբաղվի ԱԱԾ ստորաբաժանումներից մեկը․ ԱԺ նախագահ |armenpress.am|

ՀՀ-ով անցնող միջազգային կոմունիկացիաներով կզբաղվի ԱԱԾ ստորաբաժանումներից մեկը․ ԱԺ նախագահ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանով անցնող միջազգային կոմունիկացիաների անվտանգության ապահովմամբ կզբաղվի Ազգային անվտանգության ծառայության ստորաբաժանումներից մեկը։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ «Իմ տեղեկություններով դա Ազգային անվտանգության ծառայության ստորաբաժանումներից մեկն է լինելու։ Եվ այդ հարցը պատասխանում է նաև այն հարցին, թե մեր տարածքով անցնող կոմունիկացիաները ինչպես են վերահսկվելու։ Կա արդեն ձևավորված կառույց և այն կզբաղվի կոմունիկացիաներով»,- նշեց Սիմոնյանը։ ԱԺ նախագահն ընդգծեց՝ Հայաստանի Հանրապետությունը չի կարող իրեն դուրս մղել տարածաշրջանի տնտեսական, առևտրային հարաբերություններից։ «Մենք պետք է ամեն ինչ անենք, որ մեր բոլոր ճանապարհները Ադրբեջանի և Թուրքիայի հետ բացվեն։ Խոստանում եմ, որ այդ պարագայում Հայաստանի տնտեսությունը կրկնակի, եռապատիկ աճ է ունենալու և դա մեր համաքաղաքացիները տեսնելու են և վերջապես խաղաղություն ենք ունենալու»,- եզրափակեց Սիմոնյանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թբիլիսիում տեղի ունեցած «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովին հայտարարել է, որ Հայաստանի իրավապահ համակարգում կստեղծվի հատուկ ստորաբաժանում, որի գործառույթը կլինի Հայաստանով անցնող միջազգային կոմունիկացիաների, դրանցով բեռների, տրանսպորտային միջոցների, մարդկանց անցման անվտանգության ապահովումը։
16:43 - 27 հոկտեմբերի, 2023
«Յուքոմ»-ի բաժնետոմսերը գրավադրվել են
 |civilnet.am|

«Յուքոմ»-ի բաժնետոմսերը գրավադրվել են |civilnet.am|

civilnet.am:  Հեռահաղորդակցության օպերատոր «Յուքոմ»-ի բաժնետոմսերի մոտ 78 տոկոսը կգրավադրվի «Արդշինբանկ»-ում։ «Յուքոմ»-ը դիմել էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (ՀԾԿՀ)՝ բաժնետոմսերի գրավադրմանը համաձայնություն տալու համար, հանձնաժողովն էլ համաձայնություն է տվել գործարքին։ Այս տարվա օգոստոսի 31-ին, սակայն, ՀԾԿՀ-ն նույն գործարքի կատարումը մերժել էր, քանի որ դրան դեմ էր արտահայտվել Ազգային անվտանգության ծառայությունը։ Շուրջ 2 ամիս անց, այնուամենայնիվ, ՀԾԿՀ-ն գործարքին համաձայնություն է տվել։ Դրանով կգրավադրվեն «Յուքոմ»-ի բաժնետոմսերի մոտ 78 տոկոսը։ Դրանից ավելի քան 29 տոկոսը պատկանում է «Այյու թելեքոմյունիքեյթ» ընկերությանը, որի սեփականատերը Պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի ընտանիքն է։ Գրավադրվել են նաև Գագիկ Խաչատրյանի որդիներին՝ Գուրգեն Խաչատրյանին պատկանող 11,9 տոկոս, Արտյոմ Խաչատրյանին պատկանող 11,9 տոկոս, Գագիկ Խաչատրյանի հորեղբոր որդուն՝ Արամ Խաչատրյանին պատկանող 24 տոկոսի բաժնետոմսերը։ Սա որպես ապահովության միջոց է՝ «Արդշինբանկ»-ից վարկ ներգրավելու համար։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն ու ԱԱԾ-ն գործարքի հարցում առարկություններ չեն ներկայացրել։ «Սիվիլնեթ»-ի հարցին, թե ինչու՞ է օգոստոսին մերժված գործարքը հավանության արժանանում հոկտեմբերին, ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանն ասաց՝ նախորդ անգամ բացասական եզրակացությունը եղել էր ԱԱԾ կողմից, իսկ հիմա «որոշման պայմանները փոխվել են, փոխվել է նաև ներգրաված գումարի չափը»։ Չնշելով ներգրավվելիք վարկի չափը՝ Բաղրամյանը տեղեկացրեց, որ վարկային միջոցներն ուղղվելու են ընկերության վերաֆինանսավորմանը. «Ամենագլխավոր նպատակը եղել է թեթևացնել ընկերության հիմնական ֆինանսական բեռը՝ վերցրած վարկերի մարում և այլն։ Կային նաև այլ նպատակներ»,- փոխանցեց Բաղրամյանը։ «Յուքոմ»-ը Հայաստանում ֆիքսված ինտերնետի մատուցման առաջատարն է, ունի սեփական օպտիկամանրաթելային ցանց։ Ընկերությունն ունի շուրջ 1 400 աշխատակիցներ։ «Յուքոմ»-ի ֆիքսված և շարժական կապի ծառայություններից օգտվում է ավելի քան 700 000 բաժանորդ։ Այս տարվա մարտին «Յուքոմ»-ի գլխավոր տնօրեն դարձավ «ՄՏՍ-Հայաստան»-ի երկարամյա նախկին տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։  
16:28 - 24 հոկտեմբերի, 2023
ԱԱԾ-ն բացահայտել և կանխել է անօրինական միգրացիայի հերթական դեպքը

ԱԱԾ-ն բացահայտել և կանխել է անօրինական միգրացիայի հերթական դեպքը

ՀՀ ազգային անվտանգության ծառայության հակահետախուզության և քննչական գլխավոր վարչությունների ծառայողների իրականացրած համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների ու վարութային գործողությունների արդյունքում բացահայտվել է անօրինական միգրացիայի կազմակերպման հերթական դեպքը։ Մասնավորապես, իրականացված ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ Երևան քաղաքի բնակիչ Ա.Մ-ն և «Պրոգրեսիվ նոլիջիս» ՍՊ ընկերության տնօրեն Ռ.Մ-ն, նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, շահադիտական նպատակով, միմյանց գործողություն­ները փոխլրացնելով 2023 թվականի փետրվար-ապրիլ ամիս­ների ընթացքում ՀՀ քաղաքա­ցի­ներ Գ.Ս-ի և Ռ.Պ-ի անօ­րի­նական միգրացիան, այն է` ԱՄՆ վեր­ջին­ներիս մուտքի և գտնվելու թույլտվություն ստանալը կազմակերպելու նպատակով նրանցից յուրաքանչյուրից պահան­ջել և ստացել են 15.000-ական ԱՄՆ դոլար գումար: Այնուհետև ԱՄՆ մուտքի և գտնվելու պատշաճ թույլտվություն ստանալու համար նախատեսված փաստա­թղթերի փաթեթներում ներառել են իրավաբանական նշանակություն ունե­ցող փաս­տեր հավաստող և իրավունք վերա­պա­հող բովանդակությամբ կեղծ աշխատա­վայրի և աշխատա­վարձի չափի, ինչպես նաև ուսումնական հաստատու­թյուն ավար­տելու և որակավորում ստանալու վերաբերյալ տեղե­կանք­ներ, դիպլոմներ և վկայականներ, որոնք հանձնել են վերը նշված անձանց, ովքեր իրենց հերթին դրանք ներկա­յացրել են Հայաս­տանի Հանրապետության տարածքում գործող իրավասու մարմին: Նախաքննության ընթացքում խուզարկություններ են կատարվել Ռ.Մ-ի, Ա.Մ-ի, ինչպես նաև վերջիններիս ծառայություններից օգտվող անձանց բնակության հասցե­­ներում և տուրիստական կազմակերպություն հանդի­սացող աշխատավայրում, որի արդյունքում հայտնա­բերվել և վերցվել են կեղծ դիպլոմներ, աշխատավայրի և աշխատավարձի չափի, ինչպես նաև ուսումնական հաստատություն ավարտելու վերաբերյալ կեղծ տեղեկանքներ, բանկային շարժի վերա­բերյալ քաղվածքներ, կնիք­ներ, համակարգիչներ, բջջային հեռախոսներ, ամուսնության և ծննդյան վկայական­ներ, կնիքված դատարկ հավաս­տագ­րեր, պատվոգրեր, անձնագ­րեր, որոնցում առկա են եղել «Շենգենյան համաձայ­նության երկրներ» մուտքի արտո­նագրեր, տարբեր անձանց վերաբերյալ բազմաթիվ փաստաթղթեր և հանցագոր­ծության կատար­ման համար նախատեսված այլ իրեր ու առարկաներ։ Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա քննիչի միջնորդությամբ հսկող դատախազի կողմից որոշումներ են կայացվել հանցավոր խմբի անդամներ Ա.Մ-ի և Ռ.Մ-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը: Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է, իրականացվում են քննչական անհրաժեշտ գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, հանցավոր խմբում ներգրավված անձանց ամբող­ջական շրջանակը պարզելու և նրանց նկատմամբ քրեաիրավական ներգործու­թյան միջոցներ կիրառելու համար: ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է ՀՀ քաղաքացիներին արտերկիր մեկնելիս և վերադառնալիս զերծ մնալ անօրինական միգրացիայի գործընթացներում ներգրավվելուց, բացառել կեղծ փաստաթղթերի օգտագործումը և խոշոր գումարների տրամադրումը նշված գործընթացներն անօրինական եղանակով կազմակերպող անձանց: Միաժամանակ, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում բոլոր այն քաղաքացիներին, ովքեր տուժել են նշված խմբի գործողություններից, դիմել իրավապահ մարմիններին։
10:41 - 09 հոկտեմբերի, 2023
Բացահայտվել եւ կանխվել է իշխանության յուրացման դեպք․ ՀՀ ԱԱԾ

Բացահայտվել եւ կանխվել է իշխանության յուրացման դեպք․ ՀՀ ԱԱԾ

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ բացահայտել եւ կանխել է ՀՀ–ում իշխանության յուրացման դեպք։  ԱԱԾ հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորեւ․ ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանադրական կարգի պահպանության ու ահաբեկչության դեմ պայքարի և քննչական գլխավոր վարչությունների ծառայողների իրականացրած համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների ու վարութային գործողությունների արդյունքում բացահայտվել է նախնական համաձայնությամբ, խմբի կազմում իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու դեպք: Նախաքննության ընթացքում կատարված ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ «Խաչակիրներ ռազամահայրենասիրական» ՀԿ անդամներ՝ Ս.Խ-ն, Կ.Դ-ն, Դ.Տ-ն, Վ. Մ-ն, Մ.Մ-ն, Գ.Ն-ն, Ա.Հ-ն, ինչպես նաև Ա.Բ-ն, և այլ անձինք, ունենալով հակաիշխանական հայացքներ, ՀՀ կառավարության անդամների և ղեկավարի նկատմամբ՝ գաղափարական թշնամանք, նախնական համաձայնության գալով միմյանց հետ, պայմանավորվածություններ են ձեռք բերել իրենց մոտ պահվող զենք-զինամթերքը որպես հանցագործության գործիք  օգտագործելու միջոցով կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու եղանակով և դրա սպառնալիքով զավթելու իշխանությունը, մասնավորապես՝ Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով տիրանալ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորություններին: Արդյունքում, հանցավոր խմբի անդամներն ուղղակի դիտավորությամբ հանցանք կատարելու համար ձեռք են բերել հեռահաղորդակցության սարքեր, հեռախոսային ու այլ կապը խլացնող սարքեր, հանցանքի կատարումը հեշտացնող միջոցներ և գործիքներ, ինչպես նաև դիտավորությամբ ստեղծել այլ պայմաններ՝ այդ կերպ նախապատրաստվելով կատարել նախնական համաձայնությամբ, խմբի կազմում իշխանության յուրացում, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներով չեն կարողացել սկսել իրենց դիտավորության մեջ ընդգրկված հանցանքի օբյեկտիվ կողմի կատարումը, այն է՝ նախապատրաստվող առանձնապես ծանր հանցագործությունը բացահայտվել և խափանվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից: Քրեական վարույթի շրջանակներում ձեռքբերված բավարար փաստական տվյալների հիման վրա հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության դեպքով ձերբակալվել են հանցավոր խմբի ութ անդամներ, ՀՀ քրեական օրենսգրքի 43-419-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել են հանրային քրեական հետապնդումներ, ներկայացվել են մեղադրանքներ:   Միևնույն ժամանակ խուզարկություններ են կատարվել հանցավոր խմբի անդամների բնակության հասցեներում և հասարակական կազմակերպություն հանդիսացող աշխատավայրերում, որոնց արդյունքում հայտնաբերվել են հրազեն, զենք, ռազմամթերք, օդաճնշիչ ատրճանակներ, զրահաբաճկոններ, հեռահաղորդակցության սարքեր, համակարգիչներ, տարբեր գրառումներ պարունակող նոթատետրեր, փաստաթղթեր և այլն։ Նախաքննությունը շարունակվում է, իրականացվում են վարութային գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի ամբողջական հանգամանքները, հանցավոր խմբի կազմում ներգրավված անձանց ողջ շրջանակը պարզելու, նրանց նկատմամբ քրեաիրավական ներգործության միջոցներ կիրառելու համար:  Տեսանյութը՝ այստեղ
14:10 - 24 սեպտեմբերի, 2023
Սեպտեմբերին համացանցի հայ­կա­կան տիրույթում արձանագրվել է կիբեր­հարձակում­­ների զգալի աճ․ ԱԱԾ

Սեպտեմբերին համացանցի հայ­կա­կան տիրույթում արձանագրվել է կիբեր­հարձակում­­ների զգալի աճ․ ԱԱԾ

Այս տարվա սեպտեմբերի առաջին տասնօրյակից սկսած համացանցի հայ­կա­կան տիրույթում արձանագրվել է կիբեր­հարձակում­­ների զգալի աճ: ԱԱԾ-ից հայտնում են, որ նկատվել են ապատեղեկա­տվու­թյան տարածման և տվյալների կորզման փորձեր, ինչպես նաև տեղեկատվական անվտանգության ռիսկեր պարունակող վնասաբեր այլ ակտիվություն։ Թիրախավորվել են ինչպես ՀՀ պետական և տեղական ինքնա­կառա­վարման մարմինների, այնպես էլ ռազմավարական նշանա­կու­թյան օբյեկտների տեղեկատվական համակարգերը։ Նշվածով պայմանավորված, հորդորում ենք ցուցաբերել զգոնու­թյուն, խստորեն պահպանել մեդիագրագիտության տարրական կանոն­ները, իսկ համա­կարգչային միջադեպերի վերաբերյալ տեղեկա­տվությունը փոխանցել ՀՀ համակարգչային միջադեպերի արձա­գանք­ման պետա­կան կենտրոն «cert.gov.am»։
11:04 - 23 սեպտեմբերի, 2023
Կոչ ենք անում մեր քաղաքացիներին չտրվել սադրիչ գործողությունների, դրսևորել բացառապես օրինապաշտ վարքագիծ․ ԱԱԾ

Կոչ ենք անում մեր քաղաքացիներին չտրվել սադրիչ գործողությունների, դրսևորել բացառապես օրինապաշտ վարքագիծ․ ԱԱԾ

Կոչ ենք անում մեր քաղաքացիներին չտրվել սադրիչ գործողությունների, դրսևորել բացառապես օրինապաշտ վարքագիծ։   Ասված է ՀՀ ԱԱԾ հայտարարության մեջ․   «ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ ներկայումս Հայաստանի Հանրապետությունում առկա են զանգվածային անկարգությունների կազմակերպման  և իրականացման իրական վտանգներ, ուստի հորդորում ենք տուրք չտալ հնարավոր սադրանքներին, ցուցաբերել քաղաքացիական բարձր պատասխանատվություն, զերծ մնալ հանրության մեջ ատելություն, թշնամանք տարածելու, հրապարակային ելույթներում բռնություն գործադրելու կոչեր կամ որպես բռնություն ընկալվող արտահայտություններ հնչեցնելու անթույլատրելի գործելաոճից, որոնք իրական նախադրյալներ կարող են ստեղծել երկրի ներքին անվտանգության խաթարման կամ այլ հանցավոր դրսևորումների կատարման համար։ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը ձեռնարկելու է օրենքով նախատեսված գործուն միջոցներ՝ երկրի սահմանադրական կարգը պահպանելու, պետության և քաղաքացիների իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելու ուղղությամբ՝ չեզոքացնելով Հայաստանի Հանրապետության ներքին անվտանգությունն ապակայունացնող ցանկացած տեսակի գործողություն։ Կոչ ենք անում մեր քաղաքացիներին չտրվել սադրիչ գործողությունների, դրսևորել բացառապես օրինապաշտ վարքագիծ և տուրք չտալ երկրի ներքին անվտանգությունն ապակայունացնող սադրիչ կոչերին ու հորդորներին, պահպանել զգոնություն, թույլ չտալ իրավակարգի խախտումներ»։
21:30 - 19 սեպտեմբերի, 2023