Հունաստան

Տարածությունը՝ 131 957 կմ² Բնակչությունը՝ 10 772 967 Մայրաքաղաքը՝ Աթենք (հուն.՝ Αθήνα) Ազգային արժույթը՝ Եվրո (Euro), նախկինում՝ հունական դրամ Մեծ քաղաքներ՝ Աթենք, Սալոնիկ. Պատրա Ժամային գոտի՝ (UTC+2) ամռանը (UTC+3) Ազգային դոմեյնային զոնա՝ .gr Հեռախոսային կոդը՝+30։

Ստորագրվել են Հայաստան-Հունաստան, Հայաստան-Կիպրոս և Հայաստան-Հունաստան-Կիպրոս ռազմական համագործակցության 2024-ի ծրագրերը

Ստորագրվել են Հայաստան-Հունաստան, Հայաստան-Կիպրոս և Հայաստան-Հունաստան-Կիպրոս ռազմական համագործակցության 2024-ի ծրագրերը

Դեկտեմբերի 18-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի են ունեցել հայ-հունական և հայ-կիպրական երկկողմ, ինչպես նաև Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ պաշտպանական խորհրդակցությունները։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից:   Խորհրդակցություններին հունական կողմից մասնակցել են Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի միջազգային հարաբերությունների վարչության պետ, բրիգադի գեներալ Վասիլեոս Յամիսի, իսկ կիպրական կողմից՝ Կիպրոսի ազգային գվարդիայի գլխավոր շտաբի միջազգային համագործակցության վարչության պետ, գնդապետ Ալկիվիադիս Ալկիվիադիսի գլխավորած պատվիրակությունները։   Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՝ Կիպրոսի Հանրապետություն և Հունաստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցերի արդյունքները, երկկողմ և եռակողմ համագործակցության ընթացքը, նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր։   ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը գործընկերներին է ներկայացրել ՀՀ ԶՈՒ բարեփոխումների ընթացքը։ Խորհրդակցությունների արդյունքում կողմերը ստորագրել են Հայաստան-Հունաստան, Հայաստան-Կիպրոս և Հայաստան-Հունաստան-Կիպրոս ռազմական համագործակցության 2024 թվականի ծրագրերը, որոնք ներառում են մի քանի տասնյակ միջոցառումներ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։
19:28 - 18 դեկտեմբերի, 2023
Սուրեն Պապիկյանը Հունաստանի պաշտպանության նախարարի հետ քննարկել է հայ-հունական պաշտպանական համագործակցությանն առնչվող հարցեր

Սուրեն Պապիկյանը Հունաստանի պաշտպանության նախարարի հետ քննարկել է հայ-հունական պաշտպանական համագործակցությանն առնչվող հարցեր

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի պաշտոնական այցը Հունաստանի Հանրապետություն դեկտեմբերի 14-ին մեկնարկել է երկրի խորհրդարանի առջև տեղադրված Անհայտ զինվորի հուշարձանին ծաղկեպսակի տեղադրման արարողությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։  Այնուհետև Հունաստանի ազգային պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել դիմավորման հանդիսավոր արարողություն՝ պատվո պահակախմբի և զինվորական նվագախմբի մասնակցությամբ: Արարողությունից հետո մեկնարկել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասի հանդիպումը: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-հունական պաշտպանական համագործակցությանն առնչվող հարցեր։Երկուստեք արձանագրվել է համագործակցության զարգացման մեծ ներուժը, և պայմանավորվածություն է ձեռք բերվել այն զարգացնել նոր թափով՝ ներառելով ռազմատեխնիկական, փորձի փոխանակման, կրթական, ուսումնավարժական, մարտավարական պատրաստության և այլ ուղղություններ։ Հանդիպման ավարտին Հայաստանի և Հունաստանի պաշտպանության նախարարները ստորագրել են «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հունաստանի Հանրապետության կառավարության միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագիրը։ Պաշտպանության նախարարները հանդես են եկել մամուլի համար համատեղ հայտարարությամբ։
17:56 - 14 դեկտեմբերի, 2023
Հունաստանի ԱԳ նախարարը մտադիր է առաջիկայում այցելել Հայաստան
 |armenpress.am|

Հունաստանի ԱԳ նախարարը մտադիր է առաջիկայում այցելել Հայաստան |armenpress.am|

armenpress.am: Հունաստանի արտաքին գործերի նախարար Գիորգոս Գերապետիտիսը հայտարարել է, որ մոտ ապագայում մտադիր է այցելել Հայաստան։ Հունաստանի արտաքին գործերի նախարարն այդ մասին հայտարարել է Եվրամիության ԱԳ նախարարների խորհրդի նիստի մեկնարկին։  «Մենք այսօր արտաքին հարաբերությունների խորհուրդ ենք եկել ծանր ու կարևոր օրակարգով։ Սկսելու ենք Հայաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների հարցից։ Հունաստանը ողջունում է Հարավային Կովկասում ներկայումս ընթացող խաղաղ գործընթացը։ Հունական պետության ջանքերի շնորհիվ Հայաստանն այսօր հրավիրված է Արտաքին գործերի խորհուրդ՝ ներկայացնելու ավելի լայն տարածաշրջանում կայուն խաղաղությանը միտված դիրքորոշումները։ Ես անձամբ երկար զրուցել եմ Հայաստանի արտաքին գործերի նախարարի հետ և մտադիր եմ մոտ ապագայում այցելել Հայաստան, ինչպես նաև այսօր հնարավորություն կունենամ տեսնելու երկու երկրների՝ և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներին»,- հայտարարել է Հունաստանի ԱԳ նախարարը։
14:49 - 11 դեկտեմբերի, 2023
Արարատ Միրզոյանը Հունաստանի արտաքին գործերի նախարարին հրավիրել է այցելել Երևան

Արարատ Միրզոյանը Հունաստանի արտաքին գործերի նախարարին հրավիրել է այցելել Երևան

Հունաստանի ԱԳ նախարար Յորղոս Գերապետրիտիսը հեռախոսազրույց է ունեցել իր հայ գործընկեր՝ Արարատ Միրզոյանի հետ։ Այս մասին տեղեկացրին Հունաստանում Հայաստանի դեսպանությունից:   «Պարոն Գերապետրիտիսը ողջունել է Հայաստան-Ադրբեջան համատեղ հռչակագիրը, որտեղ նշվում է գերիների փոխադարձ ազատ արձակման և երկու կողմերի միջև վստահության ամրապնդման միջոցառումների մասին։   Հունաստանի ԱԳ նախարարն ընդգծել է, որ Հունաստանն աջակցում է Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու ջանքերին։   Պարոն Գերապետրիտիսն իր հայ գործընկերոջ հետ քննարկել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների վերջին զարգացումները և տեղեկացրել Հունաստանի և Թուրքիայի միջև երեկ կայացած համագործակցության բարձր խորհրդի արդյունքների մասին։   Իր հերթին Հայաստանի ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել պարոն Գերապետրիտիսին Հունաստանի աջակցության համար և ողջունել Հունաստան-Թուրքիա հարաբերություններում առաջընթացը` բնութագրելով այն որպես դրական զարգացում, որը դրական հետևանքներ կունենա տարածաշրջանային կայունության համար:   Պարոն Միրզոյանը Հունաստանի արտաքին գործերի նախարարին հրավիրել է Երևան։ Պարոն Գերապետրիտիսն ընդունել է հրավերը՝ նշելով, որ այն առաջիկայում կկազմակերպվի դիվանագիտական խողովակներով։   Երկու նախարարները կհանդիպեն երկուշաբթի օրը Բրյուսելում, որտեղ Արտաքին հարաբերությունների խորհրդի շրջանակներում՝ Հունաստանի նախաձեռնությամբ, տեղի կունենա ԵՄ ԱԳ նախարարների աշխատանքային նախաճաշ, որտեղ Հայաստանի արտաքին գործերի նախարարը հրավիրված է՝ որպես պաշտոնական հյուր։   Պարոն Գերապետրիտիսն ընդգծել է, որ Հունաստանը մեծ կարևորություն է տալիս տեղահանված բնակչության հումանիտար կարիքները հոգալու անհարժեշտությանը, ԵՄ-ի և Հայաստանի միջև ինստիտուցիոնալ երկխոսության խթանմանը։   Գերապետրիտիսը հավելել է, որ Հունաստանը ակտիվորեն կնպաստի երկու հարցերին, ինչպես նաև տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու ջանքերի շարունակականությանը»,- ասված է հաղորդագրության մեջ։
20:16 - 08 դեկտեմբերի, 2023
Հունաստանը և Թուրքիան բարեկամության մասին հռչակագիր են ստորագրել

Հունաստանը և Թուրքիան բարեկամության մասին հռչակագիր են ստորագրել

Հունաստանը և Թուրքիան բարեկամության և բարիդրացիական հարաբերությունների մասին հռչակագիր են ստորագրել վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի և նախագահ Ռեջեփ Էրդողանի հանդիպման ժամանակ: Այդ մասին հայտնել է Հունաստանի կառավարության ղեկավարը Էրդողանի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ «Հռչակագիրը, որը մենք հենց նոր ստորագրեցինք՝ լիովին հարգելով երկու երկրների ինքնիշխանությունից բխող իրավունքները, վերահաստատում է մեր միջև բարեկամական հարաբերությունները, սահմանում մեր երկխոսության սկզբունքներն ու ուղենիշները, ինչպես նաև մեր համագործակցության հնարավորությունները և՛ տարածաշրջանային, և՛ միջազգային մակարդակով»,- ընդգծել է Միցոտակիսը: Նրա կարծիքով՝ Հունաստանն ու Թուրքիան հնարավորություն ունեն հետագայում ընդլայնել երկխոսության օրակարգը, տնտեսական համագործակցությունը և ամրապնդել վստահությունը: Հունաստանի ղեկավարի խոսքով՝ հաջորդ քայլը կարող է լինել սահմանազատման հետ կապված խնդիրների լուծումը: Էրդողանն իր հերթին հայտարարել է, որ Թուրքիայի և Հունաստանի միջև չկան խնդիրներ, որոնք հնարավոր չէ լուծել: Նա Միցոտակիսին առաջարկել է ամրապնդել վստահությունը երկու երկրների միջև:
20:16 - 07 դեկտեմբերի, 2023
Էրդողանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Աթենք |azatutyun.am|

Էրդողանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Աթենք |azatutyun.am|

azatutyun.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Աթենք: Հունաստանի մայրաքաղաքի միջազգային օդակայանում բարձրաստիճան հյուրերին դիմավորել է արտաքին գործերի նախարար Յորգոս Գերապետրիտիսը: Այցի ընթացքում նախատեսվում է Հունաստանի հետ ստորագրել փոխգործակցության հուշագրեր և համաձայնագրեր։ Թուրքիայի ղեկավարը նախ կհանդիպի Հունաստանի նախագահ Կատերինա Սաքելարոպուլուի հետ։ Զուգահեռաբար, հույն նախարարները բանակցություններ կվարեն թուրք գործընկերների հետ՝ քննարկելու ստորագրվելիք փաստաթղթերը։ Պաշտպանության նախարարներն առանձին կհանդիպեն։ Ապա վարչապետի նստավայրում՝ Մաքսիմա պալատում, տեղի կունենա Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը: Երկու ղեկավարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով։ Նախատեսվում է նաև երկու երկրների համագործակցության բարձրագույն խորհրդի լիագումար նիստը՝ Միցոտակիսի և Էրդողանի գլխավորությամբ։ Անկարայում Աթենքի հետ հարաբերությունների ներկա մակարդակը գնահատում են որպես կայուն և երկխոսության ընդարձակման նոր հնարավորություններ ընձեռող: Աթենքը հուսով է առաջ շարժվել Թուրքիայի հետ քաղաքական երկխոսության, վստահության ամրապնդման միջոցների և երկկողմ համագործակցության դրական օրակարգի զարգացման ճանապարհով:
14:23 - 07 դեկտեմբերի, 2023
Համոզված ենք՝ հարևանների հետ կապված ցանկացած խնդիր կարելի է հաղթահարել. Էրդողան
 |tert.am|

Համոզված ենք՝ հարևանների հետ կապված ցանկացած խնդիր կարելի է հաղթահարել. Էրդողան |tert.am|

tert.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աթենք ժամանելուց 24 ժամ առաջ Kathimerini-ին տված բացառիկ հարցազրույցում անդրադարձել է թուրք-հունական հարաբերություններին վերաբերող մի շարք հարցերի: Էրդողանը կարևորել է երկկողմ հարաբերություններում «նոր էջ» բացելու իր տեսլականը, որը հիմնված է «երկու կողմի շահելու» սկզբունքի վրա։ «Իմ ընկեր Կիրիակոս, մենք ձեզ չենք սպառնա, եթե դուք չսպառնաք մեզ»,- ասել է Էրդողանը՝ դիմելով Հունաստանի վարչապետին: «Ոչ մի մարտահրավեր անհաղթահարելի չէ երկխոսության և փոխադարձ բարի կամքի հիման վրա», - ասել է Էրդողանը: Միևնույն ժամանակ Էրդողանը պարզաբանել է իր «մենք կարող ենք մի գիշեր հանկարծակի գալ» խորհրդավոր հայտարարությունը՝ նշելով, որ այն վերաբերում է «Թուրքիայի անվտանգությունը վտանգող ահաբեկչական տարրերին»։ «Հունաստանը մեր հարևանն է, և մենք կշարունակենք մնալ հարևաններ. մենք ունենք ընդհանուր աշխարհագրություն և կիսում ենք նույն ծովը։ Մենք շնչում ենք նույն օդը։ Մենք փոխկապակցված ենք մեր անցյալով։ Մեր միջև չլուծված խնդիրներ կան. մեր երկու երկրներն էլ ընդունում են այս իրողությունը։ Սակայն մեզնից է կախված՝ թույլ կտա՞նք արդյոք այս հարցերը լարվածություն և տարաձայնություններ առաջացնել մեր կառավարությունների և մեր ժողովրդի միջև։ Հենց այս համատեքստում ես խոսեցի մեր հարաբերություններում «նոր էջի» և «երկու կողմի շահելու» սկզբունքի մասին։ Այս սկզբունքը բնորոշ է միջազգային հարաբերություններին և դիվանագիտությանը Թուրքիայի մոտեցմանը: Երկխոսության միջոցով սահուն կերպով լուծելով տարաձայնությունները և ընդհանուր լեզու գտնելով՝ մենք բոլորս կարող ենք օգուտներ քաղել:Մենք Հունաստանին երբեք չենք ընկալել որպես թշնամի կամ մրցակից։ Ինչպես ցանկացած ազգ, մենք ընկերներ ենք փնտրում, ոչ թե թշնամիներ: Ես հաճախ եմ ընդգծում մեր համոզմունքը, որ մեր հարևանների, հատկապես Հունաստանի հետ կապված ցանկացած խնդիր կարելի է հաղթահարել:Հունաստանը, կարծես, հասկանում է, որ մենք բարեկամության ձեռք մեկնելու ընդունակ ժողովուրդ ենք», -ասել է Էրդողանը:
13:55 - 06 դեկտեմբերի, 2023
Դեսպան Մկրտչյանը Ստավրոս Կալաֆատիսին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Դեսպան Մկրտչյանը Ստավրոս Կալաֆատիսին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը նոյեմբերի 16-ին հանդիպել է իշխող «Նոր ժողովրդավարություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության գլխավոր քարտուղար Ստավրոս Կալաֆատիսին։ Այս մասին տեղեկացրին Հունաստանում Հայաստանի դեսպանությունից: Զրուցակիցներն անդրադարձել են խորհրդարանական կապերի ամրապնդման կարևորությանը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում համագործակցության համատեքստում: ՀՀ դեսպանը վստահություն է հայտնել, որ առաջիկայում ձևավորվելիք Հունաստան-Հայաստան խորհրդարանական բարեկամական խումբը կդառնա երկու խորհրդարանների միջև բազմակողմանի համագործակցությունն ամրապնդող կամուրջ։ Դեսպան Մկրտչյանն անդրադարձել է տարածաշրջանի անվտանգային խնդիրներին։ ՀՀ դեսպանը զրուցակցին ներկայացրել է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանն ուղղված ՀՀ ջանքերը, այդ թվում՝ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը: Անդրադարձ է կատարվել նաև հայ-հունական երկկողմ օրակարգը նոր մակարդակի բարձրացնելու նպատակով առաջիկայում նախատեսվող քայլերին։ Ստավրոս Կալաֆատիսը, իր հերթին, վերահաստատել է հունական կողմի աջակցությունը Հայաստանին՝ խաղաղության հետապնդման իր օրակարգում։ Պարոն Կալաֆատիսն ընդգծել է ակտիվ շփումների կարևորությունը՝ արձանագրելով դեսպանության ակտիվ գործունեությունն ինչպես քաղաքական, այնպես էլ մշակութային դիվանագիտության առաջմղման առումով։
16:39 - 16 նոյեմբերի, 2023
«Խաղաղության խաչմերուկ»-ի կյանքի կոչվելու դեպքում տարածաշրջանում կապահովվի կայուն խաղաղություն. Տիգրան Մկրտչյանը՝ հույն խորհրդարանականին

«Խաղաղության խաչմերուկ»-ի կյանքի կոչվելու դեպքում տարածաշրջանում կապահովվի կայուն խաղաղություն. Տիգրան Մկրտչյանը՝ հույն խորհրդարանականին

Հունաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է «Սիրիզա–Առաջադեմ դաշինք» կուսակցության խորհրդարանական ֆրակցիայի ղեկավար Ֆամելոս Սոկրատիսի հետ։ Հունաստանում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ կողմերն անդրադարձել են երկու բարեկամ ժողովուրդների ամուր կապերին, ինչպես նաև երկկողմ խորհրդարանական հարաբերություններին։ Ընդգծվել է ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային տարբեր հարթակներում համագործակցության էլ ավելի ամրապնդման անհրաժեշտությունը: Դեսպան Մկրտչյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, բռնի տեղահանվածների խնդիրները և միջազգային ատյաններում նրանց իրավունքների բարձրացման անհրաժեշտությունը, Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության պահպանմանն առնչվող հարցերը, ռազմագերիների և մյուս գերեվարված անձանց անհապաղ ազատ արձակման անհրաժեշտությունը։ Դեսպան Մկրտչյանը ներկայացրել է նաև «Խաղաղության խաչմերուկի» հայկական տեսլականը, որը կյանքի կոչվելու դեպքում կապահովի կայուն խաղաղություն տարածաշրջանում։ Այս համատեքստում երկկողմ ընդգծվել է, որ Հայաստանի տարածքային ամբողջականության և սուվերենության անձեռնմխելիության հրամայականը։ Իր հերթին հույն խորհրդարանականն ընդգծել է իր կուսակցության պատրաստակամությունը` ակտիվ աջակցելու և սատարելու հայկական կողմին՝ վերջինիս հուզող հարցերի շուրջ՝ ամրապնդելով երկկողմ խորհրդարանական հարաբերությունները: Հանդիպմանը ներկա էին նաև կուսակցության արտաքին հարաբերությունների համար պատասխանատու տիկին Ռենա Դուրուն, ինչպես նաև կուսակցության առաջնորդ՝ Ստեֆանոս Կասսելակիսի դիվանագիտական գրասենյակի ղեկավար պարոն Էվանգելոս Կալպադակիսը։
17:43 - 14 նոյեմբերի, 2023
Տեղի են ունեցել հատուկ նշանակության ուժերի՝ Հունաստան-Կիպրոս-Հայաստան եռակողմ ձևաչափով համատեղ վարժանքներ

Տեղի են ունեցել հատուկ նշանակության ուժերի՝ Հունաստան-Կիպրոս-Հայաստան եռակողմ ձևաչափով համատեղ վարժանքներ

Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի միջազգային համագործակցության ծրագրի շրջանակներում ս․թ․ նոյեմբերի 6-ից - 10-ը Ատիկայի նահանգի Նեա Պերամոս քաղաքում տեղի են ունեցել հատուկ նշանակության ուժերի՝ Հունաստան – Կիպրոս – Հայաստան եռակողմ ձևաչափով համատեղ վարժանքներ։ Այս մասին ասված է Հունաստանում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան գրառման մեջ։  «Համատեղ վարժանքները Հունաստան-Կիպրոս-Հայաստան 2023 թվականի Համատեղ Գործողությունների Ծրագրի մի մասն են կազմում, որի նպատակն է՝ նպաստել մասնակից երկրների հատուկ նշանակության ուժերի փոխըմբռնման մակարդակի բարձրացմանը և գիտելիքների փոխանակմանը, ինչպես նաև նրանց գործնական կարողությունների զարգացմանը։ Հունաստանի ԶՈՒ-ը մասնակցել են համատեղ վարժանքներին՝ Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի հատուկ պատերազմի հրամանատարության 1 օպերատիվ խմբով` (Special Operations Task Unit – SOTU). Համատեղ վարժանքների ընթացքում մասնակիցներն իրականացրել են հետևյալ գործողությունները․ • Արագ արձագանքման մարտական կրակ, • Դիպուկահարության մարտավարություն և մեթոդներ, • Բնակելի տարածքում մարտի վարման մեթոդներ, մարտավարություն ու ընթացակարգ, • Փոքր ծավալի վարժանքի պլանավորում ու իրականացում»,- ասված է գրառման մեջ։
15:54 - 13 նոյեմբերի, 2023
Այսօր աշխարհին ավելի շատ պետք էր Ադրբեջանը, քան միայն իր իրավունքների համար պայքարող Հայաստանը. դեսպան Մկրտչյանը՝ «Diplomatic Life of Greece» ամսագրին

Այսօր աշխարհին ավելի շատ պետք էր Ադրբեջանը, քան միայն իր իրավունքների համար պայքարող Հայաստանը. դեսպան Մկրտչյանը՝ «Diplomatic Life of Greece» ամսագրին

«Diplomatic Life of Greece» ամսագիրն իր հոկտեմբերի համարում անդրադարձել է ՀՀ անկախության 32-րդ տարեդարձի և փոխադարձ դիվանագիտական առաքելությունների բացման 30-ամյակին նվիրված միջոցառմանը, որի ընթացքում տեղի է ունեցել «Հայաստանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգությունը» վերտառությամբ ֆոտոցուցահանդեսի բացումը, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական արժեքների մեջ ներառված Արամ Խաչատրյանի երաժշտական ժառանգության համառոտ ներկայացումը Հայաստանից ժամանած դաշնակահարուհիներ Արմինե Գրիգորյանի և Սոնա Բարսեղյանի կատարմամբ: Ամսագրում տեղ է գտել նաև դեսպան Տիգրան Մկրտչյանի հարցազրույցը: Ստորև ներկայացնում ենք հարցազրույցից կարևոր հատվածներ, որոնք հրապարակվել են Հունաստանում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջում: Դեսպանատների փոխադարձ բացման 30-ամյակիև Անկախության 32-րդ տարեդարձի տոնում. հիմնական ուղերձները Հունաստանը Հայաստանի անկախությունը ճանաչած առաջին երկրներից էր, որին հաջորդեց դիվանագիտական հարաբերությունների հաստատումը։ Այս տարի մենք նշում ենք Երևանում և Աթենքում դիվանագիտական ներկայացուցչությունների բացման 30-ամյակը։ Ավելորդ է նշել, որ հույն և հայ ժողովուրդների հարաբերություններն ունեն ոչ թե տասնամյակների, այլ հազարամյակների պատմություն, որոնց ընթացքում ամուր բարեկամական կապերը, ընդհանուր արժեքներն ու մոտեցումները հաստատուն հիմք են ձևավորել միջպետական հարաբերությունների զարգացման համար։ 19-րդ դարասկզբին հույն հեղափոխականները, ովքեր պայքարում էին օսմանյան լծից իրենց անկախության համար, հայերին նշում էին նաև որպես իրենց եղբայրների՝ նույն նպատակը հետապնդելու համար։ 1915-1916 թվականների հայերի, հույների և ասորիների ցեղասպանությունը և Զմյուռնիայի աղետը մեր ընդհանուր ցավի և միմյանց կողքին կանգնելու ևս մեկ փուլ էին: Այստեղ հայկական համայնքը պաշտոնապես ստեղծվեց Զմյուռնիայից անմիջապես հետո՝ 1922 թվականին, քանի որ մի քանի հազար հայեր Հունաստանում անվտանգ ապաստան գտան, թեև Հյուսիսային Հունաստանի և Կրետե կղզու մեր որոշ հայկական համայնքներ շարունակական ներկայություն ունեն տարածաշրջանում, որը տպավորիչ կերպով գերազանցում է հինգ հարյուրամյակը: Հայաստանի երիտասարդ պետությունը միշտ զգացել է Հունաստանի աջակցությունը՝ թե՛ երկկողմ արդյունավետ համագործակցության, թե՛ միջազգային հարթակներում Հայաստանին ցուցաբերվող աջակցության առումով։ Այսօր Հունաստանը Հայաստանի կարևորագույն գործընկերներից մեկն է Եվրոպայում և աշխարհում։ Օգտվելով առիթից՝ ուզում եմ ընդգծել, որ մենք՝ հայերս, երբեք չենք մոռանա հույն ժողովրդի և Հունաստանի կառավարության անկեղծ աջակցությունը մեր ժողովրդի պատմության ամենածանր ժամանակաշրջաններում, որի ամենաթարմ օրինակը 2020 թվականի պատերազմն էր և Լեռնային Ղարաբաղում հաջորդած զարգացումները։ Երկկողմ հարաբերությունների խորացման ներուժ, համագործակցության ոլորտներ Առկա է ակտիվ քաղաքական երկխոսություն: Հոկտեմբերին Գրանադայում Եվրոպական համայնքների գագաթնաժողովի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի և Հունաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Կիրիակոս Միցոտակիսի հանդիպումը, որի ընթացքում վերջինս իր աջակցությունն ու համերաշխությունն է հայտնել Հայաստանին Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների և Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության սպառնալիքների առնչությամբ։ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի շրջանակներում կայացել է նաև արտգործնախարարների հանդիպումը։ Բացի այդ, պարոն Միրզոյանը և Գերապետրիտը վերջին ամիսներին երկու հեռախոսազրույց են ունեցել։ Ընդհանուր առմամբ, արտգործնախարարների մակարդակով եղել է ակտիվ համագործակցություն և մի քանի փոխայցելություններ։ Հաշվի առնելով քաղաքական երկխոսության ինտենսիվությունը և բազմոլորտ համագործակցության բովանդակությունը՝ կարծում եմ, ժամանակն է դիտարկել Հայաստան-Հունաստան համագործակցությունը շատ ավելի բարձր, ռազմավարական մակարդակի հասցնելու հնարավորությունը, ինչը, կարծում եմ, տեղի կունենա ավելի շուտ, քան ուշ։ Եռակողմ համագործակցության հեռանկարներ Իհարկե, համագործակցության եռակողմ ձևաչափը, որը հիմնված է ընդհանուր արժեքներին կողմերի հավատարմության և միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան բարիդրացիական հարաբերություններ զարգացնելու պատրաստակամության վրա, զարգացման շատ ավելի մեծ ներուժ ունի։ Մոտ ապագայում մենք անհամբերությամբ սպասում ենք եռակողմ գագաթնաժողովի անցկացմանը Երևանում՝ պետությունների ղեկավարների մակարդակով, որը, վստահ եմ, համագործակցության նոր թիրախներ կնախանշի: Տնտեսական հարաբերությունների ներուժ Ներկայումս ջանքեր են գործադրվում 2024 թվականի առաջին եռամսյակում Երևանում անցկացնելու հայ-հունական տնտեսական, արդյունաբերական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական համատեղ հանձնաժողովի հերթական 6-րդ նիստը։ Եթե խոսենք կոնկրետ ուղղությունների մասին, ապա վերականգնվող էներգետիկան տնտեսական համագործակցության հեռանկարային ուղղություններից է։ Հունաստանը մեծ առաջընթաց է գրանցել հատկապես արևային էներգիայի ոլորտում, և այս փորձը շատ արժեքավոր է Հայաստանի համար, քանզի վերականգնվող էներգիան արագ զարգացող ոլորտ է և ներդրումների համար մեծ հնարավորություն կա։ Հայաստանը նաև հսկայական ներուժ է առաջարկում մի շարք այլ ոլորտներում, ինչպիսիք են՝ գյուղատնտեսությունը, դեղագործությունը, տեքստիլ և կարի արդյունաբերությունը, սննդամթերքը և խմիչքը, և, իհարկե, զբոսաշրջությունը. տնտեսության մի ոլորտ, որտեղ Հունաստանն ունի յուրահատուկ նոու-հաու: Այս համատեքստում Հայաստանը պատվավոր հյուր էր անցյալ տարի Սալոնիկում կայացած «Ֆիլոքսենիա» ցուցահանդեսում, որը համարվում է Հունաստանի զբոսաշրջության կարևորագույն իրադարձությունը։ Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտը ծաղկում է ապրում, որը դարձել է Հայաստանում ամենաարագ զարգացող ճյուղերից մեկը՝ տարեկան 20% կայուն աճով: Հայաստանը մտադիր է առաջին անգամ մասնակցել առաջիկա “Beyond Expo” տեխնոլոգիական ցուցահանդես-գագաթնաժողովին, որը տեղի կունենա ապրիլի 25-ին Սալոնիկում։ Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, էթնիկզտումներ Ինչպես գիտեք, դեռ 2020 թվականի սեպտեմբերին Ադրբեջանը խախտեց միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից մեկը՝ ուժի չկիրառման սկզբունքը և լայնածավալ պատերազմ սանձազերծեց Լեռնային Ղարաբաղի դեմ։ Արյունահեղությունը հնարավոր եղավ կասեցնել 2020 թվականի նոյեմբերի եռակողմ հայտարարությամբ, որի նպատակն էր կարգավորման գործընթացը տեղափոխել խաղաղ հուն։ Սակայն Ադրբեջանը, չստանալով պատշաճ ճնշում և համարժեք միջազգային արձագանք իր ագրեսիվ գործողությունների և պատերազմական հանցագործությունների համար, խրախուսված անպատժելիությունից, անցյալ տարվա դեկտեմբերին նախ արգելափակեց Լաչինի միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող միակ «կյանքի ճանապարհը», փաստացի 11 ամիս շրջափակման մեջ պահելով տեղի հայ բնակչությանը, իսկ ավելի ուշ՝ սեպտեմբերի 19-20-ը, հերթական ռազմական ագրեսիան նախաձեռնեց Լեռնային Ղարաբաղի հյուծված, մեկուսացված հայերի դեմ։ Քաղաքներն ու գյուղերը հանցավոր կերպով ենթարկվեցին անխնա օդային ռմբակոծության՝ պատճառելով ավելի քան 300 զոհ, ավելի քան 400 վիրավոր և ավելի քան 1000 անհետ կորած, այդ թվում՝ մեծ թվով խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ երեխաներ, կանայք և ծերեր։ Եվ այս ամենն ուղեկցվում է Լեռնային Ղարաբաղի հայերին «վերաինտեգրելու» ցինիկ ադրբեջանական հռետորաբանությամբ։ Կեղծավոր հռետորաբանությունը հասել է այն մակարդակի, երբ ադրբեջանցի պաշտոնյաները ջանք չեն խնայում կրկնելու, որ հայերը հեռացել են իրենց ցանկությամբ, և ոչ ոք նրանց չի ստիպել դուրս գալ՝ կարծես հիմքեր նախապատրաստելով նրանց վերադարձը բացառելու համար։ Եթե սովի մատնելու 9-ամսյա շրջափակումը, կյանքի համար անհնարին պայմանների ստեղծումը, ամեն հարձակման ժամանակ հայ զինվորների, կանանց, նույնիսկ երեխաների ու ծերերի բարբարոսական սպանություններն ու անդամահատումները և երբեք նման հանցագործությունների համար չպատժվելը, հիտլերյան ոճով իրենց առաջնորդի կողմից բռունցքի թափահարումը և հայերին «շներ» ու «Եվրոպայի ուռուցք» անվանելը, Ստեփանակերտի (Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք) փողոցը Հայոց ցեղասպանության երեք կազմակերպիչներից մեկի՝ Էնվեր փաշայի անունով անվանակոչելը հայերի համար փախչելու բավարար պատճառներ չեն, ապա ի՞նչ են: 35 տարի միջազգային իրավունքի տարրերին համապատասխան սեփական ինքնորոշման համար պայքարած Լեռնային Ղարաբաղի հայությունն այսօր լքել է իր տունը, այն բնօրրանը, որը առնվազն վերջին երեք հազարամյակում միշտ հայաբնակ և հայկական է եղել։ Համաշխարհային մակարդակի անասելի ողբերգություն է տեղի ունեցել: Սա պետք է գիտակցվի: Լեռնային Ղարաբաղի քաղաքացին զենքերը վայր է դրել և իր ընտանիքի հետ լքել տունը, քանի որ նույնիսկ «առաջադեմ» կույր հասարակության առաջ 9 ամիս սովի և այլ զրկանքների դիմանալուց հետո չի ստացել այն աջակցությունը, որը պետք է ստանար մարդասիրական գրված և չգրված օրենքներով, քանի որ այսօր աշխարհին ավելի շատ պետք էր Ադրբեջանը՝ որպես «էներգետիկայի ոլորտում վստահելի գործընկեր», քան միայն իր իրավունքների համար պայքարող Հայաստանը։ Եթե մարդու իրավունքները, բարոյականությունն ու խիղճը դեռևս որևէ հետք ունեն արևմտյան արժեհամակարգում, ապա այս քաղաքականությունը պետք է շուտափույթ վերանայվի։ Այսօր Հայաստանում ավելի քան 100 հազար հայ կա Լեռնային Ղարաբաղից, և մեր Կառավարությունը միջազգային գործընկերների և բարեկամ երկրների աջակցությամբ ամեն ինչ անում է նրանց կարիքները բավարարելու համար։ Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի իրավունքը չի կարող կասկածի տակ դրվել, և այն պետք է ձեռք բերվի անվտանգ միջազգային երաշխիքների ներքո և միջազգային մանդատ ունեցող խաղաղապահ ուժերի առկայությամբ։ Նաև Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարները և բոլոր ռազմագերիները պետք է հնարավորինս շուտ վերադարձվեն։ Հայերին և Հայաստանը նվաստացնելով Ադրբեջանը չի հասնում ԼՂ խնդրի լուծմանը, այն ընդամենը հարցի բեռը դնում է ապագա սերունդների ուսերին: Հակամարտության լուծումը նշանակում է զիջումներ: Մենք Ադրբեջանի կողմից զիջումներ չենք նկատում, մենք նկատում ենք միայն ծայրահեղ վտանգավոր ցեղասպանական ախորժակ, որն օրեցօր աճում է։ Հարցերի ապագան, փախստականներ Տարածաշրջանային խնդիրների խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի միջազգային իրավունքի սկզբունքների, այդ թվում՝ Բաքվի ստանձնած միջազգային պարտավորությունների շրջանակներում։ Հայաստանը հետևողական է լինելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի իրավունքների վերականգնման հարցում՝ կիրառելով առկա բոլոր միջազգային իրավական գործիքները: Ինչպես հայտնի է, Լեռնային Ղարաբաղի հայկական մշակույթը բավականին յուրահատուկ է, ներառյալ տեղական բարբառը։ Այսօր Հայաստանը բախվում է բազմաթիվ սոցիալական խնդիրների, ինչպիսիք են 100 հազար փախստականների բնակարանով ապահովելը և աշխատանքով ապահովելը, չնայած դրան, ջանքեր են գործադրվում ապահովելու ղարաբաղցի հայերի կոմպակտ բնակչությունը, պահպանելու ձևավորված կրթական մշակույթը, հասարակական հաստատությունները, որոնց նպատակն է պահպանել ղարաբաղյան բնօրինակ մշակույթն ու ավանդույթները։ Կենսական նշանակության խնդիր է նաև Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության պահպանումը։ Միջազգային կառույցների համար կարևոր է այդ հուշարձանները միջազգային մոնիտորինգի տակ վերցնելը։ Այստեղ են գտնվում վաղ քրիստոնեական մշակույթի բազմաթիվ հուշարձաններ, ինչպիսիք են ամենատպավորիչ Ամարասը, Դադիվանքը, Գանձասարի վանքերը։ Մի շարք վայրերում գրանցվել են եկեղեցիների ավերման կամ վերակառուցման փորձեր, որոնցում մաքրվել են հայկական հետքերը։ Եթե շտապ և անհրաժեշտ միջոցներ չձեռնարկվեն, կունենանք այնպիսի իրավիճակ, ինչպիսին Նախիջևանում է՝ հայկական տարածաշրջան, որտեղ մեկ դարից էլ պակաս ժամանակահատվածում հայկական գոյության հետք չի մնացել։ Բարբարոսությունը, որտեղ էլ որ այն տեղի ունենա, դատապարտելի է և պետք է կանխվի օր առաջ։ Ի՞նչ կարող են անել Հունաստանն ու միջազգայինհանրությունը, ի՞նչ են արել մինչ այժմ։ Ուզում եմ ընդգծել, որ ագրեսիայի վտանգը ամենևին էլ չեզոքացված չէ։ Այսօր ադրբեջանական բանակը օկուպացնում է Հայաստանի ինքնիշխան տարածքների մի մասը՝ շարունակելով ուժի սպառնալիքների ու շանտաժի քաղաքականությունը։ Ադրբեջանը նոր պահանջներ է ներկայացնում Հայաստանին, իսկ միջազգային հստակ պատասխանի բացակայության պայմաններում նոր ագրեսիայի վտանգը բավականին մեծ է։ Միջազգային հանրությունը կարևոր առաքելություն ունի Ադրբեջանին կառուցողական դաշտ բերելու համար. աղետի բոլոր մեղավորները պետք է հստակ պատասխանատվության ենթարկվեն: Հնարավոր կլինի կանխել նոր արյունահեղությունը տարածաշրջանում, ստիպել Ադրբեջանին հրաժարվել ուժի սպառնալիքից և վերադառնալ երկխոսության միայն այն դեպքում, եթե միջազգային դերակատարները ունենան միասնական կամք և համապատասխան ճնշում գործադրեն։ Միջազգային իրավունքին չհամապատասխանելը պետք է հանգեցնի լուրջ հետևանքների:  
15:30 - 08 նոյեմբերի, 2023
Հունաստանի պաշտպանության նախարարը և դեսպան Մկրտչյանը կարծիքներ են փոխանակել անվտանգության հարցերի վերաբերյալ

Հունաստանի պաշտպանության նախարարը և դեսպան Մկրտչյանը կարծիքներ են փոխանակել անվտանգության հարցերի վերաբերյալ

Հոկտեմբերի 27-ին Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասն ընդունել է Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Հունաստանի միջև ավանդական բարեկամական հարաբերությունները է՛լ ավելի զարգացնելու, պաշտպանության բնագավառում համագործակցությանը նոր շունչ հաղորդելու հնարավորությունները, ինչպես նաև առաջիկայում երկկողմ փոխադարձ այցեր կազմակերպելու հեռանկարները։ Այս մասին տեղեկացնում են Հունաստանում Հայաստանի դեսպանությունից։ Կարծիքներ են փոխանակվել նաև տարածաշրջանային անվտանգության, Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից ուժի կիրառման արդյունքում ստեղծված իրավիճակի, բռնի տեղահանվածների և նրանց աջակցության ծրագրերի, բանակցային գործընթացի և այլ հարցերի վերաբերյալ։ Հանդիպմանը մասնակցել են նաևՀՀ դեսպանության ռազմական հարցերով կցորդ, գնդապետ Արթուր Դալիբալթյանը և Հունաստանի ՊՆ դիվանագիտական գրասենյակի ղեկավար, դեսպան Էլեվթերիոս Անգելոպուլոսը:  
17:39 - 27 հոկտեմբերի, 2023