Հայաստան

Ժաննա Անդրեասյանն ու Իրանի գրավոր ժառանգության ուսումնասիրության և հրատարակման կենտրոնի տնօրենը քննարկել են դպրոցներում պարսկերենի ուսուցմանն առնչվող հարցեր

Ժաննա Անդրեասյանն ու Իրանի գրավոր ժառանգության ուսումնասիրության և հրատարակման կենտրոնի տնօրենը քննարկել են դպրոցներում պարսկերենի ուսուցմանն առնչվող հարցեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության գրավոր ժառանգության ուսումնասիրության և հրատարակման կենտրոնի տնօրեն Աքբար Իրանիին: Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանին, «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Արայիկ Խզմալյանը և այլք:  ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նախ շնորհավորել է իրանական Նոր տարվա՝ Նովրուզի առթիվ, ապա անդրադարձել երկկողմ համագործակցությանը՝ կարևորելով հատկապես Մատենադարանի ու ԻԻՀ գրավոր ժառանգության ուսումնասիրության և հրատարակման կենտրոնի միջև ձևավորված փոխգործակցությունը: Այս համատեքստում ԿԳՄՍ նախարարն ընդգծել է Մատենադարանում մեկնարկած «Պատկերի պոեզիան» հայ-իրանական համաժողովի կարևորությունը՝ ընդգծելով, որ գիտաժողովն ուղղված է հայ-իրանական միջնադարյան գրականությունն ու արվեստն ավելի տեսանելի դարձնելուն: «Գրավոր ժառանգության ուսումնասիրությունը թույլ է տալիս առաջին հերթին ավելի լավ ճանաչելու ինքներս մեզ, մեր դարավոր փոխհարաբերությունները. դա այն հարստությունն է, որ մենք երկուստեք ունենք»,- ասել է Ժաննա Անդրեասյանը: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի պատվիրակության՝ Իրանի Իսլամական Հանրապետություն վերջերս կատարած աշխատանքային այցի շրջանակում ձեռքբերված պայմանավորվածություններին՝ շեշտելով հատկապես կրթական ծրագրերի ու վերականգնման ոլորտում  մասնագիտական դասընթացների կազմակերպման հնարավորությունը:   Հյուրերին ողջունել է նաև Մատենադարանի տնօրեն Արայիկ Խզմալյանը: Նրա խոսքով՝ անհրաժեշտ է ապահովել հայ-իրանական պատմական ժառանգությանը համարժեք համագործակցություն: Արայիկ Խզմալյանը տեղեկացրել է նաև, որ ԻԻՀ կատարած այցի շրջանակում հանդիպումներ են տեղի ունեցել Սպահան, Ղոմ և Թեհրան քաղաքների հոգևոր և ձեռագրական կենտրոնների, արխիվ-թանգարանների ղեկավարների և հայկական համայնքի ներկայացուցիչների հետ։ Ձեռք են բերվել համագործակցության վերաբերյալ պայմանավորվածություններ ձեռագրերի վերականգման, համատեղ ուսումնասիրությունների, թվային պատճենների փոխանակման, գիտական միջոցառումների կազմակերպման և նյութերի հրատարակման վերաբերյալ: Համաձայն ձեռք բերված պայմանավորվածության՝ Նոր Ջուղայի Ազգային Սուրբ Ամենափրկիչ վանքի արխիվատան և արխիվների վերականգնման կենտրոնի վերականգնողներն աշնանը Մատենադարանում կանցնեն վերապատրաստման դասընթացներ՝ հին ձեռագրերի վերականգնման ոլորտում մասնագիտական կարողությունների կատարելագործման նպատակով: Իրանի Իսլամական Հանրապետության գրավոր ժառանգության ուսումնասիրության և հրատարակման կենտրոնի տնօրեն Աքբար Իրանին, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, պատրաստակամություն է հայտնել զարգացնել համագործակցությունը: Մասնավորապես՝ Ա. Իրանին առաջարկել է դիտարկել երկկողմ համագործակցությունն արաբերեն և պարսկերեն կրթական ծրագրերի ցանկի համալրման և վերանայման, 5 հայերեն ձեռագրերի՝ Թեհրանում հրատարակության, ինչպես նաև հայ-իրանական բառարանի՝ 4 լեզվով հրատարակության ուղղությամբ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ՀՀ հանրակրթական դպրոցներում պարսկերենի ուսուցմանն առնչվող հարցերին: Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրում հստակ ամրագրված է կրթության տարբեր մակարդակներում տարածաշրջանային լեզուների ուսուցման կարևորությունը, որի համատեքստում դիտարկվում է նաև պարսկերենի ուսուցման զարգացումը: Կողմերը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև նաև կրթության, գիտության ու երիտասարդության ոլորտներում հարաբերությունների առավել ամրապնդմանը, տարբեր բնագավառներում համագործակցության օրակարգի ընդլայնմանն ու զարգացմանը վերաբերող մի շարք այլ հարցեր:
18:34 - 21 մարտի, 2024
Բրյուսելում կայացել է Հայաստանի և Ֆինլանդիայի վարչապետների հանդիպումը

Բրյուսելում կայացել է Հայաստանի և Ֆինլանդիայի վարչապետների հանդիպումը

Բրյուսելում կայացել է Հայաստանի և Ֆինլանդիայի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Պետեր Օրփոյի հանդիպումը: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։ Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ֆինլանդիայի միջև երկկողմ համագործակցության հարցերին։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Եվրոպական միության միջև համապարփակ գործընկերության օրակարգի, ընդլայնման և փոխգործակցության խորացման հեռանկարների շուրջ։ Երկուստեք կարևորվել են վերջին տարիներին Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներն ու ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը միտված հայեցակարգերն ու իրականացվող ծրագրերը։ ՀՀ վարչապետը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ որպես տնտեսական փոխկապակցվածության ապահովման և Հարավային Կովկասում խաղաղության կարևոր երաշխիք։
17:27 - 21 մարտի, 2024
Բրյուսելում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Շառլ Միշելի հանդիպումը

Բրյուսելում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Շառլ Միշելի հանդիպումը

Միջուկային էներգիայի անդրանիկ գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանը վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի վերաբերյալ, ընդգծվել է 2023 թ. մայիսի 14-ին և հուլիսի 15-ին Բրյուսելում տեղի ունեցած ԵՄ խորհրդի նախագահի, Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի եռակողմ հանդիպումների արդյունքում ձեռքբերված պայմանավորվածությունների ի կատար ածման կարևորությունը: Ըստ որոնց՝ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանական Հանրապետությունը 1991 թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատում կիրականացվի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, տարածաշրջանային ենթակառուցվածքների բացումը տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխանության, իրավազորության ներքո, փոխադարձության և հավասարության սկզբունքներով: ՀՀ վարչապետը վերահաստատել է ՀՀ կառավարության հավատարմությունը նշված պայմանավորվածություններին և ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։
16:59 - 21 մարտի, 2024
Հայաստանի և Բելգիայի վարչապետները անդրադարձ են կատարել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի գործընթացին

Հայաստանի և Բելգիայի վարչապետները անդրադարձ են կատարել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի գործընթացին

Միջուկային էներգիայի անդրանիկ գագաթնաժողովի շրջանակում կայացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Բելգիայի վարչապետ Ալեքսանդր Դը Քրուի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Բելգիա համագործակցությանը վերաբերող հարցեր:  Կողմերը կարևորել են Հայաստանում Բելգիայի դեսպանության բացումը և համոզմունք հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի բազմաոլորտ փոխգործակցությանը:   Նիկոլ Փաշինյանը և Ալեքսանդր Դը Քրուն անդրադարձել են Հարավային Կովկասում առկա իրավիճակին, մասնավորապես, Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի գործընթացին, տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հնարավորություններին:  Նիկոլ Փաշինյանը զրուցակցին է ներկայացրել ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և դրա սկզբունքները: Տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման գործում երկուստեք կարևորվել է ԵՄ դիտորդական առաքելության գործունեությունը Հայաստանում:  Մտքեր են փոխանակվել նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության շուրջ: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ԵՄ աջակցությամբ մեր երկրում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին, վիզաների ազատականացման շուրջ երկխոսությանը վերաբերող հարցերին:
14:11 - 21 մարտի, 2024
Թիմ Լոութընը ՄԹ կառավարությանը կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ Լեռնային Ղարաբաղում իրականացրած էթնիկ զտումների համար
 |armenpress.am|

Թիմ Լոութընը ՄԹ կառավարությանը կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ Լեռնային Ղարաբաղում իրականացրած էթնիկ զտումների համար |armenpress.am|

armenpress.am: Միացյալ Թագավորության խորհրդարանի պատգամավոր, Պահպանողական կուսակցության անդամ, ՄԹ-ՀՀ բարեկամության խմբի նախագահ Թիմ Լոութընն արձանագրել է, որ Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել Լեռնային Ղարաբաղում՝ ՄԹ կառավարությանը կոչ անելով պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ։ Թիմ Լոութընն այդ մասին ասել է Միացյալ Թագավորության խորհրդարանում «Լեռնային Ղարաբաղի փախստականներին միջազգային աջակցություն» խորագրով քննարկման ժամանակ։ «Այս պալատում և գլխավոր պալատում մենք շատ ենք խոսել հայերի խնդիրների մասին։ Մենք ունեցել ենք իմ կողմից ներկայացված Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագիծը և այլն, և մենք քննարկել ենք Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ խնդիրները։ Երեկ տագնապալի ու սթափեցնող ճեպազրույց ունեցանք Հայաստանի մարդու իրավունքների նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանի հետ։ Նա մեզ տեղեկացրեց Հայաստանին սպառնացող վերջին վտանգների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում անցած տարվա ընթացքում տեղի ունեցածի ժամանակագրության մասին»,- ասել է Լոութընը: Նա հիշեցրել է, որ անցյալ տարվա սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնածավալ հարձակում էր սկսել Լեռնային Ղարաբաղում՝ հայերին դուրս մղելով այն տներից, որտեղ նրանք ապրել են սերունդների ընթացքում: «Նրանք, ինչպես երեկ լսեցինք, շրջափակել են տարածքից դուրս փախուստի ուղիները և տարել մի շարք զինվորականներ և քաղբանտարկյալների՝ կոնկրետ անձանց։ Նրանք գերության են վերցրել Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին և Արայիկ Հարությունյանին։ Նրանք մնում են գերության մեջ։ Մյուս ռազմագերիների թվում են Ռուբեն Վարդանյանը, Դավիթ Իշխանյանը, Դավիթ Բաբայանը, Դավիթ Մանուկյանը և Լևոն Մնացականյանը։ Ո՞րն էր այդ ամենի արդյունքը։ Անկեղծ ասած, դա լայնամասշտաբ էթնիկ զտում էր։ Մինչև 2020 թվականի պատերազմը Լեռնային Ղարաբաղի բնակչությունը կազմում էր 160 հազար մարդ։ Կանայք, տարեցներն ու հիվանդ մարդիկ տարհանվել են նախնական ռմբակոծությունների ժամանակ, և շատերը երբեք հետ չեն գնացել 2020 թվականի նոյեմբերի հրադադարից հետո: Շատ հիվանդներ և որոշ ուսանողներ լքել են Լեռնային Ղարաբաղը շրջափակման ժամանակ: Գնահատվում է, որ 2023 թվականի սեպտեմբերի հարձակումներից հետո 105,000 հայեր լքել են Լեռնային Ղարաբաղը՝ քաոսային վիճակում, փակ ճանապարհներով»,- մանրամասնել է Լոութընը։ Նա շեշտել է, որ Ադրբեջանը փորձում է ջնջել մի ժողովրդի անունը, մշակույթը, պատմությունն ու ժառանգությունը, որն ապրել է այդ տարածքում  դարեր շարունակ: Լոութընը դիմել է քննարկմանը ներկա ՄԹ Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթիին՝ ընդգծելով, որ իրենք մարդասիրական պարտականություններ ու երկարամյա հարաբերություններ ունեն Հայաստանի, հայկական սփյուռքի հետ ողջ աշխարհում և Միացյալ Թագավորությունում։ «Արդյոք կառավարությունը հետաքննելո՞ւ է, թե արդյոք տեղի են ունեցել էթնիկ զտումներ ՄԱԿ-ի սահմանումներով: Եթե այո, ապա որո՞նք են դրա հետևանքները: Արդյոք կառավարությունը կպահանջի» հետաքննել, թե ինչպես են վերաբերվում Ադրբեջանում քաղբանտարկյալների և ռազմագերիների նկատմամբ, որոնք դեռ պահվում են ադրբեջանցիների մոտ: Ի՞նչ է անելու կառավարությունը, որպեսզի ճնշում գործադրի ադրբեջանցիների վրա՝ նահանջելու Հայաստանի ինքնիշխան տարածքից: Ինչպես լսել ենք, մեծ ահազանգ կա, որ առաջիկայում նրանք կարող են հետագա ռազմական ոտնձգություններ կատարել հստակ, ինքնիշխան հայկական տարածքի նկատմամբ։ Միջազգային իրավունքի այս չարաշահումների համար հետևանքներ պետք է լինեն։ Պետք է լինեն պատժամիջոցներ։ Կարծում եմ, որ Միացյալ Թագավորությունը դերակատարում ունի ցանկացած խաղաղապահ գործունեության մեջ, որը կարող է օգտագործվել Լեռնային Ղարաբաղը և Հայաստանի սահմանները անվտանգ դարձնելու համար, քանի որ սա շատ փխրուն իրավիճակ է: Մենք այստեղ հոգատարության պարտականություն ունենք։ Այս պալատի պարտականություններից մեկն է աշխարհին տեղեկացնել այս էթնիկ զտումների և այս հսկայական հումանիտար ճգնաժամի մասին»,- հայտարարել է Լոութընը։
12:20 - 21 մարտի, 2024
Ռուսաստանը «ցանկանում է պատժել» Հայաստանին. Ֆրանսիայի վարչապետ
 |tert.am|

Ռուսաստանը «ցանկանում է պատժել» Հայաստանին. Ֆրանսիայի վարչապետ |tert.am|

tert.am: Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը հայտարարել է, որ «Ռուսաստանը ցանկանում է Հայաստանին պատժել խաղաղության ցանկության և սեփական ինքնիշխանության նկատմամբ հարգանքի համար». սկզբունքներ, որոնք, ըստ Ֆրանսիայի վարչապետի, «Մոսկվան ոտնահարում է Ուկրաինայում»։ Այս մասին գրում է lefigaro.fr կայքը: «Ռուսաստանը ցանկանում է պատժել Հայաստանին անպատժելիության դեմ պայքարի ուղին ընտրելու և Միջազգային քրեական դատարանին միանալու համար և պարզապես այն պատճառով, որ նա ընտրել է ժողովրդավարությունն ու օրենքի գերակայությունը», - հավելել է Ֆրանսիայի կառավարության ղեկավարը՝ ելույթ ունենալով Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի տարեկան ընթրիքի ժամանակ։ Գաբրիել Աթալը նաև քննադատել է Ռուսաստանի «դիրքորոշումը՝ չդատապարտելու Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը Լեռնային Ղարաբաղում»: «Այսպես կոչված «խաղաղապահ» ռուսական ուժերը թույլ են տվել, որ հումանիտար ճգնաժամ տեղի ունենա», - հավելել է նա: «Այսօր մարտահրավերը Հայաստանին օգնելն է պաշտպանել իր անկախությունը, իր ժողովրդավարությունը, իր տարածքը»,- ասել է Աթալը:
11:21 - 21 մարտի, 2024
Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնության միասնական հայտարարությունը

Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնության միասնական հայտարարությունը

Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության ու կարիքների ապահովման վերաբերյալ հանրահավաքի նախաձեռնողները հանդես են եկել միասնական հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև․ «Խստագույնս դատապարտելով Ադրբեջանի բռնապետական ռեժիմի ցեղասպանական քաղաքականությունը, որի հետևանքով 2020-2023թթ. Արցախի բնիկ հայ ժողովուրդը ենթարկվել է ամբողջական և բռնի տեղահանման ու հայրենազրկման. Ընդգծելով, որ այդ ցեղասպանությունը տեղի է ունեցել միջազգային հանրության՝ ցեղասպանությունները կանխելու և ժողովուրդներին պաշտպանելու պատասխանատվության բացարձակ ձախողման ու անգործության պայմաններում. Շեշտադրելով, որ նույն ցեղասպանական քաղաքականության հարուցած գոյաբանական վտանգների և միջազգային պաշտպանության մեխանիզմների պատշաճ չկիրառման պատճառով Արցախի ժողովուրդը դեռևս ի վիճակի չէ վերադառնալ սեփական Հայրենիք՝ Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետություն, որը, ինքնորոշման իրավունքի իրացման հիման վրա, կայացել է Ադրբեջանին չպատկանող տարածքներում. Կարևորելով, որ Արցախի ժողովրդի մոտ առկա է կամք հավաքական կերպով վերադառնալու և անվտանգ, արժանապատիվ ու ինքնիշխան պայմաններում ապրելու Արցախում. Բարձր գնահատելով Հայաստանի ու Սփյուռքի մեր հայրենակիցների ցուցաբերած համապարփակ աջակցությունը և արձանագրելով ՀՀ կառավարության կողմից հաստատված ծրագրերի կարևորությունը, չնայած բազմաթիվ խնդիրների ու կարիքների շարունակական առկայությանն առ այսօր. Ուսումնասիրելով ՀՀ կառավարությունում քննարկվող՝ Արցախից բռնի տեղահանված անձանց բնակարաններով ապահովման և այլ ծրագրերի հիմնական սկզբունքների վերաբերյալ պաշտոնական հայտարարությունները. Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետությունը տարբեր ներպետական ու միջպետական ակտերով ու պաշտոնական հայտարարություններով տասնամյակներ շարունակ քաղաքական, իրավական, անվտանգային ու սոցիալ-տնտեսական պատասխանատվություն է ստանձնել Արցախի ժողովրդի հանդեպ, որն էլ ճանաչվել է միջազգային հանրության տարբեր ձևաչափերում. Հիմք ընդունելով, որ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանը պարտավորվում է բռնի տեղահանված (ներառյալ՝ փախստական) անձանց ապահովել կացարանով՝ մինչև հարցի վերջնական կարգավորումը. Կարևորելով Հայաստանի մեր կարիքավոր հայրենակիցների սոցիալական հիմնախնդիրների լուծումը նույնպես՝ միևնույն ժամանակ ընդգծելով Արցախի ժողովրդի կարիքների ու կարգավիճակի, դրանց պատճառների, այդ կարիքների բավարարման ֆինանսավորման աղբյուրների և ՀՀ ստանձնած պարտավորությունների առանձնահատկությունների գիտակցման անհրաժեշտությունը. Արտացոլելով Արցախի ժողովրդի լայն շրջանակների ու Արցախի Հանրապետության պետական մարմինների հետ ունեցած քննարկումների արդյունքում վերհանված խնդիրներն ու առաջարկությունները՝ Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնության կողմից 2024թ. Մարտի 20-ին կազմակերպված հանրահավաքի մասնակիցներս ամրագրում ենք մեր դիրքորոշումներն ու առաջարկները Արցախի ժողովրդի հավաքական իրավունքների պաշտպանության ու հրատապ կարիքների ապահովման վերաբերյալ՝ Հայաստանի Հանրապետությունից և միջազգային հանրության բոլոր անդամներից պահանջում ենք ապահովել արդյունավետ միջազգային պաշտպանության մեխանիզմներ Արցախի ժողովրդի վերադարձի հավաքական իրավունքի իրացման և պատմական Հայրենիքում անվտանգ, արժանապատիվ ու ինքնիշխան պայմաններում կյանքի ապահովման համար: ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2021թ. Դեկտեմբերի 7-ի ու 2023թ. նոյեմբերի 17-ի որոշումների և մի շարք այլ միջազգային փաստաթղթերի համաձայն՝ երաշխավորել Արցախում մեր հոգևոր-մշակութային ժառանգության, հանրային ու մասնավոր սեփականության պաշտպանությունը ադրբեջանական օկուպացիոն միջամտություններից: Կոչ ենք անում ՀՀ կառավարությանը զերծ մնալ միջազգային ատյաններում Ադրբեջանի դեմ ներկայացված միջպետական գանգատներից հրաժարվելու մտադրություններից ու գործողություններից՝ լրացուցիչ չափով հարվածի տակ չդնելու Արցախի ժողովրդի հավաքական ու անհատական իրավունքների պաշտպանության և միջազգային արդարադատության ապահովման տեսանելի հեռանկարները: Ակտիվ ու գործնական քայլեր ձեռնարկել միջազգային հանրությունից ու Սփյուռքից համապատասխան միջոցներ ներգրավելու ուղղությամբ՝ լուծելու Արցախի բռնի տեղահանված ժողովրդի միջանկյալ մարդասիրական հիմնախնդիրները՝ նախքան հավաքական վերադարձի ապահովումը: Ապահովել, որ բոլոր մարդասիրական բնույթի ծրագրերը, մի կողմից, բավարարեն Արցախի բռնի տեղահանված ժողովրդի կարիքները, իսկ, մյուս կողմից, նպաստեն նրա արտագաղթի կանխմանը, միասնականության ապահովմանն ու ինքնության պահպանմանը՝ սպասարկելով հավաքական վերադարձի տեսլականին հասնելու ջանքերին: Հայաստանի Հանրապետությունում ապահովել պայմաններ Արցախի ժողովրդի հավաքական ինքնության պահպանման ու իրավունքների պաշտպանության համար՝ ըստ այդմ առաջիկա բնակարանային ծրագիրն իրականացնելով արցախյան համայնքների պահպանման սկզբունքով: Բնակարանային կարիքների ապահովման ծրագրում առաջնահերթություն տալ սոցիալական և մատչելի բնակֆոնդի արագ ձևավորմանը՝ սեղմ ժամկետում ապահովելով պետական լայնածավալ աջակցություն կառուցապատման աշխատանքներին: Երկրորդային շուկայից բնակարան ձեռք բերելու համար սահմանել իրականությանը համապատասխանող գումարի չափ՝ հիմք ընդունելով առկա շուկայական գներն ու սպասվող միտումները: Աջակցությունը ցուցաբերել ըստ կարիքի՝ առանց գումարի վերադարձելիության պահանջի՝ հաշվի առնելով Արցախի ժողովրդի մեծ կորուստներն ու սոցիալական ծանրագույն վիճակը: Ծրագիրն իրականացնել առանց խտրականության ու պարտադրանքի՝ անկախ բռնի տեղահանված անձանց քաղաքացիությունից ու հաշվառումից՝ ՀՀ օրենսդրությանն ու միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքներին համապատասխան: Առանց կրճատումների շարունակել բնակվարձի և կոմունալ ծախսերի համար ֆինանսական աջակցության գործող ծրագիրը՝ մինչև տվյալ ընտանիքին բնակարանով ապահովելը՝ ծրագրում ներառելով նաև 2020թ. տեղահանված անձանց: Ծրագրում սահմանել առաջնահերթություններ և լրացուցիչ արտոնություններ զոհվածների ու անհայտ կորածների, առաջին խմբի հաշմանդամների և բազմազավակ ընտանիքների համար: Ծրագրում նախատեսել նաև համակարգային լուծումներ Արցախից բռնի տեղահանված անձանց և Հայաստանի հյուրընկալ բնակավայրերի բնակչության կայուն զբաղվածության ապահովման համար: Ծրագրի նախագիծը, ՀՀ օրենսդրությամբ ու իրավակիրառ պրակտիկայով նախատեսված կերպով, դնել հանրային լայն ու մանրակրկիտ քննարկման և հաշվի առնել Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնության և Արցախի Հանրապետության պետական մարմինների մտահոգություններն ու առաջարկները: Հանրային քննարկումները պետք է նպատակաուղղված լինեն ծրագրի ներառականության, արդարացիության ու արդյունավետության ապահովմանը: Ակնկալում ենք, որ ՀՀ իշխանությունները երկշաբաթյա ժամկետում ներառական ու արդյունավետ քննարկումներ կսկսեն և հստակ դիրքորոշում կհայտնեն վերոնշյալ հարցերի շուրջ, որպեսզի հնարավոր լինի ավելի մանրամասն քննարկումներ իրականացնել հետագա անելիքների վերաբերյալ: Մենք հետևողական ենք լինելու Արցախի ժողովրդի հավաքական իրավունքների պաշտպանության և կարիքների բավարարման հարցերում՝ կիրառելով օրինական բոլոր միջոցներն այդ ճանապարհին և զերծ մնալով հայ ժողովրդին ու Հայաստանի Հանրապետությանը վնաս հասցնող որևէ քայլից»։
09:56 - 21 մարտի, 2024
«Գլխավոր նպատակը մեր հավաքական վերադարձն է հայրենիք». մեկնարկել է արցախցիների հանրահավաքը |azatutyun.am|

«Գլխավոր նպատակը մեր հավաքական վերադարձն է հայրենիք». մեկնարկել է արցախցիների հանրահավաքը |azatutyun.am|

azatutyun.am: Ազատության հրապարակում մեկնարկել է տեղահանված արցախցիների հրավիրած հանրահավաքը: Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնության պահանջներից մեկն այն է, որ Հայաստանի իշխանությունները բանակցությունների օրակարգում ներառեն նաև արցախցիների հավաքական վերադարձի հարցը, շեշտեց, որ դա պատկերացնում են միայն այն դեպքում, երբ Արցախում կտեղակայվեն միջազգային դիտորդներ ՄԱԿ-ի մանդատով: «Գլխավոր նպատակը մեր հավաքական վերադարձն է հայրենիք ու այնտեղ անվտանգ, արժանապատիվ ու ինքնիշխան կյանքը: Այստեղ նմանատիպ պահանջներ հնչելու են՝ ուղղված և՛ Հայաստանի Հանրապետության կառավարությունը, և՛ միջազգային հանրության ներկայացուցիչներին, որ ապահովեն մեր հավաքական վերադարձը», - ասաց Բեգլարյանը: «Ազատության հարցին՝ ի՞նչ պայմաններում են արցախցիները պատրաստ վերադառնալ իրենց տներ, Արցախի նախկին պետնախարարը պատասխանեց. - «Իմ պատկերացումն այն է, որ պետք է բացառել ուղղակի ադրբեջանական որևէ տիրապետություն, որովհետև այդ տիրապետությունը ցեղասպանական տիրապետություն է, ու պետք է լինեն միջազգային պաշտպանության բարձրագույն մեխանիզմներ, հնարավորինս միջազգային անվտանգության երաշխիքներ լինեն, ու մենք այնտեղ կարողանանք ինքնիշխան կյանք վարել: Պատկերացնում եմ, որ պետք է Անվտանգության խորհրդի կողմից տրված մանդատով լիազորված խաղաղապահներ լինեն, որը նշանակում է, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բոլոր անդամները պետք է դրան համաձայնություն տան»: Տեղահանված արցախցիները նաև սոցիալական խնդիրների մասին են բարձրաձայնում, կացարանների ապահովման հարցը, բայց նրանք շարունակում են պնդել, որ իրենց համար առաջնահերթ է հայրենիք վերադառնալը. այնտեղ թողել են հարազատների շիրիմները, շեշտում են, որ նաև ունեցվածքն են կորցրել, տները: Արցախցիներն անընդունելի են համարում Հայաստանի կառավարության ներկայացրած բնակարանային ապահովության ծրագիրը, որը դեռևս քննարկման փուլում է: Կառավարությունն առաջարկում է ամեն ընտանիքի յուրաքանչյուր անդամին 3 միլիոն դրամ տրամադրել բնակարան ձեռք բերելու համար, նրանք դա քիչ են համարում: 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի իրականացրած ռազմական ագրեսիայի հետևանքով Արցախը հայաթափվեց, 105 հազար արցախահայեր ապաստանեցին Հայաստանում:
17:54 - 20 մարտի, 2024
Այս պահի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև չկա որևէ համաձայնություն քարտեզների վերաբերյալ․ վարչապետ
 |armenpress.am|

Այս պահի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև չկա որևէ համաձայնություն քարտեզների վերաբերյալ․ վարչապետ |armenpress.am|

armenpress.am: Այս պահի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև չկա որևէ համաձայնություն քարտեզների վերաբերյալ, որոնք պետք է օգտագործվեն սահմանազատման գործընթացում։ Ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Քարտեզների վերաբերյալ այս պահի դրությամբ որևէ համաձայնություն Հայաստանի և Ադրբեջանի միջև չկա։ Կա համաձայնություն, որ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչում են Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա։ Եվ կա ըմբռնում, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետք է տեղի ունենա սահմանազատման գործընթաց։ Սահմանազատման գործընթացի համար նույնպես քաղաքական հիմքը պետք է լինի Ալմա Աթայի հռչակագիրը»,- ընդգծեց Փաշինյանը։ Վարչապետը պարզաբանեց, թե ինչ է նշանակում Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա սահմանազատում իրականացնելը։ «Դա նշանակում է ոչ թե Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր սահման ստեղծել, այլ նշանակում է՝ Խորհրդային Միության ամենավերջին դե-յուրե նշանակություն ունեցող սահմանները վերաարտահայտել գետնի վրա»,- եզրափակեց Փաշինյանը։
17:05 - 20 մարտի, 2024
Մոսկվան կապի մեջ է հայկական կողմի հետ՝ կապված ռուսական հեռուստաալիքների հեռարձակման հետ. Զախարովա
 |armenpress.am|

Մոսկվան կապի մեջ է հայկական կողմի հետ՝ կապված ռուսական հեռուստաալիքների հեռարձակման հետ. Զախարովա |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան կապի մեջ է հայկական կողմի հետ՝ կապված Հայաստանում ռուսական հեռուստաալիքների հեռարձակման հետ։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ նշել է, որ թեմայի շուրջ կողմերի միջև խորհրդակցություններ են ընթանում։  «Մենք կապի մեջ ենք հայկական կողմի հետ այդ հարցի շուրջ, ընթանում են քննարկումներ։ Կարծիքների փոխանակումն ընթացքի մեջ է։ Մեր խնդիրը կայանում է նրանում, որ խնդրահարույց հարցերը կարգավորենք փոխադարձ հարգանքի մթնոլորտում։ Ելնում ենք այն հանգամանքից, որ հենց դրան պիտի ուղղված լինի ներկայացուցիչների գործելաոճը, որոնք ընդգրկված են այդ շփումներում։ Մենք մեր կողմից այդ մոտեցումն ենք որդեգրել»,- ասել է Զախարովան։ Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը մարտի 18-ին հայտարարել էր, որ Հայաստանն ու Ռուսաստանն առաջիկայում Մոսկվայում խորհրդակցություններ կանցկացնեն, որոնց ընթացքում հայկական կողմն առաջարկներ կներկայացնի Հայաստանում հեռարձակվող ռուսական հեռուստաալիքների բովանդակության հետ կապված: «Խնդրի կարգավորման վերաբերյալ Հայաստանի կառավարությունն ունի իր պատկերացումներն ու լուծումները: Առաջիկայում Մոսկվայում ընթանալու են խորհրդակցություններ, ինչպես ենթադրում է երկկողմ միջպետական համաձայնագիրը: Դրա ընթացքում հայկական կողմը ներկայացնելու է լուծումների վերաբերյալ իր առաջարկները: Լուծումները բխում են ինչպես համաձայնագրի ողջ տրամաբանությունից, այնպես էլ Հայաստանի պետական շահերից, այն է՝ ապահովել համապատասխան հեռուստաբովանդակություն, որը որևէ պարագայում չի ենթադրի միջամտություն Հայաստանի ներքին գործերին, վիրավորանք Հայաստանի պետական խորհրդանիշերի, առհասարակ պետության նկատմամբ, ինչպես նաև Հայաստանի  ժողովրդի հույզերի ու արժանապատվության»,-ասել էր նախարարը: 
16:01 - 20 մարտի, 2024
Եթե Տիգրանաշենը հանձնեցին, ոչ մի հայ վարորդ էստեղով չի անցնի. «Միասին» շարժումը Տիգրանաշենում է
 |news.am|

Եթե Տիգրանաշենը հանձնեցին, ոչ մի հայ վարորդ էստեղով չի անցնի. «Միասին» շարժումը Տիգրանաշենում է |news.am|

news.am: «Միասին» շարժման անդամներն այսօր՝ մարտի 20-ին, այցելել են Արարատի Մարզի Տիգրանաշեն գյուղ, որը Ադրբեջանը համարում է անկլավ եւ պահանջում է իրեն հանձնել այն: Շարժման անդամներից Տիգրան Եղոյանը լրագրողների հետ զրույցում նշեց. «Մենք անընդունելի ենք համարում անկլավ հասկացությունը: Անընդունել ենք համարում եւ անբարոյականություն, երբ որեւէ պետական պաշտոնյայի շուրթերից հնչում է, որ հանձնվում է: Դրանով փակվում են ռազմավարական ճանապարհները: Այ այնտեղ հայկական պոստերն են, որտեղ կանգնած են մեր տղաները: Իսկ մի քիչ այն կողմ գտնվող բլուրի տակ մեր հին հեթանոսական ավերակներն են: Մենք կորցնելու ենք չքնաղ հայկական տարածք՝ Տիգրանաշենը: Այս գյուղն ամայացրել են, որտեղ գյուղի ոչ մի բնակիչ չունի ոչ հողի, ոչ տան վկայական: Ովքե՞ր են սրա պատասխանատուները եւ ինչ միտում ուներ, որ որեւէ գյուղացի չի ունեցել հողակտոր: Այլեւս ոչ մեկը չի փորձում այստեղ հող մշակել կամ անասնապահություն անել: Վայոց ձորում ես ունեմ անասուններ, եթե թույլ տան, ես պատրաստ եմ իմ անասնագլխաքանակը բերել այստեղ, որովհետեւ սա ցածր է եւ ամբողջ ձմեռ կարող եմ անասնակերի խնդիր չունենալ: Պետական մարմինները թույլ չեն տալիս: Երասխը արդեն դառնում է սահման, եւ ճանապարհով անցնելիս ամեն անգամ Ադրբեջանի դրոշն ենք տեսնում, իսկ եթե հանձնեն Տիգրանաշենը, Ելփին եւ Չիվա գյուղերը թիրախի տակ են հայտնվելու: Ոչ մի հայ վարորդ չի կարող այդ ճանապարհով անցնել»,-ասաց Եղոյանը: Նա հավելեց, որ իրենց պետությունից օգնություն պետք չի, ուղղակի թող թողնեն մարդիկ գան էստեղ ապրեն, աշխատեն. «Հիանալի խաղաղագործության համար հող է, ինչու չեն թողնում: Ասում են՝ անկլավ է, ի՞նչ անկլավի մասին է խոսքը»:
15:16 - 20 մարտի, 2024
Բաքվում հայ ռազմագերիների դատական գործերը հակասում են միջազգային իրավունքին․ քննարկում Եվրոպական խորհրդարանում
 |armenpress.am|

Բաքվում հայ ռազմագերիների դատական գործերը հակասում են միջազգային իրավունքին․ քննարկում Եվրոպական խորհրդարանում |armenpress.am|

armenpress.am: Եվրոպական խորհրդարանում տեղի է ունեցել համաժողով՝ նվիրված Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների խնդրին։ Համաժողովն անցկացվեց Եվրոպական խորհրդարանի ԵԺԿ խմբակցության պատգամավոր, Հայաստանի հարցերով զեկուցող Անդրեյ Կովաչեւի հովանու ներքո։ Համաժողովին ներկա էին նաեւ Հայաստանի ԱԺ պատգամավորներ, Բելգիայում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը։ Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ Եվրոպական խորհրդարանի կողմից հայ ռազմագերիների վերաբերյալ համապատասխան բանաձևի ընդունումից 3 տարի անց ստեղծված իրավիճակը  քննարկելու նպատակով կազմակերպված համաժողովի գլխավոր բանախոսներն էին միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, «Արեւելյան Եվրոպա-Հարավային Կովկաս, Միջազգային համագործակցություն մարդու իրավունքների համար» (IPHR) կազմակերպության ծրագրերի տնօրեն Սիմոն Պապուաշվիլին, միջազգային իրավունքի մասնագետ, «Իրավական ուղի» հասարակական կազմակերպության համահիմնադիր Սիրանուշ Սահակյանը, Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի հիմնախնդիրների եւ միգրացիայի բաժնի ղեկավար Արիֆ Յունուսը եւ Լիբերտաս 2020 նախագծի ներկայացուցիչ, իրավունքի եւ հիմնախնդիրների կարգավորման Covcas կենտրոնի նախագահ Հիլդա Չոբոյանը։ Համաժողովի ընթացքում ունեցած ելույթում եվրոպական խորհրդարանի պատգամավոր Անդրեյ Կովաչեւն ընդգծեց, որ Եվրոպական խորհրդարանը միշտ կոչ է արել հարցը լուծել դիվանագիտական ճանապարհով, իսկ ռազմագերիներն ու պահվող անձիք պետք է անհապաղ ազատ արձակվեն՝ առանց նախապայմանների։ «Չնայած վերջին շրջանի դրական քայլերին՝ որոշ ռազմագերիների փոխանակմանը, անելիք դեռ շատ կա։ Այդ իսկ պատճառով հարցը պետք է օրակարգում պահել եւ ամեն ինչ անել խաղաղ ճանապարհով հարաբերությունների կարգավորման համար», - նշել է Կովաչեւը։ Բելգիայում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանի խոսքով՝ հարցն առկախ է եւ թունավորում է միջավայրը։ «Բաքվի ռեժիմի կողմից պահվող անձիք բանտարկյալ չեն, գերի են։ Ադրբեջանը ոտնահարում է իր իսկ ստորագրած հրադադարի եռակողմ հայտարարությունը, որում հստակ նշված է՝ բոլոր ռազմագերիները պետք է փոխադարձաբար վերադարձվեն»,- ասաց Բալայանը։ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը կարեւորեց հարցն օրակարգում պահելը։ Կիրակոսյանի խոսքով՝ ռազմագերիներին հայրենիք վերադարձնելու միջազգային գործիքակազմը սահմանափակ է, եւ սրա ֆոնին Ադրբեջանն այսպես կոչված ահաբեկիչների նարատիվն է առաջ տանում՝ շինծու դատական գործեր առաջ քաշելով։ «Արեւելյան Եվրոպա-Հարավային Կովկաս, Միջազգային համագործակցություն մարդու իրավունքների համար» (IPHR) կազմակերպության ծրագրերի տնօրեն Սիմոն Պապուաշվիլին, խոսելով իրենց ձեռքի տակ եղած փաստերի մասին, նշեց, որ նախադեպը չունեցող դաժան չարչարանքների են ենթարկվում հայ ռազմագերիները։ Պապուաշվիլիի խոսքով՝ հայ ռազմագերիներն իրենց ընտրությամբ իրավապաշտպան ունենալու հնարավորություն չունեն։ «Ադրբեջանում որեւէ իրավապաշտպան չցանկացավ ստանձնել հայ ռազմագերիների պաշտպանությունը», - նշել է Պապուաշվիլին։ Միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանը եւս նշեց, որ Բաքվում պահվող հայ գերիներին կտտանքների ենթարկելն ու նրանց հոգեբանական տառապանքներն ակնհայտ իրականություն են։ Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի հիմնախնդիրների եւ միգրացիայի բաժնի ղեկավար Արիֆ Յունուսն իր հերթին շեշտադրեց՝ Բաքվում հայ ռազմագերիների վերաբերյալ բոլոր դատական գործերը հակասում են ոչ միայն միջազգային իրավունքին, այլ հենց Ադրբեջանի սահմանադրությանը։ «Ալիեւի համար կարեւոր է ցույց տալ, որ ինքը ոչ միայն Լեռնային Ղարաբաղը վերցրեց, այլեւ պատժում է բոլորին», - ասաց Յունուսը։ Բանախոսներից Հիլդա Չոբոյանն իր խոսքում նշեց, որ Ադրբեջանը ռազմագերիներին օգտագործում է քաղաքական նպատակների համար եւ պետք է դրա դեմն առնել։ Չոբոյանը կոչ արեց միանալ ռազմագերիների ազատության համար իր կազմակերպության սկսած արշավին։          Համաժողովի ավարտին Հայաստանի Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը շնորհակալություն հայտնեց Անդրեյ Կովաչեւին նախաձեռնության համար եւ նշեց, որ նմանատիպ քննարկումների ժամանակ հնչած գաղափարները վաղ թե ուշ գործնական քայլի են վերածվում։ Դեսպան Բալայանը եւս շնորհակալություն հայտնեց Հայաստանի հարցերով զեկուցողին ԵԽ այս նստաշրջանում Հայաստանին ցուցաբերած ակտիվ աջակցության համար։
12:17 - 20 մարտի, 2024