ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե

«Հաշվապահ» ՀՈԱԿ-ի նախկին տնօրենը Վանաձոր համայնքի բյուջեից հափշտակել է 39 միլիոն ՀՀ դրամ. նախաքննությունն ավարտվել է

«Հաշվապահ» ՀՈԱԿ-ի նախկին տնօրենը Վանաձոր համայնքի բյուջեից հափշտակել է 39 միլիոն ՀՀ դրամ. նախաքննությունն ավարտվել է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ բացահայտվել են «Հաշվապահ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության (ՀՈԱԿ) տնօրենի, այնուհետև նույն կազմակերպության հաշվապահի պաշտոնները զբաղեցրած Է. Ա.-ի կողմից Վանաձոր համայնքի բյուջեից ավելի քան 39 միլիոն ՀՀ դրամի հափշտակության դեպքեր: Այդ մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից: Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ Է. Ա.-ն, զբաղեցնելով Վանաձոր համայնքի կողմից ստեղծված «Հաշվապահ» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը և օգտագործելով իր ծառայողական լիազորությունները, 2017 թվականի հունվարից 2020 թվականի հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում, էլեկտրոնային եղանակով կազմել է վճարման հանձնարարագրեր, որոնցում մտացածին՝ «Սեմինար պարապմունք» անվան տակ մտցրել է կեղծ տեղեկություններ և առանց որևէ օրինական հիմքի իր բանկային հաշվեհամարին փոխանցել 23.014.381 ՀՀ դրամ: Եվս 900.000 ՀՀ դրամ էլ մաս-մաս փոխանցել է վերոնշյալ ՀՈԱԿ-ի աշխատակիցների բանկային հաշվեհամարներին, այնուհետև՝ վերջիններիս վստահեցնելով, որ հիշյալ գումարների փոխանցումները տեխնիկական սխալմունքի արդյունք են, խնդրել է դրանք կանխիկացնել և վերադարձնել իրեն: Այդ գումարները, սակայն, Է. Ա.-ն չի մուտքագրել «Հաշվապահ» ՀՈԱԿ-ի բանկային հաշվին և հափշտակել է: Նախաքննությամբ պարզվել է նաև, որ Է. Ա.-ն, զբաղեցնելով հիշյալ  ՀՈԱԿ-ի հաշվապահի պաշտոնը և կրկին օգտագործելով ծառայողական լիազորությունները, 2020 թվականի հոկտեմբերի 1-ից 2022 թվականի դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում վերը նշված եղանակով՝ իր և նույն ՀՈԱԿ-ի մեկ այլ աշխատակցի բանկային հաշվեհամարներին առանց օրինական հիմքերի փոխանցումներ կատարելով հափշտակել է ևս 15.182.590 ՀՀ դրամ: Այսպիսով՝ 2017-2022 թվականների ընթացքում Է. Ա.-ն, պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող վճարման հանձնարարագրերում կեղծ տեղեկություններ մտցնելով, Վանաձոր համայնքի բյուջեից «Հաշվապահ» ՀՈԱԿ-ին հատկացված և իրեն վստահված միջոցներից մեկ միասնական դիտավորությամբ հափշտակել է ընդհանուր 39.096.971 ՀՀ դրամ: Վերը նշված հանցավոր արարքների համար Է. Ա.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 445-րդ հոդվածի 1-ին մասով: Ներկայացված մեղադրանքում Է. Ա.-ն իրեն լիովին մեղավոր է ճանաչել և տվել խոստովանական ցուցմունքներ: Հանցագործությամբ պատճառված վնասի հատուցումն ապահովելու համար արգելանք է դրվել մեղադրյալին պատկանող գույքի վրա: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:
13:38 - 04 օգոստոսի, 2023
ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Գևորգյանը օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված շուրջ 1 մլրդ 433 մլն դրամի գույքը

ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Գևորգյանը օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված շուրջ 1 մլրդ 433 մլն դրամի գույքը

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Ա. Գ.-ի (Արթուր Գևորգյանի-խմբ․) կողմից հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու, ապօրինի հարստանալու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված հեռակա վարույթով նախաքննությունն ավարտվել է: Այս մասին հայտնում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։  Ա. Գ.-ի նկատմամբ հեռակա վարույթ իրականացնելու մասին որոշում է կայացվել 2023 թվականի հուլիսի 3-ին՝ նկատի ունենալով, որ մեղադրյալ Ա. Գ.-ն խուսափել է քրեական վարույթին մասնակցելուց: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն դատարան ուղարկելու միջնորդությամբ: Քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Ա. Գ.-ն, հանդիսանալով հայտարարագիր ներկայացնելու պարտականու­թյուն ունեցող  պաշտոնատար անձ, 2018 թվականի մայիսի 4-ին ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել 2017 թվականի գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագիրը, որում չի ներառել՝ թաքցրել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում իրեն պատկանող առանձնապես խոշոր չափերով երեք անշարժ գույքերը, մասնավորապես՝ Լոս Անջելես վարչաշրջանի Վուդլենդ Հիլս և Գլենդեյլ թաղամասերում 2011 և 2015 թթ. համապատասխանաբար 490.000 ու 520.000 ԱՄՆ դոլարով ձեռք բերած բնակարանները, ինչպես նաև 2016թ. 475.000 ԱՄՆ դոլարով Վելլի Վիլիջ թաղամասում գնած բնակարանն ու 2017թ. «Արվիվի» ՍՊԸ-ում 100 տոկոս բաժնեմաս ձեռք բերելու վերաբերյալ հայտարարագրման ենթակա տվյալները: 2019թ. փետրվարի 7-ին ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած տարեկան և պաշտոնական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրերում Ա. Գ.-ն դարձյալ չի ներառել՝ թաքցրել է վերը նշված անշարժ գույքերը և «Արվիվի» ՍՊԸ-ում 100 տոկոս բաժնեմաս ունենալու վերաբերյալ տվյալները: Դրանից բացի, նախաքննությամբ հիմնավորվել է, որ Ա. Գ.-ն 2019 թ. ապօրինի հարստացել է, այն է՝ վերջինս հիշյալ ժամանակահատվածի համար որպես օրինական եկամուտ հայտարարագրել է 114.660 ՀՀ դրամ, սակայն նրա կողմից նույն ժամանակահատվածում կատարված ծախսերը կազմել են ավելի քան 24 մլն ՀՀ դրամ, ինչն էականորեն գերազանցել է Ա. Գ.-ի կողմից որպես օրինական եկամուտ հայտարարագրված գումարը, և ավելացված գումարը ողջամտորեն չի հիմնավորվում դրանով: Բացի այդ, նախաքննությամբ պարզվել է, որ Երևանի քաղաքապետարանի իրավասու պաշտոնատար անձանց կատարած հանցավոր արարքների արդյունքում Ա. Գ.-ն (2009-2012թթ. աշխատել է Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար) 2010 թվականի փետրվարի 2-ին ուղղակի վաճառքով և շուկայականից անհամեմեմատ ավելի ցածր՝ 9.048.000 ՀՀ դրամ կադաստրային արժեքով ձեռք է բերել համայնքային սեփականություն հանդիսացող, հրապարակային սակարկությունների միջոցով օտարման ենթակա՝ Երևան քաղաքի Դավթաշեն համայնքում գտնվող 2000 քմ հողամասը, իսկ 2011 թվականի հուլիսի 21-ին դարձյալ ուղղակի վաճառքով և շուկայականից անհամեմեմատ ավելի ցածր արժեքով՝ 15.834.000 ՀՀ դրամով նույն համայնքում ձեռք է բերել համայնքային սեփականություն հանդիսացող մեկ այլ՝ 3500 քմ հողամասը: Այնուհետև Ա. Գ.-ն հիշյալ երկու հողամասերը 2018 թ. օտարել է համապատասխանաբար 176.346.000 և 308.654.000 ՀՀ դրամով: Միաժամանակ Ա. Գ.-ն 2012-ից 2018 թթ. ընթացքում կատարել է ստացած օրինական եկամուտներով չհիմնավորվող, ծագման աղբյուրն անհայտ, ընդհանուր՝ 90.333.097 ՀՀ դրամ գումարի ծախս, իսկ 2015 թ. տարեկան հայտարարագրում որպես տարեսկզբում առկա գումար հայտարարագրել է 720.000 ԱՄՆ դոլար, 2017թ. տարեվերջին՝ 660.000 ԱՄՆ դոլար, մինչդեռ 2015-2017 թթ. ընթացքում Ա. Գ.-ի կողմից ԱՄՆ-ում գրանցված իր բանկային հաշիվներին փոխանցված գումարների հանրագումարը կազմել է 967.700 ԱՄՆ դոլար, ինչը 247.700 ԱՄՆ դոլարով գերազանցել է 2015 թվականի հունվարի 1-ի դրությամբ հայտարարագրված 720.000 ԱՄՆ դոլարը: Այսինքն՝ անհայտ է, թե ինչ միջոցներից է Ա. Գ.-ն կատարել 247.700 ԱՄՆ դոլարի փոխանցումը: Վերը նկարագրված հանցավոր գործողությունների և ապօրինի հարստացման արդյունքում ստացված առանձնապես խոշոր չափերի դրամական միջոցների և գույքի հանցավոր ծագումը թաքցնելու և դրանց օրինական տեսք հաղորդելու նպատակով Ա. Գ.-ն դրանք մտցրել է օրինական շրջանառության մեջ՝ 2012-2019թթ. ձեռք է բերել մի շարք տրանսպորտային միջոցներ և անշարժ գույք, այդ թվում՝ ԱՄՆ Լոս Անջելես վարչաշրջանի վերը նշված ընդհանուր 1 մլն 485 հազ. ԱՄՆ դոլար արժեքով երեք բնակարանները, ինչպես նաև 2019 թ. Գլենդեյլում 1 մլն 525 հազ. ԱՄՆ դոլարով գնած առանձնատունը: Ա. Գ.-ն որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածով, 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով (երեք դրվագ) և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, և որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  
16:36 - 02 օգոստոսի, 2023
Զորակոչին ոչ պիտանի ճանաչելուն նպաստելու համար ՊՆ պաշտոնյան ստացել է 6 մլն դրամ կաշառք. նա և կաշառատուն ձերբակալվել են

Զորակոչին ոչ պիտանի ճանաչելուն նպաստելու համար ՊՆ պաշտոնյան ստացել է 6 մլն դրամ կաշառք. նա և կաշառատուն ձերբակալվել են

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված տվյալների հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ինչպես նաև կատարված քննչական և վարութային գործողությունների արդյունքում ձեռք են բերվել ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով՝ 6 միլիոն ՀՀ դրամ կաշառք ստանալու առերևույթ հանցանքի մասին վկայող փաստեր: Ինչպես տեղեկացնում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից, պարզվել է, որ Տավուշի մարզի բնակիչ Ա. Գ.-ն 2023 թվականի ամռանը զորակոչման ենթակա որդուն կաշառքի դիմաց հիվանդության հիմքով զորակոչին ոչ պիտանի ճանաչելուն նպաստելու համար պայմանավորվածություն է ձեռք բերել ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության զորահավաքային վարչության պետ Ս. Ա.-ի հետ: Վերջինս էլ, իր ծառայողական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, Ա. Գ.-ի որդու օգտին վերը նշված ապօրինի գործողությունն իրականացնելու համար Ա. Գ.-ից պահանջել և 2023 թվականի ապրիլի 14-ին նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 6 միլիոն ՀՀ դրամ կաշառք:        Ըստ աղբյուրի՝ կաշառք ստացած ՊՆ պաշտոնյան և վերջինիս կաշառք տված Ա.Գ.-ն հուլիսի 27-ին ձերբակալվել են: Նույն օրը Ս. Ա.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, իսկ Ա. Գ.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Նշվում է, որ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ ՊՆ պաշտոնատար անձի՝ Ս. Ա.-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար, որը բավարարվել է: Ա. Գ.-ի նկատմամբ դատարանի որոշմամբ որպես համակցված խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը և 8 միլիոն ՀՀ դրամ գրավը: Նախաքննությունը շարունակվում է: Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
20:15 - 28 հուլիսի, 2023
Բազմաթիվ քաղաքացիներ ապօրինի կերպով վարորդական վկայականներ են ստացել ՃՈ տեսուչներին կաշառք տալու դիմաց. մեղադրանք է ներկայացվել 14 անձի

Բազմաթիվ քաղաքացիներ ապօրինի կերպով վարորդական վկայականներ են ստացել ՃՈ տեսուչներին կաշառք տալու դիմաց. մեղադրանք է ներկայացվել 14 անձի

Հակակոռուպցիոն կոմիտեից տեղեկացնում են, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում նախաձեռնված և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթով հիմնավորվել է, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Կոտայքի հաշվառման-քննական բաժանմունքի տեսուչներ Ժ. Վ.-ն, Է. Ս.-ն և Հ. Մ.-ն, իրենց իշխանական և ծառայողական լիազորություններն օգտագործելով, մի շարք քաղաքացիների օգտին հովանավորչության և ապօրինի գործողություններ կատարելու համար, Կոտայքի մարզի բնակիչ Ս. Գ.-ի, իսկ որոշ դեպքերում նաև այլ քաղաքացիների միջնորդությամբ՝ պահանջել և ստացել են տարբեր չափերի կաշառք: «Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ մի շարք քաղաքացիներ առանց համապատասխան տեսական և գործնական գիտելիքներ ունենալու իրենց կամ մտերիմների համար վարորդական վկայականներ ձեռք բերելու հարցով դիմել են  Ս. Գ.-ին և Ա. Գ.-ին, իսկ վերջիններս օժանդակել են իրենց ծանոթ ՃՈ տեսուչներին՝ կաշառքի դիմաց ձևական բնույթ կրող քննություններով տվյալ քաղաքացիներին վարորդական վկայականներ տրամադրելու հարցում: Ս. Գ.-ն և Ա. Գ.-ն, հիշյալ քաղաքացիներից ստանալով տարբեր՝ 40.000-300.000 հազար ՀՀ դրամի չափով գումարներ, դրանց մի մասը պահել են իրենց՝ որպես ցուցաբերած «աջակցության» վարձատրություն, իսկ մնացած մասը որպես կաշառք փոխանցել են ոստիկանության հիշյալ պաշտոնատար անձանց: Արդյունքում ոստիկանության աշխատակիցներ  Ժ. Վ.-ն, Է. Ս.-ն և Հ. Մ.-ն, առանց ավտոմեքենա վարելու գործնական գիտելիքները պատշաճ ստուգելու, քաղաքացիներից ձևականորեն ընդունել և դրական են գնահատել գործնական ու տեսական քննությունները, որոնց հիման վրա սահմանված կարգի խախտմամբ տրամադրվել են վարորդական վկայականներ: Որոշ դեպքերում վկայականներ են տրամադրվել նաև վարորդի այն թեկնածուներին, ովքեր նախկինում մի քանի անգամ չեն կարողացել հանձնել գործնական քննությունները և վարելու բավարար հմտություններ չեն ունեցել: Այնուհետև ՃՈ պաշտոնատար անձինք շրջանառության մեջ են դրել գործնական քննություն ընդունելու մասին արձանագրություններ, որոնցում մտցրել են ակնհայտ կեղծ տեղեկություններ այն մասին, թե իբր վարորդի թեկնածուները հանձնել են գործնական քննությունները՝ ճիշտ կատարելով պահանջվող բոլոր գործողությունները, ինչի հիման վրա նրանց տրամադրվել են վարորդական վկայականներ: Վերը նկարագրված հանցավոր արարքների համար՝ ՃՈ տեսուչ Է. Ս.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 441-րդ հոդվածի 1-ին մասով և 445-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ տեսուչ Հ. Մ.-ին՝ 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 441-րդ հոդվածի 1-ին մասով և 445-րդ հոդվածի 1-ին մասով, Ս. Գ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 46-436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 46-436-րդ հոդվածի 1-ին մասով, 44-436-րդ հոդվածի 1-ին մասով և 440-րդ հոդվածի 2-րդ մասով, Ա. Գ.-ին՝ 437-րդ հոդվածի 1-ին մասով: Եվս 9 անձի ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով մեղադրանքներ են ներկայացվել կաշառք տալու, ինչպես նաև կաշառք տալուն և ստանալուն օժանդակելու համար: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
12:02 - 21 հուլիսի, 2023
Բացահայտվել են ՊՆ պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու, յուրացումների և պաշտոնեական կեղծիքի դեպքեր. Հակակոռուպցիոն կոմիտե

Բացահայտվել են ՊՆ պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու, յուրացումների և պաշտոնեական կեղծիքի դեպքեր. Հակակոռուպցիոն կոմիտե

Հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական վարույթով բացահայտվել են ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով խարդախություններ, յուրացումներ և պաշտոնեական կեղծիքներ կատարելու, ինչպես նաև կաշառք ստանալու դեպքեր: Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է, որ քրեական վարույթով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ Մ. Հ.-ն, 2018 թվականին ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի պաշտոնում նշանակվելուց հետո, նույն զորամասի ֆինանսական ծառայության պետ Ս. Փ.-ի միջոցով պայմանավորվածություն է ձեռք բերել «Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերության ներկայացուցիչ Ա. Ջ.-ի հետ՝ զորամասին հատկացվող գազի չօգտագործված մասն իրացնելու և արդյունքում գոյացած միջոցների մի մասը հետ ստանալու հարցում՝ դրանով նպատակ հետապնդելով խաբեությամբ հափշտակել զորամասի համար նախատեսված գազի սպառման դիմաց վճարման ենթակա գումարները։ «Արդյունքում՝ 2018թ. հոկտեմբերից 2019թ. մարտն ընկած ժամանակահատվածում, Մ. Հ.-ի հրահանգով ու գիտությամբ, զորամասի գազի հաշվիչի տվյալները մեխանիկական միջամտության արդյունքում կեղծվել են, որից հետո ՊՆ պաշտոնատար անձը Ս. Փ.-ի հետ ամեն ամիս հաստատել է հաշվիչի տվյալների՝ ակնհայտ կեղծ տեղեկություններ պարունակող ակտերը, որոնց հիման վրա ՀՀ ՊՆ-ն փաստացի չծախսված գազի համար հավելյալ վճարել է առանձնապես խոշոր չափերով՝ ավելի քան 12 մլն ՀՀ դրամ գումար, որը Մ. Հ-ն Ա. Ջ.-ի հետ նախնական համաձայնությամբ հափշտակել է։ Հետագայում, Մ. Հ.-ի հետ ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա, Ա. Ջ.-ն հափշտակված գումարից Մ. Հ.-ին է փոխանցել 2 մլն ՀՀ դրամ։ Բացի այդ, պարզվել է, որ Մ. Հ.-ն նույն եղանակով հափշտակել է նաև զորամասի համար նախատեսված հոսանքի սպառման դիմաց վճարման ենթակա գումարները: Մասնավորապես՝ զորամասի ֆինանսական ծառայության պետ Ս. Փ.-ի միջոցով պայմանավորվածություն է ձեռք բերել «ՀԷՑ» ՓԲ ընկերության ներկայացուցիչ Ս. Հ.-ի հետ՝ զորամասին հատկացվող էլեկտրաէներգիայի չօգտագործված մասն իրացնելու և արդյունքում գոյացած միջոցների մի մասը հետ ստանալու հարցում: Դրանից հետո Մ. Հ.-ն Ս. Փ.-ի հետ ամեն ամիս հաստատել է էլեկտրաէներգիայի հաշվիչի տվյալների՝ ակնհայտ կեղծ տեղեկություններ պարունակող ակտերը, որոնց հիման վրա պետությունը փաստացի չծախսված էլեկտրաէներգիայի համար հավելյալ վճարել է ավելի քան 11 մլն ՀՀ դրամ։ Շարունակելով իր հանցավոր մտադրությունը՝ զորամասի հրամանատարը ֆինանսական ծառայության պետի պաշտոնից ազատված Ս. Փ.-ի՝ վերը նկարագրված ապօրինի գործողությունների կատարումը 2019 թվականի հունիսից հանձնարարել է նույն զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետ Ն.Վ.-ին, ում կողմից 2019-2022 թթ. ընկած ժամանակահատվածում ամեն ամիս զորամասի հոսանքի հաշվիչի տվյալները մեխանիկական միջամտության արդյունքում կեղծվել են, որի համար հավելյալ վճարվել է 8 մլն-ից ավել ՀՀ դրամ գումար: Արդյունքում Մ. Հ.-ն 2018-2020թթ․ ընկած ժամանակահատվածում, նախ Ս.Փ.-ի ապա՝ Ն. Վ.-ի օժանդակությամբ «ՀԷՑ» ՓԲ ընկերության ներկայացուցչից ստացել և հափշտակել է ընդհանուր՝ ավելի քան 4 մլն ՀՀ դրամ: Նախաքննությամբ պարզվել է նաև, որ Մ. Հ.-ն իր հրամանատարության ներքո գտնվող նշված զորամասի ֆինանսական ծառայության ավագ հաշվապահ Հ. Հ.-ի կնոջը նույն զորամասի ակումբի պետի պաշտոնին նշանակելու համար համար Ս. Փ.-ի միջոցով Հ. Հ.-ից որպես կաշառք պահանջել և ստացել է 1.000 ԱՄՆ դոլար: Նախաքննության ընթացքում բացահայտվել են նաև Ս. Փ.-ի կողմից ավելի քան 8 մլն ՀՀ դրամի՝ յուրացման եղանակով հափշտակության դեպքեր: Մասնավորապես՝ պարզվել է, որ Ս. Փ.-ն, զբաղեցնելով վերը նշված, իսկ այնուհետև՝ մեկ այլ զորամասի ֆինանսական ծառայության պետի պաշտոնը, 2019-2020 թթ. ընթացքում հիշյալ զորամասերի գանձապետական հաշիվներից առանց որևէ հիմնավորման, առանց զորամասերի հրամանատարների թույլտվության, օգտագործելով վերջիններիս նույնականացման քարտերը և դրանցով տեղեկատվական համակարգում կեղծ տեղեկություն մուտքագրելով, իր անհատական բանկային հաշվին պարբերաբար կատարել է ընդհանուր ավելի քան 8 մլն դրամի ապօրինի բանկային փոխանցումներ և հափշտակել դրանք՝ պետությանը պատճառելով խոշոր չափերի գույքային վնաս: Վերը նկարագրված հանցավոր արարքների համար Մ. Հ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ), 314-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ) և ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 1-ին մասով, Ս. Փ-ին՝ ՀՀ նախկին  քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ), 314-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ), 313-րդ հոդվածի 1-ին մասով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, 445-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ), Ս. Հ.-ին և Ա. Ջ.-ին՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ Ն. Վ.-ին՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Պետությանը պատճառված վնասից ավելի քան 21 մլն դրամը նախաքննության ընթացքում վերականգնվել է, իսկ մնացած վնասի հատուցումն ապահովելու նպատակով արգելանքներ են կիրառվել մեղադրյալներին պատկանող գույքի վրա: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:
16:57 - 18 հուլիսի, 2023
Իրավախախտումներ թույլ տված 50 վարորդի չտուգանելու համար ՃՈ տեսուչները նրանցից կաշառք են ստացել

Իրավախախտումներ թույլ տված 50 վարորդի չտուգանելու համար ՃՈ տեսուչները նրանցից կաշառք են ստացել

ՀՀ ՆԳՆ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից ստացված տվյալների հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների արդյունքում բացահայտվել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության երեք տեսուչների կողմից ճանապարհային երթևեկության կանոնների տարբեր խախտումներ թույլ տված վարորդներից կաշառք ստանալու բազմաթիվ դեպքեր: Նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ Ճանապարհային ոստիկանության ավագ տեսուչ Կ. Մ.-ն և ՃՈ տեսուչներ Ա. Ա.-ն ու Կ. Ա.-ն 2022 թվականի դեկտեմբերի 8-21-ն ընկած ժամանակահատվածում՝ Կոտայքի մարզի տարածքում ծառայություն իրականացնելիս, ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներ թույլ տված 50 վարորդների նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ չկազմելու դիմաց վերջիններից որպես կաշառք պահանջել և ստացել են 1000-20.000-ական ՀՀ դրամ: Մասնավորապես՝ վերը նշված վարորդներն ավտոմեքենան վարել են առանց ամրագոտու, այլ երկրի վարորդական վկայականով կամ գերազանցել են տվյալ բնակավայրում սահմանված երթևեկության առավելագույն արագությունը, մի շարք դեպքերում էլ՝ չեն ունեցել ԱՊՊԱ պայմանագիր կամ վարել են տեխնիկական զննություն չանցած տրանսպորտային միջոց: Որոշ վարորդներ էլ տրանսպորտային միջոցը վարել են վարորդական իրավունքի վկայականի ժամկետն անցած լինելու կամ վարորդական իրավունքից զրկված լինելու պայմաններում: Վարորդներից կաշառք ստանալու համար Կ. Հ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (50 դրվագ), իսկ Կ. Ա.-ին և Ա. Ա.-ին՝ նույն հոդվածի հատկանիշներով համապատասխանաբար՝ 31 և 19 դրվագներով: Հիշյալ բոլոր ՃՈ տեսուչների նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, որը հետագայում փոխարինվել է տնային կալանքով: Տեսուչներից երկուսն իրենց մեղավոր են ճանաչել ներկայացված մեղադրանքներում և տվել խոստովանական ցուցմունքներ: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
16:30 - 17 հուլիսի, 2023
Ավելի քան 19 միլիոն դրամ կաշառք ստանալու մեղադրանքով կալանավորվել են ՊՆ իրային բազայի զորամասի հրամանատարը, կաշառք տված և կաշառք ստանալուն օժանդակած անձինք

Ավելի քան 19 միլիոն դրամ կաշառք ստանալու մեղադրանքով կալանավորվել են ՊՆ իրային բազայի զորամասի հրամանատարը, կաշառք տված և կաշառք ստանալուն օժանդակած անձինք

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ինչպես նաև ՀՀ պաշտպանության նախարարության մի շարք պաշտոնատար անձանց նկատմամբ իրականացված գաղտնի քննչական համալիր գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Վ. Մ.-ն զբաղեցնելով ՀՀ ՊՆ իրային բազայի N զորամասի հրամանատարի պաշտոնը, «Մասիսի գարուն կարի ֆաբրիկա» ՍՊ ընկերության տնօրեն Վ. Ե.-ի օգտին ապօրինի գործողություններ և հովանավորչություն կատարելու համար, կաշառք տալուն և ստանալուն օժանդակող երկու անձանց միջոցով Վ. Ե.-ից պահանջել է ընդհանուր 19 մլն 500 հազար ՀՀ դրամ կաշառք, որի մի մասը ստացել է: Այս մասին հաղորդում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն։ Մասնավորապես՝ 2023 թվականի մարտի 24-ին տեղի ունեցած՝ ՀՀ ՊՆ-ին ներքնազգեստ մատակարարելու գնման ընթացակարգում «Մասիսի գարուն կարի ֆաբրիկա» ՍՊ ընկերությունը ճանաչվել է ընտրված մասնակից: Այնուհետև հիշյալ ընթացակարգով նախատեսված շուրջ 70.000 չափաքանակով՝ տեխնիկական բնութագրին չհամապատասխանող, այն է՝ 280 գրամի փոխարեն 250 գրամ զանգվածով կտորից և միայն փոքր չափերով ներքնազգեստների անխոչընդոտ մատակարարումն ապահովելու նպատակով ՊՆ իրային բազայի զորամասի հրամանատար Վ. Մ.-ն նույն բազայի պահեստապետ Վ. Մ.-ի միջոցով վերը նշված ընկերության տնօրեն Վ. Ե.-ից պահանջել է առանձնապես խոշոր չափերով՝ 12.000.000 ՀՀ դրամ կաշառք: Նախաքննությամբ փաստական  տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ ՊՆ վերը նշված պաշտոնատար անձը 2022 թվականի ընթացքում ևս նույն ընկերության տնօրենից պահանջել է առանձնապես խոշոր չափերով կաշառք: Այսպես՝ պարզվել է, որ նշված ժամանակահատվածում «Մասիսի գարուն կարի ֆաբրիկա» ՍՊ ընկերությունը դարձյալ մասնակցել է ՀՀ ՊՆ կողմից իրականացված զինվորական վերարկուների և ներքնակների գնումների ընթացակարգերին ու ճանաչվել ընտրված մասնակից, որից հետո ընկերության տնօրեն Վ. Ե.-ն պայմանավորվածություն է ձեռք բերել ՊՆ պաշտոնատար անձ Վ. Մ.-ի հետ՝ տեխնիկական բնութագրերին չհամապատասխանող ապրանքները պատվիրատուի կողմից անխոչընդոտ ընդունելու վերաբերյալ՝ պարտավորվելով նշված ապօրինի գործողության և հովանավորչության համար վերջինիս տալ 6.500.000 ՀՀ դրամ կաշառք: Պայմանավորվածության համաձայն՝ Վ. Ե.-ն մինչև 2023 թվականի ապրիլն ընկած ժամանակահատվածում, վերը նշված ընկերության աշխատակից Ռ. Վ.-ի օժանդակությամբ և ՊՆ իրային բազայի պահեստապետ Վ. Մ.-ի միջոցով, ինչպես նաև անձամբ, պայմանավորված կաշառքի գումարը մաս-մաս փոխանցել է ՊՆ պաշտոնյային: Բացի այդ, պարզվել է, որ 2023 թվականի ընթացքում «Մասիսի գարուն կարի ֆաբրիկա» ՍՊ ընկերությունն ընտրված մասնակից է ճանաչվել նաև ՀՀ ՊՆ կարիքների համար հայտարարված՝ կանացի կոշիկներ մատակարարելու գնման ընթացակարգում: Արդյունքում՝  սահմանված տեխնիկական բնութագրին չհամապատասխանող, այն է՝ ոտնաթաթի հատվածում 73 մմ երկարությամբ կաշվե կոշիկների փոխարեն առավելագույնը 68 մմ չափերով 900 զույգ կոշիկներն անխոչընդոտ ընդունելու համար ՊՆ պաշտոնյան ընկերության տնօրենից պահանջել և Ռ. Վ.-ի ու Վ. Մ.-ի միջոցով ստացել է 1.000.000 ՀՀ դրամ կաշառք: 2023 թվականի հուլիսի 13-ին Հակակոռուպցիոն կոմիտեի և ՊՆ ռազմական ոստիկանության ծառայողների կողմից իրականացված համատեղ գործողությունների արդյունքում զորամասի հրամանատար Վ. Մ.-ն և վերը նշված մյուս անձինք ձերբակալվել ու ներկայացվել են Հակակոռուպցիոն կոմիտե: Նույն օրը նրանց մեղադրանքներ են ներկայացվել համապատասխանաբար՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, տալու, ինչպես նաև կաշառք տալուն և ստանալուն օժանդակելու համար: Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ ՊՆ իրային բազայի զորամասի հրամանատար Վ. Մ.-ի, նույն բազայի պահեստապետ Վ. Մ.-ի և «Մասիսի գարուն կարի ֆաբրիկա» ընկերության տնօրենի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու համար, որոնք բավարարվել են: Նախաքննությունը շարունակվում է:           
20:32 - 14 հուլիսի, 2023
Շուրջ 2 մլրդ դրամի գույքն օրինականացնելու մեջ մեղադրվող Վլ.Գասպարյանի վերաբերյալ քրվարույթով նախաքննությունն ավարտվել է

Շուրջ 2 մլրդ դրամի գույքն օրինականացնելու մեջ մեղադրվող Վլ.Գասպարյանի վերաբերյալ քրվարույթով նախաքննությունն ավարտվել է

Կոռուպցիոն բնույթի բազմաթիվ չարաշահումներ կատարելու մեջ մեղադրվող՝ 2000-2018 թթ. ընթացքում պետական ծառայության տարբեր պաշտոններ զբաղեցրած Վ. Գասպարյանի վերաբերյալ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն դատարան ուղարկելու միջնորդությամբ: Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ նախաքննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ Վ. Գասպարյանը, ինչպես նաև 2011-2018 թթ. վերջինիս անվտանգության պետի պարտականությունները փաստացի կատարած Ա. Հակոբյանը իրենց պաշտոնավարման տարիներին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, հովանավորչության և կոռուպցիոն հանցավոր այլ գործունեության արդյունքում ձեռք են բերել իրենց և ընտանիքի անդամների օրինական եկամուտները շեշտակի գերազանցող գույք, այդ թվում` թանկարժեք տներ և տրանսպորտային միջոցներ, որոնց հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով տարբեր եղանակներով, մասնավորապես` իրենց հետ փոխկապակցված անձանց անվամբ գրանցելու ձևական գործարքների միջոցով օրինականացրել են դրանք: Մասնավորապես՝ նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2000-2018 թթ. ընթացքում Վ. Գասպարյանի կինը, տարբեր ժամանակահատվածներում պաշտոնների նշանակված լինելով ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում և ՀՀ ոստիկանությունում, տարիներ շարունակ առհասարակ ծառայության չի ներկայացել և իր պարտականությունները չի կատարել: Բացի այդ, պաշտոնի նշանակված լինելով ՀՀ ոստիկանությունում, անհարգելի պատճառներով ոչ պատշաճ է իրականացրել իր ծառայողական պարտականությունները: Վ. Գասպարյանը, տեղյակ լինելով այդ ամենի մասին, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները` դիտավորությամբ չի ձեռնարկել օրենքով սահմանված համապատասխան միջոցներ, որպիսի պայմաններում նրա կնոջն անհիմն վճարվել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր ավելի քան 36 մլն ՀՀ դրամ գումար: Քրեական վարույթով պարզվել է նաև, որ Վ. Գասպարյանը, 2000-2018 թթ. ընթացքում զբաղեցնելով պետական ծառայության տարբեր պաշտոններ, բացի պաշտոնեական լիազորությունները չարաշահելուց, կատարել է նաև պաշտոնեական կեղծիք, առանձնապես խոշոր չափերով վատնում, ինչպես նաև` զբաղվել կոռուպցիոն բնույթի այլ հանցավոր գործունեությամբ: Արդյունքում՝ նախկին ոստիկանապետը հանցավոր ճանապարհով ձեռք է բերել իր և ընտանիքի անդամների օրինական եկամուտները շեշտակի գերազանցող գույք, որից միայն Գեղարքունիքի մարզում և Երևան քաղաքում գտնվող իր առանձնատների, ինչպես նաև արտադրական շինության տարածքի վերանորոգման համար ծախսել է ընդհանուր շուրջ 700 մլն ՀՀ դրամ: Նախաքննությամբ պարզվել է, որ Վ. Գասպարյանն օրինականացրել (լվացել) է հանցավոր ճանապարհով ստացված՝ ընդհանուր շուրջ 2 մլրդ ՀՀ դրամի գույք: Բացի այդ, ՀՀ ոստիկանության պետի պաշտոնը զբաղեցնող Վ. Գասպարյանը, հանդիսանալով հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող բարձրաստիճան պաշտոնատար անձ, իր անվամբ թանկարժեք գույք հայտարարագրելու դեպքում հնարավոր պատասխանատվությունից զերծ մնալու համար իր անվտանգության պետի պարտականությունները փաստացի կատարող Ա. Հակոբյանին 2013թ. հանձնարարել է «Ավանգարդ Մոթորս» ՍՊ ընկերությունից ձեռք բերել ավտոմեքենաներ և դրանք հաշվառել վերջինիս անվամբ՝ նշված տրանսպորտային միջոցների ձեռքբերման համար վճարվելիք դրամական միջոցների՝ ավելի քան 150 մլն ՀՀ դրամի հանցավոր ծագումը թաքցնելու համար: Վերը նկարագրված հանցավոր արարքների կատարման համար Վ. Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 44-256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 445-րդ հոդվածի 1-ին մասով:
15:51 - 13 հուլիսի, 2023
ՔԿՀ պաշտոնյան կաշառք է ստացել և օժանդակել թմրամիջոցի ապօրինի ձեռքբերմանը

ՔԿՀ պաշտոնյան կաշառք է ստացել և օժանդակել թմրամիջոցի ապօրինի ձեռքբերմանը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտում քննված քրեական վարույթով հիմնավորվել է, որ Ա. Գ.-ն, զբաղեցնելով ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի մասնագետի պաշտոնը, 2022 թվականի ընթացքում նույն հիմնարկի դատապարտյալներից ստացել է կաշառք՝ վերջիններիս օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու համար, այդ թվում՝ փորձելով օժանդակել առանց իրացնելու նպատակի խոշոր չափերով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի ապօրինի ձեռքբերմանը: Այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից: «Մասնավորապես՝ պարզվել է, որ 2022 թվականի հունվարին «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալներ Պ. Թ.-ն ու Վ. Գ.-ն ՔԿՀ-ի վերը նշված պաշտոնատար անձին՝ Ա. Գ.-ին, առաջարկել են համապատասխանաբար 50.000 և 80.000 ՀՀ դրամ կաշառքի դիմաց իրենց մատնանշած անձանցից վերցնել և իրենց փոխանցել քրեակատարողական հիմնարկում շրջանառությունն արգելված բջջային հեռախոսներ: Ա. Գ.-ն, ընդունելով դատապարտյալների կողմից կաշառք տալու առաջարկը, հանդիպել է վերջիններիս մատնանշած անձանց և նրանցից վերցրել հեռախոսներն ու գումարը: Բացի այդ, նախաքննությամբ հիմնավորվել է, որ Ա. Գ.-ն համաձայնվել է նաև կաշառքի դիմաց   թմրամիջոց տեղափոխել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ ու փոխանցել դատապարտյալին: Մասնավորապես՝ 2022 թվականի հունվարի 10-ին Ա. Գ.-ն դատապարտյալի մատնանշած անձանցից վերցրել է խոշոր չափի «Մարիխուանա» տեսակի թմարմիջոցն ու կաշառքի առարկա 50.000 ՀՀ դրամը, այնուհետև՝ վերը նշված բոլոր դեպքերով ձեռքբերված պայմանավորվածություններն իրագործելու նպատակով, բջջային հեռախոսներն ու թմրամիջոցի փաթեթը թաքցրել է իր համազգեստի գրպանում և 2022 թվականի հունվարի 15-ին ներկայացել հերթափոխի: Սակայն, մինչ «Արմավիր» ՔԿՀ մուտք գործելը, Ա. Գ.-ն հիմնարկի օպերատիվ բաժնի աշխատակիցների կողմից ենթարկվել է անձնական զննության, որի ժամանակ հայտնաբերվել են բջջային հեռախոսներն ու թմրամիջոցը: Ա. Գ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով /3 դրվագ/ և 38-34-268-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ  դատապարտյալներ Վ. Գ.-ին և Պ. Թ.-ին՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն դատարան ուղարկելու միջնորդությամբ: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»:
16:19 - 06 հուլիսի, 2023
Հաշվետու եմ միայն ԿԿՀ-ին․ Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչը՝ մեծ, բայց հայտարարագրում չարտացոլված ծախսերի մասին

Հաշվետու եմ միայն ԿԿՀ-ին․ Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչը՝ մեծ, բայց հայտարարագրում չարտացոլված ծախսերի մասին

Հակակոռուպցիոն կոմիտեի ավագ քննիչ Արտակ Թադևոսյանի հայտարարագրերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ 2021 թվականի ընթացքում նրա իրականացրած ծախսերից ավելի քան 40 միլիոնը որևէ կերպ չի արտացոլվում ծախսերի հայտարարագրում։ Բացի այդ՝  Թադևոսյանը Արմավիրի մարզի Վանանդ համայնքում ընդարձակ հողամասեր ունի։    Թադևոսյանը ներկայումս Հակակոռուպցիոն կոմիտեի ներքին անվտանգության վարչության՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ է։ Մինչ այդ նա Հատուկ քննչական ծառայության պետին առընթեր հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ էր, իսկ դրանից առաջ ավագ քննիչ էր նույն մարմնի՝ խոշտանգումների և մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում։    Արտակ Թադևոսյանի եկամուտներն ու ծախսերը 2021-ի տարեսկզբի դրությամբ  Արտակ Թադևոսյանը հայտարարագրել է շուրջ 27,8 միլիոն դրամի հանձնված փոխառություն, 8 միլիոն դրամի ավանդ, 26,3 միլիոն դրամի դրամական միջոցներ։ Տարվա ընթացքում Թադևոսյանի եկամուտները կազմել են շուրջ 53,4 միլիոն դրամ։ Այսպիսով, Թադևոսյանի ունեցած և տարվա ընթացքում ստացած միջոցների հանրագումարը կազմում է շուրջ 115,5 միլիոն դրամ։ 2021 թվականի տարեվերջի դրությամբ Արտակ Թադևոսյանը հայտարարագրել է 31,9 միլիոն դրամի հանձնված փոխառություն, 8 միլիոն դրամի ավանդ, 30,1 միլիոն դրամի դրամական միջոցներ։ Այսպիսով, տարվա վերջին առկա միջոցների հանրագումարը կազմել է շուրջ 70 միլիոն դրամ։  Հետևաբար ստացվում է, որ Արտակ Թադևոսյանը տարվա ընթացքում ծախսել է շուրջ 45,5 միլիոն դրամ, որից հայտարարագրում արտացոլված է միայն 5 միլիոն դրամը՝ որպես գյուղատնտեսական գործունեության իրականացման հետ կապված ծախսեր, իսկ մնացած 40,5 միլիոն դրամը որևէ ձևով արտացոլված չէ հայտարարագրում։ Կոռուպցիայի կանխարգելման գործընթացում տարածված պրակտիկա է ոչ միայն այն դեպքերի դիտարկումը, երբ պաշտոնատար անձի գույքի ավելացումը,  պարտավորությունների նվազումը կամ  կատարված ծախսերը ողջամտորեն չեն հիմնավորվում օրինական եկամուտներով, այլ նաև այն դեպքերինը, երբ պաշտոնատար անձը իրականացնում է էականորեն մեծ ծախսեր, որոնք հայտարարագրում որևէ կերպ չեն արտացոլվում։ Ծախսերի հայտարարագրման հարցը բաց էր մինչև 2021 թվականը։ Սակայն 2021-ից սկսած՝ հայտարարագիր ներկայացնող պաշտոնյաները պարտավոր են ներկայացնել ծախսերի հայտարարագիր։ Դա ներառում է հանգստի ճանապարհածախսին և կեցությանը, շարժական ու անշարժ գույքի վարձակալության վարձավճարին, ուսման վարձավճարին, գյուղատնտեսական գործունեությանը, վարկի մարմանն ուղղված վճարումներին, անշարժ գույքի վերանորոգմանը վերաբերող այն ծախսերին, որոնց միանվագ արժեքը գերազանցում է 2 միլիոն դրամը, կամ նույն տեսակի ծախսերի հանրագումարը գերազանցում է 3 միլիոն դրամը։ Բացի այդ՝ հայտարարագրման ենթակա է  ցանկացած այլ ծախս, այդ թվում՝ որպես նվիրատվություն տրված գույքը, որի միանվագ արժեքը հաշվետու ժամանակահատվածում գերազանցում է 2 միլիոն դրամը։ Իհարկե, տեսականորեն հնարավոր է մեկ տարվա ընթացքում 40․5 միլիոն դրամը ծախսել այնպես, որ որևէ դեպքում միանվագ ծախսը չգերազանցի վերոնշյալ 2 միլիոն դրամը, կամ նույն տեսակի ծախսերի հանրագումարը չգերազանցի 3 միլիոն դրամը, սակայն գործնականում նման մեծության  ծախսի իրականացումը հարցեր է առաջացնում։ Այս հարցերի պարզաբանման համար «Ինֆոքոմը» գրավոր հարցմամբ դիմեց Արտակ Թադևոսյանին՝ տեղեկանալու, թե այս գումարները ինչ ուղղություններով է ծախսել։  Վերջինս նշել է, որ թեև հայտարարագրում եղած ֆինանսական տվյալները մեր կողմից թերի են ներկայացված, բացի այդ՝ Սահմանադրության 51-րդ հոդվածը (Տեղեկություններ ստանալու իրավունքը) վերաբերում է պաշտոնատար անձանց գործունեության վերաբերյալ տեղեկություններին, այլ ոչ անձի կողմից կատարված ծախսերին, ինչպես նաև հարցմամբ ներկայացված պահանջը կարող է խախտել մարդու անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիությունը, այնուամենայնիվ պատասխանում է․ «Հայտարարագրում ներկայացված տվյալների առնչությամբ հաշվետու եմ միայն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին»։ Ֆինանսական տվյալների ներկայացման մեջ իսկապես առկա էին թերություններ, սակայն դրանք էական ազդեցություն չունեին հարցման բովանդակության վրա (օր․՝ 40,5 միլիոնի փոխարեն նշված էր 42 միլիոն դրամ)։ Այնուամենայնիվ, հարցման պատասխանից հստակ է, որ անգամ դրանց բացակայության դեպքում Արտակ Թադևոսյանի պատասխանի բուն բովանդակությունը չէր փոփոխվելու։ Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակցի հայտարարագրերում առկա է մեկ այլ ուշագրավ տվյալ։ Թադևոսյանի 2020 և 2021 թվականների հայտարարագրերի համեմատությունից պարզ է դառնում, որ 2020-ի տարեվերջի դրությամբ նա ավելի քան 31 միլիոն դրամի հանձնված փոխառություններ է ունեցել «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ին ու «Հայբիզնեսբանկ»-ին։ Սակայն 2021-ի տարեսկզբին հանձնված փոխառությունների գումարը կազմել է շուրջ 27,8 միլիոն դրամ։ Սա նշանակում է, որ  ավելի քան 3,2 միլիոն դրամի չափով փոխառության վերադարձ է եղել։ Բացի այդ՝ 2020-ի  տարեվերջի համեմատությամբ 2021-ի տարեսկզբին 400 հազար դրամով նվազել են նաև Թադևոսյանի դրամական միջոցները։ Հայտարարագրերի այլ դաշտերում փոփոխություններ չեն եղել։ «Հանրային ծառայության մասին» օրենքը սահմանում է, որ տարեկան հայտարարագրերում ներկայացվող տվյալները վերաբերվում են հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածին, հետևաբար տարվա վերջը դեկտեմբերի 31-ն է, իսկ տարվա սկիզբը՝ հունվարի 1-ը։ Սա նշանակում է, որ 1 օրվա ընթացքում Արտակ Թադևոսյանը, այս երկու դրվագները միասին վերցրած, շուրջ 3,6 միլիոն դրամի ծախսեր է իրականացրել, որոնք հայտարարագրման ենթակա չեն եղել։ 2020 թվականի գույքի, եկամուտների և շահերի հայտարարագիր  2021 թվականի գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի հայտարարագիր  Բացի այդ՝ 2021-ի տարեվերջին Թադևոսյանն ունեցել է «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ին հանձնված մոտ 31,8 միլիոն դրամի փոխառություն։ Սա, ենթադրաբար, տրվել է ՀԿ-ին՝ Երևանի Մոնթե Մելքոնյան փողոցում բնակարան գնելու համար։ 2022-ի տարեսկզբին արդեն ԵՊՀ շրջանավարտների միավորմանը հանձնված փոխառությունն անհետացել է, և հայտնվել է նոր փոխառություն, որի պարտապան է դարձել «ՎՏԲ-Հայաստան» բանկը։ Հանձնված փոխառության ծավալը կազմել է 28,2 միլիոն դրամ։ 2022 թվականի տարեվերջի դրությամբ «ՎՏԲ-Հայաստան» բանկին հանձնված այս փոխառության գումարը նվազել է՝  կազմելով մոտ 23,7 միլիոն դրամ։ Հետաքրքիր է, որ տարեվերջի՝ դեկտեմբերի 31-ի դրությամբ ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը դաշտում առկա է ստացված հիփոթեքային վարկի մնացորդ՝ նույն մեծությամբ։ Ենթադրաբար Արտակ Թադևոսյանը ստացված հիփոթեքային վարկը լրացրել է նաև որպես իր կողմից հանձնված փոխառություն։ 2022-ի հայտարարագրում Արտակ Թադևոսյանը նաև հայտարարագրել է «Հայբիզնեսբանկ»-ին տրված 131 000 դրամի փոխառություն։ Ճշգրիտ նույն գումարը նա հայտարարագրել է նաև որպես իր բանկային հաշվի մնացորդ։ Քննիչի հայտարարագրի այս գրառումները հիմքեր են տալիս ենթադրելու, որ հայտարարագրում ներկայացված տվյալներում կարող են լինել վրիպակներ, լրացնելու պահանջների և տվյալների  արժանահավատության հետ կապված խնդիրներ։ Մենք փորձեցինք Արտակ Թադևոսյանից այս անգամ արդեն բանավոր մեկնաբանություն ստանալ այս և վերոնշյալ մյուս հարցերի վերաբերյալ, սակայն նրա հետ կապ հաստատել այդպես էլ չհաջողվեց։   Արտակ Թադևոսյանի հողերը Վանանդում Թադևոսյանի՝ 2022 թվականի հայտարարագրից պարզ է դառնում, որ նա սեփականությամբ իրեն պատկանող 6 միավոր հողամաս ունի Արմավիրի մարզի Վանանդ գյուղում․ դրանք գյուղատնտեսական նշանակության հողեր են։ Կադաստրի կոմիտեի՝ այս տարվա տվյալներով, սակայն, Արտակ Թադևոսյանը Վանանդում 5 միավոր հողամասերի սեփականատեր է։ Թադևոսյանին սեփականությամբ պատկանող  ամենափոքր հողը 4500 քառակուսի մետր է, ամենամեծը՝ 3,3 հեկտար։  2017-ի մայիսին Արտակ Թադևոսյանը քաղաքացի Էդգար Ղահրամանյանից 200 000 դրամով ձեռք է բերել Վանանդում գտնվող 1,5 հեկտար մակերեսով հողամասը։  2018-ի հունվարին նույն գնով Թադևոսյանը գնել է 1,48  հեկտար մակերեսով հողամաս։ 2020-ի օգոստոսին Վանանդ համայնքից Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցը ձեռք է բերել 7300 քառակուսի մետր մակերեսով հողամաս՝ վճարելով 56 000 դրամ։  2021-ի օգոստոսին Թադևոսյանը 4500 քառակուսի մետր մակերեսով հողամաս է ձեռք բերել Վանանդ համայնքից։ Դրա համար նա վճարել էր 37 000 դրամ։ 2021-ի սեպտեմբերին ձեռք է բերել 3,3 հեկտար հողամաս քաղաքացի Սլավիկ Ջուլյանից 900 000 դրամով։ Ուշագրավ է, որ Ջուլյանը 2011-ին այս հողամասը ձեռք էր բերել 1,4 միլիոն դրամով։ Սրանք Թադևոսյանին սեփականությամբ պատկանող հողերն են: Բացի դրանից՝ քննիչը ընդհանուր առմամբ ավելի քան 15 հեկտարի հողեր ունի վարձակալած Վանանդում։ Վարձատուն եղել է համայնքապետարանը։ 3 միավոր հողամասերից մեկը 2,65 հեկտար է, երկրորդը՝ 6,24 հեկտար, երրորդը՝ 6,38 հեկտար։ 3 հողամասերի համար վարձակալության ընդհանուր գումարը 155 000 դրամ է։ 2022-ի հոկտեմբերին Թադևոսյանը ենթավարձակալել է նաև 6,2 հեկտար մակերեսով հողամաս տարեկան 71 000 դրամով։  Արտակ Թադևոսյանին պատկանող ևս 2 գույքի մասին քարտեզում նշումներ կատարված չեն, քանի որ Google Maps համակարգում դրանք հնարավոր չի նույնականացնել Արմավիրի մարզի Վանանդ գյուղում վարելահողերը հիմնականում անջրդի են, կա ոռոգման սուր խնդիր։ Արբանյակային լուսանկարներից երևում է, սակայն, որ հողերի մի մասն այնուհանդերձ ոռոգելի է։ Արտակ Թադևոսյանի վարձակալած հողերից մեկը՝ 6,38  հեկտար մակերեսով, հենց ոռոգելի վարելահողերի հատվածում է։ Հողամասը նա վարձակալել է համայնքից  25 տարով, տարեկան ընդամենը  64 500 դրամով։ Համեմատության համար նշենք, որ Վանանդի անջրդի հատվածում ունեցած 6,24 հեկտար հողամասի ենթավարձակալության համար Թադևոսյանը տարեկան վճարում է 63 000 դրամ։ Սա նշանակում է, որ նույնական մակերեսով հողամասերի համար, որոնցից մեկը ոռոգվող հատվածում է, իսկ մյուսը՝ անոռոգելի, Թադևոսյանը գրեթե նույնական վարձավճար է վճարում։  Այս դեպքում ևս մենք փորձեցինք բանավոր մեկնաբանություն ստանալ Թադևոսյանից, սակայն նա այդպես էլ մեր հեռախոսազանգերին չպատասխանեց։ Հեղինակ՝ Մկրտիչ ԿարապետյանՏվյալների լրագրող՝ Կատյա Մամյան
16:33 - 27 հունիսի, 2023
Արգելանք է դրվել բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի՝ տասնյակից ավելի գույքերի վրա

Արգելանք է դրվել բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի՝ տասնյակից ավելի գույքերի վրա

ՀՀ գործադիր իշխանության ղեկավար աշխատողի՝ նախկին Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի կողմից առանձնապես խոշոր չափերով՝ 14 մլն ԱՄՆ դոլար կաշառք ստանալու դեպքի առթիվ քննված հեռակա վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ 23.06.2023 թվականին հանձնվել են հսկող դատախազին՝ այն դատարան ուղարկելու միջնորդությամբ: Հարկ է նշել, որ հեռակա վարույթը հնարավորություն կընձեռի լիարժեք դատաքննություն իրականացնել առանց ամբաստանյալների ներկայության: Այս մասին հայտնում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։ Մասնավորապես՝ քրեական վարույթով մեղադրյալներ Արամ Հարությունյանը, վերջինիս մտերիմ Գագիկ Կարապետյանը և Սուրեն Ավագյանը խուսափել են քննությունից, և առկա են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 476-րդ հոդվածով սահմանված՝ մեղադրյալների բացակայությամբ վարույթն (հեռակա վարույթ) իրականացնելու հիմքն ու պայմանները, ուստի ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից որոշում է կայացվել նրանց նկատմամբ հեռակա վարույթ իրականացնելու մասին: Հեռակա վարույթի շրջանակներում Արամ Հարությունյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված այն հանցանքների կատարման համար, որ նա մտերիմ անձանց օժանդակությամբ ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 14 մլն ԱՄՆ դոլար կաշառք, ապա՝ օրինականացրել հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով՝ 5 մլն ԱՄՆ դոլարը, ինչպես նաև չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ: Արամ Հարությունյանի և նրան օժանդակած մյուս երկու մեղադրյալների՝ Սուրեն Ավագյանի ու Գագիկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը: Նրանց պատկանող 3 տասնյակից ավելի գույքի և դրամական միջոցների վրա արգելանք է դրվել: Մասնավորապես՝ արգելադրվել են Ա. Հարությունյանին փաստացի պատկանող, Երևանում գտնվող՝ Տիգրան Մեծի 4 հասցեի շենքը, Կ.Ուլնեցու 50/1 հասցեի տունը, Քանաքեռ-Զեյթուն, Դավիթ Անհաղթի փողոցի 10/1 շենքը, Ջ.Բայրոնի ու Ղ.Փարպեցու փողոցներում գտնվող բնակարաններն ու ավտոտնակը:Արգելադրվել են նաև Արամ Հարությունյանի բանկային հաշիվներում առկա՝ 1 մլն 704 հազար ԱՄՆ դոլարի, 11 հազար Եվրոյի և 350 մլն ՀՀ դրամի չափով դրամական միջոցները: Հարկ է նշել, որ հեռակա վարույթով դատաքննության արդյունքներով հնարավորություն կընձեռվի մեղադրական դատավճռի կայացման դեպքում հօգուտ պետության բռնագրավվել վերոհիշյալ դրամական միջոցներն ու գույքը՝ բռնագանձման ենթակա գումարի չափով: Ինչպես նախկինում արդեն տեղեկացվել է, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ բացահայտվել է ՀՀ նախկին բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի կողմից 14 մլն ԱՄՆ դոլար կաշառք ստանալու և փողերի լվացման հանցավոր սխեմա, ինչպես նաև կոռուպցիոն բնույթի այլ չարաշահումներ, որոնցում ներգրավված են եղել Ա. Հարությունյանի ղեկավարած գերատեսչության ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ի տնօրենի նախկին տեղակալ Սուրեն Ավագյանը, Սևանի հոգեբուժարանի նախկին տնօրեն Գագիկ Կարապետյանը, ինչպես նաև Արամ Հարությունյանի մտերիմ այլ անձինք` Արաքս Դիլանյանը, Վիկտոր Մարտիրոսյանն ու Ալեքսան Պետրոսյանը (հղումը՝ https://anticorruption.am/hy/news/view/108): Ի դեպ, քրեական վարույթից Արաքս Դիլանյանի, Վիկտոր Մարտիրոսյանի և Ալեքսան Պետրոսյանի վերաբերյալ անջատված մասերով նախաքննությունն ավարտվել է դեռևս 2019 թվականին, և հիշյալ գործերն այժմ դատաքննության փուլում են:
10:51 - 26 հունիսի, 2023
Դիլիջանի նախկին ղեկավարն ապօրինի կերպով օտարել է հողամասեր ու կատարել պաշտոնեական կեղծիք. նախաքննությունն ավարտվել է

Դիլիջանի նախկին ղեկավարն ապօրինի կերպով օտարել է հողամասեր ու կատարել պաշտոնեական կեղծիք. նախաքննությունն ավարտվել է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Ա. Ս.-ն, զբաղեցնելով ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքի ղեկավարի պաշտոնը, միասնական դիտավորությամբ և այլ անձանց օժանդակությամբ կատարել է պաշտոնեական կեղծիք, ինչպես նաև անցել է իր պաշտոնեական լիազորությունները՝ կազմակերպելով և իրականացնելով օրենքով նախատեսված սահմանափակումների ցանկում ընդգրկված հողամասերի աճուրդային կարգով և ուղղակի վաճառքով օտարումը քաղաքացուն: «Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ Ա. Ս.-ն, իր կողմից կազմված պաշտոնական փաստաթղթում անձնական դրդումներով ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելով, կատարել է պաշտոնեական կեղծիք,  այն է՝ օրենքով սահմանված կարգով անտառային նպատակային նշանակության, ընդհանուր 0.1063 հա մակերեսով 3 հողամասերը 2010-2012 թվականներին իր կողմից կայացված որոշումներով ընդգրկել է Դիլիջան համայնքի ֆոնդի հաշվեկշռում՝ դրանք նկարագրելով որպես բնակավայրերի այլ հողեր: Միաժամանակ Ա. Ս.-ն Դիլիջանի քաղաքային համայնքի ղեկավարի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի աշխատակիցների օժանդակությամբ վերը նշված հողամասերի վերաբերյալ կազմել է գլխավոր կեղծ հատակագծեր, որոնցում անտառային նպատակային նշանակության հիշյալ հողամասերի նպատակային նշանակությունը նկարագրվել է կրկին որպես բնակավայրերի հող, իսկ գործառնական նշանակությունը՝ այլ հողեր: Հողամասերի նկատմամբ Դիլիջան համայնքի իրավունքը պետականորեն գրանցելու որոշումները և դրանց հիման վրա թողարկված կեղծ հատակագծերը Ա. Ս.-ն ներկայացրել է ՀՀ կադաստրի կոմիտե, որի հիման վրա հողամասերի նկատմամբ գրանցվել է Դիլիջան համայնքի սեփականության իրավունքը, և տրվել են սեփականության իրավունքի վկայականներ: Այնուհետև վերը նշված 2 հողամասերը ներկայացվել են աճուրդի, որի արդյունքում հաղթող է ճանաչվել առավելագույն՝ 1.113.000 և 1.596.000 ՀՀ դրամ առաջարկած Խ. Ա.-ն: Իսկ երրորդ՝ 160.0 քմ մակերեսով հողամասը, որպես ընդլայնում, Ա. Ս.-ն 198.720 ՀՀ դրամով ուղղակի վաճառքի ձևով օտարել է նույն անձին: Արդյունքում նշված 3 հողամասերը միավորվել են որպես մեկ գույքային միավոր, որի նկատմամբ գրանցվել է Խ. Ա.-ի սեփականության իրավունքը: Քրեական վարույթով հիմնավորվել է նաև, որ Ա. Ս.-ն, տեղեկացված լինելով Դիլիջան քաղաքի մեկ այլ հասցեում գտնվող՝ 0.3354 հա մակերեսով հողամասում իր մտերիմ անձի կողմից առանց թույլտվության ինքնակամ շինարարության կատարման ու իրականացված շինարարարության մասին, անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ տվել է պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող ճարտարապետահատակագծային առաջադրանքը, որի մեջ նույն դրդումներով մտցրել է ակնհայտ կեղծ տեղեկություններ՝ հողամասի առկա վիճակը բնութագրելով որպես չկառուցապատված: Այնուհետև Ա. Ս.-ն կառուցապատողի հետ կնքել է անշարժ գույքի նվիրատվության պայմանագիր, որի հիմքով հիշյալ գույքի նկատմամբ իրավաբանորեն գրանցել է իր սեփականության իրավունքը: Վերը նշված հանցավոր արարքների համար Ա. Ս.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 445-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ):   Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  
22:35 - 23 հունիսի, 2023
Դիլիջանի նախկին ղեկավար Արմեն Սանթրոսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

Դիլիջանի նախկին ղեկավար Արմեն Սանթրոսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

Հանրային քրեական հետապնդում է հարուցվել Դիլիջան համայնքի նախկին ղեկավար Ա․Ս.-ի նկատմամբ։ Հսկող դատախազի կողմից 2023 թվականի հունիսի 9-ին Դիլիջան համայնքի նախկին ղեկավար Ա․Ս․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը) և Քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք կատարելը) (2 դրվագ)։ Այս մասին հայտնում են ՀՀ դատախազությունից։ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով հիմնավորվել է, որ Ա․Ս․-ն, 2005 թվականից մինչև 2021 թվականը զբաղեցնելով Տավուշի մարզի Դիլիջան համայնքի ղեկավարի պաշտոնը, կազմակերպել է Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված (օտարման ոչ ենթակա հողեր) սահմանափակումների ցանկում ընդգրկված՝ Դիլիջան քաղաքի վարչական սահմաններում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող, անտառային նպատակային նշանակության 0.1063 հա մակերեսով հողամասի օտարումը՝ այդ ժամանակահատվածում Ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Խ․Ա․-ին՝ աճուրդային կարգով և ուղղակի վաճառքով։ Պարզվել է նաև, որ Դիլիջանի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Ա.Ս.-ն Դիլիջան քաղաքի Անդրանիկի 2-րդ նրբանցք 35 հասցեի հողամասի գրանցված սեփականատեր, Դիլիջան քաղաքի բնակիչ Վ․Ս․-ի հետ ունենալով ընկերական հարաբերություններ, տեղեկացված լինելով Վ․Ս․-ի կողմից վերոնշյալ հասցեում գտնվող, 0.3354 հա մակերեսով հողամասում առանց թույլտվության ինքնակամ շինարարության կատարման մասին, անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ չի կատարել իր ծառայողական պարտականությունները և չի ապահովել հողամասում ինքնակամ շինարարության կասեցումը։ Ավելին, 2010 թվականի նոյեմբերի 5-ին իր ստորագրությամբ և համայնքի կնիքով հաստատել է ակնհայտ կեղծ տեղեկություններով պաշտոնեական փաստաթուղթ՝ հողամասի առկա վիճակը բնութագրելով որպես չկառուցապատված: Այնուհետև, Ա․Ս․-ն Վ.Ս․-ի հետ 2013 թվականի հոկտեմբերի 24-ին կնքել է անշարժ գույքի նվիրատվության պայմանագիր, որով անշարժ գույքի նկատմամբ գրանցել է իր սեփականության իրավունքը: 2023 թվականի հունիսի 9-ին Դիլիջան համայնքի նախկին ղեկավար Ա.Ս․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որի վերաբերյալ վերջինս դիրքորոշում չի հայտնել: Որպես խափանման միջոց է ընտրված բացակայելու արգելքը: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
14:01 - 12 հունիսի, 2023
Միհրան Պողոսյանի թիկնապահն ու վարորդն օժանդակել են նրա կողմից շուրջ 44 մլն դրամի հափշտակություն կատարելուն. Հակակոռուպցիոն կոմիտե

Միհրան Պողոսյանի թիկնապահն ու վարորդն օժանդակել են նրա կողմից շուրջ 44 մլն դրամի հափշտակություն կատարելուն. Հակակոռուպցիոն կոմիտե

Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանի թիկնապահ Է. Ս.-ն ու վարորդ Հ. Բ.-ն օժանդակել են Միհրան Պողոսյանի կողմից վատնման եղանակով պետական բյուջեի միջոցներից առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 44 մլն դրամ գումարի հափշտակություն կատարելուն: Այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։ «Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ Միհրան Պողոսյանն իր անձնական թիկնապահ Է. Ս.-ին (2008 թվականի սեպտեմբերից մինչև 2016 թվականի ապրիլ) նշանակել է Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության հարկադիր կատարման օպերատիվ բաժնի առաջին կարգի խորհրդատու, իսկ անձնական վարորդ Հ. Բ.-ին (2009 թվականի նոյեմբերի 3-ից մինչև 2016 թվականի ապրիլ)՝ նույն բաժնի առաջատար խորհրդատու, սակայն նրանց հանձնարարել է օրենքով սահմանված իրենց լիազորությունների իրականացման փոխարեն ապահովել իր անձնական անվտանգությունը: Այսինքն՝ Է. Ս.-ն և Հ. Բ.-ն օպերատիվ բաժնում փաստացի աշխատանքի չեն հաճախել, այլ մշտապես ուղեկցել են նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանին, կատարել նրա անձնական բնույթի հանձնարարությունները և առանց համապատասխան պաշտոնից բխող գործառութային պարտականությունները կատարելու՝ պետական բյուջեից ստացել են աշխատավարձ ու դրան հավասարեցված վճարումներ: Արդյունքում Մ. Պ.-ն, պաշտոնեական դիրքն օգտագործելով, վատնման եղանակով պետական բյուջեի միջոցներից Է. Ս.-ի դեպքում հափշտակել է ընդհանուր 22.117.820 ՀՀ դրամ, իսկ Հ. Բ.-ի դեպքում՝ 21.754.643 ՀՀ դրամ: Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Հ. Բ.-ին և Է. Ս.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:   Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- ասված է հաղորդագրությունում։
16:13 - 09 հունիսի, 2023
Կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է Շիրակի պետական համալսարանի տնտեսագիտական ամբիոնի վարիչը

Կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է Շիրակի պետական համալսարանի տնտեսագիտական ամբիոնի վարիչը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից ստացված նյութերի հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Շիրակի պետական համալսարանի տնտեսագիտական ամբիոնի վարիչը 2022-2023 թվականներին մի շարք ուսանողների օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար նրանցից որպես կաշառք ստացել է տարբեր չափերի գումարներ: Նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ստացվել նաև կաշառքի միջնորդության և պաշտոնեական կեղծիք կատարելու վերաբերյալ: Այս մասին հայտնում են ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից։  Ըստ նախաքննությամբ ստացված տվյալների՝ վերը նշված համալսարանի տնտեսագիտական ամբիոնի վարիչը՝ Ա. Մ.-ն, շուրջ երկու տասնյակ ուսանողների 2022-2023 թվականների ուսումնական կիսամյակի քննությունները դրական գնահատելու, ինչպես նաև մագիստրոսական թեզերը կազմելու և դրանց դիմաց դրական գնահատականներ նշանակելու համար նրանցից ստացել է տարբեր չափերի՝ 60.000-340.000 ՀՀ դրամ կաշառք: Այնուհետև Շիրակի պետական համալսարանի իրավասու պաշտոնատար անձինք պաշտոնական շրջանառության ենթակա փաստաթղթերում կեղծ տվյալներ են ներառել՝ ուսանողների կողմից քննությունները և մագիստրոսական թեզերը դրական ստանալու և պաշտպանելու վերաբերյալ: 2023 թվականի հունիսի 7-ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից որոշում է կայացվել Ա. Մ.-ն ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալելու մասին: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
17:25 - 08 հունիսի, 2023