ԶՈՒ Գլխավոր շտաբ

Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի գլխավոր շտաբը (ՀՀ ԶՈՒ ԳՇ) Հայաստանի զինված ուժերի կառավարման գերագույն մարմինն է։ Տեղակայված է Երեւանում։ 

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն է գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը։ ԳՇ պետի պաշտոնում նշանակվել է 2020 թվականի հունիսի 8-ին:

Մենք սխալվելու, հապաղելու իրավունք չունենք․ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի ուղերձը

Մենք սխալվելու, հապաղելու իրավունք չունենք․ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի ուղերձը

ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանի ուղերձը Հայոց բանակի օրվա առթիվ: «Սիրելի՛ հայրենակիցներ, աշխարհասփյուռ հայ ժողովուրդ, պարոնայք սպաներ և գեներալներ, սիրելի՛ զինվորներ, երկրապահ կամավորականներ, ազատամարտիկներ, շնորհավորում եմ բոլորիս` Հայոց Ազգային Բանակի օրվա առթիվ: Հայկական բանակը ծնվեց մեր պետության ստեղծմանը զուգահեռ: Պատերազմական իրավիճակում՝ համայն հայության ապրելու և մեզ պարտադրված պատերազմում հաղթելու միասնական ու անկոտրում կամքի շնորհիվ Կամավորական ջոկատների հիքի վրա ծնվեց մեր Բանակը։ 90-ականներին հայրենիքի պաշտպանության ելան բոլորը՝ կամավորականները, ազատամարտիկները, բանվորն ու շինարարը, մտավորականն ու հոգևորականը, և մենք համախմբվեցինք ու կարողացանք Սպարապետ Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ ազատագրել Արցախ աշխարհը։ Արցախի ազգաբնակչության անվտանգությունն ապահովելու համար ազատագրեցինք և ընդլայնեցինք մեր երկրի սահմանները։ Սպարապետ Վազգեն Սարգսյանը համարում էր, որ բանակն է Հայաստանի Հանրապետության կայունության և պաշտպանության հիմքը,-ասում էր. «Ես համարում եմ, որ առանց բանակի չկա Հայաստանի Հանրապետություն, առանց բանակ չի կարող զարգանալ տնտեսությունը և հակառակը»: Ինչպես Սպարապետը, այնպես էլ բոլորս այսօր առավել քան երբևէ համոզված ենք, որ պետության զարգացման և անվտանգության ապահովման երաշխավորը առավել հզոր բանակ ունենալն է: Իսկ ի՞նչ պետք է անենք մենք: Պետք է համախմբված ու միասնական լինենք և դառնանք մեր բանակի զորավիգը: Մենք սխալվելու, հապաղելու իրավունք չունենք, մենք միմյանց նեցուկ լինելով պետք է հայացքներս ուղղենք դեպի մեր բանակը. բոլորս պետք է երկրապահի ոգով տեր կանգնենք մեր հայրենիքին: Երկրապահ կամավորականների միությունը 44-օրյա պատերազմից առ այսօր խրամատում է: 2020թ. դեկտեմբերից մինչ այս պահը 5000 և ավել երկրապահ կամավորական զինվորի հետ, զինվորի կողքին իրականացնում է մարտական հերթապահություն: ԵԿՄ գումարտակները մարտական հերթապահության ժամանակ իրականացնում են նաև ամրաշինական աշխատանքներ: Մենք սահմաններում ենք. մեր պարտքն է այսօր թև ու թիկունք լինել այն բանակին, որը մեզանից սերվեց: Պետք չէ կորցնել հույսը, հավատը: Պետք չէ հիասթափվել: Սա մեր պետությունն է, մեր հայրենիքը, մեր հող ու ջուրը: Դարեր շարունակ մեր պապերը պայքարել են այս հողը մեզ ժառանգելու համար: Մենք մեր հողին շատ կյանքեր ու արյուն ենք տվել, մեր հայրենիքը սրբավայր է: Համոզված եմ, որ քնելիս, արթնանալիս բոլորս առաջին հերթին աղոթում ենք հայ զինվորի համար: Եվ մեր զինվորը պետք է ամեն օր զգա, որ թիկունքն ապահով է, որ իր թիկունքին կանգնած է համախմբված ու հզոր ազգ, որը ամեն վայրկյան պատրաստ է ձեռք մեկնելու: Ես խոնարհվում եմ հերոսածին մայրերի առջև, Փա՛ռք նահատակված քաջերին, Փա՛ռք մեր բանակին, զինվորներին, Երկրապահին, կամավորականներին, ազատամարտիկներին, զենքը ձեռքը վերցրած հայ կնոջ, Փա՛ռք ու շնորհակալություն նրանց ովքեր այսօր էլ ամուր կանգնած են սահմանին, Փա՛ռք ու պատիվ Հայաստան, Արցախ, Սփյուռք եռամիասնությանը: Ուժ ու կորով արցախահայությանը։ Խաղաղություն մեր երկրին, Աստված պահապան մեր հայրենիքին»,-ասված է ուղերձում:
11:58 - 28 հունվարի, 2023
«Հայոց բանակն ապահովված է բոլոր անհրաժեշտ միջոցներով»․ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը

«Հայոց բանակն ապահովված է բոլոր անհրաժեշտ միջոցներով»․ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ զինված ուժերի կազմավորման 31-րդ տարեդարձի առթիվ:  Ուղերձում ասվում է․ «Սիրելի՛ հայրենակիցներ, պարոնայք սպաներ, բանակաշինության գործի նվիրյալներ, զինծառայողներ, շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության Բանակի օրվա առթիվ։ Զինված ուժերի կազմավորումից ի վեր մեր բանակը գրանցել է բազում հաջողություններ և ապրել ծանր ու օրհասական ժամանակներ։ Այս ամբողջ ընթացքում բանակի կողքին են եղել մեր հայրենակիցները։ Դժվար թե գտնվի մի տուն, որտեղ չեն խոսում զինծառայողների սխրանքներից, որտեղ շունչները պահած՝ չեն աղոթում մեր տղաների համար: Մեր հայրենիքի համար այսօր բարդ ժամանակներ են, և առավել քան երբևէ մեզ հզոր թիկունք, անվտանգ ու պաշտպանված սահմաններ են պետք։ Այս հարցում ջանքեր չենք խնայելու՝ հանուն խաղաղության և բարեփոխված զինված ուժերի։ Հայոց բանակն ապահովված է բոլոր անհրաժեշտ միջոցներով, իսկ բանակաշինությանն ուղղված համալրումները շարունակական բնույթ են կրում։ Շնորհակալություն մեր երկրի պաշտպանության համար օրուգիշեր սահմանին կանգնած տղաներին, շնորհակալություն նրանց սպասող ընտանիքներին։ Հավերժ խոնարհում բանակի կայացման ակունքներում ընկածների հիշատակին, հավերժ փառք պատերազմներում անմահացած քաջերին»:   Լուսանկարը՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի
11:45 - 28 հունվարի, 2023
«Բանակ պետք է դառնանք բոլորս»․ «Ապրելու երկիր» կուսակցության շնորհավորական ուղերձը

«Բանակ պետք է դառնանք բոլորս»․ «Ապրելու երկիր» կուսակցության շնորհավորական ուղերձը

Հայոց Բանակը կազմավորվեց մեր հայրենիքի համար բարդ ու ճակատագրական փուլում։ Բանակի ստեղծմամբ սկսվեց անկախ պետականության հաստատման գործընթացը: Մեր բանակն ու զինվորն ապացուցեցին, որ անկախությունն ու սեփական հողում ապրելու իրավունքը ձեռք են բերվում արժանապատիվ պայքարի միջոցով։ Այս մասին ասված է «Ապրելու երկիր» կուսակցության՝ Բանակի օրվա նվիրված շնորհավորական ուղերձում: Ուղերձում նաև ասվում է. «Անվիճելի փաստ է, որ այսօր ևս մրցունակ զինված ուժերն են Հայաստանի Հանրապետության շուրջ խաղաղության հաստատման ու երկրի զարգացման կարևորագույն գործոնը։ Հայոց Բանակի անցած փառավոր ճանապարհը շարունակելու, մարտունակությունը բազմապատկելու և բանակը ոտքի կանգնեցնելու համար պետք է աշխատել ամեն օր, մեր բոլոր ռեսուրսները պետք է ուղղվեն բանակի վերականգնմանը, կայունացմանն ու արդիականացմանը։ Սա բարդ, երկարատև բայց միանշանակ հնարավոր նպատակ է, որին հասնելու համար պետք է գործել հստակ ռազմավարությամբ։ Ժամանակակից պրոֆեսիոնալ բանակ՝ հիմնված մեր սեփական ռազմարդյունաբերական համալիրի վրա՝ հզոր տնտեսությամբ և ռազմական գործին տիրապետող մարդկանց աջակցությամբ. ահա մարտունակ և ուժեղ բանակի գրավականը։ Բանակ պետք է դառնանք բոլորս, բոլորս տիրապետենք նվազագույն գիտելիքներին, իմանանք ինչպես պաշտապնել մեզ, մեր հարազատներին և ամուր պահենք զինվորի թիկունքը։ Բանակի հզորացումը պետք է լինի առաջնային օրակարգ, յուրաքանչյուր քաղաքացի, յուրաքանչյուր հայ և հայրենանվեր մարդ պետք է ապրի և գործի այն գիտակցումով, որ դա հնարավոր է միասնական ուժերով։ Հավերժ փառք մեր զինվորին, մեր բանակին։ Տոնդ շնորհավո՛ր, հայ զինվոր։ Տոնդ շնորհավո՛ր, հայոց բանակ։
11:35 - 28 հունվարի, 2023
Մեր բոլորի խնդիրն է կանգնել մեր բանակի կողքին․ Գագիկ Ծառուկյանի ուղերձը

Մեր բոլորի խնդիրն է կանգնել մեր բանակի կողքին․ Գագիկ Ծառուկյանի ուղերձը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ուղերձ է հղել Բանակի օրվա առթիվ: Ուղերձում ասվում է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր լրանում է Հայոց բանակի կազմավորման 31-ամյակը։ Սա մեր դարավոր պատմության, մեր պետականության կարևորագույն ամսաթվերից է։ Դարերի ընթացքում տարբեր երկրների պաշտպանությանը բազմաթիվ հերոսներ, գեներալներ, մարշալներ տված հայ ժողովուրդը ստեղծեց սեփական բանակը, որն արդեն 31 տարի է՝ մեր պետականության հենասյունն է։ Մեր բանակն ունեցել է փառապանծ հաղթանակներ և հերոսական պատմագրություն։ Մենք ունեցել ենք ցավոտ կորուստներ, վերապրել դժվարին ժամանակներ: 2020-ից ի վեր Արցախի ու Հայաստանի դեմ սանձազերծված պատերազմներում Հայոց բանակի բազմաթիվ նվիրյալներ իրենց կյանքը զոհաբերեցին հանուն մեր պետության ինքնիշխանության ու խաղաղության: Հավերժ փա՛ռք ու խոնարհում նրանց անմար հիշատակին: Այսօր ևս, այս դժվարին ժամանակներում, պայթյունավտանգ աշխարհում մեր սահմանների անվտանգությունն ու անառիկությունն ապահովում է հայոց բանակը։ Ու մեր բոլորի խնդիրն է կանգնել մեր բանակի կողքին։ Անհրաժեշտ է հայոց բանակի նկատմամբ համազգային հոգատարություն՝ բանակաշինության խնդիրները մշտապես պահելով բոլորիս ուշադրության կենտրոնում: Շատ կարևոր է գիտակցել, որ պետության անվտանգությունը չի կարելի թողնել միայն բանակի վրա։ Իրական անվտանգություն հնարավոր է ապահովել մարտունակ բանակի, արդյունավետ պետական կառավարման, զարգացող տնտեսության, համերաշխ հասարակության և ուժեղ դաշնակիցների հետ իրական համագործակցության շնորհիվ։ Առանձնահատուկ ուզում եմ շնորհավորել այս պահին սահմանին կանգնած ու մեր երկրի անդորրը հսկող զինվորներին ու սպաներին, բոլոր զինծառայողներին, նրանց համար գիշերուզօր աղոթող ծնողներին: Անփորձանք ծառայություն ու բարի վերադարձ հարազատ օջախներ: Խաղաղություն ու անառիկություն մեր հայրենիքի սահմաններին: Աստված պահապա՛ն մեզ բոլորիս...
11:33 - 28 հունվարի, 2023
Ապազգային ուժերի ազգակործան հանձնառությունների թիրախում կազմաքանդվում է Հայոց Բանակը. ՀՅԴ Հայաստանի ԳՄ

Ապազգային ուժերի ազգակործան հանձնառությունների թիրախում կազմաքանդվում է Հայոց Բանակը. ՀՅԴ Հայաստանի ԳՄ

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը ուղերձ է հղել Հայոց բանակի օրվա առթիվ: Ուղերձը՝ ստորև. «1992թ․ ՀՀ պաշտպանության նախարարության հրամանագրով հունվարի 28-ն ամրագրվեց որպես Հայոց Բանակի օր։ Մեր բանակը հայ ժողովրդի հավաքաքան երազանքների և աննահանջ կամքի ծնունդն էր՝ անկախ պետականություն, արժանապատիվ խաղաղություն և անվտանգ ապագա ունենալու երաշխիքը։ ՀՀ ԶՈՒ-ի ձևավորման ակունքներում ոչ միայն Արցախյան ազատամարտը փառքով նշանավորած կամավորական տասնյակ ջոկատների ներդրումն է, այլև համայն հայության՝ Հայոց Բանակ ունենալու նվիրական երազանքը։ Կոփվելով 1992-94 թթ․ ազատագրական հերոսական մարտերում, անցնելով բազում փորձություններով՝ մեր բանակը խաղաղություն պարտադրեց թշմանուն և դարձավ մեր տարածաշրջանը կայունացնող գործոններից մեկը։ Ցավոք, այսօր Հայոց Բանակը ծանր ժամանակներ է ապրում։ Ապազգային ուժերի, ձախողված վարչախմբի և օտարահպատակ կառավարիչների ազգակործան հանձնառությունների թիրախում՝ ազգային այլ արժեքների կողքին, բացահայտորեն նսեմացվում  և կազմաքանդվում է Հայոց Բանակը՝ մեր նվիրական ձեռքբերումը, մեր լինելիության երաշխիքը։ Այս բարդագույն իրավիճակում, երբ թշմանու ցեղասպանական նկրտումներն ակնհայտ են, երբ շարունակվում է Արցախի շրջափակումը, երբ խոցված է Հայաստանի ինքնիշխանությունը, իսկ ՀՀ իշխանությունները շարունակում են երկրում ամրագրել բռնատիրությունը, մեր հավաքական պարտքն է նեցուկ լինել Հայոց Բանակին, լինել հայ զինվորի կողքին։ Միասնական կամքով, ազգային-պետական իդեալներին ու շահերին տեր կանգնելով, մենք պարտավոր ենք համախմբվել, չհանձնվել մեզ պարդադրվող նվաստացուցիչ և պարտվողական քաղաքականությանը, չհանդուժել Հայոց Բանակի դիտավորյալ կազմաքանդումը՝ գիտակցումով, որ մեր Բանակն է այս տարածաշրջանում մեր կենսունակության, անկախության և ապագայի երաշխիքը։ Շնորհավոր տոնդ, Հայո՛ց բանակ, հաղթանակներ դեռ լինելու են»։
11:09 - 28 հունվարի, 2023
Աղոթում ենք հայրենիքի պաշտպանության համար նահատակության պսակն ընդունած բոլոր քաջորդիների համար․ Գարեգին Բ-ի ուղերձը Բանակի օրվա առթիվ

Աղոթում ենք հայրենիքի պաշտպանության համար նահատակության պսակն ընդունած բոլոր քաջորդիների համար․ Գարեգին Բ-ի ուղերձը Բանակի օրվա առթիվ

Ամենայն Հայոց կաթողիկոս, Ն․Ս․ Օ․ Տ․ Տ Գարեգին Բ-ն շնորհավորական ուղերձ է հղել Բանակի օրվա առթիվ։ Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայոց բանակի օրվա առիթով Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքն ենք բերում Հայոց բանակի սպաներին ու զինվորներին և համայն մեր ժողովրդին: Հայոց բանակը կազմավորվեց մեր անկախության վերահաստատման տարիներին, դարձավ պատվարն ու պահապանը հայոց վերածնյալ պետականության, երաշխավորը մեր ժողովրդի խաղաղ ու անվտանգ կյանքի: Մեր խիզախ զորավարների ու զինվորների քաջագործություններով, նաև բանակին սատարող մեր ժողովրդի պայքարով ազատագրվեց Արցախ աշխարհը, և արցախահայությունը իր անկախ կյանքը կառուցելու հնարավորությունն ունեցավ։ Արցախյան 44-օրյա աղետալի պատերազմը, անցյալ տարվա սեպտեմբերին Հայաստանի սահմանների նկատմամբ ոտնձգությունները, հառնած մարտահրավերները և պաշտպանական լրջագույն հիմնահարցերը նոր հրամայականների առջև են կանգնեցրել մեր երկիրն ու ժողովրդին։ Այս ծանր իրավիճակում առաջնային և հրատապ է բանակի արդիականացումը՝ ժամանակի չափանիշներին ու պահանջներին համապատասխան։ Առաջնային և հրատապ է ազգային ողջ ներուժի համախմբումը, որպեսզի Հայոց բանակը շուտափույթ հաղթահարի պատերազմի պատճառած աղետալի հետևանքները, ամոքում գտնեն անդառնալի կորուստների վերքերն ու ցավերը, և բացառվեն այնպիսի ողբերգություններ, որ ապրեցինք շաբաթներ առաջ։ Հավատում ենք, որ Հայոց բանակը պիտի վերագտնի փառքի իր ճանապարհը և կարող լինի աննկուն ու հաղթական իրագործել իր սրբազան առաքելությունը: Ի խորոց սրտի աղոթում ենք հայրենիքի պաշտպանության համար նահատակության պսակն ընդունած բոլոր քաջորդիների համար։ Հայցում ենք Երկնավորից, որ մխիթարություն պարգևի կորուստներից ու վշտերից բեկված հոգիներին: Թող Ամենակալն Աստված Իր պահպանությունն ու զորակցությունը շնորհի Հայոց բանակի քաջարի զինվորներին ու հրամանատարական կազմին, խաղաղություն ու բարօրություն՝ Հայաստան ու Արցախ մեր հայրենիքին և աշխարհասփյուռ մեր ժողովրդին։ «Շնորհք ընդ ձեզ եւ խաղաղութիւն յԱստուծոյ Հօրէ մերմէ եւ ի Տեառնէ Յիսուսէ Քրիստոսէ» (Հռոմ. 1.7) այսօր և միշտ. ամէն»։
11:01 - 28 հունվարի, 2023
Օտար, թեկուզ բարեկամ պետության բանակը երբեք չի պաշտպանի սահմաններն այնպես, ինչպես հայրենի հողը, պետությունն ու ծնողին պաշտպանող զինվորը․ Սերժ Սարգսյան

Օտար, թեկուզ բարեկամ պետության բանակը երբեք չի պաշտպանի սահմաններն այնպես, ինչպես հայրենի հողը, պետությունն ու ծնողին պաշտպանող զինվորը․ Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել Բանակի օրվա առթիվ: «Բանակի օրը, հատկապես, շատ կարևոր է, որ ազգովի արձանագրենք և ընդունենք մի քանի պարզ ճշմարտություններ, որոնք կարևոր են մեր հետագա հաջողության համար. ցանկացած ազգ և պետություն դատապարտված է չգոյության, քանի դեռ չի գիտակցել, որ իր լինելության առաջին գրավականը բանակն է. չկա բանակ՝ չկա և չի լինելու պետություն: Ցանկացած բանակ դատապարտված է չգոյության, եթե այն ղեկավարում է պարտությունը հաղթանակ համարող բարոյազուրկ վախկոտը: Օտար, թեկուզ բարեկամ պետության բանակը երբեք չի պաշտպանի որևէ ազգի ու պետության սահմաններն այնպես, ինչպես իր հայրենի հողը, պետությունն ու ծնողին պաշտպանող զինվորը: Ուզում ենք հաղթող բանակ՝ չպիտի ունենանք երկիրն ու բանակը անտերության մատնած թուլամորթ, բարոյազուրկ ղեկավար: Բանակն անպարտելի է, երբ այն առաջնորդում են ոգով արի, պատիվ և ազգային արժանապատվություն ունեցողները: Թշնամին տեսել է Հայոց բանակի հաղթական ոգին. տեսել ու սարսափել է հայ զինվորի աներևակայելի սխրանքներից, երբ բանակն ունեցել է արժանի ղեկավարներ: Հայրենիքի՝ երբեմնի ազատագրված տարածքները վկա: Բանակի վրա այսօր քար նետողներին ու թերահավատներին ասում եմ որերրորդ անգամ՝ դուք չգիտեք իրական հայկական բանակը: Թշնամուն ծնկի բերած մեր երբեմնի հզոր բանակը միֆ համարողները միտումնավոր անարգում են հազարավոր քաջորդիների հիշատակը և գիտակցաբար հուսահատության մղում մեր ժողովրդին: Բանակը, ինչպես և ամբողջ պետությունն անտերության մատնած, միտումնավոր վարկաբեկած և պարտության տարածներից պետությունն ազատագրելը միայն կարող է վերականգնել բանակի երբեմնի փառքն ու պետության լիարժեք ինքնիշխանությունը: Ես գլուխ եմ խոնարհում Հայրենիքի ազատության և անկախության համար իրենց կյանքը զոհաբերած մեր բոլոր քաջորդիների՝ իմ բազմաթիվ մարտական ընկերների, մեր հերոս եղբայրների ու քույրերի, որդիների և դուստրերի անմահ հիշատակի առջև: Հավերժ փա´ռք նրանց», - ասված է ուղերձում:
10:54 - 28 հունվարի, 2023
Բանակի օրվա առթիվ «Եռաբլուր» պանթեոն են այցելել ՀՀ վարչապետը, ՀՀ նախագահն ու բարձրաստիճան այլ պաշտոնյաներ

Բանակի օրվա առթիվ «Եռաբլուր» պանթեոն են այցելել ՀՀ վարչապետը, ՀՀ նախագահն ու բարձրաստիճան այլ պաշտոնյաներ

Բանակի օրվա առթիվ Եռաբլուր են այցելել մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ։ Մասնավորապես ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը և այլք: Լուսանկարը՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի Նրանք այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին: Լուսանկարը՝ ՀՀ նախագահի աշխատակազմի «ՀՀ վարչապետը ծաղիկներ է խոնարհել սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և ծաղկեպսակ՝ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին»,- նշված է ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ։   Գլխավոր լուսանկարը՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի
10:27 - 28 հունվարի, 2023
«Արևը ծագելու է, գարունը գալու է»․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բանակի կազմավորման օրվա առթիվ

«Արևը ծագելու է, գարունը գալու է»․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բանակի կազմավորման օրվա առթիվ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ զինված ուժեչի կազմավորման 31-րդ տարեդարձի առիթով։ Ուղերձում, մասնավորապես, ասված է․ «Սիրելի ժողովուրդ, Սիրելի հայրենակիցներ, Հայկական բանակի զինծառայողներ, պահեստազորայիններ, գեներալներ, սպաներ, ժամկետային և պայմանագրային զինծառայողներ, Այսօր մենք նշում ենք մեր բանակի կազմավորման 31-րդ տարեդարձը և առաջին հերթին ոգեկոչում ենք մեր այն նահատակների հիշատակը, ովքեր իրենց կյանքն են տվել հանուն Հայրենիքի: Բոլոր դժվարություններին հանդիման, հենց նրանք են մեզ ոգեշնչում և լիցքավորում գիտակցությամբ, որ հանուն պետականության, հանուն ինքնիշխանության, անկախության ու անվտանգության մեր պայքարը չի կարող ձախողվել, եթե կա նվիրում, եթե կա հավատ: Այսօր հազարավոր նվիրյալներ, ծառայելով հայկական բանակում, ծառայում են Հայաստանի Հանրապետությանը, անկախությանը, ինքնիշխանությանը, պետականությանը, և մենք ամեն ինչ պիտի անենք, որ նրանց ծառայության որակը փոխվի: Փոխվի նրանց մատուցած ծառայության որակը, փոխվի նրանց մատուցվող ծառայության որակը: Սա է պատճառը, որ կառավարությունը լայնածավալ բարեփոխումներ է ձեռնարկել բանակում, որոնց նպատակը յուրաքանչյուր զինվորի, յուրաքանչյուր սպայի ավելի կարող ու պրոֆեսիոնալ, միևնույն ժամանակ, ավելի բարեկեցիկ դարձնելն է: Այդ բարեփոխումների հիմքում զինվորական կրթության բարեփոխումներն են, որոնք նույնպես գտնվում են իրագործման փուլում: Ներկայումս ձեռնարկում ենք նաև սպայական ավագ դպրոցի հիմնումը, որը մեր պատկերացմամբ պիտի լինի ժամանակակից լավագույն չափանիշներին համապատասխանող կրթօջախ և սպայական նոր դասի ձևավորման դարբնոց պիտի դառնա: Առաջիկայում պլանավորում ենք բոլորովին նոր՝ կանանց կամավոր-ժամկետային զինծառայության ինստիտուտը ներդնել Հայաստանի Հանրապետությունում, և այսօր գնահատանքի հատուկ խոսքեր պիտի ասեմ մեր այն քույրերի հասցեին, ովքեր պայմանագրային ծառայություն են իրականացնում մեր բանակում, այդ թվում՝ մարտական ծառայություն: Ընթացքի մեջ է եռամսյա վարժական հավաքները մեկամսյա կամ 25-օրյա վարժական հավաքներով փոխարինելու գործընթացը, որովհետև պահեստազորի մարտունակությունը կարևոր է նույնքան, որքան կանոնավոր զինծառայության մեջ գտնվողներինը: Միջոցներ ենք ձեռնարկում մեր բանակը ժամանակակից սպառազինությամբ և տեխնիկայով համալրելու ուղղությամբ՝ փորձելով առավելագույնս քաջալերել նաև տեղական արտադրողներին: 2018 թվականի նկատմամբ 2023 թվականի պաշտպանական բյուջեն ավելի քան կրկնապատկվել է, և նաև այս առիթով ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր այն բոլոր հարկ վճարողներին, ովքեր իրենց աշխատանքով և օրինապահ պահվածքով հնարավոր են դարձնում բարեփոխումների իրականացումն անվտանգության և այլ ոլորտներում: Բայց բարեփոխումների գործընթացն անցնցում չի ընթանում նաև բանակում, որովհետև անվտանգային անկայուն միջավայրը նորանոր մարտահրավերներ է բերում, որոնք երբեմն սադրում են կոպիտ սխալներ: Հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղի ունեցած ողբերգությունը, որ մեր ևս 15 զավակների կյանք խլեց, խեղդում է մեզ: Եվ ուզում եմ ներողություն խնդրել հրեշավոր հրդեհին զոհ գնացած բոլոր զինվորների ծնողներից և հարազատներից: Ներողություն եմ խնդրում նաև բոլոր այն ծնողներից, որոնց զավակները բանակում զոհ են գնացել ոչ կանոնադրական հարաբերությունների, պետության կամ կառավարության թույլ տված բացթողումների ու սխալների հետևանքով ծագած անթույլատրելի հարաբերությունների ու իրավիճակների: Միևնույն ժամանակ, ծնկի եմ գալիս մեր այն զինվորների, սպաների, կամավորների ծնողների ու հարազատների առաջ, ովքեր Հայրենիքը պաշտպանելիս ընկել են մարտում: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր այդ ընտանիքներին, որտեղ կաթի ու հացի հետ ներմուծվել է գիտակցությունը, որ հանուն Հայրենիք-Պետության, հանուն քաղաքացիական պարտքի չի կարելի խնայել ոչինչ: Այս ընկալման ու գիտակցության վրա են կառուցվում պետությունները: Եվ ի վերջո, շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն զինծառայողներին, շարքայիններից մինչև սպա և գեներալ, ովքեր անձնվիրաբար ծառայություն են մատուցում Հայկական բանակին, Հայոց պետականությանը: Եղբայրական ողջույններ եմ հղում Բանակի օրը երբեմն ձյան մի քանի մետրանոց շերտով շրջապատված մարտական դիրքերում անցկացնող մեր եղբայրներին և քույրերին: Արևը ծագելու է, գարունը գալու է: Շնորհավոր Հայկական բանակի օրը: Եվ ուրեմն՝ Կեցցե՛ Ազատությունը, Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, Կեցցե՛ն մեր երեխաները, որ ապրելու են Ազատ և Երջանիկ Հայաստանում»:
10:15 - 28 հունվարի, 2023
Հայոց Ազգային բանակը 31 տարեկան է

Հայոց Ազգային բանակը 31 տարեկան է

Հայաստանի Հանրապետությունը և աշխարհասփյուռ հայությունը հունվարի 28-ին նշում է ՀՀ զինված ուժերի կազմավորման 31-րդ տարեդարձը:  ՀՀ զինված ուժերի կազմավորումը համընկնում է 1992-1994 թթ., երբ արդեն անկախ Հայաստանի Հանրապետությունը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ, գտնվելով չհայտարարված, բայց փաստացի պատերազմի մեջ Ադրբեջանի հետ, միաժամանակ ձեռնամուխ եղավ նաև ազգային բանակի ստեղծմանը: Հայկական բանակի ստեղծման հարցում, սակայն, վճռորոշ դեր խաղաց 1990-ի անկախության հռչակագիրը, որով ազդարարվեց Հայաստանի փաստացի անկախությունը և որով նոր իրավական և գործնական հեռանկարներ բացեց ազգային բանակի ստեղծման հարցում: 1992թ. հունվարի 28-ին կառավարությունը ընդունեց «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշում` դրանով իսկ իրավականորեն ազդարարելով Հայոց Ազգային բանակի ստեղծումը: 1992թ. մայիսին պաշտպանության նախարարությունը սկսեց առաջին զորակոչը հանրապետության տարածքում` հիմք դնելով բանակը ժամկետային զինծառայողներով համալրելու կայուն ավանդույթին: Հայաստանի երրորդ Հանրապետության բանակի կազմավորումն անցել է մի քանի փուլերով: Առաջին փուլը տևել է 1988թ. փետրվարից մինչև 1992թ. մայիս: Այս ժամանակաշրջանում ղարաբաղյան շարժման ակտիվացման և հայ-ադրբեջանական հարաբերությունների ծայրաստիճան սրման պայմաններում Հայաստանի և Արցախի բնակչության ռազմական անվտանգության ապահովումը դարձավ ավելի քան հրատապ։ Երկրորդ փուլը տևել է 1992թ. հունիսից 1994թ. մայիս։ Այս ժամանակաշրջանում Հայաստանի և Արցախի հանրապետությունները ենթարկվում էին Ադրբեջանի Հանրապետության ագրեսիայի թիրախում։ Երրորդ փուլը սկսվել է 1994թ. հունիսից և շարունակվում է մինչ այսօր։ Այս ժամանակաշրջանում զգալի աշխատանքներ են իրականացվել բանակաշինության, զորքերի մարտունակության բարձրացման, կարգապահության ամրապնդման, սպայական ու ենթասպայական, ինչպես նաև պայմանագրային անձնակազմի պատրաստման ու վերապատրաստման, բանակ-հասարակություն հարաբերություններում որոշակի առաջընթացի ապահովման ուղղությամբ։ 1990թ. սեպտեմբերին կազմավորվեց Երևանի հատուկ գունդը, իսկ Արարատում, Գորիսում, Վարդենիսում, Իջևանում, Մեղրիում ձևավորվեցին հինգ վաշտեր։ 1991թ. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ստեղծվեց Նախարարների խորհրդին առընթեր Պաշտպանության պետական կոմիտե։ ՀՀ զինված ուժերում զորակոչը նախատեսված է 18-27 տարեկան արական սեռի ներկայացուցիչների համար՝ 2 տարի ժամկետով, որը կարգավորվում է ՀՀ զինապարտության մասին օրենքով։ Առավել մանրամասն՝ armenpress.am-ում
10:12 - 28 հունվարի, 2023
Սամվել Մովսիսյանը նշանակվել է ԶՈՒ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետ-ԳՇ պետի տեղակալ

Սամվել Մովսիսյանը նշանակվել է ԶՈՒ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետ-ԳՇ պետի տեղակալ

ՀՀ նախագահի հրամանագրով՝ Առաքել Մարտիկյանն ազատվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի պաշտոնից: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրու-թյան 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի. Առաքել Մարտիկյանին ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից»,- ասված է հրամանագրում: Մեկ այլ հրամանագրով ՀՀ նախագահը ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ է նշանակել Սամվել Մովսիսյանին: Վերջինս զբաղեցնում էր ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալի պաշտոնը: Լուսանկարում՝  Սամվել Մովսիսյանը 
13:22 - 25 հունվարի, 2023
Գարեգին Պողոսյանը նշանակվել է 2-րդ բանակային կորպուսի հրամանատար

Գարեգին Պողոսյանը նշանակվել է 2-րդ բանակային կորպուսի հրամանատար

ՀՀ նախագահի հրամանագրով Գարեգին Պողոսյանը նշանակվել է 2-րդ բանակային կորպուսի հրամանատար։ Այս մասին նշվում է ՀՀ նախագահի հրամանագրում, որը ստորագրվել է այսօր։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝ Գարեգին Պողոսյանին նշանակել 2-րդ բանակային կորպուսի հրամանատար»,- ասվում է հրամանագրում։ 2020 թվականի հոկտեմբերի 22-ին Հայաստանի նախագահը հիմք ընդունելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությունը, Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում մատուցած բացառիկ ծառայությունների, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած անձնվիրության և արիության համար գնդապետ Գարեգին Պողոսյանին պարգևատրել է Հայրենիքի շքանշանով՝ շնորհելով Հայաստանի ազգային հերոս կոչումը։ Նշենք, որ նախագահի հրամանագրով այսօր պաշտոնից ազատվել է Վահրամ Գրիգորյանը՝ 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը։  Հունվարի լույս 19-ի գիշերը՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Զոհվել է 15 զինծառայող, 3-ի վիճակը ծանր է։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրի 532-րդ հոդվածի 4-րդ մասով․ այն է՝ շրջապատի համար վտանգ ներկայացնող նյութերի հետ վարվելու կանոնների խախտում, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի անձանց մահ։  Դեպքի առիթով պաշտոնանկություններ են եղել նաև ՊՆ-ում։
16:58 - 19 հունվարի, 2023
 ՀՀ նախագահի հրամանագրով Վահրամ Գրիգորյանն ազատվել է 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից

ՀՀ նախագահի հրամանագրով Վահրամ Գրիգորյանն ազատվել է 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից

ՀՀ նախագահի հրամանագրով Վահրամ Գրիգորյանն ազատվել է 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահական կայքից։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը, համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի՝ ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի. Վահրամ Գրիգորյանին ազատել 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից»,- նշված է հրամանագրում։ Գրիգորյանն այս պաշտոնին նշանակվել էր 2021թ․ օգոստոսի 9-ին։ Հիշեցնենք, որ հունվարի 19-ի գիշերը՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Զոհվել է 15 զինծառայող, 3-ի վիճակը ծանր է։  Ըստ մամուլում հրապարակված տեղեկությունների՝ պաշտոնանկությունը կապված է այս դեպքի հետ։ Լուսանկարը՝ ՀՀ ՊՆ-ի / 14․09․2021
10:38 - 19 հունվարի, 2023
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Հայկազ Բաղմանյանի նկատմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Հայկազ Բաղմանյանի նկատմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ

Հ.Բ.-ն (Հայկազ Բաղմանյան՝ խմբ․), 2014 թվականից մինչև 2020 թվականի դեկտեմբերը, զբաղեցնելով ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի, այնուհետև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միացյալ շտաբի պետի տեղակալի պաշտոնները, ունենալով հայտարարագիր ներկայացնելու պարտականություն, հաշվետու ժամանակահատվածում իր անձնական հաշվեկշռին ավելացրել է ենթադրաբար իր օրինական եկամուտները գերազանցող և ողջամտորեն չհիմնավորվող գույք՝ դրամական միջոցներ: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ Նշվում է, որ Բաղմանյանը թաքցրել է նաև հայտարարագրման ենթակա վերոնշյալ տվյալները՝ այդ մասին համապատասխան գրառումներ չկատարելով իր կողմից ներկայացված հայտարարագրերում: «Հ.Բ.-ի կողմից առերևույթ ենթադրյալ հանցանքներ կատարելու փաստերը ձեռք են բերվել Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության Հատկապես կարևոր գործերի (ՔԿ ԶՔԳՎ ՀԿԳ) քննության վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում՝ դատախազի կողմից տրված հանձնարարության հիման վրա ձեռնարկված քննչական և այլ վարութային գործողությունների արդյունքում: Դեպքի առթիվ 2023 թվականի հունվարի 13-ին ՔԿ ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում 18.04.2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածի 1-ին մասով և 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով (ապօրինի հարստանալը, հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը), որոնք համապատասխանում են գործող քրեական օրենսգրքի 443-րդ հոդվածի 1-ին մասին և 444-րդ հոդվածի 2-րդ մասին, նախաքննություն իրականացնող մարմնի կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ»,- նշված է գերատեսչության մամուլի հաղորդագրության մեջ։ Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
15:09 - 17 հունվարի, 2023