Իրան

Իրանի Իսլամական Հանրապետությունն ինքնիշխան պետություն է Արևմտյան Ասիայում: Ավելի քան 83 միլիոն բնակչությամբ։ Իրանը աշխարհում բնակչության թվով 18-րդն է: 1.648.195 կմ քառակուսի տարածքով այն երկրորդ ամենախոշոր երկիրն է Մերձավոր Արևելքում և 17-րդը` աշխարհում: Իրանը հյուսիս արևմուտքում սահմանակից է Հայաստանին, Արցախին, Ադրբեջանին և Ադրբեջանի մաս կազմող Նախիջևանին, հյուսիսում Կասպից ծովին, հյուսիս արևելքում Թուրքմենստանին, արևելքում Աֆղանստանին և Պակիստանին, հարավում Պարսից ծոցին և Օմանի ծոցին, արևմուտքում Թուրքիային և Իրաքին :

Երկրի մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքը Թեհրանն է, որը համարվում է նաև երկրի մշակութային և տնտեսական կենտրոնը: Երկրի նախագահը Հասան Ռոհանին է, հոգևոր առաջնորդը Այաթոլլա Ալի Խամենեին է։

G7-ի երկրները նախազգուշացրել են, որ նոր հակաիրանական պատժամիջոցներ կկիրառեն, եթե Թեհրանը ՌԴ-ին բալիստիկ հրթիռներ մատակարարի
 |tert.am|

G7-ի երկրները նախազգուշացրել են, որ նոր հակաիրանական պատժամիջոցներ կկիրառեն, եթե Թեհրանը ՌԴ-ին բալիստիկ հրթիռներ մատակարարի |tert.am|

tert.am: Յոթնյակի (G7) երկրները պատրաստ են քայլեր ձեռնարկել և արագ համակարգված պատասխան տալ, եթե Իրանը բալիստիկ հրթիռներ և հարակից տեխնոլոգիաներ փոխանցի Ռուսաստանի Դաշնությանը։ Այս մասին ասվում է G7-ի առաջնորդների հայտարարության մեջ, որը տարածել են Reuters-ը և ANSA-ն։ Փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Եվրոպացի պաշտոնյաները, ըստ WSJ-ի, զգուշացրել են Թեհրանին, որ «այդ քայլն իրենց համար կարմիր գիծ կլինի Իրանի դեմ ավելի լայն պատժամիջոցներ սահմանելու հարցում»: Փետրվարի վերջին Սպիտակ տան ներկայացւոցիչ Ջոն Քիրբին էլ հայտարարել էր, որ Վաշինգտոնը պատրաստ կլինի պատժամիջոցներ կիրառել, եթե տեղեկություն ստանա Իրանի կողմից Ռուսաստանին բալիստիկ հրթիռներ մատակարարելու մասին։ Պարբերականը միաժամանակ նշել է, որ Արևմուտքը դեռևս ապացույցներ չունի, որ Իրանը մտադիր է բալիստիկ հրթիռներ փոխանցել Ռուսաստանին։ Սակայն G7-ը մտահոգություն է հայտնել, որ Իրանը չի բացառում նման տարբերակը։
22:11 - 15 մարտի, 2024
Քննարկվել են քաղաքաշինության ոլորտում հայ-իրանական համագործակցության հարցեր

Քննարկվել են քաղաքաշինության ոլորտում հայ-իրանական համագործակցության հարցեր

Քաղաքաշինության կոմիտեում հյուրընկալել են իրանական առևտրատնտեսական ոլորտի մի խումբ ընկերությունների ներկայացուցիչներին։ Քննարկվել են քաղաքաշինության բնագավառում հայ-իրանական համագործակցության հեռանկարները։ Իրանցի գործարարները ներկայացրել են յուրաքանչյուր ընկերության գործունեության ուղղությունները և ցանկություն հայտնել իրացնելու իրենց ներուժը նաև Հայաստանում։ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Գրիգորյանը ողջունել է իրանական ընկերությունների ակտիվությունը՝ հաշվի առնելով Հայաստանում ընթացող մեծածավալ շինարարությունը։ Իրանցի գործարարները ներկայացրել են բնակելի, հասարակական, արտադրական նշանակության շենքերի, ճանապարհների և այլ ենթակառուցվածքների նախագծման ու կառուցման ոլորտում մեծ փորձը՝ ընդգծելով իրենց հետաքրքրվածությունը՝ ներգրավվելու քաղաքաշինական նման ծրագրերում նաև Հայաստանում։ Դիտարկվել են շինարարական կոնստրուկցիաների, արդյունավետ տեխնոլոգիաների կիրառման, շինարարական տարբեր նյութերի արտադրության ստեղծման հնարավորությունները։ Հաշվի առնելով երկու երկրներում սեյսմիկ ռիսկի մակարդակը՝ առանձնահատուկ կարևորվել են նախագծման փուլից սկսած երկրաշարժադիմացկունության ապահովման միջոցառումները։ Անդրադարձ է կատարվել նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար շենքերի մատչելիությունն ապահովող լուծումներին։ Դավիթ Գրիգորյանը հյուրերի ուշադրությունը հրավիրել է երկրում անցկացվող շինարարական ցուցահանդեսներին, որոնք կարող են լավ հարթակ դառնալ ոլորտի հայաստանյան մասնավոր ընկերությունների հետ գործընկերության հաստատման համար։ Կողմերը պայմանավորվել են փոխանակել անհրաժեշտ տեղեկատվություն՝ փոխշահավետ համագործակցություն սկսելու նպատակով։  
17:25 - 11 մարտի, 2024
Ռուսաստանը, Իրանը և Չինաստանը կսկսեն համատեղ զորավարժություններ. դրանց ներկա կլինեն նաև Ադրբեջանի ներկայացուցիչները
 |tert.am|

Ռուսաստանը, Իրանը և Չինաստանը կսկսեն համատեղ զորավարժություններ. դրանց ներկա կլինեն նաև Ադրբեջանի ներկայացուցիչները |tert.am|

tert.am: Ռուսաստանը, Իրանը և Չինաստանը մարտի 12-ին կսկսեն «Ծովային անվտանգության գոտի 2024» համատեղ ռազմածովային զորավարժությունները։ Այս մասին հայտնում է IRNA-ն։ Զորավարժությունները տեղի կունենան Հնդկական օվկիանոսի հյուսիսում։ Դրանցում ներգրավվելու են Իրանի, Չինաստանի և Ռուսաստանի ռազմական նավատորմերը։ Զորավարժություններին ներկա կլինեն նաև Ադրբեջանի, Ղազախստանի, Օմանի, Պակիստանի և ՀԱՀ-ի զինված ուժերի ներկայացուցիչներ։ Զորավարժությունների նպատակներն են տարածաշրջանում անվտանգության ամրապնդումը, ներառյալ միջազգային ծովային առևտրի պաշտպանությունը, զորավարժություններին մասնակցող երկրների միջև բազմակողմ համագործակցության ամրապնդումը, ծովահենության և ահաբեկչության դեմ պայքարը, օպերատիվ և մարտավարական փորձի փոխանակումը և երկրների կարողության ցուցադրումը «համատեղ պահպանելու համաշխարհային խաղաղություն»։
16:48 - 11 մարտի, 2024
Պայթյուն Թեհրանում. 1 մարդ զոհվել է, 9-ը՝ վիրավորվել, երկու շենք ավերվել է |news.am|

Պայթյուն Թեհրանում. 1 մարդ զոհվել է, 9-ը՝ վիրավորվել, երկու շենք ավերվել է |news.am|

news.am: Թեհրանի հրշեջ և անվտանգության ծառայությունների ներկայացուցիչ Սայեդ Ջալալ Մալեքին հայտնել է Թեհրանում հին երկհարկանի բնակելի շենքում  պայթյունի և ավերածության մասին՝ նշելով, որ միջադեպի հետևանքով վիրավորվել է 9 մարդ, մեկ մարդ զոհվել է, հայտնում է ISNA-ն։ Ըստ Մալեքիի, այսօր կեսօրին մոտ հաղորդում է ստացվել հին երկհարկանի բնակելի շենքում պայթյունի մասին, որից հետո դեպքի վայր են մեկնել հրշեջները՝ անհրաժեշտ սարքավորումներով։ Նա ճշգրտել է, որ պայթյունը տեղի է ունեցել Թեհրանի շուկայի հարավային մասում՝ Ռեյ փողոցում։ Հրշեջ ծառայության ներկայացուցիչը նշել է, որ պայթյունը տեղի է ունեցել հին երկհարկանի բնակելի շենքում, և որ տունը և հարակից բնակելի շենքի մի մասը ավերվել են։ «Ներկայումս որոնողական աշխատանքներ են տարվում մարդկանց գտնելու համար, որոնք կարող էին հայտնվել փլատակների տակ»,- հավելել է նա:
16:55 - 10 մարտի, 2024
Վստահ եմ, որ մոտ ապագայում բազմաթիվ հայ-իրանական ծրագրեր կլինեն․ Սյունիքի մարզպետ

Վստահ եմ, որ մոտ ապագայում բազմաթիվ հայ-իրանական ծրագրեր կլինեն․ Սյունիքի մարզպետ

Մարտի 8-ին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետությունից ժամանած՝ առևտրատնտեսական ոլորտի մասնավոր 16 ընկերությունների ղեկավարներից ու ներկայացուցիչներից կազմված պատվիրակությանը։ Այս մասին հայտնում են մարզպետի աշխատակազմից։ «Հանդիպմանը մասնակցում էր նաև Կապանում Իրանի գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինը։  Ռ․ Ղուկասյանը, ողջունելով ներկաների այցը, նշեց, որ նրանց ներկայացրած բոլոր ոլորտները շատ կարևոր են մարզի համար․ «Վստահ եմ, որ մոտ ապագայում ՀՀ-ում ու ԻԻՀ-ում բազմաթիվ հայ-իրանական ծրագրեր կլինեն, և ես՝ որպես Սյունիքի մարզի ղեկավար, պատրաստ եմ անել առավելագույնը։ Սյունիքում արդեն իսկ  խոշորագույն ծրագրեր ունենք, որոնք իրականացվում են իրանական կազմակերպությունների կողմից»։  Հյուպատոս Վարամինը նշեց, որ հյուպատոսարանի գործունեության ընթացքում սա տվյալ ոլորտում ամենամեծ պատվիրակությունն է, որ այցելել է տարածաշրջան։   Հանդիպման ընթացքում ԻԻՀ-ից ժամանած հյուրերից յուրաքանչյուրը ներկայացրեց իր ընկերության գործունեության ոլորտը, մարզի հետ հնարավոր համագործակցության հետաքրքրությունների շրջանակը, այստեղ ներդրում ունենալու, տարածաշրջանի տնտեսության զարգացմանը մասնակցելու ցանկությունը։  Ներկայացվող ոլորտներն էին շինարարությունը, գյուղատնտեսությունը (անասնաբուծություն, բանջարաբուծություն), քարի վերամշակումը, մեքենաշինությունը, հանքարդյունաբերությունը, ճարտարապետությունը, սպանդանոցային ենթամթերքի վերամշակումը և այլն։ Իրանցի տնտեսվարողներին հետաքրքրում էին նաև յուրաքանչյուր ոլորտի՝ այստեղ եղած ներուժը, զարգացման ու տեղի գործարարների հետ փոխգործակցության հնարավորությունները։  Սյունիքի մարզպետը պատասխանեց նրանց հարցերին ու կոնկրետ առաջարկներ արեց, թե ինչ ճանապարհներով կարելի է կյանքի կոչել համատեղ փոխշահավետ աշխատանքը՝   փոխանակելով տեղեկություններ, սերտացնելով համագործակցությունը,  ինչպես նաև հայ ու իրանցի  տնտեսվարողների միջև ուղղակի կապեր ստեղծելով»,- նշված է աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ։
15:29 - 09 մարտի, 2024
Իրանը կաջակցի Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ կապերին․ Իրանի պաշտպանության նախարարը՝ Պապիկյանին
 |azatutyun.am|

Իրանը կաջակցի Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ կապերին․ Իրանի պաշտպանության նախարարը՝ Պապիկյանին |azatutyun.am|

azatutyun.am: Իրանը մեծ նշանակություն է տալիս Հայաստանի հետ հարաբերություններին, երեկ Թեհրանում, Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպման ժամանակ, հայտարարել է Իրանի ռազմական գերատեսչության ղեկավար Մոհամմադ Ռեզա Ղարաի Աշթիանին՝ շեշտելով՝ բոլոր հարևանների հետ հարաբերությունների ամրապնդումն Իրանի արտաքին քաղաքականության հիմնական սկզբունքներից է։ Ըստ իրանական Mehr գործակալության՝ Աշթիանին Իրանի աջակցությունն է հայտնել տարածաշրջանային խաղաղությանը՝ վերահաստատելով․ - «Իրանի վճռական դիրքորոշումն է աջակցել տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը և միջազգայնորեն ճանաչված սահմանների չփոփոխմանը»: Նա նաև ընդգծել է, որ կովկասյան տարածաշրջանում Իրանը հավատարիմ կմնա այս քաղաքականությանը և կաջակցի Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ կապերին։ Աշթիանի նաև վերահաստատել է Իրանի ավելի վաղ արտահայտած ևս մեկ դիրքորոշում՝ տարածաշրջանային անվտանգությունը պետք է պահպանեն տարածաշրջանի երկրները, այլ մոտեցում Թեհրանի համար ընդունելի չէ։ Պապիկյանի երեկ է մեկնել Թեհրան։ Հայկական կողմի փոխանցմամբ, Հայաստանի և Իրանի պաշտպանության նախարարները քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության ընթացքն ու զարգացման հեռանկարները, խոսել միջազգային և տարածաշրջանային հարցերի մասին՝ վերահաստատելով իրենց դիրքորոշումները Հարավային Կովկասում երկարատև խաղաղության ու կայունության հաստատման վերաբերյալ: Պապիկյանը երեկ հանդիպել է նաև Իրանի զինված ուժերի շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերիի հետ, քննարկել ռազմական համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։
11:09 - 07 մարտի, 2024
Պապիկյանն ու Իրանի պաշտպանության նախարարը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը

Պապիկյանն ու Իրանի պաշտպանության նախարարը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը

ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարությունում դիմավորման հանդիսավոր արարողությունից հետո տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և ԻԻՀ պաշտպանության ու զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ, դոկտոր Մոհամմադ Ռեզա Ղարաի Աշթիանիի հանդիպումը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:   Քննարկվել են պաշտպանության բնագավառում համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները:    Նախարարները մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ, վերահաստատել իրենց դիրքորոշումները` Հարավային Կովկասում երկարատև խաղաղության ու կայունության հաստատման վերաբերյալ:    Հանդիպման ընթացքում մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ:
20:03 - 06 մարտի, 2024
«Որոշ երկրների կողմից Հայաստանին զինելու ջանքերը վտանգ են ներկայացնում խաղաղ գործընթացին». Բայրամով
 |azatutyun.am|

«Որոշ երկրների կողմից Հայաստանին զինելու ջանքերը վտանգ են ներկայացնում խաղաղ գործընթացին». Բայրամով |azatutyun.am|

azatutyun.am: «Հայաստանի կողմից խաղաղությանն ու կայունությանը չծառայող երրորդ կողմերին տարածաշրջանում ներգրավելը» սպառնալիք է խաղաղության գործընթացի համար, իրանցի գործընկերոջ հետ հանդիպմանն ասել է Ադրբեջանի արտգործնախարարը։ Հանդիպման մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, իրանական կողմը հաղորդագրությամբ հանդես չի եկել։ Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ Ջեյհուն Բայրամովը Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին ասել է, թե «որոշ պետությունների կողմից Հայաստանին զինելու ջանքերը» ևս վտանգ են ներկայացնում խաղաղ գործընթացի համար։ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը ռազմականացման պնդմանն ի պատասխան՝ Անթալիայի ֆորումին ասել էր, որ Հայաստանը դա չի անում, այլ պարզապես պաշտպանում է իրեն, ինչը տրամաբանական է՝ հաշվի առնելով, որ անվտանգության առումով անհանգստություն կա Ադրբեջանի պատճառով: «Մենք ագրեսիվ վարքագիծ կամ նման մոտիվացիա չունենք մեր հարևանների նկատմամբ, հարգում ենք նրանց տարածքային ամբողջականությունը, միաժամանակ մենք իրավունք ունենք կառուցել մեր պաշտպանությունը», - ասել էր նա՝ հիշեցնելով, որ Ադրբեջանը գնել ու գնում է զենք տարբեր երկրներից։ Ի տարբերություն Երևանի՝ Բաքուն ձեռք է բերում ոչ միայն պաշտպանական սպառազինություն, հավելել էր Ռուբինյանը:
22:39 - 05 մարտի, 2024
Շիրակի մարզպետը և ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են գյուղատնտեսության, մշակույթի, սպորտի ոլորտներում հնարավոր համագործակցությանն առնչվող հարցեր

Շիրակի մարզպետը և ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են գյուղատնտեսության, մշակույթի, սպորտի ոլորտներում հնարավոր համագործակցությանն առնչվող հարցեր

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այսօր հյուրընկալել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի գլխավորած պատվիրակությանը։  Մուշեղ Մուրադյանը ողջունել է ճանաչողական այցով մարզ այցելած դեսպանին և ներկայացրել Շիրակի մարզը: «Ձերդ գերազանցություն, պարոն դեսպան, բարով եք եկել Շիրակի մարզ։ Սիրով կուզենամ ներկայացնել մեր մարզն ու պատմել Շիրակի մասին։ Հայաստանի ամենահյուսիսային, միևնույն ժամանակ հյուրասեր ու հումորով, հետաքրքիր մարզերից մեկն է Շիրակը։ Գյումրին մեծությամբ Հայաստանի երկրորդ քաղաքն է, մեր քաղաքը մշակույթի մայրաքաղաք է համարվում։ Այն հիասքանչ ճարտարապետություն ունի, որը պահպանել է 19-րդ դարի քաղաքային կոլորիտը, ինչպես նաև մեծ ներուժ՝ զարգանալու և նոր ձեռքբերումներ ունենալու։ Մեր երկրները դարավոր բարեկամության ու գործընկերության ճանապարհ են անցել և այժմ էլ հայ-իրանական հարաբերություններն ընթանում են դինամիկ զարգացման ճանապարհով»,- ներկայացրել է նա։ Դեսպան Սոբհանին շնորհակալություն է հայտնել մարզպետին ջերմ և անմիջական ընդունելության համար՝ նշելով, որ գնահատելի է, երբ մարզային իշխանությունները հոգացավ են ու պատրաստակամ համագործակցելու և քննարկելու համատեղ ծրագրեր․ «Պարոն Մուրադյան, շատ ուրախ եմ հանդիպման համար, կարևոր է, երբ կա համագործակցության պատրաստակամություն։ Դուք ճիշտ նկատեցիք, որ մեր երկրները դարավոր բարեկամներ են և մենք պետք է ուժերի ներածին չափով անենք հնարավորը դրանց ամրապնդման նպատակով»։ Կողմերը քննարկել են գյուղատնտեսության, կրթության, մշակույթի, սպորտի բնագավառներում հնարավոր համագործակցությանն առնչվող հարցեր, պայմանավորվածություն է ձեռքբերվել կրկին հանդիպելու՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ գործնական քայլեր ձեռնարկելու համար։ «Շիրակի մարզպետի աշխատակազմը, լիազորությունների և հնարավորությունների շրջանակում, կանի հնարավորը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում գործնական ծրագրեր նախանշելու, քննարկելու և իրականացնելու առումով։ Մենք պատրաստ ենք համագործակցության, բաց ենք քննարկումների ու երկխոսության համար»,- ընդգծել է Շիրակի մարզպետը։ Հանդիպման ավարտին Մուշեղ Մուրադյանը հուշանվերներ է հանձնել պատվիրակության անդամներին։
17:36 - 02 մարտի, 2024
Դավիթ Խուդաթյանն այցելել է իրանական կապիտալով աշխատող Քարակերտի քարաձուլման գործարան, ծանոթացել արտադրական հզորությանը

Դավիթ Խուդաթյանն այցելել է իրանական կապիտալով աշխատող Քարակերտի քարաձուլման գործարան, ծանոթացել արտադրական հզորությանը

Բաղրամյան համայնք կատարած այցի ընթացքում Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը համայնքի ղեկավար Շանթ Առաքելյանի և ոլորտային պատասխանատուների հետ այցելել է իրանական կապիտալով աշխատող Քարակերտի քարաձուլման գործարան։ Այս մասին հայտնում են Արմավիրի մարզպետարանից: Այցի ընթացքում մարզպետը ծանոթացել է գործարանի արտադրական հզորությանը և ծավալին: Գործարանն օգտագործում է Հայաստանում գոյություն ունեցող մետաղների ջարդոնը։ Տարիներ շարունակ չշահագործվող գործարանի շինարարությունը սկսվել էր դեռևս 2021 թվականին, իսկ արտադրության մեկնարկը տրվել է 2023 թվականին։ Ներկա պահին արտադրվում է օրական 60 տոննա ձուլակտոր, գործարանն այս պահին ունի 170 աշխատակից, որոնցից շուրջ 40-ը Իրանից են, 130-ը` Հայաստանից: Նախատեսվում է այս տարվա ընթացքում սկսել ամրանների և մետաղալարերի արտադրությունը: Գործարանի հզորությունը տարեկան կազմելու է 200,000 տոննայի մետաղական պրոֆիլներ և ձուլակտորներ: Գործարանի՝ ողջ ծավալով շահագործման արդյունքում աշխատատեղերի թիվը կհասնի շուրջ 400-ի։
10:02 - 02 մարտի, 2024
Իրանում մեկնարկել են խորհրդարանի և Փորձագետների խորհրդի ընտրությունները
 |1lurer.am|

Իրանում մեկնարկել են խորհրդարանի և Փորձագետների խորհրդի ընտրությունները |1lurer.am|

1lurer.am: Ուրբաթ Իրանում սկսվել է Մեջլիսի՝ երկրի 290 տեղանոց խորհրդարանի ընտրությունը: Ընտրելու իրավունք ունեն երկրի 87 միլիոն քաղաքացիներից ավելի քան 61 միլիոնը։ Ընտրողների քվեաթերթիկները հիմնականում հաշվում են ձեռքով, ուստի ընտրությունների արդյունքների հրապարակումը կարող է տևել ընտրությունների օրվանից մինչև երեք օր: Իրանի Իսլամական Հանրապետության առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին իր համաքաղաքացիներին կոչ է արել քվեարկել՝ այս քվեարկությունը համարելով որոշիչ երկրի հետագա ճակատագրի համար։ Իրանի առաջնորդը հույս է հայտնել, որ ընտրություններին մասնակցությունը գերազանց կլինի։ Խամենեին հավելել է, որ ընտրությունները բոյկոտելու կոչ անող իրանցիները «պետք է մի փոքր երկար մտածեն»։ Ինչպես նշում են արևմտյան ԶԼՄ-ները, այս հայտարարությունները հնչել են մտավախության ֆոնին, որ իրանցի ընտրողներն այս անգամ ընտրության նկատմամբ ոգևորություն չեն ցուցաբերի։ Ընտրությանը թույլատրվել է մասնակցել ռեկորդային թվով թեկնածու՝ ավելի քան 15000 մարդ, նրանցից 1700-ը կանայք են։ Իրանի Սահմանադրության համաձայն՝ խորհրդարանում հինգ տեղ հատկացված է կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչներին։ Ավանդաբար այդ հինգ տեղից երկուսը զբաղեցնում են հայ համայնքի ներկայացուցիչները:  Ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցող յուրաքանչյուր թեկնածու պետք է հաստատման ընթացակարգ անցնի Նպատակահարմարության խորհրդում՝ այաթոլլա Խամենեիի հսկողության տակ գտնվող 12-տեղանոց խորհրդակցական մարմնում: Մարտի 1-ին անցկացվում է նաև նաև Իրանի ղեկավարի խորհրդատվական մարմնի՝ Փորձագետների խորհրդի ընտրությունը։ Խորհրդի 88 տեղի համար կպայքարի 144 թեկնածու։ Նպատակահարմարության խորհուրդը նրանց ընտրել է ընտրությանը մասնակցելու համար գրանցված 510 դիմորդներից։
12:28 - 01 մարտի, 2024
Իրանը պահանջում է վերացնել միջուկային զենքի համաշխարհային բոլոր պաշարները. Աբդոլլահիան |1lurer.am|

Իրանը պահանջում է վերացնել միջուկային զենքի համաշխարհային բոլոր պաշարները. Աբդոլլահիան |1lurer.am|

1lurer.am: Իրանը պահանջում է վերացնել միջուկային զենքի համաշխարհային բոլոր պաշարները, քանի որ այն մարդկության համար ամենամեծ սպառնալիքն է` հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը՝ զինաթափման վերաբերյալ համաժողովի ժամանակ։ «Միջուկային զենքի ամբողջական վերացումը Հիրոշիմայի և Նագասակիի նման ողբերգությունների կրկնությունը կանխելու միակ գործուն և հուսալի միջոցն է»,- նշել է նախարարը: Նրա խոսքով՝ զանգվածային ոչնչացման զենքի չկիրառման միակ երաշխիքը դրա «ամբողջական, անդառնալի և ստուգելի ոչնչացումն է»: «Իրանը խորապես համոզված է, որ միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի ամբողջականությունն ու արդյունավետությունը կախված են դրանում պարունակվող բոլոր պարտավորությունների ամբողջական կատարումից, ներառյալ՝ 6-րդ հոդվածը, որի համաձայն՝ միջուկային զենք ունեցող երկրները պարտավոր են բանակցություններ վարել արդյունավետ ապամիջուկայնացման հարցով»,- ասել է Աբդոլլահիանը:
12:37 - 27 փետրվարի, 2024
Նախապատրաստական աշխատանքներ են ընթանում. ՀՀ ԱԳՆ-ն՝ Թավրիզում հյուպատոսության բացման մասին |armeniasputnik.am|

Նախապատրաստական աշխատանքներ են ընթանում. ՀՀ ԱԳՆ-ն՝ Թավրիզում հյուպատոսության բացման մասին |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Իրանի Իսլամական Հանրապետության Թավրիզ քաղաքում Հայաստանի գլխավոր հյուպատոսության բացման ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում։ Տեղեկությունը հայտնել է ՀՀ ԱԳՆ-ն՝ պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։ «Հայտնում ենք, որ ընթանում են նախապատրաստական աշխատանքներ։ Հետագա զարգացումների վերաբերյալ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը պատշաճ կերպով կիրազեկի»,- նշված է հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել էր, որ Իրանը հույս ունի, որ Թավրիզում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը կբացվի 2024 թվականի սկզբին։ 2023 թվականի հոկտեմբերի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը ՀՀ Սյունիքի մարզկենտրոն Կապանում մասնակցել են Իրանի գլխավոր հյուպատոսության բացման արարողությանը:
10:18 - 24 փետրվարի, 2024