ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի բնագավառներում ՀՀ կառավարության քաղաքականությունը:

Նախարարն է Վահրամ Դումանյանը։ 

Հայաստանի ազգային արխիվի ցուցասրահում բացվել է Արամ Խաչատրյանի 120- ամյակին նվիրված ժամանակավոր ցուցադրություն

Հայաստանի ազգային արխիվի ցուցասրահում բացվել է Արամ Խաչատրյանի 120- ամյակին նվիրված ժամանակավոր ցուցադրություն

Հայաստանի ազգային արխիվի ցուցասրահում Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի հետ համագործակցությամբ բացվել է Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված ժամանակավոր ցուցադրություն: Ինչպես տեղեկացնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, բացման արարողությանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը, «Արամ Խաչատրյան» համերգասրահի տնօրեն Նորայր Նազարյանը, Մ. Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը, պաշտոնատար այլ անձինք, մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ: «Ցուցադրությունը Արամ Խաչատրյանի կյանքի և գործունեության հանրահռչակման նոր ու յուրահատուկ էջ է հանրության համար: Ներկայացված են ինչպես Հայաստանի ազգային արխիվում պահպանվող հանրությանը քիչ հայտնի նյութեր, այնպես էլ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում պահպանվող նյութերից՝ կոմպոզիտորի կենսագործունեության վերաբերյալ փաստաթղթեր, անձնական իրեր, ինչպես նաև նրա դիրիժորական փայտիկը»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ըստ աղբյուրի՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին և կարևորել Հայաստանի ազգային արխիվի և Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի համագործակցությունը՝ որպես դրական օրինակ, որի արդյունքում ստեղծվել է  հնարավորություն՝ ծանոթանալու և բացահայտելու մեծանուն կոմպոզիտորի բազմաշերտ ժառանգությունն ու կենսագործունեության նորանոր էջերը: «Շատ ուրախալի փաստ է Արամ Խաչատրյանի 120-ամյակի շրջանակում ներկա գտնվել այս ցուցադրությանը, որն ամբողջացել է Հայաստանի ազգային արխիվի հազվագյուտ նյութերի ու տուն-թանգարանի նմուշների համալրմամբ: Լիահույս եմ՝ համագործակցությունը կլինի շարունակական աշխատանք, և կկարողանանք հանրության համար ևս հասանելի դարձնել արխիվի կարևորագույն նյութերը, որոնք վերաբերում են մեր նշանավոր գործիչներին և մեծագույն  հետաքրքրություն են ներկայացնում ինչպես քաղաքացիների, այնպես էլ հետազոտողների համար»,- ասել է ԿԳՄՍ նախարարը և  հույս հայտնել, որ հանրությունը կօգտվի այս առիթից, և ցուցադրությունը կունենա մեծաթիվ այցելուներ:  «Միջոցառման նպատակը Արամ Խաչատրյան անունը, որն աշխարհում ասոցացվում է հայ ժողովրդի հետ, հանրահռչակելն ու առավել ճանաչելի դարձնելն է»,-ասել է Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Արթուր Ստեփանյանը: Նրա խոսքով՝ ցուցադրությունում ներկայացված են բացառապես Հայաստանի ազգային արխիվում պահվող փաստաթղթեր, լուսանկարներ Արամ Խաչատրյանի կյանքի ու գործունեության վերաբերյալ, Հայաստանի և այլ երկրների կառավարությունների մշակութային օջախներից ստացված փաստաթղթեր մեծանուն կոմպոզիտորի ստեղծագործական հաջողությունների, նրա գործունեությանը տրված գնահատականների վերաբերյալ: Փաստեր կան նաև համերգների, հրավերների, նրա անվամբ մրցույթների անցկացման մասին: Ցուցադրությունը կգործի մինչև ապրիլի 12-ը:
22:03 - 12 մարտի, 2024
Ակադեմիական քաղաքի կառուցվածքը հայտնի կդառնա հավանաբար 2025-ին․ մամուլում շրջանառվող ցանկում աշխատանքային խմբերի կազմն է

Ակադեմիական քաղաքի կառուցվածքը հայտնի կդառնա հավանաբար 2025-ին․ մամուլում շրջանառվող ցանկում աշխատանքային խմբերի կազմն է

Մարտի 7-ին armlur.am կայքը հրապարակել էր մի ցանկ, որտեղ նշված էր, թե ակադեմիական քաղաքում և դրանից դուրս կառուցվելիք կլաստերներից յուրաքանչյուրում գիտական որ կազմակերպություններն ու բուհերն են միավորվելու։  Այսօր Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարաությունը (ԿԳՄՍՆ) հայտարարություն տարածեց՝ նշելով, որ հրապարակված ցանկը «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի աշխատանքային նամակագրությունից արտահոսք է, իսկ  կլաստերների կառուցվածքը դեռևս մշակման փուլում է։    Նախապատմությունը Ամեն բան սկսվեց 2023-ի ամռանը, երբ Կառավարությունը հրապարակեց «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգի նախագիծը։ Հայեցակարգից և պաշտոնական մակարդակում արված հետագա հայտարարություններից պարզ դարձավ, որ Կառավարությունը որոշել է խոշորացնել պետական ֆինանսավորում ստացող բոլոր բուհերն ու գիտական կազմակերպությունները և միավորել դրանք 6 կլաստերներում՝ Դասական, Տեխնոլոգիական, Կրթական, Արվեստների, Բժշկական և Սպայական։ Նախատեսված է նաև, որ 2030-ի դրությամբ այս կլաստերներից չորսը տեղակայված են լինելու Երևանի 17-րդ թաղամասին հարող տարածքում կառուցվելիք ակադեմիական քաղաքում, իսկ երկուսը՝ Դասականը, որը ներառելու է Երևանի պետական համալսարանը, ինչպես նաև Բժշականը, որը ներառելու է Երևանի պետական բժշկական համալսարանը, մնալու են մայրաքաղաքում։ 2023-ի հոկտեմբերին Կառավարությունն ընդունեց «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգը։ ԿԳՄՍՆ-ն 2023-ի ամռանը հայտարարություն տարածեց՝ նշելով, որ 2027-ից պետական ֆինանսավորում և աջակցություն կստանան բացառապես խոշորացված բուհերն ու դրանց հետ միավորված գիտական կազմակերպությունները։ Այս հայտարարությունից հետևում է, որ 2027-ի դրությամբ պետական ֆինանսավորում ստացող բոլոր բուհերն ու գիտական կազմակերպությունները միավորված են լինելու։ Նույն հայտարարությամբ Կառավարությունը բուհերին ու գիտական կազմակերպություններին հրավիրեց մինչև այս տարվա փետրվարի 15-ը միավորման գործընթացի վերաբերյալ հայեցակարգային առաջարկներ ներկայացնելու։ Հայտարարության մեջ նշված էր, որ խոշորացման ընդհանուր դրույթային բազան կմշակվի այդ առաջարկների հիման վրա: ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեում այսօր կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը նշեց, որ իրենք գիտական կազմակերպություններին, բուհերին, շահառու այլ կողմերին խնդրել էին նաև առաջարկել մեկական կամ երկուական թեկնածուների, որոնք ներառվելու էին կլաստերների կառուցվածքը որոշելու համար ստեղծվելիք աշխատանքային խմբերում։ ԿԳՄՍՆ-ի այսօրվա հայտարարությունից պարզ է դառնում, որ հայեցակարգային առաջարկների ամփոփումից հետո արդեն ձևավորվել են այդ աշխատանքային խմբերը, և հաստատվել են դրանց նախնական կազմերը։ Մարտի 7-ին «Ակադեմիական քաղաք» հիմնադրամը յուրաքանչյուր աշխատանքային խմբում ներառված կազմակերպությունների կազմն ուղարկել է այդ կազմակերպությունների ներկայացուցիչներին։  Կոմիտեն պնդում է, որ մամուլում տարածվել է հենց վերոնշյալ աշխատանքային խմբերում ներկայացված կազմակերպությունների ցանկը։ Այսօր կայացած ասուլիսի ընթացքում Սարգիս Հայոցյանը հիշեցրեց, որ մամուլում տարածված ցանկում կային նաև «Գիտուժ» նախաձեռնությունն  ու Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST), որոնք չէին կարող ներառվել որևէ կլաստերում։ Կոմիտեի նախագահը, սակայն, չբացառեց, որ խոշորացման գործընթացը կհամընկնի այդ ցանկի հետ։   Ակադեմիական քաղաք․ ինչ նորություններ կան Ի պատասխան «Ինֆոքոմի» հարցի, թե, ի վերջո, երբ է հայտնի դառնալու կլաստերների կառուցվածքը, Սարգիս Հայոցյանը նշեց 2025 թվականը՝ որպես հավանական ժամկետ։ Թե որ կառույցներն են իրար միավորվելու, որոշելու են ձևավորված աշխատանքային խմբերը։ Կառավարությունն այս պահին հայեցակարգային առաջարկներ է ստացել 11 բուհից, Գիտությունների ազգային ակադեմիայից (ԳԱԱ), Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայից։ Բուհերից 6-ը գրավոր առաջարկ չի ներկայացրել, բայց կներգրավվի աշխատանքային խմբերում։  Մամուլում արտահոսած փաստաթղթում բացակայում էին Սպայական կլաստերի մասին տեղեկությունները։ Մեր հարցին ի պատասխան՝ Սարգիս Հայոցյանը նշեց՝ այդ կլաստերում ներառվող կազմակերպություները լինելու են գերատեսչական հիմնարկներ, այդ պատճառով էլ կլաստերի ձևավորումը հանրային գործընթաց չէ։ Մեր դիտարկմանը, թե աշխատանքային խմբերում ներառված են նաև այլ գերատեսչական կառույցներ, օրինակ՝  Էկոնոմիկայի նախարարության Երկրագործության գիտական կենտրոնը, Կոմիտեի նախագահը նշեց՝ իրենք միավորվելիք կազմակերպությունների ցանկում ներառել են բոլոր այն կառույցները, որոնք Կոմիտեից պետական ֆինանսավորում են ստանում։ Նրա խոսքով, սակայն, քննարկումների արդյունքում կարող է որոշվել, որ այդ կենտրոնները շարունակելու են գործել որպես գերատեսչական կազմակերպություններ։  Ասուլիսի ընթացքում Սարգիս Հայոցյանն, ի պատասխան լրագրողների հարցերի, հայտնեց, որ ձևավորվելիք ամեն կլաստեր ունենալու է նաև ավագ դպրոց և մասնագիտական կրթական հաստատություն՝ քոլեջ։ Կոմիտեի նախագահը չբացառեց նաև վարձերի թանկացման մասին լուրերը՝ նշելով, որ ուսման վարձերը համապատասխանեցվելու են մատուցված կրթության որակին, և կրթաթոշակային ավելի թիրախային ծրագրեր են լինելու։  Սարգիս Հայոցյանը կրկին հիշեցրեց, որ գիտական ոչ մի կազմակերպություն չի փակվելու․ խոսքը խոշորացման և բուհերի հետ միավորան մասին է։    Գիտությունների ազգային ակադեմիայի ճակատագիրը Աշխատանքային փաստաթղթի արտահոսքից պարզ է դառնում, որ ստեղծվելիք կլաստերների ուղղությամբ ձևավորված աշխատանքային խմբերում ներառված են ոչ միայն ԳԱԱ ինստիտուտները, այլ նաև նրա այլ կառույցներ, ինչպիսիք են Գիտակրթական միջազգային կենտրոնը, Փորձաքննությունների ազգային բյուրոն։ Սա նշանակում է, որ այս կառույցները ևս ներառվելու են կլաստերներում։ Մեր հարցին՝ արդյոք քննարկումներ կա՞ն, թե ինչ կարգավիճակ է ունենալու Ակադեմիան, եթե նրա գիտական և կրթական բոլոր կառույցները ներառվելու են ձևավորվելիք կլաստերներում, Կոմիտեի նախագահը պատասխանեց․ «Այն մասին, որ Ակադեմիայի կառուցվածքում կազմակերպություններ չպետք է լինեն, վաղուց է խոսվում։ Մեր տեսլականով Ակադեմիան պետք է զբաղվի մտավոր ներուժի համակարգմամբ»։ Հետաքրքրվեցինք նաև, թե արդյոք քննարկվո՞ւմ է Ակադեմիայի՝ մասնակի միավորման առաջարկը։ «Այդ տարբերակը քննարկվելու է, բայց ակնհայտ է, որ պետության քաղաքականությանը հակընդդեմ առաջարկ է»,- մեր հարցին ի պատասխան՝ նշեց Սարգիս Հայոցյանը։   Կոնսերվատորիայի շուրջ աղմուկը Ասուլիսի ընթացքում հարցերի մեծ մասը վերաբերում էր Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիային։ Մամուլում շրջանառվող տեղեկություններից հետո Կոնսերվատորիայի ռեկտորը հայտարարություն էր տարածել՝ նշելով գործընթացին բուհի անհամաձայնության մասին։ Անդրադառնալով այս հարցին՝ Սարգիս Հայոցյանը նշեց, որ բոլորն ազատ են արտահայտելու իրենց կարծիքը՝ թե՛ դրական, թե՛ բացասական։  Ի պատասխան վերջին օրերին հնչող մտահոգություններին, թե Կոնսերվատորիան կապված է իր մշակութային միջավայրին, Կոմիտեի նախագահն ասաց, որ ակադեմիական քաղաքը միայն բուհական և գիտական միջավայր չի լինելու․ «Նախատեսված է, որ ինտելեկտուալ և մշակութային ժամանցի կենտրոն է լինելու։ Մեծ համերգասրահ է լինելու»։ Հայոցյանի պնդմամբ Երևանից ակադեմիական քաղաք հասնել հնարավոր է լինելու 30 րոպեում։ Նա նշեց, որ կառուցվելիք ակադեմիական քաղաքը Երևանին կապող գնացք է գործելու։  Հարցին՝ եթե Կոնսերվատորիան ամեն դեպքում չհամակերպվի միավորմանն ու տեղափոխությանը, ի՞նչ է սպասվում, Սարգիս Հայոցյանը նշեց՝ իրենք լավագույնը կանեն՝ ներկայացնելու ծրագրի դրական կողմերը, ապա հիշեցրեց, որ 2027-ից պետական ֆինանսավորում են ստանալու միայն խոշորացված գիտական կազմակերպությունները։   Գլխավոր լուսանկարում՝ Սարգիս Հայոցյանը (նկարը՝ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի) Աննա Սահակյան
18:46 - 11 մարտի, 2024
Մամուլում հրապարակված ցանկը բուհերի խոշորացման վերաբերյալ չէ. ԿԳՄՍՆ պարզաբանումը

Մամուլում հրապարակված ցանկը բուհերի խոշորացման վերաբերյալ չէ. ԿԳՄՍՆ պարզաբանումը

Բուհերի խոշորացման գործընթացի վերաբերյալ հայտնում ենք, որ ՀՀ պետական բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ ինտեգրման գործընթացի շրջանակում ստեղծվել են աշխատանքային խմբեր՝ ոլորտային կազմակերպությունների ներգրավմամբ: Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից: «Վերջին օրերին զանգվածային լրատվամիջոցներում հրապարակված ցանկը, որի շուրջ առաջացել են թյուրընկալումներ, աշխատանքային խմբերում ընդգրկված կազմակերպությունների վերաբերյալ է, ոչ թե միավորման կամ խոշորացման: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն խնդրի առնչությամբ հանդես է եկել պարզաբանմամբ, որում, մասնավորապես, նշվում է. դեռևս 2023 թվականի հուլիսին ԿԳՄՍ նախարարի հրավերով ՀՀ-ում գործող բուհերին և պետական գիտական կազմակերպություններին առաջարկվել էր քննարկել և մինչև 2024 թվականի փետրվարի 15-ը ներկայացնել հայեցակարգային առաջարկություններ ՀՀ պետական բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ միավորման գործընթացի վերաբերյալ: Հրավերով ներկայացվել էին նաև այն 6 ուղղությունները, որոնց շուրջ նախատեսվում է կազմակերպել խոշորացման գործընթացը: Ժամկետի ավարտին ստացվել են համապատասխան առաջարկություններ, որոնց հիման վրա նախապես հայտարարված 6 ուղղություններով ձևավորվել են աշխատանքային խմբերի նախնական կազմերը: Շահառու կազմակերպությունները, ինչպես նաև ոլորտում գործունեություն ծավալող այլ կազմակերպություններ նախապես առաջադրել են ներկայացուցիչներ, որոնց մասնակցությամբ աշխատանքային խմբերի ձևաչափով առաջիկայում քննարկվելու են խոշորացման գործընթացին, ինչպես նաև կլաստերների կառուցվածքին և կառավարման մոդելին վերաբերող հարցեր: 2023 թ. մարտի 7-ին «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի կողմից շահառու բուհերին և կազմակերպություններին ուղարկվել է ՀՀ պետական բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ ինտեգրման գործընթացի շրջանակում ձևավորվող վերոնշյալ աշխատանքային խմբերի կազմը: Բուհերը միաժամանակ տեղեկացվել են, որ աշխատանքային խմբերի կազմերի վերաբերյալ հնարավոր բոլոր դիտարկումները ենթակա են քննարկման աշխատանքային խմբերի առաջիկա հանդիպման ժամանակ: Կլաստերների կառուցվածքը մշակվելու է աշխատանքային խմբերի առաջիկա հանդիպումների ընթացքում, որոնց ժամանակ քննարկվելու և դիտարկվելու են նաև այդ խմբերի ցանկերում ներառված բոլոր բուհերի և կազմակերպությունների առաջարկները, մտահոգությունները և դիտողությունները: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Ակադեմիական քաղաքի հայեցակարգով նախատեսվում է 6 կլաստեր՝ դասական, բժշկական, տեխնոլոգիական, կրթական, արվեստների և սպայական: Սպայական կլաստերի կառուցվածքի և բովանդակության վերաբերյալ քննարկումները հանրային ձևաչափով չեն նախատեսվում՝ հաշվի առնելով ոլորտին առնչվող առանձնահատկությունները»,- նշվում է պարզաբանման մեջ:
17:13 - 11 մարտի, 2024
Կոնսերվատորիայի ղեկավարությունը կիսում է երաժշտական համայնքի վրդովմունքը Կոնսերվատորիայի ապագայի վերաբերյալ. հայտարարություն

Կոնսերվատորիայի ղեկավարությունը կիսում է երաժշտական համայնքի վրդովմունքը Կոնսերվատորիայի ապագայի վերաբերյալ. հայտարարություն

Կոնսերվատորիայի ղեկավարությունն արվեստի ԲՈւՀ-երի միավորման հարցի շուրջ իր կարծիքն ու դիրքորոշումը գրավոր ներկայացրել է ԿԳՄՍ նախարարին դեռևս անցյալ տարի։ Այն ներկայացված է նաև ռազմավարության մշակման հանձնախմբին և գիտկոմի նախագահին։ Այս մասին ԵՊԿ ռեկտորատը հայտարարություն է տարածել: «ԵՊԿ ռեկտոր Սոնա Հովհաննիսյանն իր և ԲՈւՀ-ի ղեկավար կազմի դիրքորոշումը հրապարակել է ԵՊԿ գիտական խորհրդի փետրվարյան նիստի ժամանակ։ Հանգամանորեն ներկայացվել են այս նախագծի հետ ԲՈւՀ-ի անհամաձայնության հիմնավորումներն ու առաջարկները։ Մարտի 6-ի Ռեկտորատի նիստի ժամանակ, ևս մեկ անգամ խնդրվել է դեկանների և ամբիոնի վարիչների միջոցով Կոնսերվատորիայի դասախոսական կազմին տեղեկացնել ԲՈւՀ-ի պաշտոնական դիրքորոշման մասին։ ԵՊԿ ղեկավարությունը հասկանում և կիսում է երաժշտական համայնքի վրդովմունքն ու անկեղծ մտահոգությունները ՀՀ միակ մասնագիտական երաժշտական բարձրագույն հաստատության ապագայի վերաբերյալ։ Այս հարցի լուծումը հնարավոր է միայն մեր միասնական վերաբերմունքը կշռադատված, հիմնավոր և հարգալից ներկայացնելու դեպքում»,- նշված է հայտարարության մեջ։ Նշենք, որ վերջին օրերին քննարկվում են լուրերը, թե շուտով փակվելու է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, քանի որ միանալու է մյուս բուհերին և որպես ֆակուլտետ ներկայացված է լինելու ակադեմիական քաղաքում։  
11:02 - 11 մարտի, 2024
Կառավարությունն ավելի քան 1 մլրդ դրամ հատկացրեց մանկապարտեզների և դպրոցների կառուցման համար
 |armenpress.am|

Կառավարությունն ավելի քան 1 մլրդ դրամ հատկացրեց մանկապարտեզների և դպրոցների կառուցման համար |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը ֆինանսական միջոցներ կհատկացնի մի շարք կրթական և մարզական հաստատությունների շինարարական աշխատանքներն ապահովելու համար։ Կառավարության հերթական նիստին նախագիծը ներկայացրեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։ Նախագծով նախատեսվում է 2024 թվականի պետական բյուջեով Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը կապիտալ ծրագրերի իրականացման համար հատկացված միջոցներից կատարել վերաբաշխում 1 միլիարդ 367 միլիոն 925 հազար դրամի չափով, որի նպատակն է ֆինանսական միջոցներ հատկացնել մի շարք կրթական և մարզական հաստատությունների ավարտական աշխատանքների ապահովման համար։ «Նշվածը վերաբերվում է երկու մանկապարտեզի կառուցման, 6 մոդուլային դպրոցի կառուցման, մեկ ավագ դպրոցի մասնաշենքի կառուցման, 15 դպրոցի մարզադահլիճների կառուցման և 11 դպրոցի մարզադահլիճների վերակառուցման աշխատանքներին, ինչպես նաև նախագծով ֆինանսավորում է հատկացվում 8 դպրոցի նախագծանախահաշվարկային փաստաթղթերի մշակման և փորձաքննության ծառայությունների համար»,-ասաց Անդրեասյանը։ Նախարարի խոսքով՝ գրեթե բոլոր օբյեկտներում ավարտական աշխատանքների փաստացի ծավալների ճշգրտման արդյունքում անհրաժեշտություն է առաջացել կատարել ծավալների ավելացում։ «Հաշվի առնելով, որ օբյեկտների աշխատանքների կատարման ժամկետները 2023 թվականին ավարտվել են՝ նախագծով նախատեսվում են մի շարք թույլտվություններ, որպեսզի քաղաքաշինության կոմիտեն կարողանա համաձայնագրեր կնքել ծավալների ավելացում կատարելու նպատակով։ Բացի այդ, Երևանի թիվ 92 հիմնական դպրոցի մարզադահլիճի և հանդիսությունների դահլիճի մասնաշենքի վերակառուցման համար նախատեսվում է նաև թույլտվության ծավալների ավելացման թույլատրելի տասը տոկոսը գերազանցելու համար, ինչի անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ աշխատանքների իրականացման ընթացքում պարզ է դարձել, որ մասնաշենքերը կապող տականցումը քանդման ենթակա է և այդ հատվածը պետք է կառուցվի վերակառուցման փոխարեն։ Նաև Մեդովկայի և Հագվու հիմնական դպրոցների կառուցման աշխատանքների ծավալներն են ավելացվում»,-եզրափակեց ԿԳՄՍ նախարարը։
11:58 - 07 մարտի, 2024
Եկեք արձանագրենք, որ մենք դպրոց կառուցել չգիտենք, մենք սովորում ենք զրոյից. Փաշինյան
 |1lurer.am|

Եկեք արձանագրենք, որ մենք դպրոց կառուցել չգիտենք, մենք սովորում ենք զրոյից. Փաշինյան |1lurer.am|

1lurer.am: Նախատեսվում է 2024 թվականի պետական բյուջեով ԿԳՄՍՆ-ին կապիտալ ծրագրերի իրականացման համար հատկացված միջոցներից կատարել վերաբաշխում 1 միլիարդ 367 միլիոն 925 հազար դրամի չափով, որի նպատակն է ֆինանսական միջոցներ հատկացնել մի շարք կրթական և մարզական հաստատությունների ավարտական աշխատանքների ապահովման համար: Այդ մասին որոշման նախագիծը Կառավարության՝ մարտի 7-ի նիստին ներկայացրեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: «Նշվածը վերաբերում է 2 մանկապարտեզի կառուցմանը, 6 մոդուլային դպրոցի կառուցմանը, 1 ավագ դպրոցի մասնաշենքի կառուցմանը, 15 դպրոցի մարզադահլիճի կառուցման և 11 դպրոցի մարզադահլիճների վերակառուցման աշխատանքներին, ինչպես նաև նախագծով ֆինանսավորում է հատկացվում 8 դպրոցների նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և փորձաքննության ծառայությունների համար»,- ասաց նախարարը: Ըստ Անդրեասյանի՝ գրեթե բոլոր օբյեկտներում անհրաժեշտություն է առաջացել կատարել ծավալների ավելացում, ու քանի որ օբյեկտների աշխատանքների կատարման ժամկետները 2023-ին ավարտվել են, նախագծով նախատեսվում են մի շարք թույլտվություններ, որպեսզի Քաղաքաշինության կոմիտեն կարողանա համաձայնագրեր կնքել ծավալների ավելացում կատարելու նպատակով: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցրեց նախարարին՝ ե՞րբ են մարզադպրոցները հանձնվելու շահագործման, քանի որ ժամկետի սահմանումը կարևոր է: «Պրակտիկայում գնում ենք, ի՞նչ իրադրություն ենք տեսնում, գնում ենք, տեսնում ենք, որ շինարարությունն ավարտվել է, բայց գույքը տեղ չի հասել. սա երկրորդ պրոբլեմը: Շինարարությունն ավարտվել է, գույքը տեղ է հասել, բայց հոսանքը չեն միացրել: Շինարարությունն ավարտվել է, գույքը տեղ է հասել, հոսանքը միացվել է, ջուր չկա. սա մյուս պրոբլեմը: Էլի կարող եմ շարունակել, ինձ համար շահագործման ժամկետն այն է, երբ աշակերտները մտնում են այնտեղ և նրանց էվակուացնելու անհրաժեշտություն չի առաջանում հաջորդ օրը կամ մի շաբաթից»,- ասաց նա: Խոսքն ուղղելով ԿԳՄՍ նախարարին՝ Նիկոլ Փաշինյանը նաև հարցրեց, թե երբ պետք է հույս ունենալ, որ, օրինակ, Ջրառատի դպրոցը լիարժեք կշահագործվի: Նախարարը որպես ժամկետ նշեց այս տարվա ապրիլի 30-ը, ապա ասաց ծրագրով նախատեսվող բոլոր դպրոցների շինարարության վերջնաժամկետները: Խոսքն ուղղելով մարզպետներին՝ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ այդ օբյեկտներ այցելո՞ւմ են, շինաշխատանքների ընթացքին հետևո՞ւմ են: ՀՀ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն ասաց, որ դժգոհություններ ունի շինարարության տեմպից ու որակից, նաև Կապսի դպրոցի պատուհաններն են անորակ, և որ դիմել են պատվիրատուին, որպեսզի վերանայեն պատուհանները: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն արձագանքեց, որ նույնիսկ Երևանում կան դպրոցներ, որտեղ մեկ կապալառուի կողմից տեղադրված են տարբեր որակի պատուհաններ: «Խնդիր է դա, հեշտ լուծելի խնդիր չէ: Ինչ-որ մի քայլ արել ենք, որ գնանք ստանդարտացման ուղղությամբ, երբեմն դեպքեր կան նույնիսկ, որ մեր պատվիրատուները կապալառուների հետ աշխատանքի ժամանակ ստիպված են լինում ասել՝ դու բե՛ր, 3 օրինակ ցո՛ւյց տուր, մենք ասենք՝ դրանից որը կարող ես որակի առումով տեղադրել, որ հետո խնդիրներ չլինեն: Բայց դա նշանակում է, որ մեր պատվիրատուները մտնում են ամեն մի դպրոցի շինարարության ընթացքի մեջ, և փորձում են կապալառուի հետ միասին դեպք-դեպք համաձայնել կամ չհամաձայնել. սա էլ ինչ-որ տեղ վարչարարական պրոբլեմներ առաջացնող հարց է»,- ասաց նա: Վարչապետն արձագանքեց՝ պետք է արձանագրել խնդիրը, և սովորել դա լուծել. «Եկեք արձանագրենք, որ մենք չգիտենք, մենք դպրոց կառուցել չգիտենք, մենք սովորում ենք զրոյից»:
11:57 - 07 մարտի, 2024
Ժաննա Անդրեասյանը կգործուղվի Ֆրանսիա

Ժաննա Անդրեասյանը կգործուղվի Ֆրանսիա

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կգործուղվի Ֆրանսիա։ Վարչապետի համապատասխան որոշման մեջ նշվում է, որ Ժաննա Անդրեասյանը Փարիզ կգործուղվի ապրիլի 3-5-ը։ Նա կմասնակցի ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված միջոցառումներին։ Այս տարի նշվում է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, անվանի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակը։ Հայաստանում այս տարի նախատեսված է ավելի քան 30 ծրագիր, որոնց մեկնարկը տրվել է 2024 թվականի հունվարին: Ծրագրի շրջանակում նախատեսվում են միջոցառումներ մայրաքաղաքում, մարզերում և արտերկրում: Նախատեսվում է միջազգային գիտական կոնֆերանս, գիտական մենագրության հրատարակություն, ֆիլմերի ցուցադրություններ, Սերգեյ Փարաջանովին նվիրված կրթամշակութային հանդես, թատերական բալետային, պարային ներկայացումներ, ֆոտոցուցահանդես և այլն:
16:54 - 05 մարտի, 2024
ԿԳՄՍ նախարարը և դեսպանը քննարկել են Թուրքմենստանում Հայաստանի մշակույթի օրեր անցկացնելուն առնչվող հարցեր

ԿԳՄՍ նախարարը և դեսպանը քննարկել են Թուրքմենստանում Հայաստանի մշակույթի օրեր անցկացնելուն առնչվող հարցեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանում Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպան Մուհամետգելդի Այազովին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Ինչպես  տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, հայ-թուրքմենական մշակութային համագործակցության շրջանակում կողմերը քննարկել են Թուրքմենստանում Հայաստանի Հանրապետության մշակույթի օրերի անցկացմանն առնչվող հարցեր՝ որոշակիորեն հստակեցնելով դրանց ժամկետներն ու նախնական նախագիծը, մասնավորապես՝ համերգների, ֆոտո և կինո ցուցադրությունների ձևաչափով: Ըստ աղբյուրի՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է հյուրերին և շեշտել՝ հանդիպումը լավ առիթ է հայ-թուրքմենական բարեկամական հարաբերությունները ևս մեկ անգամ ընդգծելու և մշակութային համագործակցության լայն շրջանակում համատեղ անելիքները քննարկելու համար: Նախարարն ընդգծել է՝ մշակութային առումով տարին հոբելյանական է՝ առաջարկելով նաև այդ համատեքստում համատեղ ծրագրերի ու նախաձեռնությունների իրականացման հնարավորությունը: Նշվում է, որ Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպան Մուհամետգելդի Այազովը փոխանցել է երկրի մշակույթի նախարար Ատագելդի Շամիրադովի հավաստիացումն առ այն, որ Հայաստանում Թուրքմենստանի մշակույթի օրերը կազմակերպվում են ամենաբարձր մակարդակով: Դեսպանն ընդգծել է՝ Թուրքմենստանում Հայաստանի մշակույթի օրերի անցկացումը շատ սպասված միջոցառում է: Նա վերահաստատել է Հայաստանի հարուստ մշակույթը թուրքմեն ժողովրդին հասանելի դարձնելու և այն լավագույնս ներկայացնելու հարցում իրենց պատրաստակամությունը: Առաջարկվել է դիտարկել միջոցառումներն այս տարվա աշնանն անցկացնելու հնարավորությունը: ՀՀ ԿԳՄՍ նախարարության տեղեկացմամբ՝ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև կրթության և սպորտի ոլորտներում համագործակցության լայն հնարավորությունները: Մասնավորապես՝ երկու երկրների միջև ավանդական բարեկամական հարաբերությունների ամրապնդման համատեքստում կարևորվել է միջբուհական համագործակցության կայուն զարգացման ապահովումը համատեղ կրթական հետազոտական​​ նախագծերի, ինչպես նաև ուսանողների և դասախոսների փոխանակման ծրագրերի իրականացման միջոցով։ Ընդգծվել է նաև  երկու պետությունների կոնսերվատորիաների և տնտեսագիտական համալսարանների միջև համագործակցության ընդլայնումը, մշակութային և կրթական մի շարք միջոցառումների անցկացման կարևորությունը: Դեսպանը հետաքրքրություն է հայտնել ծանոթանալու Հայաստանի փորձին՝ դպրոցականների շրջանում օլիմպիադայի կազմակերպման բնագավառում, որը հիմք կհանդիսանա նաև հետագա փոխհամագործակցության զարգացման համար: Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպանը տեղեկացրել է՝ Հայաստանը կարևոր ուղղություն է նաև տարբեր մարզաձևերի ներկայացուցիչների համար, որոնք մեր երկրում պարբերաբար կազմակերպում են ուսումնամարզական հավաքներ, մասնակցում  միջազգային մրցաշարերի: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
19:40 - 01 մարտի, 2024
Միջազգային փառատոների և մրցանակաբաշխությունների մասնակցած, մրցանակ ստացած մշակութային գործիչները 1 տարի դրամական խրախուսում կստանան
 |1lurer.am|

Միջազգային փառատոների և մրցանակաբաշխությունների մասնակցած, մրցանակ ստացած մշակութային գործիչները 1 տարի դրամական խրախուսում կստանան |1lurer.am|

1lurer.am: Մշակույթի ոլորտի միջազգային հեղինակավոր փառատոներին և մրցանակաբաշխություններին մասնակցած, մրցանակի արժանացած մշակութային գործիչները դրամական խրախուսում կստանան: Նպատակը արվեստի և ստեղծարար ոլորտի ձեռքբերումները խրախուսելն է, գեղարվեստական և մշակութային արդյունքի ճանաչելիությունը բարձրացնելը, մշակութային գործիչների համար ստեղծագործական բարենպաստ միջավայր ձևավորելը, ինչպես նաև առհասարակ ոլորտում պետական խրախուսման մեխանիզմներ ներդնելը: Այդ մասին Կառավարության՝ փետրվարի 29-ի նիստին ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով համապատասխան որոշման նախագիծը: «Միջազգային հեղինակավոր փառատոներն ու մրցանակաբաշխությունները բազմաթիվ են, այս նախագծով էլ ընդգրկված են ավելի քան 150 նման փառատոներ, մրցույթներ ու մրցանակաբաշխություններ, ու դրանց թվին են դասվում այն միջոցառումները, որոնց ցանկը հաստատվում է ոլորտի միջազգային կազմակերպությունների կամ ասոցիացիաների կողմից»,- ասաց նա: Ըստ Անդրեասյանի՝ դրամական խրախուսումը տրամադրվելու է ՀՀ քաղաքացի հանդիսացող՝ մշակույթի ոլորտի այն գործիչներին, որոնք, որպես ՀՀ ներկայացուցիչ, մասնակցել են միջազգային հեղինակավոր փառատոներին և մրցանակաբաշխություններին և արժանացել են մրցանակի: Խոսքը թատերարվեստի, կերպարվեստի, երաժշտարվեստի, պարարվեստի, կինոարվեստի, մշակութային ժառանգության, գրականության մասին է: «Կան նաև այնպիսի մրցանակաբաշխություններ կամ փառատոներ, որոնց պարագայում երկրի մասնակցությունը տվյալ փառատոնին արդեն իսկ հավասարազոր է հաղթանակի, դա նշանակում է՝ տվյալ ստեղծագործությունը, ֆիլմը, ներկայացումն արդեն իսկ անցել է նախընտրական փուլը և ընդգրկվել փառատոնային ծրագրում»,- ասաց նախարարը՝ նշելով, որ փառատոներն ու մրցանակաբաշխությունները պետք է ունենան միջազգային ձևաչափ և միջազգային ժյուրի: Խրախուսումն իրականացվելու է ամսական պարբերականությամբ՝ 1 տարի ժամկետով, և 1-ից ավելի արդյունք ունենալու դեպքում վճարվելու է դրանցից յուրաքանչյուրի համար: «Չափերը սահմանելիս հիմք ենք վերցրել սպորտի ոլորտում բարձր նվաճումներ ունեցող մարզիկների խրախուսման գործող կարգը, որով փորձել ենք ապահովել երկու ոլորտներում խրախուսման համաչափությունը՝ ամսական 130 հազարից մինչև 800 հազար դրամ: Խրախուսում կարող են ստանալ ինչպես անհատները, այդպես էլ խմբերը»,- ասաց նախարարը: Ըստ Անդրեասյանի՝ վերլուծությունը ցույց է տվել, որ խրախուսում ստացողների տարեկան թիվը կլինի 11 մարդ և 2 խումբ, տարվա կտրվածքով դրամական խրախուսման չափը շուրջ 85 միլիոն դրամ է: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց՝ մարզիկների խրախուսման մեխանիզմի գործարկումից հետո արդյունքներ են գրանցվել, այս նախագծով նպատակ կա նմանատիպ մեխանիզմ ներդնել նաև մշակույթի ոլորտում: Բայց, ի տարբերություն սպորտի ոլորտի, այս ոլորտում մեխանիզմներ մշակելը բարդ է, իսկ սպորտի դեպքում ամեն ինչ հստակ է. կա Աշխարհի չեմպիոն, կա Եվրոպայի չեմպիոն, կան ոսկե, արծաթե, բրոնզե մեդալակիրներ, և ըստ այդմ էլ կատարվում է պարգևատրումը: «Մշակույթի դեպքում մենք բարդություններ ունեինք, և հիմա փորձել ենք որոշակի շրջանակ ձևակերպել (այնպես չէ, որ այդ բարդությունները լիարժեք հաղթահարված են), որպեսզի նաև մեր մշակույթի ոլորտում խրախուսման և աջակցության այդ մեխանիզմը ստեղծենք»,- ասաց նա: Ժաննա Անդրեասյանը նաև ընդգծեց, որ այս նախագծով ցույց են տալիս, որ կոչումների քաղաքականությունից հրաժարվելով՝ ոլորտում աշխատանքի գնահատման և ստեղծագործության գնահատման գործիքակազմ են ներդնում:
12:02 - 29 փետրվարի, 2024
Նոր լուծումներ Հայֆիլմի համար. մեկնարկել է հայ ուսանողների մասնակցությամբ միջազգային աշխատաժողովը

Նոր լուծումներ Հայֆիլմի համար. մեկնարկել է հայ ուսանողների մասնակցությամբ միջազգային աշխատաժողովը

Փետրվարի 28-ին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում մեկնարկել է 7 երկրների, այդ թվում՝ Հայաստանի, ճարտարապետական բուհերի ճարտարապետ ուսանողների մասնակցությամբ «Քաղաք երազների համար – նոր լուծումներ Հայֆիլմի համար» խորագրով աշխատաժողովը, որը «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակներում իրականացվում է գերմանական «Ճարտարապետական մշակույթի ակադեմիա» (Academy for Architectural Culture (aac)) կազմակերպության կողմից: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեից։  Հանդիպմանը ներկա էին Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, ՃՇՀԱՀ ճարտարապետության ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Արմեն Շատվորյանը, «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի տնօրեն Արմեն Սիմոնյանը, «Ակադեմիական քաղաք» ծրագրի կոնցեպտուալ գլխավոր հատակագծի նախագծման համար պատասխանատու գերմանական «gmp International GmbH Architects and Engineers» ընկերության փոխտնօրեն Թոբիաս Քեյլը և «gmp Foundation» հիմնադրամի մաս կազմող Ճարտարապետական մշակույթի ակադեմիայի գործադիր տնօրեն Էննո Մաասը: Ողջունելով ներկաներին՝ Սարգիս Հայոցյանը նշեց, որ «Ակադեմիական քաղաք» ծրագիրը Հայաստանի Հանրապետության ամենահավակնոտ ծրագրերից է, և Հայֆիլմի տարածքը ներկայումս ներառվել է՝ որպես ֆիլմարտադրության, արվեստների և ստեղծագործական աշխատանքի համար մեկ միասնական միջավայր, որը կապված կլինի Ակադեմիական քաղաքի արվեստների կլաստերի հետ. «Այս նախաձեռնությունը շատ լավ հնարավորություն է ուսանողների համար իրենց մասնակցությունն ու ներդրումը ունենալու այս մեծ ծրագրին»,- նշեց Հայոցյանը: Երեք ու կես շաբաթ ընդհանուր տևողությամբ աշխատաժողովի ընթացքում թվով 16 ճարտարապետ ուսանողներ, որից 4-ը Հայաստանից են, գերմանական կազմակերպության 4 ճարտարապետների (tutors) համակարգմամբ, կքննարկեն ապագայի արդիական ճարտարապետական մշակումները և կիրականացնեն Հայֆիլմ կինոստուդիայի տարածքի նախագծային աշխատանքներ: Աշխատաժողովի՝ Հայաստանում կայանալիք հատվածը կներառի լսարանային և գործնական աշխատանք, որի մի մասը՝ հենց «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքում, որն ուղղված կլինի գաղափարների գեներացմանը, կոնցեպտի մշակմանը, վերջինիս ձևակերպմանը՝ ճարտարապետական նախագծի տեսքով և էսքիզային տարբերակների ներկայացմամբ: Ինչպես նշեց Ճարտարապետական մշակույթի ակադեմիայի գործադիր տնօրեն Էննո Մաասը, որ աշխատաժողովը հնարավորություն կտա ուսանողների և ճարտարապետների հետ միասին տեղում ծանոթանալ տեղանքին, ինչպես նաև գեներացնել ճարտարապետական լուծումներ և գաղափարներ, որոնք կարող են աջակցել «Հայֆիլմ»-ի տարածքը միջազգային մակարդակի ֆիլմ-քաղաք դարձնելու տեսլականին։ Անդրադառնալով աշխատաժողովի նպատակներին՝ Մաասը նշեց, որ մասնակիցների 4 խմբերին առաջարկվելու է մշակել ճարտարապետական նախագծերի իրենց տարբերակները, որոնք քննարկվելու են բոլոր շահագրգիռ կողմերի հետ և ընտրվելու են նախագծի տեսանկյունից առավել նպատակահարմար առաջարկները: ՃՇՀԱՀ ճարտարապետության ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Արմեն Շատվորյանը առանձնահատուկ կարևորեց աշխատաժողովի միջոցով ուսանողների ներգրավվածությունը «Հայֆիլմ»-ի տարածքի զարգացման և ձևավորման գործընթացին, քանի որ այն թույլ է տալիս ուսանողներին իրական փորձի հիման վրա մասնակցել նախագծային աշխատանքներին. «Ուսանողները անցնելու են բոլոր այն փուլերով, որոնք նախատեսված են ճարտարապետների համար։ Մասնավորապես՝ նրանք ուսումնասիրելու են տարածքը և խնդիրը իրական պայմաններում, մշակելու և ներկայացնելու են որոշակի լուծումներ, որոնք կօգտագործվեն նախագծային կազմակերպության կողմից «Հայֆիլմ»-ի տարածքի զարգացման իրական ծրագրում»: Մարտ ամսին աշխատաժողովը կշարունակվի Համբուրգ քաղաքում, որի ժամանակ մարտի 2-ից 20-ը աշխատաժողովի ճարտարապետ ուսանողները, այդ թվում՝ չորս մասնակից Հայաստանից, կավարտեն նախագծային աշխատանքները և կներկայացնեն տարածքի զարգացման կոնցեպտուալ առաջարկներ:
09:25 - 29 փետրվարի, 2024
Առաջին անգամ անկախ Հայաստանի պատմության ընթացքում թանգարանների ոլորտն ունի իր մայր օրենքը
․ԿԳՄՍՆ

Առաջին անգամ անկախ Հայաստանի պատմության ընթացքում թանգարանների ոլորտն ունի իր մայր օրենքը ․ԿԳՄՍՆ

Ազգային ժողովի փետրվարի 28-ի նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է «Թանգարանների մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում» լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից: Այսպիսով՝ առաջին անգամ անկախ Հայաստանի Հանրապետության պատմության մեջ թանգարանների ոլորտն ունեցավ իր կարգավորող հիմնական մայր օրենքը։ Օրենքի ընդունմամբ կապահովվի մշակութային ժառանգության պահպանության և պաշտպանության համակարգված գործունեությունը, մշակույթի ոլորտում տնտեսական նոր մեխանիզմների զարգացումը, ինչպես նաև իրավաբանական և ֆիզիկական անձանց միջև ծագող հարաբերությունների կարգավորումը: Օրենսդրական փաթեթի մշակումը պայմանավորված է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի» կատարմամբ, ինչպես նաև ՀՀ–ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ճանապարհային քարտեզի միջոցառումների կատարման պահանջով։ «Թանգարանների մասին» ՀՀ օրենքը կարգավորում է թանգարանների գործունեության հետ կապված հարաբերությունները, սահմանում թանգարանների տեսակները, գործառույթները, ՀՀ թանգարանային հավաքածուի ձևավորման, համալրման, հաշվառման, պահպանության, օգտագործման, անվտանգության սկզբունքները, ինչպես նաև ՀՀ թանգարանային հավաքածուի կազմում ընդգրկված թանգարանային առարկաների և հավաքածուների ժամանակավոր պահպանության հանձնելու և արտահանման գործընթացները: Օրենքով ամրագրվում են լիազոր պետական մարմնի լիազորությունները, թանգարանների աշխատողների իրավունքների և պարտականությունների, թանգարանային կրթության իրավական հիմքերը, ոչ պետական թանգարանների հավատարմագրման իրավակարգավորումները և համայնքային թանգարանների գործունեության սկզբունքները: Նշենք, որ օրենքի նախագիծը մշակելու նպատակով ԿԳՄՍ նախարարության կողմից ուսումնասիրվել են թանգարանային գործում առաջադեմ համարվող մի շարք երկրների (Կանադա, ԱՄՆ, Միացյալ Թագավորություն, Ֆրանսիա, Գերմանիա, Լատվիա, Ճապոնիա) ոլորտը կարգավորող օրենսդրական ակտերը, ինչպես նաև ԱՊՀ երկրների թանգարանային գործը կարգավորող օրենսդրությունը: Օրենքի նախագծում կիրառվել է նաև Թանգարանային միջազգային խորհրդի` ԻԿՕՄ-ի կողմից ընդունված Թանգարանների աշխատողների մասնագիտական վարքագծի կանոնագիրքը: 2023 թվականի հուլիսի 17-18-ը Եվրոպական միության «ԹԱՅԵՔՍ» տեխնիկական օժանդակության և տեղեկատվության փոխանակման գործիքի շրջանակում նախագիծը քննարկվել է փորձագիտական առաքելության շրջանակում։
19:04 - 28 փետրվարի, 2024
Մարմնամարզության աշխարհի գավաթ. Արթուր Դավթյանը՝ ոսկե, Վահագն Դավթյանը՝ բրոնզե մեդալակիր

Մարմնամարզության աշխարհի գավաթ. Արթուր Դավթյանը՝ ոսկե, Վահագն Դավթյանը՝ բրոնզե մեդալակիր

Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացված սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի երկրորդ փուլում Հայաստանի հավաքականի առաջատար, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, ՕԽ բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել՝ հենացատկի վարժության եզրափակչում հավաքելով 15.100 միավոր: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։     Հայաստանի հավաքականի մյուս ներկայացուցիչ Վահագն Դավթյանը դարձել է օղակների վարժության բրոնզե մեդալակիր։ Դավթյանը 14,600 միավոր է հավաքել և կանգնել պատվո հարթակի երրորդ աստիճանին։ Այս վարժությունում Հայաստանի հավաքականի մյուս անդամ Արթուր Ավետիսյանը 14․566 միավորով զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը։ Երեկ կայացել է նաև նժույգ-թափեր վարժության եզրափակիչը։ Գագիկ Խաչիկյանը 14․833 միավորով 6-րդ տեղն է գրավել։     Հաղորդագրությունում նշված է, որ աշխարհի գավաթի փուլերը վարկանիշային են Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի համար։  
18:41 - 25 փետրվարի, 2024
Անահիտ Ավանեսյանն ու Ժաննա Անդրեասյանը ստորագրեցին պաշտոնական հրաման, որով կներդրվի հետբուհական մասնագիտական կրթական նոր ծրագիր
 |armenpress.am|

Անահիտ Ավանեսյանն ու Ժաննա Անդրեասյանը ստորագրեցին պաշտոնական հրաման, որով կներդրվի հետբուհական մասնագիտական կրթական նոր ծրագիր |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության առողջապահության և ԿԳՄՍ նախարարների համատեղ ստորագրած պաշտոնական հրամանով կներդրվի հետբուհական մասնագիտական կրթական ծրագիր: Այն գործելու է բժշկական կրթության ոլորտում կլինիկական օրդինատուրայի հենքի վրա: Ծրագրի ակադեմիական գործընկերներն են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առողջապահության ազգային ինստիտուտն ու ԵՊԲՀ-ը, իսկ միջազգային գործընկերը՝ Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցը: Ծրագիրը ստեղծվել է «Հենար» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ: Ծրագրի հիմնական կլինիկական գործընկերներն են Արաբկիր բժշկական համալիրը, Մուրացան համալսարանական հիվանդանոցային համալիրն ու Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոցը: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդգծեց, որ  ծրագիրը նպատակ ունի միավորել երկրում առկա լավագույն ակադեմիական և կլինիկական ռեսուրսները հետբուհական բժշկական կրթության ոլորտում, ինչպես նաև՝ համագործակցել միջազգային գործընկերների հետ՝ ստանալու նորարարական, ռեզիդենտակենտրոն ծրագիր՝ հիմնված միջազգային լավագույն փորձի վրա: Այս ծրագիրը ռեզիդենտներին տալու է ընդգրկուն, բազմազան և համապարփակ կրթություն։ «Այս ձեռքբերման հիմքում ընկած է բավական մեծ աշխատանք: Ես շնորհավորում եմ այս կարևոր համագործակցության, նաև՝  գրանցված այն արդյունքի համար, որը հետագայում թե՛ կրթական, թե՛ առողջապահական ոլորտում լուրջ բարեփոխումների հիմք է ծառայելու: Հայաստանի զարգացման և ձեռքբերումների համար չափազանց կարևոր է տարբեր գերատեսչությունների, նախարարությունների ու նաև բուհական համակարգի ակտիվ համագործակցությունը:  Ուրախ եմ, որ մենք այսօր արդեն իսկ իրականացնում ենք պիլոտային ծրագիրը, որը մեզ հնարավորություն կտա օգտագործելով և վերցնելով  մեր միջազգային գործընկերների շատ կարևոր փորձը՝  ձևավորել այն կառուցակարգերը, որի շրջանակներում հետագայում կվերանայենք և կմեկնարկենք մեր մյուս ծրագրերը»,- ասաց Ավանեսյանը: ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն էլ անդրադառնալով իրականացվող փոփոխություններին՝ ընդգծեց, որ դրանց անհրաժեշտությունն  այս պահին կա թե՛ կրթության, թե՛ առողջապահության ոլորտներում: «Ուրախ եմ, որ միջգերատեսչական համագործակցությունը,  որը դեռևս բարելավվելու անհրաժեշտություն ունի,  կյանքի կոչվեց: Կարևորում եմ այն փաստը, որ այն իրականցվում է որպես փորձնական ծրագիր, որովհետև սա մի ուղղություն է, որտեղ մենք կարիք ունենք հասկանալու լավագույն ճանապարհները, փորձելու դրանք և այդ փորձի հիման վրա նաև տեսնելու, թե ինչպիսին պետք է լինի համակարգային փոփոխությունը»,- նշեց նախարարը: Հետբուհական մասնագիտական կրթական ծրագիրը գործում է Առողջապահության նախարարության նպատակային օրդինատուրայի ծրագրի շրջանակներում: Այն մեկնարկել է 2023 թ-ի հոկտեմբերի 9-ին, ունի մրցութային կարգով ընդգրկված 8 սան, ովքեր  ընդունվել են Երևանի պետական բժշկական համալսարանի և Առողջապահության ազգային ինստիտուտի միջոցով:
17:58 - 21 փետրվարի, 2024
Վարչապետ Փաշինյանը կարևորել է Ակադեմիական քաղաքում տեղակայվող բուհերի նախկին շենքերի արդյունավետ կառավարումը

Վարչապետ Փաշինյանը կարևորել է Ակադեմիական քաղաքում տեղակայվող բուհերի նախկին շենքերի արդյունավետ կառավարումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է ԿԳՄՍ նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե` կառույցի 2023 թվականի գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով: Բարձրագույն կրթության գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը և նրա տեղակալները զեկուցել են Կոմիտեի համակարգման տիրույթում գտնվող բարձրագույն կրթության, գիտության և գիտատեխնիկական գործունեության ոլորտներում 2023 թվականի պետական ծրագրերի և միջոցառումների իրականացման վերաբերյալ: Զեկուցվել է, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող կոմիտեն՝ որպես պետական կառավարման համակարգում նոր մարմին, ստեղծվել է 2023թ. մայիսի 3-ին ընդունված «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքով, համաձայն որի՝ կոմիտեն իրականացնում է բարձրագույն կրթության և գիտության ոլորտի միասնական քաղաքականությունը՝ մեկտեղելով նախկինում ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող Գիտության կոմիտեի, Բարձրագույն որակավորման կոմիտեի, Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության գործառույթները: Մասնավորապես՝ ներկայացվել են գիտության և գիտատեխնիկական գործունեության ոլորտում կոմիտեի գործունեության արդյունքները՝ ըստ ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի 4 հիմնասյուների, ժամանակակից սարքերով և սարքավորումներով գիտական կենտրոնների վերազինում և ենթակառուցվածքների բարելավում, այդ թվում՝ կապիտալ ծախսային միջոցառումների միջոցով, մարդկային ռեսուրսների զարգացմանն ուղղված դրամաշնորհային ծրագրերի և այլ միջոցառումների իրականացում, պետական ֆինանսավորման արդյունավետություն, այդ թվում՝ գիտական կադրերի ատեստավորման և վերջինիս արդյունքում աշխատավարձերի աստիճանական զգալի բարձրացման միջոցով, իրավական դաշտի կարգավորում: Վարչապետ Փաշինյանը հետաքրքրվել է` Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն ինչպես է դուրս բերում, օրինակ, թե Ջրային ռեսուրսների կառավարման կոմիտեում ի՞նչ թեմա կա, որը կարող է գիտական սպասարկում ստանալ: Սարգիս Հայոցյանը նշել է, որ ԿԳՄՍ նախարարի հրամանով շրջաբերական է ուղարկվել բոլոր գերատեսչություններին, որոնք կարող էին ունենալ գիտական խնդիրներ: «Իրենք ներկայացրել են թեկնածուներ, որոնք հնարավորություն ունեն ներկայացնելու, թե տվյալ գերատեսչությունում գիտականամերձ ինչ խնդիրներ կան: Մենք նաև մեր կողմից այդ դաշտ ենք բերել գիտնականներ, որոնք կարող են հասկանալ խնդիրը: Այժմ միմյանց հետ այդ աշխատանքային խմբերը քննարկում են: Իրենք ասում են՝ այս կարիքն ունենք, իսկ գիտնականներ ասում են` սա գիտական խնդիր է, թե գիտական խնդիր չէ: Դրա հիման վրա ձևավորվելու են թեմաները, որոնց վրա արդեն մրցույթը կփորձենք անել, դրան զուգահեռ էլ կարգը կվերամշակենք, որում արդեն կֆիքսվի այդ գործընթացը, ինստիտուտ կդառնա»,- ասել է Սարգիս Հայոցյանը: Վարչապետի խոսքով` հետաքրքիր մեխանիզմ է: «Եվ իմ կարծիքով՝ ամեն ինչի մասին է: Օրինակ՝ կարող է սահմանագծման գործընթացում գիտական թեմա ի հայտ գալ և ամենատարբեր ոլորտներում՝ ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող և այլն: Դա շատ հետաքրքիր մեխանիզմ է և եթե կարողանանք դարձնել իրականում աշխատող, շատ օգտակար կլինի, այդ թվում՝ պետության, ընդհանուր առմամբ, ինստիտուցիոնալ կայացման համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Այս համատեքստում անդրադարձ է կատարվել նաև գիտական փորձաքննության և դրամաշնորհային ծրագրերի մշտադիտարկման մեխանիզմների լավարկմանը, ինչպես նաև գիտության ոլորտի կառավարման միասնական էլեկտրոնային հարթակի արդյունավետությանը: Հաջորդիվ ներկայացվել են բուհական և հետբուհական, այդ թվում՝ աստիճանաշնորհման ոլորտում նախատեսվող և արդեն իրականացված բարեփոխումները, կրթության կազմակերպման բարելավմանն ու որակի ապահովմանն առնչվող խնդիրները, պետության համար առաջնահերթություն ներկայացնող ոլորտներում նպատակային կրթության խրախուսմանն ուղղված ծրագրերը, ԼՂ-ից բռնի տեղահանված ուսանողների կրթության շարունակականությանն ուղղված միջոցառումները և այլ հարցեր: Ընդգծելով բարձրագույն կրթության, գիտական և գիտահետազոտական ոլորտների ներդաշնակեցման և ուսումնական հաստատությունների, գիտական ու արտադրական կազմակերպությունների միջև ցանցային, սիներգիական համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը՝ անդրադարձ է կատարվել նաև «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքով նախատեսված Ակադեմիական քաղաքի ստեղծման ուղղությամբ 2023 թվականին իրականացված աշխատանքներին, որոնք ներառում են իրավական բազայի կարգավորումը, Ակադեմիական քաղաքի հայեցակարգի մշակումն ու հաստատումը, քաղաքի կոնցեպտուալ գլխավոր հատակագծի նախագծի պատրաստումը գերմանական «Gerkan, Marg and Partners» ճարտարապետական կազմակերպության կողմից, և հայեցակարգին աջակցության նպատակով միջազգային բարձր վարկանիշ ունեցող գիտական և կրթական հաստատությունների հետ համագործակցային կապերի հաստատումը: Զեկուցվել է, որ 2023թ. հունվարի 1-ից զգալիորեն ավելացել է գիտաշխատողների աշխատավարձը (2021թ. ցուցանիշների համեմատ, կախված տարակարգից՝ 1,5-ից 3 անգամ)՝ 2021թ. մայիսի 13-ին ՀՀ կառավարության հաստատած 2022-2025թթ. բազային ֆինանսավորման ծրագրերում ընդգրկված գիտական կադրերի ատեստավորման գործընթացի արդյունքներով: Ատեստավորում անցած գիտական և ճարտարագիտական աշխատողների բազային պետական աշխատավարձի աստիճանական աճը կշարունակվի մինչև 2025 թ.։ Վարչապետը հետաքրքրվել է գիտական կոչումների շնորհման գործընթացի մասին, թե ի՞նչ դինամիկա ունենք ներկայում: Սարգիս Հայոցյանը նշել է. «Միանգամայն ստաբիլ ցածր դինամիկա: Դա խոսում է այն մասին, որ նախ 2020 թվականից սկսվեց ուշադրություն դարձվել որակին, գրագողության դեմ պայքարին և այլն»: Արձագանքելով` վարչապետը նշել է. «Եթե գիտության ոլորտում մեր, այսպես ասած, ամբիցիաների հետ համեմատենք, իհարկե, քիչ է: Մյուս կողմից էլ մենք խնդիր ունենք այս թիվը բարձրացնելու, բայց առանց որակական կոմպրոմիսների: Դա, ըստ էության, ռազմավարական հարց է և այդտեղ պետք է հասկանանք՝ ո՞րն է մեր քաղաքականությունը: Ինչպե՞ս ենք թիվն ավելացնում, բայց որն ուղղակի վիճակագրություն չլինի, այլ ենթադրվի շատ կոնկրետ բովանդակություն, և մեր ռազմավարություններին համընթաց դիտարկվի այդ պրոցեսը»: Ժաննա Անդրեասյանի խոսքով` գործողություններից մեկը միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում ներառված առաջատար ամսագրերում կամ հրատարակչություններում հրատարակությունների ֆինանսական աջակցությունն է նաև, որովհետև այժմ նաև պետք է անցնել աստիճանաշնորհման նոր կարգի հաստատման գործընթաց: 2023 թ. պետական բյուջեով գիտության ոլորտին առաջին անգամ հատկացվել են միջոցներ կապիտալ բնույթի ծախսային միջոցառումների համար՝ 4.2 մլրդ ՀՀ դրամի չափով, որի շրջանակում իրականացվում է թվով 54 սարքերի գնման գործընթացը: Վարչապետ Փաշինյանի հարցին ի պատասխան՝ պատասխանատուները զեկուցել են, որ 2018 թվականից ի վեր Հայաստանում գիտության ֆինանսավորումն ավելի քան եռապատկվել է: Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով գիտահետազոտական ինստիտուտների գործունեությանը` նշել է. «Մենք գիտահետազոտական ինստիտուտներում ատեստավորում ենք իրականացնում: Իրենք են թեմաներն ընտրում, մենք հետո նայում ենք թեմաների արդյունավետությանը, այսպես ասած, միջազգային գիտական համակարգում իրենց տեղի և իրենց տեսանելիության մակարդակը գնահատելու»: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ այդ ուղղությամբ աշխատանքը նաև խոշորացման գործընթացի` բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների միավորման մասին է: «Ըստ էության, ամենամեծ փոփոխությունը հենց այս կտորի վրա է լինելու, քանի որ ինչ ծրագրեր են իրենք անում և որ ուղղություններով գնում, արդեն բովանդակային, այսպես կոչված, վերահսկողություն է լինելու, որ բուհերի հետ միավորման այդ կոնտեքստում, օրինակ՝ տեխնոլոգիական կամ կրթական ուղղությամբ կամ մյուս ուղղություններով կվերադասավորվեն»: Վարչապետը հետաքրքրվել է` արդյոք բուհերում էլ կա՞ն հետազոտական ծրագրեր: Սարգիս Հայոցյանը դրական պատասխան է տվել: Հարցին` այսօրվա պայմաններում բուհերն ի՞նչ ծավալի հետազոտական ծրագրեր են իրականացնում, ի պատասխան նշվել է, որ, օրինակ, ԵՊՀ-ում արդեն բազային ֆինանսավորման ծավալը հասել է 1 մլրդ: Բուհը դարձել է բավականաչափ մեծ հետազոտական կազմակերպություն: «Ինչի՞ համար եմ ասում, որովհետև մենք հետագայում նաև դինամիկա էլ պետք է տեսնենք, ինչ աճեր ենք ունեցել, որովհետև այդ միավորման պրոցեսը միայն ֆիզիկական չէ, չէ՞, այսինքն՝ անկախ նրանից իրենք որևէ ինստիտուտի հետ ուղիղ կապված են, թե ոչ: Այդ հետազոտական մեխանիզմը պետք է սկսի բուհերում աշխատել, դա մեր պրոցեսն ավելի կհեշտացնի, քան կդժվարացնի»,- ասել է վարչապետը: Տեղեկացվել է, որ գիտական կենտրոնները ժամանակակից սարքավորումներով վերազինելու ու համատեղ օգտագործման գիտական սարքավորումների կենտրոնների ստեղծման նպատակով՝ 2023թ. 2 անգամ հայտարարվել է սարքերի ձեռքբերման մրցույթ, որոնց գիտական կազմակերպությունները ներկայացրել են 233 (114+119) սարքավորման հայտ` ընդհանուր 22.1 մլրդ դրամ արժեքով: Գիտական փորձաքննության արդյունքում ձեռքբերման է երաշխավորվել 95 (54+41) սարքավորում` 7.1 մլրդ դրամ ընդհանուր արժեքով։ Դա ավելին է, քան նույն նպատակով կազմակերպված նախորդ բոլոր մրցույթների արդյունքում տրամադրված միջոցների հանրագումարը (2013-2022թթ.՝ շուրջ 5,9 մլրդ)։ Վարչապետ Փաշինյանն անդրադառնալով սարքավորումների ձեռքբերմանը` հետաքրքրվել է. «Մենք մի գիտական կազմակերպության համար սարքավորում ձեռք բերելիս հետագայում ապահովո՞ւմ ենք, որ դրան հասանելիություն ունենան նաև, ըստ անհրաժեշտության, գիտական գործունեությամբ զբաղվող մյուս գործընկերները: Ես նաև այսպիսի հարց ունեմ՝ մենք սարք տարանք, դրեցինք, մենք ունե՞նք ինդիկատոր, այդ սարքն, ի վերջո, օգտագործվել է, չի օգտագործվել, քանի՞ ժամ, քանի՞ րոպե է օգտագործվել, քանի՞ թեմայի համար է օգտագործվել»: Սարգիս Հայոցյանը նշել է, որ սարքավորումներից կարող են օգտվել ոլորտում գործող մյուս կազմակերպությունները և հավելել. «Հիմա մենք ի՞նչ ենք անում: Նախ սարքի հանձնման, ընդունման պայմանագրի մեջ նշվում է, որ այն պետք է համատեղ օգտագործման ենթակա լինի: Դրան զուգահեռ, նաև սարքը տրամադրելուց հետո կազմակերպությունը հինգ տարի հաշվետվություն է տալու այդ սարքի վրա արած աշխատանքների, այդ սարքով արված աշխատանքների տպագրությունների, օգտագործողների մասին: Դա կատարվելու է առցանց համակարգով: Այսինքն՝ այդ ամեն ինչն ավտոմատ կերպով է լինելու»: Արձագանքելով` վարչապետը նշել է. «Մենք պետք է համոզված լինենք, որ մեր ներդրումը ծառայում է նպատակին և մաքսիմալ շրջանառության մեջ է: Ուզում եմ նաև հաջորդը նշել, տեսեք, մենք մի տողով գրել ենք սարք, բայց շատ ուշադիր պետք է լինենք այդ սարքի ռեսուրսին և սարքի համապատասխանությանն այսօրվան, որովհետև նույնիսկ նորագույն սարքերը շատ արագ հնանում են: Մենք սրա հետ էլ պետք է առերեսվենք, այսինքն՝ օգտագործման ռելեվանտությունը, այնուամենայնիվ, նվազում է: Որպեսզի դա լիարժեք շահագործենք, նաև պետք է այդ ուղերձն էլ լինի, որ հնանա` Կառավարությունը նոր սարք է բերելու: Գիտական հանրությունն այս ուղերձը պետք է ստանա, որ դա նրա համար չէ, որ մենք բերենք դնենք, անգամ ասենք՝ տեսեք, այս ինստիտուտի համար սարք ենք ձեռք բերել և դրա համար քաղաքական դիվիդենտ ձեռք բերենք: Դա նրա համար է, որ ավելի լավ սարքերի ռեալ պահանջարկ առաջացնի մեր գիտական հանրության շրջանում և գործունեության մեջ»: Գիտական ստորաբաժանումների զարգացման ծրագրի շրջանակում առաջին անգամ իրականացվել է մրցունակ գիտական ստորաբաժանումների հագեցվածությանն ուղղված մրցութային ծրագիր, որի բյուջեն ամբողջությամբ ուղղվել է փոքր և ամենօրյա կիրառություն ունեցող գիտական սարքավորումների և նյութերի ձեռքբերմանը: Մրցույթի արդյունքում ստացվել է 99 հայտ 25 կազմակերպությունից՝ ընդհանուր 1,6 մլրդ դրամ գումարային արժեքով, որից փորձաքննության արդյունքում ֆինանսավորման է երաշխավորվել 60 հայտ` ընդհանուր 932 մլն դրամ գումարային արժեքով: Նշվել է, որ 2023 թ. 17 դրամաշնորհային ծրագրերին ներկայացվել է 265 դրամաշնորհային նախագիծ, որից ֆինանսավորվել են 141-ը` 1,524,608 հզ. դրամ ընդհանուր ծավալով։ Վարչապետը հետաքրքրվել է, թե դրամաշնորհների ծրագիրն ինչպես է աշխատում և հիմնական շահառուներն ովքեր են: «Ես հիշում եմ՝ հենց սկզբնական շրջանում, երբ մենք դրամաշնորհների ծրագիրն էինք քննարկում, ամենակարևոր գաղափարներից մեկն այն էր, որ այդ դրամաշնորհների շուրջ գիտական խմբեր ձևավորվեն: Ինչպե՞ս է աշխատում ծրագիրը: Այսինքն՝ դիմում է խմբի պոտենցիալ ղեկավարը, հետո խումբ է հավաքում, թե խումբ է ձևավորվում, այդպես դիմում ներկայացվում»: Սարգիս Հայոցյանը նշել է, որ խումբ է հավաքվում, որից հետո դրամաշնորհային ծրագրի մասնակցելու հայտ է ներկայացվում: «Մեր բոլոր մրցույթներում նախօրոք թիմը հավաքվում է, փորձաքննության փուլում նույնպես թիմի կարողությունները գնահատվում են»,- ասել է նա: Հարցին` դրամաշնորհներով քանի՞ այդպիսի գիտական թիմ կամ խումբ է ֆինանսավորվել ընդհանուր առմամբ, տեղեկացվել է, որ ֆինանսավորվել է 644 գիտական խմբի հետազոտական նախագիծ, որից 141-ը 2023 թվականին: «Սա շատ կարևոր բան է, որ մենք պետք է կարողանանք այդ ռացիոնալ, թեկուզ անպատրաստ վիճակում գաղափարը բռնել, ասել՝ չեք ստեղծել իրականում, բայց հետաքրքիր է, կարող է դառնալ դրամաշնորհային ծրագրի թեմա: Եվ մարդուն օգնենք, թեման մտցնենք հոսքագծի մեջ, որ վերջում տեսնենք, թե ինչ արդյունքի ենք հասել, որովհետև երկրի ինտելեկտուալ պոտենցիալն օգտագործելու մեխանիզմ պետք է ունենաք»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը: Գիտական փորձաքննության գործընթացում ներգրավվել է 17 մասնագիտական փորձագիտական խորհուրդ և իրականացվել է 265 նախագծի 541 փորձաքննություն։ «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր 2023» մրցույթի արդյունքում ֆինանսավորման է երաշխավորվել 15, իսկ «ՀՀ գիտական համայնքին արտերկրի գիտնականների ինտեգրմանն աջակցության ծրագիր 2023 և 2023/2» մրցույթների արդյունքում՝ ընդհանուր թվով 6 գիտական խումբ, որոնց 5 տարվա համար տրամադրվում է շուրջ 150 մլն դրամ ֆինանսավորում, այդ թվում նաև՝ լաբորատոր միջավայրի բարեկարգման կամ վերազինման նպատակով։ Պետության համար առաջնային և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով ՀՀ բուհերում առկա ուսուցմամբ սովորողներին տրվող պետական կրթաթոշակներն աճել են՝ կազմելով 70000-77000 ՀՀ դրամ (ըստ առաջադիմության)` գործող 5000-6500 դրամի փոխարեն: Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է արտերկրի բուհերում երիտասարդների ուսման համար կրթաթոշակների տրամադրման հարցին և ընդգծել ուսումից հետո նրանց վերադարձի ապահովման մեխանիզմների ներդրման անհրաժեշտությունը: «Փաստացի ուղիղ կամ անուղղակի կարող ենք միլիարդ ծախսել, երիտասարդներին ուղարկել արտասահման սովորելու, և բոլորը կծափահարեն: Հետո ոչ մեկը չի հարցնի՝ այդ երիտասարդների քանի՞ տոկոսը հետ եկավ, որովհետև առաջնային նպատակն այն է, որ իրենք գան Հայաստանում աշխատեն, որ մեր այս պրոբլեմների մի մասն իրենց պրոֆեսիոնալիզմի շնորհիվ լուծվեն, այսինքն՝ Կառավարությանը, պետությանն օգնեն, լուծել: Դա կարող է տեղի ունենալ պետական, մասնավոր համակարգերում աշխատելով: Իսկ լավ, այս գումարը ծախսեցինք, իսկ ի՞նչ ստացանք արդյունքում: Կարող ենք ստանալ նաև այն, որ մեր ևս մի հայրենակից ինչ-որ մի երկրում շատ մեծ հաջողությունների է հասել, ինչի համար շատ ուրախ ենք, շատ բավարարված ենք, շատ լավ է, բայց դա, այնուամենայնիվ, այն նպատակը չէ, որով պետական բյուջեն պետք է ծախս անի: Պետք է վերադարձի մեխանիզմը հասկանանք ինչպես է, մարդը ոնց է վերադառնում: Ու այստեղ նորից հանրային կառավարման բարեփոխումների մասին է խոսքը, որովհետև եթե մարդը գնաց, ենթադրենք սովորեց, Օքսֆորդն ավարտեց, ինքը չի գալու 200, 300 հազար դրամով նախարարությունում վարչության պետ աշխատի: Չի աշխատելու»,- նշել է Նիկոլ Փաշինյանը: Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացմանը, մինչ այժմ կատարված աշխատանքներին և նախատեսվող քայլերին: Վարչապետ Փաշինյանը կարևորել է Ակադեմիական քաղաքում տեղակայվող բուհերի նախկին շենքերի արդյունավետ կառավարումը: «Գուցե մեզ հարկավոր է նաև այսօրվանից գտնել ընկերություն, որը կտա հետագայում բուհական ֆիզիկական ենթակառուցվածքի կառավարման սխեմա, որովհետև մենք հիմա մտածում ենք, որ Երևանում ինչքան պետական բուհական շենք կա, այդ բուհական շենքերը կարող են կենտրոնացվել և կառավարվել: Այսինքն՝ վարձակալության տրվի և այլն, և ամբողջ եկամուտն ուղղի «Ակադեմիական քաղաքի» ֆինանսավորմանը: Կարծում եմ՝ այդ գույքի կառավարումն էլ է շատ լուրջ խնդիր, և պետք է մասնագիտացված միջազգային հեղինակություն ունեցող ցուցակված ընկերություն գտնենք, ով գա և մեզ սխեմա առաջարկի, թե ինչպես է պետք կառավարել այդ ենթակառուցվածքը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
21:00 - 20 փետրվարի, 2024
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները

Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները

Ամփոփվել են 2024/2025 ուսումնական տարվա բուհերի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները։  Միասնական քննությունների 1-ին՝ ձմեռային փուլին ի սկզբանե հայտագրվել է 9672 դիմորդ՝ 16 924 քննություն հանձնելու համար (դիմորդների մի մասը հայտագրվել էր 1, մի մասը՝ 2 քննություն հանձնելու համար): Հունվարի 20-ից մինչև փետրվարի 4-ը՝ 6 քննական օրերի ընթացքում, ընդհանուր առմամբ տեղի է ունեցել 16 655 քննություն՝ 12 առարկայից: Քննություն հանձնած դիմորդների թիվը 9604 է: Դիմորդները միասնական քննություններ են հանձնել «Հայոց լեզու և հայ գրականություն», «Քիմիա», «Աշխարհագրություն», «Օտար լեզուներ», «Ֆիզիկա», «Հայոց պատմություն», «Մաթեմատիկա», «Կենսաբանություն», «Ռուսաց լեզու» առարկաներից։ Միասնական քննության առաջին փուլի արդյունքներով «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի քննությանը հայտագրվել է 3240 դիմորդ, քննությանը մասնակցել է 3211-ը: Միջին միավորը եղել է 11․09: Դրական միավորի շեմը չի հաղթահարել 589 դիմորդ (մասնակիցների 18,3%-ը), 18-20 միավոր է հավաքել 183-ը (5,7%)։ «Քիմիա» առարկայի քննությանը հայտագրվել է 1045 դիմորդ, քննությանը մասնակցել է 1034-ը: Միջին միավորը եղել է 10.46: Դրական միավորի շեմը չի հաղթահարել 345 դիմորդ (մասնակիցների 33,4%-ը), 18-20 միավոր է հավաքել 121-ը (11,7%)։ «Աշխարհագրություն» առարկայի քննությանը հայտագրվել է 56 դիմորդ, քննությանը մասնակցել է 56-ը: Միջին միավորը եղել է 11.00: Դրական միավորի շեմը չի հաղթահարել 10 դիմորդ (մասնակիցների 17,9%-ը), 18-20 միավոր է հավաքել 1-ը (1,8%)։ «Անգլերեն» առարկայի քննությանը հայտագրվել է 5045 դիմորդ, որից քննությանը մասնակցել է 4983-ը: Միջին միավորը եղել է 12.85: Դրական միավորի շեմը չի հաղթահարել 842 դիմորդ (մասնակիցների 16,9%-ը), 18-20 միավոր է հավաքել 872-ը (17,5%)։ «Գերմաներեն» առարկայի քննությանը հայտագրվել է 30 դիմորդ, որից քննությանը մասնակցել է 30-ը: Միջին միավորը եղել է 13․84։ Դրական միավորի շեմը չի հաղթահարել 4 դիմորդ (մասնակիցների 13,3%-ը), 18-20 միավոր է հավաքել 2-ը (6,7%)։ «Ֆրանսերեն» առարկայի քննությանը հայտագրվել է 32 դիմորդ, որից քննությանը մասնակցել է 31-ը: Միջին միավորը եղել է 12.19: Դրական միավորի շեմը չի հաղթահարել 5 դիմորդ (մասնակիցների 16,1%-ը), 18-20 միավոր է հավաքել 4-ը (12,9%)։ «Իսպաներեն» առարկայի քննությանը հայտագրվել է 1 դիմորդ, քննությանը մասնակցել է 1-ը: Միավորը եղել է 16.75: «Ֆիզիկա» առարկայի քննությանը հայտագրվել է 827 դիմորդ, որից քննությանը մասնակցել է 818-ը: Միջին միավորը եղել է 10.64: Դրական միավորի շեմը չի հաղթահարել 245 դիմորդ (մասնակիցների 30%-ը), 18-20 միավոր է հավաքել 79-ը (9,7%)։ «Հայոց պատմություն» առարկայի քննությանը հայտագրվել է 1086 դիմորդ, որից քննությանը մասնակցել է 1059-ը: Միջին միավորը եղել է 11.51: Դրական միավորի շեմը չի հաղթահարել 263 դիմորդ (մասնակիցների 24,8%-ը), 18-20 միավոր է հավաքել 147-ը (13,9%)։ «Մաթեմատիկա» առարկայի քննությանը հայտագրվել է 4198 դիմորդ, որից քննությանը մասնակցել է 4100-ը: Միջին միավորը եղել է 10.51: Դրական միավորի շեմը չի հաղթահարել 1023 դիմորդ (մասնակիցների 24,95%-ը), 18-20 միավոր է հավաքել 269-ը (6,6%)։ «Կենսաբանություն» առարկայի քննությանը հայտագրվել է 1222 դիմորդ, որից քննությանը մասնակցել է 1191-ը: Միջին միավորը եղել է 12․09: Դրական միավորի շեմը չի հաղթահարել 283 դիմորդ (մասնակիցների 23,8%-ը), 18-20 միավոր է հավաքել 217-ը (18,2%)։ «Ռուսաց լեզու» առարկայի քննությանը հայտագրվել է 141 դիմորդ, քննությանը մասնակցել է 141-ը: Միջին միավորը եղել է 10.29: Դրական միավորի շեմը չի հաղթահարել 38 դիմորդ (մասնակիցների 26,95%-ը), 18-20 միավոր է հավաքել 3-ը (2,1%)։ ՀՀ ամբողջ տարածքում քննական գործընթացը կազմակերպվել է 43 քննական կենտրոնում, 14-ը՝ Երևանում, 29-ը՝ մարզերում:
18:10 - 19 փետրվարի, 2024