Գարեգին Բ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Կաթողիկոս Ամենայն Հայոց (օգոստոսի 21, 1961, ՈսկեհատՎաղարշապատի շրջան)։ Հայ ազգային եկեղեցական գործիչ, 1999 թ․ նոյեմբեր 4-ից Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու 132-րդ կաթողիկոս։ 

1965 թ ընդունվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարան։ 1972 թ․ Տ. Տիրան արք. Ներսոյանի կողմից ձեռնադրվել է կուսակրոն քահանա և վերակոչվել Գարեգին անվամբ։ Նույն թվականին Կաթողիկոս Վազգեն Ա-ի տնօրինությամբ մեկնել է Ավստրիա՝ Վիեննայի համալսարանի աստվածաբանության ֆակուլտետում իր կրթությունը շարունակելու։ 1975 թ․ նշանակվել է Գերմանիայի հայ համայնքի հոգևոր հովիվ։  1980 թ․ նշանակվել է Արարատյան հայրապետական թեմի Առաջնորդական փոխանորդի օգնական, իսկ 1983-ի ապրիլին՝ փոխանորդ։

1983 թ․ հոկտեմբերի 23-ին  Վազգեն Ա-ի կողմից արժանացել է եպիսկոպոսական ձեռնադրության։  1998 թ․  Ամենայն հայոց Կաթողիկոսի կողմից նշանակվել է Կաթողիկոսական ընդհանուր փոխանորդ, իսկ վերջինիս մահից հետո՝ 1999 թ․ հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած Ազգային-եկեղեցական ժողովի կողմից ընտրվել է Ամենայն Հայոց Կաթողիկոս և նոյեմբերի 4-ին արժանացել կաթողիկոսական ձեռնադրության ու օծման։ 

Կաթողիկոսը ԿԳՄՍ նախարարի հետ հանդիպմանը բարձրաձայնել է Եկեղեցու մտահոգությունները «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի առնչությամբ

Կաթողիկոսը ԿԳՄՍ նախարարի հետ հանդիպմանը բարձրաձայնել է Եկեղեցու մտահոգությունները «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի առնչությամբ

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը մարտի 29-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին՝ ուղեկցությամբ փոխնախարար Արա Խզմալյանի։ Այս մասին հայտնեցին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։  «Ամենայն Հայոց Կաթողիկոսը ողջունեց նախարարի այցը Սուրբ Էջմիածին՝ պատեհ առիթ նկատելով այն՝ տեղեկանալու կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում առկա խնդիրների ու ծրագրերի, ինչպես նաև պատմական սրբավայրերի, Սփյուռքում և Արցախում ազգային-հոգևոր ժառանգության պահպանության ուղղությամբ ձեռնարկվող քայլերի վերաբերյալ։ Իր խոսքում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը լուսաբանություններ տվեց տարբեր հարցերի առնչությամբ՝ պատրաստակամություն արտահայտելով փոխառնչված ոլորտներում Մայր Աթոռի հետ համագործակցության, համատեղ ծրագրերի իրականացման և ի նպաստ զանազան խնդիրների կարգավորման ջանքերի ու հնարավորությունների մեկտեղման։ Տիկին Ժ․ Անդրեասյանը մասնավորապես անդրադարձ կատարեց պատմական վանքերի ու եկեղեցիների պահպանման ու վերականգնման հարցերին, Արցախի մշակութային ժառանգության պահպանության խնդիրներին, միջազգային հարթակներում իրավունքների պաշտպանության ոլորտում անելիքներին և տարվող քարոզչական աշխատանքներին։ Հանդիպման ընթացքում Ամենայն Հայոց Հայրապետը բարձրաձայնեց Եկեղեցու մտահոգությունները հանրակրթության պետական չափորոշչի, հատկապես «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի առնչությամբ՝ հաստատելով, որ պետություն-Եկեղեցի երկարատև աշխատանքի արդյունքում ներդրված այս առարկայի նպատակն է մատաղ սերնդին ապահովել հայեցի դաստիարակություն, ձևավորել ազգային ինքնության գիտակցություն, կերտել արժեհամակարգ, որոնք գիտելիքի հետ մեկտեղ կարող են ամուր հիմը կազմել մեր ժողովրդի առաջընթաց, ապահով ու բարօր կյանքի։Այս իմաստով Նորին Սրբությունը նկատեց, որ Եկեղեցու ակնկալությունն է, որ վերսկսվեն ձևավորված կրթության համատեղ հանձնախմբի աշխատանքները և առարկայի պահպանման հարցում գտնվեն ընդունելի լուծումներ։Այս առնչությամբ ՀՀ ԿԳՄՍ նախարարը ներկայացրեց հանրակրթության պետական չափորոշչի կազմման մեթոդաբանությունը՝ կարևորելով դպրոցում արժեքային դաստիարակության բաղադրիչի պահպանումը, նաև ընդգծելով ազգային դպրոցի ձևավորման և կայացման գործում Հայոց Եկեղեցու մեծ ավանդը։ Քննարկվեցին նաև պատմական սրբավայրերի պահպանման ու վերականգնման խնդրում ընդհանուր սկզբունքներին և փոխհամաձայնեցված գործողություններին, Ադրբեջանի հսկողության տակ հայտնված տարածքներում Արցախի մշակութային ժառանգության անխաթար պահպանությանը վերաբերող հարցեր։ Երկուստեք կարևորվեց գործակցությունը նախարարության և Մայր Աթոռի Արցախի հոգևոր ժառանգության պահպանության գրասենյակի միջև, ինչպես նաև պատմական հուշարձանների պահպանության հարցերով համատեղ հանձնախմբի շրջանակներում։ Հանդիպման ավարտին ՀՀ ԿԳՄՍ նախարարն այցելեց Վեհարանի թանգարան, նաև ծանոթացավ Մայր Տաճարի ամրակայման և հիմնանորոգության աշխատանքների ընթացքին»,- ասված է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տարածած հաղորդագրության մեջ։
16:55 - 29 մարտի, 2023
Գերագույն Հոգևոր Խորհուրդի հայտարարությունը՝ Լաչինի միջանցքի արգելափակման 100-րդ օրվա վերաբերյալ

Գերագույն Հոգևոր Խորհուրդի հայտարարությունը՝ Լաչինի միջանցքի արգելափակման 100-րդ օրվա վերաբերյալ

Գերագույն Հոգևոր Խորհուրդը, նախագահությամբ Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Բերձորի (Լաչինի) միջանցքի արգելափակման 100-րդ օրվա վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ։ Այն ներկայացնում ենք ստորև. «Խորը ցավով ենք արձանագրում, որ արդեն 100-րդ օրն է, ինչ Ադրբեջանի իշխանությունները, հայատյաց քաղաքականության սաստկացող դրսևորումներով, արգելափակված են պահում Արցախը Հայաստանի հետ կապող Բերձորի (Լաչինի) միջանցքը:  Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության հայ բնակչության նկատմամբ պարբերաբար իրականացվող ֆիզիկական ու հոգեբանական ճնշումները, բռնություններն ու ահաբեկչական գործողությունները առավել խորացնում են հումանիտար աղետալի իրավիճակը: Հակառակ Արցախում տեղակայված խաղաղապահ անձնակազմի ներդրած ջանքերի՝ ադրբեջանական իշխանությունների հանցավոր գործողությունների հետևանքով ոտնահարվում են մարդկանց՝ երեխաների, կանանց և ծերերի կյանքի, բուժում ստանալու, տեղաշարժի և  հիմնարար մյուս իրավունքները: Բարձր ենք գնահատում ՄԱԿ-ի Միջազգային արդարադատության դատարանի որոշումը Ադրբեջանի կողմից Բերձորի (Լաչինի) միջանցքի արգելափակումը վերացնելու  վերաբերյալ: Ողջունում ենք Եվրոխորհրդարանի վեհաժողովի կոչը, որով Ադրբեջանի իշխանություններին հորդորվում է կյանքի կոչել ՄԱԿ-ի Միջազգային արդարադատության դատարանի որոշումը: Տարակուսանք ենք արտահայտում, որ հակառակ միջազգային հանրության, վերջինիս իրավասու և ազդեցիկ կառույցների կողմից ճանապարհը բացելու վերաբերյալ կտրական պահանջներին՝ առ այսօր արգելափակումը շարունակվում է: Հորդորում ենք ՄԱԿ-ի, Եվրոխորհրդարանի և Եվրոմիության պատկան կառույցներին,  պետությունների ղեկավարներին ու կրոնական առաջնորդներին հետևողական ջանքերով հասնել Ադրբեջանի կողմից Միջազգային դատարանի վճռի կատարմանը, ցեղասպանական գործողությունների դատապարտմանը և Արցախի բնակչության անվտանգ ու բնականոն կյանքի ապահովմանը: Ադրբեջանի կողմից Միջազգային դատարանի որոշման հանդեպ բացահայտ անհարգալից նման մոտեցման հանդուրժումը սաստկացնելու է  հումանիտար ճգնաժամը, նոր վտանգներ է ստեղծելու Արցախի ավելի քան 120.000 բնակչության կյանքի համար, ստեղծելու է միջազգային դատական ատյանների վճիռները կոպտորեն շրջանցելու աններելի նախադեպ, միաժամանակ խորը հուսախաբություն առաջացնելով միջազգային արդարադատության նկատմամբ: Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին, առաջնահերթություն ունենալով մարդկային կյանքերի փրկությունն ու անվտանգությունը, հետևողականորեն պաշտպանելու է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրագործումը՝ անկախություն հանուն փրկության ու անվտանգության սկզբունքով»։
13:11 - 21 մարտի, 2023
Գարեգին Երկրորդն ու Բրազիլիայի դեսպանն անդրադարձել են Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի ոտնձգություններին

Գարեգին Երկրորդն ու Բրազիլիայի դեսպանն անդրադարձել են Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի ոտնձգություններին

 Մարտի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգային: Ինչպես տեղեկանում ենք Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տարածած հաղորդագրությունից, Նորին Սրբությունը շնորհավորել է՝ դեսպանին նշանակման առիթով՝ մաղթելով նրան արդյունավոր առաքելություն Հայաստանում: Վեհափառ Հայրապետը կարևորել է հայ-բրազիլական կապերի ամրապնդումը և գործակցության հետագա խթանումը: Նա ուրախությամբ արձանագրել է, որ Բրազիլիայի հայ համայնքն իր կարևոր ներդրումն է բերում երկրի առաջընթացին՝ արժանանալով Բրազիլիայի իշխանությունների և ժողովրդի բարյացակամ ու հոգատար վերաբերմունքին: Այնուհետև, նորանշանակ դեսպանը Նորին Սրբությանն է ներկայացրել առաջիկա իր ծրագրերը՝ հատկապես կարևորելով հայ-բրազիլական մշակութային և տնտեսական կապերի զորացմանն ուղղված միջոցառումների իրականացումը։ Դեսպանը հավաստիացրել է, որ ջանքեր կներդնի հանուն երկու պետությունների բարեկամական ջերմ հարաբերությունների առավել ամրապնդման: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանում առկա մարտահրավերներին, Հայաստանի և Արցախի առջև ծառացած անվտանգության հիմնախնդիրներին, Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի ոտնձգություններին և Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամին։
15:42 - 09 մարտի, 2023
Հիսուս Քրիստոսի շնորհները, սերն ու խաղաղությունը թող լինեն ամենքիդ հետ․ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը կանանց տոնի առթիվ

Հիսուս Քրիստոսի շնորհները, սերն ու խաղաղությունը թող լինեն ամենքիդ հետ․ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը կանանց տոնի առթիվ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել մարտի 8-ի՝ կանանց տոնի առիթով։ Այն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Գարնան զարթոնքով լեցուն մարտի 8-ի այս տոնական օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքն ենք բերում մեր մայրերին, քույրերին ու դուստրերին և երախտագետ սրտով մեծարում նրանց նվիրյալ ու սիրառատ ջանքերը ընտանեկան կյանքի բարօրության ապահովման գործում, ինչպես նաև՝ գովարժան ավանդը պետական ու հասարակական կյանքի տարբեր ասպարեզներում: Սիրելի մայրեր և քույրեր, ընտանիքին ու հայրենիքին ձեր նվիրումով են պահպանվում և սերնդեսերունդ փոխանցվում մեր ազգային ավանդույթները, ձեր հոգատար դաստիարակությամբ են հասակ առնում ազգի և Եկեղեցու արժանավոր զավակները, ովքեր մեր պատմության վճռորոշ հանգրվաններում, ինչպես նաև արցախյան պատերազմի օրերին և ներկայիս, իրենց սխրանքներով ու անձնազոհությամբ հերոսանում են հայրենյաց պաշտպանության սրբազան առաքելության մեջ։ Այսօր ամենքիս պարտքն է անխոնջ աշխատանքով ապահովել մեր երկրի անվտանգ ու խաղաղ ապագան, միասնական ոգով աջակից լինել Արցախում շրջափակման մեջ գտնվող մեր ժողովրդին, առանձնակի հոգածություն և ուշադրություն ցուցաբերել մեր վիրավորված զավակներին և նահատակ քաջորդիների ընտանիքներին։ Հայրապետիս աղոթքն ու մաղթանքն է, որ Տերը հաստատուն պահի տիկնանց և օրիորդաց հավատքի, բարի գործերի ու առաքինությունների մեջ և շնորհի արևշատ կյանքի երջանիկ օրեր: Հայցում ենք, որ Բարձրյալն Աստված խաղաղ ու բարօր պահպանի մեր հայրենիքը և մեր աշխարհասփյուռ ժողովրդին՝ պարգևելով ուժ ու կորով՝ կերտելու իր լուսավոր ապագան։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհները, սերն ու խաղաղությունը թող լինեն ձեզ ամենքիդ հետ. ամեն», - ասված է ուղերձում:
10:52 - 08 մարտի, 2023
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գերագույն հոգևոր խորհուրդը կքննարկի Հայաստանում ու Արցախում ստեղծված կացությունը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գերագույն հոգևոր խորհուրդը կքննարկի Հայաստանում ու Արցախում ստեղծված կացությունը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում փետրվարի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ մեկնարկել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը: Ինչպես տեղեկանում ենք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական կենտրոնի տարածած հաղորդագրությունից, ժողովը բացվել է Տերունական աղոթքով, ապա Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ ԳՀԽ անդամներն աղոթել են 1988 թվականի փետրվարի 27-29-ը Սումգայիթում իրականացված ջարդերին զոհ գնացած հայորդիների հոգիների խաղաղության և հանգստության համար: Այնուհետև, Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական և աշխարհական անդամներին իր օրհնությունն ու բարեմաղթանքներն է փոխանցել Ամենայն Հայոց Կաթողիկոսը` ժողովականներին մաղթելով արդյունավետ աշխատանք: Նորին Սրբությունը ողջունել է նաև ԳՀԽ կազմում ընդգրկված նոր անդամներ Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանին, Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանին, Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանին, ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տ. Մեսրոպ վարդապետ Պարսամյանին և Տիար Հայկ Իգնաթյանին։ Ժողովի օրակարգում ընդգրկված են  ազգային, եկեղեցա-վարչական, կանոնական, կարգապահական, հայեցակարգային և Եկեղեցու առաքելության արդյունավորմանն առնչված հարցեր: Քննարկման առարկա կդառնան Հայաստանում ու Արցախում ստեղծված կացությունը և առկա մարտահրավերների հաղթահարմանն ուղղված Եկեղեցու առաքելությունը, Մայր Տաճարի օծման, Մյուռոնօրհնության և հարակից այլ միջոցառումների կազմակերպչական աշխատանքները:
16:51 - 28 փետրվարի, 2023
Տարածաշրջանն ապակայունացնող՝ Ադրբեջանի ծավալապաշտական քաղաքականությունը հնարավոր է կանխել բարեկամ երկրների զորակցությամբ և միջազգային հանրության հստակ դիրքորոշմամբ. Գարեգին Բ

Տարածաշրջանն ապակայունացնող՝ Ադրբեջանի ծավալապաշտական քաղաքականությունը հնարավոր է կանխել բարեկամ երկրների զորակցությամբ և միջազգային հանրության հստակ դիրքորոշմամբ. Գարեգին Բ

Փետրվարի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում ընդունեց Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավորներ, ԵԽ-ում Արցախի հետ բարեկամության խմբի համանախագահներ Սիլվի Գիյոմիի և Ֆրանսուա Ալֆոնսի գլխավորած պատվիրակությանը՝ ուղեկցությամբ ՀՅԴ Հայ դատի եվրոպական գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանի։ Հանդիպմանը Ամենայն Հայոց Հայրապետն իր գնահատանքը բերեց խորհրդարանականներին արցախյան հիմնահարցի խաղաղ կարգավորման գործում ներդրած ջանքերի համար։ Նորին Սրբությունը նաև իր գնահատանքը հայտնեց ՀՅԴ Հայ դատի եվրոպական գրասենյակին՝ եվրոպական տարբեր կառույցներում արցախահայության խնդիրների հետևողական բարձրաձայնման և ազատ ու անկախ ապրելու արդար իրավունքի պաշտպանության համար։ Վեհափառ Հայրապետը, հյուրերին ներկայացնելով տարածաշրջանում տիրող փխրուն իրավիճակը և ի մասնավորի Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը, անդրադարձավ այս առնչությամբ միջազգային հանրությունից հայ ժողովրդի ակնկալություններին։ Նորին Սրբությունը նկատեց, որ տարածաշրջանն ապակայունացնող՝ Ադրբեջանի ծավալապաշտական քաղաքականությունը հնարավոր է կանխել բարեկամ երկրների զորակցությամբ և միջազգային հանրության հստակ դիրքորոշմամբ։ Զրույցի ընթացքում ԵԽ պատգամավորները, դատապարտելով ադրբեջանական ոտնձգությունները պատերազմի և հետպատերազմյան շրջանում, Նորին Սրբությանը վստահեցրեցին, որ շարունակելու են եվրոպական կառույցներում իրենց աջակցությունն ու զորակցությունը բերել Հայաստանին և արցախահայությանը։
11:11 - 22 փետրվարի, 2023
Աղոթենք, որ Աստված Իր ողորմությունն ու պահպանությունը տարածի աշխարհասփյուռ մեր ժողովրդի վրա. Ամենայն հայոց կաթողիկոս

Աղոթենք, որ Աստված Իր ողորմությունն ու պահպանությունը տարածի աշխարհասփյուռ մեր ժողովրդի վրա. Ամենայն հայոց կաթողիկոս

Մեծ Պահքի շրջանի մեկնարկի կապակցությամբ Ամենայն հայոց կաթողիկոսը հանդես է եկել պատգամով: Այն ներկայացնում ենք ստորև. «Սիրելիներ, Մուտք ենք գործում Մեծ Պահքի շրջան։ Այս ժամանակամիջոցը քրիստոնյայի կյանքում կարևոր հանգրվան է սրբության ու կատարելության աստվածապատվեր ճանապարհին: Պահքի մեջ աղոթական խոկումներով, ինքնաքննությամբ ու երկնային շնորհների հայցով զորություն ենք ստանում ի կատար ածելու Քրիստոսի հորդորն ու պատգամը. «Արդ, կատարյա՛լ եղեք դուք, ինչպես որ ձեր երկնավոր Հայրն է կատարյալ» (Մատթ. 5.48): Կատարելության ուղին սկզբնավորվում է զղջումով ու ապաշխարությամբ, որոնցով սրբագրվում են մտքի, խոսքի և գործի սխալներն ու սայթաքումները։ Հատկապես այս խորհրդավոր շրջանում, ավետարանական առակի օրինակով (Ղուկ. 15.11-32) առ Երկնավոր Հայրը դառնալով, խնդրում ենք Տիրոջից գթությամբ ներել մեր մեղքերը, մաքուր սիրտ հաստատել մեզանում։ Հայցում ենք լուսավորել մեր միտքը, ամրացնել մեր կամքը՝ ընթանալու տերունավանդ պատվիրաններով։ Պահեցողության այս շրջանում Հայրապետիս հորդորն է ու պատգամը՝ միմյանց հանդեպ լինել առավել հոգատար, ազնիվ ու հարգալից, բարությունն ու սերը դարձնել հիմը փոխհարաբերությունների և ամուր պահել նվիրումն ու հավատարմությունը առ Աստված, ազգն ու հայրենին։ Մեր օրերում, երբ մեր հայրենիքն ու ժողովուրդը վիրավոր են մեզ պատուհասած պատերազմի արհավիրքներից, աղոթական կյանքով Աստծո հետ մշտական երկխոսության մեջ լինենք, զերծ մնանք ամեն չար ու վատ մտածումից ու գործից՝ միասնաբար նորոգելու համար հայրենական ու ազգային մեր կյանքը, դիմագրավելու մեր դեմ հառնած նեղությունները և մեր հարազատ երկիրը՝ Հայաստանն ու Արցախը դարձնելու «հույսի հայրենիք, լույսի հայրենիք»։  Աղոթենք, որ Ամենակալն Աստված Իր ողորմությունն ու պահպանությունը տարածի աշխարհասփյուռ մեր ժողովրդի վրա, պարգևի անվտանգ ու բարօր կյանք և խաղաղության մեջ պահի մեր երկիրը։ Թող Փրկիչ մեր Տերն ընդունի մեր սրտերի խնդրանքներն ու հայցը, արժանի դարձնի Իր կենսատու և փրկարար շնորհներին և զորացնի ամենքիս՝ Մեծ  Պահքի միջոցով հասնելու հուսառատ Սուրբ Հարության տոնին։ «Շնորհք, ողորմութիւն, խաղաղութիւն յԱստուծոյ ի Հօրէ եւ ի Տեառնէ Յիսուսէ Քրիստոսէ Որդւոյն Հօր, ճշմարտութեամբ եւ սիրով եղիցին ընդ ձեզ» (Բ Հովհ. 3), այսօր և միշտ. ամէն»:
15:04 - 20 փետրվարի, 2023
Հայաստանի և Արցախի շուրջ մտահոգիչ զարգացումները, ազգային կյանքում հառնած խնդիրները այսօր էլ ազգն ու հայրենիքը կանգնեցրել են անվտանգային, գոյաբանական լուրջ խնդիրների առջև. Ամենայն Հայոց Կաթողիկոս

Հայաստանի և Արցախի շուրջ մտահոգիչ զարգացումները, ազգային կյանքում հառնած խնդիրները այսօր էլ ազգն ու հայրենիքը կանգնեցրել են անվտանգային, գոյաբանական լուրջ խնդիրների առջև. Ամենայն Հայոց Կաթողիկոս

Փետրվարի 17-ին, Սրբոց Ղևոնդյանց և Վարդանանց տոների առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ քահանայից հավաք, որին իրենց մասնակցությունը բերեցին Հայաստանի տարբեր թեմերից 231 եկեղեցականներ, թեմակալ առաջնորդներ և Մայր Աթոռի միաբաններ։ Այս կապակցությամբ Արմավիրի թեմի Սուրբ Աստվածածին եկեղեցում (ք․Էջմիածին), Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Պատարագիչն էր Կոտայքի թեմի Չարենցավան քաղաքի Սուրբ Փրկիչ եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Համազասպ քահանա Հագեյանը։ Իր քարոզում Տեր Հայրն ի մասնավորի նշեց․ «Վարդանանց և Ղևոնդյանց խորհուրդը նման է ճառագայթի, որը սկզբնավորվել է և չի ավարտվում, այն շարունակվում է մինչև մեր օրերը։ Այն մեր ազգային ինքնության և պահպանման, քրիստոնեական մեր հավատքի նկատմամբ հավատարմության և հայրենիքի հզորացման ու շենացման սրբազան առաքելությունն ու ընթացքն է»։ Տեր Համազասպը փաստեց նաև, որ այսօր էլ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին շարունակում է հավատարիմ մնալ Ղևոնդյանց պատգամին, որի վառ վկայությունն է Արցախյան վերջին պատերազմին հոգևորականների մասնակցությունը։ Սուրբ Պատարագի ավարտին եկեղեցականաց դասը մեկտեղվեց Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում, ուր կատարվեց պարգևաբաշխություն։ Ներկաներին ողջունեց Շիրակի թեմի առաջնորդ և քահանայից հավաքի կազմակերպիչ հանձնախմբի պատասխանատու Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը: Այնուհետև տեղի ունեցավ ավանդական շնորհաբաշխությունը: Ի գնահատություն Հայոց Եկեղեցու անդաստանում երկարամյա վաստակի, նվիրյալ և արդյունավոր հովվական ծառայության` մի շարք եկեղեցականների շնորհվեց ավագ քահանայության պատիվ, ծաղկյա փիլոն և լանջախաչ կրելու իրավունք։ Ավագ քահանայության պատվի արժանացավ Կոտայքի թեմից Արժանապատիվ Տ․ Հովսեփ քահանա Ալեքսանյանը։ Ծաղկյա փիլոն կրելու իրավունք շնորհվեց Արագածոտնի թեմից Արժանապատիվ Տ․ Փառեն քահանա Առաքելյանին և Տ․ Վրթանես քահանա Բաղալյանին։ Քահանայական լանջախաչ կրելու իրավունքի արժանացան Գուգարաց թեմից Արժանապատիվ Տ․ Արտավազդ քահանա Սիմոնայնը, Գեղարքունիքի թեմից Տ․ Դանիել քահանա Մկրտչյանը և Տ․ Հարություն քահանա Հունանյանը, Շիրակի թեմից Տ․ Գարեգին քահանա Սարգսյանը, Արցախի թեմից Տ․Սեպուհ քահանա Հակոբյանը, Տ․ Հուսիկ քահանա Դոխոլյանը և Տ․Հովնան քահանա Հովհաննիսյանը, ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդությունից Տ․ Տրդատ քահանա Գևորգյանը, Արագածոտնի թեմից Տ․ Մաղաքիա քահանա Գևորգյանը, Վայոց Ձորից Տ․ Ներսես քահանա Աշուղբաբյանը և Տ․ Արամ քահանա Կարապետյանը, Սյունյաց թեմից Տ․ Տիգրան քահանա Հակոբյանը, Ուկրաինայի թեմից Տ․ Մամբրե քահանա Հմայակյանը և Տ․ Արտաշես քահանա Հակոբյանը։ Շնորհաբաշխության ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իր օրհնությունը բերելով հոգևորականաց դասին և շնորհավորելով վերջիններիս Սրբոց Ղևոնդյանց և Վարդանանց տոների առիթով, նշեց․ «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կազմակերպվող ամենամյա այս հավաքները առիթ են դարերի խորքից մեզ փոխանցված պատգամների վերարծարծման և տիրավանդ մեր առաքելության մեջ Սրբոց Ղևոնդյանց և Վարդանանց ոգով ու հայրենասիրությամբ զորանալու համար»։ «Ազգային մեր ինքնության, մեր հավատի ու հոգևոր արժեքների պահպանության, մեր պետականության, Արցախի մեր քույրերի և եղբայրների ազատ կյանքի իրավունքի պաշտպանության պայքարը մեր ժողովրդի համար դարձել է չընդհատվող, չավարտվող իրականություն։ Հայաստանի և Արցախի շուրջ մտահոգիչ զարգացումները, ազգային և հայրենական կյանքում հառնած խնդիրները, արտաքին մարտահրավերները այսօր էլ ազգն ու հայրենիքը կանգնեցրել են անվտանգային, գոյաբանական լուրջ խնդիրների առջև, ինչպիսին Սրբոց Վարդանանց ժամանակներում»,–արձանագրեց Վեհափառ Հայրապետը՝ նկատելով, որ ստեղծված դժվարին իրավիճակը հայ ժողովուրդը կարող է հաղթահարել իր հավատքի զորությամբ, ամուր կամքով, միասնական ջանքերով և մշտապես առ Աստված ապավինությամբ։ Հայոց Հովվապետը, կարևորելով առկա մարտահրավերների պայմաններում հոգևոր դասի տերունապատվեր առաքելության մեջ ջանքերի ու ծառայության առավել արդյունավորումը, հատկապես կրթական-քարոզչական ոլորտում, ընդգծեց․ «Մեծապես կարևոր է մարդկանց սրտերում հոգևոր-բարոյական արժեքների սերմանումը, ազգային ոգու և հայրենասիրության զորացումը, քանզի ամենքիս մտահոգող արատավոր երևույթներ և շատ հարցեր հիմնականում հետևանք են արժեքային դաշտում արձանագրված նահանջի, ավանդական ընկալումների տկարացման։ Կրթական տարբեր ծրագրերով, նաև արդի տեխնոլոգիաների ընձեռած հնարավորություններով պետք է զորացնենք քարոզչությունը՝ ամրապնդելու հավատքը, հույսը և սերը մեր ժողովրդի՝ Աստվածաշնչի ուսուցմամբ և մեր Սուրբ Եկեղեցու ամբողջական ճանաչողությամբ»։ 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված մտահոգիչ իրավիճակում Նորին Սրբությունը կարևորեց հովվական խնամքը հոգևոր և հոգեբանական զորակցության կարիքն ունեցող առանձին խմբերի նկատմամբ։ «Մասնավոր ուշադրություն հարկ է դարձնել զոհվածների, վիրավորների, գերեվարվածների և անհայտ կորածների ընտանիքներին, ինչպես նաև տեղահանված կամ Լաչինի փակ միջանցքի պայմաններում բաժանված արցախցի ընտանիքներին։ Առաջնային մեր պարտավորություններից է նաև մանուկներին և երիտասարդներին մեր Եկեղեցու հետ կապելը՝ Ավետարանի լույսով և մեր Սուրբ Եկեղեցու օրհնությամբ պաշտպանելու նրանց մերօրյա աշխարհի բազում մոլորություններից և գայթակղություններից»,–ասաց Ամենայն Հայոց Հայրապետը։ Գոհունակությամբ անդրադառնալով աշխարհսփյուռ եկեղեցական կառույցների և բարերար նվիրյալ հայորդիների աջակցությամբ վերջին տարիներին առավել ընդլայնված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և հայաստանյան թեմերի սոցիալական աշխատանքներին՝ Նորին Սրբությունն իր գնահատանքը բերեց թեմակալ առաջնորդներին և հովիվներին՝ կարևոր այդ առաքելության մեջ դրսևորած նախանձախնդրության համար։ Բարձրորերն գնահատելով քահանա հայրերի նախանձախնդիր և նվիրյալ ծառայությունը՝ Հայոց Հովվապետը հորդորեց․«Քրիստոսով զորացյալ քաջ, անվեհեր ու համարձակ եղեք ձեր հոգևոր սպասավորության մեջ՝ ճշմարտության ճանապարհով առաջնորդելու մեր ժողովրդին՝ ի խնդիր հայրենական ու ազգային մեր կյանքը խաթարող թյուր ընթացքների և երևույթների հաղթահարման։ Ազգանվեր ու եկեղեցանվեր ծառայությամբ և մշտարթուն հովվի աննկուն ոգով, իբրև մերօրյա ղևոնդ երեցներ շարունակեք ջանքեր ներդնել հանուն Հայոց Եկեղեցու պայծառության և մեր ժողովրդի հոգևոր կյանքի բարօրության»։ Ապա Ամենայն Հայոց Հայրապետը շնորհավորեց պարգևների ու պատիվների արժանացած եկեղեցականներին՝ մաղթելով արդյունավետ ծառայություն ու նորանոր ձեռքբերումներ իրենց տերունապատվեր առաքելության մեջ։ Նորին Սրբությունը նաև ծանուցեց, որ տարիների վաստակաշատ նվիրյալ ծառայության բարձր գնահատանքով արքության պատվի են արժանանում Մայր Աթոռի եկեղեցական հայեցակարգային բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ․ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Բարգրատ եպիսկոպոս Գալստանյանը և Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ․ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը։ Վերջում իր գնահատանքը բերելով Հայ Եկեղեցու ողջ հոգևոր դասին՝ Նորին Սրբությունը հայցեց, որ Բազումողորմ Տերը խաղաղության և ապահովության մեջ պահի Հայաստանն ու Արցախը, շեն ու բարօր՝ հանուր հայության կյանքը։
17:09 - 17 փետրվարի, 2023
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Կորեա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Կորեա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը

Փետրվարի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Կորեա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Կիհուն Սոնի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից։ Նորին Սրբությունը գոհունակություն  հայտնելով երկու երկրների միջև հաստատվող գործակցային հարաբերությունների առիթով՝ հույս հայտնեց, որ պատվիրակության այցը Հայաստան նոր խթան կդառնա հայ-կորեական կապերի առավել խորացման համար: Հայոց Հայրապետը վերհիշեց դեռևս  2013 թ. Հարավային Կորեա կատարած իր այցը Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի գլխավոր համագումարի առիթով: Հանդիպմանն անդրադարձ կատարվեց տարածաշրջանում տիրող կացությանը և հետպատերազմյա մարտահրավերներին: Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր մտահոգությունը հայտնեց Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված հումանիտար աղետի, ինչպես նաև գերիների վերադարձման և Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական հոգևոր-մշակութային ժառանգության անխաթար պահպանության առնչությամբ՝ կարևորելով միջազգային հանրության հետևողական ջանքերի գործադրումը կանխարգելելու Ադրբեջանի որդեգրած ծավալապաշտական քաղաքականությունը։ Իր հերթին Կիհուն Սոնը կարևոր նկատեց ջանքերի ներդրումը՝ ուղղված հայ-կորեական համագործակցության սերտացմանը: Պատվիրակության ղեկավարը կարևորեց նաև տարածաշրջանում խաղաղության հաստատման անհրաժեշտությունը:
10:08 - 16 փետրվարի, 2023
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Խորվաթիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարարի գլխավորած պատվիրակությանը

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Խորվաթիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարարի գլխավորած պատվիրակությանը

Փետրվարի 7-ին  Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Խորվաթիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարար Գորդան Գրլիչ Ռադմանի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից։ Հանդիպմանը Նորին Սրբությունը հյուրերին ներկայացրեց Հայ Եկեղեցու ունեցած առանձնահատուկ դերակատարությունը հայ ժողովրդի կյանքում՝ նշելով, որ այսօր էլ Հայ Եկեղեցին շարունակում է իր այդ կարևոր առաքելությունը։ Հայոց Հովվապետը հույս հայտնեց, որ պատվիրակության այցը Հայաստան խթան կհանդիսանա երկու երկրների բարեկամական հարաբերությունների զորացման և արդյունավետ համագործակցության ամրապնդման գործում։ Անդրադարձ կատարելով տարածաշրջանում տիրող դժվարին կացությանը և Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակմանը՝ Նորին Սրբությունն իր մտահոգությունը հայտնեց Արցախի ժողովրդի խաղաղ ու ազատ ապրելու իրավունքի դեմ նոր ոտնձգությունների և դրանց հետևանքով ստեղծված հումանիտար աղետի առնչությամբ։ Հայոց Հայրապետը կարևոր նկատեց միջազգային հանրության, այդ թվում՝ Խորվաթիայի հետևողական ջանքերի գործադրումը Լաչինի միջանցքի վերաբացման, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքում հայկական հոգևոր և պատմամշակութային ժառանգության անաղարտ պահպանության ուղղությամբ, ինչպես նաև Հայաստանի սահմանների նկատմամբ Ադրբեջանի կողմից դրսևորվող նկրտումների կանխման գործում։ Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձավ նաև հայ գերիների վերդարձման խնդրին՝ ակնկալելով, որ Խորվաթիայի իշխանությունները ևս գործուն քայլեր կձեռնարկեն այս ուղղությամբ։ Իր հերթին նախարար Գորդան Գրլիչ Ռադմանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ընդգծեց, որ պատվիրակության այցը Հայաստան նաև նպատակ է հետապնդում, ըստ ամենայնի, ծանոթանալու տարածաշրջանում ստեղծված իրավիճակին և իրենց նպաստը բերելու խնդրի խաղաղ կարգավորմանը։
09:32 - 08 փետրվարի, 2023
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Սիրիայի նախագահին

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Սիրիայի նախագահին

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը ցավակցագիր է հղել Սիրիայի Հանրապետության նախագահ Բաշար Ալ Ասադին՝ Սիրիայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի կապակցությամբ: Այս մասին հայտնեցին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:    «Փետրվարի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցել է Սիրիայի Հանրապետության նախագահ Բաշար Ալ Ասսադին՝ տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով բազմաթիվ զոհերի ու ավերածությունների կապակցությամբ:   Իր ցավակցագրում Նորին Սրբությունը մխիթարություն ու սփոփանք է մաղթել անմեղ զոհերի վշտակիր հարազատներին և շուտափույթ ապաքինում վիրավորներին։   Հայոց Հայրապետը հայցել է, որ Բարձրյալն իր օրհնության ներքո պահի բարեկամ Սիրիային՝ պագևելով խաղաղ ու ապահով օրեր»,- ասված է հաղորդագրության մեջ:    
17:36 - 06 փետրվարի, 2023
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի նախագահին Խոյ քաղաքում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի կապակցությամբ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի նախագահին Խոյ քաղաքում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի կապակցությամբ

Հունվարի 30-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցական նամակ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Իբրահիմ Ռաիսիին՝ Իրանի Խոյ քաղաքում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի կապակցությամբ:   «Խոր ցավով տեղեկացանք Իրանի Խոյ քաղաքում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի մասին, որի հետևանքով կան ավերվածություններ, մարդկային զոհեր և վիրավորներ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Մեր ցավակցությունն ու աղոթական զորակցությունն ենք բերում Ձեզ, Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությանը և Իրանի համայն ժողովրդին», – նշել է Վեհափառ Հայրապետն իր ցավակցագրում: Նորին Սրբությունը Երկնավորի մխիթարությունն է հայցել բոլոր սգակիրներին և առողջություն մաղթել երկրաշարժից տուժած վիրավորներին: Հիշեցնենք, որ հունվարի 28-ին՝ տեղական ժամանակով ժամը՝ 22:14-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 18:14-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.33⁰ և արևելյան երկայնության 45.24⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրան՝ Խոյ քաղաքից 34 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5.9 մագնիտուդով երկրաշարժ:
15:03 - 30 հունվարի, 2023
Աղոթք բարձրացրինք առ Աստված, որ Տերը խաղաղ ու անվտանգ պահի մեր երկիրը. Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց «Եռաբլուր» |armenpress.am|

Աղոթք բարձրացրինք առ Աստված, որ Տերը խաղաղ ու անվտանգ պահի մեր երկիրը. Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց «Եռաբլուր» |armenpress.am|

armenpress.am: Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը ՀՀ զինված ուժերի կազմավորման 31-րդ տարեդարձի առիթով այցելեց «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցեց հայրենիքի համար կյանքը տված նահատակների հիշատակին: «Այսօր Հայոց բանակի նվիրական օրվա կապակցությամբ մենք մեր ուղերձն ենք հղել մեր ժողովրդին, Հայոց բանակի մեր սպասավորներին, զորավարներին, զինվորներին և մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք հղել: Քիչ առաջ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեր միաբանության հետ մենք աղոթք բարձրացրեցինք առ Աստված՝ հայցով, որ Տերը խաղաղ, ապահով, անվտանգ պահի մեր երկիրը և մեր ժողովրդին և զորացնի Հայոց բանակը, որպեսզի կարողանանք խաղաղության մեջ ապահով կյանք պարգևել մեր զավակներին ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում: Մեր աղոթքներում մասնավոր անդրադարձ կատարեցինք Արցախի մեր զավակների համար, որ Տերը նրանց ոգին ամուր պահի, հավատքը՝ զորեղ, կամքը՝ զորեղ, որ կարողանան բոլոր դժվարություններն ու փորձությունները հաղթահարել և միասնաբար մեր ազգի աշխարհասփյուռ զավակների հետ իրականության առաջնորդել իրենց ազատ ու անկախ ապրելու իրավունքը: Տերը թող օգնական ու պահապան լինի մեր ժողովրդին, մեր զավակներին: Այս պահին մենք եկել ենք «Եռաբլուր» մեր խոնարհումը բերելու մեր նահատակված զինվորների հիշատակի առջև և նրանց հոգիների հանգստության համար՝ նրանց ծնողաց ու հարազատների հոգիների մխիթարության համար մեր աղոթքն առ Աստված բարձրացնելով: Թող Տերը նման ողբերգություններից, նման կորուստներից ու ցավերից զերծ պահի մեր ժողովրդին և մեր երկիրը»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
13:20 - 28 հունվարի, 2023
Աղոթում ենք հայրենիքի պաշտպանության համար նահատակության պսակն ընդունած բոլոր քաջորդիների համար․ Գարեգին Բ-ի ուղերձը Բանակի օրվա առթիվ

Աղոթում ենք հայրենիքի պաշտպանության համար նահատակության պսակն ընդունած բոլոր քաջորդիների համար․ Գարեգին Բ-ի ուղերձը Բանակի օրվա առթիվ

Ամենայն Հայոց կաթողիկոս, Ն․Ս․ Օ․ Տ․ Տ Գարեգին Բ-ն շնորհավորական ուղերձ է հղել Բանակի օրվա առթիվ։ Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայոց բանակի օրվա առիթով Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքն ենք բերում Հայոց բանակի սպաներին ու զինվորներին և համայն մեր ժողովրդին: Հայոց բանակը կազմավորվեց մեր անկախության վերահաստատման տարիներին, դարձավ պատվարն ու պահապանը հայոց վերածնյալ պետականության, երաշխավորը մեր ժողովրդի խաղաղ ու անվտանգ կյանքի: Մեր խիզախ զորավարների ու զինվորների քաջագործություններով, նաև բանակին սատարող մեր ժողովրդի պայքարով ազատագրվեց Արցախ աշխարհը, և արցախահայությունը իր անկախ կյանքը կառուցելու հնարավորությունն ունեցավ։ Արցախյան 44-օրյա աղետալի պատերազմը, անցյալ տարվա սեպտեմբերին Հայաստանի սահմանների նկատմամբ ոտնձգությունները, հառնած մարտահրավերները և պաշտպանական լրջագույն հիմնահարցերը նոր հրամայականների առջև են կանգնեցրել մեր երկիրն ու ժողովրդին։ Այս ծանր իրավիճակում առաջնային և հրատապ է բանակի արդիականացումը՝ ժամանակի չափանիշներին ու պահանջներին համապատասխան։ Առաջնային և հրատապ է ազգային ողջ ներուժի համախմբումը, որպեսզի Հայոց բանակը շուտափույթ հաղթահարի պատերազմի պատճառած աղետալի հետևանքները, ամոքում գտնեն անդառնալի կորուստների վերքերն ու ցավերը, և բացառվեն այնպիսի ողբերգություններ, որ ապրեցինք շաբաթներ առաջ։ Հավատում ենք, որ Հայոց բանակը պիտի վերագտնի փառքի իր ճանապարհը և կարող լինի աննկուն ու հաղթական իրագործել իր սրբազան առաքելությունը: Ի խորոց սրտի աղոթում ենք հայրենիքի պաշտպանության համար նահատակության պսակն ընդունած բոլոր քաջորդիների համար։ Հայցում ենք Երկնավորից, որ մխիթարություն պարգևի կորուստներից ու վշտերից բեկված հոգիներին: Թող Ամենակալն Աստված Իր պահպանությունն ու զորակցությունը շնորհի Հայոց բանակի քաջարի զինվորներին ու հրամանատարական կազմին, խաղաղություն ու բարօրություն՝ Հայաստան ու Արցախ մեր հայրենիքին և աշխարհասփյուռ մեր ժողովրդին։ «Շնորհք ընդ ձեզ եւ խաղաղութիւն յԱստուծոյ Հօրէ մերմէ եւ ի Տեառնէ Յիսուսէ Քրիստոսէ» (Հռոմ. 1.7) այսօր և միշտ. ամէն»։
11:01 - 28 հունվարի, 2023
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցել է 15 զինծառայողների ողբերգական մահվան կապակցությամբ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցել է 15 զինծառայողների ողբերգական մահվան կապակցությամբ

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը ցավակցական ուղերձ է հղել 15 զինծառայողի մահվան պատճառ դարձած հրդեհի կապակցությամբ: Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձում ասվում է. «Խոր ցավով տեղեկացանք ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողների և երեք վիրավորների մասին։Մեր ցավակցությունն ու վշտակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և հայցում Սուրբ Հոգու մխիթարությունն ու զորակցությունը նրանց վշտացյալ սրտերին։ Աղոթում ենք առ Ողորմածն Աստված, որ Բարեգութ Տերը երկնքի լուսեղեն օթևաններում հանգստության մեջ ընդունի հոգիները մեր զոհված զավակների։ Թող Բարերար Աստված շուտափույթ ապաքինում պարգևի վիրավոր զինծառայողներին։ Հայցում ենք, որ Ամենակալ Տերը Իր Սուրբ Աջով խաղաղ ու ապահով պահպանի հայրենի մեր երկիրը՝ զերծ պահելով մեր ժողովրդին նման ողբերգություններից»։ Հունվարի լույս 19-ի գիշերը՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Զոհվել է 15 զինծառայող, 3-ի վիճակը ծանր է։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրի 532-րդ հոդվածի 4-րդ մասով․ այն է՝ շրջապատի համար վտանգ ներկայացնող նյութերի հետ վարվելու կանոնների խախտում, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի անձանց մահ։  Դեպքին հաջորդել են պաշտոնանկություններ ՊՆ-ում։
13:51 - 19 հունվարի, 2023