Ալեն Սիմոնյան

8-րդ գումարման Ազգային ժողովի նախագահն է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։

Ծնվել է 1980թ․ հունվարի 5-ին։ 2000-2002թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: 

2000թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: Իրավաբան: 2015թ.՝ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի քաղաքագիտության ֆակուլտետի մագիստրատուրան: Քաղաքագետ է:

2002-2003թթ. աշխատել է Աջափնյակ-Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի նախագահի օգնական, գրասենյակի քարտուղար: 2003-2004թթ.՝ «Կոնվերս» բանկի մարդկային ռեսուրսների կառավարիչ:

2004-2010թթ. զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ:

2006-2007թթ. աշխատել է «Սիթի FM» ռադիոկայանում: 2008թ. մասնակցել է «European Education & Research Center»-ի կազմակերպած «PR and Political Technologies» դասընթացներին: 2007-2012թթ., որպես պրոդյուսեր, տնօրեն, համագործակցել է «TV5», «Երկիր մեդիա», «Արմենիա» հեռուստաընկերությունների հետ: Եղել է մի շարք երաժշտական, քաղաքական, նախընտրական տեսահոլովակների պրոդյուսեր, ներկայացման տնօրեն: 2012-2018թթ.՝ «Արարատ» ամսագրի գլխավոր խմբագիր: 2013-2018թթ.՝ իր հիմնադրած «Ararat Media Group» ՍՊԸ («araratnews.am» կայք եւ «Արարատ» ամսագիր) գլխավոր խմբագիր:

2011 թվականին «Բարեւ Երեւան» դաշինքի ցուցակով մասնակցել է Երեւանի ավագանու ընտրություններին: 2013թ. տրանսպորտի թանկացման դեմ ուղղված «Car free» քաղաքացիական ակցիայի կազմակերպիչներից է:

2013-2015թթ. եղել է «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման կառավարման խորհրդի հիմնադիր անդամ: 2015թ. ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության հիմնադիր անդամ, 2016թ.՝ վերընտրվել: 2015-2016թթ.՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խոսնակ:

2017-2018թթ.՝ Երեւանի ավագանու անդամ («Ելք» դաշինք):

2018-2019թթ.՝ ԱԺ պատգամավոր (թիվ 4 ընտրատարածք, «Ելք» կուսակցությունների դաշինք): ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Ելք» խմբակցության անդամ:

2019-2021թթ.՝ ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք, թիվ 4 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակ): ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ: ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ: «Իմ քայլը» խմբակցության անդամ:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

2021թ. օգոստոսի 2-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ:

Չի բացառվում, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԺ խոսնակները կհանդիպեն Շվեյցարիայում |armeniasputnik.am|

Չի բացառվում, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԺ խոսնակները կհանդիպեն Շվեյցարիայում |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Հայկական կողմը հնարավոր է համարում մարտին Շվեյցարիայում Հայաստանի և Ադրբեջանի ԱԺ խոսնակների հանդիպումը։ Այս մասին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գրասենյակից։ Փետրվարի սկզբին Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար (IPU) Մարտին Չունգոնգը հայտարարել էր, որ մարտին կայանալիք միության հաջորդ վեհաժողովի շրջանակում նախատեսվում է անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահների հանդիպումը։ ԱԺ խոսնակի գրասենյակից հայտնել են, որ մարտի 23-27-ը Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահների նախատեսվող հանդիպման մասին հստակ առաջարկ դեռ չեն ստացել, սակայն նման հնարավորությունը չեն բացառում։ «Նման ձևաչափի հանդիպում ունենալը մեզ համար քննարկելի է»,– ասել են մամուլի ծառայությունից։ Այնտեղ նշել են, որ հստակ որոշում և պատասխան կկարողանան տալ հավելյալ տեղեկատվության առկայության պարագայում։ Հիշեցնենք, որ հունվարի վերջին օրերին Չունգոնգը Հայաստանում էր, որտեղ հանդիպում է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի և այլ պաշտոնատար անձանց հետ։
09:45 - 07 փետրվարի, 2024
Քննությունը կպարզի ամեն ինչ. Էմմա Պալյանը՝ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ կալանավորման մասին |1lurer.am|

Քննությունը կպարզի ամեն ինչ. Էմմա Պալյանը՝ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ կալանավորման մասին |1lurer.am|

1lurer.am: Ես որևէ գնահատական իրավապահ մարմինների աշխատանքին չեմ կարող տալ, միայն կարող եմ ասել, որ ես բավականին երկար ժամանակ թե՛ Ալեն Սիմոնյանին, թե՛ իր ընտանիքին ճանաչում եմ: Շատ հարազատ մարդու մասին եք խոսում: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանը՝ անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ կալանավորման դեպքին: «Ես չեմ պատկերացնում, որ իմ պատկերացրած մարդիկ կարող էին նման իրավիճակում լինել: Ես չեմ կարող գնահատական տալ: Քննությունը կպարզի ամեն ինչ»,- նշեց նա: «Երբ մենք եկանք իշխանության, մենք ասում էինք, որ օրենքի առաջ հավասար են բոլորը. ոչ մի բան չի փոխվել դրանից հետո, մենք անընդհատ ենք դա կրկնում, այնպես որ, եթե ես պատգամավոր եմ, ինչ որ խախտում եմ անում, ապա օրենքի առաջ հավասար եմ, ինչպես և դուք և ներկա բոլորը»,- ասաց Էմմա Պալյանը: Խոսելով ՔՊ խմբակցության կողմից կալանքը վերացնելու միջնորդություն ներկայացնելու հնարավորության վերաբերյալ՝ պատգամավորը նշեց. «Ես որպես կին պատգամավոր ինքս նման ցանկություն ունեմ, բայց դեռ որպես ֆրակցիայի որոշում չեմ կարող ներկայացնել: Եթե նման առաջարկ, որոշում խմբակցության կողմից լինի, ես առաջինը կլինեմ, որ կմիանամ: Այդտեղ խոսքը երիտասարդ կանանց մասին է, և ես, լինելով երկու անչափահաս երեխաների մայր, հաստատ պատրաստ եմ և առաջիններից կլինեմ միջնորդություն ներկայացնելիս: Թե դատարանն ինչ կորոշի` արդեն դատարանի որոշելիքն է»: Ինչ վերաբերում է այն լուրերին, թե խմբակցությունում արշավ է սկսվել Ալեն Սիմոնյանի դեմ, ապա Էմմա Պալյանն ասաց. «Կներեք, ի՞նչ արշավ: Ալեն Սիմոնյանին ՔՊ կուսակցության ներսում շատ սիրում, հարգում են. ավելի քան վստահ եմ: 2016 թվականից ՔՊ կուսակցության անդամ եմ ու վստահորեն կարող եմ ասել որ Ալեն Սիմոնյանն այն անձն է, որը հարգված, ընդունված, սիրված է թե՛ կուսակցության, թե՛ խմբակցության ներսում: Ես ասում եմ, որ պարոն Սիմոնյանը կատարում է իր պարտականությունները, կատարելու է, և ես այն անձանցից եմ լինելու, որ միշտ լինելու է իր կողքին, և ավելի քան վստահ եմ, որ ամբողջ խմբակցությունը նույն կարծիքին է»:
13:06 - 06 փետրվարի, 2024
ԲՏԱ նախարարությունից հաստատում են՝ եթե Ալեն Սիմոնյանի կնոջ ղեկավարած հեռուստաընկերությունը պարտքերը չմարի, ՀՌՀ-ն կկասեցնի լիցենզիան |aysor.am|

ԲՏԱ նախարարությունից հաստատում են՝ եթե Ալեն Սիմոնյանի կնոջ ղեկավարած հեռուստաընկերությունը պարտքերը չմարի, ՀՌՀ-ն կկասեցնի լիցենզիան |aysor.am|

aysor.am:Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից Aysor.am-ին հաստատեցին, որ եթե ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կնոջ ղեկավարած «Ֆրինյուզ» հեռուստաընկերությունը սահմանված ժամկետում պարտքը չմարի, ՀՌՀ-ն իրավասու կլինի հեռուստաընկերության լիցենզիան կասեցնել: «Եթե հեռուստաընկերությունը 24 ժամ եթեր չի հեռարձակվում, դրանից հետո ՀՌՀ-ն կարող է լիցենզիան կասեցնել, սակայն եթե պարտքը սահմանված ժամկետում վճարեն, ոչ մի խնդիր չի լինի: Նման հեռուստաընկերություններ էլի կան, որոնք պարտքեր են ունեցել, սակայն սահմանված ժամկետներում վճարումներ են կատարել ու ոչ մի խնդիր չի եղել», - նշեցին նախարարությունից: «Ֆրինյուզ» հեռուստաընկերության տնօրեն Մարիամ Մարգարյանն էլ Aysor.am-ին ասաց, որ թեմայի շուրջ չի ցանկանում մեկնաբանություն տալ: Հիշեցնենք, որ օրեր առաջ Մարիամ Մարգարյանն ասել էր, որ Հայաստանի հեռուստատեսության և ռադիոհաղորդիչ ցանցին ամսական վճարների ուշացումներ են եղել, սակայն իրենք պատրաստվում են առաջիկայում պարտքն ամբողջությամբ մարել: Նշենք, որ Armlur.am-ը գրել էր,որ ԱԺ նախագահի ընտանիքը, օգտվելով պետության, կառավարության բարեհաճությունից, ամիսներ շարունակ չի վճարել Հայաստանի հեռուստատեսության եւ ռադիոհաղորդիչ ցանցին ամսական 1.5 մլն դրամ վճարը: «Ֆրինյուզ» ընկերության պարտքը կազմել է 23,3 մլն ՀՀ դրամ, որից ընկերությունը մարել է 1,5 մլն ՀՀ դրամը, պարտքի մնացորդն այս պահին կազմում է 21,8 մլն ՀՀ դրամ։  
11:04 - 06 փետրվարի, 2024
Ալեն Սիմոնյանի հետ մեր թիմը ոչ մի խնդիր չունի, իսկ երեկ չենք հանդիպել նրան. Վահագն Ալեքսանյան
 |news.am|

Ալեն Սիմոնյանի հետ մեր թիմը ոչ մի խնդիր չունի, իսկ երեկ չենք հանդիպել նրան. Վահագն Ալեքսանյան |news.am|

news.am: Ես միայն կարող եմ ասել, որ Հայաստանում ոչ մի պարագայում կոռուպցիան տեղ չունի. ես ինքս ինձ համարում եմ կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկներից: Այս մասին այսօր՝ փետրվարի 2-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ անդրադառնալով էկոնոմիկայի նախարարությունում աղմկահարույց զարգացումներին եւ կալանավորումներին: «Պետք է սպասել, որպեսզի համապատասխան մարմինները տան իրենց եզրակացությունը, նախ քննչական մարմինները, հետո դատարանները, հետո անել եզրակացություններ»,-ասաց նա: Հարցին՝ ինչո՞վ է բացատրում այն, որ էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանին տնային կալանք տվեցին, իսկ Ալեն Սիմոնյանի եեղբոր կնոջը, որ երկու անչափահաս երեխաների մայր է, կալանավրեցին, ՔՊ-ական պատգամավորը պատասխանեց. «Այդ հարցով թույլ տվեք չմեկնաբանել, որովհետեւ ինչպես դատարանի այլ որոշումները չեմ կարող մեկնաբանել, օրինակ, մի շարք ընդդիմադիր գործիչների մասին, թե ինչու մեկին կալանք, մյուսին ոչ կալանք, նույնն էլ այս պարագայում է, ես չեմ կարող եւ իրավասու էլ չեմ մեկնաբանել»: Դիտարկմանը, որ հնարավոր է Ալեն Սիմոնյանը հեռանա ՔՊ-ի քաղաքական թիմից, նաեւ ԱԺ նախագահի պաշտոնից, Վահագն Ալեքսանյանն ասաց. «Ալեն Սիմոնյանը ՔՊ վարչության անդամ է, ՀՀ ԱԺ նախագահն է, մեր թիմակիցն է, եւ մեր թիմը իր հետ ոչ մի խնդիր չունի: Երեկ չենք հանդիպել, բայց ձեր ասածը, թե թիմն իր հետ խնդիր ունի, բացարձակապես չի համապատասխանում իրականությանը»։ Ինչ վերաբերում է տեսակետին, որ իշխանությունն ըստ էության, չի խնայել Ալեն Սիմոնյանին, որով մեսիջ են ուղարկում իշխող ուժի մնացած անդամներին, ՔՊ-ական պատգամավորն արձագանքեց. «Ի՞նչ է նշանակում՝ չեն խնայել Ալեն Սիմոնյանին: Ես չեմ պատրաստվում մեկնաբանել դատարանի որոշումները: Եթե իրավապահների գործում անօրինական ինչ-որ բան կա, դա միանշանակ ինչ-որ կերպ կբացահայտվի»: Հիշեցնենք, որ էկոնոմիկայի նախարարությունում երկու օր առաջ 7 անձ է ձերբակալվել, այդ թվում մեկ օր առաջ էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնից ազատված Անի Իսպիրյանը: Ձերբակալվել է նաեւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գեւորգյանը: Էկոնոմիկայի նախարարությունում ձերբակալություններից հետո ձերբակալվել են նաև IT ամենահայտնի կազմակերպություններից մեկի` «Սիներջիի» մի խումբ աշխատակիցներ։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Աշոտ Հովհաննիսյանը եւ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գեւորգյանը կալանավորվել են: Իսկ էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք:
14:54 - 02 փետրվարի, 2024
Ալեն Սիմոնյանի եղբոր կինը 2 ամսով կալանավորել է

Ալեն Սիմոնյանի եղբոր կինը 2 ամսով կալանավորել է

Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջը՝ Անի Գևորգյանին, 2 ամսով կալանավորելու որոշում է կայացվել։ Նրա փաստաբանի խոսքով՝ իրենք բողոքարկելու են որոշումը, քանի որ իրավաչափ չեն համարում։ Պաշտպանի խոսքով նա մեղադրվում է պաշտոնական դիրքը չարաշահելուն օժանդակելու համար․ «Երեխաներ ունի` 2 և 4 տարեկան, այդ բոլոր մեղմացուցիչ հանգամանքներն անտեսվել են»։ Հիշեցնենք, որ երեկ Քննչական կոմիտեն հայտնել էր՝ փաստական տվյալներ են ստացվել, որ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք, նախնական համաձայնությամբ, մի խումբ անձանց դրդմամբ և օժանդակությամբ, չարաշահել են ծառայողական լիազորությունները և «Հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման» մրցույթի ընթացքում ընկերություններից մեկի հաղթանակն ապահովելու համար, մյուսին համարել են պայմաններին չհամապատասխանող ու հեռացրել: Ըստ քննչական կոմիտեի՝ հաղթող է ճանաչվել մրցակցից շուրջ երեք անգամ ավելի՝ 392 մլն դրամ գնային առաջարկ ներկայացրած ընկերությունը: Նշենք, որ Անի Գևորգյանը «Սիներջի» ընկերությունում բիզնեսի զարգացման տնօրեն է եղել: Մոտ մեկուկես տարի առաջ «Սիներջին» մասնակցել է Էկոնոմիկայի նախարարության հայտարարած տենդերներից մեկին։  Այսօր հայտնի դարձավ, որ 2 ամսով կալանավորվել է նաև «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը։ 
17:35 - 01 փետրվարի, 2024
«Կոռուպցիայի դեմ պայքարից մի միլիմետր չենք նահանջել». Փաշինյան
 |armeniasputnik.am|

«Կոռուպցիայի դեմ պայքարից մի միլիմետր չենք նահանջել». Փաշինյան |armeniasputnik.am|

armeniasputnik.am: ՀՀ կառավարության հակակոռոպցիոն քաղաքականության կամքը 2018 թվականից մինչ օրս ոչ մի միլիմետր չի նահանջել։ Գործադիր մարմնի նիստում այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Մեր պայքարը ոչ միայն չի նահանջել, այլև հակառակը` կոռուպցիայի դեմ մեր պայքարն ավելացել է։Շատ է ասվում, որ 2018-ից հետո հակակոռուպցիոն քաղաքականության մեջ շատ մեծ քայլերով առաջընթաց արձանագրեցինք, հետո այն դանդաղեց, բայց պետք է հաշվի առնել, որ ինչքան առաջընթաց ես ունենում, այնքան հետագա առաջընթացը դժվար է դառնում»,- ընդգծեց նա։ Ըստ վարչապետի` այն, ինչ քաղաքական կամքի հաշվին հնարավոր էր հասնել, հասել են 2018 թ. մինչ օրս, իսկ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի։ Հիշեցնենք` հունվարի 31-ին ԱԱԾ-ն ու ՔԿ-ն խուզարկություններ են կատարել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում և մի շարք անձանց բնակարաններում (ընդհանուր առմամբ ավելի քան 15 վայրում) և ձերբակալել 7 անձանց, այդ թվում` էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանին, Պետական ներդրումների քաղաքականության վարչության պետ Լիլիա Սիրականյանին և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր` Կառլեն Սիմոնյանի կնոջը` Անի Գևորգյանին։
12:31 - 01 փետրվարի, 2024
ՔԿ-ն տեղեկություն չի տրամադրում, թե ինչու է ձերբակալվել Ալեն Սիմոնյանի եղբոր կինը

ՔԿ-ն տեղեկություն չի տրամադրում, թե ինչու է ձերբակալվել Ալեն Սիմոնյանի եղբոր կինը

Aravot.am-ը երեկ կեսգիշերին գրել է, որ ձերբակալվել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր՝ Կառլեն Սիմոնյանի կինը՝ Անի Գևորգյանը: Նրա պաշտպան Մուշեղ Ալեքսանյանը հաստատել է, որ ինքն է ներկայացնում Սիմոնյանի կնոջ շահերը: Հարցին՝ դա ասֆալտի տենդերի հե՞տ է կապված՝ Ալեքսանյանը պատասխանել է. «Չէ, ընդհանրապես ըտենց բանի հետ կապված չի: Կապված է իր նախկին աշխատավայրի հետ, որը ծրագրավորման ընկերություն է, ընդհանրապես շինարարության հետ կապ չունի»: ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը, թեմայի վերաբերյալ Panorama.am-ի հարցերին ի պատասխան, ասել է․ «Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին տեղեկատվություն չի տրամադրվում»։ Նշենք, որ Անի Գևորգյանը «Սիներջի» ընկերությունում բիզնեսի զարգացման տնօրեն է եղել: Մոտ մեկուկես տարի առաջ «Սիներջին» մասնակցել է Էկոնոմիկայի նախարարության հայտարարած տենդերներից մեկին։ Հիշեցնենք, որ առերևույթ կոռուպցիոն չարաշահումներին առնչվող երկու քրեական վարույթներով երեկ ձերբակալվել են էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը և ևս 6 անձ: Ըստ ՔԿ-ի՝ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձը 2022-23 թվականների ընթացքում ծրագրով սահմանված պահանջներին չհամապատասխանող փաստաթղթեր ներկայացրած շահառուների ֆինանսական փոխհատուցումը չի մերժել, այլ ընդհակառակը՝ զեկուցագրեր է ներկայացրել, որ շահառուների կատարած աշխատանքը համապատասխանում է սահմանված չափորոշիչներին։ Այս ամենի հետևանքով այդ քաղաքացիներին անհիմն փոխհատուցվել է մոտ 238,5 մլն դրամ:
11:33 - 01 փետրվարի, 2024
Սահմանադրությունը պետք է վերանայվի` հաշվի առնելով վերջին իրադարձությունները. Ալեն Սիմոնյան |tert.am|

Սահմանադրությունը պետք է վերանայվի` հաշվի առնելով վերջին իրադարձությունները. Ալեն Սիմոնյան |tert.am|

tert.am: Սահմանադրական հարցերով հանձնաժողովը ստեղծվել է շատ ավելի վաղ քան Սահմանադրության փոփոխությունների մասին խոսակցություններն են։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմանյանը՝ պատասխանելով Սահմանադրությունից Անկախության հռչակագրի հղումը հանելու մասին հարցին։ Նրա դիտարկմամբ՝ Սահմանադրությունն ունեցել է և ունի դրույթներ, որոնք պետք է վերանայվեն` հաշվի առնելով աշխարհաքաղաքական բոլոր փոփոխությունները և վերջին իրադարձությունները։ԱԺ նախագահի կարծիքով՝ մենք պետք է հասկանանք, թե Հայաստանն ուր է գնում, ինչ նպատակներ է հետապնդում և ինչի համար է ՀՀ-ի գոյությունը։ «ՀՀ-ի գոյությունն արդյոք նրա համար է, որպեսզի վերականգնենք պատմական Մեծ Հայքն ու Փոքր Հայքը, թե՞ Սեպտեմբերի 21-ի մասին է, որ մենք ստացանք անկախություն, թե՞ ՀՀ քաղաքացու մասին է, որը պետք է լինի ապահով», - նկատեց Սիմանյանը։ Նա նաև ասաց, որ Ադրբեջանի սահմանադրությունում նույնպես կան դրույթներ, որոնք հայելային պետք է փոփոխվեն, և կրկնեց, որ յուրաքանչյուր բանակցություն, որ հայկական կողմն իրականացնում է, արվում է հայելային։  
12:48 - 31 հունվարի, 2024
Մարկետա Պեկարովա Ադամովայի հետ քննարկվել է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման հարցը. նա Երևանից կմեկնի Բաքու. Ալեն Սիմոնյան |1lurer.am|

Մարկետա Պեկարովա Ադամովայի հետ քննարկվել է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման հարցը. նա Երևանից կմեկնի Բաքու. Ալեն Սիմոնյան |1lurer.am|

1lurer.am: Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովայի հետ առանձնազրույցի ընթացքում քննարկվել են հիմնականում տարածաշրջանային հարցեր, ինչպես նաև Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման հարցը: Այդ մասին համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը: «Մեր հյուրը այստեղից ուղևորվելու է հարևան երկիր, և դրա հետ կապված նույնպես՝ մենք քննարկումներ ունեցանք»,- ասաց Ալեն Սիմոնյանը: ԱԺ խոսնակը նաև հիշեցրեց, որ Մարկետա Պեկարովա Ադամովայի առաջին այցը չէ Հայաստան: «Նա այստեղ տարիներ առաջ եղել է և նույնպես արձանագրում է մեծ փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել»,- ասաց նա Առանձնազրույցի ընթացքում քննարկվել են նաև Հայաստանի և Չեխիայի միջև հարաբերությունների զարգացմանը, առևտրաշրջանառությանը, ինչպես նաև տարբեր հարթակներում համագործակցությանն առնչվող հարցեր:
12:46 - 31 հունվարի, 2024
Ալեն Սիմոնյանի հրավերով Հայաստանում է Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահի գլխավորած պատվիրակությունը

Ալեն Սիմոնյանի հրավերով Հայաստանում է Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահի գլխավորած պատվիրակությունը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովայի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը: ՀՀ ԱԺ փոխնախագահի ու ԱԺ Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Արթուր Հովհաննիսյանի ուղեկցությամբ չեխ խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Հյուրերը ծաղկեպսակ են դրել ու ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, հարգել Սուրբ նահատակների հիշատակը: Պատվիրակության անդամները եղել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Եղեռնի մասին հավաստող ցուցանմուշներին, վավերագրերին: Մարկետա Պեկարովա Ադամովան գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:
12:44 - 31 հունվարի, 2024
Ինձ համար ակնհայտ է, որ ՀՀ օրհներգը վաղ թե ուշ պետք է փոխվի, նաև պետք է քննարկենք զինանշանի փոփոխության հարցը. Ալեն Սիմոնյան

Ինձ համար ակնհայտ է, որ ՀՀ օրհներգը վաղ թե ուշ պետք է փոխվի, նաև պետք է քննարկենք զինանշանի փոփոխության հարցը. Ալեն Սիմոնյան

Ինձ համար ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետության օրհներգը վաղ թե ուշ պետք է փոխվի, այն պետք է լինի հայկական, կապ ունենա մեր պետության ու հայկական երաժշտության հետ և լինի օրհներգի կանոններին համապատասխան: Այս մասին տելեգրամյան ալիքում գրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: «Չեմ պնդում, որ այն պետք է փոխարինել մեծն Արամ Խաչատրյանի երաժշտությամբ, որը, ըստ իս, շքեղ է, անգերազանցելի և մաքսիմալ հայկական, բայց ակնհայտ է, որ առկա օտարածին օրհներգի փոփոխությունն անհրաժեշտություն է: Իմ կարծիքով մենք նաև պետք է քննարկենք զինանշանի փոփոխության հարցը. առնվազն չի կարող Հայաստանը լինել ջրի տակ, ինչը պատիժ էր մարդկության համար, չի կարող առյուծը լինել ֆեյսբուքյան սմայլիկի նման, չի կարող Հայաստանը պաշտպանող սուրը լինել շղթայված»,- գրել է նա:
12:58 - 30 հունվարի, 2024
Մենք ամեն ինչ արել և անում ենք մեր միջազգային գործընկերների հետ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար. Ալեն Սիմոնյանը` Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարին

Մենք ամեն ինչ արել և անում ենք մեր միջազգային գործընկերների հետ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար. Ալեն Սիմոնյանը` Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունվարի 29-ին ընդունել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ողջունելով հյուրին` Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Միջխորհրդարանական միությանը` տարածաշրջանում խաղաղության հաստատման հարցում ներգրավվածության համար: Խորհրդարանի ղեկավարը նշել է, որ ԱԺ պատվիրակությունը մշտապես եղել է Միջխորհրդարանական միության ակտիվ անդամներից մեկը, որի պատգամավորները ներկայացված են կազմակերպության տարբեր մարմինների ղեկավար կազմերում: Անդրադառնալով խաղաղության պայմանագիր կնքելու շուրջ Ադրբեջանի հետ վարվող բանակցություններին` ԱԺ նախագահն ընդգծել է, որ հայկական կողմը կառուցողական է տրամադրված և բաց է այն քննարկումների համար, որոնք կնպաստեն փաստաթղթի ստորագրման գործընթացին: «Հայաստանը ժողովրդավար երկիր է, սա այլևս հաստատված փաստ է: Մենք ամեն ինչ արել և անում ենք մեր միջազգային գործընկերների հետ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար»,- շեշտել է Ալեն Սիմոնյանը: Մարտին Չունգոնգը բարձր է գնահատել Հայաստանի ջանքերը խաղաղության հաստատման բանակցություններում և նշել, որ Միջխորհրդարանական միությունն ամեն կերպ կաջակցի խաղաղության պայմանագրի կյանքի կոչմանը: Անդրադարձ է կատարվել նաև Միջխորհրդարանական միության (IPU) երիտասարդ պատգամավորների գլոբալ ֆորումին, որն անցկացվելու է 2024 թվականին` Հայաստանում:
18:51 - 29 հունվարի, 2024
Հայոց բանակը մեր անցյալի, ներկայի ու ապագայի հենասյունն է, Հայաստանի անկախ, ինքնիշխան հանրապետության երաշխավորը. Ալեն Սիմոնյան

Հայոց բանակը մեր անցյալի, ներկայի ու ապագայի հենասյունն է, Հայաստանի անկախ, ինքնիշխան հանրապետության երաշխավորը. Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Զինված ուժերի կազմավորման 32-րդ տարեդարձի առթիվ: «Սիրելի՛ հայրենակիցներ, Հարգելի՛ զինվորներ, ենթասպաներ, սպաներ և գեներալներ, Հայոց բանակի նվիրյալ որդիներ, Շնորհավորում եմ Հայաստանի զինված ուժերի տոնի՝ Հայոց բանակի օրվա առթիվ: Հայոց բանակը մեր անցյալի, ներկայի ու ապագայի հենասյունն է, Հայաստանի անկախ, ինքնիշխան հանրապետության ապավենն ու երաշխավորը, որի շենացումն ու հզորացումը պետք է լինի յուրաքանչյուրիս առաքելությունը: Այս 32 տարիների ընթացքում մեր բանակն անցել է տարբեր ժամանակաշրջանների դժվարագույն փորձությունների միջով: Մենք գրանցել ենք բազում նվաճումներ, կրել ծանր կորուստներ, սակայն հայ զինվորի ոգին եղել է ու կա անպարտելի: Մաղթում եմ, որ ձեր անկոտրում ոգին, քաջությունն ու հայրենիքին նվիրվածությունն ուղեկցեն մեզ միշտ, և խաղաղ երկնքի տակ շարունակեք ծառայությունը՝ ի բարօրություն Հայաստանի Հանրապետության: Աստված պահապան Հայոց բանակին և հայ ժողովրդին: Կեցցե՛ հայ զինվորը»,- ասված է Ալեն Սիմոնյանի ուղերձում:
11:56 - 28 հունվարի, 2024