Թագուհի Թովմասյան

ՀՀ 8-րդ գումարման ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր է, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։ 

ՀՀ 7-րդ գումարման Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր։ Խմբակցությունից դուրս է եկել 2020թ․ նոյեմբերի 9-ի Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի եռակողմ հայտարարության հրապարակումից հետո։

Գիդ-թարգմանիչ (անգլերեն), լրագրող, քաղաքագետ։

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:

Թագուհի Թովմասյանը դիմել է ՌԴ օմբուդսմենին և Վալերի Ֆադեևին, որպեսզի ռուս խաղաղապահների միջոցով ռուսական հումանիտար օգնություն ուղարկվի Արցախ

Թագուհի Թովմասյանը դիմել է ՌԴ օմբուդսմենին և Վալերի Ֆադեևին, որպեսզի ռուս խաղաղապահների միջոցով ռուսական հումանիտար օգնություն ուղարկվի Արցախ

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը դեկտեմբերի 20-ին արված հերթական հայտարարությամբ անդրադարձել է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հրատապ խնդրին՝ նշելով. «Արդեն ավելի քան 9 օր է Արցախը շրջափակված է Ադրբեջանի կողմից: Շուրջ 120.000 արցախցիներ կրում են հումանիտար ճգնաժամի ծանր հետեւանքները: Արցախի Հանրապետության բուժհաստատություններում ծանր եւ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդներին շրջափակման հետեւանքով չեն կարողանում տեղափոխել հայաստանյան բուժհաստատություններ ու տրամադրել պատշաճ բուժօգնություն: Ցավոք, ծանր վիճակում գտնվող հիվանդներից մեկը մահացել է»: Թագուհի Թովմասյանն ահազանգել է, որ միջազգային հանրության կողմից անպատժելիության հետեւանքով առաջիկայում արդեն ականատես ենք լինելու զանգվածային անդառնալի հետեւանքների: «Բոլոր մատակարարումները, ելումուտն Արցախ պարզապես արգելափակված են: Միջազգային հումանիտար իրավունքի այսպիսի աղաղակող խախտման հեղինակ Ադրբեջանը պետք է պատժվի: Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցները, միջազգային համապատասխան իրավաքաղաքական գործիքակազմի կիրառումն ագրեսորից Արցախի 120.000 բնակչության փրկության հասնելու հրամայական են»,-նշել է հանձնաժողովի նախագահը: Այս իրավիճակում Թագուհի Թովմասյանը հատուկ խնդրանքով դիմել է Ռուսաստանի Դաշնության օմբուդսմեն Տատյանա Մոսկալկովային եւ ՌԴ նախագահին առընթեր քաղաքացիական հասարակության զարգացման եւ մարդու իրավունքների գծով խորհրդի նախագահ Վալերի Ֆադեեւին, որպեսզի ռուս խաղաղապահների միջոցով ռուսական հումանիտար օգնություն ուղարկվի Արցախ: Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը ներկայացրել է առաջնային անհրաժեշտության կարիքների ցանկը: «Քաղաքակիրթ աշխարհը պարզապես իրավունք չունի անտարբեր գտնվել 120.000 վտանգված կյանքերի հանդեպ: Արցախում հումանիտար արտակարգ իրավիճակն անխուսափելի է»,-եզրափակել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը։
13:56 - 20 դեկտեմբերի, 2022
Ադրբեջանը չպետք է անպատժելիություն զգա, պետք է զգա, որ իր գործողությունները հստակ արձագանքի են արժանանում. բողոքի ակցիան շարունակվեց ՌԴ դեսպանատան մոտ

Ադրբեջանը չպետք է անպատժելիություն զգա, պետք է զգա, որ իր գործողությունները հստակ արձագանքի են արժանանում. բողոքի ակցիան շարունակվեց ՌԴ դեսպանատան մոտ

Արցախ ՄԻՊ նախաձեռնությամբ կազմակերպված ակցիաները շարունակվում են։ Արտակ Բեգլարյանի ու Գեղամ Ստեփանյանի գլխավորությամբ մասնակիցները շարունակում են ակցիան ՌԴ դեսպանատան դիմաց։ Այստեղ են նաեւ մի խումբ ուսանողներ, որոնք փակել են դեսպանատան մուտքը։ Գեղամ Ստեփանայնը նշեց, որ կոչով դիմել է ՀՀ եւ Արցախի բոլոր ՄԻՊ-երին՝ շեշտադրելու այն հանգամանքը, որ խոսքը Արցախում ապրող մարդկանց իրավունքներին է վերաբերում։ Ակցիայի մասնակիցներն արդեն եղել են ԱՄՆ, Չինաստանի, ԵՄ դեսպանությունների մոտ եւ հաջորդ կանգառը ՌԴ դեսպանատունն էր։  «Ես կարծում եմ՝ Ռուսաստանի դերակատարումն առավել քան կարեւոր է՝ որպես եռակողմ հայտարարության կողմ, երաշխավոր, որպես Արցախում միջազգային միակ ներկայացվածություն, որպես ՄԱԿ ԱԽ-ում 5 մշտական անդամներից մեկը։ Միջազգային հանրության անդամներից երեւի ոչ մեկն այնքան չի տիրապետում, թե ինչ է կատարվում Արցախում, որքան ՌԴ-ն։ 2 Հազար ռուս խաղաղապահներն ամենօրյա ռեժիմով տեսնում են, թե Ադրբեջանն ինչպես է խախտում  Արցախում ապրող 120 հազար մարդու իրավունքները, այդ խախտումները պարբերաբար արձանագրվում են նաեւ ՌԴ ՊՆ տեղեկագրերում։ ՌԴ-ն տեսնում է նաեւ, որ Ադրբեջանը մասնավորապես սկսած 2022-ի փետրվար-մարտ ամիսներից, իրականացնում է նաեւ ռուս խաղաղապահներին որակազրկելու։ Դրանով նպատակ են հետապնդում նախապատրաստելու, որ 2025 թվականից հետո ռուս խաղաղապահների ուժերը հանվեն ԱՐցախից, իսկ Արցախի ժողովուրդը թողնվի առանց անվտանգույան երաշխիքների։ Մենք գտնում ենք, որ ՌԴ-ն իր գործողություններով սանձի Ադրբեջանին, պարտավոր է իրականացնել եռակողմ հայտարարության դրույթները եւ ձեռնարկի բոլոր գործողությունները, որոնք անհրաժեշտ են Արցախում բնակվող մարդկանց անվտանգությունը երաշխավորելու համար։ Ես վստահ եմ, որ ՌԴ-ն դա կարող է անել, վստահ եմ՝ ՌԴ-ն դա ուզում է անել եւ ես՝ որպես Արցախի ՄԻՊ, որը շատ հաճախ շփում է ունենում խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչների հետ, գիտեմ, որ զորակազմում մարդիկ են, որոնք իրապես հավատարիմ են իրենց առաքելությանը։ Ուզում են նորից դիմել այդ մարդկանց՝ խնդրելով, որ ձեռնարկեն բոլոր գործողությունները, որ ամենակարճ ժամանակահատվածում՝ հենց այս պահին, վերականգնվի մայր Հայաստանի ու Արցախի միջեւ անխափան կապը»,- ասաց Գեղամ Ստեփանյանը։  ՄԻՊ-ի խոսքով՝ Ադրբեջանը չպետք է անպատժելիություն զգա, պետք է զգա, որ իր գործողությունները հստակ արձագանքի են արժանանաում, միայն այդ դեպքում է հնարավոր, որ Ադրբեջանը հարգի Արցախի ժողովրդի իրավունքները, կատարի եռակողմ հայտարարության դրույթները։ Արտակ Բեգլարյանը նորից խիստ կարեւորեց օդային հումանիտար միջանցքի տրամադրումը․ «Եթե այս ճանապարհը հիմա փակված է, մենք ունենք տոտալ շրջափակում, այնինչ օդային ճանապարհը կարող է այլընտրանքային միջոց լինեն գոնե հումանիտար բեռների փոխադրման համար, գոնե սուր կարիքների դեպքում մարդկային տեղաշարժի համար»։  Ակցիայի մասնակիցները դեպի ՌԴ դեսպանատուն էլ նետեցին իրենց պատրաստած թղթե ինքնաթիռները՝ ի նշան օդային հումանիտար միջանցքի բացման պահանջի։ Ակցիային մասնակցում էին նաեւ ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն ու ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։ Հիշեցնենք, որ արդեն չորրորդ օրն է, ինչ Ադրբեջանը շարունակում է արգելափակված պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ Դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանություններով փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը։ Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում` անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ: Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Ադրբեջանը դեկտեմբերի 13-ից խափանել է նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը:  
17:31 - 15 դեկտեմբերի, 2022
Թագուհի Թովմասյանը միջազգային կառույցներին ահազանգել է Բաքվում պահվող հայ գերի Վիգեն Էուլջեքյանի նկատմամբ կատարվածի վերաբերյալ

Թագուհի Թովմասյանը միջազգային կառույցներին ահազանգել է Բաքվում պահվող հայ գերի Վիգեն Էուլջեքյանի նկատմամբ կատարվածի վերաբերյալ

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը հրատապ գրություններ է ուղարկել միջազգայինիրավասու օղակներին՝ պահանջելով թիրախային գնահատական տալ նոյեմբերի 10-ից ադրբեջանցի զինվորականների կողմից գերեվարված ու Բաքվում պահվող Վիգեն Էուլջեքյանի նկատմամբ կատարվածի վերաբերյալ: Այս մասին նշված է Թագուհի Թովմասյանի տարածած հաղորդագրության մեջ. «Բաքվում ի՜նչ խոշտանգումների պետք է ենթարկած լինեն հայ գերուն, որ ծնողինխնդրի փրկել իրեն և ազատել մահից․ Պաշտոնական Բաքվի անմարդկայնությունըորևէ բարոյական սահման չունի։ 2020 թվականի նոյեմբերի 10-ից ադրբեջանցի զինվորականների կողմից գերեվարված Վիգեն Էուլջեքյանի կինը՝ Լինդա Էուլջեքյանն, ահազանգել է, որ գերեվարված Վիգեն Էուլջեքյանը ենթարկվում է ծեծի, խոշտանգումների, անմարդկային և դաժան վերաբերմունքի և ունի հրատապ օգնության կարիք։ 1 շաբաթ առաջ էլ Վիգենի հետ խոսել է մայրը։ Վերջինս պնդում է, որ որդու կյանքին վտանգ է սպառնում, քանի որ հիվանդ է և հրաժարվում է սնունդ ընդունել․ Վիգենը 95 կգ էր, ապօրինի բանտարկության ընթացքում դարձել է 45 կգ: Հեռախոսազրույցի ընթացքում որդին խնդրել է մորը փրկել իրեն, ազատել մահից։ Ադրբեջանական այս հանցագործություններն ամբողջությամբ խախտում են «Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին» 1949 թվականի օգոստոսի 12-ի ժնևի կոնվենցիայով ամրագրված արգելքները։ Մասնավորապես, Կոնվենցիայում արձանագրված է, որ ռազմագերիների հետ պետք է մշտապես վարվել մարդասիրաբար: Գերության մեջ պահող տերության ցանկացած ակտը կամ անգործությունը, ինչը հարուցում է նրա իշխանության տակ գտնվող ռազմագերու մահը, կամ ռազմագերու առողջությունը դնում լուրջ սպառնալիքի տակ, արգելվում են և կդիտվեն որպես սույն Կոնվենցիայի լուրջ խախտումներ: Գերության մեջ պահող տերությունը պարտավոր է անվճար ապահովել ռազմագերիների պահպանումը ու նաև բժշկական օգնությունը, որ կպահանջի նրանց առողջական վիճակը։ Օրական հիմնական կերաբաժինն իր որակով, քանակով, բազմազանությամբ պետք է բավարար լինի այն բանի համար, որպեսզի պահպանվի ռազմագերիների առողջության բարվոք վիճակը, և թույլ չտրվեն նրանց քաշի կորուստ կամ երևույթներ` կապված սննդի անբավարար լինելու հետ: Գերության մեջ պահող տերությունն է պատասխանատվություն կրում ռազմագերիների հետ վարվելակերպի համար, ուստի հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային իրավասու օղակներին, որոնցով՝ պահանջել եմ հստակ քայլեր և թիրախային գնահատական հայ գերի Վիգեն Էուլջեքյանի նկատմամբ կատարվածի վերաբերյալ, Խնդրել եմ իրենց ուժերի առավելագույնը ներդնել հայ ռազմագերիների հայրենադարձման գործընթացը հնարավորինս շուտ իրականացնելու նպատակով՝ դաժան, անմարդկային վերաբերմունքից և խոշտանգումներից նրանց ձերբազատելու համար, խնդրել եմ միջնորդել իմ և Վիգեն Էուլջեքյանի հեռախոսային զրույցի կազմակերպմանը։ Միջազգային կառույցներին ևս մեկ անգամ ահազանգում եմ՝ հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց հայրենադարձումը Ժնևյան կոնվենցիայով սահմանված պարտավորություն է Ադրբեջանի համար, որի իրականացման համար ձևավորվել է միջազգային հանրության ուղիղ միջամտության հրատապ անհրաժեշտությունը՝ ի պաշտպանություն հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց կյանքի իրավունքի։ Գործե՛ք, քանի դեռ շատ ուշ չէ»:
10:27 - 12 դեկտեմբերի, 2022
«Ձեր խաղաղության օրակարգը կեղծ է». Թագուհի Թովմասյանը՝ Ադրբեջանի խորհրդարանի հանձնաժողովի նախագահ Օրուջային

«Ձեր խաղաղության օրակարգը կեղծ է». Թագուհի Թովմասյանը՝ Ադրբեջանի խորհրդարանի հանձնաժողովի նախագահ Օրուջային

Պատերազմական հանցագործություններով հայտնի Ադրբեջանում փաստորեն գոյություն ունի Մարդու իրավունքների հարցերով հանձնաժողով: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը, ով նաեւ տեսանյութ է հրապարակել: Նա մասնավորապես, գրել է. «Լրատվական կայքերում տարածվում է Ադրբեջանի խորհրդարանի` Մարդու իրավունքներով զբաղվող ինչ-որ հանձնաժողովի նախագահ Զ․ Օրուջայի հայտարարությունն առ այն, որ Ադրբեջանը պատերազմով տիրեց Շուշիին, խաղաղությամբ էլ կտիրի Երևանին։ Միջազգային գործընկերներիս ուշադրությունն եմ հրավիրում այն հանգամանքի վրա, որ մարդու իրավունքներով զբաղվող Ադրբեջանի այս պաշտոնյան ըստ էության անտեսում է մարդու անօտարելի, համընդհանուր իրավունքների պաշտպանությանը վերաբերող այն առանցքային դրույթները, որոնցով պետությունները պարտավորված են առաջնորդվել իրենց միջազգային հարաբերություններում։ Մասնավորապես․ այս հայտարարությամբ Ադրբեջանի Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահը փաստորեն ողջունում է Ադրբեջանի վարքագիծն առ այն, որ Ադրբեջանը, խախտելով ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների հիմքում դրված, ինչպես նաեւ ՄԱԿ-ի Կանոնադրությամբ, ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտում ամրագրված՝ ուժի գործադրումից կամ դրա սպառնալիքից ձեռնպահ մնալու, վեճերի խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունքները, 2020թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծել է լայնամասշտաբ ռազմական ագրեսիա Արցախի դեմ, կիրառել ընդհանուր միջազգային իրավունքով արգելված զինատեսակներ, թիրախավորել Արցախի քաղաքացիական բնակչությունը եւ ենթակառուցվածքները: Իսկ Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների հետևանքով հազարավոր մարդկային կյանքերի կորուստը ցավալի է, որ որևէ կերպ չի հետաքրքրում մարդու իրավունքներով զբաղվող այս պաշտոնյային։ Զ․ Օրուջան, հավատարիմ Ադրբեջանի նվաճողական քաղաքականության տրամաբանությանը, խոսում է միջազգային իրավունքի սուբյեկտի՝ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքին տիրանալու մասին, որը միջազգային իրավունքի աղաղակող խախտում է։ Ինչ վերաբերում է վերջինիս հիշատակած խաղաղությանը, ընդգծում եմ՝ Ձեր խաղաղությունը՝  ամենօրյա հրաձգային, ականանետային կրակոցներն են,  հայ խաղաղ բնակչության, զինծառայողների սպանություններն ու վիրավորումներն են, քաղաքացիական բնակչության ուղղակի թիրախավորումը,  հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց պատանդառությունը, գերության մեջ հայտնված հայ զինծառայողների ու քաղաքացիական անձանց արտադատական սպանությունները,  բռնի անհետացումը,  քաղաքացիական անձանց, այդ թվում՝ կանանց նկատմամբ խոշտանգումները, դաժան և անմարդկային վերաբերմունքը,  հայ ժողովրդի նկատմամբ էթնիկ ատելությունը, նոր ցեղասպանության իրագործման պետական քաղաքականության կյանքի կոչումը,  Արցախի շրջափակումն ու աշխարհի հետ կապի արգելափակումը,  Երեխաներին սննդի մատակարարումների արգելափակումը, նրանց կյանքի իրավունքի ոտնահարումները,  վիրավորներին անհրաժեշտ բժշկական օգնության արգելափակումը,  առհասարակ անարգանքը միջազգային հումանիտար իրավունքի նկատմամբ... Թերևս այս պաշտոնյային հիշեցնեմ՝ Ձեր խաղաղության օրակարգն այնքան կեղծ է, որ Արդարադատության միջազգային դատարանը ձեզ պարտավորեցրել է՝ 1․ «Պաշտպանել բռնությունից և մարմնական վնասվածքներից բոլոր այն անձանց, ովքեր գերեվարվել են՝ 2020թ․ զինված հակամարտությամբ պայմանավորված, և դեռևս շարունակում են մնալ գերեվարված, և ապահովել նրանց անվտանգությունն ու օրենքի առջև հավասարությունը», 2․ «Ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու ազգությամբ և էթնիկ հայերին թիրախավորող ռասայական ատելության և խտրականության հրահրումը և խթանումը, ներառյալ՝ Ադրբեջանի պաշտոնյաների և պետական հաստատությունների կողմից»․․․ Միաժամանակ կարող եք ընդունել ի գիտություն, որ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայով Ադրբեջանի կողմից ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեի եզրափակիչ դիտարկումներում տեղ են գտել 2020թ․ Արցախի դեմ ագրեսիայի ընթացքում և դրանից հետո Ադրբեջանի կողմից իրականացվող մարդու իրավունքների կոպիտ խախտումների դեպքերը։ Իսկ Ձեր երկրում մարդու իրավունքների խայտառակ վիճակի վերաբերյալ տեղեկություն ստանալու համար կարող եք ծանոթանալ Freedom House-ի 2021, 2022 թվականների զեկույցներին հետևյալ հղումով։ Լուսանկարը՝ Ազգային ժողովի
10:48 - 08 դեկտեմբերի, 2022
«Պատիվ ունեմ» խմբակցությունը վերադառնում է խորհրդարան

«Պատիվ ունեմ» խմբակցությունը վերադառնում է խորհրդարան

«Պատիվ ունեմ» խմբակցությունը վերադառնում է խորհրդարան։ Այս մասին հայտնել է խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։ «Եկող շաբաթվա ԱԺ նիստերին մենք մասնակցելու ենք: Բայց դա չի նշանակում, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ պայքարը չի շարունակվելու: Փողոցում, այլ ձևաչափի պայքարի միջոցները կիրառվելու են Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ, նրա շարունակականությունը կասեցնելու դեմ, բայց այս պահին կլինենք նաև խորհրդարանում:   Մենք խորհրդարանական լծակները մինչ այս ծառայեցրել ենք որպես բացառապես պայքարի գործիք և մենք այդ գործիքը պատրաստվում ենք ամբողջապես օգտագործել: Մեր դիրքորոշման մեջ ոչինչ չի փոխվել։ Ես ևս մեկ անգամ վերահաստատում եմ, որ մեր ձեռքի տակ եղած ամբողջ գործիքակազմն օգտագործելու ենք այս իշխանությունների հեռացման համար:  Ազգային ժողովում լինելը և փողոցային պայքարը միմյանց չբացառող գործընթացներ են»,- գրել է պատգամավորը։
13:44 - 11 նոյեմբերի, 2022
Չինաստանը հայ ժողովրդի կողքին է. Չինաստանի դեսպանը՝ ՀՀ պատգամավորի հետ հանդիպմանը

Չինաստանը հայ ժողովրդի կողքին է. Չինաստանի դեսպանը՝ ՀՀ պատգամավորի հետ հանդիպմանը

Հայաստանի Հանրապետության ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը Ազգային ժողովում հյուրընկալել է ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետությանդեսպան Յոնգ Ֆանին։ «Քննարկման առանցքում մարդու իրավունքների բնագավառում հայ-չինական համագործակցության զարգացման հարցերն էին՝ ի նպաստ Հայաստանում առկա ոլորտային խնդիրների կարգավորման գործում առաջընթացի ձեռքբերման։ Դեսպանին շնորհավորեցի Սի Ծինփինի՝ Չինաստանի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։ Միաժամանակ շնորհակալություն հայտնեցի հայ ժողովրդին աջակցելու համար։ Ընդգծեցի համագործակցության ոչ միայն տնտեսական, այլև քաղաքակրթական բաղադրիչի առկայությունը, հումանիտար հարցերում շփումների պատրաստակամությունս: Առաջարկեցի կազմակերպել չինարենի ուսուցում հատկապես մարզերում, որոնք մեր ուշադրության կարիքն ունեն առավել, քան երբևէ»,- «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է Թագուհի Թովմասյանը: Գրառման մեջ նշև նշվում է, որ դեսպանն իր խոսքում անդրադարձել է Չինաստանում աղքատության հաղթահարման ուղղությամբ իրականացված քայլերին, որոնց արդյունքում հասել են շոշափելի առաջընթացի մարդու իրավունքների պաշտպանության հարցերում. տեղի է ունեցել արդիականացում, այն է՝ հաշվի են առել տարբեր երկրների փորձը, բայց գնացել չինական ճանապարհով։ Դեսպանը նաև ընդգծել է, որ պատրաստ են Հայաստանի հետ կիսվել չինական փորձով։ «Այս տարի Հայաստանի և Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակն է։ Չինաստանը հայ ժողովրդի կողքին է, միշտ պատրաստակամությամբ է արձագանքել հայ ժողովրդի կարիքներին և ուրախ կլինի ցուցաբերել անհրաժեշտ օժանդակություն», - շեշտել է դեսպանը։
11:14 - 04 նոյեմբերի, 2022
«Պատիվ ունեմ»-ը ՍԴ-ում կվիճարկի ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանի ընտրությունը

«Պատիվ ունեմ»-ը ՍԴ-ում կվիճարկի ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանի ընտրությունը

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցությունը պատրաստվում է Սահմանադրական դատարանում վիճարկել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նորանշանակ նախագահ Վահագն Հովակիմյանի ընտրությունը։ Ինչպես ավելի վաղ գրել ենք, Հովակիմյանը, որպես պատգամավոր եւ ԿԸՀ անդամի թեկնածու, մասնակցելով իր իսկ քվեարկությանը, խախտել է «ՀՀ ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի պահանջները, ըստ որի՝ պատգամավորական էթիկայի խախտում է, ի թիվս այլնի, պատգամավորի կողմից իր լիազորություններն իրականացնելիս իր կամ իր հետ փոխկապակցված անձանց անձնական շահերով առաջնորդվելը, իսկ անձնական շահերով առաջնորդվել է նաեւ քվեարկությանը մասնակցելը, որը կարող է հանգեցնել կամ նպաստել պաշտոնում իր ընտրությանը կամ նշանակմանը։ Հովակիմյանի նշանակումից հետո Infocom-ը գրավոր հարցմամբ դիմել էր ԱԺ երեք խմբակցություններին՝ խնդրելով հայտնել, թե ինչ դիրքորոշում ունեն Հովակիմյանի սեփական քվեարկությանը մասնակցելու վերաբերյալ եւ արդյոք պատրաստվում են իրավական գործընթաց սկսել։ Հաշվի առնելով, որ նշանակումից հետո մի շարք հասարակական կազմակերպություններ հայտարարությամբ էին հանդես եկել՝ ի թիվս այլնի, խմբակցություններին հորդորելով ԱԺ պատգամավորական էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ նախագիծ ներկայացնել՝ հարցրել էինք նաեւ՝ արդյո՞ք պատրաստվում են նման նախագիծ ներկայացնել։ «Պատիվ ունեմ»-ի մասնագետները կազմում եմ ՍԴ դիմումը «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը մեր հարցմանն ի պատասխան տեղեկացրել է, որ խմբակցության կարծիքով՝ ՀՀ ԿԸՀ նախագահի պաշտոնը անկյունաքարային է ժողովրդավարության եւ դրա շարունակականությունն ապահովելու տեսանկյունից, ուստի ԿԸՀ-ի նախագահի ընտրության օրինականության հարցը պետք է վիճարկվի ՀՀ բարձր Սահմանադրական դատարանում։ Թովմասյանի փոխանցմամբ՝ այս պահին մասնագետները կազմում եմ դիմումը․ «ԿԸՀ-ը անկախ պետական մարմին է: ՀՀ Սահմանադրության 195-րդ հոդվածը սահմանում է, որ ԿԸՀ անդամներն իրենց լիազորությունների իրականացման ժամանակահատվածում չեն կարող լինել որեւէ կուսակցության անդամ կամ որեւէ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ: Վահագն Հովակիմյանի նշանակումը ԿԸՀ-ի նախագահի պաշտոնում իշխող կուսակցության նեղ խմբային, քաղաքական շահի սպասարկման դրսեւորում է, քանի որ նա, լինելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ, երկար տարիներ զբաղվում է ակտիվ քաղաքական գործունեությամբ»,- նշել է պատգամավորը։ Մեջբերելով հիշյալ օրենքի դրույթները՝ նա ընդգծել է, որ Վահագն Հովակիմյանը քվեարկությունից առաջ պարտավոր էր հանդես գալ շահերի բախման վերաբերյալ հայտարարությամբ, եւ այդ դեպքում հարցի քվեարկությունից նրա բացակայությունը համարվեր հարգելի․ «Ընդ որում, մեր կարծիքով նրա քվեն վճռորոշ է եղել ընտրության արդյունքների հարցում, քանի որ համաձայն ՀՀ Սահմանադրության 195-րդ հոդվածի պահանջերի՝ ԿԸՀ նախագահին եւ մյուս անդամներին ԱԺ իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ ընտրում է ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, ուստի մեզ համար ակնհայտ է դառնում, որ Վահագն Հովակիմյանի ընտրության համար անհրաժեշտ էր առնվազն 65 կողմ ձայն, իսկ նա հենց այդ քանակությամբ ձայն էլ ստացել է,- ասված է «Պատիվ ունեմ»-ի պատասխանում։ «Հայաստան» խմբակցությունը քննարկում է իրավական գործընթաց նախաձեռնելու հարցը «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը մեր հարցմանն ի պատասխան հայտնել է, որ իրավական գործընթաց նախաձեռնելու եւ համանման հարցերը գտնվում են քննարկման փուլում, արդյունավետ լուծման հանգելու պարագայում լրացուցիչ կտեղեկացնեն։ Ըստ Մինասյանի՝ Վահագն Հովակիմյանի կողմից իր իսկ քվեարկությանը մասնակցելը, ինչպես նաեւ առհասարակ նրա թեկնածության առաջադրումն ու ԿԸՀ նախագահի պաշտոնում «ընտրությունը» Հայաստանի օրվա քաղաքական իշխանություն իրականացնող վարչախմբի հերթական ապօրինությունն է՝ հակաժողովրդավարական, հակաիրավական եւ հակաքաղաքական դրսևորման ակհայտ ցուցադրմամբ․ «Հանրային իշխանության՝ սահմանադրական ինստիտուտները զավթելու անթաքույց վարքագիծ դրսեւորող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, չբավարարվելով գործադիր եւ օրենսդիր իշխանության լծակները իրենով անելու հակաժողվրդավարական մեթոդներով, տեւական ժամանակ ոտնահարելով ՀՀ գործող Սահմանադրությունն ու պառլամենտարիզմի միջազգային սկզբունքները, զավթում է դատական իշխանության եւ անկախ պետական մարմինների առանցքային պաշտոնները, յուրացնում տեղական ինքնակառավարման մարմինների ու իրավապահ համակարգի գործառույթները: Ցավոք, այս ամենը, ինչպես նաեւ իշխանությունների տարանջատման եւ հավասարակշոման հիմնարար սկզբունքը ոտնահարվում է նաեւ քաղաքացիական հասարակության աչքի առաջ, օրը ցերեկով՝ վերջինիս լուռ համաձայնությամբ»,- գրել է խմբակցության քարտուղարը։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը անտեսում է լրատվամիջոցի գրավոր հարցումը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, չնայած օրենքով սահմանված ժամկետի ավարտին, մեր գրավոր հարցմանը չի պատասխանել։ Նշենք, որ տեղեկություն ստանալու իրավունքը ամրագրված է Սահմանադրությամբ, իսկ դրա կարգը սահմանված է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ  օրենքով։  Օրենքի 9-րդ հոդվածի համաձայն՝ գրավոր հարցման պատասխանը տրվում է այն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում, իսկ եթե տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ապա այն դիմողին է տրվում դիմումը ստանալուց հետո՝ 30-օրյա ժամկետում, որի մասին դիմողին գրավոր տեղեկացնում են նույն 5-օրյա ժամկետում՝ նշելով հետաձգման պատճառները եւ տեղեկությունը տրամադրելու վերջնական ժամկետը։ Գրավոր հարցումը ՔՊ-ին մենք ուղարկել ենք հոկտեմբերի 14-ին՝ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի անվամբ, եւ ուղարկելուց հետո նրա օգնական Նատալի Սինորյանից հավաստիացել ենք, որ այն ստացել են։ 5-օրյա ժամկետը լրանալուց հետո հարցման պատասխանը չենք ստացել եւ կապ ենք հաստատել Սինորյանի հետ պատճառները հասկանալու համար։ Վերջինս տեղեկացրել է, որ Հայկ Կոնջորյանից հարցման վերաբերյալ որեւէ հանձնարարական չի ստացել։ Խնդրել ենք ճշտել՝ հիշեցնելով օրենքով նախատեսված ժամկետի ավարտի մասին։ Սինորյանը խոստացել է ճշտել եւ տեղեկացնել, ինչն այդպես էլ չի արվել։ Օրեր անց դարձյալ զանգահարել ենք նրան եւ ստացել նույն պատասխանը, թե Կոնջորյանը հարցման հետ կապված դարձյալ որեւէ հանձնարարական չի տվել։ Հայտնել ենք, որ այդ պատասխանը մեզ չի բավարարում, քանի որ օրենքով սահմանված ժամկետը լրացել է, եւ մենք արդեն իսկ մի քանի օր ավելի սպասել ենք, որպեսզի ինքը ճշտի, ուստի խնդրել ենք հայտնել, թե ինչ է ճշտել։ Ի պատասխան՝ Սինորյանն ասել է, որ հասկանում է, սակայն Կոնջորյանը հանդիպումների մեջ է եղել, եւ ինքն ավելացնելու ոչինչ չունի։ Օգնականը հավելել է, որ նորություն ունենալու դեպքում կզանգահարի, եւ անջատել է հեռախոսը։ Մենք փորձել ենք կապ հաստատել նաեւ պատգամավոր Հայկ Կոնջորյանի հետ, սակայն նա հեռախոսազանգերին չի պատասխանել։     Միլենա Խաչիկյան  
14:23 - 03 նոյեմբերի, 2022
Ադրբեջանը մտադիր է նոր ագրեսիա անել. Թագուհի Թովմասյանը դիմել է միջազգային գործընկերներին՝ կանխարգելելու այն

Ադրբեջանը մտադիր է նոր ագրեսիա անել. Թագուհի Թովմասյանը դիմել է միջազգային գործընկերներին՝ կանխարգելելու այն

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ հրատապ դիմել է միջազգային գործընկերներին՝ իրականացնելու Ադրբեջանի հնարավոր հարձակումը կանխարգելող գործնական քայլեր: «Հրատապ դիմել եմ միջազգային գործընկերներիս՝ իրականացնելու Ադրբեջանի հնարավոր հարձակումը կանխարգելող գործնական քայլեր: Վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին՝ մասնավորապես, Վարդենիսի ուղղությամբ, Ադրբեջանի կողմից իրադրության լարումը վկայում է Ադրբեջանի հնարավոր նոր հարձակման վտանգների մասին։ ՀՀ պաշտպանության նախարարությունը տարածեց հաղորդագրություն, որ Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից իրականացվել է լրացուցիչ ուժերի և միջոցների տեղաշարժ ու բացազատումում, որն առաջացրել է որոշակի լարվածություն: Ադրբեջանական կողմը շարունակաբար տարածում է նաև ապատեղեկատվություն հայկական կողմի կրակ բացելու վերաբերյալ՝ հնարավոր է, փորձելով հիմքեր ստեղծել իրենց առաջիկա հնարավոր հարձակման համար։ Գնահատելով իրավիճակի լրջությունը և իրադրության ապակայունացման հնարավոր նոր ռիսկերը՝ հրատապ նամակներ եմ ուղարկել միջազգային գործընկերներիս՝ ներկայացնելով իրավիճակի լրջությունը, ռիսկերը և խնդրել ձեռնարկել գործնական քայլեր՝ կանխելու Հայաստանի դեմ Ադրբեջանի նոր ռազմական ագրեսիան։ Երեկ ԱՄՆ կոնգրեսականների հետ հանդիպման ժամանակ կիսվեցի այս ահազանգի, ինչպես նաև մի շարք այլ հրատապ հարցերի վերաբերյալ և նրանց հետ ունեցած զրույցում հնչեցրի «SOS» այն կապակցությամբ, որ Ադրբեջանը մտադիր է իրականացնել նոր ագրեսիա»։
10:39 - 19 հոկտեմբերի, 2022
Հայաստանում զորակոչի գործընթացն իրականացվում է մարդու իրավունքների կոպիտ խախտումներով.Թագուհի Թովմասյանն ահազանգում է
 |pastinfo.am|

Հայաստանում զորակոչի գործընթացն իրականացվում է մարդու իրավունքների կոպիտ խախտումներով.Թագուհի Թովմասյանն ահազանգում է |pastinfo.am|

pastinfo.am: Հայաստանի սահմանները շարունակում են կահավորման խնդիրներ ունենալ, որոնք օր առաջ պետք է լուծվեն: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը: «Մենք չենք կարող հավերժ բողոքել բոլորից, բայց ինքներս չհասկանալ, որ ՀՀ իշխանությունը չի անում անհրաժեշտ քայլեր՝ կահավորված առաջնագիծ ապահովելու համար: Մենք խնդիր ունենք մեր սահմաններն ամրացնելու, մեր դարպասները փակելու, քանի որ մշտապես գտնվում ենք մեր հարևան, բայց՝ ոչ բարեկամ երկրի ծավալապաշտական նկրտումների տիրույթում, որը անընդհատ ցանկանում է իր տարածքներն ավելացնել՝ մեր հայրենիքի հաշվին, պետք է բոլոր ռեսուրսները մեկտեղենք, և թույլ չտանք սա»,-ասաց նա: Թագուհի Թովմասյանը նաև ահազանգեց, որ Հայաստանում զորակոչի գործընթացն իրականացվում է մարդու իրավունքների կոպիտ խախտումներով: Նա մանրամասնեց, որ ծանուցումներն ուղարկվում են քաղաքացիներին և անմիջապես հաջորդ օրը նրանցից պահանջում են ներկայանալ, սակայն մինչ այդ հնարավորություն չի լինում, որ քաղաքացին բուժզննում անցնի. «Այս գործընթացը պետք է կազմակերպվի մարդկանց իրավունքները չխախտելով, այլ ոչ թե՝ սպոնտան, ինչպես եղել է և շարունակվում է մինչ օրս»,-ասաց Թովմասյանը:
11:41 - 10 հոկտեմբերի, 2022
Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը պիտի լուծվի Եռակողմ հայտարարության 6-րդ կետով․ ՌԴ դեսպանատուն

Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը պիտի լուծվի Եռակողմ հայտարարության 6-րդ կետով․ ՌԴ դեսպանատուն

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը տեղեկացնում է, որ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունն արձագանքել է Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի մասով իր գրություններին։ «Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը պետք է լուծվի Եռակողմ հայտարարության 6-րդ կետի հիման վրա․ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունն արձագանքել է իմ գրություններին Ադրբեջանի հանցավոր վարքագծի շարունակական դրսեւորումների վերաբերյալ հետեւողականորեն ծանուցում եմ միջազգային գործընկերներիս, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին։ Հերթական նամակով ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի ուշադրությունն էի հրավիրել Արցախի վրա Ադրբեջանի հարձակման փաստի վրա, որը տեղի ունեցավ օգոստոսի 1-ին, երբ ադրբեջանական կողմը փորձեց հատել շփման գիծը՝ հաջորդող օրերին բացի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կիրառելով նաեւ ականանետեր, նռնականետեր եւ հարվածային ԱԹՍ-ներ։ Քանի որ Ադրբեջանը հերթական անգամ խախտեց 2020թ․ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունը, որի արդյունքում ունեցանք զոհեր եւ վիրավորներ, ռուս գործընկերոջս խնդրել էի դատապարտել Ադրբեջանի այս հանցավոր վարքագիծը, քայլեր ձեռնարկել տարածաշրջանում իրավիճակի կայունացման ուղղությամբ։ ՀՀ-ում ՌԴ դեսպանատնից ստացել եմ գրություն, համաձայն որի՝ իրավիճակը ռուսական խաղաղապահ զորակազմը պատասխանատվության գոտում եւ հայ-ադրբեջանական սահմանին Ռուսաստանի արտաքին քաղաքականության համար կարեւոր հարց է։ «Կցանկանայինք Ձեր ուշադրությունը հրավիրել Ռուսաստանի ԱԳՆ-ի՝ օգոստոսի 4-ի հայտարարությանը՝ Ղարաբաղյան հակամարտության գոտում սրման կապակցությամբ։ Նախարարությունը կոչ արեց 2 կողմերին դրսեւորել զսպվածություն, պահպանել կրակի դադարեցման ռեժիմը եւ հաստատեց կարգավորման անհրաժեշտությունը՝ համապատասխան Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի առաջնորդների՝ 2020թ․ նոյեմբերի 10-ի, 2021թ. հունվարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի հայտարարությունների։ (…) Ռուս խաղաղապահները ձեռնարկում են բոլոր հնարավոր ջանքերը «ցամաքում» իրավիճակի կայունացման նպատակով։ Ե՛վ Բաքվում եւ՛ Երեւանում բազմիցս ընդգծվել է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի կարեւոր դերը: Համոզված են, որ այդ վստահությանը լիարժեքորեն արժանի են։ Պատրաստ ենք հետայսու եւս ցուցաբերել ցանկացած անհրաժեշտ աջակցություն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կապերի կարգավորմանը»,- նշվում է դեսպանատան արձագանքում։ Մեկ այլ գրությամբ Ռուսաստանի Դաշնության գործընկերներիս ուշադրությունն էի հրավիրել Բերձոր, Աղավնո եւ Ներքին Սուս բնակավայրերի հանձնման գործընթացի վրա։ Հաշված օրեր են մնացել, որ հայկական բնակավայրերը հանձնվեն Ադրբեջանին։ Եվ որքան մոտենում ենք Նիկոլ Փաշինյանի իշխանության կողմից համայն հայությանը պարտադրված այս ամոթալի իրականությանը, ապագայի տեսլականն էլ ավելի անորոշ է դառնում։ Իմ նամակով ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին ներկայացրել էի առկա դժվարությունները, ինչպես նաեւ Արցախի ԱԺ պատգամավոր գործընկերներիս մտահոգությունները, որ մարդկային, տեխնիկական եւ տրանսպորտային ռեսուրսները բավարար չեն տարհանման գործընթացի՝ ժամանակին իրականացման համար։ Խնդրել էի օժանդակել նշված բնակավայրերի հանձնման ժամկետի երկարաձգման հարցում։ ՌԴ դեսպանատունը պատասխան գրությամբ հայտնում է, որ Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը պիտի լուծվի Եռակողմ հայտարարության 6-րդ կետի հիման վրա։ Հիշեցնեմ՝ ՌԴ դեսպանատան մատնանշած 6-րդ կետի համաձայն՝ Կողմերի համաձայնությամբ, Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ կապն ապահովելու համար առաջիկա երեք տարիների ընթացքում պիտի հաստատվի Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ, որից հետո ռուսական խաղաղապահ զորակազմը կվերատեղակայվի՝ այդ երթուղին պաշտպանելու համար։ Դատելով նաեւ օրերս Երեւանում Ռուսաստանի դեսպանության խորհրդական- դեսպանորդ Մաքսիմ Սելեզնյովի հայտարարությունից, որ «Ռուս խաղաղապահները ոչ մի սանտիմետր չեն տեղաշարժվի Լաչինի գործող միջանցքից, քանի դեռ նոր ճանապարհը չի շահագործվել, կարելի է ենթադրել, որ այս մասով եւս դեռ ամեն ինչ հստակ չէ․ ի վերջո նշված 3 տարվա ժամկետի ավարտին դեռ ավելի քան 1 տարի էլ մնացել է։ ՌԴ դեսպանատնից հավելում են, որ իրենց գրությամբ նշված բոլոր թեմաների շուրջ անցկացվում են շահագրգիռ կողմերի քննարկումներ։ Դրանց նպատակն է հասնել բոլորին բավարարող համաձայնության, որպեսզի կյանքի կոչել Եռակողմ հայտարարությունը։ «Այդ նպատակով մենք մշտական երկխոսության մեջ ենք հայկական եւ ադրբեջանական կողմերի հետ ինչպես ամենաբարձր, այնպես էլ՝ Ռուսաստանի ՊՆ, ԱԳՆ եւ այլ գերատեսչությունների մակարդակով։ Օգոստոսի 2-ին եւ 8-ին կայացել են ՌԴ նախագահ Վ․ Վ․ Պուտինի եւ ՀՀ վարչապետ Ն․ Վ․ Փաշինյանի հեռախոսազրույցները։ Հայ եւ ադրբեջանցի գործընկերների հետ շփումներ են անցկացրել Ս․Վ․ Լավրովը եւ Ս․Կ․ Շոյգուն։ Պրոբլեմատիկայի զգայունությունը հաշվի առնելով՝ քննարկումների մանրամասները վեր չհանվեցին, այդուհանդերձ նման զրույցները համարվում են կարգավորման կարեւոր եւ գործուն գործիք»»,- գրել է Թովմասյանը։
10:31 - 22 օգոստոսի, 2022
Մենք գնահատում ենք ձեր ջանքերը ժողովրդավարության ուղղությամբ. ԱՄՆ դեսպանի պատասխանը Թագուհի Թովմասյանին

Մենք գնահատում ենք ձեր ջանքերը ժողովրդավարության ուղղությամբ. ԱՄՆ դեսպանի պատասխանը Թագուհի Թովմասյանին

Քաղաքական խմբակցություններից ակնկալում ենք աշխատել խորհրդարանում իրենց հասանելի ժողովրդավարական գործընթացների շրջանակներում: Այս մասին ասվում է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանի հրատապ նամակին ի արձագանք ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի պատասխանում: «ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնից Իշխան Սաղաթելյանին հետ կանչելու, Վահե Հակոբյանի՝ որպես ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ իշխող խմբակցության կողմից ներկայացված՝ Ազգային ժողովի որոշման նախագծերի շրջանառումից հետո հրատապ կերպով գրություններ էի պատրաստել և ուղարկել միջազգային կառույցներին, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին։ Գրություններով իմ գործընկերների հրատապ ուշադրությունն էի հրավիրել նշված նախագծերին և նշել, որ, ինչպես դրանց հիմնավորումներից է պարզ դառնում, իշխող խմբակցությունը նման նախաձեռնություններով է հանդես գալիս ընդդիմադիր պատգամավորների կողմից խորհրդարանական աշխատանքի բոյկոտի (քվեարկություններին չմասնակցելու, ԱԺ խորհրդի, մշտական հանձնաժողովի նիստերից բացակայությունների), ցույցերի, երթերի ժամանակ արտահայտած կարծիքների պատճառով։ Բոյկոտի առնչությամբ նշել էի, որ համաձայն Եվրոպական դատարանի դիրքորոշման` բոյկոտը հակառակ կարծիք արտահայտելու ձև է և պաշտպանված է Կոնվենցիայի 10-րդ հոդվածով, և որ հատկապես խորհրդարանական բոյկոտը լայն տարածում ունի բոլոր ժողովրդավարական պետություններում: Ինչ վերաբերում է ցույցերի, երթերի ընթացքում ընդդիմադիրների արտահայտած կարծիքներին և հնչեցրած կոչերին, ապա այս դեպքում նույնպես դրանք պաշտպանված են Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով (արտահայտվելու ազատություն): Եթե իշխանական պատգամավորների կարծիքով դրանք պարունակում են քրեական օրենքի խախտումներ, ապա դրանց պետք է տրվի քրեաիրավական գնահատական, իսկ եթե ոչ, դրանք հատկապես պատգամավորների համար ամբողջովին պաշտպանված են արտահայտվելու ազատությանը վերաբերող ներպետական և միջազգային նորմերով և, հետևաբար, դրանց համար նույնպես պատգամավորը չի կարող պատժվել: Այս հարցում գործընկերներիս խնդրել էի հրապարակային խոսքով հանդես գալ իշխանական խմբակցության այս վարքագծի վերաբերյալ, որը դեմ է ժողովրդավարական սկզբունքներին։ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին ի պատասխան հայտնում է. «Միացյալ Նահանգները հակված է Հայաստանի հետ գործընկերությանը՝ ամրապնդելու ժողովրդավարական ինստիտուտները, որոնք արտացոլում են մեր ընդհանուր արժեքները։ Մենք քաղաքական խմբակցություններից ակնկալում ենք աշխատել խորհրդարանում իրենց հասանելի ժողովրդավարական գործընթացների շրջանակներում, ինչպես հաստատված է Հայաստանի օրենսդրությամբ։ Մենք Հայաստանի համապատասխան մարմիններին ենք թողնում ընդդիմադիրներին իրենց պաշտոններից հեռացնելու՝ խորհրդարանում հուլիսի 1-ին ընդունված որոշումների օրինականությունը։ Մենք նաև շեշտում ենք, որ կառուցողական ընդդիմությունը կարևոր դեր է խաղում յուրաքանչյուր ժողովրդավարությունում։ Միացյալ Նահանգները հակված է աջակցել հայ ժողովրդին, քանզի նրանք շարունակում են հետապնդել ժողովրդավարական օրակարգ․ Ես գնահատում եմ Ձեր կառուցողական ջանքերն այս ուղղությամբ»,- ասվում է Թրեյսիի պատասխանում»։
12:52 - 09 հուլիսի, 2022
ՊՆ-ից գրավոր պարզաբանում եմ պահանջել՝ ինչու են թիրախավորվում ընդդիմադիրները. Թովմասյան

ՊՆ-ից գրավոր պարզաբանում եմ պահանջել՝ ինչու են թիրախավորվում ընդդիմադիրները. Թովմասյան

Եռամսյա վարժական հավաքները՝ մահակ ընդդիմադիր գործիչների նկատմամբ. Ռազմական կառույցի քաղաքականացման կարմիր գծերի հատման ահազանգերի հետքերով: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը: Նա նաեւ նշել է. «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքը պաշտպանության կազմակերպման և իրականացման գործընթացի հիմքում դնում է նաև մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքը։ Սակայն «հայաստանյան ժողովրդավարության» պայմաններում կարծես մարդու իրավունքներն իրենց տեղն են զիջում քաղաքական հրահանգներին՝ հասարակության ստվար զանգվածի մոտ առաջացնելով անարդարության վտանգավոր զգացում։ Որպես ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ այս օրերին ստանում եմ ահազանգեր, որ առաջիկա եռամսյա հավաքներին մասնակցելու համար հետևողականորեն ծանուցվում են ընդդիմության` վերջին ամիսների խաղաղ անհնազանդության ակցիաների մասնակիցներ: Ծանուցում է ուղարկվել օրինակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի՝ կալանքի տակ գտնվող որդուն, ցույցերին ակտիվ մասնակցող դաշնակցական Գևորգ Մուրադյանին, որը նույնպես բանտում է, ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության նախագահ Տարոն Ղազարյանի բնակարանի հասցեով և այսպես շարունակ: Ի՞նչ է ստացվում. քաղաքական ակցիաներին ի պատասխան՝ իշխանությունը «պատժում է» ընդդիմադիրներին՝ նրանց ներգրավելով վարժական հավաքներում: Մինչդեռ զինված ուժերի քաղաքականացումն առաջացնում է անարդարության մթնոլորտ․ ժողովրդավարական երկրում պետք է երաշխավորված լինի խոսքի, հավաքների ու քաղաքական ազատությունները: Ի դեպ, իշխանությունն այս հարցում գործում է բավականին բացահայտ. hիշենք ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ իշխող խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը ընդդիմության խաղաղ ակցիայի օրերին կոչ արեց ՀՀ պաշտպանության նախարարությանը բողոքի խաղաղ ակցիայի մասնակիցների ցանկը վերցնել ոստիկանությունից և եռամսյա վարժական հավաքներից ու պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիներին ընդգրկել եռամսյա վարժական հավաքներում։ Եվ հիմա շատ քաղաքացիների մոտ օբյեկտիվ հարց է առաջանում՝ արդյո՞ք օրինակ Նիկոլ Փաշինյանի, Կառավարության անդամների կամ իշխանական պատգամավորների որդիները ներգրավվում են հավաքներում, այն դեպքում, երբ ՀՀ Սահմանադրությունը հստակ սահմանում է օրենքի առջև ընդհանուր հավասարությունը։ Բացի այդ, շատ են քաղաքացիների դժգոհությունները, որ հեռախոսազանգի միջոցով զինկոմիսարիատի աշխատակից ներկայացած անձը քաղաքացուն կանչում է ինչ-որ տվյալներ հայտնելու, քաղաքացին հետաքրքրվում է, թե արդյոք գաղտնի տեղեկություն է տրամադրելու, թե ոչ, որպեսզի օպերատիվ կերպով՝ հեռախոսազանգի միջոցով պատասխանելու հնարավորությունը հստակեցնի։ Ի պատասխան՝ զինկոմիսարիատից հայտնում են, որ ընթացիկ թարմացումներ են, ոչինչ ավելի։ Քաղաքացիների մի մասը ինձ տեղեկացրեց, որ ամեն դեպքում գնացել են զինկոմիսարիատ, սակայն այնտեղ ոչ թե ընթացիկ ստուգումներ են եղել, այլ իրենց ծանուցել են, որ ներգրավվում են վարժական հավաքներում։ Քաղաքացիների մյուս մասն էլ, տեղյակ լինելով օրենքի կարգավորումներին, որ հեռախոսազանգի միջոցով զորահավաքի մասնակցին զինկոմիսարիատ կանչելը միանշանակ չի կարող համարվել պատշաճ ծանուցում, քանի որ օրենքով ծանուցման նման կարգ սահմանված չէ, հրաժարվել է գնալ զինկոմիսարիատ, ինչը որոշ դեպքերում լարում է առաջացրել: Մարդու իրավունքների ենթադրյալ խախտման դրվագները բազմաթիվ են, ուստի՝ պաշտոնապես հայտնում եմ մեր քաղաքացիներին՝ 1. Վարժական հավաքների կազմակերպման այս ընթացքում մարդու իրավունքներին առնչվող խնդիրների համար ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը իմ նախագահությամբ ծառայելու է որպես հարթակ՝ յուրաքանչյուր անհատական դեպքի հետևից օրենքով սահմանված կարգով գնալու համար, 2. Հանձնաժողովի փորձագետներին հանձնարարել եմ զբաղվել յուրաքանչյուր ահազանգով և ներկայացնել առաջարկներ մեր առաջիկա քայլերի վերաբերյալ՝ ի պաշտպանություն մարդու իրավունքների, 3. ՀՀ ՊՆ-ից գրավոր պարզաբանում եմ պահանջել եռամսյա հավաքների գործընթացի վերաբերյալ՝ հստակեցնելու, թե ինչու են թիրախավորվում ընդդիմադիրները, 4. Եռամսյա հավաքների, զորակոչի գործընթացում և, առհասարակ, մարդու իրավունքների խախտմանն առնչվող բոլոր հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել մեզ հետ 011 513 230 հեռախոսահամարով։ Չմոռանանք՝ հայրենիքին ծառայելը առաքելություն է, պարտք բոլորի համար, բայց ոչ երբեք պատիժ, սակայն Նիկոլ Փաշինյանի իշխանությունն այդ նվիրումը ևս ձևախեղել է ու հայրենիքի պաշտպանությունը դարձրել քաղաքական պատժի ձև: Անթուլատրելի է... ոչ թե ոմանք, այլ ԲՈԼՈՐԸ պետք է հավասար լինեն օրենքի առջև»:
10:52 - 04 հուլիսի, 2022
Շարունակելու եմ գործունեությունս՝ որպես մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ․ Թագուհի Թովմասյան

Շարունակելու եմ գործունեությունս՝ որպես մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ․ Թագուհի Թովմասյան

Չնայած ընդդիմադիր մի շարք պատգամավորների՝ ԱԺ վարչական պաշտոններից հրաժարվելուն, Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը հայտարարում է, որ շարունակելու իր գործունեությունը՝ որպես ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։ Պատգամավորի հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Այսօր քաղաքական իշխանությունը կայացրեց որոշում՝ ընդդիմադիրներին ԱԺ վարչական պաշտոններից զրկելու վերաբերյալ։ Ինչպես երեկ հայտարարել էի, սա Նիկոլ Փաշինյանի կողմից քաղաքական հաշվեհարդար էր ընդդիմադիր գործիչների նկատմամբ, որի առնչությամբ շարունակաբար միջազգային աղմուկ եմ բարձրացնելու: Ի համերաշխություն Իշխան Սաղաթելյանի և Վահե Հակոբյանի՝ մյուս մեր գործընկերները ևս հրաժարվեցին իրենց վարչական պաշտոններից: Ես երկար ծանրութեթև արեցի որոշումս կայացնելուց առաջ: Եւ պետք է մի քանի արձանագրում անեմ. – Եթե գործընկերային համերաշխության մասին էր խոսքը, ապա պետք է բոլորս գործընկերաբար Արթուր Վանեցյանից հետո հրաժարվեինք մեր պատգամավորական մանդատներից: – Դեռ նախորդ տարի հայտարարել էի, որ բոլոր ընդդիմադիրներով պետք է վայր դնենք մանդատները՝ պայմանով, որ հաջորդներից էլ որևէ մեկը չի վերցնելու իրեն տրված մանդատը: Այսինքն՝ մանդատից երբեք կառչած չեմ եղել: – ԱԺ պատգամավորի մանդատը, ինչպես հանձնաժողովի նախագահի կարգավիճակը, ընտրությունների միջոցով ժողովրդի կողմից տրված ժամանակավոր պատգամ է՝ ծառայելու քաղաքացուն: – ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը վարչական պաշտոն չէ, այլ առաքելություն, ընդդիմադիր պատգամավորի համար պայքարի լծակ: – Կարծում եմ, որ այս փուլում, հատկապես երբ որոշվում է Արցախի մեր հայրենակիցների ճակատագիրը, երբ Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավունքների խախտումների լրջագույն խնդիրներ են արձանագրվում, գործ անելու կարիք կա: – Ստեղծված իրավիճակում, երբ մեկ անգամ չէ, որ բարձրաձայնել եմ այն ահազանգերի մասին, որ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը առնչվող բոլոր ոլորտները ըստ էության գտնվում են իշխող կուսակցության ամբողջական վերահսկողության տակ (դատարաններ, քննչական մարմիններ, դատախազություն և այլն), ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը՝ որպես առաքելություն, մնացել է այն առանցքային օղակներից մեկը, որը զբաղվում է նաև իշխանության տեսակետները բազմաթիվ հարցերում չկիսող մեր հասարակության մի ստվար զանգվածի իրավունքների խախտման հարցերով: Եվ ճիշտ չէ հասարակության այդ ստվար զանգվածին զրկել այս կարևոր օղակից, որը հնարավորություն է տալիս այս ծանր իրավիճակում շարունակաբար և հետևողականորեն զբաղվել մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանությամբ։ Ուստի ստեղծված իրավիճակում համաձայն լինելով ընդդիմադիր գործընկերներիս բարձրաձայնումներին՝ առկա վտանգների, սպառնալիքների և մարտահրավերների վերաբերյալ, որոնց առջև կանգնած է մեր երկիրը, այդ թվում նաև դրանց դիմակայելու անհրաժեշտությունից ելնելով՝ Որոշել եմ շարունակել իմ գործունեությունը՝ որպես ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անկուսակցական, անկախ նախագահ: Մարդու իրավունքների պաշտպանությունը ապակուսակցական առաքելություն է»,- գրել է Թագուհի Թովմասյանը։
18:12 - 01 հուլիսի, 2022
Թագուհի Թովմասյանը լրագրողների իրավունքների խախտումների վերաբերյալ զեկույց է ուղարկել միջազգային կազմակերպություններին

Թագուհի Թովմասյանը լրագրողների իրավունքների խախտումների վերաբերյալ զեկույց է ուղարկել միջազգային կազմակերպություններին

Հայաստանի Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը լրագրողների իրավունքների խախտումների վերաբերյալ ամփոփ զեկույց է ուղարկել լրագրողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կազմակերպություններին։ «Ընդդիմության խաղաղ անհնազանդության ակցիաների ժամանակ բազմաթիվ ահազանգեր էի ստանում լրագրողների իրավունքների խախտումների, նրանց մասնագիտական ազատ գործունեությանը խոչընդոտելու վերաբերյալ»,-«Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Թովմասյանը՝ հավելելով, որ զեկույցում համապատասխան հղումներով անդրադարձ է արվում լրագրողների նկատմամբ իրականացված բռնություններին, չորրորդ իշխանության ներկայացուցիչների իրավունքների խախտումներին։ Թագուհի Թովմասյանն իր զեկույցին կցել է յոթ դեպքի նկարագրություն, որոնց ժամանակ ուժ է կիրառվել, մասնավորապես, լրագրող Նարե Գևորգյանի եւ օպերատոր Արման Ղարաջյանի, «AntiFake.am» լրատվական կայքի թղթակից Դավիթ Ֆիդանյանի և նույն կայքի օպերատոր Իշխան Խոսրովյանի, «Yerkir.am»-ի լրագրող Լիա Սարգսյանի, «Yerevan Today»-ի թղթակից Սյուզի Բադոյանի, «Aravot.am»-ի լրագրող Աշոտ Հակոբյանի, «Yerkir.am»-ի խմբագիր Վահե Սարգսյանի, «Իրավունք թերթ»-ի լրագրող Հրանտ Սարաֆյանի նկատմամբ։ Միջազգային գործընկերներին ուղարկված զեկույցներում Թովմասյանը բացարձակ անընդունելի է համարել իրենց մասնագիտական աշխատանքը կատարող լրագրողների նկատմամբ ուժի գործադրումը, նրանց գործունեությանը խոչընդոտելը։ «Միաժամանակ նշել եմ, որ հասարակական կարգի պահպանման իր պարտականությունների իրականացման ժամանակ ոստիկանությունը պիտի ապահովի այնպիսի պայմաններ, որոնցում լրագրողն ունակ կլինի զբաղվել ազատ մասնագիտական գործունեությամբ։ Լրագրողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող, ինչպես նաև այլ միջազգային կազմակերպությունների ղեկավարներին խնդրել եմ ձեռնարկել բոլոր հնարավոր համապատասխան միջոցառումները՝ ի պաշտպանություն լրագրողների իրավունքների»,-գրել է Թովմասյանը։
12:11 - 27 հունիսի, 2022
Տպավորություն է՝ Փաշինյանը և իր թիմը մերժել են ՀՀ-ԵՄ համաձայնագիրը՝ համարելով այն նախկինների ժառանգություն. Թովմասյան

Տպավորություն է՝ Փաշինյանը և իր թիմը մերժել են ՀՀ-ԵՄ համաձայնագիրը՝ համարելով այն նախկինների ժառանգություն. Թովմասյան

Տպավորություն է, որ հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը և իր թիմը մերժել են նաև ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը՝ դիտարկելով այն որպես նախկինների ժառանգություն: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը: Նա նաեւ նշել է. «Օրերս Ազգային ժողովում հանդիպել եմ «Աջակցություն ՀՀ արդարադատության նախարարությանը` ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրից բխող օրենսդրության մոտարկման գործընթացում» ծրագրի ղեկավար Միկելե Դինելիի և ծրագրի փորձագետների հետ: Ողջունել եմ, որ ԵՄ-ն ակտիվորեն քննարկում է համաձայնագրի իրականացման հարցը, քայլեր է ձեռնարկում այն կյանքի կոչելու համար, քանի որ դրա իրականացումը շատ կարևոր է Հայաստանի համար: Համաձայնագիրը կնքվել է դեռ 2017 թվականի նոյեմբերին  և տարիներ է, ինչ փոշոտվում է դարակներում: Տպավորություն է, որ ներկա իշխանությունը, նախկիններին մերժելով, մերժել է նաև մինչ հեղափոխությունը կնքված միջազգային այս համաձայնագիրը: Այս համաձայնագրով նոր օրենքները պետք է մշակվեն համաձայնագրի պահանջներին համապատասխան, մինչդեռ, ինչպես նշել եմ հանդիպման ընթացքում, այսօր ընդունվում են այնպիսի օրենքներ, որոնք չեն բխում համաձայնագրի սկզբունքներից: Այդպիսիններից է օրինակ հենց ծանր վիրավորանքը քրեականացնող օրինագիծը: Այս համաձայնագրում հստակ նշված է նաև, որ կողմերն ընդունում են, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պետք է հիմնված լինի ՄԱԿ-ի կանոնադրությունում և ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտում ամրագրված նպատակների և սկզբունքների վրա, մասնավորապես՝ ուժի սպառնալիքից կամ գործադրումից զերծ մնալու, պետությունների տարածքային ամբողջականության և ժողովուրդների հավասար իրավունքների և ինքնորոշման սկզբունքների վրա՝ հաշվի առնելով նաև կարգավորման գործընթացին աջակցելու Եվրամիության հանձնառությանը: Իսկ այս ուղուց մենք ինքներս վաղուց շեղվել ենք: Հավելել եմ, որ անհրաժեշտ է ոչ թե ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը համաձայնեցնել Հայաստանի իրավիճակին, այլ Հայաստանում առկա իրավիճակը փորձել համաձայնեցնել ժողովրդավարության սկզբունքներին. պետք է ոչ թե փորձել հարմարվել հայաստանյան իրականությանը, այլ՝ Հայաստանը տանել ժողովրդավարացման ճանապարհով»։
10:42 - 15 հունիսի, 2022