Հրաչյա Սարգսյան

Երևանի քաղաքապետի գործող առաջին տեղակալն է։

Ծնվել է 1985թ. փետրվարի 13-ին: 2001-2005թթ. սովորել է ՀՊՃՀ-ում, ստացել ճարտարագիտության բակալավրի աստիճան՝ հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում մասնագիտությամբ: 2007-2009թթ. սովորել է Հայաստանի պետական կառավարման ակադեմիայում, ստացել մագիստրոսի աստիճան՝ կառավարում (հանրային ֆինանսների կառավարում) մասնագիտությամբ: 2003-2005թթ. աշխատել է «Ատակ» ՍՊԸ-ում՝ որպես տեխնիկ:

2010-2013թթ. աշխատել է «ՎՏԲ Հայաստան Բանկ» ՓԲԸ-ում՝ որպես ՓՄՁ վարկավորման՝ առաջատարից մինչև գլխավոր վարկային մասնագետ: 2013-2014թթ. աշխատել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ում՝ որպես վարկային ռիսկի կառավարման վարչության փոքր և միկրո դասի հաճախորդների վարկային ռիսկի կառավարման բաժնի պետ: 2014-2018թթ. աշխատել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ում՝ որպես վարկային ռիսկի կառավարման վարչության սպառողական և հիպոթեքային վարկավորման ռիսկի կառավարման բաժնի պետ: Հանդիսանում է «Առաքելություն» կուսակցության քաղաքական խորհրդի հիմնադիր-անդամ:

2005-2007թթ. ծառայել է ՀՀ ԶՈՒ ԼՂՀ ՊԲ-ում՝ տանկային դասակի հրամանատար, զորացրվելուց հետո ստացել է լեյտենանտի զինվորական կոչում: 2018թ. սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքում «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակով ընտրվել է Երևան քաղաքի ավագանու անդամ: 2018թ. հոկտեմբերի 29-ին Երևանի ավագանու նիստում նշանակվել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ։

Հրաչյա Սարգսյանն այցելել է Մարսելի տրանսպորտի կառավարման կենտրոն, հանդիպել գործարարների հետ

Հրաչյա Սարգսյանն այցելել է Մարսելի տրանսպորտի կառավարման կենտրոն, հանդիպել գործարարների հետ

Պաշտոնական այցով Մարսելում գտնվող Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը երևանյան պատվիրակության անդամների հետ միասին այցելել է Մարսելի տրանսպորտի կառավարման կենտրոն, տեղում ծանոթացել աշխատանքներին: Կենտրոնի տնօրենը նշել է, որ շուրջօրյա ժամանակացույցով աշխատող կառույցն ամբողջությամբ համակարգում և վերահսկում է 35 շարժակազմով աշխատող մետրոյի, շուրջ 650 ավտոբուսի ու 30 տրոլեյբուսի բնականոն աշխատանքը: Խոսելով տրանսպորտային համակարգի Երևանում նախաձեռնված բարեփոխումների ծրագրերի մասին՝ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն առանձնակի կարևորել է գործընկեր քաղաքների առաջատար ու հաջողված փորձի կիրառումը Երևանում: Այնուհետև Երևանի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է հայ գործարարների հետ, ովքեր հայ-ֆրանսիական արդյունաբերության պալատի անդամ են: Հրաչյա Սարգսյանը հանդիպման մասնակիցներին է ներկայացրել Երևանի զարգացման հեռանկարները, առկա խնդիրների լուծման գործում քաղաքային իշխանության որդեգրած քաղաքականությունը, ինչպես նաև ներդրումային հետաքրքրություն ներկայացնող ծրագրերն ու նախագծերը: Քաղաքային տնտեսության զարգացման առումով կարևորելով գործարար շրջանակների ներգրավվածությունը՝ քաղաքապետ Սարգսյանը նշել է, որ Երևանը բաց և պատրաստակամ է՝ քննարկելու ցանկացած առաջարկ և ըստ ամենայնի օժանդակելու դրանց կյանքի կոչմանը: Հայազգի գործարարները ներդրումային ծրագրեր իրականացնելու պատրաստակամություն են հայտնել և նշել, որ իրենց համար անչափ կարևոր է մասնակցել Երևանի զարգացմանը միտված նախաձեռնություններին:
15:51 - 28 հունիսի, 2022
Երևանի քաղաքապետը ներկայացրել է Նոր Նորք վարչական շրջանի նորանշանակ ղեկավարին

Երևանի քաղաքապետը ներկայացրել է Նոր Նորք վարչական շրջանի նորանշանակ ղեկավարին

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Արմեն Մհերյանին:   Կարևորելով վարչական շրջանների աշխատակազմերի դերը՝ քաղաքապետ Սարգսյանը նկատել է, որ վերջինները պետք է մշտական կապի մեջ լինեն բնակիչների հետ ու տեղերում հասկանան առկա խնդիրները: «Քաղաքում նախաձեռնված լայնածավալ նախագծերին զուգահեռ՝ վարչական շրջաններից յուրաքանչյուրն էլ իր հերթին է ծրագրեր իրականացնում: Շատ կարևոր է, որ դուք մշտական շրջայցերի ընթացքում տեղերում ծանոթանաք վարչական շրջանների խնդիրներին, ու բնակիչների հետ միասին կարողանանք գտնել արդյունավետ լուծումներ»,- ընդգծել է քաղաքապետը:   Ներկայացնելով հիմնական այն ոլորտները, որոնց ուղղությամբ անհրաժեշտ է հստակ քայլեր ձեռնարկել, քաղաքապետը նշել է, որ խնդիրների լուծման հարցում ակնկալում է արդյունավետ ու հետևողական աշխատանք:   Կատարած աշխատանքի համար շնորհակալություն հայտնելով վարչական շրջանի նախկին ղեկավար Սուրեն Ղամբարյանին և աշխատակազմին՝ քաղաքապետը համոզմունք է հայտնել, որ նոր ղեկավարի հետ ևս աշխատանքը կլինի արդյունավետ ու կապահովի ցանկալի արդյունքներ:
19:00 - 22 հունիսի, 2022
Մինչև 2023-ի ավարտը տրանսպորտային համակարգում խնդիրները 70-80 տոկոսով լուծված կլինեն. քաղաքապետ

 |armenpress.am|

Մինչև 2023-ի ավարտը տրանսպորտային համակարգում խնդիրները 70-80 տոկոսով լուծված կլինեն. քաղաքապետ |armenpress.am|

armenpress.am: Երևան համայնքի 2022 թվականի բյուջեով  6 միլիարդ 342 միլիոն 503  հազար դրամ կուղղվի թվով 15 միավոր տրոլեյբուսների և թվով 150 միավոր ավտոբուսների ձեռք բերման համար: Երևանի ավագանու նիստում քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ասաց, որ  249 «Հայգեր» մակնիշի ավտոբուսների շահագործման տասը տարին լրանում է այս տարի, և տեխնիկական խնդիրները լուծելու համար  Չինաստանից պահեստամասեր կբերվեն Հայաստան: «Մինչև 2023 թվականի ավարտը տրանսպորտային համակարգում խնդիրները 70-80 տոկոսով լուծված կլինեն: Հիմա օրենսդրական փոփոխություններ ենք իրականացնում, որպեսզի մասնավոր կազմակերպություններին տրանսպորտի շահագործման գործընթացին ներգրավենք: Նախագիծը պատրաստ է, և  մինչ տարվա մեջ այդ փոփոխությունը կլինի: Այն մեզ հնարավորություն կտա հայտարարել մրցույթ՝ նոր, հավելյալ շարժակազմ ձեռք բերելու համար»,-ասաց քաղաքապետը՝ հավելելով, որ 2023 թվականի մարտ-ապրիլ ամիսներին  87 միավոր 12 մետրանոց ավտոբուս է լինելու Երևանում:  
17:32 - 21 հունիսի, 2022
«Բոլոր շինարարները լկտի վերաբերմունք են ցուցաբերում համայնքային սեփականության հանդեպ». Կամո Արեյան |news.am|

«Բոլոր շինարարները լկտի վերաբերմունք են ցուցաբերում համայնքային սեփականության հանդեպ». Կամո Արեյան |news.am|

news.am: Խողովակների փոխարինման միակ նորմալ կազմակերպողը ձեր կազմակերպությունն էր. ուզում էի հասկանալ՝ բա՞ն է փոխվել. Կիեւյան-Օրբելի խաչմերուկից ավազը բերած, լցրած է, վրեն ոչ մի ծածկ չկա ընդհանրապես, նշանները գետնին տապալված է, քամին էլ ավազը այս ու այն կողմ է տանում. ես երեկ երեկոյան եմ տեսել, ենթադրում եմ՝ ուրբաթ բերել, թողել են: Այս մասին այսօր՝ հունիսի 20-ին, Երեւանի քաղաքապետարանում  գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետը Հրաչյա Սարգսյանը՝ դիմելով «Վեոլիա ջուր»-ի ներկայացուցչին: Վերջինս տեղեկացրել էր, որ մեկ շաբաթում գրանցվել է 505 վթար, քանդվել է 256 քմ ասֆալտ, որից 155-ը վերականգնվել է, մնացածը կվերականգնվի առաջիկա շաբաթվա ընթացքում: Քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը հայտնեց, որ 12 վարչական շրջանների ղեկավարներ ունեն ստորագրված պայմանագրեր ՀԷՑ-ի «Վեոլիա Ջուր»-ի, «Գազպորմ Արմենիա»-ի և կապի հետ, որոնք վերաբերում են վթարա-վերականգնողական անհետաձգելի աշխատանքներին և հետաձգելի նոր կոմունիկացիաների անցկացման աշխատանքներին: Նրա խոսքով՝ այդ պայմանագրերում գրված են բոլոր պայմանները՝ տեխնիկական առաջադրանքի պահանջները և շինհրապարակի կահավորումը. «Պարոն քաղաքապե՛տ, ես խնդրում եմ ձեր հանձնարարականները, որպեսզի վարչական շրջանի ղեկավարները 180 աստիճան պտտվեն և կատարեն իրենց պարտականություններն այս պայմանագրի վերահսկողության նկատմամբ»,-ասաց Արեյանը: Քաղաքապետի խորհրդականը հավելեց, որ պայմանագրի վերահսկողությունն վարչական շրջանների ղեկավարների վրա է, վարչական պատասխանատվություն կրում են շինարարական աշխատանքներ կատարողները, իսկ վարչական տուգանք նշանակելու իրավասությունը կրկին վարչական շրջանների ղեկավարներինն է: «Պետք է խիստ վերահսկողություն լինի մատակարար կազմակերպությունների նկատմամբ: Բոլոր մատակարարներն ունեն այս խնդիրը, շատ դեպքերում դրանց շինարարները լկտիացել են: Խնդրում եմ, որ քաղաքապետարանի Կոմունալ տնտեսության վարչությունն ևս ամբողջությամբ վերանայի իր աշխատանքները: Բոլոր շինարարները լկտի վերաբերմունք են ցուցաբերում համայնքային սեփականության հանդեպ, վերականգնման որակը պետք է գա իր տեղը»,-հայտարարեց Կամո Արեյանը:    
12:01 - 20 հունիսի, 2022
Տեղի է ունեցել Հայաստանի և Կատարի վարչապետների հանդիպումը, որի արդյունքներով ստորագրվել են մի շարք փաստաթղթեր

Տեղի է ունեցել Հայաստանի և Կատարի վարչապետների հանդիպումը, որի արդյունքներով ստորագրվել են մի շարք փաստաթղթեր

  Պաշտոնական այցով Դոհայում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Կատարի Պետության վարչապետ, Ներքին գործերի նախարար Շեյխ Խալիդ բին Խալիֆա բին Աբդուլազիզ Թանիի հետ։ Նախ տեղի է ունեցել դիմավորման պաշտոնական արարողությունը, որի ընթացքում հնչել են Հայաստանի Հանրապետության և Կատարի Պետության պետական օրհներգերը, այնուհետև երկու երկրների կառավարությունների ղեկավարները ողջունել են պատվիրակությունների անդամներին: Հանդիպման ընթացքում Կատարի Պետության վարչապետը կարևորել է ՀՀ վարչապետի պաշտոնական այցը և ընդգծել երկու բարեկամ երկրների միջև բազմակողմ համագործակցության անհրաժեշտությունը: Շեյխ Խալիդ բին Խալիֆա բին Աբդուլազիզ Թանին վստահություն է հայտնել, որ Հայաստանի ու Կատարի կառավարությունների միջև փոխգործակցությունն այս այցի արդյունքներով նոր մակարդակի կհասնի: Վարչապետ Փաշինյանն իր հերթին նշել է, որ Հայաստանի ու Կատարի միջև քաղաքական երկխոսությունը գտնվում է բարձր մակարդակի վրա, ուստի անհրաժեշտ է նոր ազդակ հաղորդել երկկողմ տնտեսական կապերի զարգացմանն ու ընդլայնմանը: Վարչապետը կարևորել է գործարար կապերի զարգացումն ու խորացումը և Կատարի գործարար համայնքի ներկայացուցիչներին հրավիրել Հայաստան` հայ գործընկերների հետ քննարկելու համատեղ ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորություններն ու հեռանկարները: Նիկոլ Փաշինյանը և Շեյխ Խալիդ բին Խալիֆա բին Աբդուլազիզ Թանին քննարկել են տնտեսության, մասնավորապես, տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, տրանսպորտային ենթակառուցվածքների, առևտրաշրջանառության, ավիահաղորդակցության, զբոսաշրջության ոլորտներում համագործակցության զարգացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ է կատարվել նաև կրթության, այդ թվում` ուսանողների փոխանակման, գիտության, առողջապահության և մշակույթի բնագավառներում գործակցության հնարավորություններին: Ընդգծվել է վերը նշված բոլոր ուղղությունների կապերը զարգացնելու լայն ներուժը, որի իրացման նպատակով երկու երկրների վարչապետները կառավարությունների համապատասխան ոլորտը ներկայացնող գերատեսչությունների ղեկավարներին տվել են կոնկրետ հանձնարարականներ: Հանդիպման արդյունքներով, Հայաստանի և Կատարի վարչապետների ներկայութամբ, երկու երկրների միջև ստորագրվել են մի շարք փաստաթղթեր: Մասնավորապես, ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը և Կատարի Պետության փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար շեյխ Մուհամմադ բին Աբդալռահման Ալ Թանին ստորագրել են Հայաստանի և Կատարի արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցությունների անցկացման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր, ինչպես նաև «Արմենպրես» լրատվական գործակալության և Կատարի ազգային լրատվական գործակալության միջև լրատվության փոխանակման մասին փոխըմբռնման հուշագիր: Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը և Կատարի մունիցիպալ հարցերի կառավարման նախարար Աբդալլահ բին Աբդալազիզ Ալ-Սուբեյհին ստորագրել են մայրաքաղաքներ Երևանի և Դոհայի միջև քույր քաղաքների հռչակման համաձայնագիր: ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և Կատարի կրթության, բարձրագույն կրթության և դաստիարակության հարցերի նախարար Բուսեյնա բինթ Ալի Ալ-Նուայմինը ստորագրել են Հայաստանի և Կատարի միջև կրթության, բարձրագույն կրթության և գիտական հետազոտությունների բնագավառում համագործակցության համաձայնագիր: ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և Կատարի առողջապահության նախարար տիկին Հանան բինթ Մուհամմադ ալ-Քուվարին ստորագրել են ՀՀ և ԿՊ միջև առողաջապահության բնագավառում համագործակցության պայմանագիր: ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և Կատարի համալսարանի ռեկտոր Հասան բն Ռաշիդ ալ-Դարհամը ստորագրել են երկու համալսարանների միջև համագործակցության համաձայնագիր։ Վարչապետ Փաշինյանն այսօր հանդիպում կունենա նաև Կատարի ներդրումային գործակալության տնօրեն Մանսուր Ալ-Մահմուդի հետ։
13:50 - 13 հունիսի, 2022
Փլուզման հետևանքով փակված Ծիծեռնակաբերդի խճուղին ամբողջությամբ կբացվի 4-5 օրից |armenpress.am|

Փլուզման հետևանքով փակված Ծիծեռնակաբերդի խճուղին ամբողջությամբ կբացվի 4-5 օրից |armenpress.am|

armenpress.am: Ծիծեռնակաբերդի խճուղում ճանապարհահատվածի փլուզումից հետո տարվող շինարարարական աշխատանքները կավարտվեն 4-5 օրից և այն ամբողջությամբ կբացվի: Այս մասին հայտարարեց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում: Անդրադառնալով ճամփեզրին կատարվող շինարարությանը՝ քաղաքապետն ասաց. «Որպես այդպիսին, այս պահի դրությամբ արձանագրություն չկա, որ շինարարի մեղքով է այդ ամենը եղել: Պարզապես շինարարություն է արվել, անձրևի պատճառով, ինչպես նաև շինարարական վիբրացիաների պատճառով  փլուզում է տեղի ունեցել: Այս պահի դրությամբ շինարարը վերականգնում է այդ ճանապարհն իր միջոցներով: Կարծում եմ, որ այդ հատվածի վրա ցանկացած շինարարի հետ նմանատիպ բան հնարավոր էր»: Խոսելով շինարարից՝ քաղաքապետն ասաց, որ քաղաքացին սեփական հող ունի այտեղ, դիմել է քաղաքապետարան, շինթույլտվություն է ստացել, որպեսզի շինարարությունն իրականացնի: Նա չբացառեց, որ մեկ այլ շինարարի հետ ևս նման բան կարող էր լինել: «Մոտ 4-5 օրից ճանապարհն ամբողջությամբ կբացվի: Երկու հերթափոխով աշխատանք են անում, առավոտյան ժամը 6-ից աշխատանքներ են իրականացվում»,-ասաց Սարգսյանը:
15:56 - 03 հունիսի, 2022
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հյուրընկալել է Փարիզի գործընկերոջը

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հյուրընկալել է Փարիզի գործընկերոջը

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյին: Ընդլայնված կազմով հանդիպմանը մասնակցել են Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը, «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը և Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով գործընկերոջը՝ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ընդգծել է, որ Երևանը մեծապես կարևորում է գործակցության խորացումը ֆրանսիական գործընկեր քաղաքների ու ռեգիոնների հետ և այս համատեքստում Փարիզն առանձնակի նշանակություն ունի: «Տիկին Իդալգո, տեղյակ եմ, որ բազմիցս եղել եք Երևանում, ինչը ևս մեկ անգամ փաստում է Ձեր առանձնահատուկ վերաբերմունքը մեր մայրաքաղաքի ու երկուստեք հարաբերությունների հարցում: Ֆրանկոֆոն քաղաքապետների միջազգային ասոցիացիայի (AIMF) հետ գործակցության շրջանակում ունենք առաջընթաց և առաջիկայում նախանշում ենք նոր ծրագրերի իրագործում: Առանձնակի ուզում եմ շնորհակալություն հայտնել 2020թ. պատերազմական գործողությունների ժամանակ ցուցաբերած աջակցությա համար: Մենք մեծապես կարևորում ենք ապակենտրոնացված համագործակցության համաժողովների անցկացումը, և հերթական համաժողովին, որը տեղի է ունենալու այս տարի հունիսին Լիոնում, մասնակցություն կունենամ նաև ես»,- ընդգծել է Երևանի քաղաքապետն ու համոզմունք հայտնել, որ Փարիզի քաղաքապետի այցը նոր թափ կհաղորդի երկու մայրաքաղաքների միջև հաստատված գործակցության ընդլայնմանն ու համատեղ ծրագրերի իրականացմանը: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն իր հերթին նկատել է, որ Հայաստանի և Ֆրանսիայի մայրաքաղաքների միջև իսկապես առկա է փոխգործակցության լայն դաշտ, ինչը հնարավորություն կտա է՛լ ավելի ընդլայնել համատեղ ծրագրերը: «Երևանի և Փարիզի հարաբերությունները չափազանց սերտ են, և սա իմ երրորդ այցն է Երևան: Մենք արդեն իսկ ունենք շատ կարևոր ծրագրեր, որոնք դարձել են իրականություն. Երևանի ներշնչմամբ կարողացել ենք «Թումո» կենտրոն բացել նաև Փարիզում: Այսօր մենք նախանշում ենք նաև ավելի ընդլայնված գործակցություն, մասնավորապես՝ ժառանգության պաշտպանության հարցերով, և այս ուղղությամբ աշխատանքներին Երևանի մասնակցությունը ևս կլինի համապարփակ: Ես շատ եմ սիրում այս քաղաքը և երջանիկ եմ, որ այսօր մենք Երևանի հետ նոր ծրագրերի հիմքեր ենք դնում»,- ընդգծել է Փարիզի քաղաքապետը: Հանդիպման շրջանակում կողմերը մտքեր են փոխանակել նաև ընթացիկ ծրագրերի և նախանշված աշխատանքների իրականացման շուրջ:
16:57 - 28 մայիսի, 2022
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հյուրընկալել է Պոդգորիցայի քաղաքապետ Իվան Վուկովիչին

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հյուրընկալել է Պոդգորիցայի քաղաքապետ Իվան Վուկովիչին

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հյուրընկալել է Պոդգորիցայի քաղաքապետ Իվան Վուկովիչին, որը Հայաստան է ժամանել Չեռնոգորիայի նախագահի պատվիրակության կազմում: Այս մասին տեղեկացնքւմ են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմից։ «Երևանի ու Պոդգորիցայի միջև գործակցության հիմքեր են դրվել դեռևս 1974թ.-ին, սակայն այս տարիների ընթացքում համատեղ ծրագրեր չեն իրականացվել: Ողջունելով հյուրին՝ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նշել է, որ Երևանը բաց և պատրաստակամ է երկուստեք կապերի ամրապնդման ու գործակցության հաստատման հարցում»,- ասվում է հաղորդագրության մեջ: «Պոդգորիցան առաջիններից է, որ դարձել է Երևանի գործընկեր քաղաք, մեր բարեկամությունը շուրջ 50 տարվա պատմություն ունի: Կարծում եմ՝ Ձեր այցը լավ հնարավորություն է՝ նոր թափ հաղորդելու երկու քաղաքների միջև հաստատված գործակցությանը: Վստահ եմ, որ մեր թիմերի համատեղ ջանքերով կկարողանանք զարգացնել մեր հարաբերությունները՝ ընդգրկելով քաղաքային տնտեսության նոր ոլորտներ ու ուղղություններ»,- նշել է Հրաչյա Սարգսյանը: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Պոդգորիցայի քաղաքապետ Իվան Վուկովիչն իր հերթին կարևորել է երկուստեք կապերի հաստատումը և նշել, որ համատեղ ծրագրերի իրականացման համար կա լայն դաշտ: «Կարծում եմ, որ կան բազմաթիվ ծրագրեր, որոնց շրջանակում մենք կարող ենք արդյունավետ ու փոխշահավետ գործընկերություն ծավալել։ Մեզ համար ևս շատ կարևոր է կոնկրետ ծրագրերի և նախագծերի իրականացումը տարբեր ոլորտներում»,- նշել է Իվան Վուկովիչը: Նշվում է, որ պաշտոնական ձևաչափով հանդիպումից հետո Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի և ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի ուղեկցությամբ Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչն ու Պոդգորիցայի քաղաքապետն այցելել են Էրեբունի վարչական շրջանում գտնվող Տիտոգրադյան փողոց, որն անվանակոչվել է 1984թ.-ին:
22:02 - 26 մայիսի, 2022