ՀՀ քննչական կոմիտե

ՀՀ քննչական կոմիտեն անկախ պետական մարմին է, որն ստեղծվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքի հիման վրա եւ լիազորված է իրականացնելու նախաքննություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իր իրավասությանը վերապահված ենթադրյալ հանցագործությունների կապակցությամբ։

Քննչական կոմիտեի ինքնուրույնությունը երաշխավորված է «ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքով, որի համաձայն՝ նրա ծառայողների գործունեությանը միջամտելն անթույլատրելի է։ Քննիչի լիազորություններն ու պարտականությունները սահմանված են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով։

 Այժմ կոմիտեն գլխավորում է Հայկ Գրիգորյանը։

Ֆուչիկի փողոցում զենքի գործադրմամբ կատարված խուլիգանության և սպանության փորձերի դեպքի հանգամանքները պարզվում են. ՔԿ

Ֆուչիկի փողոցում զենքի գործադրմամբ կատարված խուլիգանության և սպանության փորձերի դեպքի հանգամանքները պարզվում են. ՔԿ

2024 թվականի մարտի 15-ին՝ ժամը 00:18-ի սահմաններում, ՀՀ ՆԳՆ ոստիկանություն քաղաքացիներից ահազանգեր են ստացվել առ այն, որ Երևան քաղաքի Ֆուչիկի փողոցում լսվել են կրակոցներ, պայթուցիկ են նետել, վիրավոր քաղաքացի կա։ Նաև՝ անհայտ քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ Աշտարակի խճուղում հրազենային վնասվածքով քաղաքացի կա։ Այդ մասին հայտնում են ՀՀ ՔԿ-ից: «Ավելի ուշ «Արմենիա» ՀԲԿ-ից հաղորդում է ստացվել, որ Աշտարակի խճուղուց բեկորային վնասվածքներով շտապօգնության խումբը «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել 1995 թ. ծնված, Արարատի մարզի մի բնակչի։ Նաև՝ «Հերացի թիվ 1 համալսարանական» ԲԿ-ից տեղեկություն է ստացվել այն մասին, որ Ֆուչիկի փողոցից հրազենային վնասվածքով շտապօգնության խումբը ձախ սրունքի հրազենային վիրավորում ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել 1986 թ. ծնված, Երևան քաղաքի բնակիչ տղամարդու։ Նշված հաղորդումների հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով (երկու դրվագ), 297-րդ հոդվածի 3-րդ մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ձևավորվել է քննչական խումբ, և կատարվում է նախաքննություն: Դեպքի վայրի՝ Երևան քաղաքի Ֆուչիկի 1-ին նրբանցքի 11-րդ և 13-րդ շենքերի միջնամասում գտնվող ճանապարհի երթևեկելի հատվածի զննությամբ տարբեր տեղերից հայտնաբերվել են բազմաթիվ արնանման հետքեր, պայթեցված նռնակի մետաղական դետալներ, կրակված տարբեր փամփուշտների բազմաթիվ պարկուճներ: Հայտնաբերվել է նաև դիմակ և այլ իրեր: Վերցվել են դեպքի վայրում առկա տեսանկարահանող սարքերի հիշողության կրիչները: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ: Ձեռնարկված քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացվել են դեպքին և դրան մասնակից անձանց վերաբերյալ տվյալներ, որոնք քննությամբ ստուգվում են: Հաշվի առնելով դեպքի առանձնահատկությունները՝ քրեական վարույթը, հետագա նախաքննությունն իրականացնելու նպատակով, փոխանցվել է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնին։ Իրականացվում են անհետաձգելի քննչական, վարութային գործողություններ, ինչպես նաև՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու, միջադեպին մասնակից բոլոր անձանց ինքնությունները պարզելու, բոլորին վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու, նրանց գործողություններն անհատականացնելու և իրավական գնահատականների արժանացնելու ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
17:25 - 15 մարտի, 2024
Քննչական կոմիտեն մանրամասներ է հատնում Յուրի Մինասյանի մահվան դեպքի մասին. մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Քննչական կոմիտեն մանրամասներ է հատնում Յուրի Մինասյանի մահվան դեպքի մասին. մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն մանրամասներ է հատնել Յուրի Մինասյանի մահվան դեպքի մասին՝ նշելով, որ քննվող քրեական վարույթով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել:  «ՀՀ ՆԳՆ ոստիկանություն քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ ինքը արնաքամ է լինում Երևան քաղաքի Ա.Պուշկին փողոցում։ Նույն օրը ժամը 02։36-ին, «Մխիթար Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ևս ահազանգ է ստացվել, որ Ա․Պուշկին փողոցից «պոլիտրավմա» ախտորոշմամբ շտապ օգնության խմբի կողմից իրենց մոտ է տեղափոխվել անգիտակից վիճակում գտնվող անձ։ Պարզվել է, որ վերջինս Երևան քաղաքի բնակիչ Յուրի Մինասյանն է։ Վերոգրյալի առթիվ 2024 թվականի մարտի 6-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Յուրի Մինասյանը ճանաչվել է տուժող։ 2024 թ․ մարտի 6-ին դեպքի վայրում Երևան քաղաքի Պուշկին 58-րդ հասցեում կատարված զննությամբ վերցվել է արնանման հետք։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Նախաքննությամբ վկաների մասնակցությամբ զննության են ենթարկվել ստացված տեսագրություններ, հարցաքննվել են մի շարք անձինք, կատարվել են նաև այլ ապացուցողական և վարութային գործողություններ։ Քննությամբ պարզվել է, որ Յ․ Մինասյանը մարտի 5-ի ուշ երեկոյան, իր ընկերների հետ գտնվել է Երևան քաղաքի Պուշկին փողոցում գործող «Բիթլզ» ակումբում, որտեղ տարաձայնություններ են առաջացել այնտեղ գտնվող մեկ այլ անձի՝ Երևան քաղաքի բնակիչ Հ․Մ․-ի հետ։ Պարզաբանումների նպատակով վերջիններս դուրս են եկել այնտեղից և գնացել Երևան քաղաքի Փարպեցի փողոցում գտնվող Սբ. Զորավոր եկեղեցու հետնամաս։ Այնտեղ վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որի ընթացքում Հ․ Մ․-ն բռունցքներով հարվածներ է հասցրել Յուրի Մինասյանի դեմքի հատվածին՝ պատճառելով ծանր զուգակցված գանգուղեղային վնասվածք՝ գանգի բազմաթիվ ոսկրերի կոտրվածքներ։ Վերջինս ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց»,- նշված է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ: Մարտի 9-ին վարույթ իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազություն՝ ենթադրյալ հանցագործություն կատարած Հ․ Մ․-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով  (խուլիգանական դրդումներով մեկ ուրիշին ծանր մարմնական վնաս պատճառելը) հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը նույն օրը բավարարվել է։ Հանձնարարություն է տրվել Ոստիկանությանը՝ Հ․ Մ․-ին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմին ներկայացնելու նպատակով, սակայն վերջինս դեռևս չի հայտնաբերվել: 2024 թվականի մարտի 14-ին «Մխիթար Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ստացվել է տեղեկություն, որ հոսպիտալացված Յուրի Մինասյանը ժամը 06։30-ին մահացել է։ Նույն օրը վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել դատախազություն՝ ենթադրյալ հանցագործություն կատարած Հ․ Մ․-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ և 15-րդ կետով (խուլիգանական դրդումներով մեկ ուրիշին ծանր մարմնական վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է հանցագործությունից տուժած անձի մահ) նոր հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը նույն օրը բավարարվել է։ Միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան՝  մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ։ Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում Հ․Մ․-ին հայտնաբերելու, ինչպես նաև դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու ուղղությամբ։ Ծանուցում.  հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
16:56 - 15 մարտի, 2024
Ահաբեկչության մեջ մեղադրվող դաշնակցական Գագիկ Սարգսյանը կալանավորվել է

Ահաբեկչության մեջ մեղադրվող դաշնակցական Գագիկ Սարգսյանը կալանավորվել է

Դաշնակցական Գագիկ Սարգսյանը, ում երեկ բերման էր ենթարկել ԱԱԾ-ն, մեկ ամսով կալանավորվել է, հայտնել է նրա որդին։ Փաստաբան Վահե Եփրիկյանն «Ազատությանն» ասաց, որ քննիչը 2 ամսվա կալանք է պահանջել, դատավորը մասնակի է բավարարել ու մեկ ամսով կալանավորելու որոշում կայացրել։ Փաստաբանի խոսքով՝ Գագիկ Սարգսյանը չի ընդունում իրեն ներկայացված մեղադրանքը և պնդում է, որ որևէ առնչություն չունի այդ ամենի հետ։ Քննչական կոմիտեն այսօր տեղեկացրեց չորս անձի, այդ թվում՝ Գագիկ Սարգսյանի նկատմամբ ահաբեկչության հոդվածով քրեական հետապնդում հարուցելու մասին։ Ըստ կառույցի՝ բացահայտված ահաբեկչության դեպքերն ուղղված են եղել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, նրա անդամների, այդ թվում՝ խմբակցության պատգամավորներ Գագիկ Մելքոնյանի և Գուրգեն Արսենյանի դեմ: Մասնավորապես, կոմիտեի փոխանցմամբ, Գագիկ Սարգսյանը բնակչությանը ահաբեկելու, իշխանության մարմինների գործունեությունը կազմալուծելու համար կազմակերպել է ահաբեկչություն պատգամավոր Գագիկ Մելքոնյանի դեմ՝ նպատակ ունենալով նրան զերծ պահել քաղաքական կոնկրետ հայտարարություններից և դիրքորոշումներից։    
17:51 - 14 մարտի, 2024
Գագիկ Սարգսյանն իրեն մեղավոր չի ճանաչում, ՔԿ-ի պնդումը, թե «ահաբեկչության դեպքերը բացահայտվել են», խստագույնս չափազանցված է․ փաստաբան

Գագիկ Սարգսյանն իրեն մեղավոր չի ճանաչում, ՔԿ-ի պնդումը, թե «ահաբեկչության դեպքերը բացահայտվել են», խստագույնս չափազանցված է․ փաստաբան

Ստանձնել եմ Երևան քաղաքի Նոյ թաղամասի առանձնատան և Գյուլբենկյան փողոցում տեղակայված ՔՊ կուսակցության գրասենյակների մոտ 2024թ․ փետրվարին կազմակերպված ենթադրյալ ահաբեկչության դեպքերով նախաձեռնված քրեական վարույթով մեղադրյալ Գագիկ Սարգսյանի շահերի պաշտպանությունը, հայտնել է փաստաբան Վահե Եփրիկյանը։ «Ի հեճուկս ՀՀ Քննչական Կոմիտեի տարածած տեսանյութի (հղումը` մեկնաբանություններում), և պահպանելով նախաքննության գաղտնիությունը` ցանկանում եմ ներկա պահին հայտնել, որ պաշտպանյալս` Գագիկ Սարգսյանը ներկայացված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել, ավելին` մեր գնահատմամբ մեղադրանքը խիստ վերացական է, ակնհայտորեն չի համապատախանում քրեադատավարական չափորոշիչներին, մասնավորապես` հայտնի չէ, թե Գ. Սարգսյանը հատկապես ի՞նչ գործողություններ է իրականացրել նշյալ հանցակազմի իմաստով, ուստի ՔԿ ֊ի տարածած հաղորդագրության վերնագիրը, թե《 ... ահաբեկչության դեպքերը բացահայտվել են》խստագույնս չափազանցված է։ Լիահույս ենք` հիմնավոր կասկածի շեմը հաղթահարված չլինելու և կալանքի հիմքերի բացակայության պայմաններում առաջիկա ժամերին Դատարանը կմերժի կալանավորման միջնորդությունը»,- գրել է փաստաբանը սոցցանցի իր էջում։ Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեն հայտարարություն էր տարածել, որ  Գ.Ս.-ն բնակչությանն ահաբեկելու, հանրային իշխանության մարմինների գործունեությունը կազմալուծելու, հանրային իշխանության ներկայացուցիչ և հանրային ծառայող, ՀՀ ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Գուրգեն Մելքոնյանին քաղաքական կոնկրետ հայտարարություններից ու դիրքորոշումներից ձեռնպահ մնալուն հարկադրելու և այդպիսով հանրային իշխանության մարմիններին ներքին և արտաքին քաղաքականության հետ կապված հարցերի կոնկրետ լուծումներից ձեռնպահ մնալուն հարկադրելու նպատակով կազմակերպել է Ա.Գ.-ի և Է. Պ.-ի կողմից ահաբեկչություն, այն է՝ Գուրգեն Մելքոնյանի բնակության վայրի հարակից տարածքի քաղաքացիական անձանց կյանքից զրկելու, նրանց առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս պատճառելու վտանգով, ինչպես նաև խոշոր չափերի գույքային վնաս պատճառելով զուգորդված պայթյուն կատարելը: Նշված արարքները կատարելու համար ՀՀ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով, այդ թվում՝ ահաբեկչություն կատարելու համար, քրեական հետապնդում է հարուցվել 4 անձի նկատմամբ: Նրանցից երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, իսկ մյուս երկուսը ձերբակալված են: Նախաքննությունը շարունակվում է:
22:50 - 13 մարտի, 2024
Երևանի Նոյ թաղամասի առանձնատան և Գյուլբենկյան փողոցում տեղակայված կուսակցությունների գրասենյակների մոտ ահաբեկչության դեպքերը բացահայտվել են․ կան կալանավորված և ձերբակալված անձինք

Երևանի Նոյ թաղամասի առանձնատան և Գյուլբենկյան փողոցում տեղակայված կուսակցությունների գրասենյակների մոտ ահաբեկչության դեպքերը բացահայտվել են․ կան կալանավորված և ձերբակալված անձինք

ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական վարույթով ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների հետ ակտիվ և արդյունավետ համագործակցությամբ իրականացված հսկայածավալ քննչական ու գաղտնի քննչական գործողությունների և ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել են Երևան քաղաքում 2024 թ․ փետրվարին կազմակերպված ահաբեկչության երկու դեպքերը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից: Նախաքննությամբ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ ՀՀ քաղաքացի Գ.Ս.-ն և նախաքննությամբ դեռևս չպարզված անձինք, ունենալով հակաիշխանական հայացքներ, Հայաստանում գործող իշխանության հետ ունենալով գաղափարական թշնամանք, կազմակերպել են 2024 թվականի փետրվարի 10-ին Երևան քաղաքի Նոյ Թաղամասի 143/1 հասցեում, իսկ 2024 թվականի փետրվարի 20-ին՝ Գյուլբենկյան 30/3 և Գյուլբենկյան 33 հասցեներում ահաբեկչությունների կատարում: Այսպես, Գ.Ս.-ն բնակչությանն ահաբեկելու, հանրային իշխանության մարմինների գործունեությունը կազմալուծելու, հանրային իշխանության ներկայացուցիչ և հանրային ծառայող, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Գուրգեն Մելքոնյանին քաղաքական կոնկրետ հայտարարություններից ու դիրքորոշումներից ձեռնպահ մնալուն հարկադրելու և այդպիսով հանրային իշխանության մարմիններին ներքին և արտաքին քաղաքականության հետ կապված հարցերի կոնկրետ լուծումներից ձեռնպահ մնալուն հարկադրելու նպատակով կազմակերպել է Ա.Գ.-ի և Է. Պ.-ի կողմից ահաբեկչություն, այն է՝ Գուրգեն Մելքոնյանի բնակության վայրի հարակից տարածքի քաղաքացիական անձանց կյանքից զրկելու, նրանց առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս պատճառելու վտանգով, ինչպես նաև խոշոր չափերի գույքային վնաս պատճառելով զուգորդված պայթյուն կատարելը: Գործելով նույն դիտավորությամբ՝ Ա.Գ.-ն, Է.Պ.-ի հետ նախապես քննարկելով կատարվելիք գործողության մանրամասները, 2024 թվականի փետրվարի 10-ին իր բնակության վայրում նրան է փոխանցել նախապես պատրաստված, փշրտող գործողության տրոտիլ տեսակի պայթուցիկ նյութով լիցքավորված ինքնաշեն պայթեցման սարքը և այն գործարկման վիճակի բերելու համար անհրաժեշտ մարտկոց, բացատրել վերջինը պայթուցիկ սարքի մեջ տեղադրելու եղանակը: Դրանից հետո վերջիններս, կիրառելով քողարկման ու չբացահայտվելու համար անհրաժեշտ որոշակի միջոցներ, ուղևորվել են դեպի Երևան քաղաքի Նոյ թաղամասի նախապես որոշված հասցե, որտեղ Է.Պ.-ն, կարծելով, թե Երևան քաղաքի Նոյ թաղամասի 143/1 հասցեում գտնվող առանձնատունը պատկանում է Գուրգեն Մելքոնյանին, Ա.Գ.-ի կողմից իրեն փոխանցված՝ ավերածություններ գործելու համար պիտանի պայթեցման սարքը պարսպի վրայից նետել է դեպի հիշյալ առանձնատան աջ անկյունային հատվածը: Նույն օրը՝ ժամը 04:30:02-ին, տեղի է ունեցել նշված պայթեցման սարքի պայթյունը, որը զուգորդվել է քաղաքացիական անձանց կյանքից զրկելու, նրանց առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս պատճառելու իրական վտանգով և առանձնատան սեփականատեր Ա.Բ.-ին պատճառել է առնվազն խոշոր չափերի գույքային վնաս: Բացի այդ, Վ.Հ.-ն, Գ.Ս.-ի և նախաքննությամբ դեռևս չպարզված անձանց կազմակերպմամբ, բնակչությանը, ինչպես նաև դրա առանձին խմբին՝ մասնավորապես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներին, նրանց աջակիցներին ահաբեկելու, հանրային իշխանության գործունեությունը կազմալուծելու, հանրային իշխանության մարմիններին, այդ թվում՝ հանրային իշխանության ներկայացուցիչ և հանրային ծառայող, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, «Միավորված աշխատանքային կուսակցության» հիմնադիր ղեկավար Գուրգեն Արսենյանին իրենց համար անընդունելի քաղաքականություն վարելուց և քաղաքական դիրքորոշումներ պահպանելուց ձեռնպահ մնալուն հարկադրելու դիտավորությամբ, 2024 թվականի փետրվարի 20-ին, կիրառելով քողարկման և չբացահայտվելու համար անհրաժեշտ որոշակի միջոցներ, գնացել է Երևան քաղաքի Գյուլբենկյան 33 հասցեում գտնվող «Միավորված աշխատանքային կուսակցության» գրասենյակի մոտ և ժամը 03։50-ին գրասենյակից 9 մետր հեռավորության վրա գտնվող մայթեզրի ծառի տակ տեղադրել է նախապես պատրաստված, որպես պայթեցման միջոց շուրջ 1 կիլոգրամ տրոտիլ և պենտալիտ, իսկ որպես խոցման միջոց՝ հեղյուսներ և մանեկներ պարունակող, ավերածություններ գործելու, մարդկանց կյանքից զրկելու, շրջակա շինություններն ամբողջությամբ ավերելու համար պիտանի ինքնաշեն պայթեցման սարքը։ Ապա նույն ժամանակահատվածում իր մոտ գտնվող, որպես խոցման էլեմենտներ՝ մանեկներ, իսկ որպես պայթուցիկ նյութ՝ անծուխ վառոդ պարունակող, մարդկանց կյանքից զրկելու, գույք վնասելու և ոչնչացնելու համար պիտանի ինքնաշեն պայթեցման սարքը տեղադրել է Գյուլբենկյան 30/3 հասցեում գտնվող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տարածքային գրասենյակի մուտքի մոտ՝ այդ կերպ առաջացնելով պայթյունի և հրկիզման իրական սպառնալիք՝ զուգորդված քաղաքացիական անձանց կյանքից զրկելու, նրանց առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս պատճառելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու և այլ ծանր հետևանքներ առաջացնելու վտանգով: Վ.Հ.-ի կողմից տեղադրված պայթեցման սարքերը չեն պայթել, և նշված հետևանքները վրա չեն հասել պատահականությամբ՝ ինքնաշեն պայթեցման սարքերի գործարկման մեխանիզմը հաշվարկված եղանակով չգործելու պատճառով: Նշված արարքները կատարելու համար ՀՀ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով, այդ թվում՝ ահաբեկչություն կատարելու համար, քրեական հետապնդում է հարուցվել 4 անձի նկատմամբ: Նրանցից երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, իսկ մյուս երկուսը ձերբակալված են: Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ:
20:12 - 13 մարտի, 2024
Պարզվել են Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջի ուսանողի սպանության էական հանգամանքները

Պարզվել են Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջի ուսանողի սպանության էական հանգամանքները

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ նախօրեին Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջի ուսանողի սպանության դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այդ մասին հայտնում են ՔԿ-ից: «2024 թվականի մարտի 12-ին՝ ժամը 12:15-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժին բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջի մոտից իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել Երևան քաղաքի 17-ամյա բնակիչ՝ մարմնի տարբեր մասերին բազմաթիվ, այդ թվում՝ կտրած ծակած, արյունահոսող վնասվածքներով: Բուժաշխատողների կողմից ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցներ, սակայն երիտասարդի կյանքը փրկել չի հաջողվել, և նույն օրը՝ ժամը 13:00-ին, արձանագրվել է երիտասարդի մահը: Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին: Նախաքննության ընթացքում իրականացվել են քննչական և վարութային անհետաձգելի գործողություններ, որի արդյունքում պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել նշված քոլեջի հարևանությամբ՝ Երևան քաղաքի Մամիկոնյանց 52/3 հասցեի մոտ: Դեպքի վայրի զննության ընթացքում հայտնաբերվել և վերցվել են արնանման նյութի հետքեր, դեպքի վայրը տեսանկարահանող սարքի տեսագրությունները և ենթարկվել զննության, հարցաքննվել են մի շարք ականատեսներ, նշանակվել են դատաբժշկական, դատահետքաբանական և դատակենսաբանական փորձաքննություններ: Քննությամբ ձեռնարկված միջոցառումներով պարզվել է սպանության շարժառիթը, ինչպես նաև՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Երևան քաղաքի բնակիչ՝ ծնված 2003 թ.: Նախնական տվյալներով՝ տուժողի և ենթադրյալ հանցագործություն կատարած անձի միջև անձնական հարցի շուրջ տևական ժամանակ անհամաձայնություն և անբարյացկամ հարաբերություններ են ձևավորվել, ինչի կապակցությամբ երիտասարդների միջև մի քանի վիճաբանություն է տեղի ունեցել, որոնցից մեկի ժամանակ 21-ամյա երիտասարդը կամ նրա մտերիմները վնասել են տուժողի կողմից վարած, վերջինիս հորը պատկանող ավտոմեքենան: Դեպքից մի քանի օր առաջ կրկին վիճաբանություն է տեղի ունեցել երիտասարդների միջև, որի ժամանակ 17-ամյա երիտասարդը հայհոյել է 21-ամյա երիտասարդին, ով, ի պատասխան, վերջինիս սպառնացել է հաշվեհարդար տեսնել: 2024 թվականի մարտի 12-ին՝ ժամը 11։30-ի սահմաններում, 17-ամյա երիտասարդն ընկերոջ հետ գտնվել է քոլեջին հարող տարածքում գործող սննդի կետի մոտ, երբ 6-7 երիտասարդներ, այդ թվում՝ 21-ամյա երիտասարդը, վազել են տուժողի ուղղությամբ: Նշված անձանցից մեկի ձեռքում փայտե մահակ է եղել, իսկ 21-ամյա երիտասարդի ձեռքին՝ դանակ։ Երիտասարդների միջև կրկին վիճաբանություն է սկսվել, որի ժամանակ 21-ամյա երիտասարդը դանակով մի քանի անգամ հարվածել է 17-ամյա երիտասարդի մարմնի տարբեր հատվածներին, ինչի հետևանքով նա վայր է ընկել, որից հետո տղաները գետնին ընկած վիճակում շարունակել են ոտքերով հարվածներ հասցնել երիտասարդի մարմնին, իսկ 21-ամյա երիտասարդը դանակով հարվածել է նրան: Հավաքված անձանց միջամտության արդյունքում վիճաբանությունը դադարել է, հիշյալ 6-7 տղաները դիմել են փախուստի: Նախաքննության ընթացքում կատարված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված էական փաստական տվյալների հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով ևս նախաձեռնվել է քրեական վարույթ, որը, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն կատարելու նպատակով, միացվել է սպանության հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթին: 21-ամյա երիտասարդի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 297-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցվել է հանրային քրեական հետապնդում: Նույն օրը որոշում է կայացվել վերջինիս, դատարան ներկայացնելու հիմքով, ձերբակալելու մասին, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժնին: Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ միջադեպին մասնակից մյուս անձանց ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ: Հետաքննության մարմնին տրվել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարություն»,- ասված է հաղորդագրության մեջ: Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
13:51 - 13 մարտի, 2024
ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Աբովյանի Սահմանադրության հրապարակում զենքի գործադրմամբ խմբակային խուլիգանության դեպքից

ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Աբովյանի Սահմանադրության հրապարակում զենքի գործադրմամբ խմբակային խուլիգանության դեպքից

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթով պարզվել են մեկ տասնյակից ավելի անձանց կողմից Աբովյան համայնքի բնակչի նկատմամբ զենքի գործադրմամբ խուլիգանություն և ֆիզիկական ներգործություն կատարելու դեպքի էական հանգամանքներ: Այդ մասին հայտնում են ՀՀ ՔԿ-ից: «2024 թվականի մարտի 7-ին՝ Ժամը 19:03-ին, անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել՝ Աբովյան համայնքի Սահմանդրության հրապարակում գտնվող հացատան մոտ տեղի ունեցող քաշքշուկի ընթացքում հնչած կրակոցների վերաբերյալ: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և ձեռնարկել քննչական, վարութային և օպերատիվ անհրաժեշտ միջոցառումներ, որոնց արդյունքում տվյալներ են ձեռք բերվել միջադեպին մասնակից անձանց ինքնության և շարժառիթի մասին: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 297-րդ հոդվածի 3-րդ մասով, 335-րդ հոդվածի 1-ին մասով և 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում որոշում է կայացվել՝ նախաքննության կատարումը քննչական խմբին հանձնարարելու մասին: Ըստ քննությամբ ձեռք բերված տվյալների՝ 2024 թ. մարտի 7-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Ազատության պողոտայում գտնվող կանգառում ուղևորափոխադրմամբ զբաղվող ՍՊ ընկերության աշխատակիցների և Աբովյան համայնքի բնակիչ Վ.Մ.-ի միջև ուղևորափոխադրման հարցի շուրջ տեղի են ունեցել վիճաբանություն և ծեծկռտուք։ Դրանից հետո, երբ վերջինս իր կողմից վարած «Մազդա 3» մակնիշի ավտոմեքենայով ուղևորվել է Կոտայքի մարզի Աբովյան քաղաք, վերը նշված աշխատակիցները տեղի ունեցածի մասին տեղեկացրել են նույն քաղաքի մեկ այլ բնակչին և հետապնդելով` նույնպես ուղևորվել են քաղաք Աբովյան: Ժամը 19:00-ի սահմաններում Վ.Մ.-ն ավտոմեքենան կայանել է Աբովյան քաղաքի Սահմանադրության հրապարակում գործող հացատան դիմաց, որից հետո շուրջ մեկ տասնյակից ավելի անձինք, խմբի կազմում, հասարակության նկատմամբ անհարգալից, իսկ իրավական և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, իրենց վարքով հակադրվելով շրջապատին, ավտոմեքենաներով երկու կողմից փակել են Վ.Մ.-ի ավտոմեքենայի ճանապարհը՝ խոչընդոտելով նաև այլ ավտոմեքենաների երթևեկությունը: Այնուհետև, մոտենալով Վ.Մ.-ի ավտոմեքենային՝ բացել են դիմացի դռները, անջատել շարժիչը և անտեսելով փողոցում գտնվող բազմաթիվ անձանց ներկայության հանգամանքը, համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, հայհոյանքներ հնչեցնելով` ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել Վ.Մ.-ի մարմնի տարբեր հատվածներին, որի ընթացքում միջադեպի մասնակիցներից մեկն իր մոտ գտնվող Baricat $17 տեսակի ատրճանակից մեկ կրակոց է արձակել Վ.Մ.-ի ուղղությամբ, սակայն վրիպել է: Վերը նկարագրված գործողությունների արդյունքում տևական ժամանակ խաթարվել է փողոցի տվյալ հատվածի երթևեկությունը, խոչընդոտվել հարակից տարածքում գործող հասարակական նշանակության օբյեկտների բնականոն աշխատանքը և խախտվել ներկա գտնվող մարդկանց անդորրը՝ վերջինների մոտ առաջացնելով վախի և տագնապի զգացում: Նախաքննության ընթացքում Վ.Մ.-ն ճանաչվել է տուժող և հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ: Զննվել է դեպքի վայրը, որտեղից վերցվել է տեսանկարահանող սարքի տեսաձայնագրությունը և ենթարկվել զննության, ինչի արդյունքներով պարզվել են ինչպես տուժողին ծեծի ենթարկած անձանց, այնպես էլ՝ նրա ուղղությամբ կրակոցներ արձակողի ինքնությունը, ովքեր, քննության տվյալներով, հանդիսանում են նշված ՍՊԸ աշխատակիցներ և Աբովյան խոշորացված համայնքի բնակիչներ:   Mazda 3 մակնիշի ավտոմեքենայի զննությամբ դիմապակու վրա հայտնաբերվել են վնասվածքներ, ինչպես նաև վերցվել է մեկ կրակված պարկուճ: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ: Վարույթի շրջանակներում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 4 անձի նկատմամբ, որոնցից մեկը ձերբակալվել է։ Վերջինիս, ով հանդիսանում է առերևույթ կրակոց արձակող անձը, մեղադրանք է ներկայացվել` ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 297-րդ հոդվածի 3-րդ մասով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը: Մյուս երեքի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը հարուցվել է  ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 297-րդ հոդվածի 2-րդ մի 1-ին կետով նախատեսված արարքներ առերևույթ կատարելու համար, և Ոստիկանությանը տրվել է հանձնարարություն՝ նրանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու վերաբերյալ։ Նախաքննությունը շարունակվում է»,- նշված է հաղորդագրության մեջ: Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ 
17:09 - 11 մարտի, 2024
Դատարանը «Սիներջի»-ի աշխատակից Լիլի Մկրյանի կալանավորումը համարել է ոչ իրավաչափ․ Էրիկ Ալեքսանյան

Դատարանը «Սիներջի»-ի աշխատակից Լիլի Մկրյանի կալանավորումը համարել է ոչ իրավաչափ․ Էրիկ Ալեքսանյան

Դատարանը «Սիներջի»-ի աշխատակից Լիլի Մկրյանի կալանավորումը համարել է ոչ իրավաչափ։ Այս մասին հայտնում է փասրաբան Էրիկ Ալեքսանյանը։ «Վերաքննիչ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արմեն Հովհաննիսյանը, քննարկելով «Սիներջի» ընկերության աշխատակից Լիլի Մկրյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքի իրավաչափության հարցը, արձանագրել է՝ իրավունքի խախտում։ Մասնավորապես Վերաքննիչ Հակակոռուպցիոն դատարանը արձանագրել է, որ իսկզբանե Լիլի Մկրյանի նկատմամբ ընտրված ամենախիստ խափանման միջոց կալանքը եղել է ոչ իրավաչափ և ստորադաս ատյանը հաշվի չի առել բազմաթիվ հակակշռող գործոններ, որոնց թվում հատուկ դեր ունիԼիլի Մկրյանի ընտանեկան կարգավիճակը, այն է՝ մայրական կաթով սնվող երկու տարեկան երեխայի հանգամանքը։ Ուստի արձանագրել է, որ կիրառված կալանքը չի եղել համաչափ»,- գրել  է փաստաբանը։ Հիշեցնենք՝ քննչական կոմիտեն հայտնել էր, որ փաստական տվյալներ են ստացվել, որ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք նախնական համաձայնությամբ, մի խումբ անձանց դրդմամբ և օժանդակությամբ, չարաշահել են իրենց ծառայողական լիազորությունները: Մասնավորապես՝ «Հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման» ծառայության ձեռքբերման մրցույթի ընթացքում մասնակից բաժնետիրական ընկերություններից մեկի հաղթանակն ապահովելու համար, խախտելով «Գնումների մասին» օրենքի և Կառավարության որոշման պահանջները, մրցույթի մյուս մասնակցին համարել են պայմաններին չհամապատասխանող և փաստացի հեռացրել մրցույթից: Գործի շրջանակներում «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը, ընկերության աշխատակցուհի Լիլի Մկրյանը կալանավորվել էին, իսկ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ՝ Անի Գևորգյանի նկատմամբ կիրառվել էր տնային կալանք։  Ավելի ուշ Աշոտ Հովհաննիսյանի, Անի Գևորգյանի և Լիլի Մկրյանի նկատմամբ կիրառվել են համակցված այլընտրանքային խափանման միջոցներ՝ գրավ, բացակայելու արգելք և երաշխավորություն։
13:16 - 06 մարտի, 2024
Միջադեպ՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող 2 անձի միջև․ մեկի մասով նախաքննությունն ավարտվել է

Միջադեպ՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող 2 անձի միջև․ մեկի մասով նախաքննությունն ավարտվել է

Ավարտվել է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող երկու անձանց և նրանց կողմնակիցների կողմից Երևան քաղաքի Դավիթ Բեկ փողոցին հարակից տարածքում 2023թ․ նոյեմբերի 17-ին կատարված միջադեպի առթիվ նախաձեռնված քրեական վարույթից անջատված մասի նախաքննությունը։ Հայտնում է Քննչական կոմիտեն։ «ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել և հիմնավորվել է, որ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի՝ Վ․Ա․–ի նկատմամբ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում քննվող քրեական գործով, դատարանի որոշմամբ, որպես այլընտրանքային խափանման միջոցներ համակցությամբ կիրառվել էր գրավը և բացակայելու արգելքը։ Արդյունքում՝ վերջինս, ազատ արձակվելով կալանքից, շարունակել է գործել իր կողմից սահմանված և ճանաչված վարքագծի կանոնների համաձայն, որոնք չեն համապատասխանում պետության սահմանած վարքագծի համապարտադիր կանոններին և դրանց իրացման ձևերին։ Մասնավորապես, 2023թ․ նոյեմբերի 17-ին՝ ժամը 16։20-ի սահմաններում, իր կողմից ղեկավարվող քրեական ենթամշակույթ կրող խմբավորման ակտիվ մասնակից Մ․ Շ․–ի և ինքնությունները դեռևս չպարզված մի քանի այլ անձանց հետ, մասնավոր հարցերին առնչվող վեճը լուծելու և հավասար հիերարխիկ կարգավիճակ ունեցող Ա․Մ․–ի  նկատմամբ առավելություն ստանալու նպատակով, Երևան քաղաքի Դավիթ Բեկ փողոցին հարակից տարածքում բռնություն և անօրինական այլ գործողություններ են կատարել․ փոխադարձ հարվածներ են հասցրել և քաշքշել միմյանց։ Բացի այդ,  պարզվել է, որ Վ․Ա․–ն և Մ․ Շ․–ն ապօրինի կերպով ձեռք են բերել և պահել «ПM» /Մակարով/ մոդելի ատրճանակ՝ փամփուշտներով՝ նախատեսված «ПM», «AПC», «Байкал 442» մոդելի ատրճանակից և համապատասխան տրամաչափի ակոսափող այլ զենքերից կրակելու համար, իսկ Վ․Ա․–ն՝ նաև առանձնապես խոշոր չափի՝ 1,38 գրամ քաշով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց, որոնք հայտնաբերվել են վերջինիս անձնական, ինչպես նաև ավտոմեքենայում կատարված խուզարկություններով։  Ձեռք բերված բավարար փաստերի հիման քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին՝ Վ․Ա․–ին, մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 323-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, 396-րդ հոդվածի 3-րդ մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։ Վերջինիս կողմից ղեկավարվող քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակից Մ․Շ․–ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով։ Նրա նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը։ Հիշյալ մեղադրյալների վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ, նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար։ Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող մյուս անձի և նրա կողմնակիցների գործողություններին իրավական գնահատական տալու մասով նախաքննությունը շարունակվում է»,- նշվում է հաղորդագրությունում
11:27 - 06 մարտի, 2024
Հայաստան է ժամանել Վրաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավարը. համագործակցության հուշագիր է ստորագրվել

Հայաստան է ժամանել Վրաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավարը. համագործակցության հուշագիր է ստորագրվել

Հայաստան է ժամանել Վրաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավար Կառլո Կացիտաձեի գլխավորած պատվիրակությունը։   Այցը ՀՀ տեղի է ունենում 2023 թ. սեպտեմբերի 6-ին Վրաստան կատարած այցի ժամանակ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի կողմից արված պաշտոնական հրավերի շրջանակներում։   ՀՀ քննչական կոմիտեում մարտի 5-ին կայացել է քննչական երկու մարմինների ղեկավարների հանդիպումը։   Արգիշտի Քյարամյանը շնորհակալություն է հայտնել իր վրաց գործընկերոջը՝ հրավերն ընդունելու համար և վստահություն հայտնել, որ պատասխան այցը նոր հարթություն կտեղափոխի Հայաստանի քննչական կոմիտեի և Վրաստանի հատուկ քննչական ծառայության համագործակցությունը՝ համահունչ երկու բարեկամ երկրների միջև ավանդաբար ջերմ հարաբերություններին, ինչպես նաև կխթանի երկկողմ և բազմակողմ միջազգային-իրավական փոխգործակցությունը։ ՀՀ քննչական կոմիտեի նախագահը նշել է, որ փոխըմբռնման հուշագրի ստորագրումը միտված է ժամանակի պահանջներին համարժեք, անդրազգային հանցավորությանը քրեաիրավական գործիքակազմով հակազդելու կառույցների ներուժի զարգացմանը։   Վրաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավար Կառլո Կացիտաձեն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար, վստահություն հայտնել, որ հայ և վրաց ժողովուրդների միջև դարավոր եղբայրության պատմությունը, երկու երկրների միջև զարգացող բազմավեկտոր սերտ կապերը վստահության նախադրյալներ են ապահովում քննչական մարմինների հարաբերությունները ևս որակապես նոր մակարդակ տեղափոխելու համար։ Նա ընդգծել է նախաքննության որակի բարելավմանը, փորձի փոխանակմանն ուղղված համատեղ նախագծեր իրականացնելու կարևորությունը՝ ի շահ երկու երկրներում իրավակարգի ամրապնդման և քաղաքացիների իրավունքների պաշտպանության։   Հանդիպման արդյունքում Արգիշտի Քյարամյանը և Կառլո Կացիտաձեն ստորագրել են ՀՀ քննչական կոմիտեի և Վրաստանի հատուկ քննչական ծառայության միջև փոխըմբռնման հուշագիր։ Դրանով նախատեսվում է համագործակցության ծավալում նախաքննության ոլորտում լավագույն պրակտիկայի և մեթոդների փոխանակման, երկու գերատեսչությունների կարողությունների ամրապնդման համար վերապատրաստման դասընթացների անցկացման, տեղեկատվության փոխանակման, համատեղ խորհրդակցությունների անցկացման, միջազգային թեմատիկ համաժողովներին մասնակցության ուղղություններով:   Արգիշտի Քյարամյանի ուղեկցությամբ պարոն Կացիտաձեն շրջել է ՀՀ քննչական կոմիտեի կենտրոնական վարչական շենքում, նրան ներկայացվել են Կոմիտեի ընթացիկ գործունեության ապահովման և նախաքննության իրականացման նյութատեխնիկական ռեսուրսները։   Ի նշան բարեկամության և երկկողմ հարաբերությունների սերտացման՝ Վրաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավարը ՀՀ քննչական կոմիտեի բակում եղևնի է տնկել։   Վրացական պատվիրակության այցը շարունակվում է, որի շրջանակներում նախատեսված են նաև այլ միջոցառումներ։
18:54 - 05 մարտի, 2024
Միջնակարգ դպրոցից 28 միլիոն դրամից ավելի գումար հափշտակելու համար մեղադրվող աշխատակիցը հայտնաբերվել է

Միջնակարգ դպրոցից 28 միլիոն դրամից ավելի գումար հափշտակելու համար մեղադրվող աշխատակիցը հայտնաբերվել է

Ավարտվել է Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղի միջնակարգ դպրոցի միջոցներից առանձնապես խոշոր չափի՝  28 մլն ՀՀ դրամից ավելի գումար հափշտակելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում իրականացված քննությամբ պարզվել է, որ Կարճաղբյուր բնակավայրի «Ա.Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի ընթացիկ գործունեությունը ղեկավարելու իրավասութուն ունեցող անձը, 2016-2019 թվականների ընթացքում, ունենալով կազմված աշխատավարձերի բաշխման վերաբերյալ փաստաթղթերի իսկությունը ստուգելու և դրանից հետո միայն հաստատելու պարտականություն, առանց օրենսդրական հիմքերի, աշխատավարձերի վճարման գանձապետական համակարգից օգտվելու կանոնները չիմանալու պատճառաբանությամբ, իր փոխարեն նշված գործողությունների կատարումը վստահել է դպրոցի ֆինանսական գործառնություններ կատարելու իրավասություն ունեցող անձին՝ վերջինիս տրամադրելով իր նույնականացման քարտը, աշխատավարձերի վճարման գանձապետական համակարգ մուտք գործելու համար նախատեսված իր մուտքանուն-գաղտնաբառը։ Արդյունքում վերջինս, ունենալով դպրոցի բյուջեի միջոցները տնօրինելու լիազորություն, ծառայողական լիազորություններն օգտագործելով, դպրոցի՝ իրեն վստահված միջոցներից, առանց օրինական հիմքերի, որպես աշխատավարձի գումարներ, ելքագրել և մաս-մաս ինչպես իր, այնպես էլ դպրոցի աշխատակից չհանդիսացող իր կնոջ, ծանոթի ու քննությամբ ինքնությունները չպարզված այլ անձանց հաշիվներին փոխանցել է ընդհանուր առմամբ 28.526.400 ՀՀ դրամ գումար ու հափշտակել՝ ՊՈԱԿ-ին պատճառելով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս: Նախաքննության ընթացքում նշված վնասից վերականգնվել է 1մլն ՀՀ դրամը։ Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ դպրոցի նախկին՝ գործունեությունը ղեկավարելու իրավասութուն ունեցող անձին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով: Վերջինիս մասով նախաքննությունն ավարտվել է 2023թ․ օգոստոսին, և այդ մասով քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել էին դատարան: Դպրոցի բյուջեի միջոցները տնօրինելու լիազորություն ունեցող աշխատակցի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով։ Քննությունից խուսափելու հիմքով վերջինիս նկատմամբ քրեական հետապնդման ժամկետը կասեցվել էր, սակայն 2024 թվականի հունվարի 29-ին Ոստիկանության Ինտերպոլ ԱԿԲ-ից տեղեկություն է ստացվել վերջինիս՝ Հայաստան ժամանելու մասին։ Տղամարդը ձերբակալվել է և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին։ Վերսկսված վարույթով նրան ներկայացվել է մեղադրանք, առաջադրված մեղադրանքում վերջինս իրեն մեղավոր է ճանաչել։ Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կիրառված կալանքը վերստին քննարկելու համար, որը բավարարվել է մասնակի․ դատարանի որոշմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը՝ համակցված 3.500.000 ՀՀ դրամ գրավով: Նախաքննությունն ավարտվել է նաև նշված անձի մասով, և նրա վերաբերյալ վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու նպատակով։ Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
17:28 - 05 մարտի, 2024
Նրա դիվերսանտ լինել-չլինելու հարցը որոշվում է Քննչական կոմիտեում. ԳՇ պետը ադրբեջանցի զինծառայողին վերադարձնելու մասին |news.am|

Նրա դիվերսանտ լինել-չլինելու հարցը որոշվում է Քննչական կոմիտեում. ԳՇ պետը ադրբեջանցի զինծառայողին վերադարձնելու մասին |news.am|

news.am: Դա Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պարտականությունը չէ: Այս մասին, այսօր՝ մարտի 5-ին, «Եռաբլուր» պանթեոնում, լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես է գնահատում փաստը, որ ադրբեջանցի զինծառայողին Հայաստանը որպես բարի կամքի դրսեւորում որոշել է վեռրադարձնել Ադրբեջանին: Դիտարկմանը, որ գուցե այդ ադրբեջանցի զինծառայողը դիվերսա՞նտ է եղել, չի մոլորվել, Ասրյանն ասաց. «Եթէե ուշի-ուշով հետեւել եք, քննություն է անցկացվել համապատասխան քննչական մարմիններում եւ նրա դիվերսանտ լինել-չլինելու հարցը որոշվում է հենց քննչական կոմիտեում կատարված գործառույթների արդյունքում»: հարցին՝ ինչ-որ բանի դիմա՞ց է ադրբեջանցի զինծառայողը տրվում Ադրբեջանին, նա արձագանքեց. «Դա ԳՇ պետի գործառույթը չէ»: Ավելի վաղ քննչական կոմիտեն հայտնել էր, որ Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է։ Հիշեցնենք, որ վերջինս Հայստանի սահմանը հատել էր Տեղ գյուղի սահմանի մոտ:
11:54 - 05 մարտի, 2024
Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է

Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է

Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից: ՀՀ Քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական վարույթով կատարված բազմաթիվ անհետաձգելի ապացուցողական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ պետական սահմանը հատած Ադրբեջանական Հանրապետության զինված ուժերի զինծառայող Ռուսլան Էլդանիս-Օղլու Փենախովը 2024թ. փետրվարի 28-ին ՀՀ ԶՈւ դիրքերի մոտակայքում հայտնվել է ադրբեջանական դիրքում զինծառայողների միջև տեղի ունեցած միջադեպից հետո՝ փախուստի դիմելու և մոլորվելու հետևանքով: Ելնելով վերոգրյալից՝ միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ Ռուսլան Փենախովի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու մասին, որը բավարարվել է։ Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին՝ ժամը 05:15-ի սահմաններում, Սյունիքի մարզի Տեղ համայնքի սահմանային հատվածում հայ-ադրբեջանական շփման գիծը հատել է ադրբեջանական զինված ուժերի զինծառայող, ով զինված է եղել ԱԿՄ տիպի ինքնաձիգով ու 1 պահատուփով: 
21:25 - 04 մարտի, 2024
Ավարտվել է Այգեպատի նախկին ղեկավարի, իր կնոջ ու աներոջ կոռուպցիոն չարաշահումների գործով նախաքննությունը

Ավարտվել է Այգեպատի նախկին ղեկավարի, իր կնոջ ու աներոջ կոռուպցիոն չարաշահումների գործով նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում ՀՀ Արարատի մարզի Այգեպատի (ներկայում Արտաշատ խոշորացված համայնքի Այգեպատ բնակավայր) համայնքապետարանում կատարված կոռուպցիոն չարաշահումների դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ Ս․Պ․-ն, 2005 թվականից զբաղեցնելով Արարատի մարզի Արտաշատ համայնքի Այգեպատ բնակավայրի ղեկավարի պաշտոնը, տեղական ինքնակառավարման մարմնում ժամանակավորապես իրականացնելով կազմակերպական-տնօրինչական և վարչատնտեսական լիազորություններ, հիշյալ համայնքի ավագանու 2012 թ․ մայիսի 5-ի որոշման հիման վրա նոտարական կարգով կնքված անշարժ գույքի վարձակալության պայմանագրով  Այգեպատ գյուղի Անկախության 4 հասցեում գտնվող թիվ 1 կենցաղի տան 5 սենյակները վարձակալությամբ հանձնել է քաղաքացու՝ ամսական 10.000 ՀՀ դրամով 15 տարի ժամկետով՝ վարձակալին հաստատապես հավաստիացնելով, որ ցանկացած պարագայում, թեկուզև գույքը վաճառվելու դեպքում, 15 տարվա ժամկետով կնքված վարձակալության պայմանագիրը չի լուծարվելու։ «Այնուհետև, համայնքապետարանի երկու աշխատակիցների օժանդակությամբ, Այգեպատ համայնքի ավագանու նիստի՝ 2012 թվականի հուլիսի 14-ի արձանագրության մեջ կեղծ տեղեկություններ է ներառել այն մասին, որ ավագանու 2 անդամ ևս կողմ են արտահայտվել համայնքին պատկանող, անմխիթար վիճակում գտնվող կենցաղի տան կիսաքանդ շենքի օտարմանը՝ այդ կերպ արհեստականորեն հիմքեր ստեղծելով ավագանու տվյալ նիստի իրավազորությունն ապահովելու համար։ Մինչդեռ վերջիններս ավագանու տվյալ նիստին չեն մասնակցել և արձանագրությունը չեն ստորագրել։ Այդ փաստաթղթում կեղծ տվյալներ են ներառվել համայնքի կենցաղի տունը կիսաքանդ և վթարային վիճակում գտնվելու վերաբերյալ,  և դրա հիման վրա նշված շենքը հանվել է աճուրդի՝ չպահպանելով համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օտարման դեպքերում դրա պարտադիր գնահատման օրենսդրական պահանջը։ Ապա՝ Ս․Պ․-ն 2012 թ․ օգոստոսի 24-ի դրությամբ 7.210.000 ՀՀ դրամ շուկայական արժեք ունեցող կենցաղի տան շենքի օտարման մեկնարկային գին է սահմանել տվյալ գույքի 2007 թ․ դրությամբ արձանագրված արժեքը՝ իր իրական գնից զգալիորեն նվազ՝ 2.570.000 ՀՀ դրամ՝ անտեսելով 2007-2012 թթ․ ընթացքում տվյալ գույքի վրա կատարված կապիտալ վերանորոգումները։ Եվ խախտելով օրենսդրության պահանջները՝ առանց սահմանված կարգով աճուրդի մասին հայտարարության հրապարակումն ապահովելու, 2012 թ․ օգոստոսի 24-ին կազմակերպել է նշված գույքի ձևական աճուրդ-վաճառք, որին մասնակցել և հաղթող է ճանաչվել վերջինիս կնոջ հայրը, իսկ մյուս մասնակիցը, օրենսդրության պահանջների խախտմամբ, հանդիսացել է Արարատի մարզի Այգեպատ համայնքի համայնքապետարանի  աշխատակիցներից մեկը։ Տեղի ունեցած ձևական աճուրդի-վաճառքի արդյունքում կենցաղի տան շենք-շինությունը ձևականորեն օտարվել է աճուրդում հաղթած՝ համայնքի ղեկավարի աներոջը 2.620.000 ՀՀ դրամով, մինչդեռ նշված շենքի շուկայական արժեքը տվյալ ժամանակահատվածում կազմել է 7.210.000 ՀՀ դրամ: Այդ կերպ  Արարատի մարզի Այգեպատ համայնքին պատճառվել է խոշոր չափերի՝ 4.590.000 ՀՀ դրամի գույքային վնաս։ Ընդ որում, տվյալ տարածքում վարձակալության տրամադրված սենյակների շահագործման համար տրամադրվող ամսական վարձավճարը շարունակել է ստանալ համայնքի ղեկավարը: Այնուհետև, իր կատարած հանցանքի համար պատասխանատվությունից խուսափելուն օժանդակելու հարցերի շուրջ նախնական համաձայնություն ձեռք բերելով կնոջ և վերջինիս հոր հետ, նրանց կողմից տրամադրված վճարման անդորրագրի, պետտուրքի անդորրագրի, առուվաճառքի պայմանագրի, անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայականի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի մարզերի միավորված ստորաբաժանման կողմից տրված միասնական տեղեկանքի հիման վրա ձևական առուվաճառքի պայմանագիր կնքելու, օրինական ճանապարհով գույքի ձեռքբերման պատրանք ստեղծելով՝ Ս․Պ․-ն կազմակերպմամբ, տվյալ  գույքը  2018 թվականի մարտի 13-ի  ձևական  առուվաճառքի պայմանագրով  աներոջ կողմից 3.000.000 ՀՀ դրամով վաճառվել է Ս․Պ․-ի կնոջը, հաշվառվել նրա անվամբ, և տրվել է սեփականության վկայականը, որի հետևանքով հետևանքով պատրանք է ստեղծվել, թե հիշյալ գույքը Ս․Պ․-ի կնոջ կողմից ձեռք է բերվել առուվաճառքի պայմանագրով և դեռևս 2012 թվականի սեպտեմբերի հանցավոր ճանապարհով հափշտակված գույքը օրինականացվել է: Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Այգեպատ բնակավայրի ղեկավարին մեղադրանք է ներկայացվել՝ 2022 թ. հուլիսի 1-ին գործողության մեջ դրված ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 2022 թվականի հուլիսի 1-ին գործողության մեջ դրված ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել գրավը և պաշտոնավարման կասեցումը: Վերջինիս աներոջը մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 38-196-րդ հոդվածով  և 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, իսկ կնոջը՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը: Հսկող դատախազի որոշումներով դադարեցվել է համայնքապետարանի երկու աշխատակիցների նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումները՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով սահմանված հիմքով: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
19:07 - 04 մարտի, 2024
Ավազակային հարձակման փորձ Արշակունյաց պողոտայի բենզալցակայաններից մեկում․ աշխատակիցը հրազենային վիրավորում է ստացել

Ավազակային հարձակման փորձ Արշակունյաց պողոտայի բենզալցակայաններից մեկում․ աշխատակիցը հրազենային վիրավորում է ստացել

Մարտի 2-ին՝ ժամը 05:00-ին, «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրից ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի 28/7 հասցեում հրազենից կրակելու հետևանքով «ձախ սրունքի հրազենի վիրավորում» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Երևան քաղաքի 54 ամյա մի բնակիչ։ Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն: Ժամը 05:15-ին նաև «Էրեբունի» ԲԿ-ից է ստացվել ահազանգ, որ վերոնշյալ հասցեից գլխի վնասվածքով իրենց է դիմել Երևան քաղաքի 54-ամյա մեկ այլ քաղաքացի։ Դեպքի առթիվ, ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 44-252-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով (զենքի գործադրմամբ խմբի կազմում ավազակություն կատարելը) և ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով (զենք, զինամթերքի ապօրինի շրջանառությունը) նախաձեռնել է քրեական վարույթ: Վերոնշյալ երկու անձինք ճանաչվել են տուժող ու հարցաքննվել։ Վերջիններիս վերաբերյալ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Կատարվել է դեպքի վայրի զննություն, առգրավվել են դեպքի վայրը տեսանկարահանող տեսախցիկների տեսագրությունները։ Հարցաքննվել են նաև մի շարք անձինք։ Իրականացված քննչական և վարութային առաջնային գործողությունների, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ստացվել այն մասին, որ քննությամբ դեռևս չպարզված երկու անձինք բժշկական դիմակներով զինված մուտք են գործել Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի 28/7 հասցեում գտնվող բենզալցակայանի հանգստի սենյակ։ Հանդիպելով աշխատակիցների դիմադրությանը՝ նրանք մեկ անգամ զենքի բռնակով հարվածել են նրանցից մեկի գլխի հատվածին՝ պատճառելով մարմնական վնասվածք և երկու անգամ էլ քննությամբ դեռևս չպարզված հրազենից կրակոց են արձակել, որից մեկը դիպել է մյուս աշխատակցի ձախ ոտքի հատվածին, ինչի հետևանքով վերջինս ստացել է հրազենային վիրավորում։ Սակայն նշված երկու անհայտ անձիք իրենց կամքից անկախ հանգամանքներում չեն կարողացել հանցանքն ավարտին հասցնել և դիմել են փախուստի։ Նախաքննությունը շարունակվում է, հանձնարարություն է տրվել ոստիկանության Շենգավիթի բաժնին հանցանք կատարած անձանց ինքնությունը պարզելու և հայտնաբերելու, քննությանը հետաքրքրող այլ տվյալներ ձեռք բերելու վերաբերյալ։ Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
14:33 - 02 մարտի, 2024
Նոր Խարբերդում 73-ամյա կնոջ սպանության մեղադրանքով վերջինիս որդին կալանավորվել է

Նոր Խարբերդում 73-ամյա կնոջ սպանության մեղադրանքով վերջինիս որդին կալանավորվել է

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում իրականացվող քննությամբ պարզվում են 2024 թ․ փետրվարի 29-ին 73-ամյա կնոջ առերևույթ սպանության հանգամանքները։ ՔԿ-ի փոխանցմամբ՝ նշված օրը` ժամը 16-ին, հաղորդում է ստացվել այն մասին, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Նոր Խարբերդի 24-րդ փողոցի տներից մեկը, որտեղ, ըստ ահազանգի, հարազատների ներկայությամբ մահացել է 73-ամյա տանտիրուհին։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարված դեպքի վայրի զննությամբ տան մահճակալի վրա հայտնաբերվել է կնոջ դի՝  գլխի շրջանում վնասվածքներով, իսկ ճակատային հատվածում՝ պատռված վերքով, արնանման հետքերով։ Հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել են դիակի դատաբժշկական և այլ անհրաժեշտ փորձաքննություններ։ Իրականացված քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել, որ փետրվարի 29-ին՝ ժամը 14։00-15։00-ն ընկած ժամանակահատվածում, կենցաղային հարցերի շուրջ 57-ամյա տղամարդը վիճաբանել է նույն տանը համատեղ բնակվող մոր հետ, որի ժամանակ հրել է նրան։ Մայրն ընկել է, գլուխը հարվածել սեղանին և կորցրել գիտակցությունը։ Ձեռք բերված փաստերի հիման վրա վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ մահացած կնոջ որդու նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը բավարարվել է։ Դատարան ներկայացվելու անհրաժեշտութամբ պայմանավորված՝ որոշում է կայացվել նշված անձին ձերբակալելու մասին, և մարտի 1-ին վերջինս ոստիկանության ծառայողների կողմից վերջինս ներկայացվել է քննիչին և նրան ներկայացվել է մեղադրանք։ Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է։ Նախաքննությունը շարունակվում է։ Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելուն ուղղված վարութային և ապացուցողական գործողությունները շարունակվում են։ Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
13:13 - 02 մարտի, 2024