Արա Այվազյան

ՀՀ արտաքին գործերի նախարարության գործող ղեկավարը։

Ծնվել է 1969թ. մարտի 30-ին, Երեւանում։

1986-1993թթ․ սովորել է ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետում, 1994թ․՝ Հայկազյան համալսարանական քոլեջի (Լիբանան) քաղաքագիտության ֆակուլտետում;

1994-1996թթ․ եղել ԱԳՆ Երկրորդ եվրոպական վարչության կցորդ, երրորդ քարտուղար, 1996-1997թթ․Արգենտինայում ՀՀ դեսպանության երկրորդ քարտուղար, 1997թ․ ԱԳՆ Ամերիկայի վարչության Կենտրոնական եւ Հարավային Ամերիկայի երկրների բաժնի վարիչ։

1998թ․-ին եղել է ԱԳՆ քարտուղարության պետ, ապա 1999-2006թթ․ Արգենտինայում եւ Չիլիում ՀՀ դեսպան, 2000-2006թթ․՝ Ուրուգվայում ՀՀ դեսպան (նստավայրը` Բուենոս Այրես), 2006-2011թթ․ եղել է ԱԳ նախարարի աշխատակազմի խորհրդական։

2006-2011թթ․ Դանիայի Թագավորությունում ՀՀ դեսպան, 2006-2012թթ․ Նորվեգիայի Թագավորությունում ՀՀ դեսպան, 2006-2013թթ․ Շվեդիայի Թագավորությունում ՀՀ դեսպան, 2006-2014թթ․ Ֆինլանդիայի Հանրապետությունում ՀՀ դեսպան, 2011-2016թթ․ Լիտվայի Հանրապետությունում ՀՀ դեսպան, 2012-2016թթ․ Լատվիայի Հանրապետությունում եւ Էստոնիայի Հանրապետությունում ՀՀ դեսպան, 2016-2020թթ․ Մեքսիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպան, 2017-2020թթ․Կուբայի Հանրապետությունում, Կոստա Ռիկայում, Հոնդուրասի Հանրապետությունում, Գվատեմալայի Հանրապետությունում ՀՀ դեսպան, 2018-2020թթ․ Պանամայում ՀՀ դեսպան։

2020թ․ հոկտեմբեր-նոյեմբերին աշխատել է որպես ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ:        

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի 2020թ. նոյեմբերի 18-ի հրամանագրով Արա Այվազյանը նշանակվել է արտաքին գործերի նախարար:

Այսօր Հայաստան է ժամանում Ռուսաստանի արտգործնախարարը |azatutyun.am|

Այսօր Հայաստան է ժամանում Ռուսաստանի արտգործնախարարը |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր կժամանի Երևան: Վաղը՝ մայիսի 6-ին նախատեսված են հանդիպումներ Հայաստանի ղեկավարության հետ: Մայիսի 10-11-ը Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն աշխատանքային այցով կմեկնի Բաքու: Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի խոսքով՝ հանդիպումների ընթացքում նախատեսվում է «մանրակրկիտ քննարկել երկկողմ և տարածաշրջանային համագործակցության, ինչպես նաև միջազգային ասպարեզում փոխգործակցության հարցերի լայն շրջանակ»: Բանակցությունների առաջնային թեման, այդուհանդերձ, կլինի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ առկա համաձայնագրերի իրականացումը: «Առաջնահերթ ուշադրություն է դարձվելու Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021-ի հունվարի 11-ի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարությունների իրականացման գործնական ուղղություններին», - ասել է Զախարովան: Ապրիլի 1-ին Լավրովը Մոսկվայում առանձին հանդիպումներ էր ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արա Այվազյանի և Ջեյհուն Բայրամովի հետ: 
09:44 - 05 մայիսի, 2021
Արա Այվազյանը հեռախոսազրույցներ է ունեցել Ղրղզստանի և Տաջիկստանի ԱԳ նախարարների հետ

Արա Այվազյանը հեռախոսազրույցներ է ունեցել Ղրղզստանի և Տաջիկստանի ԱԳ նախարարների հետ

Հայկական կողմի նախաձեռնությամբ մայիսի 4-ին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հեռախոսազրույցներ է ունեցել Ղրղզստանի ԱԳ նախարար Ռուսլան Կազակբաևի և Տաջիկստանի ԱԳ նախարար Սիրոջիդին Մուխրիդդինի հետ: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Ղրղզստանի գործընկերոջ հետ զրույցում ընդգծել է կենտրոնասիական տարածաշրջանում կայունության և խաղաղության պահպանմանն ուղղված ջանքերի կարևորությունը: «Հույս հայտնվեց, որ ձեռնարկվող քայլերի շնորհիվ հնարավոր կլինի ապագայում կանխել սահմանային բախումները։ Արա Այվազյանը ցավակցություն հայտնեց սահմանային միջադեպի ժամանակ արձանագրված մարդկային զոհերի կապակցությամբ և շուտափույթ ապաքինում մաղթեց վիրավորներին»,- նշված է հաղորդագրության մեջ: Ըստ աղբյուրի՝ զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև երկկողմ օրակարգին առնչվող մի շարք հարցերի, որոնք արծարծվել էին ԱՊՀ նախարարական նիստի շրջանակներում ապրիլի 2-ին կայացած հանդիպման ժամանակ: Տաջիկստանի ԱԳ նախարար Սիրոջիդին Մուխրիդդինի հետ հեռախոսզրույցում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է կենտրոնասիական տարածաշրջանում կայունության և խաղաղության պահպանմանն ուղղված ջանքերի կարևորությունը: Արա Այվազյանը Տաջիկստանի գործընկերոջ հետ զրույցում ևս հույս է  հայտնել, որ ձեռնարկվող քայլերի շնորհիվ հնարավոր կլինի ապագայում կանխել սահմանային բախումները, ցավակցություն է հայտնել սահմանային միջադեպի ժամանակ արձանագրված մարդկային զոհերի կապակցությամբ և շուտափույթ ապաքինում մաղթել վիրավորներին: ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ զրույցի ընթացքում ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն ու Տաջիկստանի ԱԳ նախարար Սիրոջիդին Մուխրիդդինը նաև քննարկել են երկկողմ օրակարգի մի շարք հարցեր: Տեղի է ունեցել մտքերի փոխանակում ՀԱՊԿ-ում Տաջիկստանի նախագահության շրջանակներում առաջիկա միջոցառումների շուրջ:  
18:36 - 04 մայիսի, 2021
Արա Այվազյանը Ֆրանսիայի ԱԺ պատգամավորների ուշադրությունն է հրավիրել Արցախում ստեղծված հումանիտար իրադրության վրա

Արա Այվազյանը Ֆրանսիայի ԱԺ պատգամավորների ուշադրությունն է հրավիրել Արցախում ստեղծված հումանիտար իրադրության վրա

Ապրիլի 29-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն ընդունեց Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորներ Գի Տեսիեին, Ֆրանսուա Պուպոնիին, Վալերի Բուայեին, Մարգրիտ Դըպրե-Օդըբերին և Քսավիե Բրետոնին: Արա Այվազյանը գոհունակություն հայտնեց հայ ժողովրդին ցուցաբերվող զորակցության և հայ-ֆրանսիական բարեկամության օրակարգը հետևողականորեն առաջ մղելու գործում ֆրանսիացի խորհրդարանականների ունեցած մեծ ավանդի և հետևողականության առնչությամբ: Նախարարի պաշտոնակատար Այվազյանը նշեց, որ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումներին ֆրանսիական կողմից նման բարձր ներկայացվածությունը համամարդկային արժեքներին և արժանապատվությանը Ֆրանսիայի աներեր հանձնառության վերահաստատումն է: ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարը և Ֆրանսիայի ԱԺ ներկայացուցիչները մտքեր փոխանակեցին հայ-ֆրանսիական երկկողմ օրակարգի մի շարք հարցերի շուրջ: Բարձր գնահատվեց խորհրդարանական հարթակում ձևավորված սերտ համագործակցությունը՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում:  Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց տարածաշրջանային անվտանգության և խաղաղության հարցերին: Այս համատեքստում Արա Այվազյանը խորհրդարանականների ուշադրությունը հրավիրեց թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար իրադրության, արցախահայության առջև ծառացած սոցիալ-տնտեսական խնդիրների և դրանց հասցեագրման հրատապության վրա:  ԱԳ նախարարի պաշտոնակատար Այվազյանը շնորհակալություն հայտնեց ֆրանսիացի խորհրդարանականներին պատերազմի ընթացքում և դրան հաջորդած շրջանում արցախահայությանն աջակցելու համար:
21:02 - 29 ապրիլի, 2021
ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հանդիպել է Կենտրոնամերիկյան խորհրդարանի նախագահ Ֆաննի Կարոլինա Սալինաս Ֆերնանդեսի հետ

ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հանդիպել է Կենտրոնամերիկյան խորհրդարանի նախագահ Ֆաննի Կարոլինա Սալինաս Ֆերնանդեսի հետ

Ապրիլի 27-ին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն ընդունել է Կենտրոնամերիկյան խորհրդարանի նախագահ Ֆաննի Կարոլինա Սալինաս Ֆերնանդեսին և նրա գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցում էր նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Սոս Ավետիսյանը: Արա Այվազյանը բարձր է գնահատել Կարոլինա Ֆերնանդեսի՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստան այցը և հայ ժողովրդին ցուցաբերված զորակցությունը, ինչը մարդու հիմնարար իրավունքների և համամարդկային արժեքների նկատմամբ Կենտրոնամերիկյան խորհրդարանի հստակ դիրքորոշման արտահայտում է։ Երկուստեք կարևորել են  ՀՀ Ազգային ժողովի և Կենտրոնամերիկյան խորհրդարանի միջև փոխգործակցության սկզբնավորումը, որը կնպաստի նաև տարածաշրջանի հետ Հայաստանի փոխշահավետ համագործակցության խթանմանը: Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցերի լայն շրջանակի։ Ընդգծվել է մարդու իրավունքների խախտման հարցում միջազգային հանրության միանշանակ և միասնական դիրքորոշման կարևորությունը՝ որպես ապագայում մարդկության դեմ ոճրագործությունների կանխարգելման արդյունավետ գործիք: ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը բարձր է գնահատել Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի առնչությամբ Կենտրոնամերիկյան խորհրդարանի սկզբունքային դիրքորոշումը։
19:22 - 27 ապրիլի, 2021
Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը համամարդկային խնդիր է. Արա Այվազյանի հարցազրույցը BBC Weekend ծրագրին

Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը համամարդկային խնդիր է. Արա Այվազյանի հարցազրույցը BBC Weekend ծրագրին

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը հարցազրույց է տվել  BBC Weekend ծրագրին, որում անդրադարձել է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ուղերձին: Արա Այվազյանն ընդգծել է, որ այդ ուղերձը նշանակալի ներդրում ունի Հայոց ցեղասպանության գլոբալ ճանաչման և ցեղասպանությունների կանխարգելման գործում: Արա Այվազյանն անդրադարձել է նաև հարցին, թե ի՞նչպիսի ազդեցություն կունենա Բայդենի հայտարությունը Հայաստանի  և Թուրքիայի հարաբերությունների վրա: Հարց. Ո՞րն է ձեր պատասխանը Նախագահ Բայդենի հայտարարությանը: Մի՞թե սա այն էր, ինչ ակնկալում էիք: Արա Այվազյան. Ինչպես 106 տարի առաջ, այնպես էլ այսօր հայ ժողովուրդը պայքարում է հանուն պատմական արդարության, իր պատմական հայրենիքում անվտանգ և արժանապատիվ կյանքի համար: Մենք ողջունում ենք նախագահ Բայդենի հայտարարությունը, ըստ որի ԱՄՆ-ն հստակորեն սահմանում է 20-րդ դարում հայ ժողովրդի նկատմամբ իրականացված զանգվածային վայրագությունները որպես ցեղասպանություն: Հիշեցնենք, որ 2019թ. Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող համապատասխան բանաձևեր են ընդունել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը և Սենատը: Երեկ մենք ոգեկոչեցինք Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը: Ինչպես այստեղ՝ Հայաստանում, այնպես էլ՝ աշխարհի տարբեր անկյուններում մենք ականատես եղանք միջազգային հանրության հաստատուն համերաշխության, աջակցության բազմաթիվ հզոր ուղերձների , որոնք ոգևորում են մեզ՝ բազմապատկելու մեր համատեղ ջանքերը՝ ցեղասպանությունների դատապարտման և կանխարգելման միջազգային պայքարում: Հարց. Պարո՛ն Այվազյան, արդյո՞ք կարծում եք, որ այլ երկրներ նույնպես կհետևեն այդ օրինակին: Արա Այվազյան. Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը համամարդկային խնդիր է: Այս ուղերձը նշանակալի ներդրում ունի Հայոց ցեղասպանության գլոբալ ճանաչման և ցեղասպանությունների կանխարգելման գործում: Այսօր ԱՄՆ իշխանությունները միանշանակորեն վերահաստատել են իրենց հանձնառությունը մարդու իրավունքների պաշտպանությանը և մարդասիրության սկզբունքներին: Հարց. Պարո՛ն Այվազյան, ըստ Ձեզ՝ ի՞նչպիսի ազդեցություն կունենա Ջո Բայդենի հայտարարությունը Թուրքիայի հետ ձեր հարաբերությունների վրա: Արա Այվազյան. Ինչ վերաբերում է Թուրքիայի հետ հարաբերություններին, ապա Թուրքիան Հայաստանի նկատմամբ վարում է թշնամական և ագրեսիվ քաղաքականություն` անկախության վերականգնումից ի վեր՝ սկսած 1991 թվականից: Թուրքիան մերժեց Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը, փակեց սահմանը և Հայաստանի դեմ վարեց հետզհետե աճող թշնամական քաղաքականություն։ Ավելին` Թուրքիան ուղղակիորեն ներգրավվեց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ ադրբեջանական ագրեսիայում՝ մեր տարածաշրջան ուղարկելով հազարավոր օրաերկրյա զինյալ ահաբեկիչների: Հուսով ենք, որ ԱՄՆ նախագահի այս շատ կարևոր հայտարարությունը ճանապարհ կհարթի երկխոսության և, ի վերջո, հարաբերությունների կարգավորման համար: Այն նաև կնպաստի տարածաշրջանային խաղաղությանը և կայունությանը: Հարց. Ինչպիսի՞ դեր սա կխաղա հարաբերությունների հնարավոր կարգավորման գործում: Ոմանք պնդում են, որ այդ հայտարարությունը խաղաքարտ կդառնա նախագահ Էրդողանի ձեռքում, որպեսզի շահի իր հասարակության աջակցությունն ընդդեմ ԱՄՆ-ի: Արա Այվազյան. Կարծում եմ, որ սա հիմք է ստեղծում Թուրքիայի հասարակության համար՝ առերեսվելու պատմության էջերին։ Այն նաև դրդում է հասարակությանը հարցեր բարձրաձայնել իրենց պատմության ողբերգական էջերի մասին: Կարծում եմ՝ դա նաև հող կստեղծի երկու հարևան երկրների միջև երկխոսության համար: Երկու հարևան երկրների միջև ստեղծվել էր անջրպետ, և կարծում եմ, որ դա շատ կարևոր քայլ կլինի մեր հարաբերությունների կարգավորման համար:
16:33 - 27 ապրիլի, 2021
Մեզ համար կարևոր են ոչ թե խոսքերը, այլ գործերը․ Արա Այվազյանի պատասխանը՝ Էրդողանի հայտարարությանը

Մեզ համար կարևոր են ոչ թե խոսքերը, այլ գործերը․ Արա Այվազյանի պատասխանը՝ Էրդողանի հայտարարությանը

ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի պատասխանել է Էրդողանի կողմից Հայաստանի հետ փոխադարձ հարգանքի հիման վրա հարաբերություններ հաստատելու վերաբերյալ լրագրողի հարցին Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսի հետ համատեղ մամուլի ասուլիսին։ Հարց. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր ուղերձում օգտագործեց Հայոց ցեղասպանություն եզրույթը։ Սա ի՞նչ նշանակություն կարող է ունենալ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում։ Եվ նաև խնդրում եմ անրադառնալ Թուրքիայի նախագահի այն հայտարարությանը, որ պատրաստ է Թուրքիան Հայաստանի հետ հարաբերություններ հաստատել բարիդրացիության և փոխադարձ հարգանքի հիման վրա։  Արա Այվազյան. Յուրաքանչյուր ապրիլի 24-ը յուրահատուկ օր է։ Եվ այս ապրիլի 24-ը՝ ետպատերազմյան առաջին ապրիլի 24-ը, հստակ և հատուկ միջազգային հնչողություն ունեցավ։ Այս տարի այդ օրը նշանավորվեց հայ ժողովրդին միջազգային հանրության կողմից շատ ուժեղ զորակցության  արտահայտմամբ։ Ինչպես նկատել եք, Հայաստան են ժամանել բարձրաստիճան պատվիրակություններ՝ չնայած համավարակով պայմանավորված սահմանափակումներին, եղան ուղերձներ մեր միջազգային բազմաթիվ գործընկերների կողմից, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակով։  Հայոց ցեղասպանության ճանաչումը և դատապարտումը կարևոր է ոչ միայն ճշմարտության և պատմական արդարության, այլև հայ ժողովրդի ֆիզիկական անվտանգության տեսակետից։  Դուք ծանոթ եք ԱԳՆ հայտարարությանը այդ կապակցությամբ, բայց կուզենայի ավելացնել, որ ամբողջովին կիսում եմ նախագահ Բայդենի ուղերձում արտահայտված այն միտքը, որ միջազգային հանրությունը պետք է գործուն քայլեր ձեռնարկի՝ կանխելու նմանօրինակ միջազգային հանցանքների կրկնությունն ապագայում։  Ցեղասպանությունների կանխարգելման և դատապարտման գործում Հայաստանը միջազգային օրակարգ առաջ մղելու առաջամարտիկներից է, և այդ իմաստով նախագահ Բայդենի ուղերձը շատ մեծ ավանդ է: Մենք ծանոթ ենք Թուրքիայի նախագահի նամակին և այնտեղ հնչեցված պատրաստակամությանը, բայց պետք է նշեմ, որ մենք կարևորում ենք ոչ միայն խոսքերը, այլև գործերը, ինչի մասին մենք շատ հստակ արտահայտվել ենք: Նախկինում էլ եղել են նման ուղերձներ, անգամ եղել է ստորագրված երկկողմ փաստաթուղթ, որը սակայն չի ունեցել դրական շարունակություն: Ուստի մեկ անգամ ևս ուզում եմ վերահաստատել, որ մեզ համար կարևոր են ոչ թե խոսքերը, այլ գործերը։ 
19:41 - 26 ապրիլի, 2021
Արա Այվազյանն ու Լիտվայի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ և բազմակողմ օրակարգի հարցեր

Արա Այվազյանն ու Լիտվայի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ և բազմակողմ օրակարգի հարցեր

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն ապրիլի 26-ին հանդիպել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսի հետ: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:  Ողջունելով իր լիտվացի գործընկերոջը և նրա գլխավորած պատվիրակությանը՝ Արա Այվազյանը խորհրդանշական է համարել, որ նախարար Լանդսբերգիսի պաշտոնական այցը Հայաստան տեղի է ունենում երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա  հոբելյանի տարում:  Հայաստանի և Լիտվայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանգամանալից քննարկել են երկկողմ և բազմակողմ օրակարգի հարցերի շուրջ: «Հայաստանը բարձր է գնահատում Լիտվայի հետ ունեցած բարեկամական հարաբերությունները՝ հիմնված երկու ժողովուրդների միջև փոխադարձ հարգանքի և համակրանքի, ինչպես նաև ընդհանուր արժեքների վրա: Վերջին երեք տասնամյակների ընթացքում մենք զարգացրել ենք բարձր մակարդակի արդյունավետ քաղաքական երկխոսություն և սերտ համագործակցություն տարբեր ոլորտներում: Մենք հանձնառու ենք խորացնելու և ընդլայնելու փոխադարձ հետաքրքրության ոլորտներում փոխշահավետ համագործակցությունը։ Մեր ժողովուրդների միջև բարեկամությունն արտահայտվել է նաև COVID19 համավարակի դեմ պայքարի շրջանակներում, և մենք գնահատում ենք Լիտվայի կողմից մեր երկրին ցուցաբերված աջակցությունը»,- նշել է Արա Այվազյանը:  Նախարարները շոշափել են նաև ՀՀ-ԵՄ գործընկերության շրջանակներում երկու երկրների միջև ձևավորված արդյունավետ համագործակցությանն առնչվող հարցեր: ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը  ժողովրդավարական սկզբունքների, իրավունքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության առաջմղմանը:  Հանդիպման առանցքային թեմաներից են եղել նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության ու կայունության հարցերը: Նախարարի պաշտոնակատար Այվազյանը իր գործընկերոջը հանգամանալից ներկայացրել է ԼՂ հակամարտության համատեքստում հրատապ հասցեագրում պահանջող հումանիտար հարցերը: ԱԳ նախարարները համակարծիք են եղել Ադրբեջանում պահվող ռազմագերիների և պատանդի կարգավիճակում գտնվող քաղաքացիական անձանց անհապաղ հայրենադարձման, ԼՂ հակամարտության գոտում պատմամշակութային և կրոնական ժառանգության պահպանման անհրաժեշտության շուրջ: «Հայ ժողովուրդը դեռ շարունակում է առերեսվել Արցախի դեմ ադրբեջանաթուրքական վերջին ագրեսիայից բխող մարտահրավերների: Մեր տարածաշրջանն արժանի է ավելի լավ ապագայի, և այդ նպատակով միջազգային հանրությունն ունի իր դերակատարումը»,- ընդգծել է Արա Այվազյանը:  Հանդիպման ավարտին Հայաստանի և Լիտվայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարները հանդես են  եկել համատեղ մամուլի ասուլիսով: Նույն օրն առավոտյան նախարար  Լանդսբերգիսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցեց Սուրբ նահատակների հիշատակին:
15:49 - 26 ապրիլի, 2021
ՀՀ-ն մտադիր է խորացնել միջազգային կազմակերպությունների շրջանակում Լիտվայի հետ համագործակցությունը |armenpress.am|

ՀՀ-ն մտադիր է խորացնել միջազգային կազմակերպությունների շրջանակում Լիտվայի հետ համագործակցությունը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետությունը մտադիր է ապագայում ավելի խորացնել միջազգային կազմակերպությունների շրջանակներում Լիտվայի հետ հաստատված սերտ համագործակցությունը: Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը: «Լիտվայի նախարարի հետ առանձնազրույցի ընթացքում անդրադարձ կատարեցինք Հայաստան-ԵՄ գործընկերությանը: Լիտվան Եվրոպայում մեր կարևոր գործընկերներից է, և մենք բարձր ենք գնահատում Հայաստան-ԵՄ գործընկերության շրջանակներում մեր երկու երկրների միջև ձևավորված փոխգործակցությունը և այն առավել խորացնելու ուղղությամբ Լիտվայի հանձնառությունը: ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի լիարժեք կիրարկումը, որը Լիտվան առաջիններից մեկն է վավերացրել, նոր հնարավորություններ է ընձեռում ԵՄ և ԵՄ անդամ երկրների հետ համագործակցության հետագա խորացման համար: Պետք է գոհունակությամբ ընդգծեմ նաև մեր երկրների միջև միջազգային կազմակերպությունների շրջանակներում հաստատված սերտ համագործակցությունը, որը մենք մտադիր ենք ապագայում էլ ավելի խորացնել»,- ասաց Արա Այվազյանը:
14:53 - 26 ապրիլի, 2021
Մենք կարևորում ենք ոչ միայն խոսքերը, այլև գործերը. Արա Այվազյանը՝ Թուրքիայի նախագահի նամակի մասին |1lurer.am|

Մենք կարևորում ենք ոչ միայն խոսքերը, այլև գործերը. Արա Այվազյանը՝ Թուրքիայի նախագահի նամակի մասին |1lurer.am|

1lurer.am: «Հայոց ցեղասպանության ճանաչումը և դատապարտումը կարևոր են ոչ միայն ճշմարտության և պատմական արդարության, այլև՝ հայ ժողովրդի ֆիզիկական անվտանգության առումով»,- հայտարարեց ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահ Ջոն Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Նա շեշտեց, որ կիսում է Բայդենի ուղերձում արտահայտված միտքը, որ միջազգային հանրությունը պետք է գործուն քայլեր ձեռնարկի՝ կանխելու նմանօրինակ միջազգային հանցագործությունների կրկնությունն ապագայում: «Ցեղասպանությունների կանխարգելման և դատապարտման գործում ՀՀ-ն միջազգային օրակարգ առաջ մղելու առաջամարտիկներից է»,- ասաց նա: Նախարարի պաշտոնակատարն անդրադարձավ նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Պոլսո հայոց պատրիարքին ուղղված նամակին, որում նա Հայաստանի հետ բարիդրացիական հարաբերություններ զարգացնելու կոչ է արել: «Մենք ծանոթ ենք Թուրքիայի նախագահի նամակին և այնտեղ հնչեցված պատրաստակամությանը: Բայց մենք կարևորում ենք ոչ միայն խոսքերը, այլև՝ գործերը, ինչի մասին հստակ արտահայտվել ենք: Նախկինում էլ եղել են նման ուղերձներ, անգամ եղել է ստորագրված երկկողմ փաստաթուղթ, որը, սակայն, չի ունեցել դրական շարունակություն: Մեկ անգամ ևս ուզում եմ վերահաստատել, որ մեզ համար կարևոր են ոչ թե խոսքերը, այլ՝ գործերը»,- նշեց Այվազյանը:
13:33 - 26 ապրիլի, 2021
ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հանդիպել է Կիպրոսի պաշտպանության նախարարի հետ

ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հանդիպել է Կիպրոսի պաշտպանության նախարարի հետ

Ապրիլի 25-ին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հանդիպում է ունեցել Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստանում գտնվող Կիպրոսի պաշպանության նախարար Խարալամբոս Պետրիդիսի հետ։ Արա Այվազյանն իր խորին շնորհակալությունն է հայտնել Կիպրոսի պաշտպանության նախարար Պետրիդիսին՝ հայ ժողովրդի համար կարևոր այս օրերին Հայաստանում գտնվելու և հայ ժողովրդին իր զորակցությունը հայտնելու համար, ինչը հայ և կիպրացի ժողովուրդների դարավոր բարեկամության և համերաշխության վառ դրսևորում է: Երկուստեք ընդգծել են  Հայոց ցեղասպանության դատապարտման կարևորությունը տարածաշրջանում նմանօրինակ հանցանքների կանխարգելման գործում, հատկապես՝ Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականության լույսի ներքո։ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը գոհունակություն է հայտնել հայ-կիպրական երկկողմ օրակարգի և դինամիկ զարգացող քաղաքական երկխոսության վերաբերյալ՝ ընդգծելով, որ տարբեր ոլորտներում ձևավորված արդյունավետ համագործակցությունը, ինչպես նաև երկու ժողովուրդների երկարամյա բարեկամությունը ամուր հիմք են ստեղծում Հայաստանի և Կիպրոսի միջպետական հարաբերությունների առավել խորացման համար: Այս համատեքստում կարևորվել է նաև Հայաստան-Հունաստան-Կիպրոս հարթակի օրակարգի ամրապնդումը: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել ենԱրևելյան Միջերկրականի և Հարավային Կովկասի տարածաշրջաններում անվտանգության և կայունության հարցերի:    
14:50 - 25 ապրիլի, 2021
Վարչապետը ներկա է գտնվել «Վտանգված ժառանգություն․ Արցախ» ցուցահանդեսի բացման արարողությանը

Վարչապետը ներկա է գտնվել «Վտանգված ժառանգություն․ Արցախ» ցուցահանդեսի բացման արարողությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի քաղաքապետարանում ներկա է գտնվել «Վտանգված ժառանգություն․ Արցախ» ցուցահանդեսի բացման արարողությանը: Միջոցառմանը մասնակցել են նաև Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեն, Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ինչպես նաև Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ Երևան այցելած միջազգային պատվիրակությունների ներկայացուցիչներն ու ՀՀ-ում հավատարմագրված տարբեր պետությունների արտակարգ և լիազոր դեսպաններ: «Վտանգված ժառանգություն․ Արցախ» ցուցահանդեսում ներկայացված են Արցախի պատմամշակութային և հոգևոր ժառանգությունը ներկայացնող 120-ից ավելի լուսանկարները, Շուշիում տպագրված առաջին գրքերը, Արցախում ստեղծված ձեռագրերն ու գորգերը: Ցուցահանդեսում ընդգրկել են լուսանկարներ նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արխիվից, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամից, հուշարձանագետ Սամվել Կարապետյանի արխիվից, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանից: Ցուցահանդեսն ուղեկցվում է մեծ էկրանների վրա մի քանի վտանգված արժեքների՝ Դադիվանքի, Ծիծեռնավանքի, Ղազանչեցոց եկեղեցու, Տիգրանակերտի, Կատարոյի վանքի, ինչպես նաև Գանձասարի և Մայրաբերդի մասին հակիրճ տեսահոլովակներով: «Վտանգված ժառանգություն․ Արցախ» ցուցահանդեսը կազմակերպվել է ՀՀ ԱԳՆ-ին կից գործող Մշակութային դիվանագիտության հանձնաժողովի շրջանակում։ Այն բաց կլինի մինչև մայիսի 2-ը:
12:45 - 24 ապրիլի, 2021
Արցախում մշակութային ժառանգության պահպանության խնդիրը մտել է ղարաբաղյան հիմնահարցի օրակարգ. Արա Այվազյան

Արցախում մշակութային ժառանգության պահպանության խնդիրը մտել է ղարաբաղյան հիմնահարցի օրակարգ. Արա Այվազյան

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը մասնակցել «Վտանգված ժառանգություն. Արցախ» ցուցահանդեսի բացման արարողությանը, որի ժամանակ հանդես է եկել ելույթով: Այս մասին հայտնեցին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից: «Մեծարգո վարչապետ, Մեծարգո Ազգային ժողովի նախագահ, Հարգարժան հյուրեր, տիկնայք և պարոնայք, Նախ թույլ տվեք իմ խորին երախտագիտությունը հայտնել այս ապրիլի 24-ին, աշխարհի ողջ մարդկության համար աննախադեպ մարտահրավեր դարձած համավարակի պայմաններում այստեղ, մեր կողքին գտնվելու, մեր վիշտը և մտահոգությունները կիսելու և մեզ զորակցելու ձեր պատրաստակամության համար: Այսօր, երբ մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության նահատակներին, պետք է հիշենք, որ ցեղասպանության զոհ գնաց նաև մեր նախնիների կողմից ստեղծված մշակութային ժառանգության հսկայական մասը։ Ցեղասպանություն հանցագործությունը ոչ միայն ազգային կամ կրոնական խմբի ֆիզիկական բնաջնջումն է, այլև նրա ինքնության անբաժանելի մաս կազմող ազգային հոգևոր մշակույթի ոչնչացումը՝ մշակութային ցեղասպանությունը»,- ասել է Այվազյանը: Նրա խոսքով՝ մշակութային ցեղասպանությունը հետապնդում է հիմնականում երկու նպատակ․ առաջինն այն վերապրողների հոգու սպանության, նրանց հոգեբանական բռնության ենթարկելու փորձ է, երկրորդ այն հետապնդում է բնաջնջված բնիկ բնակչության գոյության պատմական հետքերի վերացումը։ Այլ կերպ ասած մշակութային ցեղասպանությունը կոչված է պայքարելու հիշողության, պատմական արդարության և մարդկային արժանապատվության դեմ։ Նախարարը հավելել է, որ 1915թ․-ին Օսմանյան կայսրությունում սկսված հայ բնակչության կանխամտածված և ծրագրավորված զանգվածային կոտորածներն ու տեղահանությունը սկիզբ դրեցին նաև մշակութային ցեղասպանությանը, որը տարբեր ուժգնությամբ տևեց տասնամյակներ։ «1919թ․ Փարիզի վեհաժողովում Հայաստանի Հանրապետության կողմից ներկայացված պաշտոնական տեղեկագրի համաձայն ավերվել  էր 1860  եկեղեցի և 229 վանք։ Սա խիստ նախնական և ոչ ամբողջական տվյալներ էին և հաջորդ տարիներին այս թիվը միմիայն աճել է, քանի որ մշակութային ավերածությունները ոչ միայն շարունակվեցին, այլև տարածվեցին 1920թ-ին Թուրքիայի կողմից Հայաստանի Հանրապետությունից գրավված տարածքներում, այդ թվում «հազար ու մի եկեղեցիների քաղաք» Անիում։ Ոչնչացված մշակութային ժառանգությունը ներառում է նաև տասնյակ հազարավոր  միջնադարյան ձեռագիր մատյաններ, խաչքարեր, աշխարհիկ և կրոնական այլ սեփականություն»,- նշել է ՀՀ ԱԳ նախարարը: Արա Այվազյանն ընդգծել է, որ մեր օրերում հայաթափված տարածքներում Թուրքիայի գործելակերպը շարունակեց Ադրբեջանը։ Նախարարը նկատել է, որ մշակութային ցեղասպանության սահմռկեցուցիչ օրինակ է Նախիջևանի հայկական հուշարձանների զանգվածային ոչնչացումը, որը թերևս չունի որևէ զուգահեռ մարդկության պատմության մեջ։ «Նախիջևանը, որն իր անվան մեջ կրում է Աստվածաշնչային ավանդության դրոշմը, 1997-2006թթ․ ենթարկվեց պետական մակարդակով կազմակերպված լայնածավալ մշակութային կոտորածի, որի արդյունքում իսպառ ավերվեցին 28 հազար մշակութային օբյեկտներ, որոնցից 89 միջնադարյան եկեղեցիներ և շուրջ 6  հազար միջնադարյան խաչքարներ։ Հատկանշական է, որ Ադրբեջանի իշխանությունները նախ փորձեցին փոխել հայկական հուշարձանների ծագումնաբանությունը, ապա, իրենք էլ չհավատալով սեփական շահարկումներին, որոշեցին ամբողջովին ոչնչացնել Նախիջևանի հայկական ինքնության անխոս վկաներին»,- ասել է նա։ Այվազյանը նշել է, որ 2020թ-ին՝ Հայոց ցեղասպանությունից 105 տարի անց, կրկին առերեսվեցինք նույն տրամաբանությամբ և մեթոդներով ծրագրված և իրականացվող արհավիրքի: Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Արցախի դեմ սանձազերծված լայնածավալ պատերազմի ընթացքում և դրա հետևանքով հայ ժողովրդի մի հատվածը հայտնվեց բնաջնջման, հայրենազրկման, իսկ նրա մշակութային ժառանգությունը՝ ամբողջական ոչնչացման վտանգի առջև: «Ուստի, այսօր մեզ համար խիստ հրատապ է դարձել Արցախում Ադրբեջանի վերահսկողության ներքո հայտնված հազարավոր մշակութային, այդ թվում՝ կրոնական հուշարձանները փրկելու խնդիրը, մանավանդ որ արդեն կան ադրբեջանական զինուժի կողմից թիրախավորված մշակութային կոթողներ, ինչպես օրինակ Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին և Կանաչ ժամը։ Վտանգված մշակութային ժառանգությունն ընդգրկում է մոտ 1500 մշակութային օբյեկտներ, այդ թվում 161 եկեղեցիներ, մոտ 600 խաչքարեր, հնագիտական վայրեր, աշխարհիկ ճարտարապետության՝ պալատների, կամուրջների յուրահատուկ նմուշներ, շուրջ 19 հազար թանգարանային առարկա: Մեզ այստեղ է բերել հազարամյակների ընթացքում հայ ժողովրդի կողմից ստեղծված հոգևոր և նյութական արժեքների փրկության հրամայականը։ Մեր մշակութային ժառանգությունը մեր նախնիների հույզերի, մտորումների և նվիրումի արգասիքն է։ Այն մաս է կազմել մեր ճակատագրի, անցել է մեր կայացման, պատմական զարգացման և կորստի բոլոր փուլերով։ Այսօր էլ մեր նախնիները խոսում են մեզ հետ իրենց ստեղծած արժեքների միջոցով և մեզ են փոխանցում իրենց իմաստությունը, գեղեցիկի զգացումը և մարդկային արժանապատվությունը: Այս մշակութային ժառանգությունը փրկելու համար անհրաժեշտ է լինել  իրազեկված, տեղեկացված, հստակ պատկերացնել խնդրի էությունը, դրա ծավալները և հետևանքները: Այս ցուցահանդեսով մենք հետապնդել ենք հենց այդ նպատակը․ ոչ միայն հնչեցնել մեր մտահոգությունները, վտանգված հուշարձանների վիճակագրությունը, այլ նաև հնարավորինս ներկայացնել դրանցից որոշների դեմքն այն համոզմունքով, որ այս հուշարձանների կորուստն անդառնալի կլինի բոլորիս, համաշխարհային մշակութային ժառանգության համար»,- ասել է նախարարը: Նա շեշտել է, որ Արցախում մշակութային ժառանգության պահպանության խնդիրը մտել է ղարաբաղյան հիմնահարցի օրակարգ։ «Դրան անդրադառնում են ինչպես միջազգային միջնորդները, այնպես էլ՝ բազմաթիվ երկրներ, ՄԱԿ մասնագիտացված կառույցներ և կազմակերպություններ։ Սակայն միայն պաշտոնական հայտարարությունները բավարար չեն։ Անհրաժեշտ է մեկտեղել բոլոր ջանքերը՝ կանխելու հերթական մշակութային ցեղասպանությունը։ Չպետք է մոռանալ, որ անգամ ամենաերկարատև հակամարտություններն անցողիկ են, իսկ պատմամշակութային ժառանգությունը՝ հավերժ։  Մեկ անգամ ևս շնորհակալություն եմ հայտնում բոլորին և ցանկանում բովանդակալից դիտում»,- եզրափակել է Արա Այվազյանը:
12:37 - 24 ապրիլի, 2021
Հայոց ցեղասպանության անպատժելիությունը ոգեշնչում է միջազգային նոր հանցանքների ծրագրողներին. Արա Այվազյան |armenpress.am|

Հայոց ցեղասպանության անպատժելիությունը ոգեշնչում է միջազգային նոր հանցանքների ծրագրողներին. Արա Այվազյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը կարևորում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը ոչ միայն պատմական արդարության և ճշմարտության տեղանկյունից, այլև հայ ժողովրդի ֆիզիկական անվտանգության համար: Այս մասին Այվազյանն ասաց Ծիծեռնակաբերդում՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո։ «Այսօր Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակի օրն է: Այս օրը մեծ խորհուրդ է պարունակում՝ ցեղասպանությունների դատապարտման և կանխարգելման առումով: 1915-1923թթ. Հայոց ցեղասպանության արդյունքում զոհ գնաց 1,5 մլն մարդ, խեղվեցին հարյուր հազարավոր ճակատագրեր, մի ամբողջ ժողովուրդ զրկվեց իր հոգևոր, կրթական, մշակութային և տնտեսական սեփականությունից, նրանք զրկվեցին իրենց պատմական հայերնիքի գերակշիռ հատվածում ապրելու իրավունքից: Այս կանխամտածված, կազմակերպված և աննախադեպ ոճրագործությունը հետագայում հիմք հանդիսացավ ցեղասպանության եզրույթի սահմանման համար և արտացոլվեց «Ցեղասպանության կանխարգելման և դրա պատժի մասին» միջազգային կոնվենցիայում: Այնուհանդերձ, միջազգային հանրության կողմից մոռացված ցեղասպանության ամենատխուր դասերից մեկը եղել է անպատժելիությունը։ Հայոց ցեղասպանության կազմակերպիչներն այդպես էլ չկանգնեցին արդարության առջև»,- նշեց ԱԳ նախարարը։ Նա շեշտեց, որ Հայոց ցեղասպանության անպատժելիությունն այսօր ևս ոգեշնչում է միջազգային նոր հանցանքների ծրագրողներին: Այվազյանն ընդգծեց, որ Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծած վերջին պատերազմը և դրա ընթացքում թուրք-ադրբեջանական դաշինքի ցեղասպան գործողություններն ի ցույց դրեցին, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը կարևոր է ոչ միայն պատմական արդարության և ճշմարտության, այլև հայ ժողովրդի ֆիզիկական անվտանգության համար: «Այսօր հայ ժողովուրդը Հայաստանում, Արցախում և սփյուռքում ցույց է տալիս արդարության և ճշմարտության համար պայքարելու իր տոկոնությունը: Այդ պայքարը վերահաստատում է, որ ոչ բիրտ ուժը, ոչ ժխտողական շահարկումները և տարածաշրջանում հայ ժողովրդի հանդեպ թշնամական գործողություններն ի զորու չեն խզել մեր և մեր նախնիների կապը, զրկել մեզ հիշողությունից, արժանապատվությունից և իրավունքներից: Ինչպես 106 տարի առաջ, այնպես էլ այսօր հայ ժողովուրդը պայքարում է պատմական արդարության հաստատման, պատմական իր հայրենիքում արժանապատիվ և անվտանգ ապրելու համար»,- ասաց Այվազյանը: Նախարարը նշեց, որ այս ապրիլի 24-ը լրիվ այլ հնչեղություն է հաղորդել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը։ Նա ասաց, որ այսօր հայ ազգի հետ 106-րդ տարելիցը ոգեկոչում են և իրենց աներկբա զորակցությունն են հայտնում բազմաթիվ գործընկերներ՝ թե՛ Հայաստանում, թե՛ աշխարհի տարբեր երկրներում ՝ հաստատելով և վերահաստատելով իրենց սկզբունքային դիրքորոշումը ցեղասպանությունների դատապարտման և կանխարգելման գործում: «Այդ զորակցությունը մեզ առավել պարտավորեցնում է միջազգային ասպարեզում բազմապատկել մեր ջանքերը ցեղասպանությունների կանխարգելման, էթնիկ և կրոնական փոքրամասնությունների պաշտպանության, օրակարգի առաջմղման ուղղությամբ»,- ասաց Արա Այվազյանը:
10:36 - 24 ապրիլի, 2021